Մայր Աթոռ Սբ․ Էջմիածին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը

Դեկտեմբերի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2015 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացյալների օրհնության և երկրպագության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը: Շնորհառատ օրվա կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշոնրհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանը։ Սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ և բազմաթիվ ուխտավորներ:Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական թափորի առաջնորդությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մատուռ-մկրտարան բերեց աստվածամուխ Սուրբ Գեղարդը՝ օրհնելով ուխտավոր հայորդիներին։ Իր քարոզում Հայր Սուրբը, անդրադարձ կատարելով տոնի խորհրդին, ի մասնավորի նշեց. «Սիրելի հավատացյալներ, պատմության ընթացքում, երբ որ հայ ազգը շեղվել է առաքյալների քարոզած հավատքից, հեռացել է նրանց հիմնած Առաքելական Սուրբ Եկեղեցուց ու դադարել է լսել իր հոգևոր առաջնորդներին, ընկել է փորձությունների մեջ։ Երբեմն որոշ շրջանակներ տարածում են այն թեզը, թե հայ ազգը թուլացավ, երբ քրիստոնեա դարձավ։ Սակայն իրականում ճիշտ հակառակն է, հայ ազգը թուլացավ, կորուստներ ունեցավ ոչ թե քրիստոնյա լինելու պատճառով, այլ քրիստոնյա չլինելու պատճառով։ Մեր ազգի դժբախտությունների պատճառը եղել է Մայր Եկեղեցուց հեռանալը և առաքյալների քարոզած մաքուր հավատի ու քրիստոնեության պակասը։ Սուրբ Գրքում հստակորեն ասվում է, որ եթե Աստծո կողմից տրված օրենքները չպահեք, ապա բոլոր ազգերից վերջինը կլինեք, դուք կցանեք ուրիշները կուտեն, պատերազմների մեջ կընկնեք, ձեր զավակները գերի կլինեն, կսփռվեք աշխարհով մեկ (տե´ս Ղևտ. ԻԶ 14-33), իսկ եթե Աստծո պատվիրանները պահեք, ապա պիտի հաջողեք ու հզորանաք, դուք հալածական կանեք ձեր թշնամիներին և Տերը ձեր երկրին խախաղաղություն կպարգևի (տե´ս Ղևտ. ԻԶ 3-8)»։ Հայր Մովսեսն ընդգծեց նաև, որ առաքյալների տոնը Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ մեր սերն ու հավատարմությունը վերահաստատելու և մեր հայրերի ու վարդապետների թողած ժառանգությանն ու բարոյական արժեքներին հավատարիմ մնալու ուխտի օր է։ Վերջում Հայր Սուրբը հորդորեց հավատացյալներին աղոթքով հայցել Սուրբ Թադեոս և Սուրբ Բարթողիմեոս առաքյալների բարեխոսությունը հայ ազգի համար, որպեսզի Աստված առաքելական հավատքի մեջ զորացնի ու պահպանի մեր ժողվրդին և աստվածամուխ Սուրբ Գեղարդը շարունակի հրաշագործել հայոց կյանքում՝ ի պայծառություն Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի շինություն Հայրենիքի։ Սուրբ Պատարագի ավարտին Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով և Սուրբ Գեղարդով օրհնեց ներկա ժողովրդին, ապա հավատացյալներին հնարավորություն ընձեռվեց երկրպագելու ու համբուրելու համաքրիստոնեական սրբությունը: Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Աթոռի մարտուռ-մկրտարանում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը:
14:31 - 02 դեկտեմբերի, 2023
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ

Նոյեմբերի 8-14-ը Աբուջայում (Նիգերիա) տեղի ունեցավ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գործադիր կոմիտեի ժողովը։ Ժողովականները, հիմք ընդունելով ԵՀԽ պատվիրակության 2023 թ․ սեպտեմբերի 18-22-ը Հայաստան կատարած այցի զեկույցը, հանդես եկան հայտարարությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:   ԵՀԽ-ն իր զորակցություն է հայտնում հայ ժողովրդին, Եկեղեցուն և հատկապես բոլոր նրանց, ովքեր 2023 թ․ սեպտեմբերի 19-20-ի ողբերգական իրադարձություններից հետո ստիպված են եղել փախուստի դիմել իրենց հինավուրց հայրենիքից՝ Լեռնային Ղարաբաղից։   Ժողովականները նաև ափսոսանք են հայտնել, որ 1992-1994 թ․ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո չեն գտնվել ուղիներ տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար:   ԵՀԽ-ն կոչ է անում միջազգային հանրությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, մասնավորապես խոցելի խմբերին՝ կանանց, երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցողներին և կարիքավորներին։   ԵՀԽ անդամները նաև կոչ են անում Ադրբեջանի կառավարությանը երաշխավորել այն էթնիկ հայերի անվտանգությունն ու հավասար իրավունքները, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց բնակավայրերը Լեռնային Ղարաբաղում, պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայկական էթնիկ մշակութային և կրոնական ժառանգությունը, հարգել կրոնի, հավատքի ազատությունը (ներառյալ կրոնական և պաշտամունքային վայրեր այցելելը), ինչպես և հնարավորություն ընձեռնել ու դյուրացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ գնահատման առաքելության այցը տարածաշրջան և փաստագրել համապատասխան վայրերի կարգավիճակը:   Ժողովականները դիմեցին Եվրամիությանը Հայաստանում ուժեղացնելու ԵՄ առաքելությունը՝ ապահովելով բավարար անձնակազմ և միջոցներ՝ դիտարկումներ իրականացնելու ու զեկուցելու Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների ներխուժման մասին։   ԵՀԽ-ն կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ձեռնամուխ լինել այդ խնդրի կարգավորմանը, և ձեռնարկել արագ ու վճռական գործողություններ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ցանկացած հարձակման դեպքում։   Ժողովականները խնդրեցին ԵՀԽ գլխավոր քարտուղարին շարունակաբար հետևել 2023 թ․ սեպտեմբերի 18-22-ը Հայաստան այցելած ԵՀԽ պատվիրակության դիտարկումներին և եզրակացություններին։   ԵՀԽ-ն հրավիրեց անդամ բոլոր Եկեղեցիներին աղոթել տուժած անձանց համար, աջակցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն հայ ժողովրդին ցավալի և ապագայի նկատմամբ անորոշ այս ժամանակներում ծառայություն իրականացնելիս։
19:39 - 18 նոյեմբերի, 2023
Գերագույն հոգևոր խորհուրդն ընդգծել է բռնի տեղահանված արցախահայության արդար իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը

Գերագույն հոգևոր խորհուրդն ընդգծել է բռնի տեղահանված արցախահայության արդար իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Ժողովն ատենապետել են Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Հայրենական կյանքում ստեղծված կացության, աշխարհաքաղաքական առկա իրավիճակի և այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության անվտանգային հիմնախնդիրների, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, նրանց կեցության ապահովման և հումանիտար աջակցության ծրագրերի, ԼՂ հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԳՀԽ անդամ, ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, Մայր Աթոռի սոցիալական ծառայության վարչական խորհրդի ատենապետ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։ Անդրադառնալով Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջական հայաթափմանը՝ ԳՀԽ-ն ընդգծել է բռնի տեղահանված արցախահայության արդար իրավունքների պաշտպանության կենսական անհրաժեշտությունը։ Խիստ կարևորվել  արցախցիներին ուղղված հոգևոր խնամատարական, հումանիտար և հոգեբանական աջակցության ծրագրերի շարունակական իրագործումը, կեցության պայմանների բարելավման և զբաղվածության ապահովման ուղղությամբ աշխատանքների իրականացումը։ Մտահոգությամբ անդրադարձ է կատարվեց ԼՂ հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի ժխտողական քաղաքականությանը։ Անհրաժեշտ է համարվել, որ միջազգային, միջեկեղեցական ու միջկրոնական, այլև բոլոր հնարավոր այլ հարթակներում հետևողականորեն ներկայացվեն հայկական հուշարձանների, սրբավայրերի ու գերեզմանատների նկատմամբ արձանագրված ոտնձգությունները և աշխատանքներ իրականացվեն հայկական ժառանգության անխաթար պահպանության ուղղությամբ։ Ժողովում որոշվել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի թեմը ստեղծված կացության պայմաններում շարունակելու է պահպանել իր կարգավիճակը և գործել համաձայն եկեղեցական-կանոնական սկզբունքների։ Հանրակրթության ոլորտում հայագիտական առարկաների ծրագրերի բովանդակային ընդգրկվածության և կիրակնօրյա դպրոցների ուսումնական ծրագրերի վերաբերյալ զեկույցներով հանդես է եկել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Հայր Սուրբը ժողովականներին տեղեկություններ է փոխանցել 2023-24 թթ․ նոր չափորոշիչների հիման վրա հրատարակված հայագիտական առարկաների ծրագրերի վերաբերյալ։ Մասնավոր անդրադարձ է կատարվել Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքին, որում առկա են ինչպես պատմական, այնպես էլ եկեղեցագիտական սխալներ ու բացթողումներ։ Խիստ անընդունելի է համարվել, որ դասագրքերի պատրաստման գործընթացում դրանց բովանդակության մեջ տեղ են գտել գիտական համընդհանուր ճանաչում ստացած, ինչպես և Եկեղեցու կողմից նվիրագործված սկզբունքներին ու դիրքորոշումներին հակասող անհատական տեսակետներ ու վարկածներ։ Քննարկումների արդյունքում հանձնարարականներ են տրվել պատկան  կառույցների հետ անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել հանրակրթության ծրագրերից բացառելու բովանդակային նման շեղումներն ու աղճատումները։ Կիրակնօրյա դպրոցների ուսումնական ծրագրի առնչությամբ ԳՀԽ-ն որոշել է թեմակալ առաջնորդների և համապատասխան մասնագետների ընդլայնված քննարկումներ կազմակերպել՝ կարևորելով սերունդների հոգևոր դաստիարակության ու կրթության առաքելությունը։ Հայաստանում ամուսնությունների և ծնելիության նվազման, ամուսնալուծությունների աճի, թմրամոլության տարածվածության, կրոնական կազմակերպությունների մարդորսական գործունեության մասին զեկույցներով հանդես են եկել Մայր Աթոռի Իրավախորհրդատվական հանձնախմբի անդամ Արա Զոհրաբյանը, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի՝ աղանդագիտության դասախոս Տ․ Ղևոնդ ավագ քահանա Մայիլյանը։   Արձանագրվել է, որ երկրի ապագայի և ազգային անվտանգության համատեքստում խիստ սպառնալից են հիշյալ ոլորտներում տիրող իրավիճակները և ահագնացող միտումները։ Առկա հանգամանքները նկատի առնելով՝ կարևորվել է հովվական խնամքի և հոգևոր քարոզչության շրջանակներում հատուկ աշխատանքների իրականացումը՝ ի զորացում ընտանեկան, ազգային և բարոյական արժեհամակարգի։ Քառօրյա ժողովի ընթացքում քննարկվել են նաև Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող այլ հարցեր:
17:57 - 04 նոյեմբերի, 2023
Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը
 |tert.am|

Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը |tert.am|

tert.am: Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից: Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը նախագահում էր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ժողովի առաջին օրը զեկույցով հանդես եկան Արցախի թեմի առաջնորդը և Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: Ինչպես նշեց Արցախի թեմի առաջնորդ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի թելի լուծարումը տեղի չի ունենա։ «Վեհափառ Հայրապետը, ի ուրախություն մեզ բոլորիս, հայտարարեց, որ Արցախի թեմը չի լուծարվելու, այլ փոքր ինչ գործառույթներն են փոխվելու։ Այն իր նպատակին կծառայի։ Սա կնշանակի, որ մենք մեր սրտում նորից Արցախ վերադառնալու երազանք կունենանք», - նշեց Արցախի թեմի առաջնորդը։ Հաջորդ օրվա նիստին զեկույցով հանդես եկավ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը: Ներկայացրեց Հայաստանում թմրամոլության աճի հետ կապված իրավիճակը:
10:47 - 04 նոյեմբերի, 2023
Մայր Աթոռում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը․ քննարկման թեմաներից են Արցախից տեղահանվածների հիմնախնդիրները

Մայր Աթոռում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը․ քննարկման թեմաներից են Արցախից տեղահանվածների հիմնախնդիրները

Հոկտեմբերի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Ժողովը բացվեց Տերունական աղոթքով։ Այնուհետև Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հայցելով Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող և արդյունավետ ընթացքի համար։ Քառօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն հանրապետության առջև ծառացած հետպատերազմյա մարտահրավերներին և Արցախից բռնի տեղահանված հայորդիների հիմնախնդիրներին, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը, Եկեղեցու հոգևոր, կրթական ու սոցիալական առաքելությանն առնչված հարցեր:
20:38 - 31 հոկտեմբերի, 2023
Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու եվրոպական երկրների հայրապետական պատվիրակները և առաջնորդները հանդիպել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու եվրոպական երկրների հայրապետական պատվիրակները և առաջնորդները հանդիպել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եվրոպական երկրների հայրապետական պատվիրակներ և առաջնորդներ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը և Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը հոկտեմբերի 25-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում հանդիպում ունեցան ԵԱՀԿ գլխավոր քարտուղար տիկին Հելգա Շմիդի հետ: Այդ մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:   «Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրերը տիկին Շմիդին փոխանցեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնություններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև ներկայացրեցին Հայ Եկեղեցու կողմից իրականացվող աշխատանքները՝ ուղղված տարածաշրջանային խաղաղությանը, Արցախից բռնի տեղահանված հայորդիների կարիքների հոգածությանն ու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև պատմամշակութային ու կրոնական ժառանգության պահպանությանը:   Սրբազան Հայրերն ընդգծեցին, որ թեև Եվրախորհրդարանը դատապարտել է ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախում հայերի դեմ իրականացված սարսափելի հանցագործությունները, իսկ մի շարք երկրներ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները դատապարտող բանաձևեր են ընդունել, սակայն Ադրբեջանն առ այսօր անտեսում է միջազգային հանրության կոչերն ու որոշումները:   Հանդիպմանը հոգևոր առաջնորդները նշեցին, որ ժամանակն է, որպեսզի ի պատասխան ադրբեջանական իշխանությունների որդեգրած ցեղասպանական քաղաքականության և արցախահայերի հանդեպ իրականացրած էթնիկ զտումների, միջազգային հանրությունը պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ՝ կանխելու համար նրա ռազմատենչ քաղաքականության հետագա դրսևորումները:   Ադրբեջանի նման կեցվածքը առիթ պետք է հանդիսանա, որ Եվրամիությունը վերագնահատի վերջինիս հետ իր փոխհարաբերությունները, ձեռնարկի ռազմական հանցագործությունների մանրակրկիտ հետաքննության, ինչպես նաև միջազգային երաշխիքներ ստեղծի՝ ապահովելու տեղահանված արցախահայերի վերադարձը իրենց պատմական հայրենիք, ինչպես նաև նրանց անվտանգ կյանքն ու կենսագործունեությունը:   Տիկին Շմիդը վստահեցրեց, որ ԵԱՀԿ-ն և անձնապես ինքը կանեն ամեն հնարավորը՝ նպաստելու տարածաշրջանում հարատև ու արդար խաղաղության հաստատմանը, որի մեջ պետք է նկատի առնվեն նաև Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքն ու անվտանգ կյանքն իրենց բնօրրանում: Գլխավոր քարտուղարը նաև հավաստիացրեց, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է իր աջակցությունը բերել ի նպաստ տեղահանվածների հումանիտար և հոգեբանական կարիքների հոգածության:   Հանդիպման վերջում Սրբազան Հայրերը Հայ Եկեղեցու Եվրոպայի բոլոր առաջնորդների անունից նամակ փոխանցեցին տիկին Շմիդին, որում ամփոփված էին այն հիմնական կետերը, որոնք քննարկման նյութ դարձան նաև հանդիպման ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ:
18:31 - 27 հոկտեմբերի, 2023
Կիպրոսի ուղղափառ եկեղեցին դեղորայքային օգնություն կտրամադրի արցախահայությանը

Կիպրոսի ուղղափառ եկեղեցին դեղորայքային օգնություն կտրամադրի արցախահայությանը

Կիպրոսի ուղղափառ եկեղեցին ՀՀ առողջապահական ոլորտում դեղորայքային օգնություն կցուցաբերի արցախահայությանը օգնելու համար։ Այդ մասին նշվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Կիպրոսի ուղղափառ եկեղեցու պետ Տ. Գեորգիոս արքեպիսկոպոս Պապաքրիստոմուի օգնական Նեոպոլիսի Պորֆիրիոս եպիսկոպոսի` Մայր աթոռ սուրբ Էջմիածնում տեղի ունեցած հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։ Նշվում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Կիպրոսի ուղղափառ եկեղեցուն այս դժվարին օրերին հայրենազրկված արցախահայությանը և Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար։ «Վեհափառ հայրապետը ընդգծել է, որ երկու բարեկամ ժողովուրդներն ունեն պատմական համանմանություններ, և իրենց զորեղ հավատքով կարողացել են դիմագրավել բազմաթիվ փորձություններ ու դժվարություններ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Զրույցի ընթացքում Գարեգին 2–րդն անդրադարձել է նաև բռնի տեղահանված արցախցիների առջև ծառացած մարտահրավերներին։ Իր հերթին Պորֆիրիոս Սրբազանը նշել է, որ իր այցը նպատակ ունի նաև Կիպրոսի ուղղափառ եկեղեցու զորակցությունը հայտնելու հայ ժողովրդին։
22:48 - 24 հոկտեմբերի, 2023
Մայր աթոռն ու հայաստանյան բոլոր թեմերը զբաղվում են տեղահանված արցախցիների խնդիրներով

Մայր աթոռն ու հայաստանյան բոլոր թեմերը զբաղվում են տեղահանված արցախցիների խնդիրներով

Մայր աթոռի սոցիալական ծառայության գրասենյակը և հայաստանյան թեմերն այս օրերին լծված են Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին հոգևոր, հումանիտար և սոցիալական կարիքների հոգածության աշխատանքներին։ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հատուկ ուշադրության կենտրոնում է կացարաններով ապահովման խնդիրը։   «Այս պահին Մայր աթոռում, ինչպես և Վայոց Ձորի, Շիրակի, Գուգարաց, Գեղարքունյաց, Արմավիրի, Սյունյաց, Մասյացոտնի, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի թեմերում իրականացվում են տեղահանված արցախցիներին կացարաններով ապահովվման աշխատանքները։ Թեմապատկան կացարաններում արդեն իսկ բնակություն են հաստատել մեծաթիվ արցախցիներ»,– նշված է հաղորդագրության մեջ։   Հոգևորականներն այցելում են տարբեր համայնքներում հաստատված ընտանիքներին։ Հայաստանյան բոլոր թեմերում ցուցաբերվում է սոցիալական աջակցություն, տրամադրվում է սնունդ, հագուստ, առաջին անհրաժեշտության պարագաներ։ Մասյացոտնի թեմն արդեն համակարգված կերպով ամեն օր սնունդով է ապահովում շուրջ 400 անձանց։   Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Երևանի և Վաղարշապատի բարեգործական ճաշարանները նույնպես պատրաստ են սնունդով ապահովել արցախահայերին։   Իզմիրլյան ԲԿ-ն պատրաստ է անհրաժեշտ բուժօգնություն տրամադրել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին:
21:46 - 29 սեպտեմբերի, 2023
Չարեքթարի վրա կրակելով՝ Ադրբեջանը ոչնչացնում է Արցախում հայկական ինքնությունը. Մայր Աթոռ

Չարեքթարի վրա կրակելով՝ Ադրբեջանը ոչնչացնում է Արցախում հայկական ինքնությունը. Մայր Աթոռ

Ադրբեջանը ամեն կերպ շարունակելու է իր որդեգրած քաղաքականությունը՝ ոչնչացնելու ու վերացնելու Արցախում հայկական ինքնությունը։ Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով ադրբեջանցի զինծառայողների կողմից Արցախի Շահումյանի շրջանի՝ 13-րդ դարում կառուցված Չարեքթարի վանքի ուղղությամբ կրակոցները։ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված ոչնչացնելու Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը։ Այս և նմանատիպ այլ գործողություններ ցույց են տալիս, որ Ադրբեջանը ամեն կերպ շարունակելու է իր որդեգրած քաղաքականությունը՝ ոչնչացնելու ու վերացնելու Արցախում հայկական ինքնությունը։ Այս համատեքստում էլ ավելի անիրատեսական են դառնում Արցախում հայերի և ադրբեջանցիների խաղաղ համակեցության մասին խոսակցությունները։ Մենք մշակութային ժառանգության պահպանմամբ զբաղվող բոլոր միջազգային կառույցների ուշադրությունն ենք հրավիրում կատարվածի վրա և պահանջում ենք, որ պատշաճ արձագանք և գնահատական տրվի կատարվածին՝ կանխելու համար հետագա նմանատիպ մշակութակործան դեպքերը», - ասվում է հայտարարության մեջ։
23:01 - 27 սեպտեմբերի, 2023
Հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել՝ կանխելու համար եղեռնագործությունը Արցախում. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել՝ կանխելու համար եղեռնագործությունը Արցախում. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել: «Այսօր համախմբվել ենք սրբազան այս կամարների ներքո միասնական աղոթք մատուցելու առ Աստված Հայաստան և Արցախ նվիրական մեր հայրենիքի խաղաղության և մեր ժողովրդի անվտանգ կյանքի համար: Հայոց անկախ պետականության վերակերտման երեսուներկուերորդ տարեդարձը դիմավորում ենք մեծ տագնապների ու անհանգստությունների և նոր կորուստների ցավի մեջ։ Մեր մտքերն ուղղված են հայրենի Արցախ աշխարհին, որտեղ տևական ահաբեկումներից, բռնաճնշումներից և ավելի քան ինը ամիսների ամբողջական շրջափակումից հետո Ադրբեջանը ռազմական լայնածավալ գործողություններ վերսկսեց՝ շարունակելով ցեղասպան իր քաղաքականությունը արյունալի ոճրագործություններով: Մեր ժողովուրդը Արցախում այսօր կանգնած է գոյաբանական սոսկալի սպառնալիքների առջև: Հարյուր տարի անց քաղաքակիրթ աշխարհի հայացքի ներքո մեր ժողովուրդը վերստին ճաշակում է դառնությունը ցեղասպանության։ Վերստին ազատ ու անկախ կյանքի ու ազգային պատկանելիության համար հայը վճարում է իր կյանքով ու իր արյամբ։ Մենք հրաժարվում ենք հավատալ, որ քսանմեկերորդ դարի աշխարհում շարունակում է գործել ուժի իրավունքը, հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել կանխելու համար եղեռնագործությունը Արցախում: Մեր կոչն ենք ուղղում միջազգային կառույցներին, բարեկամ պետությունների ղեկավարներին՝ անհետաձգելի և առավել ազդու միջոցներ գործադրելու Ադրբեջանի ցեղասպան գործողությունները կասեցնելու համար: Կոչ ենք ուղղում մեր երկրի իշխանություններին, ազգային կառույցներին, քաղաքական, հասարակական գործիչներին՝ ամեն ջանք ներդնելու արցախահայությանը նոր պատուհասներից փրկելու համար։ Ազգային մեր կյանքում երկպառակությունը, կործանարար անտարբերությունը, քաղաքական ներհակությունները, հասարակական բևեռացվածության պատճառով համախմբվելու անկարողությունը նորանոր հարվածներ պիտի հասցնեն մեր ազգին և հայրենի պետականությանը։ Մեզ պետք է միաբանություն՝ փորձությունները հաղթահարելու և վերհառնելու համար, անդավաճան հայրենանվիրում՝ պետության անվտանգությունն ապահովելու և հզորանալու համար, պատասխանատվություն ու բարձր գիտակցություն՝ համազգային ու պետական մեր շահերի պաշտպանության և նվիրական իղձերի իրականացման համար։ Արցախի հավատավոր սիրելի զավակներ, Հայրական Մեր օրհնությունն ու աղոթքն ենք բերում ձեզ և Մեր զորակցությունը հայտնում Արցախի իշխանություններին։ Ծանր պատասխանատվության առջև եք կանգնած և, ցավոք, միայնակ եք կրում ձեր տառապանաց խաչը։ Մեր ցավն ու վիշտն ընդհանուր է, մեր կորուստների և հայրենի երկրին հասցված դաժան հարվածների դառնությունն ու տխրությունը ամենքիս սրտերում են։ Վճռական այս պահին թող Աստված ապավեն լինի, մխիթարի ու գոտեպնդի ձեզ՝ դիմակայելու նեղություններին ու դժվարություններին, և Տիրոջ ողորմությամբ ձեր և ձեր զավակների կյանքի ընթացքը լինի անվտանգ ու ապահով։ Այս ծանր իրավիճակում, մեր պատմության փոթորկահույզ ժամանակները հաղթահարած մեր նախնյաց օրինակով, հույսով և հավատով զինվենք ու զորանանք՝ ըստ սաղմոսերգուի խոսքի. «Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի դու, Տեր, ինձ հետ ես» (Սաղմ. 22.5)։ Սիրելի ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս, միասնաբար աղոթք բարձրացնենք առ Երկնավոր Տերը՝ հայցելով, որ Բարձրյալն Աստված խաղաղության Իր շնորհները հեղի հայոց աշխարհին, ամուր ու հաստատուն պահի հայոց պետականությունը և ազգասիրության ու հայրենասիրության մեջ՝ վճռական ու անսասան մեր ժողովրդին: Տիրոջ սերը, շնորհը և խաղաղությունը թող լինեն մեզ հետ այժմ և միշտ. ամեն»,- ասվում է ուղերձում։
13:57 - 21 սեպտեմբերի, 2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի պատվիրակությանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  ընդունեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) Գլխավոր քարտուղար Վերապատվելի Դր․ Ջերրի Պիլեյի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ԵՀԽ Կենտրոնական հանձնախմբի փոխատենապետ Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի։  Նորին Սրբությունը, ողջունելով պատվիրակության անդամներին, իր գնահատանքը և շնորհակալությունը հայտնեց ԵՀԽ-ին արցախահայության իրավունքների պաշտպանությանը, Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը և Արցախին հումանիտար օգնության ցուցաբերմանն ուղղված ջանքերի համար: Անդրադառնալով տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի նկատմամբ շարունակվող ոտնձգություններին, Արցախում ստեղված հումանիտար աղետին՝ Վեհափառ Հայրապետը նշեց, որ միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքը, ինչպես և միջազգային ատյանների կայացրած վճիռների ու հնչեցրած կոչերի անտեսումն անհետևանք թողնելը տեղիք է տալիս Ադրբեջանի նմանօրինակ դատապարտելի քաղաքականության անարգել իրագործման։ Զրույցի ընթացքում Հայոց Հայրապետը խոսեց նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման փաստերի մասին: Հանդիպմանը Նորին Սրբությունը կարևոր նկատեց միջազգային հանրության գործուն աջակցությունն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի, անհայտ կորածների ու զոհվածների աճյունների հայտնաբերման գործընթացներում։ Իր հերթին Դր․ Ջերրի Պիլեյն ընդգծեց, որ պատվիրակության այցը Հայաստան նպատակ է հետապնդում, ըստ ամենայնի, ծանոթանալու տարածաշրջանում ստեղծված իրավիճակին՝ պատրաստակամություն հայտնելով իրենց նպաստը բերելու արցախյան խնդրի խաղաղ կարգավորմանը։ ԵՀԽ Գլխավոր քարտուղարի հարցին ի պատասխան՝ Հայոց Հովվապետը լուսաբանություններ տվեց նաև տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանն ուղղված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ջանքերի և տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումների արդյունքների վերաբերյալ։
13:07 - 19 սեպտեմբերի, 2023
«Ամեն ինչ հանուն Արցախի» նշանաբանով պիտի դիմակայենք ու հաղթահարենք մեզ պատուհասած փորձությունները․ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը

«Ամեն ինչ հանուն Արցախի» նշանաբանով պիտի դիմակայենք ու հաղթահարենք մեզ պատուհասած փորձությունները․ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև․    «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Ավելի քան երեք տասնամյակներ առաջ Արցախի մեր զավակները համառ պայքարով և հավաքական կամքով իրենց անկախությունը հռչակեցին: Պատմական իրենց հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ կյանք կերտելու տեսիլքով քաջարի արցախցիները համայն հայության զորակցությամբ և իրենց տքնաջան աշխատանքով շենացրին հայրենիքը և նշանակալի ձեռքբերումներով ամրացրին հիմերը Արցախի նորանկախ Հանրապետության։ Այսօր ծանրացած սրտով և խոր մտահոգություններով ենք դիմավորում Արցախի անկախության տոնը։ Արցախը վերստին կանգնած է գոյաբանական սպառնալիքների առջև։ Ադրբեջանը, հայատյացությունը պետական քաղաքականություն դարձրած, շարունակում է անթաքույց իրագործել Արցախը հայաթափելու և բռնազավթելու ոճրագործ իր մտադրությունները՝ ցեղասպանական գործողությունների նորանոր դրսևորումներով: Ավելի քան ինը ամիս ապօրինաբար արգելափակված Բերձորի միջանցքը Ադրբեջանը դարձրել է գործիք իր հանցավոր նպատակների իրագործման համար՝ մեր զավակների նկատմամբ հետևողականորեն սաստկացնելով բռնաճնշումներն ու ահաբեկումները: Անելանելի թվացող այս ծանր իրավիճակում չկա այլ ճանապարհ, քան համազգային համախմբումը և ջանքերի մեկտեղումը՝ հանուն Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության, հանուն արցախահայության ազատ ու անվտանգ կյանքի։ «Ամեն ինչ հանուն Արցախի» նշանաբանով պիտի դիմակայենք ու հաղթահարենք մեզ պատուհասած փորձությունները, քանզի, առաքյալի խոսքի համաձայն, «նեղությունները համբերություն են բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս: Հույսը երբեք չի ամաչեցնում» (Հռ. 5.3-5)։ Այս հավատքով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արցախի Հանրապետության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում Արցախի քաջարի ժողովրդին, պետական այրերին ու Արցախի թեմի հոգևոր դասին՝ մաղթելով հավատի ու հույսի ամրություն, տոկունություն ու արիություն՝ Արցախի փրկության պայքարում։ Թող Տիրոջ սերը, օրհնությունն ու խաղաղությունը հովանի լինեն Մեր բարեսեր ժողովրդին և համայն աշխարհին»,- ասված է հաղորդագրության մեջ։
11:32 - 02 սեպտեմբերի, 2023
Գերագույն հոգևոր խորհուրդը Արցախի հարցով հանդես է եկել հայտարարությամբ

Գերագույն հոգևոր խորհուրդը Արցախի հարցով հանդես է եկել հայտարարությամբ

Օգոստոսի 28-31-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Ժողովի նիստերը վարեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Ադրբեջանական ագրեսիայի և աշխարհաքաղաքական բարդ զարգացումների հետևանքով Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում ստեղծված կացության վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԳՀԽ անդամ, ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը և «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։ Խիստ մտահոգությամբ արձանագրվեց, որ միջազգային լարված իրադրությունից օգտվելով՝ Ադրբեջանի իշխանությունները, որդեգրած պետական քաղաքականության շրջանակներում, ոչ միայն ձգտում են բռնազավթել Արցախը, այլև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։ Այս համատեքստում անդրադարձ կատարվեց Բերձորի միջանցքի արգելափակման արդյունքում Արցախի ամբողջական շրջափակմանը և արցախահայության նկատմամբ դրսևորվող անմարդկային բռնաճնշումներին ու ցեղասպան գործողություններին, ինչի հետևանքով խաթարվել են երկրի կենսագործունեության բոլոր ոլորտները։ Ներկայացվեցին նաև ադրբեջանական իշխանությունների կողմից նախաձեռնված քայլեն ու գործողությունները՝ ուղղված էթնիկ հայկական հետքերի ոչնչացմանն ույուրացմանը։ Զեկույցների շուրջ ծավալված քննարկումների արդյունքում ԳՀԽ հանդես եկավ առանձին հայտարարությամբ։ Մյուռոնօրհնության, եպիսկոպոսաց ձեռնադրության արարողությունների կազմակերպման ընթացքի, ինչպես նաև Մայր Տաճարի հիմնանորոգության, ներքին հարդարման և շրջակայքի բարեկարգման աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Արձանագրվեց, որ 2023թ. հոկտեմբերի 1-ին Մյուռոնօրհնեքի արարողությանն իրենց մասնակցությունը կբերեն Քույր Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներ, Հայ Եկեղեցու նվիրապետական աթոռներից ու աշխարհասփյուռ թեմերից բարձրաստիճան հոգևոր հայրերև հավատացյալ ուխտավորներ։ Մյուռոնօրհնության արարողության շրջանակներում սեպտեմբերի 30-ին Սուրբ Գայանե վանքում տեղի կունենա «Խաղաղության աղոթք» միջեկեղեցական պատվիրակությունների մասնակցությամբ, իսկ հոկտեմբերի 8-ին՝ եպիսկոպոսաց ձեռնադրություն։ Մյուռոնօրհնության տոնական արարողության կազմակերպման աշխատանքների հետ առնչված խոսվեց Տաճարի շրջակայքի բարեկարգման ընթացքի մասին։ Արձանագրվեց, որ մինչ Մյուռոնօրհնեք Մար Աթոռ Սուրբ Էջմիածինը շինարարների ներդրած ջանքերի արդյունքում պատշաճ բարեզարդությամբ կներկայանա ուխտավոր հայորդիներին։ Ժողովի ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության գործարքի խնդիրների շուրջ։ ԳՀԽ-ը կարևորությամբ ընդգծեց, որ շարունակելու է հետամուտ լինել հարցի բարվոք կարգավորմանը և այդ կապակցությամբ գործադրվելու են հնարավոր բոլոր ջանքերը։ Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև եկեղեցա-վարչական, կարգապահական և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող այլ հարցեր:
20:11 - 01 սեպտեմբերի, 2023