Սահման

Ադրբեջանի ԶՈՒ սադրիչ գործողություններն արդարացում չունեն․ ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի ԶՈՒ սադրիչ գործողություններն արդարացում չունեն․ ՀՀ ԱԳՆ

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերն Ադրբեջանի ԶՈՒ սադրիչ գործողություններն արդարացում չունեն: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ «Սահմանի բազմաթիվ հատվածներում անկանոն կրակահերթեր բացելով, մի քանի տասնյակ զինվորական ավտոմեքենաների շարժերով Ադրբեջանն ակնհայտորեն հետապնդել է սադրիչ նպատակ. Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստորաբաժանումներին դրդել համանման հակադարձ գործողությունների, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար:  Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստորաբաժանումները, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չեն արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է»: ՀՀ ԱԳՆ-ն նշում է՝ վերահաստատում է, որ Հայաստանը տարածաշրջանում իրադրության սրմամբ հետաքրքրված չէ և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները:  «Չարդարացված ենք համարում նաև ՀՀ ինքնիշխան տարածքում պաշտպանական կառույցների ստեղծման վերաբերյալ Ադրբեջանի գնահատականները, քանի որ բանակի և բանակային ենթակառուցվածքների բարեփոխումները ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է: Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմների ներդրման, չհարձակման պայմանագիր կնքելու, պետական սահմանին հարակից տարածքներն ապառազմականացնելու Հայաստանի Հանրապետության առաջարկները Ադրբեջանի կողմից շարունակում են մնալ անարձագանք»:  ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է՝ անհասկանալի են Հայաստանին ուղղված մեղադրանքները պաշտպանական նպատակներով սպառազինությունների ձեռքբերման առիթով, որովհետև Ադրբեջանը Հայաստանից անգամներով ավել սպառազինություն է ձեռքբերում, ինչի մասին Հայաստանը համապարփակ տեղեկատվություն է ստանում:  «Այս առիթով պաշտոնապես վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության նվիրումը խաղաղության օրակարգին, ինչպես նաև դրանից բխող սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմների ստեղծման և երկու երկրների միջև սահմանի հարակից տարածքներն ապառազմականացնելու` Ադրբեջանին ուղղված մեր առաջարկը», - նշված է հայտարարության մեջ:  Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ էր բացել Սոթքի (Գեղարքունիքի մարզ), Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), Կութի (Գեղարքունիքի մարզ), Արավուսի (Սյունիքի մարզ), Չինարիի (Տավուշի մարզ), Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:
11:11 - 06 ապրիլի, 2024
Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանագոտու մի շարք ուղղություններում կրակ է բացել ՀՀ դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանագոտու մի շարք ուղղություններում կրակ է բացել ՀՀ դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք  ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:  Մասնավորապես, կրակ է բացվել ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Հատկանշական է, որ գիշերվա ընթացքում ադրբեջանական զինուժի կրակոցների գերակշիռ մասը եղել է ոչ նպատակային և անկանոն: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն Իշխանասարի ուղղությամբ ժամը 21:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում դիտարկել են նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։ Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի նշված գործողությունները ունեցել են սադրիչ նպատակ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների կողմից համանման հակադարձ գործողությունների ձեռնարկմանը հասնելու նպատակով, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար: «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չեն արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է: Պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ ադրբեջանական քարոզչամեքենան նախօրեին կեղծ տեղեկություններ է տարածել՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած պլանային հերթափոխը փորձելով ներկայացնել իբրև կուտակումներ առաջնագծում: ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը, իրականացնելով բաց աղբյուրների մշտադիտարկում և վերլուծություն, արձանագրել է նաև, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում աճել են ադրբեջանական մամուլից հայկական լրատվադաշտ նետված ապատեղեկատվության տարածման դեպքեր, ուստի մեր հայրենակիցներին հորդորում ենք  լինել զգոն, հետևել պաշտոնական լրահոսին: Հայաստան-Ադրբեջան սահմանագծի և շփման գծի երկայնքով տեղի ունեցողի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է և շարունակելու է իրազեկել»,- հայտնում են ՊՆ-ից:
09:30 - 06 ապրիլի, 2024
Ըստ Փաշինյանի՝ ադրբեջանական մամուլում բարձրաձայնված անուններով գյուղեր երբեք չեն եղել ՀՀ տարածքում

Ըստ Փաշինյանի՝ ադրբեջանական մամուլում բարձրաձայնված անուններով գյուղեր երբեք չեն եղել ՀՀ տարածքում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ անդրադարձավ ադրբեջանական կողմի հայտարարություններին, որ ր Հայաստանն «անհապաղ պետք է վերադարձնի 4 գյուղերը»։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը բարձրաձայնում է հետևյալ տեղանունները՝ Բաղանիս Այրում, Աղաշը (ներքին) Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի՝ միաժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի կենսական նշանակության տարածքներ»։ Միևնույն ժամանակ պահանջում է ազատել 4 «օկուպացված» գյուղեր։ «Այս ֆոնին Ադրբեջանը սկսել է զորավարժություններ իրականացնել։ Ձեր գնահատականը իրավիճակին, և այս պայմաններում ինչպես եք պատկերացնում խաղաղության պայմանագրի ստորագրումը»,- ասաց լրագրողը՝ հարց ուղղելով Փաշինյանին։ «Զգում եմ, որ այդ հարցի շուրջ կա որոշակի շփոթ և որոշակի թերըմբռնում, թյուրըմբռնում։ Որովհետև եկեք նախ արձանագրենք, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի այդ արձանագրումից ելնելով կարողանանք հստակ ձևակերպել, թե որտեղ ինչպես Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ և որտեղ է, որ ըստ էության չունի կամ հնարավոր է՝ չունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ։ Ես նախ ուզում եմ անդրադառնալ նրան, թե որն է Հայաստանի Հանրապետությունը։ Ես առաջին անգամ վիզուալ պատասխան եմ պատրաստել (ցուցադրում է Հայաստանի քարտեզ)․ Հայաստանի Հանրապետությունը սա է»,- ասաց Փաշինյանը։ Նա առաջարկեց մի պահ մի կողմ թողնել Ադրբեջանին, այլ Հայաստանի ելակետից հանդես գանք․ «Որն է մեր ելակետը, որովհետև ասվում ա, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է Տավուշի մարզի գյուղեր հանձնել Ադրբեջանին։ Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին։ Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնվում են գյուղերի անուններ, Հայաստանի Հանրապետության տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել, և ՀՀ տարածքում, ընդ որում ոչ միայն խորհրդային ժամանակներում, այլև դրանից հետո։ Պատկերը, որ ես ցույց տվեցի, ուղղակի պատկեր չէ, ՀՀ դե յուրե ամրագրված․․․ [այս պահին ուղիղ եթերից մի հատված կտրվում է և Փաշինյանի խոսքն ամբողջությամբ չի լսվում, բայց նա, ըստ ամենայնի, նկատի ուներ, որ դա Հայաստանի Հանրապետության դե յուրե տարածքն է։]»։ Այնուհետև Փաշինյանը շարունակեց խոսել Ալմա Աթայի հռչակագրից։ Նա նշեց, որ որ Ալմա Աթայի հռչակագիրը վերահաստատվել է և դարձել սահմանների և միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմք, և, հետևաբար, այդ համաձայնության բերումով ԽՍՀՄ նախկին ադմինիստրատիվ սահմաններից ինչ գտնվում է պայմանական ասած «այն կողմում» Ադրբեջան է, ինչ այս կողմում՝ Հայաստան է։ «Հիմա դելիմիտացիայի գործընթացում մենք պետք է աշխատենք որևէ ֆորմատով այդ սահմանը վերարտադրելու վրա։ Եվ հիմա էս պրոցեսում մենք պետք ա արձանագրենք, որ մենք պետք ա ելնենք դե յուրե իրողությունից․ էն, ինչ-որ Հայաստան է, Հայաստան է, էն, ինչ-որ Հայաստան չէ, Հայաստան չէ, էն, ինչ-որ Ադրբեջան է, Ադրբեջան է։ Հիմա կա ուրիշ հարց՝ որ փուլից և որտեղից սկսել դելիմիտացիայի գործընթացը։ Ամենատարբեր տեսակետներ կան, որ դելիմիտացիան պետք է ամբողջությամբ ծայրից ծայր անել, հետո նոր անդրադառնալ կոնկրետ գործողությունների և այլն։ Էս հարցի վերաբերյալ ես չեմ բացառել և չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից, և այս գործընթացի շուրջ որոշում կայացնելիս մենք պետք է ելնենք իրողությունների և իրավիճակի համապարփակ վելուծությունից և Հայաստանի շուրջ առկա մարտահրավերները և իրադրության կայունության ապահովման պահանջները և անհրաժեշտությունները կառավարելու տրամաբանությամբ։ Բանակցային պրոցեսներում երբեմն եղել է տպավորություն, թե մենք կարող ենք որոշակի իրողությունները հաշվի առնելով սահմանի գծի վերականգնմումից հետո կամ զուգընթաց տարածքների որոշակի փոխանակումներ անել, փոխանակում էն իմաստով, որ չնայած դե յուրե սահմանն էստեղ ա, բայց դե ֆակտո իրողությունները նկատի ունենալով ինչ-որ փոփոխություններ անենք, բայց ես տեսնում եմ, որ նման հնարավորությունները մեծ չեն, կամ դա կարող է դեֆորմացնել գործընթացը և լրացուցիչ ռիսկեր բերել, և,, այդ պատճառով ես կարծում եմ, առաջիկայում մենք պետք է գործողություններ անենք՝ հետևյալ տրամաբանությամբ [այստեղ դարձյալ խոսքն ընդհատվում է]»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնեց, որ առաջիկայում այլեցություն կունենա Տավուշի մարզ՝ նաև տեղում հնարավոր խնդիրներին ծանոթանալու համար․ «Բայց այս պահի դրությամբ մենք որոշումներ չունենք, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է այս ընդհանուր պրոցեսը կառավարենք այդ տրամաբանությամբ։ Էլի եմ ասում, երբ ես հետևում եմ մեր փորձագետների և ոչ փորձագետների գնահատականներին, տեսնում եմ, որ, այնուամենայնից, էդտեղ ինչ-որ առումով կա շփոթ և մտածողության և դիտանկյան խնդիր, և իմ դիրքորոշումն այն է, որ, ասելով որ ՀՀ անվտանգության ապահովման հարցում պետք է առանցքային և կարևոր [դարձյալ տեսանյութը ընդհատվում է]»։ Փաշինյանն ասաց, որ երեք կարևոր պայման պետք է ապահովվի․ «Իրավական հենքը տեղի ունեցող պրոցեսի, որպեսզի մենք իրավունքից և օրինականությունից դուրս որևէ բան չանենք, երկրորդը՝ ֆունկցիոնալ հարցերի լուծումը՝ ենթակառուցվածքներ և այլն, երրորդը՝ անվտանգությունը, որովհետև պետք է ապահովվի դելիմիտացված սահմանի երկայնքով ապրող մարդկանց անվտանգությունը։ Էս առումով դելիմիտացված սահմանը պետք է դառնա երկաթյա երաշխիք՝ այդ հատվածի հարատև կայունության համար»։
12:46 - 12 մարտի, 2024
Սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի է ունեցել սահմանապահ 5 նոր ուղեկալների բացման արարողություն |news.am|

Սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի է ունեցել սահմանապահ 5 նոր ուղեկալների բացման արարողություն |news.am|

news.am: ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն այցելել է ՀՀ սահմանապահ զորքերի N ջոկատ և մասնակցել սահմանապահ ջոկատի նորակառույց 5 ուղեկալների ու դրանց կից սպայական կացարանների շահագործման հանձնելու բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները և բարձրաստիճան պաշտոնյաներ: Արմեն Աբազյանն իր խոսքում նշել է, որ տարծաշրջանային գործընթացները ցույց են տալիս, որ փաստացի ավելացել է սահմանի ձգվածությունը:  «Եթե դրան ավելացնենք նաև սահմանային ռիսկերի ողջ սպեկտորը՝ նարկոթրաֆիկից մինչև ահաբեկիչների տեղափոխում, անօրինական միգրացիայից մինչև մաքսանենգություն, ապա սահմանապահ զորքերի վերազինումն ու արդիականացումը ժամանակի հրամայական է:  Սյունիք, Ճակատեն, Եղվարդ, Կաղնուտ, Դավիթ Բեկ սահմանային ուղեկալներն ամբողջությամբ ապահովված են ժամանակակից տեխնիկայով, սպառազինությամբ, անհրաժեշտ պարագաներով: Սահմանապահ զորքերի ստորաբաժանումները համալրվում են տարբեր տեսակի ժամանակակից միջոցներով, կահավորվել է 18 սահմանապահ կետ, կառուցվել են խրամատներ, կրակակետեր և դիտման կետեր»,- ասել է նա։ ՀՀ ԱԱԾ-ից հայտնում են՝ 2020թ․ դեկտեմբերից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ՀՀ ՊՆ ստորաբաժանումներից փուլային տարբերակով պահպանության են ընդունել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներ: Նոր ձևավորված տեղամասի պահպանությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցների հաշվին շատ կարճ ժամանակահատվածում կառուցվել են ժամանակակից պահանջներին համապատասխանող սահմանային ուղեկալներ: ԱԱԾ տնօրենը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացավ պայմաններին:
14:32 - 24 փետրվարի, 2024
Հասանովը հրամանատարների հետ քննարկել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին |azatutyun.am|

Հասանովը հրամանատարների հետ քննարկել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են նրա տեղակալները, զորքերի հրամանատարները, նախարարության գլխավոր վարչությունների և ծառայությունների պետերը։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ նշելով՝ «խորհրդակցությանը տեսակապով մասնակցել են ազատագրված տարածքներում տեղակայված զորամիավորումների հրամանատարները»: Լրատվամիջոցը, հղում անելով երկրի ռազմական գերատեսչությանը, հայտնում է, որ հանդիպմանը անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակին, զորքերի ծառայության կազմակերպմանն ու անցկացմանը: Պաշտպանության նախարարը, ըստ հաղորդագրության, հանդիպման մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել նախագահ Իլհամ Ալիևի՝ վերընտրվելուց հետո երդմնակալության արարողության ժամանակ, ինչպես նաև փետրվարի 19-ին Ալիևի Թուրքիա կատարած այցի ընթացքում այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցում արված հայտարարությունները։
12:19 - 24 փետրվարի, 2024
Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար. Մակրոն |1lurer.am|

Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար. Մակրոն |1lurer.am|

1lurer.am: Մակրոնն անհամաչափ է անվանել փետրվարի 13-ին Ներքին Հանդում հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի հարվածը: Այս մասին ՀՀ վարչապետի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա նշել է՝ իրենց հանդիպումը թույլ կտա խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քննարկումների մասին։ «Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում  են, որ էսկալացիայի վտանգը իրական է մնում: Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել, ինչը ընդունել է նաև Հայաստանի ղեկավարությունը՝ լիակատար թափանցիկությամբ: Բայց Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ չորս զոհ և վիրավոր»,- ասել է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին․ «Մենք համոզված ենք, որ դրան կարելի է հասնել միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության դեպքում»։  
20:25 - 21 փետրվարի, 2024
Ներքին հանդում ԵՄ դիտորդական առաքելությունը հասանելիություն չունի․ Ռուսաստանը ներկա է եղել վերջին միջադեպին և չի կարողացել կանխել միջադեպը․ Արմեն Գրիգորյան

Ներքին հանդում ԵՄ դիտորդական առաքելությունը հասանելիություն չունի․ Ռուսաստանը ներկա է եղել վերջին միջադեպին և չի կարողացել կանխել միջադեպը․ Արմեն Գրիգորյան

Ներքին հանդում վերջին միջադեպը, որ եղել է, ԵՄ դիտորդական առաքելությունն այնտեղ հասանելիություն չունի և միայն Ռուսաստանն այնտեղ հասանելիություն ունի․ Ռուսաստանը ներկա է այնտեղ և չի կարողացել կանխել միջադեպը։ Այս մասին ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով Զախարովայի պնդմանը, թե ի տարբերություն ԵՄ դիտորդների, ՀԱՊԿ-ը կարող է տարածաշրջանում կայունություն ապահովել։ «Ես համոզված եմ, որ իրականությունն այլ է, միանշանակ է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը կայունության դերակատարություն ունի, մենք ամբողջովին աջակցում ենք նրանց գործունեությանը»,- ասել է Արմեն Գրիգորյանը։  Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը ունի 4 զոհ և 1 վիրավոր:
16:14 - 21 փետրվարի, 2024
Հակառակորդի կողմից արձակված կրակոցներից չորս անձի սպանության, ևս մեկի սպանության փորձի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Հակառակորդի կողմից արձակված կրակոցներից չորս անձի սպանության, ևս մեկի սպանության փորձի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

2024 թվականի փետրվարի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ են արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող շփման գծի հարավ-արևելյան հատվածի մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։ «Դրա հետևանքով 4 անձ՝ Էդուարդ Հարությունյանը, Գագիկ Մանուկյանը, Արսեն Համբարձումյանը, Հրաչ Հովհաննիսյանը, ստացել են կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքներ։ Ես մեկ անձ՝ Ռուստամ Վարդանյանը, ստացել է աջ ձեռքի նախաբազկի շրջանի հրազենային վիրավորում: Վերջինիս վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հաշվի առնելով, որ առկա է քրեական վարույթ նախաձեռնելու հիմք և առիթ` ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ և 15-րդ կետերով (չորս դրվագ) և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին 8-րդ և 15-րդ կետերով: Կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ»,- ասված է հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը ունի 4 զոհ և 1 վիրավոր:
16:11 - 13 փետրվարի, 2024
ԵԿՄ-ն հայտնում է այսօր զոհված 4 զինծառայողների և երեկ հանկարծամահ եղած ևս մեկ կամավորականի մասին

ԵԿՄ-ն հայտնում է այսօր զոհված 4 զինծառայողների և երեկ հանկարծամահ եղած ևս մեկ կամավորականի մասին

Փետրվարի 12-ին նախնական տվյալներով հանկարծամահ է եղել երկրապահ կամավորական՝ 1984թ․ ծնված Գոռ Ռազմիկի Ասատրյանը։ Այս մասին հայտնում է Երկրապահ կամավորականների միությունը։  Մահվան հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն։ Միևնույն ժամանակ միությունը հայտնում է, որ այսօր զոհված զինծառայողները եղել են ԵԿՄ անդամներ․ «Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետեւանքով զոհվել են մարտական հերթապահություն իրականացնող ԵԿՄ անդամներ՝ Էդուարդ Համլետի Հարությունյանը՝ 1974թ․, Հրաչյա Թալիշի Հովհաննիսյանը՝ 1957թ․, Գագիկ Վարազդատի Մանուկյանը՝ 1982թ․, Արսեն Գագիկի Համբարձումյանը՝ 1979թ․։ Վիրավորում է ստացել 1988թ․-ին ծնված Ռոստամ Բաղիշի Վարդանյանը, վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում: ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը վշտակցում եւ զորակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին, մարտական ընկերներին․ շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորում ստացած Ռոստամ Վարդանյանին»։ 
15:20 - 13 փետրվարի, 2024
Չնայած ՀՀ իրավասու մարմինների հաղորդագրությանը՝ ադրբեջանական կողմը ագրեսիվ գործողություններ է իրականացրել. ՀՀ ԱԳՆ

Չնայած ՀՀ իրավասու մարմինների հաղորդագրությանը՝ ադրբեջանական կողմը ագրեսիվ գործողություններ է իրականացրել. ՀՀ ԱԳՆ

Փետրվարի 13-ի առավոտյան Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի, Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման արդյունքում հայկական կողմն ունի 4 զոհ և մեկ վիրավոր: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։ «Չնայած ՀՀ իրավասու մարմինների` փետրվարի 12-ի հաղորդագրությանը, որը նույն օրն ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված կադրերը և տեղեկությունները, թե Կապանի հատվածում ՀՀ դիրքապահներն ադրբեջանցի զինվորի են վիրավորել, հետաքննվում են, ադրբեջանական կողմը փետրվարի 13-ի առավոտյան ագրեսիվ գործողություններ է իրականացրել։ Սա ի ցույց է դնում, որ սահմանային էսկալացիաներ ծավալելու համար Ադրբեջանը փնտրում է պատրվակներ:Ուժի կիրառման այս գործողություններին նախորդել էին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև վերջին օրերի տեղեկատվական-քարոզչական նախապատրաստական աշխատանքները: Ադրբեջանական ղեկավարությունը շարունակաբար փորձ է անում վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ և անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների ջանքերը՝ վերսկսելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները:Խստրեն դատապարտում ենք ռազմական սադրանքների դիմելու ադրբեջանական այս գործողությունները, կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող քայլերից և վերադառնալ բանակցությունների: Եվս մեկ անգամ վերահաստատում ենք հայկական կողմի նախորդիվ հնչեցրած առաջարկները` իրականացնելու սահմանային անվտանգության բարձրացմանն ուղղված հուսալի միջոցառումներ»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։ 
13:54 - 13 փետրվարի, 2024
Ներքին Հանդում կրակոցները պարզ լսելի են եղել, բնակիչները տագնապային վիճակում են հայտնվել. ՄԻՊ-ի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն

Ներքին Հանդում կրակոցները պարզ լսելի են եղել, բնակիչները տագնապային վիճակում են հայտնվել. ՄԻՊ-ի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն

Փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով մարդու իրավունքների խախտումներին վերաբերելի հարցերի առնչությամբ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից:   «Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակի հետևանքով խաթարվել են քաղաքացիական բնակչության կյանքի, անվտանգ միջավայրում ապրելու, կրթության և այլ հիմնարար իրավունքները։   ՄԻՊ աշխատակազմին բնակիչները պատմել են, որ կրակոցները պարզ լսելի են եղել, ինչի հետևանքով իրենք ահաբեկվել են, հայտնվել են անորոշության մեջ, տագնապային վիճակում։   Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի զինված ուժերի գործողություններն իրական վտանգ են ներկայացնում անձանց կյանքի իրավունքի և անվտանգության, կրթության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից։   Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշտադիտարկման և մարդու իրավունքներին առնչվող փաստերի հավաքագրման աշխատանքները շարունակվում են»,- ասված է գրառման մեջ։   Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը ունի 4 զոհ և 1 վիրավոր:
13:10 - 13 փետրվարի, 2024