Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. ՆԳՆ պարզաբանում

Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. ՆԳՆ պարզաբանում

Ի պատասխան սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների՝ հայտնում ենք, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու և քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար, վերջիններիս անվտանգությունն ապահովելու նկատառումով: Այդ մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:   Ըստ հաղորդագրության՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման հետ կապված աշխատանքների իրականացում:   «Տեղեկացնում ենք նաև, որ լուրերը, թե Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատված հանձնվելու է Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը:   Ընդգծում ենք, որ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում: Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
11:05 - 23 ապրիլի, 2024
Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարների խոսքով՝ իրենց ասվել է, որ այսօրվանից սահմանի փոփոխություններ կլինեն
 |azatutyun.am|

Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարների խոսքով՝ իրենց ասվել է, որ այսօրվանից սահմանի փոփոխություններ կլինեն |azatutyun.am|

azatutyun.am: Բաղանիսի և Ոսկեպարի վարչական ղեկավարները քիչ առաջ Երևանից վերադարձել են Տավուշ, հանդիպել բնակիչների հետ։ Նրանք դժգոհ են փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի հետ երեկ կառավարությունում ունեցած հանդիպումից, ասացին, որ նշվել է՝ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն այսօրվանից սկսած: Նրանց փոխանցմամբ՝ արդեն իսկ կտեղադրվեն հատուկ նշաններ: Վարչական ղեկավարները նաև հայտարարեցին, որ իրենց հորդորել են հանդարտեցնել մարդկանց, սակայն ասում են, որ իրենք ևս բավականին զայրացած են դուրս եկել փոխվարչապետի հետ հանդիպումից։ Այս պահին նրանք քննարկում են հետագա անելիքները, ամենայն հավանականությամբ բողոքի ակցիաները այսօր կշարունակվեն:
11:02 - 23 ապրիլի, 2024
Տավուշի պայքարին միացած Միհրան Մախսուդյանին ՔԿ են կանչել Ազատ գյուղի հրդեհի գործով
 |arm.sputniknews.ru|

Տավուշի պայքարին միացած Միհրան Մախսուդյանին ՔԿ են կանչել Ազատ գյուղի հրդեհի գործով |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՀՀ քննչական կոմիտե Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի վաշտի կացարանում 2023 թ. տեղի ունեցած հրդեհի գործով։ Այդ մասին նա ասաց կոմիտեի բակում հավաքված լրագրողներին։   2023 թ. հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։ Հրդեհից առաջ Մախսուդյանը զբաղեցրել է երկրորդ բանակային կորպուսի շտաբի պետ–հրամանատարի տեղակալի պաշտոնը։   «Ազատ գյուղի հետ կապված ես որևէ վարույթով չեմ անցել, իսկ հիմա որոշել են, որ ես այս վարույթով պիտի անցնեմ։ Դա արդեն բոլորի համար հասկանալի է, ու ես ոչ մի բանից չեմ վախենում. իմ պայքարն արդար է, հանուն հողի, արդարության»,– լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Մախսուդյանը վստահեցրեց, որ իր ընտրած ճանապարհը հստակ է` ազատություն կամ մահ։   «Եթե այս գործով փորձում են ինձ լռեցնել, ես չեմ լռելու։ Եկեղեցուց 7 մետր այն կողմ թշնամու սահմանն է անցնում, ըստ մեր կառավարության` մենք պետք է գնանք այնտեղ ու ապահով մոմ վառե՞նք։ Եթե մի քանի մետր այն կողմ թուրքը կանգնի, այդ եկեղեցին մերը չի լինելու»,– ընդգծեց նա` խոսելով Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին, որը 7–րդ դարով է թվագրվում։   Ըստ նրա` եթե ՀՀ–ում կա մի մարդ, որ պատրաստ է թուրքի հետ ապրել, ինքը պատրաստ չէ նման քայլի գնալ։
10:48 - 23 ապրիլի, 2024
Առանց հանրաքվեի որևէ տարածքի փոփոխությունն առոչինչ է․ ՀՅԴ հայտարարություն

Առանց հանրաքվեի որևէ տարածքի փոփոխությունն առոչինչ է․ ՀՅԴ հայտարարություն

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հայտարարություն է տարածել։ Այն ներկայացնում ենք ստորև․   «Հայաստանի գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարել է պետականավնաս և քրեորեն պատժելի հերթական գործընթացի մասին, որով Տավուշի մարզից տարածքներ են հանձնվելու Ադրբեջանին:   Աջակցություն հայտնելով միակողմանի զիջումների օրակարգի դեմ Տավուշում ձևավորվող ժողովրդային հակազդեցությանը՝ արձանագրում ենք.   1. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարած սահմանազատման հարցերով հանձնաժողովն, ըստ իր ստեղծման իրավական հիմքի խորհրդակացական մարմին է, չունի որևէ լիազորություն տալ համաձայնություն կամ կայացնել որոշում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որևէ տարածք այլ պետությանը փոխանցելու կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի գիծը որոշելու հարցում: Հակառակը լիազորությունների չարաշահում է և քրեորեն պատժելի արարք.   2. Տավուշի մարզից սահմանազատման և դրա հիման վրա փաստացի սահմանագծման աշխատանքների մեկնարկման որոշումը կայացվել է ոչ միայն նման հարցերով միջազգային լավագույն փորձի լիակատար անտեսմամբ, միջազգային իրավունքով արգելված՝ ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու, Հայաստանի անվտանգությունն անտեսելու պայմաններում, այլ նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում՝ «Պետական սահմանի մասին» օրենքի կոպտագույն խախտումներով.   3. նշված տարածքները գտնվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավազորության ներքո, որտեղ գործում են Հայաստանի Հանրապետության օրենքները, տեղակայված են Հայաստանի զինված ուժերը, իսկ 2015 թվականի դեկտեմբերի 22-ից ուժի մեջ մտած Սահմանադրության 205-րդ հոդվածի հանաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով.   4. վերահաստատելով սահմանազատման և սահմանագծման համար անհրաժեշտ միաջավայրի բացակայության վերաբերյալ նախկինում մեր արտահայտված դիրքրոշումը, կրկին հիշեցնում ենք, որ երկու երկրների միջև սահմանազատումն ու սահմանագծումը միմյանց հաջորդող գործընթացներն են: Նախ, միջազգային իրավունքի համաձայն և փորձի հաշվառմամբ՝ երկու երկրների միջև պետք է իրականացվի սահմանի ամբողջական սահմանազատում (դելիմիտացիա), որի նկարագրությունը հաստատող փաստաթուղթը, երբ այն նախատեսում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որևէ տարածքի փոփոխություն, ենթակա է հանրաքվեով հաստատման: Վերջինիս առկայության դեպքում է միայն իրականացվում սահմանագծում (դեմարկացիա).   5. մինչև նշված հանրաքվեով հաստատումը՝ Հայաստանի զինված ուժերը պարտավոր են կատարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման իրենց՝ սահմանադրական գործառույթները. Ըստ այդմ, հայտարարում ենք և զգուշացնում Նիկոլ Փաշինյանին ու գործընթացում ներգրավված բոլոր անձանց, առանց հանրաքվեի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որևէ տարածքի փոփոխություն (փոխանցում այլ պետության) կամ այդ ուղղությամբ իրականացված որևէ գործողություն ոչ միայն առոչինչ է, այլ նաև համարվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործություն, որը պատժվում է ընդհուպ ցմահ ազատազրկմամբ»:  
18:19 - 22 ապրիլի, 2024
Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ
 |armenpress.am|

Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքում է շրջանառվող խոսակցությունները, թե Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում գտնվող, 6-7-րդ դարերի Սուրբ Աստվածածին եկեղեցին հանձնվելու է Ադրբեջանին։ «Արմենպրես»-ին Մհեր Գրիգորյանի գրասենյակից հավաստիացրեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները կյանքի կոչելուց հետո Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածության դեմ իրենց բողոքն արտահայտող Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի բնակիչներն ապրիլի 22-ին իրենց բողոքի ակցիան շարունակել են Ոսկեպարի եկեղեցու մոտ, որտեղ, ըստ նրանց, իրականացվում են ականազերծման աշխատանքներ, որպեսզի տարածքը հանձնեն Ադրբեջանին։ Այս համատեքստում խոսակցություններ էին շրջանառվում, որ Ոսկեպարի եկեղեցին ևս սահմանազատում իրականացնելուց հետո կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։  
17:54 - 22 ապրիլի, 2024
«Ի՞նչ խաղաղություն ա գալու, եթե թուրքին բերում են մեր գյուղ». տավուշցիները շարունակում են բողոքի ակցիաները

«Ի՞նչ խաղաղություն ա գալու, եթե թուրքին բերում են մեր գյուղ». տավուշցիները շարունակում են բողոքի ակցիաները

Պետական սահմանի սահմանազատման հարցով Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների համատեղ հայտարարությունից ու Տավուշի մարզի որոշ հատվածներում սահմանազատման գործընթաց սկսելու լուրն իմանալուց հետո տեղացիները քանի օր է՝ գիշեր-ցերեկ բողոքի ակցիաներ են իրականացնում։  Կիրանցի, Ոսկեպարի ու հարեւան գյուղերի բնակիչները, նրանց աջակցող այլ համաքաղաքացիներ փակ են պահում Աճարկուտ-Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածը, հավաքվել են նաեւ Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցու մոտ՝ կառավարող ուժից պահանջելով դադարեցնել գործընթացը։  Բեռնատարը փակել է Աճարկուտից Կիրանց մտնող ճանապարհը Սահմանազատման գործընթացի արդյունքում Երեւան-Իջեւան-Բագրատաշեն ճանապարհի մի հատվածը այլեւս հնարավոր չի լինի օգտագործել՝ այն հակառակորդի տարածքում է հայտնվելու։ Տեղացիներն ասում են՝ չեն հավատում այն հայտարարություններին, թե տարածքների զիջմամբ հնարավոր է պատերազմ կանխել ու խաղաղություն բերել։  Քաղաքացիները՝ Ոսկեպարից Կիրանց գնացող ճանապարհին Կիրանցի բնակիչ Նվարդ Սիմոնյանը, որը անցած գիշերվանից փողոցում բողոքի ակցիա է իրականացնում համագյուղացիների հետ, ասում է, սահմանը պետք է մնա այնպես, ինչպես հիմա է, ոչ թե ավելի մոտիկանան ադրբեջանական դիրքերը. «90-ական թվերին էդ սահմանի համար արյուն են թափել, սահման են գծել։ Մենք մնալու ենք, մինչեւ մեր պահանջը կատարվի։ Ի՞նչ խաղաղություն ա գալու, եթե թուրքին բերում են մեր գյուղը, տալիս են թուրքին։ Կյանքում ըտենց ճանապարհ չի եղել, էդ մոստը, որ ուզում են տան, էնքան հին ա, որ Ադրբեջանն էդքան հին չի, էդ տարածքները իրենցը չեն եղել»,- նշեց բնակիչը՝ մտահոգություն հայտնելով նաեւ, որ երբ ադրբեջանցիները ավելի մոտենան, օրը մեկին կգերեվարեն՝ «ինչպես Վագիֆին» (Վագիֆ Խաչատրյանը ԿԽՄԿ ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից տեղափոխվում էր Հայաստան, նրան ճանապարհին առեւանգել էին ադրբեջանցիները)։ Կեսօրին մոտ Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները մի մասը գնաց Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցու մոտ։ Այնտեղ մեծ թվով ոստիկաններ եւ այլ ուժայիններ էին կենտրոնացել. եկեղեցու մերձակա տարածքում սակրավորներն ականազերծման աշխատանքներ էին իրականացնում։ Այդ հատվածում են առաջ գալու ադրբեջանական ուժերը։ Ոստիկանները պատնեշ էին կազմել դաշտեզրով, որպեսզի մարդիկ չառաջանան, նրանց անվտանգությունը վտանգի տակ չլինի՝ ոչ միայն ականների պատճառով, այլ նաեւ այն, որ հակառակորդի դիրքերը այդ տեղանքին շատ մոտ են, տարածքը դիտարկվում է։ Ոստիկանները հավաքված մարդկանց, այդ թվում եւ հոգեւորականներին թույլ չէին տալիս նաեւ եկեղեցի բարձրանալ, ասում էին՝ մի երկու ժամից։ Այդ ընթացքում սակրավորները ավարտեցին աշխատանքը։ Իրավիճակը տեղում պարբերաբար լարվում էր, մարդիկ լեզվակռվի, երբեմն նաեւ քաշքշուկի մեջ էին մտնում ոստիկանների հետ, նրանք էլ ասում էին՝ իրենք հրահանգավորված են չթույլատրել։ Ուժայինների կազմած պատնեշը Ոստիկանական ուժերի պատնեշը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, որն առավոտյան Կիրանցում էր՝ ճանապարհը փակած բնակիչների մոտ, եկավ Ոսկեպար։ Ոստիկանապետը Բագրատ Սրբազանի հարցին ի պատասխան ասաց, որ մեկ ժամից եկեղեցուն կարող են մոտենալ։  Բագրատ Սրբազանը լրագրողների ու քաղաքացիների հետ զրույցում ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում, ապօրինի է, ՀՀ օրենքներին հակառակ եւ դեմ․   «Ես առաջին օրվանից ասել եմ՝ այդ մարդիկ, որ մասնակցելու են այս գործընթացին՝ վարչական ղեկավարները, ամբողջ պատասխանատվությունը իրենց վրա է։ Սա անօրինական է։ Դժբախտաբար, մենք գտնվում ենք համապարփակ ապօրինության մեջ։ Հրաման է տրված ոստիկանությանը, որ չթողնեն ժողովրդին գնալ, մենք չենք փորձում հրահրել։ Առավոտից ասում են, որ ականազերծման գործընթացներ են, եթե դա ճիշտ է, ուրեմն հանցանքը կրկնապատկվում է։ Մեր խնդիրը լինելու է էս ապօրինությունը վերացնելը, մենք պետք է հասնենք ճշմարտությանը»։ Ոսկեպարի եկեղեցին Ի վերջո, երբ սակրավորներն արդեն հեռացել էին, մարդիկ հոգեւորականների ուղեկցությամբ բարձրացան եկեղեցի, որտեղ եւ Սրբազանը խոսք հնչեցրեց ու աղոթք կարդաց։ Ոստիկանները, սակայն, չհամաձայնեցին, որ լրագրողները նկարահանում անեն եկեղեցու տարածքում։  Քաղաքացիները երկու տեղերում էլ շարունակում են բողոքի ակցիան։ Նրանք սպասում են վարչական ղեկավարները ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպման արդյունքներին։   Հայարփի Բաղդասարյան
17:45 - 22 ապրիլի, 2024
Ոստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է կանգնեցրել Տավուշ մեկնող մեքենաներին

Ոստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է կանգնեցրել Տավուշ մեկնող մեքենաներին

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է այսօր կանգնեցրել Տավուշ մեկնող մեքենաների, ինչի մասին հայտարարել էր «Ազգային ժողովրդական բեւեռ»-ը։ Վերջինս տեսանյութ էր հրապարակել՝ գրելով, որ ոստիկանները խոչընդոտներ են ստեղծում՝ արգելելով քաղաքացիներին գնալ Տավուշ։ Տեսանյութում լսվում է, որ ոստիկանները կանգնեցնում են վարորդներին, ստուգումներ իրականացնում՝ նշելով, որ «մեքենաները իրար հետեւից շարժվում են, դա համարվում է колонна, որը օրենքով չի թույլատրվում»։ Տեսանյութի վերջում ոստիկաննեը հորդորում են երթեւեկությունը շարունակել իրարից հեռու-հեռու, ինչին ի պատասխան՝ քաղաքացիները ասում են, որ ավտոշարասյունը ինքնաբերաբար էր ստացվել։ «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան՝ ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ կանգնեցվել է ընդամենը 2 մեքենա․ մեկը՝ քանի որ եղել է ԴԱՀԿ-ով հետախուզման մեջ, մյուսը՝ քանի որ ծրագիրը ցույց է տվել, որ վարորդը վկայական չունի, սակայն պարզվել է, որ ղեկին այլ մարդ է, որը վկայական ունեցել է․ «Այդ մեքենաներից հետո մոտ 10 մեքենա է եկել, կանգնել, որոնց ոստիկանությունը չի կանգնեցրել»,- ասաց Գաբրիելյանը։ Նրա խոսքով՝ հետախուզվող մեքենան տեղափոխվել է ԴԱՀԿ։ Ինչ վերաբերում է Ազգային ժողովրդական բեւեռ»-ի աջակից Միսակ Կեպենյանին, վերջինս բերվել է ոստիկանություն՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար (ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 182-րդ հոդված)։ Գաբրիելյանի խոսքով՝ Կեպենյանը մեքենայով փակել է ճանապարհի երթեւեկելի հատվածը, իսկ ոստիկանները նրան զգուշացրել են մեքենան դուրս բերել երթեւեկելի գոտուց, ինչին էլ նա չի ենթարկվել եւ տարվել է Հրազդանի բաժին։ Ոստիկանություն տարված այլ անձ այս պահին չկա։  
17:28 - 22 ապրիլի, 2024
Կան ուժեր, որոնք չեն ցանկանում ՀՀ սահմանների կայունությունը և անվտանգության մակարդակի բարձրացումը. Վլադիմիր Վարդանյան
 |news.am|

Կան ուժեր, որոնք չեն ցանկանում ՀՀ սահմանների կայունությունը և անվտանգության մակարդակի բարձրացումը. Վլադիմիր Վարդանյան |news.am|

news.am: Կան ուժեր, որոնք չեն ցանկանում ՀՀ սահմանների կայունությունը և անվտանգության մակարդակի բարձրացումը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Տավուշում սկսված սահմանազատման գործընթացին։ «Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, բայց հատկապես վտանգավոր են այն դրվագները, երբ, օրինակ, որոշ ուժեր փորձում են միջամտելու արդյունքում վիժեցնել գործընթացը»,- նկատեց պատգամավորը: Դիտարկմանը, թե տավուշցիներն էլ են ընդվզում, ասում, որ ադրբեջանցիները մոտեցել են իրենց տներին, Վարդանյանն արձագանքեց. «Եթե ինչ-որ մեկը չի եղել Նախիջևանի սահմանին, ապա ասեմ՝ այնպես չէ, որ Երևանից Ադրբեջանը շատ հեռու է: Որևէ մեկը չի ցանկանում թշնամուն բերել ՀՀ տարածք, մենք պետք է ելնենք այն սկզբունքից, որ պետք է ունենանք հստակ և իրավականորեն հիմնավորված փոխընդունելի սահմանազատված սահման՝ հիմք ընդունելով այն վարչական սահմանները, որոնք եղել են ԽՍՀՄ փլուզման օրը։ Եթե ինձ ցույց տաք Ալամաթիի հռչակագրի շրջանակում ՀՀ ինքնիշխանության ներքո գտնված որևէ տարածք, որը ՀՀ-ն Տավուշում զիջում է հիմա, ապա դուք կարող եք իրավացի դուրս գալ, բայց նման քարտեզ չեք կարող ցույց տալ։ Շատ հստակ եմ ասում՝ սա գիծն է, այս գծից այս կողմ իմն է, այս գծից այն կողմ իմը չէ, և որևիցե քննարկում այստեղ չի կարող լինել»: Հիշեցնենք, որ քաղաքացիները ապրիլի 20-ից փակ են պահում Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածության դեմ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին» կից աշխատանքային խումբ: Այսօր Ոսկեպարում ժողովուրդը փորձում էր թույլ չտալ ականազերծել եկեղեցուց քիչ հեռու գտնվող տարածքը։ Եկեղեցին 7-րդ դարի եկեղեցի է։ Սահամազատումից հետո այն անցելու է Ադրբեջանի տիրապետության ներքո։  
16:38 - 22 ապրիլի, 2024
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Տավուշի մարզ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Տավուշի մարզ

Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ապրիլի 22-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։ Ինչպես տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին՝ Նարեկ Ղուշչյանը ներկայացրել է Տավուշի մարզը, մարզի զարգացման առաջնահերթությունները, անդրադարձել Ֆրանսիայի տարբեր կառույցների ու քաղաքների հետ համագործակցությանը։ Դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ տպավորված է մարզի բնությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Ֆրանսիայի Օ Դը Սեն նահանգի հետ համագործակցությանը, անվտանգային, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության շրջանակները ընդլայնելու հարցերին։ Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությունն այցելել է «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի Լուսաձորի անասնապահական համալիր, ծանոթացել ֆերմայի արտադրական հնարավորություններին ու արտադրանքին։  
16:06 - 22 ապրիլի, 2024
ԵԿՄ մեքենայից ցուցարարների ուղղությամբ դուրս թռչելու դրվագը եւս քննության առարկա է․ ՔԿ

ԵԿՄ մեքենայից ցուցարարների ուղղությամբ դուրս թռչելու դրվագը եւս քննության առարկա է․ ՔԿ

Տավուշի մարզում առերեւույթ խուլիգանության առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում քննության առարկա է նաեւ Բագրատաշեն տանող ճանապարհին «Երկրապահ կամավորական միության» մեքենայից ցուցարարների ուղղությամբ դուրս թռչելու դրվագը։ Այս մասին «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Նշենք, որ «Մարտական եղբայրություն» կազմակերպությունը երեկ տեսանյութ էր հրապարակել, որտեղ երեւում էր, որ ԵԿՄ պարբերանշանով մի ավտոմեքենա վարում է ճանապարհը փակած եւ պատնեշ կազմած ցուցարարների ուղղությամբ։ Չնայած ոստիկանների ներկայությանը՝ կողմերի միջեւ սկսվել էին բախումներ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ այսօր տարածած հաղորդագրության՝ Տավուշի Հաղթանակ բնակավայրում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերեւույթ խուլիգանական արարքներ կատարելու առթիվ ձերբակալվել են «Մարտական եղբայրության» 7 անդամներ։ Կազմակերպությունը հայտարարել է, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Մեր զրույցում Աբրահամյանը նշեց, որ ձերբակալված անձանց շրջանակը հաղորդագրության մեջ նշված է, մնացածի գործողությունները եւս քննության առարկա են։
15:55 - 22 ապրիլի, 2024
Տավուշի մարզը նոր դատախազ ունի. Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Տավուշի մարզը նոր դատախազ ունի. Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի ապրիլի 8-ի, 9-ի, 17-ի, 18-ի, 19-ի և 22-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ  Արմեն Մուրադյանը փոխադրվել է Տավուշի մարզի դատախազի պաշտոնին: Շիրազ Գրիգորյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից։ Մարատ Հակոբյանը նշանակվել  է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից։ Հարություն Մաշադյանը նշանակվել  է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից: Ծովակ Մնացականյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից: Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Վաչե Ղազարյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության  բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի  պաշտոնին: Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Կարապետ Համբարձումյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Գայանե Աղաջանյանը փոխադրվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին։ Կարեն Սուքիասյանը  նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատելով Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից։ Տավուշի մարզի դատախազ Գոռ Ալոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Արթուր Դանիելյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնից: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Մանյա Գալուստյանը փոխադրվել է նույն վարչության դատախազի պաշտոնին: Արգամ Դալլաքյանը նշանակվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազի պաշտոնից: Ռիտա Հարությունյանը նշանակվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: Սպարտակ Մնացականյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնից։ Արթուր Հեբոյանը նշանակվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի ապրիլի 23-ից: Դավիթ Ներսիսյանը նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնից: Մարիա Հովհաննիսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն  մարզի դատախազության դատախազի պաշտոնից: Արեգ Հարությունյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից: Հովհաննես Բաղյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից: Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Մերի Ցականյանը փոխադրվել է Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին: Նարեկ Արշակյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից: Հարություն Անդրեասյանը նշանակվել է Սյունիքի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից: Հրաչյա Մարգարյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից: Թիվ 2 կայազորի զինվորական դատախազության դատախազ Կարապետ Սմբատյանը փոխադրվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Շիրակի կայազորի զինվորական դատախազության դատախազ Կարապետ Մկրտչյանը փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին: Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Արմինե  Սարգսյանը փոխադրվել է Շիրակի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
15:33 - 22 ապրիլի, 2024
Այն, ինչ տեղի է ունենում, ապօրինի է, ՀՀ օրենքներին հակառակ եւ դեմ. Բագրատ Սրբազան

Այն, ինչ տեղի է ունենում, ապօրինի է, ՀՀ օրենքներին հակառակ եւ դեմ. Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, որը քիչ առաջ Կիրանցում էր՝ ճանապարհը փակած բնակիչների մոտ, այժմ եկել է Ոսկեպար։ Ոստիկանապետ Հակոբյանից նա հետաքրքվեց՝ ինչ է կատարվում այստեղ, որովհետեւ տարբեր բաներ է լսել։ Ոստիկանապետը ասաց, որ իրենք հասարակական կարգ են պահում եւ անվտանգություն, իսկ թե մյուս կողմում՝ եկեղեցու մոտակայքում, ինչ է կատարվում, չեն կարող ասել (սակրավորները եկեղեցու շրջակայքում ականազերծման աշխատանքներ էին կատարում-խմբ.)։ Ոստիկանապետը Սրբազանին ասաց, որ մեկ ժամից եկեղեցուն կարող են մոտենալ։ Մեկ ժամ առաջ նույնը ասել էին նաեւ քաղաքացիներին։  Բագրատ Սրբազանը լրագրողների ու քաղաքացիների հետ զրույցում ասաց, ու այն, ինչ տեղի է ունենում, ապօրինի է, ՀՀ օրենքներին հակառակ եւ դեմ։ «Ես առաջին օրվանից ասել եմ՝ այդ մարդիկ, որ մասնակցելու են այս գործընթացին՝ վարչական ղեկավարները, ամբողջ պատասխանատվությունը իրենց վրա է։ Սա անօրինական է։ Դժբախտաբար, մենք գտնվում ենք համապարփակ ապօրինության մեջ։ Հրաման է տրված ոստիկանությանը, որ չթողնեն ժողովրդին գնալ, մենք չենք փորձում հրահրել։ Առավոտից ասում են, որ ականազերծման գործընթացներ են, եթե դա ճիշտ է, ուրեմն հանցանքը կրկնապատկվում է։ Մեր խնդիրը լինելու է էս ապօրինությունը վերացնելը, մենք պետք է հասնենք ճշմարտությանը»։
14:21 - 22 ապրիլի, 2024