Արագածոտնի մարզ

ՀՀ Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թվականին: Մարզի տարածքը կազմում է 2753 քառ. կմ եւ զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.3 %-ը: Մարզն իր մեջ ընդգրկում է Աշտարակի, Թալինի, Ապարանի և Արագածի նախկին շրջանները: 

Ծովի մակերեւույթից 2000-2500 մետր բարձրության վրա: Մարզի 19 համայնքներ ունեն լեռնային, իսկ 40 համայնքներ` բարձր լեռնայինի կարգավիճակ: Բնակչության թվաքանակը 2019 թ.հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 161774 մարդ: Մարզում կա 72 համայնք:

Տիգրանաշենի ոլորաններում և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Տիգրանաշենի ոլորաններում և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) և Սպիտակի ոլորանները՝ բեռնատարների համար։ Տիգրանաշենի ոլորաններում և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:21 - 04 փետրվարի, 2023
Ոստիկանության պարեկային ծառայության ստորաբաժանումներ են գործարկվել Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում

Ոստիկանության պարեկային ծառայության ստորաբաժանումներ են գործարկվել Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի ստորաբաժանումների աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ «Միջոցառումներին ներկա են գտնվել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, մարզպետներ, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, այլ պաշտոնատար անձինք: Միջոցառումների սկզբում նախ մեկ րոպե լռությամբ հարգաքի տուրք է մատուցվել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհված զինծռայողների հիշատակին: Արագածոտնի մարզում դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Տեղի ունեցած դեպքերի արձագանքներից որոշներն ի ցույց են դնում, որ մենք կարիք ունենք, բացի մակերեսին գտնվող փաստերից, խորանալ և հասկանալ պրոբլեմներն իրենց խորության մեջ: Իսկ պրոբլեմներն իրականում ոչ թե մակերեսին երևացողներն են, այլ նրանք, որոնք արտահայտվում են ամենատարբեր ոլորտներում, դրանք եթե կարելի է ասել, ԴՆԹ մակարդակի պրոբլեմներ են: Այդ խնդիրները շատ հաճախ ծագում են կարկատանի տրամաբանությունից դուրս գալու բավարար կամքի բացակայության պատճառով: Ուզում եմ ընդգծել, որ Պարեկային ոստիկանությունը հենց կարկատանի տրամաբանությունը հաղթահարելու մեր կամքի ամենավառ դրսևորումներից է, որովհետև երբ խոսել ենք Հայաստանի Հանրապետությունում Պարեկային ոստիկանության հիմնադրման մասին, սկզբունքային կարևոր նշանակություն է ունեցել, որ Պարեկային ոստիկանությունում ամեն ինչ պետք է լինի նոր՝ սկսած ավոտմեքենաներից, հագուստից, բայց ամենակարևորը՝ մտածողությունն է: Մենք պետք է Պարեկային ոստիկանության և ընդհանրապես՝ ամեն նոր կառույցի հետ բերենք նոր մտածողություն: Մենք այսպես ենք վարվում կրթության ոլորտում, մենք այսպես ենք վարվում իրավակարգի ոլորտում, մենք այսպես ենք վարվում Զինված ուժերի ոլորտում: Սա չափազանց կարևոր մոտեցում է, և ուզում եմ, որ այս տրամաբանությամբ առաջնորդվենք մեր հետագա ամեն քայլը պլանավորելիս և իրագործելիս, որովհետև, ինչպես ասված է Կտակարանում՝ «Նոր գինին հին տիկերի մեջ չի լինի տեղավորել»: Հիմա արդեն ակնհայտ է, որ մեզ համար կարևորագույն նշանակություն ունեցող Ոստիկանության, Փրկարար ծառայության, Ներքին գործերի համակարգի վերնագրի ներքո իրականացվող բարեփոխումներն ընթանում են շատ հաջող և մենք պետք է վճռականորեն ավելի որակյալ դարձնենք այս բարեփոխումները»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այն հանգամանքը, որ շատերը թյուրիմացաբար մտածել են, թե սա բարեփոխում է ոստիկանի դեմ. «Սա բարեփոխում չէ ոստիկանի դեմ, սա բարեփոխում է հանուն ոստիկանի, սա բարեփոխում է, որն իրականացնում են քաղաքացիական բարեփոխիչները ոստիկանական բարեփոխիչների հետ միասին: Բայց սա բարեփոխում է ոչ թե ոստիկանի համար, սա բարեփոխում է քաղաքացու համար, որովհետև սրանով մենք իրավակարգի ծառայությունը, որը մատուցվում է քաղաքացուն, պետք է բարձրացնենք նոր որակի: Վերադառնալով մտածողության փոփոխությանը, ուզում եմ ընդգծել հետևյալը. այդ կարկատանի մտածողության մեջ մարդուն կարգի հրավիրելը համարվում է ինչ-որ առումով վատություն, մինչդեռ նոր մտածողությունը պետք է արձանագրի, որ մարդուն կարգի հրավիրելը, կարգի, օրենքի, օրինականության, բարեվարքության պահպանումն առաջին հերթին հանուն մարդու է, որովհետև երբ դուք, օրինակ, կարգազանց վարորդին կարգի եք հրավիրում, առաջին հերթին, նրան եք լավություն անում: Երբ ալկոհոլ օգտագործած մարդուն թույլ չեք տալիս ճանապարհը շարունակել, առաջին հերթին լավություն եք անում հենց նրան, որովհետև հաջորդ քայլով նրա գործողություններից մեծ հավանականությամբ զոհվելու են կամ տուժելու են հենց նրա ընտանիքի անդամները, հենց նրա հարևանները, հենց նրա բարեկամները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»: Վարչապետը հիշեցրել է Արագածոտնի մարզում նախորդ տարի տեղի ունեցած մի հրեշավոր դեպքի մասին, երբ չորս անչափահաս, այդ թվում՝ վարորդը, մայրուղի են դուրս եկել մեքենայով, ինչի հետևանքով երեք անչափահաս է զոհվել. «Նման դեպք Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու հետ կարող էր տեղի ունենալ: Սա մտածողության խնդիր է, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի զգալի մասը հենց այդպես էլ ավտոմեքենա վարել է սովորել բակում՝ մեր ծնողների, բարեկամների մեքենաներով, հետո մի փոքր ավելի մեծ վստահություն ձեռք բերելով՝ արդեն նույնիսկ մայրուղիներ դուրս գալով մեծերի թույլտվությամբ: Եվ եթե որևէ մեկը հին մտածողությամբ մարդուն վատություն աներ, թույլ չտար, որ այդ երեխաները ճանապարհ դուրս գան, նոր մտածողությամբ այդ մարդուն կաներ լավություն: Այսօր մենք Պարեկային ոստիկանությանը ծառայություն ենք ուղարկում այս հանձնարարությամբ և այս հրամանով՝ խստորեն հետևել իրավակարգին, օրենքին և միևնույն ժամանակ խստորեն հետևել մարդու իրավունքների պաշտպանությանը, նրանց արժանապատվության պաշտպանությանը, նրանց արժանապատվության հարգմանը և ամեն քայլափոխի լավություն անել մարդկանց այն տրամաբանությամբ, որ կարգազանցին կարգի հրավիրելը, օրինազանցի նկատմամբ համապատասխան օրինական պատիժ և պատժամիջոց կիրառելը, ընդհուպ՝ ուժային գործողություն կիրառելը լավություն է մարդուն, անհատին, քաղաքացուն, հանրությանը, պետությանը: Այս ուղերձով եմ ես ձեզ այսօր ճանապարհում ծառայության: Հաջողություն եմ մաղթում բոլորիս»: Կոտայքի մարզում տեղի ունեցած միջոցառման ժամանակ վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են Հայաստանի Հանրապետությունում պարեկային ոստիկանության ներդրման գործընթացին և նշել. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին, ովքեր այս ընթացքում աջակցել են գործընթացին և քաջալերել են այն։ Այստեղ պիտի ընդգծեմ, որ մեր միջազգային գործընկերների ցուցաբերած նյութական աջակցությունը թեև շատ կարևոր, բայց ամենագլխավոր գործոնը չէ։ Շատ ավելի կարևոր է հասանելիությունը միջազգային գործընկերների կողմից ընձեռվող այն ստանդարտներին, որոնք գոյություն ունեն առաջավոր աշխարհում։ Մեր խնդիրն է՝ աշխարհի ամենաառաջադեմ, ամենաժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնել մեր պետական և հանրային ծառայությունները, և ընդհանրապես մեր պետությունը, մեր հարաբերությունները, մեր իրավակարգը, մեր իրավունքի և պատասխանատվության, պարտականությունների և հնարավորությունների ամենաժամանակակից բալանսը։ Ահա դա է մեր նշաձողը, որ մենք դնում ենք մեր առաջ և շարունակելու ենք այս ճանապարհը բոլոր ոլորտներում։ Երբ աշխատանքային քննարկումներում խոսում ենք մեր ստանդարտների մասին, ես ասում եմ, որ պետք է որպես օրինակ հետևենք 3-10 միլիոն բնակչություն ունեցող այն երկրներին, որոնք այսօր դասվում են աշխարհի զարգացած երկրների շարքում։ Սա պիտի լինի այն օրինակը, որը մենք պետք է ունենանք մեր առաջ։ Այստեղ ես եկել եմ Աշտարակից` Արագածոտնի մարզից, և մինչև այստեղ հասնելը, ըստ էության, քանդված ճանապարհներ չեմ տեսել։ Տեսել եմ հիմնականում բարեկարգ կամ նորոգվող ճանապարհներ։ Անընդհատ տեսնում եմ հանկարծ անհետացող գծանշումներ, և այպես շարունակ։ Շատերը կարող են ասել` դե լավ, ինչի՞ հետևից ես ընկել, լավ է էլի։ Ոչ, լավ չէ, շատ վատ է, որովհետև մենք պետք է առաջնորդվենք ոչ թե աչքաչափով, այլ ստանդարտով, որովհետև դա ցույց է տալիս մեր վերաբերմունքն ինքներս մեր նկատմամբ, մեր կատարած աշխատանքի նկատմամբ, և ցույց է տալիս, որ մենք նույնիսկ ամենակենցաղային հարցերում այնքան էլ լավ չենք հասկանում մեր ամենօրյա վարքագծի ազդեցությունը ընդհանրական, հանրային, պետական իրավիճակների և պրոբլեմների վրա։ Ցանկանում եմ, որ այսօր ծառայության մտնող մեր պարեկները, նորակոչ ոստիկանները չառաջնորդվեն այդ սկզբունքով, չառաջնորդվեն աչքաչափով, չառաջնորդվեն պատեհությամբ, այլ առաջնորդվեն սկզբունքով։ Այդ սկզբունքն օրենքն է և օրինականությունը։ Դուք ծառայության մեջ եք մտնում ամեն բակում, ամեն գյուղում, ամեն փողոցում` ապացուցելու, որ Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ, որովհետև եթե հանկարծ բոլորը հավասար չեն օրենքի առաջ` դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում կան առաջին սորտի մարդիկ, երկրորդ սորտի մարդիկ, երրորդ սորտի մարդիկ։ Ոչ, Հայաստանի Հանրապետությունում չկա քաղաքացիների սորտավորում, և բոլորը հավասար են օրենքի առաջ: Այս հավասարության ապահովման առաջին շարքում եք ծառայելու դուք` այսօրվանից սկսած»։ Վարչապետը հատուկ շնորհակալություն է հայտնել Պարեկային ոստիկանությունում ծառայության անցած կանանց, որովհետև, նրա կարծիքով, նրանք այդ նոր ստանդարտի և այդ նոր մտածողության ներդրողներն են. «Ես ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել նրանց ընտանիքների անդամներին, նրանց միջավայրին, շրջապատին, որ քաջալերել են գնալ և չվախենալ խեթ հայացքներից, խեթ կարծիքներից, տարակուսանքներից։ Եվ մենք պետք է շարունակաբար Պարեկային ոստիկանությունում, ընդհանրապես՝ ոստիկանությունում, բանակում, պետական ծառայությունում, տնտեսական կյանքում, հանրային-քաղաքական կյանքում ավելի ու ավելի մեծացնենք կանանց ներգրավվածությունը»։ Ավարտելով խոսքը՝ վարչապետը պարեկներին մաղթել է բարի ծառայություն` հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն ազատության և օրինականության, հանուն ժողովրդավարության և օրենքի առաջ բոլորի հավասարության: Գեղարքունիքի մարզում Պարեկային ոստիկանության գործարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն, ինչ ասել է Արագածոտնի, Կոտայքի մարզերում, մարզերին վերաբերվող ասելիք չէ, այլ ընդհանրապես՝ Պարեկային ծառայությանը և Հանրապետությանը վերաբերող ընդհանրական ասելիք: «Ցանկանում եմ միայն մի հատվածով նույն բանը կրկնել: Այսօր ծառայության անցնող մեր պարեկային ոստիկաններին հաջողություն եմ մաղթում և ուզում եմ հավատալ, որ նրանց գործունեության ընթացքում օրինականության մակարդակը և որակը նաև Գեղարքունիքի մարզում կփոխվի:Շատ կարևոր է ընդգծել, որ 2022թ. մենք ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի և վիրավորների թվաքանակի շոշափելի նվազում ենք ունեցել ոչ միայն 2021, այլ նաև 2019 թվականի համեմատ: 2020 թվականը մենք վիճակագրության հետ համեմատության մեջ չենք դնում, որովհետև մի քանի ամիս նորմալ երթևեկություն ընդհանրապես չի եղել, քովիդի պատճառով լոքդաուն է եղել: Մենք սա կապում ենք նաև այն բարեփոխումների հետ, որ իրականացնում ենք Ոստիկանությունում, ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը՝ ևս 4 մարզերում Պարեկային ոստիկանության գործարկմամբ: Մենք հույս ունենք, որ չնայած ավտոմեքենաների, երթևեկության մասնակիցների թիվը շատ մեծ տեմպերով աճել է և աճում է, ի հեճուկս դրա, ձեր ծառայության շնորհիվ զոհերի, վիրավորների, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կնվազի: Ուզում եմ հենց սա նկատի ունենաք դուք ձեր ծառայության մեջ, որ ամեն իրավիճակում ինչքանով սկզբունքային կգտնվեք օրենքի տեսակետից, այնքանով նորանոր մարդկանց կյանք կփրկեք, այնքանով նոր մարդկանց կազատեք վնասվածքներից, կորուստներից, սթրեսից, հաշմանդամությունից և այդպես շարունակ»:Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Գեղարքունիքը թերևս միակ մարզն է, որտեղ Պարեկային ծառայությունը իրականացվելու է երկու փուլով. «Այս փուլով մենք, այսպես ասած, սովորական, ինչպես մյուս մարզերում, Պարեկային ծառայության գործարկումն ենք իրականացնում: Հաջորդ փուլով կմեկնարկի առափնյա և ջրային պարեկային ծառայությունը: Իհարկե, ենթադրում եմ, որ այդ մեկնարկը կունենանք ամբողջ Հանրապետության ցամաքային պարեկային ծառայությունն իրականացնելուն պես կամ դրան զուգընթաց, կամ դրանից մի քիչ հետո: Կարծում եմ, որ, ահա, այս ամբողջական պլանն իրագործելիս մեր երկրում իրավակարգի որակի էական փոփոխություն պիտի տեղի ունենա: Այո, օրենքի, օրինականության հետ կապված պետք է լինել շատ սկզբունքային: Միևնույն ժամանակ, պետք է հիշել, որ գործ ունենք մարդկանց, քաղաքացիների հետ, ովքեր ճանապարհներին, բակերում, իրենց տներում իրենց երեխաների կողքին են, իրենց ընտանիքների հետ: Նրանց արժանապատվության պաշտպանությունը նույնպես ձեր գործն է: Նրանք պիտի ձեր հոգածության ներքո լինեն: Ահա այսպիսին պետք է լինի Ոստիկանությունը, որն ունի կարմիր գիծ, և այդ կարմիր գիծն օրենքն է: Այդ կարմիր գիծը որևէ մեկը հատելու հնարավորություն չպետք է ունենա: Ցանկանում եմ ասել, որ մեր ամենամեծ հակառակորդն այս պայքարում քրեական մտածողությունն է, քրեական մտածելակերպը, որն արտահայտություն ունի բոլոր ոլորտներում՝ պետական հարաբերություններից սկսած, մինչև իրավապահ համակարգ, մինչև նույնիսկ պետական և զինվորական ծառայություն: Այդ քրեական մտածելակերպը մեր թիվ մեկ հակառակորդն է: Եվ ձեր ծառայության շնորհիվ, այո, ոչ միայն Պարեկային ծառայությունը, Ոստիկանությունը պետք է այդ սկզբունքայնությունը ցույց տան, այլև Պարեկային ոստիկանության օրինակով հանրությունը պետք է վերաբերմունք ձևավորի Պարեկային ծառայության նկատմամբ: Ինչո՞ւ են շատ դեպքերում մեր երկրում աղետներ տեղի ունենում, որովհետև ասում են՝ դե լավ, այս մի բանը չասենք, մենք ասող չենք, մենք գրող չենք: Հանցագործության մասին հայտնելը, թերության մասին հայտնելը և դրա շտկմամբ զբաղվելը ոչ միայն իրավապահ, այլև ցանկացած համակարգի և ցանկացած քաղաքացու գործն է: Ես ուզում եմ, որ Պարեկային ոստիկանությունը և, ընդհանրապես, մեր Ոստիկանությունը քաղաքացու հետ համագործակցության շատ ուժեղ և լուրջ ավանդույթ ձևավորի, որովհետև բոլորս պիտի ելնենք այն իրողությունից, որ այն, ինչ անում է Ոստիկանությունը, այն, ինչ անում է Պարեկային ոստիկանությունը, հանուն քաղաքացու է, հանուն պետության է, հանուն իրավունքի է»: Կառավարության ղեկավարը կրկին հաջողություն և բարի ծառայություն է մաղթել բոլորին, շեշտել սակավաթիվ կանանց, ովքեր ծառայություն են անցնում Պարեկային ոստիկանությունում. «Պիտի առանձնապես կարևոր համարենք, որ նրանց օրինակով Պարեկային ոստիկանությունում կանանց թիվը գնալով մեծանա: Սա նույնպես շատ կարևոր մտածողության փոփոխություն է: Պիտի հատուկ կրկին շնորհակալություն հայտնեմ նախ այն կանանց, ովքեր այսօր ծառայություն են անցնում Պարեկային ոստիկանությունում և չեն վախենում, որ կարող են լինել բազմաթիվ տղամարդկանց միջավայրում միակ կինը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց ընտանիքների անդամներին, որ աջակցել են նրանց այդ որոշմանը և թիկունք են կանգնել: Վստահ եղեք, որ կառավարությունը, նախարարությունը, և համոզված եմ նաև ձեր ծառայակիցները կաջակցեն ձեզ և այնպես կանեն, որ դուք ծառայության մեջ զգաք լիարժեք, և դուք էլ այնպես կանեք, որ մյուսները ծառայության մեջ զգան լիարժեք: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ նաև այս տրամաբանությամբ պիտի զարգանա և ամրանա»: Տավուշի մարզում վարչապետը նշել է, որ այն այսօրվա գործընթացի վերջին կետն է, երբ գործարկվում է Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունը. «Պիտի համոզմունք հայտնեմ, որ այս ծառայության մուտքով ինչպես Տավուշի, այնպես էլ մյուս մարզերում, իրավակարգի, քաղաքացի-պետություն, քաղաքացի-ոստիկան հարաբերությունների նոր մակարդակ ենք ունենալու։ Այն, ինչ ասել եմ այսօր Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, բնականաբար չի վերաբերում միայն տվյալ մարզին, այլև վերաբերում է ընդհանրապես ամբողջ հանրապետությանը և բոլոր տեղերում Ոստիկանության բոլոր ծառայողներին: Ցանկանում եմ կրկնել, որ որևէ մեկին կարգի հրավիրելով` դուք նրան վատություն չեք անում, այլ հակառակը, լավություն եք անում նրան և հանրության մյուս անդամներին, որոնց իրավունքների և անվտանգության ապահովումը ներքին առումով ձեր առաջնահերթ պարտականությունն է։ Ուզում եմ մաղթել, ցանկանալ, հանձնարարել և հրամայել, որ ձեր ձեռքը կաշառքի չկպչի։ Սա շատ կարևոր է, որովհետև կոռուպցիան ավերում է երկիրը, կոռուպցիան երկիրը զրկում է ապագայից, և դուք սա պետք է իմանաք։ Ոստիկանության համակարգում պարեկային ծառայողներն ամենաբարձր վճարվողներից են, բայց հիմա մենք Ներքին գործերի նախարարության ձևավորմամբ նույն գործընթացը, ըստ էության, անելու ենք ամբողջ Ոստիկանությունում, նաև փրկարար ծառայությունում։ Ի՞նչ նկատի ունեմ: Պարեկային ծառայողները վեց ամիս անցնում են ուսումնառություն, հետո որակավորման քննություն հանձնում: Երբ Գեղարքունիքի մարզում մոտենում էի ծառայողներին, հաճույքով արձանագրեցի, որ կային ծառայողներ` հենց իրար կողքի կանգնած. նրանց մի մասը նախկինում ընդհանրապես ոստիկանությունում չէր ծառայել, մի մասը նախկինում զինվորական բնույթի այլ ծառայության մեջ էր եղել, մեկ ուրիշ մասը նախկինում ծառայել էր Ոստիկանության ստորաբաժանումներում: Կային նաև, որ ճանապարհային ոստիկանությունից էին տեղափոխվել Պարեկային ոստիկանություն։ Հույս ունեմ, որ ահա տարբեր փորձերի, տարբեր կենսագրությունների, տարբեր ճանապարհների այս միաձուլումը կբերի նոր որակի։ Մենք այժմ մեկնարկել ենք նաև Ներքին գործերի նախարարության ձևավորման մի գործընթաց, որով, ըստ էության, ամբողջ Ոստիկանության կառուցվածքը փոխվելու է։ Շատ շուտով արդեն կունենանք Ոստիկանության գվարդիա, Քրեական ոստիկանություն, Հասարակական կարգի պահպանության գլխավոր վարչություն և Պարեկային ծառայություն։ Սրանք կլինեն այն սյուները, որոնց վրա հենված է մեր առաջնային իրավակարգը»: Խոսքի վերջում վարչապետը հաջողություն է մաղթել Ոստիկանությանը և վերջինիս հետ առնչվող քաղաքացիներին. «Մեզ պետք է հարաբերությունների նոր որակ՝ փոխադարձ հարգանքի, միմյանց արժանապատվությունը հարգելու, բայց նաև օրենքի անառարկելիությունը կյանքի կոչելու ճանապարհով»։ Վարչապետը ծանոթացել է Պարեկային ծառայության ավտոմեքենաների տեխնիկական հնարավորություններին և հագեցվածությանը: *** Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշտարակում ծանոթացել է նաև սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Կոմիտասի անվան քաղաքային զբոսայգու բարեկարգման աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ քաղաքային զբոսայգում կատարվել են ճեմուղիների սալիկապատման, ասֆալտապատման, խաղահրապարակի բարեկարգման, նստարանների տեղադրման և այլ աշխատանքներ: Ծրագրի արժեքը կազմել է 83 միլիոն դրամ, որի 70%-ը համաֆինանսավորել է համայնքը, 30%-ը՝ կառավարությունը: Նաև զեկուցվել է, որ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսվում է Աշտարակի քաղաքային զբոսայգու հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 505 մլն դրամ ընդհանուր արժեքով: Մասնավորապես, կառուցվելու են ամֆիթատրոն, երգող շատրվաններ և այլ ենթակառուցվածքներ։Աշտարակում վարչապետը ծաղիկներ է խոնարհել զբոսայգու տարածքում գտնվող 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին», - նշված է հաղորդագրության մեջ:
19:38 - 21 հունվարի, 2023
Արագածոտնի մարզում մեկնարկեց պարեկային ծառայության ստորաբաժանման աշխատանքը |armenpress.am|

Արագածոտնի մարզում մեկնարկեց պարեկային ծառայության ստորաբաժանման աշխատանքը |armenpress.am|

armenpress.am: Արագածոտնի մարզում մեկնարկեց պարեկային ծառայության ստորաբաժանման աշխատանքը։ Արագածոտնի մարզի պարեկային ծառայության ստորաբաժանման բացման արարողությանը ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք կարիք ունենք բացի մակերեսին գտնվող փաստերից, խորանալ և հասկանալ խնդիրները իրենց խորության մեջ։ Իսկ խնդիրները իրականում ոչ թե մակերեսին երևացողներն են, այլ ԴՆԹ մակարդակի խնդիրներ են։ Այդ խնդիրները ծագում են կարկատանի տրամաբանությունից դուրս գալու բավարար կամքի բացակայության պատճառով։ Ընդգծեմ, որ Պարեկային ոստիկանությունը հենց կարկատանի տրամաբանությունը հաղթահարելու մեր կամքի ամենավառ դրսևորումներից է, որովհետև երբ խոսել ենք Հայաստանի Հանրապետությունում պարեկային ոստիկանության հիմնադրման մասին՝ սկզբունքային կարևոր նշանակություն է եղել, որ Պարեկային ոստիկանությունը նոր լինի ՝ սկսած ավտոմեքենաներից, վերջացրած հագուստից, բայց ամենակարևորը՝ պետք է լինի նոր մտածողություն»,- ընդգծեց Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ պետք է ամեն նորաստեղծ կառույցում բերել նոր մտածողություն։ «Մենք այդպես ես վարվում կրթության, իրավական, զինված ուժերի ոլորտում և չափազանց կարևոր մոտեցում է։ Ցանկանում եմ, այս տրամաբանությամբ առաջնորդվենք մեր հետագա ամեն քայլը պլանավորելիս և իրագործելիս»,- եզրափակեց Փաշինյանը։
14:25 - 21 հունվարի, 2023
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լոռու մարզում, Սյունիքի մարզի Գորիս, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում և Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան քաղաքում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Գորիս քաղաքում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:14 - 03 դեկտեմբերի, 2022
Հոկտեմբերի 24-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Հոկտեմբերի 24-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Աբելյան փ. 47 շենքի բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Նուբարաշեն 11 փողոցի առանձնատներ, 11:00-16:00 Նուբարաշեն 6փ. 26, 28; 8փ. 2-18; 10փ. 1-12; 12փ. 1-12 առանձնատներ, 11:00-17:00 «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, թիվ 143 մանկապարտեզ, «Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ,Զինկոմիսարիատ, Բագրատունյաց պող․ 4, 6, 8, 10 շենքեր, Բագրատունյաց պող. 1-ին նրբ․ 3, 7, 9, 11, 13, 15 շենքեր, Արտաշիսյան փ․ 40/8, 42/6, 42/7, 44/4ա, 44/3, 44/4, 44/5, 45/20, 45/21, 47/19, 49/19ա, 51/16, 51/17, 51/18 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորագավիթ թաղ. 1, 2, 6 փողոցների առանձնատներ, Նորագավիթ թաղ. 1-ին փողոցի 1-ին փակուղու առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորագավիթ թաղ. 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի առանձնատներ, Նորագավիթ թաղ. 6-րդ փողոցի 6-րդ փակուղու առանձնատներ, Համբարձումյան փ. 10, 12, 45/2, 47 շենքեր և 37-67Ա առանձնատներ, Արաբկիր 23փ. 1/2; 25փ. 2, 2/1, 17; 27փ. 6/2, 9 շենքեր, Արաբկիր 27փ. 1-13 առանձնատներ, Արաբկիր 25 փողոցի առանձնատներ, Ռիգայի փ. 126/4 շենք, Վերին Անտառային փ. 9-192/2, 13/4, 27/1 121/7, 124/1, 133, 135, 136/3, 138/2, 138/6 շենքեր և 1-186/13 առանձնատներ, Անտառային փ. 11-220 շենքեր և 1-148/5 առանձնատներ, Լեռ Կամսարի փ. 30/3, 40/2 շենքեր, Լեոնիդ Ազգալդյան փ. 12/5, 12/6 շենքեր, Աղբյուր Սերոբի փ. 52/20 շենքեր, Գևորգ Էմինի փ. 22 շենք։Արմավիրի մարզի՝ 11:00-17:00 Լենուղի, Այգեվան, Հուշակերտ, Արաքս, Նոր Ամասիա և Նալբանդյան գյուղեր, Արարատի մարզի՝ 11:00-16:00 Արտաշատ քաղաք՝ Թումանյան, Մարքսի, Իսակովի, Աճառյան, Արազի, Այվազովսկու, Բակունցի, Բուդաղյան, Թորոմոնյան, Կասյան, Ներսիսյան, Դուրյան, Օգոստոսի 23-ի և Օրբելի փողոցներ մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 11:00-15:00 Գլաձոր գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-17։00 Կոտայք և Կաթնաղբյուր գյուղեր մասնակի, Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 10։30–16:30 Լիճք բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Տավուշի մարզի` 11:00-13:00 Գետահովիտ գյուղ, գազի լցակայաններ, բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 16:30-17:30 Ջուջևան, Ոսկեպար, Բարեկավան գյուղեր, գազի լցակայաններ, բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզի՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան՝ Բավրա գյուղի 3-րդ փողոց մասնակի։Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
12:01 - 22 հոկտեմբերի, 2022
Արագածոտնի մարզպետարանը հերքել է լուրը, թե Արագածավան թուրքեր են մտել ու գերի տարել հովիվների

Արագածոտնի մարզպետարանը հերքել է լուրը, թե Արագածավան թուրքեր են մտել ու գերի տարել հովիվների

Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ։ Այս մասին հայտնում են Արագածոտնի մարզպետարանից՝ ի պատասխան 168.am լրատվական կայքում տեղ գտած՝ «Ինչ է կատարվում Արագածավանում» վերտառությամբ հրապարակմանը։  «Հայտնում ենք, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ։ Չենք բացառում, որ կեղծ ահազանգը կարող էր որևէ մեկի կամ մի խումբ անձանց նենգ ու ոչ ողջամիտ արարքը լինել»-,- նշված է համայանքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։    Իսկ Արագածավան խոշորացված համայնքի համայնքապետ Արթուր Հովսեփյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ գյուղից դուրս` դեպի Թուրքիայի սահման գտնվող ֆերմայի բանվորները ռուս սահմանապահների հսկողությամբ անցաթղթով են ելումուտ անում նշված տարածք: Նրանք մնացել են սահմանից այն կողմ, ահազանգել են այդ մասին, և ռուս սահմանապահներն արձագանքել ու բանվորներին վերադարձրել են Հայաստանի սահման։ Արթուր Հովսեփյանը նաև վստահեցրեց, որ գյուղում որևէ թուրք չի եղել և չկա։ Դեպքի մասին ավելի հստակ մանրամասներ ԱԱԾ-ից պարզելու պարագայում, համայնքապետը կտեղեկացնի հավելյալ: Հիշեցնենք, որ երեկ երեկոյան 168․am-ը տեղեկություն հրապարակեց, որ իրենց ընթերցողները հայտնել են՝ Արագածավան համայնք երեք զինված թուրքեր են մտել, ութ հովիվների՝ իրենց անասուններով, գերի են վերցրել, որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում անասուններին են բաց թողել, այնուհետև հովիվներին:
09:28 - 22 հուլիսի, 2022
Փոխվարչապետ Մաթևոսյանը Արագածոտնի մարզում ծանոթացել  է սուբվենցիոն ծրագրերով իրականացված և իրականացվող աշխատանքներին

Փոխվարչապետ Մաթևոսյանը Արագածոտնի մարզում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով իրականացված և իրականացվող աշխատանքներին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 29-ին այցելել է Արագածոտնի մարզ, ծանոթացել համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով իրականացված և իրականացման փուլում գտնվող աշխատանքներին։ Այցի ընթացքում փոխվարչապետին ուղեկցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, Աշտարակի և Թալինի համայնքապետերը, այլք։ Աշխատանքային այցի առաջին կանգառը Թալինի հիմնանորոգվող բժշկական կենտրոնի շինհրապարակում էր։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, ներկայացնելով ծրագրի մանրամասները, տեղեկացրել է, որ շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել են 2021 թվականի հունիսին, նախատեսում են ավարտել ու հիվանդանոցը շահագործման հանձնել 2023 թվականի տարեվերջին։ Փոխվարչապետ Մաթևոսյանը շրջել է շինհրապարակում, զրուցել բուժանձնակազմի հետ, բժշկական կենտրոնի ղեկավար կազմի հետ քննարկել զարգացման ծրագրերը։ Աշխատանքային այցի ընթացքում Համբարձում Մաթևոսյանը եղել է նաև Գառնահովիտ բնակավայրում կառուցվող մոդուլային դպրոցի տարածքում, ծանոթացել է իրականացվող աշխատանքներին։ Դպրոցի ուսուցչական անձնակազմի հետ զրույցում փոխվարչապետը հորդորել է նրանց մասնակցել ատեստավորման գործընթացին, մասնագիտական որակավորումը բարձրացնելուն զուգահեռ բարձրացնել նաև աշխատավարձի չափը։ Համբարձում Մաթևոսյանը զրուցել է նաև տեղի բնակիչների հետ, լսել նրանց հուզող խնդիրները՝ կապված մթերումների, ոռոգման ջրի, այգեհիմնման աշխատանքների հետ, այնուհետև ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը, հորդորել է օգտվել այդ հնարավորություններից ու Էկոնոմիկայի փոխնախարար Խոջոյանի հետ պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին։ Թալին համայնքի Կարմրաշեն բնակավայրում փոխվարչապետն այցելել է Հայրենական պատերազմում զոհված կարմրաշենցիների հիշատակին կառուցված հուշահամալիր, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Տեփանյան Արտյոմի շիրիմին և ծաղիկներ խոնարհել զոհված հերոսների հիշատակին։ Աշխատանքային այցի հաջորդ կանգառը Արագածոտն բնակավայրում վերակառուցվող մանկապարտեզն էր, որտեղ, ծանոթանալով իրականացվող աշխատանքներին, փոխվարչապետ Մաթևոսյանը հայտարարել է, որ անորակ աշխատանք չի ընդունվելու։ Մարզպետ Մովսիսյանը հավաստիացրել է՝ եթե շինարարությունը լիարժեք և որակով չիրականացվի, աշխատանքը չի ընդունվի։ Աշտարակ քաղաքում Համբարձում Մաթևոսյանը շրջել է նաև Կոմիտասի անվան բարեկարգվող պուրակում, ծանոթացել քաղաքի ասֆալտապատման աշխատանքների որակին, տվել է մի շարք հանձնարարականներ։ Այցի ավարտին փոխվարչապետ Մաթևոսյանն Արագածոտնի մարզպետարանում հանդիպել է համայնքների ղեկավարներին, մարզպետարանի ղեկավար կազմին և մարզի մթերող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Համայնքների ղեկավարների հետ զրույցի ընթացքում փոխվարչապետն անդրադարձել է ստացվող սուբվենցիայի ծրագրային հայտերի որակին, հայտերի ներկայացման ժամկետների փոփոխությանը, հորդորել է պարբերական դարձնել համայնքների բնակիչների հետ շփումներում պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ տեղեկության տրամադրումը և ընդգծել․ «Կառավարությունը հետևողական է տարածքային համաչափ զարգացմանը, և, նաև սուբվենցիոն ծրագրերի իրականացմամբ, անելու է առավելագույնը՝ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ»։ Մթերող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփման ժամանակ Համբարձում Մաթևոսյանը հետաքրքրվել է առկա խնդիրներից, դրանց լուծման հարցում Կառավարության հնարավոր աջակցության ձևաչափից, այնուհետև պատասխանել է նրանց կողմից բարձրաձայնված հարցերին։ Փոխվարչապետի կողմից մարզային այցերը շարունակական բնույթ են կրելու։
10:21 - 30 հունիսի, 2022
Նիգավանում հնչած կրակոցների հետևանքով մահացած քաղաքացիների հարազատները ակցիա էին իրականացնում |tert.am|

Նիգավանում հնչած կրակոցների հետևանքով մահացած քաղաքացիների հարազատները ակցիա էին իրականացնում |tert.am|

tert.am: Ապարանում այսօր բողոքի ակցիա էին իրականացնում վերջերս Նիգավանում հնչած կրակոցների հետևանքով վիրավորված և հրազնենային վնասվածքներից մահացած քաղաքացիների հարազատները։ Նրանք պնդում են, որ փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր տղան է հրահրել միջադեպը։ Ակցիայի մասնակիցները ասում են, որ Փարվանյաններն Ապարանից պետք է գնան, և պահանջում են օբյեկտիվ քննություն։ Լրագրողների հետ զրույցում Ապարանում կրակոցներից սպանված Տիգրան Հարությունյանը հայրը ասաց, որ վիճաբանությանը ներկա են եղել Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր տղաները և Մաթևոս Ասատրյանի եղբայրը․ «Մեր պահանջն այն է, որ արդար քննություն ընթանա և բոլոր մեղավորները պատժվեն։ Բոլորի համար տարօրինակ է, որ սպանությունից մեկ շաբաթ անցել է, բայց ձերբակալվել է ընդամենը 1 հոգի»։ Նա նաև հավելեց, որ պահանջատեր են լինելու, որ բոլոր մասնակիցները պատժվեն։ Իսկ Ապարանում սպանված Հմայակ Միքայելյանի եղբայրը հայտնեց, թե փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր տղան՝ Ռոմանն է զանգել, կանչել բոլորին, միջադեպ հրահրել ու անհետացել․ «Ռոմանը ներկայացել է որպես Ապարանում հարց լուծող։ Գազալցակայանում առաջինը ծեծել են Ռաֆոյին։ Ռոմանին ոչ ոք չի ճանաչում որպես Ապարանում հարց լուծող, իր հարց լուծելը այսպիսի բաների է հանգեցրել, շատ դեպքեր են եղել, որոնք արյունալի չեն եղել և հրաշքով պրծել են։ Ռոմանը հավաքում է մի քանի հոգու, կռիվ հրահրում, ու ինքը անհետանում է այդտեղից։ Ապարանում եթե կա մեկը, որ կասի՝ դա այդպես չէ, ես իր աչքերի մեջ երկար կնայեմ։ Ռոմանը դեռ ձերբակալված չէ, այսքան մարդ դրա համար է հավաքվել, որ Ռոմանի տնեցիները հավաքեն իրենց իրերը ու հասկանան, որ Ապարանում իրենք տուն չունեն»։ Իսկ Ժորա Փարվանյանը՝ Ռոման Փարվանյանի հայրն ասաց․ «Ռոմանը չի զանգել հրավիրել, հակառակը՝ ինքն ասել է՝ չգաք գազալցակայան։ Երևանից եկած երեք տղաների հետ ընկերություն չի արել Էդգարը, կարող է ճանաչել է, ես չգիտեմ։ Ես չգիտեմ Ռոմանին տարել են այդ օրը ոստիկանական բաժին, թե ոչ, ես տանն էլ չեմ եղել դեպքի օրը։ Բանդա է ստեղծվել, ամեն ինչ լավ կազմակերպված է եղել, շատ լավ ամեն ինչը արված է։ Իրավապահ մարմինները կպարզեն»,- ասաց նա։ Հարցին, թե ինչ են պատրաստվում անել՝ հաշվի առնելով, որ սպանվածների հարազատները պահանջում են, որ նրանք հեռանան գյուղից, Ժորա Փարվանյանը նշեց․ «Ո՞վ կարող է մեզ ասել, որ գնանք այստեղից, սա իմ պապի ազատագրած հողն է, ես այստեղից ոչ մի տեղ չեմ գնա, եթե չգիտեք, գնացեք Սարդարապատ, այնտեղ գրած է պապիս անունը՝ Փարվանի Խաչո, սա իմ տունն է։ Վտանգավորն իրենք են»։ Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 19-ին։ Մինչ պաշտոնական տեղեկատվության տարածումը մամուլում շրջանառվել է, թե դեպքը առնչություն ունի ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատների և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդու հետ։ Ոստիկանությունը պաշտոնապես գրել էր, որ «միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին՝ պատճառը կենցաղային է», իսկ Մաթևոս Ասատրյանը հերքել էր իր կամ իր հարազատների մասնակցությունը միջադեպին Այս պահին, ըստ պաշտոնական տվյալների, ձերբակալված է 32-ամյա տղամարդ։ Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
13:34 - 25 հունիսի, 2022
Արագածոտնում հիմնվել է 5 ՄվՏ հզորությամբ «Թալին-2» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանը

Արագածոտնում հիմնվել է 5 ՄվՏ հզորությամբ «Թալին-2» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանը

Հայաստանում ամենաշատ արևային օրերն ունեցող մարզերից մեկում՝ Արագածոտնում, ևս 1 արևային ֆոտովոլտային կայան է հիմնվել․ «Բիլդմաստեր» ՍՊԸ-ն Թալինում կառուցել է 5 ՄվՏ հզորությամբ «Թալին-2» կայանը։ Ծրագրի արժեքը շուրջ 5 մլն դոլար է։ Այս մասին հայտնում են Արագածոտնի մարզպետարանից։    «Նախօրեին հանդիսավորությամբ և պաշտոնատար անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել կայանի բացումը։ Ներկա են եղել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, փոխմարզպետ Հարություն Գուլյանը, մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը, Թալինի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանը։   «Բիլդմաստեր» ՍՊԸ ներկայացուցիչների հետ կարմիր ժապավենը կտրել է մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։   Շնորհավորանքի խոսքում նա ընդգծել է, որ կայանը երկրի և մարզի տնտեսական զարգացման, երկրի էներգետիկ կայունության և անկախության ապահովման, կանաչ էներգետիկայի մասսայականացման տեսանկյունից մեծ կարևորություն է ներկայացնում, և նման խոշոր ներդրումները մարզում խրախուսելի են։ Կայանն արտադրում է 10 500 000 կվտ-տարի էլեկտրաէներգիա և CO2 գազի արտանետումը կրճատում է 10200 տոննա-տարիով։   Նշենք, որ «Թալին-2»-ի կառուցման համար ձեռք է բերվել շուրջ 11,5 հա հողակտոր, որից շուրջ 7,5 հա էներգետիկ նշանակության հողակտորի վրա կառուցվել է կայանը»։
13:09 - 21 մայիսի, 2022
Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները դադարեցվեցին․ ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն

Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները դադարեցվեցին․ ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն

ՀՀ կառավարությունը որոշեց վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները եւ նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում պետք է նշանակի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու արտահերթ ընտրության անցկացման օրը: Անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին միավորված համայնքում տեղի էր ունեցել համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություն: Թիվ 18 տարածքային ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 12-ի №44-Ա որոշման համաձայն՝ Թալին համայնքի ավագանին ընտրվել է և մանդատները բաշխվել են 4 կուսակցությունների միջև. 1) «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն՝ 6 մանդատ. 2) «Հայք» լիբերալ կուսակցություն՝ 3 մանդատ. 3) «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինք՝ 2 մանդատ, 4) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 10 մանդատ: Դեկտեմբերի 17-ին կայացել է Թալին համայնքի ավագանու առաջին նիստը, որի ընթացքում ընդունվել է ավագանու թիվ 02-Ա որոշումը, որի համաձայն՝ Տավրոս Սափեյանն ընտրվել է համայնքի ղեկավար: Սակայն, առ այսօր չի կայացել համայնքի ընտրված ղեկավարի երդման արարողությունը՝ ավագանու անդամների քվորումը չապահովվելու հիմքով: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ «Ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև հունիսի վերջին չորեքշաբթին և սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև դեկտեմբերի վերջին չորեքշաբթին: Նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է ավագանու առնվազն մեկ նիստ»: Ս.թ. փետրվարի 8-ից առ այսօր Թալին համայնքի ավագանու նիստեր չեն հրավիրվել և անցկացվել, քանի որ դրանք պետք է հրավիրվեին համայնքի ղեկավարի կողմից, այնինչ՝ Օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով Թալին համայնքի ընտրված ղեկավարն իր լիազորությունները չի ստանձնել: Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե` 1) հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում.»: Այդ ժամկետը լրացել է ս.թ. մայիսի 8-ին: Ինչպես տեղեկանում ենք որոշման նախագծի հիմնավորումից՝ եռամսյա ժամկետում Թալի համայնքի ավագանու նիստեր չգումարվելու փաստն արձանագրվել է համայնքի աշխատակազմի կողմից և ներկայացվել է ՀՀ ՏԿԵՆ ՀՀ Արագածոտնի մարզպետի գրությամբ: Ելնելով վերոգրյալից՝ մշակվել և Կառավարության քննարկմանն է ներկայացվում «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին» Կառավարության որոշման նախագիծը: «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին» Կառավարության որոշման ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ չի առաջանում, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:
12:12 - 13 մայիսի, 2022
Կառավարությունը երկարաձգեց Ապարան  համայնքի՝ հանրային գերակա շահ ճանաչված սեփականության  օտարման գործընթացը

Կառավարությունը երկարաձգեց Ապարան համայնքի՝ հանրային գերակա շահ ճանաչված սեփականության օտարման գործընթացը

2021 թ․-ի հուլիսի 29-ին ՀՀ կառավարությունը 1246-Ա որոշմամբ հավանություն տվեց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած ներդրումային ծրագրին, որ նախատեսում է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում՝ 2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում։ ՓԲԸ-ն մտադիր է այդ տարածքում լեռնային հանգստավայր կառուցել։ Հետագայում՝ հոկտեմբերի 7-ին, կառավարությունը մեկ այլ որոշմամբ այդ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց։ Այս որոշմամբ սեփականության օտարման վերջնաժամկետ էր սահմանվել այս տարվա մայիսի 31-ը։ Արդեն այսօր կառավարությունը փոփոխություններ կատարեց հոկտեմբերի 7-ի որոշման մեջ, որով սեփականության օտարման վերջնաժամկետ սահմանվեց 2023 թ․-ի մայիսի 31-ը։ Որոշման հիմք է դարձել «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի խնդիր-առաջարկը։  «Ընդհանուր առմամբ տարածքում առկա է մոտ 745 գույք: Նշված գույքային միավորների նկատմամբ գրանցված իրավունքներ ունեցող անձանց հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքների, Կադաստրի կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվության մեծ ծավալի և դրա մշակման ժամանակատարության պատճառով հնարավոր չէ օտարման գործընթացն իրականացնել մինչև 2021 թ․-ի մայիսի 31-ը»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի համաձայն՝ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կառավարության սահմանած կարգով և ժամկետներում լիազոր մարմինը կազմում է օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը, Ըստ նախագծի՝ կառավարության որոշման մեջ նշված փոփոխությունը կատարելուց հետո հնարավոր կլինի կազմել նկարագրության արձանագրությունները, ավարտել օտարման գործընթացը և ավարտին հասցնել ծրագրի իրականացումը: Նախագծով սահմանվում է նաև, որ նկարագրության արձանագրությունները կկազմի լիազոր մարմին ճանաչված Էկոնոմիկայի նախարարությունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կառավարության անցած տարվա որոշման հետևանքով հանրության գերակա շահ էր ճանաչվել նաև Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղի բնակիչների սեփականություն համարվող վարելահողերը և տնամերձ հողամասերը։ Եղիպատրուշցիները հայտարարել էին, որ այս թեմայով հանրային լսումներ չեն իրականացվել։ Վերջին ամիսների ընթացքում Եղիպատրուշի բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացրել [1,2] Կառավարության մոտ՝ հայտարարելով, որ դեմ են իրենց սեփականությունը հանրային գերակա շահ ճանաչելու կառավարության որոշմանը։
11:09 - 05 մայիսի, 2022