Սուրեն Սահակյան

Սուրեն Սահակյանը «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղարն է, տնտեսագետ։

Ծնվել է 1980թ․ սեպտեմբերի 26-ին։ 1996-1997թթ․ սովորել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի, տնտեսագիտական ֆակուլտետում, 1997-2001թթ․՝ ԵՊՏՀ-ում, մասնագիտացումը՝ ֆինանսներ։

1998թ-ից առ այսօր հանդիսանում է անհատ ձեռնարկատեր տպագրական դիզայնի ոլորտում։ 2014-ից ներգրավված է եղել քաղաքացիական շարժումներում՝ («Վճարում ենք 100 դրամ», «Դեմ եմ», «Էլեկտրիկ Երեւան») որպես համակարգող կամ մասնակից։ Կազմակերպչական մասնակցություն է ունեցել 2018թ. տեղի ունեցած հեղափոխությանը։ 2018թ. նոյեմբերի 3-ին «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր համագումարում անցկացված գործադիր մարմնի անդամների ընտրություններում, ստանալով առավելագույն քվեները, ստանձնել է գործադիր մարմնի քարտուղարի պաշտոնը։ 2018թ. տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում եղել է «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական ցուցակի 1-ին համարը։

Հոկտեմբերի 19-ին մեր վիճակը ծանր էր, ծանր էր նաև թշնամու վիճակը, և պատերազմի ելքը դեռ որոշված չէր․ Սուրեն Սահակյան

Հոկտեմբերի 19-ին մեր վիճակը ծանր էր, ծանր էր նաև թշնամու վիճակը, և պատերազմի ելքը դեռ որոշված չէր․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակայնը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   «Պատերազմի ընթացքում արտախորհրդարանական ուժերի հետ երկրորդ ու վերջին հանդիպումը (հոկտեմբերի 19-ին) քննարկման լայն թեմա է դարձել։ Ըստ էության, փակ հանդիպման նույնիսկ ամենավերջին մանրամասները դուրս սպրդեցին։ Ընդ որում, մասնակիցներից ամեն մեկն ի՛ր ընկլամամբ մատուցեց եղելությունը։ Բանը հասավ նրան, որ պատերազմում պարտության պատճառները վեր հանող վերլուծաբանները հաճախ հիմնվում են այդ հանդիպման մասին մամուլում հրապարակված ոչ այնքան ճիշտ մեկնաբանություններին։ Մինչդեռ թե՛ մասնակիցները, թե՛ այդ հանդիպման մասին կադրերը վկայում են, որ ես համարյա սղագրում էի թե՛ վարչապետի հայտնած տեղեկություններից կարևորները, թե՛ իմ հարցերն ու խոսքը։ Ըստ այդմ, պարտավորված եմ զգում պատմել եղելությունը, որպեսզի պատմության ու վերլուծությունների համար հանրային դաշտում լինեն ոչ միայն այդ հանդիպման մասին առանձին մարդկանց ընկալումները, այլև իրականությունը։ Նախ, հանդիպումը տևել է ընդամենը մեկ ժամ, ինչը բավականին կարճ ժամանակ է, եթե հաշվենք, որ բացի պաշտոնական կողմն այնտեղ ներկայացված էին 9 կուսակցություններ, որոնցից ամեն մեկն իր ասելիքն ու հարցերն ուներ։ Վարչապետը սկսեց նրանից, որ առավոտյան Արցախի նախագահից նամակ է ստացել, որտեղ ասվում է, թե Արցախը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, վերադարձնել 7-ից 5 շրջանները և նստել բանակցելու հայրենիքի մյուս հատվածների մասին (Լավրովի պլան)։ Ասվեց, որ դրա հետ իրենց համաձայնությունն են հայտնել Արցախի երկրորդ և երրորդ նախագահները, Հայաստանի առաջին և երրորդ նախագահները (Ռ․Քոչարյանի կարծիքի մասին, անկեղծ ասած չեմ հիշում, որ խոսք գնացած լինի, ինչը չի բացառում, որ ուղղակի ես չեմ արձանագրել)։ Ներկաներին տեղյակ պահվեց ՌԴ նախագահ Պուտինի հետ այդ թեմայով խոսակցության մասին։ Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ ՌԴ նախագահին հարցրել է, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ լուծում է պատկերացնում Ռուսաստանը։ Ըստ Փաշինյանի, Պուտինը պատասխանել է, որ լուծումը «Լավրովի պլանն է»՝ վերդարձվում են 5 շրջանները, սկսում են բանակցությունները մնացած 2 շրջանների վերադարձի ժամկետների և պայմանների մասին, իսկ Արցախի կարգավիճակի հարցը մնում է անորոշ ապագային։ Հատուկ շեշտվեց, որ Փաշինյանը ոչ համաձայնել է, ոչ էլ մերժել այդ առաջարկը, այլ հարց է բարձրացրել՝ «եթե ասենք այո, Ռուսաստանը կարո՞ղ է ապահովել պատերազմի դադարեցումը»։ Պատասխանը եղել է այն, որ ՌԴ-ն ամեն ինչ կանի, որ այդ ծրագիրը իրականություն դառնա, սակայն չունի նախկին այն լծակները, որոնք հնարավոր կդարձնեին համոզմունք հայտնել, որ այդպես էլ կլինի»։ Այնուհետև Ն․ Փաշինյանը հարցրել է․ «Եթե հայկական կողմը այդ ծրագրին իր հավանությունը չտա, դա կարո՞ղ է ռուսական կողմից ընկալվել որպես ապակառուցողական մոտեցում և վիրավորանք ՌԴ միջնորդական ջանքերին»։ Պուտինը, ըստ Փաշինյանի, պատասխանել է․ «Իհարկե՝ ոչ»։ Ինչպես հետագայում պարզվեց, ՌԴ նախագահի հետ այդ խոսակցությունը շարունակվելու էր նկարագրված հանդիպումից անմիջապես հետո՝ ժամը 20։00-ին։ Առաջ անցնելով ասեմ, որ Ադրբեջանը մերժել էր այդ առաջարկը և պատերազը շարունակվեց։ Սա ասում եմ նրանց համար, ովքեր շարունկում են պնդել, թե հայկական կողմը թղթերը ստորագրելով ամեն պահի կարող էր կանգնեցնել պատերազմը։ Հաջորդ դրվագը, որ ներկայացվեց ներկաներին, այն էր, որ հայկական կողմի խնդրանքով հոկտեմբերի 19-ի կեսօրի դրությամբ ռուս սահմանափահները տեղակայվել են Հայաստանի սահմաններին Մեղրիից մինչև Վարդենիս՝ արևելյան ուղղությամբ և Նախիջևանի սահմանով՝ արևմտյան ուղղությամբ։ Հարցին, թե ի՞նչ է դա նշանակում, ռուսական կողմից հավաստիացրել են, թե այդ զինվորների ուղղությամբ ցանկացած հարված կարող է ընկալվել որպես Ռուսաստանին հայտարարված պատերազմ։ Մասնակիցների կողմից բարձրացված հարցերից ինձ համար արձանագրել եմ ՀՅԴ ներկայացուցչի հարցը, թե այդ պայմաններով փաստաթուղթ ստորագրելը, ըստ էության, նշանակում է կապիտուլյացիա և մի՞թե այլ տարբերակ չկա։ Վարչապետը համաձայնեց կապիտուլյացիայի մասին կարծիքին (հոկտեմբերի 19-ի դրությամբ այդպիսի պայմաններով պատերազմը դադարեցնելն, իրոք, ծանր ու նվաստացուցիչ կապիտուլյացիա էր ընկալվում), միաժամանակ, ի պատասխան, որպես խոչընդոտ և խնդիրներից ամենամեծը ներկայացրեց անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի արդյունավետ միջոցների բացակայությունը։Առաջ անցնելով ասեմ, որ դրանից բառացիորեն ժամեր անց ՊՆ-ը հաղորդագրություն տարածեց, որ խոցել է թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ, ինչից հետո նման լուրերը պարբերական դարձան (ըստ էության, հարցը կարելի էր լուծված համարել)։ Խոսվեց նաև այն մասին, որ ըստ Արցախի ռազմական ղեկավարության, հայկական կողմին հաջողվել է խոցել ադրբեջանական բանակի ծանր սպառազինության և օդուժի 80 տոկոսը և ռազմաճակատում վատ վիճակը ոչ միայն մեզ մոտ է, այլ նաև թշնամու մոտ։ Անդրադառնամ իմ հարցերին ու խոսքին, ինչի մասին նույնպես հրապարակային խոսվել է և կարծիք ձևավորվել։ Ես սկսեցի նրանից, որ վարչապետին հիշեցրի ԱԺ ամբիոնից հնչեցրած մտքի մասին, թե «Եկեք պայմանավորվենք, որ մենք մեզ պարտված չենք համարելու։ Եթե մեր մտքում ու հոգում մեզ պարտված համարենք, ապա ռազմի դաշտում պարտվելն ընդամենը ժամանակի հարց է»։ Հարցրեցի՝ ձե՞ր խոսքերն են։ Վարչապետը գլխով հավանության նշան արեց։ Կարծիք հայտնեցի, որ չի կարելի մտքում և հոգում պարտվել (էդ դեպքում իրական պարտությունը այլընտրանք չի ունենա)։ Այնուհետև հարցրել եմ, թե ի՞նչ ա նշանակում ԱԹՍ-ների դեմ արդյունավետ պայքարի միջոց չունենք՝ չէ՞ որ դրանց դեմ արդյունավետ պայքարում են Սիրիայում և Լիբիայում, ու երբեմն էլ հաղթանակներ տոնում։ Հետևաբար, ի՞նչ խնդիր է՝ քաղաքակա՞ն է (մեզ պատշաճ ու բավարար զենք չե՞ն վաճառում), թե՞ փողի խնդիր է։ Հարցերից հետո, ելնելով տեղում քննարկման բովանդակությունից, անձնական որոշակի դիրքորոշումներ եմ հայտնել։ Առաջինը խոսեցի ԱԹՍ-ների դեմ պայքարի արդյունավետության բացակայության պայմաններում հնարավոր պարտության մասին։ Կարծիքս հայտնեցի, որ գուցե պետք է կյանքի կոչել 1989թ դեկտեմբերի 1-ի միացման որոշումը ու շարունակել կռվել այն մտքով, որ ինչը կորցնենք, պահպանենք դրա նկատմամբ միջազգային իրավունքները, որպեսզի պարտության դեպքում չստացվի, թե հայկական կողմը ագրեսոր էր և ադրբեջանական կողմը, իրոք, վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը (ԼՂԻՄ տարածքը երբեք ադրբեջանական չի եղել)։ Առաջին հանդիպման ժամանակ խոսել էի ԱՀ անկախության իրավունքի ճանաչման մասին, բայց սա լրիվ ուրիշ պատմություն է։ Հայտնածս հաջորդ դիրքորոշումն այն է, որ պարտությունը ոչ միայն Արցախի կորուստ է, այլև Հայաստանի տնտեսական ու սոցիալական խորը ճգնաժամ և քաղաքական մեծ ցնցումներ, որոնցից Հայաստանը կարող տասնամյակներով խելքի չգալ։ Դրա համար առաջարկել եմ մտածել միայն հաղթանակի մասին։ Վերջում կարծիք եմ հայտնել, որ պատմություն ցույց է տվել՝ այնտեղ, որտեղ ռուսական խաղաղապահներ են եղել, հետագայում չի հաջողվել խուսափել պատերազմից և առաջարկել եմ խաղաղապահների առկայությունը չդիտարկել որպես խաղաղության վերջնական երաշխիք։ Ըստ էության, սրանով ավարտվել է հանդիպումը, եթե չհաշվենք, որ«Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչը ուզում էր խոսք ասել, բայց վարչապեն արդեն շտապում էր հեռախոսազրույցի։ Եթե այսքանից հետո դեռ պահպանվի կարծիքը, թե այդ հանդիպման ընթացքում խոսք է գնացել Հայաստանի ծանրագույն վիճակի, պարտության պայմաններում տեղի ունեցած հանդիպման մասին, ուրեմն ես ինչ-որ կարևոր բան սխալ եմ հասկանում։ Հոկտեմբերի 19-ի դրությամբ մեր վիճակը ծանր էր, բայց ծան էր նաև թշնամու վիճակը և պատերազմի ելքը դեռ որոշված չէր»։
15:28 - 07 դեկտեմբերի, 2020
Որպես քաղաքացի այս պահին ես արտահերթ ընտրական գործընթացներ չեմ պատկերացնում․ Սուրեն Սահակյան |lragir.am|

Որպես քաղաքացի այս պահին ես արտահերթ ընտրական գործընթացներ չեմ պատկերացնում․ Սուրեն Սահակյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց «Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանի հետ։ Պարոն Սահակյան, 17 կուսակցություն պահանջում է վարչապետի հրաժարականը, ԱԺ արտահերթ նիստ։ Ստեղծված իրավիճակին Ձեր գնահատականը։ Ի՞նչ լուծում եք Դուք տեսնում։ Մենք տագնապալի օրեր ենք ապրում, երբ լավագույն լուծումը միավորվել ու ելքեր փնտրելն է։ 17 ուժերի հռչակած նպատակներն ինձ որոշ չափով հասկանալի են։ Դրանք ավելի հասկանալի կլինեին, եթե հնչեր առաջարկ, թե որոնք են լինելու վարչապետի հրաժարականից հետո իրականացվող քայլերը և համոզիչ փաստարկներ հնչեին, թե ստեղծված իրավիճակում ինչպես են բարելավվելու հայկական կողմի բանակցային դիրքերը։ Մեր նախաձեռնությամբ որոշակի կոնտակտներ եղել են, սակայն ցավոք, նման քայլերի մասին տեղեկատվություն չենք ստացել։ Միաժամանակ, կառավարող ուժը, որպես պատերազմում պարտություն արձանագրող ուժ, առաջինը պետք է շահագրգռված լիներ ապահովել այն կապուղիները, որ հնարավորություն կտային միասնական քննարկումների միջոցով լուծում գտնել։Ձերբակալություններն ու անվստահությունը հնարավոր վատագույն սցենարներից էր։ Դրանից մի փոքր ավելի վատ սցենար էլ հեղաշրջման փորձն էր, իսկ ամենավատ սցենարը՝ քաղաքացիական պատերազմը։ 17 ուժերի պահանջը շատ քաղաքացիների հոգում կարող է արձագանք գտնել, որ այս կամ այն կերպ արտահայտվում է, սակայն պետք է հաշվի առնել, որ նույնիսկ այս պայմաններում կա քաղաքացիների բավականին մեծ շերտ, որ դեռևս սատարում է կառավարող ուժին։ Խնդրանքս ու կոչս է, որ կողմերը ամենասկզբունքային դիրքերից մի քայլ նահանջեն, միավորվեն՝ լուծումներ գտնելու ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի։ Գրառում էիք արել, որ Շուշին չի ընկել, չի պարտվել, այն հանձնվել է։ Ի՞նչ է Ձեզ հայտնի։ Ակնարկում եք, որ դավաճանությո՞ւն է եղել։ Պետական դավաճանությունը շատ ծանր մեղադրանք է, թերևս մեղադրանքներից ամենածանրը։ Այդպիսի մեղադրանք առաջադրելու համար պետք է տիրապետել ամբողջական ինֆորմացիային։ Ես վստահ եմ, որ ապագայում այդ գնահատականը տրվելու է։ Ժողովուրդը, արցունքն աչքերին Շուշին թողնող զինվորները, զոհվածների հարազատները իրավունք ունեն իմանալ՝ ինչ պայմաններում է տեղի ունեցել Շուշիի հանձնումը։ Ինձ հայտնի է, որ անկման նախորդ օրը նախօրեին Շուշի մտած դիվերսիոն մեծ խումբը ջախջախվել է։ Այնուհետև եղել է նահանջի հրաման։ Սա մեծ գաղտնիք չէ։ Հայաստանը շատ փոքր երկիր է նման բաներ կոծկելու համար։ Այնտեղ հազարավոր մարդիկ են եղել, զինվորներ։ Եթե լավ փնտրենք, մեզնից յուրաքանչյուր երրորդն էնտեղ հարազատ ունեցած կլինի։ Շուշիի գրավումը, կռվելու դեպքում, գործնականում անհնար է։ Կողմնակի՞ց եք արտահերթ ընտրական գործընթացներին։ Նիկոլ Փաշինյանը 2016-ի ապրիլյան իրադարձություններից հետո հայտնել է իր կարծիքը, որ պատերազմում պարտված հրամանատարը պետք է հրաժարական տա։ Ես համաձայն եմ իր այդ կարծիքի հետ։ Սակայն, անկեղծ ասած, այս պահին ես արտահերթ ընտրական գործընթացներ չեմ  պատկերացնում։ Սա բացառապես իմ, որպես մի քաղաքացու, կարծիքն է։ Ընտրական գործընթացները նրա մասին են, որ ժողովրդի համար առավելագույնս հարմար պայմաններ ստեղծվեն, որտեղ ինքը կուսումնասիրի առաջարկված ծրագրերը և գիտակցված, գաղափարական ընտրություն կկատարի։ Այս պահին ես դա լավ չեմ պատկերացնում։ Այս պահին ընտրությունը բացառապես էմոցիաների վրա կլինի, իսկ մենք հերթական անգամ սխալվելու ռեսուրս չունենք։ Շարունակությունը՝ lragir.am-ում
14:23 - 12 նոյեմբերի, 2020
Անհասկանալի է WarGonzo նախագծի հեղինակի ու «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակցի ներկայությունը առաջնագծում․ Սուրեն Սահակյան

Անհասկանալի է WarGonzo նախագծի հեղինակի ու «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակցի ներկայությունը առաջնագծում․ Սուրեն Սահակյան

ՔՈ ՍԴԿ Գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ գին ունի ինֆորմացիան պատերազմական պայմաններում։ Որպեսզի սրա մասին մոտավոր պատկերացումներ ունենանք, կարող ենք հետևել Ադրբեջանի զինված ուժերի շտաբի պետի մասին համառորեն շրջանառվող լուրերին, թե նա ձերբակալվել ա կամ գտնվում ա հետախուզման մեջ։ Ադրբեջանցիները, փորձելով բացատրություն գտնել իրենց ձախողված ռազմական արկածախնդրության համար, դրանում մեղադրում են ամենաբարձրաստիճան զինվորականներին, որոնք հարձակման մասին իբր ինֆորմացիա են տրամադրել ռուսական կողմին, որոնք էլ, իբր, այն փոխանցել են հայերին։ Որտեղից ա թշնամին հարձակվելու, ինչ սպառազինություն ունի, զորքերն ինչպես ու որտեղ են տեղակայված, ինչ մարտավարություն են որդեգրել, բարոյա-հոգեբանական ինչ վիճակ ա հակառակորդի զորքում, ինչ ազդեցություն ա ունենում թշնամու հրետակոծությունները թիկունքի ու ճակատի վրա․ Սրանք կարևոր տեղեկություններ են, որոնց տիրապետումը թույլ կտա խուսափել ավելորդ զոհերից և հեշտությամբ հաղթել։ Հետևաբար, նման ինֆորմացիան անգին ա։ Պետություններն այն ստանալու համար հետախուզական ծառայություններ են ստեղծում, մշտապես ինֆորմացիա հավաքում, վերլուծում։ Էս ֆոնին ինձ, նվազագույնը, անհասկանալի ա մնում «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի ու «Կոմսոմոլսկայա պրավդա» թղթակից Ալեքսանդր Կոցի (և, կարծես, ոչ միայն նրանց) ներկայությունը ոչ թե Արցախում, այլև հենց առաջնագծում, պատերազմի բովում։ Հիշեցնեմ, որ ըստ մամուլում հրապարակված տեղեկատվության, հենց Կոցի արած ուղիղ հեռարձակումից հետո ա թիրախավորվել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին։ Բայց հարցը նույնիսկ էդ միջադեպը չի, որը կարող էր անզգուշության հետևանք լինել և որը, բարեբախտաբար, զոհերի չհանգեցրեց։ Հարցն էն ա, որ նրանց լրագրողական գործունեություն թույլ ա տալիս փաստագրությամբ զբաղվել, որ վաղը կարող ա մեր դեմ օգտագործվել։ Ես դեռ մի կողմ եմ դնում նրանց քաղաքացիությունը և ռուսական կողմի բնական հետաքրքրությունը կոնֆլիկտի ու, ընդհանրապես, տարածաշրջանի նկատմամբ։ Ես դեռ մի կողմ եմ դնում փաստը, որ Ռուսաստանն իր շահերի սպասարկման նպատակով բնականաբար զբաղվում ա հավաքագրված ինֆորմացիան անհրաժեշտ կողմի հետ կիսելու պրակտիկայով։ Ես նույնիսկ չեմ դիտարկում, որ էս պահին մեր ու Ռուսաստանի կենսական շահերը, կարծես, համընկնում են, իսկ վաղը կարող ա և չհամընկնեն։ Էդ մարդիկ անհատներ են, որոնց ձեռքերում կուտակվում ա թեկուզ չմշակված ու պատշաճ վերլուծված, բայց շատ կարևոր ինֆոմացիա։ Անհնա՞ր ա, որ ինչ-որ ժամանակ, որոշակի պայմաններում էդ ինֆորմացիային հասանելիություն ունենալու համար նրանց առաջարկ արվի, որը մերժելը դժվար կլինի։ Կարծում եմ՝ չէ։ WarGonzo-ն, ընդհանրապես, կոմերցիալ պրոյեկտ ա։ Այն հենց փող աշխատելու միջոց ա՝ նրանք հավաքագրված ինֆորմացիան վաճառում են լրատվական և այլ ռեսուրսներին։ Նրանց գործունեությունն էնքան ակնհայտ ա, որ վստահ եմ՝ պատկան մարմինները ուշադրության կենտրոնում են պահում հարցը։ Էն, որ նրանք շարունակում են իրենց գործունեությունը, հուշում ա, որ մեր պատկան մարմինները դրանում վտանգ չեն տեսնում։ Գուցե։ Ուղղակի ինձ անհասկանալի ա դա։ Ինձ անհասկանալի ա նաև մեր խորհրդականներից ոմանց (անուններ չտամ, որովհետև երևույթի մասին ա խոսքը), ակնհայտ հիացմունքը գոնե Պեգովի նկատմամբ ու նրա նյութերը տարածելու, լեգիտիմացնելու պրակտիկան։ Մեծ հույս ունեմ, որ իմ մտավախությունները գոյություն ունենալու քիչ հիմքեր ունեն»։
12:24 - 09 հոկտեմբերի, 2020
Սա պատահաբար ծագած կոնֆլիկտ չէ․ ճանաչե՞լ, թե՞ ոչ․ Սուրեն Սահակյան

Սա պատահաբար ծագած կոնֆլիկտ չէ․ ճանաչե՞լ, թե՞ ոչ․ Սուրեն Սահակյան

Ի տարբերություն նախկինում գրանցված հայ-ադրբեջանական մյուս բախումների՝ այս դեպքում միջազգային հանրությունը չի շտապում դիրքորոշում հայտնել կամ ձեռնամուխ լինել հետագա էսկալացիան կանխելու հստակ գործողություններով։ Տարօրինակ տպավորություն է ստեղծվում, թե միջազգային հանրությունն ինչ-որ բանի է սպասում։ Կհամարձակվեմ բարձրաձայնել այս հարցով տվյալ պահին ձևավորված դեռևս միակ վարկածը։ Ըստ այդ վարկածի՝ նրանք սպասում են Հայաստանի կողմից Արցախի ճանաչման և/կամ Հայաստանի Հանրապետությանը միացման ակտին։ Փորձեմ հիմնավորել այս վարկածը։ Իհարկե, ուժային կենտրոններից, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներից, գերտերություններից յուրաքանչյուրն ի՛ր հաշվարկը կարող է ունենալ այս դեպքում։ Ո՞րը կարող է լինել, օրինակ, ԱՄՆ շահը։ Գաղտնիք չեն ո՛չ Իրանի, ո՛չ էլ Թուրքիայի հետ ԱՄՆ ունեցած կոնֆլիկտները և լարված հարաբերությունները։ Այս դեպքում ԱՄՆ-ի համար լավագույն լուծումը կլինի երկու հակառակորդներին կոնֆլիկտի մեջ ներքաշելով հնարավորինս թուլացնել նրանց։ Հնարավո՞ր է արդյոք Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության անկախությունը ճանչելուց հետո Թուրքիայի ներգրավվածությունը կոնֆլիկտին։ Իհարկե այո։ Որքա՞ն է հավանականությունը, որ Իրանը թույլ կտա իր քթի տակ Թուրքիայի նման հզորացումը։ Կարծում եմ՝ Իրանը ստիպված կլինի օգնել Հայաստանին՝ ներքաշվելով կոնֆլիկտի մեջ։ Իսկ ո՞րը կլինի, օրինակ, Ռուսաստանի շահն այս պարագայում։ Տավուշում Ադրբեջանի ու Հայաստանի միջև առաջացած բախումը Ադրբեջանին մղեց Թուրքիայի գիրկը։ Ըստ նրանց՝ այդ բախման և Ադրբեջանի խայտառակ պարտության հարցում Հայաստանի հովանավորը Ռուսաստանն էր։ Ալիևը կոնֆլիկտից հետո բազմիցս բարձրացրել է Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրած հազարավոր տոննաների հասնող սպառազինության մասին։ Ըստ էության, Ռուսաստանի համար Հայաստանի կարևորագույն դերը ադրբեջանա-թուրքական այդ տանդեմին դիմակայելու մեջ է։ Ռուսաստանին ձեռնտու կլիներ հրահրել կոնֆլիկտ ու կամ հայերի ձեռքով կամ նույնիսկ սեփական ռազմական ներկայությամբ թուլացնել ադրբեջանա-թուրքական տանդեմը։ Ռուսաստանը նախկինում էլ փորձում էր Ադրբեջանն իր վերահսկողության տակ առնել՝ զինելով նրան և այդ առումով նրան դնելով ուղիղ կախվածության մեջ։ Թուրքիայի հետ Ադրբեջանի մերձեցումը Ռուսաստանը ոչ միայն Հայաստանի միջոցով կարող էր կանխել, այլ նաև տանդեմից մեկի վրա վերահսկողություն սահմանելով։ Արցախի չհանգուցալուծված կոնֆլիկտը քթի տակ ունենալով և սպառազինության առումով՝ Ռուսաստանից տոտալ կախվածությունը Ադրբեջանին մանևրելու մեծ տեղ չէր տա։ Բայց հուլիսյան դեպքերը, հավանաբար, Ադրբեջանին հերթական անգամ համոզել են, որ ռուսները ամենալավ դաշնակիցները չեն, և ակնհայտ է, որ Ադրբեջանը ընտրեց Թուրքիայի կողմից զինվելը․ «Բայրաքթարներն» ու  թուրքական F-16 ինքնաթիռները դրա վառ վկայությունն են։ Նրանց ռազմական համագործակցությունը կշարունակվի։ Այսպես Ադրբեջանը փորձ է անում դուրս գալ ռուսական վերահսկողությունից։ Պատերազմական գործողություններից մի քանի օր առաջ ՌԴ արտգործնախարար Լավրովը Բաքվում ակնարկում էր «Լավրովյան պլան»-ի իրագործման մասին, որի բաղադրիչ մաս է նաև ԼՂԻՄ շուրջ ազատագրված տարածքների վերադարձն Ադրբեջանին։ Կարգավորման այս տարբերակը նաև ենթադրում է խաղաղապահ զորքի առկայություն և եթե այդ զորքը ռուսական լինի (ինչը ենթադրվում է), ապա Ռուսաստանի ավելի ազդեցիկ ներկայությունը տարածաշրջանում։ Գաղտնիք չէ նաև, որ 94 թվականին նրա առաջին այդպիսի փորձը տապալվել է։ Հայաստանի կողմից Արցախի ճանաչման և/կամ միավորման դեպքում կենացներն ավելի են քաղցրանում։ Եթե այդ ակտից հետո Թուրքիան ներքաշվի կոնֆլիկտի մեջ, ապա Հայաստանին շատ դժվար կլինի տարբեր կողմերից հարձակմանը դիմակայել առանց ռուսական սպառազինությունների կանոնավոր մատակարարումների։ Եվ այստեղ Հայաստանը կհայտնվի Ռուսաստանի լիակատար վերահսկողության տակ։ Թերևս սրա մասին էր նաև ակնարկում Մարգարիտա Սիմոնյանը՝ հայհոյանքների արժանացած իր գրառումներով։ Երկու դեպքում էլ Ռուսաստանը կարող է շահած դուրս գալ և «ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանել»։ Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ Իրանը դժվար կհամակերպվի իր քթի տակ ո՛չ միայն թուրքական, այլ նաև ռուսական ներկայության հետ։ Իսկ ի՞նչ վիճակում է այս հարցում Թուրքիան։ Թուրքիան, զրկվելով սառը պատերազմի ժամանակ իրեն վերապահված ԽՍՀՄ-ի դեմ ՆԱՏՕ-ի առաջամարտիկը լինելու դերից և դրանով պայմանավորված ռազմական ու տնտեսական առումով հզորացման լայն հնարվորություններից, տվայտվում է՝ աշխարհում նոր դեր ստանձնելու հարցով։ Նրան մեկ Սիրիա գործուղեցին, մեկ՝ Լիբիա։ Երկու դեպքում էլ նրան դիմակայեց Ռուսաստանը, և բավականին թուլացրեցին Թուրքիային՝ առերեսելով անխուսափելի  տնտեսական ճգնաժամի հետ։ Նրա դեմ փորձեցին քրդական պետություն ստեղծել, ինչն այնքան էլ չհաջողվեց։ Եկել է հերթը Թուրքիան բզկտելու, թուլացնելու, նրանից կորզումներ պոկելու հարցում վաղեմի թշնամիներ Հունաստանի ու Հայաստանի գործոնները ակտիվացնելու ժամանակը, և դա, կարծես, ստացվում է երկու դեպքում էլ։ Այնուամենայնիվ, չեմ կարծում, թե Թուրքիային Հայաստանի վրա հարձակվելուց զսպող միակ գործոնը ռուսական ներկայությունն է տարածաշրջանում ու, մասնավորապես, Հայաստանում։ Կա նաև զորքերի թիկունքում քրդական գործոնը ունենալու փաստըն ու Իրանի պետական շահերը։ Կգնա՞ արդյոք Թուրքիան այդ քայլին։ Դա ցույց կտա ժամանակը։ Սակայն Արցախի և Հայաստանի միավորման գործընթացը, կարծես, այլ ելք չի թողնի Թուրքիային։ Մյուս պետությունների դեպքում Հայաստանի կողմից Արցախի ճանաչումն ու իրեն միացնելը արցախյան կոնֆլիկտի նոր շրջափուլ մտնելու հզոր ազդակ կդառնա։ Ի վերջո հարցը կլուծվի կամ այս կողմ, կամ այն՝ հետաձգելով տարածաշրջանային մեծ ու անխուսափելի պատերազմի ժամանակը։ Բացի դա, ոչ ոք կարծես դեմ չի լինի չարաճճի և ամեն առիթով Եվրոպային ու աշխարհին սպառնացող Թուրքիայի թուլացմանը։ Իսկ ի՞նչ կփոխվի, եթե Հայաստանը չգնա տարածաշրջանային նման կոնֆլիկտ հրահրելու ճանապարհով և հետևողականորեն չճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը և/կամ չփորձի իրեն միացնել ԱՀ-ն։ Կարծում եմ՝ գործնականում ոչինչ էլ չի փոխվի։ Ճիշտ է, Հայաստանի և Արցախի միացումը ֆորմալ լավ առիթ է Հայաստանին ագրեսոր ճանաչելու և նրա տարածքում էլ պատերազմ վարելու համար, բայց այդ առիթը հանգիստ կարելի է ստեղծել նաև Նախիջևանի ուղղությամբ որևէ սադրանք իրականացնելու միջոցով։ Հայաստանին կարող են մղել միավորման, երբ հայտնի դարձվածքի նման կլինի՝ «եթե մեռնել կա, ապա էլ ի՞նչ խռխռացնել»։ Եթե միջազգային հանրությունը պատրաստ է և մեծ հետաքրքրություն ունի մեր փոքր տարածաշրջանը պատերազմի թատերաբեմ դարձնել, ապա դրա դիմաց դժվար է որևէ բան ձեռնարկել։ Այլընտրանք կարող էր լինել, որ կոնֆլիկտի կողմերը շահագրգռված չլինեին պատերազմով և հարաբերությունները կարգավորելու համար նստեին բանակցությունների սեղանի շուրջ։ Բայց Ադրբեջանը, առավել ևս Թուրքիան, կարծես ոչ մի կերպ պատրաստ չեն դրան։ Ալիևի համար դա կարող է իր վերջի սկիզբը դառնալ, իսկ Թուրքիայի համար դա ուղղակի պատերազմի թատերաբեմի ընտրության հարց է։ Եթե թատերաբեմը Հայաստանը չլինի, կլինի Հունաստանը կամ մի այլ երկիր։ Այս առումով Հայաստանը նրա համար իդեալական տարբերակ է։ Եվ, այնուամենայնիվ, ճանաչե՞լ Արցախի Հանրապետությունը որպես անկախ պետություն և/կամ փորձ անել Հայաստանի հետ միավորվելու։ Այս որոշումը բարդ է, սակայն պետք չէ վախենալ որոշում կայացնելուց։ Ըստ էության, դա ինքնորոշման հերթական ակտ է լինելու, որի հետևանքները պետք է մանրամասն հաշվարկված լինեն։ Հայաստանն ընդամենը կմտնի մի անխուսափելի գործընթացի մեջ, որը թերևս մեկ դարով խաղաղություն կբերի տարածաշրջանին։ Սակայն այս կռվում մեզ հաղթել է պետք։ Թեև ՀՀ և ԱՀ միավորման որոշումն ընկած է Հայաստանի Հանրապետության ստեղծման հիմքում, այդ որոշման վրա է հենված, այսպես կոչված, Հայաստանի երրորդ հանրապետությունը, այդպիսի որոշումը պետք է լինի էմոցիաներից զուրկ կոնկրետ հաշվարկի արդյունք։ Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը (առանց միավորման) կարող է լայն հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար։ Նախ, դա կզրկի Հայաստանին ագրեսոր ճանաչելու և, դրանով հիմնավորված, արդեն ֆորմալ առումով երկու ճակատով պատերազմ սկսելու հենց Հայաստանի հետ։ Հետո, միջազգային հանրությունը փաստի առաջ կկանգնի՝ առերեսվելով նոր իրողության հետ և պետք է ստիպված լինի ընտրություն կատարել կողմերի միջև։ Ի վերջո, պարզություն կմտնի հարցի մեջ և չեն լինի տասնամյակներ շարունակվող լղոզումները։ Հայաստանը պետք է հաշվարկի, թե այդ հարցում ով կլինեն իր դաշնակիցները և որքան են նրանք վստահելի ու հուսալի։ Մի կողմից ակնհայտ է, որ գերտերություններն իրենց խնդիրները լուծելով և Թուրքիայից իրենց ուզածը կորզելով՝ կանգնեցնելու են պատերազմը և նրանց առանձապես կարող են չհուզել Հայաստանի այդ պահին հնարավոր տարածքային և այլ կորուստները կամ ձեռբերումները։ Բայց, մյուս կողմից, եթե Թուքիան միևնույն է՝ բզկտվելու է, ապա Հայաստանը կարող է դրա շահառու լինել, վերադարձնել պատմական տարածքներն ու վերականգնել պատմական արդարությունը։ Հայաստանը, ըստ այս վարկածի, լուրջ ընտրության առաջ է կանգնած և առաջիկա որոշումներից է կախված լինելու մեր առաջիկա տարիների կյանքը։ Պետք է արձանագրել, որ ընթացող պրոցեսներն աշխարհը և նրա քաղաքական քարտեզը վերաձևելու մասն են կազմում, և սա պատահաբար ծագած կոնֆլիկտ չէ։ Սուրեն Սահակյան
16:32 - 29 սեպտեմբերի, 2020
ՀՀ կառավարությունը վտանգում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքերը․ Սուրեն Սահակյան

ՀՀ կառավարությունը վտանգում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքերը․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լիդիանի պահնորդական նոր ծառայության աշխատակիցները գիշերը ծեծի են ենթարկել Ամուլսարի պահապաններից նրան կամ նրանց, որոնք գտնվել են Լիդիանի տարածքից դուրս, ճանապարհի մյուս եզրին։ Ըստ լուրերի, ծեծի մի փոքր բաժին էլ հասել ա ծառայություն իրականացնող ոստիկաններին։ Ոստիկանները նկարահանել են այդ ամենը։ Սա իրողությունն ա, որ մենք ստացել ենք Ամուլսարի պահապան Շիրակ Բունիաթյանի ՖԲ-յան էջից։ Հիմա՝ թե ինչ ա նախորդել սրան։ Լիդիանի սնանկության վերաբերյալ դատական գործ ա քննվել Կանադայում, որի արդյունքներով տերերը, որոնք պետք ա իբր Ամուլսարը հանք դարձնեին, փոխվել են։ Սրանք էլ նոր, սադրիչ մարտավարություն են որդեգրել սկսած ամառվա կեսերից։ Սադրանքների էդ շղթայի հերթական օղակը օգոստոսի 4-ին վագոն տնակները ընդհուպ մինչև ճանապարհը մոտեցնելն էր։ Հանրությունը դրա կապակցությամբ բարձրացրեց իր ձայնը և վագոն տնակները, համաձայն օրենքի, հետ տարվեցին իրենց ելման դրություն։ Էդ ընթացքում կառավարությունն անընդհատ զգաշացվել ա, որ պահնորդական ծառայության նման գործոլաոճը, ի վերջո, արյունահեղության ա հանգեցնելու։ Էդ զգուշացումները լուրջ չէին ընդունվում։ Կառավարությունը լուռ էր։ Հիմա արդեն հղվել ա արյունը։ Չգիտեմ՝ ինչքանով ա գիտակցվում, որ լռություն պահպանելու դեպքում դա վերջին արյունը չի լինելու։ Հուսով եմ, որ Ամուլսարի պահապանների հայտարարությունը, թե իրենք մինչև մահ պատրաստ են կանգնել իրենց համատեղ որոշման համար (այն է՝ Ամուլսարը հանք չի դառնալու), լուրջ ա ընդունվել։ Սրա կապակցությամբ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանը նույն Շիրակ Բունիաթյանի նման պնդմանն ի պատասխան արձագանքել էր, թե «լավ, էլի, Շիրակ ջան, ուրեմն ես էլ կյանքի գնով կպաշտպանեմ ձեր կյանքը» կամ իմաստով նույնը այլ ինչ-որ բան։ Էսօր Հայասատանի Հանրապետության շատ որոշակի քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ ա սպառնում։ Ամուլսարի, որպես հանքավայր, շահագործման մասին ջերմուկցիների կարծիքը չհարցնելը խախտել ա նրանց սահմանադրական իրավունքները։ Իրավունքների այդ խախտումը չարձանագրելով ու այն չվերացնելով, ՀՀ կառավարությունը վտանգում ա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքերը։ Ինչ վերաբերում ա Լիդիանի գործունեությանը, ապա դա այլ կերպ, քան պետության ու քաղաքացիների նկատմամբ իրականացվող շանտաժ, դժվար է նկարագրել։ Ըստ էության, նրանք ասում են, թե եթե հանքավայրի շահագործումը չսկսի, այստեղ մարդիկ են զոհվելու։ Ըստ իս, նման կազմակերպությունը տեղ չունի Հայաստանում՝ նույնիսկ անկախ բնապահպանական ռիսկերից, մարդու բնական իրավունքների պաշտպանության, սոցիալական, տնտեսական, քաղաքական կամ այլ հարցերից, որոնք շոշափում ա էս խնդիրը»։
13:13 - 07 սեպտեմբերի, 2020
Միջազգային անվտանգություն արտահանող Հայաստան․ ի՞նչ անել Ադրբեջանի եւ ՀԱՊԿ-ի հետ

Միջազգային անվտանգություն արտահանող Հայաստան․ ի՞նչ անել Ադրբեջանի եւ ՀԱՊԿ-ի հետ

Բեւեռացված հանրության մեջ, որտեղ խոսքի արժեքը ձգտում է զրոյի, բավականին բարդ է միանշանակ ընկալվող թեմայի վերաբերյալ միտք արտահայտել։ Թերեւս հենց դա է պատճառը, որ երկրի համար կրիտիկական պահերին ֆորմալ քաղաքական դաշտում, ըստ էության, համատարած լռություն է։ Հայ-ադրբեջանական հակամարտության պարագայում ընդունված է սեփական բառերով տիրաժավորել պաշտոնական դիրքորոշումը, իրերին նայել բացառապես պաշտոնական տեղեկության նեղ պատուհանից։ Հակառակը կարող է դավաճանություն որակվել։ Սակայն բանակն ունի իր խնդիրները, հայտարարություններով նա այլ խնդիրներ է լուծում, եւ միշտ չէ, որ դրանցով կարելի է ամբողջ ճշմարտությունը հասու դարձնել քաղաքացիներին։ Օրինակ, դժվար թե Պաշտպանության նախարարությունը մի օր հայտարարի, թե որոշել է առանց հակառակորդի սադրանքի սպասելու՝ բարելավել մարտական դիրքերը՝ գրավել նրա՝ ռազմավարական առումով ավելի լավ դիրք ունեցող հենակետը։ Սակայն պետք է հասկանալ, որ այդպիսի գործողություններ իրականում լինում են։ Տեղի ունեցողի մասին լռելը անկեղծության դեֆիցիտ է առաջացնում։ Իրականությունը պատվում է առասպելական պատմություններով, եւ հետագայում շատ դժվար է դառնում իրականն ու կեղծն իրարից տարբերելը, երեւույթները ռացիոնալ գնահատելը։ Մինչդեռ, անկախ պետություն հռչակելու առաջին մոտիվացիաներից մեկը հենց ամենատարրական ֆիզիկական անվտանգության ապահովումն է։ Այս առումով՝ վատ չէր լինի եւ նույնիսկ ճիշտ կլիներ, որ քաղաքացին իր անվտանգության ապահովման մասին իմանար ամեն ինչ, իսկ իրեն քաղաքական համարող յուրաքանչյուրը պատրաստ լիներ դրա վերաբերյալ կարծիք հայտնել՝ առանց թիրախավորումից վախենալու։ Ըստ այդմ, որպես հանրային գործիչ փորձեմ ի՛մ տեսակետները ներկայացնել օրերս տեղի ունեցած մի շարք իրադարձությունների վերաբերյալ։   Հայաստանի հյուսիս-արեւելքում վերջին օրերի լարվածության մասին Նախ, պետք է շեշտել, որ վերլուծության հիմքում ընկած է բացառապես պաշտոնական տեղեկությունը, որին բոլորն են տիրապետում։ Սկսենք նրանից, որ բավականին տարօրինակ պատկեր է գծագրվել ի սկզբանե։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ ամեն ինչ սկսել է նրանից, որ հայկական դիրքերին հակառակորդի մարդատար մեքենա է մոտեցել։ Հակառակորդի մոտեցող մեքենան ոչնչացնելու փոխարեն՝ մեր դիրքապահները քաղաքակիրթ զգուշացրել են, որ նրանք մի փոքր սխալվել են եւ պատրաստվում են հատել Հայաստանի սահմանը։ Հակառակորդն էլ, ըստ գծագրվող պատկերի, դա ի գիտություն է ընդունել, մեքենան թողել եւ շատ հանգիստ հեռացել է իր դիրքեր։ Այս միջադեպից 1։15 ժամ անց սկսվել է տարբեր տրամաչափի զինատեսակներից այդ դիրքի հրետակոծությունը։ Սրանից էլ սկսել է իրավիճակի հետագա սրացումը։ Համաձայնեք, որ այս պատմության մեջ որոշ դրվագներ անհասկանալի են մնում եւ հարցեր են առաջանում։ Օրինակ, եթե հակառակորդի նպատակը դիվերսիան էր, ապա ինչո՞ւ էին այնքան անշտապ մոտենում դիրքերին եւ ինչո՞ւ հանգիստ հեռացան՝ առանց պլանավորածն իրականացնելու։ Եթե նպատակը հանձնվելն էր, ապա ինչո՞ւ դա տեղի չունեցավ, փոխարենը՝ հանգիստ հետ գնացին։ Եթե զինվորները մոլորվել էին, ապա ինչո՞ւ սկսեցին կրակել մեր ուղղությամբ, առավել եւս մեր քաղաքակիրթ վերաբերմունքից հետո, երբ ոչնչացնելու փոխարեն՝ դիրքապահները թողել են հանգիստ հեռանալ։ Այս հարցերի պատասխանները կարելի է գտնել, եթե մոռանանք պաշտոնական վարկածն ու այլ իրավիճակ պատկերացնենք։ Հայկական զինված ուժերը կա՛մ զբաղեցրել են հակառակորդի դատարկ մնացած հենակետը, կա՛մ էլ այնպիսի փայլուն օպերացիա են իրականացրել, որ հակառակորդը միայն հաջորդ օրը, լրիվ պատահական է իմացել դրա կորստի մասին։ Դա բացատրում է նաեւ, թե ինչու էր թշնամին անշտապ մոտենում դիրքերին, քանի որ կարծում էր, թե ի՛ր հենակետ է գալիս։ Դրանով է բացատրվում նաեւ հետագա գործողությունը՝ դիրքի ռմբակոծությունը։ Սրա վերաբերյալ կարելի է մի քանի դիտարկում անել։ Նախ, ռազմավարական նշանակության տեսակետից, ըստ լուրերի, զբաղեցրած դիրքերը մեծ նշանակություն ունեն, եւ բովանդակային առումով ողջունելի է բանակի այդպիսի նախաձեռնողականությունը։ Ճիշտ է՝ դիրքերի բարելավման գործընթաց միշտ է եղել, բայց կարեւոր է արձանագրել դրա շարունակականությունը։ Պլանի իրականացման ձեւի առումով՝ բանակի գործողությունները նույնպես հրաշալի են։ Մի կողմից՝ հատկանշական է, որ գործողություններն այնպես են կատարվել, որ հակառակորդը միայն հաջորդ առավոտյան է նկատել տեղի ունեցածը, մյուս կողմից՝ հակառակորդի հետագա գործողությունները կանխատեսելը եւ ըստ այդմ զորքն այնպես տեղաբաշխելը, որ դրանցից մեր կորուստները նվազագույնի հասցվեն։ Ըստ ամենայնի՝ հակառակորդը չի կարողանում մարսել այդ դիրքի/երի կորուստը եւ մարտի դաշտ է նետում իր վերջին փաստարկներից մեկը՝ բանակի հետախուզական էլիտար ստորաբաժանումները, ինչը կրկին ոչ մի արդյունքի չի հանգեցնում՝ բացի հակառակորդի մարդուժի մեծաքանակ կորուստները։ Բացի դա՝ գովելի է մոլորյալ հակառակորդների նկատմամբ մեր զինվորների վերաբերմունքը։ Եթե հակառակորդը իռացիոնալ էմոցիաները զսպել կարողանար, կարելի էր ընդհանրապես խուսափել երկկողմանի զոհերից։ Եվ վերջում, Հայաստանը վաղուց է հայտարարել, որ գործելու է պատժիչ գործողությունների սկզբունքով։ Սակայն մի բան է հայտարարելը, լրիվ այլ բան՝ դա իրականություն դարձնելը։ Վերջին շրջանում մի քանի դրվագներ հուշում են, որ հայկական կողմն, ի վերջո, ձեռնմուխ է եղել այդպիսի քաղաքականության իրագործմանը։ Սա երկարաժամկետ հեռանկարում իրենց վրա թանկ նստելու բերումով նվազեցնելու է հակառակորդի սադրանքների կազմակերպման մշտական պրակտիկան։   Միջազգային հանրության եւ ՀԱՊԿ-ի արձագանքի մասին Այստեղ տեղին է մեջբերել «Քաղաքացու որոշում» կուսակցության միասնական դիրքորոշումն առ այն, որ ՀԱՊԿ-ը, որքան էլ որ դրա մասին խոսվում է կանոնադրության մեջ, իրականացնում է լիովին այլ գործառույթներ։ Իր իրական գործառույթներն իրականացնելու համար այն, ըստ ամենայնի, անօգուտ է գտնվել։ Մասնավորապես, ՀԱՊԿ-ն անդամ-երկրների միջեւ ռազմաքաղաքական որոշակի հարաբերությունների իրականացման յուրատեսակ մեխանիզմ է դարձել։ Օրինակ, ՀԱՊԿ-ի միջոցով է, որ Հայաստանը կարող է զենք գնել Ռուսաստանի Դաշնության ներքին, այլ ոչ թե միջազգային գներով։  Ըստ էության, այս եւ եւս մի հանգամանք, որ ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը դադարելու դեպքում այնտեղ կարող է հայտնվել Ադրբեջանը, ստիպում են մեզ դեռեւս անդամակցել այդ անհույս կառույցին։ Ռուսաստանի Դաշնությունն, իհարկե, զենքի միակ մատակարարը չէ, եւ ցանկացած ժամանակ կարելի է այլընտրանք գտնել։ Դրա փոխարեն՝ Ադրբեջանի անդամակցությունն այդ կառույցին եւ վտանգը, որ այդ դեպքում կանոնադրությունը, խիստ պատահաբար, կարող է գործել, իրական վտանգ է։ Երբ մենք հարցին այս դիտանկյունից նայենք, թերեւս, կդադարենք ՀԱՊԿ-ից մարդուժով արագ արձագանքում պահանջել։ Այլընտրաքներ գտնելը մեզ հնարավորություն կտա հրաժարվել այս կառույցի անդամակցությունից։ Որպես այլընտրանք՝ կարող է դիտվել ինտեգրացիոն գործընթացներից հրաժարվելն ու տարբեր երկրների հետ առանձին համաձայնությունների գալը, այն, ինչ այժմ անում է Ադրբեջանը։ Եվ ոչ մի դեպքում այլընտրանք չի կարող լինել այլ, նույնպիսի կախման մեջ դնող ուրիշ վերպետական կառույցներին անդամակցությունը, որը պաշտպանունակությունն ավելացնում է ինքնուրույնության որոշակի մաս զիջելու գնով։ Միջազգային հանրության արձագանքը մեզ հուշում է կուսակցության այլ դիրքորոշման արդիական լինելու մասին։ Ի տարբերություն տասնամյակներ շեփորահարած այն տեսակետի, թե Հայաստանի աշխարհագրական դիրքը մեզ կաշկանդում է եւ զարգացման խոչընդոտ հանդիսանում, մենք գտնում ենք, որ տարատեսակ շահերի խաչմերուկ դարձած մեր տարածաշրջանը, շահերի մեջ մանեւրելով, զարգացման մեծ հեռանկարներ է ապահովում։ Պատահական չէ, որ երկու օր կրակոցներից հետո հակամարտության սրացմանն արձագանքել են համարյա բոլոր տարածաշրջանային եւ ուժային այլ կենտրոններ՝ Իրանը, Թուրքիան, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ-ն, խորհրդարաններ ու դրանց տարբեր ներկայացուցիչներ։ Եվ այս օրերին տարածաշրջանային ու միջազգային անվտանգության արտահանողի՝ Հայաստանի դերն ավելի է ընդգծվում՝ արդիականացնելով մարտահրավերներին համահունչ դիվանագիտական կորպուս ունենալու հրամայականը։ Այդպիսի դիվանագիտական կորպուսը նաեւ այս օրերի սրացումը կօգտագործեր՝ վերահսկողության լրացուցիչ մեխանիզմներ ներդնելու մասին Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունները իրականություն դարձնելու համար։   Ռազմական սրացումներին մեր հանրային արձագանքը Անկեղծ ասած՝ դժվար է ներկայացնել մեր հանրային արձագանքը՝ նշելով այդտեղ տեղ գտած համակարգային խնդիրները։ Դրանք դեռեւս ձեւակերպված չեն, եւ բացի կրթական-մշակութային խնդիրները՝ ոչ մասնագետի համար դժվար է այլ խնդիրներ արձանագրել եւ համակարգային լուծումներ առաջարկել։ Դրա մասին կարելի է խոսել դրվագներով։ Սա կարեւոր է, քանի որ խնդիրների լուծումը սկսում է դրանց ախտորոշումից ու ճիշտ նկարագրությունից։ Այդ արձագանքը հաճախ շատ իռացիոնալ է։ Ռազմական սրացումների ժամանակ սոցցանցերի հայկական տիրույթում ատելության չափաբաժինը չափազանց մեծ է։ Եթե նկատել եք՝ ժամանակային այդ հատվածներում բոլորը միմյանց ատում են՝ ծառայածները՝ չծառայածներին, չծառայածները՝ ծառայածներին, արտահայտվողները՝ չարտահայտվողներին, չարտահայտվողները՝ մյուսներին, ոչ պաշտոնյաները՝ պաշտոնյաներին, եւ այսպես շարունակ։ Մարդկանց սկսում է թվալ, թե բացի իրենցից ու իրենց նեղ շրջապատից՝ մնացածը մոլորության մեջ են, բավարար մտահոգված չեն երկրի անվտանգությամբ։ Դա հիմք է դառնում բոլորին կարգի հրավիրելու իրենց ցուցումների համար։ Իմ ընկերների շրջանում էլ մարդիկ կան, որոնք ակտիվանում են ռազմական սրացումից սրացում։ Ակտիվանում են, սկսում բոլորին ամոթանք տալ, տարբեր ցուցումներ տալ բոլորին ու լարվածության անկումից հետո էլի կորում տեսադաշտից։ Այսպիսի իրավիճակներում է, որ ակնհայտ է դառնում հանրային համերաշխության իսպառ բացակայությունը։ Նկատե՞լ եք, որ նախկին քաղաքական համակարգի ներկայացուցիչները՝ պայմանական «հները», չեն ուզում նույնիսկ ընկալել, որ մեր բանակի հաջողությունները կարող են կապ ունենալ պայմանական «նորերի» հետ, քանի որ իրենց նեղ խմբակից՝ «թայֆայից» դուրս բոլորը մոլորյալ են եւ անկարող՝ երկրի անվտանգության վերաբերյալ նույն մտահոգությունն ու սրտացավությունն ունենալ։ Քոչարյանի կողմնակիցները բանակի հաջողությունները Քոչարյանի հետ են կապում, նախկին ՀՀԿ-ականները՝ 2016-ից հետո բանակի հագեցվածությունն ապահովելու մասին իրենց որոշումների, «Իմ քայլ»-ականները՝ բացառապես Նիկոլ Փաշինյանի եւ մի քանի այլ պաշտոնյաների անձերի հետ։ Բոլոր հայտնի ու անհայտ խմբակներին թվում է, թե մյուսները որեւէ բանի հասնելու անկարող են, իսկ իրենք՝ միակ ճշմարտության կրողը։ Միակ անձեռնմխելի շերտը դառնում են զինվորականներն ու սահմանամերձ գոտում ապրողները, սակայն սա էլ՝ ժամանակավոր՝ մինչեւ սրացումների ավարտը, երբ այդ սերը դառնում է ոչ պարտադիր, ըստ ցանկության։ Այստեղ տպավորություն է ստեղծվում, որ հանրային համերաշխության բացակայության պայմաններում միասնական, միմյանց հետ որեւէ ընդհանուր բան ունենալու համար նահատակներ են պետք, որպեսզի միասնաբար սգանք նրանց մահը։ Քանի դեռ համերաշխություն, հանրային որեւէ պայմանավորվածություն չկա, հերոսների մահը սգալն է համերաշխության այն կետը, որը բոլորիս կապում է իրար։ Նկատած կլինեք, որ ինչ-որ մակարդակում կենցաղային կռիվներից սկսած մինչեւ քաղաքական ամենաբարդ հակադրությունները կարող են հարթվել մի մտքով՝ «եկեք համերաշխ լինենք, քանի որ պատերազմի դեպքում բոլորս գնալու ենք ճակատ ու կողք-կողքի զոհվենք»։ Մահն, այսպիսով, մեր հանրության միավորող գործոնն է դառնում եւ, որպեսզի միասնությունը հաստատ լինի, տպավորություն կա, որ մեզ պարբերաբար նոր զոհեր են պետք, ցանկալի է՝ երիտասարդ, սրբադասման ենթակա, սակրալ զոհեր։ Սա, իհարկե, դաժան արձանագրում է։ Սոցցանցերում հաճախ իռացիոնալ է նաեւ շփման գծում իրավիճակի գնահատականը։ Ես իմ փորձից կարող եմ խոսել։ Մի քանի տարի ապրել եմ Իջեւանում այն տարիներին, երբ քաղաքը պարբերաբար գնդակոծվում էր։ Բացի դա՝ արմատներով Նոյեմբերյանի շրջանից լինելով՝ մենք պարբերաբար ընտանիքով այցելում էինք գյուղ ու հաճախ՝ թշնամու՝ մեր մեքենային ուղեկցող կրակոցների տակ։ Ինձ համար ու, թերեւս, մեր սերնդից շատերի համար, սովորական են սահմանային կրակոցների ու գնդակոծությունների մասին լուրերը։ Սահմանամերձ գյուղերում էլ գիտեն դրանց վտանգների իրական չափը։ Երեւի նկատել եք, որ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում նրանք ծայրահեղ հանգստություն են դրսեւորում։ Իսկ հուզումներ են առաջացնում եւ խուճապի տպավորություն ստեղծում նրանք, որոնք դրա մասին միայն ապոկալիպտիկ ֆիլմեր են դիտել, իսկ իրականում նման դեպքերից միշտ հեռու են գտնվել։ Այս մարդկանց մոտ չափազանցված են սահմանային կրակոցների եւ գնդակոծությունների վերաբերյալ պատկերացումները։ Այդպիսի խեղաթյուրված պատկերացումների հիմքով էլ սկսում են «ազգի դավաճանների» հավատաքննական պրոցեսները՝ պատրաստ են խաչել բոլորին, որոնք մշտապես չեն աղոթում, համարձակվում են բացի սահմանային իրավիճակից այլ բանի մասին խոսել՝ «թշնամու ջրաղացին ջուր լցնելով» եւ այլ նման երեւույթներ։ Իհարկե, չեմ պնդում, որ նորմալ է, երբ պատերազմը մեզ համար սովորական երեւույթ է եւ պետք է մնա այդպիսին։ Սակայն մյուս կողմից էլ, եթե մարդ ուզում է հեղինակային ու հեղինակավոր կարծիք հայտնել, գուցե կարիք կա ավելի լավ ծանոթանալ խնդրո առարկայի հետ։ Հաջորդ իռացիոնալ արձագանքը, որի մասին արժե խոսել, մեր հանրության հրճվանքն է հակառակորդի զինվորների մահով։ Որքան բարձր լինի հակառակորդի զոհված զինվորի կոչումը, այդքան հրճվանքը մեծ է լինում։ Այս դեպքում պետք է հաշվի առնել, որ ժամանակակից զինատեսակների համար անխոցելի թիրախ գրեթե չկա։ Ոչ մի խնդիր չկա ժամանակի շատ փոքր կտրվածքում հակառակորդի մեծաքանակ մարդուժ ոչնչացնել, մանավանդ մեր ու հակառակորդի առաջնագծի պայմաններում։ Միաժամանակ պետք է գիտակցել, որ նույն հնարավորություններն ունի նաեւ հակառակորդը։ Ես դժվարանում եմ հավատալ, որ մարդիկ գիտակցում են, որ թշնամու զոհերի մասին լուրերին հաջորդելու են մեր անդառնալի կորուստների մասին լուրերը եւ, այնուամենայնիվ, ուրախանում են այդ փաստով։ Պատերազմում «մեղր չեն բաժանում», եւ զոհերը միշտ երկկողանի են լինում։ Դժվար թե միջին վիճակագրական մարդն ուրախանա միայն այն փաստով, որ մեր կուրուստներն ավելի քիչ են, քան հակառակորդինը։ Ըստ իս՝ մեր ամեն զինվորի կյանքն անգին է եւ դա վիճակագրության հարց դարձնելը հակամարդկային է եւ բարոյականության հետ խնդիրներ է հարուցում։ Վերջում, պետք է հասկանալ, որ մենք դեռ միմյանց չենք ոչնչացրել միայն մի պատճառով՝ դրա հնարավորությունը ոչ մի կողմը չունի։ Ընդհանրապես, ժամանակակից աշխարհում դժվար է ոչնչացման այդպիսի պրոցես պատկերացնել։ Եւ հենց դա է պատճառը, որ թե՛ հակամարտող, թե՛ միջնորդ բոլոր կողմերը շեշտում են, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի։ Միաժամանակ, մեզ մոտ կան Բաքվում թեյելու, նրանց մոտ՝ ոտքերը Սեւանում թրջելու բավականին ամբիցիոզ պլաններ։ Մենք որպես ոչնչացնելու սցենար ենք նշում Մինգեչաուրի ջրամբարին հարվածելը, նրանք՝ Մեծամորի ատոմակայանին։ Երկու դեպքում էլ՝ քաղաքացիական զոհերի առումով, նման միջոցառումները կարող են մարդկության դեմ գործած հանցագործություններ դիտվել։ Դեռ մի կողմ, որ այդպիսի օբյեկտները հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանված են, խնդիրն այն է, որ այս խոսակցությունները պատասխանատվության զգացման իսպառ բացակայության մասին են խոսում թե՛ մեր, թե՛ նրանց պարագայում։ Թերեւս այստեղ էլ արժե խնդրի մեջ բավական խորամուխ լինել՝ մինչեւ հեղինակային ու հեղինակավոր կարծիք հայտնելը։ Այս բացասական արձանագրումներն անելուն զուգընթաց՝ արժե նշել, որ մեր հայրենիքը պաշտպանված է գոնե այնքանով, որ երկրում ապրող համարյա բոլորը ժամերի ու օրերի ընթացքում պատրաստ են զինվորագրվել ու սեփական կյանքով պաշտպանել հայրենիքը, ինչը հարատեւության համոզմունք է տալիս․ ոչ մի թշնամի չի կարող այդպիսի դիմադրությունը կոտրել, որքան էլ որ նա մեծ, զինված ու հարուստ լինի։   Ադրբեջանի արձագանքի մասին Ադրբեջանը պատերազմի 2016-ի ապրիլյան սրացմամբ բավականին բարդ վիճակի մեջ դրեց ինքն իրեն։ Նախ, դա Հայաստանում կառավարիչներին դրդեց մշտադիտարկման ժամանակակից մեթոդներ ներդնել շփման գծի ողջ երկայնքով, ինչն ի դերեւ հանեց Ադրբեջանի կողմից տարիներով հաջողությամբ իրականացվող «ռազմական դիվանագիտության» շարունակական կիրառումը․ դիվերսիաների հարցն այլեւս կարելի է լուծված համարել։ Միաժամանակ, Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներ շարունակ ոչ միայն Արցախը, այլ նաեւ Հայաստանը գրավելու անիմաստ խոստումներով է կերակրել հանրությանը՝ երկրորդ, երրորդ պլան մղելով երկրի թալանը, հետխորհրդային ու, մասնավորապես, դրա մուսուլմանական երկրներին բնորոշ ավտորիտար կառավարումը, անարդարությունը, ժողովրդավարության բացակայությունը։ Այդ խոստումները զուգակցվել են ամեն հայկականի նկատմամբ ատելություն սերմանելով։ Բնական է, որ ծնված օրվանից այդ խոստումներով մեծացած սերունդը այսօր համապատասխան պահանջներ է դնում կառավարիչների առաջ։ Այս խոստումները սնում են ռազմահայրենասիրական խեղաթյուրած ոգով դաստիարակված հանրությունը, որի պահանջների բարձրացմանը զուգընթաց՝ խոստումներն է՛լ ավելի մասշտաբային են դառնում։ Իրականության հետ բախման արդյունքում, ինչ-որ պահի խզում է տեղի ունենալու կառավարություն-հանրություն այսպիսի անառողջ հարաբերություններում։ Եվ այդպիսի խզման դետոնատոր հանդիսացան վերջին օրերի սրացումները։ Ոչ միայն մի գյուղ, քաղաք, ամբողջ Արցախն ու Հայաստանը գրավել չստացվեց, այլ նույնիսկ մի դիրք գրավելու համար զոհվեցին գեներալ, գնդապետ եւ բարձրաստիճան այլ սպաներ, մինչդեռ դիրքը մնաց հայերի տիրապետության տակ։ Մարդկանց համար ակնհայտ դարձավ, որ այդ խոստումների իրականացման համար նվազագույնը իրենց կյանքը բավարար չէ, եւ դուրս եկան փողոց։ Պատերազմի կոչերը վերածվեցին կառավարության դեմ բողոքի եւ ոստիկանության հետ ընդհարումների։ Հայաստանի դեպքում այդ մասշտաբի բողոքի ալիքը գուցե սրբեր, տաներ կառավարիչներին, բայց պետք է հաշվի առնել մուսուլմանական երկրներում իշխանության նկատմամբ վերաբերմունքը։ Այստեղ նրանք դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու՝ մինչեւ ժողովրդավարական հանրություն ձեւավորելու անհրաժեշտ գիտակցություն ձեռք բերելը։ Հատկանշական է, որ ցուցարարները ոստիկաններին փորձում էին վիրավորել՝ նրանց «հայեր» կոչելով։ Ասում էին՝ «հատուկ նշանակության ջոկատները հայերի դեմ կիրառեք»։ Այստեղ բախվում ենք երեւույթի, երբ Ադրբեջանի կառավարության սրած բիզը շրջվում եւ հենց իրեն է ծակում։ Տարիներ շարունակ, ինչպես մեզ մոտ, այնպես էլ այնտեղ, ռազմական հակամարտությունը կիրառվել է՝ լռեցնելու ընդդիմադիր ցանկացած դրսեւորում։ Այժմ նույն թեզերը շրջվում են՝ հարվածելու կառավարիչներին, որոնցից պատերազմ ու խոստումների իրականացում են պահանջում։ Ադրբեջանի կառավարությունը, թերեւս, ինքն իրեն գերազանցել է՝ հանրային հարաբերությունները խեղաթյուրելու հարցում։ Այժմ, կառավարման լծակները դեռեւս պահպանելու համար նրան մնում է պակասեցնել հանրության պատերազմի տենչը, բավականին մեղմացնել ռազմատենչ հռետորաբանությունը, որպեսզի այդ նույն հռետորաբանությունը իր ոչնչացման առիթ չդառնա։ Որպես ամփոփում՝ կարելի է նշել, որ մեզ պատուհասած այսօրվա պրոբլեմները հեշտ լուծելի են, եթե մենք ունենանք ընդհանուր որոշակի պայմանավորվածությունների արդյունքում ձեւավորված պետություն, բարձր գիտակցմամբ դրանց (պայմանավորվածությունների) շուրջ համերաշխ հանրություն։ Այս դեպքում պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը եւս մեզ զերծ կպահի բոլոր հարցերին միջամտելու՝ այսօրվա մեր անհագուրդ ցանկությունից։ Ինքնորոշման ակտը, որ կարծես պետք է տեղի ունենար հեղափոխական գործընթացներից հետո, կարող է ինքնին լուծել այս կամ այն վերպետական կառույցների վրա հույս դնելու պրակտիկայի հարցը։ Այս դեպքում տարբեր պետություններ կուզենան ինքնորոշված սուբյեկտի հետ նոր որակի հարաբերություններ ստեղծել՝ փոխօգնությամբ միմյանց շահերը սպասարկելու անկեղծ մղմամբ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ստեղծվել է իրավիճակ, երբ այդ պետության վաղվա օրը, նրա ճակատագիրն այսօր մեր ձեռքերում է։ Կարելի է մի փոքր էլ ճնշել ու ստանալ նոր Ադրբեջան։ Պետք է ուղղակի հասկանալ՝ ինչպիսի հարեւան է մեզ պետք։ Եթե շեշտը դնենք համամարդկային արժեքների վրա, ապա բռնապետական Ադրբեջանն անընդունելի է։ Միաժամանակ, ժողովրդավար Ադրբեջանը նշանակում է ուժեղ Ադրբեջան։ Մինչդեռ, այսօրվա ռազմական հռետորաբանությամբ կերակրված ժողովուրդը ավելի անվտանգ է, երբ թույլ է։ Ադրբեջանում հաստատված քաղաքական համակարգը նրան թույլ չի տա ավելի զարգանալ, քան այժմ է։ Հետեւաբար, գուցե Հայաստանին այս պահին ձեռնտո՞ւ է հենց այդպիսի հակառակորդ։ Այս հարցերի շուրջ է, որ արժե խորհել։ Սուրեն Սահակյան
21:34 - 16 հուլիսի, 2020
Կառավարող ուժը կարող է տուժել թե հանրաքվեն հետաձգելու, թե անցկացնելու դեպքերում |lragir.am|

Կառավարող ուժը կարող է տուժել թե հանրաքվեն հետաձգելու, թե անցկացնելու դեպքերում |lragir.am|

lragir.am: Հարցազրույց Քաղաքացու որոշում ՍԴ կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանի հետ։ Պարոն Սահակյան, որքանո՞վ է ՀՀ կառավարությունը պատրաստ հակազդելու կորոնավիրուսի տնտեսական ազդեցությանը։ Հույս ունեմ, որ պետական ապարատն այնպես կաշխատի, որ մեզ մոտ բանը համաճարակի չի հասնի։ Տնտեսական առումով, վարչապետը մի քանի անգամ նշել է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ ճգնաժամից օգուտ քաղած դուրս գանք։ Իրոք, ճգնաժամային ցանկացած իրավիճակ զարգացման հեռանկարներ է բացում։ Այլ բան, որ նույնիսկ ուղիղ տարածքում է կառավարությունը պարբերաբար սայթաքում, ինչ մնաց զարգացման նոր ճանապարհներ գտնի ճգնաժամային իրավիճակներում։ Դրա համար, նվազագույնը, պետք է զարգացման հայեցակարգ ունենալ, որ աշխարհում նկատվող միտումները կարողանաս ի նպաստ քո ծրագրերի իրականացման օգտագործել։ Երբ դու նույնիսկ չգիտես՝ ուր ես գնում, շատ դժվար է տնտեսական խառնաշփոթում ճիշտ որոշումներ կայացնել։ Սա նման է վիճակի, երբ ճանապարհին անծանոթ ճանապարհորդը գնում է ուր աչքը կտրի և այդ պահին ավերիչ փոթորիկ է սկսում։ Երբ դու գիտես վերջնակետդ, կարող ես շրջանցել փոթորիկն այնպես, որ նույնիսկ ավելի շուտ հասնես նպատակակետիդ․ անես այն, ինչ ստանդարտ իրավիճակում չէիր անի։ Երբ հայտնի չէ, թե ուր ես գնում, վտանգը մեծ է, որ խուճապահար սխալ ուղղությամբ կգնաս։ Այս պահին տեսանելի ուղղությունները տուժելու են։ Օրինակ, կառավարությունը դժվար թե այս տարի կարողանա պարծենալ տուրիստների թվի աճով ու դրանից բյուջե մուտքագրվող միջոցներով։ Մնացած առումներով, այս պահին, զուտ կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամն ավելի շուտ սպեկուլյատիվ խաղերի հետևանք է, քան իրական լուրջ խնդիրներ։ Հուսանք, համաշխարհային տնտեսությունն իր մեջ դրանց դիմակայելու ռեսուրս կգտնի։ Տնտեսագետները նշում են, որ կառավարությունը պետք է անցնի կառավարման արտակարգ ռեժիմի։ Կիսո՞ւմ եք այդ տեսակետը, թե ոչ։ Կարծում եմ՝ կառավարությունն առանց կորոնավիրուսի առաջացրած վտանգի էլ պետք է անցներ աշխատանքի արտակարգ ռեժիմի։ Դեռ հեղափոխական գործընթացներից հետո կարիք կար տնտեսությունը, դրան վերաբերող օրենսդրական դաշտը համապատասխանեցնել ներկա իրողություններին։ Դրա փոխարեն որդեգրվեց նախորդ կառավարության տնտեսական կուրսը։ Մարդիկ սխալմամբ կարծում էին, թե որ Բաղրամյան տարվող ճամպրուկները վերացնեն ու կոռուպցիան պակասեցնեն, մյուս պայմանների անփոփոխության դեպքում հնարավոր էր այլ բան ստանալ, քան կար առաջ։ Բայց հարցրեք տնտեսվարողներին՝ օրենսդրական դաշտը ստեղծված է կոռուպցիոն համակարգի բնականոն կենսագործունեության համար։ Հանում ես կոռուպցիան, ու արդար աշխատողների համար բազմաթիվ խնդիրներ են առաջանում, որոնք կառավարության նման ակտիվությամբ կամ պասիվությամբ պայմանավորված, զարգացման խոչընդոտներ դառնում, անարդարության զգացողություն են թողնում։ Այս մոտեցումը ձեռնտու է առավելապես նրանց, որոնք ճամպրուկներով փող էին տանում Բաղրամյան 26։ Մանր ու միջին ձեռնարկատերը դա չէր անում, հետևաբար, իր համար դրական ոչ մի բան չփոխվեց։ Փոխարենը նա խճճվեց կոռուպցիա ծնող հարկային օրենսդրության խրթին միջանցքներում և, պատկերավոր ասած, զրկվեց կոռուպցիայի միջոցով այդ միջանցքների լուսավորումից։ Այ, նման հարցերը լուծելու համար էլ պետք է կառավարությունը արտակարգ ռեժիմով աշխատեր և արդեն գտած լիներ շատ հարցերի լուծումներ։ Սա նաև կբարձրացներ ճգնաժամերի նկատմամբ տնտեսության դիմադրողականությունը։ Երբեք էլ ուշ չէ սկսել խնդիրները լուծել։ Ինչքան ուշ սկսեն, այնքան արտակարգ ռեժիմով աշխատելու անհրաժեշտությունն ավելանալու է։ Այս օրերին կարծիքներ են հնչում հանրաքվեն չեղարկելու կամ հետաձգելու վերաբերյալ։ Դուք ի՞նչ եք կարծում այս հարցի առնչությամբ։ Չհետաձգելու դեպքում ակնհա՞յտ է, որ այն կձախողվի։ Ակնհայտ է, որ կառավարությունը մեծ հավանականությամբ կտուժի թե՛ հետաձգելու դեպքում, թե՛ սահմանված ժամկետում այն անցկացնելու դեպքում։ Ես դեռ չեմ խոսում չեղարկելու մասին։ Չհետաձգելու դեպքում վտանգ կա, որ հանրաքվեն կհամընկնի հիվանդության տարածման պիկի հետ և հնարավոր չի լինի քաղաքացիներին համոզել գալ ընտրատեղամասեր։ Սա կարող է զգալիորեն բարդացնել անհրաժեշտ քանակով ԱՅՈ-ի կողմ ձայներ ստանալը, ինչն առանց այդ էլ ամենահեշտ գործերից չէր։ Իսկ այս պայմաններում ընտրատեղամասեր գալ համոզելու դեպքում հետևանքներն ավելի վատ կլինեն։ Հետաձգելու դեպքում վտանգ կա, որ կառավարող ուժի հեղինակությունը կտուժի այն առումով, որ մարդկանց ենթագիտակցության մեջ նրանք ձախողակի տպավորություն կթողնեն, հետևաբար, ավելի քիչ վստահության քվե կունենան հաջորդ ընտրություններում։ Օրինակ, ինձ, որպես մի քաղաքացու, Սերժ Սարգսյանի կառավարման ողջ ընթացքում չի լքել տպավորությունը, որ նրանք ձախողակների հավաքածու են։ Ոչ մի կարևոր գործ այդպես էլ չհաջողեցին։ Սկսած ֆուտբոլային դիվանագիտությունից, մինչև ներքաղաքական վերջին հարցը նրանք, խոշոր հաշվով, ձախողեցին։ Ինչպես դասականը կասեր, խիարը միշտ թարս էր բուսնում։ Միայն սեփական քաղաքացիների ձայնը ճնշելն էր ստացվում, այն էլ ի՜նչ թանկ գնով։ Այնպես չէ, որ դա հստակ ձևակերպվել էր այն ժամանակ և այնպես չէ, որ նոր կառավարության դեպքում է դա ձևակերպվելու։ Դա ավելի շատ ենթագիտակցական մակարդակում նստվածք տվող զգացողություն է։ Այստեղ միակ լուծումը համաճարակը կանխելն է, հիվանդության օջախը տեղայնացնելը և հանրաքվեն սահմանված ժամանակում իրականացնելը։ Ժամանակը ցույց կտա, թե կառավարությունը որքանով դա կհաջողի։ Թույլ կտամ կանխատեսել, որ ճգնաժամային վիճակներում ապրելու ու գործելու հանրության անփորձության պատճառով շատ դժվար կլինի արդյունավետ պայքարել հիվանդության տարածման դեմ, և հանրաքվեն, ի վերջո, կհետաձգվի։ Շարունակությունը՝ lragir.am-ում
09:43 - 16 մարտի, 2020

Վահե Գրիգորյանը որքան էլ քաղաքական համակարգի կրող եղած լինի, նրա անաչառության ու կոմպետենտության վերբերյալ կասկած չկա․ Սուրեն Սահակյան |factor.am|

Վահե Գրիգորյանը որքան էլ քաղաքական համակարգի կրող եղած լինի, նրա անաչառության ու կոմպետենտության վերբերյալ կասկած չկա․ Սուրեն Սահակյան |factor.am|

factor.am: ՍԴ յոթ անդամների հեռացմանը կողմ արտահայտվող «Քաղաքացու որոշում» կուսակցությունը համարում է, որ նրանք չեն կարող սահմանադրական արդարադատություն իրականացնել։ Կուսակցությունը նաև հարցեր է առաջադրել կառավարող ուժին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և պատասխանի համար ժամանակ տվել մինչև մարտի 20-ը։ ՔՈ կուսակցության գործադիր մարմնի ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը հիշեցնում է՝ 7 հարց են ուղղել և դրանց պատասխանները պետք է արտացոլեն, թե ինչու պետք է քաղաքացին «Այո» կամ «Ոչ» քվեարկի: «Մեզ հետաքրքիր է նաև՝ հետագայում ՍԴ-ն որպես ինստիտուտ լինելո՞ւ է, թե՝ ոչ։ Դա ինչի՞ համար է կարևոր, եթե նոր Սահմանադրությամբ ՍԴ չի լինելու, և այդ ընթացքում դատավորները պետք է իմանան՝ ինչ է սպասվում իրենց մեկ տարի հետ։ Եթե մեր յոթ հարցին միանգամից չպատասխանեն, մեխանիզմ լինելուց ինքը դադարում է։ Ես եթե պատասխանեի հարցին, ասեմ, թե ինչպիսին կլիներ այն։ Այսպես, կպատասխանեի՝ մենք լեգիտիմ չենք համարում այս Սահմանադրությունը, որովհետև ընդունվել է կեղծիքներով, բայց այն օգտագործում ենք որպես ճանապարհային քարտեզ, քանի որ ուրիշ լեգիտիմ բան չունենք, փաստաթուղթ նկատի ունեմ, որովհետև այսօր Նիկոլ Փաշինյանն այս երկրում միակ լեգիտիմ երևույթն է։ Հետո, «Այո»-ի հաղթանակի դեպքում նշանակելու ենք այս երեք հոգուն, նրանք մեր կուսակցությունից չեն լինելու և հին ՍԴ-ի անդամ չեն լինելու, ու քանի որ չենք ընդունում Սահմանադրության լեգիտիմությունը, նախագիծը չենք ուղարկել Սահմանադրական դատարան»,- պարզաբանեց Սուրեն Սահակյանը։ Սահակյանն ասաց, որ «Ոչ»-ի ճամբարում իրենք որևէ կերպ չեն հայտնվի․ «Մենք կարծում ենք, որ ՍԴ-ն այս կազմով չի կարող սահմանադրական արդարադատություն իրականացնել։ Բայց թե ինչ է լինելու հետո․․․ Եթե մեզ ստացվի համոզել, ապա իհարկե՝ «Այո» կքվեարկենք։Սահմանադրական դատարանը պետք է ունենա հեղինակավոր անդամներ, և պարտադիր չէ, որ նրա անդամը նախկինում որևէ քաղաքական միտք արտահայտած չլինի։ Քաղաքական չեզոքությունն այն է, թե հանրությունն ինչքանով է վստահում, որ նա կլինի անաչառ։ Եթե նույնիսկ որևէ անգամ քաղաքական դրիրքորոշում արտահայտած չլինի, տարօրինակ կլիներ նախկին քաղաքական համակարգի պայմաններում, երբ մասսայաբար ոտնահարվում են մարդու իրավունքները։ Վահե Գրիգորյանի վերաբերյալ, ինչքան էլ նա արտահայտված լինի և քաղաքական համակարգի կրող եղած լինի, միևնույնն է նրա անաչառությանն ու կոմպետենտության վերբերյալ ինձ մոտ կասկած չկա։ Դա է, որ ինձ մոտ վստահություն է առաջացնում նրա նկատմամբ՝ որպես դատավոր»Ավելին կարդացեք և դիտեք factor.am կայքում։
19:41 - 10 մարտի, 2020
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հարցեր է ուղղել ՔՊ վարչությանը ՍԴ շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հարցեր է ուղղել ՔՊ վարչությանը ՍԴ շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հարցեր է ուղղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությանը ՍԴ շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․«Հարգելի՛ գործընկերներ, Վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Սահմանադրական դատարանը ներկայիս կազմով չի կարող սահմանադրական արդարադատություն իրականացնել։ Կրկին արձանագրում ենք, որ հանրաքվեն ժողովրդի իշխանության իրացման համար կարևոր և անհրաժեշտ միջոց է, դրա կիրառման փաստը ողջունելի է։ Հանրաքվեն նաև լավ հնարավորություն է երկրի ապագայի վերաբերյալ գաղափարների, պատկերացումների շուրջ բովանդակային քննարկումներ ծավալելու համար։ Այդպիսի քննարկումներն են քաղաքացուն հնարավորություն տալիս գիտակցված և տեղեկացված մասնակցել որոշումների կայացման գործընթացին, կայացնել որոշումներ՝ հիմքում ունենալով քննարկվող հարցի վերաբերյալ փաստարկները, գնահատել ռիսկերն ու իր պատասխանատվությունը իր իսկ որոշման հետևանքների համար։ Սահմանադրական դատարանի ճգնաժամը հանրաքվեով լուծելու նախաձեռնության վերաբերյալ հնչել են մի շարք հարցեր, որոնց պատասխանները մեզ բավարարել են։ Այնուամենայնիվ, հանրային քննարկումներից դուրս են մնացել մի շարք էական հարցեր։ Հանրության տարբեր շերտեր այս գործընթացն ընկալում են տարբեր կերպ․ որոշները սա ընկալում են որպես իշխանությունը ժողովրդին վերադարձնելու հերթական հանգրվան, որոշները՝ որպես անիմաստ գործընթաց, որոշները՝ անձնական վրեժխնդրություն, մի այլ հատված էլ՝ պետական համակարգի ամբողջական յուրացում։ Քանի որ որևէ տեղ անցյալի իրավա-քաղաքական գնահատականն արձանագրված չէ, չեն նախանշվել այն սկզբունքները, ճանապարհային քարտեզը և ժամկետները, թե անցյալից ապագա այդ հեղափոխական-անցումային շրջանը ինչպես և երբ է ավարտվելու՝ անհրաժեշտություն է առաջանում  պարզաբանել մի շարք հարցեր։ Մասնավորապես․ Ի վերջո, գործող սահմանադրությունը լեգիտի՞մ է, թե՞ լեգիտիմ չէ։ Եթե, այնուամենայնիվ, այն կեղծված լինելու բերումով լեգիտիմ չէ՝ ինչո՞վ պետք է առաջնորդվեն հանրությունը, դուք և ապագա Սահմանադրական դատարանը։ Ի՞նչ սկզբունքներ և չափորոշիչներ է կիրառվելու նոր դատավորների նկատմամբ։ Մասնավորապես․ կարո՞ղ են նրանց թվում լինել ձեր քաղաքական թիմի անդամներից։ Հնարավո՞ր է, որ այս փոփոխությամբ հեռացվող ներկայիս ՍԴ անդամներից որևէ մեկը ընտրվի նոր ՍԴ դատավոր։ Բացի իրավական ակտերում այժմ ամրագրված երաշխիքներից դատարանի անկախության ի՞նչ լրացուցիչ երաշխիքներ կարող եք ներկայացնել։ Հանրային այն մտահոգությունները փարատելու համար, թե ապագա դատարանը ևս կարող է կախյալ լինել, մեծ քայլ կլինի, եթե հրապարակեք այն անձանց անունները կամ շրջանակը, որոնց կառավարությունը առաջադրելու է ՍԴ դատավորի թեկնածու։ Ո՞րն է Ձեր դիրքորոշումը և առաջարկը․ սահմանադրական փոփոխությունների հաջորդ նախագծով ՍԴ-ն, որպես առանձին ինստիտուտ պահպանվելու է՞, թե՞ ոչ։ Ցանկացած ընտրության կամ հանրաքվեի արդյունքներ բողոքարկելի են։ Այս հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում բողոքարկվելու դեպքում կարող է առաջանալ իրավական-քաղաքական ճգնաժամ, քանի որ հարցը պետք է քննարկվի անձնապես շահագրգիռ դատավորների կողմից։ Ինչպե՞ս եք պատկերացնում այդ խնդրի հաղթահարումը։ Այս հարցերի պատասխանները էական են թե՛ մեր դիրքորոշման համար, թե՛ այն համատեքստում, որ քաղաքացին մտնելով քվեախցիկ՝ հստակ պատկերացնի, թե իրեն ինչ է սպասում այս գործընթացի արդյունքում և ինչի՞ն նա պետք է պատրաստ լինի։  Հարգանքով՝                                                                                                                                      Սուրեն Սահակյան«Քաղաքացու որոշում» կուսակցություն 17.02.2020թ.»
11:20 - 17 փետրվարի, 2020
Այս անգամ մենք պետք է ավելի հստակ իմանանք, թե ուր ենք գնում․ Սուրեն Սահակյան

Այս անգամ մենք պետք է ավելի հստակ իմանանք, թե ուր ենք գնում․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շատ ա հարց առաջանում, թե ինչու «Քաղաքացու որոշում» կուսակցությունը ԱՅՈ կամ ՈՉ-ի կողմնակից լինելու մասին միանշանակ չի հայտարարում։ - Որովհետև հեղափոխության ժամանակ, դրանից հետո, շատ հաճախ մարդիկ դուրս են եկել փողոց, գնացել ընտրատեղամասեր, իրականցրել ակցիաներ ու փոխարենը ստացել են բաներ, որոնք փողոց դուրս գալիս, ընտրատեղամաս գնալիս և ակցիաներ իրականացնելիս չէին էլ կարող ենթադրել։ Օրինակ՝ որ էդ ընթացքում իրենց իրավունքները ոտնահարող պաշտոնյան կարող ա էդ գործողությունների արդյունքում մարզպետ դառնալ։ Նման օրինակները բազաթիվ են։ Էս մի անգամ մենք պետք ա ավելի հստակ իմանանք, թե ուր ենք գնում։ - Որովհետև որպես հիմնավորում, թե ինչի՞ մարդիկ պետք ա գնան ու ԱՅՈ քվեարկեն, բերվում ա ոչ թե իրավաքաղաքական գնահատական, այլ բանաստեղծություն։ Իսկ բանաստեղծության մեջ ասվում ա․ «ԱՅՈ, որովհետև հպարտ ու միացյալ ժողովուրդը ճանապարհ չունի դեպի անցյալ», «ԱՅՈ, որովհետև ժողովրդից խլված արժեքը ինքն իր ձեռքերով ա նվաճել», «ԱՅՈ, որովհետև համաձայն ես Նոր Հայաստանին»։ Դուք հասկացա՞ք՝ ինչ հարց ա դրված քվեարկության։ Մարդկանց կեսը, եթե ոչ ավելին, նույնիսկ չգիտեն, թե ինչ հարց ա դրված քվեարկության։ Սա՝ ինչ ասում ա վարչապետի էջը։ Մյուս դեպքերն ավելի տխուր են՝ «ԱՅՈ, որովհետև ՀՀԿ …(տարբեր վարիացիաներ)», «ԱՅՈ, եթե ուզում ես հեղափոխությունը հաղթի», «ԱՅՈ, եթե մեզ հետ ես»։ Ես դեռ մեղմում եմ էն պահերը, որտեղ «եթե մեր հետ չես, ապա մեր դեմ ես»։ Մինդեռ հանրաքվեի դրած մի շատ կոնկրետ հարց՝ ՍԴ 9 անդամներից 7-ը պետք ա դադարեն պաշտոնավարել շատ կոնկրետ պատճառներով։ Կառավարող ուժը պետք ա նենց բացատրի, թե ինչու են ուզում հեռացնել էդ 7 հոգուն, որ քվեարկության գնացողը որոշումը գիտակցված կայացնի, ոչ թե բանաստեղծությունից ոգևորված։ - Որովհետև եթե մենք հանրությանը դրդում ենք ուղիղ ժողովրդավարության, ապա պետք ա էդ հանրությունը սովոր լինի գիտակցված որոշումներ կայացնել, ոչ թե էմոցիոնալ։ Որովհետև սենց ոչ մի պատասխանատվություն չկա․ «լավ բաների համար ու վատ բաների դեմ»։ Իսկ թե վաղը ինչ կլինի՝ «մենք պատասխանատու չենք, ժողովուրդն ա տենց ուզել»։ Որովհետև եթե ամեն ինչ հենց սենց էլ մնա, վաղը բանաստեղծական ավելի մեծ ձիրքով օժտված մեկը կարող ա ուղիղ հակառակում համոզել և էս մտահոգությունն ա նաև պատճառը, որ աշխարհում սարսափում են ուղիղ ժողովրդավարությունից։ - Ի վերջո, որովհետև էդ հարցին պատասխանից հետո փակվում են շատ այլ հարցեր։ Շատ հաճախ էդ հարցի պատասխանը պետք ա ընդամենը պարզելու՝ այս կամ այն քաղաքական միավորը դավաճա՞ն ա, թե՞ նվիրյալ՝ պետք ա հայհոյե՞լ, թե՞ փաղաքշել։ Որովհետև շատ հաճախ հետաքրքիր չի, թե էդ պատասխանի հիմքում ինչ փաստարկներ կան։ Շատ կարճ ա պետք՝ այո՞, թե՞ ոչ / սև՞, թե՞ սպիտակ / կո՞ղմ, թե՞ դեմ / դավաճա՞ն, թե՞ նվիրյալ / սրիկա՞, թե՞ հերոս։ Այ սենց պարզունակացվել ա քաղաքականությունը։ Ես ներկայացրեցի մտահոգություններից ընդամենը մի քանիսը։ Դրանք տասնյակ են։ Այնուամենայնիվ, ամենաուշը երկուշաբթի օրը մեր դիրքորոշման մասին հայտարարությամբ հանդես կգանք»։
09:05 - 13 փետրվարի, 2020
Եթե այլ կերպ հնարավոր չէ, ապա զարգացումը կարելի է ապահովել գործընթացները ճգնաժամի հանգեցնելով |lragir.am|

Եթե այլ կերպ հնարավոր չէ, ապա զարգացումը կարելի է ապահովել գործընթացները ճգնաժամի հանգեցնելով |lragir.am|

lragir.am: Հարցազրույց Քաղաքացու որոշում ՍԴ կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանի հետ։ Ինչպե՞ս եք գնահատում ՍԴ խնդիրը հանրաքվեով հանգուցալուծելու իշխանությունների մոտեցումը՝ հաշվի առնելով, որ ընդդիմադիրները մատնանշում են, որ այն տեղի է ունենում ընթացակարգային լուրջ խախտումներով՝ շրջանցելով սահմանադրական կարգավորումները: Ձեր կարծիքով՝ սա՞ էր միայն ռացիոնալ լուծումը: Բազմիցս նշել ենք, որ կեղծված սահմանադրությունը որպես հարաբերությունների հիմք դնելու հետևանքը լինելու է այն, որ լղոզվելու են ճշտի ու սխալի սահմանները։ Քաղաքական որևէ դերակատար, մատնանշելով դրա կեղծված բնույթը, կարող է հանգիստ խախտել «սահմանադրությունը»։ Եվ հակառակը, պատեհ առիթով էլ կարող է վկայակոչել «սահմանադրությունը», երբ իրեն պետք է դրանով հիմնավորել իր ասելիքը։ Այդ պատճառով, մինչև նոր ու լեգիտիմ սահմանադրության ընդունումը մենք անընդհատ բախվելու ենք այսպիսի խնդիրների։ Խախտվելիք ընթացակարգի իմաստը հեղինակավոր կառույցից կարծիք հարցնելն է, թե որքանով է հանրաքվեի դրվելիք հարցը համապատասխանում մեր սահմանադրությանը։ Բայց հարց է առաջանում՝ արդյոք ՍԴ-ն, որտեղ պետք է դիմել, հեղինակավոր է։ Բազմիցս գնահատականներ են հնչել, որ հանրությունը վստահություն չունի այդ կառույցի նկատմամբ։ Ես էլ այդպիսի վստահություն չունեմ։ Ես կարծում եմ, որ որպես ինստիտուտ այն իրեն վարկաբեկել է վերջին տասնամյակների ընթացքում։ Այդ կառույցը ստեղծված էր սահմանադրական արդարադատություն իրականացնելու համար, բայց մեծապես նույն կազմով այդ դատարանը լուռ հետևել է, թե ինչպես է խախտվում սահմանադրական կարգը, իսկ որոշ դեպքերում դրան փութաջանորեն հավանություն է տվել։ Կարծում եմ, որ անկախ օրենսդրական կարգավորումներից, այդ անձանցով ձևավորած կառույցից, փոփոխությունների համար թույլտվություն հարցնելու ձևական պարտավորությունը կարելի է շրջանցել։ Այ, երբ կձևավորվի լեգիտիմ դատարան, որի սահմանադրական արդարադատության իրականացնելու մղումների մեջ կասկած չի լինի, ես, որպես ՀՀ մի քաղաքացի, դեմ կլինեմ, որ չդիմեն։ Իսկ լուծումները բազմաթիվ էին։ Ընտրվել է այս մեկը, որի հետ իրականում ոչ մի խնդիր չկա։ Ասեմ ավելին, եթե սա դիտարկենք որպես սադրանք՝ Սահմանադրական դատարանի, սահմանադրության, սահմանադրականության, պետության էության, պետական համակարգի տարբեր ճյուղերի տարանջատվածության մասին մտածելու, ապա գուցե սա հենց այն էր, ինչ պետք էր մեզ։ Եթե այլ կերպ հնարավոր չէ, ապա զարգացումը կարելի է ապահովել գործընթացները ճգնաժամի հանգեցնելով։ Հետագայում սա լավ դաս կլինի ու, գուցե, ոչ միայն մեզ համար։ Կարծում եք՝ Հայաստանը կմարսի՞ առանց Վենետիկի հանձնաժողովի հանրաքվեով Սահմանադրության մեջ փոփոխություն անելու քայլը: Որքա՞ն է իրական վտանգը, որ դրանից հետո Հայաստանի նկատմամբ կարող են լինել բացասական զեկույցներ և անգամ պատժամիջոցներ: Նախ, Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական է և կատարման համար ոչ պարտադիր։ Երկրորդը, ձեր հարցի մեջ մի սարսափելի հանգամանք կա։ Վերաձևակերպելով այն, կստացվի, թե արդյոք Հայաստանի ժողովուրդը՝ սահմանադիրը, կմարսի, եթե իր կյանքի վերաբերյալ ինքը որոշում կայացնի, այլ ոչ թե դրա մասին հարցնի ինչ-որ հանձնաժողովի, որի ղեկավարի կոռումպացվածության մասին միայն ալարկոտները չեն խոսում։ Մենք խոսում ենք մի կառույցի մասին, որը ներկա սահմանադրությունը բնութագրել է գերադրական ածականներով և որի փոխանցումով հանրապետականներն այն ներկայացնում են որպես Եվրոպայի ամենալավ սահմանադրություններից մեկը։ Բայց նույնիսկ անկախ անձանցից, կառույցների հեղինակություններից ու մնացած ամեն ինչից, Հայաստանը, ինչպես միջազգային իրավունքի ցանկացած սուբյեկտ, կարող է ինքնուրույն որոշել, թե ինչպես է ուզում ապրել, և որևէ մեկն իրավունք չունի միջամտել երկրի ներքին գործերին։ Այդ նախկին քաղաքական համակարգն էր, որ ներքին լեգիտիմության պակասի պայմաններում ստիպված էր որևէ փոփոխության համար լեգիտիմություն մուրալ դրսում։ Հիմա և, հուսանք՝ առհավետ, այդ հարցը լուծվել է մեր բոլորի ջանքերով։ Տեսակետ կա, որ ճիշտ ճանապարհն այն կլիներ, որ իշխանությունը նախապատրաստեր սահմանադրական փոփոխությունների կամ նոր Սահմանադրության ամբողջական փաթեթ և այդկերպ լուծեր խնդիրը: Թե՞ վտանգ կար, որ նույն ՍԴ անդամները իրենց ոչ ձեռնտու հատվածները իրենց եզրակացությամբ կհամարեին հակասահմանադրական: Գուցե այդպիսի վտանգ կար, բայց արդյոք դա էական է նրա ֆոնին, ինչի մասին խոսում էինք առաջին հարցի պատասխանում։ Այո, խնդրի լուծման բազում տարբերակներ կային և հիմա էլ կան։ Ես ուրախ եմ, որ հենց այս մեկն է ընտրվել։ Կրկնեմ, որ մենք պետություն, դրա առանձին մարմիններ ձևավորելու տարրական գիտելիքների պակաս ունենք և նույնիսկ սխալվելու, այդ սխալները շտկելու, հետագայում դրանք բացառելու գնով մենք պետք է երկար ճանապարհ անցնենք՝ բացը վերականգնելով։ Բացի դա, հանրության՝ սեփական կյանքի վերաբերյալ որոշումների կայացման ցանկացած լրացուցիչ մասնակցություն դրական է այն առումով, որ դա սովորություն դառնալու միտում կարող է ունենալ։ Անկախ նրանից, թե հանրաքվեն որպես խնդրի լուծման գործիք կիրառելով կառավարող քաղաքական ուժն ինչ նպատակներ է հետապնդել, վաղը ժողովուրդը պահանջելու է այլ էական հարցեր էլ դնել հանրաքվեի։ Բանն այն է, որ մենք ուղիղ ժողովրդավարության այլընտրանք չունենք։ Մենք ասելով նկատի ունեմ ոչ միայն Հայաստանը, այլ նաև ամբողջ մարդկությունը։ Կուսակցությունների, քաղաքական ֆորմալ միավորների և ներկայացուցչական դեմոկրատիայի դերը գնալով պակասում է աշխարհում, և լավ կլինի մենք ժամանակին սովորենք ինքներս մեր ճակատագիրը տնօրինելու մեխանիզմները։ Արդյոք հանրաքվեով ՍԴ այս կազմից ազատվելով մենք կարող ենք ակնկալել, որ կունենանք վստահելի ՍԴ, և արդյոք միայն ՍԴ կազմը փոխելով կվերականգնվի հանրության վստահությունը դատական համակարգի նկատմամբ: Այս պրոցեսը խնդիրը դրական լուծելու հեռանկար ունի։ Անհրաժեշտ է ուղղակի ամեն ինչ ճիշտ անել և կես ճանապարհից հետ չկանգնել, ինչպես տեսել ենք այլ հարցերում։ Ըստ էության, կառավարող ուժը մեծ պատասխանատվություն է վերցրել ընթացակարգային խախտումներով նման փոփոխություն նախաձեռնելով։ Եթե այս մարտահրավերից նա հաղթանակած դուրս գա, ապա մենք կշահենք ոչ միայն վստահելի ու հեղինակավոր ՍԴ ունենալով։ Հակառակ պարագայում հետևանքներն իր համար անկանխատեսելի կլինեն։ Հաղթանակած ասելով ես նկատի ունեմ միայն մի ելք՝ երբ իրականում կձևավորվի անաչառ Սահմանադրական դատարան և այն չի դառնա «Իմ քայլ»-ի դատարանը։ Հակառակ պարագայում նոր անդամները դուրս կշպրտվեն նույն հաջողությամբ, ինչ այս մի դատարանի անդամները՝ իենց հետևից քարշ տալով հովանավորներին Շարունակությունը՝ lragir.am-ում
11:09 - 11 փետրվարի, 2020
Բշժկական համընդհանուր ու պարտադիր ապահովագրությունն այլընտրանք չունի․Սուրեն Սահակյան

Բշժկական համընդհանուր ու պարտադիր ապահովագրությունն այլընտրանք չունի․Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ընդհանրապես, բշժկական համընդհանուր ու պարտադիր ապահովագրությունն այլընտրանք չունի։ Դա վաղ, թե ուշ տեղի ա ունենալու։ Մեր առողջապահական համակարգին ու սոցիալ-տնտեսական վիճակին քիչ, թե շատ ծանոթ մեկը դժվար թե սրան ողջամիտ այլընտրանք առաջարկի։ Այն հիմա գործում ա «մարդը մարդուն գայլ է» սկզբունքով, որտեղ աղքատ մարդը (բնակչության մեծամասնությունը) դատապարտված ա։ Բայց էն ծրագիրը, ինչ ներկայացնում ա Արսեն Թորոսյանը, անհուսալիորեն, տևական ժամանակով հետաձգում ա չափազանց կարևոր էդ վերափոխումը։ Շատ չեմ խորանում, բայց մի քանի կետ նշեմ․- մինչև վերափոխումը պետք ա հակակոռուպցիոն պայքարը ինստիտուցիոնալ տեսք ստանա ու խիստ արդյունավետ գործի,- մինչև պարտադիր ապահովագրության անցնելը առողջապահական համակարգում պետք ա լայնածավալ բարեփոխումներ իրականացվեն՝ արդյունավետ դարձնելով ոլորտը,- պետք ա բժիշկների լիցենզավորման գործընթաց տեղի ունենա ու էնպես, որ դրա մեջ կոռուպցիոն բաղադրիչը բացառվի,- առողջապահական ծառայությունները, որոնց ապակենտրոն աշխատանքը արդյունավետ չի ու կոռուպցիոն ռիսկեր են առաջացնում, պետք ա կենտրոնացվեն,- էս ամենի ու էլի որոշակի քայլերի արդյունքում առողջության ապահովագրությունը մարդու համար ոչ թե եկամտի 6% խիստ չափազանցված թիվն ա արժենալու, այլ զգալիորեն ավելի քիչ, ընդունելի ու ողջամիտ «բեռ» դառնա քաղաքացու բյուջեի համար,- գուցե ես չեմ տեսել, բայց տպավորություն ա, որ Արսեն Թորոսյանը իր տեսակետը ողջամտորեն հիմնավորելու փոխարեն թունոտ, մունաթախառն ու անբովանդակ քննադատության ա ենթարկում բոլոր քննադատներին։- այլ պայմանների անփոփոխության դեպքում, հենց էս պահին նման «բարեփոխումը» չարեփոխում ա դառնալու»:
12:40 - 27 նոյեմբերի, 2019
Մենք չենք կարող միայն լսելի դառնալու համար նմանվենք նրան, ինչը վաղուց մերժել ենք |lragir.am|

Մենք չենք կարող միայն լսելի դառնալու համար նմանվենք նրան, ինչը վաղուց մերժել ենք |lragir.am|

lragir.am։ Հարցազրույց Քաղաքացու որոշում ՍԴ կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանի հետ։ Պարոն Սահակյան, տեսակետ կա, որ այսօր Հայաստանում ընդդիմությունը չի կարողանում ձևավորվել, հակակշռել իշխանությանը, դրա համար ավելի շատ լսելի է դառնում նախկին գործիչների ձայնը։ Իբրև մեկ տարի ձևավորված կուսակցության ներկայացուցիչ՝ համամի՞տ եք այս տեսակետին։ Որտե՞ղ եք տեսնում պատճառները։ Ամենևին չնվազեցնելով ընդհանուր պրոցեսի համար մասնակից յուրաքանչյուր սուբյեկտի պատասխանատվությունը, կարծում եմ՝ իրոք համակարգային, ընդհանուր խնդիրներ կան։ Պատճառներից մեկը «ընդդիմություն» հասկացության ընկալումն է։ Իմ տպավորությունն այն է, որ մեզ մոտ ընդդիմություն է համարվում կառավարող ուժին ընդունելի ու անընդունելի, հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներով սևացնել ու ոչնչացնել փորձող ցանկացած միավոր։ Հատկանշականն այն է, որ ով այդպես չէ, որպես ընդդիմություն չի ընկալվում։ Քաղաքական այսպիսի մտածողության պայմաններում էլ լսելի են դառնում նրանք, որոնք խորը թքած ունենալով իրենց խոսքի հետևանքների ու հանրության առջև ստանձնած մեծ պատասխանատվության վրա, միայն զբաղված են մյուսի վարկանիշը գցելու, սևացնելու ու ոչնչացնելու գործով։ Ի դեպ, բառացիորեն երեկ նույն հարցը իմ առջև, որպես կուսակցության ներկայացուցիչ, բարձրացրել է մեր համակիրներից մեկը։ Կարևորելով նոր ուժերի առաջացման և լսված լինելու խնդիրը, նա հորդորում էր խոսքում ավելի կտրուկ լինել, անդրադառնալ այնպիսի «կարևոր» հարցերի, ինչպիսիք են Ստամբուլյան կոնվենցիան, «Սորոսի հիմնադրամը» և սխալների մի հրեշավոր շղթայի պատճառով մեր բոլորի օրակարգում հայտնված նման այլ անիմաստ հարցերի։ Որպես օրինակ էին բերվում մյուս միավորները, որոնք դրանով զբաղված են։ Սույնով ես հայտնում եմ, որ մենք մեզ այլ հանձնառության կրողներ ենք համարում։ Հակառակը, պետք է այնպես անել, որ քաղաքական բանավեճը լուրջ հարցերի վերաբերի, ոչ թե ընտրվեն նրանք, որոնք բովանդակային առումով մեզ, որպես հանրություն, ոչինչ չեն տալիս, այլ միայն օպոնենտին ոչնչացնելուն միտված պոպուլիստական կարգախոսների առաջացման պարարտ հող են ստեղծում։ Այսպիսի հանձնառությունը մեզ թույլ չի տալիս նմանվել մյուսներին։ Մենք չենք կարող միայն լսելի դառնալու համար նմանվենք նրան, ինչը վաղուց մերժել ենք։ Ձեր նշած խնդրի մեկ այլ պատճառ է քաղաքական կուսակցություններին հանրության պահանջները։ Իրականում հանրությունը ինչ պահանջում է, այն էլ ստանում է։ Պահանջո՞ւմ է «նախկինների» ձերբակալություններ, աղմկոտ դատավարություններ, խնդրեմ՝ պարբերաբար բռնում են, ծնկի բերում, փռում ասֆալտին, ծեփում պատերին։ Կառավարող ուժի համար դեռ, է՜յ, ինչքան ռեսուրս կա միայն նման քայլերով վարկանիշ պահելու ու հանրային պահանջը կատարելու բերումով բուռն և երկարատև ծափահարությունների արժանանալու համար։ Մյուս մասը՝ հեղափոխական գործընթացներից տուժողները, պահանջո՞ւմ է կառավարող ուժին հայհոյել, խնդրեմ՝ առաջանում են նորանոր միավորումներ, որոնք հենց դա էլ տալիս են։ Չե՞ն ուզում նոր կերպ հարաբերվել, նոր Սահմանադրություն ունենալու բազմիցս բարձրաձայնված պահանջը անարձագանք է մնում. դրա շուրջ հանրային պահանջ չի ձևավորվում։ Հարցրեք կուսակցությունների մասին նոր օրենքի վրա աշխատող ԱԺ աշխատանքային խմբի անդամներին, թե հանրային բաց քննարկումներին քանի՞ հոգի էր մասնակցում։ Դեռ մի կողմ, որ դա նաև սխալ կազմակերպման հետևանք կարող էր լինել։ Փաստն այն է, որ ընտրվողների վերաբերյալ չափորոշիչների սահմանման հարցին մարդիկ պատրաստ չեն իրենց մասնակցությունը բերել։ Կարևոր ու երկրորդական այսպիսի շատ պատճառներ կան։ Վերջում էլի նշեմ, որ ասվածը ամենևին չի ենթադրում, թե պատճառները միայն առանձին սուբյեկտներից, այդ թվում՝ մեզնից, դուրս են։ Հանրային քաղաքանակության յուրաքանչյուր սուբյեկտ մեղքի իր բաժինն ունի այս ամենի մեջ։ Ուզում եմ հավաստիացնել, որ մենք աշխատում ենք հնարավորն անել, որպեսզի այս իրավիճակը փոխվի։ Դրա վկայությունն է նաև հանրային քննարկման համար այս խնդիրների բարձրաձայնումը։ Վստահ եմ՝ կարող ենք նաև ավելին։ Հուսով եմ՝ մեզ կհաջողվի ձևը գտնել և աստիճանաբար փոխել քննարկումների շրջանակը։ Այսօր, առաջացած անիմաստ բարձր աղմուկի պայմաններում մեզ համար դա շատ բարդ է, սակայն հեշտ ճանապարհներ չենք էլ փնտրել երբեք։ Իբրև ընդդիմություն՝ այսօր ինչ եք անում հաջորդ խորհրդարանում որպես քաղաքական ուժ ներկայացված լինելու համար։ Հիմա ես քաղաքականության մասին մեր ընկալումներին ոչ համահունչ կարծիք կհնչեցնեմ։ Թվում է, թե այն, ինչ կասեմ ներքո, ինքնստինքյան ենթադրվում է և լրացուցիչ շեշտելու կարիք չկա։ Սակայն դա ընդամենն առաջին հայացքից է այդպես։ Մենք ուզում ենք խորհրդարանում հայտնվել այն պարագայում, երբ մարդիկ մեր ծրագրերը կկարդան և դրանց իրականացումը կարևոր համարելու բերումով մեզ ձայն կտան։ Այլ պարագայում խորհրդարանում հայտնվելը ինքնանպատակ կլինի և մեկանգամյա ակտ։ Սա ոչ թե միայն մեզ է վերաբերում, այլ բոլորին։ Կարող է թվալ, թե ԱԺ ամբիոնը որպես կարևորագույն քաղաքական հարթակ ունենալը ինքնին կարող է նպատակ լինել։ Սակայն ոչ թե ծրագրերի իրականացման համար, այլ նվազ կամ առավել կարևոր այլ նպատակով մեզ ԱԺ գործուղող քաղաքացին կարող է երկրորդ անգամ մեզ ձայն չտալ այնպես, ինչպես մեր պարագայում հաճախ է պատահում։ Տեսեք՝ համարյա ամեն գումարման ԱԺ-ում «ընդդիմություն» կոչվածը փոխվել է։ Մարդիկ այլ ակնկալիքով ընտրել են, այլ բան ստացել։ Տեսանք նաև, որ ազատ ընտրության պարագայում խորհրդարան նույնիսկ չանցան ուժեր, որոնք մշտապես եղել են էնտեղ կեղծված ընտրությունների պայմաններում։ Կարծում եմ՝ եթե մենք ուզում ենք երկարատև գործող ու հեղինակավոր կուսակցություն ունենալ, ապա իրավունք չունենք մտնել դաշտ, որտեղ հեղինակությունդ կախված է ոչ թե նրանից, թե ինչքան են համոզիչ քո ծրագրերն ու փաստարկները, այլ քաղաքական օպոնենտիդ «քուչի» բառամթերքով որքան կարող ես նվաստեցնել։ Այդ պատճառով եմ շատ կարևորում գաղափարական դաշտի ձևավորումը և քաղաքացու ընտրությունը գաղափարական հենքով կատարելը։ Որևէ կուսակցությանն իր քվեն տալու պատրաստ քաղաքացին պետք է դա անի ծրագրին ծանոթ լինելու, այդ ծրագիրը իրականացված տեսնելու և վստահության դեպքում միայն, որ ընտրած ուժը ի վիճակի է այն իրականություն դարձնել։ Մեր ծրագրերն ու գաղափարները տարածելու, ինչպես նաև հանգամանքի բերումով, որ մի տարի հետո մեզ ներկուսակցական նոր համաժողով և ընտրություններ են սպասում, մենք մարզային այցելություններ ենք նախատեսում, ինչպես նաև ծրագրերի համալրման ու ամբողջացման համար ոլորտային մասնագետների հետ խորհրդակցություններ։ Դա ահռելի ծավալի աշխատանք է, որ պետք է կատարվի ինքնաֆինանսավորման և նոր կուսակցություն լինելու բերումով նվազ ռեսուրս ունենալու պայմաններում։ Հուսով եմ՝ կհաջողենք։ Կուսակցությունների մասին օրենքը շուտով կփոփոխվի։ Ի՞նչ սպասելիքներ ունեք, և արդյոք այդ փոփոխությունը կուսակցությունների՝ ավելի ակտիվանալու համար հիմք կարող է հանդիսանալ։ Ակնկալիք ունեմ, որ հարցը սահմանադրական փոփոխություններից, ընտրական օրենսգրքից և հարակից այլ օրենքներից անջատ չի դիտվի։ Մենք պետք է նկարագրենք, թե գործընթացի վերջում ինչ քաղաքական համակարգ ենք ուզում ստանալ, նոր միայն անցնենք այն ստանալուն միտված փոփոխություններին։ Կարծում եմ՝ չի գտնվի որևէ ողջամիտ մարդ, որ եղած քաղաքական համակարգի մեջ միայն կոսմետիկ փոփոխությունների կարիք տեսնի։ Խոսքն, իհարկե, չի վերաբերում քաղաքական արկածախնդիրներին, որոնց համար որքան ապաքաղաքական ու ապագաղափարական, այնքան լավ։ Ցանկացած հետաքրքրված անձ կարող է պատկերացնել, մտքում նկարագրել իրեն հարազատ քաղաքական դաշտը և կտեսնի, որ դա ստանալու համար անհրաժեշտ է նաև սահմանադրական փոփոխություններ իրականացնել։ Կտեսնենք, որ նոր տիպի կուսակցություններ ունենալու դեպքում նոր ընտրական օրենսգիրք է անհրաժեշտ։ Հեղափոխական գործընթացներից հետո նախաձեռնվեց մի այդպիսի գործընթաց։ Բայց այդ գործընթացը ենթադրում էր նաև այնպիսի կուսակցությունների մասնակցությունը ընտրություններին, որոնց ինչպես ես, այնպես էլ դրանք մերժած քաղաքացիների մեծ մասը չէին ուզենա տեսնել որպես հանրային կառավարմանը հայտ ներկայացրած միավորներ։ Ինչպե՞ս դա անել։ Նախ պետք է կուսակցությունների մասին օրենքով չափորոշիչներ սահմանվեն, որոնց մաղով չեն անցնի պետական-քաղաքական հարցերը նեղ-անձնական կամ խմբային հետաքրքրություններին ծառայեցնելու նպատակով ստեղծված միավորները։ Ընտրական օրենսգրքով պետք է սահմանվեն խաղի ընդհանուր կանոններ, որոնք չկատարելու դեպքում կուսակցությունները դուրս կվռնդվեն ընտրապայքարից, կբացառեն հանրությանը մոլորության մեջ գցելու փորձերը, երբ մի բան խոստանան, ընտրությունից հետո մի այլ բան իրականացնեն։ Այսպիսի գործիքներ ունենալու խնդիրը լայն քննարկման հարց է, որը համակարգային մոտեցում է պահանջում և պետության էության խորը ընկալում։ Շարունակությունը՝ lragir.am-ում
06:23 - 25 նոյեմբերի, 2019
Ինչ ընդգրկման տիրույթի մասին են խոսում  «ազգ», «ազգային արժեք», «ազգային շահ» ասողները․ Սուրեն Սահակյան

Ինչ ընդգրկման տիրույթի մասին են խոսում «ազգ», «ազգային արժեք», «ազգային շահ» ասողները․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ փոքրիկ երազանքներից մեկն ա, որ «ազգ», «ազգային արժեք», «ազգային նպատակ», «ազգային շահ», «ազգային անվտանգություն» ու ազգային նման բան գրողները/ասողները ամեն անգամ հետգրությամբ կամ որևէ այլ կերպ անմիջապես էլ բացատրեին, թե ինչ ընդգրկման տիրույթի մասին են խոսում։ «Ազգ» ասելիս մի հարթության մե՞ջ ենք դիտարկում, ասենք, ինձ,1894 թվին Սասունի ջարդերից մազապուրծ ԱՄՆ տեղափոխված Բզդիգյանների ընտանիքի 3-րդ սերնդի ժառանգ Նունուֆարին, իրեն «հոգով-սրտով» հայ համարող պարսիկ Ալիին, 2-րդ սերնդի ռոստովահայ, իրեն ռուս համարող Վոլոդյային ու Հայաստանի Ռյա-թազա գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի Մրազին։ Եթե՝ հա, ապա ո՞նց են հարաբերվում նրանց արժեքները, ո՞նց են համադրվում նրանց նպատակներն ու շահերը, ո՞նց ենք խոսում ազգային անվտանգության մասին, եթե նշվածներից միայն ես ու Մրազն ենք ՀՀ քաղաքացի, իսկ մյուսների անվտանգության ապահովողը մի դեպքում ԱՄՆ-ն ա, մյուսում՝ ՌԴ-ն, երրորդում՝ Իրանի ԻսլամականՀանրապետությունը և այդպես շարունակ։ Եթե խոսքը «քաղաքական ազգ» հասկացության մասին ա, ապա դրա մեդալի մյուս երեսին պետությունն ա՝ մեր դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունը, որի շրջանակներում նշվածներից պայմանավորվելու ու կիսելու բան ունեմ միայն եզդի Մրազի հետ։ Մրազի հետ մենք կարող ենք խոսել, պայմանավորվել մեր ընդհանուր պետական շահի, նպատակի, անվտանգության, սահմանադրորեն ամրագրված արժեքների մասին։ Ավելին, մենք ստիպված ենք նման հարցերի շուրջ հարաբերվել՝ ուզենք, թե չուզենք։ Սա ա պատճառը, որ ես միշտ լարվում եմ, երբ որոշակի մտքերի մեջ լսում եմ «ազգ» բառը։ Չեմ հիշում, որ մեկն ըստ նշանակության օգտագործի էդ բառը ու դեռևս որևէ մեկը չի գտնվել, որ էդ տիրույթը հստակ գծի ու հիմնավորի, որ հենց էդ տիրույթի մասին էր խոսքը։ Նման խոսակցությունները, սովորաբար, ոչ մի բանի մասին են եղել, ոչ մի արդյունքի չհանգեցնող։ Ա՛յ, հենց նշված հասկացությունների կողքին լսվում ա «պետական» բառը, խոսակցությունը միանգամից առարկայական ու հետաքրքիր ա դառնում»։
07:25 - 13 նոյեմբերի, 2019
Քսակների պայքարից գաղափարների պայքար. շատերը պատրաստ չեն լինի |lragir.am|

Քսակների պայքարից գաղափարների պայքար. շատերը պատրաստ չեն լինի |lragir.am|

lragir.am։ Հարցազրույց «Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանի հետ։ Պարոն Սահակյան, Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունների հետ կապված հանրային լսումներ էին կազմակերպվել խորհրդանում։ Ի՞նչ փոփոխություններ եք դուք ակնկալում։ Մենք ակնկալում ենք փոփոխություններ, որոնց կյանքի կոչումը անհնար կդարձնի հին քաղաքական ու կուսակցական համակարգի, քաղաքական ավանդույթների գոյության հնարավորությունը և նախադրյալներ կստեղծի նորի ստեղծման ու ամրապնդման համար։ Արդյո՞ք այդպիսին կլինեն առաջարկվող փոփոխությունները, թե ոչ, կարելի կլինի գնահատել, երբ հստակ նկարագրվի, թե ինչ քաղաքական ու կուսակցական համակարգ ենք ուզում ստեղծել և նկարագրվեն այն տեսանելի մեխանիզմները, որոնք հնից նորին անցումը կարող են իրականություն դարձնել։ Գործնականում, մեր պատկերացումներով, ապագայի այդ պատկերը նկարագրելու դեպքում մենք կտեսնենք, որ փոփոխությունները պետք է զուգակցվեն նաև Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի, ԱԺ կանոնակարգ օրենքի և այլ իրավական ակտերում փոփոխությունների հետ։ Եթե նախաձեռնողները ունեն այդ պատկերը, ապա պետք է անպայման հրապարակեն, որպեսզի հնարավոր լինի գնահատել՝ արդյո՞ք այսօրվա առաջարկած փոփոխությունները կհանգեցնեն այդ նոր համակարգին, թե՝ ոչ։ Եթե չկա այդ պատկերը, ապա մենք այսօր մի կասկածելի արդյունքներով գործընթացի մասնակից ենք։ Ուշադրություն դարձրեք, որ ես հնարավոր արդյունքներին լավ կամ վատ գնահատականը չեմ տալիս, այլ ուղղակի ինձ համար անհասկանալի է այդպիսի փոփոխությունների ձգտումը։ Մասնավորապես խոսվում է կուսակցությունների ֆինանսավորման փոփոխության անհրաժեշտության մասին։ Որքանո՞վ նոր օրենքը հնարավորություն կտա փողը փոխարինել գաղափարին։ Կուսակցությունների ֆինանսավորման և դրա վերահսկողության գործիքակազմը մեզ մոտ իդեալական չէ։ Միաժամանակ, իդեալական կարգավորումներ գոյություն չունեն և ցանկացած կարգավորում հնարավոր է շրջանցել։ Վերահսկողության առումով ընդամենը պետք է քաղաքական կամք, որպեսզի իրավունքի չարաշահումները բացառվեն։ Բայց այստեղ խոսքն ավելի շատ ֆինանսական որոշակի կարգավորումների միջոցով հարուստ կամ մեզ մոտ գոյություն ունեցած օլիգարխիկ կուսակցությունների և նորաստեղծ, փող չունեցող, բայց գաղափարապես հարուստ կուսակցությունների հնարավորությունների հնարավորինս հավասարեցման մասին է։ Ճիշտ, գործուն կարգավորումների ընդունման դեպքում հնարավոր է հասնել նրան, որ գաղափարները քաղաքացիներին հասցնելու համար կուսակցությունների տնօրինած փողի քանակը էական հանգամանք չլինի և պայքարը քսակների պայքարից վերածվի գաղափարների պայքարի։ Շարունակությունը՝ lragir.am-ում
08:56 - 19 հոկտեմբերի, 2019
«Եթե Փաշինյանի կառավարությունը Ամուլսարը շահագործելու որոշում կայացնի, հանրությունը դրանից շատ կոնկրետ եզրակացություններ կանի». Սուրեն Սահակյան |medialab.am|

«Եթե Փաշինյանի կառավարությունը Ամուլսարը շահագործելու որոշում կայացնի, հանրությունը դրանից շատ կոնկրետ եզրակացություններ կանի». Սուրեն Սահակյան |medialab.am|

medialab.am: «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը - Պարո՛ն Սահակյան, շրջակա միջավայրի նախարարությունն արդեն ներկայացրել է Կառավարությանը Ամուլսարի շահագործման հարցով շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու մասին իր զեկույցը։ Այսօր «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել է Ամուլսարի թեման։ Դատելով մեկնաբանություններից՝ Ամուլսարը, այնուամենայնիվ, շահագործվելու է։ Ի՞նչ մոտեցում եք ցուցաբերելու։ - Թե՛ ես անձնապես, թե՛ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը արտահայտել ենք մեր նույնական դիրքորոշումը։ Ի տարբերություն ոմանց, այն անփոփոխ է մնում, որովհետև հենման կետ ունի՝ մեր արժեքներն ու սկզբունքները։ Կարծում եմ՝ շատ վտանգավոր է, երբ պետական կառավարման լծակներին տիրապետելու հայտ ներկայացնող կամայական ուժ կամ անհատ որոշումներ է կայացնում օրվա տրամադրությամբ։ Մենք դեռ առիթ կունենանք սրա մասին խոսելու։ Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքի շահագործմանը, ապա ես դրա ոչ մի նախադրյալ չեմ տեսնում։ Թե՛ «Իմ քայլը» դաշինքը, թե՛ վարչապետը հայտարարել են, որ բնապահպանական աղետի նվազագույն կասկածների դեպքում հանքը չի շահագործվելու։ Անկախ փորձագիտական խմբի հետ ունեցած հրապարակված վերջին շփումները հստակ ցույց տվեցին, որ այդպիսի կասկածների համար ամուր հիմքեր կան։ Եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, այնուամենայնիվ, շահագործելու վերաբերյալ որոշում կայացնի, ապա այդ որոշումը շատ նման կլինի որպես վարչապետ առաջադրվելու Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ որոշմանը։ Վստահ եմ, հանրությունը դրանից շատ կոնկրետ, աներկբա եզրակացություններ կանի։ - Վարչապետն ընդունել է «Լիդիան ինթերնեշնլ» ընկերության ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին։ Հնարավո՞ր է այնպիսի փաստարկներ ներկայացնեն, որ դուք հրաժարվեք Ամուլսարը սար մնալու գաղափարից։ Այլ կերպ ասած՝ հնարավո՞ր է կոնսենսուս։ - Ինչպես նշեցի, Ամուլսարի հանք դառնալու դեմ պայքարելու վերաբերյալ որոշումը հենված է արժեքների ու սկզբունքների վրա։ Դրանք մեզ մոտ անփոփոխ են։ Ամուլսարի վրա հանքարդյունաբերական գործունեություն սկսելն իսկ, ըստ փորձագետների, բնությանն անդառնալի վնասներ կհասցնի։ Հետևաբար, հանքը շահագործելուց հետո այդ գործունեությունը դադարեցնելն իմաստ չի ունենա։ Այստեղ համակարծություն լինել չի կարող։ Հարցն այստեղ մեր ամենամեծ ջրահավաք ավազանին, մեր առողջ ապրելու իրավունքին, որոշում կայացնելու իրավունքին ու ժողովրդավարության տարրական էլեմենտներին է վերաբերում։ Այստեղ նույնիսկ քննարկման ենթակա հարց չէ։ Խոսքը նույնիսկ նժարի տարբեր կողմերում դրվող համարժեք երևույթների մասին չէ։ - Ամեն օր դուք հիշեցնում եք, որ Ամուլսարը հանք չի դառնալու։ Ինչո՞ւ եք ամեն օր հիշեցնում այդ մասին։ - Այո՛, ֆեյսբուքյան տիրույթում ես պարբերաբար գրում էի Ամուլսարի մասին՝ նորանոր փաստարկներ բերելով, թե ինչո՛ւ հանքը չպետք է շահագործվի։ Սակայն փաստարկման փուլն արդեն անցել է։ ԷԼԱՐԴ-ի փորձագիտական խմբի հետ տեսակամուրջը այլևս նոր փաստարկների անհրաժեշտություն չի թողել։ Այդ իսկ պատճառով ես դադարեցրել եմ ամեն օր հիշեցնել, որ Ամուլսարը հանք չի դառնալու։ Հանքը շահագործելու մասին կառավարության հնարավոր որոշումից հետո կգա դիմադրության փուլը։ - Ստացվո՞ւմ է արդյոք, որ այս խնդիրը լուրջ քաղաքացիական անհնազանդություն է առաջացնելու։ - Դրա մասին բազմիցս արտահայտվել են ջերմուկցիներն ու ազդակիր այլ համայնքների ներկայացուցիչներ, որոնք արդեն մեկուկես տարի փակ են պահում հանքի ճանապարհները։ Մենք պաշտպանում ենք առողջ, բնական միջավայրում ապրելու, սեփական որոշումներ կայացնելու ազատության նրանց իրավունքներն ու պատրաստ ենք ինքներս մասնակցելու քաղաքացիական անհնազանդության նրանց ակցիաներին։
08:12 - 08 սեպտեմբերի, 2019