Ռուբեն Ռուբինյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ։

Ծնվել է 1990թ. մարտի 8-ին Երեւանում:

2012-2014թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2010թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2011թ.՝ Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL): «Քաղաքականություն եւ անվտանգություն» մասնագիտացման մագիստրոս է: 2012թ.՝ Լեհաստանի Յագելոնյան համալսարանը: Եվրոպագիտության մագիստրոս:

2017-2018թթ. զբաղվել է գիտական գործունեությամբ: 2018թ. մայիս-2019թ. հունվար եղել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2015-2017թթ.՝ վարչության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 3-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ. ԵԽԽՎ-ն ընդունեց «Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում» բանաձևը

Առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ. ԵԽԽՎ-ն ընդունեց «Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում» բանաձևը

Քիչ առաջ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվությունը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է  ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը: «Բանաձևը դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները։ Վեհաժողովը ֆիքսում է, որ Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ բնակչությունը լքել է իր հայրենիքը ֆիզիկական ոչնչացման վտանգի և Ադրբեջանի կառավարության երկարամյա հայատյաց քաղաքականության պատճառով։ Վեհաժողովը ֆիքսում է, որ առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ։ Վեհաժողովը նշում է, որ էթնիկ զտումների իրականացումը՝ որպես ռազմական կամ մարդկության դեմ հանցագործություն, կարող է հանգեցնել անհատական քրեական պատասխանատվություն։ Վեհաժողովը կոչ է անում Նախարարների կոմիտեին ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ մոնիտորինգային գործընթաց՝ հիմք ընդունելով ԵԽ անդամ երկրների կողմից ստանձնած հանձնառությունների կատարման վերաբերյալ 1994թ հռչակագիրը: Կոչ է անում Նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի միջև լրացուցիչ համատեղ ընթացակարգ սկսել՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից կանոնադրական պարտավորությունների լուրջ խախտման: Հայտնում է, որ Ադրբեջանի՝ իր պարտավորությունների չկատարման պարագայում վեհաժողովն այլ ընտրություն չի ունենա, քան 2024թ. ԵԽԽՎ առաջին նստաշրջանի ընթացքում վիճարկել Ադրբեջանի պատվիրակության մանդատը (սա կնշանակի, որ Ադրբեջանի պատվիրակության մասնակցությունը ԵԽԽՎ-ում առնվազն ժամանակավորապես կդադարեցվի): Վեհաժողովն անդրադառնում է վերջին երկու շաբաթում ավելի քան 100.600 հայերի կողմից Լեռնային Ղարաբաղը լքելու փաստին, արձանագրում դրա պատճառները՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունները և դրան նախորդած՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ճգնաժամը։ Վեհաժողովը խորապես համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության ողբերգական արտագաղթը չպետք է ընդունվի որպես նոր իրականություն։ Որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկիր՝ Ադրբեջանը պետք է պահպանի հավատարմություն կազմակերպության հիմնական արժեքներին և դրսևորի պատրաստակամություն՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները կատարելու համար: Վեհաժողովը հղում է կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2023թ սեպտեմբերի 22-ին ընդունած որոշմանը` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ, և կոչ է անում Ադրբեջանին անհապաղ կատարել դրանք: Վեհաժողովը հասցեական կոչ է անում Ադրբեջանին ձեռնարկել անհապաղ գործողություններ՝ Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձն ապահովելու և նրանց իրավունքները պաշտպանելու համար։ Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին ապահովել տարածաշրջանի հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը։ Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր կալանավորված ներկայացուցիչներին, ինչպես նաև Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին։ Բանաձևն անդրադառնում է իրենց հայրենիքից Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանման հետևանքով առաջացած ծանր հումանիտար իրավիճակին և ընդգծում Հայաստանին աջակցելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի գործողությունների միջոցով։ Վեհաժողովը խորապես համոզված է, որ երկարամյա և ողբերգական հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, երկխոսության և բարի կամքի միանշանակ ազդանշանների միջոցով, կիրառելի միջազգային իրավունքի հիման վրա՝ լիակատար հարգանք ցուցաբերելով այնտեղ ապրող յուրաքանչյուր մարդու իրավունքների նկատմամբ: Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին անել ամեն ինչ, ցույց տալու համար հարևան Հայաստանի հետ խաղաղ ապրելու պատրաստակամությունը: Վեհաժողովն ակնկալում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կհարգեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև սահմանների անձեռնմխելիությունը՝ հիմք ընդունելով 1991թ. Ալմաթիի հռչակագիրը: Վեհաժողովը կոչ է անում բացել տարածաշրջանային կապուղիները` երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հիման վրա և ազգային իրավասության շրջանակում: Այս համատեքստում Վեհաժողովն ընդգծում է, որ Նախիջևանի հետ հնարավոր կապը չի կարող գործարկվել Հայաստանի կամքին հակառակ և ի վնաս Հայաստանի ազգային շահի: Վեհաժողովն ակնկալում է Ադրբեջանի իշխանությունների համաձայնությունը՝ կազմակերպելու միջազգային կառույցների բարձր մակարդակի փաստահավաք այցեր։ Վեհաժողովը գտնում է, որ ի լրումն Եվրոպայի խորհրդի համապատասխան հաստատությունների և մարմինների տարածաշրջան մուտք գործելու հրատապ անհրաժեշտության, Ադրբեջանի իշխանությունները պետք է կանոնավոր կերպով ԵԽ գլխավոր քարտուղարին և Նախարարների կոմիտեին տրամադրի լիարժեք և մանրամասն տեղեկատվություն ձեռնարկված կամ նախաձեռնվելիք միջոցառումների վերաբերյալ, որոնք նախատեսված են պաշտպանելու և ընդլայնելու Կոնվենցիայով նախատեսված տարածաշրջանի հայերի իրավունքները և ազատությունները՝ ներառյալ նրանց անվտանգությունը, ովքեր վերադառնալու ցանկություն կդրսևորեն։ Խորհրդարանական վեհաժողովը հրավիրում է Նախարարների կոմիտեին հրատապ միջոցներ ձեռնարկել՝ հասցեագրելու Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ հայ բնակչության արտագաղթը, նրանց վրա ազդող մարդասիրական ու մարդու իրավունքների ճգնաժամը, խորապես մտահոգված է իրավիճակով, որը էթնիկ զտումների բազմաթիվ կասկածներ է առաջացնում, ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանը չի հարգել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հանձնառությունը, որ ստանձնել է Եվրոպայի խորհրդին անդամակցելիս։ Վեհաժողովը պահանջում է, որ գլխավոր քարտուղարը և Նախարարների կոմիտեն հնարավորինս արագ կազմակերպեն Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելության այցը, որը նպատակ կունենա տեղում գնահատել և նախանշել ձեռնարկվելիք միջոցները՝ տեղի հայերի իրավունքները պաշտպանելու համար՝ ներառյալ նրանց, ովքեր ապաստան են գտել երկրից դուրս, և ապահովելու բոլոր նրանց անվտանգ վերադարձը, ովքեր վերադառնալու ցանկություն կունենան: Ողջունում է Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի փաստահավաք առաքելությունը Հայաստան՝ ստեղծված իրավիճակում Կազմակերպության կողմից տրամադրվելիք աջակցությունը գնահատելու համար: Վեհաժողովը նշում է, որ աչալրջորեն հետևելու է Ադրբեջանի իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումներին և վերջինիս կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը»,- տեղեկացրել է նա։
21:37 - 12 հոկտեմբերի, 2023
Այս մարդիկ այնքան զուրկ են ամոթից, որ ԵԽԽՎ–ում Հայաստանը Արեւմտյան Ադրբեջան են անվանում. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ նախագահությանը |news.am|

Այս մարդիկ այնքան զուրկ են ամոթից, որ ԵԽԽՎ–ում Հայաստանը Արեւմտյան Ադրբեջան են անվանում. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ նախագահությանը |news.am|

news.am: Ադրբեջանցի պատվիրակները ԵԽԽՎ-ում հանդես են գալիս իռեդենտիստական, ագրեսիվ հայտարարություններով, ինչ անընդունելի է, եւ ԵԽԽՎ նախագահությունը պետք է նման բան թույլ չտա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ ընթացակարգով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով Ադրբեջանի պատվիրակ Քամալ Ջաֆարովի ելույթին։ «Ամեն ինչ պարզ է։ Ադրբեջանը հստակ մտադրություն ուներ հայերի էթնիկ զտում իրականացնել Լեռնային Ղարաբաղում, ինչը նա արեց։ Բայց այս քննարկման մեջ ապշեցնում է մեր ադրբեջանցի գործընկերների ցինիզմի մակարդակը։ Նրանք ստանձնել են իրենց ավտորիտար, ցեղասպան ռեժիմի պաշտպանների դերը։ Նրանք պնդում են, թե Լեռնային Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, իսկ Ադրբեջանը բազմազգ դրախտ է երկրի վրա։ Նկատեցի՞ք, որ նրանցից ոչ մեկը մեկ բառ անգամ չասեց 100,000 հայերի ճակատագրի, նրանց կարիքների վերաբերյալ։ Նրանցից ոչ մեկը ցավակցական մի բառ չասաց այն մարդկանց մասին, ովքեր զոհվել են, ովքեր բաժավել են իրենց ընտանիքներից։ Բայց եթե հաշվի առնենք, որ այն, ինչ կատարվեց, այն ռեժիմի հստակ մտադրությունն էր, որը նրանք  ներկայացնում են, ամեն ինչ տրամաբանական է դառնում։ 
14:00 - 12 հոկտեմբերի, 2023
Այդ հայտարարությունն ամբողջովին հակասում է իրականությանը․ Ռուբեն Ռուբինյանը՝ ՌԴ ԱԳՆ-ի՝ ԼՂ-ում հայկական ԶՈւ-ի առկայության վերաբերյալ հայտարարության մասին
 |tert.am|

Այդ հայտարարությունն ամբողջովին հակասում է իրականությանը․ Ռուբեն Ռուբինյանը՝ ՌԴ ԱԳՆ-ի՝ ԼՂ-ում հայկական ԶՈւ-ի առկայության վերաբերյալ հայտարարության մասին |tert.am|

tert.am: Ամենից ցավալին այն է, որ մի իրավիճակում, երբ հայ ժողովուրդը տվել է բազմաթիվ զոհեր, բոլորը տեսնում են, թե ԼՂ-ում ինչ օրհասական վիճակ է, բոլորը տեսնում են, որ ՀՀ անվտանգությունը վտանգված է, Հայաստանի դաշնակից երկրի ԱԳՆ-ն նման հայտարարություն է անում։ Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի կողմից այսօր հնչած մեղադրանքներին, համաձայն որոնց՝ ՀՀ-ում փորձ է արվում ազատվել ներքին և արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։ «Ընդհանրապես դաշնակից երկրների, բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկրների ԱԳՆ-ները ծանր իրավիճակում հայտնված պետություններին և ժողովուրդներին ցավակցում և աջակցում է և ոչ մեղադրում», - նշեց Ռուբինյանը։ Նրա խոսքով՝ սա հարցի բարոյական կողմն է, մինչդեռ գոյություն ունի նաև հարցի տրամաբանական և փաստական կողմ․ «Փաստը հետևյալն է՝ ԼՂ-ում ստեղծված իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը գրեթե բոլոր կետերով խախտվել է։ Այդ իրավիճակը ստեղծվել է, որովհետև Ադրբեջանն ապօրինաբար արգելափակել է Լաչինի միջանցքը, հետո հարձակվել է ԼՂ-ի վրա, իսկ ռուս խաղաղապահ զորակազմը ո՛չ իր վերահսկողության տակ է պահել Լաչինի միջանցքը, ո՛չ էլ կանխել է հարձակումը ԼՂ-ի վրա։ Սա է իրականությունը»։ Դիտարկմանը, որ ըստ ՌԴ ԱԳՆ-ի ՀՀ ղեկավարության անհեռատեսության պատճառով հնարավոր չեղավ կյանքի կոչել Հայաստանի անվտանգության ամրապնդման ոլորտում մի շարք պայմանավորվածություններ, իսկ ՀՀ-ն չստորագրեց ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու՝ 6 ԱԳ նախարարների կողմից արդեն համաձայնեցված որոշումը, ՀՀ ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը։ «Ես ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակում գործեց ՀՀ ինքնիշխան տարածքի վրա և օկուպացրեց որոշակի տարածքներ։ ՀԱՊԿ-ը՝ մի կառույց, որի պարտականությունն է պաշտպանել իր անդամ պետությունների տարածքային ամբողջականությունը, ոչ միայն չկատարեց իր պարտականությունը, այլև չֆիքսեց հարձակումը ՀՀ սուվերեն տարածքի վրա», - ասաց Ռուբինյանը՝ հավելելով, որ դրանից հետո է տեղի ունեցել Պրահայի հանդիպումը, դրանից հետո է ձեռք բերվել պայմանավորվածությունը ՀՀ ԵՄ դիտորդներ ուղարկելու վերաբերյալ և միայն դրանից հետո ՀԱՊԿ-ն առաջարկել դիտորդական առաքելություն, մինչդեռ ՀՀ-ն չի մերժել այդ առաջարկը։ «ՀՀ-ն պահանջել է ընդամենը մեկ բան՝ եթե գաղափարն այն է, որ ՀԱՊԿ դիտորդները պետք է հսկեն Հայաստանի սահմանները, պետք է ֆիքսել՝ որոնք են դրանք։ Մենք գիտենք՝ որոնք են դրանք, միջազգային հանրությունը գիտի՝ որոնք են Հայաստանի սահմանները, և ՀԱՊԿ-ը պետք է ֆիքսի այդ սահմանները, ինչը տեղի չի ունեցել», - ընդգծեց Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ տեղի չի ունեցել նաև Ադրբեջանական հարձակման դատապարտում։ Պետրոս Ղազարյանի այն դիտարկմանը, որ ըստ ՌԴ ԱԳՆ-ի իրավիճակը թեժացել է պաշտոնական Երևանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ԼՂ-ում հայկական զինված ուժերի շարունակական ներկայության ժխտմամբ, ինչն էլ դարձել է վերջին սեպտեմբերյան էսկալացիայի հիմնական պատճառներից մեկը, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ չգիտի նույնիսկ՝ ինչպես մեկնաբանել այս հայտարարությունը։ «ՀՀ-ն ԼՂ-ում չի ունեցել զինված ուժեր։ Վերջակե՛տ։ Այդ հայտարարությունն ամբողջովին հակասում է իրականությանը», - ասաց նա՝ հավելելով, որ սեփական պարտականությունները չկատարելու համար կարելի է ամեն ինչ էլ ասել, բայց դրանից փաստերը չեն փոխվում։
23:54 - 25 սեպտեմբերի, 2023
Ռուբինյանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին և Լեռնային Ղարաբաղում

Ռուբինյանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին և Լեռնային Ղարաբաղում

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-նիդերլանդական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ներդրված ջանքերի և կատարած աշխատանքի համար: ԱԺ փոխխոսնակը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է առավել ակտիվացնել հարաբերությունները և համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:  Նիկոլաս Սխերմերսը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Ռուբինյանին արդյունավետ համագործակցության համար և նշել, որ իր համար մեծ պատիվ էր Հայաստանում պաշտոնավարելը: Ընդգծելով, որ Նիդերլանդների Թագավորությունը կարևորում է Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը՝ նա համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև կապերը կշարունակեն զարգանալ և ամրապնդվել: ԱԺ նախագահի տեղակալը դեսպանի խնդրանքով ներկայացրել է իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին և Լեռնային Ղարաբաղում:
16:18 - 07 սեպտեմբերի, 2023
Երբեք ընտրություն դրված չի եղել՝ ընտրել ԵՄ կամ ՀԱՊԿ դիտորդներին․ Ռուբեն Ռուբինյան

Երբեք ընտրություն դրված չի եղել՝ ընտրել ԵՄ կամ ՀԱՊԿ դիտորդներին․ Ռուբեն Ռուբինյան

Ընդհանրապես տրամաբանություն չկա այն պնդման մեջ, որ Հայաստանը հակառուսական գործիիք է, չկա դրա մասին որևէ վկայող փաստ, և չի կարող դրա մասին լինել արժանահավատ վերլուծություն։ Հայաստանը իրեն միշտ դուրս է բերել աշխարհաքաղաքական բախումներից․ դա եղել է և՛ 2018 թվականից առաջ և 2018 թվականից հետո։ Եվ ՀՀ-ն իր բոլոր դաշնակցային պարտավորությունները միշտ կատարել է։ Այս մասին Առաջին ալիքին տված հարցազրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա նաև ասաց, որ սխալ է պնդումը, թե իշխանությունները ՀԱՊԿ-ի դիտորդների փոխարեն նախընտրել են Եվրոպական միության դիտորդներին։ «Եմ դիտորդների ժամանելու կամ գալու վերաբերյալ քաղաքական որոշումը կայացվել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում։ Կհիշեք քառակողմ հանդիպումը։ Եվ այդ պահի դրությամբ ՀԱՊԿ խաղաղպահների թեմա գոյություն չուներ։ Դրանից առաջ կարճաժամկետ առաքելություն եկել էր։ Այսինքն՝ սեպտեմբերյան ադրբեջանական հարձակումից հետո, բայց Պրահայից առաջ։ Եկել էր և գնացել էր, ասինքն՝ մեր առջև երբեք ընտրություն դրված չի եղել՝ ընտրել ԵՄ դիտորդներին կամ ՀԱՊԿ դիտորդներին։ ՀԱՊԿ-ի դիտորդների թեման բացվել է, երբ որ արդեն ԵՄ դիտորներից մասին արդեն որոշում եղել, և որ ՀԱՊԿ-ի առաքելությունը չի մերժվել»,- շեշտեց Ռուբինյանը։
22:58 - 04 սեպտեմբերի, 2023
Ռուբինյանը Էստոնիայի դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է ԼՂ հարցով միջազգային գործընկերների կողմից քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը

Ռուբինյանը Էստոնիայի դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է ԼՂ հարցով միջազգային գործընկերների կողմից քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 9-ին ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:   Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:   Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու ահագնացող հումանիտար ճգնաժամը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը` կանխելու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված գործողությունները:   Դեսպանի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
16:39 - 09 օգոստոսի, 2023
Ռուբեն Ռուբինյանը Մաթիաս Լյութենբերգի հետ հանդիպմանն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված խնդիրներին

Ռուբեն Ռուբինյանը Մաթիաս Լյութենբերգի հետ հանդիպմանն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված խնդիրներին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին: Ինչպես տեղեկանում ենք ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱԺ Գերմանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը: Ողջունելով հյուրին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող անվտանգության իրավիճակը եւ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ներդրած ջանքերը։ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Ադրբեջանի կողից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված անվտանգության եւ հումանիտար խնդիրներին, ընդգծել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումներով ամրագրված` Լաչինի միջանցքի բացման հրամայականը: ԱԺ փոխնախագահը ներկայացրել է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը: Հանդիպմանը կողմերը քննարկել են նաեւ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
17:44 - 17 հուլիսի, 2023
Ռուբեն Ռուբինյանը Հայաստանում Լեհաստանի դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Ռուբեն Ռուբինյանը Հայաստանում Լեհաստանի դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 14-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը: ԱԺ-ից հայտնում են, որ Ռուբեն Ռուբինյանը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, նշել է, որ Հայաստանը կարեւորում է Լեհաստանի հետ հարաբերությունների, համագործակցության զարգացումը: Պյոտր Սկվեչինսկին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը` նպաստելու երկու երկրների միջեւ կապերի առավել զարգացմանն ու խորացմանը: Նա կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ կապերի ամրապնդման հարցում: Դեսպանի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության խնդիրները, Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, խոսել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մասին: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հնարավորությունների շուրջ:  
17:34 - 14 հուլիսի, 2023
ՀՀ ԱԺ փոխնախագահը և Գերմանիայի ԱԳՆ պետնախարարն անդրադարձել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությանը

ՀՀ ԱԺ փոխնախագահը և Գերմանիայի ԱԳՆ պետնախարարն անդրադարձել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 13-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետնախարար Թոբիաս Լինդների գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանն արժևորել է համագործակցությունը Գերմանիայի հետ: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին ընդլայնվել  և խորացել է Հայաստանի ու Գերմանիայի միջև փոխգործակցությունը, ինչին նպաստել է նաև խորհրդարանների բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը: «Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում առկա հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարման հարցում կարևորել միջազգային գործընկերների, այդ թվում` Գերմանիայի դերակատարությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է եղել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությանը: Նշվում է, որ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը:
18:36 - 13 հուլիսի, 2023
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 6-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի քաղաքական հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային և մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին: Այս մասին հայտնել է խորհրդարանի մամուլի ծառայությունը։ «Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը: Ողջունելով ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաներին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է փոխգործակցությունը Եվրոպայի խորհրդում: ԱԺ փոխնախագահը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, ընդգծել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուտափույթ հաղթահարման կարևորությունը և Եվրոպայի խորհրդի դերն ու պատասխանատվությունն այդ հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ:
19:15 - 06 հուլիսի, 2023
ԵԽԽՎ բանաձեւը կամրապնդի մեր գործիքանին. Ռուբինյան
 |news.am|

ԵԽԽՎ բանաձեւը կամրապնդի մեր գործիքանին. Ռուբինյան |news.am|

news.am: Լաչինի միջանցքի իրավիճակի մասին ԵԽԽՎ բանաձեւի եւ հանձնարարականների ընդունումը շատ կարեւոր երկարաժամկետ նշանակություն ունի։ Այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հունիսի 26-ի մամուլի ասուլիսում։ Նա հիշեցրել է, որ բանաձեւի ընդունմանը նախորդել է  ԵԽԽՎ պատգամավոր Փոլ Գավանի զեկույցի քննարկումը, որն այցելել էր Հայաստան եւ անձամբ էր համոզվել, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը։ Ռուբինյանն արձանագրել է բանաձեւի նախագծում փոփոխություններ մտցնելու ադրբեջանական պատվիրակության անհաջող փորձերը։ Բանաձեւի արդյունավետության մասին հարցին, հաշվի առնելով, որ Ադրբեջանը չի կատարում ՄՔԴ որոշումը, Ռուբինյանը պատասխանել է, որ դատարանների եւ կազմակերպությունների որոշումները պետք է դիտարկել որպես գործընթացի տարրեր, որոնք ամրացնում են մեկը մյուսին։ Խորհրդարանականի կարծիքով՝ չկա մեկ միասնական որոշում, որը կարողանար լուծել մեր բոլոր հարցերը։ «Բայց մենք պետք է ավելացնենք ճնշումը։ Ներկա բանաձեւը մի քանի տարվա աշխատանքի արդյունք է։ Այն կարելի է օգտագործել դատավարություններում եւ այլն։ Դժվարանում եմ ասել, թե ինչպիսին կլինի կարճաժամկետ արդյունքը, իսկ երկարաժամկետ հեռանկարում այն կամրապնդի մեր գործիքանին։ Օրինակ, ԵԽԽՎ-ում արդեն հարց են տալիս, թե արդյոք Ադրբեջանը կարող է մնալ ԵԽ անդամ»,- տեղեկացրել է Ռուբինյանը։ 
16:44 - 26 հունիսի, 2023
ՀՀ-ն և Ադրբեջանը խաղաղության պայմանագրի գլխավոր հարցերի շուրջ շարունակում են տարաձայնություններ ունենալ. Ռուբինյան
 |tert.am|

ՀՀ-ն և Ադրբեջանը խաղաղության պայմանագրի գլխավոր հարցերի շուրջ շարունակում են տարաձայնություններ ունենալ. Ռուբինյան |tert.am|

tert.am: Խաղաղության նախատեսվող պայմանագրի համար Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են գլխավոր հարցերի շուրջ տարաձայնություններ ունենալ: Այս մասին հայտարարեց Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ասուլիսում՝ անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հունիսի 27-ին նախատեսվող բանակցություններից ակնկալիքներին: «Ակնկալում ենք առաջընթաց: Հայաստանի դիրքորոշումն այն է, որ մենք ուզում ենք ունենալ խաղաղության պայմանագրի այնպիսի տեքստ, որը կբխի մեր շահերից և հնարավոր կլինի ստորագրել: Բնականաբար, գործընթացը բարդ է, կան հարցեր, որոնց շուրջ կան տարաձայնություններ: Կան նաև հարցեր, որոնց շուրջ արդեն կան համաձայնություններ: Բայց գլխավոր հարցերի շուրջ շարունակում են մնալ տարաձայնություններ»,-ասաց Ռուբինյանը: Ակնկալիքն այն է, որ հնարավոր կլինի ևս մի քանի քայլով մոտեցնել դիրքորոշումները: Ռուբինյանը չի կարծում, թե ապաշրջափակման համատեքստում ինքնիշխանության և իրավազորության վերաբերյալ համաձայնություն չկա: «Ես տպավորություն ունեմ, որ այդ կետով համաձայնություն կա: Այլ հարց, որ այդ համաձայնությունը դեռ չի ֆիքսվել թղթի վրա, հուսով եմ, որ կֆիքսվի»,-ասաց նա: ԱԺ փոխնախագահը հավելեց՝ Հայաստանին պետք է ունենալ իր շահերից բխող խաղաղության պայմանագիր հնարավորինս արագ: Հայկական կողմի համար կան ամենասկզբունքային, ամենակարևորն երեք կետեր: «Առաջինը՝ կոնկրետ քարտեզ դնել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմքում: Երկրորդը՝ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումն է, որը կարծում ենք, որ պետք է տեղի ունենա Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանիզմով: Երրորդը՝ երաշխիքների ինստիտուտն է»,-ասաց Ռուբինյանը: Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, օրինակ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, խախտվել է: ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ այդ հայտարարության մեջ դժվար է գտնել մի կետ, որ Ադրբեջանը չի խախտել: Հետևաբար` շատ կարևոր է, որ որոշակի միջազգային երաշխիքներ լինեն, որ այդ պայմանագիրը կյանքի կոչվի:
16:33 - 26 հունիսի, 2023
Մարգարայում շատ շուտով աշխատանքները կավարտենք, հույս ունենք՝ թուրքական կողմը նույնպես կպահի պայմանավորվածությունը. Ռուբեն Ռուբինյան
 |aysor.am|

Մարգարայում շատ շուտով աշխատանքները կավարտենք, հույս ունենք՝ թուրքական կողմը նույնպես կպահի պայմանավորվածությունը. Ռուբեն Ռուբինյան |aysor.am|

aysor.am: Հայաստանի ու Թուրքիայի միջև վերջին պայմանավորվածությունը եղել էր այն, որ զբոսաշրջային սեզոնի սկզբում պետք է ցամաքային սահմանը բացվի 3-րդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր ասաց, որ հայկական կողմը աշխատանքներ է տանում Մարգարայում համապատասխան ենթակառուցվածքները կարգի բերելու համար։ «Շատ շուտով կավարտենք, հույս ունենք՝ թուրքական կողմը նույնպես կպահի պայմանավորվածությունն ու այս ամառվա ընթացքում պայմանավորվածությունները կիրագործվեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուբինյանը։ Նա նշեց, թե գործընթացը կանգնած վիճակում չէ, ըստ անհրաժեշտության, ինքը խոսում է Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ։ Այս պահին Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։
15:15 - 26 հունիսի, 2023
«Ի՞նչն է խանգարում, որ այդ նախագիծը դուք դնեք շրջանառության մեջ»․ ՔՊ-ականները՝ Արծվիկ Մինասյանին
 |aravot.am|

«Ի՞նչն է խանգարում, որ այդ նախագիծը դուք դնեք շրջանառության մեջ»․ ՔՊ-ականները՝ Արծվիկ Մինասյանին |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հնչեցրել էր հարցը, որ համայնքապետերն ու վարչական շրջանների ղեկավարները «Հայաքվե»-ի ստորագրահավաքի համար տարածքներ չեն հատկացնում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը դիմեց Արծվիկ Մինասյանին․ «Ես չեմ կարողանում հասկանալ՝ ի՞նչն է խանգարում, այդ նախագիծը դուք դնեք շրջանառության մեջ, էլ ինչո՞ւ եք ըտենց պտտում, 50 հազար, հետո 300 հազար ստորագրություն։ «Հայաքվեն» ձեզ չի վստահում, թե՞ դուք «Հայաքվեին» չեք վստահում։ Այսօր դուք՝ որպես Արծվիկ Մինասյան, կարող եք այդ նախագիծը 5 րոպեում դնել շրջանառության մեջ։ Եթե դա լավ բան է, բերեք դրեք շրջանառության մեջ։ Այստեղ խնդիր եմ տեսնում՝ կամ դուք իրենց չեք վստահում, կամ իրենք ձեզ։ Դուք առնվազն 4 անգամ ավելի ձայն եք ստացել, քան այդ 50 հազար ստորագրությունը»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հավելեց․ «Բայց իրոք, պարոն Մինասյան, էդ մարդիկ ինչու են չարչարվում։ Դրեք շրջանառության մեջ, այդքան մարդիկ կազատվեն չարչարանքից»։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ ասաց․ «Ես տեղյակ չէի ու փորձեցի գուգլի որոնողական կայքի միջոցով հասկանալ՝ ինչի՞ մասին է խոսքը։ Այնքան չնչին էր դրա լուսաբանումը, որ կարեւորությունը, որ միգուցե ձեզ համար ինչ-որ կարեւոր պրոցես էր, բայց ոնց հասկացա՝ 66 քաղաքացի է ստորագրել այդ թուղթը։ Եվ ինձ համար տարօրինակ է, թե ինչու ձեր միջոցով, այսինքն՝ քաղաքական կուսակցության միջոցով առաջ չի տարվում որեւէ օրենսդրական նախաձեռնություն, որը կկարողանանք քննարկել եւ առարկայական հասկանալ, թե ինչի մասին է խնդիրը»։  Արծվիկ Մինասյանն ասաց․ «Ինձ հակադարձում եք, ասում եք՝ ի՞նչն է խանգարում, որ դուք ներկայացնեք։ Այդ նույն տրամաբանությամբ ցանկացած նախաձեռնություն, որը կառավարությունն է ներկայացնում, այդ նույն հակադարձումը պետք է ձեզ անե՞նք։ Ի՞նչ է նշանակում՝ ինչո՞ւ դուք չեք ներկայացնում։ Միգուցե քաղաքացիները նախաձեռնել են, որպեսզի կարողանան ավելի համընդհանուր, ավելի հանրային քննարկմա՞ն հրավիրել։ Ավելի ճիշտ չէ՞ մտածել ինչպես հաղթահարել այս խոչընդոտները, այլ ոչ թե փորձել մութ սենյակում սեւ գույնի կատու փնտրել, մանավանդ որ սեւ կատու չկա այնտեղ»։ Սիսակ Գաբրիելյանը նաեւ հարցրեց Արծվիկ Մինասյանին․ «Ո՞ւր են ձեր Սյունիքի համայնքապետերը, տեղ տվե՞լ են ստորագրահավաքի համար, թող իրենք տեղ տան»։
14:21 - 26 հունիսի, 2023
Հումանիտար հարցերին, ԼՂ-ում ճգնաժամին վերաբերող ցանկացած քննարկում կարևոր է. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում |1lurer.am|

Հումանիտար հարցերին, ԼՂ-ում ճգնաժամին վերաբերող ցանկացած քննարկում կարևոր է. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում |1lurer.am|

1lurer.am: Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նիստում Լաչինի հարցով քննարկում անցկացնելու որոշմանը բացասաբար է արձագանքել ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը:  «Այս թեմայով կազմակերպվող քննարկումն ավելի շուտ գլխացավանք կարող է առաջացնել։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ մենք այնքան ենք մոտեցել խաղաղությանը, որ այս միջամտությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ: Մենք կարծում ենք, որ ճիշտ ժամանակը չէ նման հարց քննարկելու համար»,- ասել է Սեիդովը։ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի մտահոգությանը. «Անկախ նրանից, որ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են խաղաղության հարցով, ցանկացած քննարկում, որը վերաբերում է հումանիտար հարցերին, Լեռնային Ղարաբաղում ճգնաժամին, կարևոր է և չի կարող վնասել բանակցություններին»։
09:18 - 20 հունիսի, 2023