Միգրացիոն ծառայություն

Միգրացիոն ծառայությունը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որը մշակում և իրականացնում է միգրացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը։

Կոտայքի մարզում անվավեր փաստաթղթերով շուրջ երկու տասնյակ օտարերկրացիներ են հայտնաբերվել

Կոտայքի մարզում անվավեր փաստաթղթերով շուրջ երկու տասնյակ օտարերկրացիներ են հայտնաբերվել

Հանցավորության դեմ համատեղ միջոցների միջպետական ծրագրի շրջանակներում, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության համակարգմամբ, տարածքային ստորաբաժանումների հետ նրանց սպասարկման տարածքներում, պարբերաբար իրականացվում են անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումներ: Հերթական համատեղ միջոցառումն անցկացվեց ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ: Ստուգայցեր կատարվեցին սպասարկվող տարածքի հյուրանոցներում, օտարերկրացիների վարձակալած բնակատեղիներում: Հայտնաբերվեցին ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրերի և վիզաների վարչության Կոտայքի անձնագրային բաժանմունք ներկայացվեցին Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով շուրջ երկու տասնյակ անձինք: Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման համապատասխան արձանագրություններ: Նմանատիպ միջոցառումները շարունակվում են:
11:33 - 20 հոկտեմբերի, 2023
Արմեն Ղազարյանը ԵԽ պատվիրակությանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հաշվառման գործընթացն ու սոցաջակցության ծրագրերը

Արմեն Ղազարյանը ԵԽ պատվիրակությանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հաշվառման գործընթացն ու սոցաջակցության ծրագրերը

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, տեղակալ Կլաուդիա Լամին, խորհրդականներ Քրիստիան Մամմերսին և Կրիստինա Ջենովեզեին։ Պատվիրակության անդամները հետաքրքրվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության ողջ ընթացքով, ծավալներով, ընդհանուր թվում հատուկ խմբերի (երեխաներ, տարեցներ, խոցելի խմբեր, հղիներ և այլն) ցուցանիշներով: Ղազարյանը ներկայացրել է բռնի տեղահանված անձանց հաշվառման գործընթացը, միջգերատեսչական համագործակցության մեխանիզմները, սոցիալական աջակցության ծրագրերը: Ծառայության պետը պատասխանել է պատվիրակների հարցերին, ովքեր հետաքրքրվում էին նաև տեղահանված բնակչության ինտեգրման հնարավորություններով, մասնավորապես Հայաստանում դպրոցահասակ երեխաների կրթության իրավունքն իրացնելու հնարավորությամբ, տարբեր ոլորտների տվյալների շտեմարանների հասանելիությամբ, արխիվների պահպանմամբ:
09:50 - 17 հոկտեմբերի, 2023
Արցախից բռնի տեղահանվածների քիչ տոկոսն է այս պահին աշխատանքով ապահովված. Միասնական սոցիալական ծառայության բաժնի պետ |aravot.am|

Արցախից բռնի տեղահանվածների քիչ տոկոսն է այս պահին աշխատանքով ապահովված. Միասնական սոցիալական ծառայության բաժնի պետ |aravot.am|

aravot.am: Արցախից բռնի տեղահանվածներն, այս օրերին հաշվառվում են Միասնական սոցիալական ծառայության 49 կենտրոններում, գնահատվում է նրանց մասնագիտական կարիքները, որից հետ ուղղորդվում են դեպի աշխատաշուկա: Այս մասին, այսօր «Մեդիա» կենտրոնում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության գործատուների հետ համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Հրայր Հակոբյանը։ Նրա խոսքով, այս պահին հիմնականում գնահատվում են այն անձանց մասնագիտական և որակական կարողությունները, որոնք արդեն մշտական բնակության վայրեր ունեն: Անդրադառնալով հարցին, թե աշխատաշուկայի հետ կապված ինչ գլոբալ խնդրի են բախվում բռնի տեղահանված մեր հայրենակիցները՝ Հակոբյանն ասաց. «Այս պահին խնդիրն այդքան էլ աշխատաշուկայի հետ չի կապված, քանի որ կազմակերպությունները, տնտեսվարողները տարբեր սոցիալական հարթակներում տեղեկացնում են թափուր աշխատատեղերի մասին, ավելին՝ նոր աշխատատեղեր են ստեղծում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար, նաև շատ տարբեր միջոցառումներ են իրականացնում, այդ թվում՝ աշխատանքի տոնավաճառներ: Իհարկե, այս փուլում ոչ բոլորն են ի վիճակի աշխատել, բայց աշխատաշուկայում առաջարկներ կան»: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:44 - 13 հոկտեմբերի, 2023
ՀՀ կառավարությունը պատասխանել է ԼՂ-ից տեղահանված անձանց կողմից հաճախ տրվող հարցերին

ՀՀ կառավարությունը պատասխանել է ԼՂ-ից տեղահանված անձանց կողմից հաճախ տրվող հարցերին

ՀՀ կառավարությունը ներկայացնում է մի շարք հարցերի պատասխաններ, որոնք վերջին օրերին հնչել են ԼՂ-ից տեղահանված անձանց կողմից։  1․ Ինչպե՞ս հաշվառվել ՆԳՆ Միգրացիայի քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ Հաշվառվելու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ Հայաստանի համայնքներում ստեղծված տարածքային հումանիտար կենտրոններ (հասցեները հրապարակված է https://irazekum.am/ հարթակում) կամ Փարաքարի Միասնական սոցիալական ծառայության կայան (հասցե՝ Նաիրի 40): 2․ Արդյոք քաղաքացին համարվու՞մ է հաշվառված, եթե իր տվյալները ներբեռնել է Առաջնային կարիքի գրանցման հարթակում։ Ո՛չ, քանի որ այդ դեպքում համարվում է, որ հաշվառվել են քաղաքացու կարիքները, իսկ գրանցվել անհրաժեշտ է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ 3․ Ու՞ր դիմել, եթե ԼՂ-ից բռնի տեղահանված անձն ունի սննդի, հագուստի և առաջնային այլ պարագաների կարիք։  ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով լրացվում է առաջնային կարիքի գրանցման հարթակը՝ https://e-soc.am/, եթե ունեք կարիքներ ու դեռ չեն բավարարվել դրանք, կարող եք մոտենալ վարչական շրջաններ կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։ 4․ Ի՞նչ անել ՀՀ-ում աշխատանք գտնելու համար։ Անձը կարող է գտնել աշխատանք «Գտիր աշխատանք» https://workforall.am/ հարթակի միջոցով կամ կարող է մոտենալ իր բնակավայրին մոտ գտնվող ՄՍԾ տարածքային կենտրոն, գրանցվել որպես աշխատանք փնտրող և համալրել առաջարկվող թափուր հաստիքներից մեկը։ 5․ Ինչպե՞ս ստանալ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված 100 հազար դրամ միանվագ աջակցությունը։  Աջակցությունից օգտվելու համար պարտադիր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ Եթե ՀՀ մուտք գործելուց հետո անցել եք հաշվառում և ունեք բանկային քարտ, ապա որևէ լրացուցիչ գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա։ Հաշվառում անցած և տեղահանված այն անձինք, ովքեր չունեն բանկային քարտեր, պետք է դիմեն նախընտրելի բանկ՝ անվճար քարտ ստանալու համար, որին կփոխանցվի աջակցության գումարը։ Քարտի թողարկման դիմումը ներկայացնելուց հետո Կենտրոնական բանկը նոր քարտատիրոջ քարտի համարը կուղարկի Միասնական սոցիալական ծառայությանը՝ դրամական աջակցությունը քարտին փոխանցելու համար։ 6․ Եթե անձը ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 2020 թվականին, արդյոք կարող է օգտվել 100 հազար դրամ միանվագ աջակցությունից։ Ո՛չ, քանի որ աջակցությունն ուղղված է 2023 թվականի սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված անձանց հրատապ կարիքների բավարարմանը։ 7․ Ի՞նչ անել անձնագիր չունենալու կամ ժամկետանց անձնագրի դեպքում։  Անհրաժեշտ է մոտենալ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (անձնագրային բաժանմունք)։ 8․ Եթե ԼՂ-ից բռնի տեղահանված անձը 75 (կամ ավելի) տարիքի կենսաթոշակառու է և չունի բանկային քարտ, ի՞նչ անել։  75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր չունեն բանկային քարտ, աջակցությունը կարող են ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստից (ըստ անհրաժեշտության՝ փոստատարի միջոցով)՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա։ 9․ Վարձավճարի 40 հազար դրամ + կոմունալ վճարների համար՝ 10 հազար դրամ 6-ամսյա ծրագրից օգտվելու համար ի՞նչ պետք է անել․ հոկտեմբերի համար գումար կտրամադրվի՞։  Հոկտեմբեր ամսվա համար վարձի և կոմունալ ծախսերի վճարման նպատակով սոցիալական աջակցություն կտրամադրվի․ ընթացակարգը կներկայացնենք առաջիկայում։ Աջակցությունը վերաբերվում է նրանց, ովքեր չունեն բնակարան Հայաստանում։ 10․ Եթե անձն ունի հաշմանդամություն, և սայլակ է անհրաժեշտ, ու՞ր դիմել։ ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր ունեն աջակցող միջոցների (այդ թվում՝ քայլակ, սայլակ, հենակ, ձեռնափայտ և այլն) կարիք, կարող են զանգահարել 114 թեժ գիծ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կկազմակերպվի աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։
14:39 - 06 հոկտեմբերի, 2023
Անձնագիր չունեցող ԼՂ մեր հայրենակիցներն անձնագրայինն բաժանմունքներում կսպասարկվեն արտահերթ ռեժիմով |1lurer.am|

Անձնագիր չունեցող ԼՂ մեր հայրենակիցներն անձնագրայինն բաժանմունքներում կսպասարկվեն արտահերթ ռեժիմով |1lurer.am|

1lurer.am: Ժամը 15:00-ի դրությամբ հաշվառվածների ընդհանուր թիվը 89.167-ն է, որոնցից իգական սեռի ներկայացուցիչները 46.139 են, արական սեռինը՝ 43.028: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը: 65-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիների թիվը 10.700-ից ավելի է, իսկ մինչև 18 տարեկան երեխաներինը՝ շուրջ 27 հազար: Արմեն Ղազարյանը նաև մանրամասնեց, թե ԼՂ-ի որ տարածքներից են հիմնականում ժամանել բռնի տեղահանված մեր հայրենակիցները: Ըստ այդմ՝ ճնշող մեծամասնությունը՝ 45 հազարից ավելին, եկել են Ստեփանակերտից, 15 հազարից ավելին՝ Մարտունու շրջանից, 13 հազարից ավելին՝ Մարտակերտի շրջանից, 10 հազարից ավելին՝ Ասկերանի շրջանից: «Հաշվառվածների թվում այդ պահի դրությամբ եղել է 230 հղի կին և 2000-ից ավելի հաշմանդամություն ունեցող անձ»,- ասաց նա: ԼՂ-ից բռնի տեղահանվածներին Արմեն Ղազարյանը ևս հորդորեց հաշվառվել հումանիտար կենտրոններում՝ ընդգծելով, որ չհաշվառված քաղաքացիների թիվը 10 հազարից ավելի է: Նա նաև տեղեկացրեց, որ Երևանում այդ հաշվառման գործառույթն իրականացնում են նաև թաղապետարանները: Ինչ վերաբերում է անձնագիր չունեցող կամ այն կորցրած քաղաքացիներին, ապա վերջիններս պետք է մոտենան անձնագրային ծառայություններ, ներկայացնեն անձը հաստատող փաստաթղթի կորստի մասին դիմում, որպեսզի դրանք վերականգնելու գործընթաց սկսվի: «Չնայած այն հանգամանքին, որ Երևանում ամբողջությամբ անցել էինք արդեն անձնագրային ծառայություններում օնլայն հերթագրման համակարգի, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կսպասարկվեն այդ համակարգից դուրս՝ արտահերթ ռեժիմով»,- ասաց Արմեն Ղազարյանը:
17:13 - 02 հոկտեմբերի, 2023
Սահմանը հատած և փաստաթուղթ չունեցող անձինք նույնականացումն անցնում են բնակչության ռեգիստրի միջոցով. Արմեն Ղազարյան
 |1lurer.am|

Սահմանը հատած և փաստաթուղթ չունեցող անձինք նույնականացումն անցնում են բնակչության ռեգիստրի միջոցով. Արմեն Ղազարյան |1lurer.am|

1lurer.am: Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը: Տեղեկացվել է, որ ժամը 20:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի սահմանը հատել է 76 հազար 407 բռնի տեղահանված անձ, Հակարիի կամուրջը հատել է 15 հազար 914 տրանսպորտային միջոց: Ժամը 19:00-ի դրությամբ հաշվառվել է շուրջ 55 հազար 248 անձ: Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է ևս մեկ կարևոր տեղեկություն, ըստ որի՝ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում որոշում է կայացվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի հատկացնել 100 հազարական դրամ՝ անկախ նրանց տարիքից և սեռային պատկանելիությունից: Ներկայացված այլ տեղեկության համաձայն, 17 հազար 153 անձ օգտվել է Հայաստանի կառավարության կողմից տրամադրված կեցավայրերից: Նախորդ օրվա ցուցանիշը 8 հազար 36 էր: Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 988 անձ, Արարատի մարզում՝ 3 հազար 665 անձ, Արմավիրի մարզում՝ 1231, Գեղարքունիքի մարզում՝ 1542, Լոռու մարզում՝ 663, Կոտայքի մարզում՝ 4 հազար 156, Շիրակի մարզում՝ 783, Սյունիքի մարզում՝ 1958, Վայոց Ձորի մարզում՝ 1070 անձ, Տավուշի մարզում՝ 797 անձ: Նազելի Բաղդասարյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ հաշվառման գործընթացը խիստ նպատակային է, քանի որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք հնարավորություն կունենան օգտվելու պետության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերից: Վարչապետի մամուլի քարտուղարը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ բոլոր ծրագրերին կարելի է ծանոթանալ irazekum.am կայքի միջոցով: Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշել է, որ հաշվառված անձանցից 26 հազար 575-ն արական սեռի են, 28 հազար 670-ը՝ իգական: Հաշվառվածների թվում կա 1172 հաշմանդամություն ունեցող անձ և 133 հղի: Հաշվառվածների մեծ մասը Ստեփանակերտից են՝ 27 հազար 408 անձ, Մարտակերտի շրջանից 10 հազարից ավելի անձ, Ասկերանի շրջանից՝ 7 հազար 500-ից ավելի անձ, Մարտունու շրջանից շուրջ 7 հազար անձ, և այսպես շարունակ: Արմեն Ղազարյանը նաև նշել է, որ սահմանը հատած և փաստաթուղթ չունեցող անձինք նույնականացումն անցնում են բնակչության ռեգիստրի միջոցով: Նախնական կարիքների գնահատման գործընթացի արդյունքում ստացված տվյալները, ըստ Արմեն Ղազարյանի, փոխանցվում են համապատասխան գերատեսչություններ հաշվառված անձանց հետագա մասնագիտական զբաղվածության, կրթության, տարեցների խնամքն ապահովելու նպատակով: Առողջապահական տվյալներ ներկայացնելով՝ Նազելի Բաղդասարյանը նշել է, որ տարբեր առողջապահական հաստատություններում իրենց բուժումը շարունակում է 342 բուժառու, վերակենդանացման բաշանմունքներում գտվում է 11 երեխա, որից 4-ը նորածին է: Ընդհանուր առմամբ՝ մինչև 18 տարեկան շուրջ 16 հազար երեխա է տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն: Հայաստան են տեղափոխվել նաև Լեռնային Ղարաբաղի հոգեկան առողջության կենտրոնի 25 պացիենտ, որոնք իրենց համապատասխան բուժումը շարունակում են Առողջապահության նախարարության հիմնարկներում: Սոցիալական ոլորտի հետ կապված` Նազելի Բաղդասարյանը նշել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 114 հեռախոսահամարն աշխատում է 24-ժամյա ռեժիմով, որը գրանցել է 8 հազար 200 զանգ: Առաջնային կարիքների հաշվառման հարթակը շարունակում է գործել, այստեղ գրանցված է 10 հազար 600 հայտ: Առաջնային կարիքների գնահատման համար գործում է e-soc.am կայքը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է նաև կամավորների հավաքագրում kamavor.mlsa.am կայքի միջոցով, որտեղ արդեն լրացվել է 860 հայտ: Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզում նույնպես ռեսուրսների հավաքագրում է տեղի ունենում, և այս պահին 180 կազմակերպություն լրացրել է հայտը: Նազելի Բաղդասարյանը նշել է, որ այսօր կառավարության նիստում շուրջ 350 մլն դրամ է հատկացվել մարզերին՝ պարենային և առաջնային խնդիրները լուծելու նպատակով: Վարչապետի մամուլի քարտուղարը նաև հավելել է, որ Գորիսում տեղակայված 35 ավտոբուսներն արդեն հասել են Ստեփանակերտ՝ այնտեղից բռնի տեղահանված բնակիչներին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու նպատակով: Նրանք այն բնակիչներն են, ովքեր ունեն տրանսպորտային միջոցի խնդիր և չեն կարողանում տեղափոխվել Հայաստան:
10:11 - 29 սեպտեմբերի, 2023
ՆԳՆ ենթակա ծառայությունները արտակարգ ռեժիմով ծառայություն են իրականացնում Սյունիքում

ՆԳՆ ենթակա ծառայությունները արտակարգ ռեժիմով ծառայություն են իրականացնում Սյունիքում

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ոստիկանությունը և փրկարար ծառայությունը Սյունիքի մարզում իրականացնում են շուրջօրյա ծառայություն։ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման գործընթաց՝ բաղկացած երկու մասից. անձնական տվյալների հավաքագրում, մշակում և նույնականացում և առաջնային կարիքի գնահատում: Տվյալների շտեմարանին ըստ գործառութային անհրաժեշտության հասանելիություն ունեն ոլորտային լիազոր մարմինները: Տվյալների հավաքագրման գործընթացը կազմակերպվել է միջազգային և հասարակական կազմակերպությունների աջակցությամբ և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ: Ժամը 19։00-ի դրությամբ հաշվառվել է 35350 անձ։ Աշխատանքներն իրականացվում են 24-ժամյա ռեժիմով։ ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների ծառայողները ակտիվորեն ներգրավվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մարդասիրական օգնության ցուցաբերման, տարհանման և տեղափոխման, տեղահանված բնակչության կենսագործունեության ապահովման միջոցառումներին։ Տեղում, ըստ անհրաժեշտության, փրկարարները մասնակցում են իրավիճակից բխող այլ աշխատանքների։ ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, ոստիկանության զորքերի և պարեկային ծառայության աշխատակիցները իրականացնում են հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ, հերթերի կանոնակարգում, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում, ուղեկցումներ, ինչպես նաև օժանդակում են տեղում աշխատանք իրականացնող մյուս գերատեսչություններին։
21:52 - 27 սեպտեմբերի, 2023
Կեցության վայրից հրաժարված արցախցիները խնդիրների դեպքում կարող են նորից դիմել պատկան մարմիններին՝ կեցության վայրի ապահովման համար

Կեցության վայրից հրաժարված արցախցիները խնդիրների դեպքում կարող են նորից դիմել պատկան մարմիններին՝ կեցության վայրի ապահովման համար

Արցախից բռնի տեղահանված բնակիչների համար ՀՀ-ում գործում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գործարկված Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am։ Հավաքակայաններում սոցիալական աշխատողների կողմից նշված հարթակում լրացվում են քաղաքացու կարիքները, որոնք հասանելի են պատասխանատու մարմինների համար (Մարզպետարան, ՏԻՄ, Միասնական սոցիալական ծառայություն), և վերջիններիս կողմից էլ պետք է բավարարվեն առկա կարիքները՝ կացարան, սնունդ, հագուստ, այլ անհրաժեշտ պարագաներ։ Ցանկության դեպքում՝ հարթակում քաղաքացիները հայտը կարող են լրացնել նաև ինքնուրույն։ Infocom-ի հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը ասաց, որ Հայաստան մուտք գործելուց անմիջապես հետո քաղաքացին անցնում է հաշվառում, որը իրականցվում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից, իսկ առհասարակ կարիքների գնահատման աշխատանքներում ներգրավված է և՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, և՛ մարզպետարանները։ Գործընթացի ամբողջ համակարգումը իրականացնում են ՏԿԵ նախարարությունը և հիմանականում մարզպետարանները։  Հարցին, թե այն դեպքում, երբ քաղաքացին հաշվառում անցնելիս նշում է, որ ունի կեցության վայր (բարեկամի տուն կամ ժամանակավոր այլ կացարան), սակայն հետո ինչ-ինչ պատճառներով հնարավոր է կրկին ունենա կացարանի խնդիր, ի՞նչ պետք է անի, Մանուչարյանը պատասխանեց, որ առաջնային կարիքի հաշվառման հարթակում բնակիչները ուղղակի նշում են՝ կացարանի կարիք այդ պահին ունե՞ն, թե՞ ոչ, բայց դա չի նշանակում, որ իրենք ապահովված են իրենց պատկանող բնակարանով կամ մշտական կեցության վայրով։  Ժամանակավոր կացարան ունենալու և հետագայում այլ խնդիրների առաջացման վերաբերյալ խոսեցինք նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խոսնակ Սոնա Հարությունյանի հետ։ Հարցին, թե այն դեպքում, երբ քաղաքացին հաշվառում անցնելիս նշում է, որ ունի կեցության վայր (բարեկամի տուն կամ ժամանակավոր այլ կացարան), սակայն հետո ինչ-ինչ պատճառներով կրկին ունենում է կացարանի խնդիր, ի՞նչ պետք է անի, և արդյոք կարո՞ղ է կրկին դիմել պատկան մարմիններին՝ կեցության վայրով ապահովվելու համար, Հարությունյանը դրական պատասխան տվեց։  «Այս պահի դրությամբ նման դեպք չունենք, որ ասեն՝ ունեն կեցության վայր, բայց հաջորդ օրը կրկին դիմեն մեզ, բայց, բնականաբար, բոլոր բռնի տեղահանված արցախցիները, որոնք ունեն բնակարանային ապահովման խնդիր, իրենք կացարանով ապահովվում են»։ Հարությունյանի խոսքով՝ շատ քաղաքացիներ և՛ հաշվառվում են, և՛ կեցության վայրի համար են դիմում, շատերն էլ հաշվառվում են, բայց կեցության վայրի խնդիր չեն ունենում, սակայն մի մասն էլ առհասարակ չեն հաշվառվում։ «Խնդիրն այն է, որ բավականին մեծ թվով քաղաքացիներ այդ պահին նշում են, որ իրենք ունեն բնակարան կամ տեղափոխվում են բարեկամի տուն և այլն, ապա առաջ են շարժվում Գորիսից, Վայքից անցնում են, գալիս հասնում են մոտակա մարզեր, Երևան և ասում են՝ մեզ տեղավորեք։ Այսինքն՝ այնտեղ հրաժարվում են օգնությունից, և այստեղ են խնդրի առաջ կանգնում։ Նաև կան մեծ թվով քաղաքացիներ, որոնք առհասարակ չեն հաշվառվում, իրենց մեքենաներով առաջ են գալիս»,- ասաց Հարությունյանը՝ հորդորելով, որ բոլոր քաղաքացիները անպայման հաշվառում անցնեն, որպեսզի հետագայում դուրս չմնան աջակցության որևէ ծրագրից։ ՏԿԵՆ խոնակի խոսքով, թեև հավաքակայաններում բոլոր գերատեսչություններից աշխատանքային խմբեր կան, որոնք հենց տեղում՝ Կոռնիձորում, Գորիսում, արդեն նաև Վայքում իրականացնում են հաշվառում, բայց, հաշվի առնելով, որ մարդիկ առանց հաշվառվելու են հասնում ՀՀ տարբեր համայնքներ, ներկայումս համայնքներում ստեղծված հումանիտար կենտրոններում նույնպես կիրականացվի հաշվառում, որպեսզի որևէ բնակիչ չմնա առանց հաշվառման և, ըստ այդմ, հետագայում դուրս չմնա աջակցության ծրագրերից։  Այսպիսով, եթե հաշվառման կետերում քաղաքացիները ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են կեցության վայրից, հետագայում, անկախ նրանից, կլինեն Գորիսում, Վայքում, Երևանում, թե ՀՀ մեկ այլ համայնքում, կարող են կրկին դիմել պատկան մարմիններին, այդ թվում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՏԿԵՆ և մարզպետարաններ, կեցության վայրով ապահովելու համար։  Աննա Պալաքյան Լուսանկարը՝ Ռոման Աբովյանի/Վայք 
18:33 - 27 սեպտեմբերի, 2023
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը զբաղվում է Արցախից տեղահանվածների տվյալների հավաքագրմամբ և մշակմամբ
 |news.am|

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը զբաղվում է Արցախից տեղահանվածների տվյալների հավաքագրմամբ և մշակմամբ |news.am|

news.am: ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը զբաղվում է սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված անձանց տվյալների հավաքագրմամբ և մշակմամբ, համապատասխան այլ գերատեսչություններին, ըստ աշխատանքային անհրաժեշտության, դրանց տրամադրմամբ: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ Նշենք, որ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և Հայաստան ժամանած անձինք չունեն «փախստականի» իրավական կարգավիճակ։ «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» Ժնևի կոնվենցիայի 1-ին հոդվածի (Ե) կետով սահմանվում է, որ «Սույն Կոնվենցիայի դրույթները չեն կիրառվում այն անձի նկատմամբ, որն այն երկրի իրավասու մարմինների կողմից, որտեղ նա ունեցել է բնակության վայր, ճանաչվել է այդ երկրի քաղաքացիությունն ունենալու հետ կապված իրավունքներ ու պարտականություններ ունեցող»։ Նշված դրույթը պարզաբանող՝ ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի «Փախստականի կարգավիճակը սահմանող ընթացակարգերի և չափանիշների ձեռնարկ»- ի 144-145-րդ պարբերությունների համաձայն՝ «144. Այս դրույթը վերաբերում է այն անձանց, ովքեր կարող էին ընկնել փախստականի կարգավիճակ ստանալու սահմանման տակ և ովքեր ընդունվել են տվյալ երկրի կողմից, որտեղ իրենց տրվել է այդ երկրի քաղաքացիներին վերապահված իրավունքների մեծ մասը, սակայն չի շնորհվել քաղաքացիություն: Երկիրը, որն ընդունել է նրանց, հաճախ այնպիսին է, որտեղ բնակչությունն ունի նույն ազգային (էթնիկ) ծագումը, ինչ փախստականներն իրենք»: Նշված կարգավորումները որևէ կերպ չեն անդրադառնում տեղահանված անձանց սոցիալական խոցելի կարգավիճակի վրա, քանի որ տեղահանված անձիք սոցիալական իմաստով դիտարկվում են որպես «փախստական կարգավիճակի նման իրավիճակում հայտնվածներ» (people in refugee like situations)։
14:10 - 26 սեպտեմբերի, 2023
ՀՀ ՆԳՆ-ն իրականացնում է տեղահանված անձանց հաշվառում և նույնականացում

ՀՀ ՆԳՆ-ն իրականացնում է տեղահանված անձանց հաշվառում և նույնականացում

Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն այսօրվանից Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում իրականացնում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց նույնականացում և հաշվառում, ինչպես նաև կարիքների նախնական գնահատում՝ պատկան գերատեսչություններին այդ տեղեկությունն ըստ անհրաժեշտության փոխանցելու նպատակով։ «Ծառայությունն այս գործընթացում համագործակցում է պետական այլ գերատեսչությունների, ինչպես նաև միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ։ Նշված գործընթացի կազմակերպման նպատակով բոլոր նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներն իրականացվել են պատշաճ կերպով։ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հաշվառման եւ նույնականացման գործընթացի առնչությամբ ՀՀ ՆԳՆ-ն պարբերաբար հանդես կգա հայտարարություններով»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
18:54 - 24 սեպտեմբերի, 2023
Քվեարկության օրն արձանագրվել է ընտրողների ցուցակներին առնչվող 38 անճշտության դեպք․ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

Քվեարկության օրն արձանագրվել է ընտրողների ցուցակներին առնչվող 38 անճշտության դեպք․ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը կազմել և հրապարակել է Երևանի ավագանու հերթական ընտրությունների ընտրողների նախնական ու վերջնական ցուցակները: Ըստ վերջնական ցուցակների՝ ՏԻՄ ընտրություններին ընտրելու իրավունք ունեն 824 250 անձինք: Քվեարկության օրը՝ սեպտեմբերի 17-ին, արձանագրվել է ընտրողների ցուցակներին առնչվող 38 անճշտության դեպք: 31-ի պարագայում ընտրողների՝ ընտրացուցակից դուրս մնալու պատճառը եղել է անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի լրացած լինելը՝ 6 ամիս և ավել ժամանակահատվածով: Մնացած 7 դեպքերում արձանագրվել են տեխնիկական անճշտություններ, որոնք ուղղվել են: Բոլոր դեպքերով անձանց ընտրական իրավունքը վերականգնվել է, և վերջիններս իրացրել են իրենց սահմանադրական իրավունքը:Օրվա ընթացքում ամենահաճախը հնչած հարցերի առնչությամբ ներկայացնում ենք պարզաբանումներ: 🔶 Ինչո՞ւ է մահացած անձի տվյալը պահպանվում բնակչության ռեգիստրում և փոխանցվում ընտրական ցուցակ:🔹 Մահացած անձի տվյալները բնակչության պետական ռեգիստրից կարող են հանված չլինել և հայտնվել ընտրական ցուցակներում այն դեպքում, երբ անձը մահացել է օտարերկրյա պետությունում, և նշված փաստի վերաբերյալ ՀՀ պատկան մարմիններին պատշաճ տեղեկություն չի տրամադրվել: Այսօր արձանագրվել է նմանօրինակ մեկ դեպք: 🔶 Առավելագույնը քանի՞ անձ կարող է հաշվառված լինել միևնույն հասցեում:🔹 Հաշվառմանն առնչվող իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքով և Բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին Կառավարության 2005 թվականի 1231-Ն որոշմամբ, որոնցով բնակելի տարածության նկատմամբ հաշվառվող անձանց քանակի վերաբերյալ սահմանափակում առկա չէ: 🔶 Կարո՞ղ են բնակելի տարածությունում առանց դրա սեփականատիրոջ համաձայնության հաշվառված լինել քաղաքացիներ:🔹 Եթե հաշվառվող անձը չի հանդիսանում տվյալ տարածքի սեփականատեր և չի ներկայացնում սեփականատիրոջ համաձայնությունը վերջինիս պատկանող բնակելի տարածությունում հաշվառվելու վերաբերյալ, ապա անձի` դիմումում նշված հասցեում բնակվելու փաստն ստուգվում է ոստիկանության կողմից: Վերջինս տեղական ռեգիստր է ուղարկվում փաստացի բնակվելու փաստը հավաստող կամ հերքող տեղեկատվություն: Նշված դեպքերում բնակելի տարածության սեփականատիրոջ համաձայնությունը չի պահանջվում։ Սեփականատիրոջ առարկության դեպքում հաշվառում չի իրականացվում:
22:05 - 17 սեպտեմբերի, 2023
Որեւէ օրենսդրական սահմանափակում չկա, թե կոնկրետ հասցեի վրա ինչքան մարդ կարող է հաշվառված լինել․ Արմեն Ղազարյան |aravot.am|

Որեւէ օրենսդրական սահմանափակում չկա, թե կոնկրետ հասցեի վրա ինչքան մարդ կարող է հաշվառված լինել․ Արմեն Ղազարյան |aravot.am|

aravot.am: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ասուլիսում ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, անդրադառնալով կոնկրետ հասցեներում մեծաթիվ անձանց հաշվառմանը, նշեց, որ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով բնակիչների հաշվառումը ցանկացած հասցեում իրականացվում է կա՛մ սեփականատիրոջ համաձայնությամբ, կա՛մ ոստիկանության կողմից ստուգման իրականացման արդյունքում: «Անձը դիմում է ներկայացնում, ցանկանում է հաշվառվել որեւէ հասցեում. դրա համար անհրաժեշտ պայմանը կա՛մ սեփականատիրոջ համաձայնություն է, կա՛մ փաստացի հաշվառման պարագայում ոստիկանության աշխատակցի կողմից տրվող համապատասխան տեղեկանքը: Որեւէ օրենսդրական սահմանափակում չկա, թե կոնկրետ հասցեի վրա ինչքան մարդ  կարող է հաշվառված լինել»,-ասաց Արմեն Ղազարյանը։ Վերջինս նշեց, որ ՆԳ նախարարի հրամանով ոստիկանության աշխատակիցներն ահազանգերի հիման վրա այցելել են տարածքային հասցեներ, կատարել են ստուգումներ՝ բացահայտելով անհամապատասխանությունները։ «Արձանագրված 381 անճշտությունից 225-ը մահացած անձանց հայտնաբերումն էր։  Եղել է տեխնիկական բնույթի 156 անճշտություն»,-նշեց նա։ Այս անգամ Երեւանի ավագանու ընտրություններում 824 250 քվեարկելու իրավունք ունեցող անձանցից 14 653 ՀՀ քաղաքացիներ չեն, որից 11 890-ը Ռուսաստանի Դաշնության, իսկ 89-ը՝  Հնդկաստանի, մնացածն այլ երկրների  քաղաքացիներ են: Արմեն Ղազարյանը համեմատելով 2018թ․-ի Երեւանի ավագանու ընտրությունը՝ նշեց, որ այդ ժամանակ՝ 840 602 ընտրելու իրավունք ունեցող անձանցից  7741-ը նույնպես Հայաստանի քաղաքացիներ չեն եղել։ «Օտարերկրացիների մասնակցության վերաբերյալ այս փոփոխությունները տեղի են ունեցել դեռեւս 2007 թվականին: Դեռեւս 2000 թվականից ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք են ունեցել փախստականները»,-ասուլիսում հայտարարեց Արմեն Ղազարյանը:
13:34 - 17 սեպտեմբերի, 2023
Հուլիսի 17-ից Երևանի բոլոր անձնագրային ծառայություններն անցում կկատարեն էլեկտրոնային հերթագրման համակարգով սպասարկելուն
 |armenpress.am|

Հուլիսի 17-ից Երևանի բոլոր անձնագրային ծառայություններն անցում կկատարեն էլեկտրոնային հերթագրման համակարգով սպասարկելուն |armenpress.am|

armenpress.am: Անձնագրային ծառայություններում հերթերը կարգավորելու համար ներդրված էլեկտրոնային հերթագրման համակարգը տալիս է իր արդյունքը։ Քաղաքացիները հերթագրվում են  https://migration.e-gov.am/ էլեկտրոնային հարթակում, մոտենում անձնագրային ծառայություն ու կարճ ժամանակում սպասարկվում։ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշեց, որ համակարգի ներդրման առաջին իսկ օրերից անձնագրային ծառայություններում մեծաթիվ հերթեր չկային։ «Դեռ նախորդ տարվա ավարտին, երբ ինստիտուցիոնալ փոփոխություններ տեղի չէին ունեցել, Ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչության վարչական շենքում գործում էր օն-լայն (առցանց) հերթագրումը։ Այս տարվանից արդեն անձնագրային ծառայություններում որոշել ենք ներդնել էլեկտրոնային հերթագրման համակարգերը։ Գիտեք, թե ինչպիսի խնդիրներ են առաջանում հերթերի հետ կապված, երբ մարդիկ ստիպված են լինում ժամերով կանգնել անձնագրայիններում։ Որոշեցինք, որ այս նոր համակարգը կդյուրացնի գործընթացը։ Արդեն իսկ էլեկտրոնային հերթագրման կարգ է գործում Քանաքեռ-Զեյթունի, Արաբկիրի և Մաշտոցի անձնագրային բաժանմունքներում, իսկ հուլիսի 10-ից էլեկտրոնային հերթագրում իրականացվում է նաև Կենտրոնականի, Նոր Նորքի, Մալաթիա-Սեբաստիայի և Շենգավիթի անձնագրային ծառայություններում: Հուլիսի 17-ից Երևանի բոլոր ծառայություններն անցում կկատարեն այս տարբերակով սպասարկելուն»,-ասաց Արմեն Ղազարյանը։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետն ընդգծեց, որ էլեկտրոնային հերթագրմանը միացած անձնագրային ծառայություններում սպասարկումն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային հերթագրման պարագայում։ Առանց հերթագրման ծառայություն այցելած քաղաքացիները չեն սպասարկվելու։ «Այդպես որոշեցինք, քանի որ այլ կերպ հերթերը դառնում են անկառավարելի։ Եթե տայինք հնարավորություն, որ քաղաքացին այցելեր առանց հերթագրման, ապա կրկին կառաջանար այնպիսի իրավիճակ, երբ հերթերը կառավարել հնարավոր չէր։ Այս նոր համակարգի գործարկմամբ նոր մշակույթ է ձևավորվում անձնագրային ծառայություններում, որը նախկինում չի եղել։ Մարդիկ տնայնավարության սկզբունքով են վերաբերել անձնագրային գործողություններին՝ հարցերը թողնելով մինչև վերջին պահը։ Սա նաև որոշակի պլանավորման մշակույթի ձևավորման քայլ կարող ենք համարել։ Ինչպես վիզային ծառայություններից օգտվելու դեպքում են նախապես պլանավորում, հերթագրվում, այս դեպքում էլ քաղաքացիները նույնը պետք է անեն»,-ասաց Արմեն Ղազարյանը։ Թեպետ ֆիզիկական հերթեր արդեն էլեկտրոնային հերթագրմամբ աշխատող անձնագրային բաժանմունքներում չկան, միևնույն է անձնագրային ծառայությունները շարունակում են պահանջված մնալ։ Այդ մասին է վկայում այն, որ էլեկտրոնային հարթակի միջոցով գրանցվելու դեպքում մոտակա օրերն արդեն զբաղված են։ Եվ որպեսզի գործն ավելի արագ ստացվի, շատերը սկսել են դիմել երևանամերձ անձնագրային բաժանմունքներ։ Եվ ահա նկատվում է ծանրաբեռնվածություն երևանամերձ անձնագրային ծառայությունում։ Արմեն Ղազարյանի խոսքով՝ դա պայմանավորված է զբոսաշրջային ակտիվ սեզոնով, միգրացիոն հոսքերի մեծացմամբ։  Երևան քաղաքում էլեկտրոնային հերթագրման համակարգն ամբողջությամբ ներդնելուց հետո Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն անցում է կատարելու երևանամերձ հատվածներին, խոշոր քաղաքներին։ Կառույցում թվայնացումն ու էլեկտրոնային ծառայությունների զարգացումն են համարում ճիշտ ճանապարհը։  «Էլեկտրոնային հարթակով հերթագրվելը բավական դյուրին է, այն դյուրացվել է։ Հերթագրվելու համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային փոստի հասցե։ Քաղաքացին մուտք է գործում հարթակ, ընտրում է ծառայության տեսակը, նշում է անձնական տվյալները, ինչպես նաև փոստի հասցեն, որի միջոցով էլ ստանում է վերիֆիկացման կոդը։ Անձն ընտրում է այն վայրը, որտեղ ցանկանում է սպասարկվել, ընտրում է նաև օրն ու ժամը և վերջ։ Հերթագրումը կատարված է»,-ասաց Արմեն Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ բոլոր անձնագրայիններն այս շրջանում աշխատում են  նաև շաբաթ օրերին։ Էլեկտրոնային տարբերակով հնարավոր է  հերթագրվել  շաբաթ օրերի համար ևս։ Ծանրաբեռնվածությունը կրճատելու համար Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գնում է ծառայությունները քայլ առ քայլ թվայնացնելու ուղղությամբ։ Ներկայում թվայնացվել է 3 տեսակի տեղեկանքների ձեռքբերման գործընթացն օն-լայն (առցանց)  հարթակի միջոցով։ Եթե քաղաքացին անցնի խիստ նույնականացում, ապա հնարավոր է հանրային ծառայությունների համարանիշի, ինչպես նաև հաշվառման մասին տեղեկանքը, անձը հաստատող փաստաթղթերի մասին տեղեկանքը ստանալ օն-լայն (առցանց) ճանապարհով։
10:52 - 11 հուլիսի, 2023
Արմեն Ղազարյանը ԵԽ երևանյան գրասենյակի պատվիրակությանը ներկայացրել է միգրացիայի ոլորտի բարեփոխումները

Արմեն Ղազարյանը ԵԽ երևանյան գրասենյակի պատվիրակությանը ներկայացրել է միգրացիայի ոլորտի բարեփոխումները

Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Միգրացիոն ծառայությունից:    Ծառայության պետը ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի, Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ներկայացուցիչներին ներկայացրել է միգրացիայի կառավարման ոլորտում իրականացված կառուցվածքային փոփոխությունները: Որպես առաջնահերթություն՝ ընդգծվել է գործընթացների թվայնացումը և ծառայությունների մատուցման տեղափոխությունը դեպի էլեկտրոնային հարթություն: Արմեն Ղազարյանը ներկայացրել է նաև Եվրոպական միության հետ համագործակցությունը Ներքին գործերի նախարարության կազմում նոր մարմնի կայացման համատեքստում:   ԵԽ գործընկերները պատրաստակամություն են հայտնել ոլորտում փորձագիտական աջակցություն ցուցաբերելու:
13:39 - 21 փետրվարի, 2023
Արմեն Ղազարյանը նշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ

Արմեն Ղազարյանը նշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 9-ին կայացրած որոշման համաձայն՝ Արմեն Ղազարյանը նշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ: «Ղեկավարվելով  «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արմեն Ղազարյանին նշանակել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ»,- ասվում է որոշման տեքստում: Արմեն Ղազարյանը ծնվել է 1990 թվականին: Կրթություն 2006թ. – 2010թ. Քաղաքագիտության բակալավրիատ, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, ԵՊՀ 2010թ. – 2012թ. Եվրոպագիտության մագիստրոս, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, ԵՊՀ 2011թ. -2012թ. ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի վկայական 2013թ. հունվար- 2013թ. հունիս Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Հանրային կառավարման ծրագիր 2012թ. – 2015թ. ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ 2014թ. Քաղաքական դասընթացների Վիշեգրադի դպրոց 2015թ. հուլիսին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը «Միգրացիան ՀՀ քաղաքական դիսկուրսում և ազգային անվտանգության օրակարգում» թեմայով 2016թ. «Միգրացիա և անվտանգություն» թեմայով հետազոտություն Ֆրիբուրգի համալսարան, Շվեյցարիա 2016թ. - 2017թ. Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց: Աշխատանքային փորձ 2010թ. - 2012թ., 2016թ.– 2017թ. «Արմենպրես» լրատվական գործակալություն, թղթակից 2012թ. - 2015թ. Հայաստանում Լեհաստանի դեսպանություն, Քաղաքական բաժնի ռեֆերենտ 2015թ. - 2016թ. ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, գիտնական-վերլուծաբան 2015թ. - 2016թ. ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների հրավիրյալ դասախոս 2016թ.– 2017թ. «Քաղաքացիական համաձայնություն» հասարակական կազմակերպություն, ծրագրերի համակարգող 2017թ.– 2018թ. ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար 2018թ. ապրիլ- 2018թ. հունիս «Կովկասի» ինստիտուտի գիտաշխատող 2018 հունվարից Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և սոցիալական գիտությունների բաժին, հրավիրյալ դասախոս  Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, լեհերեն լեզուներին: Ամուսնացած չէ:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2018-ին Արմեն Ղազարյանը նշանակվել էր տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ։ 
09:23 - 10 հունվարի, 2023
Միգրացիոն ծառայությունը ներկա ձևաչափով ավարտում է իր գործունեությունը. Արմեն Ղազարյանն ամփոփում է տարին
 |armenpress.am|

Միգրացիոն ծառայությունը ներկա ձևաչափով ավարտում է իր գործունեությունը. Արմեն Ղազարյանն ամփոփում է տարին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի միգրացիոն ծառայության համար տարին բավական բարդ էր և միաժամանակ շրջադարձային՝ մի շարք բարեփոխումների համատեքստում: Մասնավորապես, Ներքին գործերի նախարարության ձևավորման վերջին փուլն էր, և մեծ աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ: Ամփոփելով տարին՝ Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշեց, որ ՆԳ նախարարության ձևավորումը, ինչպես նաև ՆԳ նախարարության կազմում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորումը, ինստիտուցիոնալ իմաստով ամենամասշտաբային ռեֆորմն է: Այս ուղղությամբ կատարվել է մեծ ծավալի օրենսդրական աշխատանք: «Չէի ցանկանա, որ այս փոփոխությունները զուտ ընկալվեին որպես գերատեսչությունների պարզ միավորում, որովհետև իրականացվել է ֆունկցիոնալ բազային ամբողջական գնահատում և օպտիմալացում: Մենք գործառույթներն առնվազն դնում ենք այնպիսի ուղու վրա, որ ակնկալենք երկու կարևոր հանգամանք: Այն է՝ վարչարարական գործընթացներում ժամանակի կորստի էական նվազում, ծառայությունների մատուցման որակի էական բարձրացում: Այս երկու նպատակներին հասնելու համար կարևոր գործիք է թվայնացումը: Դրա միջոցով է հնարավոր նվազեցնել ավելորդ բյուրոկրատիան, թղթաբանությունը, վարչական մարմնի և քաղաքացու շփումը նվազագույնի հասնելը»,-ասաց Արմեն Ղազարյանը՝ հավելելով, որ այս փոփոխությունները ուղղված են ոչ թե վերահսկողական գործընթացներին, այլ՝ քաղաքացուն: Դրանից բացի, կարևոր գործառույթ է վերապահվում նոր ստեղծվող ՆԳ նախարարությանը: Արմեն Ղազարյանը նկատեց, որ այսօր միգրացիոն քաղաքականության մշակումը՝ որպես օրենսդրական գործառույթ, որևէ պետական մարմնի վրա դրված չէ: Այնինչ, իրականում քաղաքականությունները պետք է մշակվեն նախարարությունների և իրականացվեն ոլորտային ենթակա մարմինների կողմից: Խոսելով ՆԳՆ-ի ստեղծման փաթեթից՝ Արմեն Ղազարյանը նկատեց, որ այնտեղ բավական հստակ ուրվագծված է՝ միգրացիոն քաղաքականության մշակման, քաղաքականության իրականացման համակարգման և մոնիտորինգի գործառույթները դրված են ՆԳ նախարարության վրա, իսկ իրականացումը կապահովի Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:   Ներկայացնելով ընթացիկ տարվա աշխատանքները՝ Արմեն Ղազարյանը նշեց, որ գործարկել են օտարերկրացիներին աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման էլեկտրոնային հարթակը, որի միջոցով գործատուները, օտարերկրացի աշխատողները միասնական հարթակի միջոցով, էլեկտրոնային ճանապարհով իրականացնում են վարչարարությունը: Բոլոր պետական մարմինները, որոնք ներգրավված են այդ գործընթացում, ևս  աշխատում են այդ հարթակի միջոցով: «Մենք կարողացանք հասնել այն իրավիճակին, որ պետական մարմին և օտարերկրացու շփումը դարձել է մեկանգամյա: Օտարերկրացին մեկ պատուհանի սկզբունքով ստանում է իր ժամանակավոր կացության կարգավիճակը»,-ասաց Արմեն Ղազարյանը: Ընթացիկ տարում շարունակվել են աշխատանքները նաև այլ գործառույթների թվայնացման ուղղությամբ: Ապաստանի գործառույթի իրականացման համար ևս գործարկվել է ներքին վարչարարական հարթակը: Դրանից բացի, 2019 թվականից գործում էր ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային հարթակը, որն արդեն 2022-ին ընդլայնել է իր աշխարհագրությունը: Մի շարք եվրոպական երկրներ, որոնք ռեադմիսիոն հայցեր են ուղարկում Հայաստանին, ևս միացել են նշված հարթակին: Արմեն Ղազարյանն ընդգծեց, որ միգրացիոն ծառայության գրեթե բոլոր վարչական  գործընթացներն իրականացվում են էլեկտրոնային հարթակների միջոցով: Ամփոփիչ տեսքի է բերվել Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանում ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացը: Այն Երևանում ամբողջությամբ ավարտվել է: 2022 թվականին ընդունվել են կարևոր որոշումներ, որոնք թույլ կտան 2023-ին ծրագիրն իրականացնել մյուս մարզերում ևս: Կատարվել է շահառուների ամբողջական վերահաշվառում: Այսօրվա դրությամբ մարզերում հաշվառվել է 194 ընտանիք, որոնք կարող են դառնալ այս ծրագրի շահառու: Հունվարի կեսերին կավարտվի դիմումների ընդունման գործընթացը: Ինչ է սպասվում այս ծրագրերին բարեփոխումներից, ծառայությունների միավորումներից  հետո. արդյոք դադարեցվելու ե՞ն: Արմեն Ղազարյանը վստահեցրեց, որ բոլոր ծրագրերն ու ծառայությունները շարունակելու են իրականացվել, որևէ դադար չի լինելու: Միայն հաջորդ տարվա համար նախատեսված է Միգրացիոն ծառայության սոցիալական բնույթի գործառույթները փոխանցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: «Միգրացիոն ծառայությունը իրականացնում է մի խումբ սոցիալական գործառույթներ, որոնք բնորոշ չեն միգրացիոն ծառայություններին: Վստահեցնում եմ՝ ծրագրերը, ծառայությունները կանգ չեն առնելու: Այն ծրագրերը, որոնք նախանշեցի, շարունակվելու են իրականացվել, բայց  սոցիալական բնույթի գործառույթները փոխանցվելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Օրինակ, երբ դրական որոշում է տրվում, և քաղաքացին ճանաչվում է փախստական, հաջորդիվ իրականացվում է ծրագիր, որով սուբսիդավորվում է բնակարանի վարձը 6 ամիս ժամկետով: Սա սոցիալական գործառույթ է, որը փոխանցվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը»,-ասաց Արմեն Ղազարյանը:  Հայաստանի միգրացիոն ծառայության պետը վստահեցրեց, որ անցումը կազմակերպել են բավականին հարթ: Այդ աշխատանքները դեռ կշարունակեն իրականացվել Միգրացիոն ծառայության կողմից՝ մինչև նոր կանոնադրության հաստատումը: Ինչ կադրային քաղաքականություն է սպասվում նոր կառույցի ստեղծմամբ ու ծառայությունների միավորմամբ: Փոփոխությունների փաթեթը ենթադրում է գործող կադրերի վերապատրաստում: Դրա արդյունքներով էլ կիրականացվեն նշանակումները: «Ստացվում է Միգրացիոն ծառայության ներկայիս ֆորմատով գործունեության ավարտն է: Այն 30 և ավելի տարիների ընթացքում շատ մեծ աշխատանք է կատարել ու հիմնականում փախստականների խնդիրների լուծման ուղղությամբ, հնարավորինս դիմակայել է ժամանակի մարտահրավերներին, սակայն ժամանակները փոխվել են, մարտահրավերները՝ նույնպես: Կցանկանայի, որ այս բարեփոխումները ընկալվեն որպես արդիականացման գործընթացի մաս: Միգրացիոն կարողությունները, օրենսդրությունն արդիականացվում են, համապատասխանեցվում են ժամանակակից աշխարհի կարիքներին, իհարկե՝ տեղային իրողությունները հաշվի առնելով»,-հավելեց Արմեն Ղազարյանը: Նոր ձևավորվող նախարարության կազմում միգրացիոն ծառայության ամբողջական ընդգրկումն ապահովելու համար տրված է անցումային փուլ՝ մինչև 10 ամիս: Այդ ընթացքում ծառայությունը շարունակելու է գործել իր ներկայիս հասցեում, պահպանվելու են նույն կոորդինատները:
10:40 - 30 դեկտեմբերի, 2022