ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է սննդամթերքի անվտանգության եւ համապատասխանության գնահատման, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, օրենքով, իսկ առանձին դեպքերում դեպքերում իրականացնում է նաեւ վերահսկողական գործառույթներ եւ կիրառում պատասխանատվության միջոցներ այդ բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։ Այս կառույցը հիմնադրվել է 2018թ.-ին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հիմքի վրա։ Տեսչական Մարմնի ղեկավարը Գեորգի Ավետիսյանն է։

2023-ին ՀՀ–ում ավելացել է սննդային թունավորումների թիվը․ ՍԱՏՄ-ն ամփոփում է տարին
 |armeniasputnik.am|

2023-ին ՀՀ–ում ավելացել է սննդային թունավորումների թիվը․ ՍԱՏՄ-ն ամփոփում է տարին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: 2023 թվականին Հայաստանում սննդային թունավորումների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 13-ով։ Աղվերանում հրավիրված արտագնա ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը։ Նախորդ տարի գրանցվել է 51 թունավորման դեպք, որոնցից 8-ը` հանրային սննդի կետերում, 4-ը՝ մանկապարտեզներում, 1-ը՝ դպրոցում, 1-ը՝ ամառային ճամբարում, 1-ն էլ՝ իրացման կետում։ Մինչդեռ 2022 թվականին թունավորման դեպքերի թիվը 38 է եղել։ Հայրապետյանի խոսքով՝ 2023 թվականին նախորդ տարվա համեմատ վերահսկման միջոցառումների թիվը նվազել է, փոխարենը՝ արձանագրված խախտումների թիվն է ավելացել։ «2023-ին 2500 միջոցառում է իրականացվել, որոնցից 1374-ի դեպքում, այսինքն՝ 55 տոկոս դեպքերում, հայտնաբերվել են խախտումներ, մինչդեռ 2022-ին 3300 վերահսկման միջոցառում էր արվել»,- նշեց նա։ 87 դեպքերում արտադրական գործունեության կամ առանձին գործառույթները կասեցնելու որոշում է կայացվել, որոնցից 65-ը վերաբացվել են, իսկ 22-ը չեն էլ դիմել վերաբացման համար։ Ստուգումների արդյունքում 1501 վարչական պատասխանատվության որոշում է կայացվել, ավելի քան 45 միլիոն դրամի տուգանք նշանակվել։ Իրականացված վերահսկման միջոցառումներն ու հետևաբար նաև հայտնաբերված խախտումներն ավելի շատ կլինեին, եթե տեսչական մարմինն ավելի շատ ռեսուրս ունենար։ Այս պահին ՍԱՏՄ-ում կա 195 տեսուչի հաստիք, որոնցից 38-ը թափուր են։ ՍԱՏՄ-ն 2023-ին շարունակել է վերահսկողությունն ու ստուգումները նաև կենդանիների շրջանում տարածված հիվանդությունների մասով․ 2023 թվականի ընթացքում թե՛ խոշոր, թե՛ մանր եղջերավոր անասունների շրջանում նվազել են բրուցելոզ հիվանդության դեպքերը։ Փոխարենը եթե 2022-ին լեշմանիոզ հիվանդացության որևէ դեպք չէր արձանագրվել, ապա 2023-ին 71 դեպք է գրանցվել։ Նախորդ տարի ավելացել են նաև կատաղության դեպքերը՝ 2022-ին 3 շան մոտ է հայտնաբերվել կատաղություն, 2023-ին՝ 10 շան և 1 ոզնու։ Համալիր միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել կանխել դաբաղի նոր ու վտանգավոր՝ SAT-2 շտամի տարածումը Հայաստանում։
16:44 - 12 հունվարի, 2024
ՀՀ ՍԱՏՄ-ն Երևանի 35 և մարզերի 58 իրացման կետերում մսի վաճառքի խախտումներ չի հայտնաբերել

ՀՀ ՍԱՏՄ-ն Երևանի 35 և մարզերի 58 իրացման կետերում մսի վաճառքի խախտումներ չի հայտնաբերել

 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Ամանորյա տոներին ընդառաջ սպանդանոցային ծագման մսի նկատմամբ վերահսկողության շրջանակներում, հանրապետության իրացման ցանցում մշտադիտարկումներ է իրականացրել նաև հանգստյան օրերին՝ դեկտեմբերի 16-ին և 17-ին: Ինչպես տեղեկացրին ՍԱՏՄ-ից, կառույցի տեսուչների կողմից մշտադիտարկում է իրականացվել Երևան քաղաքի 35, ինչպես նաև մարզային 58 (Կոտայք՝ 11, Արարատ՝ 13, Տավուշ՝ 11,  Լոռի՝ 7,  Շիրակ՝ 3, Վայոց ձոր` 13) իրացման խոշոր ցանցերի՝ սուպերմարկետների, միս-մսեղիքի իրացման կետերում: Իրականացված միջոցառումների արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել: ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի՝ (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրտված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (պետք է նույնական լինի Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)։ ՍԱՏՄ-ն հորդորում է տնտեսավարողներին և սպառողներին լինել հետևողական, վաճառել և գնել միայն սպանդանոցային ծագման մսեղիք, իսկ խնդիրներ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՍԱՏՄ-ի թեժ գծին՝ 118 անվճար հեռախոսահամարով։
18:49 - 18 դեկտեմբերի, 2023
Կաթնամթերքը պետք է համապատասխանի ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված պահանջներին

Կաթնամթերքը պետք է համապատասխանի ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված պահանջներին

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ ՍԱՏՄ ղեկավար Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») ղեկավարի Սերգեյ Դանկվերտի վերջին հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների արտադրանքի մատակարարումները Ռուսաստան վերսկսելու խնդիրը։ Հանդիպման արդյունքում ձեռք բերված՝ համատեղ վերահսկողական միջոցառումներ անցկացնելու մասին պայմանավորվածությունը ՍԱՏՄ ղեկավարը ներկայացրել է տեսչական մարմին հրավիրված Հայաստանի կաթնամթերք արտադրող և արտահանող ընկերությունների ներկայացուցիչներին: Արմեն Հայրապետյանը տնտեսավարողներին հիշեցրել է ռուսական կողմի պահանջը՝ ՌԴ արտահանվող կաթնամթերքի հումքը պետք է լինի բացառապես հայկական, ու նաև հորդորել հստակ գնահատել իրենց արտադրություններում առկա ռիսկերը, վերացնել դրանք, արտադրական ողջ գործընթացը համապատասխանեցնել ԵԱՏՄ օրենսդրությամբ և տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, ներդնել Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգը (HACCP): Նա վստահեցրել է, որ Տեսչական մարմնի մասնագետները պատրաստ են տրամադրելու համապատասխան մասնագիտական աջակցություն՝ առկա խնդիրները արագ լուծելու համար: «Միայն արտադրությունների վստահորեն պատրաստ լինելուց հետո ՌԴ համապատասխան գերատեսչության հետ կհստակեցվեն վերահսկողություն իրականացնելու  ժամկետները»,- նշել է ՍԱՏՄ ղեկավարը։ Կաթնամթերք արտադրողներն արձանագրել են, որ այսպիսի հանդիպումներն արդյունավետ ձևաչափ են առաջացած խնդիրների մասին բարձրաձայնելու և դրանց շուրջ պարզաբանումներ ստանալու համար:
15:37 - 15 դեկտեմբերի, 2023
Կասեցվել է ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասի գործունեությունը

Կասեցվել է ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները «Ամէլիտ» ՍՊԸ-ին (Արարատի մարզ, գ․ Գեղանիստ) պատկանող ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ - արտադրական շինության նախագծումը, կառուցվածքը չի չբացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակած խաչաձև աղտոտումը. - չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն. - արտադրամասը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը, անցանկալի բորբոսի առաջացումը, բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր. - կառույցն ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով՝ տաք և սառը ջրով, ձեռքերը չորացնելու համար նախատեսված սարքով, անձնակազմի համար՝ հանդերձարանով: Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
19:20 - 12 դեկտեմբերի, 2023
Աղիքային ցուպիկ՝ «Կեսար» աղցանում, խոզի շաուրմայում․ ՍԱՏՄ-ն կասեցրել է «Կարաս»-ին պատկանող սննդի օբյեկտի գործունեությունը

Աղիքային ցուպիկ՝ «Կեսար» աղցանում, խոզի շաուրմայում․ ՍԱՏՄ-ն կասեցրել է «Կարաս»-ին պատկանող սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Կարաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արշակունյաց 34 հասցեում գործող): Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։ Նշվում է, որ հանրային սննդի օբյեկտում առկա սննդամթերքին վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության։ Արդյունքում նմուշներում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝ «Կեսար» աղցան արտադրատեսակը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), E.coli, խոզի շաուրմա արտադրատեսակը՝ ԱՑԽՄ, E.coli (աղիքային ցուպիկ), հավի շաուրմա արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ ( մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ, E.coli, ախտածին, ա/թ սալմոնելաներ, տոմատի սոուս արտադրատեսակը՝ ԱՑԽՄ, պանրային սոուս արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ, կետչուպ արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ, քամած մածուն արտադրատեսակը ԱՑԽՄ, խմորասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանում իրավական ակտերով սահմանված նորմերին ու պահանջներին։ «Կարաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
17:49 - 08 դեկտեմբերի, 2023
Հայկական և ռուսական կողմերը քննարկել են Ռուսաստան ներմուծվող բեռների գործընթացում վերջին մի քանի օրերին առաջացած խնդիրները

Հայկական և ռուսական կողմերը քննարկել են Ռուսաստան ներմուծվող բեռների գործընթացում վերջին մի քանի օրերին առաջացած խնդիրները

Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում հանդիպել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը։ Բանակցություններն ընթացել են Հայաստանից արտահանվող բուսասանիտարական վերահսկման բեռների Ռուսաստան ներմուծելու գործընթացում վերջին մի քանի օրերին առաջացած խնդիրների շուրջ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից։  Արմեն Հայրապետյանը նշել է, որ հետևողականորեն իրականացվում են վերահսկողական բոլոր համալիր միջոցառումները՝ կանխելու համար խախտումներով բեռների մատակարարումը Ռուսաստան։ Նա երաշխավորել է արտահանվող ապրանքների բուսասանիտարական հավաստագրման առավել թափանցիկությունն ու հուսալիությունը՝ ապահովելու համար մատակարարվող արտադրանքի հետագծելիությունն ու անվտանգությունը։ Սերգեյ Դանկվերտը վստահեցրել է, որ ՌԴ գերատեսչությունը միևնույն վերաբերմունք է դրսևորում Ռուսաստան մուտք գործող ցանկացած բուսական արտադրանքի մոնիթորինգի ժամանակ և համարժեք միջոցներ է ձեռնարկում յուրաքանչյուր հայտնաբերված խախտման համար՝ անկախ ուղարկող երկրից։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների արտադրանքի մատակարարումները Ռուսաստան վերսկսելու խնդիրը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ վերահսկողական միջոցառումների մասին, որոնց ճշգրիտ ժամկետները կհստակեցվեն աշխատանքային կարգով։ Կողմերը պայմանավորվել են բարելավել գերատեսչությունների միջև հաղորդակցությունը՝ ի հայտ եկած խնդիրները փորձագիտական մակարդակում հնարավորինս արագ լուծելու նպատակով:
15:37 - 06 դեկտեմբերի, 2023
Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում շուկայում հայտնված մսամթերքն առգրավվելու և ոչնչացվելու է. ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ
 |armenpress.am|

Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում շուկայում հայտնված մսամթերքն առգրավվելու և ոչնչացվելու է. ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ |armenpress.am|

armenpress.am: Հանրապետությունում միս-մսամթերքի իրացման շուկայում դեկտեմբերի 6-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ։ Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված միս հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, այն առգրավվելու և ոչնչացվելու է։ Ամբողջ ֆինանսական ծախսը կատարելու է տնտեսվարողը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը նշեց, որ սպանդանոցային պայմաններում մորթի գործընթացը կազմակերպելու պահանջը վաղուց կա, սակայն շատերը չեն հետևում դրան։ Արդյունքում՝ շուկայում արձանագրվել են խախտումներ։ «Անհրաժեշտ է կիրառել հստակ միջոցառումներ, որ տնտեսվարողները զգոն լինեն, իսկ սպառողներն էլ՝ իրազեկված։ Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված միս շուկայում հայտնաբերելու դեպքում ամբողջ խմբաքանակն առգրավվելու և ոչնչացվելու է։ Նախկինում այս դրույթը չկար, հիմա վերահսկողությունը շատ խիստ է լինելու»,- ասաց Աշխեն Շիրվանյանը։ Խոսելով շուկայում հայտնաբերված խախտումներից՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանը նշեց, որ գնալով դրանց թիվն ավելանում է։ Մասնավորապես, 2022 թվականին իրականացվել է 270 ստուգում, հայտնաբերվել է 93 խախտում։ Այս տարվա 9 ամիսներին իրականացվել է 261 ստուգում, հայտնաբերվել է 106 խախտում։ «Ինչպես տեսնում եք, սրանք 9 ամսվա տվյալներն են, տարվա կտրվածքով ավելի շատ կլինի այդ ցուցանիշը։ Ամենաշատ հանդիպող խախտումներն այն են, որ միս-մսամթերքն իրացվել են շուկայում առանց համապատասխան այն փաստաթղթի, որը կհավաստեր սպանդանոցային մորթը։ Քիչ չեն դեպքերը, որ փաստաթղթերը կան, սակայն գործնականում սպանդանոցում մորթը կազմակերպված չի եղել։ Խախտումներ արձանագրվել են ինչպես ֆիզիկական, իրավաբանական անձանց մոտ, այնպես էլ մանր, խոշոր տնտեսվարողների»,- ասաց Սոնա Ծառուկյանը։ Այժմ ուժի մեջ են մտնում լրացուցիչ կարգավորումներ, ըստ որոնց անհրաժեշտ փաստաթուղթը հնարավոր կլինի ստանալ այն դեպքում, երբ սպանդանոցային պայմաններում իրականացված մորթի տեսանյութը կներբեռնվի։ Նախատեսվում է նաև փոփոխություններ կատարել վարչական իրավախախտումների մասին օրենքում՝ ավելացնելով տուգանքների չափը։ Ներկայում տուգանքի չափը 30 հազարից 300 հազար դրամի սահմաններում է։ Քիչ չեն դեպքերը, որ նույն տնտեսվարողները մի քանի անգամ են տուգանվել։ Այս իրավիճակը ցույց է տալիս, որ տուգանքները, ֆինանսական լծակը ևս բավարար չափով իր ազդեցությունը չեն ունեցել։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանում գրանցված է մոտ 100 սպանդանոց, սակայն գործում է կեսը, այն էլ ոչ ամբողջ հզորությամբ։ «Խնդիրն այն է, որ սպանդանոցները բացվում են, հետո հասկանում են, որ պահանջարկ չկա, նորից փակվում են։ Հիմա մեր այս կարգավորումները նպատակաուղղված են նրան, որ սպանդանոցները լիարժեք աշխատեն, մորթը կատարվի պատշաճ պայմաններում։ Տնտեսվարողները գիտակցեն, որ գործ ունեն հանրային առողջության հետ և իրենք պարտավոր են պահպանել օրենքի պահանջները»,-հավելեց նախարարի տեղակալը։  
16:09 - 05 դեկտեմբերի, 2023
Մտահոգիչ է, որ 72 խախտումների կեսը հայտնաբերվել են նախորդ 11 ամիսների ընթացքում, իսկ մյուս կեսը՝ ընդամենը 3 օրերի ընթացքում․ ՍԱՏՄ-ն՝ «Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մասին

Մտահոգիչ է, որ 72 խախտումների կեսը հայտնաբերվել են նախորդ 11 ամիսների ընթացքում, իսկ մյուս կեսը՝ ընդամենը 3 օրերի ընթացքում․ ՍԱՏՄ-ն՝ «Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մասին

ՍԱՏՄ-ն մտահոգիչ է համարում ՌԴ ներմուծվող հայկական ապրանքներում խախտումների հայտնաբերման դեպքերի շեշտակի ավելացումը։  «ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն արտահանված բեռներում ՌԴ Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզորի») կողմից կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման դեպքերը նոյեմբերի 24-ից 26-ն ընկած հատվածում նախորդող 11 ամիսների համեմատ հաճախակիացել են 110 անգամ։ Մտահոգիչ է այն, որ ՌԴ համապատասխան գերատեսչության կողմից 2023 թվականի ընթացքում ՀՀ-ից արտահանված բեռներում արձանագրված ընդհանուր 72 խախտումներից կեսը՝ 36-ը, հայտնաբերվել են նախորդ գրեթե 11 ամիսների ընթացքում, իսկ մյուս կեսը՝ ընդամենը 3 օրերի ընթացքում։ Եվ դա այն պարագայում, երբ, ըստ ՌԴ այդ գերատեսչության հայտարարության, ստուգումներն իրականացվել են աշխատանքային կարգով՝ առանց վերհասկողության ընթացակարգի փոփոխության: ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ինչպես նախկինում է ուսումնասիրել ու արձագանքել խախտումների բոլոր դեպքերին, այնպես էլ հիմա վերահսկողական միջոցառումներ կիրականացնի հայտարարության մեջ նշված բոլոր դեպքերի մասով, բոլոր բեռների նկատմամբ՝ ակնկալելով հետևողական և անաչառ համագործակցություն ՌԴ Անասնաբուժական և բուսասանիտասրական վերահսկողության դաշնային ծառայության կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
16:16 - 29 նոյեմբերի, 2023
Կասեցվել է հյութերի և կոմպոտների արտադրության գործունեությունը

Կասեցվել է հյութերի և կոմպոտների արտադրության գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի գլխավոր տեսուչները ստուգման ընթացքում անհատ ձեռնարկատեր Սուսաննա Գիշյանին պատկանող հյութերի և կոմպոտների արտադրությունում (Տավուշի մարզ, քաղաք Այրում) պարզել են, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Մասնավորապես՝ արտադրական շինությունում չեն ապահովվել հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հոսքերը խաչաձևվող տեխնոլոգիական գործառնությունները, հումքը, կիսապատրաստվածքը և պատրաստի արտադրանքը, որոնցում հնարավոր է ախտածին մանրէների բազմացում, չեն պահվել դրանց առաջացումը կամ բազմացումը բացառող ջերմաստիճանում և պայմաններում, սննդամթերքի արտադրության գործընթացի հետ միաժամանակ արտադրամասում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ,  սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցը չի ունեցել սանիտարական անձնագիր: Հյութերի և կոմպոտների արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
15:43 - 28 նոյեմբերի, 2023
Լոռու մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

Լոռու մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արմեն Հարոյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գյուղ Բլագոդարնոյե): Մասնավորապես՝ - արտադրամասի պատերը, պանրի աղաջրերի համար նախատեսված ավազանները չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում, հնարավոր չի եղել հեշտությամբ մաքրել և ախտահանել. - առաստաղը չի ունեցել հարթ մակերես, առկա են եղել կեղտի կուտակումներ. - սարքավորումները գտնվել են ոչ նորոգ վիճակում` եղել են ժանգոտված, պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել: Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
17:09 - 27 նոյեմբերի, 2023
Ամանորին ընդառաջ սպանդանոցային ծագման մսի վաճառքի նոր կարգավորումները

Ամանորին ընդառաջ սպանդանոցային ծագման մսի վաճառքի նոր կարգավորումները

Ազգային ժողովի կողմից ընդունված «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի համաձայն՝ դեկտեմբերի 6-ից պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, միաժամանակ կայացվելու է խմբաքանակի առգրավման և ոչնչացման որոշում: ՍԱՏՄ-ից նաև հայտնում են, որ ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են տնտեսավարող սուբյեկտի միջոցների հաշվին, իսկ վերջինիս կողմից ծախսերը կատարելուց հրաժարվելու պարագայում՝ լիազոր մարմնի կողմից՝ հետագայում գանձումը դատական կարգով իրականացնելու միջոցով:
10:53 - 27 նոյեմբերի, 2023