Ամուլսար

Ամուլսարը լեռ է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային մասում։ Բարձրությունը 2987 մ է։ Ամուլսարում կան ոսկու պաշարներ, մասնավորապես, համաձայն «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած տեղեկատվության՝ Ամուլսարի հանքավայրի հաստատված ընդհանուր պաշարները կազմում են 89376.3 հազար տոննա հանքաքար, 73733 կգ ոսկի, 294.367 տոննա արծաթ։ 2014 թ․ ՀՀ կառավարության կողմից Գեոթիմ ՓԲԸ («Լիդիան Արմենիա»-ի իրավանախորդ) երկրաբանահետախուզական կազմակերպությանը տրվել է Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն։

Ամուլսարի հանքի շահագործման հնարավոր ռիսկերի վերաբերյալ հասարակական տարբեր շերտեր, փորձագետներ, բնապահպաններ իրենց մտահոգություններն են բարձրաձայնել, որոնք կապված են Ջերմուկի հանքային ջրերի աղտոտման, մոտակա ջրամբարների (այդ թվում՝ Կեչուտի), Արփա գետի, գետակների, Սևանա լճի աղտոտման, շրջակա միջավայրի թունավորման, ցիանիդի օգտագործման հետ կապված աղետի, բնակչության առողջական վիճակի հետ։ 

Ամուլսարի հանքի շահագործման որոշում այս պահին չկա. ՇՄ նախարար |1lurer.am|

Ամուլսարի հանքի շահագործման որոշում այս պահին չկա. ՇՄ նախարար |1lurer.am|

1lurer.am: Ամուլսարի հանքի շահագործման մասով այս պահի դրությամբ որևէ որոշում ֆիքսված չէ՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: «Քանի դեռ քրեական գործը հանգուցալուծված չէ, և այն օբյեկտիվ իրականությունը, որին սպասում ենք բոլորս, հրապարակայնացված չէ, ես չեմ կարող որևէ մեկնաբանություն անել, բայց կարող եմ երաշխավորել, որ եթե Քննչական կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործը վեր հանի այնպիսի փաստեր, որոնք կասկածի տակ կդնեն շմագը, վտանգավոր թափոնների տեղադրման թույլտվությունները, կասկածի տակ կդնեն ջրօգտագործման թույլտվությունները, ապա ես՝ ինքս, ամենախիստ հակադարձումը կանեմ»,- նշեց նախարարը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1in.am-ի հետ հարցազրույցում նշել էր, որ «հավանականություն կա, որ հանքը կբացվի»։
12:49 - 18 մարտի, 2021
Կընդունվեն միայն այնպիսի որոշումներ, որոնք բալանսավորված են և բխում են ՀՀ շահերից․ Սուրեն Պապիկյանը՝ Ամուլսարի շահագործման վերաբերյալ հարցին ի պատասխան |tert.am|

Կընդունվեն միայն այնպիսի որոշումներ, որոնք բալանսավորված են և բխում են ՀՀ շահերից․ Սուրեն Պապիկյանը՝ Ամուլսարի շահագործման վերաբերյալ հարցին ի պատասխան |tert.am|

tert.am: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Ամուլսարի վերաբերյալ։«Որպես քաղաքացի՝ կո՞ղմ եք հանքի շահագործմանը, և որպես երկրի վարչապետ՝ ի՞նչ որոշումներ եք կայացնելու, Ամուլսարը կշահագործվի՞, թե՞ ոչ»,- դիմելով Փաշինյանին՝ հարցրեց պատգամավորը։ Հարցին Փաշինյանի փոխարեն պատասխանեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, թե որոշումը շատ պարզ ու հստակ է՝ ստեղծել հնարավորություններ, որ երկրում լինեն հավելյալ ներդրումներ։«Խոսքը վերաբերում է, մասնավորապես, հանքարդյունաբերությանը, և կարող է վերաբերել տարբեր հանքերի։ Մենք պետք է ուսումնասիրենք առկա խնդիրների հաղթահարման հնարավորությունները և ընդունենք որոշումներ։ Եթե այդ որոշումները բխեն ՀՀ շահերից, ուրեմն՝ այդ որոշումները կունենան նաև Ամուլսարի մասով շահագործում իրականացնելու հետևանքներ»,-ասաց նա։Պատգամավորն արձագանքեց, թե կարծում է՝ կկայացվի այնպիսի որոշում, որ բնության հաշվին տարբեր մարդկանց գրպաններ և տնտեսություն գումարներ չեն գնա, կգերակայի նաև բնության պահպանման խնդիրը։ Ի պատասխան՝ Պապիկյանն արձագանքեց․ «Ինչպես նախկինում նշել ենք, կընդունվեն միայն այնպիսի որոշումներ, որոնք բալանսավորված են և բխում են ՀՀ շահերից»,-ասաց Պապիկյանը։
18:16 - 10 փետրվարի, 2021
Քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել, մենք չենք կարող որեւէ դիտարկում անել․ նախարարը՝ Ամուլսարի խնդրի մասին
 |armtimes.com|

Քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել, մենք չենք կարող որեւէ դիտարկում անել․ նախարարը՝ Ամուլսարի խնդրի մասին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ձեռպահ է մնում Ամուլսարի խնդրի վերաբերյալ որեւէ դիտարկումից, քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Նա հայտնեց, որ վերջերս իր նախաձեռնությամբ ընդլայնված հանդիպում է տեղի ունեցել բնապահպանական լայն շրջանակները ներկայացնող անձանց հետ: Այն խնդիրները, որոնք բարձրաձայնվել են բնապահպանական շրջանակների կողմից, մանրամասն ուսումնասիրվել են, նախարարության մասնագետների հետ քննարկվել են: «Այս պահին կարող եմ ասել այն, որ քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել, այդ մասով մենք չենք կարող որեւէ դիտարկում անել: Այս շրջանում Շրջակա միջավայրի նախարարությունը գործընթացների վրա ազդելու որեւէ մանդատ չունի: Բացառությամբ այն դեպքի, եթե, օրինակ, քրեական գործի շրջանակներով կարող են ի հայտ գալ այնպիսի օբյեկտիվ փաստեր, երբ կասկածի տակ կառնեն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքները»,- նշեց նախարարը:  
19:52 - 26 հունվարի, 2021
Ամուլսարը կարող է դառնալ համար մեկ հարկատուն. էկոնոմիկայի նախարար |tert.am|

Ամուլսարը կարող է դառնալ համար մեկ հարկատուն. էկոնոմիկայի նախարար |tert.am|

tert.am: Ամուլսարի հանքը շահագործողը կարող է դառնալ համար մեկ հարկատուն: Այս մասին երեկ «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում  ասել է ՀՀ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը՝ խոսելով ապագայում Հայաստանի համար բարձր տնտեսական աճ ապահովելու պլանների մասին:Հաղորդման ընթացքում օգտատերերից մեկը հարց էր ուղղել նախարարին՝ հետաքրքրվելով նախարարի՝ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ կարծիքով: Վերջինս պատասխանել է, որ չի տեսել Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական վնասների վերաբերյալ հաշվետվություն: «Ես մի կողմից գիտեմ վնասները, մյուս կողմից՝ օգուտները»:Խոսելով ՀՀ-ում առհասարակ հանքերի շահագործման մասին և օրինակ բերելով Սոթքը՝ նախարարը նշել է. «Տեսանք, թե Հայաստանի Հանրապետության 4-րդ  հարկատուին կորցնելիս ինչ վայնասուն բարձրացրինք, բայց պոտենցիալ առաջին հարկատուին ուղղակի չենք թողնում, որ բացվի: Առաջին հարկատուին ասում ենք՝ դու մի բացվի, բայց չորրորդ հարտակուին կորցնելը ծանր ենք տանում»: Նախարարը, ամեն դեպքում, ասել է, որ մարդկանց առողջությունն ամենից կարևոր բանն է համարում և տնտեսության զարգացումը հնարավորինս «կանաչ» ճանապարհով է տեսնում։
15:38 - 15 դեկտեմբերի, 2020
Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիները դատարանի դահլիճից ազատ են արձակվել  |pastinfo.am|

Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիները դատարանի դահլիճից ազատ են արձակվել |pastinfo.am|

pastinfo.am: Խուլիգանության կասկածանքով ձերբակալված քաղաքացիները ազատ են արձակվել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նրանց ձերբակալելու որոշման դեմ պաշտպանի բողոքը՝ ճանաչելով ձերբակալությունը ոչ իրավաչափ։ Պաշտպան Սասուն Ռաֆաելյանը ասաց, որ իր պաշտպանյալներն ազատ են արձակվել հենց դատական նիստերի դահլիճից։ Նշենք, որ ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքները քննել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրի դատավորները՝ Վարդան Գրիգորյանը, Մանվել Շահվերդյանը և Վահագն Մելիքյանը։ Ռաֆայելյանը հաստատեց, որ միջադեպի շարժառիթը եղել է Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ունեցած տարակարծությունը։ Նա պատմեց, որ արդեն 2.5 տարի է, ինչ Ամուլսարի հանքի շահագործման հարցը մարդկանց բաժանել է երկու խմբի՝ մի մասը պնդում է, որ հանքը չի կարող շահագործվել, իսկ մյուս մասը, որ հանքը պետք է շահագործվի և հենց այդ պատճառով էլ վիճաբանություն է տեղի ունեցել։ Պաշտպանի խոսքով՝ իր պաշտպանյալները գտնում են, որ պետք է վերջնական որոշում կայացվի՝ հանքը շահագործելու կամ չշահագործելու վերաբերյալ, քանի որ հարցի լուծման հետաձգումը միայն պառակտումներ է առաջացնում։ Հիշեցնենք, որ Infocom-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացել էր, որ Ջերմուկի երեք քաղաքացիները ձերբակալվել են՝ խուլիգանության կասկածանքով՝ վերջերս տեղի ուենցած միջադեպի առնչությամբ։ Խոսքը, մասնավորապես, մամուլում հրապարակված այն տեղեկությունների մասին է, ըստ որոնց՝ սեպտեմբերի 15-ին  ծեծկռտուք է տեղի ունեցել Գնդեվազ համայնքում Ամուլսարի հանքի շահագործմանը կողմնակից բնակիչների և ճանապարհը փակող ցուցարարների միջև։ Հետագայում մամուլում շրջանառվող տեղեկությունները հաստատել է ոստիկանությունը, նշելով, որ  ոստիկանությունն ահազանգ ստացել է, նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով, որն էլ ուղարկվել է ՔԿ՝ նախաքննության։
12:51 - 24 սեպտեմբերի, 2020
Գնդեվազում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ երեք ջերմուկցի է ձերբակալվել՝ խուլիգանության կասկածանքով. քաղաքացիներն ինքնաբուխ հավաք են անում

Գնդեվազում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ երեք ջերմուկցի է ձերբակալվել՝ խուլիգանության կասկածանքով. քաղաքացիներն ինքնաբուխ հավաք են անում

Ջերմուկի բնակիչ, Ամուլսարի պահապան Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր հայտնել է, որ առավոտյան բերման են ենթարկվել Ջերմուկի երեք քաղաքացիներ՝ վերջին օրերին Գնդեվազում տեղի ունեցած ինչ-որ միջադեպի առնչությամբ։ Infocom-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ Ջերմուկի երեք քաղաքացիները ձերբակալվել են՝ խուլիգանության կասկածանքով՝ վերջերս տեղի ուենցած միջադեպի առնչությամբ։ Խոսքը, մասնավորապես, մամուլում հրապարակված այն տեղեկությունների մասին է, ըստ որոնց՝ սեպտեմբերի 15-ին  ծեծկռտուք է տեղի ունեցել Գնդեվազ համայնքում Ամուլսարի հանքի շահագործմանը կողմնակից բնակիչների և ճանապարհը փակող ցուցարարների միջև։ Հետագայում մամուլում շրջանառվող տեղեկությունները հաստատել է ոստիկանությունը, նշելով, որ  ոստիկանությունն ահազանգ ստացել է, նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով, որն էլ ուղարկվել է ՔԿ՝ նախաքննության։ Այսօր Բունիաթյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրել է, որ Ջերմուկի բնակիչները ժամի 17:00-ից ինքնաբուխ հավաքվում են Ջերմուկում՝ հաջակցություն ձերբակալված համաքաղաքացիների։ Ամուլսարի պահապանի խոսքով՝ փաստեր կան, որ Ամուլսարի շուրջ տեղի ունեցող ցանկացած զարգացման դեպքում, կարծես, պատասխան պիտի տան մարդիկ, որոնք դեմ են հանքի բացվելուն. «Հիմնավոր կասկածներ ունենք, որ խտրականություն է տեղի ունենում, սրա մասին պատրաստվում ենք ավելի խորքային խոսել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Շիրակ Բունիաթյանը։
19:50 - 22 սեպտեմբերի, 2020
Ամուլսար. Հայաստանի բնության մխացող ցավը |acnis.am|

Ամուլսար. Հայաստանի բնության մխացող ցավը |acnis.am|

acnis.am: Վերջին երկուսուկես տարում Ամուլսարի շուրջ զարգացումները ոչ մի կերպ չեն կարողանում դուրս գալ տագնապի ու անորոշության օղակից: Ժամանակ առ ժամանակ իրար հաջորդող պարբերափուլերով կրքեր են շիկանում, կրքեր են մարում, սակայն խնդիրը շարունակում է մնալ չլուծված` արժանանալով թե´ բնապահպանների ու Ջերմուկի տարածագոտու բնակչության ցասումին, թե´ իրավիճակով մտահոգ մասնագետների եւ հանրության սուր քննադատությանը: Իսկ իրավիճակն իսկապես բավական խնդրահարույց է` կշեռքի մի նժարին դրված է երկրի տնտեսությունն անկումից փրկելու հրամայականը, մյուսին` ողբերգական հետեւանքներով հղի բնապահպանական աղետի վտանգը: Ինչպե՞ս վարվել` թույլատրե՞լ հանքավայրի շահագործումը, թե չթույլատրել: Ինչպես կասեր դասականը` ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ: Թեման չափազանց տարողունակ է, կփորձենք հնարավորինս սեղմ քննության առնել հանքի շահագործման կողմնակիցների եւ հակառակորդների շահագրգռությունները, մոտեցումներն ու փաստարկները: Կողմնակիցներ ասելով` պետք է նկատի ունենալ Կառավարությանը եւ, առհասարակ, կառավարող շրջանակներն ամբողջապես, որոնք հակված են Ամուլսարի ոսկու շահագործման գաղափարին: Հակառակորդների շարքում են մտավորականներ, բնապահպաններ, հասարակական-քաղաքական առողջ ուժեր, ոլորտի մասնագետներ եւ այլք: Առանձին-առանձին կդիտարկենք այս խմբերից յուրաքանչյուրի հավաքական մտածողությունը, ընկալումները, խնդրի լուծման տեսլականը` գոնե ընդհանուր գծերով հասկանալու համար, թե ինչ է կատարվում պաշարների մեծությամբ Հայաստանի 2-րդ հանքավայրում, ինչպիսի շահեր են բախվում այդտեղ եւ կողմերն ինչպես են պատկերացնում խնդրի հանգուցալուծումը: Բայց մինչեւ բուն նյութին` կողմերի դիրքորոշումներին ու գործողություններին անդրադառնալը, արձանագրենք մի քանի ընդհանուր տվյալներ եւ նկատառումներ: Ամուլսարի հանքի մասին հայտնի է դեռեւս ԽՍՀՄ գոյության ժամանակներից: Այդ տարիներին շահագործումն աննպատակահարմար էր համարվել: 2005-ին հանքավայրի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ է կատարել «Գեոթիմ» ընկերությունը` «Լիդիան Արմենիայի» իրավանախորդը: Վերջինիս տարածած տեղեկատվության համաձայն` հաստատված ընդհանուր պաշարներն այդտեղ կազմում են 89.376,3 հազար տոննա հանքաքար, 73,7 տոննա ոսկի, 294.367 տոննա արծաթ: Ամուլսարի նախագիծը ՀՀ-ի ամենախոշոր ներդրումային ծրագրերից մեկն է. հանքի շինարարության ընթացքում արդեն ներդրվել է շուրջ 400 մլն դոլար: Ընկերությունը պատրաստվում է 1300 աշխատեղ ապահովել շինաշխատանքների ընթացքում, իսկ հանքի շահագործման հետագա 10 տարիներին հանքարդյունահանման ընթացքում կստեղծվի 650-700 մշտական աշխատատեղ: «Լիդիան Արմենիան» Հայաստանի 9-րդ ամենախոշոր հարկատուն է` գտնվելով տակավին շինարարության փուլում։ Ավելի քան մեկ տարի առաջ` 2019-ի օգոստոսի սկզբներին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խնդիրը լուծվելու է բացառապես փաստերի հիման վրա, ինչի ուսումնասիրությամբ ավելի վաղ զբաղված էր կառավարությունը: Խոսքը, մասնավորապես, Ջերմուկի ջրային համակարգի, Արփի, Որոտան, Դարբ գետերի եւ Սեւանա ջրերի հնարավոր աղտոտվածության բացառումը հիմնավորող փաստերի մասին է: Այդ ուղղությամբ ուսումնասիրությունը վաղուց ավարտվել է, լիբանանյան «Էլարդ» փորձագիտական խումբը ներկայացրել է իր եզրակացությունը, ՀՀ քննչական կոմիտեն` իրենը: Անցել է մեկ տարուց ավելի ժամանակ, բայց կառավարությունը չի շտապում որոշում կայացնել, ինչը կարող է մի քանի պատճառ ունենալ` ընդունելիք որոշման ճշմարտացիության մեջ թերահավատությունը, ավելորդ զգուշավորությունը, վարկանիշի անկման մտավախությունը այլն: Որպես լուծման այլընտրանքային ճանապարհ, առաջարկվել էր անգամ հանրաքվեն, որն իշխանությունները լռելյայն շրջանցել էին` հասկանալով, որ «դեմ»-երի թիվն անհամեմատ մեծ է լինելու: Եվ այդպես անորոշությունը մնացել էր չփարատված: Այդ առնչությամբ սեպտեմբերի 3-ին` պատասխանելով լրագրողների հարցերին, Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասել է. «Այս հարցը Կառավարության ուշադրության կենտրոնում է, եւ հավաստիացնում եմ, որ կոնկրետ գործողություններ են իրականացվում, այդ թվում` իրավական դաշտը կարգավորելու ուղղությամբ… մասնավորապես` քննչական մարմիններում գործեր են քննվել դեռ 2019-ից մինչ օրս, եւ դրանով է պայմանավորված որոշում կայացնելու զգուշավորությունը»: Բայց արդյո՞ք զգուշավորություն է դա, թե իշխանության ձեռքերի «կապվածության» վկայություն: Ի վերջո, խնդիրն ունի ոչ միայն ներհայաստանյան երանգ` կառավարող ուժի հանդեպ վստահության կորստի մտավախությամբ, այլեւ արտաքին քաղաքական բովանդակություն` միջազգային ասպարեզում մեր պետության հեղինակազրկման ու խոշոր ներդրումների ձախողման վտանգով: Կամ, միգուցե, կա այնպիսի մի հանգամանք, որն իր մեջ Ամուլսարի շահագործմանը չխոչընդոտելու պարտավորվածություն ունի: Չի բացառվում նաեւ, որ որոշումն արդեն ընդունված է, ուղղակի ժամանակը նպաստավոր չէ այն հրապարակելու համար: Նպաստավոր չէ այն իմաստով, որ Հայաստանում, ըստ որոշ լուրերի, շրջում է «թեժ աշնան» ուրվականը: Չմոռանանք, որ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը դեռեւս երկու տարի առաջ համոզմունք էր հայտնել, թե ոսկու հանքի շահագործման որոշումը վարչապետն արդեն ընդունել է: Ամեն դեպքում Փաշինյանը եւ նրա շրջապատը մի գլուխ վստահեցնում են, որ շահագործումը բնապահպանական ռիսկեր ու վտանգներ չի պարունակում: Նրանք համարում են, որ Ամուլսարի շահագործման թույլտվությունը ինքնուրույն, կշռադատված քաղաքական որոշում է` ի հակակշիռ ժողովրդի զգացմունքային եւ իռացիոնալ վախերի: Նիկոլ Փաշինյանն անձամբ` ասես կամավոր ստանձնելով «Լիդիան»-ի փաստաբանի դերը, ամեն ճիգ գործադրում է հավատացնելու, որ ոչ մի լիտր ջուր թե´ Ջերմուկում եւ թե´ Սեւանում չի կարող թունավորվել, քանզի ամեն ինչ վերահսկելի է: Վարչապետը հիմք է ընդունում հանքարդյունաբերության ոլորտում զրո փորձառություն ունեցող «Լիդիան Արմենիա»-ի հետազոտությունները: Այնինչ միջազգային շատ ավելի հեղինակավոր փորձագետներ շատ ավելի հիմնավոր փաստարկներով ապացուցում են, որ ջրերի աղտոտման հետ կապված` «Լիդիան»-ի ու նրա խորհրդատուների մոտեցումները պարզունակ են եւ ոչ ճշգրիտ, իսկ առաջարկած միջոցները, որոնց մասին, ի դեպ, մեր վարչապետը հիացմունքով է խոսում, անհամաչափ են` կանխելու համար աղտոտման արտահոսքը բնական միջավայր: Տրամագծորեն հակառակ պատկերն են նկարագրում միջազգային հայտնի գիտնական-փորձագետները: Ավստրալացի, կանադացի ու ամերիկացի չորս ճանաչված մասնագետներ` դոկտոր Անն Մաեսթը, դոկտոր Ռոջեր Սմարթը, դոկտոր Անդրե Սոբոլեւսկին եւ դոկտոր Անդրեա Գերսոնը, 2017-ի հուլիսից սկսած` շուրջ մեկ տարի ուսումնասիրելով «Լիդիան Ինտերնեյշնլ»-ի կայքում առկա մեկ տասնյակից ավելի փաստաթղթերը, 2018-ի մայիսի 20-ին հանդես են եկել Ամուլսարի ոսկու ծրագրի բնապահպանական ռիսկերի վերաբերյալ հատուկ զեկույցով, որտեղ, ի մասնավորի, ասված է. ««Լիդիանի» թեստերի արդյունքները ցույց են տալիս, որ կորզումից հետո մնացած ապարներից, կոշտ թափոններից արտահոսքում առկա կլինեն ծարիրի, մկնդեղի, պղնձի, բարձր խտացուկներ, ինչպես նաեւ ամոնյակի, կադմիումի, կապարի, սնդիկի, նիտրատի եւ սելենի աղտոտիչներ, որոնք թունավոր են մարդկանց կյանքի ու ջրային կենսաբազմազանության համար»: Նրանց եզրահանգմամբ` ծրագիրն այս վիճակով բարձր ռիսկ է պարունակում «տասնամյակներ տեւող թթվային դրենաժի առաջացման եւ աղտոտիչների արտազատման առումով», ուստի հորդորում են ՀՀ կառավարությանը եւ քաղաքացիներին` «դադարեցնել ծրագրի առաջխաղացումը մինչեւ մատնանշված բացթողումները չշտկվեն»:   Շարունակությունը՝ acnis.am-ում։
20:53 - 12 սեպտեմբերի, 2020
Կառավարությունը հրաժարվում է տրամադրել Ամուլսարի վերաբերյալ նյութերը. ՀԲՃ

Կառավարությունը հրաժարվում է տրամադրել Ամուլսարի վերաբերյալ նյութերը. ՀԲՃ

«Հայկական բնապահպանական ճակատը» հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՀ քննչական կոմիտեն հրաժարվում է շահագրգիռ հանրությանը տրամադրել 2018թ-ի ամռանն Ամուլսարի խնդրով հարուցված քրեական գործի շրջանակներում պատվիրված միջազգային փորձաքննության մասնագիտական նյութերը։ Այս առումով շատ կարևոր է իմանալ, որ դեռևս 2019թ-ի մայիսից այդ նյութերը ոչ միայն հասանելի են եղել հանքահանությամբ զբաղվելու ցանկություն ունեցող ընկերությանը, այլև Քննչական կոմիտեն ընկերությանը հնարավորություն է տվել այդ նյութերի վերաբերյալ ներկայացնելու կարծիքներ, առարկություններ, մասնակցելու մի շարք քննարկումների։ Արդեն մեկ տարուց ավելի է, որ նույնիսկ պաշտոնական հարցումների միջոցով մենք չենք կարողանում ստանալ վերոնշյալ նյութերը։ Անցած տարի մեր հարցումներն ուղղակի մնացին անպատասխան: Այս տարի՝ 2020թ-ի հուլիսի 24-ի մեր հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրեցին, որ այդ փաստաթղթերը միջանկյալ նյութեր են եղել և դրանք հրապարակելու կարիք իրենք չեն տեսնում։ Մեր հարցման բովանդակությունը հետևյալն էր․ «Ամուլսարի խնդրով ՀՀ քննչական կոմիտեի պատվիրած ուսումնասիրությունների վերջնական փաստաթղթից բացի, լիբանանյան «ԷԼԱՐԴ» և ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների կողմից կազմվել են նաև նախնական զեկույցներ։ Հաշվի առնելով հարցի հանրային նշանակությունը և այս ողջ գործընթացի թափանցիկության անհրաժեշտությունը՝ Քննչական կոմիտեն առնվազն պետք է հրապարակի նաև հետևյալ բոլոր փաստաթղթերը․ 2019թ-ի մայիսի 31-ին ներկայացրած Անկախ գնահատման մասնակի նախնական զեկույցը։ 2019թ-ի հունիսի 14-ին ներկայացրած Անկախ գնահատման նախնական զեկույցը։ 2019թ-ի հունիսի 14-ին ներկայացրած Անկախ գնահատման նախնական զեկույցի վերաբերյալ Լիդիանի ներկայացրած մեկնաբանությունները, որոնք ստացել են հունիսի 28-ին և հուլիսի 4-ին։ 2019թ-ի հուլիսի 3-ին ստացված Լիդիանի պատասխանները «ԷԼԱՐԴ» և «ԹիԱրՍի» թիմի 2019թ-ի հունիսի 28-ին առաջադրված հարցերին՝ երկրաքիմիական տվյալների և մեղմման միջոցառումների վերաբերյալ։ Խնդրում ենք մեզ տրամադրել կամ հրապարակել վերոնշյալ բոլոր փաստաթղթերը»։ Նույն ճակատագրին արժանացավ նաև 2020թ-ի հուլիսի 24-ի Վարչապետի աշխատակազմին ուղղված մեր հետևյալ հարցումը, որին առ այսօր պատասխան չենք ստացել․ «2020թ-ի մարտի 12-ին Ջերմուկ քաղաքում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Քննչական կոմիտեն, ELARD-ի և Լիդիանի բանավեճի արդյունքում, կազմել է 154 հարցանոց հարցաշար, որն առաջիկայում կուղարկվի նաև շահագրգիռ հասարակական կազմակերպություններին, նաև Գիտությունների ազգային ակադեմիային, որպեսզի այդ հարցաշարը ճշտվի, որի շուրջ արդեն տեղի կունենա ELARD-ի և Լիդիանի ներկայացուցիչների ամփոփիչ հարցաքննություն, որի արդյունքում այդ բոլոր բանավեճերը կլուծվեն։ Վարչապետի ելույթը տեսեք այստեղ։ Այս առումով խնդրում ենք մեզ և շահագրգիռ հասարակական կազմակերպություններին ուղարկել այդ 154 հարցանոց հարցաշարը»։ Մեր կողմից անհասկանալի և անընդունելի է այս երկակի մոտեցումն, ու ընդհանրապես, Ամուլսարում հաքահանությամբ զբաղվելու նպատակ ունեցող ընկերության հետ անկախ միջազգային փորձագիտական խմբի հետազոտությունների կամ ինչ-որ հարցաշարերի քննարկումը։ Դա նույնն է, ինչ որոշակի հանցանքի մեջ կասկածվողի հետ քննարկես անկախ փորձաքննության արդյունքները, լսես նրա առարկություններն ու հարցնես նրա կարծիքը դրանց մասին։ Բացի այդ, եթե այդ նյութերը հասանելի են եղել մի շահագրգիռ կողմին՝ ուրեմն պետք է հասանելի լինեն նաև մյուսներին։ Հակառակ դեպքում լուրջ և հիմնավոր կասկածներ են առաջ գալիս այս ողջ գործընթացի անաչառության վերաբերյալ։ Մեկ անգամ ևս կոչ ենք անում վերջ տալ ժողովրդից թաքուն արվող գործողություններին և հրապարակել վերոնշյալ բոլոր փաստաթղթերը։ Մենք նաև տեղեկություններ ենք ստացել այն մասին, որ հիմա՛ էլ են հանրությունից թաքուն արվում գործողություններ, որոնցում կրկին մասնակցելու հնարավորություն է տրվել հանքահեններին»։
10:50 - 12 սեպտեմբերի, 2020
«Լիդիան Արմենիան» Ամուլսարի պաշտպանների հետ մեր հանդիպման ապօրինի նկարահանումն է իրականացրել․ Գևորգ Գորգիսյան

«Լիդիան Արմենիան» Ամուլսարի պաշտպանների հետ մեր հանդիպման ապօրինի նկարահանումն է իրականացրել․ Գևորգ Գորգիսյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է ավելի վաղ «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած տեսանյութին՝ գրելով. ««Լիդիան Արմենիան» ոչ միայն Ամուլսարի պաշտպանների հետ մեր հանդիպման ապօրինի նկարահանումն է իրականացրել, այլև ապատեղեկատվություն է տարածել, որ իբր «ԼՀկ պատգամավորները հրահրել են ապօրինի ներխուժում Ամուլսարի տարածք և դրանով ստանձնել համայնքի բնակիչների հանդեպ կատարվող ցանկացած ոտնձգության պատասխանատվությունը»: Այնինչ, ես և Անի Սամսոնյանն այցելել էինք Ջերմուկ՝ մեր զորակցությունը հայտնելու տարիներ շարունակ իրենց տունն ու քաղաքը գիշեր-ցերեկ պաշտպանող քաղաքացիներին, ովքեր կոչ են անում կառավարությանը վերջ դնել խուսափողական քաղաքականությանը և չեղարկել Ամուլսարի ոսկու հանքի ՇՄԱԳԸ»:  
09:16 - 08 սեպտեմբերի, 2020
«Լիդիան Արմենիա»-ի պահնորդական այս ծառայությունը եւս պետք է հեռացվի՝ արդեն իր պատվիրատուների հետ միասին․ Միքայել Նահապետյան

«Լիդիան Արմենիա»-ի պահնորդական այս ծառայությունը եւս պետք է հեռացվի՝ արդեն իր պատվիրատուների հետ միասին․ Միքայել Նահապետյան

Ամուլսարի տարածքում այս գիշեր դարձյալ լարված իրավիճակ է եղել։  Բնակիչների պնդմամբ՝ Ամուլսարը որպես հանք շահագործելու նպատակ ունեցող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի պահնորդական ծառայության աշխատակիցները ծեծի են ենթարկել Ամուլսարի պահապաններից մի քանիսին։ Ոստիկանությունից Infocom-ին հայտնեցին, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում։ Ամուլսարի պահապան, ջերմուկցի Շիրակ Բունիաթյանը Infocom-ի հետ զրույցում մանրամասնեց, որ սկզբում լեզվակռիվ է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի, տեղի ոստիկանները Ամուլսարի պահապաններից մեկին դուրս են բերել տարածքից՝ ուշագնաց վիճակում։ Ընկերության ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ պահապններն են ներխուժել իրենց պատկանող տարածք ու քարեր նետել իրենց գույքի, պահնորդական ծառայության աշխատակիցների վրա։ Սրա վերաբերյալ նաեւ 37 վայրկյան տեւողությամբ տեսանյութ են հրապարկել՝ հայտնելով, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանությանը։  Թեմայի շուրջ մեր հարցերին է պատասխանել Քաղաքացու որոշում կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։ - Պարոն Նահապետյան, այս գիշեր Ամուլսարում դարձյալ լարված իրավիճակ էր, տեղի բնակիչների պնդմամբ՝ Ամուլսարը որպես հանք շահագործելու նպատակ ունեցող «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդները, սադրանքի դիմելով, ծեծի են ենթարկել Ամուլսարի պահապաններից մի քանիսին, եւ սա այն պարագայում, երբ պահնորդական այս ընկերությունը ծառայություն է իրականացնում ընդամենը մի քանի օր։ Ի վերջո ո՞րն է այս իրավիճակի հիմնական պատճառը, ինչո՞ւ է իրավիճակը պարբերաբար լարվում։  - Դեռեւս օգոստոսի 6-ին Քաղաքացու որոշում ՍԴ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ նկարագրել է Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակն ու տվել գնահատական, որ այս իրադարձությունները տեղի են ունենում կազմակերպված սադրանքների ռազմավարության շրջանակում։ Այսինքն՝ Ամուլսարը շահագործելու ցանկություն ունեցող ընկերությունները (ընկերությունները, որովհետեւ «Լիդիան Արմենիա» ընկերության սեփականատերերի փոփոխություն է տեղի ունեցել, պարտքատերերը հիմա սեփականատերեր են դարձել), եւ պարտքատերերն իրենց գումարը հետ ստանալու նպատակով նշակել են սադրիչ ռազմավարություն, որի մաս է կազմում պահնորդական ծառայությունը, նրանք այդ սադրանքների գործիքն են։ Բնականաբար, երբ պահանջ էր հնչեցվում, որ արդեն իսկ սադրանքներ կատարած պահնորդները հեռացվեն, մենք միամիտ չենք եղել եւ չենք մտածել, որ նոր պահնորդները կգան, փողկապներով ու արիստոկրատ վերաբերմունքով կմոտենան խնդրին։ Մեզ համար այդ պահանջի իմաստը եղել է այն, որ սադրանքներ իրականացնողն արժանանա իր պատժին, իսկ հետո պատվիրատուները եւս այդ առումով հետեւություններ անելու խնդիր ունենան։ Հիմա պահնորդական նոր ծառայությունը եւս շարունակում է սադրանքների ռազմավարությունը։ Որովհետեւ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը։ Եւ սա տեղի է ունենում կառավարության լռության եւ ամենաթողության ֆոնին, եւ կառավարությունը պիտի գիտակցի, որ այսպիսի գործելաոճը վաղ թե ուշ հանգեցնելու է արյունահեղության, որովհետեւ, անկախ նրանից, որ մարդիկ որդեգրել են խաղաղ պայքարի գործելաոճը, օր օրի այնտեղ տեղի են ունենում բաներ, որոնց խաղաղ պատասխանելու համար կամային մեծ հատկություններ են անհրաժեշտ, իսկ մի պրոցեսում, որտեղ հարյուրավոր մարդիկ են ներգրավված, փաստ չէ, որ բոլորը կկարողանան դրսեւորել կամային այդպիսի հատկություններ։ - Գիշերը տեղի ունեցածի պարագայում, ինչպես բնակիչներն են հայտնում, ամեն ինչ սկսվել է սովորական լեզվակռվից։ Դուք տեղեկություն ունե՞ք կատարվածից։ - Դա այս գործընթացի ամենահետաքրքիր մասն է, ու պահնորդների ամենալկտի դրսեւորումը։ Իմ տեղեկություններով՝ տեղի է ունեցել հետեւյալը․ քաղաքացիներից մեկը, որպես ժեստ բարեւել է, որ թեեւ մենք բարիկադի տարբեր կողմերում ենք եւ տարբեր խնդիրներ ենք փորձում լուծել, այնուհանդերձ թշնամիներ չենք։ Բարեւին ի պատասխան՝ պահնորդները, հավանաբար հրահանգավորված կերպով, արհամարհական շրջվել են մեջքով դեպի բարեւող մարդը, վերջինս էլ ասել է՝ եղբայրներ, թշնամիներ չենք, հակամարտող ազգեր չենք, որ բարեւում ենք, գոնե պատասխանենք, հարաբերությունները գոնե բարեւի մակարդակում պահենք։ Նրան շատ կոպիտ վիրավորական ձեւակերպմամբ ասել են, որ հեռանա, որին ի պատասխան՝ քաղաքացին, էլի հասկանալով, որ դա սադրանք է, առանց որեւէ վիրավորանքի՝ հարցրել է՝ ինչի՞ եք էդպես ասում, ես բարեւ եմ տալիս, դուք ո՞նց եք էդպես պատասխանում, դրան ի պատասխան՝ պահնորդներն էլի են կրկնել իրենց ասածը, քաղաքացին դարձյալ ասել է, որ էդպես չի կարելի, որից հետո արդեն պահնորդները շատ կոպիտ, արժանապատվությունը նվաստացնող հայհոյանք են հնչեցրել, որին, քաղաքացին, ամենայն հավանականությամբ պատասխանել է։ Հետո պահնորդները հարձակվել են քաղաքացու վրա, ծեծելով ներս են քաշել ընկերության տարածք, երկու այլ քաղաքացի փորձել են խոչընդոտել, նրանց եւս ներս են քաշել տարածք։ Ոստիկանության ծառայողները փորձել են միջամտել, նրանց եւս բաժին են հասել հարվածներ, կամ առնվազն հրմշտոց, այդպիսով խոչընդտվել է նաեւ ոստիկանների օրինական աշխատանքը։  - Ընկերության ներկայացուցիչները պնդում են, թե պահնորդներն իրենց գործառույթն են իրականացրել։ - Ես պիտի շատ հստակ արձանագրեմ, որ պահնորդական ծառայության գործունեությունը միտված պետք է լինի հասարակական կարգի պահպանությանը եւ սպառնալիք չդառնա հասարակական կարգի պահպանության համար։ Եւ պահնորդական նախորդ ծառայության լիցենզիան չեղարկելու հիմքերից մեկը հենց այս դրույթն է եղել, որ հասարակական կարգին ու անվտանգությանը սպառնալիք է առաջացել։ Եւ հիմա եւս այս կազամկերպությունը հասարակական կարգին, անվտանգությանը, բարքերին սպառնալիք է հանդիսանում, բարեւի ավանդույթ գոյություն ունի ի վերջո, բարեւող մարդուն հայհոյանքով չեն պատասխանում։ Ու այս ծառայությունը եւս պետք է հեռացվի՝ արդեն իր պատվիրատուների հետ միասին։ - Դուք համաձա՞յն եք բնակիչների այն կարծիքին, որ սա «Լիդիան Արմենիա»-ի ու պահնորդական ծառայության միանշանակ որդեգրած քաղաքականությունն է։ - Առաջին դեպքը կարող է լինել պատահականություն, բայց ես երկրորդ անգամ նույն ոճի պատահականության չեմ հավատում։ Եթե, օրինակ, նախորդները անկիրթ մարդիկ էին, կամ իրենց ղեկավարն էր վատը, եւ այլն, երկրորդ անգամ նույն պատճառը չի կարող լինել։ Հիշեցնենք, որ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ «Լիդիան Արմենիա» ընկերությունը տարածել էր 37 վայրկյան տեւողությամբ տեսանյութ՝ կից գրառմամբ՝ ըստ որի՝ երկու անձինք քարեր են նետում ընկերության տարածքում՝ դեպի պահնորդական ծառայություն իրականացնողները։ Ընկերությունից, սակայն հրաժարվեցին տրամադրել պահնորդական ծառայության անվտանգության տեսախցիկների ամբողջական տեսագրությունը՝ պատճառաբանելով՝ անվտանգության հարց է։ Թե ինչ անվտնագության մասին է խոսքը՝ ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարգարիտա Ափրոյանը չմեկնաբանեց՝ նշելով միայն՝ եթե անհրաժեշտ լինի, տեսագրությունները կտրամադրեն ոստիկանությանը։  Հայարփի Բաղդասարյան
19:18 - 07 սեպտեմբերի, 2020
«Լիդիան Արմենիա»-ն հարկ չի համարում տրամադրել Ամուլսարում գիշերը տեղի ունեցած միջադեպի ամբողջական տեսագրությունը

«Լիդիան Արմենիա»-ն հարկ չի համարում տրամադրել Ամուլսարում գիշերը տեղի ունեցած միջադեպի ամբողջական տեսագրությունը

Ամուլսարում այս գիշեր տեղի ունեցած միջադեպի առնչությամբ «Լիդիան Արմենիա» ընկերությունը տարածել էր 37 վայրկյան տեւողությամբ տեսանյութ՝ կից գրառմամբ՝ ըստ որի՝ երկու անձինք քարեր են նետում ընկերության տարածքում՝ դեպի պահնորդական ծառայություն իրականացնողները։ Ընկերությունից, սակայն հրաժարվեցին տրամադրել պահնորդական ծառայության անվտանգության տեսախցիկների ամբողջական տեսագրությունը՝ պատճառաբանելով՝ անվտանգության հարց է։ Թե ինչ անվտնագության մասին է խոսքը՝ ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարգարիտա Ափրոյանը չմեկնաբանեց՝ նշելով միայն՝ եթե անհրաժեշտ լինի, տեսագրությունները կտրամադրեն ոստիկանությանը։  Ափրոյանը չպատասխանեց նաեւ մեր այն հարցին, թե ոստիկանություն իրենց ներկայացրած հանցագործության մասին հաղորդման մեջ արդյոք նույն տեսագերությո՞ւնն է կցված, թե՞ ամբողջականը։ Հարցին չպատասխանեց նաեւ ընկերության իրավաբան Խորեն Նասիբյանը՝ պնդելով, թե՝ չի հիշում։ Մեր դիտարկմանը, որ տեսանյութն ակնհայտորեն կիսատ է եւ մոնտաժված՝ «Լիդիան Արմենիա»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն մեկնաբանեց, որ հենց այդ հատվածում է երեւում՝ Ամուլսարի պահապանները ինչպես են ներխուժում իրենց օրինական տարածք, մոնտաժի այլ պատճառ, նրա վստահեցմամբ, չկա։ Ափրոյանի պնդմամբ՝ իրենք ներկայացրել են իրականությունը, իսկ մեր դիտարկմանը, որ կասկած հարուցող հարց է առաջանում՝ կարճ այդ տեսանյութում երեւացողից առաջ ի՞նչ է կատարվել, մեր զրուցակիցն արձագանքեց՝ եզրակացություններ անելու հարցում ազատ ենք․ «Ներկայացված է այն հատվածը, որը պատճառ է դարձել հետագա իրադարձությունների։ Եթե Ընկերությունը հարկ համարի այսօր հրապարակված տեսանյութից ավելին հրապարակելու՝ կտրամադրի բոլոր լրատվամիջոցներին»,- եզրափակեց Ափրոյանը։ Հիշեցնենք, Ամուլսարի տարածքում այս գիշեր դարձյալ լարված իրավիճակ է եղել։  Բնակիչների պնդմամբ՝ Ամուլսարը որպես հանք շահագործելու նպատակ ունեցող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի պահնորդական ծառայության աշխատակիցները ծեծի են ենթարկել Ամուլսարի պահապաններից մի քանիսին։ Ոստիկանությունից Infocom-ին հայտնեցին, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում։ Ամուլսարի պահապան, ջերմուկցի Շիրակ Բունիաթյանը Infocom-ի հետ զրույցում մանրամասնեց, որ սկզբում լեզվակռիվ է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի, տեղի ոստիկանները Ամուլսարի պահապաններից մեկին դուրս են բերել տարածքից՝ ուշագնաց վիճակում։ Լուսանկարը՝ Հետք-ի Հայարփի Բաղդասարյան
16:50 - 07 սեպտեմբերի, 2020
Ամուլսարում գիշերը տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Ամուլսարում գիշերը տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Ամուլսարում այս գիշեր տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին Infocom-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից՝ չմանրամասնելով, սակայն՝ արդյոք կա՞ն բերման ենթարկվածներ, թե՞ ոչ։ Ամուլսարի տարածքում այս գիշեր դարձյալ լարված իրավիճակ է եղել։ Ամուլսարը որպես հանք շահագործելու նպատակ ունեցող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի պահնորդական ծառայության աշխատակիցները ծեծի են ենթարկել Ամուլսարի պահապաններից մի քանիսին։ Ամուլսարի պահապան, ջերմուկցի Շիրակ Բունիաթյանը Infocom-ի հետ զրույցում մանրամասնեց, որ սկզբում լեզվակռիվ է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի, տեղի ոստիկանները Ամուլսարի պահապաններից մեկին դուրս են բերել տարածքից՝ ուշագնաց վիճակում․ «Կռիվը եղել է գիշերը։ Արդեն մի քանի ամիս է՝ ինչ լարված իրավիճակ է, ոստիկանությունը շուրջօրյա ծառայություն է իրականացնում, սակայն այդ ժամանակ էնտեղ եղել է միայն երկու ոստիկան»,- ասաց Բունիաթյանը՝ հավելելով, որ այս պահին իրավիճակը հանգիստ է, իսկ բերման ենթարկվածների մասին ինքը տեղեկություն չունի։ Մեր զրուցակիցը հայտնեց, որ ծեծի ենթարկվածներից երկուսի վիճակը լավ է, մյուսի մասին որևէ տեղեկություն չունի։ Բունիաթյանի խոսքով՝ Ամուլսարի պահապանները նկատել են, որ բռնություն է գործադրվել նաև ոստիկանների նկատմամբ։ Դեպքի առնչությամբ «Լիդիան Արմենիա»-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «Լիդիանի» պահնորդական ծառայությունը պաշտպանել է տարածքը՝ օրենքի շրջանակներում իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում և այսուհետ նույնպես օրենքի սահմաններում հակազդելու է ցանկացած ոտնձգության․ «Սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերն Ամուլսարի ճանապարհները փակող հանցավոր խմբավորումը, մոտ 10 հոգով, հավանաբար ոչ սթափ վիճակում, ներխուժել է Ամուլսարի տարածք` հայհոյելով և քարերով հարձակում գործելով «Լիդիանի» պահնորդական ծառայության վրա։ Խմբավորման անդամները սպառնացել են «Լիդիանում» աշխատող ու այդ պահին Ամուլսարի տարածքում գտնվող համայնքի բնակիչներին։ Կից տեսանյութը հաղորդում է հանցագործության մասին։ Բոլոր նրանք, ովքեր այս հանցավոր խմբավորմանը ներկայացնում են որպես «խաղաղ ցուցարարներ», առիթ ունեն համոզվելու, որ քարերով սեփական համայնքի բնակիչների վրա հարձակվող փոքրաթիվ խմբավորումը չի ներկայացնում համայնքը, և ամենայն հավանականությամբ ոչ սթափ վիճակում գտնվելով, իրականացնում է հանցավոր քայլեր` սպառնալով մարդկանց կյանքին ու առողջությանը։  Նույն տեսանյութում կարող եք տեսնել` ինչպես են իրենց «բնապահպան» ներկայացնող անձինք տանջում տարածքում ապրող շներին։ Այս խմբավորմանը որպես «հերոսներ» ու «բնապահաններ» ներկայացնողների խղճին ենք թողնում իրենց ստեղծած կերպարների պահվածքը։ Ոստիկանությունից պահանջում ենք իրավական գնահատական տալ տեղի ունեցածին և ևս մեկ անգամ կոչ ենք անում ապահովել համայնքների բնակիչների անվտանգությունը։ Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ երկամյա անպատժելիությունից հղփացած այս խմբավորումն այլևս ընդունակ է ցանկացած հանցագործության։ Ժամանակն է վերջ տալ ապօրինությանը և վերակագնել օրենքն Ամուլսարի շրջակայքում»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի մեկից փոխվել են «Լիդիան Արմենիա»-ի պահնորդները, ինչը, ըստ ընկերության, կապված է պահնոդրական նախորդ ծառայության ժամկետը լրանալու հետ։ Ամուլսարի պահապան ջերմուկիցների պնդմամբ, փաստորեն, ինչպես նախորդ պահնորդները, այնպես էլ նորերը դիտավորյալ սադրիչ գործողություններ են իրականացնում։ Լուսանկարը՝ Հետք-ի Մարի Արշակյան
13:23 - 07 սեպտեմբերի, 2020
ՀՀ կառավարությունը վտանգում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքերը․ Սուրեն Սահակյան

ՀՀ կառավարությունը վտանգում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքերը․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լիդիանի պահնորդական նոր ծառայության աշխատակիցները գիշերը ծեծի են ենթարկել Ամուլսարի պահապաններից նրան կամ նրանց, որոնք գտնվել են Լիդիանի տարածքից դուրս, ճանապարհի մյուս եզրին։ Ըստ լուրերի, ծեծի մի փոքր բաժին էլ հասել ա ծառայություն իրականացնող ոստիկաններին։ Ոստիկանները նկարահանել են այդ ամենը։ Սա իրողությունն ա, որ մենք ստացել ենք Ամուլսարի պահապան Շիրակ Բունիաթյանի ՖԲ-յան էջից։ Հիմա՝ թե ինչ ա նախորդել սրան։ Լիդիանի սնանկության վերաբերյալ դատական գործ ա քննվել Կանադայում, որի արդյունքներով տերերը, որոնք պետք ա իբր Ամուլսարը հանք դարձնեին, փոխվել են։ Սրանք էլ նոր, սադրիչ մարտավարություն են որդեգրել սկսած ամառվա կեսերից։ Սադրանքների էդ շղթայի հերթական օղակը օգոստոսի 4-ին վագոն տնակները ընդհուպ մինչև ճանապարհը մոտեցնելն էր։ Հանրությունը դրա կապակցությամբ բարձրացրեց իր ձայնը և վագոն տնակները, համաձայն օրենքի, հետ տարվեցին իրենց ելման դրություն։ Էդ ընթացքում կառավարությունն անընդհատ զգաշացվել ա, որ պահնորդական ծառայության նման գործոլաոճը, ի վերջո, արյունահեղության ա հանգեցնելու։ Էդ զգուշացումները լուրջ չէին ընդունվում։ Կառավարությունը լուռ էր։ Հիմա արդեն հղվել ա արյունը։ Չգիտեմ՝ ինչքանով ա գիտակցվում, որ լռություն պահպանելու դեպքում դա վերջին արյունը չի լինելու։ Հուսով եմ, որ Ամուլսարի պահապանների հայտարարությունը, թե իրենք մինչև մահ պատրաստ են կանգնել իրենց համատեղ որոշման համար (այն է՝ Ամուլսարը հանք չի դառնալու), լուրջ ա ընդունվել։ Սրա կապակցությամբ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանը նույն Շիրակ Բունիաթյանի նման պնդմանն ի պատասխան արձագանքել էր, թե «լավ, էլի, Շիրակ ջան, ուրեմն ես էլ կյանքի գնով կպաշտպանեմ ձեր կյանքը» կամ իմաստով նույնը այլ ինչ-որ բան։ Էսօր Հայասատանի Հանրապետության շատ որոշակի քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ ա սպառնում։ Ամուլսարի, որպես հանքավայր, շահագործման մասին ջերմուկցիների կարծիքը չհարցնելը խախտել ա նրանց սահմանադրական իրավունքները։ Իրավունքների այդ խախտումը չարձանագրելով ու այն չվերացնելով, ՀՀ կառավարությունը վտանգում ա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքերը։ Ինչ վերաբերում ա Լիդիանի գործունեությանը, ապա դա այլ կերպ, քան պետության ու քաղաքացիների նկատմամբ իրականացվող շանտաժ, դժվար է նկարագրել։ Ըստ էության, նրանք ասում են, թե եթե հանքավայրի շահագործումը չսկսի, այստեղ մարդիկ են զոհվելու։ Ըստ իս, նման կազմակերպությունը տեղ չունի Հայաստանում՝ նույնիսկ անկախ բնապահպանական ռիսկերից, մարդու բնական իրավունքների պաշտպանության, սոցիալական, տնտեսական, քաղաքական կամ այլ հարցերից, որոնք շոշափում ա էս խնդիրը»։
13:13 - 07 սեպտեմբերի, 2020
Ունեցել ենք խորհրդատվություն Ամուլսարի թեմայով, որոշումների կայացման փուլում ենք. Էդուարդ Աղաջանյան |tert.am|

Ունեցել ենք խորհրդատվություն Ամուլսարի թեմայով, որոշումների կայացման փուլում ենք. Էդուարդ Աղաջանյան |tert.am|

tert.am: Ամուլսարի հետ կապված մի քանի գործընթաց կա տարբեր մարմիններում, մասնավորապես՝ քննչական մարմիններում,  գործեր են քննվել դեռևս 2019 թվականից մինչ օրս և դրանով է պայմանավորված Կառավարության կողմից որոշումների կայացման զգուշավորությունը, քանի որ ցանկացած որոշում կարող է իրավական հետևանքներ ունենալ ոչ միայն քաղաքական թիմի համար, այլև ՀՀ միջազգային համատեքստում։Լրագրողների հետ զրույցում նշեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Ամուլսարի համար պայքարողները դժգոհում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի համար ընթացող վերջին զարգացումներին չի արձագանքում:«Որոշումների կայացման փուլում ենք, ունեցել ենք խորհրդատվություն տվյալ թեմայի վերաբերյալ: Այս հացը Կառավարության ուշադրության կենտրոնում է և հավաստիացնում եմ, որ Կառավարությունը կոնկրետ գործողություններ է իրականացնում, այդ թվում՝ նաև իրավական դաշտը կարգավորելու համար։ Գիտեք, որ Տեսչական մարմինների համակարգման գրասենյակն օրենքների փաթեթ է ներկայացրել Ազգային Ժողով, որով  բավական մեծ կարգավորումներ են առաջարկվում կոնկրետ ընդերքի ոլորտին վերաբերող, որը տեսչական մարմիններին կտա հստակ հիմքեր կոնկրետ գործողություններ իրականացնելու, կոնկրետ իրավիճակներից ելնելով, որի հնարավորությունը ներկայիս գործող օրենսդրությամբ տեսչական մարմինները չունեն»,– ասաց նա: Էդուարդ Աղաջանյանը վստահեցրեց, որ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ նորանշանակ նախարարի գլխավորությամբ, կոնկրետ գործողություններ է իրականացնում և մոտ ժամանակներս ինչ-որ պատկերացումներ կլինեն և դրանք կներկայացվեն հանրությանը: Հարցին հնարավո՞ր է,  որ Կառավարությունը մտահոգված է, որ կտրուկ հայտարարությունը կբերի դիմադրության, Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց, թե Կառավարությանը միայն մտահոգում են ՀՀ շահերը:
18:17 - 03 սեպտեմբերի, 2020