«Սասնա Ծռեր» խումբ

«Սասնա Ծռեր»-ը 2016թ. օգոստոսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմամբ իր մասին հռչակած ռազմաքաղաքական զինյալ խումբ, որի հռչակված նպատակն էր Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխության իրականացումը՝ ի նպաստ երկրում սոցիալական արդարության և հայաստանակենտրոն քաղաքականության հաստատման, Արցախի Հանրապետության անվտանգության պահպանմանը և Ադրբեջանին հողերի հանձնման բացառումը։ Զինյալ խմբի անդամների մեջ մեծ թիվ էին կազմում Արցախյան պատերազմի ազատամարտիկներ, Հիմնադիր խորհրդարան քաղաքական կազմակերպության անդամներ ու համախոհներ, առանձին անհատներ, այդ թվում՝ նաև հայկական սփյուռքից:

Խումը պահանջում էր․

1. ՀՀ նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարական,

2.Արցախի Հանրապետության որևէ տարածքի հանձնման բացառում,

3.Հեղաշրջում կազմակերպելու կասկածանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի և ՀՀ-ում բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակում,

4.Անցումային կառավարության ձևավորում,

5.Պետական պաշտոններ զբաղեցրած այն անձանց իրավական պատասխանատվության ենթարկում, ովքեր գործել են հանցաքներ։

Ի վերջո երկու անգամ նրանց աջակցող հանրահավաքները բռնությամբ ցրելուց հետո հուլիսի 31ին զինված խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանը հայտարարեց զենքերը վայր դնելու մասին և որպես ռազմագերի իշխանություններին հանձնվելու մասին։ Ժամը 20-ից սկսեց նրանց հանձնվելու գործողությունը, որի միջնորդ կողմ էր Վիտալի Բալասանյանը: Այս իրադարձությունների ընթացքում սպանվել է 3 ոստիկան, վիրավորվել զինյալ խմբի 5 անդամ, 100-ից ավելի քաղաքացիներ տուժել են հավաքի նկատմամբ ոստիկանական բռնի գործողություններից, այդ թվում 12 լրագրողներ։ Ցույցերի նկատմամբ բռնարարքներում ներգրավված են եղել հանցավոր խմբավորումներ։ Այժմ զինված խմբավորման մի շարք նախկին անդամներ և նրանց աջակիցներ հիմնադրել են «Սասնա ծռեր» կուսակցությունը, մասնակցել 2018թ․ դեկտեմբերի 9-ին կայացած ընտրություններին, ստացել մոտ 25.000 քվե։

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հայտնեց ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ իր պատկերացումները

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հայտնեց ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ իր պատկերացումները

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտնեց պետական կառավարման համակարգի վերագործարկելու և ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ իր պատկերացումների ճանապարհային քարտեզը։ Այն կարդաց Արա Պապյանը։ «1․ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է հրաժարական տալու և պետական կառավարման համակարգի վերագործարկմանն աջակցելու իր պատրաստակամության մասին, ինչի շնորհիվ էապես նվազելու է ներքաղաքական լարվածությունը։ Հակառակ պարագայում՝ ժողովուրդը և քաղաքական ուժերը պետք է ուղիներ գտնեն հնարավորինս անցնցում կերպով նրա հրաժարականին հասնելու համար։ 2․ Նիկոլ Փաշինյանը հրաժարական  է տալիս և ՀՀ նախագահի համադրմամբ քաղաքական ուժերը սկսում են կոնսուլտացիաներ՝ հակաճգնաժամային, անցումային կառավարության ձևավորման նպատակով։ Ժողովուրդը հրապարակներում իր կամքով ու ձայնով գնահատում է քաղաքական ուժերի քաշը և ըստ այդմ հայտնում իր վստահությունը կամ անվստահությունը։ Ժողովրդի վստահությունը չստացած կամ էապես նվազ չափով վստահություն ստացած պետք է համեստորեն մի կողմ քաշվեն և օժանդակողի դեր բռնեն։ Եթե նախագահը հրաժարվում է այդ առաքելությունից, ապա քաղաքական ուժերը պետք է այս գործընթացն ապահովեն փոխադարձ համաձայնությամբ։ 3․ ԱԺ-ն երկրորդ քայլի արդյունքներով ներկայացված կողմից ձևավորում է հակաճգնաժամային, ժամանակավոր կառավարություն։ Եթե ԱԺ-ն հրաժարվում է իր այս առաքելությունից, ապա հակաճգնաժամային, ժամանակավոր կառավարությունը կազմավորվում է նախագահի և ժողովրդի համատեղ ջանքերով։ Նախագահի հրաժարվելու դեպքում հակաճգնաժամային, ժամանակավոր կառավարություն կազմավորում է ժողովուրդը հրապարակում։ Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր բոլոր տեսակետները չենք համարում վերջնական»,- հայտարարեց Արա Պապյանը։
16:46 - 12 նոյեմբերի, 2020
«Սասնա Ծռեր 1» գործով դատական նիստը հետաձգվեց երեք շաբաթով
 |pastinfo.am|

«Սասնա Ծռեր 1» գործով դատական նիստը հետաձգվեց երեք շաբաթով |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, քննվող «Սասնա Ծռեր 1» գործով դատական նիստը հետաձգվեց՝ ամբաստանյալների բացակայության հիմքով։ Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ երկրում տիրող իրավիճակով պայմանավորված՝ ոստիկանության ուժերի վերաբաշխման պատճառով տարբեր քրեական գործերով կալանավորներին դատական նիստերին չեն տեղափոխում, իսկ ինչ վերաբերում է ազատության մեջ գտնվող ամբաստանյալներին, ապա նրանց բացակայության վերաբերյալ տեղեկություն չկա։ Դատական նիստին ներկայանալու համար դատարան էր եկել Պավել Մանուկյանը, որի նկատմամբ կիրառված է դատական սանկցիա։ Մեսրոպ Մակյանը նաև տեղեկացրեց, որ դատական դեպարտամենտին ուղղված գրություն է ստացվել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կողմից, որով ՓՊ նախագահը տեղեկացրել է, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանը կամավոր հիմունքներով գտնվել է Արցախում և վնասվածք ստանալու պատճառով այժմ բուժում է ստանում Էրեբունի ԲԿ-ում, ուստի՝ խնդրել է, որ Մուշեղ Շուշանյանի բացակայությունը համարվի հարգելի։ Պաշտպան Մուխսիկարոյանն էլ հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ, եթե պատերազմ է ընթանում, հացթուխն է գնում պատերազմ, Հայաստանու՞մ չպետք է հաց ուտեն, դատարանը կարող է առանձին որոշում կայացնել և կալանավորված անձանց կարգադրիչների միջոցով դատարան բերել, մարդու իրավունքները խախտվում են, քանի որ մարդն ուզում է գալ դատարան՝ իր դատական նիստին։ Դատավոր Մեսրոպ Մակյանն էլ ևս մեկ անգամ ընդգծեց, որ առանձին որոշմամբ դատարան չեն բերվում ամբաստանյալները։ Դատարան են ներկայացվել նաև խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություններ, որոնք քննարկման առարկա դառնալ չեն կարող՝ կապված ամբաստանյալների բացակայության հետ։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանն էլ միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ իր պաշտպանյալների մասով գործը պետք է անջատվի և գործով դատաքննությունը շարունակվի, քանի որ մտնում ենք երկարատև պատերազմի մեջ և թե պաշտպանների, թե՛ ամբաստանյալների, թե՛ մեղադրող կողմի ներկայացուցիչները չգիտեն, թե վաղը որտեղ են լինելու։ Կարդալ ավելին՝ pastinfo.am-ում։
13:55 - 21 հոկտեմբերի, 2020
Հաղթանակի սահմանը միացումն է, իսկ այս փուլը կարող ենք անվանել միջանկյալ հաղթանակ ու հակառակորդի ներուժի ջախջախում․ Վարուժան Ավետիսյան

Հաղթանակի սահմանը միացումն է, իսկ այս փուլը կարող ենք անվանել միջանկյալ հաղթանակ ու հակառակորդի ներուժի ջախջախում․ Վարուժան Ավետիսյան

Տասը օրից ավելի է՝ արցախա-ադրբեջանական սահմանին ընթանում են Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողությունները։ Այս ողջ ընթացքում բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, հայաստանցիներն ու արցախցիները, աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերը միանշանակ պնդում են՝ հաղթելու ենք։ Հաղթանակը տարբեր մարդիկ տարբեր կերպ են պատկերացնում՝ սահմանները պահել անառիկ, ազատագրել նոր տարածքներ, ջախջախել հակառակորդի բանակը, վերջում էլ Արցախ-Հայաստանում միացում։ «Սասնա ծռեր» կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանի կարծիքով՝ ռազմական իմաստով հաղթանակը թշնամու դիմադրության հաղթահարումն է, նրա ջախջախումը։ Եւ այս ռազմական հաղթանակը պետք է ծառայի քաղաքական նպատակի․ «Պետք է սահմանել քաղաքական նպատակը, ու եթե իսկապես ուզում ենք արեւելյան ուղղությունում զերծ մնալ պատերազմներից, եւ իրապես ձեւավորել անվտանգ ու մեզ ապագա երաշխավորող հնարավորությունները, ապա դա Քուռ-արաքսյան միջակայքի զբաղեցումն է»։ Սա, ինչպես Infocom-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանը, բնականաբար պետք է հիմնվի Հայաստանի Առաջին Հանրապետության իրավահաջորդության ճանաչման եւ Հայկական հարցի լուծման իրավաքաղաքական փաթեթի վրա․ «Մենք պետք է հասկանանք, որ ժամանակն է հրաժարվելու Լենին-Աթաթուրք ապօրինի կեղծ անձնագրից, եւ վերցնելու մեր վիլսոնյան անձնագիրը։ Բնականաբար, առաջին քայլը պիտի լինի Արցախի միացումը ամբողջացնելուն խոչընդոտող ինստիտուտների եւ իրավական ակտերի վերացումը, ՀՀ օրենքի տարածումը Արցախի վրա։ Արցախի Հանրապետությունն էլ ապօրինի անվանում է, իրականում դա Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասն է, եւ որեւէ հանրապետություն մեր տարածքի վրա չկա։ Հաղթանակի սահմանը միացումն է, իսկ այս փուլը կարող ենք անվանել միջանկյալ հաղթանակ եւ այս պահին հակառակորդի ներուժի ջախջախում»,- ասաց Վարուժան Ավետիսյանը՝ նկատելով, որ այս պահին ընթացքի մեջ դժվար է մեկնաբանել, թե ուր ենք գնում, թե ուր կգնա ավարտը՝ քաղաքական իմաստով, իսկ ռազմական իմաստով, մեր զրուցակցի խոսքով, կարծես թե շատերին է պարզ ելքը։ Ըստ Վարուժան Ավետիսյանի՝ անպայման պետք է ռազմական հաղթանակն ու այս զոհաբերությունը իմաստավորվեն, եւ մենք առավելագույն քաղաքական արդյունքների հասնենք՝ որպես ազգ եւ որպես պետություն։  Սեդա Առաքելյան
18:48 - 08 հոկտեմբերի, 2020
Անջատողականությու՞ն, թե՞ չափազանցված մտահոգություն․ Արցախում ռուսաց լեզվի դասաժամերի ավելացման հիմնավորումները

Անջատողականությու՞ն, թե՞ չափազանցված մտահոգություն․ Արցախում ռուսաց լեզվի դասաժամերի ավելացման հիմնավորումները

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Արցախի Հանրապետության համար առաջիկա հինգ տարիները Ռուսաստանի Դաշնության հետ առկա հարաբերությունների ընդլայնման եւ զարգացման շրջան են լինելու: Այս կոնտեքստում Պողոսյանը հայտնել է, որ առաջիկայում օրենսդրական փոփոխության միջոցով ավելացվելու է հանրային հեռուստառադիոընկերությամբ ռուսերենով հեռարձակվող հաղորդումների սահմանված եթերաժամանակը․ սա ԱՀ նախագահի եւ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ու «Միասնական հայրենիք» կուսակցության նախաձեռնությունն է՝ «հայրենակիցների հետ սերտ կապերի պահպանման պահանջով»։ Պողոսյանը հավելել էր նաեւ, որ մեկ այլ նախաձեռնությամբ առաջարկվելու է հանրակրթական եւ բուհական կրթական ծրագրերում ավելացնել ռուսերենի դասավանդման ժամաքանակը, իսկ, հաշվի առնելով ՌԴ-ից Արցախ ժամանող զբոսաշրջիկների թիվը, եւ գործընթացը խթանելու նպատակով Արցախի ողջ տարածքում տեղադրված տեղեկատվական նշանակության ցուցանակներում պարտադիր տեղ կգտնի նաեւ ռուսերեն տարբերակը: Թեմայի շուրջ Infocom.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի խոսնակը, մեկնաբանելով նախաձեռնության անհրաժեշտությունը, ասաց, որ հիմնական պատճառն այն է, որ արցախահայության ամենամեծ սփյուռքը ՌԴ-ում եւ ռուսախոս երկրներում է՝ Ուկրաինայում, Բելառուսում․ «Ցավոք սրտի, այդ մարդիկ լեզվի խնդիր ունեն, բայց, միեւնույն ժամանակ, ունեն մեծ հետաքրքրություն հայրենիքի նկատմամբ։ Այսինքն՝ արցախյան անցուդարձի վերաբերյալ հետաքրքրություն կա, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում Արցախում, եւ վերջապես իրենք որքանով կարող են մասնակցել այդ փոփոխություններին։ Մենք նրանցից բազմիցս  առաջարկներ ենք ստացել, դրանք հնչել են ե՛ւ Արցախում, ե՛ւ տարբեր երկրներից՝ նամակների տեսքով, որ «խնդրում ենք հնարավորությունների սահմանում ռուսալեզու լրատվություն ապահովել, որպեսզի մենք էլ կարողանանք տեղեկանալ Արցախում տեղի ունցող իրադարձությունների մասին»։ Այդ նպատակով մենք ե՛ւ օնլայն տիրույթն ենք զարգացնելու՝ ռուսերեն մատուցվող տեղեկության առումով, ե՛ւ, բնականաբար, հնարավոր բոլոր պայմանները ստեղծելու ենք, որ իրենց համար լուծենք այդ խնդիրը»։ Նախագահի խոսնակը անդրադաձավ նաեւ Արցախում օտարերկրյա ներդրումների հանգամանքին՝ նշելով, որ դրանց մեծ մասն իրականացնում են հենց Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայերը։ Պողոսյանի պնդմամբ՝ նրանց եւ բիզնես-ոլորտի մասնագետների այցերին շատ է նպաստելու է այս նախագիծը․ «Բացի այս՝ կարեւոր են նաեւ ՌԴ-ից զբոսաշրջիկների այցերը․ Ռուսաստանից անհամեմատ շատ են զբոսաշրջիկները։ Այս մարդկանց համար ավելի հարմար պայմաններ ապահովելու նպատակով ճանապարհների ցուցանակների վրա կգրվեն նաեւ ռուալեզու տարբերակները։ Այս փոփոխությամբ կխթանենք զբոսաշրջությանը, ներդրումներին, մեր հայրենակիցների համար տեղեկացվածություն կկարողանանք ապահովել։ Իհարկե, այդ տեղեկացվածությունը ինչ-որ պահի քչանում կամ վերանում է, ապա կապի վրա թողնում է բացասական ազդեցություն, դրա համար մենք շահագրգռված ենք այդ ամենն ապահովել։ Այդ կապը մեզ համար շատ թանկ է, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ որեւէ կերպ չկտրվեն հայրենիքից, թեկուզ առցանց տարբերակում՝ այդ հեռավորության դեպքում»։  Հարցին, թե ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ ավելացնել ռուսերենի դասաժամերը, սա՞ ինչով է խթանում հայրենիք-սփյուռք կապին, Պողոսյանը պատասխանեց, որ նույն համատեքստում էլ առաջ է եկել նաեւ ռուսերենի դասաժամերի ավելացման անհրաժեշտությունը, քանի որ, նրա համոզմամբ, շփումների համար այն շատ կարեւոր է։ Մեր զրուցակցի պնդմամբ՝ այստեղ կա նաեւ երկորդ հանգամանքը՝ ռուսախոս երկրներում ապրող արցախցիներ կան, որոնք հիմա բազմաթիվ հայտեր են ուղարկում՝ հայտնելով, որ ցանկություն ունեն վերադառնալու։ «Իրենց երեխաները հիմանակում ռուսական դպրոցներ են հաճախում, այդ տրանֆորմացիան, որը պետք է Արցախում տեղի ունենա, նրանց համար շատ ավելի հեշտ կդարձնի ուսումը։ Սա նույնպես շատ կարեւոր կոմպոնենտ է»,- հավելեց ԱՀ նախագահի խոսնակը՝ տեղեկացնելով նաեւ, որ փոփոխությունների մեկնարկը կարելի է տրված համարել, որովհետեւ նախագահի հանձնարարականն արդեն կա, մասնավորապես ցուցանակաների վերաբերյալ։ Արդեն առաջիկայում՝ աշնանը, երբ Արցախի խորհրդարանը սկսի նոր նստաշրջանը, տեղի կունենան օրենսդրական փոփոխությունները՝ հանրային հեռուստռառադիոընկերության եթերաժամանակի եւ ժամաքանակը մեծացնելու վերաբերյալ։ Այս պահին քննարկվում է նաեւ բուհական եւ հանրակրթական ծրագրերում ռուսաց լեզվի ժամերը ավելացնելու հարցը։  Թեմայի վերաբերյալ Infocom.am-ը զրուցեց նաեւ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ, որը նկատեց՝ այս ամենի մեջ, ամենահետաքրքիրը ներկայացվող տեղեկության համատեքստն է․ «Ի պատասխան ինչ-որ թերթի հրապարակումների («Հրապարակ» օրաթերթի հոդվածում ասվում էր, որ Արցախում հակառուսական տրամադրություններ են զարգանում)՝ ցույց են տալիս, թե ռուսերենի դիրքերն ամրապնդում են։ Դա, իհարկե, ծիծաղելի է, բայց ամբողջովին տեղավորվում է Արայիկ Հարությունյանի գործելաոճի մեջ։ Վերջին տարիներին Արցախում տարբեր նախաձեռնություններ կան օտար լեզուների դասավանդման մակարդակը բարձրացնելու համար։ Օրինակ, տարիներ առաջ շատ դպրոցներում երրորդ օտար լեզու էր ներմուծվել՝ անգլերենի եւ ռուսերենի հետ մեկտեղ։ Ստեղծվել էր ֆրանկոֆոնիայի կենտրոն, եւ այժմ դրա համար մեծ շենք է կառուցվում»,- ասաց Խանումյանը՝ ընդգծելով, որ ռուսերենի ժամաքանակի ավելացումն ա՛յս համատեքստում է տեսնում, եւ դրա շուրջ մտահոգիչ կարծիքները համարում է չափազանցված։ Արցախցի գործիչը շեշտեց, որ այնտեղ հակառուսական տրամադրություններ չեն զարգանում, եւ բնականաբար դրանք ոչ տեղին ենթադրություններ են։ Ռուսաց լեզվի դասաժամերի ավելացման վերբերյալ նա կարծիք չհայտնեց սակայն՝ ասելով, որ կրթության ոլորտի մասնագետներն ավելի լավ կարող են ասել, թե որեւէ առարկայի ժամաքանակի ավելացումն ինչպես կնպաստի այդ առարկայի յուրացմանը։   Խոսելով արդեն Արցախի Հանրային հեռուստառադիոյում ռուսերեն եթերի ժամաքանակի ավելացման մասին, Խանումյանն ասաց․   «Արցախի հանրայինի եթերաժամանակն ընդհանրապես ավելացել է, եւ եթե ռուսերեն հաղորդումը շաբաթական ոչ թե կես ժամ լինի, այլ մեկ ժամ, դրանից ոչինչ չի փոխվի։ Նամանավանդ, որ Արցախում հեռարձակվում են բազմաթիվ ռուսական ալիքներ։ Այս որոշումը, միգուցե, կարող է օգնել Մոսկվայում Արցախի օգտին աշխատանքների կազմակերպման հարցում, եթե, իհարկե, նմանատիպ աշխատանքներ արվեն։ Վերջին տարիներին ռուսաստանյան ուղղությամբ ես նկատում եմ ոչ ակտիվ աշխատանք, նույնիսկ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում ակտիվություն չկա»,- ասաց Հայկ Խանումյանը։   Արցախում «Սասնա Ծռեր» կուսակցության պատասխանատու Գագիկ Եսայանն էլ Infocom-ի հետ զրույցում տրամագծորեն հակառակ տեսակետ հնչեցրեց՝ ընդգծելով, որ Արցախը ՀՀ մարզ է եւ չի կարող առանձին հարաբերություններ ունենալ որեւէ պետության հետ։   «Արցախի տարածքում ձեւականորեն առկա կեղծ պետական ինստիտուտների կողմից օտար պետությունների հետ առանձին հարաբերություններ հաստատելու փորձերը անջատողականություն են եւ պետք է պատժվեն։ Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ Արցախի մարզում, որեւէ պետության կամ ժողովրդի նկատմամբ բացասական վերաբերմունք չկա։ Անկախ դրանից՝ մենք պարտավոր չենք որեւէ մեկի առաջ արդարանալու եւ մեր ազգային շահերի հաշվին նրանց ինչ-որ բան ապացուցելու»,- եզրափակեց Եսայանը։   Ասպրամ Փարսադանյան
12:47 - 01 սեպտեմբերի, 2020
«Միջնորդում եմ օրենքով նախատեսված ամենախիստ պատիժները նշանակել»․ տուժողները «Սասնա Ծռեր»-ի գործով դիրքորոշում հայտնեցին |forrights.am|

«Միջնորդում եմ օրենքով նախատեսված ամենախիստ պատիժները նշանակել»․ տուժողները «Սասնա Ծռեր»-ի գործով դիրքորոշում հայտնեցին |forrights.am|

forrights.am: «Սասնա Ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստը մոտենում է իր ավարտին: Այսօր դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ կայացած նիստում տուժող կողմը ներկայացրեց իր դիրքորոշումը՝ պատժաչափերի հետ կապված։ Տուժողի իրավահաջորդ Արփինե Թովմասյանը՝ Յուրի Տեփանոսյանի կինը, ցավով նշեց, որ ոչ ոք չի կարող վերադարձնել իր ամուսնուն և երեխաների հորը. «Թող ոչ ոք չխուսափի պատասխանատվությունic, ես իմ կորստի ցավի պատասխանատուն եմ»,- ասաց նա, նշելով, որ «Սասնա Ծռեր»-ը խոսում են հայրենասիրությունից, սակայն այստեղ հայրենասիրության մասին խոսք գնալ չի կարող։ «Պատիժը պետք է համաչափ լինի»,- հայտարարեց նա։ ՊՊԾ գնդում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի կինը՝ տուժողի իրավահաջորդ Հասմիկ Ոսկանյանը ցավով նշեց՝ ինչպե՞ս կարող է մարդ խաղաղ պայմաններում իր ծառայությունը կատարելիս զոհվի հայրենակցի կողմից. «Դուք ասում եք, որ պատիժն անհամաչափ է, ձեր հանդեպ անարդար են, իսկ դուք մեր հանդեպ արդա՞ր գտնվեցիք»,- ներկաներին հարց ուղղեց նա։ Ըստ Ոսկանյանի՝ պատիժը անհամաչափ է. «Միջնորդում եմ օրենքով նախատեսված ամենախիստ պատիժները նշանակել»,֊ դատարանին դիմելով ասաց նա։ Տուժող կողմի դիրքորոշման հրապարակումից հետո, դատարանը որոշում կայացրեց գործի քննությունը շարունակել սեպտեմբերի 30-ին։ Հաջորդ նիստին ճառով հանդես կգա պաշտպանական կողմը։  
13:04 - 19 օգոստոսի, 2020
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ժողովրդին խաբեցին. ազգային-ազատագրական պայքարը շարունակվելու է. Վարուժան Ավետիսյան |factor.am|

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ժողովրդին խաբեցին. ազգային-ազատագրական պայքարը շարունակվելու է. Վարուժան Ավետիսյան |factor.am|

factor.am: «Միանգամայն սխալ է այն մոտեցումը, որ այս գործին պետք է վերաբերել քրեադատավարական չափման մեջ։ Մենք հասկանում ենք, որ 18 թվականին կիսագաղութային համակարգը, որը կառավարում է Հայաստանը, ընդամենը կոսմետիկ նորոգման է ենթարկվել, Նիկոլ Փաշինյանի միջոցով խաբել են մեր ժողովրդին։ Պետք է արձանագրեք, որ հեղափոխություն տեղի չի ունեցել, բնականաբար, կեղեքիչ ռեժիմը չէր կարող սովարական ընթացքով պատժաչափեր նախատեսել, այդ իսկ պատճառով նվազագույնի տարբերակին են դիմում»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով դատախազների մեղադրական ճառին, որտեղ միջնորդեցին մեղավոր ճանաչել խմբի անդամներին և ազատազրկել։ Հարցին, որո՞նք են լինելու իրենց հաջորդ գործողությունները, Ավետիսյանը պատասխանեց, որ այս պահին ոչ մի գործողություն չեն նախատեսում․ «Իր խոսքը կասի նաև ժողովուրդը։ Հանիրավի մեղադրանքներով 2 անդամի ծանրագույն պատիժներ պահանջեցին հանցագործությունների համար, որոնք ռեիժմն է կատարել։ Ինչևէ, կյանքը պայքար է, ազգային ազատագրական պայքարը շարունակվում է մինչև ՀՀ լիակատար ազատագրում։ Իսկ դատավարական մանքրուքներին ես անհրաժեշտ չեմ համարում պատասխանել, շարունակվում է քաղաքական հետապնդումը «թավշյա» փաթեթավորմամբ»։ Շարունակությունը՝ factor.am-ում։
17:31 - 12 օգոստոսի, 2020
«Սասնա ծռեր» խմբի գործով դատախազը պատժաչափեր միջնորդեց |factor.am|

«Սասնա ծռեր» խմբի գործով դատախազը պատժաչափեր միջնորդեց |factor.am|

factor.am: «Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստը մոտեցավ իր ավարտին: Այսօր դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ կայացած նիստում դատախազները հանդես եկան մեղադրական ճառերով: Նրանք պահանջեցին խմբի անդամներին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով` (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը): Դատախազը պահանջեց Պավլիկ Մանուկյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի վեց ամիս ժամկետով , Արեգ Կյուրեղյանին ազատազրկել 8 տարի 6 ամիս ժամկետով, Վարուժան Ավետիսյանին՝ 8 տարի 9 ամիս ժամկետով, Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել անձի մահվան հիմքով, Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ ազատազրկման, Արմեն Բիլյանին՝ 21 տարի ժամկետով , Սեդրակ Նազարյանին ազատազրկել 9 տարի ժամկետով, էդվարդ Գրիգորյանին՝ 8 տարի վեց ամիս և Մխիթար Ավետիսյանին 8 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: Առավել մանրամասն՝ factor.am-ում։
16:58 - 12 օգոստոսի, 2020
Ինչպես նախկինում, ոստիկանությունն այլևս վարչախմբի կամքն ապօրինի միջոցներով քաղաքացիներին բռնությամբ պարտադրող բութ գործիք է․ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն

Ինչպես նախկինում, ոստիկանությունն այլևս վարչախմբի կամքն ապօրինի միջոցներով քաղաքացիներին բռնությամբ պարտադրող բութ գործիք է․ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Զորակցում ենք իրավապաշտպաններին և պայքարող քաղաքացիներինՎերջին շրջանում կառավարությունը վերահաստատեց նախկին բռնապետական ռեժիմների օրոք ձևավորված ոստիկանության կարգավիճակն ու դերը։Կարող ենք ցավով արձանագրել, որ, ինչպես նախկինում, ոստիկանությունն այլևս վարչախմբի կամքն ապօրինի միջոցներով քաղաքացիներին բռնությամբ պարտադրող բութ գործիք է։Այդուհանդերձ, արտառոց էր երեկ՝ 2020 թ. օգոստոսի 6-ին, Երևանում տեղի ունեցած դեպքը. ոստիկանությունը բերման ենթարկեց ոչ միայն Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի դեմ բողոքող քաղաքացիներին, այլև բողոքի վայրում իրենց առաքելությունն իրականացնող իրավապաշտպաններ Նինա Կարապետյանցին և Արա Ղարագյոզյանին։Դատապարտում ենք հեղափոխական ալիքի վրա եկած գործող իշխանության հակահեղափոխական և հակաժողովրդավարական կերպափոխումը և մեր համերաշխությունն ու զորակցությունն ենք հայտնում իրավապաշտպաններին և ժողովրդավարության ու մարդու իրավունքների համար պայքարող բոլոր քաղաքացիներին»։
11:24 - 07 օգոստոսի, 2020
Ժիրայր Սեֆիլյանն այսօր վկայի կարգավիճակով հարցաքննության էր հրավիրված |forrights.am|

Ժիրայր Սեֆիլյանն այսօր վկայի կարգավիճակով հարցաքննության էր հրավիրված |forrights.am|

forrights.am: «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանն այսօր վկայի կարգավիճակով հարցաքննության էր հրավիրված Ոստիկանության կենտրոնական բաժնում։ Հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում Սեֆիլյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարեց, որ իր գնահատմամբ՝ Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում ընդդիմադիր դիրքորոշման պատճառով․ «Սա պարոն Սեֆիլյանի, «Սասնա ծռեր» համահայկական շարժման, ինչպես նաև Ազգային ժողովրդավարական բևեռի քաղաքական գործունեությամբ պայմանավորված՝ քրեական հետապնդում է»։ Շուշանյանը տեղեկացրեց, որ Սեֆիլյանին հրավիրել են վկայի կարգավիճակով, քրեական գործը հարուցվել է «168 ժամ»-ում հրապարակված Ժիրայր Սեֆիլյանի ֆեյսբուքյան գրառման հիմքով, որը վերաբերել է դատավոր Մեսրոպ Մակյանին։ Սեֆիլյանը մասնավորապես գրել էր. «Մեսրոպ Մակյանին և նրա նմաններին տեղեկացնում եմ, որ խստագույնս պատժվելու են իրենց կատարած հանցագործությունների համար»։ Սեֆիլյանի գրառումը հաջորդել էր Մակյանի այն որոշմանը, որով դատական նիստին Սասնա ծռերի անդամներին բերման են ենթարկել։  Շուշանյանն ասաց՝ քրեական գործը հարուցվել է դատավորին զրպարտելու հանցակազմով, իսկ Սեֆիլյանը հարցաքննվել է կասկածյալի շրջանակներում, թեև ծանուցագրում նշված է եղել, որ հարցաքննվում է վկայի կարգավիճակով։ Փաստաբանը նաև ընդգծեց՝ հարցաքննության ընթացքում Սեֆիլյանը վերահաստատել է իր դիրքորոշումը։ Շարունակությունը՝ forrights.am-ում
12:35 - 31 հուլիսի, 2020
Պետք է վերադառնանք հազարամյակներով ձևավորված շրջանային բաժանմանը․ Վարուժան Ավետիսյան

Պետք է վերադառնանք հազարամյակներով ձևավորված շրջանային բաժանմանը․ Վարուժան Ավետիսյան

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Վարուժան Ավետիսյանի հետ զրուցել ենք Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացի թեմայով։ - Պարո՛ն Ավետիսյան, 2015 թվականին Հայաստանում մեկնարկել են վարչատարածքային բարեփոխումներ։ Համայնքների խոշորացման գործընթացը շուտով կավարտվի։ Ո՞րն է «Սասնա ծռերի» գնահատականը խոշորացման գործընթացին։ - Մենք տարբերվող տեսակետ ունենք վարչատարածքային բաժանման վերաբերյալ։ Մեր կարծիքով՝ պետք է բնական, հազարամյակներով ձեւավորված շրջանային բաժանմանը կամ գավառների բաժանմանը վերադառնանք։ Ներկայիս ավագ սերունդը կհիշի խորհրդային շրջանի վարչատարածքային բաժանումը՝ վարչական շրջանները։  Բնականաբար, դա պետք է տեղի ունենա տեղական ինքնակառավարման տրամաբանությամբ, այսինքն՝ շրջանային համայնքներ պետք է լինեն, եւ հասկանալի է, որ տեղական ընտրություների միջոցով պետք է ձեւավորվեն դրանց կառավարման մարմինները։ Մարզային բաժանումը պահպանելով հանդերձ՝ մարզերը որոշակիորեն պետք է խոշորացվեն եւ առավելապես համակարգման տրամաբանությամբ գործեն։ Այն, ինչ այսօր ունենք, նկատի ունեմ մարզպետարանը՝ իր համապատասխան ճյուղային վարչություններով, տաբեր մարզային կառույցներով, անտեղի է․ ընդամենը փոքր աշխատակազմ պետք է լինի համակարգելու համար։  - Մոտավորապես քանի՞ մարզ պետք է լինի Հայաստանում։ - Մոտ վեց՝ Երևանը չհաշված։ Այս խոշորացմումը հենց այդ նախկին վարչատարածքային բաժանման շատ վատ կրկնօրինակումն է։ Փաստորեն, հասկացել են, որ կառավարման տեսակետից որոշակի խոշորացում անհրաժեշտ է, բայց ունքը սարքելու փոխարեն աչքն էլ են հանում։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, ընդհանրապես Հայաստանի համայնքների, համայնքային կյանքի, ինքնավարության քայքայման, զրոյացման գործընթաց է։  - Երբ խոշորացումը չէր մեկնարկել, Ձեր նշած շրջանային սցենարն էր առաջարկվում եւ փնջային սցենարը։ Կառավարությունը նշում է, որ բոլոր դեպքերում պետք չէ խոշորացնել շրջանային սցենարով, որովհետեւ գուցե ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոչ բոլոր դեպքերում է նպաստավոր շրջանային տարբերակով խոշորացումը։ - Հայաստանում Երրորդ հանրապետության պատմության ընթացքում որևէ հարցի վերաբերյալ լուրջ ուսումնասիրություն չի կատարվել, այս հարցի վերաբերյալ՝ առավել ևս։  Մենք, կրկնում եմ, երբ ասում ենք, որ շրջանային բաժանումը պետք է վերականգնվի, շատ բան ենք հաշվի առնում։ Նախ, ակնհայտ է, որ այն երկար ժամանակ արդարացրել է իրեն, որոշակի ենթամշակութային ամբողջություններ են ձևավորվել, որոնք մինչև հիմա էլ կան։ Այդ տարածքային բաժանմամբ նաև հաշվի է առնվել ռելիեֆային, աշխարհագրական գործոնը, որը փնջային մոտեցմամբ աղավաղված է։ Բացի դրանից՝ նաև ձևավորված ենթակառուցվածքներ կան, որոնք նույնպես, փաստորեն, անտեսվում են։ Մի բան էլ նկատի ունենանք․ մինչ օրս այդ տարածքներում գործում են վարչական իշխանության մարմիններ՝ ոստիկանության, հարկային և այլ ծառայությունների մարմիններ։ Եթե արդյունավետ չէ, ինչո՞ւ են պահպանել։ Պահպանվել են, որովհետեւ գործնականորեն ակնհայտ է, որ դա է ամենաօպտիմալ տարբերակը։ Ես չեմ կարող կարող ավելի մանրամասն եզրակացությունների հանգել, թե հատկապես ինչ պատճառով են ընտրել այս անհեթեթ փնջային տարբերակը, բայց, ամենայն հավանականությամբ, կոռուպցիոն դրդապատճառ կա։ Միևնույն ժամանակ, եթե խոսում ենք շրջանների վերականգնման մասին, ապա մարզերն արդեն ներկայիս կառավարման համակարգը պետք է չունենան։ - Կառավարությունն ասում է՝ ժամանակի ընթացքում, երբ խոշորացումն ավարտվի, մարզպետարանների որոշ լիազորություններ կփոխանցվեն ՏԻՄ-երին։ - Եթե այս մեթոդով արվի, ուղղակի անկառավարելի վիճակ կառաջանա։ Որևէ տրամաբանական, լուրջ հիմնավորում չկա դրա համար։  Խոսենք նաև գյուղական համայնքների մասին։ Ըստ էության, հիմա գյուղական համայնքներ չկան, մեկ «բնակավայր, մեկ համայնք» սկզբունքը չի գործում։ Իհարկե, չենք բացառում, որ կարող են բնակավայրերը շատ փոքր լինել և, միևնույն ժամանակ, աշխարհագրորեն իրար շատ մոտ, և ինչ-ինչ պատճառներով անհրաժեշտ լինի մեկ-երկու համայնք միացնել և մեկ համայնք դարձնել։ Բայց պետք է գործի «մեկ բնակավայր, մեկ համայնք» սկզբունքը, որովհետև այդպես է գյուղական համայնքը կայանում։ Մենք իրավունք չունենք մեխանիկական, պարզունակ մոտեցում ցուցաբերել կյանքին, ինչպես որ քիչ առաջ մեր քննարկած դեպքում էր, և գյուղական համայնքների հետ կապված գծային մոտեցում չենք կարող որդեգրել։  Գաղտնիք չէ, որ մեր հատկապես փոքր գյուղերում գերիշխում է տոհմակլանային վերաբերմունքը համայքնի կառավարման հարցերին, և տասնամյակներ շարունակ այդ փոքր գյուղերում, որտեղ ուժեղ են  ազգակից բարեկամների միջև սոցիալական կապերը, ընտրություն, ըստ էության, տեղի չի ունենում․ ընտրություն տեղի է ունենում ամենամեծ տոհմակլանային շրջանակում նախապես որոշված թեկնածուին արձանագրելու տարբերակով։ Ում տոհմը մեծ է, նա էլ դառնում է համայնքապետ։  - Համայնքները շրջանային տարբերակով խոշորացնելու դեպքում այդպիսի ընտրությունների վտանգն ինչքանո՞վ է վերանում։ Այդ դեպքում էլ ամենամեծ բնակավայրի ամենաշատ տոհմակիցներ ունեցող մարդը կընտրվի։ - Ո՛չ, այդպիսի բան չկա, որովհետև չկա որևէ տոհմ, որևէ շրջանակ, որը կարողանա այդպիսի ազդեզություն ունենալ։ Շրջանները վերականգնվելու դեպքում շրջանային համայնքում կունենանք մի քանի տասնյակ հազար բնակիչ, և դա շատ մեծ թիվ է, որպեսզի որևէ շրջանակ ազգակցական կամ այլ կապերով կարողանա եղանակ ստեղծել։ Հենց նաև այդ նպատակով ենք ասում, որ շրջանները վերականգնվեն, որովհետև դա ուղղակի օբյեկտիվորեն անհնար կդարձնի ադ գործոնի ազդեցությունը։ Եվ սա նաև շատ լավ պրակտիկա կդառնա այդ բացասական գործոնը հաղթահարելու համար։  Մինչև որոշակի ցանկալի մշակութային մակարդակի հասնելը տեղական ինքնակառավարման համակարգում պետք է առանձին ռազմավարություն մշակվի և իրականացվի, որը պետք է նաև քաղաքական, սոցիալական մշակույթի բաղադրիչ ունենա։ Պարզունակ կացնային մեթոդով կցել-բաժանելով որևէ խորքային խնդիր չի կարող լուծվել։ Այդ պատճառով սկզբնական շրջանում փոքր գյուղական բնակավայրերում պետք է ընտրությունների միջոցով չձևավորվեն համայնքների կառավարման մարմինները (խոսքն այն փոքր բնակավայրերի մասին է, որտեղ մեր քննարկած հանգամանքը վճռորոշ ազդեցություն ունի)։ Ընտրություն գոյություն չունի այնտեղ, չխաբենք մեզ, այդ պատճառով ճիշտ կլինի հաշվարկել և գտնել բնակչության այն օպտիմալ թիվը, որի պայմաններում հնարավոր է ընտրություն կազմակերպել։ 10 հազար և ավելի բնակչություն ունեցող բնակավայրում դա արդեն հնարավոր է։ Միգուցե ավելի փոքր բնակավայրերում էլ է հնարավոր։ Պետք է բնակչության նվազագույն քանակը գտնել, որպեսզի հնարավորինս շատ բնակավայրեր ներառվեն ընտրությունների միջոցով համայնքային կառավարման մարմիններ ձևավորելու ընթացքի մեջ։  Իսկ մնացյալի նկատմամբ հատուկ ռազմավարություն պետք է մշակվի և իրականացվի՝ իր սոցիալ-մշակութային բաղադրիչով, որպեսզի մենք կարողանանք համայնքները կայացնել։ Անշուշտ, որոշակի փուլից ընտրությունը արդեն ևս դառնում է համայնքը կայացնելու գործոն, բայց դա ինչ-որ փուլից պետք է կիրառվի, հակառակ պարագայում մենք ամրացնելու ենք տոհմակլանային մոտեցման բացասական երևույթը և դրական արդյունք ակնկալելով՝ ստանալու ենք բացասական արդյունք։  - Վերադառնալով շրջանային և փնջային սցենարներին․ բոլոր համայնքները շրջանային սցենարով խոշորացնելու դեպքում խնդիրներներ չե՞ն առաջանա ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների համար։ Մենք արդեն ունեցել ենք դեպքեր, երբ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքները չեն ցանկացել մեծ փնջի մեջ լինել և միասին առանձին փունջ են ձևավորել։ - Դա համակարգային մոտեցում չէ, մասնակին ընդհանուրին անտրամաբանական ձևով հակադրելու մանիպուլյատիվ մոտեցում է։ Նախ, եթե շրջանների ձևաչափով ստեղծվում է տեղական ինքնակառավարման համակարգ, ազգային փոքրամասնություններով ենթաշրջաններին կարող ենք առանձին արտոնյալ կարգավիճակ տալ և այդ հարցը լուծել։ Ամողջական համակարգի մեջ բոլոր հարցերը հնարավոր է լուծել։ - Ի՞նչ ասել է արտոնյալ կարգավիճակ տալ․ օրինակ, նրանք կարողանան իրենց համար ՏԻ՞Մ ընտրել։ - Իհա՛րկե, մենք պարտավոր ենք մեր երկրում ապրող ազգային փոքրամասնություններին, որոնք մեր իրավահավասար և լիարժեք հայրենակիցներն են, առավելագույն հնարավորություններ տալ իրենց ինքնությունը և ամբողջականությունը պահպանելու համար։  - Որքանո՞վ նպատակահարմար կլինի մեծ ՏԻՄ-ում մեկ այլ փոքր ՏԻՄ ունենալ։ - Շատ պարզ։ Այնուամենայնիվ, դա ՀՀ տարածքում է և վարչատարածքային բաժանում է, այլ ոչ ազգային սկզբունքով բաժանում։ Ազգային ինքնավարությունների խնդիր չէ։ Խոսքը սոցիալ-մշակութային ինքնության պահպանմանն է վերաբերում։  Հիմա խոսենք մարզային կառավարման համակարգից․ ենթադրենք, մեկը Վարդենիսի ծայրամասային գյուղից կարիք ունի մարզային մակարդակով ինչ-որ հարց լուծելու։ Տրանսպորտ էլ չկա, և հիմա այդ մարդը պետք է, գումար ու ժամանակ ծախսելով, երկու-երեք տեղով կանգառ կատարելով, գա, հասնի Գավառ, որը նաև մայրուղուց կտրված մի քաղաք է, և մարզպետարանում փորձի ինչ-որ հարց լուծել։ Եթե այդ օրը չստացվի, այդ մարդը պետք է հետ գնա, հետո էլի գա։ Բայց եթե, օրինակ, Վարդենիսի շրջանը կա, և Վարդենիս շրջկենտրոնում տրանսպորտային ենթակառուցվածքները գործում են (կամ եթե չեն գործում ապա կարող են գործել, որովհետև հիմքը կա), ապա մարդը շատ հանգիստ կարող է գալ, իր պահանջները ներկայացնել։ Փորձված, արդյունավետ կերպով իրեն դրսևորած համակարգ է։  Անշուշտ, խորհրդային շրջանում մի արատավոր երևույթի ականատես եղանք վերջին հատվածում, երբ տարբեր իրար կից վարչական շրջաններից տարածքներ էին անջատում և նոր շրջաններ էին սեղծում բյուրոկրատական ապարատը մեծացնելու, իրենց ծանոթ-բարեկամներին պաշտոնների նշանակելու և այլնի համար։ Երբ խոսում ենք շրջանները վերականգնելու մասին, պետք է, հստակ աշխարհագրական եւ ենթակառուցվածքային, նաև Ձեր նշած ազգային փոքրամասնությունների և էլի որոշ այդպիսի ենթագործոնների հանգամանքները նկատի առնելով, որոշակի ճշգրտումներով վերականգնել, ուղիղ չպատճենել այն, ինչ Հայկական ԽՍՀ-ի գոյության վերջին տարիներին կար և հետո միավորվելով վերածվեց մարզերի։  Նաև սկզբում խոսեցինք այն մասին, որ մարզերը պետք է խոշորացվեն։ Սա էլ նկատի ունենալով՝ պետք է գտնել օպտիմալ սկզբունքները և ըստ այդմ՝ կատարել վարչատարածքային բաժանում։ Մենք պետք է նաև նկատի ունենանք, որ մարզերն, ի վերջո, պաշտպանական տարածքներ են և պետք է նաև համադրվեն պաշտպանական համակարգի հետ։ Ցավոք սրտի, այս հարցում էլ համակարգային մոտեցում չկա։ Այդ հանգամանքը ևս պետք է հաշվի առնվի, որովհետև մոբիլիզացիայի պարագայում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինները որոշակի կոնկրետ խնդիրներ պետք է լուծեն և պետք է իրենց գործողությունները համադրեն պաշտպանական համակարգի գործողությունների հետ։  - Խոշորացված համայնքներում այսուհետ համամասնական ընտրակարգ է լինելու։ Ձեր խոսքի սկզբում նշեցիք համայնքներում տոհմակլանային ընտրությունների մասին։ Համամասնական ընտրակարգն ինչ-որ ձևով կնվազեցնի՞ ընտրություններն այդպես անցկացնելու հնարավորությունը։ - Դարձյալ պետք է նախ համակարգային մոտեցման մասին խոսենք։ Հայաստանի Հանրապետությունը կայացած չէ որպես պետություն, այլ կիսագաղութային համակարգ է, այդ պատճառով Հայաստանում չկան նաև կայացած կուսակցություններ։ Պետությունը նախկինում զավթած կուսակցություն անվամբ բանդաները  ունեն տարածքային ենթակառուցվածքներ, որոնք ջախջախված չեն, պատասխանատվության ենթարկվելու, արգելվելու փոխարեն շարունակում են գործել, և այս վիճակում, բնականաբար, որևէ արդյունքի մենք չենք կարող հասնել։  Քննարկում կա մեր քաղաքական ուժի շրջանակում այս հարցի վերաբերյալ, բայց դեռ վերջնական որոշման չենք հանգել, ես իմ մասնավոր կարծիքն ասեմ․ համայնքային ընտրությունները կուսակցությունների մասնակցությամբ անցկացնելը սխալ է, որովհետև էապես սահմանափակում են համայնքային մակարդակում քաղաքացիական  ակտիվության հնարավորությունները։ Մարդիկ կարող են կուսակցական չլինել, բայց հայտ ներկայացնել համայնքի կառավարմանը մասնակցելու և համայնքի ղեկավար դառնալու համար․ ինչո՞ւ պետք է միայն կուսակցություններին այդ հնարավորությունը վերապահվի։ Եթե մենք մարզային կամ նահանգային մակարդակով  այդպիսի կառավարման մարմիններ ունենայինք, կարող էին և կուսակցական ընտրություններ լինել, բայց գյուղի և շրջանի մասշտաբով, իմ կարծիքով, սխալ է այդպիսի բան անելը։  Էլի կացնային պարզունակ մոտեցում է դրսևորվում՝ համադրելով մի քանի տասնյակ միլիոն բնակչություն և հսկայական տարածք ունեցող այլ երկրների հետ, որտեղ, բնականաբար, վարչատարածքային բաժանումը շատ ավելի խոշոր միավորներ է ներառում, և ըստ այդմ՝ այնտեղ կուսակցական մոտեցումը քննարկելու մեջ կա տրամաբանություն։  Դառնալով Երևանին․ եթե մյուս վարչական շրջանները վերականգնվում են, և այնտեղ տեղական ինքնակառավարման համակարգ է ներդրվում, պետք է Երևանի վարչական շրջաններում էլ տեղական ինքնակառավարում լինի, այիսնքն՝ Երևանում երկաստիճան համակարգ պետք է լինի։  - Մի տեղական ինքնակառավարման մարմին Երեւանի համար, և առանձին ՏԻՄ-եր՝ վարչական շրջանների՞։ - Այո՛, ինչո՞ւ ոչ։ Ինչքան ընտրություններ շատ լինեն, ինչքան հնարավորություն տանք մարդկանց ընտրություններին մասնակցելու, իրենց կամքն արտահայտելու, ուղիղ մասնակցայնություն, ներառականություն դրսևորելու, հետադարձ կապ ապահովելու, այնքան ժողովրդավարությունը կշահի։  - Ճի՞շտ հասկացա, որ մյուս շրջանների ներսում էլ պետք է ավելի փոքր ՏԻՄ-եր լինեն։ - Այո՛։ Օրինակ, պայմանական, 10 հազարից ավելի բնակիչներ ունեցող բնակավայրերը պետք է ունենան իրենց ՏԻՄ ընտրելու հնարավորություն, իսկ ապագայում, նշածս ռազմավարական ծրագրի շնորհիվ հասնելով հարաբերությունների ավելի իրավական եւ քաղաքացիական համակարգի ներդրմանըև տոհմակլանայինի համեմատությամբ, պետք է բոլոր բնակավայրերում ընտրովի մարմիններով կառավարում իրականացվի, և ի վերջո, պետք է այդ երկաստիճան համակարգը մինչև վերջին բնակավայրը տեղ հասնի։ - Եվ Հայաստանում վարչատարածքային բաժանումը լինի եռաստիճա՞ն՝ մարզեր, շրջաններ, բնակավայրեր։ - Այո՛, բայց մարզերը, կրկնում եմ, զուտ որպես վարչատնտեսական եւ պաշտպանական գոտիներ գործեն, ո՛չ այսօրվա տրամաբանությամբ, որ ունեն տարբեր ուղղություններով կառավարման մարմիններ, դպրոցների կամ հիվանդանոցների հետ են առնչվում, նշանակում են, ազատում են։ Եթե խոշոր քաղաքներ կան, դրանք պետք է իրենց կարգավիճակով հավասարեցվեն շրջաններին։ Մասնավորապես, Գյումրին և Վանաձորը չեն կարող որևէ շրջանի տարածքում լինել։ Բնակչության թվի չափաբաժիններով պետք է հաշվարկը կատարվի, եւ ըստ այդմ՝ կատեգորիզացիա սահմանվի և կյանքի կոչվի։ - Համայնքների խոշորացման պատճառներից մեկն էլ տնտեսական նպատակահարմարությունն է․ ինչքան մեծ են համայնքները, այնքան ավելի մրցունակ են, շատ են ֆինանսավորվում։ Ձեր առաջարկած վարչատարածքային բաժանման դեպքում, փաստորեն, բյուջեն ոչ թե հավաքվում է մի տեղում, այլ մասնատված է մնում, քանի որ եթե բնակավայրում կա ՏԻՄ, ուրեմն բնակավայրը բյուջե էլ ունի։ Սա տնտեսական առումով նպատակահարմա՞ր կլինի։  - Առաջնային պլանում պետք է լինեն ժողովրդավարության ներդրումը, ներառականության ապահովումը, քաղաքացիականության զարգացումը, արդիական սոցիալականացումը և այդ ամենի միջոցով արդյունավետ կառավարումը։  Արդյունավետ կառավարումն է, որ, ի վերջո, բերում է ավելի մեծ տնտեսական արդյունքների։  Եվս մեկ անգամ ստիպված եմ փաստել, որ նման մոտեցումը գաճաճամտության հետևանք է: Կներեք, գուցե խոսքս մի քիչ կոշտ է հնչում, բայց հոգնեցինք արդեն այդ վայ-մասնագետներից, որոնք իրենց քթից այնկողմ չեն տեսնում։ Եթե պետությունը ճիշտ է կազմակերպված նաև վարչատարածքային առումով և արդյունավետ է կառավարվում, քաղաքացին իր իրավունքի և իր գլխի տերն է, և համայնքները լավ կառավարման շնորհիվ ծաղկում են, երկիրը զարգանում, հզորանում է, տնտեսական օգուտներն էլ, բնականաբար, շատ ավելի մեծ են լինում։  Աննա Սահակյան  
21:46 - 20 հուլիսի, 2020
Չեղարկել 2-րդ փուլը և միասնական կառավարմամբ հաղթահարել համաճարակը․ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հայտարարությունը

Չեղարկել 2-րդ փուլը և միասնական կառավարմամբ հաղթահարել համաճարակը․ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հայտարարությունը

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Չեղարկել 2-րդ փուլը և միասնական կառավարմամբ հաղթահարել համաճարակը Չորս տարի առաջ այս օրը՝ 2016 թ. ապրիլի 2-ի վաղ առավոտյան Հայաստանն արթնացավ պատերազմի լուրով:Այդ պատերազմը չհասավ իր բուն նպատակին, թեև պայմանավորված էր Հայաստանի այն ժամանակվա ազգադավ ղեկավարության հետ, քանի որ ձախողվեց մեր սպաների ու զինվորների անձնազոհ դիմադրության շնորհիվ: Ցավոք սրտի, դրա համար վճարեցինք մարդկային ու տարածքային կորուստներով: Ապրիլյան պատերազմը Հայաստանի համար դարձավ անկախության վերականգնումից ու Արցախի ազատագրումից հետո ապրած կյանքի ջրբաժան՝ մնալ կիսագաղութային վիճակում, շարունակել Արցախի կեղծ անկախության վտանգավոր թատրոնը, թե վերագնահատել անցյալը, պատժել ազգադավներին ու ոճրագործներին և ազատագրվել ու ավարտին հասցնել Արցախի դե յուրե միացումը: Մինչ օրս Հայաստանը չի կատարում այս ընտրությունը: Սակայն պարտավոր է կատարել, որպեսզի ապրի և լինի ազատ ու արժանապատիվ: Այդ ընտրության կենսական կարևորությունը էլ ավելի ակնառու է դառնում ներկայումս ամբողջ աշխարհին, այդ թվում՝ Հայաստանին, գոյութենական որոշումների կայացման մարտահրավեր նետած նոր կորոնավիրուսի պանդեմիայի համատեքստում: Մինչդեռ 2018 թ. համաժողովրդական ընդվզմամբ իշխանության եկած քաղաքական ուժը մնում է ջրբաժանից այն կողմ և ամեն կերպ խուսափում է ճակատագրական ընտրության որոշում կայացնելուց: Համառորեն մնում է անցյալի ու ներկայի միջև և քայլ չի կատարում դեպի ապագան: Այդպիսի մոտեցումն էր, որ հանգեցրեց մահաբեր համաճարակի պայմաններում ս.թ. մարտի 31-ին Արցախում ընտրություններ կատարելու և դրան բանակի մասնակցությունը թույլ տալու որոշմանը:Այժմ էլ տեսնում ենք, որ մեզ մի նոր փորձություն է սպասում: Եվ այդ փորձությունն արդեն կարող է աղետալի լինել. Արցախում այսպես կոչված նախագահական ընտրությունները չեն ավարտվել առաջին փուլով և ս.թ. ապրիլի 14-ին պետք է անցկացվի երկրորդ փուլ:Առանց չափազանցության ստիպված ենք պնդել, որ այն կարող է ունենալ Ապրիլյան պատերազմին հավասարազոր ծանր հետևանքներ: Արձանագրում ենք, որ համաճարակի ծավալման ժամանակ նման քայլը հավասարազոր կլինի գիտակցված դավաճանության: Համաճարակը բոլոր ողջամիտ մարդկանց համար այլևս ակնհայտ է դարձրել, որ հատկապես պաշտպանական և պարենային անվտանգությունը հնարավոր է ապահովել միայն Արցախը ներառող միասնական տարածքով և միասնական կառավարմամբ: Կյանքի իրավունքի պահանջով ՀՀ իշխանությունը պարզապես պարտավոր է հետ կանգնել իր որդեգրած փակուղային ընթացքից և անցնել ջրբաժանը, այդ թվում՝ չեղարկել ս.թ. ապրիլի 14-ին նախատեսված ընտրությունների 2-րդ փուլը, Արցախում ևս հայտարարել արտակարգ դրություն և Արցախը ներառող միասնական կառավարմամբ զուգահեռաբար լուծել մեկ պետության կայացման ու համաճարակի դեմ պայքարի խնդիրները»:
15:38 - 02 ապրիլի, 2020
Պահանջում ենք չեղարկել հանրաքվեն․ «Սասնա ծռեր» կուսակցություն

Պահանջում ենք չեղարկել հանրաքվեն․ «Սասնա ծռեր» կուսակցություն

«Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել ապրիլի 5-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև։ «Ապրիլի 5-ի հանրաքվեն էական մարտահրավերներ է ծնում մեր ազգային անվտանգության համար: Նախ՝ երկրում կորոնավիրուսի համաճարակի վտանգի պայմաններում հանրաքվե անցկացնելը հավասարազոր է գիտակցաբար համաճարակ առաջացնելու գործողության: Հայաստանի քաղպաշտպանության և առողջապահության համակարգերի անմխիթար վիճակի պայմաններում նման համաճարակը կարող է վերածվել ազգային աղետի: Բացի այդ՝ կեղծ ու ապօրինի Սահմանադրության ընդամենը մեկ հոդվածի փոփոխությամբ ապօրինի Սահմանադրական դատարանի՝ նախորդ հանցավոր ռեժիմի ներկայացուցիչ անդամներին հեռացնելու նպատակ հետապնդող այս հանրաքվեն խորապես վիրավորում է մեր ազգային, քաղաքացիական ու մարդկային արժանապատվությունը և վտանգում է մեր ապագան: Այն ստիպում է մեզ ընտրություն կատարել վատի և վատթարի միջև, առաջարկում է անցնել ապազգային ու հանցավոր կառավարման համակարգի թրի տակով, ինչն ըստ էության ոտնահարում է մեր կամքի ազատությունը և զրկում է մեզ իրական ընտրության հնարավորությունից, ինչպես նաև մեր ձեռքով զուգահեռաբար լեգիտիմացնում է կեղծ ու ապօրինի սահմանադրությունը և արդարացնում է տասնամյակների թալանն ու իրավունքի բռնադատումը: Պատճառն այն է, որ 2018-ի համաժողովրդական ընդվզմամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը հեղափոխություն անելու և ազգային համախմբմամբ վատի ու վատթարի միջև մահացու երկընտրանքից ազատագրվելու քայլեր կատարելու փոխարեն դարձան նախորդ հանցավոր ռեժիմների իրավահաջորդ և մինչ օրս մեզ պահում են մերժված համակարգին, նրա կեղծ ու ապօրինի սահմանադրությանը, օրենքներին, ինստիտուտներին ու պաշտոնյաներին ենթակա կարգավիճակում՝ ստիպելով մնալ չարյաց փոքրագույնի փակուղում: Իշխանության նման վարքի պարագայում բնավ զարմանալի չէ, որ պետական ինստիտուտները, իշխանության թիմը, ապազգային ու հանցավոր նախորդ ռեժիմների ներկայացուցիչները՝ իրենց սպասարկու ուժերի, շրջանակների և լրատվամիջոցների հետ միասին, յուրահատուկ կերպով միավորվել են հանրաքվե կոչվող խաղի մեջ և ամեն ինչ անում են, որ ժողովուրդը մասնակցի դրան: Ստեղծվել է մի իրավիճակ, որ հանրաքվեն, լինելով ուղիղ ժողովրդավարության և ժողովրդաիշխանության շատ ընդունելի և գերադասելի գործիք, կոնկրետ այս պարագայում առաջացնելու է դրանց հակառակ արդյունք: Վերոգրյալի հաշվառմամբ գործող իշխանությունից պահանջում ենք արհեստականորեն չստեղծել ազգային անվտանգության նոր մարտահրավերներ, մասնավորապես՝ չվտանգել քաղաքացիների կյանքն ու առողջությունը, չսահմանափակել ժողովրդի կամքի ազատությունը և նրան չներքաշել բացառապես իր պատճառով ձախողման եզրին հասած խնդիրների լուծման մեջ, այլ վերջապես ստանձնել հեղափոխության մանդատով իրեն տրված հանձնարարությունը և այդ մանդատի լիազորությամբ. 1) չեղարկել հանրաքվեն և լուծել ՍԴ հարցը՝ Ազգային ժողովի որոշմամբ կատարելով ներկայումս հանրաքվեի դրված սահմանադրության նույն հոդվածի փոփոխություն և/կամ նշանակելով ՍԴ դատավորներ և/կամ կիրառելով այլ տարբերակ, 2) հրաժարվել նախորդ հանցավոր ռեժիմների իրավահաջորդությունից, Ազգային ժողովի որոշմամբ իրավաքաղաքական գնահատական տալ նրանց գործունեությանը և ճանաչել պետության զավթման և իշխանության յուրացման փաստը,3) հիմք ընդունելով իրավաքաղաքական գնահատականը՝ կազմակերպել անցումային արդարադատություն, այդ թվում. - քրեական արդարադատություն (Հայկական Նյուրնբերգ), դրա շրջանակներում պատասխանատվության կանչելով նաև որպես պետության զավթման և իշխանության յուրացման գործիք ծառայած ՍԴ անդամներին, - լյուստրացիա՝ քաղաքական, տնտեսական և գործակալական, այդ թվում արգելելով նախկին ռեժիմի մաս կազմած կուսակցությունների գործունեությունը և դրանց պարագլուխների հանրային գործունեությունը, 4) ոչ առկա կեղծ ու ապօրինի սահմանադրությանը համապատասխան, այլ իշխանության աղբյուր ժողովրդի իրավունքի ուժով և միջազգային փորձի տեղայնացմամբ մինչև տարեվերջ կազմակերպել համաժողովրդական մասնակցությամբ նոր Սահմանադրության մշակման և հանրաքվեի գործընթաց»:
16:05 - 06 մարտի, 2020
ՊՊԾ գնդի գրավման գործով վկա  Էդգար Սողոմոնյանը հայտարարել է, որ Արմեն Բիլյանին կրակելուց չի տեսել |shantnews.am|

ՊՊԾ գնդի գրավման գործով վկա Էդգար Սողոմոնյանը հայտարարել է, որ Արմեն Բիլյանին կրակելուց չի տեսել |shantnews.am|

shantnews.am: ՊՊԾ գնդի գրավման գործով վկա, քրեական գործից անջատված մասով մեղադրյալ Էդգար Սողոմոնյանը, որը նախորդ նիստին ներկայացել էր դատարան, բայց հրաժարվել էր պատասխանել դատավորի ու կողմերի հարցերին, այսօր ևս դատարանում էր և ցանկություն հայտնեց ցուցմունք տալ:     Էդգար Սողոմոնյանը նշեց, որ չի ցանկանում խոսել առանց իր պաշտպանյալի և խնդրեց հանրային պաշտպան ներգրավել: Դատարանը որոշում կայացրեց դատարան հրավիրել Ավետիսյանին, որը նախորդ նիստին պաշտպանում էր Էդգար Սողոմոնյանի շահերը: Ընդմիջում հայտարարվեց, մինչ պաշտպանը կներկայանար դատարան: Ավետիսյանի ժամանելուց հետո Էդգար Սողոմոնյանը փոխեց իր՝ նախկինում տված ցուցմունքը: «Արմեն Բիլյանի ձեռքին զենք չեմ տեսել, հետս մի քիչ լարվածություններ են եղել, բայց ես իրականում չեմ տեսել Արմեն Բիլյանին կրակելուց։ Ես ինքնակամ ցուցմունք եմ տալիս, ուղղակի իմ խղճի համար, խիղճս տանջում էր և որոշեցի խոսել, ոչ ոք ինձ չի ասել։ Ես այն ժամանակ վախի զգացում եմ ունեցել. մի խոսքով, ես այդ ցուցմունքից հրաժարվում եմ և բոլորի մոտ ասում` ես Բիլյանին կրակելուց չեմ տեսել»,- ասաց Էդգար Սողոմոնյանը: Այդ ցուցմունքից հետո Արմեն Բիլյանը շնորհակալություն հայտնեց նրան։ Էդգար Սողոմոնյանը նաև ասաց դատարանին, որ ցուցմունք տալիս իր վրա ճնշումներ են եղել, բայց ֆիզիկական բռնություն չի եղել: Դատավորի հարցերին, թե ինչ ճնշումների մասին է խոսքը, Էդգար Սողոմոնյանը այդպես էլ չկարողացավ պատասխանել, միայն ասաց, որ ճնշումներ են եղել:
19:05 - 19 փետրվարի, 2020
Դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության իրավահաջորդային քաղաքականությունը, առաջին հերթին՝ Արցախի հարցում․«Սասնա Ծռեր» կուսակցություն

Դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության իրավահաջորդային քաղաքականությունը, առաջին հերթին՝ Արցախի հարցում․«Սասնա Ծռեր» կուսակցություն

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Արցախը որպես ՀՀ մաս դիտելն է երաշխավորում մեր անվտանգությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած իր աշխատանքային այցի ընթացում Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամում տեղի ունեցած քննարկման ժամանակ կրկնել է նախորդ ապազգային ռեժիմների օրոք որդեգրված տեսակետները։Մասնավորապես՝ պարոն Փաշինյանը, իր պատասխանները բխեցնելով Արցախի կեղծ անկախության և սուբյեկտացման մոտեցումից, Արցախի ազատագրված տարածքները ներկայացրել է որպես ընդամենը անվտանգության գոտի, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ որպես իբրև թե անկախ Արցախի անվտանգության երաշխավոր։Այս մեկնակետից ներկայացնելով իր պատկերացումները, նա գլխիվայր շուռ է տալիս և մեր ազգային շահերին հակառակ դիրքից է ներկայացնում Արցախի հարցի լուծման համատեքստն ու տրամաբանությունը՝ տարանջատելով Արցախը Հայաստանի Հանրապետությունից և Արցախի անվտանգությունը՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությունից։Նա ևս իր նախորդների նման հավատարիմ է մնում Լենին-Աթաթուրք զավթիչ դաշինքով և ստալինյան սահմանադրությամբ ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությանը և ներկայիս Հայաստանի Հանրապետությունը համարում է Հայկական ԽՍՀ-ի, այլ ոչ թե 1-ին Հանրապետության իրավահաջորդ, որի մաս են կազմել նաև Արցախն ու Նախիջևանը։ Միևնույն ժամանակ՝ նա անտեսում է նաև Արցախի վերամիավորման վերաբերյալ 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը, որը Հայաստանի անկախության մասին 1990 թ. օգոստոսի 23-ի հռչակագրի հիմքերից մեկն է։Արցախը հայության ամենազգայուն և խոցելի հարցն է, ուստի դրա համատեքստում առավելագույնս նկատելի է դառնում, որ պարոն Փաշինյանի իշխանության կողմից ազգային հեղափոխության փոխարեն նախորդների իրավահաջորդությունն ընտրելը փակուղային է և խիստ վտանգավոր, ինչը հեռանկարում հանգեցնելու է ազգային աղետի։Այդ պատճատով դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության իրավահաջորդային քաղաքականությունը, առաջին հերթին՝ Արցախի հարցում։Փաստում ենք, որ հայոց պետականությունը չի կարող գոյատևել Լենին-Աթաթուրք զավթիչ դաշինքի և ստալինյան սահմանադրության ձևավորած տարածաշրջանային ճարտարապետության մեջ, այն էլ՝ ներկայիս երկատված վիճակում։ Նաև այն պատճառով, որ նման վիճակը հղի է անհավասար պատերազմի և ազգային աղետի սպառնալիքով։Հայոց պետականության և միացյալ ազգային անվտանգության երաշխավորման միակ ուղին Հայաստանի 1-ին Հանրապետության իրավահաջորդության որդեգրումն է։Դա մեզ հնարավորություն կտա, մասնավորապես, ապացուցված համարելու, որ Արցախյան ազատագրական պատերազմի շնորհիվ տեղի ունեցած մասնակի դեօկուպացիայի միջոցով մասամբ վերականգնվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը և Արցախը ՀՀ անբաժանելի մաս է։ Այդպես մենք նաև միջազգային-իրավական շրջանառության մեջ կդնենք ներկայիս Ադրբեջանի տարածքի և սահմանների անորոշության հարցը։Միայն այս երկու հանգամանքները բավարար կլինեն, որպեսզի միջազգային ասպարեզում ի շահ Հայաստանի և հայության արմատապես փոփոխվի Հայաստանի Հանրապետության (Արցախը ներառյալ) և Ադրբեջանի Հանրապետության միջև առկա հակամարտության համատեքստն ու տրամաբանությունը, ինչն էլ կդառնա մեր ազգային անվտանգության ապահովման հիմնարար երաշխիք։Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն»։
19:47 - 14 փետրվարի, 2020