Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։   Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։   Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ և բուք է) անվաշղթաների կիրառման դեպքում դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։   Ջերմուկ քաղաքում, Սիսիան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում, Ելփինի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա, Գյումրի-Բավրա, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:13 - 23 դեկտեմբերի, 2023
Սուրիկ Խաչատրյանի որդու կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է

Սուրիկ Խաչատրյանի որդու կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Գորիս քաղաքում Տ.Խաչատրյանի կողմից հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2023թ․ հունիսի 19-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Տ.Խաչատրյանն իրեն պատկանող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել է Գորիս քաղաքում գործող ավտոտեխսպասարկման կետ՝ մինչ այդ ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ հեռախոսային խոսակցության ընթացքում ծագած վիճաբանության կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով։ Անվադողերի վաճառքով զբաղվող, Գորիս քաղաքի 46-ամյա բնակչի հետ պարզաբանումներ կատարելու ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, իր սեփական անձի առավելություններն ընդգծելու և այդ կերպ հանդուգն վարքագիծ դրսևորելու մոլուցքով տարված, խուլիգանական դրդումներով, նա վիճաբանություն էր հրահրել ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։ Այնուհետև, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, ավտոտեխսպասարկման կետի հարևանությամբ գտնվող քաղաքացիների, թաղամասի բնակիչների, սպասարկման կետերի անդորրը խախտելով, իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց էր արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով առողջության միջին ծանրության վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք և հեռացել դեպքի վայրից' թաքնվելով նաև քննությունից։ Վերջինս հետագայում հայտնաբերվել էր Երևան քաղաքում և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Տ. Խաչատրյանին վերջնական մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 12-րդ կետերով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ հաստատելու վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը, ինչը դատարանի որոշմամբ բավարարվել էր, և Տ. Խաչատրյանը կալանավորվել էր։ Վարույթի նյութերն ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար: Հավելենք նաև, որ վարույթով տուժող, Գորիս քաղաքի 46-ամյա բնակիչը, զգուշացված լինելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ ցուցմունք տալու, ինչպես նաև 218-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ հարցերին ճշմարտացի պատասխանելու պարտականություն ունենալու մասին, չհանդիսանալով իր, ամուսնու, մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալու պարտականություն չունեցող անձ, ապօրինի հրաժարվել է Տ.Խաչատրյանի կողմից կատարված միջին ծանրության և ծանր հանցագործությունների դեպքերի առնչությամբ իրեն հայտնի հանգամանքների մասին ցուցմունք տալ: Նշված փաստի առթիվ նախաձեռնված առանձին վարույթի շրջանակներում որոշում է կայացվել` 46-ամյա անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 503-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրան ներկայացվել է մեղադրանք: Այս մասով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:30 - 21 դեկտեմբերի, 2023
Տեղ համայնքի՝ ադրբեջանական վերահսկողությանն անցած հողատարածքների սեփականատերերը դեռ փոխհատուցում չեն ստացել
 |azatutyun.am|

Տեղ համայնքի՝ ադրբեջանական վերահսկողությանն անցած հողատարածքների սեփականատերերը դեռ փոխհատուցում չեն ստացել |azatutyun.am|

azatutyun.am: Սյունիքի Տեղ համայնքում գարնանն ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած հողատարածքների սեփականատերերը պետությունից դեռ որևէ փոխհատուցում չեն ստացել։ Համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության՝ Արցախը Հայաստանին կապող երթուղին պետք է փոխվեր։ Մարտի վերջին՝ մի գիշերվա ընթացքում ադրբեջանական զինուժը տեղակայվեց Տեղ-Աղավնո ճանապարհի հարևանությամբ գտնվող հողատարածքներում։ Տեղ գյուղի 33 ընտանիքին պատկանող 102 հեկտար դաշտերում ադրբեջանցիներն ամրացան, հենակետեր կառուցեցին։ Հողից զրկված գյուղացիներն այդ ընթացքում գյուղից անզեն աչքով հետևում էին ադրբեջանական դրոշի տակ հասունացող իրենց արտերին։ «Հեսե գնում եմ, խանութի մոտ կանգնում, թուրքերը, տեսնում եմ, հողումս խրամատ սարքած, տանկերը՝ կանգնած, զենքերը՝ տիրած հենց անմիջապես իմ հողիս մեջին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տեղի բնակիչ Լարիսա Ավագյանը։ Համայնքային և մարզային իշխանություններն այն ժամանակ հավաստիացնում էին գյուղացիներին, որ վարուցանքի ծախսերը կփոխհատուցվեն՝ ամեն հեկտարի համար 500 հազար դրամի չափով։ Իսկ հողե՞րը, հարցրել է 70-ամյա Լարիսա Ավագյանը։ Պատասխանել են՝ սպասեք սահմանազատման աշխատանքներին։ «Մենք հույսո՞վ լինենք, որ էդ հողերը կարող ա մեզ վերադարձնեն… չէ՜։ Մինչև սահմանազատում-սահմանագծում չլինի, էդ քարտեզները չկան, չափեն, արդյոք կլինի՞ մեր հայկական հողերը նորից մեզ վերադարձնեն, թե՞ կմնա թուրքի ձերքին, մենք էդ չգիտենք», - հարցնում է նա։ Կորցրած հողերից ամենամեծի՝ 3 հեկտարի սեփականատեր Գայանե Ավագյանը լուրերով պաշտոնյաներից լսել է, որ սահմանազատման դեռ չսկսված աշխատանքները կարող են տարիներ տևել։ Ինչքա՞ն սպասենք, անհասցե հարցնում է կինը։ «Հողի վկայականն ունեմ, հող չունեմ», - սրտնեղում է տիկին Գայանեն, որ սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթը համայնքապետարան է ուղարկել՝ սահմանի մյուս կողմում մնացած ցորենի դիմաց փոխհատուցում ստանալու հույսով։ Հողի դիմաց փոխհատուցման զրույցները 60-ամյա կնոջն ամենաշատն են մտահոգում։ Ասում է՝ սպասվող սահմանազատման ժամանակ Հայաստանի իշխանությունները պետք է այնպես բանակցեն, որ Տեղի բնակիչներն անհող չմնան։ «Հողը վաճառքի չեն դնում։ Ես չեմ էլ ցանկանում։ Ես իմ հողն եմ ուզում։ Հողը վաճառում չեն», - ասաց նա։ Կորցրած հողերի և կրած վնասների ամբողջ փաթեթն ամիսներ առաջ կառավարություն է ուղարկվել։ Ըստ սյունեցի պատգամավոր Դավիթ Դանիելյանի՝ փոխհատուցման որոշում դեռ չկա։ «Կառավարությունում դեռ քննարկվում է։ Ես Տեղ համայնքում շատ հաճախ եմ լինում։ Նաև ոչ բոլոր, բայց գյուղացիների մի մասի հետ հանդիպել եմ, և էդ հարցը քննարկել ենք, համայնքի ղեկավարն էլ՝ Դավիթ Ղուլունցը, պարբերաբար կապ է հաստատում այդ խնդրի հետ կապված։ Մեր ուշադրության կենտրոնում ենք պահում այդ հարցը», - «Ազատության» հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը։ Քննարկվում է արդյո՞ք մինչև սահմանազատումը սեփականությունից զրկված գյուղացիներին այլ հող տրամադրելու հարցը։ Իշխանական պատգամավորը չհստակեցրեց, միայն հավաստիացրեց, որ պատրաստ է կառավարության որոշումից հետո լսել գյուղացիները բողոքները։ «Ամեն դեպքում եթե որոշում լինի, որը քաղաքացիների դժգոհությունը կառաջացնի, ես այդ հարցը նորից կբարձրացնեմ Ազգային ժողովում, հարցուպատասխանի ֆորմատով կբարձրացնեմ, որպեսզի պարզ ու թափանցիկ պատասխան ստանան մեր համաքաղաքացիները», - նշեց նա։ Գյուղում անհանգիստ են նաև հայկական մնացած, բայց ադրբեջանցի զինծառայողների տեսադաշտում հայտնված հողերի համար։ Ամռանն ադրբեջանցիները կրակ էին բացել իրենց դիրքերի հարևանությամբ խոտ հնձող՝ տիկին Լարիսայի որդիների ուղղությամբ։ Ստիպված հրաժարվել են նաև վարձակալությամբ վերցված այդ հողի բերքից։
16:26 - 18 դեկտեմբերի, 2023
Սահմանամերձությունը՝ սահմանին ապրող մարդկանց պատումներում․ նոր հետազոտությունը բացահայտում է սահմանի ֆենոմենը Տավուշի ու Սյունիքի օրինակով

Սահմանամերձությունը՝ սահմանին ապրող մարդկանց պատումներում․ նոր հետազոտությունը բացահայտում է սահմանի ֆենոմենը Տավուշի ու Սյունիքի օրինակով

Սոցիոլոգիայի տեսություններն ասում են, որ սահմանը պարզապես քարտեզի վրայով անցնող գիծ չէ. այն կենդանի սուբյեկտ է, որը ձևավորում են այնտեղ ապրող անհատները․․․ Իսկ ինչպե՞ս են հենց սահմանին ապրող մարդիկ ընկալում սահմանամերձությունն, ու ի՞նչ կարելի է իմանալ սահմանի ֆենոմենի մասին՝ ուսումնասիրելով մարդկանց կենսափորձը։ Այս թեման երկու տարի առաջ հետաքրքրեց Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Սոցիոլոգիայի ֆակուլտետի հետազոտողներին։   Սահմանամերձությունը  Ծնունդով Գորիսից Մարիամ Միրզոյանը 2021-ին սովորում էր Սոցիոլոգիայի ֆակուլտետում և մի ծրագրի շրջանակում քանակական հարցումներ էր իրականացնում Հայաստանի սահմանամերձ գյուղերում։ Բնակիչների հետ շփումների ժամանակ նա հասկացավ, թե որքան հետաքրքիր կլիներ հետազոտել սահմանին ապրող մարդկանց կենսափորձը։ Մարիամին տպավորել էր հատկապես Տավուշի Չինարի գյուղը, որտեղ, ինչպես ինքն է ասում, բնակիչների առօրյա կյանքի մեջ մտած էր սահմանամերձությունը։ Մարիամը Երևան վերադառնալուն պես Մարիամն այդ մասին պատմեց ԵՊՀ սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Հարություն Վերմիշյանին։ Այդպես Հարությունն ու Մարիամը որոշեցին Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց կենսափորձի միջոցով բացատրել սահմանամերձության գաղափարը։ Նրանք դիմեցին «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ին*, հետազոտության համար ֆինանսավորում ստացան ու սկսեցին աշխատանքները։ Առաջին բանը, որ արեցին, տեսության ուսումնասիրությունն էր։ Այս փուլում հասկացան, որ սահմանամերձության՝ որպես սոցիոլոգիական երևույթի ուսումնասիրությունները շատ քիչ են։ Բացի այդ՝ միջազգային իրականության մեջ սահմանը մի փոքր այլ կերպ է ընկալվում։ «Մեր իրականության մեջ կա սահման, սահմանից այն կողմ՝ թշնամի, և թե՛ ֆիզիկական տարածության, թե՛ սոցիալական առումով այդ սահմանը գծված է։ Պատերազմի գործոնը կա նաև։ Իսկ արտասահմանում այդպիսի սահմանամերձություն չկա․ այնտեղ էթնիկ սահմանների մասին է խոսքը»,- ասում է Մարիամը։ Հայաստանում սահմանամերձության ֆենոմենը նկարագրելու համար հետազոտողներն ընտրեցին երկու մարզ՝ Տավուշը և Սյունիքը։ Տավուշը սահմանամերձ էր դարձել դեռ Արցախյան առաջին պատերազմից հետո, իսկ Սյունիքը սահմանամերձ դարձավ 2020-ի պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով։ Հարությունի և Մարիամի հիպոթեզն այն էր, որ բնակիչների՝ սահմանամերձության մասին ընկալումները տարբեր էին լինելու այս երկու մարզերի բնակավայրերում։ Հարությունը Այս տարի՝ ամռանը, Հարությունն ու Մարիամը եղան Տավուշում և Սյունիքում, ամեն մարզում հինգ գյուղ այցելեցին և բնակիչների հետ նարատիվ խորին հարցազրույցներ անցկացրին։ Մարիամն ասում է, որ նարատիվ խորին հարցազրույցները կենսափորձ ուսումնասիրելու հիմնական մեթոդն են։ Հարությունն էլ հիշում է, որ սոցիոլոգիական հետազոտություններում հայտնի այս մեթոդն արդեն հաջողությամբ կիրառել էին մեկ այլ հետազոտության ժամանակ, որը վերաբերում էր Խորհրդային բնակտարածության ձևավորմանը։ «Այնքան հետաքրքիր, մեծ բազաների հիման վրա չափումներ կան, թե ինչպես էին Խորհրդային շրջանում բնակարան տրամադրում։ Եվ այնտեղ անարդարության, միտումնավորվածության բացահայտումներ կան։ Մենք ընդամենը կենսագրական պատումներով, երբ մարդիկ պատմում էին՝ ինչպես էին բնակարան ստանում, նույն եզրահանգումներին ենք եկել, նույն եզրակացությունն ենք արել որակական հետազոտությամբ, ոչ թե մեծ բազաներ գեներացնելով և վիճակագրական հաշվարկներով»։ Այս մեթոդի հիմքում ընկած է ոչ թե հետազոտությանը մասնակցող մարդկանց քանակը, այլ նրանց հետ անցկացված հարցազրույցների բովանդակությունը։ Հետազոտողները մարդկանց այնպիսի հարցեր են տալիս, որոնց միջոցով պատում է ձևավորվում։ «Եթե սկզբից մինչև վերջ որևէ հարցազրույց լսեք կամ կարդաք, կնկատեք, որ այն, ինչ-որ մի կարևոր երևույթ հիմքում դնելով, մարդու կյանքի պատմությունն է։ Մեր դեպքում այդ կարևոր երևույթը սահմանամերձությունն էր, և մի քանի ժամանակաշրջաններ կային՝ գյուղը սահմանամերձությունից առաջ, պատերազմական շրջանում, սահմանամերձեցման շրջանում և դրանից հետո»,- ասում է Մարիամը։   Անցյալը ոչ թե անցյալում, այլ ներկայում Ամեն գյուղում Հարությունն ու Մարիամը նարատիվ խորին հարցազրույց անցկացրին երկու բնակչի հետ։ Հարցազրույցների մասնակիցները պիտի ծնված լինեին մինչև 1970 թվականը, այսինքն՝ 1988-ի Արցախյան շարժման ժամանակ առնվազն 18 տարեկան եղած լինեին և գիտակից փորձառություն ունենային։ Մարիամը պատմում է՝ մտավախություններ ունեին, որ բնակիչները չեն ցանկանա խոսել, բայց իր՝ Գորիսից լինելն ու Սյունիքի բարբառն իմանալը շատ էր օգնում գործին։ Դե քանի որ Սյունիքի ու Տավուշի բարբառները նման են, նրան սիրով ընդունեցին նաև Տավուշում։ «Տավուշի Չինարի գյուղում՝ հարցազրույցներից մեկի ժամանակ, մեկն ինձ հարցրեց՝ դու որտեղի՞ց ես, ասացի՝ Գորիսից եմ, ասաց՝ վա՜յ, դու մեր «земляк»-ն ե՞ս, բա ինչի՞ մեր բարբառով չես խոսում։ Տեսե՛ք, «մեր բարբառով» ասաց»,- պատմում է Մարիամը։ Հարությունն ասում է, որ բարդ է ճշգրիտ վերականգնել այն, ինչ տեղի է ունեցել տարիներ առաջ, օրինակ՝ 1988-ին․ «Ուղղակի հիշողությունը անցյալն է այսօր․ անցյալն անցյալում չէ։ Շատ բարդ է անցյալն անցյալում դուրս բերել»։ Հետազոտողների համար կարևոր էր, որ բնակիչներն անցյալի իրողությունները պատմեին ոչ թե այնպես, ինչպես դրանք հիշում էին ներկայում, այլ տեղափոխվեին անցյալ ու խոսեին հենց անցյալի համատեքստում։ Այս նպատակով բնակիչների հետ հարցազրույցների մի հատվածն անցնում էր քայլելով․ նրանք Հարությունի ու Մարիամի հետ շրջում էին իրենց գյուղում և ցույց տալիս, թե իրենց պատմած որ դեպքը որտեղ է տեղի ունեցել՝ զուգահեռ վերապրելով անցյալում կատարվածը։ Դա օգնում էր անցյալի ավելի շատ շերտեր բացահայտել։ Բնակիչների հետ հարցազրույցների ժամանակ ընդգծվում էր «մենք»-ի ու «նրանք»-ի գաղափարը։  Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնում Երևի կմտածեք, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները «նրանք» են համարում միայն սահմանից այն կողմ եղող թշնամուն, իրենց բառերով՝ թուրքին։ Բայց Հարությունն ու Մարիամը պատմում են, որ ինչ-որ հարցերում բնակիչները «նրանք» են համարում նաև Հայաստանի ոչ սահմանամերձ հատվածում ապրողներին։ «Քանի որ ես էլ Գորիսեցի էի, սյունեցիների համար «մենք» էի»,- հիշում է Մարիամը։ Հարությունն ասում է՝ սահմանամերձ բնակավայրերի դեպքում խոսքը ոչ այնքան Հայաստանի սահմանի մասին է, որքան հենց բնակիչների սահմանի մասին․ «Նրանց սահմանը չի վերջանում Ադրբեջանում․ այստեղից էլ կա սահման։ Այդ «նրանք»-ը նաև մենք ենք (ծիծաղում է), որովհետև սահմանի բնակիչն ասում է՝ մենք Հայաստանի դարպասն ենք, մենք Հայաստանի անվտանգության երաշխավորն ենք, մենք առաջին գիծն ենք, մենք չլինենք՝ մի մակարդակ ավելի է մոտենալու քեզ վտանգը»։   «Դոստն» ու «քիրվան» դառնում են թշնամի Հարցազրույցների փուլն ավարտելուց ու դրանք բնակիչների լեզվից սոցիոլոգիայի լեզու թարգմանելուց հետո Հարությունի ու Մարիամի հիպոթեզն ապացուցվեց․ Տավուշում և Սյունիքում ընկալումների տարբերություն կար։ Պատճառն, անշուշտ, պատմական է․ սահմանամերձեցումը երկու մարզերում տարբեր ընթացք է ունեցել։ Մի կողմից Տավուշն է, որի բնակիչները մինչև 1988-ի Արցախյան շարժումն ադրբեջանցիների հետ ապրում էին կողք կողքի, որոշ ադրբեջանցիների նաև իրենց «դոստն» էին համարում (թուրքերեն՝ dost՝ մտերիմ ընկեր): Տավուշի մարզի Բերդավանը (հեղինակ՝ Հայարփի Բաղդասարյան) «Տավուշը շատ ինտեգրված, շատ ակտիվ տարածաշրջան էր Խորհրդային շրջանում։ Նույնիսկ հայկական և ադրբեջանական գյուղերի բաշխվածությունը եթե նայենք (մինչև հիմա անկլավային ամենաբարդ խնդիրն այդտեղ է), այնքան ներկառուցված են իրար մեջ․ մի տեղ շուկան էր, մի տեղ՝ հիվանդանոցը, ու դա և՛ հայի, և՛ ադրբեջանցու համար էր, այսինքն՝ ռեգիոնալ ինտեգրացիա կար»,- ասում է Հարությունը։ Հետո սկսվեց պատերազմը, «դոստը» դարձավ թշնամի, հայերը սկսեցին Ադրբեջանից դուրս գալ, ադրբեջանցիները՝ Հայաստանից։ «Դու «դոստի» հետ ապրել ես կողք կողքի, ընկերություն ես արել, պատերազմի ժամանակ հասկացել ես, որ նա թուրք է, բայց կապն այնքան ուժեղ է, որ դու նրան վատ չես ուզել, նա էլ քեզ, ու երբեմն իրար օգնել եք»,- նշում է Հարությունը։ Եվ Տավուշում բնակիչները սկսեցին անմիջականորեն մասնակցել սահմանների ձևավորմանն ու սահմանամերձեցմանը՝ կռվելով, առաջ գնալով, հետ քաշվելով։ Հենց բնակիչներն այստեղ գծեցին իրենց ու թշնամու միջև սահմանը։ Մյուս կողմից Սյունիքն է, որտեղ դեպքերն այլ ընթացք ստացան։ Տավուշի «դոստը» Սյունիքում «քիրվա» էր կոչվում (թուրքերեն՝ kirve՝ քավոր, հայերենում օգտագործվում էր մտերիմ իմաստով): Ինչպես Տավուշում էին որոշ ենթակառուցվածքներ ընդհանուր, այնպես էլ Սյունիքում․ ադրբեջանցիներն, օրինակ, Գորիսի շուկայից էին օգտվում, սյունեցիները՝ Կուբաթլուով անցնող գնացքից։  Արցախյան առաջին պատերազմը սկսվեց, և «քիրվան» դարձավ թշնամի։ Բայց ի տարբերություն Տավուշի, որտեղ բնակիչներն իրենք էին սահմանը գծում, Սյունիքում մարդիկ գիտակցում էին, որ թշնամին կա, բայց իրադարձությունների բերումով այդ թշնամին նրանց մոտիկ չէր։ «Կար Արցախ, և ինչ-որ մի տեղ՝ 100 կիլոմետր այն կողմ, կանգնած էր ադրբեջանցին»,- ասում է Հարությունը։  Սյունիքի Դավիթ Բեկը (լուսանկարը Մարիամին են ուղարկել գյուղի բնակիչները)Մինչև «քիրվայի»՝ թշնամի դառնալը, հայերի ու ադրբեջանցիների միջև, իհարկե, կային ոչ ֆորմալ սահմաններ։ Մարիամն, օրինակ, հիշում է իր զրուցակիցներից մեկի պատմածները Սյունիքի Էվազլար ճանապարհահատվածի մասին, որն այժմ Ադրբեջանի վերահսկողության ներքո է։ «Էվազլարի հատվածն իրենցը չէ, մերն է։ Քանի որ մեզ պետք է եղել, որ ճանապարհի ամբողջ հատվածը մերը լինի, մեր ապուպապերն իրենց հետ ինչ-որ կտորներով փոխել են, այսինքն՝ եթե մի ճանապարհը մենք ենք վերցրել, որ մեր ճանապարհն ամբողջական դառնա, մի փոքր հատված այսինչ տեղից իրենց ենք տվել»,- բնակիչներից մեկի խոսքերն է վերապատմում Մարիամը։ Հարությունի խոսքով սյունեցիներն 90-ականների պատերազմից հետո ապրում էին՝ գիտակցելով, որ իրենց կողքով անցնում է Ադրբեջան պետության վարչական սահմանը, բայց նրանք ժամանակի հետ մոռանում էին՝ ինչ է նշանակում այլ էթնոսի հետ տարածք կիսել։ «Թշնամի-բարեկամ-քիրվա-թշնամի․․․ Կորել է, գնացել է, արթնացել եմ՝ էլ չկա, վակուում է։ Ու սրա մեջ սյունեցին կորցրել է համակեցության փորձառությունը։ Իսկ տավուշցին անընդհատ մեխանիզմ է զարգացրել՝ ինչպես ապրի դրա հետ, դա դարձել է իր առօրյան։ Սյունեցու համար սա ինչ-որ կտրուկ փոփոխություն է, որովհետև այն, ինչ 30 տարի առաջ կար, կարծես չի էլ եղել, մեկ էլ հանկարծ՝ դիրք, ադրբեջանցի, վտանգ, կրակ, ռիսկ»- ասում է Հարությունը։ Սյունիքում հետաքրքրական է հատկապես Խորհրդային ուշ շրջանում ձևավորված բնակավայրերի օրինակը։ «Նրանք չեն էլ հասցրել կրել այդ սահմանայնությունը որպես բնակավայր։ Ու հիմա նրանց համար կրկնակի շոկ է։ Եթե Սյունիքի հին բնակավայրերն ունեն հիշողություն, ապա նոր բնակավայրերը չունեն ո՛չ հիշողություն, ո՛չ կուտակած փորձառություն»,- նշում է Հարությունը։   Այն, ինչ Սյունիքում լուծում է, Տավուշում կարգի տապալում է Հարությունն ու Մարիամն ասում են՝ հարցազրույցների ժամանակ բնակիչներին մի պրովոկատիվ հարց էին տալիս․ «Եթե հանդիպեիք Սյունիքի (Տավուշի) սահմանամերձ բնակավայրում ապրող բնակչի, ի՞նչ խորհուրդ կտայիք նրան»։ Պատասխանները տարբեր էին։ Տավուշում, օրինակ, կային այսպիսի պատասխաններ․ «Մենք ինչպե՞ս էինք ապրում էսքան տարի․ ոչինչ, կհարմարվեն»։ Սյունիքում էլ ասում էին, որ մինչև վերջին դեպքերը երբևիցե չեն մտածել, որ այնտեղ՝ Տավուշում, մարդիկ ամեն օր ապրում են սահմանին։ Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնում Հետաքրքիր է այն, որ Սյունիքում իրենց խնդիրների լուծումը բնակիչները կապում են ուրիշների հետ, ասում են՝ թող գան, սահմանագծեն, սահմանազատեն։ «Սյունիքում կա բնակչի օտարվածություն գործընթացից, որովհետև նա գնացել նստել է, սպասում է՝ սահմանազատեն ու սահմանագծեն։ Որովհետև չեղավ կոնսենսուս, եղան կտրուկ որոշումներ, ու մարդը հայտնվեց քաղաքական, պատերազմական ելքի, հատկապես՝ պարտության փաստի առաջ։ ․․․․ Բայց եթե սահմանագծումը Սյունիքի համար լուծում է, Տավուշի համար կարգի խափանում է, որովհետև ասում են՝ մենք գծել ենք արդեն, սովոր ենք: Գծել նորից, անկլավը տալ, մյուսը վերցնել նշանակում է մեզ նորից մտցնել փուլ, որի մեջ մենք պետք է սահման հասկանանք»,- ասում է Հարությունը։   Սահմանի կենդանի քարտեզները Հետազոտողների այցելած բնակավայրերից շատերի համար սահման է հենց ճանապարհը, որը նրանց կապում է Հայաստանի մնացած հատվածին, բայց թշնամու նշանառության տակ է։ «Նրանք խոսում էին ռիսկերի և վախերի մասին, որի համատեքստում, եթե, օրինակ, ճանապարհը փակվի, ռազմական գործողություններ սկսվեն, շրջափակման մեջ են հայտնվելու։ Նույն ճանապարհն է՝ և՛ որպես փրկություն, և՛ որպես վտանգ»,- ասում է Մարիամը։ Նարատիվ խորին հարցազրույցների ընթացքում Մարիամը հասկացավ, որ  կարելի է բնակիչներից պարզել, թե իրենց բնակավայրերում նրանք ինչն են անվտանգ համարում, ինչը՝ վտանգավոր։ Այս նպատակով Հարությունն ու Մարիամն ընտրեցին մտային քարտեզների մեթոդը։ Սա Ոսկեպարի քարտեզն է, բայց այս քարտեզում այն Ոսկեպարն է, որը տեսնում ենք բոլորս։ Իսկ ինչպիսի՞ն է Ոսկեպարի քարտեզը այն բնակչի աչքերով, որի համար սահմանամերձությունը սովորական երևույթ է դարձել։ Կամ ինչպիսի՞ն են Բերդավանի քարտեզը՝ բերդավանցու և Կոռնիձորի քարտեզը՝ կոռնիձորցու աչքերով։ Սա հասկանալու համար հետազոտողները հարցազրույցների ընթացքում բնակիչներին խնդրեցին գծել իրենց բնակավայրի քարտեզը՝ կապույտով նշելով ակտիվ հատվածները, կանաչով՝ անվտանգ, կարմիրով՝ վտանգավոր, շագանակագույնով՝ լքված, չօգտագործվող։ Ոսկեպարի բնակչի գծած մտային քարտեզը, որտեղ եկեղեցին էլ է վտանգավոր գոտում Կաղնուտի բնակչի գծած մտային քարտեզը, որտեղ Դավիթ Բեկ տանող ճանապարհը վտանգավոր գոտում է Տեսության ուսումնասիրության և նարատիվ խորին հարցազրույցների հիման վրա Հարությունն ու Մարիամն արդեն հոդված են գրել և ուղարկել միջազգային գիտական ամսագրերից մեկին։ Հոդվածն այժմ գրախոսման փուլում է, սպասում են տպագրմանը։ Բնակիչների գծած մտային քարտեզները դեռ վերլուծում են։ Հարությունը համաձայն է, որ իրենց հետազոտության համատեքստում հետաքրքիր կլիներ ուսումնասիրել նաև հակառակ կողմի պատկերացումները․ չէ՞ որ սահմանն ունի երկու կողմ։ Իհարկե, հասկանալի պատճառներով սա անհնար է։ Ադրբեջան գնալ ու այնտեղի բնակիչների հետ խոսել չեն կարող, իսկ Ադրբեջանում դժվար թե սոցիոլոգիական հետազոտություն իրականացվի այդ թեմայով։ «Այնտեղ շատ սահմանափակ է, հետազոտական համայնքը շատ ճնշված է»,- նշում է Հարությունը։ Խոսելով իրենց հետազոտության նշանակությունից՝ Հարությունն ասում է, որ Հայաստանում 90-ականներից հետո տարածքային կառավարման հարցն ընկալվել է որպես վարչական, ադմինիստրատիվ, քաղաքական, տնտեսական գործընթաց։  «Միշտ վերևից իջնող, մակրոմակարդակում դիտարկվող գործընթացներ են ընթանում։ Աշխարհում էլ, երբ խոսվում է սահմանային հետազոտությունների մասին, շատ հաճախ մակրոանալիզներ կարող եք տեսնել՝ վերևից, ռեգիոնալ, աշխարհաքաղաքական, ենթակառուցվածքային և տարբեր առումներով։ Իսկ ո՞վ է ապրում այն տեղում, որի մասին խոսում ես․ մարդու կենսափորձը, փորձառությունը լավ չեն հասկացվում»,- ասում է նա։ Իրենց հետազոտությամբ Հարությունն ու Մարիամը փորձել են հարցը հասկանալ հենց միկրոմակարդակում՝ հիմքում ունենալով բնակիչների կենսափորձը։  «Քաղաքականություն մշակելու համար այտեղից կարելի է շատ խորհուրդներ քաղել, շատ հարցեր դուրս բերել՝ հասկանալու համար՝ ինչի հետ գործ ունեն, ինչպես վարվեն։ Վաղը Հայաստանի վարչապետը գուցե ռեգիոնալ լուրջ լուծում պարունակող «Խաղաղության խաչմերուկ» է հայտարարում, բայց այդ խաչմերուկի սահմաններին կանգնած մարդիկ ովքե՞ր են, ի՞նչ են զգում, ինչպե՞ս են տեսնում, ինչպե՞ս են վերապրում այս ամբողջը։ Այս հարցերը հաճախ դուրս են մնում»,- նշում է նա։ Հարությունն ասում է՝ իրենց այս ուսումնասիրությունը հետազոտական նոր հարցեր է բացում․ «Շեշտադրել ենք հետաքրքիր թեմաներ, որոնց շուրջ կարելի է մտորել ու դարձնել նոր թեմաներ»։   Գլխավոր լուսանկարում՝ Բերդավանը (հեղինակ՝ Հայարփի Բաղդասարյան) Աննա ՍահակյանԼուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի   *«Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւնը», որի աջակցությամբ Հարությունն ու Մարիամն իրականացրել են հետազոտությունը, տեղեկացնում է՝ պարտադիր չէ, որ հրապարակման մեջ արտահայտված կարծիքները ներկայացնեն իր տեսակետները։  
19:28 - 13 դեկտեմբերի, 2023
Միտում եմ տեսնում, որ Սյունիքը որպես անվտանգային խոցելի գոտի առանձնացնում են. Փաշինյան
 |1lurer.am|

Միտում եմ տեսնում, որ Սյունիքը որպես անվտանգային խոցելի գոտի առանձնացնում են. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քաղաքացիներից մեկը հարց-մտահոգությամբ դիմեց` նշելով, որ բանավոր խոսույթում արծարծվում է Մեղրիի, ընդհանրապես` Սյունիքի մարզի` ոչ անվտանգ լինելու հարցը: Արդյոք ինչ-որ սպառնացող վտա՞նգ կա Սյունիքին` հարցին վարչապետը պատասխանեց. «Նաև որոշ միջազգային գործընկերներ երբեմն իրենց քաղաքացիներին խորհուրդ չեն տալիս գնալ հարավ, ինչը բիզնեսի համար որոշակի դժվարություններ է ստեղծում: Մյուս կողմից պետք է արձանագրեմ, որ ՀՀ Կառավարությունը բազմամիլիարդ ծրագրեր է իրականացնում ամբողջ հանրապետությունում և Սյունիքի մարզում մասնավորապես: Վերջին հինգ տարիներին ամենամեծ ներդրումներն արել ենք Սյունիքի մարզում` ես նկատի ունեմ Կառավարության կողմից ուղիղ ծրագրերը, 100 մլրդ դրամից ավելի ներդրումներ ենք արել Սյունիքի մարզում»: Փաշինյանը թվարկեց` Մեղրիում ինչ կարևոր իրադարձություններ են տեղի ունենում. վերակառուցվում է ՀՀ-Իրան սահմանին գտնվող մաքսակետը, ԵՄ աջակցությամբ ժամանակակից մաքսակետ է ստեղծվում, և դա շատ լուրջ աշխատատեղերի խթան է լինելու, շուտով սկսվում է Հյուսիս-հարավ մայրուղու Ագարակ-Քաջարան հատվածի կառուցումը: «ԵՄ-ն ներդրումների և տնտեսական պլանի շրջանակներում արդեն իսկ բավական խոշոր հատկացումներ է արել Սյունիքի մարզի դիմակայունությունը բարձրացնելու համար, Կապանում գործարկել ենք օդանավակայանը, պարբերականության, տեխնիկական հագեցվածության հետ կապված որոշակյի խնդիրներ կան, երբեմն վատ եղանակի պատճառով թռիչքները չեղարկվում են: 60 կրթահամալիրների կառուցման ծրագիր է իրականացվում Սյունիքի մարզում. սա անում ենք` հստակ քաղաքական ուղերձ հղելու համար, որ Սյունիքի հետ կապված մեր բոլոր պլանները կապվում են ռազմավարական զարգացման, բարեկեցության, տնտեսական ակտիվության և այլնի հետ: Չեմ ընդունում, որ Սյունիքի մարզը կամ Մեղրին ՀՀ-ից անջատենք. երբեմն այդ միտումն եմ տեսնում, որ Սյունիքը որպես անվտանգային խոցելի գոտի առանձնացնում են»,- ասաց նա` նկատելով` այն անվտանգային խնդիրները, որ ունենք, կան և՛ Տավուշում, և՛ Արարատում, և՛ Գեղարքունիքում: «Դրանք կան, բայց պետք չէ ո՛չ թերագնահատել, ո՛չ գերագնահատել, դրանք լուծելու համար է, որ մենք խաղաղության օրակարգն ենք որդեգրել, նաև միջազգային բավական ուժեղ կոնսոլիդացիա ենք ապահովել ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության շուրջ: Այսօր բացարձակ անվտանգություն, ցավոք սրտի, երկրագնդի վրա գոյություն չունի, այս նոր միջավայրում պետք է հուսալի անվտանգային մեխանիզմներ ձևավորենք. 100 տոկոսանոց անվտանգություն կարող է ապահովել մի բան` տևական դե յուրե արձանագրված պարտադիր խաղաղությունը, հենց դա ենք մենք ուզում ստանալ»,- ասաց վարչապետը:
15:36 - 24 նոյեմբերի, 2023
Էրդողանը կրկին խոսել է «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի պարտավորությունների» մասին |civilnet.am|

Էրդողանը կրկին խոսել է «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի պարտավորությունների» մասին |civilnet.am|

civilnet.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ խոսել է Սյունիքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի և այդ համատեքստում «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի պարտավորությունների» մասին։ «Ղարաբաղի 30-ամյա օկուպացիայից հետո տարածաշրջանում խաղաղության հնարավորություն եմ տեսնում։ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ունեցած պարտավորությունների կատարումը կհեշտացնի այդ գործընթացը։ Ամենակարճ ժամանակում Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող հաղորդակցային կապերի ստեղծումը նաև ռազմավարական նշանակություն ունի»,- այսօր՝ նոյեմբերի 9-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ Ուզբեկստանում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ համաժողովի ընթացքում։ Թուրքիայի նախագահը Հայաստանի մասին համանման հայտարարությամբ էր հանդես եկել նաև նոյեմբերի 3-ին Աստանայում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության համաժողովի շրջանակներում։
17:04 - 09 նոյեմբերի, 2023
Գորիսում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրվողը՝ Սուրիկ Խաչատրյանի որդին, հայտնաբերվել է. ՔԿ

Գորիսում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրվողը՝ Սուրիկ Խաչատրյանի որդին, հայտնաբերվել է. ՔԿ

Հայտնաբերվել է Գորիս քաղաքում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար քրեական հետապնդման ենթարկվող Տ․ Խաչատրյանը։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից: ՀՀ քննչական կոմիտեն 22.06.23 թ․ տեղեկացրել էր, որ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Տ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Վերջինս մեղադրվում է այն բանում, որ 2023 թ․ հունիսի 19-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, իրեն պատկանող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել է Գորիս քաղաքում գործող ավտոտեխսպասարկման կետ՝ մինչ այդ ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ հեռախոսային խոսակցության ընթացքում ծագած վիճաբանության կապակցությամբ  պարզաբանումներ կատարելու նպատակով։ Անվադողերի վաճառքով զբաղվող 46-ամյա անձի հետ պարզաբանումներ կատարելու ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, իր սեփական անձի առավելություններն ընդգծելու և այդ կերպ հանդուգն վարքագիծ դրսևորելու մոլուցքով, խուլիգանական դրդումներով, նա վիճաբանություն է հրահրել ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։ Ապա, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, ավտոտեխսպասարկման կետի հարևանությամբ գտնվող քաղաքացիների, թաղամասի բնակիչների, սպասարկման կետերի անդորրը խախտելով, իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք և հեռացել դեպքի վայրից՝ լքելով Գորիսի տարածքը: Միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ Տ․ Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել էր։ Ոստիկանությանը տրվել էր նրան  հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։Կատարված քննչական, վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների իրացման արդյունքում 2023թ․ նոյեմբերի 8-ին, դատարանի որոշման հիման վրա իրականացված խուզարկության ընթացքում Տ․ Խաչատրյանը հայտնաբերվել է Երևան քաղաքում՝ իրենց առանձնատանը։ Վերջինս  ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։   Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:34 - 09 նոյեմբերի, 2023
Հայաստանում Շվեդիայի դեսպանը այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ հատված

Հայաստանում Շվեդիայի դեսպանը այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ հատված

Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը այցելել է Սյունիքի մարզ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում Շվեդիայի դեսպանությունը։ «Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դեսպան Սվենսոնը այցելել է Մեղրի։ Տեղում դեսպանը հանդիպել է Վինեթ Մեղրի Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչներին, ծանոթացել Հայաստանում ու տարածաշրջանում վերջիններիս գործունեությանը: Հայ-իրանական սահմանի «Մեղրի» սահմանային անցակետում դեսպանին հյուրընկալել է անցակետի ղեկավար անձնակազմը, ներկայացրել անցակետի ընդհանուր տարածքը և սահմանային գործառնությունները»,- նշած է հաղորդագրության մեջ։ Հաջորդիվ դեսպանն այցելել է Տաթև, որտեղ համայնքի ղեկավար Սամվել Լալայանն ու վերջինիս թիմը ներկայացրել են տեղի իրավիճակն ու իրականացվող զարգացման ծրագրերը։ Քննարկվել է նաև Շվեդիայի աջակցությամբ իրականացվող SALAR International-ի աշխատանքը, որը միտված է ժողովրդավարության ամրապնդմանը և տեղական մակարդակում լավ կառավարմանը։ «Այցի ավարտին դեսպանը Կապանում միացել է ԵՄ Առաքելության առաջատար օպերացիոն բազայի պարեկային շրջայցին՝ ականատես լինելու դիտորդների առաքելությանը՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունից տուժած տարածքներում մարդկային անվտանգությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։  
19:22 - 08 նոյեմբերի, 2023
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գորիսի պետական համալսարանի ուսանողների հետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գորիսի պետական համալսարանի ուսանողների հետ

Սյունիքի մարզ այցելության ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գորիսի համայնքապետի և Սյունիքի մարզպետի ուղեկցությամբ եղել է Գորիսի պետական համալսարանում: Նախագահին դիմավորել են համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը և պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին դիմավորելու և առաջնային կարիքները հոգալու աշխատանքներում ակտիվորեն ներգրավված ուսանողների հետ:Իր խոսքում Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել կամավորականներին անձնվեր աշխատանքի համար և շեշտել, որ ուսանողների բարձր կազմակերպվածությունն ու պատրաստակամությունը ծանր իրադրության մեջ ոգևորիչ դեր է ունեցել հայաստանյան բոլոր բուհերի համար:Անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է ներկաների հետ, պատասխանել ուսանողների հարցերին:  
13:50 - 04 նոյեմբերի, 2023
Միխայիլ Միշուստինը որոշում է ստորագրել Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու մասին
 |armeniasputnik.am|

Միխայիլ Միշուստինը որոշում է ստորագրել Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Սյունիքի մարզի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին: Համապատասխան որոշումը ստորագրել է Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը։ «Ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն հիմնելու մասին նոտաների փոխանակման միջոցով համաձայնագիր կնքելու մասին Ռուսաստանի ԱԳՆ-ի առաջարկը»,-ասվում է փաստաթղթում: ՌԴ արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է նոտաների փոխանակում իրականացնել։ Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է նախագծի մեջ կատարել փոփոխություններ, որոնք չեն լինի սկզբունքային: Հիշեցնենք, որ Սյունիքում ՌԴ հյուպատոսության հնարավոր բացման մասին առաջին անգամ մայիսի վերջին հայտնեց ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Պալտովը։ Նրա խոսքով` Մոսկվայում մայիսի 25-ին կայացած Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը հավանություն է տվել այս նախաձեռնությանը։ ՀՀ ԱԳՆ-ն դրական էր արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։
22:52 - 02 նոյեմբերի, 2023
Ուժային կառույցների ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են զեկուցել օպերատիվ իրավիճակը Սյունիքի մարզում

Ուժային կառույցների ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են զեկուցել օպերատիվ իրավիճակը Սյունիքի մարզում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Սյունիքի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, մարզային իշխանության ներկայացուցիչների և մարզի ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։Խորհրդակցության ընթացքում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նախագահին է ներկայացրել մարզում իրականացվող տարբեր ծրագրերը, դրանց իրականացման ընթացքը, առաջացած խնդիրները, ընդհանուր իրավիճակը։ Ուժային կառույցների ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են զեկուցել օպերատիվ իրավիճակը Սյունիքի մարզում։Նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է նման հանդիպումներն ու քննարկումները: «Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր կատարած աշխատանքի համար, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին դիմավորելու և նրանց առաջնային խնդիրները համակարգված կերպով լուծելու համար»,- նշել է նախագահը:Խորհրդակցության ընթացքում նախագահ Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում զրուցել է ներկաների հետ, անդրադարձել երկրի արտաքին քաղաքական և ներքաղաքական ընդհանուր իրավիճակին վերաբերող թեմաների: 
17:36 - 01 նոյեմբերի, 2023