Մանե Թանդիլյան

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր՝ ընտրված «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։

Ծնվել է 1978թ. ապրիլի 3-ին։ 1999 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմական ֆակուլտետը։ 2002 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան։ 2003 - 2004 թվականներին աշխատել է «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում, որպես ֆինանսական վերլուծաբան։ 2004 թվականին եղել է հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում։

2004 - 2006 թվականներին աշխատել է «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահ, 2006 - 2008 թվականներին նույն պաշտոնը ստանձնել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում։ 2009 - 2017թթ. աշխատել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում որպես ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ։ 2015 թվականի դեկտեմբերի 15-ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է։ Նույն թվականի դեկտեմբերի 21-ին ընտրվել է կուսակցության խորհրդի քարտուղար։ 2017 թվականին «Ելք» դաշինքի ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է այդ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրված միակ կին պատգամավորը։ Եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը: 2018 թվականի փետրվարի 19-ին ԼՀԿ կառավարման խորհրդի նիստում ընտրվել է ԼՀԿ փոխնախագահ։

2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: 2018 թվականի հունիսի 12-ին, դեմ լինելով կառավարության կողմից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը, հրաժարական է ներկայացրել նախարարի պաշտոնից։ Հունիսի 21-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը և վերջինս շարունակել է պաշտոնավարել։ 2018 թվականի նոյեմբերի 14-ին հրաժարական է տվել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար: ԼՀԿ համապետական ցուցակում զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում: 

2020թ. դեկտեմբերի 2-ին նշանակվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար:

Տեղահանվածները Արցախի գյուղական համայնքներում բնակվելու 1500 դիմում են ներկայացրել |armenpress.am|

Տեղահանվածները Արցախի գյուղական համայնքներում բնակվելու 1500 դիմում են ներկայացրել |armenpress.am|

armenpress.am: Արցախի գյուղական համայնքներում բնակվելու համար տեղահանվածներից արդեն 1500 դիմում է ստացվել։ Այս մասին Դիլիջանում անցկացված «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության  «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով  համաժողովի ընթացքում տեղեկացրեց Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիրլյանը՝ նշելով որ Արցախում ներկայում առաջնահերթը բնակարանային  ապահովման խնդիրն է, և գոյություն ունեցող բնակֆոնդը գրեթե  ամբողջությամբ հագեցած է։  «Քաղաքային բնակավայրերում հյուրընկալության ծրագիրն  իրականում հնարավորություն տվեց զբաղեցնել և տեղահանվածներին տրամադրել այն բնակարանները, որոնք զբաղված չէին։ Այժմ շեշտադրումը գյուղական համայնքների վրա ենք իրականացնում, որպեսզի այստեղ վերականգնենք լքված տները և ովքեր բնակվում էին գյուղերում, վերադառնան ու բնակվեն այնտեղ։ Այս երկու ծրագրերը հնարավորություն տվեցին առկա բնակֆոնդը հնարավորին իրացնել։ Ակնհայտ է, որ այն քիչ է, բավարար չէ և այս պահին լայն թափով արդեն ընթանում են շինարարական աշխատանքներ և տարբեր նախագծեր կան»,-նշեց նախարար Թանդիլյանը՝ հավելելով, որ  գյուղական համայնքներում նոր տներ ու բնակավայրեր կառուցելու ուղենիշ են ծառայում տեղահանված քաղաքացիներից հավաքագրված դիմումները՝ իրենց նախընտրած բնակավայրի վերաբերյալ։ Անդրադառնալով  Արցախի և Հայաստանի կառավարությունների կողմից համատեղ իրագործված ֆինանսական ուղիղ աջակցության ծրագրերին Մանե Թանդիլյանը համոզմունք հայտնեց, որ Արցախում տնտեսության վերականգնման հնարավորություն կտա նաև  ներկայում գործող՝ 68 հազար դրամի չափով 4-ամսյա աջակցության ծրագիրը։  «Այս պահին էլ գործում է 68 հազար դրամի ծրագիրը, որով 4 ամիս  շարունակ արցախցիները՝ բացառությամբ 18-63 տարեկան տղամարդիկ, անհատապես ստանալու են այդ աջակցությունը։ Սա հնարավորություն է տալու օգտվելու այդ 4-ամսյա ժամանակահատվածից, որպեսզի հետպատերազմյան Արցախում տնտեսությունը նույնպես վերականգնվի, որովհետև պետք է արձանագրել, որ ճգնաժամային ու վառվող  խնդիրների լուծումն, ըստ էության, տրված է՝ 300 հազար դրամի, 250 հազար և 68 հազար դրամ՝ գումարած 15 հազար դրամի չափով ֆինանսական ուղիղ աջակցությունների ծրագրերի  միջոցով։ Մարդիկ կարողացան որոշակի գումարի տիրապետել և իրենց հրատապ հիմնական խնդիրները լուծեցին»,- մանրամասնեց Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարը։
20:21 - 02 մայիսի, 2021
ՀՀ-ն Արցախի սոցիալական անվտանգության երաշխավորն է. Հայաստանի և Արցախի Սոցապ նախարարությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ-ն Արցախի սոցիալական անվտանգության երաշխավորն է. Հայաստանի և Արցախի Սոցապ նախարարությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետության սոցիալական անվտանգության երաշխավորն է. ապրիլի 17-ին Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Այս մասին հայտնում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Կարևորելով հետպատերազմյան վիճակում սոցիալական ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցության ամրապնդումը, արցախցիների սոցիալական երաշխիքների համակարգված ապահովումը՝ ստորագրված հուշագրով սահմանվում են այդ նպատակներին հասնելու արդյունավետ քայլերը, երկու գերատեսչությունների համատեղ գործողությունները։
21:40 - 17 ապրիլի, 2021
Հայաստանի ու Արցախի ապագան ավարտվում է նախկինի ու ներկայի բանավեճում․ շարունակեք վայելել ձեր «գրաված» հրապարակները․ Մանե Թանդիլյան

Հայաստանի ու Արցախի ապագան ավարտվում է նախկինի ու ներկայի բանավեճում․ շարունակեք վայելել ձեր «գրաված» հրապարակները․ Մանե Թանդիլյան

Հայկական երկու պետություններում պատերազմից ընդամենը երեք ամիս անց քաղաքական ուժերի օրակարգը որևէ աղերս չունի մեր առջև ծայացած մարտահրավերների հետ։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։  «Պատերազմի ողբերգական ավարտը մեզ գնալով հեռացնում է դասեր քաղելու հնարավորությունից։ Հայաստանի ու Արցախի ապագան ավարտվում է նախկինի ու ներկայի բանավեճում՝ թե ով է ավելի մեղավոր, թե ով է ավելի վատը։ Շարունակենք մսխել հերթական ժամանակը՝ ապացուցելով, որ մենք արժանի չենք հզոր պետություն ունենալուն, արժանի չենք բարեկեցիկ և անվտանգ կյանքով ապրելու։ Խլացրեք քաղաքացու ապագայի հույսերը՝ ձեր ներկայի ու նախկինի մասին բարձրակոչ ելույթներով։ Իրականությունը ձեր հրապարակները չեն։ Իրականությունը ապրող Արցախն է, իր երեխայի ապագայի համար աշխատող գյուղացին է, իր աշխատասենյակում այս պահին աշխատող երիտասարդն է, ով ուզում է ավելի լավ Հայաստան, ավելի լավ Արցախ։ Շարունակեք վայելել ձեր «գրաված» հրապարակները՝ չմոռանալով Հյուսիսային պողոտայում տեղակայել խաղաղապահ ուժեր։ Անհոգ եղեք, հայ զինվորը կանգնած է Հայաստանի և Արցախի սահմաններին, թշնամին Երևանի կենտրոն չի հասնի։ Վայելեք հայ զինվորի արյան գնով Երևանի փողոցներում քայլելու և ելույթներ ունենալու ձեր պատմական իրավունքը։ Դադարեք գոռալ, դադարեք ձեր ատելությամբ լցնել արյան հոտով պարուրված հայրենիքի օդը, խոսեք իրար հետ, խոսեք հանգիստ, լսեք իրար, երբեմն լռեք, երկար լռեք․․․ Տեսնե՞ս, մենք մի օր արժանի կլինենք Արցախ ունենալուն․․․ Տեսնե՞ս, մենք մի օր արժանի կլինենք Հայաստանը մեռնող տարածքից դարձնելու Ապրելու երկիր․․․»
16:59 - 25 փետրվարի, 2021
Արցախը հայերեն է և ապրելու է հայերեն․ պաշտոնական լեզվի փոփոխությունը չունի որևէ հիմնավորում և անհրաժեշտություն․ Մանե Թանդիլյան

Արցախը հայերեն է և ապրելու է հայերեն․ պաշտոնական լեզվի փոփոխությունը չունի որևէ հիմնավորում և անհրաժեշտություն․ Մանե Թանդիլյան

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է ռուսերենին Արցախում պետական լեզվի կարգավիճակ տալու նախագծին։ Գրառման մեջ ասվում է․ «Արցախը հայերեն է և ապրելու է հայերեն։ Պաշտոնական լեզվի փոփոխությունը չունի որևէ հիմնավորում և անհրաժեշտություն։ Արցախում ապրող հայերը, ինչպես նաև Հայաստանում ապրող հայերը, շփվում են օտար լեզուներով ըստ ցանկության և անհրաժեշտության, այդ թվում` պաշտոնյաները։ Պաշտոնական լեզվի հիմքը այդ պետությունում ապրող մարդկանց ազգությունն է։ Եվ Արցախում, որպես աշխարհի ամենամիատարր պետություններից մեկում, քննարկել լեզվի հարց, դա նույնն է, որ քննարկել արցախցիների հայ լինելը։ Ես ռուսների հետ խոսում եմ ռուսերեն, անգլիախոսերի հետ անգլերեն։ Կուզեի այլ լեզուներ էլ իմանալ։ Լեզուներ իմանալը քո մասին է, պաշտոնականը՝ երկրի։ Սովորեք լեզուներ, բայց դրա հետ մեկտեղ անպայման չէ ոտնատակ տալ սեփական ինքնությունն ու արժանապատվությունը։Մեր տասնամյակների ապիկարությունը պետք չէ ամրագրել օրենքով՝ թույլ չտալով սերունդներին ուղղել մեր սխալները»։
15:35 - 17 փետրվարի, 2021
Մանե Թանդիլյանն ընդունել է ՀՕՄ-ի Արցախի մեկուսի վարչության և ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամներին

Մանե Թանդիլյանն ընդունել է ՀՕՄ-ի Արցախի մեկուսի վարչության և ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամներին

Այսօր՝ փետրվարի 4-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի նախարար Մանե Թանդիլյանն ընդունել է ՀՕՄ-ի Արցախի մեկուսի վարչության և ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամներին՝ քննարկելով միության կողմից Արցախում իրականացվող ծրագրերը։ Ողջունելով հյուրերին՝ Մ. Թանդիլյանը հույս է հայտնել, որ Հայ օգնության միության հետ հետագա համագործակցությունը կդառնա առարկայական՝ վերջիններիս կողմից արցախահայությանն առաջարկվող աջակցության համար ընտրվելով թիրախային խմբեր։ Հյուրերը նախարարին են ներկայացրել Արցախում իրականացվող ծրագրերի մանրամասները, համաձայնություն հայտնել առաջիկայում փոխգործակցել գործնական ծրագրերի շուրջ։  Հանդիպման վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղահանված արցախցիներին տրվող աջակցության ծրագրերի շրջանակներում կիրառել համագործակցության արդյունավետ մեխանիզմներ։
22:39 - 04 փետրվարի, 2021
ԱՀ և ՀՀ սոցապ նախարարներն այցելել են «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամ

ԱՀ և ՀՀ սոցապ նախարարներն այցելել են «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամ

Այսօր՝ հունվարի 29-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը և Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այցելել են «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղ, որտեղ այս պահին ապրում է հայաստանցի և արցախցի շուրջ 60 երեխա։  ՍՕՍ մանկական գյուղեր «Կոտայք» մասնաճյուղի փոքրիկ բնակիչների ցանկություններն ու երազանքները բացահայտելու համար նախարարների նախաձեռնությամբ հանձնարարվել էր գրել շարադրություն՝ «Ես ապրելու եմ Հայաստանում կամ Արցախում և դառնալու եմ..․» թեմայով:«Մեզ համար՝ որպես ոլորտի պատասխանատուների, շատ կարևոր էր հասկանալ, թե ինչի մասին են երազում մեր հոգածության ներքո ապրող երեխաները։ Այն նպատակներն ու նվիրումը, որ ներկայացրել եք Ձեր շարադրություններում, մեր երկիրն ավելի հզոր և ուժեղ են դարձնելու։ Մենք էլ անելու ենք առավելագույնը ձեր երազանքների իրականացման համար՝ այդ թվում նաև ձեր շնորհիվ, քանի որ առանց երազանքի ուժի հնարավոր չէ առաջ շարժվել։ Այն ժպիտներն ու ոգևորությունը, որ տեսնում ենք հիմա, վստահություն է տալիս, որ ճիշտ ճանապարհին ենք»,- բացման խոսքում նշել է Մեսրոպ Առաքելյանը։Մանե Թանդիլյանի խոսքով՝ այս տարբերակը հնարավորություն է տվել ավելի լավ ճանաչել երեխաներին, և հասկանալ, թե ինչպիսի երկիր պետք է կերտել, որ երեխաների մասնագիտական ցանկություններն իրականություն դառնան Հայաստանում կամ Արցախում․  «Այս նախաձեռնության շրջանակում մենք հրաշալի շարադրություններ ենք ընթերցել ու բացահայտել ձեզ, ձեր հայրենասիրությունն ու նվիրվածությունը։ Պատկերացում ենք կազմել, թե ինչի մասին եք մտածում, ինչ եք երազում և այս կամ այն մասնագիտության միջոցով ինչպես եք պատրաստվում ծառայել մեր միասնական հայրենիքին»,- ընդգծել է Մանե Թանդիլյանը։Նախարարները երեխաներին գրքեր են նվիրել՝ յուրաքանչյուրի ընտրած մասնագիտության համապատասխան․ մրցանակներ են ստացել նաև լավագույն շարադրությունների հեղինակները։ Միջոցառման շարունակությունը լինելու է «Մեկ օր՝ երազանքիս հետ» նախաձեռնությունը, որի շրջանակում երեխաներն՝ ըստ մասնագիտության, կայցելեն իրենց նախընտրելի հաստատությունները։   
22:44 - 29 հունվարի, 2021
Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Մանե Թանդիլյանի, Հայաստանից և Արցախից մի շարք պաշտոնատար անձանց հետ

Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Մանե Թանդիլյանի, Հայաստանից և Արցախից մի շարք պաշտոնատար անձանց հետ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը Ֆեյսբուքում գրել է. Արցախ կատարած այցի շրջանակում աշխատանքային քննարկում եմ ունեցել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի, Հայաստանից և Արցախից մի շարք պաշտոնատար անձանց հետ։   Կարևորելով Հայաստանի և Արցախի գերատեսչությունների միջև սերտ համագործակցության շարունակականությունը՝ քննարկել ենք Հայաստանի և Սփյուռքի ներգրավմամբ արցախցիների սոցիալական խնդիրների լուծման տարբերակները։   Բնակարանային ապահովումը, ներդրումների միջոցով Արցախում աշխատատեղերի ստեղծումը դիտարկել ենք որպես առաջնահերթություն։   Որոշել ենք առաջնորդվել միասնական օպերատիվ աշխատանքային օրակարգով, որը հնարավորություն կտա Արցախում առկա խնդիրներին տալ առավել օպերատիվ լուծումներ, ստեղծել արցախցիների հետագա կենսագործունեության համար անհրաժեշտ նախադրյալներն ու այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացնել առավել թիրախային։    
12:54 - 24 հունվարի, 2021
Հայաստանի և Արցախի պաշտոնյաները կունենան արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու միասնական օրակարգ

Հայաստանի և Արցախի պաշտոնյաները կունենան արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու միասնական օրակարգ

Արցախի Հանրապետության  աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հունվարի 23-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի և այլ պաշտոնատար անձանց հետ՝ Արցախից և Հայաստանից: Ինչպես տեղեկացնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից՝ հանդիպմանը մասնակցել են ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը, ԱՀ նախագահի խորհրդական-նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ՝ Սփյուռքի հարցերով, Ազատուհի Սիմոնյանը, այլ պաշտոնատար անձինք ևս՝ Արցախից և Հայաստանից: Թանդիլյանն անդրադարձել է դեպի Արցախ նման այցերի կարևորությանն՝ իր խոսքում ընդգծելով, որ հայաստանյան տարբեր կառույցների հետ մշտական փոխգործակցությունը պետք է լինի շարունակական՝ ունենալով առարկայական արդյունքներ: Արցախի սոցիալական ապահովության նախարարն այդ համատեքստում հատկապես կարևորել է Հայաստանի և Սփյուռքի ներգրավվածությամբ արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանը զուգահեռ, նաև բնակարանային ապահովման և հետագա կենսագործունեության համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն ու այդ ուղղությամբ նպատակային աշխատանքների իրականացումը: Մասնավորապես, շեշտվել է Արցախում ներդրումների միջոցով աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությունն՝ այդտեղ ապրելու հետագա հնարավորության ընձեռումն, ինչպես նաև սոցիալական և այլ կարիքների բավարարման մեխանիզմի կիրառումն որպես առաջնահերթություն դիտարկելու հարցը: «Հանդիպման մասնակիցները օրակարգային թեմաների շուրջ քննարկումների, խնդրո առարկա հանդիսացող հարցերի պարզաբանման արդյունքում որոշում են կայացրել՝ ունենալ միասնական օպերատիվ աշխատանքային օրակարգ, որը հնարավորություն կտա Արցախում առկա խնդիրները դիտարկել ճիշտ տեսանկյունից՝ ըստ այդմ ընտրելով լուծման համարժեք եղանակներ և հնարավորինս սեղմ ժամկետներ»,-հայտնում են նախարարությունից:  
15:33 - 23 հունվարի, 2021
Գործարկվել է սոցիալական շտապօգնության արագ արձագանքման հարթակ. Թանդիլյանը մանրամասներ է հայտնել

Գործարկվել է սոցիալական շտապօգնության արագ արձագանքման հարթակ. Թանդիլյանը մանրամասներ է հայտնել

Արցախի սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում.  «Սիրելի՛ հայրենակիցներ,   Արցախյան պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում մեր հայրենակիցները ցուցաբերել և ցուցաբերում են բացառիկ կամեցողություն և նվիրվածություն աջակցելու պատերազմի արդյունքում ծանր կացության մեջ հայտնված արցախցի մեր հայրենակիցներին։   Յուրաքանչյուր աջակցության ունի մեծ սրտացավություն, և շատ կարևոր է համոզված լինել, որ այն գտնում է իր իրական հասցեատիրոջը։   Աջակցության ձեր առաջարկների բազմազանությունը և ծավալը անհրաժեշտություն է առաջացրել դրանց համակարգման, և այդ միջոցով հասցեականության բարձրացման, որի համար ստեղծված է այս հարթակը։   Շուտով կգործարկենք նաև կարիքի արձանագրման օնլայն հարթակը, որը հնարավորություն կտա աջակցել ցանկացողներին ուղիղ աջակցություն իրականացնել՝ էլ ավելի արդյունավետ ու թափանցիկ դարձնելով գործընթացը։   Օնլայն հարթակի միջոցով առաջարկում ենք արձանագրել աջակցության ձեր առաջարկը նշված կատեգորիաներով, որոնց կարիքը ամենից շատն է արձանագրվել մեր հայրենակիցների շրջանում։   Մեր աշխատակիցները, տիրապետելով աջակցության ձեր առաջարկների շտեմարանին և գնահատելով կարիքի հայտերը, կիրականացնեն գործընթացը՝ ցանկության դեպքում աջակցողի մասնակցությամբ։   Աջակցողը կտեղեկանա, թե ում և ինչպիսի կարիքի է աջակցում։ Սիրելի հայրենակիցներ, մեր պարտքն ենք համարել ապահովել հնարավորություն, որով երաշխավորված կլինի հասցեական աջակցությունը։ Բարին ընդ ձե՛զ։   ՀԳ․ Նախքան լրացնելը, խորհուրդ ենք տալիս դիտել տեսանյութը, որը ներկայացնում է, թե ինչպես լրացնել հայտը»:    
20:16 - 22 հունվարի, 2021
Արայիկ Հարությունյանը հանդիպել է նախարար Մանե Թանդիլյանին

Արայիկ Հարությունյանը հանդիպել է նախարար Մանե Թանդիլյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 21-ին ընդունել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանին և նրա տեղակալներին։  Հանդիպմանը, որին մասնակցում էին պաշտոնատար այլ անձինք, քննարկվել է ստեղծված հետպատերազմական բարդ իրավիճակում պետական սոցիալական քաղաքականության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը: Նախագահն ընդգծել է, որ պետք է արագորեն հստակեցվեն պետական ու բարեգործական սոցիալական ծրագրերի ինստիտուցիոնալ մեխանիզմներն ու չափանիշները, որպեսզի հնարավոր լինի ապահովել դրանց բարձր արդյունավետությունն ու արդարացիությունը: Այնուհետև Հանրապետության նախագահը հանդիպումը շարունակել է ընդլայնված կազմով՝ նախարարության աշխատակիցների հետ:  Արայիկ Հարությունյանը նախ ընդարձակ ելույթով ներկայացրել է Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, կառավարության անելիքները և հանրության սպասելիքներին համահունչ կատարվող քայլերը, ապա հարցուպատասխանի ձևաչափով քննարկել հետպատերազմյան շրջանի մարտահրավերներին, անվտանգային երաշխիքներին, սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող հարցեր:  ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին՝ անկեղծ և անմիջական մթնոլորտում կայացած հանդիպման և քննարկված հարցերի համար՝ շեշտադրելով, որ նախարարության աշխատակազմը պատրաստ է կյանքի կոչել իր առջև դրված նպատակները:
19:58 - 21 հունվարի, 2021
Նախատեսվում է աջակցության ծրագրերը շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ խոցելի խմբերն ունեն դրա անհրաժեշտությունը. Թանդիլյան

Նախատեսվում է աջակցության ծրագրերը շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ խոցելի խմբերն ունեն դրա անհրաժեշտությունը. Թանդիլյան

Այսօր՝ հունվարի 20-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը մասնակցել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին:   Մինչ սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերին և ծրագրերին անդրադառնալը՝ Մանե Թանդիլյանը հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ստորև.   «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, հարգելի՛ նախագահություն, հարգարժա՛ն պատգամավորներ Նախ՝ թույլ տվեք ասել, որ ես առաջին անգամ եմ խոսում այս բարձր ամբիոնից, և ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել և հանդես գալ Արցախի ժողովրդի կողմից ընտրված Ազգային Ժողովի պատգամավորների առջև։   Ես ուզում եմ հույս հայտնել, որ մեր միասնական շահագրգիռ ու հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավորինս կարճ ժամկետներում կլուծենք մեզ պարտադրված պատերազմի հետևանքով մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները՝ դարձնելով մեր երկիրը ավելի հզոր, ուժեղ՝ թշնամու համար այլևս անխոցելի:   Գիտեք, որ ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո մեկնարկել են բազմաթիվ ծրագրեր՝ թվով 11, ՀՀ և ԱՀ կառավարությունների համատեղ կատարման, որոնք միտված են եղել հումանիտար ճգնաժամի թիրախ դարձած մեր հայրենակիցների հրատապ խնդիրների լուծմանը: Այս ծրագրերը շարունակվում են ցայսօր, ինչպես նաև նախատեսվում է շարունակել նաև այս տարի այնքան ժամանակ, քանի դեռ սոցիալական խոցելի խմբերն ունեն այդ աջակցության անհրաժեշտությունը:   Ուզում եմ վստահեցնել` պատերազմի պատճառած սոցիալական հետևանքները շարունակելու են լինել մեր ուշադրության կենտրոնում՝ նաև արտացոլված լինելով այս տարվա բյուջեում այնքանով, որքանով հնարավոր էր դա գնահատել այն կարճ ժամանակահատվածում, որի ընթացքում ներկայացվել է 2021 թվականի բյուջեն:   Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ մենք չենք հրաժարվել անցած տարվա ծրագրերի հիմնական մասից, որոշակի փոփոխության ենք ենթարկել, նաև պահպանելով ճկունություն՝ անհրաժեշտության դեպքում վերաբաշխումներ իրականացնելու՝ ծրագրերը դարձնելով ավելի հասցեական և պատեհաժամ»:    
19:26 - 20 հունվարի, 2021
Մանե Թանդիլյանը և նախարարության մի խումբ աշխատակիցներ հանդիպում են ունեցել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տնօրենի հետ

Մանե Թանդիլյանը և նախարարության մի խումբ աշխատակիցներ հանդիպում են ունեցել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տնօրենի հետ

Այսօր՝ հունվարի 15-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության մի խումբ աշխատակիցներ՝ նախարար Մանե Թանդիլյանի գլխավորությամբ, հանդիպում են ունեցել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տնօրեն Վարուժան Ավետիքյանի հետ:  Հանդիպման նպատակն էր՝ պատերազմի ընթացքում զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին հատուցումներ տալու կարգին նախարարության՝ սոցիալական աջակցությամբ զբաղվող պատասխանատու աշխատակիցներին մանրամասն իրազեկումն ու դրանից բխող այլ հարցերի պարզաբանումները:  Վ. Ավետիքյանն այդ առնչությամբ հանդես է եկելտեղեկատվությամբ, ներկայացրել հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն ու մեխանիզմները, այնուհետև պատասխանել ներկաներին հուզող հարցերին:Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հիմնադրամի կողմից տրվող հատուցումների տրամադրման կարգի վերաբերյալ քաղաքացիներին իրազեկելու եղանակներն ու ավելորդ քաշքշուկից խուսափելու հնարավոր տարբերակները:Հատկապես կարևորվել է այնպիսի մեխանիզմի մշակումը, որը հնարավորություն կտա հիմնադրամի պահանջող կարգին համապատասխանեցնել այն զոհերի ընտանիքների և հաշմանդամ դարձած ազատամարտիկների տվյալները, որոնց անուններն ինչ-ինչ պատճառներով չեն ընդգրկվել այդ ցուցակներում, ասենք, օրինակ, նրանք մասնակցել են որևէ գյուղի ինքնապաշտպանական մարտերին՝ առանց համապատասխան զինկոմիսարիատում գրանցվելու և այլն:Նման ծրագրի իրականացմամբ հնարավոր կդառնա պահպանել հիմնադրամի կողմից իրականացվող գործունեության հասցեականությունն ու անկողմնակալությունը:
21:50 - 15 հունվարի, 2021