Մանե Թանդիլյան

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր՝ ընտրված «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։

Ծնվել է 1978թ. ապրիլի 3-ին։ 1999 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմական ֆակուլտետը։ 2002 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան։ 2003 - 2004 թվականներին աշխատել է «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում, որպես ֆինանսական վերլուծաբան։ 2004 թվականին եղել է հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում։

2004 - 2006 թվականներին աշխատել է «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահ, 2006 - 2008 թվականներին նույն պաշտոնը ստանձնել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում։ 2009 - 2017թթ. աշխատել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում որպես ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ։ 2015 թվականի դեկտեմբերի 15-ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է։ Նույն թվականի դեկտեմբերի 21-ին ընտրվել է կուսակցության խորհրդի քարտուղար։ 2017 թվականին «Ելք» դաշինքի ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է այդ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրված միակ կին պատգամավորը։ Եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը: 2018 թվականի փետրվարի 19-ին ԼՀԿ կառավարման խորհրդի նիստում ընտրվել է ԼՀԿ փոխնախագահ։

2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: 2018 թվականի հունիսի 12-ին, դեմ լինելով կառավարության կողմից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը, հրաժարական է ներկայացրել նախարարի պաշտոնից։ Հունիսի 21-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը և վերջինս շարունակել է պաշտոնավարել։ 2018 թվականի նոյեմբերի 14-ին հրաժարական է տվել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար: ԼՀԿ համապետական ցուցակում զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում: 

2020թ. դեկտեմբերի 2-ին նշանակվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար:

Հայաստանի և Արցախի պաշտոնյաները կունենան արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու միասնական օրակարգ

Հայաստանի և Արցախի պաշտոնյաները կունենան արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու միասնական օրակարգ

Արցախի Հանրապետության  աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հունվարի 23-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի և այլ պաշտոնատար անձանց հետ՝ Արցախից և Հայաստանից: Ինչպես տեղեկացնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից՝ հանդիպմանը մասնակցել են ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը, ԱՀ նախագահի խորհրդական-նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ՝ Սփյուռքի հարցերով, Ազատուհի Սիմոնյանը, այլ պաշտոնատար անձինք ևս՝ Արցախից և Հայաստանից: Թանդիլյանն անդրադարձել է դեպի Արցախ նման այցերի կարևորությանն՝ իր խոսքում ընդգծելով, որ հայաստանյան տարբեր կառույցների հետ մշտական փոխգործակցությունը պետք է լինի շարունակական՝ ունենալով առարկայական արդյունքներ: Արցախի սոցիալական ապահովության նախարարն այդ համատեքստում հատկապես կարևորել է Հայաստանի և Սփյուռքի ներգրավվածությամբ արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանը զուգահեռ, նաև բնակարանային ապահովման և հետագա կենսագործունեության համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն ու այդ ուղղությամբ նպատակային աշխատանքների իրականացումը: Մասնավորապես, շեշտվել է Արցախում ներդրումների միջոցով աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությունն՝ այդտեղ ապրելու հետագա հնարավորության ընձեռումն, ինչպես նաև սոցիալական և այլ կարիքների բավարարման մեխանիզմի կիրառումն որպես առաջնահերթություն դիտարկելու հարցը: «Հանդիպման մասնակիցները օրակարգային թեմաների շուրջ քննարկումների, խնդրո առարկա հանդիսացող հարցերի պարզաբանման արդյունքում որոշում են կայացրել՝ ունենալ միասնական օպերատիվ աշխատանքային օրակարգ, որը հնարավորություն կտա Արցախում առկա խնդիրները դիտարկել ճիշտ տեսանկյունից՝ ըստ այդմ ընտրելով լուծման համարժեք եղանակներ և հնարավորինս սեղմ ժամկետներ»,-հայտնում են նախարարությունից:  
15:33 - 23 հունվարի, 2021
Գործարկվել է սոցիալական շտապօգնության արագ արձագանքման հարթակ. Թանդիլյանը մանրամասներ է հայտնել

Գործարկվել է սոցիալական շտապօգնության արագ արձագանքման հարթակ. Թանդիլյանը մանրամասներ է հայտնել

Արցախի սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում.  «Սիրելի՛ հայրենակիցներ,   Արցախյան պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում մեր հայրենակիցները ցուցաբերել և ցուցաբերում են բացառիկ կամեցողություն և նվիրվածություն աջակցելու պատերազմի արդյունքում ծանր կացության մեջ հայտնված արցախցի մեր հայրենակիցներին։   Յուրաքանչյուր աջակցության ունի մեծ սրտացավություն, և շատ կարևոր է համոզված լինել, որ այն գտնում է իր իրական հասցեատիրոջը։   Աջակցության ձեր առաջարկների բազմազանությունը և ծավալը անհրաժեշտություն է առաջացրել դրանց համակարգման, և այդ միջոցով հասցեականության բարձրացման, որի համար ստեղծված է այս հարթակը։   Շուտով կգործարկենք նաև կարիքի արձանագրման օնլայն հարթակը, որը հնարավորություն կտա աջակցել ցանկացողներին ուղիղ աջակցություն իրականացնել՝ էլ ավելի արդյունավետ ու թափանցիկ դարձնելով գործընթացը։   Օնլայն հարթակի միջոցով առաջարկում ենք արձանագրել աջակցության ձեր առաջարկը նշված կատեգորիաներով, որոնց կարիքը ամենից շատն է արձանագրվել մեր հայրենակիցների շրջանում։   Մեր աշխատակիցները, տիրապետելով աջակցության ձեր առաջարկների շտեմարանին և գնահատելով կարիքի հայտերը, կիրականացնեն գործընթացը՝ ցանկության դեպքում աջակցողի մասնակցությամբ։   Աջակցողը կտեղեկանա, թե ում և ինչպիսի կարիքի է աջակցում։ Սիրելի հայրենակիցներ, մեր պարտքն ենք համարել ապահովել հնարավորություն, որով երաշխավորված կլինի հասցեական աջակցությունը։ Բարին ընդ ձե՛զ։   ՀԳ․ Նախքան լրացնելը, խորհուրդ ենք տալիս դիտել տեսանյութը, որը ներկայացնում է, թե ինչպես լրացնել հայտը»:    
20:16 - 22 հունվարի, 2021
Արայիկ Հարությունյանը հանդիպել է նախարար Մանե Թանդիլյանին

Արայիկ Հարությունյանը հանդիպել է նախարար Մանե Թանդիլյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 21-ին ընդունել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանին և նրա տեղակալներին։  Հանդիպմանը, որին մասնակցում էին պաշտոնատար այլ անձինք, քննարկվել է ստեղծված հետպատերազմական բարդ իրավիճակում պետական սոցիալական քաղաքականության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը: Նախագահն ընդգծել է, որ պետք է արագորեն հստակեցվեն պետական ու բարեգործական սոցիալական ծրագրերի ինստիտուցիոնալ մեխանիզմներն ու չափանիշները, որպեսզի հնարավոր լինի ապահովել դրանց բարձր արդյունավետությունն ու արդարացիությունը: Այնուհետև Հանրապետության նախագահը հանդիպումը շարունակել է ընդլայնված կազմով՝ նախարարության աշխատակիցների հետ:  Արայիկ Հարությունյանը նախ ընդարձակ ելույթով ներկայացրել է Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, կառավարության անելիքները և հանրության սպասելիքներին համահունչ կատարվող քայլերը, ապա հարցուպատասխանի ձևաչափով քննարկել հետպատերազմյան շրջանի մարտահրավերներին, անվտանգային երաշխիքներին, սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող հարցեր:  ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին՝ անկեղծ և անմիջական մթնոլորտում կայացած հանդիպման և քննարկված հարցերի համար՝ շեշտադրելով, որ նախարարության աշխատակազմը պատրաստ է կյանքի կոչել իր առջև դրված նպատակները:
19:58 - 21 հունվարի, 2021
Նախատեսվում է աջակցության ծրագրերը շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ խոցելի խմբերն ունեն դրա անհրաժեշտությունը. Թանդիլյան

Նախատեսվում է աջակցության ծրագրերը շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ խոցելի խմբերն ունեն դրա անհրաժեշտությունը. Թանդիլյան

Այսօր՝ հունվարի 20-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը մասնակցել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին:   Մինչ սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերին և ծրագրերին անդրադառնալը՝ Մանե Թանդիլյանը հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ստորև.   «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, հարգելի՛ նախագահություն, հարգարժա՛ն պատգամավորներ Նախ՝ թույլ տվեք ասել, որ ես առաջին անգամ եմ խոսում այս բարձր ամբիոնից, և ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել և հանդես գալ Արցախի ժողովրդի կողմից ընտրված Ազգային Ժողովի պատգամավորների առջև։   Ես ուզում եմ հույս հայտնել, որ մեր միասնական շահագրգիռ ու հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավորինս կարճ ժամկետներում կլուծենք մեզ պարտադրված պատերազմի հետևանքով մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները՝ դարձնելով մեր երկիրը ավելի հզոր, ուժեղ՝ թշնամու համար այլևս անխոցելի:   Գիտեք, որ ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո մեկնարկել են բազմաթիվ ծրագրեր՝ թվով 11, ՀՀ և ԱՀ կառավարությունների համատեղ կատարման, որոնք միտված են եղել հումանիտար ճգնաժամի թիրախ դարձած մեր հայրենակիցների հրատապ խնդիրների լուծմանը: Այս ծրագրերը շարունակվում են ցայսօր, ինչպես նաև նախատեսվում է շարունակել նաև այս տարի այնքան ժամանակ, քանի դեռ սոցիալական խոցելի խմբերն ունեն այդ աջակցության անհրաժեշտությունը:   Ուզում եմ վստահեցնել` պատերազմի պատճառած սոցիալական հետևանքները շարունակելու են լինել մեր ուշադրության կենտրոնում՝ նաև արտացոլված լինելով այս տարվա բյուջեում այնքանով, որքանով հնարավոր էր դա գնահատել այն կարճ ժամանակահատվածում, որի ընթացքում ներկայացվել է 2021 թվականի բյուջեն:   Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ մենք չենք հրաժարվել անցած տարվա ծրագրերի հիմնական մասից, որոշակի փոփոխության ենք ենթարկել, նաև պահպանելով ճկունություն՝ անհրաժեշտության դեպքում վերաբաշխումներ իրականացնելու՝ ծրագրերը դարձնելով ավելի հասցեական և պատեհաժամ»:    
19:26 - 20 հունվարի, 2021
Մանե Թանդիլյանը և նախարարության մի խումբ աշխատակիցներ հանդիպում են ունեցել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տնօրենի հետ

Մանե Թանդիլյանը և նախարարության մի խումբ աշխատակիցներ հանդիպում են ունեցել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տնօրենի հետ

Այսօր՝ հունվարի 15-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության մի խումբ աշխատակիցներ՝ նախարար Մանե Թանդիլյանի գլխավորությամբ, հանդիպում են ունեցել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տնօրեն Վարուժան Ավետիքյանի հետ:  Հանդիպման նպատակն էր՝ պատերազմի ընթացքում զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին հատուցումներ տալու կարգին նախարարության՝ սոցիալական աջակցությամբ զբաղվող պատասխանատու աշխատակիցներին մանրամասն իրազեկումն ու դրանից բխող այլ հարցերի պարզաբանումները:  Վ. Ավետիքյանն այդ առնչությամբ հանդես է եկելտեղեկատվությամբ, ներկայացրել հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն ու մեխանիզմները, այնուհետև պատասխանել ներկաներին հուզող հարցերին:Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հիմնադրամի կողմից տրվող հատուցումների տրամադրման կարգի վերաբերյալ քաղաքացիներին իրազեկելու եղանակներն ու ավելորդ քաշքշուկից խուսափելու հնարավոր տարբերակները:Հատկապես կարևորվել է այնպիսի մեխանիզմի մշակումը, որը հնարավորություն կտա հիմնադրամի պահանջող կարգին համապատասխանեցնել այն զոհերի ընտանիքների և հաշմանդամ դարձած ազատամարտիկների տվյալները, որոնց անուններն ինչ-ինչ պատճառներով չեն ընդգրկվել այդ ցուցակներում, ասենք, օրինակ, նրանք մասնակցել են որևէ գյուղի ինքնապաշտպանական մարտերին՝ առանց համապատասխան զինկոմիսարիատում գրանցվելու և այլն:Նման ծրագրի իրականացմամբ հնարավոր կդառնա պահպանել հիմնադրամի կողմից իրականացվող գործունեության հասցեականությունն ու անկողմնակալությունը:
21:50 - 15 հունվարի, 2021
Սկսվում է բնակավայրերը կորցրած արցախցիներին բնակելի տների տրամադրման գործընթացի առաջին փուլը. Թանդիլյանը մանրամասներ է հայտնել

Սկսվում է բնակավայրերը կորցրած արցախցիներին բնակելի տների տրամադրման գործընթացի առաջին փուլը. Թանդիլյանը մանրամասներ է հայտնել

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտնել է, որ Արցախի կառավարությունը սկսում է պատերազմի հետևանքով բնակավայրերը կորցրած քաղաքացներին բնակելի տների տրամադրման գործընթացի առաջին փուլը։ «Այս փուլում բնակելի տներ են տրամադրվում Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայնքներում։ Տները լինելու են վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։   Բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում։   Արվում է առավելագույնը հնարավորինս կարճաժամկետ հատվածում կացարանի խնդիր ունեցող քաղաքացիների համար Արցախում ապահովելու ապրելու համար արդյունավետ պայմաններ»,- Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է Թանդիլյանը:
11:47 - 12 հունվարի, 2021
Արցախում 2021-ից ավելանում են երեխայի ծննդյան և մինչև երկու տարեկան խնամքի նպաստները․ Մանե Թանդիլյան

Արցախում 2021-ից ավելանում են երեխայի ծննդյան և մինչև երկու տարեկան խնամքի նպաստները․ Մանե Թանդիլյան

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտնել է, որ 2021-ի հունվարի 1-ից ավելանում են երեխայի ծննդյան և մինչև երկու տարեկան խնամքի նպաստները։ «1-ին երեխայի ծննդյան միանվագ նպաստը սահմանվում է 300 հազար դրամ՝ նախկին 100 հազար դրամի փոխարեն 2-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը սահմանվում է 300 հազար դրամ՝ նախկին 200 հազար դրամի փոխարեն երեխայի ծննդյան պահին ծնողներից մեկի կամ միակ ծնողի հաշմանդամության խումբ ունենալու դեպքում Երեխայի ծննդյան միանվագ նպաստը սահմանվում է 500 հազար դրամ Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի ամենամսյա նպաստը սահմանվում է 27 հազար դրամ՝ նախկին 15 հազար դրամի փոխարեն Քայլ առ քայլ, մենք շարունակում ենք ստեղծել ապրելու և արարելու անհրաժեշտ պայմաններ։ 2021 թվականը պետք է դառնա Արցախի նոր տեսլականի կերտման սկիզբը, որտեղ իրենց մեծ ներդրումն են ունենալու Արցախի երեխաները»,- գրել է նա։
19:44 - 29 դեկտեմբերի, 2020
Արցախում ապրելու և աշխատելու կարիք կա. Մանե Թանդիլյան

Արցախում ապրելու և աշխատելու կարիք կա. Մանե Թանդիլյան

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ կրկին՝ Արցախում աշխատելու հերթական հնարավորության մասին: Սիրելի ընկերներ, իմ տեղափոխվելուն պես ինձ հաճախ եք հարցնում՝ ի՞նչ կարող ենք անել Արցախի համար, ինչպե՞ս աջակցել, ինչի՞ կարիք կա։ Հիմա ասում եմ՝ Արցախում ապրելու և աշխատելու կարիք կա։ Միգուցե հենց ձեզ համար ամենահարմար աշխատանքը չէ, բայց կունենաք ընկերներ, բարեկամներ, այդ թվում՝ հիմա Արցախում ապրող, որոնք տեղեկատվություն ստանալու հասանելիություն չունեն, օգնեք մեզ գտնենք կադրեր, որովհետև միայն աշխատանքով կարելի է արժանապատիվ ապրուստ վաստակել, նույնիսկ եթե որոշ դեպքերում իր երազանքի աշխատանքը չէ, միևնույնն է՝ դա կարող է սկիզբ լինել, քանզի աշխատանքն է հաջողության հասնելու լավագույն ճանապարհը»:
12:22 - 26 դեկտեմբերի, 2020
Գործարկում ենք բողոք-դիմումների հավաքագրման համակարգ․ Մանե Թանդիլյան

Գործարկում ենք բողոք-դիմումների հավաքագրման համակարգ․ Մանե Թանդիլյան

Հետպատերազմյան աջակցության ծրագրերի շրջանակներում ձեզ հետ անհատական աշխատանքի մոտեցում ենք ցուցաբերել։ Այդ աշխատանքը թույլ է տվել մեզ մշակել համակարգ, որով առանձնացրել ենք հաճախ կրկնվող դեպքեր և մշակել դրանց լուծումները։ Խնդիրները թե տեխնիկական են, թե բովանդակային, հետևաբար մենք ինտենսիվ կերպով աշխատում ենք բոլոր ներգրավված գերատեսչությունների հետ։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։ «Այսպիսով, որպեսզի կարողանանք ավելի օպերատիվ և համակարգված լուծում տալ ձեզ մոտ առաջացած բոլոր հարցերին, գործարկում ենք բողոք-դիմումների հավաքագրման համակարգ՝ յուրաքանչյուր ծրագրով։ Այս դիմումները առանձնացնելու ենք ըստ համապատասխան գերատեսչությունների, ճշգրտենք, և ձեզ տեղեկացնենք արդյունքի մասին՝ կարճ հաղորդագրության տեսքով։ Դիմում-բողոքները լրացնելու հետ կապված որևէ խնդիր ունենալու դեպքում, մեր նախարարության աշխատակիցները պատրաստ են աջակցել ձեզ նույն ընթացակարգով, ինչպես աջակցել ենք հիմնական դիմումները լրացնելիս։ Սիրելի արցախցիներ, խնդրում եմ համագործակցել մեզ հետ՝ զինվելով հանդուրժողականությամբ և համբերատարությամբ, որպեսզի մենք էլ մեր հերթին երբեմն անհնարին թվացող հարցերին լուծումներ գտնենք, իսկ դա պահանջում է հետևողական և ջանասեր աշխատանք, որն անձնվեր կերպով և ինտենսիվ ռեժիմով իրականացնում են մեր աշխատակիցները»,- գրել է նա։ Դիմում-բողոքներ ներկայացնելու համար անցեք հետևյալ հղումով։
16:49 - 25 դեկտեմբերի, 2020
Արցախ-Հայաստան կապը անխափան աշխատելու է, և մենք մշտական համագործակցության մեջ ենք լինելու իրենց գիտելիքն ու ներուժը հայրենիքի հզորացման գործում ներդնել ցանկացողների հետ․ Մանե Թանդիլյան

Արցախ-Հայաստան կապը անխափան աշխատելու է, և մենք մշտական համագործակցության մեջ ենք լինելու իրենց գիտելիքն ու ներուժը հայրենիքի հզորացման գործում ներդնել ցանկացողների հետ․ Մանե Թանդիլյան

Քննարկումներ ենք ունեցել Արցախում ստեղծված իրավիճակի լուծման բոլոր հնարավոր ուղիները մշակելու նպատակով, այդ թվում` կամավորների ներգրավման, բարեգործական ծրագրեր նախագծելու, վերականգնողական ծառայություններ մատուցելու և այլ կարևոր քայլեր իրականացնելու շուրջ։ ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՀ կատարած եռօրյա աշխատանքային այցս գերհագեցած էր նաև  տարբեր ձևաչափերով հանդիպումներներով ամենատարբեր ոլորտներում աշխատող անձանց հետ։  Խորին շնորհակալությունս բոլոր նրանց, ովքեր պատրաստակամություն են հայտնել րոպե առաջ լծվել գործի և աջակցել Արցախ աշխարհի վերականգնմանը։ Ներողություն եմ խնդրում  նրանցից,  ովքեր ցանկություն էին հայտնել հանդիպել, սակայն ժամանակը թույլ չտվեց։Խոստանում եմ բացը լրացնել հաջորդ այցիս ընթացքում։  Արցախ-Հայաստան կապը անխափան աշխատելու է, և մենք մշտական համագործակցության մեջ ենք լինելու իրենց գիտելիքն ու ներուժը հայրենիքի հզորացման գործում ներդնել ցանկացողների հետ։  Արցախն ապրելու է հայերեն:»
19:14 - 16 դեկտեմբերի, 2020