Արմեն Փամբուխչյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։

Ծնվել է 1984թ. նոյեմբերի 26-ին՝ Երևանում: 2001 - 2006 թթ․ սովորել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով իրավագետի որակավորում։ 2002-2004 թթ․ ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

2018 թվականի հունիսին նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ ապա՝ հոկտեմբեր ամսից՝ առաջին տեղակալ։

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 

2020 թվականի սեպտեմբերին նշանակվել է ԱԻՆ փոխնախարար։

2022 թ. ապրիլին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը Սյունիքի մարզում է. նա հանդիպել է մարզպետի հետ և այցելել Կապանի ՀՓՋ

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը Սյունիքի մարզում է. նա հանդիպել է մարզպետի հետ և այցելել Կապանի ՀՓՋ

Սեպտմբերի 17-ին ԱԻ նախարարն այցելել է Սյունիքի մարզ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։   Գերատեսչության ղեկավարը մարզպետարանում հանդիպում է անցկացրել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ: Քննարկվել են վերջին օրերին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:   Նախարար Ա. Փամբուխչյանը մարզպետին վստահեցրել է, որ մարզային փրկարարական վարչությունը, հրշեջ-փրկարարները պատրաստ են լիարժեք կատարել իրենց առջև դրված խնդիրները, նաև նշել, որ անձամբ ինքը և իր ղեկավարած կառույցն անում են ամեն հնարավոր բան ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը նպաստելու համար:   Այնուհետև, Արմեն Փամբուխչյանը և Ռոբերտ Ղուկասյանն այցելել են Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատ: Նախարարը տեղում ծանոթացել է իրավիճակին, աշխատանքային պայմաններին, զրուցել անձնակազմի հետ, տվել համապատասխան հանձնարարականներ:   Ի դեպ, Սյունիքի ՄՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմի անդամներից, ինչպես և Վայոց ձորում, Գեղարքունիքում ձևավորվել են մարտական հերթապահություն իրակացնող խմբեր, որոնք ծառայություն են իրականացնում տեղակայման վայրերում:   Նախօրեին նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել էր ադրբեջանական հրետակոծությունից վնասված Ջերմուկի ՀՓՋ-ի շենք:
15:41 - 17 սեպտեմբերի, 2022
Կեչուտի ջրամբարն է երկու արկ ընկել․ ԱԻ նախարարը ներկայացրել է, թե ինչեր են վնասվել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով

Կեչուտի ջրամբարն է երկու արկ ընկել․ ԱԻ նախարարը ներկայացրել է, թե ինչեր են վնասվել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց ձորում տուժել են հյուրատներ, առողջարան, Կեչուտի ջրամբարն է երկու արկ ընկել, ճոպանուղին, հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը և մարդկանց անձնական օգտագործման մեքենաներ և այլ գույքեր։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։ «Ունենք էլեկտրամատակարարման գծերի հետ կապված խափանումներ, մասնավորապես Սյունիքի մարզում Սիսիան համայնքի Վաղատին, Որոտանավան, Շամբ, Դարպաս, Գետաթաղ, Լոր, Լեռնաշեն Դաստակերտ բնակավայրերը սպասարկող էլեկտրամատակարարման գիծը։ Ունենք նաև Շտապ օգնության մեքենաներ, որոնք հրետակոծության հետևանքով վնասվել են կրկին Սյունիքի մարզում։ Գեղարքունիքի մարզում հիմնականում վնասվել են մարդկանց տները և հեկտարներով ցորենի, գարու արտեր, և Սոթքում 55-60 տուն է վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման բազմաթիվ խողովակներ են վնասվել ու մասնավոր մեքենաներ»,- ասաց ԱԻ նախարարը։  Շատ կարևոր է փաստագրել այս հանգամանքները իրավական առումով․ դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հույս ունենալով, որ այս ուղղությամբ մանրակրկիտ աշխատանք կիրականացվի։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքով ԱԻ նախարարի ներկայացրած տվյալները, ինչպես նաև ՄԻՊ գրասենյակի  և պետական մյուս գերատեսչությունների տիրապետության տակ եղած տեղեկատվությունը հանգամանալից կերպով և պատշաճ կերպով արդեն իսկ ներկայացվում է միջազգային գործընկերներին, իսկ այն դեպքերում, երբ իրավական խնդիրներ և ռազմական հանցագործության տարրեր կան, մշակվում են և հետագա համապատասխան ընթացք կստանան։
11:38 - 16 սեպտեմբերի, 2022
2018թ.-ից հետո տեղի է ունեցել Փրկարար ծառայության աշխատավարձերի որոշակի բարձրացում, բայց մենք գոհ չենք այն իրավիճակից, որն ունենք. Փաշինյան

2018թ.-ից հետո տեղի է ունեցել Փրկարար ծառայության աշխատավարձերի որոշակի բարձրացում, բայց մենք գոհ չենք այն իրավիճակից, որն ունենք. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է ԱԻ աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին՝ տոնական օրվա առթիվ, մաղթել բարձր մասնագիտական հմտություններ և հնարավորինս քիչ աշխատանք: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱԻՆ աշխատակիցներն առանցքային դերակատարում ունեն Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման գործում: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Պետական այրեր, Արտակարգ իրավիճակների նախարարության, Փրկարար ծառայության հարգելի աշխատակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առիթով: Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Փրկարար ծառայությունն իրենց կարևոր և առանցքային դերակատարումն ունեցել են և ունեն Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման գործում: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին այս ընթացքում իրենց կատարած կարևորագույն աշխատանքի համար: Եվ գնահատանքիս խոսքերն եմ հնչեցնում Արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր աշխատողներին, Փրկարար ծառայության բոլոր աշխատողներին, որովհետև ձեր կատարած աշխատանքն անգնահատելի է: Կարծում եմ նաև, որ մենք պետք է հետևողականորեն զարգացնենք մեր երկրում բոլոր ինստիտուտները: Պիտի արձանագրեմ՝ չի բացառվում, որ այս ձևաչափով և այս կառուցվածքով մենք վերջին անգամ ենք հանդիպում, որովհետև առաջիկայում ձևավորվելու է Հայաստանում Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառելու է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության որոշ կառույցներ, մասնավորապես՝ Փրկարար ծառայությունը: Ինչո՞ւ ենք գնում նման փոփոխությունների: Ամենակարևոր երկու մոտիվացիայի մասին եմ  այսօր ուզում խոսել, որը կարելի է տեղադրել մեկ ընդհանուր վերնագրի ներքո: Ընդհանրապես մեր երկրում,  պետական համակարգում,  ամենուր, մի քանի անգամ  եմ ասել, անհրաժեշտ են բոլոր ժամանակակից պայմաններին և պահանջներին համապատասխանող ստանդարտներ: Մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում, հատկապես ուժային կամ ուժային ուղղություն ունեցող կառույցներում աշխատել՝ նշանակում է որոշակի ստանդարտների համապատասխանել և աշխատանքը համապատասխանեցնել որոշակի ստանդարտների: Ոստիկանության, բանակի, փրկարար ծառայության աշխատողների համար պետք է գոյություն ունենան ստանդարտներ: Առաջին հերթին ուզում եմ նշել սոցիալական երաշխիքների և ապահովության ստանդարտը, որովհետև պետության համար կարևորագույն գործառույթ իրականացնող ծառայությունների աշխատողները պետք է երաշխավորված սոցիալական ապահովության համակարգ ունենան: Մեր նպատակադրումն է , որ նախարարության ձևավորումից հետո և՛ ոստիկանության, և՛ փրկարար ծառայության աշխատողների էական, շոշափելի աշխատավարձերի աճ պիտի տեղի ունենա և սոցիալական երաշխիքների համակարգի շատ կոնկրետ ուժեղացում պետք է տեղի ունենա: Բայց մենք, ընդհանրապես, պետական կառավարման համակարգում որոշել ենք, որ պետք է առաջնորդվենք այն նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ այսօր առաջնորդվում ենք, օրինակ՝ հանրակրթության ոլորտում: Մենք սահմանում ենք սոցիալական երաշխիքների, աշխատավարձի նոր ստանդարտ, մյուս կողմից ակնկալում ենք, որ յուրաքանչյուր աշխատող պետք է համապատասխանի իր մասնագիտական, ծառայողական հմտությունների, գիտելիքների, ընդունակությունների այն ստանդարտին, որը համապատասխանում է այդ բարձր աշխատավարձին: Եվ, ընդ որում, մեր նպատակադրումն այն է, որ այս գործընթացը տեղի ունենա անընդհատ և շարունակական, որովհետև երբ մենք, ենթադրենք մի անգամ բարձրացնում ենք աշխատավարձ, հետո տեղի է ունենում գնաճ և այդ աշխատավարձը հինգ, վեց , յոթ տարի անց, երբեմն ավելի արագ չի համապատասխանում մեր սահմանած  նախնական չափորոշչին: Եվ հետևաբար մենք այս մեխանիզմը պետք է պարբերաբար աշխատեցնենք՝ ունենալով երկու նպատակ՝ սոցիալական երաշխիքների ամուր համակարգ, բայց նաև պիտի համոզված և վստահ լինենք, որ մեր դպրոցներում, մեր ոստիակնությունում, մեր փրկարար ծառայությունում, մեր զինված ուժերում ծառայություն իրականացնող կամ աշխատող յուրաքանչյուր ոք համապատասխանում է այն ակնկալիքին, որը պետությունն ունի նրա նկատմամբ, որ ժողովուրդն ունի նրա նկատմամբ, որ հանրային շահն ունի նրա նկատմամբ: Եվ ես ուզում եմ, որ բոլորս տրամադրվենք այս աշխատանքին: Իհարկե, 2018 թ.-ից հետո Փրկարար ծառայության աշխատավարձերի որոշակի բարձրացում տեղի է ունեցել, բայց մենք դա չենք համարում շոշափելի և էական: Եվ մենք գոհ չենք այն իրավիճակից, որն այս առումով ունենք: Մենք պետք է իրար հետ շարժվենք առաջ: Մենք պետք է վստահ լինենք, որ  մեր երկրում՝ փրկարար ծառայությունում, բոլոր պետական ծառայություններում, նախարարություններում աշխատողը, այդ հաստիքը զբաղեցնողն ի վիճակի է առնվազն ինչ-որ մակարդակով լուծել իր առջև դրված խնդիրը: Հարգելի ներկաներ, Կրկին  շնորհավորում եմ և բոլորիս մաղթում եմ եռանդ, որպեսզի մենք այս կարևոր ճանապարհը հետևողական, գրագետ անցնենք, և արդյունքում կունենանք բոլորովին նոր իրավիճակ թե՛ փրրկարար ծառայության աշխատողների սոցիալական վիճակի, նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների համակարգի,  թե՛ նրանց կողմից մատուցվող ծառայությունների և կառավարման հմտությունների առումով: Ընդհանուր առմամբ, իհարկե, սա այն դեպքն է երբ պետք է բոլոր փրկարարներին մաղթել ամենաբարձր մակարդակի պրոֆեսիոնալություն, բայց հնարավորինս քիչ աշխատանք: Շնորհակալություն բոլորիդ ծառայության համար և մեկ անգամ ևս շնորհավորում եմ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առիթով»:          Արտակարգ իրավիճակների նաշխատողի օրվա առթիվ, անբասիր աշխատանքի և անձնվիրության համար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել ԱԻՆ մի խումբ ծառայողների:  Այնուհետև կառավարության ղեկավարը և Հանրապետության նախագահը հետևել են ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթին և ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի ներկայացրած ցուցադրական վարժանքներին: Շարահրապարակում ներկայացվել են ցուցադրված հատուկ տեխնիկական միջոցների և սարքավորումների հնարավորությունները, տեխնիկական հագեցվածությունը և կիրառման նպատակները: Վարչապետը և նախագահը հետևել են նաև ԱԻՆ երկու աշխատակիցների՝ Գինեսի գրքում գրանցվելու արարողությանը:
15:38 - 05 սեպտեմբերի, 2022
Փրկարար լինելն առաքելություն է. Արմեն Փամբուխչյանը շնորհավորել է ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ

Փրկարար լինելն առաքելություն է. Արմեն Փամբուխչյանը շնորհավորել է ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը շնորհավորական ուղերձ  է հղել ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է.   Սիրելի՛ աշխատակիցներ, սիրելի՛ փրկարարներ Շնորհավորում եմ բոլորիս Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ։ ԱԻՆ-ն իր ստեղծման օրվանից ունեցել է մարդասիրական առաքելություն։ Այն իր մեջ ներառում է փրկարար ծառայությունը, սեյսմիկ անվտանգությանը և տեխնիկական անվտանգությունը։ Տարիների ընթացքում կառույցն իր կայացման ուղին անցել է բազում փորձությունների միջով, ինչը նպաստել է գերատեսչության կայացմանը և հասարակության մոտ վստահության ձևավորմանը։Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՈԱԿ-ի փորձառու մասնագետներն իրականացնում են պետության և հասարակության սեյսմիկ անվտանգության ապահովմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումները Հայաստանում և Արցախում, ինչը մեզ թույլ է տալիս 24 ժամյա ռեժիմով մոնիթորինգ իրականացնել և գնահատել երկրի սեյսմիկ վիճակը՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքն ու սեյսմիկ գոտում գտնվելու փաստը։Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի հիմանկան նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող, շահագործման նպատակով նախապատրաստվող, կոնսերվացվող, ապամոնտաժվող արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության ապահովման գործառությունների կազմակերպումն ու իրականացումն է։Եվ վերջապես փրկարար ծառայությունը, որն ԱԻՆ-ի ողնաշարն է։ Այն իրականացնում է մեր քաղաքացիների կյանքի և առողջության, ինչպես նաև շրջակա միջավայրի, նյութական և ոչ նյութական արժեքների պահպանման, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների համակարգման հիմնական գործառույթը։Փրկարար լինելն առաքելություն է և մեկ անգամ չէ, որ մեր փրկարարները ապացուցել են դա իրենց անձնուրաց աշխատանքով, հաճախ նաև իրենց առողջության ու կյանքի գնով փրկելով հազարավոր կյանքեր։ Տարիներ շարունակ մեր փրկարարները կատարելագործվել են և այսօր արդեն կարող են մասնագիտական աջակցություն ցուցաբերել աղետում հայտնված ցանկացած երկրի, ինչը խոսում է նրանց մասնագիտական, գործառնական, ինչպես նաև բարոյահոգեբանական պատրաստվածության, ծառայողական գործունեության բարձր մակարդակի մասին։Աղետների ռիսկի կառավարումից և բնակչության պաշտպանությունից զատ մենք ապահովում ենք նաև մեր քաղաքացիների և հյուրերի հանգիստը հանրային լողափերում: Ուրախությամբ պետք է նշեմ, որ արդեն երկրորդ տարին է՝ մեր հերթապահության տիրույթում չեն գրանցվել ջրահեղձման դեպքեր և փրկվել է 100 քաղաքացի։Այս ամենն, իհարկե, անհնար է իրականացնել առանց տեխնիկական և թիկունքի ապահովվածությամբ։ Եվ, ի ուրախություն մեզ և ի շահ քաղաքացիների, կառավարությունն առաջնային խնդիրներից է համարում ԱԻՆ տեխնիկական հագեցվածության ապահովումը։ Դրա ցայտուն օրինակն է կառավարության կողմից տրամադրած 1,2 միլիարդ դրամը, որը մենք ուղղելու ենք նոր տեխնիկայի ձեռքբերմանը՝ մասնավորապես հրշեջ-փրկարարական մեքենաների գնմանն ու շենքային պայմանների բարելավմանը։Օրեր առաջ ևս մեկ փորձություն հաղթահարվեց ԱԻ նախարարության ուժերով։ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց մեր հասարակությանը, որ մենք կարողանում ենք պատշաճ արձագանքել, հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել՝ անգամ իր նախադեպը չունեցող աղետի պարագայում։ Ընդհանուր առմամբ 1388 փրկարար է ներգրաված եղել հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին։ Հրդեհի, փլատակների, շենքի փլուզման իրական վտանգի պայմաններում 24 ժամյա ռեժիմով մեր փրկարաները կատարում էին իրենց ծառայողական պարտականությունները, ինչի արդյունքում կարողացանք փրկել 10 մարդու կյանք։ Եվ պատահական չէ, որ նրանց ներդրած գերմարդկային ջանքերը ևս մեկ անգամ գնահատվեցին քաղաքացիների կողմից։Սա մի հատվածն է մեր առօրյա աշխատանքի, սակայն շուրջօրյա ռեժիմով մենք արձագանքում և սպասարկում ենք մեր քաղաքացիների տարաբնյութ զանգերը՝ մանր կենցաղային հարցերից մինչև լրջագույն և մասշտաբային պատահարներ։Եվ այս ամենն իրականացնում ենք սիրով, պատվով, նվիրվածությամբ և առաջնորդվում ենք ամենահումանիտար կարգախոսով․ «Մարդը բարձրագույն արժեք է»։Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, սիրելի՛ փրկարարներ և ԱԻՆ աշխատակիցներ։ Թող ձեր ուժը, նվիրումը, անձնուրացությունը, խիզախությունն ու ստանձնած գործի նկատմամբ պատասխանատվությունը լինեն մեր քաղաքացիների ու հայրենիքի անվտանգ առօրյայի ամուր հիմքը։ Փրկարարի մասին խոսելիս անհնար է զերծ մնալ «հերոս» բառից, ինչը ձեր կատարած աշխատանքի բարձրագույն գնահատականն է։ 
11:08 - 04 սեպտեմբերի, 2022
Արմեն Փամբուխչյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության գլխավոր տնօրենի տեղակալին

Արմեն Փամբուխչյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության գլխավոր տնօրենի տեղակալին

Սեպտեմբերի 2-ին արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Մանուել Բեսլերին։ Հանդիպմանը ներկա էին ՇԶՀ գործակալության հումանիտար աջակցության արագ արձագանքման ղեկավար Դեյվիդ Սոխորը, ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը։ Նախարար Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Բեսլերին Հայաստանի Հանրապետությունում գտնվելու և հայկական ՄԱԿ-ի միջազգային քաղաքային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափորոշիչներին համապատասխան հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի առաջին վերաորակավորման վարժանքին անձամբ մասնակցելու համար: Դեսպան Բեսլերը շնորհակալություն է հայտնել ԱԻ նախարարին ջերմ ընդունելության համար և շեշտել, որ կարևորում է հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի կատարած աշխատանքները։ Գործակալության աջակցությամբ տեղծվել են միջազգային որոնողափրկարարական INSARAG-ի չափանիշներին համապատասխան արագ արձագանքման 5 թիմեր` Երևանում, Շիրակի, Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերում: ԱԻ նախարարը առաջարկել է դիտարկել ևս երկու թիմի որակավորմանն աջակցելու հնարավորությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք այլ հարցեր։
15:37 - 02 սեպտեմբերի, 2022
Արմեն Փամբուխչյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը

Արմեն Փամբուխչյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը

Տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի օրակարգում եղել է 5 հարց։ Նիստը նախագահում էր ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։ Կառավարման խորհրդի նիստի օրակարգի 1-ին հարցը վերաբերում էր ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածությանը հավանություն տալուն։ Այդ պաշտոնում առաջադրվել էր Սուրեն Մինասյանի թեկնածությունը։ Կառավարման խորհրդի անդամները Ս․Մինասյանին ուղղեցին իրենց հարցերը՝ կապված նրա՝ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվելու դեպքում նախատեսվող գործունեության հետ։ Կառավարման խորհուրդը հավանություն տվեց առաջադրված թեկնածությանը։ Կառավարման խորհրդի համապատասխան որոշումից հետո այն կներկայացվի ՀՀ վարչապետի հաստատմանը։ Այնուհետև կառավարման խորհրդի անդամները քննարկեցին օրակարգում ընդգրկված՝ Տեսչական մարմնի ընթացիկ ու առաջիկա գործունեությանն առնչվող մնացած հարցերը։
11:35 - 23 օգոստոսի, 2022
«Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններով պայմանավորված՝ չեղարկվել է ԱԻ նախարարի այցը Ռուսաստան

«Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններով պայմանավորված՝ չեղարկվել է ԱԻ նախարարի այցը Ռուսաստան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ չի մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտակարգ իրավիճակների հարցերով համակարգող խորհրդի նիստին ու համաժողովին՝ կապված «Սուրմալուում» տեղի ունեցածի հետ:    «2022 թվականի օգոստոսի 17-20-ը պետք է մասնակցեի Ռուսաստանի Դաշնությունում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների` արտակարգ իրավիճակների հարցերով համակարգող խորհրդի 13-րդ նիստին և 3-րդ միջազգային հրշեջ-փրկարարական համաժողովին:   Պայմանավորված «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններով՝ չեղարկվել է այցս։ Հայաստանի կողմից իմ փոխարեն մասնակցել է ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, փ/ծ գնդապետ Արտակ Ղազարյանը»,- գրել է նախարարը։  
17:13 - 19 օգոստոսի, 2022
Հաշվի առնելով, որ անհետ կորած քաղաքացին գտնվել է էպիկենտրոնային գոտում, բավականին բարդ է լինելու հայտնաբերումը․ Փամբուխչան

Հաշվի առնելով, որ անհետ կորած քաղաքացին գտնվել է էպիկենտրոնային գոտում, բավականին բարդ է լինելու հայտնաբերումը․ Փամբուխչան

Կառավարության անդամները այսօրվա նիստի սկզբում մեկ րոպե լռությամբ հարգեցին «Սուրմալու» առևտրի կենտրոնում զոհված քաղաքացիների հիշատակը։ Նիկոլ Փաշինյանը ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանից հետաքրքրվեց որոնողափրկարարական աշխատանքների ընթացքի մասին, որին ի պատասխան Փամբուխչյանը ասաց, որ ներկա պահին 16 դիերից նույնականացված է 15-ը, մեկ հոգի համարվում է չնույնականացված․ «Ներկա պահին մենք հայտարարում ենք, որ ունենք 2 անհետ կորած, բայց ունենք ենթադրություն, որ մեկ չճանաչված դին այդ անհետ կորածների շարքում է»։ Փամբուխչյանի խոսքով՝ որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է եղել 935 փրկարար ծառայող, որից 350-հենց նույն օրը։ «Այս պահին տարվում են աշխատանքներ՝ հայտնաբերելու մյուս անհետ կորածին, որի անուն ազգանունը մենք ունենք, թե կոնկրետ ում ենք փնտրում, որ հատվածում։ Ներկա պահին մաքրել ենք տարածքի 90 և ավելի տոկոսը, և մոտեցել ենք ենթադրվող էպիկոնտրոնային գոտուն և այդտեղ իրականացնում ենք որոնողափրկարարական աշխատանքներ։  Ներկա պահին մի փոքր բարդություն ունենք կապված փլուզումից հետո առաջացած կոնստրուկցիաների կախված և այլ սյուների հետ, որոնք ապամոնտաժում ենք և հնարավորինս փորձում ենք անվտանգ միջավայր ստեղծել փրկարարների համար։ Վերջին դին հանվել է հրդեհից 42 ժամ անց, հրդեհի բռնկումից 5 ժամ անց հրդեհը համարվել է կառավարելի, 49 ժամ անց տվել ենք մեկուսացում, 53 ժամ հետո տվել ենք ամբողջական մարում։ Ներկա պահին կատարվում են միայն հովացման աշխատանքներ,  մինչ այժմ գոլորշին դուրս է գալիս, և մենք կատարում ենք հովացման աշխատանքներ։ Դեպքի վայրից տարհանվել է 25 տրանսպորտային միջոց, մեզ օգնության ձեռք են մեկնել Կարմիր խաչի 201 փրկարարներ և հոգեբաններ, ՈՄԱ կազմակերպության 132 կամավորներ և 250 այլ կամավորներ, ընդհանուր թվով 382 կամավորներ են մասնակցել՝ չհաշված Կարմիր խաչի օգնությունը»,- նշեց ԱԻ նախարարը։  Փամբուխչյանը ասաց, որ իրենց աջակցել են նաև Երևանի քաղաքապետարանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ «Այս պահին աշխատանքները ինտենսիվ շարունակվում են երկու հատվածով, և ենթադրվում է, որ տվյալ անձը գտնվել է հենց այդ վայրում։ Մենք հիմա փորձում ենք կատարել մաքրման աշխատանքներ, սյուների հեռացում, նաև՝ հարկադիր փլուզումներ, որպեսզի կարողանանք մոտենալ հենց բուն նկուղային հարկին, որտեղ գտնվել է քաղաքացին։ Հաշվի առնելով հանգամանքը, որ տվյալ քաղաքացին գտնվել է էպիկենտրոնային գոտում, այսինքն՝ այնտեղ հարվածային ալիք է, նաև հրդեհ,  այս օրերի ընթացքում այդ գոլորշին, բավականին բարդ է լինելու տվյալ քաղաքացուն հայտնաբերումը»,- ասաց Արմեն Փամբուխչյանը։ Փամբուխչյանը, պատասխանելով Փաշինյանի հարցին, ասաց նաև, որ մարդկային, տեխնիկական և նյութական որևէ պակաս չի եղել, և եղած մարդկային ներուժը ու տեխնիկան ամբողջությամբ բավարարել է տվյալ դեպքը սպասարկելու համար։ 
11:27 - 18 օգոստոսի, 2022
«Սուրմալու»-ի պայթյունից հետո որոնվող ՌԴ քաղաքացին հայտնաբերվել է, նա ողջ է. ԱԻ նախարար
 |tert.am|

«Սուրմալու»-ի պայթյունից հետո որոնվող ՌԴ քաղաքացին հայտնաբերվել է, նա ողջ է. ԱԻ նախարար |tert.am|

tert.am: «Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգությունից հետո որոնվող անձանց թիվը նվազել է 1-ով։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։ «ՌԴ քաղաքացուն, որին մենք փնտրում էինք, հարազատները կապ են հաստատել, պարզվել է, որ նա վիրահատվել է բոլորովին այլ պայմաններում։ Հիվանդանոցում է, կապի է դուրս եկել։ Այսպիսով` անհայտ կորածներից մեկ անձ պակասեց»,– հայտնեց Փամբուխչյանը և հավելեց՝ փաստացի ունենք 2 անհետ կորած։  «Ունենք 16 հայտնաբերված դի, որից մեկի ինքնությունը չի պարզվել, այսինքն ենթադրելի է, որ 2 անհետ կորածներից մեկի ինքնությունը պարզվի, կմնա մեկ անհետ կորած»,- ասել է նա: ԱԻ նախարարը հայտնել է նաև, որ մինչև պայթյունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում, նախնական տվյալներով, մոտ 4 տոննա պայթուցիկ է եղել:
20:47 - 16 օգոստոսի, 2022
Անհետ կորած համարվողներից մեկի մասով զանգ ենք ստացել, որ նա երկրում չէ. ԱԻ նախարար

 |armenpress.am|

Անհետ կորած համարվողներից մեկի մասով զանգ ենք ստացել, որ նա երկրում չէ. ԱԻ նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը մանրամասներ ներկայացրեց «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո շարունակվող որոնողափրկարարական աշխատանքների վերաբերյալ: Լրագրողների հետ ճեպազրույցում Արմեն Փամբուխչյանը նշեց, որ փրկարարներն ամբողջ գիշեր աշխատել են: «Ներկա պահին կա 16 զոհ, 17 մարդ  անհետ կորած է համարվում: Անհետ կորածների թիվը 18 էր, սակայն 1 անհետ կորածի մասով մենք ստացել ենք զանգ, որ տվյալ քաղաքացին երկրում չէ, այսինքն՝ ողջ է և ընդհանրապես այստեղ չի եղել»,- ասաց նախարարը: Նա մանրամասնեց, որ հրդեհաշիջման աշխատանքներ չեն կատարվում, քանի որ չկա հրդեհ, կատարվում է միայն հովացման աշխատանք: «Կարող եմ ասել, որ մենք ամբողջ ծավալով իրականացնում ենք միայն որոնողափրկարարական աշխատանքներ»,- նշեց Արմեն Փամբուխչյանը: Արտակարգ իրավիճակների նախարարն ընդգծեց, որ ծանր տեխնիկա միանգամից չեն կարող օգտագործել, քանի դեռ կա հավանականություն, որ կարող են քաղաքացու հայտնաբերել: «Հնարավորինս բացազատում ենք տարածքը, այնուհետև մեր փրկարարները տվյալ հատվածում դիտարկում են իրականացնում, դրանից հետո միայն ծանր տեխնիկա օգտագործվում է»,- ընդգծեց նա: Նախարարը նշեց, որ այս պահին հաստատված է զոհերից միայն 6-ի ինքնությունը. 10 զոհի ինքնությունը դեռևս չի պարզվել: Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ, երբ հաջողվի նույնականացնել բոլոր զոհերին, անհետ կորածների թիվն էլ կնվազի: Փամբուխչյանն անդրադարձավ նաև մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տարատեսակ լուրերին փլատակներից ողջ քաղաքացիների հայտնաբերելու վերաբերյալ: «Ես խնդրում եմ քաղաքացիներին հետևել միայն պաշտոնական լուրերին, քանի որ անհեթեթ սպասումներ են տալիս հարազատներին, ինչն ընդհանրապես չի օգնում մեր աշխատանքներին: Ես խնդրում և հորդորում եմ բոլորին զերծ մնալ նման լուրեր տարածելուց: Մենք օպերատիվ կերպով աշխատում ենք լրատվամիջոցների հետ, բոլոր նորություններն առաջինը մենք ենք իմանում, որից հետո տեղեկացնում ենք լրատվամիջոցներին և հանրությանը»,- ասաց նախարարը: Նրա խոսքով՝ հրդեհը սկսվել է հրավառ նյութերի պահեստից, սակայն դժվարացավ նշել, թե կոնկրետ շինության որ հարկում է եղել պայթյունը: Պայթյունի տարածքում օրվա ընթացքում մինչև 150 մարդ է աշխատում: Հիմնական աշխատանքներն իրականացնում են փրկարարները, Հայկական Կարմիր խաչի և ՈՄԱ հասարակական կազմակերպության կամավորները: Փամբուխչյանը վստահեցրեց՝ ոչ մարդկային ռեսուրսի, ոչ տեխնիկայի պակաս չկա: Նախարարը դժվարացավ պատասխանել հարցին, թե երբ կավարտվեն որոնողափրկարարական աշխատանքները:
10:42 - 16 օգոստոսի, 2022
Հայտնաբերվել է եւս 8 դի, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա եւ հղի կին. ԱԻ նախարար

Հայտնաբերվել է եւս 8 դի, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա եւ հղի կին. ԱԻ նախարար

Օգոստոսի 16-ին՝ ժամը 05։19-ի դրությամբ, հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։  Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 15 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․ և Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․ և անձը չպարզված ինը քաղաքացու դի)։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։  Նշենք՝ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը իր էջում գրել է, որ 15 զոհերի թվում են մեկ մանկահասակ երեխա եւ հղի կին։  ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 12-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 48-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։ Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 171 հրշեջ-փրկարար, 8 հրշեջ և 1 փրկարարական տեխնիկա, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, ԱԹՍ մասնագիտացված և կինոլոգիական, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը (համապատասխանաբար` 44 և 40 փրկարարներով), Ռուս-հայկական կենտրոնից՝ 2 փրկարար և 1 հրշեջ տեխնիկա, 30 կամավոր «ՈՄԱ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունից և 102 կամավոր՝ «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպությունից։ Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավվել են նաև քաղաքապետարանի 10 տրակտոր, 16 բեռնատար ինքնաթափ, 2 ջրատար, շտապօգնության 3 բրիգադ, 1 դի տեղափոխող ավտոմեքենա և 2 ավտոկռունկ։ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը քաղաքացիներին տեղում ցուցաբերում է հոգեբանական աջակցություն։ Քաղաքացիները հոգեբանական աջակցություն կարող են ստանալ նաև զանգահարելով «911» թեժ գիծ։ Հրդեհաշիջման աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը․ Դեպքի վայրում են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ․Սանոսյանը։ ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 1․ Արամ Հայրապետյան (ծնված 1981 թ․) 2․ Մարատ Շահբազյան 3․ Սիրարփի Խաչատրյան 4․ Մարիամ Խաչատրյան 5․ Հարութ Գարաքյան 6․ Գագիկ Կարապետյան 7․ Արտավազդ Հայրապետյան 8․ Էռնա Գրիգորյան (ծնված 1980 թ․)  9․ Հրաչյա Սարգսյան (ծնված 1976 թ․)  10․ Վաչագան Եղոյան (ծնված 2000 թ․)  11․ Վանիկ Ամիրխանյան 12․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․) 13․ Արամ Հարությունյան 14․ Դավիթ Մխիթարյան 15․ Մելինե Տալոյան (ծնված 1997 թ․)  16․ Լյուբա Գրիբովա (ՌԴ քաղաքացի, ծնված 1959 թ․) 17․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի) 18․ Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ․) Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։ Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ 
07:51 - 16 օգոստոսի, 2022