Արարատի մարզ

Արարատի մարզը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի հարավ-արևմուտքում։

Մարզի ընդհանուր տարածությունը 2090.0 քառ. կմ, ՀՀ տարածքի 7 %-ը:

Բնակչությունը՝ 258.2 հազ.մարդ, ՀՀ բնակչության 8.7%-ը:

Մարզի գյուղական բնակչությունը` 91 համայնքներով, կազմում է 71.85 %:

Մարզի քաղաքային բնակչությունը՝ 4 քաղաքներով`  28.2%:

Բնակչության խտությունը՝ 124 մարդ 1 քառ. կմ-ի վրա:

Մարզում տնտեսությունների / ծխերի / թիվը՝ 76280:

Մետաղաձուլարանը կառուցվելու է Երասխում, Արարատում էլ նոր գործարան է կառուցվելու


 |factor.am|

Մետաղաձուլարանը կառուցվելու է Երասխում, Արարատում էլ նոր գործարան է կառուցվելու |factor.am|

factor.am: Մետաղաձուլարանը կառուցվելու է հենց Երասխում. Factor.am-ի հետ զրույցում վստահեցրեց «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը։ Նրա խոսքով՝ Երասխում հայ-ամերիկյան ներդրումներով կառուցվող մետաղաձուլարանի շինաշխատանքները թեև այս պահին դադարեցված են, բայց դրանք վերսկսվելու են։ «Երասխում ամեն ինչ այնպես է, ինչպես կար, շինաշխատանքները շարունակվելու են, ժամանակի հարց է»,- ասաց Հակոբյանը։ «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրենն ասաց՝ տեխնիկան Երասխում է, բայց այս պահին չի աշխատում, ուստի՝ հակառակորդը չի կրակում։ Նշենք, որ Երասխում կառուցվող գործարանից հակառակորդի դիրքերն ընդամենը 400 մետր հեռավորության վրա են և տեխնիկայի շարժ նկատելուն պես գործարանն ու աշխատակիցները հայտնվում էին ադրբեջանական ԶՈՒ-ի թիրախում։ Բաքուն անգամ շինաշխատանքներն անհապաղ դադարեցնելու կոչ էր արել հայկական կողմին։ Պաշտոնական Երևանը պատասխանել էր՝ շինաշխատանքները դադարեցնելու որևէ հիմք չկա՝ միևնույն ժամանակ պահանջելով Ադրբեջանից դադարեցնել անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը Factor.am-ին տեղեկացրեց, որ նոր գործարան է կառուցվում Արարատում։ Թե ինչ գործարանի մասին է խոսքը, շինաշխատանքներն արդյո՞ք արդեն մեկնարկել են, թե ոչ՝ Հակոբյանն այս փուլում հրաժարվեց մանրամասնել։
16:44 - 26 հոկտեմբերի, 2023
Հանրահավաքին ընդառաջ «անհայտացած մարզպետները»․աշխատավայրում չէ, գործուղման է, արձակուրդում է, նոր է դուրս եկել, չի պատասխանում

Հանրահավաքին ընդառաջ «անհայտացած մարզպետները»․աշխատավայրում չէ, գործուղման է, արձակուրդում է, նոր է դուրս եկել, չի պատասխանում

Համացանցում ինչպես տարբեր օգտատերեր, այնպես էլ դիտորդական առաքելությունները ահազանգում են այն մասին, որ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ վարչական ռեսուրս է կիրառվում։ Շրջանառվում են տեղեկություններ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօրվա երթին եւ քարոզարշավին ներկա են լինելու տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ ինչպես Երեւանից, այնպես էլ մարզերից։ Infocom.am-ը մինչ աշխատանքային ժամի ավարտը՝ 17:25-ից սկսած, զանգահարեց Հայաստանի մարզերի ղեկավարների աշխատանքային հեռախոսահամարներին՝ պարզելու արդյո՞ք նրանք աշխատավայրում են։ Որեւէ մարզպետի աշխատանքային համարով մարզպետների հետ կապ հաստատել չհաջողվեց։ Ստորեւ ներկայացնում ենք, թե ժամը քանիսին որ մարզպետարանից ինչ պատասխաններ ենք ստացել։17:25 - Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանի եւ Վահան Զարոյանի աշխատանքնային հեռախոսահամարներին զանգերը պատասխան չեն ստացել։ Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը մեր զրույցում ասաց, որ մարզպետն արձակուրդում է, տեղում չէ։ Միաժամանակ նա նշեց, որ մարզպետը քիչ առաջ է դուրս եկել․ «Այս պահին կառավարությունում է, թե մարզում՝ չեմ կարող ասել»,- ասաց Խլղաթյանը՝ հավելելով, որ այդ պահին մարզպետի տեղակալներն էլ տեղում չեն, բայց արձակուրդում էլ չեն, գործուղման մեջ են, նրա խոսքով՝ աշխատանքային այցով մարզում։ 17:31 - Արմավիրի մարզպետի օգնականը պատասխանեց, որ մարզպետը տեղում չէ, նա այսօրվանից երկու շաբաթով գնացել է արձակուրդ։ 17։36 - Կոտայքի մարզպետարանից հաղորդեցին, որ մարզպետը տեղում չէ եւ չգիտեն՝ այսօր կվերադառնա աշխատավայր, թե ոչ։ 17:38 - Լոռու մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց մարզպետարանի աշխատակիցը՝ ասելով, որ մարզպետը տեղում չէ, եւ ինքը չգիտի՝ վերջինս որտեղ է եւ երբ կվերադառնա։ Նա նշեց, թե «հավանաբար գործուղման է», բայց չգիտի՝ որտեղ։ Աշխատակիցը խնդրեց մինչեւ աշխատանքային ժամի ավարտը եւս մեկ անգամ փորձել, գուցե մարզպետը վերադարձած լինի, սակայն 17:52 մարզպետը դարձյալ տեղում չէր։ 17:40 - Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց ընդունարանի աշխատակիցը։ Հարցին՝ պարոն Ղուկասյանի հետ կարո՞ղ ենք խոսել, նա պատասխանեց՝ մարզպետը խորհրդակցության է, թե երբ է ավարտելու՝ հայտնի չէ։ Նա տրամադրեց օգնականի համարը։ Ղուկասյանի օգնականը՝ Մարգարիտան, սակայն, մեր զրույցում ասաց, որ մարզպետն այսօր Երեւանում է եւ մարզ կվերադառնա վաղը։ Հարցին՝ մարզպետը գործուղմա՞ն է, օգնականն ասաց՝ ոչ, ճշտող հարցին՝ գուցե անձնակա՞ն հարցերով է Երեւանում, օգնականը դրական պատասխանեց։ 17:45 - Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց գործավարը։ Նա նշեց, որ Մուրադյանը հանդիպման է, դուրս է եկել ու տեղում չէ։ Նա շեշտեց, որ աշխատանքային ժամը տասը րոպեից ավարտվում է, ուստի այսօր նրա հետ խոսել չի լինի։ Աշխատակիցը տրամադրեց մարզպետի օգնական Անժելայի համարը՝ նշելով, որ այս պահին օգնականն էլ չի կարող պատասխանել։ Հարցին՝ կարո՞ղ ենք խոսել մարզպետի տեղակալների հետ, աշխատակիցը պատասխանեց, որ տեղակալներից Աննա Մարտիկյանը երկրում չէ, մյուս տեղակալն էլ՝ Ալբերտ Այվազյանը, «նրանց հետ է»։ Ճշտող հարցին՝ մարզպետի հե՞տ, աշխատակիցը դրական պատասխանեց։ Հարցին՝ մարզո՞ւմ է հանդիպման, աշխատակիցը նշեց, որ այսքանից ավելին պատասխանել չի կարող՝ կասկած հայտնելով նաեւ, որ գուցե զանգահարողն այն անձը չէ, որ ներկայանում եմ (զանգի սկզբում լրագրողը հնչեցրել է իր իրական անունը, նշել լրատվամիջոցի անունը՝ infocom.am)։ Մարզպետի օգնականը՝ Անժելան, 17:50-ին պատասխանեց զանգին։ Նա ասաց, որ մարզպետի հետ չէ, հարցը կարող ենք իրեն հղել։ Արդյոք մարզպետը մարզո՞ւմ է, Անժելան պատասխանեց, որ տեղյակ չէ եւ չի կարող մարզպետի անձնական հեռախոսահամարը տրամադրել։ Քանի որ մեր զրուցակցի կողքից մարդկանց աղմուկի ձայներ էին, օգնականից հետաքրքրվեցինք՝ աշխատավայրո՞ւմ է, նա պատասխանեց, որ դրսում է։ Ճշտող հարցին՝ դրսում՝ Երեւանո՞ւմ, օգնականը պատասխանեց, որ ոչ եւ հիմա կբարձրանա աշխատասենյակ։ 17:48 - Տավուշի մարզպետարանի աշխատակիցը հաղորդեց, որ մարզպետը տեղում չէ, ինքն էլ չի կարող ասել՝ այսօր կվերադառնա՞, թե՞ ոչ, որովհետև աշխատանքային այցով մարզի տարածքում է, «քիչ առաջ է գնացել»։ 17:31, 17:55 - Արարատի մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին զանգերն անպատասխան մնացին։ 17:36, 17:57 - Արագածոտնի մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին զանգերն անպատասխան մնացին։Լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան էջից
19:13 - 15 սեպտեմբերի, 2023
Կվերականգնվի Արաքս գետի ողողված պատնեշը, որտեղով անցնում է Թուրքիայի հետ սահմանը
 |armenpress.am|

Կվերականգնվի Արաքս գետի ողողված պատնեշը, որտեղով անցնում է Թուրքիայի հետ սահմանը |armenpress.am|

armenpress.am: Արարատի մարզի Արաքսավան և Բուրաստան համայնքների Արաքս գետի նախկին հունի և համապատասխան սահմանանշանի մոտակայքում Արաքս գետի հայկական կողմի մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ ողողված պատնեշի վերականգնման աշխատանքներ կիրականացվեն: Համապատասխան որոշումը կայացվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում։  Ըստ հիմնավորման՝ ավազահանքի շահագործման հետևանքով Արաքս գետի հայկական կողմում 8 մ խորությամբ հողապատնեշը ողողվել է, իսկ մի տարածքում էլ փոխվել է Արաքս գետի նախկին հունը, Արաքսը հոսում է Հրազդան գետի հունով: Համաձայն 1973 թ. վերասահմանանշման, Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանը անցնում է Արաքս գետի նախկին հունով, որը փոփոխման հետևանքով ներկայումս ջրազրկվել և պատվել է խիտ թփուտներով ու ծառերով: Արաքս գետի նախկին և ներկայիս հուների միջև առաջացել է մոտ 400 հա մակերեսով «կղզի», որը ամայացել է և գյուղատնտեսական նպատակներով չի օգտագործվում: Արաքս գետը Հրազդան գետի հունով հոսելու հետևանքով Հրազդան գետի ձախ ափը վտանգված է, հեղեղների ժամանակ տեղի են ունենում փլուզումներ, որոնք կարող են ափամերձ տարածքի և սահմանային կառույցների ողողման պատճառ դառնալ: Աշխատանքների կատարման արդյունքում նախատեսվում է մոտ 6.5 կմ երկարության վրա վերականգնել Արաքս գետի նախկին հունը համապատասխան սահմանային նշանների հատվածում և խուսափել հետագա փլուզումներից: 2022 թ.-ից մեկնարկել է օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը, որի համաձայն շինարարական աշխատանքների համար պահանջվում է 378,251.2 հազար դրամ, տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ 4,917.3 հազար դրամ, հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ 1,513.0 հազար դրամ։   Այս տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել շինարարական աշխատանքների 50 տոկոսը:
15:15 - 07 սեպտեմբերի, 2023
Արարատի մարզի զորակոչի բաժանմունքի մասնագետը զորակոչիկին ծառայությունից ազատելու համար ստացել է խոշոր չափերով կաշառք. հարուցվել է քրեական հետապնդում

Արարատի մարզի զորակոչի բաժանմունքի մասնագետը զորակոչիկին ծառայությունից ազատելու համար ստացել է խոշոր չափերով կաշառք. հարուցվել է քրեական հետապնդում

Ա.Թ.-ն, լինելով պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ, 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք: Այս մասին հայտնում են Դատախազությունից։ «Մասնավորապես՝ քրեական վարույթով պարզվել է, որ զորակոչիկ Ս.Մ.-ի հայրը՝ Հ.Մ.-ն, 2023 թվականի մարտին ծանոթացել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ Ա.Թ.-ի մտերիմ Ռ.Ա.-ի հետ և վերջինիս խնդրել կազմակերպել որդուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը: Քաղաքացի Ռ.Ա.-ն իր մտերիմ, Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ Ա.Թ.-ի հետ համաձայնության է եկել 10 հազար ԱՄՆ դոլարի դիմաց ազատել Ս.Մ.-ին պարտադիր զինվորական ծառայությունից (Ա.Թ.-ն խոստացել է 2 հազար ԱՄՆ դոլարը տրամադրել իրեն օժանդակող Ռ.Ա.-ին): Ռ.Ա.-ն 2023 թվականի մարտի 30-ին վերցրել է կաշառքի մի մասը՝ 2 հազար 500 ԱՄՆ դոլարը, որից 1000 ԱՄՆ դոլարը փոխանցել է Ա.Թ.-ին: Զորակոչիկի կողմից բժշկական հետազոտություններն անցնելուց հետո՝ Ռ.Ա.-ն ստացել է մնացած 7 հազար 500 ԱՄՆ դոլարը և Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետին փոխանցել ընդhանուր առմամբ՝ 7 հազար 400 ԱՄՆ դոլար: Մեկ այլ դրվագով՝ Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ Ա.Թ.-ն, կրկին իր մտերիմ Ռ.Ա.-ի միջոցով, Արարատի մարզի երկու բնակչից ստացել է 120 հազար դրամ կաշառք՝ վերջիններիս 2023 թվականի հերթական վարժական հավաքից ազատելու համար: Բացի այդ, 2023 թվականի ապրիլի 17-ին, զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ Ա.Թ.-ն զանգահարել է Արարատի մարզի բնակիչ Հ.Մ.-ին, հայտնել, որ տարածքային ստորաբաժանման կողմից նրան վարժական հավաքին ներկայանալու վերաբերյալ ծանուցագիր է ուղարկվելու և ծանուցագիրը չուղարկելու համար՝ որպես կաշառք, առաջարկել է Հ.Մ.-ին պատկանող ռեստորանային համալիրում Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման հինգ ծառայողների համար հյուրասիրություն կազմակերպել: Հ.Մ.-ն ընդունել է առաջարկը և հյուրասիրություն կազմակերպել հինգ անձի համար՝ յուրաքանչյուրի համար վճարելով 15 հազար դրամ: Հաշվի առնելով, որ Ա.Թ.-ի գործողություններում առկա են հանցագործության հատկանիշներ՝ հսկող դատախազի նախաձեռնությամբ, 2023 թվականի սեպտեմբերի 4-ին Ա.Թ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալը), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալը) (2 դրվագ) և 435-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք ստանալը՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, կաշառք տալու առաջարկ ներկայացնելը կամ կաշառք տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը՝ իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար)»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:06 - 04 սեպտեմբերի, 2023
Արարատի մարզում ավտովթարի հետևանքով երեք անչափահասների մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Արարատի մարզում ավտովթարի հետևանքով երեք անչափահասների մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2023 թվականի օգոստոսի 27-ին՝ ժամը 14:08-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ մարզի Նոր Ուղի բնակավայրի ջրատար ավտոմեքենա է ընկել։ Պարզել է, որ նույն օրը՝ ժամը 13:55-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Կյանք բնակավայրի 15-ամյա բնակիչը, վարելով «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, Արարատի մարզի Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը: Դրա հետեւանքով պատանին, ինչպես նաև նրա 15 և 13-ամյա ուղևորները, երկուսն էլ նույն բնակավայրից, մահացել են: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարված դեպքի վայրի զննությամբ Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրատարում հայտնաբերվել են «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան և երեք անչափահասների դիերը։ Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Դեպքի բոլոր, այդ թվում նաև ավտոմեքենան անչափահասի տրամադրության տակ հայտնվելու ամբողջական հանգամանքները պարզելու, դեպքին հնարավոր ականատես անձնանց հայտնաբերելու համար հանձնարարություն է տրվել ոստիկանությանը: Ավտոմեքենայում այլ ուղևոր եղած լինելու վերաբերյալ տվյալներ առկա չեն։ Նախաքննությունը շարունակվում է:
20:54 - 27 օգոստոսի, 2023
Հոկտեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը

Հոկտեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը

2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2023 թվականի հոկտեմբերի 15-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ համապատասխան տարածքային անձնագրային ծառայություն: Թեկնածուների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2023 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև սեպտեմբերի 29-ը՝ մինչև ժամը 18:00-ն: Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 4-ը՝ մինչև ժամը 18:00-ն: Մեծամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների 2023 թվականի հոկտեմբերի 29-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:
12:07 - 24 օգոստոսի, 2023
Այգեպատի համայնքապետին մեղադրանք է ներկայացվել կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար

Այգեպատի համայնքապետին մեղադրանք է ներկայացվել կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար

Պարզվել են ՀՀ Արարատի մարզի Այգեպատի (ներկայում Արտաշատ խոշորացված համայնքի Այգեպատ բնակավայր) համայնքապետարանում կատարված կոռուպցիոն չարաշահումների մի շարք էական հանգամանքներ։ Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2005 թվականից Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեպատ բնակավայրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ս․Պ․-ն, համայնքի առաջատար մասնագետ Բ․Ա․-ի հետ համատեղ, խմբի կազմում, կատարել է պաշտոնեական կեղծիք։ «Մասնավորապես Բ․Ա․-ն համայնքի ղեկավարի ցուցումով 2014-2018 թթ․ ընթացքում կեղծ տեղեկություններ է մտցրել համայնքի բնակիչներին տրվող անհատույց դրամական հատկացման վճարման ցուցակներում առ այն, որ համայնքի 4 բնակիչներ հանդիսանում են սոցիալապես անապահով ընտանիք։ Համայնքի ղեկավար Ս․Պ․-ն իր ստորագրությամբ և կնիքով հաստատել է այդ տվյալները և դրա միջոցով այդ անձանց անվամբ համայնքի բյուջեից դուրս է գրվել ընդհանուր 500.000 ՀՀ դրամ՝ այն տրամադրելով վերջիններիս՝ իրենց ունեցած մթերային խանութից տարբեր առիթներով համայնքապետարանի կարիքների համար վերցված ապրանքների համար գոյացած պարտքի դիմաց։ Բացի այդ, Ս․Պ․-ն, համայնքապետարանի մեկ այլ առաջատար մասնագետի՝  Ռ.Մ․-ի հետ համատեղ, խմբի կազմում, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, Այգեպատ համայնքի ավագանու նիստի՝ 2012 թվականի հուլիսի 14-ի արձանագրության մեջ կեղծ տեղեկություններ է մտցրել այն մասին, որ ավագանու 2 անդամ ևս կողմ են արտահայտվել համայնքին պատկանող, անմխիթար վիճակում գտնվող կենցաղի տան կիսաքանդ շենքի օտարմանը՝ այդ կերպ արհեստականորեն հիմքեր ստեղծելով ավագանու տվյալ նիստի իրավազորությունն ապահովելու համար։ Մինչդեռ վերջիններս ավագանու տվյալ նիստին չեն մասնակցել և արձանագրությունը չեն ստորագրել։   Այդ փաստաթղթում կեղծ տվյալներ են ներառվել համայնքի կենցաղի տունը կիսաքանդ և վթարային վիճակում գտնվելու վերաբերյալ,  և դրա հիման վրա նշված շենքը հանվել է աճուրդի՝ չպահպանելով համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման դեպքերում դրա պարտադիր գնահատման օրենսդրական պահանջը։ Ապա Ս․Պ․-ն 2012 թ․ օգոստոսի 24-ի դրությամբ 7.210.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող կենցաղի տան շենքի օտարման մեկնարկային գին է սահմանել տվյալ գույքի 2007 թ․ դրությամբ արձանագրված արժեքը՝ իր իրական գնից զգալիորեն նվազ՝ 2.570.000 ՀՀ դրամ՝ անտեսելով 2007-2012թթ․ ընթացքում տվյալ գույքի վրա կատարված կապիտալ վերանորոգումները։ Եվ խախտելով օրենսդրության պահանջները՝ առանց սահմանված կարգով աճուրդի մասին հայտարարության հրապարակումն ապահովելու, 2012թ․ օգոստոսի 24-ին կազմակերպել է նշված գույքի ձևական աճուրդ-վաճառք, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել վերջինիս կնոջ հայրը, իսկ մյուս մասնակիցը, օրենսդրության պահանջների խախտմամբ, հանդիսացել է Արարատի մարզի Այգեպատ համայնքի համայնքապետարանի  աշխատակիցներից մեկը։ Տեղի ունեցած ձևական աճուրդի-վաճառքի արդյունքում կենցաղի տան շենք-շինությունը ձևականորեն օտարվել է աճուրդում հաղթած համայնքի ղեկավարի աներոջը 2.620.000 ՀՀ դրամով, մինչդեռ նշված շենքի շուկայական արժեքը տվյալ ժամանակահատվածում կազմել է 7.210.000 ՀՀ դրամ: Այդ կերպ  Արարատի մարզի Այգեպատ համայնքին պատճառվել է խոշոր չափերի՝ 4.590.000 ՀՀ դրամի գույքային վնաս։ Ընդ որում, տվյալ տարածքում վարձակալության տրամադրված ատամնաբուժարանի տարածքի շահագործման համար տրամադրվող ամսական վարձավճարը շարունակել է ստանալ համայնքի ղեկավարը: Հետագայում՝ 2018 թ․ մարտին, առուվաճառքի պայմանագրով տվյալ անշարժ գույքի նկատմամբ գրանցվել համայնքի ղեկավար Ս․Պ․-ի կնոջ սեփականության իրավունքը։ Ընդ որում, պարզվել է, որ Ս․Պ․-ն համայնքապետարանի առաջատար մասնագետ Ռ․Մ․-ի հետ համատեղ, խմբի կազմում, կատարել է մեկ այլ պաշտոնեական կեղծիք։ Ռ.Մ․-ն 2019թ․ կազմել և լրացրել է 2012թ․ օգոստոսի 24-ով թվագրված աճուրդ-վաճառքի արձանագրություն, նախկին կենցաղի տան շենքը աճուրդի դրվելու, դրան համայնքի վերոնշյալ երկու բնակիչների մասնակցության, մեկ աճուրդային քայլով համայնքի ղեկավարի աներոջ կողմից հաղթող ճանաչվելու և գույքը գնելու վերաբերյալ։ Նշված կեղծ արձանագրությունը հաստատել է համայնքի ղեկավարը»,- նշված է հաղորդագրության մեջ: Ձեռք բերված փաստերի հիման վրա Ս․Պ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 445-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին), և նրան ներկայացվել է մեղադրանք։ Դատախազի համաձայնությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից Ս․Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել համակցված՝ պաշտոնավարման կասեցումը և գրավը։ Նախաքննությունը շարունակվում է: Անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվում նաև՝ համայնքապետարանի մյուս աշխատակիցների արարքներին ևս իրավական գնահատականներ տալու, առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։           Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:26 - 11 օգոստոսի, 2023
Հայաստանը պատասխանել է Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակին՝ պահանջելով դադարեցնել իր ինքնիշխան տարածքի նկատմամբ ուժի կիրառումը
 |armenpress.am|

Հայաստանը պատասխանել է Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակին՝ պահանջելով դադարեցնել իր ինքնիշխան տարածքի նկատմամբ ուժի կիրառումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է Ադրբեջանի նամակը Երասխում կառուցվող մետաղաձուլարանի վերաբերյալ և պատասխանել դրան։ Հայաստանը պատասխան նամակում հերքել է Ադրբեջանի մեղադրանքները, թե գործարանը կառուցվում է բնապահպանական նորմերի խախտումներով և իր հերթին պահանջել, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը, Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է Երասխում մետաղաձուլարանի գործարանի կառուցման ընթացքում Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի դրույթները չպահպանելու մեջ: «Մենք պատասխանել ենք մեղադրանքին ու նշել, թե գործարանն ինչ չափորոշիչներով է գործելու: Գործարանը չի կառուցվում որևէ խախտմամբ։ Հայաստանը պահանջում է, որ Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ կրակելով շինհրապարակի ուղղությամբ, քանի որ դրա հետևանքով վնաս է հասցվել աշխատակիցներին, նյութական կորուստներ կան: Այդ վարքագիծը կոպտորեն խախտում է հենց նրանց մատնանշած Կոնվենցիայի հոդվածներից որոշները, իսկ Հայաստանը հավատարիմ է միջազգային ստանձնած բոլոր պարտավորություններին»,-նշեց նա:   Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակը հավելեց, որ նամակի բովանդակությունը Կոնվենցիայի շրջանակում է և հենց այդ Կոնվենցիայի շրջանակում էլ պատասխանել են նամակին: Շրջակա միջավայրի նախարարությունից «Արմենպրես»-ին տրամադրել են նախարար Հակոբ Սիմիդյանի պատասխան նամակը, որը ներկայացնում ենք ստորև․ «Ի պատասխան ձեր գրության` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվող մետալուրգիական գործարանի՝ Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին Կոնվենցիայի (Էսպո) ներքո «անդրսահմանային վնասակար ազդեցության վերաբերյալ արդյունավետ խորհրդակցությունների անցկացումն ապահովելու նպատակով բավարար տեղեկատվության փոխանակման»՝ Հայաստանին ուղղված դիմումի վերաբերյալ հայտնում եմ, որ՝  Հայաստանը չի համարում, որ  Էսպո Կոնվենցիայի 3 (1) համաձայն պարտավոր է Ադրբեջանին ծանուցել, կամ նույն Կոնվենցիայի 3 (7) հոդվածի համաձայն Ադրբեջանի հետ տեղեկատվության փոխանակում իրականացնել նախատեսվող գործունեության վերաբերյալ։ 3 (1) հոդվածը պահանջում է, որպեսզի նախատեսվող գործունեության վերաբերյալ ծագման Կողմը, ծանուցի այն Կողմին, որն իր կարծիքով կարող է ազդեցության ենթարկված Կողմ հանդիսանալ, միայն երկու պայմանների առկայության դեպքում՝ (i) նախատեսվող գործունեությունը նշված է Կոնվենցիայի Հավելված  I-ում, և (ii) այն «զգալի անդրսահմանային վնասակար ազդեցություն ունեցող գործունեություն է»։ Պայմաններից որևէ մեկն առկա չէ։ Նախատեսվող գործունեությունը՝ փոքր ծավալների սև մետաղի ջարդոնի վերամշակում է բացառապես էլեկտրականությամբ աշխատող ինդուկցիոն վառարանի կիրառմամբ, ինչը չի հանդիսանում Կոնվենցիայի Հավելված I-ում նշված գործունեության տեսակ։ Ինքը Ադրբեջանը չի պարզաբանել, թե Հավելված I-ի որ կետին է առնչվում նախատեսվող գործունեությունը։ Համապատասխանաբար, Կոնվենցիայի  3 (7) գործընթացը, ինչի վրա հղում է կատարում Ադրբեջանը և որը կիրառելի է այն դեպքերի համար, երբ Կոնվենցիայի 3 (1) հոդվածի համապատասխան ծանուցում չի իրականացվել, չի վերաբերվում Հայաստանում նախատեսվող գործունեության տեսակին։ Ավելին, ի պատասխան Ադրբեջանի էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարի 2023թ․ հունիսի 7-ի հայտարարության, որտեղ նշվում էր, որ Երասխի գործարանի շահագործումը բացասական ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը հստակ նշել է, որ գործարանը կառուցվում է բոլոր բնապահպանական ստանդարտներին և պահանջներին համապատասխան։  Դրա վերաբերյալ հավաստիացումներ են տրվել նաև գործարանի սեփականատեր հանդիսացող «GTB Steel» LLC ընկերության կողմից, որտեղ նշվել է, որ կներդրվեն ժամանակակից տեխնոլոգիաներ՝ շրջակա միջավայրի վրա հնարավոր բոլոր բացասական ազդեցությունները բացառելու նպատակով։ Հետևաբար, գործարանի «շինարարական աշխատանքներն անհապաղ դադարեցնելու» վերաբերյալ  Ադրբեջանի պահանջի համար Էսպո Կոնվենցիայի համապատասխան որևէ հիմք առկա չէ։ Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանը պահանջում է, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ կրակակոծելով շինհրապարակի ուղղությամբ։ Ադրբեջանի գործողությունները ծանր վնասվածք են հասցրել երկու անմեղ աշխատակցի, ինչպես նաև զգալի նյութական կորուստներ պատճառել։ Ադրբեջանի վարքագիծը կոպտորեն խախտում է Էսպո Կոնվենցիայի 15 Հոդվածով ամրագրված պարտավորությունը, այն է՝ «Կողմերի միջև ծագած վեճի դեպքում, Կողմերը ձգտում են այն կարգավորել բանակցությունների միջոցով կամ ցանկացած այլ եղանակով` իրենց հայեցողությամբ: Հայաստանը պահպանում է միջազգային իրավունքով նախատեսված իր բոլոր իրավունքները»։ Երասխում կառուցվում է հայ-ամերիկյան մետաղի ձուլման խոշոր գործարան՝ 70 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրմամբ։ Ադրբեջանը պարբերաբար թիրախավորում, գնդակոծում է գործարանի տարածքը՝ խոչընդոտելով շինարարական աշխատանքները: Գործարանի սեփականատեր ամերիկյան «ՎԻՐՏՈՒԱԼ ՖՈՆԴԻՆԳ» և «ՍԻԷՍԻ ԳԼՈԲԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊ ընկերությունները Ադրբեջանի կողմից գնդակոծությունների վերաբերյալ տարածած հայտարարությունում ընդգծել էին, որ անզեն բանվորերի ուղղությամբ կրկին կրակահերթ արձակելու պարագայում ընկերությունները դա կդիտեն ուղիղ հարված ամերիկյան կապիտալի ուղղությամբ, որը ոչ թե բնապահպանական շարժառիթ ունի, այլ զուտ քաղաքական որոշում է: Գործարանի տարածքում նաև բարձրացվել էին Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները:
13:20 - 08 օգոստոսի, 2023
Երասխի գործարանը լիովին համապատասխանում է միջազգային բնապահպանական ստանդարտներին. ՇՄՆ-ի արձագանքը Ադրբեջանի «քաղհասարակության կազմակերպությունների» բաց նամակին

Երասխի գործարանը լիովին համապատասխանում է միջազգային բնապահպանական ստանդարտներին. ՇՄՆ-ի արձագանքը Ադրբեջանի «քաղհասարակության կազմակերպությունների» բաց նամակին

Շրջակա միջավայրի նախարարությունն ի գիտություն է ընդունում Ադրբեջանի Հանրապետությունում գործող մի շարք այսպես կոչված «քաղաքացիական հասարակության կազմակերպությունների» կողմից ուղարկված բաց նամակը, որը վերաբերում է ենթադրյալ «բնապահպանական լուրջ ճգնաժամին՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող գործունեության տարածաշրջանային և գլոբալ բնապահպանական ազդեցությամբ»։ ՇՄՆ-ի հաղորդմամբ՝ նամակում տեղ գտած պնդումներն ակնհայտ սուտ են։ Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը, որի սեփական հեղինակությունը բնապահպանական հարցերում տխրահռչակ է, փորձում է օգտագործել այսպես կոչված «քաղաքացիական հասարակության կազմակերպությունները» հանրային կապերի նպատակով Հայաստանի դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացնելու համար: Անցյալ տարվա դեկտեմբերին Ադրբեջանը կազմակերպեց և ուղղորդեց նմանատիպ բազմաթիվ կազմակերպությունների՝ այսպես կոչված «բնապահպանական բողոքներ» անցկացնել՝ փակելով Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ կտրելով Լեռնային Ղարաբաղի 120.000 էթնիկ հայերին արտաքին աշխարհից և լուրջ հետևանքներ պատճառելով Արցախի շրջակա միջավայրին։ Այն, որ նման «բողոքները» պատրվակ էին և իրականում ղեկավարվում էին Ադրբեջանի կողմից, վկայում է այն փաստը, որ «ցուցարարները» ցրվեցին այն պահին, երբ Ադրբեջանը կարողացավ դրանք փոխարինել նույն ճանապարհով երթևեկությունը խոչընդոտող կառավարական անցակետով։ Բաց նամակում արված պնդումներն ամբողջովին անհիմն են և արժանի չեն արձագանքի։ Այնուամենայնիվ, Շրջակա միջավայրի նախարարությունը տեղին է համարում հակիրճ անդրադառնալ հետևյալ կետերին. 1. Ինչ վերաբերում է ջրային ռեսուրսների ենթադրյալ աղտոտմանը (նշված բաց նամակի նախաբանում և դրա 1-3 կետերում), Նախարարությունը նշում է, որ Հայաստանի գետերի բոլոր անդրսահմանային հատվածներում կան ջրի որակի մոնիթորինգի դիտակետեր, որտեղ ամենամսյա պարբերականությամբ իրականացվում է ջրի որակի բոլոր պարամետրերի, այդ թվում ծանր մետաղների մոնիթորինգ։ Հանքարդյունաբերական ձեռնարկությունները օրենքով սահմանված կարգով իրականացնում են ջրի որակի, մթնոլորտային օդի և հողերի աղտոտվածության մոնիթորինգ և արդյունքները ներկայացնում են Նախարարություն եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ձևով, որոնք այնուհետև հրապարակվում են։ Միևնույն ժամանակ Հայաստանը Կովկասի տարածաշրջանում «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» (ԱՃԹՆ) միակ անդամ երկիրն է, ինչը վկայում է այն կարևորության մասին, որ Հայաստանը տալիս է բնական պաշարների բաց և պատասխանատու կառավարմանը։ 2. Ի պատասխան բաց նամակի 4-րդ կետի, Նախարարությունը նշում է, որ Սոթքի ոսկու հանքավայրը 1964 թվականին օրինական կերպով տրվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը և, հետևաբար, իրավահաջորդության հիման վրա այն այժմ պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ Բաց նամակում տեղ գտած պնդումն այն մասին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ Հայաստանը խախտել է «էկոլոգիական հավասարակշռության իրավունքները», պարզապես սխալ է. նման որոշում գոյություն չունի. 3. Բաց նամակի 5-րդ կետը խեղաթյուրում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2019 թվականի փետրվարի 14-ի վճիռները։ Այդ վճիռներում Դատարանը ընդունել է, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացումը բխում է հանրային շահից։ Դատարանը փոխհատուցում է տրամադրել Հայաստանի քաղաքացիներին միայն այն պատճառով, որ նրանց ունեցվածքը օտարվել է այս ծրագրի համար: Հակառակ բաց նամակում արված պնդումների, Դատարանը հանքարդյունաբերական գործունեությունը ապօրինի չի համարել։ 4. Գրության 6-րդ կետում նշված անվանմամբ հանքավայրը չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում և չի շահագործվում է Հայաստանի Հանրապետության կողմից. 5. Ինչ վերաբերում է նամակի 7-րդ կետում հիշատակված Ախթալայի ԼՀԿ-ին, ապա այն գործում է նոր տեխնոլոգիայով, որը չի նախատեսում պոչամբարների օգտագործում։ 6. Բաց նամակի 8-րդ կետում նշված անվանմամբ գործարանը չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում և չի շահագործվում Հայաստանի Հանրապետության կողմից։ 7. Բաց նամակի 9-րդ կետում նշվածը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում պղնձի, ցինկի և կապարի արտադրությամբ զբաղվող գործարան գոյություն չունի։ 8. Բաց նամակի 10-րդ կետը ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում պղնձաձուլարան գոյություն չունի։ 9. Ինչ վերաբերում է Երասխի գործարանին, ապա այն լիովին համապատասխանում է միջազգային բնապահպանական ստանդարտներին։ Այս առնչությամբ սույն թվականի հունիսի 15-ին Շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է եկել մանրամասն պարզաբանմամբ։ (http://www.mnp.am/news/yeraskh-15-06-2023): 10. Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքավայրին, այն դեռևս չի մտել շահագործման փուլ, հետևաբար որևէ աղտոտման մասին խոսք գնալ չի կարող։ Իսկ դրա շահագործման ընթացքում կպահպանվի բնապահպանական ռիսկերի կառավարման ամենաբարձր միջազգային ստանդարտը, և դրա իրականացումը խստորեն կվերահսկվի, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների կողմից։ 11. Հարկ է նշել, որ Հայաստանի սահմաններից դուրս եկող ջուրը համապատասխանում է միջազգային նորմերին։ Սա ապացուցվել է դեռևս տարիներ առաջ, երբ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) աջակցությամբ 6 տարի շարունակ, 40 ցուցանիշների մասով ուսումնասիրություններ է կատարել սահմանային կետերում՝ կիրառելով ծրագրի շրջանակում հարևան երկրների հետ համատեղ ընդունված նույն մեթոդաբանությունը։
16:29 - 21 հուլիսի, 2023
Հակոբ Սիմիդյանը Ադրբեջանից պաշտոնական գրություն չի ստացել. պարզաբանում

Հակոբ Սիմիդյանը Ադրբեջանից պաշտոնական գրություն չի ստացել. պարզաբանում

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը պաշտոնապես որևէ գրություն չի ստացել Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը։ Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղեկություններ էին տարածել, որ Ադրբեջանի կառավարությունն իբր Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին ուղղված նամակում պահանջել է դադարեցնել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը սահմանակից Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը, քանի որ իրականացվող աշխատանքները կարող են անդրսահմանային բացասական հետևանքներ ունենալ։ Ըստ հրապարակումների` այս հարցի վերաբերյալ համապատասխան ծանուցում է ուղարկվել ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին։ «Ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի, թե Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարը ՀՀ շրջակա միջավայրի նախարարին ուղղված գրությամբ պահանջել է դադարեցնել խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը, տեղեկացնեմ, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս նախարար Հակոբ Սիմիդյանի, պաշտոնապես որևէ գրություն չի ստացել»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հակոբյանը։ Նշենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող երկու հնդիկ է վիրավորվել։ Իսկ հունիսի 20-ին Երասխում կառուցվող գործարանի շինհրապարակում բարձրացվեցին Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները։
16:25 - 20 հուլիսի, 2023
Ադրբեջանը նամակ է ուղարկել Հայաստան՝ պահանջելով դադարեցնել Երասխում գործարանի կառուցումը
 |aysor.am|

Ադրբեջանը նամակ է ուղարկել Հայաստան՝ պահանջելով դադարեցնել Երասխում գործարանի կառուցումը |aysor.am|

aysor.am: Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջում է դադարեցնել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը համապատասխան նամակ է հղել Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին։ Նամակում ասվում է, որ գործարկվել է համապատասխան ընթացակարգ՝ նախատեսված անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կոնվենցիայով։ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից տեղեկատվություն փոխանակել՝ նախագծի բացասական անդրսահմանային ազդեցությունը քննարկելու համար, նաև պահանջում է դադարեցնել շինարարությունը։ Նշենք, որ գործարանը կառուցվում է ամերիկյան ներդրումներով։ Շինհրապարակը գրեթե ամեն օր գնդակոծվում է ադրբեջանական զինուժի կողմից։ 
14:04 - 20 հուլիսի, 2023
Հրապարակվել է Երասխի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ՄԻՊ արտահերթ զեկույցը

Հրապարակվել է Երասխի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ՄԻՊ արտահերթ զեկույցը

Մարդու իրավունքների պաշտպանն այսօր՝ հուլիսի 18-ին, հրապարակել է ՀՀ Արարատի մարզի Երասխ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների հետևանքով մարդու իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույց:  Փաստաթղթում ներկայացվում են Պաշտպանի կողմից Երասխ բնակավայրում իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներով արձանագրված մարդու հիմնարար իրավունքների խախտումները։ Զեկույցում հավաքագրվել և վերլուծվել են 2023 թվականի հունիսին բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների հետևանքով մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև ներկայացվում է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրները լուծելու համար առաջարկությունների փաթեթ։ 2023 թվականի հունիսի 13-14-ին ադրբեջանական մարտական դիրքերից կրակահերթեր են արձակվել Երասխ բնակավայրի ուղղությամբ, հատկապես ինտենսիվ ու թիրախային գնդակոծության է ենթարկվել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանը: Կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել և բժշկական կենտրոն տեղափոխվել Հնդկաստանի երկու քաղաքացի։ Ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով խախտվել են խաղաղ բնակչության կյանքի, հոգեկան և ֆիզիկական անձեռնմխելիության, սեփականության, կրթության, աշխատանքի, ձեռնարկատիրությամբ զբաղվելու և մի շարք այլ հիմնարար իրավունքները։ Արտահերթ զեկույցը թարգմանվելու է անգլերեն լեզվով և ուղարկվելու մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին և դերակատարներին, պետական իրավասու գերատեսչություններին։
11:01 - 18 հուլիսի, 2023
Վարչապետին են ներկայացվել Արարատի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերը

Վարչապետին են ներկայացվել Արարատի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Արտաշատ քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Արարատի մարզպետ Անդրանիկ Թևոնյանը և այլ պաշտոնատար անձինք: Կառավարության ղեկավարին նաև տեղեկատվություն է տրամադրվել պետական բյուջեի ամբողջական ֆինանսավորմամբ 2018-2022թթ. իրականացված ծրագրերի վերաբերյալ: Ըստ այդմ՝ մարզում իրականացվել է 49 ծրագիր, որոնք ներառել են ջրամատակարարման, ոռոգման, ճանապարհների բարելավման, դպրոցների, մանկապարտեզների, առողջապահական հիմնարկների, մշակութային օբյեկտների հիմնանորոգման, կառուցման աշխատանքներ: 2018թ. կատարվել է 136,7 մլն դրամի ներդրում, 2021-ին՝ 116,9 մլն դրամի, 2022թ.-ին` 103,4 մլն դրամի ներդրում: Զեկուցվել է նաև մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ծառայությունների վերաբերյալ: Նշվել է, որ 2018թ.-ից մինչ օրս մարզում հիմնանորոգվել է 100 կմ ճանապարհ: Մասնավորապես, ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտի կողմից հիմնանորոգվել է հանրապետական նշանակության 29.7, մարզային 34.24, մինջպետական 36.2 կմ ճանապարհ: 2018-2022թթ. իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասով ներակայացվել է, որ 2018թ. ծրագրերի քանակը եղել է 6-ը, ընդհանուր արժեքը կազմել է 73,6 մլն դրամ, որից պետական բյուջեի հատվածը կազմել է 24,1 մլն դրամ, համայնքային բյուջեի մասը՝ 49,5 մլն դրամ: 2019թ. ծրագրերի քանակը եղել է 58, ընդհանուր արժեքը՝ 1,2 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմել է 549,2 մլն դրամ, համայնքային բյուջեի մասը՝ 650 մլն դրամ: 2020թ. ծրագրերի քանակը եղել է 79, ընդհանուր արժեքը կազմել է 2,6 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը 1,3 մլրդ դրամ, համայնքային բյուջեի մասը՝ 1,3 մլրդ դրամ, այլ նեդրորղներ՝ 6,7 մլն դրամ: 2021թ. ծրագրերի քանակը եղել է 71, ընդհանուր արժեքը կազմել է 3,3 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը՝ 1,3 մլրդ դրամ, համայնքային բյուջեի մասը՝ 1,9 մլրդ դրամ, այլ ներդրողներ՝ 48 մլն դրամ: 2022թ. ծրագրերի քանակը եղել է 19, ընդհանուր արժեքը կազմել է 6,9 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը՝ 3,3 մլրդ դրամ, համայնքային բյուջեի մասը՝ 3,5 մլրդ դրամ, այլ ներդրողներ 86 մլն դրամ: Ընդհանուր առմամբ իրականացվել է 233 ծրագիր, որի պայմանագրային արժեքը կազմել է 14,1 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմել է 6,4 մլրդ դրամ, համայնքի մասը՝ 7,5 մլրդ դրամ, այլ ներդրող՝ 141 մլն դրամ: 2018-2022թթ. սուբվենցիոն ծրագրերն իրականացվել են հետևյալ ոլորտներում՝ ասֆալտապատում՝ 83 ծրագիր 7,2 մլրդ դրամ արժեքով, ջրամատակարարում, ջրահեռացում՝ 13 ծրագիր 343 մլն դրամ արժեքով, ոռոգում՝ 25 ծրագիր 1,9 մլրդ դրամ արժեքով, լուսավորություն՝ 30 ծրագիր 589 մլն դրամ արժեքով, ֆոտովոլտային կայան՝ 8 ծրագիր 85 մլն դրամ արժեքով, գազիֆիկացում՝ 19 ծրագիր 1,1 մլրդ դրամ արժեքով, մանկապարտեզներ՝ 14 ծրագիր 879 մլն դրամ արժեքով, հասարակական շենքեր՝ 16 ծրագիր 676 մլն դրամ արժեքով, ԲԲՇ տանիքների նորոգում՝ 10 ծրագիր 818 մլն դրամ արժեքով, այգի, պուրակ՝ 13 ծրագիր 246 մլն դրամ արժեքով, մեքենասարքավորումներ՝ 2 ծրագիր 149,3 մլն դրամ արժեքով: Նշվել է, որ 2023թ. հավանության արժանացած սուբվենցիոն ծրագրերի քանակը 33-ն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 20,4 4 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմում է 10,4 մլրդ դրամ, համայնքների համաֆինանսավորումը՝ 9,8 մլրդ դրամ, այլ ներդրողներ՝ 236 մլն դրամ: 2024թ. սուբվենցիոն հայտերը 33-ն են, որի ընդհանուր արժեքը կազմում է 20 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմում է 10,2 մլրդ դրամ, համայքների համաֆինանսավորումը՝ 9,5 մլրդ դրամ, այլ ներդրողներ՝ 297 մլն դրամ: Գյուղատնտեսական հողերի վերաբերյալ զեկուցվել է, որ 24 հազար 130 հա վարելահողերից օգտագործվում է 16 հազար 382 հա-ն, 2022թ. դրությամբ վարձակալությամբ են տրամադրված 34 հազար 209 հա պետական հողամասեր, որից համայնքային բյուջե է վճարվել 27,8 մլն դրամ: 77 հազար 806 հա արոտավայրերից օգտագործվում է 42 հազար հա-ն, առկա են 16 հազար 382.4 հա ցանքատարածություններ, 13 հազար 632 հա բազմամյա տնկարաններ, 370 հա ջերմոցներ, 7 խելացի անասնագոմեր, 8 սպանդանոցներ և 1121.8 հա կաթիլային ոռոգում: Գյուղատնտեսության բնագավառում իրականացվել են մի շարք միջոցառումներ: Արարատի մարզի 2022թ. ԳՀԱ-ն կազմել է 149.7 մլրդ դրամ, ինչը 2021թ. համեմատ ավելի է 8.8 մլրդ դրամով: Այս ցուցանիշը կազմում է Հանրապետության գյուղատնտեսության համախառն արտադրանքի 14.7%-ը ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող Դարակերտի ՀՀ ԷՆ ԲՏՄ գիտական կենտրոնը արտադրում է հայ գիտնականների կողմից սելեկցիայի արդյունքում ստացած բանջարաբոստանային բույսեր, սերմեր, սածիլներ: Վաճառվում են հանրապետությունում և արտահանվում, 2022թ. ՀՀ պետական բյուջեից ներդրվել է 72 մլն դրամ: Մարզում կան ծիրանի, սալորի, դեղձի տնկարաններ: Անհրաժեշտ է ներդնել տնկանյութի հավաստագրման համակարգ: «ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023թթ. ծրագրով ՀՀ բյուջեից սուբսիդավորվել է 116 մլն դրամ: «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիր» -ով սուբսիդավորվել է 667.5 մլն դրամ: 2021թ.-ին մարզում եղել է 181 հա ինտենսիվ այգի, 2022-ին այդ ցուցանիշը հասել է 303.74 հա-ի, աճը կազմել է 67.8%: Ընդհանուր առմամբ, մարզում կա 437.97 հա ինտենսիվ այգի: Պետական բյուջեից սուբսիդավորվել է 783.5 մլն դրամ, ինչը 2021թ.-ի համեմատ ավելի է 240.82 մլն դրամով կամ կամ 225.3%-ով: «Գյուղատնտեսության ոլորտում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրով Պետական բյուջեից ծախսվել է 24.5մլն դրամ, «Ներտնտեսային ոռոգման համակարգերի վերականգնման, արդիականացման» ծրագրով մարզին հատկացվել է 430.74 մլն դրամ: 2022թ. Արարատի մարզի համայնքներում ոռոգման համակարգերի կառուցմանն ու նորոգմանն ուղղված ծրագրերով մարզին հատկացվել է 302.34 մլն դրամ, ինչը 2021թ.-ի համեմատ ավելի է 106 մլն դրամով: Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրով կատարվել է 86 մլն դրամ սուբսիդավորում: Ջերմոցները կառուցվում են նաև «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրով: Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի և ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրերով մարզին տրամադրվել է 466.3 մլն դրամ սուբսիդիա, ինչը 2021թ.-ի համեմատ ավելի է 168.5 մլն դրամով: Արդյունքում ձեռք է բերվել 77 միավոր գյուղտեխնիկա, որից 20-ը՝ տրակտոր: «Ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» շրջանակում նախորդ տարի կնքվել է 490 պայմանագիր, ինչը 2021-ի համեմատ ավելի է 120 %-ով: «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրով մարզին հատկացվել է 2.262 մլրդ դրամ` 2021թ.-ի համեմատ 159%-ով ավելի: Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կազմել է 1.41 մլրդ դրամ, ինչը 2021թ.-ի համեմաը ավելի է 17.5%-ով: Ըստ քաղաքաշինության և հողաշինության բնագավառում կատարված աշխատանքների մասին զեկույցի, 2020-2022թթ. ընթացքում Արարատի մարզի համայնքներում իրականացվել է հողերի աճուրդային վաճառք, կատարվել է հողամասերի նպատակային նշանակության փոփոխություն, գյուղատնտեսական հողերի փոփոխություն (բարձրարժեքից ցածրարժեք), գյուղատնտեսական հողերի փոփոխություն (ցածրարժեքից բարձրարժեք), ներկայացվել է նաև օտարված հողերի վերաբերյալ տեղեկատվություն: Ներկայացվել են առողջապահության ոլորտում կատարված աշխատանքները: Զեկուցվել է, որ մարզի բժշկական կենտրոններում 2018 թվականին կատարվել է 411,6 մլն դրամի ներդրում, 2019 –ին` 85,4 մլն դրամի, 2020-ին` 139,5 մլն դրամի, 2021-ին` 314,2 մլն դրամի, 2022-ին` 137,1 մլն դրամի ներդրում: Հանրակրթության բնագավառում կատարված աշխատանքների մասով ներկայացվել է, որ 2021թ. կամավոր ատեստավորվել է 22 ուսուցիչ, 2022թ.՝ 84 ուսուցիչ, պարտադիր ատեստավորվել է 778 ուսուցիչ: Այս տարվա ընթացքում ատեստավորման է դիմել ավելի քան 500 ուսուցիչ: Ատեստավորում անցած ուսուցիչներից մեկի աշխատավարձը հասել է 463 հազար դրամի: Մարզի 43 դպրոցներում 2022թ. ընթացքում սեփական միջոցների խնայողությունների հաշվին կատարվել են շուրջ 225,6 մլն դրամ արժողությամբ շինարարական և գույքի ձեռք բերման ծախսեր: Վարչապետին զեկուցվել է, որ մշակույթի և սպորտի բնագավառում 2022թ. իրականացված աշխատանքների շրջանակում անցկացվել են հետևյալ միջոցառումները՝ «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշար՝ 28 մասնակից, «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշար՝ 450 մասնակից, տարաբնույթ սպորտային միջոցառումներ (սպորտլանդիա, Ազգային ժողովի գավաթի խաղարկություն, սպարտակիադա, օդամղիչ հրացաններով կազմակերպվող հրաձգություն, շախմատ, ֆուտզալ, վոլեյբոլ, ֆուտբոլ)՝ շուրջ 5800 մասնակից, համայնքներում կազմակերպվել են 46 մշակութային և 12 սպորտային միջոցառումներ: Վարչատարածքային բարեփոխումների շրջանակում 2022թ. վերապատրաստվել է 80 համայնքային ծառայող, տեղական ինքնակառավարման մարմինների 20 ծառայող, 2022թ. վարչական հսկողություն է իրականացվել մարզի Վերի Դվին համայնքում: Վարչապետին ներկայացվել են նաև տվյալներ քաղաքացիների սպասարկման գրասենյակների մասին, ըստ որի` Արարատում գործում են 8, Արտաշատում՝ 10, իսկ Մասիսում 7 ՔՍԳ-եր: Համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասով զեկուցվել է, որ 2021թ. պլանավորված է եղել 3,4 մլրդ դրամ, փաստացի ցուցանիշը կազմել է 3,5 մլրդ դրամ, 2022թ. պլանավորված է եղել 4,3 մլրդ դրամ, փաստացի ցուցանիշը կազմել է 4 մլրդ դրամ: 2021-ի համեմատ աճը կազմել է 14 %՝ շուրջ 509 մլն դրամ: Պատասխանատուների ներկայացմամբ, մարզում 2018-2022թթ. այլ գերատեսչությունների կողմից նույնպես իրականացվել են աշխատանքներ: Մասնավորապես՝ ՀՏԶՀ, ԿԳՄՍՆ և Քաղաքաշինության կոմիտեի կողմից 2 դպրոց գտնվում է նախագծման փուլում, 2 դպրոցի կառուցումն ավարտված է, 3 դպրոց գտվում է շինարարության փուլում, 5 դպրոցի շինաշխատանքները նախատեսվում է սկսել 2023թ.: Առողջապահության նախարարության կողմից 1 առողջապահական կենտրոն գտնվում է շինարարության փուլում, 1-ի շինաշխատանքներն ավարտված են: 2023-2026թթ. նախատեսվում է կառուցել 7 առողջապահական կենտրոն: ՀՏԶՀ, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի կողմից 31 բնակավայրերում անցկացվել է շուրջ 80 կմ ոռոգման ցանց, կառուցվել է 29,2 մլն խմ Վեդու ջրամբարը: Մանկապարտեզների վերաբերյալ տվյալները, ըստ զեկույցի, հետևյալն են՝ մարզում առկա 84 մանկապարտեզից գործում է 77-ը, որից հիմնանորոգման կարիք ունի 33-ը, գույքի կարիք ունի 54-ը: 2018-2022թթ․ ընթացքում ՀՏԶՀ-ի կողմից մարզում կառուցվել է 4 մանկապարտեզ: Քաղաքաշինության կոմիտեի կողմից ընթացքի մեջ են 1 մանկապարտեզի կառուցման աշխատանքները: 2023թ. համայնքների կողմից ներկայացվել է 5 սուբվենցիոն հայտ՝ 6,1 մլրդ արժողությամբ, որով նախատեսվում է 35 բնակավայրերում կառուցել և հիմնանորոգել 37 մանկապարտեզ, որից նոր կառուցվողները 19-ն են, վերանորոգվողները՝ 18-ը: Վարչապետը հետաքրքրվել է Բժշկական կենտրոնների տեխնիկական հագեցվածությամբ: Զեկուցվել է, որ հատկապես Արտաշատի ԲԿ-ն համալրված է ժամանակակից սարքավորումներով, ինչի արդյունքում բնակիչներն այլևս նախընտրում են հետազոտություններն անցնել մարզում և չմեկնել Երևան: 2018թ.-ին մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 300 մլն դրամ, իսկ նախորդ տարի այդ թիվը գերազանցել է 900 մլն դրամ: Ամփոփելով՝ վարչապետը մարզպետարանի ներկայացուցիչներին հորդորել է գեներացնել նոր ծրագրեր: «Խնդիրը գումարը չէ, այլ միջոցների արդյունավետ ծախսն ու նպատակային օգտագործումը: Պետք է աշխատել բովանդակության, կարողությունների և որակի վրա, ունենալ կոնկրետ ծրագրեր», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հանձնարարել է մարզում ակտիվ աշխատանքներ տանել ժամանակակից և արդյունավետ գյուղատնտեսություն հիմնելու ծրագրերի ներկայացման ուղղությամբ, որոնք առաջարկվում են Կառավարության կողմից: «Գյուղատնտեսության այն տեսակը, որին սովոր ենք, հեռանկար չունի: Պետք է անցնել քիչ ջրով ավելի արդյունավետ գյուղատնտեսություն ունենալուն, քանի որ ջրի սակավությունն օբյեկտիվ խնդիր է»,- ասել է Կառավարության ղեկավարը: Անդրադարձ է կատարվել նաև խաղողի մթերման գործընթացի կազմակերպմանը և Էկոնոմիկայի նախարարության կողմից ձեռնարկվելիք քայլերին, որոնք միտված են լինելու հնարավոր խնդիրների լուծմանը: Վարչապետն ընդգծել է, որ պետք է մթերման պրոցեսները կազմակերպելու նպատակով գնալ ռազմավարական լուծումների: Նիկոլ Փաշինյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել նաև աղբահանության կազմակերպման, շինարարության որակի բարձրացման վերաբերյալ:
13:29 - 17 հուլիսի, 2023