Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահն է։ 

Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:

1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի  Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնները:

1992-1996թթ․ եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:

1996-1997թթ․ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն,  Եվրասիական ամենամյա մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum)  էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) պատվավոր փոխնախագահ, Եվրաատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:

2000-2013թթ․ Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:

2013-2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

Հրաժարական է ներկայացրել 2022թ. հունվարի 21-ին:

Անկախ իրավիճակներից՝ մեր բանակը եղել ու մնում է մեր անվտանգության և ինքնության երաշխավորն ու պահապանը․ ՀՀ նախագահի ուղերձը

Անկախ իրավիճակներից՝ մեր բանակը եղել ու մնում է մեր անվտանգության և ինքնության երաշխավորն ու պահապանը․ ՀՀ նախագահի ուղերձը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Բանակի օրն է. հայկական զինված ուժերը դառնում են 30 տարեկան: Անկախ իրավիճակներից՝ մեր բանակը եղել ու մնում է մեր անվտանգության և ինքնության երաշխավորն ու պահապանը: Երախտագիտությամբ ու խոնարհումով հիշենք ու ոգեկոչենք բոլոր նրանց, ովքեր պայքարել ու մարտնչել են մեր Հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի համար, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել մեր անկախության և ազատության համար։ Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին... Բոլորիդ հետ միասին անհամբեր սպասում եմ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Մենք պետք է շարունակենք մեր ջանքերը նրանց՝ հայրենիք վերադարձնելու և անհետ կորածների արագ հայտնաբերման ուղղությամբ: Բոլորս պետք է միասնական լինենք բանակի հետ, ամուր պահենք նրա թիկունքը և ամրացնենք այն, համախմբվենք բանակի շուրջ: Բանակն ու կրթությունը մեր պետականության կարևորագույն հիմնաքարերն են: Աշխարհն արագորեն փոխվում է, և մեզնից է կախված, թե ինչպես օգտագործել այդ փոփոխություններն ի շահ մեր պետականության ու ժողովրդի: Դրա համար մեզ պետք է ունենալ կրթված և հայրենիքի պաշտպանությանն ամեն ինչով պատրաստ քաղաքացի, կազմակերպված, կարգապահ, տեխնիկապես հագեցած ու տեխնոլոգիապես զարգացած և մարտունակ զինված ուժեր, մրցունակ ու զարգացող տնտեսություն, և իհարկե, հասարակություն, որը պատրաստ է ամեն ինչով և ամեն պահի աջակից լինել բանակին: Սիրելի՛ զինծառայողներ, Ձեզնից յուրաքանչյուրը բանակի յուրահատուկ առանցքն է: Հայրենիքը, մենք բոլորս հույսով ու հավատով, հարգանքով, հպարտությամբ ու վստահությամբ ենք նայում ձեզ, և ձեզ հետ միասին նոր հաղթանակներ ենք կերտելու: Փա՛ռք Հայոց բանակին»։
13:30 - 28 հունվարի, 2022
Ինձ իշխանությունից որևէ առաջարկ չի արվել. Էդմոն Մարուքյանը՝ նախագահի պաշտոնում իր թեկնածության քննարկումների մասին |armenpress.am|

Ինձ իշխանությունից որևէ առաջարկ չի արվել. Էդմոն Մարուքյանը՝ նախագահի պաշտոնում իր թեկնածության քննարկումների մասին |armenpress.am|

armenpress.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը շնորհակալ է բոլոր այն մարդկանցից, ովքեր պարբերաբար տեսնում են իրեն տարբեր բարձր պաշտոններում, այդ թվում՝ Հանրապետության նախագահի, սակայն քանի դեռ Արմեն Սարգսյանի հրաժարականը ընդունված չէ, Մարուքյանն անլուրջ է համարում Հանրապետության նախագահի պաշտոնում իր թեկնածության հարցը քննարկելը: Այդ մասին նա ասել է Եռաբլուր զինվորական պանթեոնում, որտեղ այցելել էր Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքին նվիրաբերած հերոսների հիշատակին: «Քանի դեռ Հանրապետության նախագահի հրաժարականը ընդունված չէ, Արմեն Սարգսյանը գործող նախագահն է, այսօր ուղերձով է հանդես եկել Բանակի օրվա առիթով, հետևաբար անլուրջ է ընդհանրապես նման հարց քննարկելը: Մյուս կողմից նաև շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր անընդհատ ինձ տեսնում են տարբեր բարձր պաշտոններում», - նշել է «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը: Մարուքյանի խոսքով՝ այդպիսի առաջարկ իրեն չի եղել և չէր էլ կարող լինել: Նա վստահ է, որ իշխանությունները այս պահի դրությամբ դեռ չեն էլ քննարկել այդ հարցը: «Ինձ իշխանությունից որևէ առաջարկ չի արվել, որ պատկերացնեմ կամ չպատկերացնեմ: Դա սխալ քննարկում է», - հավելել է Էդմոն Մարուքյանը:
13:17 - 28 հունվարի, 2022
Իմ հրաժարականը չի խոչընդոտի նախաձեռնած ծրագրերի հաջող իրագործմանը և «Լեգենդների խաղը» ՀՀ-ում անցկացնելուն. Արմեն Սարգսյանը նամակ է հղել FIFA-ի նախագահին

Իմ հրաժարականը չի խոչընդոտի նախաձեռնած ծրագրերի հաջող իրագործմանը և «Լեգենդների խաղը» ՀՀ-ում անցկացնելուն. Արմեն Սարգսյանը նամակ է հղել FIFA-ի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել FIFAի -ի (Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա) նախագահ Ջաննի Ինֆանտինոյին՝ նշելով, որ նախագահի պաշտոնից իր հրաժարականը չի խոչընդոտի իր նախագահության ընթացքում նախաձեռնած ծրագրերի հաջող իրագործմանը և, մասնավորապես, «Լեգենդների խաղը» Հայաստանում անցկացնելուն վերաբերող պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը: Հայաստանում «Լեգենդների խաղը»՝ նախկին և ներկա աշխարհահռչակ լեգենդար ֆուտբոլիստների ընկերական խաղ կազմակերպելու հնարավորությունը նախագահ Արմեն Սարգսյանը Ջաննի Ինֆանտինոյի հետ քննարկել էր անցած տարեվերջին Կատարում ունեցած հանդիպման ընթացքում, որից հետո նրան ուղարկված շնորհակալական նամակում մասնավորապես նշել էր.«Վստահ եմ՝ մենք FIFA-ի և Հայաստանի միջև արդյունավետ համագործակցություն սկսելու հիմք ենք ստեղծել: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս FIFA-ի և FIFA-ի հիմնադրամի հետ համագործակցությանը, որը խոստանում է աշխարհում ամենասիրված մարզաձևի՝ ֆուտբոլի միջոցով համագործակցության նոր հեռանկարներ բացել՝ վերափոխելու մեր տարածաշրջանն ապրելու համար ավելի խաղաղ, արդար ու հանդուրժող շրջանի: Արցախում պատերազմից և Հայաստանում դրա հետևանքներից հետո այդ առաքելությունն այսօր կարևոր է առավել քան երբևէ: Ինչպես գիտեք, ես բարձր եմ գնահատում անհատի սոցիալական կյանքում սպորտի դերակատարումը: Անհատի համար սպորտի օգտակարությունը զուտ ֆիզիկական տեսանկյունից շատ ավելին է: Այն ձևավորում է բնավորություն, սովորեցնում է ռազմավարական և վերլուծական մտածողություն, զարգացնում է առաջնորդության որակներ»: Հրաժարականի դիմումից հետո նախագահ Սարգսյանը կրկին նամակով դիմել է նախագահ Ջաննի Ինֆանտինոյին, որում մասնավորապես ասվում է. «Իմ այս որոշումը չի խոչընդոտի, որ շարունակեմ իմ ներդրումն ունենալ նախագահությանս ընթացքում նախաձեռնած ծրագրերի հաջող իրագործման գործում: Իմ ողջ կյանքի առաքելությունն է ու ինձ համար պատիվ է աշխատել հանուն Հայաստանի բարգավաճման, և դա չի ավարտվում պաշտոնով: Ուրախ կլինեմ շարունակել մեր բարեկամությունն ու համագործակցությունն անձամբ Ձեր և FIFA-ի հետ: Հանձնառու եմ նպաստել Երևանում ծրագրված «Լեգենդների խաղ» հանդիպմանը: Կարծում եմ, որ այս նախաձեռնությունը մեծ ազդեցություն կունենա Հայաստանում սպորտի զարգացման համար՝ ի բարօրություն մեր երիտասարդության և հանուն տարածաշրջանում խաղաղության»: Նախագահ Սարգսյանն առաջարկել էր «Լեգենդների խաղն» Հայաստանում անցկացնել այս տարվա ընթացքում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի և «STARMUS-6» փառատոնի հետ միաժամանակ: 
16:54 - 27 հունվարի, 2022
Այս պահի դրությամբ որևէ որոշում չկա․ Աղաջանյանը՝ նախագահի թեկնածու առաջադրելու մասին

Այս պահի դրությամբ որևէ որոշում չկա․ Աղաջանյանը՝ նախագահի թեկնածու առաջադրելու մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այս պահի դրությամբ նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ որոշում չունի։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշատական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, ըստ որի «Քաղաքացիական պայմանագիր»-ը նախագահի պաշտոնում մտադիր է առաջադրել վարչապետի աշխտակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը։ «Ոչ, այս պահի դրությամբ որևէ որոշում չկա։ Քննարկվում են տարբեր թեկնածուների հնարավորություններ։ Քննարկումները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև որոշումը կկայացվի, բնականաբար, սահմանված ժամկետների շրջանակներում»։ Հունվարի 23-ին հայտնի դարձավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին։ Հրաժարականի հրապարակումից հետո 1 շաբաթվա ընթացքում Արմեն Սարգսյանը գրավոր դիմումով հետ վերցնելու իրավունք ունի, իսկ հետ չվերցնելու դեպքում  նրա լիազորությունների դադարման մասին կկազմվի արձանագրություն, որը կստորագրի և կհրապարակի ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: 
16:53 - 27 հունվարի, 2022
Հանրապետության նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել դավադրության տեսությունների և քաղաքական առասպելաբանության դրսևորումները. հայտարարություն

Հանրապետության նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել դավադրության տեսությունների և քաղաքական առասպելաբանության դրսևորումները. հայտարարություն

ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքական գործիչների, քաղաքագետների, ներկա կամ նախկին պատգամավորների, վերլուծաբանների և «կանխատեսողների» կողմից հնչում են տարբեր մտքեր, պնդումներ և համոզմունքներ, ներկայացվում են տարբեր մտացածին պատմություններ ու պատումներ: Հանրապետության նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել դավադրության տեսությունների և քաղաքական առասպելաբանության այդ դրսևորումները: Նախագահ Արմեն Սարգսյանի մտահոգությունները վերաբերել և վերաբերում են պետության առջև ծառացած իրական խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց դիմակայելն ու լուծման ճանապարհներ գտնելն այսօրվա և բոլորի գերխնդիրն է»:
17:25 - 26 հունվարի, 2022
Նախագահի հրաժարականի բուն պատճառները հստակ և ամբողջական ներկայացված են․ ՀՀ նախագահականի արձագանքը՝ «Հետք»-ի հրապարակմանը

Նախագահի հրաժարականի բուն պատճառները հստակ և ամբողջական ներկայացված են․ ՀՀ նախագահականի արձագանքը՝ «Հետք»-ի հրապարակմանը

 ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարությամբ անդրադարձել է այդ պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականին և նրա մասին ԶԼՄ-ներից մեկում լույս տեսած հրապարակմանը։ Հայտարարության մեջ նշված է. «Հանրապետության նախագահի հրաժարականի հայտարարությամբ Արմեն Սարգսյանը հանրության ուշադրությունը հրավիրեց պետության առջև ծառացած իրական խնդիրների և մարտահրավերների վրա՝ բնութագրելով երկրում ստեղծված իրավիճակը որպես համազգային ճգնաժամ: Ցավոք, «Հետք»-ի և նմանատիպ հրապարակումներով փորձ է կատարվում հանրության ուշադրությունը կրկին շեղել կեղծ օրակարգով: Ուստի մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ պահի գնահատականը և նախագահի հրաժարականի բուն պատճառները հստակ և ամբողջական ներկայացված են հրաժարականի հայտարարության տեքստում»:
19:35 - 25 հունվարի, 2022
«Պատիվ ունեմ» խմբակցությունը նախագահի թեկնածու առաջադրելու կամ չառաջադրելու դիրքորոշում դեռևս չունի |armenpress.am|

«Պատիվ ունեմ» խմբակցությունը նախագահի թեկնածու առաջադրելու կամ չառաջադրելու դիրքորոշում դեռևս չունի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու կամ չառաջադրելու հարցով այս պահին դեռ հաստատված դիրքորոշում չունի:  Այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցերին, թե կա՞ն արդյոք քննարկումներ՝ թեկնածու առաջադրել-չառաջադրելու վերաբերյալ և ո՞ր խմբակցության հետ են իրենք պատրաստվում համագործակցել: «Մեր խմբակցությունը և խմբակցությունը ներկայացնող ուժերը, բնականաբար, առաջին հերթին պետք է այդ քննարկումները տանեն իրական ընդդիմադիր ուժերի հետ՝ հասկանալու թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, նաև իշխանության ներկայացրած թեկնածուի նկատմամբ իրենց դիրքորոշումը դրսևորելու վերաբերյալ: Այս պահին չկան հաստատված թեկնածուներ, մենք չունենք հաստատված դիրքորոշում՝ առաջադրելո՞ւ ենք, թե չենք առաջադրելու»,- ասաց Աբրահամյանը: Նա խոստացավ, որ խմբակցությունն առաջիկայում հանդես կգա լրացուցիչ պարզաբանումներով: Աբրահամյանը միևնույն ժամանակ բացառեց այս հարցում իշխող ուժին աջակցելը:
12:43 - 25 հունվարի, 2022
Քննարկման փուլում ենք, առաջիկայում կներկայացնենք մեր որոշումը․ Արծվիկ Մինասյանը՝ նախագահի թեկնածու առաջադրելու մասին |tert.am|

Քննարկման փուլում ենք, առաջիկայում կներկայացնենք մեր որոշումը․ Արծվիկ Մինասյանը՝ նախագահի թեկնածու առաջադրելու մասին |tert.am|

tert.am: Մենք ներկայումս քննարկման փուլում ենք։ Մի քանի չափանիշներ նկատի առնելով՝ առաջիկայում ավելի կոնկրետ կհայտարարենք։ Այս մասին ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով հարցին՝ քննարկու՞մ են նախագահի թեկնածուի տարբերակներ, առաջադրման հարց։ Հարցին՝ քննարկում են առաջադրելու՞ են, թե՞ ոչ, Մինասյանն արձագանքեց՝ միանշանակ։ «Այն չափանիշները, որոնք ամրագրված են նաև Սահմանադրությամբ և ենթադրում են նախագահի կարգավիճակի՝ համազգային նպատակների հետապնդող և համախմբում ապահովող անձին բնորոշ չափանիշներ, բնականաբար թեկնածության և առաջադրման մասով կներկայացնենք մեր որոշման մասին»,-ասաց նա։ Դիտարկմանը, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նախագահը պետք է ներդաշնակ լինի իշխող ուժի հետ, Մինասյանն արձագանքեց, թե առաջիկայում ավելի հստակ կներկայացնեն իրենց չափանիշները։ «Նիկոլ Փաշինյանի խոսքը վերաբներում էր իր իշխանությանը, և ակնհայտ էր, որ այս խոսքի մեջ չկար այն հիմնական նպատակադրումը, որն անհրաժեշտ է մեր այսօրվա վիճակից դուրս գալու համար։ Նախագահը չի կարող միայն քաղաքական մեծամասնության «սրտի» նախագահը լինել»,-ասաց Մինասյանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի կարծիքով էլ՝ Փաշինյանի այդ հայտարարությունը նշանակում է, որ նա որպես ՀՀ նախագահ ուզում է տեսնել մեկին, որն ընդհանրապես որևէ առարկություն չի հնչեցնի որևէ հարցի վերաբերյալ։ «Այսինքն՝ մարդ, որը լուռ կլինի և անհաղորդ կլինի երկրում ստեղծված իրավիճակին»,-նշեց պատգամավորը։
12:37 - 25 հունվարի, 2022
Քանի դեռ նախագահը հրաժարականի դիմումը հետ վերցնելու հնարավորություն ունի, ՔՊ-ում թեկնածուի քննարկում չկա |armenpress.am|

Քանի դեռ նախագահը հրաժարականի դիմումը հետ վերցնելու հնարավորություն ունի, ՔՊ-ում թեկնածուի քննարկում չկա |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների վստահեցմամբ՝ խմբակցությունում դեռևս նախագահի թեկնածուի վերաբերյալ քննարկումներ չկան, քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը 7-օրյա ժամկետում հրաժարականի դիմումը հետ վերցնելու հնարավորություն ունի: Խմբակցության պատգամավորներն այս մասին ասացին ԱԺ ճեպազրույցում: Պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց, որ այս պահին ընթացող իրավակարգավորումներով ՀՀ-ն ունի փաստացի նախագահ, այպիսով ժամանակավրեպ են համարում այսպիսի իրավիճակում նախագահի թեկնածուի հարց քննարկելը: Օրենքը 7-օրյա ժամկետում հրաժարականի դիմումը հետ վերցնելու հնարավորություն է տալիս: «Կանդրադառնանք այն պահին, երբ այդ պաշտոնը թափուր կլինի, իսկ պաշտոնն այս պահին թափուր չէ»,- ասաց Պապոյանը: Նրա խոսքով՝ թեկնածուն կլինի այն մարդը, ում կընտրի ՔՊ խմբակցությունը: Նա չի կարող ընդդիմության փոխարեն ասել՝ ընդդիմադիրները թեկնածու կառաջադրեն, թե ոչ: Բայց քանի որ ընտրողն ըստ էության ՔՊ խմբակցությունն է, այսինքն՝ միայն այդ խմբակցությունը կարող է նախագահ ընտրել, հետևաբար հանրապետության նախագահ կլինի այն մարդը, որը կլինի մեր խմբակցության թեկնածուն»,- ասաց նա: Վահագն Հովակիմյանն ասաց, որ քանի դեռ նախագահը կարող է ետ վերցնել դիմումը, պաշտոնական մակարդակում սկսել քննարկել թեկնածուի հարցը ինստիտուտի նկատմամբ ճիշտ չեն համարում: «Նախագահը, օրենսդրությամբ իրեն տրված հնարավորությամբ, իրավունք ունի ետ վերցնելու դիմումը: Իսկ առաջադրումների փուլը պետք է սկսի այդ 7-օրյա ժամկետն ավարտվելուց հետո, երբ ԱԺ նախագահը պաշտոնապես կհրապարակի նախագահի հրաժարականը: Դրանից հետո օրենսդրությունը 5-օրյա ժամկետ է տալիս թեկնածուների առաջադրման համար: Այդ 5-օրյա ժամկետում արդեն տեղի կունենան պաշտոնական քննարկումները»,- ասաց պատգամավորը: Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Այս պահին, քանի դեռ Հանրապետության նախագահը դիմումը ետ վերցնելու հնարավորություն ունի, մեր խմբակցությունում քննարկումներ չկան: Այո, բնական է, որ կան որոշակի քննարկումներ՝ մոտեցումների, չափանիշների շուրջ, բայց դրանք որևէ կերպ թեկնածուի քննարկում չի կարելի անվանել»:
12:21 - 25 հունվարի, 2022
Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին իմացել եմ հրապարակայնացումից ժամեր առաջ․ Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին իմացել եմ հրապարակայնացումից ժամեր առաջ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ առցանց ասուլիսի ընթացքում պատասխանեց նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին հարցին։ Փաշինյանն ասաց, որ հրաժարականի մասին ժամեր առաջ է իմացել․ «Ես դրա մասին իմացել եմ հրապարակայնացումից ընդամենը ժամեր առաջ, մոտավորապես 3.5 ժամ առաջ։ Նա հրապարակումից ժամեր առաջ, 3.5 ժամ առաջ զանգահարել է ինձ և մենք խոսել ենք այդ մասին։ Ես Հանրապետության նախագահին հարցրել եմ, թե ինքը ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե՞ ինքը ինձ տեղեկացնում է, որ ինքը կայացրել է որոշում, այսինքն՝ ես փորձել եմ հասկանալ՝ այդ որոշումը քննարկման ենթակա է, թե քննարկման ենթակա չէ, որից հետո ինքը ասել է, որ ինքը կայացրել է որոշում և ես այս համատեքստում չեմ կարծում, թե ես պիտի ասեմ՝ ինչն է բավարար, ինչը բավարար չէ»։ Փաշինյանն ասաց, որ ինքը և Արմեն Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ են ունեցել․ «Նաև ուզում եմ ընդգծել, որ 2018 թ․-ից հետո, երբ Արմեն Սարգսյանը ընտրվել Հանրապետության նախագահ, հետո ես ընտրվել եմ Հանրապետության վարչապետ, այդ ժամանակներից ի վեր Սահմանադրության մեջ որևէ դրույթի փոփոխություն տեղի չի ունեցել։ Համենայնդեպս, նախագահի լիազորությունների մասով, այնտեղ մի փոփոխություն մենք ունեցել ենք Սահմանադրական դատարանի մասով։ Նկատի ունեմ այս ողջ ընթացքում կանոնների փոփոխություն տեղի չի ունեցել, ես նախկինում էլ այդ թեմայով անդրադարձել եմ։ Հրաժարականների դրդապատճառների մասին այնտեղ կան որոշակի բացատրություններ, և ես կարծում եմ, որ ինքս էլ այդ բացատրությունները ընդամենը ընդունում եմ ի գիտություն ու պատեհ չեմ համարում, որ ես մեկնաբանեմ՝ ինչն է բավարար, ինչը բավարար չէ, որովհետև յուրաքանչյուր անձ, պաշտոնյա, այդ թվում՝ բարձրաստիճան պետական պաշտոնյա ինքն է որոշում ի վերջո  փաստարկների կշռելու մեթոդաբանությունը»։  
20:36 - 24 հունվարի, 2022
Արմեն Սարգսյանի ստերի բուրգը փլվեց. նախագահը ստիպված է հրաժարական տվել |hetq.am|

Արմեն Սարգսյանի ստերի բուրգը փլվեց. նախագահը ստիպված է հրաժարական տվել |hetq.am|

hetq.am: Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմումում մի քանի պատճառ է նշել, սակայն կարծում ենք, որ դրանք քիչ առնչություն ունեն իր հրաժարականին։ Մեր կարծիքով, հրաժարականի պատճառը մեկն է՝ նա այլ երկրի քաղաքացի էր առնվազն մինչեւ նախագահ դառնալը: Երբ Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագիծը (OCCRP) նախագահ Արմեն Սարգսյանին այլ երկրի քաղաքացի լինելու մասին հարցում ուղարկեց, նա ապացույցներ ուզեց: Նշենք, որ այդ երկիրը Միացյալ Թագավորությունը չէ, որի քաղաքացի էր Արմեն Սարգսյանը և որի մասին նրա ընտրվելուց առաջ հայտնի դարձավ: Արմեն Սարգսյանը Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել։ Մենք տեղեկություն ունեինք, որ նախագահն ուներ Սենթ Քիթս և Նևիսի անձնագիր, ինչը հաստատվեց Սարգսյանի հետ նամակագրության ընթացքում։ Հետաքննության մանրամասներն այս փուլում չենք կարող ներկայացնել, քանի որ այն անդրսահմանային հետաքննություն է և դեռ ավարտված չէ: Երեկ՝ հունվարի 23-ին, Հայաստանի նախագահը հրաժարականի մասին հայտարարություն տարածեց: Ուշագրավ մի փաստ կա՝ այդ հայտարարությունից առաջ նա պատասխանել էր Սենթ Քիթս և Նևիսի իր քաղաքացիության մասին մեր մի շարք հարցերին: Այդ ժամանակ նա պաշտոնական այցով Արաբական Միացյալ էմիրություններում էր: Այնտեղից մեկնեց արձակուրդ առողջական խնդիրների պատճառով: Իսկ հրաժարական տվեց՝ այդպես էլ Հայաստան չվերադառնալով:   Երբ ապացույցներ տրամադրելու իր խնդրանքին ի պատասխան մենք փոխանցեցինք մեր ձեռքի տակ եղած նրա անձնագրային տվյալները, Արմեն Սարգսյանն իր վարկածն առաջ քաշեց: Վարկածում նա նշում է, թե տարիներ առաջ ներդրումներ է արել այդ երկրում։ Նամակագրության մեջ նախագահը խոստովանել է, որ մասնաբաժին է ունեցել Սենթ Քիթս և Նևիսի հյուրանոցներից մեկում։ Ըստ պնդման՝ նա մասնաբաժինը փոխանցել է իր ընտանիքի անդամներից մեկին մինչև 2013 թ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան դառնալը։ Սենթ Քիթս և Նևիսում ներդրումների դիմաց քաղաքացիություն ստանալու ծրագիր կա, և Սարգսյանն ասում է, թե առանց իր իմացության է ինքն այդ ծրագրով քաղաքացի դարձել: Մեզ ուղղած իր պատասխանում նա նշել է. «...իմ շարժառիթը ներդրումներ անելն էր, իսկ անձնագիրն ինձ ընդհանրապես չէր հետաքրքրում»։  Ըստ Սարգսյանի պնդման՝ 2013-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան նշանակվելուց առաջ հանձնարարել է իր իրավաբանին Սենթ Քիթս և Նևիսի անձնագիրը վերադարձնել պետությանը։  Շարունակելով վարկածը՝ Սարգսյանը նշել է, թե 2017-ին, երբ իրեն առաջարկ էր արվել ՀՀ նախագահ դառնալ, պարզել էր, որ վերոնշյալ հանձնարարությունը չի կատարվել։ Պարզվել է նաև, որ այն անձը (ոչ իր իրավաբանը), որը պետք է զբաղվեր Սարգսյանի քաղաքացիության հարցերով, մահացել էր։ Դրանից հետո Սարգսյանը նամակ է գրել հանգուցյալի որդուն, որը նույն ընկերությունում է աշխատել, բացատրել է իրավիճակը և կրկնել է իր խնդրանքը։ Փաստն այն է, որ Արմեն Սարգսյանը Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիությունից հրաժարվելու պաշտոնական գործընթացը սկսել է 2018-ի մարտին նախագահ ընտրվելուց ոչ շատ շուտ։ Այս պարագայում Սահմանադրությամբ նա չէր կարող նախագահ ընտրվել։ Նրա ստորագրած բոլոր հրամանագրերը, այդ թվում՝ օրենքները, պաշտոնյաների նշանակումները, ընտրությունները, նույնիսկ վարչապետի նշանակումը հակաօրինական են։ Սարգսյանը մեզ հայտնել է, թե համարում է, որ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի չէ այն պահից, երբ ներդրումների դիմաց քաղաքացիությունը ստանալուց հետո խնդրել է սառեցնել այն։ Նախագահ Արմեն Սարգսյանը, հավանաբար, Հայաստան չի վերադառնա, քանի որ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել փաստաթուղթ կեղծելու հիմքով:  Հգ. անդրսահմանային հետաքննությունը կհրապարակվի ավելի ուշ։
19:49 - 24 հունվարի, 2022
Արմեն Սարգսյանը լավ գիտեր, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծվում. Քոչարյանը՝ նախագահի լիազորությունների մասին |armenpress.am|

Արմեն Սարգսյանը լավ գիտեր, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծվում. Քոչարյանը՝ նախագահի լիազորությունների մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով ՀՀ նախագահի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականի որոշմանը և հայտարարությանը, որ ինքը չի ունեցել բավարար լիազորություններ՝ ազդելու որոշակի գործընթացների վրա, հիշեցրեց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծման մասին: Քոչարյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողներ հետ զրույցում՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի՝ Սահմանադրությամբ իրեն օժտված գործիքների մասին մտքին, դիտարկմանը, որ նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա:   «Երբ խոսքը գնում է լիազորությունների պակասի մասին, պարոն Սարգսյանը շատ լավ գիտեր, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծվում, և այդ խնդիրները դեռ ունենալու էին իրենց բնորոշ ընթացակարգերը: Եվ չսպասել այդ ընթացակարգերին կամ մասնակցություն չունենալ այդ պրոցեսներին, որը վերաբերում է նաև նախագահական ինստիտուտին և տալ հայտարարություն՝ հրաժարականի մասին, այդտեղ որևէ բացատրություն ակնկալել…իհարկե կարելի է նաև տեսնել այն, ինչ, որ գոյություն չունի»,-ասաց Քոչարյանը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք նախագահի նկատմամբ եղե՞լ են ճնշումներ՝ Քոչարյանը հարցով պատասխանեց. «Ինչպե՞ս եք պատկերացնում, ՀՀ նախագահի վրա ի՞նչ ճնշում»: Ըստ Քոչարյանի՝ իշխանություններն ի գիտություն են ընդունել նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը: «Գուցե, բացատրություններ ինքը կտա հետագայում կամ այս ընթացքում: Այս պահի դրությամբ ես չեմ լսել»,-ասաց նա: Ընդհանուր առմամբ այս տարիներին գնահատելով Արմեն Սարգսյանի գործունեությունը՝ Քոչարյանն ասաց. «Ես կարծում եմ, որ մեր երկիրը իր նախագահ եղած ժամանակահատվածում ունեցավ նաև խորը ճգնաժամեր, հիշում եք հետպատերազմյան շրջանը, պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, այն որոշումները, որ արագ պետք է կայացվեին ԶՈՒ կադրային տեղաշարժի և փոփոխությունների առումով, մենք այդտեղ ունեցել ենք շատ ռիսկային պահեր: Եվ այդ ռիսկերը հաղթահարել ենք մեր ժողովրդի և գործող իշխանությունների համբերատար, ճիշտ, հավասարակշռված որոշումների արդյունքում»,-ասաց Քոչարյանը:
16:18 - 24 հունվարի, 2022
Կառավարման մոդելի հարցում նախագահի եւ կառավարության միջեւ փոխըմբռնում չկար. Արսեն Թորոսյան |news.am|

Կառավարման մոդելի հարցում նախագահի եւ կառավարության միջեւ փոխըմբռնում չկար. Արսեն Թորոսյան |news.am|

news.am: Նախագահն ինքն էր կողմնակից սահմանադրական փոփոխությունների եւ նախագահի լիազորություններն ավելացնելուն: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով տեսակետներին, թե գուցե ՀՀ նախագահի հրաժարականի պատճառը սպասվող սահմանադրական փոփոխություններն են, որի արդյունքում ինքը կարող է դուրս մնալ խաղից: «Այս հարցում նախագահի եւ կառավարության միջեւ փոխըմբռնում չկար: Մենք կարծում ենք, որ խորհրդարանական մոդելն ավելի ժողովրդավար է, թույլ է տալիս ճգնաժամային իրավիճակներում ավելի կայուն պահել երկիրը: Մեր օրակարգում նախագահական մոդելի վերադառնալու շուրջ քննարկումներ չկան եւ ես չեմ կարծում, որ կլինեն: Հետեւաբար, չեմ կարծում, որ նախագահի հրաժարականը կապ ունի սպասվող կամ քննարկվող սահմանադրական փոփոխությունների հետ»,-ասաց Թորոսյանը:  
15:48 - 24 հունվարի, 2022
Նախագահը փորձել է անել իր սահմանադրական սահմանափակ կարգավիճակից բխող հնարավորը․ «Հանուն Հանրապետության» կուսակցության հայտարարությունը

Նախագահը փորձել է անել իր սահմանադրական սահմանափակ կարգավիճակից բխող հնարավորը․ «Հանուն Հանրապետության» կուսակցության հայտարարությունը

«Հանուն հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կապված ՀՀ նախագահի հրաժարականի հետ: «Երեկ հրաժարական տվեց Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Ինչպես երևում է հրաժարականի տեքստից, Նախագահն իր սահմանադրական կարգավիճակն անբավարար է համարում սեփական անձնական և քաղաքական ներուժը երկրի բարօրությանն առավելագույնս ծառայեցնելու համար։ Միևնույն ժամանակ Նախագահի հրաժարականն առաջ է բերում մի շարք չպարզաբանված հարցեր, ինչը մտահոգիչ է հատկապես Հանրապետության արտաքին քաղաքական բազմաբարդ իրավիճակի համատեքստում։   Մասնավորապես, հստակ չէ, թե ինչո՞վ է պայմանավորված Նախագահի հրաժարականը հենց այժմ, եւ որո՞նք են եղել այն խնդիրները, որ, ի վերջո, անհնարին են դարձրել Նախագահի հետագա պաշտոնավարումը։   Այս և նմանաբույթ մի շարք այլ հարցերի անպատասխան մնալը կրկին անգամ ի ցույց կդնի Հայաստանի հետանկախական ողջ շրջանի քաղաքական համակարգին բնորոշ հանրային հաշվետվողականության բացակայությունը, երբ կարևորագույն որոշումներն ընդունվում են «մեկ գիշերում», իսկ հանրությունը կանգնեցվում է փաստի առաջ։ Սույնով արձանագրում ենք, որ իրավիճակը քիչ է փոխվել անգամ հեղափոխությունից հետո։   Միով բանիվ, պաշտոնավարման գրեթե չորս տարվա ընթացքում Նախագահը փորձել է անել իր սահմանադրական սահմանափակ կարգավիճակից բխող հնարավորը Հանրապետության ներքին կայունությանն ու արտաքին մրցունակությանը նպաստելու համար։ Մասնավորապես, նշանակալից է եղել Նախագահի դերակատարումը 2018թ․-ի ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունների ժամանակ ներքաղաքական լարված իրավիճակը բռնությունից զերծ պահելու, իշխանության խաղաղ փոխանցմանը նպաստելու և արտաքին քաղաքական բարենպաստ միջավայր ձևավորելու ուղղությամբ։   Նախագահը որոշակի դերակատարում է ունեցել նաև պետական իշխանության ինստիտուտների ներդաշնակ աշխատանքը խթանելու հարցում՝ նպաստելով խորհրդարանական կառավարման համակարգին բնորոշ քաղաքական պրակտիկայի սաղմնավորմանը։   Թերևս, սա այն առավելագույնն էր, որ ներկայիս կարգավիճակում կարող էր անել Նախագահը հեղափոխական և հետհեղափոխական Հայաստանում։ Ուստի, ամենայն հարգանքով վերաբերվելով Նախագահի այս քայլին՝ արժանին ենք մատուցում նրան՝ երկրի համար դժվարին շրջափուլում պետությանը բերած ծառայության համար։ Նախագահի հրաժարականից հետո խիստ կարևոր է համարժեք քաղաքական վերաբերմունք դրսևորել սահմանադրական այս կարևոր ինստիտուտի նկատմամբ։   Մասնավորապես, Նախագահի նոր թեկնածուն պետք է ունենա հանրային և քաղաքական այնպիսի հեղինակություն, որ ունակ լինի հասարակությանը և քաղաքական համակարգին տանել իրական հաշտեցման և իր նպաստը բերել այս անցումային փուլում՝ նախքան սահմանադրական փոփոխությունները, համազգային ներուժի համախմբմանը և ներքին ու արտաքին մարտահրավերների ու վտանգների, մեր ինքնիշխանությանն ուղղված ուղղակի սպառնալիքների դիմագրավմանը։   Նոր Նախագահի և քաղաքական մեծամասնության միջև հարաբերությունները պետք է լինեն հնարավորինս ներդաշնակ՝ միտված երկրի ներսում հեղափոխության օրակարգի սպասարկմանը, իսկ արտաքին ճակատում՝ պետության ինքնիշխանության և անվտանգության առավելագույն պաշտպանությանը։   Գործող խորհրդարանական կառավարման համակարգում Նախագահի գործառույթները նշյալ ուղղություններով ավելի արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է դիտարկել, նախքան համալիր սահմանադրական փոփոխություններ իրականացնելը՝ Ազգային Ժողովի կողմից Նախագահի սահմանադրական լիազորությունների շրջանակի փոփոխության հարցը, ինչը թույլ կտա Նախագահին իր սահմանադրական կարգավիճակին համազոր լիազորություններ և համարժեք պատասխանատվություն ունենալ։   Անկախ այլևայլ շահերից և տարաձայնություններից՝ ներքին և արտաքին բարդագույն այս իրավիճակում կոչ ենք անում պետական բոլոր ինստիտուտներին ու քաղաքական բոլոր սուբյեկտներին առաջնորդվել բացառապես պետական և հանրային գերակա շահերով` միանշանակորեն ընդունելով, որ Նախագահի ինստիտուտն այստեղ պետք է ունենա իր ուրույն դերն ու նշանակությունը։   Հրաժարականի հանգամանքների ամբողջական հրապարակայնացումը համարում ենք իշխանության՝ հանրության առաջ հաշվետվության պարտավորություն, որը բխում է ՀՀ Սահմանադրությունից, ժողովրդավարության արժեքներից եւ սկզբունքներից։ Այդ հանգամանքներն ի հայտ գալուց Կուսակցությունն իր դիրքորոշմամբ հանդես կգա առանձին հայտարարությամբ»։
15:06 - 24 հունվարի, 2022