Մեծամորի ԱԷԿ

Հայկական ատոմային էլեկտրակայանը (Մեծամորի ատոմակայան) միակն է Հարավային Կովկասում, գտնվում է Երևանից մոտ 36 կմ արևմուտք՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում։ Ներկայում կայանի արտադրանքը բավարարում է Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%–ը։ 2003 թ․ ատոմակայանը շահագործում է ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ–ն՝ համաձայն Ռոբերտ Քոչարյանի կողմից կնքված հայ–ռուսական «գույք պարտքի դիմաց» պայմանագրի։

ՀԱԷԿ-ի այս տարվա՝ 141 օր տևողությամբ կանգը պայմանավորված է մեծ ծավալի վերանորոգման աշխատանքներով. Էդուարդ Մարտիրոսյան

ՀԱԷԿ-ի այս տարվա՝ 141 օր տևողությամբ կանգը պայմանավորված է մեծ ծավալի վերանորոգման աշխատանքներով. Էդուարդ Մարտիրոսյան

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը պարզաբանում է տարածել՝ կապված վերջին շրջանում զանգվածային լրատվական միջոցներում և սոցիալական ցանցերում ակտիվ Հայկական ատոմային էլեկտրակայանի հնարավոր փակման հարցի վերաբերյալ:   Նշվում է, որ առանձին ուժերի կողմից կայանի առաջիկա պլանային կանգին տրվում են քաղաքական գնահատականներ, իսկ իրականում, ՀԱԷԿ-ը շարունակում է շահագործվել դրվածքային՝ 407.5 ՄՎտ հզորությամբ` օրական արտադրելով մինչև 10 մլն կՎտ. ժամ էլեկտրաէներգիա:   «Ցանկանում եմ պարզաբանել, որ ս/թ մայիսի 15-ից հոկտեմբերի 2-ը կատարվելու է Հայկական ատոմային էլեկտրակայանի ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգումը, որի ընթացքում, «Ռուսատոմ Սերվիս», ընկերության ներկայացուցիչների հետ համատեղ, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նախագծի շրջանակներում կիրականացվեն ռեակտորի իրանի թրծաթողման, անվտանգության բաղկացուցիչ կարևոր հանգույցների ստուգաչափման, նորոգման կամ նորով փոխարինման աշխատանքներ:   Անհրաժեշտ սարքավորումների հիմնական մասն արդեն իսկ ձեռք է բերվել և գտնվում է ՀԱԷԿ-ում, իսկ դրանց մոնտաժումը կմեկնարկի մայիսի 15-ից: Պետք է նշել, որ այդ աշխատանքների գերակշիռ մասն իրականացվելու է ՀՀ Կառավարության կողմից տրամադրված 63,2 մլրդ. դրամի չափով բյուջետային վարկի միջոցներով, որի շնորհիվ կհաջողվի ապահովել ատոմակայանի հուսալի աշխատանքի անընդհատությունը, կայանը հագեցնել նորագույն ժամանակակից սարքավորումներով և է՛լ ավելի բարձրացնել ՀԱԷԿ-ի անվտանգությունը։   Ատոմակայանի այս տարվա երկարատև՝ 141 օր տևողությամբ կանգը պայմանավորված է աննախադեպ մեծ ծավալի վերանորոգման աշխատանքներով, որոնք իրականացվելու են կայանի գրեթե բոլոր արտադրամասերում՝ ՀԱԷԿ-ի, ինչպես նաև արտերկրից՝ հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, ատոմային էներգետիկայի ոլորտում աշխատանքների հարուստ փորձ ունեցող շուրջ 1000 մասնագետների ներգրավմամբ:   Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորող կոմիտեի (ՀՀ ՄԱԿԿ) մասնագետները, որոնք վերահսկելու են աշխատանքների ընթացքը: Այս տարի՝ նախատեսված աշխատանքների ավարտից հետո, ատոմակայանը կդիմի ՀՀ ՄԱԿԿ՝ գործող շահագործման լիցենզիայի երկարացման համար:   Անհրաժեշտ եմ համարում նշել, որ ատոմակայանի պլանային կանգն ամեն տարի նախապես համաձայնեցվում է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ հետ, որը հանրապետության էներգետիկ համակարգի մյուս կայանների միջոցով լրացնում է պահանջվող էլեկտրաէներգիայի ծավալները՝ ապահովելով մեր երկրի ամբողջ տարածքի հուսալի, անխափան էլեկտրամատակարարումը։   Հավաստիացնում եմ, որ ՀԱԷԿ-ի ամբողջ փորձառու և արհեստավարժ անձնակազմն անձնվիրաբար անընդմեջ աշխատում է ատոմակայանի հուսալի և անվտանգ շահագործումն ապահովելու ուղղությամբ»,- ասված է պարզաբանման մեջ:          
21:24 - 19 մարտի, 2021
Հայկական ԱԷԿ-ում իրականացվելու են անվտանգության մեծացմանն ուղղված աշխատանքներ

Հայկական ԱԷԿ-ում իրականացվելու են անվտանգության մեծացմանն ուղղված աշխատանքներ

Հայաստանի էներգետիկ ռազմավարության իրականացման առանցքային փուլերը, Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքների ընթացքը և երկրի էներգետիկայի գործունեության կարևոր այլ հարցեր են քննարկել այսօր Երևանում «Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկման մասնակիցները։   Միջոցառումը կազմակերպվել է «Ռոսատոմ» Պետկորպորացիայի և «Ատոմային էլեկտրակայանների շահագործման Հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից՝ ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության շրջանակում։ Քննարկմանը մասնակցել են պրոֆիլային հիմնարկների ներկայացուցիչներն ու ոլորտային փորձագետները։ Միջոցառման մոդերատորն էր Հայաստանում ՄԱԿ-ի էներգետիկայի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։   Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվախքների նախարար Սուրեն Պապիկյանը ողջույնի ուղերձ է հղել քննարկման մասնակիցներին և կազմակերպիչներին։   Ուղերձում, մասնավորապես, ասվում է․ «Երկար տարիների ընթացքում ատոմային էներգետիկան մեր երկրի համար հանդիսանում էր գեներացման բազային աղբյուր, և այդ ոլորտի դերը մնացել է անփոփոխ նաև այսօր։ Մինչև 2040թ․ Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիրը նախատեսում է 2026թ-ից հետո Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգում, իսկ հեռանկարում նաև նոր ատոմակայանի կառուցում։ Կարևոր է նաև ընդգծել, որ ԱԷԿ-ը՝ մաքուր էներգիայի կայուն մատակարար է, և շնորհիվ ատոմային գեներացիայի Հայաստանը կկարողանա կատարել Կլիմայի փոփոխության դեմ պայքարի Փարիզյան համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները։ Համոզված եմ, որ պանելային քննարկման ընթացքում ներկայացված գաղափարները կծառայեն երկխոսության և ատոմային ոլորտում գործընկերության խորացմանը»:   Բացելով միջոցառումը, «Արմատոմ» ԳՀԻ ՓԲԸ տնօրեն Վահրամ Պետրոսյանը նշեց․ «Այս տարի մենք նշում ենք կարևոր հոբելյան՝ Հայաստանի ատոմային ոլորտի 55-ամյակը։ 1966 թվականին ընդունվել է Հայկական ԱԷԿ-ը կառուցելու որոշում և այսօր մեր ատոմային ոլորտն ապահովում է էլեկտրաէներգիայի գեներացման կայուն աղբյուր և հանդիսանում է գիտության և բժշկության զարգացման խթան։ Այսօր Հայաստանն արժանի տեղ է գրավում Միջուկային էներգետիկ երկրների Ակումբում, և մենք կարող ենք վստահ լինել մեր էներգետիկ անվտանգության և անկախության հարցում հենց «խաղաղ ատոմի» շնորհիվ»։   Անկասկած, երկրի ատոմային ոլորտի զարգացման ելակետ է դարձել Հայկական ԱԷԿ-ը, որն այսօր ապահովում է ամբողջ էլեկտրաէներգիայի շուրջ 40 տոկոսը։ 2015 թ-ից Հայկական ԱԷԿ-ում իրագործվում է արդիականացման նախագիծը։ Արդեն կատարվել է աշխատանքների մեծ ծավալ․ իրականացվել է սպրինկլերային համակարգի արդիականացում, հետազոտվել է ստուգման ենթակա բոլոր սարքավորումները (շուրջ 5000 միավոր), ամբողջությամբ փոխարինվել են մեքենայական սրահի սարքավորումները, ինչը թույլ տվեց ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը 10-15 տոկոսով՝ վառելիքի նույն ծախսի պարագայում։ Այժմ նախագիծը մտել է վճռական փուլ՝ իրականացվում են երկրորդ էներգաբլոկը շահագորժման հավելյալ ժամկետին նախապատրաստելու աշխատանքներ։ Կայանի արդիականացման և անվտանգության մակարդակի բարձրացման պայմանագրի շրջանակում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ։   «2021թ-ի ընթացքում Հայկական ԱԷԿ-ում իրականացվելու են անվտանգության բարձրացմանն ուղղված հետևյալ աշխատանքները․ ռեակտորի իրանի մետաղի թրծաթողում և ռեակտորի վթարային հովացման համակարգի արդիականացում։ Թրծաթողման տեխնոլոգիան թույլ կտա շուրջ 80-85 տոկոսով վերականգնել մետաղի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները և ամբողջ աշխարհում համարվում է կայանների շահագործումը երկարաձգելու ամենաարդյունավետ ձև։ Այս պահին Ռուսաստանում, Ուկրաինայում, Բուլղարիայում, Ֆինլանդիայում հաջողությամբ շահագործվում են թրծաթողումն անցած ВВЭР-440 բլոկները»,- նշեց Հայկական ԱԷԿ-ի արդիականացման նախագծի ռուսական կողմից ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։
17:55 - 18 մարտի, 2021
Սուրեն Պապիկյանը և Սերգեյ Կոպիրկինը այցելել են Հայկական ԱԷԿ

Սուրեն Պապիկյանը և Սերգեյ Կոպիրկինը այցելել են Հայկական ԱԷԿ

Հունվարի 22-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի այցը Հայկական ԱԷԿ՝ կայանի արդիականացման աշխատանքների իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով: Այցի շրջանակում կողմերը նշել են 2020 թվականին կատարված աշխատանքների հաջող իրականացումը: Հայկական ԱԷԿ-ը պատրաստվել է արդիականացման ավարտական փուլին։ Կայանում կատարվել է նաև ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման համակարգի տեղադրման աշխատանք, որն անցել է բոլոր համապատասխան ստուգումներն ու լիովին պատրաստ է շահագործման: Բուն թրծաթողման գործընթացը կիրականացվի այս տարի, ինչը կայանին հնարավորություն կտա աշխատանքը շարունակել նաև 2026 թվականից հետո: ՀԱԷԿ-ում աշխատանքների գլխավոր կապալառուն «Ռուսատոմ Սերվիս» ԲԲԸ-ն է: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել համակարգի աշխատակիցների մասնագիտական որակներն ու նվիրվածությունը, որոնց շնորհիվ նախորդ տարվա բարդ ժամանակահատվածոմ հնարավոր եղավ պահպանել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղի կայունությունը։ «Ատոմային էներգետիկան այսօր թույլ է տալիս  ապահովել Հանրապետության էներգետիկ անվտանգության և անկախության պատշաճ մակարդակը: Անչափ կարևորում եմ մեր գործընկերների հետ ոլորտի զարգացման ուղղությամբ առաջիկայում տարվող համատեղ աշխատանքը։ Շատ կարևոր է պահպանել և զարգացնել մեր ունեցած բարեկամական հարաբերությունները, քանի որ բացվում է համատեղ գործունեության լայն շրջանակ, ինչպես մոտակա ժամանակկներում, այնպես էլ ավելի հեռավոր ապագայում․ կայանի շահագործման ժամկետը երկարաձգելիս, ատոմային էներգետիկայի նոր օբյեկտը կառուցելիս», ընդգծել է նախարար Պապիկյանը։ Նախարարը հիշեցրել է, որ այս տարի նշվում է Հայաստանի ատոմային էներգետիկայի 55-ամյակը։ Նախարարը նաև ընդգծել է, որ տարեսզկբին ՀՀ կառավարությունը հաստատել է մինչև 2040 թվականը էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիրը: «Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի ատոմային ոլորտի զարգացման հիմնական առաջնահերթություններից մեկը Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումն է 2026 թվականից հետո. կառավարությունը մտադիր է կայանի շահագործումը երկարաձգել առնվազն մինչև 2036 թվականը: Միևնույն ժամանակ զարգացման ռազմավարության հիմնական նպատակը նոր ատոմակայանի կառուցումն է»,  ասել է նախարարը: Սուրեն Պապիկյանը նաև նշել է, որ ատոմակայանի առկայության դեպքում է հնարավոր հասնել CO2 արտանետումների ամենացածր մակարդակին, ինչը համապատասխանում է ՀՀ կառավարության երկարաժամկետ նպատակներին: Մեկնաբանելով էներգետիկ ոլորտում երկրների միջև համագործակցության զարգացումը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է. «Փոխօգնության, վստահության ու բարեկամության ավանդույթներն են որոշում Ռուսաստանի և Հայաստանի այսօրվա հարաբերությունները։ Ընդ որում, ատոմային էներգետիկան մնում է իրապես ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն մեր երկկողմ փոխգործակցության զարգացման համար: Հայկական ԱԷԿ-ի արդիականացման նախագծի հաջող իրականացման կարևորությունը երբեք կասկածի տակ չի դրվել։ Վերջին երեք տարիների ընթացքում հսկայական ծավալի աշխատանք է կատարվել։ Դա հնարավոր է դարձել հայ և ռուս մասնագետների մասնագիտական վարպետության, համակարգված և ամբողջական նվիրումով աշխատելու նրանց ունակության շնորհիվ։ Սակայն աշխատանքների ճակատը մնում է բավական լայն և 2021 թվականը պետք է վճռորոշ լինի վերջնական արդյունքի հասնելու ճանապարհին։ Հայկական ԱԷԿ-ը պետք է մնա ցածր գներով էներգիայի արտադրության կայուն աղբյուր և նպաստի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը»:
16:03 - 22 հունվարի, 2021
Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի վերականգնողական թրծաթողման համակարգը պատրաստ է շահագործման

Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի վերականգնողական թրծաթողման համակարգը պատրաստ է շահագործման

Հայկական ԱԷԿ-ում ավարտվել են 2-րդ էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի վերականգնողական թրծաթողման համակարգի հավաքման աշխատանքը:   Դրանք անցկացվեցին նոյեմբերի 25-ից՝ ԱԷԿ-ի ինչպես նաև «Նովովորոնեժատոմէներգոռեմոնտ» ու «ՑՆԻԻՏՄԱՇ» ընկերությունների աշխատակիցների հետ համատեղ և ավարտվել են ժամկետից շուտ: Աշխատանքները կազմակերպում է «Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ն՝ կայանի արդիականացման և անվտանգության մակարդակի բարձրացման պայմանագրի շրջանակում:   Թրծաթողման համակարգն անցել է համապատասխան բոլոր ստուգումները և ամբողջությամբ պատրաստ է շահագործման: Ռուսաստանցի մասնագետները կվերադառնան հայկական ԱԷԿ հաջորդ տարվա ապրիլ-մայիսին՝ համակարգի տեղադրման ու թրծաթողման նախապատրաստելու համար: Բուն ընթացակարգը կիրականացվի 2021 թվականին՝ ԱԷԿ-ում 2021 թվականի պլանային-նախազգուշական նորոգման ժամանակ, դրանով էլ պայմանավորված 2021 թվականին ՊՆՆ-ն կտևի սովորականից ավելի երկար՝ մոտ 140 օր:   Ռեակտորի թրծաթողումը ռեակտորի կորպուսի մետաղի ֆիզիկամեխանիկական հատկությունների վերականգնման ամենաարդյունավետ միջոցն է, կորպուսի մետաղի ֆիզիկամեխանիկական հատկությունները փոխվում են շահագործման ընթացքում՝ մշտական ռադիացիոն ճառագայթման ազդեցության տակ: Առաջին անգամ այդ տեխնոլոգիան կիրառվել է 1987 թվականին Նովովորոնեժսկի ԱԷԿ-ի 3-րդ էներգաբլոկում։ Այժմ այդ գործընթացն իրականացվում է բոլոր կայարաններում, որտեղ ընթանում է շահագործման ժամկետի երկարաձգում։   Վերականգնողական թրծաթողումներն արդեն անցկացվել են ВВЭР-440 տիպի ռեակտորներում այնպիսի ատոմակայաններում, ինչպիսիք են Կոլայի ատոմակայանը (Ռուսաստան), Ռովենի ԱԷԿ-ը (Ուկրաինա), «Կոզլոդույ» ատոմակայանը (Բուլղարիա) և «Լովիիսա» (Ֆինլանդիա):
10:38 - 25 դեկտեմբերի, 2020
Ատոմակայանի աշխատանքների 141-օրյա կանգը էներգիայի գնման ծախսն ավելացնելու է 16 մլրդ դրամով |hetq.am|

Ատոմակայանի աշխատանքների 141-օրյա կանգը էներգիայի գնման ծախսն ավելացնելու է 16 մլրդ դրամով |hetq.am|

hetq.am: 2021թ. մայիսի 21-ից մինչև հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) վերանորոգման և վերազինման աշխատանքները: Իրականացվող աշխատանքների նպատակն այն է, որպեսզի կայանի գործունեության ժամկետը երկարացվի մինչև 2027թ: Ստացվում է, որ ՀԱԷԿ-ի աշխատանքները կանգնելու են 141 օրով: Այդ ժամանակահատվածում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխանցմամբ՝ էլեկտրաէներգիայի անհրաժեշտ արտադրությունը կապահովեն ջերմակայանները՝ «Հրազդան-5» էներգաբլոկը և «Հրազդանի» ՋԷԿ-ը:  Քննարկվում են տարբերակներ, թե ինչպես սպառողների համար մեղմել սակագնի բարձրացումը, քանի որ մյուս աղբյուրներից ստացված էլեկտրաէներգիան ՀԱԷԿ-ի արտադրածի համեմատ՝ ավելի թանկ է: Մեղմելու տարբերակներից մեկն էլ միջազգային վարկն է: Քանի որ քննարկումներն ու ուսումնասիրությունները շարունակվում են, առայժմ պարզ չէ՝ վարկի անհրաժեշտությունը կլինի՞, թե՞ ոչ: Նշենք, որ էլեկտրաէներգիայի հաջորդ տարվա սակագինը որոշվում է գործող սակագնի նախորդ որոշումից մեկ ամիս առաջ: Փետրվարին լրանում է որոշման ժամկետը, ուստի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նոր սակագնի մասին որոշում պետք է կայացնի ամենաուշը այս տարվա դեկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը գրավոր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել է, որ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի վերջնական սակագների վրա ազդում են բազմաթիվ գործոններ, որոնք կարող են ունենալ ինչպես դրական, այնպես և բացասական ազդեցություն: Դրանց գնահատումը և հաշվարկները ընթացքի մեջ են, ուստի դրանց արդյունքներն ամփոփելուց հետո միայն կարելի է ունենալ հստակ պատկեր և առկա հնարավորություններից ելնելով՝ կիրառել անհրաժեշտ լուծումներ։ Նշենք, որ 2020թ. փետրվարի 1-ից էլեկտրաէներգետիկական համակարգի գործող սակագների հաշվարկներում, երբ 2020թ. նախատեսված էր 77-օրյա կանգառ ՀԱԷԿ-ի պլանային նորոգման համար, ՀԱԷԿ-ից էլեկտրական էներգիայի օգտակար առաքումը կազմում է 2501,7 մլն կՎտժ։ 2021թ. համար ՀԱԷԿ-ի հիմնական պլանային նորոգման համար նախատեսված է առավել երկարատև՝ 141-օրյա կանգառ, որի պարագայում ՀԱԷԿ-ից էլեկտրական էներգիայի օգտակար առաքումը կանխատեսվում է 1942,2 մլն կՎտժ, այսինքն՝ գործող սակագների հաշվարկներում ներառված էլեկտրական էներգիայի քանակի նկատմամբ 559,5 մլն կՎտժ-ով պակաս։ Շարունակությունը՝ hetq.am-ում։
13:35 - 02 դեկտեմբերի, 2020
2021-ին ատոմակայանը 140 օր չի աշխատի․ Գարեգին Բաղրամյան |factor.am|

2021-ին ատոմակայանը 140 օր չի աշխատի․ Գարեգին Բաղրամյան |factor.am|

factor.am: 2021-ին էներգետիկ ծանր տարի է սպասվում։ Այս մասին այսօր ԱԺ հանձնաժողովի նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։ «Այս տարի արդեն ստանում ենք էներգետիկայի հաշվեկշիռները հաջորդ տարի սակագների վերանայման գործընթաց սկսելու համար։ Գիտեք` փետրվարից փետրվար է իրականացվում վերանայումը։ Այս պահին դեռ չեմ ուզում որևիցե կոնկրետ թվային գնահատականներ տալ»,- ասաց նա։ Բաղրամյանը հայտնեց, որ ՀԷՑ-ում այս տարի բավականին խնայողություններ են եղել, կորուստները նվազել են շուրջ 2.5 տոկոսով, որը համարժեք է 4-5 մլրդ դրամի։ «Բայց դրան զուգահեռ 2021 թ.-ին նախատեսվում է ատոմակայանի ամենամեծ աշխատանքները՝ կյանքի երկարաձգման համար և աննախադեպ երկար կանգնելու է՝ մոտ 140 օր, սովորական նախատեսված 45 օրվա համեմատ։ Բնականաբար, այդ կանգառի ժամանակ չարտադրված էլեկտրաէներգիան փոխարինվելու է ՋԷԿ–երում արտադրված էլեկտրաէներգիայով»,- ասաց Բաղրամյանը։ Շարունակությունը՝ factor.am-ում։ 
20:01 - 03 նոյեմբերի, 2020
Ռեակտորի թրծման կայանքը հասցվել է Հայկական ԱԷԿ

Ռեակտորի թրծման կայանքը հասցվել է Հայկական ԱԷԿ

Հայկական ատոմային էլեկտրակայանի ռեակտորի իրանի մետաղի վերականգնողական թրծման (ջերմամշակման) կայանքը հասցվել է ատոմակայան: ՀԱԷԿ-ը նախապատրաստվում է կայանի շահագործման ժամկետի երկարաձգման ավարտական փուլի աշխատանքներին, որոնք կանցկացվեն 2021 թվականին` կիրականացվի ռեակտորի թրծումը, ինչը թույլ կտա 80-ից 85 տոկոսով վերադարձնել այն ելակետային վիճակին, ասված է «Ռոսատոմ»-ի հաղորդագրությունում: Տեխնոլոգիական այդ եզակի գործողությունը կանցկացվի Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի շրջանակում։ «Սա կարևոր գիտատար աշխատանք է կայանի անվտանգությունը բարձրացնելու համար։ Թրծման շնորհիվ կվերականգնվեն ռեակտորի իրանի մետաղի հատկությունները, ինչը թույլ կտա շարունակել դրա անվտանգ շահագործումը», - նշել է կայանի շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։ «Ռեակտորի թրծումը՝ շահագործման ընթացքում մշտական ռադիացիոն ճառագայթման ազդեցությունից փոփոխվող ռեակտորի իրանի մետաղի ֆիզիկա-մեխանիկական հատկությունների վերականգնելու ամենաարդյունավետ միջոցն է։ Ռեակտորի իրանը էներգաբլոկի «սիրտն» է, և հենց դրա ռեսուրսով է պայմանավորված կայանի շահագործման ժամկետի երկարաձգումը», - փոխանցում է «Ռոսատոմ»-ը՝ մանրամասնելով. - «Իրանի թրծումն իրականացվում է ջերմարտազատող հավաքվածքի լրիվ բեռնահանումից՝ պահման ավազանում։ Դա անհրաժեշտ է իրանը հետազոտելու և ռեակտորի ներսում թրծման կայանքը մոնտաժելու համար։ Թրծման կայանքի օգնությամբ ռեակտորի իրանը տաքացվում է մինչև 475 աստիճան ու պահվում այդ ջերմաստիճանով մի քանի օր, որից հետո տեղի է ունենում դանդաղ սառեցումը։ Մետաղի կառուցվածքը վերականգնում է իր հատկությունները, ինչն ավելացնում է դրա շահագործման ժամկետը»։ Գործողությունը կիրականացնեն «Ռոսատոմ»-ի մի քանի կազմակերպություններ։ Տեխնոլոգիան մշակել ու համապատասխան հաշվարկներ են իրականացնում «Կուրչատովի ինստիտուտ» Ազգային հետազոտական կենտրոնը, «Գիդրոպրեսս» հատուկ կոնստրուկտորական բյուրոն (ОКБ «ГИДРОПРЕСС») և «Պրոմոթեյ» կոնստրուկցիոն մետաղների ԿԳՀԻ-ն (ЦНИИКМ «Прометей»), իսկ աշխատանքները կայանում կիրականացնեն «Ատոմէներգոռեմոնտ» («Атомэнергоремонт») և մեքենաշինության տեխնոլոգիաների ԿԳՀԻ-ն («ЦНИИТМАШ»)։ Ռեակտորի իրանի մետաղի վերականգնողական թրծման տեխնոլոգիան առաջին անգամ կիրառվել է 1987 թվականին, Նովովորոնեժյան ԱԷԿ-ում։ Այսօր այս գործողությունն իրականացվում է բոլոր կայաններում, որոնցում կատարվում է ժամկետների երկարաձգում։ Վերականգնողական թրծումներ են իրականացվել ВВЭР-440 տիպի մի շարք ռեակտորների վրա՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Բուլղարիայում և Ֆինլանդիայում, նաև ասված է հաղորդագրությունում:
13:21 - 04 սեպտեմբերի, 2020
Հայկական ԱԷԿ-ը միացվեց Հայաստանի միասնական էներգահամակարգին

Հայկական ԱԷԿ-ը միացվեց Հայաստանի միասնական էներգահամակարգին

Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի N3 և 4 տուրբագեներատորները պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ-2020) հետո դուրս են եկել հզորության էներգետիկ մակարդակ և միացել Հայաստանի միասնական էներգահամակարգին: «ՊՆՎ շրջանակում ավարտվել են աշխատանքներ ռեակտորային և տուրբինային արտադրամասերում, ինչպես նաև կենտրոնացված վերանորգման արտադրամասում։ Իրականացվել է կառավարման համակարգերի քարշակների և ռեակտորի պաշտպանության գործիքային հետազոտությունը, ինչպես նաև մետաղի չքայքայող վերահսկման սարքերի ստուգումը։ Կատարած աշխատանքները թույլ են տվել էապես բարձրացնել էներգաբլոկի շահագործման անվտանգության և հուսալիության աստիճանը։ Հայկական ԱԷԿ-ի ՊՆՎ ավարտվել է նախատեսված ժամկետից 12 օր շուտ։ Դա հրանավոր է դարձել շնորհիվ գործընթացի հատուկ կազմակերպման, Հայկական ԱԷԿ-ի անձնակազղմի՝ վերջնական արդյունքի հասնելու նպատակաուղղվածության, ինչպես նաև շնորհիվ ներգրաված կազմակերպությունների հետ առողջ գործնական փոխհարաբերությունների, որոնք ձևավորվել են համատեղ արդյունավետ աշխատանքի ընթացքում։ Հայկական ԱԷԿ-ի պլանային նախազգուշական աշխատանքների կատարման և սարքավորումների արդիականացման գլխավոր կապալառուն է՝ «Ռուսատոմ Սերվիս» մասնագիտացված ընկերությունն է, որը «Ռոսատոմ»  պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկ ստորաբաժանման մասն է։ Արդեն հինգերորդ տարի Հայկական ԱԷԿ-ը համատեղում է պլանային-նախազգուշական վերանորոգումը կայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման հետ, քանի որ միջոցառումների մեծ մասը տեխնոլոգիապես հասանելի է միայն կանգնեցված էներգաբլոկում։ ՊՆՎ ավարտից հետո Հայկական ԱԷԿ №2 էնեևգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի աշխատանքները կշարունակվեն»,- ասված է «Ռոսատոմ» պետկորպորացիայի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում:
16:55 - 25 օգոստոսի, 2020
Ե՞րբ և ո՞ւմ են վաճառվել Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները. մաս 2 |fip.am|

Ե՞րբ և ո՞ւմ են վաճառվել Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները. մաս 2 |fip.am|

fip.am: Անկախացումից հետո Հայաստանի ռազմավարական նշանակության մի շարք օբյեկտներ, ենթակառուցվածքներ տարբեր պատճառաբանություններով և փաստարկներով մասնավորեցվեցին և վաճառվեցին, հանձնվեցին օտարերկրյա կառավարման։   Նախորդ հոդվածում անդրադարձ էր կատարվել «Գույք պարտքի դիմաց» պայմանագրին, ինչպես նաև ՀԷՑ-ի և «Հայգազի» վաճառքի պատմություններին: Երկրորդ մասում կներկայացնենք «Սևան-Հրազդան» հիդրոէլեկտրակայանների կասկադի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վաճառքի, ինչպես նաև երկաթուղու, ջրամատակարարման համակարգի, Մեծամորի ատոմակայանի և «Հայփոստի» հավատարմագրային կառավարումն օտարերկրյա կազմակերպություններին տրամադրելու պատմությունները։ «Սևան-Հրազդան» հիդրոէլեկտրակայանների կասկադ «Սևան-Հրազդան» հիդրոէլեկտրակայանների կասկադը յոթ ՀԷԿ-երի՝ Սևանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երևան-1-ի և Երևան-3-ի համակարգ է, որի գումարային հզորությունը կազմում է 559.4 մՎտ, իսկ տարեկան նախագծային արտադրանքը՝ 2.32 մլրդ կՎտ.ժամ:  2003 թվականին Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարության որոշմամբ Մեծամորի ատոմակայանի միջուկային վառելիքի դիմաց գոյացած պարտքը մարելու նպատակով ընդամենը 25 միլիոն դոլարի դիմաց 7 ՀԷԿ-ից բաղկացած կասկադը տրվեց «Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» ՓԲԸ-ին («ՄԷԿ» ՓԲԸ), որը պատկանում էր ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը: 2011 թվականին «ՌուսՀիդրոն» ձեռք բերեց «ՄԷԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը: 2019 թվականին հայտնի դարձավ, որ «Սևան-Հրազդան» կասկադը ակտիվների և պասիվների հետ միասին 173 միլիոն ռուբլով վաճառվել է «Տաշիր» ընկերությանը:  Ջրամատակարարում Մինչև 2016 թվականը Հայաստանում ջրամատակարարում իրականացնում էր 5 ընկերություն՝ «Երևան Ջուրը», «Հայջրմուղկոյուղին», «Լոռի-ջրմուղկոյուղին» «Շիրակ-ջրմուղկոյուղին» և «Նոր Ակունքը»: Ընդ որում, 2006 թվականից դրանց կառավարումն իրականացնում էին երկու ֆրանսիական ընկերություններ. «Երևան Ջուրը» կառավարում էր «Վեոլիա Գրուպը», իսկ մնացածը՝ սկսած 2004 թվականից՝ «Սուարը»: 2016 թվականին ջրամատակարարման համակարգը կառավարման հանձնվեց մեկ ընկերության: Կառավարությունը պայմանագիր կնքեց ֆրանսիական «Վեոլիա ջուր» ընկերության հետ: 800 միլիոն եվրո արժեցած գործարքով ընկերությունը 15 տարով վարձակալեց նախկինում 5 ընկերությունների կողմից օգտագործվող և պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը:  Մեծամորի ատոմակայանը Ըստ «Էներգետիկայի մասին» օրենքի՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը և մասնավորեցման ենթակա չեն: Սակայն դրա կառավարման իրավունքը հանձնվել է օտարերկրյա կազմակերպությունների: 2003 թվականին «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ին փոխանցվեց Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հավատարմագրային կառավարումը։ ԱԷԿ-ի հավատարմագրային կառավարման իրավունքը ռուսական ընկերությանը փոխանցվեց այն բանից հետո, երբ տարեկան 100 միլիոն դոլարի հոսանք արտադրող ԱԷԿ-ն այլևս չէր կարողանում վճարել Ռուսաստանից ներկրված միջուկային վառելիքի դիմաց գոյացած մոտ 40 միլիոն դոլար պարտքը։ ԱԷԿ-ի ստացած շահույթի 25 տոկոսը ստանալու էր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵՍ» ընկերությունը, մնացած 75 տոկոսը՝ Հայաստանի կառավարությունը:  2012 թվականին պայմանագիրը կասեցվեց ռուսական ընկերության դիմումի համաձայն, քանի որ, ըստ ռուսական լրատվամիջոցների, աշխատանքային պայմանները շահավետ չէին: Հարցմանն ի պատասխան՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնեցին, որ ներկայում ատոմակայանը հանձնված չէ հավատարմագրային կառավարման և պատկանում է Հայաստանի Հանրապետությանը:  Երկաթուղի 2007 թվականին Հայաստանի կառավարությունը հաստատեց հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու մրցույթի անցկացման մասին որոշումը: 2008 թվականի  փետրվարին կառավարությունը հավանության արժանացրեց Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու վերաբերյալ որոշումը: Ռուսական կողմին հանձնված կառավարման ժամկետը 30 տարի է՝ քսան տարվա աշխատանքից հետո տասը տարի երկարաձգելու իրավունքով՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ:  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնավորեցվեց 2004 թվականին, երբ կառավարությունը 132 միլիոն դոլարի դիմաց գործարանը օտարեց 4 ընկերության: Գերմանական «Քրոնիմեդ» ընկերությունը ստացավ կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, Երևանի «Մաքուր երկաթ» գործարանը՝ 15 տոկոսը, «Արմենիան Մոլիբդենիում Փրոդակշըն» և «Զանգեզուր Մայնինգ» փակ բաժնետիրական ընկերությունները՝ 12․5-ական տոկոսը։ 2014 թվականին «Քրոնիմեդը» գնեց «Մաքուր երկաթ» գործարանի բաժնեմասերը: Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկի բաժնետերերի մասին մանրամասն անդրադարձ էր կատարել «Սիվիլնեթը»՝ բացահայտելով կոմբինատի կապը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի  և այլ անձանց հետ: «Հայփոստ» Փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության միանձնյա սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է: Այն ծառայություններ է մատուցում Հայաստանի ողջ տարածքում՝ 900 փոստային բաժանմունքներում:  2004 թվականին ընկերության հավատարմագրային կառավարումը կառավարության որոշմամբ անցավ «Կոնվերս Ինվեստ» ընկերությանը, ապա՝ ընդամենը երկու տարի անց, կառավարիչը փոխվեց: 2006 թվականին կառավարության որոշմամբ «Հայփոստի» հավատարմագրային կառավարման պատասխանատվությունը ստանձնեց նիդերլանդական «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո էռնեկյանին: Գործընթացն իրականացվեց առանց մրցույթի:  2015 թվականին, արդեն Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունը որոշում կայացրեց՝ ընկերությունն ամբողջովին մասնավորեցնելու մասին: Ըստ կառավարության ներկայացուցիչների՝ մասնավորեցումը նպաստելու էր կապի ոլորտի զարգացմանը և նոր ներդրումների իրականացմանը: Սակայն 2019 թվականին կառավարության դիրքորոշումն այս հարցում փոխվեց: Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանն Ազգային ժողովում հայտարարեց, որ «Հայփոստը» կարևոր է պետական ծառայությունների մատակարարման տեսանկյունից, և այդ պատճառով դրա մասնավորեցումը նպատակահարմար չէ: 2020 թվականին՝ 16 տարվա հավատարմագրային կառավարումից հետո, «Հայփոստն» անցավ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Այսպիսով, այսօր Հայաստանի էներգետիկ ոլորտում բացարձակ գերիշխող դիրքեր են զբաղեցնում ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը և ռուսական «Գազպրոմ Արմենիան»: Լուսինե Ոսկանյան
16:14 - 14 օգոստոսի, 2020
Ե՞րբ և ո՞ւմ են վաճառվել Հայաստանի ռազմավարական օբյեկտները. մաս 1 |fip.am|

Ե՞րբ և ո՞ւմ են վաճառվել Հայաստանի ռազմավարական օբյեկտները. մաս 1 |fip.am|

fip.am: Անկախացումից հետո Հայաստանի ռազմավարական նշանակության մի շարք օբյեկտներ, ենթակառուցվածքներ տարբեր պատճառաբանություններով և փաստարկներով մասնավորեցվեցին և վաճառվեցին, հանձնվեցին օտարերկրյա կառավարման։   Հայաստանի համար այդ գործարքների շահավետությունն ու նպատակահարմարությունը մշտապես քննարկման առարկա են եղել։   Հոդվածի առաջին մասում կանդրադառնանք «Գույք պարտքի դիմաց»  պայմանագրին, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցերի» և «Հայգազի» վաճառքի պատմություններին: Ուշագրավ է, որ թեև «Գույք պարտքի դիմաց» պայմանագիրն անկախ Հայաստանի պատմության ամենամեծ աղմուկ հանած գործարքներից է, դրա պայմանագիրը երբևէ չի հանրայնացվել և հրապարակվում է առաջին անգամ: «Գույք պարտքի դիմաց» պայմանագիրը Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք 2002 թվականի նոյեմբերին  Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքվեց «Գույք պարտքի դիմաց» համաձայնագիրը:  Մեծ քննարկումների և քննադատությունների արժանացած համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի արդյունաբերության, գիտության և տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը, որոնք, որպես հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ, վարել էին բանակցությունները:  Այդ պայմանագրով 1994-1998 թվականներին կուտակված մոտ 95 միլիոն դոլար պարտքի դիմաց Հայաստանը Ռուսաստանին հանձնեց կարևորագույն նշանակություն ունեցող 5 օբյեկտներ՝ Հրազդանի ջերմակայանը՝ առանց 5-րդ բլոկի, «Մարս» գործարանը և 3 ընկերություններ՝ Նյութաբանության գիտահետազոտական և արտադրական ձեռնարկությունը, Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտները:   Ըստ պայմանագրերի՝ Ռուսաստանի Դաշնությունը, դառնալով գույքերի նոր սեփականատեր, դրանց նկատմամբ ստանում էր տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը, ներառյալ դրա՝ երրորդ անձանց հետագա վաճառքի կամ փոխանցման իրավունքը։  Հրազդանի ջերմակայանը գնահատվեց 31 միլիոն դոլար և դարձավ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵՍ»-ի սեփականությունը: Պայմանագրով հայկական կողմը նաև Ռուսաստանին բացառիկ իրավունք տրամադրեց մինչև 2005 թվականը գնելու 5-րդ բլոկը, իսկ մինչ այդ պարտավորվում էր չվաճառել այն: Էլեկտրաէներգիան արտահանելու դեպքում ռուսական կողմն ազատվում էր արտահանման մաքսային տուրքից: 2017 թվականին ՋԷԿ-ը վաճառվեց «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին: «Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն գնահատվեց 3.37 միլիոն դոլար: «Նյութաբանության գիտահետազոտական և արտադրական ձեռնարկություն» ՓԲԸ-ն, ըստ պայմանագրի, գնահատվեց 350 հազար դոլար:  Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը («ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ) Ռուսաստանին որպես սեփականություն հանձնվեց՝ գնահատվելով ընդամենը 2.75 մլն դոլար: Ըստ Պետական ռեգիստրի՝ ներկայում  ինստիտուտի կառավարող կազմակերպությունը ռուսական «Սիտրոնիքս» ընկերությունն է:  «Մարս» գործարանը գնահատվեց 56.29 միլիոն դոլար: 2008 թ. ընկերությունը հանձնվել է վերոնշյալ «Սիտրոնիքս» ընկերության կառավարմանը: 2013-ին կառավարության որոշմամբ «ՌԱՕ ՄԱՐՍ» և «ԵրՄՄԳՀԻ»   տարածքներում ստեղծվեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտին՝ «Սիտրոնիքս Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ: «Սիտրոնիքսը» ռուսական «Սիստեմա» ընկերության դուստր կազմակերպությունն է: Հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանը մայր կազմակերպության գործադիր տնօրենների ցանկում է: Բացի այդ, ՌԴ-ն՝ որպես սեփականատեր, ստացավ մաքսային արտոնություններ: Գույքի հետ միասին հանձնվեցին նաև ընկերությունների հողատարածքները, ինչպես նաև հետագայում այդ օբյեկտները վերավաճառելու իրավունքը: Գույքի շուկայական գնահատումը և անկախ աուդիտորական ստուգումը կատարվեցին հայկական կողմի հաշվին: «Հայգազ» Անկախացումից հետո Հայաստանում գազի մատակարարմամբ և բաշխմամբ զբաղվում էր «Հայգազ» հատուկ նշանակության պետական ձեռնարկությունը, որը հետագայում վերանվանվեց «Հայգազարդ» ՊՁ-ի: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման վերջին ամիսներին՝ 1997 թ. օգոստոսին, հիմնադրվեց արդեն «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը:  1998 թ. ապրիլի 30-ին կառավարությունը որոշում ընդունեց ՀՀ գազատրանսպորտային համակարգի հիմնական միջոցները «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու մասին։ Այս որոշման համաձայն` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 45 տոկոսն անցավ ռուսական «Գազպրոմին», 10 տոկոսը ռուսական մեկ այլ՝ «Իտերա» ընկերությանը, իսկ Հայաստանին մնաց միայն 45 տոկոս բաժնեմասը։ Գործարքի մասին ուշագրավ տեղեկություններ է հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանն իր «Վերադարձ» գրքում: Ըստ դրա՝ 45% բաժնեմասը Ռուսաստանին վաճառելու դիմաց Հայաստանը պետք է ստանար գազ՝ 148 միլիոն դոլարի չափով, որը պետք է գոյանար սպառողներին մոտ 2․5 տարվա ընթացքում գազի վաճառքից: Հետագայում այդ գումարը պետք է մուտքագրվեր Հայաստանի պետական բյուջե: Սակայն իրականում այդ գումարի ճակատագիրը մինչ այսօր անհայտ է:  2006 թվականին կառավարության որոշմամբ 248.8 մլն դոլարի դիմաց «Գազպրոմին» վաճառվեց «Հրազդան»-ի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը: Ռուսական ընկերությունը պարտավորվում էր ավարտին հասցնել էներգաբլոկի շինարարությունը: Վաճառքից ստացված գումարից 188․8 մլն դոլարը փոխանցվելու էր «ՀայՌուսգազարդին»՝ որպես գազի սահմանված սակագնի մասնակի փոխհատուցում: Փաստացի, ստացվում էր, որ հենց քաղաքացիների հաշվին սակագինը չէր բարձրացվում: Հաջորդող 2 տարիների ընթացքում «Գազպրոմը» գնեց լրացուցիչ թողարկված  բաժնեմասեր՝ 543.8 մլն դոլար արժողությամբ, ինչի արդյունքում ռուսական կողմի մասնաբաժինն ընդհանուր կապիտալում 45-ից աճեց 78.83 տոկոսի: 2009 թվականին ընկերությունը գնեց նաև «Իտերայի» մասնաբաժինը: Այդ պահի դրությամբ՝ «ՀայՌուսգազարդը» պատկանում էր Հայաստանի կառավարությանը (20%) և «Գազպրոմին» (80%): 2013 թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեցին «գազային» համաձայնագրերը: Դրանց համաձայն՝ «Գազպրոմին» փոխանցվեց «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի վերջին՝ 20 տոկոս բաժնեմասը և փաստացի երաշխավորվեց, որ մինչև 2043 թվականը հայկական կողմը գազը գնելու է «Գազպրոմից», ավելին՝ «Գազպրոմ Արմենիան» (վերանվանված «ՀայՌուսգազարդը») ստացավ էլեկտրաէներգիա արտահանելու արտոնություն:  «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսի վաճառքի պայմանագիրը կնքվեց 2014 թ. հունվարի 17-ին Մոսկվայում: Որպես Հայաստանի կառավարության կողմից լիազորված անձ՝ պայմանագիրը ստորագրեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Հատկանշական է նաև, որ «Գազպրոմ Արմենիային» է պատկանում  հայ-իրանական գազատարը: Դեռևս 2006 թվականին «Գազպրոմին» վաճառվեց Իրան-Հայաստան գազամուղի մի հատվածը: 2015 թվականին վաճառվեց նաև գազամուղի մնացած հատվածը՝ Մեղրիից-Քաջարան ընկած 40 կմ-ը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը ընդգրկվել էր 1998-2000 թթ. պետական գույքի մասնավորեցման ծրագրում: Կառավարության որոշմամբ նախատեսվեց ՀԷՑ ՓԲԸ-ն մասնավորեցնել միջազգային մրցույթով: ՀԷՑ-ն օտարելու մասին որոշումն ընդունելու պահին կառավարությունը գլխավորում էր վարչապետ Արմեն Դարբինյանը, իսկ նախագահն էր Ռոբերտ Քոչարյանը: Չնայած մրցույթին ոլորտում կայացած միջազգային կազմակերպությունների մասնակցությանը (EDF, Union Fenosa Acex, ABB AB, AES Corporation)՝ հաղթող ճանաչվեց օֆշորային Midland Resources Holding LTD ընկերությունը, որը գրանցված է Նորմանդյան կղզիներում (Միացյալ Թագավորություն), սակայն հիմնադիր Ալեքսանդր Շնայդերը ծնունդով ռուսաստանցի է և Կանադայի քաղաքացի: 2002 թ. օգոստոսի 26-ին Midland Resources ընկերության և Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած կառավարության միջև կնքվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության բաժնետոմսերի գնման պայմանագիրը: Ըստ այդ պայմանագրի՝ Midland Resources-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը գնահատել էր 37 մլն դոլար: Բացի այդ, մասնավորեցնողը փոխհատուցելու էր նաև էլեկտրական ցանցերի՝ նախկինում կուտակած 25 մլն դոլարի չափով պարտավորությունները, այսինքն՝ պետությանը պետք է վճարեր ընդամենը 12 մլն 15 հազար դոլար։ Հետագայում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատերերը մի քանի անգամ փոխվեցին: 2006 թվականին «ՀԷՑ» ՓԲԸ-ն վաճառվեց Մոսկվայում գրանցված «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵՍ»-ի խմբին 73 միլիոն դոլարի դիմաց: 2015 թվականին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց Էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար 6.93 դրամով բարձրացնելու մասին: Ավելի վաղ՝ ՀԷՑ-ը հանձնաժողովին առաջարկել էր բարձրացնել սակագինը 17 դրամով: ՀԷՑ-ի տնօրեն ռուսաստանցի Եվգենի Բիբինը, չմասնակցելով սակագնի վերաբերյալ քննարկումներին ո՛չ Ազգային ժողովում, ո՛չ ՀԾԿՀ-ում, սպառնալից նամակ էր հղել՝ ակնարկելով, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ կառաջանան, իսկ ընկերության գնման պայմանագիրը կվերանայվի: Սրան հետևել էին բազմահազարանոց ցույցեր Երևանում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Սեպտեմբերին արդեն «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը դիմեց կառավարությանը՝ ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնեմասը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը փոխանցելու  թույլտվություն ստանալու համար: Կառավարությունը հաստատեց գործարքը: Պայմանագրի համաձայն՝ Կիպրոսում գրանցված, օֆշորային «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդի» հետ պարտավորությունները կիսելու էր նաև «Կասկադ-Էներգացանց» ՍՊԸ-ն՝ սեփական գրության համաձայն: «Հետքի» ուսումնասիրությունները պարզել էին, որ երկու ընկերությունների հետևում էլ կանգնած էր ռուսաստանցի գործարար, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը:  2015 թ. սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարեց ՀԵՑ-ն ամբողջությամբ գնելու մասին՝ խոստանալով մեկ տարի շարունակ սուբսիդավորել կառավարության հետ համամասնորեն, փոխհատուցել բարձրացված և մինչև 2015 թ. օգոստոսի 1-ը գործող սակագների տարբերությունը՝ բնակչության և փոքր բիզնեսի համար: Գործարքի դիմաց «Տաշիրը» պարտավորվում էր մարել ընկերության կուտակած պարտքը, որը, ըստ Սամվել Կարապետյանի, կազմում էր 220 միլիոն դոլար: 2017 թ. ապրիլի 14-ից, պաշտոնական տվյալների համաձայն, ՀԷՑ-ի բաժնետերերն են «Տաշիր կապիտալ» ընկերությունը՝ 70% և LIORMAND HOLDING LIMITED ընկերությունը՝ 30% բաժնեմասերով:
16:34 - 10 օգոստոսի, 2020
Ատոմակայանի թիրախավորումը խախտում է միջուկային տաբուն |hhpress.am|

Ատոմակայանի թիրախավորումը խախտում է միջուկային տաբուն |hhpress.am|

hhpress.am: Ռազմական օպերացիաների ժամանակ քաղաքացիական բնակչության եւ ոչ ռազմական օբյեկտների թիրախավորումը միջազգային իրավունքի սկզբունքների կոպիտ ոտնահարում է։ Վերջերս Ադրբեջանի ՊՆ—ի մամուլի խոսնակը սպառնացել էր հարվածել ՀՀ տարածքում գտնվող Մեծամորի ատոմակայանին, ինչն ակնհայտորեն սպառնալիք կարող է համարվել միջազգային անվտանգության եւ խաղաղության համար։ Այս հարցի շուրջ հարցազրույց Խաղաղության միջազգային ինստիտուտի խորհրդականների խորհրդի նախագահ, Ավստրիայի զինված ուժերում գիտական հանձնաժողովի ռազմավարական եւ անվտանգային քաղաքականության հարցերով խորհրդատվական հանձնաժողովի նախագահ (BMLV), Վիեննայի համալսարանի պրոֆեսոր Հեյնց Գյարտների հետ։ –Պրոֆեսոր Գյարտներ, ինչպես տեսնում ենք, աշխարհում անհանգիստ իրավիճակն ավելի է սրվում։ Ինչ եք կարծում, ո՞ր հակամարտությունը կարող է իրական սպառնալիք հանդիսանալ միջազգային խաղաղության համար եւ հանգեցնել խոշոր բախումների, որի ժամանակ միջուկային խնդիրը կարող է որոշիչ դեր ունենալ։ –Աշխարհն այսօր գնալով դառնում է ավելի գլոբալ եւ տարածաշրջանային առումով բեւեռացված առանց բազմակողմանիության։ Մենք ականատես ենք լինում բազմակողմանիության խզմանը, ազգայնական եւ էթնիկ այլատյացության առաջացմանը, հակառակորդների դեմոնիզացմանը, միջազգային ինստիտուտների արժեզրկմանը, միջազգային համաձայնագրերից եւ պայմանագրերից դուրս գալուն եւ սպառազինությունների մրցավազքին։ Դա տեղի է ունենում համավարակի ֆոնին եւ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում աղքատության աճով, որն ուղեկցվում է կլիմայական վնասների ավելացմամբ։ –Կարո՞ղ ենք զուգահեռներ անցկացնել միջուկային զենքով հարված հասցնելու եւ/կամ ատոմակայանին հարվածելու միջեւ։ Ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հայտարարությունը, ըստ որի՝ սպառնում է հարվածներ հասցնել Հայաստանում Մեծամորի ատոմակայանին։ –Չնայած քաղաքացիական ատոմակայանը թիրախավորելը նույնը չէ, ինչ միջուկային զենք օգտագործելը, սակայն այն խախտում է միջուկային տաբուն եւ վտանգավոր կերպով հատում է կարմիր գիծը։ Սա կարող է վերաճել անվերահսկելի էսկալացիայի։ Եթե միջուկային պայթյունի պատճառով լինեն զոհեր, ապա դա կդիտարկվի որպես միջուկային միջոցների օգտագործում, որը չի կարող արդարացվել զսպման քաղաքականությունից բխող եւ ոչ մի պատրվակով։ –Ինչ քայլեր պետք է իրականացնի միջազգային հանրությունը՝ ատոմակայանների վրա հարվածները կանխելու համար, քանի որ նույնիսկ պատերազմների ժամանակ դա կարող է իրական աղետ դառնալ ամբողջ անվտանգության համար։ Կա՞ն, արդյոք, նման կարգավորումներ։ –Ատոմակայանը կարելի է համարել քաղաքացիական օբյեկտ։ Քաղաքացիական թիրախների վրա հարձակումը անօրինական է համաձայն 1949 եւ 1977 թվականների Ժնեւյան կոնվենցիաներին կից առաջին արձանագրության։ Այդտեղ նշված է, որ քաղաքացիական անձանց հասցված վնասը չի կարող անհամաչափ լինել ուղղակիորեն ռազմական առավելություն ստանալու համար։ Քաղաքացիական ատոմակայանի ոչնչացումը հաստատապես խախտում է համաչափության սկզբունքը։ Ատոմակայանը ոչ մի դեպքում չի կարող դիտարկվել որպես «օրինական ռազմական թիրախ»։ –Խաղաղության միջազգային ինստիտուտը (IIP), հիմնադրվելով 1959 թվականին Վիեննայում, մեծ աշխատանք է կատարում աշխարհում խաղաղության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Որպես միջուկային հարցերի ոլորտում հայտնի գիտնական եւ Խաղաղության միջազգային ինստիտուտի նախագահ, ի՞նչ կառաջարկեք երկու կողմերին Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության ամրապնդման համար։ –Ես կառաջարկեի դիտարկել հաջողված պատմական փորձը։ Հելսինկյան եզրափակիչ ակտը եւ դրան հաջորդած գործընթացը կարող են ուղեցույց լինել հակամարտության կարգավորման համար՝ իհարկե, առանց նույնությամբ կրկնելու։ Եզրափակիչ ակտը հաստատում է, որ Եվրոպայում համագործակցությունը հնարավոր է անվտանգության ապահովման շնորհիվ։ Մասնակից պետությունները երաշխավորել են ձեռնպահ մնալ զինված միջամտության ցանկացած ձեւից կամ նման միջամտության սպառնալիքից, ռազմական որեւէ այլ գործողությունից, կամ քաղաքական, տնտեսական հարկադրանքից այլ մասնակից պետության նկատմամբ։ Ըստ այդմ՝ նրանք ձեռնպահ պետք է մնան ահաբեկչական գործողություններին ուղղակի կամ անուղղակի օժանդակելուց։ Մասնակից պետությունները վերահաստատել են իրենց կամքը՝ միմյանց միջեւ սերտացնելու նման համագործակցությունը՝ անկախ իրենց քաղաքական համակարգերից։ Նրանք հաստատել են, որ սահմանները կարող են փոփոխվել «միջազգային իրավունքի համաձայն, խաղաղ միջոցներով եւ համաձայնագրով»։ Եզրափակիչ ակտը ճանաչում է նաեւ դաշինքներ կնքելու կամ չեզոքություն պահպանելու իրավունքը։ 1975 թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտն այն փաստաթուղթն է, որն արտահայտում է եվրոպական լավագույն արժեքները։ Չնայած բանակցությունները տարվել են Սառը պատերազմի ակտիվ շրջանում, բայց բավականին հավասարակշռված է եւ անկողմնակալ։ Այն պահանջում է համագործակցային անվտանգություն։ Եզրափակիչ ակտը ոչ միայն ուղեցույց է Եվրոպայում լարվածության նվազեցման համար, այլեւ կարող է օրինակ դառնալ աշխարհի այլ հակամարտությունների համար, ինչպես օգտագործվել է օրինակ՝ Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության ամրապնդման նպատակով։
16:10 - 23 հուլիսի, 2020
Պետական մակարդակով Ադրբեջանը ահաբեկչություն կատարելու հայտ է ներկայացրել. Արմեն Գրիգորյանը՝ ատոմակայանը հրթիռակոծելու հայտարարության մասին |aysor.am|

Պետական մակարդակով Ադրբեջանը ահաբեկչություն կատարելու հայտ է ներկայացրել. Արմեն Գրիգորյանը՝ ատոմակայանը հրթիռակոծելու հայտարարության մասին |aysor.am|

aysor.am: Ատոմակայանը թիրախավորելու Ադրբեջանի հայտարությունները ամբողջովին տեղավորվում են ահաբեկչական պետության տրամաբանության շրջանակներում, պատասխանելով հարցին, թե ինչպես կարձագանքի Ադրբեջանի՝ Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու մասին հայտարարությանը, ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Այսինքն՝ պետական մակարդակով Ադրբեջանը ահաբեկչություն կատարելու հայտ է ներկայացրել», - ասաց նա: Արմեն Գրիգորյանն ասաց, թե ակնկալում են՝ միջազգային հանրությունն այս մասով կարձագանքի: «Իհարկե, արդեն եղել են արձագանքներ, բայց սա ոչ միայն Հայաստանին է ուղղված, այլ նաև տարածաշրջանին է ուղղված, ուղղված է ամբողջ մարդկությանը, մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունն ավելի կոշտ կարձագանքի սրան», - ասաց ԱԽ քարտուղարը:
12:56 - 23 հուլիսի, 2020
Ադրբեջանը սպառնում է Չեռնոբիլի ոճի «աղետով». Forbes-ի անդրադարձը |armenpress.am|

Ադրբեջանը սպառնում է Չեռնոբիլի ոճի «աղետով». Forbes-ի անդրադարձը |armenpress.am|

armenpress.am: Հայկական ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի սպառնալից հայտարարություններն անտարբեր չեն թողել նաև հեղինակավոր Forbes-ին, ամսագիրը նկատել է` «Ադրբեջանը կովկասյան դրոնային պատերազմում սպառնում է Չեռնոբիլի ոճով «աղետով»: Հոդվածագիր Դեյվիդ Համբլինգը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը կրկին վերածվել է բաց պատերազմի: Երկու կողմերն էլ օգտագործել են անօդաչու թռչող սարքեր, սակայն Ադրբեջանը հիմա սպառնում է օգտագործել իր հնարավորությունները՝ հարվածելու Հայաստանին միակ ատոմակայանին: Forbes-ը նկատել է, որ առավել մտահոգիչ զարգացումը Ադրբեջանի ՊՆ խոսնակ Վագիֆ Դարգյախլիի կողմից արված միջուկային «աղետի» սպառնալիքն է: Դարգյախլին հայտարարել է, որ իրենց զենքերը «ունակ են բարձր ճշգրտությամբ հարվածելու Մեծամորի ատոմակայանին, ինչը Հայաստանի համար կվերածվի մեծ աղետի»: Հեղինակը նշել է, որ Մեծամորի ատոմակայանը կառուցվել է 1970-ականներին, հենց այդ ժամանակ է կառուցվել նաև Չեռնոբիլի ատոմակայանը։ Հոդվածագիրը նկատել է, որ այս սպառնալիքն արվել է Հայաստանի կողմից ենթադրյալ սպառնալիքից հետո, թե իբր կհարվածի Մինգեչաուրի ջրամբարին: «Հայաստանը հերքում է նման սպառնալիքը՝ ասելով, որ երբեք չեն հարվածում քաղաքացիական թիրախներին և չեն սպառնացել հարվածել ջրամբարին»,-գրել է հոդվածագիրն ու նկատել՝ մինչդեռ, ինչպես Դարգյախին է նշել, Ադրբեջանը տիրապետում է մի շարք բալիստիկ հրթիռների:
13:41 - 18 հուլիսի, 2020
Մեծամորի ԱԷԿ-ը հրթիռակոծելու հայտարարությունը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ սպառնալիք է և դա կարող է բերել հումանիտար աղետի․ Ժոզեֆ Սիգելե

Մեծամորի ԱԷԿ-ը հրթիռակոծելու հայտարարությունը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ սպառնալիք է և դա կարող է բերել հումանիտար աղետի․ Ժոզեֆ Սիգելե

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի պաշտոնական հայտարարությունը «…Մենք հատկապես մտահոգված ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության երեկվա պաշտոնական հայտարարությամբ այն մասին, որ իրենք կարող են հրթիռակոծության ենթարկել Հայաստանի Մեծամորի Ատոմային էլեկտրակայանը (ԱԷԿ). Այս հայտարարությունը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ սպառնալիք է և դա կարող է բերել հումանիտար աղետի: Այսպիսի հայտարարությունները խաթարում են մարդու իրավունքների միջազգային համակարգը: Միջազգային մարդասիրական իրավունքը բացարձակ արգելում է քաղաքացիական բնակչությանն ուղղված նման ահաբեկումը»:
10:29 - 18 հուլիսի, 2020
ԱԷԿ-ը հրթիռակոծելու Ադրբեջանի սպառնալիքը կարող է բերել հումանիտար աղետի ողջ տարածաշրջանի համար. ՄԻՊ

ԱԷԿ-ը հրթիռակոծելու Ադրբեջանի սպառնալիքը կարող է բերել հումանիտար աղետի ողջ տարածաշրջանի համար. ՄԻՊ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հնչեցրած սպառնալիքը՝ հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը պատերազմական հանցագործության բացահայտ մտադրություն է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Այն կարող է բերել հումանիտար աղետի ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար: Այս սպառնալիքը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ ահաբեկում է, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի բարցարձակ արգելք է: Սա ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները, խարխլում է միջազգային հանրային իրավունքի հիմքերը: Այսպիսի մտադրություններն անգամ խաթարում են մարդու իրավունքների և հումանիտար պաշտպանության միջազգային համակարգը»,- գրել է Թաթոյանը։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային կառույցների ուշադրությունը քաղաքացիական բնակչությանն ահաբեկելուն ուղղված, ինչպես նաև մարդու իրավունքների և հումանիտար պաշտպանության միջազգային համակարգը խարխլող այս հայտարարությանը:
22:40 - 16 հուլիսի, 2020
Ադրբեջանի ղեկավարությունը հանդես է գալիս որպես սպառնալիք տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ սեփական ժողովրդի համար․ ԱԳՆ

Ադրբեջանի ղեկավարությունը հանդես է գալիս որպես սպառնալիք տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ սեփական ժողովրդի համար․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի ՊՆ կողմից Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծման վերաբերյալ սպառնալիքի առնչությամբ․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության հնչեցրած սպառնալիքը հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը վկայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հուսահատության մակարդակի և մտքի ճգնաժամի մասին:  Այն գործողությունները, որոնցով սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիսանում են  ընդհանուր առմամբ միջազգային հումանիտար իրավունքի և, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության աղաղակող խախտում: Նմանօրինակ սպառնալիքները  պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են և արտահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները:  Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը նման հայտարարություններով հանդես է գալիս որպես սպառնալիք տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ սեփական ժողովրդի համար: Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հնչեցրած միջուկային սպառնալիքները, որոնք վկայում են միջազգային հանրության այդ անդամի ողջամտության և պատասխանատվության բացարձակ բացակայության մասին: Ադրբեջանը պետք է օր առաջ հրապարակայնորեն հրաժարվի այս սպառնալիքներից»:
21:59 - 16 հուլիսի, 2020