Վարուժան Ավետիսյան

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ, ՀՀ Զինված Ուժերի պահեստազորի գնդապետ։

Ծնվել է 1970 թվականի հուլիսի 28-ին Մարտունի քաղաքում։ Ավարտել է Մարտունու Ս. Դարբինյանի անվան N3 միջնակարգ դպրոցը։ 1987-1992 թթ․ սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։ 1994 թվականի ապրիլ-հունիս ամիսներին եղել է ՀՀ ՊՆ զորամասի հրամանատարի օգնական-իրավական հարցերով սպա, 1998 թվականին՝ ՀՀ զինվորական քննիչ։

1999-2000 թթ․ աշխատել է որպես ՀՀ ՊՆ Անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության ավագ սպա-իրավաբան, 2000-2002 թթ․՝ ՀՀ ՊՆ Արտաքին հարաբերությունների և ռազմական համագործակցության վարչության բաժանմունքի պետ։ 2002-2003 թթ․ եղել է ՀՀ ՊՆ Սպաների որակավորման բարձրացման դասընթացի դասախոս։ 2004-2008 թթ․՝ ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության բաժնի պետի տեղակալ։ 2008-2013 թթ․ աշխատել է ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ-ինստիտուտի իրավաբան։ Հանդիսանում է Հիմնադիր Խորհրդարան կազմակերպության փոխնախագահ, «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության ղեկավարներից։ 2016 թ․ հուլիսի 17-ին Սասնա Ծռեր խմբավորման կազմում մասնակցել է Երևան քաղաքի Էրեբունի թաղամասում գտնվող ՊՊԾ գնդի գրավմանը։ Խմբի մյուս անդամների հետ ձերբակալվել է։

2018 թ․ հեղափոխությունից հետո՝ օգոստոսի 17-ին խափանման միջոցը փոխվել է, և նա ազատ է արձակվել։ 2018թ․ դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններում առաջադրվել է որպես պատգամավորության թեկնածու՝ գլխավորելով «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակը։

Ինչո՞վ ենք մենք երախտապարտ ցեղասպան Ռուսաստանին, քա՞ղցր է սպանողի ձեռքը. Վարուժան Ավետիսյան |armtimes.com|

Ինչո՞վ ենք մենք երախտապարտ ցեղասպան Ռուսաստանին, քա՞ղցր է սպանողի ձեռքը. Վարուժան Ավետիսյան |armtimes.com|

armtimes.com: «Հայացք» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցության վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանը, պատգամավորի թեկնածու Վարուժան Ավետիսյանը եւ ԱԺԲ խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը ներկայացրին նախընտրական գործընթացների վերաբերյալ իրենց դիտարկումները, ինչպես նաեւ կուսակցության ծրագրային դրույթները, գաղափարները, պատասխանեցին լրագրողների հարցերին: Կուսակցության առաջին համար Վահե Գասպարյանը նշեց, որ իրենց կուսակցության ասելիքն արմատականորեն տարբերվում է բոլոր ուժերի ասելիքից, որովհետեւ մյուս բոլոր կուսակցությունները խնդիրների լուծումները պատկերացնում են եղած համակարգի ներսում, իսկ իրենք համակարգն արմատապես փոխելուն են կողմ: «Ինչքան ուզում ես ներկիր, վերանորոգիր, փայլեցրու, «Ժիգուլին» «Մերսեդես» չի դառնա: Մենք 30 տարի «Ժիգուլի» ենք քշում, և ինքներս մեզ համոզում ենք, որ կարող ենք մի քիչ ներկել, փայլեցնել,  նոր մեքենա կդառնա: Չի լինի՝ ժանգոտել է, նեխել է, մատոռը խփել է, ժամանակն է փոխել համակարգը, դուրս գալ այս ճահիճից, այս ռուս-թուրքական աքցաններից»,- նշեց նա:   Հավելեց, որ մյուս ուժերը խոսում են իրար մեղադրելու, ցեխ շպրտելու համար, սակայն կարեւոր մի շարք հարցերի մասին այդպես էլ լռում են: Այդ հարցերից նա առանձնացրեց այն, որ գերմանական «Դոյչե Վելլեի» տվյալներով՝ Ռուսաստանի խնդրանքով Չինաստանը հոկտեմբերի 10-ին վետո է դրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշման վրա՝ պատերազմը դադարեցնելու և միջազգային խաղապահներ տեղակայալելու: «Մենք հիմա կանգնած ենք ոչ թե սեւ-սպիտակ, նախկին-ներկա էժան, կեղծ ընտրության առջեւ, այլ կանգնած ենք քաղաքակիրթ աշխարհին միանալու, հյուսիս-հարավի տարանցիկ երկիր լինելու առջև, ինչը անվտանգային, տնտեսական, տեխնոլոգիաների, ինֆրակառուցվածքի զարգացման ներհոսքի երաշխիքներ կտա: Մենք կանգնած ենք ռուս-թուրք-ադրբեջանական աքցանում մնալու վտանգի առաջ, Սյունիքը, Գեղարքունիքը, պետականություն կորցնելու ընտրության առջև, որից հետո արդեն պարզապես Սևանի նկարը կկախենք Մասիսի նկարի կողքը և մեր կորուսյալ հայրենիքի նկարները կհամալրենք Սևանով, Սյունիքով, ու արցունքն աչքերին կերգենք՝ «Ո՞ւր էիր, Աստված, երբ կոտորում էին մի ողջ ժողովուրդ» երգը ու կբողոքենք հայի բախտից: Հունիսի 20-ին, գնալով ընտրության, լավ մտածեք, և տեսեք, թե այդ ապագան արժի՞ արդյոք այն 100 հազար դրամին, որ դուք վերցնում եք»,- ասաց Վահե Գասպարյանը: Նրա խոսքով՝ քարոզարշավի 12 օրը շատ քիչ ժամկետ է՝ ժողովրդի բոլոր խավերին հասանելի դառնալու համար, բայց, այնուամենյանիվ, իրենց հնարավարությունների չափով  անում են առավելագույնը, ու դրա արդյունքում՝ իրենց ուժի նկատմամբ նկատում են դրական շարժ, որովհետև իրենք անկեղծ են ժողովրդի հետ, այն գաղափարներն են բարձրաձայնում, որոնք ժողովրդի սրտով են: Սա, ըստ բանախոսի, պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ ժողովրդի մի ստվար զանգված, ընդհուպ մինչ 50 տոկոսը, ըստ տարբեր սոցիոլոգիական հարցումների, հիասթափվել են նախկին և ներկա իշխանություններից, եւ փնտրում են այլընտրանք: Պատգամավորության թեկնածու Վարուժան Ավետիսյանն էլ նշեց, որ աշխարհում տեղի են ունենում դարակազմիկ փոփոխություներ, այդ փոփոխությունների արդյունքները արձանագրվելու են երկու հիմնական գործոնների ազդեցությամբ, դրանք են ԱՄՆ-Չինաստան գլոբալ մրցակցությունը եւ 4-րդ արդյունաբերական հեղափոխության հետեւանքով տեղի ունեցող տարածաշրջանայնացումը: «Ռուսաստանը լվացքի մեքենա չի կարող արտադրել, ի՞նչ ռեգիոն ձեւավորելու մասին կարող է խոսք գնալ: Դա ոչնչացող, նեխած  եւ սեւ բորբոս պատած համակարգ է: Մեղք է ուղղակի այս ժողովուրդը, որ այսքան տարի սնուցել է այս աշխարհակեր համակարգը, որի մահվան վերջնափուլի ականատեսն ենք մենք լինում: Եվ դեռ Հայաստանում մարդիկ կան, որ նեխած համակարգի գավառական դուրսպրծուկ-սպրդուկներ են, որոնք փորձում են այսօր մոլորեցնել ժողովրդին: Ռուսաստանը այլեւ գոյություն չունի որպես համաշխարհային ուժ, չկա նման բան: Ասեմ՝ որոնք են առհասարակ այն երեք գործոնները, որոնք առայժմ Ռուսաստանին ձեւականորեն պահում են այդ կարգավիճակում: Այդ բոլոր գործոնները խլվելու են Ռուսաստանի ձեռքից, քանի որ Ռուսաստանը թուլանում է: Այդ գործոններն են՝ ՄԱԿ-ի ավտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակը,  միջուկային զինանոցը, Հայաստանում Ռուսաստանի ներկայությունը: Ինչո՞վ ենք մենք երախտապարտ ցեղասպան Ռուսաստանին, ինչի՞ ենք մենք կառչել դրան, մենք այդքան մեր արժանապատվությունը կորցրե՞լ ենք, քա՞ղցր է սպանողի ձեռքը»,- եզրափակեց նա:Ավելին՝ Armtimes.com-ում։
21:55 - 14 հունիսի, 2021
Ակնհայտ է, որ Կրեմլի ցուցումով հայտարարված իբրեւ թե արտահերթ ընտրությունների գաղափարը շատերին տատանման մեջ է գցել․ Վարուժան Ավետիսյան

Ակնհայտ է, որ Կրեմլի ցուցումով հայտարարված իբրեւ թե արտահերթ ընտրությունների գաղափարը շատերին տատանման մեջ է գցել․ Վարուժան Ավետիսյան

Մենք տարիներ շարունակ ահազանգում էինք, որ վիճակն օրհասական է, որ պատերազմ է լինելու, մեզ ասում էին՝ դուք պատերազմի հրձիգ եք, դուք արյուն եք ուզում, դուք պատերազմ եք ուզում, դուք չեք ուզում, որ մենք հանգիստ ապրենք։ Այս մասին մարտի 20-ին Ազատության հրապարակում «Ազգային-ժողովրդավարական բևեռի» հերթական հանրահավաքի ժամանակ ասաց «Ազգային-ժողովրդավարական բևեռի» վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը․ «Կարողացան մեր ծողովրդի մեծամասնությանը մոլորեցնել, թմրեցնել, քնեցնել մինչեւ աղետը վրա հասավ։ Մենք հիմա նորից զգուշացնում ենք, որ սա վերջը չէ, մենք ունենք բոլոր հնարավորությունները ոչ միայն համախմբվելու եւ աղետը կանխելու, այլեւ հզոր, ինքնիշխան պետականություն ստեղծելու»։ Ավետիսյանը ելույթի ժամանակ անդրադարձավ նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նշելով․ «Ակնհայտ է, որ Կրեմլի ցուցումով հայտարարված իբրեւ թե արտահերթ ընտրությունների գաղափարը շատերին տատանման մեջ է գցել, մի՛ տատանվեք։ Եթե մենք թույլ տանք, որ այդ քաղաքական հարվածը, վերջին հարվածը, մեր ազգի եւ պետականության վզին հասցնեն, ապա համոզված եղեք, որ ռազմական հարվածը եւ վերջնական ազգային աղետը չեն ուշանալու։ Հասկանանք վերջապես, որ չի կարելի անտարբերությամբ նայել, թե ինչպես է մարդասպան, հայասպան համակարգը շարունակում իր արշավը անգամ ազգային աղետից հետո»։
19:21 - 20 մարտի, 2021
Հաղթանակի սահմանը միացումն է, իսկ այս փուլը կարող ենք անվանել միջանկյալ հաղթանակ ու հակառակորդի ներուժի ջախջախում․ Վարուժան Ավետիսյան

Հաղթանակի սահմանը միացումն է, իսկ այս փուլը կարող ենք անվանել միջանկյալ հաղթանակ ու հակառակորդի ներուժի ջախջախում․ Վարուժան Ավետիսյան

Տասը օրից ավելի է՝ արցախա-ադրբեջանական սահմանին ընթանում են Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողությունները։ Այս ողջ ընթացքում բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, հայաստանցիներն ու արցախցիները, աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերը միանշանակ պնդում են՝ հաղթելու ենք։ Հաղթանակը տարբեր մարդիկ տարբեր կերպ են պատկերացնում՝ սահմանները պահել անառիկ, ազատագրել նոր տարածքներ, ջախջախել հակառակորդի բանակը, վերջում էլ Արցախ-Հայաստանում միացում։ «Սասնա ծռեր» կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանի կարծիքով՝ ռազմական իմաստով հաղթանակը թշնամու դիմադրության հաղթահարումն է, նրա ջախջախումը։ Եւ այս ռազմական հաղթանակը պետք է ծառայի քաղաքական նպատակի․ «Պետք է սահմանել քաղաքական նպատակը, ու եթե իսկապես ուզում ենք արեւելյան ուղղությունում զերծ մնալ պատերազմներից, եւ իրապես ձեւավորել անվտանգ ու մեզ ապագա երաշխավորող հնարավորությունները, ապա դա Քուռ-արաքսյան միջակայքի զբաղեցումն է»։ Սա, ինչպես Infocom-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանը, բնականաբար պետք է հիմնվի Հայաստանի Առաջին Հանրապետության իրավահաջորդության ճանաչման եւ Հայկական հարցի լուծման իրավաքաղաքական փաթեթի վրա․ «Մենք պետք է հասկանանք, որ ժամանակն է հրաժարվելու Լենին-Աթաթուրք ապօրինի կեղծ անձնագրից, եւ վերցնելու մեր վիլսոնյան անձնագիրը։ Բնականաբար, առաջին քայլը պիտի լինի Արցախի միացումը ամբողջացնելուն խոչընդոտող ինստիտուտների եւ իրավական ակտերի վերացումը, ՀՀ օրենքի տարածումը Արցախի վրա։ Արցախի Հանրապետությունն էլ ապօրինի անվանում է, իրականում դա Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասն է, եւ որեւէ հանրապետություն մեր տարածքի վրա չկա։ Հաղթանակի սահմանը միացումն է, իսկ այս փուլը կարող ենք անվանել միջանկյալ հաղթանակ եւ այս պահին հակառակորդի ներուժի ջախջախում»,- ասաց Վարուժան Ավետիսյանը՝ նկատելով, որ այս պահին ընթացքի մեջ դժվար է մեկնաբանել, թե ուր ենք գնում, թե ուր կգնա ավարտը՝ քաղաքական իմաստով, իսկ ռազմական իմաստով, մեր զրուցակցի խոսքով, կարծես թե շատերին է պարզ ելքը։ Ըստ Վարուժան Ավետիսյանի՝ անպայման պետք է ռազմական հաղթանակն ու այս զոհաբերությունը իմաստավորվեն, եւ մենք առավելագույն քաղաքական արդյունքների հասնենք՝ որպես ազգ եւ որպես պետություն։  Սեդա Առաքելյան
18:48 - 08 հոկտեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ժողովրդին խաբեցին. ազգային-ազատագրական պայքարը շարունակվելու է. Վարուժան Ավետիսյան |factor.am|

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ժողովրդին խաբեցին. ազգային-ազատագրական պայքարը շարունակվելու է. Վարուժան Ավետիսյան |factor.am|

factor.am: «Միանգամայն սխալ է այն մոտեցումը, որ այս գործին պետք է վերաբերել քրեադատավարական չափման մեջ։ Մենք հասկանում ենք, որ 18 թվականին կիսագաղութային համակարգը, որը կառավարում է Հայաստանը, ընդամենը կոսմետիկ նորոգման է ենթարկվել, Նիկոլ Փաշինյանի միջոցով խաբել են մեր ժողովրդին։ Պետք է արձանագրեք, որ հեղափոխություն տեղի չի ունեցել, բնականաբար, կեղեքիչ ռեժիմը չէր կարող սովարական ընթացքով պատժաչափեր նախատեսել, այդ իսկ պատճառով նվազագույնի տարբերակին են դիմում»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով դատախազների մեղադրական ճառին, որտեղ միջնորդեցին մեղավոր ճանաչել խմբի անդամներին և ազատազրկել։ Հարցին, որո՞նք են լինելու իրենց հաջորդ գործողությունները, Ավետիսյանը պատասխանեց, որ այս պահին ոչ մի գործողություն չեն նախատեսում․ «Իր խոսքը կասի նաև ժողովուրդը։ Հանիրավի մեղադրանքներով 2 անդամի ծանրագույն պատիժներ պահանջեցին հանցագործությունների համար, որոնք ռեիժմն է կատարել։ Ինչևէ, կյանքը պայքար է, ազգային ազատագրական պայքարը շարունակվում է մինչև ՀՀ լիակատար ազատագրում։ Իսկ դատավարական մանքրուքներին ես անհրաժեշտ չեմ համարում պատասխանել, շարունակվում է քաղաքական հետապնդումը «թավշյա» փաթեթավորմամբ»։ Շարունակությունը՝ factor.am-ում։
17:31 - 12 օգոստոսի, 2020
«Սասնա ծռեր» խմբի գործով դատախազը պատժաչափեր միջնորդեց |factor.am|

«Սասնա ծռեր» խմբի գործով դատախազը պատժաչափեր միջնորդեց |factor.am|

factor.am: «Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստը մոտեցավ իր ավարտին: Այսօր դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ կայացած նիստում դատախազները հանդես եկան մեղադրական ճառերով: Նրանք պահանջեցին խմբի անդամներին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով` (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը): Դատախազը պահանջեց Պավլիկ Մանուկյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի վեց ամիս ժամկետով , Արեգ Կյուրեղյանին ազատազրկել 8 տարի 6 ամիս ժամկետով, Վարուժան Ավետիսյանին՝ 8 տարի 9 ամիս ժամկետով, Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել անձի մահվան հիմքով, Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ ազատազրկման, Արմեն Բիլյանին՝ 21 տարի ժամկետով , Սեդրակ Նազարյանին ազատազրկել 9 տարի ժամկետով, էդվարդ Գրիգորյանին՝ 8 տարի վեց ամիս և Մխիթար Ավետիսյանին 8 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: Առավել մանրամասն՝ factor.am-ում։
16:58 - 12 օգոստոսի, 2020
Պետք է վերադառնանք հազարամյակներով ձևավորված շրջանային բաժանմանը․ Վարուժան Ավետիսյան

Պետք է վերադառնանք հազարամյակներով ձևավորված շրջանային բաժանմանը․ Վարուժան Ավետիսյան

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Վարուժան Ավետիսյանի հետ զրուցել ենք Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացի թեմայով։ - Պարո՛ն Ավետիսյան, 2015 թվականին Հայաստանում մեկնարկել են վարչատարածքային բարեփոխումներ։ Համայնքների խոշորացման գործընթացը շուտով կավարտվի։ Ո՞րն է «Սասնա ծռերի» գնահատականը խոշորացման գործընթացին։ - Մենք տարբերվող տեսակետ ունենք վարչատարածքային բաժանման վերաբերյալ։ Մեր կարծիքով՝ պետք է բնական, հազարամյակներով ձեւավորված շրջանային բաժանմանը կամ գավառների բաժանմանը վերադառնանք։ Ներկայիս ավագ սերունդը կհիշի խորհրդային շրջանի վարչատարածքային բաժանումը՝ վարչական շրջանները։  Բնականաբար, դա պետք է տեղի ունենա տեղական ինքնակառավարման տրամաբանությամբ, այսինքն՝ շրջանային համայնքներ պետք է լինեն, եւ հասկանալի է, որ տեղական ընտրություների միջոցով պետք է ձեւավորվեն դրանց կառավարման մարմինները։ Մարզային բաժանումը պահպանելով հանդերձ՝ մարզերը որոշակիորեն պետք է խոշորացվեն եւ առավելապես համակարգման տրամաբանությամբ գործեն։ Այն, ինչ այսօր ունենք, նկատի ունեմ մարզպետարանը՝ իր համապատասխան ճյուղային վարչություններով, տաբեր մարզային կառույցներով, անտեղի է․ ընդամենը փոքր աշխատակազմ պետք է լինի համակարգելու համար։  - Մոտավորապես քանի՞ մարզ պետք է լինի Հայաստանում։ - Մոտ վեց՝ Երևանը չհաշված։ Այս խոշորացմումը հենց այդ նախկին վարչատարածքային բաժանման շատ վատ կրկնօրինակումն է։ Փաստորեն, հասկացել են, որ կառավարման տեսակետից որոշակի խոշորացում անհրաժեշտ է, բայց ունքը սարքելու փոխարեն աչքն էլ են հանում։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, ընդհանրապես Հայաստանի համայնքների, համայնքային կյանքի, ինքնավարության քայքայման, զրոյացման գործընթաց է։  - Երբ խոշորացումը չէր մեկնարկել, Ձեր նշած շրջանային սցենարն էր առաջարկվում եւ փնջային սցենարը։ Կառավարությունը նշում է, որ բոլոր դեպքերում պետք չէ խոշորացնել շրջանային սցենարով, որովհետեւ գուցե ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոչ բոլոր դեպքերում է նպաստավոր շրջանային տարբերակով խոշորացումը։ - Հայաստանում Երրորդ հանրապետության պատմության ընթացքում որևէ հարցի վերաբերյալ լուրջ ուսումնասիրություն չի կատարվել, այս հարցի վերաբերյալ՝ առավել ևս։  Մենք, կրկնում եմ, երբ ասում ենք, որ շրջանային բաժանումը պետք է վերականգնվի, շատ բան ենք հաշվի առնում։ Նախ, ակնհայտ է, որ այն երկար ժամանակ արդարացրել է իրեն, որոշակի ենթամշակութային ամբողջություններ են ձևավորվել, որոնք մինչև հիմա էլ կան։ Այդ տարածքային բաժանմամբ նաև հաշվի է առնվել ռելիեֆային, աշխարհագրական գործոնը, որը փնջային մոտեցմամբ աղավաղված է։ Բացի դրանից՝ նաև ձևավորված ենթակառուցվածքներ կան, որոնք նույնպես, փաստորեն, անտեսվում են։ Մի բան էլ նկատի ունենանք․ մինչ օրս այդ տարածքներում գործում են վարչական իշխանության մարմիններ՝ ոստիկանության, հարկային և այլ ծառայությունների մարմիններ։ Եթե արդյունավետ չէ, ինչո՞ւ են պահպանել։ Պահպանվել են, որովհետեւ գործնականորեն ակնհայտ է, որ դա է ամենաօպտիմալ տարբերակը։ Ես չեմ կարող կարող ավելի մանրամասն եզրակացությունների հանգել, թե հատկապես ինչ պատճառով են ընտրել այս անհեթեթ փնջային տարբերակը, բայց, ամենայն հավանականությամբ, կոռուպցիոն դրդապատճառ կա։ Միևնույն ժամանակ, եթե խոսում ենք շրջանների վերականգնման մասին, ապա մարզերն արդեն ներկայիս կառավարման համակարգը պետք է չունենան։ - Կառավարությունն ասում է՝ ժամանակի ընթացքում, երբ խոշորացումն ավարտվի, մարզպետարանների որոշ լիազորություններ կփոխանցվեն ՏԻՄ-երին։ - Եթե այս մեթոդով արվի, ուղղակի անկառավարելի վիճակ կառաջանա։ Որևէ տրամաբանական, լուրջ հիմնավորում չկա դրա համար։  Խոսենք նաև գյուղական համայնքների մասին։ Ըստ էության, հիմա գյուղական համայնքներ չկան, մեկ «բնակավայր, մեկ համայնք» սկզբունքը չի գործում։ Իհարկե, չենք բացառում, որ կարող են բնակավայրերը շատ փոքր լինել և, միևնույն ժամանակ, աշխարհագրորեն իրար շատ մոտ, և ինչ-ինչ պատճառներով անհրաժեշտ լինի մեկ-երկու համայնք միացնել և մեկ համայնք դարձնել։ Բայց պետք է գործի «մեկ բնակավայր, մեկ համայնք» սկզբունքը, որովհետև այդպես է գյուղական համայնքը կայանում։ Մենք իրավունք չունենք մեխանիկական, պարզունակ մոտեցում ցուցաբերել կյանքին, ինչպես որ քիչ առաջ մեր քննարկած դեպքում էր, և գյուղական համայնքների հետ կապված գծային մոտեցում չենք կարող որդեգրել։  Գաղտնիք չէ, որ մեր հատկապես փոքր գյուղերում գերիշխում է տոհմակլանային վերաբերմունքը համայքնի կառավարման հարցերին, և տասնամյակներ շարունակ այդ փոքր գյուղերում, որտեղ ուժեղ են  ազգակից բարեկամների միջև սոցիալական կապերը, ընտրություն, ըստ էության, տեղի չի ունենում․ ընտրություն տեղի է ունենում ամենամեծ տոհմակլանային շրջանակում նախապես որոշված թեկնածուին արձանագրելու տարբերակով։ Ում տոհմը մեծ է, նա էլ դառնում է համայնքապետ։  - Համայնքները շրջանային տարբերակով խոշորացնելու դեպքում այդպիսի ընտրությունների վտանգն ինչքանո՞վ է վերանում։ Այդ դեպքում էլ ամենամեծ բնակավայրի ամենաշատ տոհմակիցներ ունեցող մարդը կընտրվի։ - Ո՛չ, այդպիսի բան չկա, որովհետև չկա որևէ տոհմ, որևէ շրջանակ, որը կարողանա այդպիսի ազդեզություն ունենալ։ Շրջանները վերականգնվելու դեպքում շրջանային համայնքում կունենանք մի քանի տասնյակ հազար բնակիչ, և դա շատ մեծ թիվ է, որպեսզի որևէ շրջանակ ազգակցական կամ այլ կապերով կարողանա եղանակ ստեղծել։ Հենց նաև այդ նպատակով ենք ասում, որ շրջանները վերականգնվեն, որովհետև դա ուղղակի օբյեկտիվորեն անհնար կդարձնի ադ գործոնի ազդեցությունը։ Եվ սա նաև շատ լավ պրակտիկա կդառնա այդ բացասական գործոնը հաղթահարելու համար։  Մինչև որոշակի ցանկալի մշակութային մակարդակի հասնելը տեղական ինքնակառավարման համակարգում պետք է առանձին ռազմավարություն մշակվի և իրականացվի, որը պետք է նաև քաղաքական, սոցիալական մշակույթի բաղադրիչ ունենա։ Պարզունակ կացնային մեթոդով կցել-բաժանելով որևէ խորքային խնդիր չի կարող լուծվել։ Այդ պատճառով սկզբնական շրջանում փոքր գյուղական բնակավայրերում պետք է ընտրությունների միջոցով չձևավորվեն համայնքների կառավարման մարմինները (խոսքն այն փոքր բնակավայրերի մասին է, որտեղ մեր քննարկած հանգամանքը վճռորոշ ազդեցություն ունի)։ Ընտրություն գոյություն չունի այնտեղ, չխաբենք մեզ, այդ պատճառով ճիշտ կլինի հաշվարկել և գտնել բնակչության այն օպտիմալ թիվը, որի պայմաններում հնարավոր է ընտրություն կազմակերպել։ 10 հազար և ավելի բնակչություն ունեցող բնակավայրում դա արդեն հնարավոր է։ Միգուցե ավելի փոքր բնակավայրերում էլ է հնարավոր։ Պետք է բնակչության նվազագույն քանակը գտնել, որպեսզի հնարավորինս շատ բնակավայրեր ներառվեն ընտրությունների միջոցով համայնքային կառավարման մարմիններ ձևավորելու ընթացքի մեջ։  Իսկ մնացյալի նկատմամբ հատուկ ռազմավարություն պետք է մշակվի և իրականացվի՝ իր սոցիալ-մշակութային բաղադրիչով, որպեսզի մենք կարողանանք համայնքները կայացնել։ Անշուշտ, որոշակի փուլից ընտրությունը արդեն ևս դառնում է համայնքը կայացնելու գործոն, բայց դա ինչ-որ փուլից պետք է կիրառվի, հակառակ պարագայում մենք ամրացնելու ենք տոհմակլանային մոտեցման բացասական երևույթը և դրական արդյունք ակնկալելով՝ ստանալու ենք բացասական արդյունք։  - Վերադառնալով շրջանային և փնջային սցենարներին․ բոլոր համայնքները շրջանային սցենարով խոշորացնելու դեպքում խնդիրներներ չե՞ն առաջանա ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների համար։ Մենք արդեն ունեցել ենք դեպքեր, երբ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքները չեն ցանկացել մեծ փնջի մեջ լինել և միասին առանձին փունջ են ձևավորել։ - Դա համակարգային մոտեցում չէ, մասնակին ընդհանուրին անտրամաբանական ձևով հակադրելու մանիպուլյատիվ մոտեցում է։ Նախ, եթե շրջանների ձևաչափով ստեղծվում է տեղական ինքնակառավարման համակարգ, ազգային փոքրամասնություններով ենթաշրջաններին կարող ենք առանձին արտոնյալ կարգավիճակ տալ և այդ հարցը լուծել։ Ամողջական համակարգի մեջ բոլոր հարցերը հնարավոր է լուծել։ - Ի՞նչ ասել է արտոնյալ կարգավիճակ տալ․ օրինակ, նրանք կարողանան իրենց համար ՏԻ՞Մ ընտրել։ - Իհա՛րկե, մենք պարտավոր ենք մեր երկրում ապրող ազգային փոքրամասնություններին, որոնք մեր իրավահավասար և լիարժեք հայրենակիցներն են, առավելագույն հնարավորություններ տալ իրենց ինքնությունը և ամբողջականությունը պահպանելու համար։  - Որքանո՞վ նպատակահարմար կլինի մեծ ՏԻՄ-ում մեկ այլ փոքր ՏԻՄ ունենալ։ - Շատ պարզ։ Այնուամենայնիվ, դա ՀՀ տարածքում է և վարչատարածքային բաժանում է, այլ ոչ ազգային սկզբունքով բաժանում։ Ազգային ինքնավարությունների խնդիր չէ։ Խոսքը սոցիալ-մշակութային ինքնության պահպանմանն է վերաբերում։  Հիմա խոսենք մարզային կառավարման համակարգից․ ենթադրենք, մեկը Վարդենիսի ծայրամասային գյուղից կարիք ունի մարզային մակարդակով ինչ-որ հարց լուծելու։ Տրանսպորտ էլ չկա, և հիմա այդ մարդը պետք է, գումար ու ժամանակ ծախսելով, երկու-երեք տեղով կանգառ կատարելով, գա, հասնի Գավառ, որը նաև մայրուղուց կտրված մի քաղաք է, և մարզպետարանում փորձի ինչ-որ հարց լուծել։ Եթե այդ օրը չստացվի, այդ մարդը պետք է հետ գնա, հետո էլի գա։ Բայց եթե, օրինակ, Վարդենիսի շրջանը կա, և Վարդենիս շրջկենտրոնում տրանսպորտային ենթակառուցվածքները գործում են (կամ եթե չեն գործում ապա կարող են գործել, որովհետև հիմքը կա), ապա մարդը շատ հանգիստ կարող է գալ, իր պահանջները ներկայացնել։ Փորձված, արդյունավետ կերպով իրեն դրսևորած համակարգ է։  Անշուշտ, խորհրդային շրջանում մի արատավոր երևույթի ականատես եղանք վերջին հատվածում, երբ տարբեր իրար կից վարչական շրջաններից տարածքներ էին անջատում և նոր շրջաններ էին սեղծում բյուրոկրատական ապարատը մեծացնելու, իրենց ծանոթ-բարեկամներին պաշտոնների նշանակելու և այլնի համար։ Երբ խոսում ենք շրջանները վերականգնելու մասին, պետք է, հստակ աշխարհագրական եւ ենթակառուցվածքային, նաև Ձեր նշած ազգային փոքրամասնությունների և էլի որոշ այդպիսի ենթագործոնների հանգամանքները նկատի առնելով, որոշակի ճշգրտումներով վերականգնել, ուղիղ չպատճենել այն, ինչ Հայկական ԽՍՀ-ի գոյության վերջին տարիներին կար և հետո միավորվելով վերածվեց մարզերի։  Նաև սկզբում խոսեցինք այն մասին, որ մարզերը պետք է խոշորացվեն։ Սա էլ նկատի ունենալով՝ պետք է գտնել օպտիմալ սկզբունքները և ըստ այդմ՝ կատարել վարչատարածքային բաժանում։ Մենք պետք է նաև նկատի ունենանք, որ մարզերն, ի վերջո, պաշտպանական տարածքներ են և պետք է նաև համադրվեն պաշտպանական համակարգի հետ։ Ցավոք սրտի, այս հարցում էլ համակարգային մոտեցում չկա։ Այդ հանգամանքը ևս պետք է հաշվի առնվի, որովհետև մոբիլիզացիայի պարագայում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինները որոշակի կոնկրետ խնդիրներ պետք է լուծեն և պետք է իրենց գործողությունները համադրեն պաշտպանական համակարգի գործողությունների հետ։  - Խոշորացված համայնքներում այսուհետ համամասնական ընտրակարգ է լինելու։ Ձեր խոսքի սկզբում նշեցիք համայնքներում տոհմակլանային ընտրությունների մասին։ Համամասնական ընտրակարգն ինչ-որ ձևով կնվազեցնի՞ ընտրություններն այդպես անցկացնելու հնարավորությունը։ - Դարձյալ պետք է նախ համակարգային մոտեցման մասին խոսենք։ Հայաստանի Հանրապետությունը կայացած չէ որպես պետություն, այլ կիսագաղութային համակարգ է, այդ պատճառով Հայաստանում չկան նաև կայացած կուսակցություններ։ Պետությունը նախկինում զավթած կուսակցություն անվամբ բանդաները  ունեն տարածքային ենթակառուցվածքներ, որոնք ջախջախված չեն, պատասխանատվության ենթարկվելու, արգելվելու փոխարեն շարունակում են գործել, և այս վիճակում, բնականաբար, որևէ արդյունքի մենք չենք կարող հասնել։  Քննարկում կա մեր քաղաքական ուժի շրջանակում այս հարցի վերաբերյալ, բայց դեռ վերջնական որոշման չենք հանգել, ես իմ մասնավոր կարծիքն ասեմ․ համայնքային ընտրությունները կուսակցությունների մասնակցությամբ անցկացնելը սխալ է, որովհետև էապես սահմանափակում են համայնքային մակարդակում քաղաքացիական  ակտիվության հնարավորությունները։ Մարդիկ կարող են կուսակցական չլինել, բայց հայտ ներկայացնել համայնքի կառավարմանը մասնակցելու և համայնքի ղեկավար դառնալու համար․ ինչո՞ւ պետք է միայն կուսակցություններին այդ հնարավորությունը վերապահվի։ Եթե մենք մարզային կամ նահանգային մակարդակով  այդպիսի կառավարման մարմիններ ունենայինք, կարող էին և կուսակցական ընտրություններ լինել, բայց գյուղի և շրջանի մասշտաբով, իմ կարծիքով, սխալ է այդպիսի բան անելը։  Էլի կացնային պարզունակ մոտեցում է դրսևորվում՝ համադրելով մի քանի տասնյակ միլիոն բնակչություն և հսկայական տարածք ունեցող այլ երկրների հետ, որտեղ, բնականաբար, վարչատարածքային բաժանումը շատ ավելի խոշոր միավորներ է ներառում, և ըստ այդմ՝ այնտեղ կուսակցական մոտեցումը քննարկելու մեջ կա տրամաբանություն։  Դառնալով Երևանին․ եթե մյուս վարչական շրջանները վերականգնվում են, և այնտեղ տեղական ինքնակառավարման համակարգ է ներդրվում, պետք է Երևանի վարչական շրջաններում էլ տեղական ինքնակառավարում լինի, այիսնքն՝ Երևանում երկաստիճան համակարգ պետք է լինի։  - Մի տեղական ինքնակառավարման մարմին Երեւանի համար, և առանձին ՏԻՄ-եր՝ վարչական շրջանների՞։ - Այո՛, ինչո՞ւ ոչ։ Ինչքան ընտրություններ շատ լինեն, ինչքան հնարավորություն տանք մարդկանց ընտրություններին մասնակցելու, իրենց կամքն արտահայտելու, ուղիղ մասնակցայնություն, ներառականություն դրսևորելու, հետադարձ կապ ապահովելու, այնքան ժողովրդավարությունը կշահի։  - Ճի՞շտ հասկացա, որ մյուս շրջանների ներսում էլ պետք է ավելի փոքր ՏԻՄ-եր լինեն։ - Այո՛։ Օրինակ, պայմանական, 10 հազարից ավելի բնակիչներ ունեցող բնակավայրերը պետք է ունենան իրենց ՏԻՄ ընտրելու հնարավորություն, իսկ ապագայում, նշածս ռազմավարական ծրագրի շնորհիվ հասնելով հարաբերությունների ավելի իրավական եւ քաղաքացիական համակարգի ներդրմանըև տոհմակլանայինի համեմատությամբ, պետք է բոլոր բնակավայրերում ընտրովի մարմիններով կառավարում իրականացվի, և ի վերջո, պետք է այդ երկաստիճան համակարգը մինչև վերջին բնակավայրը տեղ հասնի։ - Եվ Հայաստանում վարչատարածքային բաժանումը լինի եռաստիճա՞ն՝ մարզեր, շրջաններ, բնակավայրեր։ - Այո՛, բայց մարզերը, կրկնում եմ, զուտ որպես վարչատնտեսական եւ պաշտպանական գոտիներ գործեն, ո՛չ այսօրվա տրամաբանությամբ, որ ունեն տարբեր ուղղություններով կառավարման մարմիններ, դպրոցների կամ հիվանդանոցների հետ են առնչվում, նշանակում են, ազատում են։ Եթե խոշոր քաղաքներ կան, դրանք պետք է իրենց կարգավիճակով հավասարեցվեն շրջաններին։ Մասնավորապես, Գյումրին և Վանաձորը չեն կարող որևէ շրջանի տարածքում լինել։ Բնակչության թվի չափաբաժիններով պետք է հաշվարկը կատարվի, եւ ըստ այդմ՝ կատեգորիզացիա սահմանվի և կյանքի կոչվի։ - Համայնքների խոշորացման պատճառներից մեկն էլ տնտեսական նպատակահարմարությունն է․ ինչքան մեծ են համայնքները, այնքան ավելի մրցունակ են, շատ են ֆինանսավորվում։ Ձեր առաջարկած վարչատարածքային բաժանման դեպքում, փաստորեն, բյուջեն ոչ թե հավաքվում է մի տեղում, այլ մասնատված է մնում, քանի որ եթե բնակավայրում կա ՏԻՄ, ուրեմն բնակավայրը բյուջե էլ ունի։ Սա տնտեսական առումով նպատակահարմա՞ր կլինի։  - Առաջնային պլանում պետք է լինեն ժողովրդավարության ներդրումը, ներառականության ապահովումը, քաղաքացիականության զարգացումը, արդիական սոցիալականացումը և այդ ամենի միջոցով արդյունավետ կառավարումը։  Արդյունավետ կառավարումն է, որ, ի վերջո, բերում է ավելի մեծ տնտեսական արդյունքների։  Եվս մեկ անգամ ստիպված եմ փաստել, որ նման մոտեցումը գաճաճամտության հետևանք է: Կներեք, գուցե խոսքս մի քիչ կոշտ է հնչում, բայց հոգնեցինք արդեն այդ վայ-մասնագետներից, որոնք իրենց քթից այնկողմ չեն տեսնում։ Եթե պետությունը ճիշտ է կազմակերպված նաև վարչատարածքային առումով և արդյունավետ է կառավարվում, քաղաքացին իր իրավունքի և իր գլխի տերն է, և համայնքները լավ կառավարման շնորհիվ ծաղկում են, երկիրը զարգանում, հզորանում է, տնտեսական օգուտներն էլ, բնականաբար, շատ ավելի մեծ են լինում։  Աննա Սահակյան  
21:46 - 20 հուլիսի, 2020
Վիտալի Բալասանյանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր կատարածի համար․ Վարուժան Ավետիսյան |news.am|

Վիտալի Բալասանյանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր կատարածի համար․ Վարուժան Ավետիսյան |news.am|

news.am։ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հատել է բոլոր սահմանները քրեաիրավական առումով եւ պետք է պատասխանատվության ենթարկվի իր կատարածի համար։ Այս մասին ասաց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով NEWS.am-ի հետ զրույցում Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, թե «Սասնա ծռերի» անդամները թող չփորձեն Արցախի սահմանը հատել։  «Վիտալի Բալասանյանը Բերձորի ահաբեկչության կազմակերպիչներից է եղել, որի մասին ինքը խոստովանեց։ Արցախի Հայաստանի Հանրապետության մարզ է եւ որեւիցե մեկը չի կարող ասել՝ ով պետք է հատի եւ ով ոչ։ Հույս ունեմ, որ իր հակապետական գործողությունները որոշակի արձագանք կստանան, նա առնվազն պետք է զրկվի այդ պաշտոնից»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։
10:45 - 02 ապրիլի, 2019