Հունաստան

Տարածությունը՝ 131 957 կմ² Բնակչությունը՝ 10 772 967 Մայրաքաղաքը՝ Աթենք (հուն.՝ Αθήνα) Ազգային արժույթը՝ Եվրո (Euro), նախկինում՝ հունական դրամ Մեծ քաղաքներ՝ Աթենք, Սալոնիկ. Պատրա Ժամային գոտի՝ (UTC+2) ամռանը (UTC+3) Ազգային դոմեյնային զոնա՝ .gr Հեռախոսային կոդը՝+30։

Հույն պատգամավորը դատապարտել է հայ ռազմագերիների՝ մինչ օրս Ադրբեջանում գտնվելու հանգամանքը

Հույն պատգամավորը դատապարտել է հայ ռազմագերիների՝ մինչ օրս Ադրբեջանում գտնվելու հանգամանքը

ՀՀ ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն Աթենքում Հունաստանի խորհրդարանի ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասի հետ քննարկել են  Արցախում եւ Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական ներկա անկայուն իրավիճակը: Ինչպես հայտնում են ՀՀ ազգային ժողովից՝ հույն պատգամավորը կարեւորել է մշակութային ժառանգության պահպանման հիմնահարցը, դատապարտել հայ ռազմագերիների՝ մինչ օրս Ադրբեջանում գտնվելու հանգամանքը եւ այդ համատեքստում շեշտել միջազգային հանրության ադեկվատ արձագանքի կարեւորությունը: Կողմերն անդրադարձել են հայ-հունական ջերմ հարաբերությունների պատմական ընթացքին եւ համոզմունք հայտնել, որ եղբայրական ժողովուրդների միջեւ կապերը գնալով էլ ավելի կխորանան: Պարոն Գյուլեկասն իր շնորհավորանքն է հղել հայկական պատվիրակության ներկայացուցիչներին` Հայաստանի նախագահի ընտրության կապակցությամբ, եւ փոխանցել խորհրդարանի նախագահի եւ իր գլխավորած հանձնաժողովի անդամների ողջույնները: Զրուցակիցները խոսել են նաեւ հայկական Սփյուռքի, նրա դերի ու ներուժի մասին: Հանդիպմանը ներկա է եղել եւ խոսքով հանդես է եկել Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը: Նշվում է, որ այցն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի շրջանակներում` Հունաստանի, Իտալիայի եւ Հայաստանի խորհրդարանների համատեղ ջանքերով: 
15:14 - 08 ապրիլի, 2022
Դեսպան Մկրտչյանն առցանց հանդիպում է ունեցել Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահի հետ

Դեսպան Մկրտչյանն առցանց հանդիպում է ունեցել Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահի հետ

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն առցանց հանդիպում է ունեցել  Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ, Հոունաստանի ներկայացուցիչ Դիմիտրիս Պապադիմուլիսի հետ: Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Եվրոպական խորհրդարանի հույն  ներկայացուցչին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խորհրդարանի քննարկումներում իր ունեցած սկզբունքային դիրքորոշման համար։ Տիգրան Մկրտչյանն ու Դիմիտրիս Պապադիմուլիսը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման, Արցախում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության, հայ ռազմագերիների վերադարձման, հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի հանդարտեցման և ադրբեջանական սադրանքների անհապաղ դադարեցման վերաբերյալ։ Եվրախորհրդարանի փոխնախագահ Դիմիտրիս Պապադիմուլիսը ողջունել է  Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը և վերահաստատել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ Հայաստանին աջակցելու ԵՄ պատրաստակամությունը և վերահաստատել է  իր անվերապահ աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը:
12:17 - 08 ապրիլի, 2022
Ադրբեջանի նպատակը ԼՂ հայ բնակչության էթնիկ զտումն է. Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը հունական Pentapostagma կայքին

Ադրբեջանի նպատակը ԼՂ հայ բնակչության էթնիկ զտումն է. Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը հունական Pentapostagma կայքին

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հունական Pentapostagma լրատվական կայքին հարցազրույց է տվել: Հունական կայքում հրապարակված «Ադրբեջանի նպատակն է հայերի էթնիկ զտումը - Բայրաքթարն Արցախում մահ է խորհրդանշում» վերնագրով ծավալուն հարցազրույցի հայերեն թարգմանությունը, որը տրամադրել է դեսպանությունը,  ներկայացնում ենք ստորև: -Լարվածությունը սահմանին շարունակվում է այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը  խախտել է Լեռնային Ղարաբաղի շփման գիծը ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանտվության գոտում: Կարծում եք, որ ադրբեջանցիների կողմից հետագա էսկալացիա կլինի՞, և եթե այո, ապա՝ ի՞նչ նպատակով։ - Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումն է։ Ադրբեջանին պետք է Արցախն՝ առանց հայերի։ Դա Ադրբեջանը չի թաքցրել երբեք։ Հասկանալու համար առկա վտանգները՝ նայեք այսօրվա Նախիջևանին։ 1920 թ․-ից ի վեր այնտեղ մնացած տասնյակ հազարավոր հայկական մշակութային հուշարձաններից հետք չի մնացել։ Սա խոսքերով արտաբերելը դժվար է, քանի որ անպատկերացնելի վանդալիզմի մասին ենք խոսում։ Հայկական մշակութային ժառանգությունը, որն առկա է ամբողջ Հայկական լեռնաշխարհում, հայ ժողովրդի պատմության, դրա զարգացման տարբեր փուլերի նյութական վկայություններն են։ Դրանց առկայությունը հերքում է ադրբեջանական դիսկուրսն առ այն, թե պատմականորեն այս տարածքներն, իբրև, թե հայերինը չեն։ Սրանով են պայմանավորված այն կործանումներն ու աղավաղումները, որոնք ուղղված են հայկական մշակութային հուշարձանների դեմ՝ անտեսելով անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, միջազգային բազմաթիվ դերակատարների կոչերը։ Բոլորիս աչքի առաջ է Ադրբեջանը գնում իրավիճակի սրացման, ընդ որում՝ օգտագործելով քարոզչական բոլոր հնարքները, որպեսզի, ինչպես միշտ, մեղքը բարդի հայկական կողմի վրա։ Օրինակ, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան դատապարտում են Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը և կոչ անում հետ քաշել զորքերը ելման դիրքեր։ Ադրբեջանը պատասխանում է, որ չի հարձակվել որևէ մեկի վրա ու «իր սեփական տարածքում» ելման դիրքեր չկան։ Ամբողջ աշխարհը խոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին։ Ադրբեջանը հակադրվում է, թե չկա Լեռնային Ղարաբաղ միավոր ու չկա նման հակամարտություն։ Այսինքն, մենք ապրում ենք մի իրավիճակում, երբ ակնհայտ իրողությունների վերաբերյալ դիմացի կողմն ունի բոլորովին այլ պատկերացումներ։ Թերևս չկա Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղ անունով միավոր, այլ գրավված են Լեռնային Ղարաբաղի մաս կազմող մի քանի շրջաններ։ Նման ժխտողական կեցվածքին ավելանում են «5 կետանոց առաջարկությունները», որոնց Հայաստանը պատասխանել է եռանախագահների միջոցով։ Բայց քանի որ Ադրբեջանին ձեռնտու չէ, աշխարհով մեկ թմբկահարում են, թե պատասխան չեն ստացել։ Իրականում այդ «5 կետանոց առաջարկությունն» աչքի է ընկնում ոչ նրանով, թե ինչ է գրված այնտեղ, այլ նրանով, թե ինչ չի ներառված նրանում։ Ոչ մի խոսք չկա Լեռնային Ղարաբաղի մասին, դրա կարգավիճակի մասին, որը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով և ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների միջնորդությամբ և նրանց մանդատի ներքո։ Հայկական կողմը հենց դա հաշվի առնելով՝ լրացված առաջարկ է կատարել։ Ադրբեջանը դրա գոյությունը մերժելով՝ գնում է էսկալացիայի։ - Ինչպիսի՞ն է ներկայիս իրավիճակն Արցախում: Ի՞նչ եք կարծում, Ուկրաինայում ստեղծված իրավիճակն ինչպե՞ս է անդրադառնում Կովկասի տարածաշրջանի վրա։ - Իրավիճակն Արցախում այժմ պայթունավտանգ է, քանի որ Ադրբեջանը փորձում է օգտագործել միջազգային հանրության կենտրոնացումը Ուկրաինայի վրա, և հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության «վերջնական կարգավորման»՝ համաձայն իր պատկերացումների։ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից վերջին ագրեսիային հաջորդեց ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՌԴ-ի, նաև՝ որոշ այլ երկրների, այդ թվում և Հունաստանի կոչն՝ անհապաղ դադարեցնելու զորքերի առաջ մղումը և վերադարձը մարտի 23-ի ելման դիրքեր: Ադրբեջանը, որը խախտել է 2020 թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունը՝ սկսած նույն տարվա դեկտեմբերից, հղում է անում նույն հայտարարությանը և յուրովի մեկնաբանում դրա դրույթները՝ արդարացնելով իր գործողությունները, ինչպես որ շուրջ երեք տասնամյակ յուրովի մեկնաբանել է 1993 թ ՄԱԿ ԱԽ բանաձևերը և հրամցրել այդ մեկնաբանությունները միջազգային հանրությանը։ Զարմանալի չէ, քանի որ սա մի երկիր է, որը հղում է անում ՄԱԿ-ի նույն բանաձևերին՝ արդարացնելու համար 2020 թ․ ուժի կիրառումը, ինչը ՄԱԿ կանոնադրության կոպտագույն խախտում էր։ ՄԱԿ որևէ բանաձև Ադրբեջանին իրավունք չի տվել և չէր էլ կարող տալ պատերազմ սանձազերծել, այն էլ վարձկանների ու ահաբեկիչների մասնակցությամբ, արգելված զինատեսակների և պատերազմական հանցագործությունների կիրառմամբ, այսինքն՝ միջազգային իրավունքի կոպտագույն ոտնահարմամբ։ 2021 թ․ դեկտեմբերին ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով գրեթե բոլոր միջանկյալ միջոցների վերաբերյալ պահանջները եւ մերժել Ադրբեջանի պահանջած միջոցների մեծ մասը։ Դատարանը որոշել է Ադրբեջանին պարտավորեցնել ապահովելու հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը, կանխելու Ադրբեջանի պաշտոնյաների եւ հանրային մարմինների կողմից հայերի նկատմամբ ռասայական ատելության ու խտրականության հրահրումը, հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը եւ պղծումը։ Այս բոլոր կետերն Ադրբեջանն, ինչպես դատարանի որոշումներից առաջ, այնպես էլ՝ հետո, ամենօրյա կտրվածքով է խախտում։ Ռազմական գործողություններն Ուկրաինայում նույնպես ադրբեջանամետ ուժերի կողմից փորձ է կատարվում օգտագործել ընդդեմ Հայաստանի։ Օրինակ, քարոզչական դաշտում լրահոս են նետվում կեղծ և սկանդալային հայտարարություններ (իբր թե Հայաստանն իր ՍՈՒ30 ինքնաթիռներն է ուղարկել Ուկրաինա կամ Հայաստանի տարածքով սիրիացի վարձկաններ են ուղարկվել), որոնք, այնուհետև, առանց վերստուգվելու զանգվածային տարածում են գտնում անգամ փորձված նախկին պաշտոնյաների կողմից։ Այնուհետև, երբ դրանց հերքող ապացույցներ են տարածվում, որոշները ջնջում են իրենց մեկնաբանությունները, իսկ որոշները՝ հոգ չեն տանում վերանայելու իրենց կողմից տարածված սուտ տեղեկատվությունը, որը անմիջականորեն ազդում է Հայաստանի վարկանիշի վրա։ Սակայն, պետք է նաև հավելեմ, որ այս նույն մարդիկ գեթ մեկ բառ չեն արտաբերել 2020 թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ հազարավոր հայեր էին սպանվում։ Չմոռանանք, իհարկե, «խավիարային դիվանագիտության» ադրբեջանական ավանդույթների մասին, երբ կոռուպցիան արտահանվում էր արևմտյան մայրաքաղաքներ (ինչը դեռևս շարունակվում է), օգտվելով ժողովրդավարական համակարգում առկա որոշ բացերից՝ քաղաքական գործիչների, լրատվամիջոցների, ազդեցիկ մարդկանց փորձում են իրենց շահերի սպասարկուներ դարձնել։ Այս պահին մի շարք աղաղակող դատական գործընթացներ են ընթանում նրանցից մի մասի դեմ։ - Վերջերս Carnegie Europe կենտրոնը գրել էր, որ Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների լույսի ներքո «Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի դիմակայունության ամրապնդումը պետք է  դառնա անմիջական առաջնահերթություն»։ Կարծում եք, որ դա անհրաժե՞շտ է: Որո՞նք են  ռիսկերը: - Վրաստանի և Մոլդովայի մասին չէի ցանկանալ մեկնաբանել։ Սակայն տարօրինակ է, որ Ադրբեջանը և Հայաստանը որևէ լուրջ մասնագետի կողմից կարող են համատեղ համարվել դիմակայության ամրապնդման բարձրացման համահավասար երկրներ։ Ինչպե՞ս կարող է սպառնալիք հանդիսացող երկիրը և ագրեսիայի ենթարկված երկիրը համատեղ դիտարկվեն որպես դիմակայությունը բարձրացնելու ենթակա երկրներ։ Նման համահավասարությունը նշանակում է, որ Հայաստանն ու Արցախն էլ ավելի խոցելի կարող են լինել ագրեսիվ պահվածքով աչքի ընկնող Ադրբեջանի համար։ Վերջերս մի վերլուծաբան նմանատիպ մոտեցումներին տվել էր դիպուկ գնահատական՝ «տոքսիկ համահավասարեցում»։ - Նախկին խորհրդային հանրապետությունները հակված են «արևմտականացման»: Վաղ թե ուշ նրանք պետք է ընտրեն՝ կկանգնեն Ռուսաստանի՞, թե՞ ԱՄՆ-ի կողքին։ Ի՞նչ համատեքստում է շարժվում Հայաստանը։ - Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ։ Սակայն, միևնույն ժամանակ, Հայաստանը սերտ համագործակցություն ունի ԵՄ երկրների և ԱՄՆ հետ։ Հայաստանը տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկրներից է և բարեփոխումների մեծ օրակարգով է առաջ շարժվում։ Միաժամանակ, անվտանգության իմաստով գտնվելով խիստ փխրուն տարածաշրջանում, Հայաստանը ձգտում է բոլոր բարեկամ երկրների հետ ունենալ հնարավորինս լավ հարաբերություններ։ Քարտեզին նայելով՝ հասկանալի է, թե աշխարհաքաղաքական իմաստով որքան անկայուն տարածաշրջանում է գտնվում Հայաստանը։ Արտաքին քաղաքականության հավասարակշռվածությունը և գործընկերների կողմից այդ քաղաքականության ընկալումը նաև կարևոր երաշխիք է, որպեսզի ժողովրդավարական հաստատություններն էլ ավելի ամրանան Հայաստանում։ Վերջին բոլոր հարցումները ցույց են տալիս, թե ինչպիսի հաջողությամբ է ժողովրդավարությունը ինստիտուցիոնիզացվում և որքան ժողովրդավարական իմաստով հասուն հասարակություն կա մեր երկրում։ Միաժամանակ, հասարակությունը, գիտակցելով տարածաշրջանային անվտանգային մարտահրավերները, գիտակցում է, որ Հայաստանը պարտավոր է զգուշավոր հավասարակշռվածություն պահպանելու։ - Վերջին շրջանում ջանքեր են գործադրվում, որպեսզի Հայաստանի և Թուրքիայի միջև ձևավորվի  հարաբերություն։ Կան ոմանք, ովքեր համաձայն չեն: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող է  զարգանալ այս մոտեցումն ու ի՞նչ պայմաններում: - Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանը իր բոլոր կառավարությունների օրոք ունեցել է նույն մոտեցումը՝ «հարաբերությունները պետք է կարգավորվեն և հայ-թուրքական սահմանները պետք է բացվեն» առանց որևէ նախապայմանների։ Հայաստանը չի փակել իր սահմանները Թուրքիայի հետ, և Հայաստանը չէ, որ հրաժարվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ Երկու երկրների հատուկ ներկայացուցիչներն արդեն երկու անգամ հանդիպել են և արձանագրվել է առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու փոխադարձ պատրաստակամություն։ Հանդիպել են նաև ՀՀ և ԹՀ արտգործնախարարները։ Կարծում եմ, որ հարաբերությունների կարգավորումը կնպաստեն տարածաշրջանում լարվածության նվազեցմանը։ -Պետք է խոստովանենք, որ Ուկրաինայի ռազմական գործողություններում առաջատար դեր են խաղացել թուրքական անօդաչու թռչող սարքերը,  որոնք նաև կիրառվել են արցախյան մարտերում: Ինչպե՞ս եք գնահատում ռազմական գործողությունների այս նոր ձևը: - Ես ռազմական փորձագետ չեմ և չեմ կարող գնահատականներ տալ, թե ինչպիսի դեր են խաղացել «Բայրաքթար» անունը կրող անօդաչու սարքերը։ Արցախում դրանք խորհրդանշում են մահ։ Հարյուրավոր հայորդիներ զոհվեցին այդ անօդաչու սարքերի կիրառման հետևանքով։ Այդ անօդաչու սարքերով պատերազմի օրերին ադրբեջանցիները հարվածում էին հատկապես այն տեղերում, որտեղ առկա էին հայերի կուտակումներ։ Այսինքն, նպատակն էր ռազմական ենթակառուցվածքներին զուգահեռ սպանել հնարավորինս մեծ թվով հայերի։ Այնուհետև, Ադրբեջանի մայրաքաղաքի տարբեր հատվածներում էկրանների վրա ցուցադրվում էին այդ անօդաչու սարքերով հայերի ոչնչացման կադրերը, ինչը դեհումանիզացիայի բարձրագույն դրսևորումն էր։ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում էին, որ իրենց բնակչությունը վայելք ապրի հայերի սպանդի տեսարաններով և փառաբանի այդ գործողությունները։ Սա մի տեղ հիացմունք, մեկ այլ տեղ՝ սարսափ և զզվանք է առաջացրել։ Բայրաքթարների հետևանքով է նաև, որ ահռելի մեծ թիվ են կազմում անդամալույծները։ Պատերազմի ընթացքում ադրբեջանցի զինվորականները մենամարտերի մեջ չեն մտել։ Նրանց փոխարեն «գործն» արել են Բայրաքթարները, այնուհետև վարձկաններն, ի տարբերություն Արցախյան առաջին պատերազմի, երբ արցախահայերը հերոսաբար մարտնչեցին ազատ ապրելու իրենց իրավունքների համար և պարտադրեցին խաղաղություն։ - Այժմ ո՞ր կետում են գտնվում հունա-հայկական հարաբերությունները: - Հայ-հունական հարաբերությունները ավանդաբար ամուր հիմքեր ունեն։ Միջպետական դիվանագիտական հարաբերություններն ունեն 30 ամյա պատմություն, սակայն, ի տարբերություն շատ այլ երկրների հետ հարաբերությունների, հույն ժողովրդի հետ հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, մենք մեկ քաղաքակրթության արյունակից եղբայրներ ենք։ Որպես կանոն, քաղաքական շփումները միշտ եղել են ինտենսիվ, փոխադարձ այցելությունները և փոխադարձ աջակցությունը տարբեր հարթակներում կարևոր նշանակություն են ունեցել և ունեն մեր հարաբերություններում։ Ռազմական համագործակցությունը նույնպես բավական լավ է զարգանում։ Հունաստանը ՆԱՏՕ անդամ այն երկրներից է, որի հետ Հայաստանն ունի առանձնաշնորհյալ փոխգործակցություն ռազմական ոլորտում։ Տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում հարաբերությունների ընդլայնման ու խորացման մեծ անհրաժեշտություն և հնարավորություններ կան։ Եվ իմ առաքելությունն է, պահպանելով ու զարգացնելով առկա ինտենսիվ դիալոգը քաղաքական, դիվանագիտական և ռազմական ոլորտներում, փորձել նոր շունչ բերել մյուս ուղղություններում համագործակցության ուղղությամբ։ Պետք է ընդգծեմ, որ այս ամենում մեծապես նպաստող դեր են խաղացել և խաղալու հունահայ համայնքի տարբեր կառույցներն ու ներկայացուցիչները, որոնք սփռված են ամբողջ Հունաստանում։  
15:18 - 06 ապրիլի, 2022
Սինանյանն ու Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել են երկկողմ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը

Սինանյանն ու Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել են երկկողմ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հեռախոսազանգ է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեաս Կացանիոտիսի հետ։ Այս մասին տեղեկացնում է հանձնակատարի ֆեյսբուքյան էջը: Զրույցի ընթացքում երկուստեք անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև առկա եղբայրական կապերին։ Կողմերը վերահաստատել են երկկողմ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը՝ հիմնված ընդհանուր սկզբունքների և արժեքների վրա։ Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է հայկական սփյուռքի հետ աշխատանքի քաղաքականությունը, իսկ Կացանիոտիսը ընդգծել երկու սփյուռքերի համատեղ աշխատանքի կարևորությունը։ Զրույցի վերջում անդրադարձ է կատարվել Հայաստան-Հունաստան-Կիպրոս սփյուռքի հարցերով եռակողմ համագործակցությանը: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ձեռնարկել և իրականացնել համատեղ նախաձեռնություններ, հատկապես մշակույթի և հանրային դիվանագիտության ոլորտներում։
22:45 - 05 ապրիլի, 2022
Հայաստանն առաջին անգամ մասնակցում է հացաբուլկեղենի և հրուշակեղենի «Artozyma» միջազգային ցուցահանդեսին

Հայաստանն առաջին անգամ մասնակցում է հացաբուլկեղենի և հրուշակեղենի «Artozyma» միջազգային ցուցահանդեսին

Հայաստանն առաջին անգամ մասնակցում է հացաբուլկեղենի և հրուշակեղենի «Artozyma» միջազգային ցուցահանդեսին: Այս մասին հայտնում է Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը: «Ցուցահանդեսը կանցկացվի Հունաստանի Սալոնիկ քաղաքում` 2022 թվականի ապրիլի 2-ից 4-ը` Սալոնիկի Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում։ Ցուցահանդեսը տեղի է ունենում Detrop Boutique Show-ի հետ մեկտեղ, որը հյուրընկալում է Հունաստանի սննդի ու ըմպելիքի խոշոր ընկերությունների»,- նշված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ցուցահանդեսին կներկայացվի հայկական ապրանքների լայն տեսականի, այդ թվում՝ լեգենդար «Արարատ» կոնյակն, աշխարհահռչակ Զուլալը, հայկական «Կարաս» ու «Արամե» գինիներն, ինչպես նաև համրահայտ «Զորահ»-ը՝ Bloomberg-ի վարկածով աշխարհի լավագույն 10 գինիներից մեկը: Կներկայացվեն նաև բազմակի մրցանակակիրներ` ինչպիսիք են` «Կիլիկիա» գարեջուրը, «Ջերմուկ» և «Բժնի» հանքային ջրերն, ինչպես նաև «Նոյան Պրեմիում» հյութերը և քաղցրավենիքները: Հույն սպառողին առաջին անգամ կներկայացվեն «Արամաս» ու «Օշին» գինիները: Հայաստանի մասնակցությունը ցուցահանդեսին կազմակերպված է Հունաստանի հունա-հայկական առևտրաարդյունաբերական պալատի կողմից, իսկ միջոցառումն անցկացվում է Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներքո։
15:22 - 02 ապրիլի, 2022
Դեսպան Մկրտչյանը ԵԽ պատգամավորին է ներկայացրել Արցախում վերջին օրերի զարգացումները

Դեսպան Մկրտչյանը ԵԽ պատգամավորին է ներկայացրել Արցախում վերջին օրերի զարգացումները

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ստելիոս Կիմբուրոպուլոսին։ Այդ մասին ասված է Հունաստանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում: «Դեսպանը շնորհակալություն հայտնեց մարտի 10-ին Եվրոպական խորհդարանի կողմից «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ» բանաձևին հույն պատգամավորի աջակցության համար։ Այնուհետև դեսպանը ներկայացրեց Արցախում վերջին օրերին տեղի ունեցած զարգացումները, ներկայացրեց ԵԱՀԿ ՄԽ եռանախագահ երկրների, ինչպես նաև Հունաստանի, արձագանքներն ու կոչերն ուղղված Ադրբեջանին, ընդգծեց Արցախի բնակչության բնականոն կյանքին սպառնացող ադրբեջանական քաղաքականության շարունականությունը և միջազգային հանրության կողմից թիրախավորված կոչերի ու քայլերի անհրաժեշտությունը»,- նշված է գրառման մեջ։  
20:16 - 28 մարտի, 2022
Հունաստանի վարչապետը ոչ իրատեսական է համարում Ռուսաստանից բնական գազի ներկրման՝ ԵՄ-ի հնարավոր արգելքը

Հունաստանի վարչապետը ոչ իրատեսական է համարում Ռուսաստանից բնական գազի ներկրման՝ ԵՄ-ի հնարավոր արգելքը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ոչ իրատեսական է համարում Ռուսաստանից բնական գազի ներկրման՝  ԵՄ-ի հնարավոր արգելքը։ Այս մասին նա հայտարարել է Bloomberg-ին տված հարցազրույցում, ինչպես փոխանցում է հունական կառավարության մամուլի ծառայությունը։ Ի պատասխան հարցի՝ ցանկանո՞ւմ է արդյոք Հունաստանը ՌԴ-ից էներգառեսուրսների ներկրման արգելքը, Միցոտակիսն ասել է․ «Չեմ կարծում, թե ՌԴ-ից գազի ներկրման անհապաղ արգելքն իրատեսական առաջարկ է այս պահին»։ Կառավարության ղեկավարը գաղափար չունի՝ Ռուսաստանն ինքը կցանկանա՞ դադարեցնել էներգակիրների մատակարարումը ԵՄ․ «Չգիտեմ։ Եթե դա այդպես է, իհարկե, մենք դրան պետք է պատրաստ լինենք։ Օրինակ, Հունաստանը ներկրում է 2 մլրդ կուբամետրից քիչ ավելի ռուսական գազ։ Արտակարգ իրավիճակների դեպքում մենք ունենք պլաններ։ Մենք հեղուկ բնական գազի սարքավորումներ ունենք (ընդունելու եւ պահելու)։ Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած անսպասելիության։ Բայց դուք ինձ հարցրիք՝ հավատո՞ւմ եմ ես, որ մենք՝ Եվրոպան, միակողմանիորեն կարող ենք հրաժարվել ռուսական գազից։ Եւ իմ պատասխանն այսպիսին է․ դա ոչ իրատեսական առաջարկ է»։
22:06 - 09 մարտի, 2022
Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հայ-հունական տնտեսական կապերն ակտիվացնելու ուղղությամբ. Տիգրան Մկրտչյան

Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հայ-հունական տնտեսական կապերն ակտիվացնելու ուղղությամբ. Տիգրան Մկրտչյան

Փետրվարի 22-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի զարգացման և ներդրումների նախարար Ադոնիս Գեորգիադիսի հետ։   Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերություններն ակտիվացնելուն ուղղված քայլերը։ Հայաստանի դեսպանը նշել է, որ երկկողմ քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տնտեսական կապերն ակտիվացնելու, համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։   Ադոնիս Գեորգիադիսն իր հերթին նշել է, որ հույն և հայ ժողովուրդները բնական դաշնակիցներ են և պետք է ամուր կապեր ունենան բոլոր ոլորտներում։ Նախարարը բարձր է գնահատել հունահայ համայնքի դերակատարությունը հայ-հունական հարաբերություններում։   Երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում աշխատանք տանել  տնտեսական շփումները խթանող ուղղությունները ուրվագծելու ուղղությամբ։ Քննարկվել են նաև երկկողմ այցելություններ կազմակերպելու հնարավորությունները։
19:57 - 22 փետրվարի, 2022
ՀՀ դեսպանը և Հունաստանի ՆԳ նախարարը քննարկել են հանրային կառավարման և վարչական բարեփոխումների ոլորտներում համագործակցության հնարավորությունները

ՀՀ դեսպանը և Հունաստանի ՆԳ նախարարը քննարկել են հանրային կառավարման և վարչական բարեփոխումների ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ներքին գործերի նախարար Մակիս Որիդիսի հետ:   Կողմերը քննարկել են հանրային կառավարման և վարչական բարեփոխումների ոլորտներում երկկողմ համագործակցության հնարավորությունները։   Հույն պաշտոնյան նշել է, որ Հունաստանը մեծ փորձ ունի այս ոլորտներում և պատրաստ է դրանով կիսվել Հայաստանի հետ։ Նախարարը հակիրճ ներկայացրել է Հունաստանի ներքին գործերի նախարարության կառուցվածքն ու գործունեությունը:   Դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հերթին նշել է, որ Հայաստանն այս ուղղությամբ վերջին տարիներին հստակ քայլեր է ձեռնարկել, և բարեկամ երկրների աջակցությունը և փորձի փոխանակումը էլ ավելի կնպաստի Հայաստանում արդյունավետ կառավարման կայացմանը։   Երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել այս ուղղությամբ հայ-հունական համագործակցության կոնկրետ քայլեր նախաձեռնել։  
14:40 - 22 փետրվարի, 2022
«Հայ-հունական հարաբերությունների առումով միայն դրական դինամիկա պետք է ակնկալել». հանդիպել են ՀՀ դեսպանն ու Հունաստանի ԱԳ նախարարը

«Հայ-հունական հարաբերությունների առումով միայն դրական դինամիկա պետք է ակնկալել». հանդիպել են ՀՀ դեսպանն ու Հունաստանի ԱԳ նախարարը

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը փետրվարի 17-ին հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը: Հունաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է դեսպանին իր առաքելությունը մեկնարկելու կապակցությամբ` մաղթելով հաջողություններ։ Նիկոս Դենդիասն ասել է, որ հայ-հունական հարաբերությունները ավանդականորեն ամուր հիմքերի վրա են և միայն դրական դինամիկա պետք է ակնկալել այդ առումով։ Դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է իր առաքելության հիմնական ուղղությունները։ Դեսպանը նշել է, որ առկա քաղաքական ակտիվ երկխոսությանը, ռազմական համագործակցությանը զուգահեռ լայն հնարավորություններ կան խորացնելու երկկողմ տնտեսական կապերը, գիտակրթական և մշակութային շփումները, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտությունը։ Դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումների շուրջ Հայաստանի դիրքորոշումները։
20:28 - 17 փետրվարի, 2022