Հայոց ցեղասպանություն

Վերահաստատում ենք երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդենի ուղերձը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ |factor.am|

Վերահաստատում ենք երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդենի ուղերձը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել ուղերձով՝ վերահաստատելով 20-րդ դարի սկզբին իրականացված ոճրագործությունը երբեք չմոռանալու խոստումը։ Սպիտակ տան տարածած հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր մենք կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրած կյանքերը, և վերահաստատում ենք այն երբեք չմոռանալու մեր խոստումը: Դաժանության արշավը սկսվեց 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին։ Հետագա օրերին, ամիսներին և տարիներին մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ երթում մահացան՝ ընդմիշտ կոտրված թողնելով ընտանիքներ ու հավերժ փոխելով սերունդներ։ Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը։ Մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկն ապրելուց հետո՝ վերապրածները սկսեցին կառուցել ավելի լավ ապագա մեր աշխարհի համար։ Քաջությամբ և նվիրվածությամբ նրանք վերակառուցեցին իրենց կյանքը: Նրանք պահպանեցին իրենց մշակույթը։ Նրանք ամրապնդեցին երկրների կառուցվածքն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ մեր երկրում: Եվ նրանք պատմեցին իրենց պատմությունները՝ վստահ լինելու, որ 109 տարի առաջ այս օրը սկսված զանգվածային կոտորածներն այլևս երբեք չեն կրկնվի: Սա մնում է մեր հանդիսավոր ուխտը։ Այսօր և ամեն օր Միացյալ Նահանգները կշարունակի պաշտպանել մարդու իրավունքները և հանդես գալ անհանդուրժողականության դեմ: Մենք ատելությանն ու սարսափին շարունակելու ենք պատասխանել հույսով և ապաքինմամբ։ Եվ մենք շարունակելու ենք կանգնել բոլոր նրանց կողքին, ովքեր փնտրում են ապագա, որտեղ բոլորը կարող են ապրել արժանապատվությամբ, անվտանգ և հարգանքով»:  
15:21 - 24 ապրիլի, 2024
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը |armenpress.am|

Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը |armenpress.am|

armenpress.am: Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, հետևաբար որքան շատ պետություններ ճանաչեն այն և դատապարտեն, այնքան Թուրքիան այս հարցում կմնա մեկուսացված և ինչ-որ պահի ստիպված կլինի ինքը ևս ընդունել պատմական ճշմարտությունը։ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն։ -Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը։ -Մեր օրերում Հայոց ցեղասպանությունը ճանաչում է 34 պետություն։ Վերջին տարիներին Եվրամիության մի քանի երկրներ, ինչպիսիք են Պորտուգալիան և Իտալիան, դա արել են, և Միացյալ Նահանգները նույնպես՝ 2021 թվականին: Թեև դա ուշանում է, բայց ես դրական եմ համարում, որ ավելի ու ավելի շատ պետություններ են ճանաչում 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այս տարիներին մենք տեսանք, թե ինչպես են շարունակվել հայերի նկատմամբ հալածանքները։ Կարևոր է հիշել և ճանաչել, որպեսզի դա չկրկնվի: -Չնայած բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան 109 տարի անց շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը։ Ի՞նչ պետք է անի միջազգային հանրությունը: Բացի կոչերից ու հորդորներից, այլ գործողությունների անհրաժեշտություն տեսնու՞մ եք։ -Փաստորեն, Թուրքիան ոչ միայն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այլև ճնշում ու սպառնալիքներ է գործադրում պետությունների դեմ, որպեսզի նրանք ևս չճանաչեն այն։ Թուրքիան լավ կանի ընդունի իր պատմությունը, ինչպես դա արել են մյուս պետությունները: Ես համարում եմ, որ Գերմանիան օրինակ է, թե ինչպես կարելի է ընդունել պատմական փաստը։ Թուրքիայի համար փաստերի ճանաչումը կարող է օգնել բարելավել հարաբերությունները տարածաշրջանում, և այս պետությունը դարձնել ավելի լավ պետություն։ -Ձեր կարծիքով, ի՞նչ հանգամանքներում կամ ի՞նչ պայմաններում Թուրքիան վերջնականապես կբախվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական ճշմարտությանը։ -Իմ կարծիքով`Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, ուստի որքան շատ պետություններ ճանաչեն այն, այնքան Թուրքիան այս հարցում կմնա մեկուսացված և ինչ-որ պահի ստիպված կլինի ընդունել ճշմարտությունը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:29 - 24 ապրիլի, 2024
Սուրեն Պապիկյանը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Սուրեն Պապիկյանը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ապրիլի 24-ին ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։  ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք, որ վերջինս ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին: «Ծաղկեպսակներ ենք դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ»,- նշված է գրառման մեջ:
13:48 - 24 ապրիլի, 2024
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել |armenpress.am|

Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին ուղղված ուղերձով է հանդես եկել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ուղերձում Էրդողանը կրկին խուսափել է կատարված ոճրագործությանն իրական գնահատական տալուց՝ նշելով, թե իբր «Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը զոհվել են Առաջին աշխարհամարտի ընթացքում ի հայտ եկած ծանր պայմանների հետևանքով»։ «Օսմանյան հողերում Առաջին աշխարհամարտի թողած ավերածությունները խորը հետքեր են թողել մեր հիշողության մեջ։ Մեր նախնիներից ժառանգած խաղաղության և հանգստության մթնոլորտի շարունակությունը հնարավոր է միայն մեր համատեղ ջանքերով»,- նշել է Թուրքիայի նախագահը։ Ի հեճուկս Թուրքիայում հայերի դեմ շարունակվող խտրականության և նրանց դեմ ազգայնական շրջանակների կողմից չդադարող ատելության խոսքի կիրառման՝ Էրդողանը հավաստիացրել է, թե իրենք «թույլ չեն տալու Թուրքիայի ոչ մի հայ քաղաքացու իրեն օտարված կամ երկրորդ կարգի մարդ զգալ»։ Սեփական քաղաքացիների դեմ 20-րդ դարասկզբին իրականցված ցեղասպանությունն ընդունել հրաժարվող պետության ղեկավարն իր ուղերձում նշել է, թե «գալիք սերունդներին աշխարհը շրջապատող բռնության և պատերազմի պարույրից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է՝ այն դասերի լույսի ներքո, որոնք կքաղենք մեր ընդհանուր ցավից»։ 
13:27 - 24 ապրիլի, 2024
Մենք ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ․ Կարո Փայլան |factor.am|

Մենք ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ․ Կարո Փայլան |factor.am|

factor.am: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի նախկին պատգամավոր Կարո Փայլանը X-ում գրառմամբ ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ «109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Սկզբում հայ մտավորականներին, ապա ամբողջ հայ ժողովրդին տեղահանեցին իր հինավուրց հողերից ու կոտորեցին։ Ես հարգանքով եմ հիշում նրանց, որոնք կորցրել են իրենց կյանքը Հայոց ցեղասպանության ժամանակ։ Աստված նրանց հոգին լուսավորի»,- գրել է Փայլանը։ «Ես դատապարտում եմ Հայոց ցեղասպանության մեղավորներին։ Ես խոնարհվում եմ ժամանակաշրջանի բոլոր բարեխիղճ պետական ​​պաշտոնյաների հիշատակի առաջ՝ ի դեմս Քյութահիայի նահանգապետ Ֆաիկ Ալի Օզանսոյի, որոնք իրենց կյանքի գնով չկատարեցին ցեղասպանության որոշումը։ Լիզեի շրջանի կառավարիչ Հուսեյն Նեսիմի բեյը սպանվել է, քանի որ դեմ է եղել հայերի տեղահանությանը և ջարդերին։ Մենք պետք է այս երկիրը դարձնենք Հուսեյն Նեսիմի բեյերի երկիր, ոչ թե Թալաթ փաշաների»,- հավելել է նա։ Փայլանը նաև նշել է, որ 109 տարի անց Թուրքիայում քայլում են Ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անունը կրող փողոցներով ու երեխաներին ուղարկում Թալեաթ փաշայի անունով դպրոցներ։ «Մենք ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այսօր Գերմանիայում լինեին Հիտլերի անունով փողոցներ, և եթե երեխաները սովորեին Հիտլերի անվան դպրոցներում»,- գրել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավորը։
12:22 - 24 ապրիլի, 2024
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննության իրականացում․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով քաղաքացիներին վնասվածքներ հասցնելու դեպքի մասին |tert.am|

Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննության իրականացում․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով քաղաքացիներին վնասվածքներ հասցնելու դեպքի մասին |tert.am|

tert.am: Խոսել ենք բերման ենթարկվածների հետ, նաև հայտարարություն ենք տարածել, որտեղ անընդունելի ենք համարել թե՛ հավաքի մասնակիցների, թե՛ ոստիկանների և թե՛ բոլոր դերակատարների կողմից որևէ տեսակի բռնության կիրառումը։ Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ բողոքի ակցիա իրականացնող տավուշցիներին բերման ենթարկելու գործողություններին, ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։ «Դա իրավաչափ երևույթ չէ, կոչ ենք արել ընդհանրապես զերծ մնալ նման գործողություններից։ Տարբեր հարցերի վերաբերյալ ունեցել ենք առերևույթ կասկածներ, արագ արձագանքման խումբ եմ ուղարկել ոստիկանական ստորաբաժանումներ և հիվանդանոցներ, զրուցել ենք բոլորի հետ, այդ ամենը ընդհանրացնելու ընթացքում հնարավորություն կուենանք եզրահանգումներ անել»,- ասաց նա։ Մանասյանը նշեց, որ երեկ Նոյեմբերյանում ԵԿՄ-ին պատկանող մեքենան քաղաքացու ուղղությամբ վարելու և վնասվածքներ հասցնելու դեպքով հայտարարություն են տարածել։ «Հատուկ շեշտադրել ենք, որ այս դեպքով բռնության կիրառումը որևէ դերակատարի կողմից ուղղակի անթույլատրելի է, պահանջել ենք իրավասու մարմինների կողմից այդ հարցով պատշաճ քննության իրականցում։ Մենք Սուրեն Պետրոսյանի հետ էլ ենք հանդիպել, արձանագրել ենք իր կողմից բարձրաձայնված խնդիրերը։ Հանձնարարել եմ իմ աշխատատակիցներին, որ ձերբակալման ժամը լրանալուց հետո այցելեն այնտեղ ու արձանագրեն նրանց պատշաճ ազատ արձակումը»,- ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
12:13 - 24 ապրիլի, 2024
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ |armenpress.am|

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն  ունեն նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ նման վայրագությունների կրկնության կանխարգելման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է: Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն պատմական արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ նման վայրագությունների կրկնությունը կանխարգելելու համար: Մենք խոնարհվում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի առջև»,-  գրել է Վահագն Խաչատուրյանը։ 
12:06 - 24 ապրիլի, 2024
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր |armenpress.am|

Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Գզավիյե Բելյամին առավել քան նշանակալից է համարում  Հայոց Ցեղասպանության ոգեկոչումը Եվրոպայում՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վշտի ու մեծ անհանգստությունների պահին։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆրանսիացի խորհրդարանականը նշել է, որ ԵՄ-ն չափից շատ լուռ մնաց, երբ իր դռան մոտ տեղի ունեցավ էթնիկ զտում։ «Ես անդադար աշխատել եմ, որպեսզի հասնեմ նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ ու պատժամիջոցներ կիրառվեն։  Երբեք չեմ հուսահատվի դա անելուց, որպեսզի ցեղասպանության ժխտումը երբեք չհանգեցնի դրա վերսկսմանը», - ասել է ֆրանսիացի պատգամավորը։ Ֆրանսուա Գզավիյե Բելյամին հիշեցնում է՝ հայերն ավել ոչինչ չեն ուզում, քան խաղաղ ապրելը հողում, որը նշանավորել են իրենց մշակույթով, աշխատանքով և հիշողությամբ։ «Ալիևի բռնությունները ոչինչ չեն կարող անել այդ իրողությունը փոխելու համար։ Եվրոպան պետք է օգնի Հայաստանին և Արցախի փախստականներին, և մեր երկրները պետք է անմիջապես դադարեցնեն Եվրոպական հանձնաժողովի գազային պայմանագիրը Բաքվի հետ»,-եզրափակել է Բելյամին։     
11:41 - 24 ապրիլի, 2024
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ: Դրանում ասված է. «Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը, և քաղաքակիրթ աշխարհը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը: Անցած դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ապրող հայերը ենթարկվեցին կազմակերպված զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնի տեղահանության ու անմարդկային տանջանքների։ Չնայած մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության շարունակաբար կատարելագործվող միջազգային կառուցակարգերին՝ մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները։ Այսպիսի արարքների անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ։ Դեռևս 1948 թ. դեկտեմբերի 9-ին ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» միջազգային կոնվենցիան, սակայն այսօր էլ աշխարհի տարբեր անկյուններում առկա է նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների վտանգը։ 2023 թվականին վատ վերաբերմունքի տարատեսակ դրսևորումների զոհ դարձավ և բռնի տեղահանվեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությունը։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը` հանցագործության դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում։ Անհրաժեշտ ենք համարում մեկտեղել բոլոր ջանքերը՝ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համանման հանցագործությունները կանխելու և այդ ուղղությամբ պատշաճ քաղաքականություն իրականացնելու հարցում։ Նման ոճրագործությունների դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգերի գործադրումն օրակարգային պետք է լինի բոլոր քաղաքակիրթ հասարակությունների համար»։
10:47 - 24 ապրիլի, 2024