Հեղափոխության օրագիր

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 8] Կարգախոսը՝ ոստիկանական բաժնի վրա

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 8] Կարգախոսը՝ ոստիկանական բաժնի վրա

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։ [օր 7] Գիշերն առաջին գրաֆիտիներն ենք անում < ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ   [Սոնա Մնացականյան] Առավոտյան զարթնում եմ, հեռախոսս միացնում ու սրտիկ-փուչիկ-ծաղիկ-արջուկ բացիկների տեղատարափից հիշում, որ էսօր տոն ա՝ «հոգվույս կիրակի» ։ Համապետական կամ ինքնաստեղծ տոները ես սիրում եմ նշել լողավազան գնալով, բայց թարսի պես մինչև ապրիլի 15-ը լողավազանը փակ ա։ Առավոտյան սուրճս եմ խմում, զուգահեռ զանգում եմ մայրենիիս՝ տոնը շնորհավորելու։ Գյուղ ա կանչում՝ գայթակղելով համով ուտելիքներով։ Տրվում եմ գայթակղությանը։ Ժամը 10-ի կողմերը հասնում եմ Շիրակի կանգառ, առնում մի փունջ ծաղիկ ու սպասում Օշական-Ոսկեվազ գազելին։ Բախտս բերում ա․ դատարկոտ ա գալիս։ Մի կանգառ հետո գազել են բարձրանում մի խումբ կանայք՝ միջին տարիքի, կոկիկ հանգնված։ Մի քանիսը արևմտահայերեն են խոսում, երևի սիրիահայ են։ Խոսակցություններից նաև հասկանում եմ, որ Օշական պատարագի են գնում։ Ճամփի կեսից սկսում են երգել՝ հանգը փոխանցելով մեկմեկու։ Վարորդն ու մի քանի՝ իրենց խմբից դուրս ուղևորներս դեմ չենք։ Մաշված ու դխկդխկան գազելի մամշահոտ առօրյայում զվարթություն ա մտել։ Օշականում իջնում են, բայց մեջս մնում ա պիկնիկային տրամադրությունը։ [Վահան Կոստանյան] Դեռ մի քանի օր առաջ էի տեսել, որ ապրիլի 7-ին պիտի «Լավ էլիի» համերգը լիներ Դասում ու զգուշացրել էի, որ մի քիչ հանգստանալու ժամանակի կարիք ունեմ, որպեսզի երեկոյան գնամ Լավ էլիի համերգին։ Քայլարշավը քայլարշավով, բայց Ջահել ազատության երգը չլսել չէի կարող։ Բայց ազատ օրը մնաց պլանների մակարդակում։ Ցերեկն իմացանք, որ Լալայանի քաջագործության հետքերով ոստիկանության ներկայացուցիչներն իրեն են փնտրում, ու Անուշն իրենց հրավիրել էր Էդեն։ [Միքայել Նահապետյան] Ոստիկանության օպերատիվ խումբը Լալայանին տանը չէր գտել, իջնում էր աշխատավայր` Կասկադ։ Խումբն էր ավելի օպերատիվ, թե՞ մենք` պարզ դարձավ տեղում։ [Վահան Կոստանյան] Երևի կես ժամում մի քիփլիկ ցույցի չափ ժողովուրդ հավաքվեց Կասկադում՝ տեր կանգնելու Լալայանի՝ պատահաբար արձանագրած կորստին։ [Միքայել Նահապետյան] Մերժիրի ամբողջ կազմը, ես ու էլի մարդիկ արդեն տեղում էինք։ Օպերները կորել-մոլորվել էին։ Անուշին չտարան, արշավողները պատասխան հարված տվեցին առաջին արագաչափին, ու ոստիկանությունը իրեն զգաց այնպես, ինչպես Քոչարյանը կալանավորման որոշումը տեսնելու պահին. He was appalled.)))) [Արմեն Գալջյան] Ցերեկը միացա ընկերներիս` արդեն հասել էին Դիլիջանի ոլորանների մոտ։ Քանի որ օրը շաբաթ էր, բավականին մարդաշատ էր քայլարշավը՝ մոտ 30 հոգով էինք, և որոշեցինք մի խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիայի փորձ իրականացնել, որը հետագայում ավելի հաջող կերպով իրականացրեցինք Երևանում։Ձեռքերով շղթա կազմեցինք և մի քանի րոպե փակ պահեցինք մայրուղին․ մոտ 10 ավտոմեքենա, այդ թվում՝ մեկ կամ երկու բեռնատար չէին կարողանում շարժվել։ Դա առաջացրեց վարորդների դժգոհությունը, մենք ներողություն հայցեցինք իրենցից, հետո ևս երկու րոպե փակ պահեցինք, հետո նորից ներողություն խնդրեցինք և բացեցինք մայրուղին։ [Վահան Կոստանյան] Ահագին զրուցեցինք, նոր պլաններ կազմեցինք հետագա օրերի համար, բայց աչքներս մնաց ճանապարհին սպասելով։ Օգտվելով առիթից՝ երևի պիտի շնորհակալություն հայտնենք Անուշին ճանաչող ու չճանաչող ահագին մարդկանց օպերատիվ կերպով մեկ տեղում հավաքելու համար։ [Սոնա Մնացականյան] Տանը մաման արդեն ինձ ա սպասում, մի հատ էլ իրա հետ եմ կոֆե խմում ու պապայի հետ գնում եմ խաղողի այգի՝ մի քիչ պտտվելու։ Մի խոսքով՝ ես իմ փայ պիկնիկը անում եմ։ [Անի Վարդանյան] Ֆեյսբուքը հիշեցնում է, որ «Ռեստարտով» հավաքվել ենք։ Ինչ-որ բան պետք է քննարկեինք։ Էդ ժամանակաշրջանում «Ռեստարտի» գործունեությունն ուղղված էր «Բարձրագույն կրթության մասին» նոր օրինագծին։ Բայց քանի որ երկրում քաղաքական լուրջ իրադարձություններ էին սպասվում, որոշվեց, որ հարցի քննարկումը տեղափոխվում է մինչև քաղաքական իրավիճակը որոշակիություն ձեռք բերի։ Էլի քննարկվեց՝ միանալ, թե չէ։ Ու նորից կանգ առանք այն կետին, որ պաշտոնապես չենք միանալու։ Ես դեռ միտքս չէի փոխել։ Դուրս գալու, քայլելու մտադրություն չունեի։ Մի տեսակ ապաքաղաքականացված վիճակում էի։ [Թագուհի Ղազարյան] Երեկո է: Երեկվա տրաֆարետն ու ներկերը վերցրել եմ ու մնացել մենակ: Հերթով գրում եմ բոլոր հավանական ու անհավանական մարդկանց, որոնք, իմ պատկերացմամբ, կարող են գալ հետս գրաֆիտի անելու: Բոլորը մերժում են: Ամենքը ինչ-որ անհետաձգելի գործով է զբաղված: Մտքումս ասում եմ՝ դե լավ, էդ ի՞նչ անհետաձգելի գործ է, որ չեք կարող թողնել ամսի 16-ից հետո: Գրում եմ Վահանին, Գարիկին, Վահեին, Գարուշին, Դավիթին, մյուս Դավիթին, Արմենին: Միայն Գարիկն է համաձայնում գալ… հետս սուրճ խմելու: Ասում եմ՝ Գար, ուսանողությանը պետք է տեղից շարժել, Գարիկն ասում է՝ «Ռեստարտն» էս գործընթացին չի խառնվելու, սա քաղաքական պայքար ա, մենք չենք ուզում կրթական գծից դուրս գալ, քաղաքականացվել: Երկար ենք խոսում: Համոզել չի ստացվում: [Արմեն Գալջյան] Ճամբար խփեցինք Դիլիջանի ոլորաններում։ Երեկոյան ավելի շատ մարդիկ միացան մեզ․ Իոաննիսյանն էր՝ իր դրոնով, Մանուկյան Արթուրն՝ իր գիտարով, ով մի քանի լավ երգ երգեց մեզ համար, Սիփանն էլ լավ խորոված էր անում՝ մի անկյունում, սուս-փուս։ Երեկոյի ամենազվարճալի հատվածը Արարատի կորած մուշտուկն էր․ մի տաս հոգով ընկած փնտրում էինք, բայց վերջում պարզվեց գրպանում դրած է։ [Սոնա Մնացականյան] Իրիկունը հետ եմ դառնում Երևան։ Երգող կանայք չկան, մութ ա, լուսամուտից դուրս նայել էլ չի լինում։ Մտնում եմ մեսինջեր․ Կարենը մեր գրուփ-չաթում համընդհանուր գաղջը ցրելու հերթական առաջարկն ա անում՝ թող Սաքոն պիես կամ մոդեռն բալետ գրի, բոլորով խաղանք։ Ալինան համաձայն ա, պրոդյուսերի օգնականի դերն ա վերցրել, Կարենին էլ առաջարկում ա ռեժիսոր դառնալ։ Տեսականորեն բոլորս էլ համաձայն ենք, մնում ա՝ Սաքոն գրի :) [Թագուհի Ղազարյան] Եղբորս կանչում եմ կենտրոն. քաղաքի ծայրամասերում` Երրորդ մաս, Բանգլադեշ, Դավթաշեն, Բարեկամություն: Նկարը փչելու ընթացքում ծիծաղելով ասում եմ` Բաբկեն, տես, վաղը-մյուս օրը գլուխ ես գովալու, որ հեղափոխության ակունքներում ես կանգնած եղել: Ինքն էլ չի հավատում, ես էլ: Չենք խոսում էդ մասին, նստում ենք մեքենա, տեղափոխվում հաջորդ կանգառ ու նորից փչում գրաֆիտին: Ինքն ինձ սիրում է երևի, դրա համար ամենաանհավանական հիմարություններս իր համար տանելի են: Իսկ ես չեմ ուզում իրեն հուսախաբ անել, անկեղծորեն հավատում եմ, որ էս անհավանական արկածախնդրությունից մի բան դուրս կգա: [Վահան Կոստանյան] Երեկոյան Դասում ասեղ գցելու տեղ չկար։ Տարբեր մարդիկ տարբեր մոտիվացիայով էին եկել համերգի։ Մի մասն ուղղակի, մյուսները՝ ՍՍ-ի վարչապետացման ցավը Մհերենց երգերի ու գարեջրի մեջ թաղելու, մյուսները՝ սպասվող պայքարի համար նոր լիցքեր ստանալու համար։ Մենակ էի գնացել։ Ծովինարն ու Արեգը մոտեցան ու ծանոթացանք։ Զրույցի մասին չեմ պատմի, բայց կասեմ, որ մինչ օրս պարտավորեցնող է։ Սոնային տեսա, ով էդ օրերին ինքնախարազանման ռեժիմի վրա էր իրեն դրել՝ չիմանալով ինչպես վարվել ստեղված իրավիճակում։ Օրեր անց Սոնան միացավ ավտոերթին ու առաջին անգամ այցելեց ճամբար։ [Թագուհի Ղազարյան] Տղաների` Գարուշի, Կարի, Միքոյի հետ պայմանավորվել եմ` կենտրոնում իրենց հանդիպեմ, շարունակենք գրաֆիտի անելը: Գիշերվա երկուսն է: Բաբկենին խնդրում եմ` ինձ իջեցնի Կենտրոնում, իսկ ինքը գնա տուն: Իջնում եմ պայմանավորված տեղը` Տերյանի այգու դիմաց` ձեռքերի արձանի մոտ: Զանգում եմ Կարին` ո՞ւր եք: Օպերա ենք, էնտեղ պոչ կար, թռել ենք: Մոտդ ներկ չպահես, կբռնեն: Զանգում եմ Բաբկենին` պլանները փոխվել են` հետ արի: Գալիս է: Նետվում եմ մեքենան` թռանք: Ո՞ւր: Չգիտեմ, գնանք Օպերա: Օպերայի շուրջը բոլոր մուտքերը փակ են ոստիկաններով: Ասում եմ` քշի մի չեզոք տեղ: Զանգում եմ Գարուշին, Գարուշը` Միքոյին բռնեցին: Դե մենք ՀԳՄ-ի հետևի բակում ենք մեքենայով, եկեք: Գալիս են: [Վահան Կոստանյան] «Մենք ժպտում ենք»-ը բոլորին տապալել էր արդեն, ծխի ու գարեջրի մեջից Պապիկյանի զանգը ստացա։ Մերոնցից երկուսին բռնել ու տարել էին Արաբկիրի բաժին։ Արմենի ու Էլմոնի հետ, ում համարյա չէի էլ ճանաչում, գնացինք Արաբկիր։ Մինչև տեղ հասանք՝ մերոնց արդեն թողնում էին։ Էնտեղ էին Պապիկյանը, Լենան։ Բայց դեռ համերգի ազդեցության տակ չէի հանգստանում ու համոզում էի, որ ցանկացած նման գործողություն պիտի մեր կողմից պատասխան ստանա, ու պիտի «Իմ քայլի» կարգախոսը հայտնվի ոստիկանական բաժանմունքների վրա։ Մի կերպ համոզեցի Պապիկյանին, որ տռաֆարետ ու սփրեյ տա։ Արդեն կռացել էի, որ փչեմ, բայց Լենան, իրեն հատուկ հոգատարությամբ՝ բա, «Վահ, ես անձեռնմխելի եմ, թող ես կանեմ» ։ Արեց ու գնում էր արդեն։ Բայց չէի հանգստանում։ Սփրեյը վերցրի ու կռացա ինքս էլ հավերժանալու։ Ինձնից գոհ փչեցի, ու էդ պահին մի մեծ ոստիկանական խումբ հայտնվեց գլխիս վերևում, որ բերման ենթարկեն հանրային գույք փչացնելու համար։ Խնդրեցի ոստիկաններին ներկայանալ ու վկայական ցույց տալ, պարզվեց՝ ոչ մեկի մոտ չկար։ Մտածելով, որ շատ կյանքները կուտեմ, կապիտանի հրամանով հրաժարվեցին ինձ բերման ենթարկելու մտքից ու գնացին։ Ես էլ մեծ հոգատարությամբ վերցրի տրաֆարետս, որ դեռ շատ էր պետք գալու մոտակա օրերին, ու գնացի Արմենի հետ։ Բայց չէի կարողացել փչել․ մթության մեջ չէի նկատել, որ սփռեյը դատարկվել էր, ու տարբերանշանը չէր տպվել։ Հաջորդ օրերին տեղը հանեցի։ [Թագուհի Ղազարյան] Էլի մի որոշ ժամանակ Բաբկենը մեքենայով մեզ այս ու այն կողմ է տանում, դիմանում մեր տարատեսակ զանգերին, հետո իմանում ենք, որ Միքոն արդեն ազատ է, ես խնդրում եմ ինձ Պրոսպեկտ իջեցնի, ինքը գնա տուն. առանց այդ էլ շատ չարչարեցի էսօր: Հետո գնում եմ Սարյան՝ Անիենց տուն՝ գիշերելու կամ ավելի ճիշտ՝ սպասելու, որ լուսանա: ՀԱՋՈՐԴ ՕՐԸ>[օր 9] Լյովը ավտոերթ է կազմակերպել
19:55 - 07 ապրիլի, 2019
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 7] Գիշերն առաջին գրաֆիտիներն ենք անում

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 7] Գիշերն առաջին գրաֆիտիներն ենք անում

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։ [օր 6] Օգնիր Սերժին գնալ թոշակի < ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ   [Արմեն Գալջյան] Անկեղծ ասած սա այն օրերից է, որ չեմ կարողանում հստակ հիշել թե ինչ եմ արել և ինչ է տեղի ունեցել, երևի թե պատճառը այն է, որ գիշերել եմ տանը։ Երբ աչքերս բացեցի, արդեն մի տեսակ տարօրինակ էր, որ վրանի մեջ չէի։ [Անի Վարդանյան] Քննության չէինք։ Հետաձգվել էր երկուշաբթի։ Օրս փորձում էի տրամադրել կուրսային գրելու վրա, բայց չէր ստացվում։ [Սոնա Մնացականյան] Հոդվածիս վերջնական տարբերակը համարենք, թե կա․ Վահրամն ասում ա՝ կարելի ա էլի հղկել, բայց հավանում ա, որ բաժանել եմ հատվածների ու սեքսի վերնագրեր դրել, իսկ Թագուհին ասում ա, որ առաջին տարբերակն ավելի օրգանական էր։ Բայց ինձ լրիվ մեկ ա, որովհետև արդեն զզվել եմ նյութից էլ, գրելիքից էլ։ Ուղարկում եմ Արմենին, որ թարգմանի։ [Անի Վարդանյան] Քայլարշավին շատ քիչ էի հետևում։ Հիմնականում քիչ թվով քոմենթներ էի կարդում՝ մարդկանց տրամադրվածությունը հասկանալու համար։ Լավ արձագանքներ կային, վատերն էլ, հուսահատություն էլ կար, թերհավատություն։ Երևի մարդիկ իրոք չէին պատկերացնում, որ դա նոր ուղու սկիզբ էր։ Ես էլ չէի պատկերացնում։ Անգամ մտքիս ծայրով չէր անցնում։[Թագուհի Ղազարյան] Արդեն բոլոր փաստարկները, թե ինչու պիտի ներգրավվել շարժմանը, հավաքած, կազմ-պատրաստ ունեմ: Առավոտից երեկո ինչ-որ նամակագրությունների ու հեռախոսազրույցների մեջ եմ, որտեղ նույն բանն եմ փորձում համոզել: Հետո գրում եմ ընկերուհուս՝ Անիին. «Ան, գիտես, չէ՞, ուշ ա, ոչինչ չի ստացվելու: Շատ ենք ուշացրել: 12 օրից վարչապետ ա դառնալու»: «Բա ինչի՞ ես քեզ անիմաստ կոտորում»: «Խղճիս հանգստության համար, չեմ ուզում չստացվելուց հետո ինքս ինձ ասեմ՝ բայց այ, տես, կարող էիր փորձել, կարող էիր մի բան անել, բայց չուզեցիր, չարեցիր, ալարեցիր, ծուլացար: Ուզում եմ չստացվելուց հետո ինքս ինձ ասել՝ դու դրանից ավելին ոչինչ անել չէիր կարող, դու արել ես ամենը, ինչ քեզնից էր կախված»: «Հասկանում եմ»,-ասում ա Անին: Չգիտեմ՝ հասկանո՞ւմ է, թե՞ չէ: [Միքայել Նահապետյան] Նիկոլը եթերում հայտարարում է պատգամավորներին իրենց տներում բլոկադայի ենթարկելու մասին` միևնույն ժամանակ ընդգծում, որ դա պիտի զուգորդվի ընտանիքի անդամների հանդեպ ընդգծված բարյացակամ վերաբերմունքով, փոքրիկներին կոնֆետներ տալով, խաղաղ, ոչ բռնի, թավշյա։ Օրվա երկրորդ կեսին պատգամավորներից մի քանիսը էս հայտարարությանը զենք ու զոռով են սպառնում... թե բա միայն թուրքը՜... հարայ, հուրայ։ Բայց արդեն պարզ էր, որ «կլիենտ գատով»` այսինքն «ազգընտիրները» սկսել են զգալ «որոշողը ես եմ» բեռի ծանրությունը։ [Սոնա Մնացականյան] Գրադարանից վերցրած գրքերը տանում եմ հանձնելու, հետո իջնում եմ Ազգագրության ինստիտուտ, հոդվածի քննարկում ունենք։ Երկար չեմ մնում․ Քրիսի հետ պայմանավորված եմ։ Հասնում եմ տուն, 8։30 զանգում ա, խոսում ենք իմ ճամփորդության, իրեն այցելելու մանրամասների մասին։ Վաշինգտոնում մնալուս տեղը ճարել ա, ասում ա՝ Նյու-Յորք էլ կգնանք, ոգևորվում եմ ոչ միայն նոր քաղաքներում լինելու հեռանկարից, այլև նրանից, որ ճամփորդության հոգսերը սահմանափակվելու են թռիչքներով։ Լավ բան ա հոգատար ընկերներ ունենալը։ [Թագուհի Ղազարյան] Երեկոյան ես ու Անին կենտրոնում ընկնում ենք իրազեկման ակցիայի մեջ ու միանգամից ներգրավվում: Անին անտարբեր է, միշտ է անտարբեր եղել քաղաքականության հետ կապված հարցերում: Իրազեկող էրեխեքից «Իմ քայլի» բուկլետները վերցնում է ու բաժանում ճանապարհին իրեն հանդիպած ոստիկաններին: Ուշ երեկոյան Ազատության հրապարակում դեռևս դրված են նախորդ օրվա դրամահավաքի տարաները: Մարդիկ գնում-գալիս, կոպեկներ են գցում: Մոտենում եմ, տեսնում, որ միայն 10 ու 20 չէ, մեծ կոպեկներ էլ կան, նույնիսկ՝ թղթադրամ: Քանի որ գրելու այլ հարմարանք չկա ձեռքիս տակ, վերցնում եմ կարմիր շրթներկս ու Սերժի նկարով տրաֆարետի վրա, որն ըստ էության դեռ երկար պիտի մնար էդտեղ, իրազեկում առաջիկա ակցիայի մասին, հիմա լավ չեմ հիշում՝ ամսի 9-ի՞, թե՞ 13-ի հանրահավաքի մասին գրառում եմ անում: [Արմեն Գալջյան] Արդեն սկսվել էին իրազեկման ակցիաները՝ Երևանում գտնվող մեր ընկերները քաղաքի կենտրոնի տրամադրությունները պատրաստում էին մեր գալստյանը համահունչ։ Կարծում եմ ապրիլի 13-ի մարդաշատությունը պայմանավորված էր նաև քայլարշավի ընթացքում Երևանում տեղի ունեցող գործընթացներով։ Քայլարշավի ընթացքում գրեթե ինտերնետ չէի մտնում և տեղյակ չէի թե ինչ են գրում մամուլում այս մեկ օրը հիմնականում օգտագործեցի այդ նպատակով և տպավորությունս այն էր, որ մարդիկ հավատում են մեր անկեղծությանը, բայց ոչ մեր հաջողությանը։ Երևի հենց դա զգալով որոշեցինք ճանապարհին և Երևան մտնելուն պես իրականացնել որոշ գործողություններ որպեսզի մարդիկ սկսեն հավատալ նաև մեր վճռականությանը և հաջողության հասնելու իրական հնրարավորությանը։ [Թագուհի Ղազարյան] Գիշերն առաջին գրաֆիտիներն ենք անում: Հովհաննեսը մեզ համար Սերժի դեմքով տրաֆարետ է սարքել, ներքևում գրած՝ «ՄերժիրՍերժին» և «Գնա տուն»: Ես եմ, Արմենը, Դավիթը, Սոսը, Արենը: Արենը դժվարությամբ է քայլում, ոտքն է վնասել: Արենին էդ օրերին ինչքան հիշում եմ, միշտ վնասվածքով է: Հետո ամսի 12-ին մեքենայի հարվածից ուղեղի ցնցում է ստանալու: Հետո ամսի 16-ին Բաղրամյան պողոտայում երկրորդ ցնցումն է ստանալու ձայնային պայթուցիկից: Բայց համառորեն «արձակուրդ» չի վերցնում: Ասում է՝ հեղափոխությունից «արձակուրդ» վերցնել չկա: Հետո կհանգստանամ: Իսկ եթե անկեղծ լինենք, Արենը մինչև հիմա էլ էդպես էլ չի հանգստացել:  Միշտ ինչ-որ բան խանգարում է, միշտ ինչ-որ բան հրատապ է: Գրաֆիտիները կենտրոնում ենք անում, սկզբում ինչ-որ մութ անկյուններում: Փչում ենք, արագ հեռանում, Արմենը սպասում, նկարում է, մենք հորդորում ենք, որ շտապի. վտանգավոր է: Արենը անընդհատ հետ է ընկնում ոտքի վնաստվածքի պատճառով: Առաջին մի քանի գրաֆիտիից հետո, երբ արդեն ճանապարհել ենք զգուշավոր Հովհաննեսին, ով որպես դեռևս սովետի ժամանակ գրաֆիտի արած մեկը բավականին երկար գրաֆիտիական կենսագրություն ունի, հետևաբար՝ երկար փորձառություն և երկար փորձանքների մեջ ընկնելու պատմություն, ուրեմն՝ Հովհաննեսին ճանապարհելուց հետո սկսում ենք ավելի համարձակ դառնալ, Երևանի կենտրոնական փողոցներում ու ընդհուպ մինչև Հյուսիսային պողոտայում ենք փչում #ՄերժիրՍերժին: Մի խումբ տղաներ, որ էդ ժամին անցնում են էդտեղով, մեր հեռանալուց հետո մոտենում են գրաֆիտիին, ոտքները դնում պատկերին ու լուսանկարվում: Առաքելությունը բարեհաջող ավարտելուց հետո «Կարասի»-ից (գիշերվա էդ ժամին միակ աշխատող սննդի կետն է, որ մտքովս անցնում է) ուտելու բան եմ վերցնում ու շտապում ընկերներիցս մեկի՝ Քրիստիանի մոտ, որի Պռոշյանի փողոցի վրա մեկուկես-երկու ամսով վարձած տունը դառնալու է իմ հեղափոխական ապաստանը: [Միքայել Նահապետյան] Գիշերը Լալայանը բառի բուն իմաստով հագցրեց արագաչափերից մեկը ու ֆեյսբուքը պայթեց))) ՀԱՋՈՐԴ ՕՐԸ>[օր 8] Կարգախոսը՝ ոստիկանական բաժնի վրա
19:59 - 06 ապրիլի, 2019
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 6] Օգնիր Սերժին գնալ թոշակի

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 6] Օգնիր Սերժին գնալ թոշակի

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։ [օր 5] Մարուքյանն էլ «գինն» ա խոսում  < ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ   [Արմեն Գալջյան] Սկսեմ մեր խորհրադվոր անծանոթի գիշերվա բերած իրից․ իրականում ոչ մի արտասովոր բան չէր բերել՝ մի քանի թմբլիկ պուրի։ Երբ առավոտյան տեսանք այդ պուրիները, դա մեզ համար իսկական նվեր էր, որը հավեսով ըմբոշխնեցինք, հետո տնկեցինք «Արդարության» ծառը և շարունակեցինք մեր քայլարշավը։ [Սոնա Մնացականյան] Առավոտյան գնում եմ համալսարան, կեսօրին դաս ունեմ, հետո հանդիպումներ ուսանողների հետ։ [Վահան Կոստանյան] Ապրիլի 5-ի առավոտյան ճամբարականները, հերթական ծառը տնկելուց հետո, սկսեցին քայլել: Նախորդ օրվա քաղաքական մինիպայթյունից հետո թվում էր՝ հանդարտվել է մթնոլորտը: Իսկ միևնույն ժամանակ Երևանում մերժիրսերժինենք քաղաքական աժեոտաժը սկսել էին դնել թեթև շոգեխաշման ռեժիմի վրա՝ հայցելով առատաձեռն քաղաքացիների օժանդակությունը ՍՍ-ին բարեկեցիկ թոշակով ապահովելու համար: [Թագուհի Ղազարյան] Այսօր ծրագրած դրամահավաքն է: Նախ որոշել էինք երեք տարբեր տեղերում միաժամանակ դրամահավաք անել՝ Երրորդ մասի մետրոյի մոտ, Երիտասարդական մետրոյի մոտ և Կասկադում: Հետո որոշեցինք, որ լուսաբանման համար ավելի նպատակահարմար կլինի մի տեղում հավաքվելը: Առանց այն էլ լրատվական օկուպացիայի մեջ ենք, և միայն մեկ-երկու լրատվական են հետևում մեր ակցիաներին: Վերցնում եմ ամիսներ շարունակ բանկայում հավաքածս 10 և 20 դրամանոցներն ու գնում շրջանային: Հարցերին հումորով մոտենալը դարձել է շարժման սկզբունքը: Հումորը օգնում է լիցքաթափվել, օգնում է ներգրավել մարդկանց՝ չեզոքացնելով ռեժիմի նկատմամբ վախը: [Արմեն Գալջյան] Փաշինյանն ուղիղ եթերով ընթերցում էր մեր քայլարշավի կազմակերպման համար նվիրատուների ցանկը։ Շատերն, այդ թվում՝ մենք, մինչև շարժումը սկսելը մտածում էինք, որ հեղափոխություն անելու համար պետք է մեծ գումարներ ունենալ։ Հաճախ մտածում էին՝ որտեղից մեզ բավարար չափով գումար, բայց, երբ գործելու ժամանակն եկավ, ամեն մեկս մեր հնարավորությունների չափով գումար հավաքեցինք։ Հիմա նայում եմ ուղիղ եթերը և տեսնում, որ ես ընդամենը 8000 դրամ եմ նվիրաբերել, ու ծիծաղս գալիս ա, չնայած, մեզ Սորոսի հետ կապողները դժվար հավատան պատմության այս հատվածին, բայց դե ինձ ինչ։ [Արամ Թարվերդյան] Վարկիս հերթական մուծման օրն էր, մտքումս անընդհատ պտտվում էր՝ «քայլ արա՝ մուծիր վարկդ» կարգախոսը։ Օրվա երկրորդ կեսին գնացի աշխատանքի: [Թագուհի Ղազարյան] Այսօրվա ակցիան անվանել ենք «Օգնիր Սերժին գնալ թոշակի»: Դրամահավաքը մասնակցային գործընթաց է: Բացի այն, որ մենք, ըստ էության, հիմա կազմակերպել ենք «անլուրջ» ակցիա, որին մասնակցելը վախենալու չէ, մենք նաև կազմակերպել ենք ակցիա, որին կարելի է մասնակցություն ցույց տալ՝ առանց լուրջ ռեսուրս ներդնելու՝ շատ ժամանակ, մեծ գումար, աշխատանքից ազատվելու կամ ազատազրկվելու ռիսկ: Բացի այդ, դա նաև ինչ-որ վիճակագրական իմաստ ուներ: Գրեթե յուրաքանչյուր անցորդը որոշում էր իր լուման ներդնել Սերժ Սարգսյանի հեռացման գործում: «Ցողունային բջիջների խյուս»-ի և «Թարս աճած խիյարի կոմպոտ»-ի բանկաներին նայելիս միայն երևում է, որ մենք մենակ չենք, մենակ չենք, մենակ չենք: Նիկոլ Փաշինյանը ճանապարհից հարցազրույց է տալիս ինտերնետային ալիքներից մեկին ու կոչ անում բոլորին մասնակցել մեր դրամահավաքին: «Մերժիր Սերժին» և «Իմ քայլը» նախաձեռնությունները դեռ չեն միացել, բայց փոխադարձ սոլիդարությունը անմնացորդ պահպանվում է: Նախաձեռնությունների «պաշտոնապես» միանալուց առաջ նախ պիտի դեռ մեր կարգախոսները միանային և դառնային հեղափոխության կարդախոսը՝ #ՔայլԱրաՄերժիրՍերժին: [Վահան Կոստանյան] ՔՊ-ում արդեն իսկ կար ընկալումը, որ ճանապարհը մերժիրենց հետ միասին պիտի անցնենք, ու Երևանում եղած ժողովուրդը միացավ երիտասարդականի մոտ նախատեսված ակցիային, որտեղ պիտի ՍՍ-ի դեմքով բուկլետը բաժանվեր դրամահայթայթման դրամատիկական զարգացումների ֆոնին: Եթե չեմ սխալվում, առաջին օրն էր, որ Երևանում սկսեցինք էդ թռուցիկի բաժանումը: Ուսանողների առաջին հերթից տուն գնալու ժամն էր, երիտասարդականի մետրոյի շրջակայքը ահագին մարդաշատ էր, բայց շատ քչերն էին թռուցիկ բաժանում: Առաջիկայում երկու միջոցառում կար նախատեսված՝ մեկն ապրիլի 9-ին, իսկ մյուսը 13-ին, երբ քայլարշավը կհասներ Երևան: Ու թեթև մրցակցություն կար փոքր խմբերի մեջ. մի մասն առաջին միջոցառումն էին ավելի ջիգյարով գովազդում, մյուսները՝ երկրորդը: Էս ընթացքում տարբեր ընկերներ բարձրախոսում տքնում էին մի քոռ ավել կոպեկ հավաքել: Արտասանում էին, խնդրում, օրինակ ծառայում, որ մարդիկ գումար հանգանակեն: Էս գործում իրեն հավասարը չուներ Լևոն Բարսեղյանը: Մի կին էլ կար ահագին գումար էր կոպեկով բերել տալիս էր տարբեր անցորդների ու ստիպում, որ բերեն գցեն կոպեկը: Մեր քաղաքացիների ֆանտազիան, իհարկե, էստեղ էլ աշխատեց, հանգանակում էին սիգարետից, կրակայրիչից սկսած մինչև բրիտանացի գիտնականների՝ վերարտադրությունը կանխող պրակտիկ ատրիբուտներ: Քայլելով գնացինք Կասկադ, շարունակեցինք ակցիան ու ցրվեցինք: [Անի Վարդանյան] Քննության էի։ Դասախոսս հարցնում էր, թե ինչ եմ պատրաստվում անել։ Զարմացել էր, որ չեմ երևացել դեռ քայլարշավին։ Կուրսում մարդիկ կային, որ դասախոսի բացած խոսակցությունից իմացան, որ երկրում ինչ որ իրադարձություններ են կատարվում։ [Արամ Թարվերդյան] Աշխատանքային օրը գործնական էր անցնում, հիմնականում լայվերը նայելու և ծխելու ընդմիջումներով: Նման ընդմիջումներից մեկը տպավորվել է․ կանգնած ենք տնօրենիս՝ Սուրենի հետ ու լուռ ծխում ենք, մեկ էլ․ Սուրենը - լսի, մի բան կա անելու, մինչև 13-ը հասցրու անել, անպայման,ես - ինչի՞ 13-ը,Սուրենը - դե 13-ից գործի չես գալու մեկ ա, ես- Ինչի՞, ազատում ե՞ս աշխատանքից Սուրենը - այ մարդ չէ, դե մեկ ա գիտեմ, որ չես գալու, երբ էս ցույցի ժամանակ գործի եկել, որ հիմա գաս։ Դե էս էլ չգիտես՝ ինչքան կտևի, դրա համար էլ գոնե գործերդ կարգի բեր՝ նոր։ Հետաքրքիր պահ է, երբ հասկանում ես, որ մարդիկ ունեն քո մասին պատկերացում, և իրենք արդեն որոշել են, որ դու մեկ է չես գալու աշխատանքի, ու որ տնօրենդ դա հանգիստ է ընդունում, և անգամ մի տեսակ կարծես հենց էդպես էլ պետք է լինի, ու քեզ կարծես գոտեպնդի (դուխ տա), թե բա՝ գնա։ Այդ պահից սկսած մի տեսակ ինձ դելեգացված էի զգում, կարծես ես պայքարում էի ոչ միայն իմ, այլ ամբողջ Skynet-ի անունից։ Այ էսպես մոտս առաջացավ կոռպոռատիվ պատասխանատվությունը, որը հետո էլ գործի մեջ շատ պետք եկավ...)) [Սոնա Մնացականյան] Երեկոյան կողմ Վահրամի հետ իջնում ենք Հյուսիսային պողոտա՝ ինտերնետի մեր հին փաթեթից հրաժարվելու ու նոր պայմանագիր կնքելու։ Մինչև բոլոր փաստաթղթերը կպատրաստեն, ես նկատում եմ, որ բոլոր աղջիկների եղունգները նույն գույնի ա քսած։ Վահրամի ուշադրությունը հրավիրում եմ, ինքն էլ միանգամից հարցնում ա դրա մասին մեզ սպասարկող աղջկան․ պարզվում ա՝ հատուկ պահանջ ա։ Ժամը 6-ին պարապմունք ունեմ տանը Թամթայի ու Ջերըմիի հետ։ Պարապմունքն ուրախ ա անցնում։ [Թագուհի Ղազարյան] Մի կատակ ունենք, երևի Արմենն է հորինել, բայց բոլորս կրկնում ենք՝ հավաքական հեղինակային իրավունք սահմանելով դրա վրա: Ասում ենք՝ Սերժը 8 օր վարչապետ չի լինելու: Հիմա պետք է մենք էդ 8-ը շրջենք ու դարձնենք հավերժության ∞ նշան: Ընդհանրապես, ամեն ինչ համեմված է հումորով: [Անի Վարդանյան] «Ռեստրատում» էլի քննարկումներ էին՝ միանալու ենք, թե չէ։ Ես էլի կտրականապես դեմ էի։ Հիշում եմ, որ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունն ուսանողների հետ հանդիպում էր կազմակերպել Չարենցի այգում։ Սանասարյան Դավիթն էր խոսում ուսանողների հետ։ Ես նույնիսկ դեմ էի, որ «Ռեստարտը» պաշտոնապես մասնակցի էդ իվենթին։ Առանձին-առանձին խմբերով, իհարկե, մասնակցեցինք։ Քայլարշավի ուղիղ եթերին էլի հետևում էի։ Ճիշտն ասած չեմ հիշում, թե ինչ էի մտածում, բայց միանալու ցանկություն ընդհանրապես չունեյի։ Ավելի ճիշտ, դեռ չէր հասունացել էն պահը, որ պետք է միանայի։ [Արմեն Գալջյան] Ճամբար խփեցինք Ֆիոլետովո գյուղի մոտ։ Ես ֆիզիկապես արդեն գոյություն չունեի, մրսել էի, երևի նույնիսկ տաքություն ունեի և ես չգիշերեցի ճամբարում՝ չնայած ուզում էի մնալ, բայց ընկերներս խորհուրդ տվեցին այսօր գնալ տուն։ [Միքայել Նահապետյան] Հասանք Համզաչիման։ Ասեցին շատ եք գնացել` հետ դառանք։ Անտառի փեշին մի տեղ, որ ոչ էն է ամառանոցային, ոչ էն է ֆերմերային թաղամաս էր, ճամբար էին խփել։ Դավոյան Արփին համով-համով բաներ է հյուրասիրում, ասում են անակնկալ էլ կա. էդ կողմերի երաժիշտներն էին գալու։ [Թագուհի Ղազարյան] Օրվա վերջում դրամահավաքի արդյունքները տանում ենք Բաղրամյան 26՝ Սերժին հանձնելու: Բարեկամության մետրոյի մոտ Սիմոնյան Հասին եմ տեսնում, հաճելի է հարազատ անցորդ տեսնելը, ասում եմ՝ չե՞ս մասնակցում մեր դրամահավաքին: Հասը մեզ մի տեսակ անհասկանալի արարածների պես է նայում: Առանց այդ էլ բոլորովին վերջերս իմ ու Միքոյի «պատճառով» պրոբլեմների մեջ է ընկել: Բայց երկար չի մտածում: Դրամահավաքի տեսքից երևում է, որ շատ մասնակցային է եղել գործընթացը: Իր բաժին 20 դրամանոցը գցում է «թարս աճած խիյարի կոմպոտի» մեջ ու հաջողություն մաղթում: Ոստիկանական մի հսկա պատ է շարված Բ26-ի առաջ, որպեսզի մեզ չթողնի մոտենալ և 10, 20 դրամանոցները հանձնել Սերժ Սարգսյանին: Զվարճալի է ու ողբերգական միաժամանակ: [Արմեն Գալջյան] Իհարկե, շատ հաճելի էր 6 օր դաշտային պայմաններում քնելուց հետո քնել քո հարմարավետ և տաք մահճակալին, բայց մի տեսակ սրտնեղած էի, որ ես հիմա կոմֆորտի մեջ եմ, իսկ ընկերեներս՝ ոչ, բայց վստահ էի, որ ճամբարում հիմա մթնոլորտն ավելի ուրախ է, քան իմ սենյակում, հատկապես, երբ տեսա, որ նրանց միացել են մոտակայքում ապրող երաժիշտները։ [Միքայել Նահապետյան] Քեֆ-ուրախության ամենաթեժ պահին առանձնացանք Սուրենի ավտոմեքենայում զրուցելու` Նիկոլը, Սուրենը ու ես։ Խոսում ենք պատգամավորների բակեր այցելելու գաղափարից․ Նիկոլն ասում է, որ ազատ մարդ չի մնացել թիմում, խնդրում է՝ մենք զբաղվենք հասցեները ճշգրտելով։ Մի քիչ էլ քննարկում ենք Երևանում ընթացող գործերը, մամուլն ու մյուս խմբերին ու բաժանվում։ Մինչև կեսգիշեր հանում եմ բոլոր պատգամավորների գրանցման հասցեները, որ հետո ճշգրտենք, թե ով որտեղ է փաստացի բնակվում։ [Վահան Կոստանյան] Իսկ այդ գիշեր արագաչափերի կնքամայր Լալայանը շատ պատահաբար որոշեց արագաչափերին ամոթով թողնել: ՀԱՋՈՐԴ ՕՐԸ>[օր 7] Գիշերն առաջին գրաֆիտիներն ենք անում
19:51 - 05 ապրիլի, 2019
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 5] Մարուքյանն էլ «գինն» ա խոսում

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 5] Մարուքյանն էլ «գինն» ա խոսում

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։ [օր 4] Թոշակից Չեբուռաշկա, անհնազանդության օրինակներ < ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ   [Թագուհի Ղազարյան] Երբ Սևակն առաջարկեց հեղափոխության օրերի օրագիր գրել, համաձայնեցի, որովհետև էդ օրերին առանձին օրագրային նշումներ ունեի: Ապրիլի 4-ից ոչ մի նշում չունեմ ու առաջին անգամ բախվել եմ խնդրին, որ պետք է հետհայաց օրագիր գրեմ: Այսինքն՝ արդեն ոչ թե օրագիր, այլ հուշեր: [Արմեն Գալջյան] Ապրլի 4-ին առավոտյան գրեթե բոլորիս մարմինները ջարդված վիճակում էին։ որոշեցինք գնալ մեր կիսակառույցի դիմաց գտնվող բաղնիք և լոգանք ընդունել, ինչն իսկապես շատ թարմացրեց մեզ: Հիմա նայում եմ անցած տարվա լայվը և տեսնում, որ հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեզ քյաբաբ և վառարան բերող մեր նոր ընկերոջը․ նրա անունն է Մարտուն Տեր-Ստեփանյան: [Սոնա Մնացականյան] Էսօր դաս չունեմ, բայց իջնում եմ համալսարան՝ օֆիսում աշխատելու: Արմենի հետ ճաշում ենք, ձեռի հետ գլխին եմ կապում հոդվածիս թարգմանությունը, հետո իրան ու Ամերիկայում եղած կոլեգաներիցս խորհուրդ եմ հարցնում, թե ոնց կազմակերպեմ Երևան-էնն Արբոր թռիչքս՝ Փարիզո՞վ, թե՞ Քաթարով, արժի՞ գնացքով ճամփորդել Ամերիկայում, թե՞ Եվրոպայի համին չգնամ: Ինչ-որ մեկն ասում ա՝ կարող ես քայլելով գնալ, մի քանիսը ծիծաղում են, ես ուշ եմ գլխի ընկնում, թե հումորը զինչ ցուցանէր: Լրիվ ճամփորդական տրամադրության մեջ եմ. Ամերիկա՜, Ամերիկա՜, գալիս եմ … [Թագուհի Ղազարյան] Ի՞նչ է տեղի ունեցել 2018 թ. ապրիլի 4-ին: Շատ դժվար է հիշել ու հիմա չատերս եմ փորփրում: Ընկերներիցս մեկի հետ եմ խոսում: Ասում է՝ ապրիլի 2-ի պուրակի քննարկումից հետո որոշել է չմասնակցել շարժմանը, որովհետև էդ մարդկանց օրակարգը իրենը չի: Հարցնում եմ՝ ինչի՞ ես մտածում, թե ինչ-որ մեկը քո փոխարեն օրակարգ է սահմանելու ու քեզ մնում է միայն որոշել՝ մտնե՞լ իր սահմանած օրակարգի տակ, թե՞ մարգինալացվել։ Դու ինքդ կարող ես սահմանել օրակարգը: Էստեղ արտոնյալներ չկան, մենք բոլորս հավասարաչափ հնարավորություն ունենք օրակարգ սահմանելու: [Արմեն Գալջյան] Բաղնիքից վերադարձանք, տնկեցինք «Օրինականության» ծառը և շարունակեցինք մեր քայլարշավը: [Միքայել Նահապետյան] Լույս է տեսնում Էդմոն Մարուքյանի տխրահռչակ հոդվածը, որն ավելի շատ «Գինդում» վաճառքի ու փոխանակման մասին հայտարարության էր նման։ Դա տարօրինակ չէր` Մարուքյանը կլասիկ քաղաքական գործիչ էր, և, ըստ այդմ, օրինաչափ էր հեղափոխության նկատմամբ նրա սկեպտիկությունը։ Տարօրինակն ԵԼՔ դաշինքից առանձին գործող ՔՊ-ի լռությունն էր, որ «բոլոր կամուրջները չայրելու» մի մղումով ստիպում էր չարձագանքել «դաշնակից-գործընկերոջ» ուղերձին։ Սա ընդունելի լինել չէր կարող: Ուրեմն մեզ ի՞նչ էր մնում` չընդունել։ Դա գործնականում հետևյալ կերպ եղավ. զանգեցինք, ասացինք «Արձագանքեք: Թե չէ տպավորություն ա ստեղծվում, որ դուք «ապրանքն» եք ստեղծում, Մարուքյանն էլ «գինն» ա խոսում»։ Պատասխանը չուշացավ` Նիկոլը հայտարարեց, որ եթե իրենց ճանապարհը տրորված է, ապա Մարուքյանի առաջարկած ճանապարհը ևս բազմիցս տրորվել է Դաշնակների ու ՕԵԿ-ի կողմից։ Հարցը փակվեց։ [Թագուհի Ղազարյան] Ասում է՝ ես չեմ ուզում մերժել Սերժին, հետո հայտնվել նույն արժեհամակարգում՝ ուրիշի գլխավորությամբ: Հարցնում եմ՝ ինչի՞ ես բացասական սելեկցիա կատարում: Էդ պուրակում որքան որ քո արժեհամակարգին դեմ տեքստեր են հնչել, նույնքան էլ քո արժեհամակարգին համահունչ: Ասում եմ՝ Սերժը մարդ չի, Սերժը համակարգ է, մտածողություն, արժեհամակարգ: Մենք դա ենք մերժում: Չգիտեմ էլ՝ իրե՞ն եմ համոզում, թե՞ ինձ համար ձևակերպումներ եմ սահմանում՝ բացատրելու, թե ինչու եմ ոտքով-գլխով նետվում էս պատմության մեջ: Ասում եմ՝ բա քո հակախտրական, հումանիստական մղումները: Բա ինչի՞ չես կարողանում էս մարդկանց նկատմամբ էլ մարդասիրաբար տրամադրվես: Ասում եմ՝ մենք բոլորս մի նավում ենք: Էդմոն Մարուքյանի «Երրորդ ուղու» հոդվածն է ուղարկել: Կարդում եմ, ծիծաղելով ձայնային հաղորդագրություն եմ ուղարկում: Ապրես, Արամ, քեզ մոտ ստացվեց: Ես կարդացի հոդվածը՝ սպառելով մարդասիրության ողջ պաշարս:) [Արմեն Գալջյան] Արդեն սկսվել էր տարբեր «ընդդիմադիր» և ոչ ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից մեր քայլարշավի մասին վերլուծություններ և գնահատականներ տալու «սուրբ առաքելությունը», չնայած ոմանք կարող էին ուղղակի սուս մնալ և սպասել զարգացումներին, բայց ինչ-որ մի «անհասկանալի» բան նրանց դրդում էր, որպեսզի իրենց՝ քաղաքական դաշտում, մեծ հաշվով, ոչինչ չփոխող կարծիքը բարձրաձայնեն: Բայց մեր ծրագիրը և ճանապարհն այնքան հստակ և ազնիվ էր, որ նման բաներին ուղղակի «ձեռի հետ»՝ քայլելով անդրադառնում էինք և վերջ: Վանաձորում շատերը մեզ նայում էին և չէին հասկանում՝ ովքեր են, ուր են գնում, ինչի համար, ում համար, իսկ ովքեր էլ որ տեղյակ էին, թերահավատորեն էին վերաբերվում: [Թագուհի Ղազարյան] Երկա՜ր, շատ երկար ենք վիճում ընկերոջս հետ մասնակցել-չմասնակցելու հարցի շուրջ: Ինքը որոշել է՝ անելիք չունի: Ես որոշել եմ՝ չեմ կարող ոչինչ չանել: Եզրափակում եմ. «Ես ընդհանրապես չեմ ուզում, որ իմ ու քո զրույցը վերածվի փոխադարձ մեղադրանքների էն բանի համար, որ ես ինչ-որ մարդկանց կողքին եմ, որոնց կողքին դու քեզ ապահով չես զգում, իսկ ես քեզ անգործության մեջ մեղադրեմ: Իմ կարծիքով էդ ընտրության հարց ա, ու ամեն մեկը մի ձև ա տեսնում ճանապարհը: Ու ես վստահ չեմ, որ ամենաճիշտը իմ տեսածն ա, ոնց որ վստահ չեմ, որ ամենաճիշտը քո տեսածն ա: Բայց… իսկապես, հա, չգիտեմ՝ ոնց ա ընթանալու ու ինչ ա լինելու հետո, բայց գոնե անպետքությունից չեմ խելագարվի: Ես էլ քեզ եմ սիրում»: [Միքայել Նահապետյան] Հիմա դառնանք նրան, թե ի՞նչ արեց Շարմազանովը։ Իր ոճի մեջ` ոչ մի արտասովոր բան. պարզապես հայտարարեց, որ հարյուր հազարավոր մարդիկ ո՞վ են, որ որոշեն․ որոշողը նա է, ում ձեռքի տակ քվեարկության կոճակն է։ Եվ դա ճակատագրական էր դառնալու, որովհետև հենց էդտեղ էր հիմնական իրավաքաղաքական վեճը. «Ու՞մն է որոշելու իրավունքը` տիրոջը, թե՞ նրան ծառայող 55 հոգունը»: Ու այդ երեկոյան Կիևյանի կամրջի մոտ` մի սրճարանում մշակվեց պատգամավորների հետ իրենց բակերում անհատական քաղաքական աշխատանք տանելու գաղափարը (որին հետո` մայիսի 2-ին ճնշումներ էին ասելու)։ Սա 88 թվականի փորձից վերցված տեխնոլոգիա էր, որով կիսվեց մեր ավագ ընկեր Մանվել Սարգսյանը։ Նրա մասին դեռ կգրեմ այս օրագրում, հիմա պարզապես ասեմ, որ նրա հարուստ փորձառությունը թե՛ օգնում ու թե՛ խանգարում էր նրան` իրավիճակին համաչափ վերաբերվելու հարցում, ինչին դեռ կհասնենք մինչև ապրիլի 12-ը։ [Արմեն Գալջյան] Մեր հաջորդ ճամբարը խփեցիքն Թեժ լեռան մերձակայքում, որտեղով հոսում էր Տանձուտ գետը, ինչը նշանակում էր, որ մեզ հերթական Ջաջուռն է սպասվում, և,իսկապես, այդպես էլ եղավ: Ուշ երեկոյան մեզ նորից տեղացիներ այցելեցին, իրենց հետ բերել էին մի քանի շիշ գինի և հաց: Գիշերն այնքան ցուրտ էր, որ վրանների վրա նորից սառույց էր կապել։ Մեր ընկերներից Ռոմանոսը, ով այդ օրն իր որդու հետ այցելել էր մեզ և գիշերեց մեր հետ, ավտոմեքենայով էր, ինչից ես օգտվեցի և գիշերվա «հազարին» տուկ-տուկ տվեցի նրա ավտոմեքենայի ապակուն․ նա առանց բառ ասելու հասկացավ իմ միտքը և ես այդ մի քանի ժամը քնեցի նրա ավտոմեքենայի մեջ, բայց անընդհատ շուռումուռ էի գալիս և մի պահ նկատեցի, որ մի անծանոթ տոպրակը ձեռքին մոտենում է մեր ճամբարին՝ խարույկի մոտ: Ձայն չհանեցի, լուռ հետևում էի, նա տեսավ, որ բոլորը քնած են, տոպրակը դրեց գետնին և հեռացավ։ Ես էլ շարունակեցի հանգիստ քնել, իսկ թե այդ խորհրդավոր անծանոթն ինչ էր բերել մեզ, այդ մասին կգրեմ վաղը։ ՀԱՋՈՐԴ ՕՐԸ>[օր 6] Օգնիր Սերժին գնալ թոշակի
17:52 - 04 ապրիլի, 2019
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 4] Թոշակից Չեբուռաշկա, անհնազանդության օրինակներ

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 4] Թոշակից Չեբուռաշկա, անհնազանդության օրինակներ

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։ [օր 3] Խառը կանաչի․ Նախիջևանը գրավել ցանկացողներից մինչև ֆեմինիստներ < ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ   [Արմեն Գալջյան] Հերթական ցուրտ գիշերն էր` չնայած Ջաջուռին չէր հասնի: Նախաճաշի ընթացքում միտք ծնվեց Սերժի երրորդ անգամ երկրի ղեկավարի պաշտոնում չհավակնելու մասին հայտարարությունը իմպրովիզի ենթարկել: Շրջան կազմեցինք, ուղիղ եթեր մտանք և սկսեցինք. Նիկոլը կարդում էր, մենք կրկնում էինք, իսկ Արարատը վերջում տարբեր ելևէջներ էր հաղորդում այդ ամենին, որն ամենազվարճալի հատվածն էր այդ իմպրովիզի։ Սա պատմելով հնարավոր չէ պատկերացնել, պետք է տեսանյութը դիտել: [Վահան Կոստանյան] Չորրորդ օրն իմ ամենասպասված ակցիաներից մեկը տեղի ունեցավ։ Առավոտյան ճամբարում կարդում-երգում-իսպալնյատ էին անում Սերժ Սարգսյանի անհավակնոտ հայտարարությունը։ Էս գաղափարը ծնվել էր դեռևս քայլարշավից առաջ, բայց շատ ավելի լավ ստացվեց, քան պլանավորվում էր։ Տնկեցին Հայրենադարձության ծառը և սկսեցին քայլել։ Աշխատանքային օրվա պատճառով քայլողների թիվը մեծ չէր։ Ես իմ վանդակում շարունակում էի անել իմ մոնիթորինգը և պահել կապը ճամբարի ժողովրդի հետ։ [Արմեն Գալջյան] Օրը սկսել էր անձրևով և այդպես էլ շարունակվեց մինչև ուշ գիշեր: Տնկեցինք հայրենադարձության ծառը և սկեցինք քայլել անձրևի տակ՝ դեպի Վանաձոր: [Թագուհի Ղազարյան] #ՄերժիրՍերժին նախաձեռնությանը հարկավոր են կամավորներ` ինչ-որ ակցիայի կազմակերպչական աշխատանքների համար: Գիտեմ, որ ինձ երբեք չեմ ներելու տանը նստած լինելուս համար: Չնայած երեկվա հուսահատեցնելու չափ տխուր հավաքին` այնուամենայնիվ գնում եմ: #ՄերժիրՍերժին-ը, ընդհանրապես, իր կազմավորման օրվանից՝ 2018 թ. մարտի 1-ից, իր առաջ նպատակային ինտերվալ է սահմանել․ ինտերվալի ներքևի շեմում սահմանված է Սերժի տոնը փչացնելու նպատակը, վերին շեմում՝ հեղափոխությունը: [Անի Վարդանյան] Ֆեյսբուքս ջնջել էի։ «Ռեստարտի» էջով մի փոքր քայլարշավի ուղիղ եթերը նայելուց հետո վեր կացա, որ, սովորության համաձայն, քննությունից չուշանամ։ [Սոնա Մնացականյան] Համալսարանում դաս ունեմ, բայց հեչ հավես չունեմ։ Հոդվածիս վրա եմ դեռ աշխատում․ Վահրամն ու Թագուհին կարդացել, դիտարկումներ են արել, դրանք պիտի նայեմ։ Թագուհու համար էլի գործ եմ փնտրում․ թանգարանից դուրս ա եկել ու խելքը տվել ինչ-որ ակցիաների։ Մի քանի բան գտա, ուղարկեցի, բայց ոնց որ չի ուզում։ Կարելի ա Գեմոյին ասել, գրականության մասին նոր շարք էին ուզում սկսել Բուն TV-ում, թող Թագուհուն նկատի ունենան։ [Վահան Կոստանյան] Օրվա ընթացքում դուրս եկա գործերով քայլելու ու Սարյանի վրա Արմենին ու Դավիթին հանդիպեցի, մի բաժակ գինու շուրջ քննարկեցինք սպասվող պլանները, ահագին սառույց կոտրվեց մեջներս, ու Արմենը առաջարկեց միանալ իրենց քննարկմանը, որտեղ պլանավորելու էին հետագա գործողությունները։ Ես, Արմենը, Արենը, Գարուշը քննարկում էինք՝ ոնց կարելի ա ակտիվացնել Երևանը։ Թոշակ հավաքելու մտքից էնքան սյուռվեցինք, որ հասանք Չիբուռաշկային։ Սկզբից մտածում էին, որ Չեբուռաշկան թոշակը հավաքած Բ26-ի մոտից ֆռֆռալով կիջնի Օպերա։ Էս ամենն ավարտվեց Արենի՝ դարակազմիկ ֆալոցենտրիկ ելույթով՝ Չիբուռաշկայի շորերով, որը վերցնելուց չէին զգուշացրել դրա օգտագործման նպատակը, ու վարձով տվողն էլ, ով սայուզի մասշտաբով միակ Չեբուռաշկայի տերն էր, ահագին պրոբլեմներ ունեցավ։ Երեկոյի մասին, կներեք, չեմ հիշում։ [Թագուհի Ղազարյան] Քննարկումը «Հոդված 3» ակումբում է: Նախաձեռնությունը ակցիա է մտածել` Սերժի համար պիտի թոշակ հավաքենք 10 և 20 դրամանոց մանրադրամներով, հետո էլ նախագահության վերջին օրը՝ ապրիլի 9-ը տոնենք: Շահենն է էստեղ: Շահենը մտածում է, որ անլուրջ են պայքարի էս մեթոդները: Ես չգիտեմ` համաձայն եմ Շահենի հետ, թե չէ: Ասում է՝ էս ի՞նչ եք անում, ժողովուրդ: Մեզ պետք են կրակոտ աչքերով տասնհինգ երիտասարդ, մահապարտ, որ գնանք ու ոչնչացնենք դրանց: Սա անլուրջ է, ասում է, սրանցից էս անլուրջ ձևերով պրծում չկա: Արմենը փորձում է բացատրել, որ հարցերին հումորով վերաբերելը օգնելու է մարդկանց ներգրավել, որ այնտեղ, որտեղ կոշտ մեթոդներ կտեսնեն, նույնիսկ մեզ հետ համակարծիք մարդիկ կզգուշանան, կվախենան իրենք էլ մասնակից լինել, բայց եթե տեսնեն, որ սա ինչ-որ տեղ նույնիսկ ժամանցային միջոցառում է հիշեցնում, իրենք էլ կմիանան ու չեն վախենա: Բացի այդ դա պարալիզացնելու է ռեժիմի տրամաբանությունը: Վեճը մի քիչ տաքանում է: Շահենը դուրս է գալիս, ես իր հետևից գնում եմ, խոսում ենք, վերադառնում: Լավ, ասում է, ես ձեզ հետ ընդհանրապես համամիտ չեմ: Բայց դա բնավ պատճառ չէ, որ ես չմիանամ ձեր ակցիաներին: Ես միանալու եմ բոլոր էն ակցիաներին, որոնք էս ռեժիմի դեմ են: Բայց իմացեք, որ ես ձեր էս մեթոդների հետ, միևնույն է, համամիտ չեմ: Որոշվում են դրամահավաքի օրը, տեղը, ժամը, տոնակատարության ատրիբուտներն ու մանրամասները: [Անի Վարդանյան] Քննությունը հանձնելուց հետո էլի գրադարանում շարունակում էի հաջորդ օրվա քննությունը պարապել։ Միաժամանակ «Ռեստարտի» գրադարանի գրքերն էի տալիս ընթերցողներին կամ արդեն հետ վերցնում։ Օրը բնականոն էր։ Արտառոց իրադարձություն չկար։ Քաղաքական իրադարձություններից անտեղյակ էի։ [Արմեն Գալջյան] Ճանպարհին մեզ միացան Երևանից եկած քաղաքացիական ակտիվիստներ: Երբ մտանք Վանաձոր քաղաք, չգիտեինք՝ այդ անձրևին որտեղ ճամբար խփել: Քաղաքի սկզբում մի խոտածածկ տեղ կար, բոլորն առաջարկում էին մնալ այդտեղ, բայց ես ու Արարատը որոշեցինք, որ պետք է մի փոքր էլ առաջանալ և գտնել ավելի լավ և ապահով տեղ, քանի որ մտածում էինք, որ այդ անձրևին հնարավոր չէ գիշերել դրսում․ վրանները, ամեն ինչ կթրջվի, և սկսեցինք առաջանալ։ Գտանք մի երկհարկանի կիսակառույց շենք՝ մի փոքր կեղտոտ էր։ Միանգամից պատկերացրինք՝ ասելով «կավլենք, ցելոֆաններով կփակենք բաց տեղերը» և էլի նման հավես բաներ, ու գնացինք մեր ընկերներին տեղեկացրինք և բոլորով եկանք այդ կիսակառույցը: Քիչ հետո եկավ մի տեղացի, ով մեզ տաք-տաք քյաբաբներ էր բերել։ [Միքայել Նահապետյան] Նախորդ օրը Սուրենը Նիկոլին էր ուղարկել օտար երկրների՝ ոչ բռնի անհնազանդության հաջողված օրինակների տեխնոլոգիաների պատմությունը։ Լենան զանգել էր, ասել, որ Նիկոլին դա հետաքրքրել ա, ու ուզում ա հանդիպի։ Ըստ այդմ՝ ճանապարհին ենք։ Մենք ու արշավողները միաժամանակ հասանք Կիրովական։ Անաստված ցուրտ ու ձնախառն անձրևոտ եղանակ։ Մի շենքում, որ էդպես էլ չիմացանք, վերջը, Վահրամ Բաղդասարյանինն էր, թե չէ, ջերմամեկուսացում արեցինք ու վառարան դրեցինք, բացեցինք վրաններն ու, քանի որ մեջներս մի քանի դեպուտատ կար, անցանք քյաբաբ ուտելու բուն արարողությանը))): [Արմեն Գալջյան] Հավեսով կերանք և խնդրեցինք, որ մեզ համար նաև վառարան գտնի: Զանգեց իր ծանոթներից մեկին, և մի 20 րոպե հետո վառարանն արդեն տեղում էր: Միշտ հաճելի է անծանոթ վայրում հանդիպել մի տեղացու, ով շատ արագ նման հարցերն անշահախնդիր կերպով կկազմակերպի: Բերեց վառարանը, կարտոֆիլները կտրտեցինք, շարեցինք վրան և պլեճ սարքեցինք․ դա դարձավ մեր ամենօրյա ուտեստը: Այդ վառարանը մեզ հետ եկավ մինչև Երևան՝ Ֆրանսիայի հրապարակ, որտեղ նույնպես պլեճ ենք կերել: [Սոնա Մնացականյան] Երեկոյան Ազգագրության ինստիտուտում Բանավոր պատմության խմբով քննարկում ունենք։ Որոշում եմ Ամերիկյանից ոտքով իջնել։ Քննարկումը հետաքրքիր ա անցնում։ Ինչպես միշտ, էնքան երկար ենք մնում, որ ասած Աշխենին՝ հաջորդ օրն ենք տուն հասնում :)  Տաքսիով տուն եմ գնում։ Տաքսու վարորդը խոսքի ա բռնվում հետս, Նիկոլենց քայլարշավից ա հարցնում, ոգևորված ա ոնց որ, ասում եմ՝ չեմ հետևում, պարսիկների մասին ինչ-որ վատ բան ա ասում, ես չորում եմ, հույսը կտրած՝ բարձր երաժշտություն ա միացնում, էլ ձեն չեմ հանում, հասնում եմ տուն։ [Միքայել Նահապետյան] Մինչև Սուրենն ու Նիկոլը զրուցում են, ես ու Ավինյանը տեխնոլոգիաներ ենք քննարկում. Էն, ինչ մի քանի օր առաջ Վահանի հետ քննարկել էինք ՔՊ գրասենյակում։ Խնդրում է կետ առ կետ տելեգրամով ուղարկել (հատուկ ծառայությունները Տելեգրամի վրա հսկողություն չունեն)։ Փոխանակվում ենք հեռախոսահամարներով ու բաժանվում: Հետդարձի ճանապարհին Սուրենը պատմում է Նիկոլի հետի խոսակցությունը։ Ասում եմ՝ հիմա էս պրոցեսում որտեղ կանգ առա՞նք։ Ասում է. պիտի գտնենք էն «զացեպկան», որի վրա իրավական վեճը կհարուցվի։ Մինչև կեսգիշեր Շարմազանովը ստեղծեց էդ առիթը․․․ [Արմեն Գալջյան] Չնայած անձրև էր, բայց դա եղավ մեր ամենատաք գիշերներից մեկն այդ 14 օրերի ընթացքում: ՀԱՋՈՐԴ ՕՐԸ>[օր 5] Մարուքյանն էլ «գինն» ա խոսում
18:15 - 03 ապրիլի, 2019
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 3] Խառը կանաչի․ Նախիջևանը գրավել ցանկացողներից մինչև ֆեմինիստներ

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 3] Խառը կանաչի․ Նախիջևանը գրավել ցանկացողներից մինչև ֆեմինիստներ

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։ [օր 2] «Բա որ քցի` գնա աղոթելու» < ՆԱԽՈՐԴ ՕՐԸ  ԲՈԼՈՐԸ   [Արմեն Գալջյան] Երկրորդ առավոտն էր՝ քիչ-քիչ արթնանում էինք և խարույկի մոտ շրջան կազմած տաքանում: Շունը դեռ մեզ հետ էր, նրա անունն այդ օրը դրեցինք Չալո և Քայլո. ով ինչպես ուզում դիմում էր նրան: Քիչ անց մեր ճամբար եկավ մի երիտասարդ, ով շատ հետաքրքրասեր էր և բազմաթիվ հարցեր էր տալիս մեր քայլարշավի մանրամասների վերաբերյալ: Սկզբից ես ներքուստ մի փոքր ուրախացել էի` մտածելով, որ մեզ անծանոթ մարդ է միացել, սակայն հետո մենք սկսեցինք նրան հարցեր ուղղել, բայց նա սկսեց խառնվել իրար և չէր կարողանում պատասխանել մեր հարցերին, լուռ էր, ինչը կասկած հարուցեց մեր մեջ, և մենք այնպես արեցինք, որ նա մեզ հետ չշարունակի ճանապարհը: Հետո պարզվեց, որ ճիշտ էինք վարվել, երբ մեր թիմի անդամներից մեկը նրան տեսավ մեզ շատ հեռվից հսկող ոստիականական մեքենայի մոտ՝ ոստիկանների հետ զրուցելիս։ Կարծում եմ՝ նրա գործառույթը մանրամասնելու կարիք չկա, թեպետ նա, ըստ էության, անելու բան չուներ, որովհետև մեր ամեն մի քայլը հրապարակային էր․ մենք կամ ուղիղ եթերում էինք, կամ հաց էինք ուտում, կամ քնած էինք: Ճամբարի մաքրությունը իրականացնելիս չգիտեմ ինչու որոշվեց, որ ես պետք է լինեմ սննդի պատասխանատուն։ Չեմ ասի, թե դա իմ երազանքների առաքելությունն էր, բայց ամեն դեպքում ինձ հաճելի էր կոորդինացնել այդ հարցը, հատկապես, որ այդ մասին ուղիղ եթերով հայտարարելուց վայրկյաններ անց սկսեցին հեռախոսիս տարբեր անծանոթ համարներից զանգեր գալ՝ «ի՞նչ ա պետք, ի՞նչ բերենք» հարցերով: [Անի Վարդանյան] Համալսարանում քննության էի։ Ինչպես միշտ` կյանքը մեռած էր։ Համալսարանում ոչ ոք ոչ մի քաղաքական իրադարձություն չէր քննարկում։ Բոլորը շարունակում էին անգիր անել քննության ախմախ ու աննպատակ նյութերը։ Քննության ավարտից հետո գրադարանում հաջորդ քննությունն էի պարապում։ Երբեմն մտնում էի ֆեյսբուք, լրահոսը ստուգում ու էլի դուրս գալիս։ Ճիշտն ասած, երբ տարբեր գյուղերում մարդիկ ուտելիք էին տանում, մտածում էի` լավ ա, սոված չեն, ուժասպառ չեն լինի։ Հիշում եմ` խաշած կարտոֆիլ ու միս եմ տեսել, գյուղացիներն էին տարել։ Ուղիղ եթերով նայում էի՝ ոնց են ուտում։ [Արամ Թարվերդյան] Օրը սկսեցի Էդմոն Մարուքյանի էջն unfollow անելուց: Կարծեմ ամբողջ օրը ինչ-որ քննարկումների ու ընկերական հանդիպումների մեջ էի, որոնց մեծ մասը սպասվելիք իրադարձությունների թեմայով էին: Արդեն երրորդ օրն էր՝ գնալով ավելի ակնհայտ էի զգում ինչ-որ իրարանցում, որ սկսվել էր ընկերներիս, ծանոթներիս, տարիներ շարունակ ակտիվությամբ աչքի ընկած մարդկանց շրջանում՝ ֆբ փոստերի, զրույցների և այլնի տեսքով՝ քայլարշավի կապակցությամբ: [Արմեն Գալջյան] Ապրիլի 2-ն էր՝ ապրիլյան քառօրյա պատերազմի 2-րդ տարելիցը, և մենք զոհերի հիշատակը հարգեցինք՝ տնկելով զինվորի ծառը, և շարունակեցինք մեր քայլարշավը: [Վահան Կոստանյան] Օրն օբյեկտիվորեն ծանր էր սկսել: Ապրիլյանի բեռն ու ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցած ընտրությունների հիասթափությունը խանգարում են իմ` արդեն հարազատ դատարկ սենյակում աշխատել: Օրվա գույները մի քիչ բացվեցին, երբ Հայարփին եկավ ինձ հյուր: Հայարփիին սովորաբար ասում էի դուստրս: Մեկ տարի առաջ Կարեն Կարապետյանին ԵՊՀ-ում քաղբանտարկյալների մասին տված իր հարցից հետո գտել էի իրեն ու ծանոթացել: Էդ մեկ տարվա ընթացքում էլ գլխներովս ահագին բան էր եկել՝ Շենգավիթում Արարատի քարոզչություն անելուց մինչև տարկետման ակցիաները:  Խոսում էինք երեկոյան սպասվող Միքոյի իվենթի մասին: Օրվա ընթացքում մի քանի անգամ փոխվեց, թե ով ինձ հետ պիտի գա էնտեղ: Գնացինք Պապիկյանի հետ: [Արմեն Գալջյան] Սնունդն այնքան շատ էր, որ մեզ ուղեկցող մեքենայի մեջ, որը որպես ամբար էր ծառայում, այլևս չէր տեղավորվում, և դա դասավորելը թվում էր այդ 14 օրերի «ամենադժվար» գործը, իհարկե, ուղիղ եթերը ետ-ետ քայլելով պահելուց հետո, որը հիմնականում Դավիթն էր անում: [Անի Վարդանյան] Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը նայելուց մտածում էի՝ էս լայվ անողը չի հոգնո՞ւմ։ Տեսա, որ մարդիկ գնալով շատանում են։ Միանում, հետո էլի բաժանվում են խմբից։ Մտածում էի նաև, որ էդքան քայլելուց ու էներգիա ծախսելուց հետո կկարողանա՞ն Երևանում լուրջ գործողություններ անել, թե՞ ոչ։ Ամենաշատը վրանային վիճակներն էր դուրս գալիս։ Բայց, քանի որ ֆիզիկապես շատ թույլ եմ, ցրտին ու անհարմար վիճակին չեմ դիմանում, մտածում էի, որ հեսա մրսելու են հիվանդանան , տեղներն էլ հարմար չի՝ չեն քնի, գերհոգնածության մեջ կընկնեն։ Ու նույն մտքերով շարունակում էի քննություն պարապել։ [Արամ Թարվերդյան]  Հատկապես տպավորվել են այդ օրերի զանգերը, երբ տասնյակ ընկերներ, ծանոթներ, հեռու և մոտիկ մարդիկ մեկ էլ կզանգեին ու կսկսեին՝ «ինչ կա... բա ուրիշ ինչ կա...քայլարշավից ի՞նչ են խոսում, բա ո՞ւր հասան....բա վերջը...բա...բա..», ու այդ անկապ զրույցներում զգացվում էր անընդհատ չհնչող մի հարց, որը ոչ մի կերպ չէր ձևակերպվում, ու խոսողների ձայնի մեջ ավելի շատ զգացվում էր անորոշություն, քայլարշավի մասին կողքինի արձագանքից որևէ սեփական դիրքորոշում ձևակերպելու ցանկություն, որը ուղիղ չէր ասվում: Ու ոչ բնավ այն պատճառով, որ մարդիկ չունեին իրենց կարծիքը, այլ վախենում էին սխալվել ինչ ինչ բաներում: Հետաքրքիր բան էր․ մարդիկ իրենց համար քայլում էին ինչ-որ մի տեղ, ու դա տասնյակ կիլոմետրեր այն կողմ պրոցես էր գեներացնում, մի տեսակ գործի էր անցել Յունգի ասած «Կոլեկտիվ անգիտակցականը», երբ միմյանց անծանոթ հազարավոր մարդիկ անհանգստանում, հետաքրքրվում և պատասխանատվություն են զգում տեղի ունեցողի հանդեպ, տեղի ունեցող մի բան, որը դեռ իրենց համար էլ ամբողջությամբ հասկացված չէր: Օրվա հիշվող իրադարձություններից էր Միքայել Նահապետյանի բացած իվենթը, որում առաջարկվում էր հավաքվել Մաշտոցի պուրակում և քննարկել տեղի ունեցողը, հասկանալ, թե ով ինչ կարծիք ունի: [Միքայել Նահապետյան] Երևանում եմ։ Նախորդ օրը ճամբարում Պապիկյանն ասաց, որ Պուրակի քննարկմանը ՔՊ-ից ինքը կգա։ #ՄերժիրՍերժին-ից Սանասարյանն ու Թագը եկան։ Ահագին մարդ կար` Ծռերից էլ, ազատ մնացած ակտիվից էլ, Լուսավորից էլ։ Դե պարզ էր. քանի-որ դա չկողմնորոշվածներին կողմնորոշելու համար նախատեսված հավաք էր, գալու էին նույնիսկ նրանք, ովքեր բնավ համաձայն չեն հռչակված ճանապարհին։ [Վահան Կոստանյան] Նման բազմաշերտ հավաք դժվար էր պատկերացնել՝ Նախիջևանը գրավել ցանկացողներից մինչև ֆենիմիստներ: Ու էս խառը կանաչու մեջ սկզբում էն տպավորությունն էր, որ headhunting-ի եմ եկել: Բոլորը փորձում էին մարդկանց իրենց կողմը գրավել, հավաստիացնել՝ իրենց ծրագիրն ու տեսակետներն են ճիշտ, բայց բոլորը իրենց խոսքում անպայման անդրադառնում էին քայլարշավի մասնակիցներին: [Թագուհի Ղազարյան] Պուրակում հավաքված մարդկանց խայտաբղետությունը հուսահատեցնող է: Էս մարդիկ իրար հետ զրուցելու ոչինչ չունեն, ոնց հասկանում եմ` էս աշխարհում միայն մի բան կարող էր էս մարդկանց մի տեղ հավաքել` Սերժին մերժելը: «Ճակատից» Վոլոդյա Ավետիսյանն է խոսում, ասում ա` «լսեք, տղերք… » Էնտեղից մի աղջիկ` «բայց էստեղ միայն տղաներ չեն… »։ Հուսահատեցնող է: Վոլոդյայի տղերքը: Աղջկա նկատողությունը Վոլոդյային: Հուսահատեցնող է ամեն ինչ: «Իմ քայլ»-ից Պապիկյան Սուրենն է եկել քննարկման: Փորձում է բացատրել բռնությունը մերժելու փիլիսոփայությունը: Հավաքվածների մեծ մասը համաձայն չէ բռնությունը նաև որպես ինքնապաշտպանության տարբերակ մերժելու հետ: Ասում են՝ իրենք վայրենի են: Ասում են՝ իրենք մեզ չեն խնայելու: Սուրենը ջանում է բացատրել, որ դա իրենց տեսած միակ ճանապարհն է, և այլ ձևաչափերով համագործակցությունն անհնար է համարում: Չեն համոզվում: Համառում են: Սուրենը հուսահատվում կամ ձանձրանում է նույն բանն անընդհատ կրկնելուց: Խոսակցության թեման փոխվում է: [Արամ Թարվերդյան] Վերջը մի ահագին պատմություն դարձավ, բոլորը խոսում էին, քննարկում, փաստարկներ և հակափաստարկներ բերում: Պրոցեսը գնում էր... [Վահան Կոստանյան] Մի երկու ժամ երևի ջուր ծեծեցինք, հետո մնացինք շատ փոքր խմբով: Շահենն էր, Թագուհին, Բաբկենը, էլի ընկերներ, ում չեմ հիշում: Թագուհին երևի էստեղ էր, որ միացավ մերժիրսերժինենց: Տարբեր տեխնիկաներ քննարկեցինք, մի քանի ակցիաներ որոշեցինք, կոնտակտներով փոխանակվեցինք ու ցրվեցինք: [Միքայել Նահապետյան] Էդտեղ, որպես այդպիսին, մի բան որոշվեց, որ ով ուզում է օգնել շարժմանը` միանան, խումբ բացեն, կապի մեջ լինեն։ Հաջորդ օրվանից սկսվեցին գրաֆիթիները։ [Թագուհի Ղազարյան] Պուրակում քննարկման մասնակիցների առաջարկները արձանագրում էինք ես ու Գրիգորյան Արմենը, որպեսզի հետո քննարկենք, տեսնենք, թե դրանցից որոնք են իրագործելի, որոնք՝ ոչ: Հիմա կարդալիս գուցե շատ նշումներ չհասկացվեն, թե ինչի մասին ենք մտածելիս եղել դրանք գրելիս, բայց իմ կատարած «արձանագրությունը» փոխանցում եմ առանց փոփոխությունների․ • Ավտոստոպ, կանգառից մարդ բերել• Ֆրիքարի ստիկերները• Փողերը կանխիկացնել, բանկերը պարալիզացնել• Սերժի նկարներով թռուցիկներ• Գուպկեքըկարմիր ներկով շպրտել-փափուկ ուժի գործադրման սիմվոլ• Լայվ մտնելը բոլոր ակցիաների ժամանակ• Փողի վրա մերժիր սերժին• Լայվի կտրվելը• Փոխադարձ սոլիդարությունը• Իրազեկում տրանսպորտում• QR իրազեկում• Արագաչափերը ծածկել #մերժիր_սերժինով• Քաղաքացիկան անհնազադություն ամսի 13֊ին, հայտնվել բաժիններում• Հաջորդ քննարկումը անհարմար տեղ• Մտնել համալսարաններ ամսի 13֊ին• Ավտոյով փակել երթևեկությունը• QR փոխարինում կարևոր օբյեկտներում• Ուսանողական ռեսուրսի օգտագործում ըստ ֆակուլտետների, անհատների• Գրաֆիտիներ… երևան դուրս գալուց մարզերի, գյուղերի ցուցանակներին• Ամսի 4֊ին Շուշանի համերգի ժամանակ փուչիկները• Ինչ֊որ բան ցեխաջրերի հետ կապված• Սերժի նկարը լսարաններում• Հավաքել մանրադրամներ• Մետրոներում իրազեկում• Դրոնի տարբերակով իրազեկում• Փուչիկներով իրազեկում• Իրազեկման ավտոերթ ամսի 13֊ին• Հաշթեգերով կարճ վիդեոներ ՖԲ֊ում• Թռուցիկների բաց հասանելի տարածում/ ֆլեշմոբով/ հաշթեգով• Կասկադի կաֆեներում ակցիա։ [Միքայել Նահապետյան] Քայլեցի Սարյան, գարեջուր ու թուղթ վերցրեցի։ Կոմպոզիտորների տան դիմաց` բորդյուրի վրա նստած գրում եմ Քայլո-Չալոյի մանիֆեստը. «Իմ կյանքը շան կյանք էր: Շան տանջանքով շան օր էի քաշում, բայց շան տեղ դնող չկար: Ինձ ասում էին «շնից մազ պոկելը քյար ա», բայց ինձ քյարը չէր հետաքրքրում: Ասում էին «շները քեզ ընկեր», բայց իմ ընկերներին կրակում էին փողոցներում: Ասում էին «շան բախտ ունես», բայց բախտս շպրտում աղբանոցներում: Ու ես հասկացա, որ այսպես ապրել չի կարելի: Հասկացա, որ իսկական բախտը գտնում են ազատության ճանապարհին և արեցի #ԻմՔայլը դեպի Ազատության հրապարակ: Հիմա ես ունեմ ճանապարհ, երազանք ու ընկերներ: Ես ունեմ ֆեյսբուքյան էջ ու քաղաքացիություն: Եվ ես գալիս եմ գտնելու ձեզ` բոլոր նրանց, ովքեր ազատության ճանապարհին որոշել են քայլ անել` անկախ ոտքերի քանակից: Ես Քայլոն եմ` Հայաստանի առաջին քաղաքացի շունը»: Գրում վերջացնում եմ, գլուխս բարձրացնում` դիմացի մայթին Կենտրոնի քրեական հետախուզության օպերների ավտոն եմ տեսնում, 200 մետր այնկողմ Կառավարական ամառանոցներն են, փաստորեն շատ կասկածելի տեղ եմ նստած ու փաստորեն էսօրվանից բոլորս ուղիղ հսկողության տակ ենք։ Ցրվեցինք։ [Արմեն Գալջյան] Մեր հաջորդ ճամբարը խփեցինք Սպիտակ քաղաքի մոտակայքում: [Վահան Կոստանյան] Էդ ընթացքում Վանաձորում սաստիկ հեղեղ էր, ու մերոնք ստիպված էին գիշերել ոչ թե նախապես պլանավորած տեղում, այլ մի լքված շենք էին գտել ու պատսպարվել էնտեղ: Ես ու Սուրենն էլ որոշեցինք գնալ պատմել տեղի ունեցած հավաքի մասին ու հետ գալ: Բայց տեղ չհասանք: Ապարանի կողմերն էինք հասել, երբ տեսանելիությունը, մառախուղի պատճառով, լռիվ զրոյական դարձավ, ու ստիպված հետ քշեցինք Երևան: Ահագին նեղվել էի, որ չկարողացանք այցելել ճամբարականներին: Քնեցի՝ պլանավորելով, որ պիտի հաջորդ օրը Շահենին զանգեմ ու քննարկենք իր գաղափարը՝ ապրիլի 13-ին դիմավորել քայլարշավի մասնակիցներին Երևանի մատույցներում: Էս հատվածը մոռացել էի անգամ, բայց երեկ փողոցում Շահենին տեսա ու հիշեցրեց, որ մենք ուղիղ մեկ տարի է, ինչ ֆեյսբուքում ընկերացել ենք: ՀԱՋՈՐԴ ՕՐԸ>[օր 4] Թոշակից Չեբուռաշկա, անհնազանդության օրինակներ
18:38 - 02 ապրիլի, 2019
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 2] «Բա որ քցի` գնա աղոթելու»

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 2] «Բա որ քցի` գնա աղոթելու»

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։ [օր 1] Քայլարշավը մեկնարկեց․ «ձեռառնոցու ֆլեշմոբ» < ՆԱԽՈՐԴ ՕՐԸ  ԲՈԼՈՐԸ   [Արմեն Գալջյան] Արթնացանք Ջաջուռում՝ բոլորս «ողջ էինք», այդ ցրտից հետո բացվող արևը իսկական հրաշք էր թվում: Շունը դեռ մեզ հետ էր և դա ուրախացնող փաստ էր: Մաքրեցինք ճամբարի տարածքը, տնկեցինք «Ինքնիշխանության» ծառը և շարունակեցինք մեր քայլարշավը: [Վահան Կոստանյան] Առավոտյան շուտ էլի գրասենյակ: Քայլողներին միացող խմբին ճանապարհեցինք, մի քանի նոր վրան ուղարկեցինք, դեղեր՝ Ջաջուռի սառնամանիքի փլատակներից դուրս գալու համար: Զուգահեռ իրականության հետ կապող միակ բանը Նիկոլի լայվերն էին: Երևանը դեռ շաբաթ երեկոյից հետո ուշքի չէր եկել ու դեռ խորը քնի մեջ խռռացնում էր, երբ Հայաստանի հյուսիսում տնկվում էր Ինքնիշխանության ծառը: Նույն օրը հրապարակվեց նաև Քաղաքացու երգը, որի վրա երկար աշխատանք էր տարվել դեռևս մինչև քայլերթը, երբ հավաքվում էինք Դիվանբաշիում ու մեր երկրորդ տունը դարձած միսենյականոց փաբում լսում Մխիթարի եղբոր տնային ձայնագրությունները: Ի դեպ, խորհուրդ չեմ տա կարդալ երգի բառերը գիշերը, որովհետև, երբ առաջին անգամ մի քանիսիս ուղարկեց Նիկոլը գիշերվա երկուսին, գիշերն էդպես էլ լուսացրել էի «ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս, իմ հոգին պարտվել» քամին գլխիս մեջ: [Թագուհի Ղազարյան] «Քաղաքացու երգն» եմ լսում առաջին անգամ: Էս շարժմանն ինձ ամենաշատը մոտիվացնող բաներից մեկը: Ընդունված խոսք կա ասել, որ հաղթանակը հազար տեր ունի, պարտությունն ա անտեր: «Ես պարտվել եմ, պարտվել եմ», այսինքն` ասում է` ասում եք` ժողովրդին էլի տանելու է պարտության: Իսկ դուք գիտե՞ք` ես ինչ եմ զգացել ամեն անգամ պարտվելիս` փողոցում, ընտրություններում, համալսարանից դուրս մնալիս, խմբագրությունս փակելիս, ընդհատակում, բանտ նստելիս: Դուք գիտե՞ք` ինչ է նշանակում ամեն անգամ պարտվել, ամեն անգամ հուսախաբ լինել, ամեն անգամ ձախողել, ամեն անգամ վերականգնվել, նորից հույս գտնել, նորից առճակատման գնալ: Ամեն անգամ պարտության ակունքները, պատճառները գտնել: Ասում է` հա, ես էն Նիկոլն եմ, որ ասում էր` ես իմ ամեն քվեին տեր եմ կանգնել, ու որ խուլ մեղադրանք կար էդ ամենի մեջ ձեր նկատմամբ, որ դուք չեք քվեարկել, ոչ թե ես իմ խոսքին տեր չեմ եղել, որ ես էլի պարտվել եմ: Ես Նիկոլն եմ, որն ասում է` եթե մարդիկ ցանկանան փոփոխություն, էդ փոփոխությունը կլինի, ու էդ ամենի մեջ խուլ մեղադրանք կա ձեր նկատմամբ, որովհետև ամեն անգամ, երբ ես դուրս եմ գալիս առճակատման, տեսնում եմ, որ մենակ եմ: Դուք ինձնից փոփոխություն եք ակնկալում ու ինձ մենակ թողնում: Ու ես իրավունք ունեմ, չէ՞, ձեզ մեղադրելու, ասելու, որ սա իմ պարտությունը չի: Բայց ես որոշել եմ ոչ մեկի վրա էլ չգցել պարտությունս: Ե՛ս եմ պարտվողը, ես պարտվել եմ, պարտվել եմ, բայց ի՞նչ անեմ, ի՞նչ կարող եմ անել: Ես ուրիշ ճանապարհ չգիտեմ: Ես նորից դուրս եմ եկել պայքարելու: Ընդունիր քո բազմիցս պարտված առաջնորդին ու արի ինձ հետ` նորից պարտվելու կամ գոնե մի անգամ, մի վերջին ճիգով հաղթելու համար: Այլևս միայն ինձ եմ վերագրելու պարտությունը, այլևս չեմ ասելու, որ դու ես պարտության պատճառը, տե՛ս, լսի՛ր, ասում եմ` ե՛ս պարտվել եմ, ե՛ս եմ պարտվել… Ասում է` դուք ասում եք` ես մենակ ի՞նչ կարող եմ փոխել, մենակ ինձնով ի՞նչ կարա լինի: Բա ես էլ եմ էդ նույն մտավախություններն ունեցել: Բայց ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում` ես մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ: Ինչը նշանակում է, որ դո՛ւ էլ մենակ չես, նա՛ էլ մենակ չի: Մեզ խաբել են, որ մենք մենակ ենք: Մեզ բոլորիս խաբել են, առանձին-առանձին խաբել ու համոզել են, որ մենակ ենք: Ասում է` եկեք ամենքս մեր բաժին քայլն անենք: Որովհետև ես վստահ եմ, որ սա ծնվող հաղթանակ է մի նոր: Որովհետև ես հավատում եմ, որ սա գրվող պատմություն է մի նոր: [Արմեն Գալջյան] Քայլելու ընթացքում կար մի քանի բան, որը մեզ օգնում էր մոտիվացված լինել՝ մեկը դա Փաշինյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերն էր, որով մենք հաղորդակցվում էինք ժողովրդի հետ, իսկ մյուսը՝ Ավինյանի ուսապարկի մեջ գտնվող դինամիկները, որով մենք գրեթե անդադար լսում էինք Փաշինյանի գրած բառերով և Հայկ Ստվերի կատարմամբ ստեղծված «Քաղաքացու երգը», որը հետագայում դարձավ հեղափոխության երգը: [Թագուհի Ղազարյան] Ֆեյսբուքում աչքովս է ընկնում #ՄերժիրՍերժին-ի հրավերը՝ քաղաքացիական հասարակությունից կամավորներ հավաքագրելու: Going եմ տալիս: Ընկերներիցս մեկն է գրում Ֆեյսբուքով, ասում է` գործ չունես դրանց հետ, ասում է՝ պրավալ ա, հարցնում եմ` խի՞, ախր: Վերջապես նախադեպ է, երբ քաղաքացիական նախաձեռնությունը քաղաքական հստակ պահանջ ունի, չեն կարող ինչ-որ պահի հետ կանգնեն, ասեն` մեր պահանջը բավարարված է: Ասում է` Քոչարյանի պրոյեկտն են: Ասում եմ` ի՞նչ ես առաջարկում, ոչինչ չանե՞լ, որովհետև էդպես ավելի ապահով է՞: Չենք շարունակում: Մեկ ուրիշն ասում է` հիմա իմաստ չունի ձեր արածը, հիմնական ճակատամարտը տասնհինգ թվին ա եղել, կամ լավ` խորհրդարանականին, հիմա ոչ մի տարբերակ չկա: Ես վստահ եմ, որ տարբերակ կա, բայց շատ-շատ եմ նեղվում, որ ընդդիմության գերխնդիրը իրար դեմ խոսելն է դարձել, անհնար է էս մարդկանց բերել իրար կողքի, որ բերես, հաստատ լիքը ժողովուրդ կմիանա, իսկ եթե ժողովուրդը միացավ, հաստատ ինչ-որ բան փոխել հնարավոր կլինի: Փորձում եմ էս ամենը համոզել իրեն, բայց անհույս է: Իրենք էնքան վստահ են, որ էս ամենն անիմաստ է, որ քիչ է մնում ինձ էլ համոզեն: Նիկոլին լրիվ մենակ են թողել, անգամ իր դաշնակից ընկերները: Եղել է, որ ինձ համար էլ են իր արածները անհասկանալի ու աննպատակ թվացել: #ՄերժիրՍերժին-ն ավելի հոգեհարազատ է թվում, նամանավանդ, որ էնտեղ տեսնում եմ նաև մարդկանց, որոնք 2015-ին «Ո՛չ»-ի ճակատում էին: Ու չեն փորձում հին խոսակցությունները ջրի երես հանել, այլ նոր իրավիճակից ելնելով են լուծումներ փնտրում: Ինձ ամենահուսադրող հատվածը էս պատմության մեջ դառնում է էս նախաձեռնությունը: Ինձ թվում է, թե գտել եմ փրկօղակը: [Արամ Թարվերդյան] Օրվա առաջին միտքը արթնանալուն պես ֆբ մտնելն էր՝ տեսնելու, թե ինչ կա, ուր հասան ժողովուրդը, հասկանալու մեդիայի և սովորական մարդկանց արձագանքը։ Մտա ֆբ, ու առաջինն, ինչ newsfeed-ին բերեց, դա Էդմոն Մարուքյանի փոստն էր, թե բա. «I suffer that disorder where I speak the truth and it pisses people off»։ Էդ օրը որոշել էի ծխելը թարգել, բայց դե Էդմոնը հասցրեց, ներվայնացա, փորձեցի հիշել, թե երբ է վերջին անգամ ինքը ճիշտ բան ասել։ Էդպես էլ չհիշեցի, ու «անհասկանալի» էր դա գրելու առիթը: Ով իմանար, որ ծխելու առիթներ Էդմոնն ինձ դեռ շատ է տալու և թարգելու մասին մտածելը դեռ վաղ է: Օրվա ընթացքում անընդհատ հետևում էի լայվերին, ֆբ ընկերներով անընդհատ վիճում ու բանավիճում էինք լինելիքների շուրջ։ Իսկ մի տեղ՝ հեռվում մարդիկ կային, որ քայլում էին: [Անի Վարդանյան]  Առավոտը դեռ անկողնում պառկած հետևում էի Նիկոլ Փաշինյանի էջի լայվին։ Քնաթաթախ մտածում էի՝ տեսնես էս լայվ անող տղու ձեռքը չի հոգնու՞մ։ Քոմենթներին էի հետևում, մարդկանց արձագանքին, ու մի 10 րոպե նայելուց հետո ձանձրանում, անջատում էի։ Համալսարանում քննական շրջանը հաջորդ օրը սկսվելու էր։ Իրար ետևից 5 քննություն ունեինք։ Ու քանի որ «Ռեստարտի» գործունեությունը թե՛ քննական շրջանի սկսվելու, թե՛ ներքաղաքական հարցական վիճակի պատճառով դադարեցվել էր, քննություններին էի պատրաստվում։ Ու միաժամանակ էլ փորձում էի կուրսային աշխատանքիս վրա աշխատել, որովհետև «Ռեստարտի» ակտիվ գործունեության արդյունքում ամեն ինչից հետ էի ընկել։ Քայլարշավի սկսվելուց ի վեր Ռեստարտում ակտիվ քննարկումներ էր . որպես նախաձեռնություն միանալու՞ ենք, թե՞ ոչ։ Ես դեմ էի միանալուն, որովհետև կարծում էի, որ Ռեստարտի գործունեությունը ուղղված պետք ա լինի ուսանողական խնդիրներին։ Չէի ուզում քաղաքական որակումներ ստանայինք , որովհետև, եթե քաղաքական գործընթացները տապալվեին, Ռեստարտի գործունեությունն էլ հարցականի տակ կդրվեր։ Ի վերջո որոշվեց, որ նախաձեռնության անդամները ազատ են անել ցանկացած գործողություն, բայց Ռեստարտը, որպես նախաձեռնություն, չի միանալու քաղաքական գործընթացներին։ Ես դեռ ոչինչ չէի որոշել։ Քայլարշավին միանալու գաղափար չունեի։ Մտածում էի, երբ Երևան հասնեն, կհասկանամ ինչ անել։ [Միքայել Նահապետյան] Առավոտը դժոխքի դռների պես է բացվում, որովհետև նախորդ օրը՝ մինչև ուշ գիշեր մի տաս հոգով` Միսկարյան Գարեգինը, Մինասյան Վահագը, Սահակյան Սուրենը, Վահեն, Պետրոսյան Դավոն... Մովսիսյան Ռևազն էլ քեզ նվեր, քննարկում էինք մեր դերն ու անելիքը։ Էդտեղ ասեցին՝ «Բա, որ քցի` գնա աղոթելու», ասեցի` «չի քցի, երկու ամիս առաջվա հանրահավաքում տեսավ, որ քարը պատռի 300 հոգու աջակցություն ունի, մի ոտքը գերեզմանում քաղաքական գործիչ ա, էս պրոցեսի անհաջողությունից ոչ մի բան չի շահելու, նենց որ՝ «վաբանկ» ա գնացել»։ Մի անգամ էլ ի մի բերեցինք մեր օրակարգը` ընտրական օրենսգրքի փոփոխություն, կուսակցությունների մասին օրենք, քաղաքականություն-բիզնես տարանջատում, դատական համակարգի անկախացում, ուղիղ ժողովրդավարության էլեմենտների ներդրում։ Պայմանավորվեցինք, որ հաջորդ օրը Սուրենը, Միսկարյանը, ես պիտի գնանք ճամբար` արշավորդներին տեսակցելու ու խոսելու։ Ցրվեցինք։ [Սոնա Մնացականյան] Գնում եմ Կարենի օֆիս՝ վերցնելու ինձ ու Աննային խոստացած թաղարով ծաղիկները։ Գրկում եմ երկու թաղարներն ու քայլում Կասկադ։ Հաճելի ա էն զգացողությունը, որ գարուն կա քաղաքում, որ պիտի հանդիպեմ ընկերներիս։ Աննայի հետ հանդիպում եմ Քոսթում, հետո մյուսներն էլ են հավաքվում, կամ մենք ենք գնում մի ուրիշ տեղ։ Խոսում են ինչ-որ քայլարշավից, չեմ հասկանում՝ ինչ ա․ մի քանի օր ա՝ դուրս եմ եկել ֆեյսբուքից, որ հոդվածի վրա աշխատեմ։ Մտածում եմ՝ եթե ֆեյսբուքում չես, ուրեմն Հայաստանում չես։ Աննան ոգևորված ա, ասում ա՝ հը՞, կարո՞ղ ա մի բան դուրս գա։ Վահրամն ու Գեմոն թերահավատ են։ Աննան մի թեթև վիճում ա հետները, թե խի չեք հավատում էդ մարդուն։ Գեմոն, իրան թողած, Վահրամին ա պաշտպանում, թե ախր էս մարդը վաղուց ա հայտնել իր աջակցությունը Նիկոլի թիմին, բայց դե, հիմա ինքն էլ ա ջոկում, որ չլնող բան ա։ Ես էլ եմ ռացիոնալ հուսահատների շարքում։ Աննային ասում եմ՝ անհույս ա, Ան ջան, Սահակաշվիլու պրիոմն ա գործածում Նիկոլը (նոր էի կարդացել թարգմանությունը), բայց ախր ո՞վ պիտի դուրս գա, շրջաններում մարդիկ ավելի հուսահատ են։ Էլի մեր նման մի քանի հարյուր հոգի քաղաքում կհավաքվենք ու կցրվենք տներով։ Աննան տխրում ա, մենք էլ, ու ցրվում ենք տներով՝ հաստատ իմանալով, որ ապրիլի 13-ին գնալու ենք Ազատության հրապարակ՝ գոնե էս տխրությունը իրար հետ կիսելու։ [Միքայել Նահապետյան] Օրը լուսանում է` զանգում եմ Վահանին։ Հանդիպում ենք ՔՊ-ի գրասենյակում։ Մարդ չկա։ Վահանը էրկուկես է լինում մեդիայի ու քայլարշավի արանքում։ Աշխարհի ամենամինիմալ կազմով` երկու հոգով մտագրոհ ենք անում, ինչ-որ փիառի փոքր գործիքներ մոգոնում։ Ասում եմ՝ «Վահա՛ն, զգացել ես, որ համալսարաններում, թաղերում... ամեն տեղ, բացի ֆեյսբուքի փոքր կենտրոնից մեզ անհաջողակ ապուշի կանխավարկածով են վերաբերվում։ Սա արժանապատվության պայքար ա դարձել` ապացուցելու, որ անիմաստ չենք քամակներս ասֆալտին քսում»։ Ծիծաղում է։ Ասում եմ. «Ծախեց` վարի կտամ»: [Վահան Կոստանյան] Ինքաբանտարկված սենյակում մոնիտորինգ անելու դաժան պատիժն էլ ավելի «քաղցր» էր դառնում, երբ օրվա ընթացքում տեսնում էի, թե ոնց են Քրիստինեն, Նիկոսը, հետո արդեն Լևոնն ու Սոֆյան գնում քայլելու(հաստատ մարդիկ կան, ում մոռացա նշել), ու փախչելու գաղափարը ավելի ու ավելի գայթակղիչ էր դառնում: Օգնության հասավ Միքոն. պարզվեց՝ Սուրենի ու Միսկարյանի հետ պիտի գնային ճամբար: Ես էլ, չնայած բոլոր հորդորներին մնալ մոնիտորինգ անել, միացա տղաներին: [Արմեն Գալջյան] Ճանապարհին դադար վերցրինք մի գազալցակայանի մոտ, պաղպաղակ կերանք, և տեղի բնակիչները սկսեցին զրույցի բռնվել Նիկոլի հետ՝ թե բա «էս ի՞նչ հաշիվ ա»: Էդ ինչ հաշիվայի պատասխանը լսելուց հետո տեղացիները սկսեցին արտաբերել արդեն հիմա ոչ արդի արտահայտություններ․ «դե աստված տա լավ ըլի», «բայց մի բան կըլնի՞», «էհհ ախպեր, էսքան պայքարինք՝ բան չելավ, տենանք հմի ինչ եք անում»: Սրանք մեզ համար մերժելի արտահայտություններ էին, մենք պատասխանում էինք հետևյալ կերպ՝ «Ձեր բաժին անելիքը աստծո վրա մի դրեք, մենք մեզնից կախվածը անում ենք և հույս ունենք, որ դուք էլ ձեզնից կախվածը կանեք», կամ այլ կերպ ասած՝ 50/50: [Վահան Կոստանյան] Սուրենի ու Միսկարյանի հետ մինչ էդ շատ քիչ էի հասցրել շփվել ու, իմ սովորության համաձայն, մեծամասամբ ճանապարհին լուռ էի ու դիմանում էի կառափնարանին՝ անիվների վրա: Բայց զգում էի, որ էս մարդկանց հետ երկար ճանապարհ ունենք անցնելու ու հիմա էլ վստահ եմ, որ ապրիլի 1-ին քննարկված օրակարգը ամենևին էլ կատակ չէ մեր պետության զարգացման համար: [Արմեն Գալջյան] Մեզ միացան մի քանի քաղաքացիական ակտիվիստներ: Մենք կանգ առանք Մեծ Պարնի կոչվող տարածքում և ճամբար խբեցինք: Տեղի բնակիչները՝ մոտ երկու տասնյակից ավելի, եկան մեր ճամբար՝ արդեն երկու երեք խարույկ էր վառվում: Նրանց կողմից լսում էինք մի շարք հոռետեսական կանխատեսումներ մեր շարժման և ընդհանրապես քաղաքական գործընթացների մասին: [Միքայել Նահապետյան] Մութը չընկած ճամբարում ենք։ Սուրենը Նիկոլին բարևում է, ասում «привет участникам автопробега», ծիծաղում ենք։ Ճամբարում մոտ 50 մարդ կա, ոգևորությանը չափ չկա։ [Վահան Կոստանյան] Տեղ հասանք, բոլորը հոգնած էին, բայց ուրախ: Սառած էին, բայց եռանդուն: Մինչև կրակը կվառեին՝ հավաքեցինք, ու պատմեցի Երևանում ծավալվող իրադարձությունների մասին: Հենց կրակի շուրջ Նիկոլը Ազատությանը հարցազրույց տվեց, որի վերջում էնքան էր սառել ու մարմինը թմրել, որ չէր կարողանում կանգնել: [Միքայել Նահապետյան] Վերևում գրած օրակարգի կետերը Նիկոլին ենք տալիս, ասում՝ «եթե Սերժի գնալուց հետո էսքան բանը կանեք` մինչև վերջ հետներդ ենք», համաձայնություն է տալիս, ասում՝ «Եթե դրա տեխնիկական իրագործման ձևերն էլ գտնենք, հաշվեք՝ Հայաստանի հարցերի կեսը լուծել ենք»։ Հետո հարցնում է՝ ինչ ենք մտածում ԱԺ-ն շրջափակելու մասին, ասում ենք` չի աշխատի ու պայմանավորվում մի քանի երկրների հաջողված փորձի մասին տեղեկանք պատրաստել, նորից հանդիպել։ [Վահան Կոստանյան] Թվում էր, թե օրը վերջացել է, բայց սկսեցին նոր հյուրեր գալ: Գյուղացիների տարբեր խմբերը այցերը ավելի էին տաքացնում, քան արդեն բավականին թեժացած կրակը: Զրուցելուց, երազելուց հետո վերադարձանք Երևան: Սուրենենք որոշեցին էլի գալ՝ շարունակելու երկխոսությունը: Պայմանավորվեցինք, որ ես ինձ էլի մեջ կգցեմ: Մոռացա, Չալոն-Քայլոն: Ամբողջ ընթացքում հսկեց ճամբարը, վազեց բոլոր անծանոթ մեքենաների հետևից, մրսեց մեզ հետ, խորը հայացքով խոսում էր բոլորիս հետ: Ու հետո արդեն իմ ու Միքայելի մոտ պիտի ծնվեր էջ բացելու գաղափարը, ու ընկերս պիտի գրեր այս մարդկային շան մանիֆեստը: [Միքայել Նահապետյան] Երևանի ճանապարհին հայտնաբերում ենք, որ Նիկոլի ձեռնոցները Սուրենի մեքենայի մեջ են մնացել։ Նախորդ օրվա Ջաջուռի ցրտից դատելով՝ կարգին մրսած կլինի էդ գիշեր))) [Արմեն Գալջյան] Հիշում եմ Տրդատը մի մեծ վրան էր բերել, իր ենթավրաններով, որը այդ օրերին մեզ հինգ աստղանի հյուրանոցի լյուքս համար էր թվում: Այդ գիշերը առաջինի համեմատ շատ տաք և հանգիստ անցավ: ՀԱՋՈՐԴ ՕՐԸ>[օր 3] Խառը կանաչի․ Նախիջևանը գրավել ցանկացողներից մինչև ֆեմինիստներ
18:47 - 01 ապրիլի, 2019
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 1]  Քայլարշավը մեկնարկեց․ «ձեռառնոցու ֆլեշմոբ»

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 1] Քայլարշավը մեկնարկեց․ «ձեռառնոցու ֆլեշմոբ»

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։ ԲՈԼՈՐԸ   [Թագուհի Ղազարյան] Ստեփանակերտից Երևան եմ վերադառնում։ Սոթք-Քարվաճառ ճանապարհին բեռնատար է շրջվել։ Սպասում ենք, թե երբ է բացվելու ճանապարհը, որ անցնենք։ Անորոշ սպասում է։ Գուցե մի քանի րոպե սպասենք, գուցե՝ մի քանի ժամ։ Գուցե ստիպված լինենք վերադառնալ Ստեփանակերտ ու Գորիսով գնալ։ Սևակին խոստացել եմ էսօր երեկոյան գրել մի տարի առաջ էս նույն օրվա հիշողություններիս մասին։ Իսկ էս օրվա հիշողություններս ավելի շատ զգացողություններ են, քան իրադարձություններ։ Ճիշտ ձնաբքից խցանված ճանապարհի պես. անորոշ սպասում էր։ [Անի Վարդանյան] Քայլարշավը սկսելուց մի քանի օր առաջ արդեն իմացել էի, որ նման նախաձեռնություն է սկսվում։ Ճիշտն ասած, շատ թերահավատորեն էի մոտենում ու նաև ափսոսանքով, որովհետև, եթե էլի չստացվեր հաղթանակի հասնել, հիասթափությունն ավելի էր մեծանալու։ Լայվով հետևում էի, անընդհատ մտածմունքների մեջ էի, թե Երևան հասնելուց հետո ինչ զարգացում է ստանալու իրավիճակը։ Բայց միանալու նպատակ դեռևս չունեի։ [Արմեն Գալջյան] 2018 թվականի մարտի 31-ի առավոտն էր՝ ՔՊ գրասենյակից մեքենայով շարժվեցինք դեպի Գյումրի։ Չնայած Փաշինյանը արդեն սկսել էր քայլարշավը, բայց մենք շատ քաղցած էինք և որոշեցինք մինչև քայլարշավին միանալը Վարդանանց հրապարակում գտնվող մի սրճարանում պոնչիկ ուտել և քաղցր թեյ խմել, որից հետո, ֆբ ուղիղ եթերին հետևելով, միացանք քայլարշավին։ Ողջունեցինք իրար և սկսեցինք քայլել։ Հիշում եմ՝ շատ լավ եղանակ էր՝ իսկական քայլելու եղանակ։ Մի քանի ժամ անց մեզ միացան մեր մյուս ընկերները՝ արդեն մոտ 8-10 հոգի էինք և ավելի վստահ էինք մեզ զգում, մթնոլորտը ուրախ էր։ [Վահան Կոստանյան] Չքայլեցի։ Կամ էլ չքայլեցրին։ Որոշվել էր, որ Պապիկյանի հետ պիտի մնանք Երևանում, որովհետև էստեղ ահագին գործ կար անելու մինչև ամսի 13-ը։ Դրան գումարած` Ռուբինյանի հետ օնլայն մեդիա մոնիթորինգ էինք անում ու ինֆորմացիան փոխանցում ճամբարականներին։ Առավոտյան շուտ գրասենյակ գնացի, որ էնտեղից աշխատեմ, մինչև էտ հասցրել էի զանգել Արարատին բարի ճանապարհ ասել։ Օֆիսում, որտեղ նախորդ երեկոյան հավաքվել էին մեր ընկերներն, ու իրենց պատմում էինք, թե ինչ է սպասվելու հաջորդ առավոտից սկսած, դատարկություն էր, ու դատարկության մեջ անհանգստություն կար օդում կախված։ Պետք էր վայրկյանի ճշտությամբ ուղարկել նախoրոք գրված մամուլի հաղորդագրությունը, ֆեյսբուքում հրապարակել տեղեկատվական առաջին հոլովակը։Մի պատուհանով բացել էի ֆեյսբուքը, մյուսով ջիմեյլի նոր հաշիվը, հավաքել էի ազատության հետ կապված գաղնաբառն ու սպասում էի։ Ընթացքում դուրս էի գալիս բակ ծխելու մեկ-երկու րոպեով՝ ամեն անգամ պարտաճանաչ կողպելով գրասենյակի դուռը։ Ու սկսեց լայվը։ Թիմով նախապես երկար աշխատել էինք տրվող ուղերձների վրա (համարյա իմպրովիզներ չեղան :D)։ Մի դրվագ եմ հիշում, որտեղ գյումրեցին հուշում էր Նիկոլին, որ Երևան էտ ուղղությամբ չեն գնում, ինչին հետևեց «Ես ուրիշ իմացած ճանապարհով եմ գնում» պատասխանը։ Էս խոսքերը երևի շատ բան կանխորոշեցին։ [Թագուհի Ղազարյան]  Ուշ եմ արթնացել։ Գործազրկությանս առաջին օրերն եմ վայելում։ Առաջին բանը, որ անում եմ, ֆեյսբուք մտնելն է։ Էն, ինչ տեղի է ունենում ֆեյսբուքում, ես հետո պիտի անվանեի ձեռառնոցու ֆլեշմոբ։ Քաղաքական ուժերից մեկը, և այն էլ առանց խմբակցության մյուս գործընկերների, որոշել է քայլ անել։ Այդ քայլի նկատմամբ թերահավատությունը ֆեյսբուքում կերպարանափոխվել է ծաղրի։ Ընկերներիցս մի քանիսի հետ խոսում եմ, փորձում հասկանալ, թե էդ ամենի օգուտը ո՞րն է։ Լավ, չեք հավատում, գոնե մի էլ խանգարեք։ Միքոն իվենթ ա բացել էսօրվա համար, անունը` «Ի՞նչ անել»: Որոշել ա մեկտեղի բոլոր էն քաղաքական-քաղաքացիական ուժերին, որոնք պայքար են սկսել Սերժի հավերժացման դեմ ու նաև էն մարդկանց, որոնք ոչ մի ուժի մեջ ներգրավված չեն, ուզում են մի բան անել, բայց չգիտեն` ի՛նչ անել:  [Միքայել Նահապետյան] 2018-ի այս օրը արդեն տեղյակ էի, թե ինչ են ծրագրել ՔՊ-ի ժողովուրդը։ Դրա նախորդ օրը՝ Նիկոլ Փաշինյանի հրավերով 20-30 հոգանոց հավաքում մի քանիսս կասկած էինք հայտնել միայն քայլելու ու ԱԺ-ն շրջափակելու տեխնոլոգիային, դրված օրակարգին ու պայմանավորվել, որ ապրիլի մեկին հյուր կգնանք վրանային ճամբար` կքննարկենք մանրամասները։ Զուգահեռաբար մարտի 31-ին «event» էի ստեղծել ու բոլոր մյուս չկողմնորոշվածներին ապրիլի 2-ին հրավիրել Մաշտոցի պուրակ քննարկման, ուր նաև գալու էին ՔՊ-ի, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները` ներկայացնելու իրենց տեսլականը։ [Թագուհի Ղազարյան] Ընկերուհիս՝ Նառան զանգել, ձեռ ա առնում Ֆեյսբուքիս փոստը, որ կիսվել եմ իվենթով ու գրել` «ես Թագուհի Ղազարյանն եմ։ Ինձ մտահոգում են էն բոլոր խնդիրներն ու հարցերը, որ մտահոգել են միջոցառումը ստեղծողին։ Ես ունեմ ցանկություն ինչ֊որ բան փոխելու, բայց ես ունեմ նաև շատ կասկածներ։ Ինձ համար շատ կարևոր ա լսել էն մարդկանց կարծիքները, որոնք ինձ պես ունեն ինչ-որ բան փոխելու ցանկություն, բայց ինձ նման ունեն նաև շատ կասկածներ»։ Ասում ա` ուզում էի մեկնաբանությունում գրել` նա Թագուհի Ղազարյանն է, եկեք ծափահարենք նրան: Ես չեմ ծիծաղում հումորի վրա: Ինձ համար ահավոր տխուր ա էն, ինչ մտքովս անցնում ա: Փողոցով քայլում եմ ու չեմ կարողանում ազատվել սև, ծանր մտքերից: Նայում եմ մարդկանց ու մտածում` այ իրենք մի ամսից, երկու ամսից էլ էստեղ չեն լինելու: Նայում եմ ծառերին` մտածում` էս ծառերը շուտով կտրելու են: Նայում եմ շենքերին ու մտածում` էս շենքերը շուտով քանդելու են: Երբեք էսքան վատատես չեմ եղել, անգամ ՀՀԿ-ի հարցում: Միշտ մտածել եմ, որ կարող ա ինչ-ինչ պրոցեսների արդյունքում ինքնամաքրման փուլ անցնեն: Բայց հիմա ահավոր դեպրեսիվ եմ ու Նառայի հումորի վրա չեմ ծիծաղում: [Արամ Թարվերդյան] Շաբաթ օր էր, արթնացա, արդեն հազարն էր, ստանդարտ փաթեթի համաձայն՝ սուրճ դնել, մորուք սանրել (էստեղ կարող էր լինել՝ սափրվել), էսկողմ-էնկողմ ու մտա ՖԲ, մեկ էլ թե բա՝ «.. մենք շարժվում ենք Գյումրիից..»: Դե քայլարշավի մասին լուրերը վաղուց էին պտտվում և, բնական է, նման գործընթացներում միշտ կան հարցեր, ինչ որ սկզբունքային անհամաձայնություններ։ Այս անգամն էլ բացառություն չէր և, ինչպես շատերի մոտ, ինձ մոտ էլ կար թերահավատություն: Բայց ուրիշ բան է, երբ, լինելով «քաղակտիվության» էդ ընկերական միջավայրում, իմանում ես, որ պրոցես է նախապատրաստվում, համաձայնվում կամ չես համաձայնվում դրա հետ, ժամերով վիճում ու բանավիճում ես, և լրիվ ուրիշ բան, երբ քեզ որպես քաղաքացի «փաստի առաջ են դնում» արդեն սկսված պրոցեսով, ու էդ պահին հասկանում էս, որ ինչպես անցյալ անգամներում, այս անգամ էլ դու չես կարող ուղղակի անտարբեր մնալ, անկախ հաջողել կամ չհաջողելուց, անկախ հազար ու մի հարցերից, որ ունես, քանի որ ինչ-որ մեկը ինչ-որ մի տեղ իր քայլն է արել, և դու արդեն բնազդային մակարդակում որոշումդ վաղուց կայացրել ես, մնում է՝ դրա հետ համակերպվես, որ խառը օրեր են սպասվում: Հասկանում ես, որ քո մինիմալը՝ դուրս գալ փողոց ու կանգնել չորկոտոշի պես մինչև վերջ, հաստատ անելու ես, անկախ թերահավատությունից, եղած հարցերից և այլնից:Երբ քո առաջ մեկը ճիշտ բան է անում, անկախ հարցերից՝ դու արդեն բնազդաբար հետն ես: Բնազդների օր էր... [Վահան Կոստանյան] Օրվա ընթացքում ընկերներ էին միանում քայլող թիմին, ամեն նոր եկողի հետ հեռվից ուրախանում էի։ Իսկ մամուլում լռություն էր։ Շաբաթ օրով ո՞ւմ էր հետաքրքիր քայլելը։ Ֆեյսբուքում միացել էր սոցիալ կայֆավատը, ասում էին՝ ՔՊ-ում ճանապարհային քարտեզը բառացի են հասկացել ու որոշել են քայլել։ [Արմեն Գալջյան] Ջաջուռ գյուղի մոտից մեզ միացավ մի շուն, որն առաջին հայացքից սովորական փողոցային շուն էր, ով բոլոր հանդիպած մարդկանց հետևից մի փոքր քայլում է, բայց, երբ առաջին օրվա քայլարշավն ավարտեցինք և վրաններ էինք խփում, նա դեռ մեզ հետ էր։ [Վահան Կոստանյան] Երեկոյան Ջաջուռում առաջին վրանային ճամբարը խփեցին։ Քայլերի քանակը ուղարկեցին ինձ, որ ամփոփող հոլովակը պատրաստենք։ Սիրտս հանգստացավ։ Քայլերի քանակը բավականին իրատեսական էր։ Մի քանի օր առաջ խորհուրդ էի տվել Նիկոլին սմարթ ժամացույց վերցնել, որը կհաշվի քայլերը։ Ու ԱԺ-ում ամեն օր էտ կասկածն էր՝ հիմա էս ժամացույցը ճիշտ ա հաշվում, թե՞ չէ։ [Արմեն Գալջյան] Ավելի ուշ, երբ արդեն խարույկ էինք վառել, մեր ճամբար այցելեցին մոտակայքում ապրող բնակիչներ, չնայած՝ մենք սննդի պակաս չունեինք, բայց նրանք կարտոֆիլ և հաց էին բերել մեզ համար։ Դա իսկապես ոգևորիչ էր։Թե ինչպիսի սառնամանիք էր Ջաջուռում, դժվար է բառերով ասել, ընդամենը ասեմ մի բան, որ հնարավոր լինի պատկերացնել․ երբ ուշ գիշերին ցրտից արթնացա, վրանների և խոտերի վրա սառույց էր կապել։ Չէի կարողանում հավատալ, որ ապրլի 1-ին հնարավոր է այդպիսի եղանակ լինի։ Ուժեղ քամի էր, ես վազում և թռչկոտում էի՝ որպեսզի տաքանամ, բայց չէր օգնում, շունն էլ դեռ այստեղ էր և հաչում էր։ Իսկապես «շունը հաչի՝ քամին փչի» իրավիճակ էր։ [Վահան Կոստանյան] Ջաջուռը ոչ մեկ էնտեղ քնողներից չի մոռանա։ Պարզվեց տարածաշրջանի ամենացուրտ կետն էր։ Ու հաջորդ օրերին, երբ բարդություններ էին լինում, քայլողներն իրար ասում էին՝ մենք, որ Ջաջուռին դիմացանք, սա ինչ ա որ։ ՀԱՋՈՐԴ ՕՐԸ>«Բա որ քցի` գնա աղոթելու»
17:45 - 31 մարտի, 2019