ՅՈՒՆԵՍԿՕ

ՅՈՒՆԵՍԿՕ, լրիվ անվանումը՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն, ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, որը հիմնադրվել է Փարիզում 1946 թվականին։ Կազմակերպության հռչակած նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը՝ զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 193 անդամ երկիր և 11 ասոցացված երկիր։ Նրա ոլորտային օֆիսների մեծ մասը գործում են խմբակային՝ ընդգրկելով երեք կամ ավելի պետություններ․ գոյություն ունեն նաև ազգային և տարածաշրջանային գրասենյակներ։

ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ներկայացրել է Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման հետևանքները

ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ներկայացրել է Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման հետևանքները

Հոկտեմբերի 9-ին ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ելույթով հանդես է եկել կազմակերպության Գործադիր խորհրդի 217-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստին։ Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Դեսպան Տեր-Ստեփանյանն իր խոսքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով հայերի բռնի զանգվածային տեղահանմանը: Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 000 հայեր հարկադրաբար լքել են իրենց հայրենիքը և ապաստան գտել Հայաստանի Հանրապետությունում։  Դեսպանը ներկաների ուշադրությունն է հրավիրել սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումից և ԼՂ հայերի հեռանալուց անմիջապես հետո Ադրբեջանի ԶՈՒ կողմից ձեռնարկված քայլերին՝ մասնավորապես, շեշտելով Ստեփանակերտի մերձակայքում տեղադրված խաչի ոչնչացումն ու միջնադարյան ամենանշանավոր հայկական վանքերից մեկի՝ Գանձասարի յուրացման և ինքնության աղավաղման փորձերը: Դեսպան Տեր-Ստեփանյանն ընդգծել է, որ նշված քայլերը հերթական անգամ ի ցույց են դնում Լեռնային Ղարաբաղում ցանկացած հայկական հետքի ոչնչացման Ադրբեջանի մտադրության մասին, ինչի մասին ՀՀ-ն 2020թ. նոյեմբերից ի վեր բազմիցս ահազանգել է: Այս համատեքստում դեսպանը հատուկ ընդգծել է Լեռնային Ղարաբաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության գործուղման հրատապությունը՝ արձանագրելով, որ նման առաքելության իրականացումը Գլխավոր տնօրենի կողմից դիտարկվող ծրագրերի շարքում է։ Բարձր է գնահատվել 30 000 երեխաների կրթության շարունակականության համար անհրաժեշտ պայմանների գնահատման նպատակով արդեն իսկ Հայաստանում գտնվող ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության գործուղումը։ Եզրափակելով ելույթը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ընդգծել է ստեղծված իրավիճակում միջազգային հանրության պատշաճ գնահատականի և ներգրավածության կարևորությունը:
22:05 - 10 հոկտեմբերի, 2023
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները Հայաստանի խնդրանքով կայցելեն Երևան՝ աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
 |1lurer.am|

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները Հայաստանի խնդրանքով կայցելեն Երևան՝ աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանվածներին |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) մի խումբ ներկայացուցիչներ առաջիկայում կմեկնեն Երևան՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդունման հարցում Հայաստանի օգնության խնդրանքին: Այդ մասին հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից։ «Աջակցությունն ուղղված կլինի կրթության շարունակականության ապահովմանը և տեղահանված աշակերտներին հոգեբանական և սոցիալական աջակցության ցուցաբերմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ավելի քան 100 հազար տեղահանվածների մոտ մեկ երրորդը երեխաներ կամ դեռահասներ են: Կազմակերպությունը նախատեսում է վերահսկել նրանց ուսուցման համար պատշաճ պայմանների ապահովումը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախատեսում է նաև հանդիպում կազմակերպել կրթության ոլորտում միջազգային գործընկերների և դոնորների մասնակցությամբ՝ աջակցություն ստանալու նպատակով:
12:01 - 05 հոկտեմբերի, 2023
Եթե ԵՄ-ն քայլեր չձեռնարկի, հնարավորություն կտա Բաքվին՝ շարունակելու իր թշնամական քաղաքականությունը Հայաստանի տարածքում. Ռուիսեն
 |1lurer.am|

Եթե ԵՄ-ն քայլեր չձեռնարկի, հնարավորություն կտա Բաքվին՝ շարունակելու իր թշնամական քաղաքականությունը Հայաստանի տարածքում. Ռուիսեն |1lurer.am|

1lurer.am:  Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը վերջին շաբաթվա ընթացքում մեծ տառապանք է կրել, հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել թողնել ամեն ինչ և հեռանալ:   Այս մասին հայտարարել է նիդերլանդցի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքները» թեմայով քննարկմանը:   «Եվրոպայի շեմին հանցագործություն է տեղի ունենում: Ի՞նչ է արել Եվրոպական խորհուրդը, ի՞նչ է արել Եվրահանձնաժողովը: Մենք դեռ խոսում ենք Ադրբեջանի մասին՝ որպես վստահելի գործընկեր: Դա անհասկանալի է: ԵՄ-ն անգամ օգնում է Բաքվին՝ նրանից մեծ քանակությամբ բնական գազ գնելով»,- նշել է պատգամավորը:   Նրա խոսքով՝ եթե այս պահին Եվրամիությունը քայլեր չձեռնարկի՝ հնարավորություն կտա Ադրբեջանին՝ շարունակելու իր թշնամական քաղաքականությունը այդ թվում Հայաստանի տարածքում: Նա կոչ է արել դադարեցնել Ադրբեջանի հետ գազային գործարքը և պատժամիջոցներ սահմանել նրա դեմ:   Ռուիսենը նաև ՅՈւՆԵՍԿՕ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ:  Նա նաև նշել է, որ կուզեր տեսնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնում, ներառյալ՝ սահմանի ադրբեջանական կողմում:   «Հայաստանը Եվրամիության աջակցության կարիքն ունի: Ես հուսով եմ որ դուք դա կտրամադրեք»,- նշել է եվրապատգամավորը:  
22:23 - 03 հոկտեմբերի, 2023
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը

ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ, 1972թ. Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի համակարգող Հարություն Վանյանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությյունը, Հարություն Վանյանն իր ելույթում Հայաստանի պատվիրակության անունից լսարանի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը, մշտապես քաղաքականացնելով ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային հարթակը, անհիմն ու կեղծ մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին, և այդ վարքագիծը հակասում է կազմակերպության արժեքներին և սկզբունքներին: ՀՀ ներկայացուցիչը նաև առարկություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում գտնվող Ազոխի և Վերին Թաղերի քարայրներն Ադրբեջանի նախնական ցանկում ներառելու ադրբեջանական առաջարկի կապակցությամբ։ Հայաստանի պատվիրակն իր խոսքում նշել է, որ նախնական ցանկում գրանցվող քարայրները գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում, որը 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով անցել է վերջինիս վերահսկողության տակ: Այդ ժամանակից ի վեր՝ Ադրբեջանը ձեռնամուխ է եղել Լեռնային Ղարաբաղում հազարամյա հայկական մշակութային ժառանգության՝ պետական հովանավորությամբ իրականացվող մշակութային ցեղասպանությանը` մշակութային վայրերի ոչնչացման, պղծման և հայկական ինքնության յուրացման բազմաթիվ փաստագրված դեպքերով: Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու՝ վերջերս ավերած արբանյակային լուսանկարները, ի թիվս այլոց, ծառայում են որպես Ադրբեջանի կողմից ոչ միայն հայկական մշակութային ժառանգության, այլև Արդարադատության միջազգային դատարանի որոշման անտեսման վառ օրինակ, որը 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ՝ պարտադրում է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»: Մեջբերվել է նաև 2022 թվականի մարտի 10-ի Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որով կազմակերպությունը դատապարտում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման, Ադրբեջանում հայատյացության տարածման համար: Հարություն Վանյանը նշել է, որ մինչև այժմ Ադրբեջանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ մուտքի իրավունք տրամադրել ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանը՝ կատարելու կարևորագույն մշակութային արժեքների գույքագրում, որն առաջարկվել էր ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի կողմից 2020 թվականի նոյեմբերին՝ որպես տարածաշրջանի ժառանգության արդյունավետ պաշտպանության նախապայման։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր, Լեռնային Ղարաբաղի անմարդկային շրջափակման հետ մեկտեղ, Ադրբեջանի այս գործողությունները վկայում են բնիկ հայ բնակչության ոչնչացման և նրա մշակութային ժառանգության ցանկացած հետք ջնջելու ցեղասպան մտադրության մասին։ Շեշտվել է նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության տեղակայման հրատապ անհրաժեշտությունը և ընդգծվել Հայաստանի պատրաստակամությունը՝ համագործակցել այդ հարցով ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ։
17:48 - 18 սեպտեմբերի, 2023
ԱՄՆ-ն վերադառնում է ՅՈՒՆԵՍԿՕ |1lurer.am|

ԱՄՆ-ն վերադառնում է ՅՈՒՆԵՍԿՕ |1lurer.am|

1lurer.am: Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի արտահերթ նստաշրջանում կազմակերպության անդամ 193 երկրների ներկայացուցիչները կքննարկեն ԱՄՆ-ի անդամակցության վերականգնման հարցը։ 2011 թվականին Միացյալ Նահանգները դադարեցրեց ՄԱԿ-ի կրթության, գիտության ​​և մշակութի հարցերով կազմակերպության ֆինանսավորումը, երբ Պաղեստինի ինքնավարությանը մշտական ​​անդամի կարգավիճակ տրվեց: 2017 թվականին Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Վաշինգտոնը որոշեց ընդմիշտ դուրս գալ ՅՈՒՆԵՍԿՕ-ից՝ կազմակերպությանը մեղադրելով «հակաիսրայելական քաղաքականության համար»։ Հինգ տարի անց Ջո Բայդենի վարչակազմը երկրի անդամակցությունը վերականգնելու հայտ ներկայացրեց՝ խոստանալով վճարել ավելի քան կես միլիոն դոլար ժամկետանց վճարումներ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ին ԱՄՆ-ի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա ուրբաթ՝ կազմակերպության գլխավոր կոնֆերանսի արտահերթ նստաշրջանի երկրորդ օրը։
16:01 - 30 հունիսի, 2023
«Տիրինկատարի» վիշապաքարերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու համար հայտ կպատրաստվի

«Տիրինկատարի» վիշապաքարերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու համար հայտ կպատրաստվի

ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշման մեջ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում «Տիրինկատարի» վիշապաքարերի ընդգրկման հայտի պատրաստման նպատակով: Արդյունքում կապահովվի «Տիրինկատար» տարածքի վիշապաքարերի խմբի ընդգրկման հայտի բովանդակային մասի պատրաստումը, տարածքի վերաբերյալ կպատրաստվի նաև եռաչափ մոդելավորմամբ հոլովակ։ Ըստ հիմնավորման՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ՀՀ-ից գրանցված է 3 հուշարձանախումբ՝ Սանահինի և Հաղպատի վանական համալիրները, Գեղարդավանքը և Ազատ գետի վերին հովիտը, Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիներն ու Զվարթնոցի տաճարը։ Այս բոլոր գրանցումները կատարվել են 1998-2000թթ, որից հետո ՀՀ-ի կողմից որևէ նոր հուշարձան չի գրանցվել։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանի Հանրապետությունից գրանցված է 4 հուշարձանախումբ՝ Դվին հնավայրը, Նորավանքն ու Ամաղուի ձորահովիտը, Երերույքի տաճարը, Տաթև վանական համալիրն ու Տաթևի անապատը։ Այս բոլոր գրանցումները կատարվել են 1995 թ։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընթացակարգերի՝ մինչև Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկվելը՝ անհրաժեշտ է, որ օբյեկտը ընդգրկված լինի նախնական ցանկում։ ԿԳՄՍ նախարարությունն առաջիկա Միջնաժամկետ ծախսային ծրագրում, սկսած 2024 թվականից, նախատեսել է առանձին միջոցառում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկերում ավելացվող հուշարձանների հայտերի պատրաստման համար, որի նպատակն է լրացնել ավելի քան 20 տարվա բացը՝ նախատեսելով միջոցներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման համար։ Միջոցները ծախսվելու են հայտերի պատրաստման, հուշարձանների կառավարման պլանների մշակման, թարգմանությունների, գիտական հիմքով բովանդակային հայտի լրացման, փորձագիտական խորհրդատվության և այլ ուղղություններով։ Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոնղոլիայի կառավարության միջև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Այն կնպաստի երկու երկրների միջև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում համագործակցությունը զարգացնելուն, երկուստեք փոխշահավետ կապերի ընդլայնմանը: Համաձայնագրի ստորագրման արդյունքում երկու պետությունների համալսարանների և գիտահետազոտական կազմակերպությունների միջև կհաստատվեն անմիջական կապեր: Ըստ այդմ՝ նախատեսվում է տարեկան մինչև 4 կրթաթոշակի տրամադրում մշակույթի, արվեստի, տեղեկատվական տեխնոլոգիաների և բժշկության ոլորտներում՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնառելու համար: Մշակույթի բնագավառում հնարավորություն կընձեռվի իրականացնել ցուցահանդեսների փոխանակում, ստեղծագործական խմբերի և անհատ ստեղծագործողների կողմից աշխատանքների ներկայացում: Այն կխթանի նաև մշակութային նորարարության, նոր գաղափարների և նախաձեռնությունների համագործակցության ընդլայնմանը:
19:50 - 22 հունիսի, 2023
ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը մտահոգ է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական ժառանգությանը սպառնացող վտանգների առնչությամբ

ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը մտահոգ է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական ժառանգությանը սպառնացող վտանգների առնչությամբ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մայիսի 15-ին մեկնարկել է Գործադիր խորհրդի 216-րդ նստաշրջանը։ Նույն օրը կայացած լիագումար առաջին նիստի ընթացքում ելույթով հանդես է եկել կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը։ Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, անդրադառնալով արտակարգ և պատերազմական իրավիճակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ծավալվող գործունեությանը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը հիշեցրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ տուժած մարզերում կրթական համակարգի կրած վնասները և ներկայացրեց իրավիճակի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Քրիստիան Տեր-Ստեփանյանը համոզմունք է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատասխանատվություն է կրում բոլոր այն մարդկանց համար, որոնց կրթության իրավունքը ոտնահարվում է։ Այդ համատեքստում, նա հիշատակել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար, այդ թվում՝ 30 000 երեխաների կրթության իրավունքի ոտնահարումը։ Նա վերահաստատել է նկարագրված իրավիճակով պայմանավորված ՄԱԿ միջգործակալական փաստահավաք առաքելության ուղարկման հրատապությունը։ ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների առնչությամբ, մասնավորապես՝ Շուշիի և Հադրութի շրջաններում։ Նա ընդգծել է, որ 2020 թվականից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, վանդալիզմի ենթարկելու, յուրացման բազմաթիվ դեպքերը ցանկացած հայկական մշակութային հետքի վերացման նպատակի խոսուն ապացույց են։ Այդ համատեքստում դեսպան Տեր-Ստեփանյանը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հրատապ ուղարկման ցանկությունը։ ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի կողմից իրագործված և ընթացիկ փուլում գտնվող համատեղ մի շարք նախաձեռնությունների։
15:41 - 16 մայիսի, 2023
Հայկական մշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի ոտնձգությունները փաստագրված են. Մհեր Մարգարյանը՝ ՄԱԿ-ում

Հայկական մշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի ոտնձգությունները փաստագրված են. Մհեր Մարգարյանը՝ ՄԱԿ-ում

Մայիսի 2-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի շրջանակներում տեղի է ունեցել թեմատիկ քննարկում՝ «Մշակութային ժառանգության պաշտպանությունը զինված հակամարտությունների ընթացքում» խորագրով, որը կազմակերպել էին ԱԽ-ում Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների մշտական ներկայացուցչությունները։ ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկմանը ելույթներով հանդես են եկել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն և ՄԱԿ մի շարք անդամ-պետությունների ներկայացուցիչներ: Իր ելույթում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում և ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային կոթողների ավերվածություներին` նշելով, որ նման գործողությունները Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հայկական ներկայացվածության համակարգված վերացման քաղաքականության մաս են կազմում։ Դեսպան Մարգարյանն ընդգծել է, որ հայկական մշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի ավելի վաղ շրջանի ոտնձգությունները ևս փաստագրված և լայնորեն լուսաբանված են` օրինակ բերելով Նախիջևանի հայկական միջնադարյան եկեղեցիների և 5000-ից ավել խաչքարերի ոչնչացումը։ Քննարկման մասնակիցների ուշադրությունն է հրավիրվել նաև  2021թ. դեկտեմբերին Հայաստանի հայցի հիման վրա Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշման վրա, որը պարտավորեցնում է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողություններն՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, և շիրիմների դեմ»։ ՀՀ մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ Հայաստանը շարունակաբար կոչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, այնինչ Ադրբեջանը մշտապես խոչընդոտել է տեղում փաստերի անկախ և անաչառ գնահատական տալու միջազգային կառույցների ջանքերը։
10:38 - 03 մայիսի, 2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական խմբի ուշադրությունն է հրավիրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի խնդրին

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական խմբի ուշադրությունն է հրավիրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի խնդրին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի  քաղաքականությունների և ցկյանս կրթության համակարգերի բաժնի ղեկավար Բորեն Շակրունի գլխավորած փորձագիտական խմբին: ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ առաքելությունը Հայաստան է գործուղվել կրթության ոլորտում կարիքների գնահատման նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը: Ողջունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին՝ Ժաննա Անդրեասյանը նախ նրանց ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի խնդրին՝ այս համատեքստում անդրադառնալով, մասնավորապես, շուրջ 30 հազար երեխաների կրթության և հիմնարար մյուս իրավունքների խախտմանը: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ խնդրի առնչությամբ 2022 թվականի դեկտեմբերին համապատասխան  նամակ է ուղարկվել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարներին։ «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի արդյունքում խախտվել են շուրջ 120 հազար բնակչի հիմնարար մի շարք իրավունքներ. նրանցից 30 հազարը երեխաներ են, այդ իսկ պատճառով ցանկանում եմ անդրադառնալ նրանց կրթության իրավունքի խախտմանը: Սննդի մատակարարման անհնարինության, Ադրբեջանի կողմից գազամատակարարման և էլեկտրաէներգիայի պարբերական խափանումների պատճառով թե՛ մանկապարտեզներում, թե՛ դպրոցներում, և թե՛ կրթական մյուս հաստատություններում խախտվում է երեխաների կրթության իրավունքը․ այս  անթույլատրելի իրավիճակը ձգվում է արդեն բավական երկար ժամանակ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հույս հայտնել, որ միջազգային կառույցների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հասցեական գործողությունները կնպաստեն խնդրի կարգավորմանը: Նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությունը՝ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» մշակման գործընթացում և նշել, որ ծրագրով նախատեսված միջոցառումների պլանն իրականացնելիս ևս ակնկալում են զարգացման գործընկերների աջակցությունը: «Մեզ համար որպես նպատակներ սահմանվել են ինչպես բովանդակության, այնպես էլ մասնագիտական ներուժի արդիականացումն ու հզորացումը՝ աշխատաշուկայի և ժամանակակից մասնագիտական պահանջներին համահունչ, ներառական, անվտանգ միջավայրի զարգացումն ու հասանելիության ապահովումը բնակչության բոլոր խմբերի համար։ Մենք կարևորում ենք մասնավոր հատվածի հետ համագործակցության, աշխատանքի վրա հիմնված ուսուցման, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման, ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի ապահովման գործընթացները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Բորեն Շակրունը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր գնահատել ՀՀ կառավարության մշակած բարեփոխումների նախագիծը՝ կրթության փոխակերպման համատեքստում: Փորձագիտական խմբի ղեկավարը վերահաստատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու տեխնիկական և մասնագիտական կրթության և վերապատրաստման ռազմավարության շրջանակում (EFTP) Հայաստանում իրականացվող բարեփոխումների իրականացմանը. «Հայաստանը մեզ համար կարևոր գործընկեր է: Արդեն ծանոթացել ենք «ՀՀ կրթության՝  մինչև 2030  թվականը զարգացման  պետական ծրագրին», որում սահմանվել են շատ հավակնոտ ծրագրեր և թիրախներ: Գնահատում ենք ձեր ջանքերն այդ ռազմավարական փաստաթղթի նախագծման և մշակման գործընթացում: Դա վկայում է կրթության փոխակերպում իրականացնելու ձեր պատրաստակամության մասին: Երեկ հանդիպել ենք նաև զարգացման մյուս գործընկերներին: Կա ընդհանուր դրական տրամադրվածություն կրթության զարգացման պետական ծրագրում և գործողությունների պլանում ներառված գաղափարների իրագործման առումով: Համակարգային բարեփոխումների իրականացման հարցում պատրաստ ենք ցուցաբերել մեր աջակցությունը և քննարկել համագործակցության կոնկրետ ծրագրեր»: Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի զարգացման, քոլեջների և ուսումնարանների գործունեության, մարդկային կապիտալի զարգացման ու հմտությունների բարելավման կարևորությանը և այս համատեքստում համագործակցության հեռանկարներին: Ժաննա Անդրեասյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ առաջիկայում ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելը, որը մինչ այս կիրառվել է փորձնական ծրագրերով, դարձնել ինստիտուցիոնալ: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ կրթության ոլորտի քաղաքականությամբ ստեղծվել է մասնավորի հետ համագործակցության նոր ձևաչափերի գործիքակազմ, ինչի արդյունքում դիտարկվում է նաև քոլեջների և ուսումնարանների կառավարման մոդելը փոխելու հնարավորությունը: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերի շուրջ գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:
11:25 - 01 մարտի, 2023
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն հանդիսացող Գազիանթեփի ամրոցը |armenpress.am|

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն հանդիսացող Գազիանթեփի ամրոցը |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի Գազիանթեփի նահանգում փլվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված պատմական ամրոցն այսօր տեղի ունեցած 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով։ Այս մասին տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Գործակալությունը նշում է, որ Yeni Şafak թերթի տվյալներով՝ կառույցին հասցված վնասը դեռ պետք Է որոշվի։ Այժմ հայտնի է, որ ցնցումներից հետո պարիսպները տեղ-տեղ փլվել են։ Գազիանթեփի ամրոցը գտնվում Է 25-30 մ բարձրությամբ բլրի վրա: Կառուցման  տարեթվի և հեղինակի մասին ստույգ տեղեկություններ չկան, սակայն դրա մասին առաջին հիշատակությունները վերաբերում են II-III դարերին: 2002 թվականից ամրոցի տարածքում հնագետները պեղումներ են իրականացրել, որոնց ընթացքում բազմաթիվ բացահայտումներ են արվել, որոնք պատմում են այս տարածաշրջանի ժողովուրդների կյանքի մասին։ Բերդի տարածքում կա թանգարանային համալիր՝ նվիրված Առաջին աշխարհամարտի ժամանակ ֆրանսիացիներից Գազիանթեփի պաշտպանությանը:  
12:34 - 06 փետրվարի, 2023
Ադրբեջանը խախտում է Արցախի երեխաների կրթության իրավունքը. ԿԳՄՍՆ-ն դիմել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ և ՅՈՒՆԵՍԿՕ

Ադրբեջանը խախտում է Արցախի երեխաների կրթության իրավունքը. ԿԳՄՍՆ-ն դիմել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ և ՅՈՒՆԵՍԿՕ

Ադրբեջանը, փակելով Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միջանցքը,  երեխաների կրթություն ստանալու իրավունքն է խախտել. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը այս հարցով դիմել է թե՛ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին, թե՛ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի ուշադրություն հրավիրի երեխաների հիմնարար իրավունքների խախտումներին, որոնք տեղի են ունենում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով: Այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն՝ ընդգծելով,  որ միջազգային կառույցների հասցեական արձագանքը և քայլերը շատ կարևոր են և  կնպաստեն իրավիճակի արագ հանգուցալուծմանը: Նա ասաց,  որ  առաջին իսկ օրվանից իրենք մշտական կապի մեջ են Արցախի հետ և համապատասխան աշխատանքային կապերի շրջանակներում ստանում են տեղեկատվություն ու փորձում են հասկանալ՝ ինչո՞վ կարող են աջակցել: «Իհարկե, բոլորի առաջնային խնդիրը օր առաջ վերադառնալն է իրենց հարազատների և ընտանիքների մոտ: Բայց պետք է ասեմ, որ  Գորիսում բոլոր կառույցները, մարզպետարանը  հենց առաջին ժամերին ապահովել են անհրաժեշտ կեցության  և սննդի ծախսերը: Զրուցեցի երեխաների և նրանց ուղեկցողների հետ, կարծես թե այդ մասով բոլոր խնդիրները կարգավորված են, և այս պահին էլ կարիքների գնահատում արվում է, հասկանանք ինչի՞ կարիքը կա, որպեսզի այդ ամենը շատ արագ կարգավորվի»,- ասաց Անդրեասյանը: Նախարարը շեշտեց, որ առաջին իսկ պահից բոլոր դպրոցներին ասվել է, որ երեխաները ցանկացած օր կարող են գնալ և իրենց համապատասխանող դասարանում մասնակցել դասապրոցեսին, որպեսզի և՛ բաց չթողնեն դասերը, և՛  նոր ընկերներ ձեռք բերեն ու դրական միջավայրում հոգեբանական աջակցություն ստանան:
16:54 - 21 դեկտեմբերի, 2022
Հայաստանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության հարցերով միջկառավարական կոմիտեի 17-րդ նստաշրջանին

Հայաստանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության հարցերով միջկառավարական կոմիտեի 17-րդ նստաշրջանին

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը Ռաբաթում (Մարոկկոյի Թագավորություն) կանցկացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական կոմիտեի 17-րդ նստաշրջանը: Միջկառավարական կոմիտեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի գլխավոր մարմիններից է. այն ստեղծվել է կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն: Կոմիտեի կազմում 24 անդամ պետություն է: Կոմիտեի կարևոր գործառույթներից է անդամ պետությունների ներկայացրած հայտերի առնչությամբ վերջնական որոշում կայացնելը՝ կոնվենցիայով սահմանված ցանկերում գրանցելու նպատակով: Նստաշրջանին մասնակցում է աշխարհի 125 երկրի ավելի քան 1000 ներկայացուցիչ, այդ թվում` կոնվենցիային միացած անդամ երկրների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդներ, ինչպես նաև տարբեր երկրների լրատվամիջոցներ: Նստաշրջանին մասնակցելու նպատակով Ռաբաթ է մեկնել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության պատվիրակի տեղակալ Օ. Դավթյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի գլխավոր մասնագետ Ն. Կիլիչյանը։ Նստաշրջանի օրակարգի կարևոր հարցերից են տարբեր երկրներից գրանցման ներկայացված հայտերի քննարկումները: Ներկայացվել էր 50 հայտ, որից 4-ը՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության, 46-ը` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկերում ընդգրկելու, 5-ը՝ պաշտպանության լավագույն փորձի գրանցամատյանի առաջարկներ և 2 հայտ` ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնադրամի կողմից անդամ պետություններին տրամադրվող միջազգային աջակցություն ստանալու համար: Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան վավերացրել է 2006 թ. և մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցել է «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.) և «Քոչարի. ավանդական խմբապար» տարրերը: ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրվել է «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն հասարակական կազմակերպությունը (2020 թ.), և ՅՈՒՆԵՍԿՕ է ներկայացվել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի կիրարկման և մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառված տարրերի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ պարբերական զեկույցը (2021 թ.):
14:14 - 28 նոյեմբերի, 2022
Մեհրիբան Ալիևան դադարեցրել է գործունեությունը որպես ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
 |azatutyun.am|

Մեհրիբան Ալիևան դադարեցրել է գործունեությունը որպես ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի առաջին տիկին, երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան դադարեցրել է գործունեությունը որպես ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի տիկնոջ նամակը՝ ուղղված ՄԱԿ-ին կից կառույցի ղեկավար Օդրի Ազուլեին։ Նամակում մասնավորապես ասվում է, թե Ալիևան «ակտիվորեն մասնակցում է ազատագրված տարածքների վերականգնման լայնածավալ աշխատանքներին» և «չի կարող կատարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պարտականությունները»: Մեհրիբան Ալիևան ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան է նշանակվել 2004 թվականին։ 58-ամյա Ալիևան Ադրբեջանի խորհրդարանի երեք գումարումների պատգամավոր է, «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության փոխնախագահ, Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահ, մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ։ Ամուսնու կողմից փոխնախագահ է նշանակվել 2017 թվականի փետրվարին։      
13:14 - 15 նոյեմբերի, 2022
ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչները մասնակցել են «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության կոնվենցիայի» զեկույցների նախապատրաստական հանդիպմանը

ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչները մասնակցել են «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության կոնվենցիայի» զեկույցների նախապատրաստական հանդիպմանը

 ՅՈՒՆԵՍԿՕ-ի hամաշխարհային ժառանգության պահպանության կազմակերպության նախաձեռնությամբ օրերս տեղի է ունեցել «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության կոնվենցիայի» Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանի մասնակից պետությունների ազգային պարբերական զեկույցների ներկայացման երրորդ շրջափուլի նախապատրաստական առցանց հանդիպումը: Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպումներին մասնակցել են նաև նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի hամաշխարհային ժառանգության 1972 թ․ կոնվենցիայի ազգային համակարգող) և նույն վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը (Գեղարդավանք վանական համալիրի և Ազատ գետի հովտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի hամաշխարհային ժառանգության հուշարձանի կառավարիչ)։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ազգային պարբերական զեկույցի ձևաչափի լրացման մանրամասները, մեթոդները, ժամկետները: Մասնակից պետությունների ներկայացուցիչները քննարկել են զեկույցների մշակման ընթացքում առաջացած խնդիրների լուծման ճանապարհները։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի hամաշխարհային ժառանգության ցանկում Հայաստանի Հանրապետության տարածքում առկա հուշարձաններից ընդգրկված են Գեղարդավանք վանական համալիրը և Ազատ գետի հովիտը, Սանահին և Հաղպատ վանական համալիրները, Էջմիածնի տաճարներն ու եկեղեցիները, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոցը։ Հայաստանի համար պարբերական զեկույցի վերջնաժամկետը 2023 թ․ հուլիսի 31-ն է։
16:26 - 26 հոկտեմբերի, 2022
Դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդես է եկել ելույթով։ Իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նա, մասնավորապես, ընդգծել է այս ծանր ժամանակահատվածում կրթության շարունակականության ապահովման կարևորությունը, որը պահանջում է ինչպես ազգային զգալի ռեսուրսների ներդրում, այնպես էլ՝ միջազգային հանրության ներգրավվածությունը։ Այդ համատեքստում Քրիստիան Տեր-Ստեփանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումների վրա, որոնք վկայում են ադրբեջանական հասարակությունում արմատացած հայատյացության ծայրահեղ բարձր մակարդակի մասին։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ անկախ տեխնիկական առաքելության ուղարկման նախաձեռնությանը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչն ափսոսանք է հայտնել Ադրբեջանի կողմից առաքելության շարունակական խոչընդոտման առնչությամբ և արձանագրել, որ վերջինս մերժում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության առաջարկը և զգուշանում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները կարող են հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ականատեսը դառնալ։ Քրիստիան Տեր-Ստեփանյանը հույս է հատնել, որ գլխավոր տնօրենը կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ առաքելության ուղարկման ուղղությամբ։ ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի կողմից իրագործված և ընթացիկ փուլում գտնվող համատեղ մի շարք նախաձեռնություններին։
16:02 - 11 հոկտեմբերի, 2022
Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության պահպանման նպատակով ՀՀ միջազգային աջակցություն է ցուցաբերվել

Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության պահպանման նպատակով ՀՀ միջազգային աջակցություն է ցուցաբերվել

 ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի հիմնադրամից «Միջազգային աջակցություն» անվանակարգով 2022 թվականին Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է դրամաշնորհ (74,855.00 USD) «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» վերնագրով հայտի շրջանակում 2 տարի ժամկետով ծրագիր իրականացնելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Հայտը պատրաստվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության խորհրդատվական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է գույքագրել, պահպանել և խթանել ՀՀ Սյունիքի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ որպես տարածաշրջանի տեղական առանձնահատկությունների ու ինքնության դրսևորում, քանի դեռ այն կենսունակ է և շրջանառվում է ժողովրդական հեքիաթների, առասպելների, լեգենդների, ավանդույթների, ասացվածքների, ծիսական երգերի և այլ ձևերով: Ներկայում անհրաժեշտություն է այս ամենի գրանցումը՝ կապված սերնդափոխության և ժառանգության փոխանցման ապահովման հետ: Ծրագրի ընթացքում ՀՀ Սյունիքի մարզում իրականացվելու են տեղական բանահյուսության գույքագրման, դաշտային հետազոտական աշխատանքներ, ուսուցողական հանդիպումներ ժառանգության կրողների հետ՝ Արծվանիկ, Դավիթ Բեկ, Կապան, Շաղաթ, Թասիկ, Տեղ, Շինուհայր, Կարճևան, Լեհվազ համայնքներում, համագործակցություն Սյունիքի հայագիտական կենտրոնի, Գորիսի պետական համալսարանի հետ: Ծրագրի շրջանակում սեպտեմբերի 25-ին Հայաստան կժամանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային փորձագետ, Թեհրանի Շահիդ Բեհեշտի համալսարանի դասախոս Ժանետ Բլեյքը, որը վերապատրաստման դասընթաց կանցկացնի ծրագիրն իրականացնող խմբի համար՝ մասնագիտական խորհրդատվությամբ նպաստելով ծրագրի արդյունավետ կազմակերպմանը: Սյունիքում հավաքագրված և փաստաթղթավորված նյութերը կթվայնացվեն՝ ստեղծելով Սյունիքի բանահյուսական ժառանգության տվյալների շտեմարան և կայք: Նշվում է, որ այս աշխատանքները համահունչ են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիային, «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքի և այլ իրավական ակտերի դրույթներին:
17:17 - 22 սեպտեմբերի, 2022