Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

Հակակոռուպցիոն ռազմավարությամբ իրականացվող բարեփոխումները ներկայացվել են ՏՀԶԿ պատվիրակությանը

Հակակոռուպցիոն ռազմավարությամբ իրականացվող բարեփոխումները ներկայացվել են ՏՀԶԿ պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Եվրասիայի բաժնի ղեկավար Ուիլյամ Թոմփսոնի և Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Դանիել Քվադբեկի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:   Նախարարի տեղակալը կարևորել է ՏՀԶԿ-ի դերը ՀՀ-ում հակակոռուպցիոն բարեփոխումների և միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների օրակարգում՝ ընդգծելով ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի շրջանակներում ՏՀԶԿ և Արդարադատության նախարարության սերտ համագործակցության կարևորությունը:   Կարեն Կարապետյանը ներկայացրել է հակակոռուպցիոն ռազմավարությամբ իրականացվող մեծածավալ հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև ՏՀԶԿ շրջանակներում Արդարադատության նախարարության համակարգման ներքո գտնվող ուղղությունները:   ՏՀԶԿ ներկայացուցիչները ներկայացրել են մարդակենտրոն արդարադատության մատչելիության և արդարադատության համակարգերի ընդլայնման վերաբերյալ ՏՀԶԿ հայեցակարգը, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների արդյունքում բռնագանձված գույքի կառավարման կառուցակարգերը:   Կողմերը հաստատել են, որ օրենքի գերակայությունը և արդարադատության մատչելիությունը կարևոր դեր են խաղում վստահության վերականգնման, ժողովրդավարական արժեքների նկատմամբ հարգանքի ապահովման և համապարփակ վերականգնմանն աջակցելու գործում:   Պայմանավորվածություն է ձեռք բերվել դիտարկելու նշյալ երկու ուղղություններով աշխատանքների ընդլայնման հետագա նպատակահարմարությունը:
18:09 - 31 հոկտեմբերի, 2024
ՄԻՊ-ն անդրադարձավ քրեակատարողական հիմնարկների շենքային վատ պայմաններին |armenpress.am|

ՄԻՊ-ն անդրադարձավ քրեակատարողական հիմնարկների շենքային վատ պայմաններին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը գտնվում է քրեակատարողական հիմնարկների՝ շենքային վատ պայմաններ ունեցող պետությունների թվում:  Այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:  «Քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների առումով մենք գտնվում ենք շատ վատ պայմաններ ունեցող պետությունների թվում։ Մենք պետք է կատարելագործենք քրեակատարողական հաստատությունների շենքային պայմանները»,-ասաց ՄԻՊ-ը՝ հավելելով, որ նույնը կարելի է ասել նաև հոգեբուժական և մի շարք այլ կազմակերպությունների հետ կապված:  Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում վատ վերաբերմունքի և խոշտանգումների հետ կապված խնդիրներին՝ ՄԻՊ-ն ասաց. «Իհարկե, նման դեպքեր հանդիպում են Հայաստանում: Բայց, ի տարբերություն շատ պետությունների, մենք ծայրահեղ բարձր թվեր ունեցող պետությունների թվին չենք դասվում այս առումով: Թեպետ, նույնիսկ եղածների դեմ մենք պետք է կարողանանք պատշաճ պայքար մղել»:  Մանասյանը հիշեցրեց, որ ՄԻՊ-ի 2023 թվականի զեկույցում առաջին անգամ նաև նկարներ են տեղադրել այդ հաստատություններից՝ թե՛ շենքային պայմանների ոչ բավարար լինելու, թե՛ մատչելիության հետ կապված խնդիրներ ունենալու առումով: «Կարծում եմ՝ սա պետության կողմից առաջնահերթ հասցեավորման կարիք ունեցող հարցերից է: Այս առումով ուզում եմ հատուկ շեշտադրել նաև ջրի, կենսական նշանակության այլ ծառայությունների ու մի շարք հարցերի հետ կապված խնդիրները: Մենք, օրինակ, բազմաթիվ բողոքներ ենք ստացել ջրի որակի հետ կապված: Ուսումնասիրություն ենք իրականացրել, կարծում եմ՝ այստեղ կա խնդիր, որը պետք է հասցեավորել»,-ասաց ՄԻՊ-ը՝ հավելելով, որ ոլորտն ունի շատ լուրջ հասցեավորման և կատարելագործման անհրաժեշտություն:   Այնուամենայնիվ, Մանասյանը նշեց նաև, որ ժամանակի ընթացքում տարբեր խնդիրներ լուծումներ ստացել են: Օրինակ՝ նա մատնանշեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում վերջին բարեփոխումները:  
16:52 - 29 հոկտեմբերի, 2024
Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստը

Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստը

«Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ Դավիթ Ղարիբյանը Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստին՝ ներկայացնելով վեճերի լուծմանն առնչվող դրույթների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը։ ՀՀ արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ Եվրոպական միության կողմից նիստը նախագահել է Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը, իսկ հայկական կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը: Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Առևտուր և առևտրին առնչվող համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումները և համապատասխան ճանապարհային քարտեզները։ Այնուհետև նիստի ընթացքում «Վեճերի լուծում» օրակարգային կետի ներքո ստորագրվել է կոմիտեի որոշումը, և ընդունվել են համապատասխան հավելվածները` Վարքագծի կանոններ (Code of conduct), Հաշտարարության մեխանիզմ (Mediation mechanism), Ընթացակարգային կանոններ (Rules of Procedure) փաստաթղթերը։
12:10 - 28 հոկտեմբերի, 2024
Իշխող ուժը փորձում է գտնել լավագույն լուծումները. Կոնջորյանը՝ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր մնալու հարցի մասին
 |1lurer.am|

Իշխող ուժը փորձում է գտնել լավագույն լուծումները. Կոնջորյանը՝ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր մնալու հարցի մասին |1lurer.am|

1lurer.am: Նորմալ քննարկումներ են, կարծում եմ, որ դա շատ բնական է, և իշխող ուժը մշտապես տարբեր քննարկումների միջոցով փորձում է գտնել լավագույն լուծումները։ Ես դա շատ բնական գործընթաց եմ համարում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արդարադատության նախարարի պաշտոնի ընտրության հարցում ՔՊ վարչությունում կոնսենսուս չկա: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե շուրջ մեկ ամիս է, ինչ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր է, ինչքա՞ն կարող են քննարկումները շարունակվել, Կոնջորյանը պատասխանեց՝ ՔՊ վարչությունը իր լիազորությունների շրջանակներում քննարկումներ է ծավալում։ «Ես վարչության անդամ չեմ, վարչության նիստերին մասնակցում եմ որպես կառավարող խմբակցության ղեկավար։ Բայց կարող եմ ասել, որ ինքս, մասնակցելով այդ նիստերին, շատ բարձր եմ գնահատում այս գործընթացը, որովհետև շատ առողջ քննարկումներ են, թեկնածուները գալիս են, ներկայացնում են իրենց ծրագրերը, վարչության անդամները հարցեր են տալիս»,- ասաց Կոնջորյանը։ Հարցին՝ ի՞նչը չի բավարարում վերջիններիս, Կոնջորյանը նշեց՝ ինքը լիազորված չէ հանդես գալ վարչության անունից: «Կարող եմ իմ գոհունակությունը հայտնել պրոցեսի վերաբերյալ, ինչը և արեցի»,- նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը: «Մենք պետք է առաջնորդվենք լավագույն թեկնածուն գտնելու առաջնահերթությամբ, որովհետև մեր ոլորտի և պետական շահը թելադրում է, որպեսզի կարողանանք լավագույն լուծումը գտնել: Թե կոնկրետ ինչ թեկնածու կլինի, և ինչ լուծումներ կլինեն, դրա վերաբերյալ, վստահ եմ, վարչության առաջիկա նիստից հետո անպայման կտեղեկանաք»,- ասաց Կոնջորյանը։ Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ արդյոք դա չի՞ վկայում այն մասին, որ ՔՊ-ն ունի կադրային լուրջ խնդիրներ, Կոնջորյանը չհամաձայնեց: «Ո՛չ, ես հակառակ տրամաբանությամբ կգամ, որովհետև բարձր չափանիշներ են դրվում՝ հաշվի առնելով ոլորտի կարևորությունը և առաջնորդվելով այդ բարձր չափանիշներով՝ դժվար է երբեմն գալ եզրահանգման, ինչը շատ նորմալ գործընթաց եմ գնահատում: Լիահույս եմ, որ առաջիկայում ունենալու ենք նշանակում»,- ընդգծեց Կոնջորյանը:
15:56 - 23 հոկտեմբերի, 2024
Պետք է վերանայենք, ներկայացնենք թեկնածուներ, որոնք այս պահին ՔՊ անդամ չեն. Ալեն Սիմոնյանն՝ արդարադատության ՔՊ-ական նախարար նշանակելու մասին
 |tert.am|

Պետք է վերանայենք, ներկայացնենք թեկնածուներ, որոնք այս պահին ՔՊ անդամ չեն. Ալեն Սիմոնյանն՝ արդարադատության ՔՊ-ական նախարար նշանակելու մասին |tert.am|

tert.am: Այն թեկնածուները, որոնք ներկայացվում են արդարադատության նախարարի պաշտոնի համար, նրանց 80 տոկոսն ասում են, որ գոհ են այն պաշտոնից, որ հիմա զբաղեցնում են և ուզում են մնալ իրենց տեղերում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ չի հաջողվում նախարար ընտրել: «Մարդուն տանում, մի տեղ նշանակում ես, ինքը 1 ամիս կամ մեկ տարի աշխատում է, հետո դու իրեն պոկում ես, բերում այլ տեղ: Մենք սխալ բան ենք արել, քննարկում ենք բոլոր թեկնածուներին՝ անկախ նրանից այդ մարդն իր համաձայնությունը տվե՞լ է, թե չի տվել: Մենք, այնուամենայնիվ, հնարավորություն ենք ընձեռում ելույթ ունենալ, որպեսզի ավելի բաց լինի»,- ասաց նա: Սիմոնյանը հստակեցրեց՝ թեկնածուները ոչ թե չեն ցանկանում լինել նախարար, որովհետև իրենք լուրջ մասնագետներ են իրենց ոլորտներում, իրենք էլ ցանկանում են ծանրակշիռ մարդկանց առաջադրել: Նա վստահություն հայտնեց, որ մոտ ապագայում իրենք արդեն կունենան թեկնածու և որ նոր անուններ կան, բայց չի կարող ասել: Հարցին՝ գործո՞ւմ է այն սկզբունքը, որ պետք է պարտադիր լինի կուսակցության անդամ արդարադատության նախարարը, Սիմոնյանն արձագանքեց. «Մենք դա արդեն պետք է վերանայենք, ներկայացնենք թեկնածուներ, որոնք այս պահին ՔՊ անդամ չեն, նմանատիպ տարբեր փորձեր ունենք»: Հարցին էլ՝ եթե իրենց մեջ չեն գտնում թեկնածուի, կադրերի պակա՞ս կա, Սիմոնյանը պատասխանեց. «Մարդկանց ռեսուրսների խնդիր կա բոլոր բնագավառներում, մասնավորապես, եթե մենք խոսում ենք այնպիսի պատասխանատու ոլորտի մասին ինչպիսին է արդարադատությունը: Այստեղ մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, նաև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեսանկյունից ենք նայում. պետք է մասնագետ լինի, որ այդ պայմանագրի հետ առնչություն ունենա»:
12:55 - 23 հոկտեմբերի, 2024
ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրությունն ու ոչ թափանցիկ գործընթացը
 |civilnet.am|

ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրությունն ու ոչ թափանցիկ գործընթացը |civilnet.am|

civilnet.am: Արդեն 17 օր է՝ Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) չունի դատավոր։ Դատարանում Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է սեպտեմբերի 30-ին։ ՄԻԵԴ դատավորի ընտրությունն իրականացվում է ներազգային և միջազգային մակարդակում։ Պետության ներսում ստեղծվում է հանձնաժողով, որը ստանում է հայտեր, իրականացնում հարցազրույցներ, այնուհետև առանձնացնում պետության թեկնածուներին։ Հայաստանը երեք թեկնածու է ներկայացրել, որոնց մասին պետք է նախ Եվրոպայի խորհրդի դատավորների ընտրության խորհրդատվական հանձնաժողովը կարծիք հայտնի, այնուհետև ԵԽԽՎ-ն իրականացնի դատավորի ընտրությունը: Թեկնածուների ընտրության ընթացակարգը եղել է խնդրահարույց, սակայն ՀԿ-ները, ի տարբերություն 2015-ի համանման ընտրության, մտահոգություն չեն հայտնում։ Հարցումներ ԵԽԽՎ-ից գործընթացի վերաբերյալ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից փորձեցինք պարզել, թե արդյոք ԵԽԽՎ-ի կամ գործընթացին մասնակից միջազգային այլ կառույցների կողմից հավելյալ հարցեր կամ առարկություններ եղել են։ Ի վերջո արդեն լրացել է ժամկետը, և ՀՀ-ն ՄԻԵԴ-ում դատավոր չունի։ Մենք պատասխան ստացանք, որ հարցումներ ուղղվել են․ «Այդ հարցումները, սակայն, կատարվում են գաղտնապահության սկզբունքով, և դրանց բացահայտումը կխախտի ՀՀ կառավարության՝ նշված սկզբունքի պահպանման պարտավորությունը»։ Նախապատմություն 2023-ի օգոստոսին հաստատվեց թեկնածուների ընտրության հանձնաժողովի կազմն ու աշխատակարգը, որի կազմում մեծամասամբ դատական, օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցչներ են և մեկ ներկայացուցիչ՝ ՀԿ սեկտորից՝ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» նախագահ Արթուր Սաքունցը։ Հանձնաժողովի անդամ էր նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ 2024-ին Հայաստանում սկսվեց ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրությունը։ Սկզբում փաստաթղթերի ընդունման ու ստուգման փուլն էր, ապա հարցազրույցների։ Այս փուլ անցած անդամները յոթն էին։ Ցանկը հաստատվեց հանձնաժողովի՝ մարտի 16-ի նիստին։ Հարցազրույցի մասնակիցներն էին Հայկ Ալումյանը, Լիզա Գրիգորյանը, Վահե Գրիգորյանը, Նորա Կարապետյանը, Արմեն Մազմանյանը, Աննա Մարգարյանը և Վիգեն Քոչարյանը։ Հանձնաժողովի երկու անդամ չի մասնակցել հարցազրույցների որոշ փուլերի, բայց գնահատել է Հանձնաժողովը հարցազրույցներն արել է 2024-ի ապրիլի 4-ին և 5-ին։ Հարցազրույցների փուլին, ըստ արձանագրության, չի մասնակցել արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ արդարադատության արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանը չի մասնակցել հավակնորդներից Լիզա Գրիգորյանի հարցազրույցին։ Մեր տեղեկություններով, սակայն, ինչպես Մինասյանը, այնպես էլ Հովհաննիսյանը, գնահատականներ են ներկայացրել։ Գնահատման արդյունքները գաղտնի են պահվում Հանձնաժողովի աշխատակարգը կանոնակարգվել է ՀՀ վարչապետի 2023-ի օգոստոսի որոշմամբ: Գնահատման թերթիկը բաղկացած է երեք բաժիններից՝ Անձնական հատկանիշներ (30 միավոր)՝ երեք չափորոշիչով, Մասնագիտական որակներ (50 միավոր)՝ վեց չափորոշիչով, Լեզվական կարողություններ (20 միավոր)՝ հինգ չափորոշիչով: ՍիվիլՆեթը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակին խնդրել էր տրամադրել գնահատման արդյունքները՝ ըստ թեկնածուների։ Ստացանք մերժում՝ «հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտությունը»։ Բարեվարքության ստուգման մասին՝ ոչ մի խոսք Բարեվարքության գործընթացը ներդրվել ու իրականացվում է դատական իշխանությունում, սակայն, դատելով ՄԻԵԴ թեկնածուների գնահատման չափորոշիչներից, նրանց բարեվարքությունը չի ստուգվել։ Հայաստանի դատավորների բարեվարքության ստուգումն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Կար նաև միջազգային փորձագետ՝ Վիտալի Կասկոն, նաև ազգային փորձագետ։ Տվյալ դեպքում, հանձնաժողովը ոչ միայն նման որակավորված մասնագետ չուներ, այլև որևէ չափանիշ չկար։ Ինչ են ցույց տալիս ուսումնասիրությունները Մենք ուսումնասիրեցինք թեկնածուների հարցազրույցները։ Ի դեպ, ոչ բոլոր հարցազրույցներն են հասանելի համացանցում։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից տեղեկացրին, որ ՀՀ Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի որոշման համաձայն՝ իրենք պարտավորված էին հատկացնել տարածք՝ ապահովված հարցազրույցին առցանց հետևելու և տեսաձայնագրում իրականացնելու տեխնիկական հնարավորություններով: Հետևաբար, վարչապետի աշխատակազմը, ունենալով զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին միայն տարածք հատկացնելու և տեսաձայնագրում իրականացնելու տեխնիկանկան հնարավորություններով ապահովելու իրավասություն, հարցազրույցի տեսանյությրի առկայության կամ դրանց հասանելիության առնչությամբ որևէ դիտարկում անել չի կարող: Մենք հայտնաբերեցինք հարցազրույցներ միայն Iravaban.net-ում ու Pastinfo կայքի յութուբյան ալիքում։ Դրանց վերլուծություններից պարզ է դառնում, որ հանձնաժողովի անդամներից ոչ բոլորն են հարցեր ուղղել թեկնածուներին։ Դրանց մի մասն էլ առնչվում էր ոչ միայն ու ոչ այնքան գնահատման չափորոշիչներին, որքան հանձնաժողովի անդամների անձնական ու մասնագիտական հետաքրքրություններին։ Որպես օրինակ վերլուծել ենք չորս թեկնածուների՝ Աննա Մարգարյանի, Վիգեն Քոչարյանի, Հայկ Ալումյանի և Վահե Գիգորյանի հարցազրույցները կամ դրանցից կտորներ։ Աննա Մարգարյանին հարցեր են ուղղվել անձնական ու մասնագիտական հատկանիշների 9 կետից վեցի վերաբերյալ, Վիգեն Քոչարյանին՝ 4-ի, Հայկ Ալումյանին՝ 5-ի վերաբերյալ, իսկ Վահե Գրիգորյանին՝ 7-ի վերաբերյալ։ Ընդ որում, պետք է նկատի առնել, որ հանձնաժողովի անդամներն ուղիղ չէին մեջբերում գնահատման սանդղակի հատկանիշների տեքստը, այլ սեփական ձևակերպումներն էին տալիս։ Պարզ չէ նաև, թե ինչ սկզբունքով են հանձնաժողովի անդամները գնահատել մասնակիցներին, եթե հարցազրույցի փուլում նրանցից ոչ բոլորին են ըստ գնահատման սանդղակի հարցեր տվել։ Ապրլի 16-ի նիստին հանձնաժողովը միաձայն ընտրել է երեք թեկնածուների։ Այնուհետև ապրիլի 26-ին ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը հաստատվել է վարչապետի համապատասխան որոշմամբ։ Նրանք բոլորն այդ պահին դատական իշխանության ներկայացուցիչներ էին։ Նրանցից միայն Վիգեն Քոչարյանն է, որի պաշտոնավարման ժամկետը ԲԴԽ-ում լրացել էր։ Մյուս երկու թեկնածուները ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նորա Կարապետյանը։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
18:04 - 17 հոկտեմբերի, 2024
Նոր օրենսդրական նախագծի փաթեթով փորձեր է կատարվում սահմանափակել դատական իշխանության անկախությունը․ Ալեքսանդր Ազարյան

Նոր օրենսդրական նախագծի փաթեթով փորձեր է կատարվում սահմանափակել դատական իշխանության անկախությունը․ Ալեքսանդր Ազարյան

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ, Արդարադատության նախարարության ներգրավմամբ, դեռևս 2022 թվականի նոյեմբերից հերթական ոտնձգությունն է իրականացվում դատական իշխանության անկախության սահմանափակման ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը։ «ԲԴԽ կողմից կազմվել էր նախագիծ և հանրային ու մասնագիտական քննարկման քող ապահովվելու նպատակով կազմակերպվել են քննարկումներ, որոնց նպատակը դատական իշխանության կառավարման կարևոր մարմիններից մեկի` Դատավորների ընդհանուր ժողովի` Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի վերացումը կամ ձևափոխումն էր և ԲԴԽ նախագահի կողմից դատական իշխանության նկատմամբ նոր լծակներ ստանալու հնարավորությունը: «Հայաստանի Հանրապետության դատական ​​օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին սկզբնական նախագծով նույնիսկ առաջարկվել է դատավորների գործունեության ստուգումը վերապահել ոչ միայն դատական դեպարտամենտին, այլև, արդարադատության նախարարությանը: Այնուհետև, դատավորների և նույնիսկ իրենց կողմից հրավիրված միջազգային փորձագետի առարկությունների պայմաններում որոշակի նահանջ արձանագրեցին սկզբնական ցանկություններից և կազմեցին նախագիծ, որով ի թիվս այլոց առաջարկվում էր առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ ունեցող դատավորներին ստուգել երկու տարին մեկ, իսկ գործընթացը իրականացվելու էր մեծամասամբ ոչ դատավորներից կազմված և իրենց կողմից ձևավորված հանձնաժողովի միջոցով: Այսինքն` ըստ էության փորձ է կատարվել (մինչ օրս նման փորձերը շարունակվում են) մշտական վերահսկողություն սահմանել դատավորների գործունեության նկատմամբ, իսկ վերահսկողի դերում հանդես էին գալու մեծամասամբ քաղաքական իշխանության ուղղակի ազդեցության տակ գտնվող կամ նրանց ընտրությամբ առաջադրվող սուբյեկտները (ԲԴԽ, դատական դեպարտամենտ): Թեև դատավորները դեռևս 2022 թվականի նոյեմբերից բացասական դիրքորոշումներ են հայտնել նմանատիպ փորձերի վերաբերյալ, սակայն ԲԴԽ նախագահն ու նրան ենթակա պաշտոնատար անձինք փորձել են  իրականացնել նշված փոփոխությունները` ստեղծելով հանրային քննարկման պատրանք, նախագիծը մատուցելով իբրև դատական իշխանության նախաձեռնություն: Դեռ ավելին` Կարեն Անդրեասյանը ինչպես ԲԴԽ - ի, այնպես էլ անձնական կայքերում իր ցանկությունները ներկայացրել է որպես կայացած իրողություն, և բոլոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո նշել է, թե վերջիններիս ներկայացրել է նոր գնահատման համակարգը` ակնկալելով աջակցություն: Նմանատիպ վարքագիծ է դրսևորել նաև արդարադատության նախարությունը՝ նշելով, թե տեղի են ունեցել դատավորների գնահատման նոր համակարգի ներկայացմանը նվիրված քննարկումներ` այսինքն, այն որպես կայացած իրողություն էին համարում:  Հետագայում` նախարարությունը նախագծի փաթեթը ակամա ներկայացրել է Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը: Վենետիկի հանձնաժողովին նախագծի վերաբերյալ բացասական կարծիք է ուղարկել նաև Դատավորների միությունը: Երեկ` 2024 թվականի հոկտեմբերի 14-ին, հրապարկվել է Վենետիկի հանձնաժողովի ընդգրկուն ու բացասական դիրքորոշումը նախագծի գրեթե բոլոր առանցքային կետերի վերաբերյալ։ Այսպիսով` հերթական անգամ փաստվում է, որ ԲԴԽ-ն՝ ի դեմս խորհրդի նախագահի, նոր օրենսդրական նախագծի փաթեթով փորձել է սահմանափակել դատական ​​իշխանության անկախությունը՝ նրա կառավարման մարմիններից մեկը՝ Դատավորների գնահատման հանձնաժողովը, ներառելով իր վերահսկողության տակ։ Այնինչ` պետք է նշել, որ թեև նշված ոլորտում առկա է բարեփոխումների անհրաժեշտություն, սակայն փոփոխությունները առաջնահերթ պետք է բխեն դատական իշխանության անկախությանից որպես ելակետ, իսկ մնացածը՝ ստորադաս են դատավորների անկախությանը:  Այս հարցին, ինչպես նաև վերջին օրերին դատավորների ու դատական իշխանության անկախության դեմ Կարեն Անդրեասյանի` «կարգապահական վարույթներով» հերթական ոտնձգությունների մասին անդրադարձ կկատարվի առաջիկայում»,- նշված է նախագահ Ալեքսանդր Ազարյանի հայտարարության մեջ։ 
11:23 - 15 հոկտեմբերի, 2024
«Պատրաստ եմ տեղափոխվել գործադիր»․ Արմեն Խաչատրյանը հաստատում է՝ իրեն առաջադրել են Արդարադատության նախարարի թեկնածու
 |armlur.am|

«Պատրաստ եմ տեղափոխվել գործադիր»․ Արմեն Խաչատրյանը հաստատում է՝ իրեն առաջադրել են Արդարադատության նախարարի թեկնածու |armlur.am|

armlur.am: ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատում է՝ իր թեկնածությունն առաջադրվել է Արդարադատության նախարարի պաշտոնում։ «Այո, իմ թեկնածությունն առաջադրվել է, ես երկրում չեմ եղել, վերադարձա ու իմացա, որ թեկնածությունս առաջադրել են»,- ասաց նա: Հարցին՝ ինքն ընդունել է առաջարկը, պատրաստ է տեղափոխվել գործադիր․ Խաչատրյանը պատասխանեց․ «Այո, եթե վարչությունն ընտրի, պատրաստ եմ տեղափոխվել գործադիր»: Նշենք, որ Արդարադատության նախարարի թեկնածուների համար շրջանառվում են նաեւ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի եւ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի անունները, վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում նշեց՝ չի մեկնաբանում տեղեկությունը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել Արդարադատության նախարարի պաշտոնից։ 
16:24 - 14 հոկտեմբերի, 2024
ԵՄ աջակցությամբ անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում կբարձրանա նոր մակարդակի. ԱՆ

ԵՄ աջակցությամբ անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում կբարձրանա նոր մակարդակի. ԱՆ

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության հիմնահարցերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը, ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Ֆրենկ Հեսսը, Միջազգային օգնության ու համագործակցության պատասխանատու Իրինա Մովսեսյանը և ԵՄ փորձագետ Փիլիպոս Միթլթոնը, որն այս օրերին Երևանում է՝ Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ վերլուծություն իրականացնելու նպատակով։ Եվրոպական Միության աջակցությամբ իրականացվող այս ծրագրի շրջանակում ԵՄ փորձագետը գործուղվել է Հայաստան՝ ուսումնասիրելու մեր երկրում անձնական տվյալների պաշտպանության առկա վիճակը, ազգային իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, որի արդյունքում զեկույց կպատրաստի՝ ներկայացնելով համապատասխան առաջարկություններ ու դիտողություններ՝ ոլորտի զարգացմանն աջակցելու նպատակով։ Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել ԵՄ ջանքերը՝ Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության իրավունքի զարգացման գործում՝ հույս հայտնելով, որ ծրագրի իրականացումը կնպաստի համապատասխան իրավական դաշտի բարելավմանը ու անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության զարգացմանը։  ԵՄ փորձագետն առաջիկա օրերին կաշխատի Գործակալության մասնագետների հետ, կհանդիպի պետական մի շարք կառույցների ներկայացուցիչներին։
14:32 - 10 հոկտեմբերի, 2024
Տեղեկություն ունեմ՝ հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ինչ հատուկ միջոց է կիրառվել, բայց նախաքննական գաղտնիք է. ՄԻՊ
 |tert.am|

Տեղեկություն ունեմ՝ հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ինչ հատուկ միջոց է կիրառվել, բայց նախաքննական գաղտնիք է. ՄԻՊ |tert.am|

tert.am: Այս պահին ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ, շատ մեծ պատասխանատվությամբ և հաճույքով կատարում եմ ՄԻՊ առաքելությունը, այլ մեկնաբանություն այս հարցի հետ կապված չեմ տալիս: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախարարի պաշտոնում իր հավանական նշանակման լուրերին: Հարցին՝ ոլորտը շատ կտուժի՞, եթե Արփի Դավոյանը նշանակվի նախարար, Մանասյանն ասաց. «Կխնդրեմ այս հարցերի վերաբերյալ այլ հարցադրում չտաք, չեմ մեկնաբանելու»: Մանասյանը նաև անդրադարձավ հունիսի 12-ին Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում ոստիկանության կողմից ցուցարարների դեմ կիրառած հատուկ միջոցին, թե ի վերջո ինչ է կիրառվել: Նա նշեց, որ պետական կառույցները պարտավոր են տրամադրել տեղեկություն ՄԻՊ-ին, ուստի և տրամադրել են և որ ՄԻՊ-ը տեղյակ  է, թե ինչ միջոց է կիրառվել: «Հարցի հիմնական խնդիրն այն է, որ գործ ունենք այս պահին ընթացող գործի քննության հետ քրեական վարույթի շրջանակներում, հետևաբար այդ համատեքստում հարցը նախաքննական գաղտնիքին վերաբերող հարց է, որի վերաբերյալ տեղեկատվություն ինձ ևս փոխանցվել է: Ես հաղորդակցվել եմ գործընկերների հետ՝ թե ՆԳ նախարարության, թե քննչական համապատասխան մարմնի, համարում եմ, որ ճիշտ կլինի որ հանրությանը հասանելի դառնա այդ տեղեկությունը, երբ որ կունենամ այս հարցի վերաբերյալ արդյունքներ, բոլորին կտեղեկացնեմ: Տեղեկատվությունը ես ունեմ, բայց նախաննքական գաղտնիքի հարց է»,- ասաց նա:
12:47 - 10 հոկտեմբերի, 2024
Ես անմեղ հարց եմ տվել Գրիգոր Մինասյանին, բայց դա լուրջ զարգացումներ ունեցավ. Անդրանիկ Քոչարյան
 |news.am|

Ես անմեղ հարց եմ տվել Գրիգոր Մինասյանին, բայց դա լուրջ զարգացումներ ունեցավ. Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: Շատ նորմալ է, որ խորհրդարանական երկրում պատգամավորները կարող են համախմբվել, հնչեցնել տեսակետ եւ դրանք հիմնավորել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ արդարադատության նախարարին պաշտոնից հեռացնելու գործընթացի թիկունքում ինքն է եղել, իր քավորությամբ է դա տեղի ունեցել եւ որ ՔՊ-ում բաժանված են թեւերի: «Դա դիտվում է, որ խմբակցության մեջ բաժանված են թիմերի, չկա այդպիսի բան: Պարզապես, ԱԺ կանոնակարգ օրենքում գրված է, որ ԱԺ 30 տոկոսը կարող է վարչապետին ներկայացնի փաթեթ, որով առաջարկում է քննարկել որեւէ նախարարի աշխատանքի հաջողությունհները կամ անհաջողությունները: Բայց մենք մեր խմբակցությունում ունենք այդպիսի պայմանավորվածություն, որ խմբակցության 30 տոկոսը եթե ունի դժգոհություն հիմնավորված, դրանք կարող է ներկայացնել վարչապետին եւ ունենա քննարկում ու արդյունք: Հիմա այդպիսի մի գործընթաց է սկսվել, որը շատ լավ է, առողջացնող է: Հիմա այստեղ փնտրում են խարդավանք: Ի՞նչ խարդավանք, ամեն ինչ եղել է թափանցիկ: Ավելին, դրանից առաջ եղել է քննարկում նախաձեռնող խմբում, որտեղ զեկույցներով հանդես են եկել խմբակցության շատ անդամներ եւ իրենց դժգոհություններն են հայտնել որոշ նախարարություններում տիրող իրավիճակից: Փաստերի լեզվով ներկայացվել է վարչապետին եւ նա կողմ է եղել, որ դրանք ամբողջությամբ ստուգվեն: Այդ փաստերի ստուգման մի ամբողջ գործընթաց է իրականացվել եւ արդյունքում Մինասյանը հրաժարական տվեց»,- հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը: Նա մանրամասնեց նաեւ կոնկրետ պատճառը. «Բյուջեի քննարկման ժամանակ ես մի հարց եմ տվել՝ ինչպե՞ս  առաջարկեցիք վարչապետին Աբակում Գրիգորյանի  թեկնածությունը, երբ նա «Մարտի 1»-ի քննչական խմբում է եղել եւ այդտեղ կարող են հարցեր լինել: Դա լուրջ զարգացումներ ստացավ, հոդվածներ սկսեցին ծնվել: Ես շատ անմեղ հարց եմ տվել, բայց պարզվում է դրա մեջ շատ մեծ վտանգներ է տեսել պարոն Մինասյանը, իրեն շրջապատող մարդիկ: Դա բերեց նրան, որ եղավ քննարկում ընդհանրապես արդարադատության նախարարությունում, ՔԿՀ-ներում, նաեւ այլ ոլորտներում տիրող իրավիճակի մասին: Դա առողջացնող գործընթաց է եւ պետք է շարունակվի»: Դիտարկմանը, որ ըստ մամուլի հրապարակումների՝ ինքը զանգել է Գրիգոր Մինասյանին եւ կոշտ ձեւով պահանջել, որ աշխատանքից ազատի Ամբակում Գրիգորյանին եւ մերժում ստանալով ասել է. «հալդ կտեսնես», Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը Գրիգոր Մինասյանին չի զանգել. «Մեր վերջին շփումը եղել է պետաիրավական հանձնաժողովում իմ հարցադրման շնորհիվ, այլ շփում չեմ ունեցել: Ես այդ հարցուպատասխանից հետո պարոն Մինասյանի հետ որեւէ շփում չեմ ունեցել, որեւէ զանգ չեմ արել»:
16:16 - 03 հոկտեմբերի, 2024
ՔՊ-ն արդարադատության նախարարի թեկնածուի հարցով դեռ որոշում չունի |armenpress.am|

ՔՊ-ն արդարադատության նախարարի թեկնածուի հարցով դեռ որոշում չունի |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում շարունակվում են արդարադատության նախարարի թեկնածուի ընտրության վերաբերյալ քննարկումները, որոշում դեռ չկա:  Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում հայտնեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները: Անդրադառնալով դիտարկմանը, թե շրջանառվում է այն տեղեկությունը, որ նախարարի պաշտոնում քննարկվում է խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի թեկնածության հարցը՝ Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Կուսակցության ներսում քննարկումներ են տեղի ունենում: Քննարկումների ընթացքում պարզ է, որ պետք է հնչեն անուններ: Այդ անունները հնչում են: Բայց այդ քննարկումների արդյունքում որոշում կայացնելուց հետո մենք հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ»: Գրիգոր Մինասյանն օրեր առաջ հրաժարական է տվել Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնից։ Ավելի վաղ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ ստորագրահավաք էին սկսել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով:    
12:02 - 03 հոկտեմբերի, 2024
Ցավում եմ, որ Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել. ես շատ դրական եմ վերաբերվում իրեն. Ալեն Սիմոնյան
 |news.am|

Ցավում եմ, որ Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել. ես շատ դրական եմ վերաբերվում իրեն. Ալեն Սիմոնյան |news.am|

news.am: Ցավում եմ, որ Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել. ես շատ դրական եմ վերաբերվում իրեն, բայց այնուամենայնիվ, խմբակցությունը քաղաքական կարևորագույն մարմին է, խմբակցության կարծիքը նույնպես կարևոր է։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Ես անձնապես իր հետ շատ դրական հարաբերություններ ունեմ: Կարծում եմ՝ այն աշխատանքը, որը արվել է, կարծում եմ՝ դրական է եղել, բայց կային բաներ, որոնք ինձ համար էլ անհասկանալի էր։ Օրինակ՝ վերջին նշանակումը, ես չէի կարողանալու եւ չեմ կարողանալու քաղաքացիներին նմանատիպ քայլը բացատրել»։ Հարցին, թե փոխնախարար Սիլվարդ Գրիգորյանի հրաժարականից հետո Մինասյանը «չներվե՞ց», Սիմոնյանը նկատեց․ «Ներել-չներելու մասին չէ խոսքը։ Դա իր որոշումն է, ես հարգանքով եմ վերաբերվում իր այդ որոշմանը։ Պետք է ասել, որ պառլամենտարիզմը կարևորագույն ինստիտուտ է, ու բոլորը պետք է հաշվի նստեն դրա հետ»։ Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտնել է, որ պաշտոնից ազատման դիմում է գրել: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել:
16:28 - 01 հոկտեմբերի, 2024