Սամվել Բաբայան

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, ԼՂՀ ՊՆ նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ։

Ծնվել է 1965 թվականի մարտի 5-ին: Ծննդավայրը՝ Ստեփանակերտ: 1972-1982 թվականներին ավարտել է Եղիշե Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը (ք. Ստեփանակերտ)։ 1983-1985 թվականներին ծառայել է Խորհրդային բանակի ստորաբաժանումում, որը տեղակայված էր նախկին Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում։ 1988 թվականին մասնակցում է Արցախի ազատագրական պայքարին։ 1989-1991 թվականներին եղել է Արցախյան ազատամարտի գաղտնի ջոկատների հրամանատարներից մեկը, ղեկավարել է Ստեփանակերտի 2-րդ կամավորական ջոկատը, եղել է կենտրոնական շտաբի անդամ, ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարի տեղակալ։

1991 թվականի հունիսին «Կոլցո» օպերացիայի ժամանակ, անձնագրի անճշտությունների պատճառաբանությամբ, ԽՍՀՄ Ներքին զորքերի հրամանով ձերբակալվում և 6 ամսից ավելի պահվում Շուշիի, ապա՝ Բաքվի Բաիլյան բանտում։

1992-1993 թվականներին ԼՂՀ ինքնապաշտպանության շրջաններում ղեկավարում էր մարտական գործողությունները։ 1992 թվականի մարտից մինչև օգոստոս եղել է ԼՂՀ նախարարների խորհրդին կից ինքնապաշտպանության կոմիտեի անդամ, ԼՂՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ։ 1992 թվականի օգոստոսից մինչև 1993 թվականի ապրիլը հանդիսանում էր ԼՂՀ ինքնապաշտպանության խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ 1993 թվականի ապրիլից մինչև նույն թվականի նոյեմբեր. Ինքնաշաշտպանության խորհրդի նախագահի պաշտոնակատար։ 1993 թվականի նոյեմբերից մինչև 1999 թվականի դեկտեմբեր. ԼՂՀ Ինքնապաշտպանության բանակի հրամանատար։

1995-1999 թթ. ԼՂՀ առաջին պաշտպանության նախարար։ Փոխգնդապետ (1992), գնդապետ (1993), գեներալ-մայոր (1994), գեներալ-լեյտենանտ (1996)։ 1992-1995 թվականներին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր։ 1995-1999 թվականներին եղել է ԼՂՀ կառավարության և նախագահին կից անվտանգության խորհրդի անդամ։ 2000-2004 թվականներին ԼՂՀ նախագահի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել 14 տարով, 4.5 տարի անց նրան ներում է շնորհվել։

2004-2005 թվականներին ստեղծում է տեղեկատվական-վերլուծական «Խաչմերուկ» հասարակական կազմակերպությունը ։ 2005 թվականին հիմնադրում է «Դաշինք» կուսակցությունը։ 2017 թվականին ԱԱԾ-ն ձերբակալել է Սամվել Բաբայանին՝ «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերելու գործի շրջանակներում: 2018 թվականին ազատ է արձակվել բանտից։ 

Սամվել Բաբայանը խոստովանել է, որ առանց Արցախի իշխանության գիտության Ադրբեջանի հետ շփումների մեջ է եղել, առաջարկներ փոխանցել․ Տիգրան Աբրահամյան

Սամվել Բաբայանը խոստովանել է, որ առանց Արցախի իշխանության գիտության Ադրբեջանի հետ շփումների մեջ է եղել, առաջարկներ փոխանցել․ Տիգրան Աբրահամյան

Սամվել Բաբայանը Հ1-ի եթերում խոստովանել է, որ առանց Արցախի իշխանության գիտության, Ադրբեջանի հետ շփումների մեջ է եղել, առաջարկներ փոխանցել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Մեր երկրում, եթե շարքային քաղաքացին Ադրբեջանի հետ կապի դուրս գա` ցանկացած թեմայով, ԱԱԾ-ն նվազագույնը համապատասխան աշխատանք կտանի: Արցախի երկրորդ ուժի առաջնորդը` ինքն է շատ սիրում այդպես ներկայանալ, իր ընտրողներին, իր քաղաքական ուժին, ժողովրդին թողել է աղետի մեջ` պատերազմ, խոշոր պայթյուն, հայրենազրկում, առաջիններից մեկը դուրս եկել Արցախից, իսկ հիմա Հ1-ի եթերում ուրախ-զվարթ խոստովանություններ է անում: Հայաստանի ԱԱԾ-ն պետք է պարզի, թե ինչպե՞ս, ու՞մ միջնորդությամբ և ի՞նչի շուրջ է Բաբայանը խոսել Ադրբեջանի հետ` իր պատմած հեքիաթները մի կողմ: Հ․Գ. Մինչ Արցախում մարդիկ ճակատագրի ու դավաճանների հարվածների ծանր հետևանքներն են կրում, Սամվել Բաբայանը հայաստանյան իշխանության օրակարգն է սպասարկում, մեղադրում մարդկանց, ովքեր մինչև վերջին պահը փորձում են կյանքեր փրկել, Ադրբեջանին զսպել», - գրել է նա: Հիշեցնենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ իրենք Ադրբեջանի հետ համաձայնության են եկել «ավտոնոմ ռեսպուբլիկա» ստեղծելու մասին։  «Մենք կարող էինք 4400 քկմ տարածքի վրա ստեղծել ավտոնոմ կետ առ կետ գրված 23 կետի մասին, ռեսպուբլիկա, մեր գվարդիան ունենալ: Այս մարդիկ չեն ցանկացել: Ես բանակցել եմ միջնորդավորված, Ադրբեջանը համաձայնվել է: Բոլորը կգան, դատարանում ցուցմունք կտան»,- ասաց Սամվել Բաբայանը՝ հավելելով, որ այդ մասին որևէ մեկին չի տեղեկացրել, քանի որ ոչ մեկն այդ մասին իրեն չի հարցրել, որևէ հավաքի չեն հրավիրել:
10:44 - 27 սեպտեմբերի, 2023
«Ինձ փոխանցեցին՝ Բաքվից սպառնացել են, որ նախագահի ընտրության անցկացման դեպքում կդիմեն ուժի»․ Սամվել Բաբայանը հայտնում է ակցիա չանցկացնելու որոշումը

«Ինձ փոխանցեցին՝ Բաքվից սպառնացել են, որ նախագահի ընտրության անցկացման դեպքում կդիմեն ուժի»․ Սամվել Բաբայանը հայտնում է ակցիա չանցկացնելու որոշումը

Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել՝ ԱՀ ազգային ժողովում Հանրապետության նախագահի ընտրության կապակցությամբ։ «Հարգելի հայրենակիցնե´ր, Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Հանրապետության հինգերորդ նախագահ է ընտրվել Սամվել Շահրամանյանը, ինչի կապակցությամբ իմ և իմ ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության անունից շնորհավորում եմ և մաղթում, որ անշեղ հավատարմությամբ իրականացնեք Ձեզ առաջադրած քաղաքական ուժերի նախանշած «կարմիր գծերի» քաղաքականությունը: Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ երեկ ուշ երեկոյան Հանրապետության նախագահի պաշտոնակատարի և քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում ինձ խնդրել են ձեռնպահ մնալ քաղաքական ակցիայից, քանի որ, ինչպես ինձ փոխանցեցին, Բաքվից կապ են հաստատել իրենց հետ և սպառնացել, որ նախագահի ընտրության անցկացման դեպքում կդիմեն ուժի: Լիովին վստահ չլինելով, որ ինձ փոխանցվում է ամբողջական տեղեկատվություն, կայացրել եմ ակցիա չանցկացնելու որոշում, որպեսզի հնարավոր անցանկալի զարգացումները չվերագրվեն «Միասնական հայրենիք» կուսակցության «արկածախնդրությանը»։ Համակողմանիորեն գնահատելով ներքին և արտաքին քաղաքական միջավայրը՝ հայտարարում եմ, որ Արցախի ճակատագիրի ողջ ծանրությունը հետայսու կրում են օտրերկրա ազդեցությամբ և շահով առաջնորդվող քսաներկու պատգամավորները, նրանց կողմից առաջադրված և ընտրված նախագահն ու այս գործընթացի կնքահայրերը։ Հայրենակիցնե´ր, «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝ որպես քաղաքական հակակշիռ, իմ ղեկավարությամբ շարունակելու է իրացնել իր ներկայացուցչական մանդատը։ Իսկ դեմքերի և դեպքերի օբյեկտիվ գնահատականը ժամանակն է տալու»,- ասվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ Արցախի խորհրդարանը 22 կողմ, 1 դեմ ձայներով, գաղտնի քվեարկությամբ Սամվել Շահրամանյանն ընտրել է Արցախի Հանրապետության նախագահ։ Նրա թեկնածությունը առաջադրել էին «Ազատ հայրենիք - ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները։ «Միասնական հայրենիք» խմբակցությունը առաջադրել էր Սամվել Անդրանիկի Բաբայանի թեկնածությունը, սակայն թեկնածության առաջադրման մասին դիմումն ու դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձվել էին։
15:58 - 09 սեպտեմբերի, 2023
Վերադարձվել են Սամվել Բաբայանի՝ Արցախի նախագահի թեկնածության առաջադրման մասին դիմումն ու դրան կից ներկայացված փաստաթղթերը․ Արցախի ԱԺ

Վերադարձվել են Սամվել Բաբայանի՝ Արցախի նախագահի թեկնածության առաջադրման մասին դիմումն ու դրան կից ներկայացված փաստաթղթերը․ Արցախի ԱԺ

Արցախի Հանրապետության նախագահի հրաժարականի հրապարակումից հետո օրենքով սահմանված կարգով և ժամկետներում սույն թվականի սեպտեմբերի 5-ից 7-ը ներառյալ, Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները ներկայացրել են Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու դիմումները՝ կից փաստաթղթերով: Հայտնել է Արցախի խորհրդարանի աշխատակազմը։ «Միասնական Հայրենիք» խմբակցությունը Սամվել Բաբայանի թեկնածությունը առաջադրելու դիմումին կցված փաստաթղթերում ներկայացրել է վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի տրամադրումը մերժելու մասին ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզայի վարչության Ստեփանակերտ քաղաքի անձնագրային բաժնի որոշումը, ինչպես նաև ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի վարչական դատարանին ներկայացված հայցադիմումի պատճենը՝ Սամվել Բաբայանի ընտրական իրավունքի իրացման խոչընդոտները վերացնելու մասին: «Միասնական Հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանին տեղեկացվել է ԱՀ Սահմանադությամբ պահանջվող անհրաժեշտ փաստաթղթի բացակայության մասին և համապատասխան գրությամբ խմբակցության ղեկավարին են վերադարձվել ԱՀ նախագահի առաջադրման մասին դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը՝ վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը չներկայացնելու պատճառով: «Հրավիրվել է աշխատաքային խորհրդակցություն, և Աժ հինգ խմբակցությունների ղեկավարներին ներկայացվել Արցախի Հանրապետության նախագահի թեկնածության հետ կապված տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
19:43 - 08 սեպտեմբերի, 2023
Արցախի նախագահին կընտրեն վաղը, միակ թեկնածուն Սամվել Շահրամանյանն է, Սամվել Բաբայանի դիմումը մերժվել է

Արցախի նախագահին կընտրեն վաղը, միակ թեկնածուն Սամվել Շահրամանյանն է, Սամվել Բաբայանի դիմումը մերժվել է

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը հայտարարություն է տարածել ԱԺ հատուկ նիստ գումարելու մասին․Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը հայտարարություն է տարածել ԱԺ հատուկ նիստ գումարելու մասին․ «Առաջնորդվելով Սահմանադրության 168.1-ին  հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1-ին հոդվածի 2-րդ և  3-րդ մասերով ՝ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք - ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները  Հանրապետության նախագահի թեկնածու են առաջադրել Սամվել Սերգեյի Շահրամանյանին, «Միասնական հայրենիք» խմբակցությունը՝ Սամվել Անդրանիկի Բաբայանին: «Միասնական հայրենիք» խմբակցության կողմից Սամվել Անդրանիկի Բաբայանին Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը հետ են վերադարձվել ՝վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը չներկայացնելու պատճառով: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1-ին հոդվածի 3-րդ և  4-րդ մասերի համաձայն 2023 թվականի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, իրավունքի ուժով  կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ՝ Հանրապետության նախագահի ընտրության հարցով»:  
14:29 - 08 սեպտեմբերի, 2023
Արցախի ԱԺ-ն սեպտեմբերի 8-ին նախագահ կընտրի, հանրությունը պետք է ցույց տա, որ երեք հոգի նկուղում չեն կարող որոշում կայացնել․ Բաբայան |azatutyun.am|

Արցախի ԱԺ-ն սեպտեմբերի 8-ին նախագահ կընտրի, հանրությունը պետք է ցույց տա, որ երեք հոգի նկուղում չեն կարող որոշում կայացնել․ Բաբայան |azatutyun.am|

azatutyun.am: Արցախի Ազգային ժողովը սեպտեմբերի 8-ին նախագահ կընտրի, «Ազատությանը» փոխանցեց Լեռնային Ղարաբաղի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ շեշտելով ամսի 8-ին Արցախի հանրությունը պետք է ցույց տա, որ երեք հոգի նկուղում չեն կարող որոշում կայացնել։ Բաբայանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․ Բաբայան․ - Առաջին հերթին, ես չեմ համարում, որ [Արայիկ Հարությունյանը] ճնշման տակ է եղել, ոչ մի ճնշում չի եղել, երկրորդը՝ խնդիրը նա է, որ [Արայիկ Հարությունյանի հրաժարականն] անակնկալ չի եղել, որովհետև ես դրա մասին 10 օր առաջ իմ հարցազրույցներում ասել եմ, որ նա պետ է գնա, այլընտրանք չունի, որովհետև քաղաքական և որևիցե դրսի ուժ չի ստարում, չի փորձում հետը խնդիրներ լուծել և նա պարտադրված է լինելու գնալ, և ստեղծված վիճակը, որ քաղաքական լուծումների չեն գնում, չեն գնում նստելու, խոսելու, դա ինքն իրեն բերել է էդ ճգնաժամին և նա պարտավոր էր հեռանալ, այլընտրանք էլ չուներ։ Հիմա, թե ինչքանով է ինքը ձևակերպում, որ իրեն պարտադրել են, դա արդեն այլ խնդիր է։ «Ազատություն»․ - Ձեր ղեկավարած կուսակցությունը երկրորդ խոշոր խմբակցությունն է Արցախի Ազգային ժողովում, սակայն խորհրդարանի նախագահ են ընտրում խորհրդարանի երեք անդամ ունեցող Դաշնակցության ներկայացուցչին, տարօրինակ չեք համարո՞ւմ նման քայլը, և ձեր խմբակցությունը հիմա ի՞նչ պետք է անի, օրինակ, եթե հիմա Շահրամանյանին ներկայացնեն նախագահի թեկնածու, դուք կո՞ղմ եք քվեարկելու, թե՞ դեմ և ինչպե՞ս կարող եք ներազդել խորհրդարնում նախագահի ընտրության գործընթացի վրա, եթե լինի այդպիսին։ Բաբայան․ - Այսինքն այլևս եթե չկա, ամսի 8-ին ընտրության օրն է որոշված, մեր խմբակցությունն ամբողջովին կմասնակցի նիստին, բայց չի քվեարկի, մնացած բոլորն, ովքեր պետք է քվեարկեն, նրանք անմիջապես կրելու են պատասխանատվություն, որ սեփական ժողովրդի ճակատագրով խաղում են։ Շատ լուրջ պատասխանատվության առաջ են, պետք է հազար անգամ մտածեն, մի անգամ կտրեն, հակառակ դեպքում շատ դաժան է լինելու, որովհետև մենք չգիտենք վաղն ինչ է լինելու, որովհետև եթե Արցախում երեք հոգի նկուղում նստում եք որոշում, որ ինչ-որ մեկը դառնա նախագահ ու բերում պառլամենտում ասում՝ այ էս մարդուն պետք է ընտրեք, խնդիրն էդ անձը չի, խնդիրը նա է՝ այդ երևույթը, որը Երևանից թելադրվում է։ Արցախում ստեղծում ենք մի խմբակ, որը պայքարում է Հայաստանի իշխանությանը փոխելու համար։ Հայաստանի իշխանությունը թող դե փոխվի՝ դուրս գան ազգով, ժողովուրդով էդ իշխանությունը փոխեն, Ղարաբաղն ինչի՞ եք դնում հարվածի տակ։ «Ազատություն»․ - Պարոն Բաբայան, եթե կարելի է, այդ երեք հոգու անուն-ազգանունը կարո՞ղ ենք հրապարակել։ Հիմա շատերն են արդեն խոսում, մեկը, ասում են, Բակո Սահակյանն է, երկրորդը՝ երրորդ նախագահն է՝ ՍԵրժ Սարգսյանը, երրորդն ո՞ւմ նկատի ունեք Դուք՝ Ռուբեն Վարդանյա՞ն, թե՞ Ռոբերտ Քոչարյանը։ Բաբայան․ - Իմս ենթադրություն չի, Արցախում մի ամբողջ գիշեր Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան միասին անց են կացրել, էդ որոշումը կայացրել, իրենց ովքե՞ր են թելադրել Երևանից կամ տեղում, դա արդեն տեղյակ չեմ։ Ավելի մանրամասն` azatutyun.am-ում։ 
11:05 - 04 սեպտեմբերի, 2023
«Պետք է ասեն՝ ժողովուրդ, այլընտրանք չունենք, պետք է քոչե՞նք»․ Սամվել Բաբայանն այլընտրանքային տարբերակ է առաջարկում |azatutyun.am|

«Պետք է ասեն՝ ժողովուրդ, այլընտրանք չունենք, պետք է քոչե՞նք»․ Սամվել Բաբայանն այլընտրանքային տարբերակ է առաջարկում |azatutyun.am|

azatutyun.am: Արցախի «Միասնական հայրենիք» խորհրդարանական կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը պնդում է՝ ճիշտ չեն տարածվող տեղեկություններն այն մասին, թե ինքն ու իր ղեկավարած կուսակցությունը կողմ են ադրբեջանական առաջարկին, որ Արցախը հումանիտար բեռներ պետք է մտնեն Աղդամից։ «Ազատության» հետ զրույցում Բաբայանը նշեց՝ իրենց դիրքորոշումն այն է, որ փաթեթային լուծման շրջանակում Արցախ միաժամանակ բեռներ մտնեն և՛ Լաչինի միջանցքով, և՛ Աղդամով։ Բացի այդ, փաթեթում, ըստ Բաբայանի, պետք է նաև անդրադարձ լինի Արցախի կարգավիճակի հարցին, այսինքն՝ պետք է հասկանալ՝ դեպի ո՞ւր են գնում։ Հակառակ պարագայում, մի քանի ավտոմեքենա բեռ անցկացնելով խնդիրը չի լուծվելու։ «Պետք է փաթեթային լուծում տանք էս խնդրին։ Ասենք, ոչ թե մենակ Աղդամով մի երկու օրից հետո մեքենա բերենք, հետո փակենք նորից, նորից ասենք՝ Լաչինից 10 մեքենա ենք բաց թողել, դա ձև չի լուծման։ Մեր տեսակետը էդ նիստում հստակ ձևակերպել ենք՝ ընդհանուր փաթեթային լուծում պետք է ստանա՝ մենք ո՞ւր ենք գնում, ի՞նչ ենք անում, լավ, 10 մեքենա էլ բերեցիր, հաց կերար, հետո՞, երկրորդ քայլն ի՞նչ ես անում», - ասաց Բաբայանը։ Հարցին, թե փաթեթի մեջ պետք է նաև Արցախի կարգավիճակի հետ կապված հա՞րց լինի, Բաբայանը պատասխանեց․ - «Բոլորը, բա իհարկե, գոնե ընդհանուր սկզբունքներ պետք է ձևակերպել»։ Ճշտող հարցին, թե ադրբեջանական կողմը դրան կհամաձայնի՞, Բաբայանը պատասխանեց․ - «Ես համարում եմ, որ՝ այո, համաձայնվելու է»։ Բաբայանն առաջիկայում այս հարցերի շուրջ հանրությանն է ներկայացնելու շուրջ 20 կետից բաղկացած իրենց մոտեցումները, որոնք դեռ մշակման փուլում են։
09:27 - 30 օգոստոսի, 2023
Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանից պահանջել է հրապարակել ապագա նախագահի և կառավարության անդամների թեկնածության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանից պահանջել է հրապարակել ապագա նախագահի և կառավարության անդամների թեկնածության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները

2020թ․ արցախյան համապետական ընտրությունների նախօրեին սկիզբ առած, Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա ռազմական ագրեսիայի և Արցախի շրջափակման հետևանքով գագաթնակետին հասած փրկիչ-անձնազոհ պայքարը նորանոր դրսևորումներ է ստանում։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ղեկավարած «Միացյալ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջը: «Բեմում՝ հանդիսատեսի առջև միասնականություն և համերաշխություն քարոզող, կուլիսների ետևում՝ միմյանց չհանդուրժող և մերժող քաղաքական խմբակները տառապում-տապակվում են, որ մասնակից չեն Արցախի վերջնական հանձնմանը։ Ժողովրդի ներկայացուցչական մարմնում յոթ մանդատով ներկայացված խոշորագույն քաղաքական ուժերի և նրանց աշխարհաքաղաքական մտքի գիգանտներ հանդիսացող պադվալային առաջնորդների անվեհեր պայքարի և համախոհության արդյունքում հնարավոր եղավ հաջողացնել Ազգային ժողովի նախագահի պաշտոնը։ Նպատակն, ինչ խոսք, արդարացնում է միջոցները, առավել ևս, երբ այդ նպատակը համազգային է՝ անմասն չմնալ թալանի համար մղվող համահայկական Ավարայրներից և Սարդարապատներից։ Գործադիր իշխանությունը, սակայն, առավել հարմար միջավայր է համազգային այդ նպատակների իրագործման համար, ուստի կրկին համախոհաբար պիտի ձեռքը գցել նաև կառավարությունը։ Այս առումով ինտրիգի առաջին մասը բացահայտված է․ Մեծ ութնյակը նախագահին հրաժարական է պարտադրել(ում)։ Որպեսզի ինտրիգն ամբողջանա, պիտի նաև իմանալ, թե նախագահի պաշտոնում ում թեկնածությունն է պարտադրվել գործող նախագահին, որպեսզի վերջինս իր հերթին համոզի իր քաղաքական թիմին՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խորհրդարանական խմբակցությանը։ Ի դեպ, պակաս կոլորիտային չէ նաև ապագա կառավարության կազմը։ Ծրագիրը կա, դերաբաշխումն իրականացված է, անվանական ցուցակները՝ համապատասխան պադվալներում վավերացված, նախնական պայմանավորվածությունը՝ ձեռք բերված։ Մնում է՝ մնացածը։ Եվ Արցախը փրկվա´ծ է, գիշատիչների խնջույքը՝ կայացա´ծ։ Ցնծա՜, հա´յ ժողովուրդ։ Ելնելով «Արցախ» ուսումնական զորավարժարանում ընթացող փրկիչ-որոնողական լայնածավալ գործողություններից՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը Արցախի նախագահից պահանջում է․ Հանրության սեփականությունը դարձնել ապագա նախագահի և կառավարության անդամների թեկնածության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ժողովուրդն իրավունք ունի ճանաչելու իր ճակատագրի ճարտարապետներին։ Հավուր պատշաճի գնահատել համաշխարհային տրամաչափի այդ քաղաքական դերակատարներին և վերջապես ի կատար ածել պադվալային պայմանավորվածությունները՝ պաշտոն ու ֆինանսական միջոցներ տրամադրելով վերջիններիս։ Առավելագույնս բարենպաստ միջավայր ստեղծել Արցախի՝ համախոհաբար ճյուղավորված քաղաքական քաղցկեղն առավել արմատավորելու համար, քանզի Արցախի փրկությունը Հայաստանում իշխանափոխության մեջ է, իսկ Հայաստանի փրկությունը՝ Արցախի ցեղասպանվող ժողովրդի պայքարի։ Արցախի ճակատագիրը շաղկապել վերոնշյալ քաղաքական շրջանակների հետ, որոնց 25-ամյա գործունեությունն ուղղված է Արցախի սնանկացմանը։ Օբյեկտիվ են գործող Նախագահին ուղղված պահանջ-մեղադրանքները՝ իրենց գործունեության կամ անգործության արդյունքը՝ Արցախի հանձնման գործընթացը սեփականելու և միանձնյա տնօրինելու մեջ։ «Միասնական հայրենիք» կուսակցությունը ձեռնպահ է մնում ներարցախյան քաղաքական խմորումներից և դրանց գնահատական տալուց, քանի որ դրա գանահատականը օրեր անց գործնականում ժողովու´րդը կտա»։
16:11 - 24 օգոստոսի, 2023
Դավիթ Բաբայանը տեղեկություններ չունի այն լուրերի մասին, թե «առաջիկա օրերին եվրոպական քաղաքներից մեկում պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն կայանա» |tert.am|

Դավիթ Բաբայանը տեղեկություններ չունի այն լուրերի մասին, թե «առաջիկա օրերին եվրոպական քաղաքներից մեկում պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն կայանա» |tert.am|

tert.am: Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը տեղեկություններ չունի, թե առաջիկա օրերին ԱՄՆ-ի միջնորդությամբ եվրոպական քաղաքներից մեկում պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը: Այդուհանդերձ, նա Tert.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե չի կարծում, որ հնարավոր է՝ առաջիկայում Ստեփանակերտ- Բաքու երկխոսություն կայանա։ Ըստ Բաբայանի՝ խնդիրը միջնորդությունը չէ, այլ այն, թե ինչի մասին պետք է բանակցեն ադրբեջանական կողմի հետ։ Արցախի նախկին արտգործնախարարը ևս մեկ անգամ ընդգծեց, որ իրենք ընդհանրապես դեմ չեն հանդիպումներին, եթե պահպանվի համապատասխան ձևաչափը, սակայն այն Ադրբեջանը չի պահպանում: «Բանակցությունների վերաբերյալ Բաքվի և Սեփանակերտի պատկերացումներն իրարամերժ են։ Ադրբեջանի պայմաններն էլ հայտնի են, այն է, որ Արցախը պետք է կապիտուլյացիայի ենթարկվի, ապամոնտաժի իր բոլոր պետական ինստիտուտները, այդ թվում՝ բանակը, և չգիտեմ ինչ դառնա Ադրբեջանի կազմում: Սա մեզ համար ընդունելի չէ: Եթե բանակցում ենք իսկապես հակամարտության կարգավորման վերաբերյալ, դա այլ խնդիր է, բայց մենք ունենք իրարամերժ մոտեցումներ: Խնդիրը սա է: Հումանիտար հարցերի՝ գերիների, անհետ կորածների, էլեկտրաէներգայի, գազի և այլ հարցերի շուրջ կարող ենք հենց տեղում էլ խոսել։ Այս ամենը, սակայն, փակված հարց է՝ հաշվի առնելով հատկապես այս երկու օրերին կատարված իրադարձությունները»,- մատնանշեց Արցախի նախագահի խորհրդականը։ Հիշեցնենք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ առաջիկա օրերին ԱՄՆ-ի միջնորդությամբ եվրոպական քաղաքներից մեկում պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:01 - 31 հուլիսի, 2023
Ստեփանակերտ-Բաքու երկխոսությամբ ստեղծել փոխվստահության մթնոլորտ․ Սամվել Բաբայանը մի շարք քայլեր է առաջարկել Արցախի հարցով

Ստեփանակերտ-Բաքու երկխոսությամբ ստեղծել փոխվստահության մթնոլորտ․ Սամվել Բաբայանը մի շարք քայլեր է առաջարկել Արցախի հարցով

Արցախի «Միասնական հայրենիք» և Հայաստանի «Ազատական» կուսակցությունների ղեկավար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ։  «Արցախում ամենաօգտագործված բառը «պայքար»-ն է։ Պայքարի տարբեր մոտեցումներ են առաջարկվում։ Ես առաջարկում եմ դուրս գալ լոզունգային քաղաքականությունից, հրաժարվել պայքարի իմիտացիայից և տեղափոխվել գործնական դաշտ։ Որպես խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար՝ մասնավորապես առաջարկում եմ հետևյալ գործնական և իրավական քայլերը՝․ Ստեփանակերտ – Բաքու երկխոսությամբ ստեղծել փոխվստահության մթնոլորտ,․ Դիմել ՄԱԿ-ին՝ Արցախում ապահովելու միջազգայնորեն երաշխավորված խաղաղապահ մանդատ,․ Դիմել ՄԱԿ-ին վերանայելու Ադրբեջանի անդամակցությունը այն տարածքով, որով ընդունվել է ՄԱԿ։- Դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդի հանգուցալուծելու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը»,- երեկ նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
10:42 - 21 հուլիսի, 2023
Սամվել Բաբայանն առաջարկում է Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններ սկսել, փորձել փոխվստահություն ձեւավորել

Սամվել Բաբայանն առաջարկում է Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններ սկսել, փորձել փոխվստահություն ձեւավորել

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը «Ազատության» հետ զրույցում նշում է՝ Ադրբեջանի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղի հետ ուղիղ հարաբերվելն է, որին ինքը՝ Բաբայանը, դեմ չէ։ Բաբայանն առաջարկում է Ադրբեջանի հետ խոսել փաթեթով․ «Նշել էն բոլոր կետերը, որոնք կողմերիս հետաքրքրության գոտում են, փոխվստահություն ձեռք բերենք իրար նկատմամբ՝ օրինակ, հետ քաշի իր զորքերը, կանաչ գոտի ստեղծի, եւ այլն»։  Նրա խոսքով՝ Արցախն իր քաղաքական ուժերի հետ պիտի ձեւավորի այդ փաստաթուղթը, առաջարկի Ադրբեջանին, Ադրբեջանն ուսումնասիրի ու առաջարկի իր տարբերակը․ «Որտեղ ոչ թե կարգավիճակ, Ղարաբաղի հարց կլինի, այլ փոխվստահություն, ես բառն իզուր չեմ օգտագործում, այսինքն՝ էդ քայլերով մենք իրար վստահում ենք, սկսում ենք նոր փուլ, որտեղ արդեն եւ կարգավիճակի, մյուս բոլոր խնդիրները կլինեն։ Եթե առաջին հարցում մենք իրար չենք հասկանում, այլեւս դադարում ենք բանակցությունները, և շարունակում խրամատավորվել», - ասել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը «Ազատության» հետ զրույցում։ Բաբայանի խոսքով, իրենք հակադիր կարծիք ունեն եւ Արցախի իշխանության, եւ ընդդիմության հետ․ «Երկուսն էլ առաջարկում են, որ պետք է միջազգային միջնորդ լինի, հավասարը հավասարի հետ նստել, Ադրբեջանն էլ ասում ա՝ դուք ընդհանրապես ոչ մի կառույց-մառույց չպիտի ունենաք, մեր մի փոքր համայնքն եք, այսինքն՝ մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությունը»։  Բաբայանը նշում է՝ Արցախի իշխանությունն ու ընդդիմությունը չեն ուզում պատասխանատվություն վերցնել․ «Խուսափելով պատասխանատվությունից՝ պահանջ ես դնում, դու էլ գիտես, որ չի լինելու, ինքն էլ, բայց դու մոռանում ես, որ 120 հազար մարդու պատասխանատուն ես ներկա վիճակում ու պետք ա խնդիրները լուծես․ լավ, ի՞նչ եք անում, պատերա՞զմ եք անում, սկսենք պատերազմ, քաղաքակա՞ն լուծման եք գնում, ես ասում եմ՝ քաղաքական լուծումը էդ ա։ Իհարկե, քո ժողովուրդը քեզ ճակատից չի պաչելու, որ դու 30 տարի ասել ես՝ դու անկախ ես, ու հանկարծ իրան բերել ես պարտության քո անխելքությամբ, ոչ կազմակերպվածությամբ, հիմա դրել փաստի առաջ, հիմա պետք ա ելք գտնես, ժողովուրդը չի կարա ելք գտնի»։  Հարցին, թե ինչպես է իր դիրքորոշումն իրականացնելու, Բաբայանը պատասխանեց․ «Ես ասում եմ՝ սիրելի ժողովուրդ, 35 հազար մարդ ընտրել ա Արայիկ Հարությունյանին, 35 հազար մարդ պետք ա դուրս գաք հրապարակ, եթե կցանկանաք, որ ես զբաղվեմ, պահանջեք, որ ծառայեմ ձեզ, ես կծառայեմ», - ասաց Սամվել Բաբայանը։
22:30 - 02 հուլիսի, 2023
Սթափվի´ր, հա´յ ժողովուրդ, քանի դեռ չի կորսվել փրկության վերջին հնարավորությունը․ Սամվել Բաբայանի կուսակցությունն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը

Սթափվի´ր, հա´յ ժողովուրդ, քանի դեռ չի կորսվել փրկության վերջին հնարավորությունը․ Սամվել Բաբայանի կուսակցությունն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի «ձեռքբերումները», որոնք պիտի ամրագրվեն ստորագրվելիք խաղաղության պայմանագրում, մոտեցել են մի հանգրվանի, երբ Արցախն այլևս փրկագին է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ս․թ․ մայիսի 22-ի մամուլի ասուլիսում։ Պատեհ չհամարելով միջամտել Արցախի ներքին գործերին, ՀՀ վարչապետն, այնուամենայնիվ, իրեն իրավունք է վերապահել հայտարարելու, թե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86 600 քառ․ կմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գլխավորած կուսակցությունը։ «Խստորեն դատապարտելով Արցախի ժողովրդի իրավաքաղաքական հավաքական կամքի բեկանման կամ քմահաճ սակարկման որևէ դրսևորում՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարում է․ - Արցախի Հանրապետությունը կայացած իրողություն է, որի հիմքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացված փաստն է։ Արցախի ժողովուրդը ազատ և անկախ ապրելու իր կամքն ամրագրել է 1991թ․ ԼՂՀ-ի Հռչակագրով, 1991թ․ հանրաքվեի արդյունքներով, 1992թ․ ԼՂՀ-ի պետական անկախության մասին Հռչակագրով։ Ուստի, այդ թվում՝ հայկական կողմից բանակցող Նիկոլ Փաշինյանը չունի Արցախի ճակատագիրը տնօրինելու իրավասություն և լիազորություն։ - 1988թ․ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և հանուն դրա 1992թ․  պարտադրված պատերազմում որակապես և քանակապես անհավասար պայմաններում Արցախը հմուտ մարտավարությամբ հաջողել է կանոնավոր բանակ ձևավորել, ճեղքել ադրբեջանական շրջափակումը, ստիպել Ադրբեջանին և միջազգային հանրությանը հաշվի նստել իր կամքի հետ։ Հետևապես՝ Արցախի նկատմամբ վարվող քաղաքականության համատեքստում նույն տրամաբանությամբ ինքնակազմակերպվելն ու զուգահեռաբար Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններ նախաձեռնելը օրախնդիր անհրաժեշտություն է։ «Միասնական հայրենիք» կուսակցությունը, ի դեմս հաղթանակած առաջնորդ Սամվել Բաբայանի, վերահաստատում է, որ տեսնում է ինքնորոշման իրավունքի փաստով Արցախն օբյեկտից սուբյեկտի վերափոխելու, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության իրավունքն իրացնելու, արցախյան հիմնախնդրի իրավաքաղաքական հիմքերը միջազգայնացնելու հնարավոր նախադրյալներ։ Ըստ այդմ՝ պատրաստակամ է Արցախի համար այս ծայրահեղ ծանր ու ճակատագրական օրերին ստանձնելու պատասխանատվության իր բաժին բեռը։ Արցախը մեր անունն ու պատիվն է, սակայն յուրաքանչյուրիս լուռ համաձայնությամբ այն կարող է դառնալ պատվազուրկ դրոշմ բոլորիս համար։ Սթափվի´ր, հա´յ ժողովուրդ, քանի դեռ չի կորսվել փրկության վերջին հնարավորությունը»,- ասված է հայտարարության մեջ։
20:47 - 23 մայիսի, 2023
Եթե այդ մոդելը  չաշխատեց, հրաժարականի դիմում ներկայացրեք կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն. Արցախի ԱԺ նախագահը դիմել է Արայիկ Հարությունյանին

Եթե այդ մոդելը չաշխատեց, հրաժարականի դիմում ներկայացրեք կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն. Արցախի ԱԺ նախագահը դիմել է Արայիկ Հարությունյանին

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ հերթական նիստի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Սիրելի´  հայրենակիցներ Ուզում եմ դիմումով, կոչով, հորդորով, խնդրանքով դիմել Արցախի Հանրապետության  նախագահ Արայիկ Հարությունյանին: Դուք  գիտեք, նաև վերջին հանրահավաքի ժամանակ ասել եմ,որ մասնակցել եմ բոլոր այն հանրահավաքներին, որոնց ինձ հրավիրել են:Պարո´ն նախագահ, ես երբեք չեմ խառնվել Ձեր գործերին, դուք էլ ՝Ազգային ժողովի: Ես մոդել եմ առաջարկել, որը հետևյալն է՝ ոչ թե ամորֆ մարմին եմ    առաջարկել ,այլ այն մարմինը, որը մեզ փրկել է 90-ականներին, այն է՝ պաշտպանության պետական կոմիտեն: Ես երկրի նախագահին առաջարկել եմ այդ կազմում երկու մարդու ընդգրկել ՝Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին: Ես չգիտեմ նրանց կարծիքը, շատ հնարավոր է, որ հրաժարվեն:Ինչու̉ , հարցեր մի տվեք: Պարո´ն նախագահ, եթե այդ մոդելը  չաշխատեց, հիմա կարող է առաջին անգամ որևէ անձի ցավ պատճառեմ: Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն Նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք: Սակայն դա  չի նշանակում, որ ձեր հրաժարականի դեպքում Արթուր Թովմասյանը  կլինի երկրի նախագահի պաշտոնակատար: Եթե ժողովուրդը ձեզ չվստահեց՝ ես էլ եմ հեռանալու»:
14:15 - 18 մայիսի, 2023
Ցնցումներից խուսափելու նպատակով Արցախի նախագահի առաջարկն ընդունվել է․ Սամվել Բաբայան

Ցնցումներից խուսափելու նպատակով Արցախի նախագահի առաջարկն ընդունվել է․ Սամվել Բաբայան

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ԱՀ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել «Արցախի ժողովու´րդն է իր ճակատագրի իրավատերը» խորագրով մայիսի 15-ին տեղի ունեցած հանրահավաքի արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ ցնցումներից խուսափելու նպատակով ԱՀ նախագահի առաջարկն ընդունվել է և առաջարկը 10-օրյա ժամկետում քննարկումներ կանցկացվեն։ Այդ մասին ասվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։ «Մայիսի 15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել «Արցախի ժողովու´րդն է իր ճակատագրի իրավատերը» խորագրով հանրահավաք, որի ընթացքում հավաքի մասնակիցները, ընդունելի համարելով Արցախում ստեղծված իրավիճակից ելքի իմ տեսլականը, հանդես են եկել հայտարարությամբ՝ ԱՀ նախագահից պահանջելով համարժեք լիազորություններով ինձ նշանակել ԱՀ պետական նախարարի պաշտոնում։ ԱՀ նախագահի կողմից Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի միջնորդությամբ առաջարկվել է քննարկումներ ու խորհրդակցություններ սկսել քաղաքական բոլոր ուժերի հետ՝ ստեղծված իրավիճակից ելքերի շուրջ։ Բացառապես հասարակական-քաղաքական ցնցումներից խուսափելու նպատակով մեր կողմից ընդունվել է սույն առաջարկը՝ 10-օրյա ժամկետում քննարկումների միջոցով ելքեր գտնելու պայմանով»,-ասվում է հայտարարության մեջ։ Բաբայանը նշել է նաև, որ խորհրդակցություններից հետո հանդես կգա քննարկումների բովանդակության և հետագա քայլերի վերաբերյալ հայտարարությամբ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն արձագանքել է Արցախի Ազգային ժողովի նախագահի կողմից իրեն փոխանցված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հավաքի մասնակիցների հայտարարությանը: Նա հայտարարել է, որ որոշել է ընդառաջ քայլ անել՝ առաջարկել է սկսել քննարկումներ ու խորհրդակցություններ նրանց կողմից ներկայացված առաջարկների ու ծրագրերի շուրջ: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրած ԱՀ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հանրահավաքում պահանջել են Արցախի նախագահից Սամվել Բաբայանին նշանակել պետնախարար։ Բեմ է հրավիրվել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, որը հայտնել է որ ուղերձը կփոխանցի նախագահին և երկրում սկսելու են քաղաքական կոնսուլտացիաները և դիտարկելու են բոլոր առաջարկները։ Սամվել Բաբայանը հայտարարել է, որ իրենց պատասխանը պետք է երկու ժամից, որպեսզի որոշեն իրենց հետագա անելիքը:
10:52 - 16 մայիսի, 2023