Շիրակի մարզ

Շիրակի մարզը պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Մարզկենտրոնը Գյումրին է՝ ՀՀ 2-րդ քաղաքը։ Գործող մարզպետը Հովհաննես Հարությունյանն է։

Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո, սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

Պեմզաշենի գործով մեղադրվողները խնամքին անչափահաս երեխաներ ունեն |factor.am|

Պեմզաշենի գործով մեղադրվողները խնամքին անչափահաս երեխաներ ունեն |factor.am|

factor.am: Պեմզաշենում երկու անչափահաս երեխայի և վերջիններիս մորը սպանելու մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանը խնամքին երեք անչափահաս երեխա ունի, Արկադի Բարսեղյանը` մեկ երեխա: Այս մասին նրանք հայտարարեցին գործի քննության մեկնարկին, երբ դատարանը պարզում էր մեղադրյալների ինքնությունը: Վրույր Բարսեղյանի կրթությունը 6-ամյա է, Արկադի Բարսեղյանինը` միջնակարգ: Վերջինս դատարանում հայտարարեց, որ արդար դատաքննություն է պահանջում: «Ես այդ մարդկանց չեմ տեսել»,- ասաց Արկադի Բարսեղյանը: Այսօր այս գործով նախնական դատալսումներն են, որի շրջանակներում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաև գործի ընդդատության հարցը, այսինքն` այն հարցը, թե արդյոք գործի քննությունը պետք է Երևանի՞, թե Շիրակի մարզի դատարանում իրականացվի: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ գործով 25 վկաներից 21-ը Շիրակի մարզից են: Դատախազ Արեգ Խաչատրյանը, տուժողի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը և մեղադրյալ Արկադի Բարսեղյանը չառարկեցին, որ գործը տեղափոխվի Շիրակի մարզ, սակայն Վրույր Բարսեղյանը պնդեց, որ գործը Երևանում քննվի: Գործի ընդդատությունը որոշելու հարցում մեղադրյալների դիրքորոշումը որոշիչ է, և եթե մեղադրյալներից մեկն առարկում է, այն պետք է քննվի Երևանում: Գործի քննությունն այժմ շարունակվում է: Դրա շրջանակներում Արկադի Բարսեղյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին դատախազ Արեգ Խաչատրյանի դեմ` նշելով թե գործով թերի, մեղադրական ուղղվածությամբ քննություն է իրակայանցվել: Վրույր Բարսեղյանի պաշտպանն ու դատավարության մյուս մասնակիցներն առարկեցին միջնորդության դեմ` նշելով թե այն անհիմն է: Դատարանը մերժեց միջնորդությունը:
14:50 - 09 նոյեմբերի, 2023
Կեղծ թղթադրամ իրացնողներից մեկը հայտնաբերվել է, մյուսը ներկայացել է ոստիկանություն

Կեղծ թղթադրամ իրացնողներից մեկը հայտնաբերվել է, մյուսը ներկայացել է ոստիկանություն

Նոյեմբերի 8-ին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ որպես տաքսի շահագործվող «Տոյոտա» մակնիշի մեքենայով նոյեմբերի 7-ին Շիրակի փողոց է տեղափոխել մի ուղևորուհու, որը վճարել է 5000 կեղծ թղթադրամ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։  Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումներով պարզել են ուղևորուհու ինքնությունը: 26-ամյա կինը հայտնաբերվել և տեղափոխվել է նախաքննական մարմին: Նոյեմբերի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն նմանատիպ մեկ այլ հաղորդում էր ստացվել: Քաղաքացին հայտնել էր, որ Սևանի փողոցում անհայտ անձը իրեն կեղծ 5000-դրամանոց է տվել:Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ քաղաքացուն կեղծ թղթադրամը տվել էր 26-ամյա երիտասարդը: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է բաժին և խոստովանել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն:
12:28 - 09 նոյեմբերի, 2023
Գյումրիում շունը հարձակվել է 74 տարեկան կնոջ վրա
 |armenpress.am|

Գյումրիում շունը հարձակվել է 74 տարեկան կնոջ վրա |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում շունը հարձակվել է 74-ամյա Ցողիկ Գրիգորյանի վրա։ Կինը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին՝ Գյումրու Անի թաղամասում, Պ.Սեւակի փողոցում գտնվող ոստիկանության շենքի հարեւանությամբ։ Ներկայացնելով տարեց կնոջ վիճակը՝ նրա թոռնուհին՝ Ասպրամ Գրիգորյանը տեղեկացրեց, որ  կինն ունի  ակնափոսի կոտրվածք ու խորը բաց վերքեր։ Կինը տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ «Բժիշկների հսկողության տակ է հիմա, վիճակը դեռ պարզ չէ՝ կոտրված է ակնափոսը․ եթե թարախակալվի, այսօր կամ վաղը վիրահատելու են, իսկ դա կնշանակի ոսկորի հեռացում։ Ճիշտ է, գիտակցություն ունի, բայց ցավերը շատ են, այլ վնասվածքներ ևս ունի»,- պատմեց կնոջ թոռնուհին՝ տեղեկացնելով, որ մի քանի ամիս առաջ էլ նույն թաղամասում շները իր տատիկի ոտքն էին վնասել։ «Ուզում եմ այնպես անել, որ ի վերջո քաղաքապետարանը իմանա ինչ է կատարվում ու սկսի զբաղվել այս հարցով»,-հավելեց Ասպրամ Գրիգորյանը:
11:27 - 04 նոյեմբերի, 2023
13-ամյա տղայի կողմից «ՏԻՐ» հրացանով կրակելու հետևանքով տուժած 11-ամյա երեխայի վիճակը գնահատվում է ծանր

13-ամյա տղայի կողմից «ՏԻՐ» հրացանով կրակելու հետևանքով տուժած 11-ամյա երեխայի վիճակը գնահատվում է ծանր

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն մանրամասներ է ներկայացրել 13-ամյա տղայի կողմից «ՏԻՐ» տեսակի հրացանով կրակելու հետևանքով վնասվածք ստացած 11-ամյա երեխայի առողջական վիճակից: ««Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 11-ամյա աղջիկ երեխա, որը տուժել է 13-ամյա տղայի կողմից «ՏԻՐ» տեսակի հրացանով կրակելու հետևանքով: Երեխան բուժկենտրոն է տեղափոխվել Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցից, որտեղ հետազոտության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է աջ թոքի հատվածում օտար մարմին: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում արված համակարգչային շերտագրության արդյունքում պարզվել է, որ նա ունի աջ թոքի սալջարդ՝ աջից երրորդ կողի կոտրվածքի ողի տարածությունում օտար մարմին՝ փամփուշտ, ինչպես նաև՝ կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ: Աջ պլևրալ խոռոչի դրենավորումից հետո խորհուրդ է տրվել մնալ հսկողության տակ։ Վիրահատական միջամտության կարիք այս պահին չկա։ Վիճակն այս պահին գնահատվում է ծանր, բայց կայուն»,- ասված է հաղորդագրության մեջ։ NEWS.am-ի հետ զրույցում Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը պատմել է, որ երեխաներից մեկը տանից հանել է «Տիր» հրացանը, իր հետ տարել բակ․ «Խաղահրապարակում երեխան զենքը դրել է գետնին, երեխաներից մեկը վերցրել եւ անզգուշությամբ կրակել է խաղացող աղջիկ երեխաներից մեկի վրա»։
19:44 - 01 նոյեմբերի, 2023
Պարզվել են Պեմզաշենում մոր եւ երեխաների սպանության բոլոր հանգամանքները. նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Պարզվել են Պեմզաշենում մոր եւ երեխաների սպանության բոլոր հանգամանքները. նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Ավարտվել է Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող կամ, կյանքից զրկելու, կամ առողջությանը վնաս պատճառելու համար գործիք պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ, հետևողական և համակողմանի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի բոլոր հանգամանքները: Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի բնակիչ Ա.Բ.-ն, ով 2022թ. հոկտեմբերի 28-ին Ռուսաստանի Դաշնությունից ժամանել է Պեմզաշեն, նույն բնակավայրի բնակչուհի Զ.Մ.-ին իր հետ արտամուսնական կապ ունենալու առաջարկություն է արել, սակայն վերջինս մերժել է: Ա.Բ.-ն, ով մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել Զ.Մ.-ի ամուսնու հետ, տեղեկացել է, որ կինը նպատակադրվել է այդ մասին տեղեկացնել ամուսնուն: Մտավախություն ունենալով, որ վերջինս կիմանա իր անպարկեշտ առաջարկի մասին, քաջ գիտակցելով տվյալ տեղեկատվության բարձրաձայնման արդյունքում իրենց համայնքում իր հեղինակազրկումը, այդ ամենը թույլ չտալու և կանխելու նպատակով, ընկերոջից, ով հանդիսանում է Զ.Մ.-ի ամուսնու հորեղբորորդին, ճշտումներ է կատարել Զ.Մ.-ի ամուսնու՝ ՀՀ վերադառնալու մոտավոր օրվա մասին և իր ազգական, նույն բնակավայրի բնակիչ Վ.Բ.-ի հետ հանդիպման ընթացքում, նախապես տեղեկացված լինելով վերջինիս սոցիալական վատ վիճակի մասին և օգտվելով այդ հանգամանքից, տեղեկացրել է նրան Զ.Մ.-ի տանը ենթադրաբար գումար լինելու, ինչպես նաև՝ վերջինիս ամուսնու՝ ՀՀ վերադառնալու և դրանով պայմանավորված՝ կնոջը լռեցնելու՝ սպանելու մասին: Զ.Մ.-ի տուն ապօրինի մուտք գործելու և բռնության գործադրմամբ գումար հափշտակելու՝ ավազակություն կատարելու, ինչպես նաև՝ նրան սպանելու հարցում Վ.Բ.-ն և Ա.Բ.-ն ձեռք են բերել համաձայնություն և դեպքի օրը՝ 2022 թվականի նոյեմբերի 9-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, նախապես իրենց հետ վերցնելով փականը բացելու համար հարմարեցված առարկա (բանալի), հակավորման թել և ծալովի դանակ, ավտոմեքենայով շրջանցելով բնակավայրում տեղադրված տեսախցիկները, Զ.Մ.-ի տան մոտ սպասել են։ Համոզվելով, որ տան լույսերը մարված են, նրանք բացել են տան բակի չկողպված դարպասի դուռը, որից հետո Ա.Բ.-ն հարմարեցված բանալիով բացել է նաև տան մուտքի դուռը՝ ապօրինի մուտք գործելով տուն: Երբ միջանցքում Զ.Մ.-ն նկատել է նրանց, Ա.Բ.-ն բռունցքով հարվածել է կնոջ գլխին, և վերջինս, գիտակցությունը կորցնելով, ընկել է հատակին, որից հետո Վ.Բ.-ն և Ա.Բ.-ն, շահադիտական նպատակով, իրենց կողմից կատարված ավազակությունը, Ա.Բ.-ի կողմից կնոջն անպարկեշտ առաջարկ անելու հանգամանքը թաքցնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, դանակով հարվածներ են հասցրել Զ.Մ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Զ.Մ.-ի բղավոցներից միջանցք են եկել վերջինիս անչափահաս երեխաները՝ 07.12.2010թ. ծնված դուստրը և 12.06.2014 թվականին ծնված որդին: Տեսնելով երեխաներին՝ Վ.Բ.-ն և Ա.Բ.-ն հակավորման թելով նախ կապել են տղայի ոտքերը և ձեռքերը, ապա՝ աղջնակի ձեռքերը, ինչից հետո նաև կապել են Զ.Մ.-ի ձեռքերը և վերջինիս քարշ տալով տեղափոխել են ննջասենյակ։ Այնտեղ երեխաների ներկայությամբ, հաշվի առնելով Զ.Մ.-ի ողջ լինելու հանգամանքը, առանձին դաժանությամբ շարունակել են դանակով հարվածներ հասցնել վերջինիս։ Ընդհանուր առմամբ ստացած 11 մարմնական վնասվածքների արդյունքում կինը մահացել է: Վ.Բ.-ն և Ա.Բ.-ն, համոզված լինելով, որ անչափահաս տղա երեխան ճանաչել է իրենց, կատարվածը թաքցնելու նպատակով, առանձին դաժանությամբ սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դեռևս չմահացած Զ.Մ.-ի և վերջինիս անչափահաս դստեր ներկայությամբ խմբով, միմյանց գործողությունները փոխլրացնելով, դանակով հարվածներ են հասցրել անօգնական՝ ոտքերը և ձեռքերը կապված վիճակում գտնվող տղա երեխայի մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ կենսական նշանակություն ունեցող օրգաններին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի կտրած-ծակած մարմնական վնասվածքներ՝ այդ կերպ առանձին դաժանությամբ սպանելով անչափահաս երեխային: Քննությամբ նաև փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Բ.-ն, Զ.Մ.-ին և վերջինիս որդուն սպանելուց հետո, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի անօգնական վիճակն օգտագործելով, հագուրդ տալով իր սեռական ցանկություններին, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, որից հետո, համոզված լինելով, որ աղջնակը ճանաչել է իրենց, Վ.Բ.-ն և Ա.Բ.-ն իրենց կողմից կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, դիտավորությամբ, դանակով երկու հարված են հասցրել անչափահաս աղջնակի կրծքավանդակի և որովայնի շրջաններում՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի կտրած-ծակած թափանցող մարմնական վնասվածքներ՝ այդ կերպ սպանելով երեխային: Ավարտին հասնելով իրենց հրեշավոր մտադրությունները՝ ուրիշի գույքն ապօրինի ձեռք բերելու դիտավորությամբ, կնոջ դիակի վրայից՝ պարանոցից ու մատից, ինչպես նաև ննջասենայկի պահարանից հափշտակել են ընդհանուր 940.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա շղթա, ոսկյա խաչ, երեք հատ ոսկյա մատանի, 5000 ՌԴ ռուբլի, 20 Եվրո և մոտ 60.000 ՀՀ դրամ գումար և հեռացել տանից: Բացի այդ, Վ.Բ.-ն, ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ, ձեռք է բերել կտրող և կյանքից զրկելու ու առողջությանը վնաս պատճառելու համար նախատեսված ածելու շեղբ, ինչպես նաև՝ կրակայրիչի երկաթյա մասից սուր եզր ունեցող առարկա, այն պահել է իր կացարանում գտնվող մահճակալի ոտնակի տակ, որն էլ հայտնաբերվել է քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից կատարված խուզարկության ժամանակ: Ձեռք բերված փաստերը հիմնավորվել են նաև վարույթի շրջանակներում նշանակված բազմաթիվ փորձաքննություններով։ Վ.Բ.-ի վերաբերյալ նշանակված ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ վերջինս ճանաչվել է մեղսունակ: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա.Բ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ, 10-րդ, 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 13-րդ կետերով (2 դրվագ), և 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Վ.Բ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ, 10-րդ, 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 198-րդ հոդվածի 4-րդ մասով և 512-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
11:18 - 25 հոկտեմբերի, 2023
Վահան Քերոբյանը Գյումրիում ծանոթացել է Բարեկամության այգու սմարթ լուծումներով վերակառուցման աշխատանքների ընթացքին

Վահան Քերոբյանը Գյումրիում ծանոթացել է Բարեկամության այգու սմարթ լուծումներով վերակառուցման աշխատանքների ընթացքին

Նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 17-ին այցելել է Գյումրի՝ ծանոթանալու Բարեկամության այգու սմարթ լուծումներով վերակառուցման և բարեկարգման ընթացիկ աշխատանքներին։ Նախարարը շրջայց է կատարել Բարեկամության այգում և հետևել Կառավարության աջակցությամբ իրականացված և արդեն ավարտված շինարարական աշխատանքների արդյունքներին։ «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրերի ղեկավար Ելենա Մուրադյանը շրջայցի ընթացքում նախարարին ներկայացրել է զբոսայգում ներկայումս ընթացող վերականգնման աշխատանքները և երկրորդ փուլով նախատեսված օբյեկտների տեղադրման առաջիկա ծրագրերը։ Գյումրու Բարեկամության այգու վերակառուցման ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես մասնավոր-հանրային համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման անդրանիկ մոդել Գյումրիում։ ՀՀ կառավարությունը 1,7 մլն դոլարով մասնակցել է զբոսայգու տարածքի և հարակից փողոցների արտաքին ինժեներական ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներին։
11:53 - 18 սեպտեմբերի, 2023
Հանրահավաքին ընդառաջ «անհայտացած մարզպետները»․աշխատավայրում չէ, գործուղման է, արձակուրդում է, նոր է դուրս եկել, չի պատասխանում

Հանրահավաքին ընդառաջ «անհայտացած մարզպետները»․աշխատավայրում չէ, գործուղման է, արձակուրդում է, նոր է դուրս եկել, չի պատասխանում

Համացանցում ինչպես տարբեր օգտատերեր, այնպես էլ դիտորդական առաքելությունները ահազանգում են այն մասին, որ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ վարչական ռեսուրս է կիրառվում։ Շրջանառվում են տեղեկություններ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօրվա երթին եւ քարոզարշավին ներկա են լինելու տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ ինչպես Երեւանից, այնպես էլ մարզերից։ Infocom.am-ը մինչ աշխատանքային ժամի ավարտը՝ 17:25-ից սկսած, զանգահարեց Հայաստանի մարզերի ղեկավարների աշխատանքային հեռախոսահամարներին՝ պարզելու արդյո՞ք նրանք աշխատավայրում են։ Որեւէ մարզպետի աշխատանքային համարով մարզպետների հետ կապ հաստատել չհաջողվեց։ Ստորեւ ներկայացնում ենք, թե ժամը քանիսին որ մարզպետարանից ինչ պատասխաններ ենք ստացել։17:25 - Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանի եւ Վահան Զարոյանի աշխատանքնային հեռախոսահամարներին զանգերը պատասխան չեն ստացել։ Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը մեր զրույցում ասաց, որ մարզպետն արձակուրդում է, տեղում չէ։ Միաժամանակ նա նշեց, որ մարզպետը քիչ առաջ է դուրս եկել․ «Այս պահին կառավարությունում է, թե մարզում՝ չեմ կարող ասել»,- ասաց Խլղաթյանը՝ հավելելով, որ այդ պահին մարզպետի տեղակալներն էլ տեղում չեն, բայց արձակուրդում էլ չեն, գործուղման մեջ են, նրա խոսքով՝ աշխատանքային այցով մարզում։ 17:31 - Արմավիրի մարզպետի օգնականը պատասխանեց, որ մարզպետը տեղում չէ, նա այսօրվանից երկու շաբաթով գնացել է արձակուրդ։ 17։36 - Կոտայքի մարզպետարանից հաղորդեցին, որ մարզպետը տեղում չէ եւ չգիտեն՝ այսօր կվերադառնա աշխատավայր, թե ոչ։ 17:38 - Լոռու մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց մարզպետարանի աշխատակիցը՝ ասելով, որ մարզպետը տեղում չէ, եւ ինքը չգիտի՝ վերջինս որտեղ է եւ երբ կվերադառնա։ Նա նշեց, թե «հավանաբար գործուղման է», բայց չգիտի՝ որտեղ։ Աշխատակիցը խնդրեց մինչեւ աշխատանքային ժամի ավարտը եւս մեկ անգամ փորձել, գուցե մարզպետը վերադարձած լինի, սակայն 17:52 մարզպետը դարձյալ տեղում չէր։ 17:40 - Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց ընդունարանի աշխատակիցը։ Հարցին՝ պարոն Ղուկասյանի հետ կարո՞ղ ենք խոսել, նա պատասխանեց՝ մարզպետը խորհրդակցության է, թե երբ է ավարտելու՝ հայտնի չէ։ Նա տրամադրեց օգնականի համարը։ Ղուկասյանի օգնականը՝ Մարգարիտան, սակայն, մեր զրույցում ասաց, որ մարզպետն այսօր Երեւանում է եւ մարզ կվերադառնա վաղը։ Հարցին՝ մարզպետը գործուղմա՞ն է, օգնականն ասաց՝ ոչ, ճշտող հարցին՝ գուցե անձնակա՞ն հարցերով է Երեւանում, օգնականը դրական պատասխանեց։ 17:45 - Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց գործավարը։ Նա նշեց, որ Մուրադյանը հանդիպման է, դուրս է եկել ու տեղում չէ։ Նա շեշտեց, որ աշխատանքային ժամը տասը րոպեից ավարտվում է, ուստի այսօր նրա հետ խոսել չի լինի։ Աշխատակիցը տրամադրեց մարզպետի օգնական Անժելայի համարը՝ նշելով, որ այս պահին օգնականն էլ չի կարող պատասխանել։ Հարցին՝ կարո՞ղ ենք խոսել մարզպետի տեղակալների հետ, աշխատակիցը պատասխանեց, որ տեղակալներից Աննա Մարտիկյանը երկրում չէ, մյուս տեղակալն էլ՝ Ալբերտ Այվազյանը, «նրանց հետ է»։ Ճշտող հարցին՝ մարզպետի հե՞տ, աշխատակիցը դրական պատասխանեց։ Հարցին՝ մարզո՞ւմ է հանդիպման, աշխատակիցը նշեց, որ այսքանից ավելին պատասխանել չի կարող՝ կասկած հայտնելով նաեւ, որ գուցե զանգահարողն այն անձը չէ, որ ներկայանում եմ (զանգի սկզբում լրագրողը հնչեցրել է իր իրական անունը, նշել լրատվամիջոցի անունը՝ infocom.am)։ Մարզպետի օգնականը՝ Անժելան, 17:50-ին պատասխանեց զանգին։ Նա ասաց, որ մարզպետի հետ չէ, հարցը կարող ենք իրեն հղել։ Արդյոք մարզպետը մարզո՞ւմ է, Անժելան պատասխանեց, որ տեղյակ չէ եւ չի կարող մարզպետի անձնական հեռախոսահամարը տրամադրել։ Քանի որ մեր զրուցակցի կողքից մարդկանց աղմուկի ձայներ էին, օգնականից հետաքրքրվեցինք՝ աշխատավայրո՞ւմ է, նա պատասխանեց, որ դրսում է։ Ճշտող հարցին՝ դրսում՝ Երեւանո՞ւմ, օգնականը պատասխանեց, որ ոչ եւ հիմա կբարձրանա աշխատասենյակ։ 17:48 - Տավուշի մարզպետարանի աշխատակիցը հաղորդեց, որ մարզպետը տեղում չէ, ինքն էլ չի կարող ասել՝ այսօր կվերադառնա՞, թե՞ ոչ, որովհետև աշխատանքային այցով մարզի տարածքում է, «քիչ առաջ է գնացել»։ 17:31, 17:55 - Արարատի մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին զանգերն անպատասխան մնացին։ 17:36, 17:57 - Արագածոտնի մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին զանգերն անպատասխան մնացին։Լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան էջից
19:13 - 15 սեպտեմբերի, 2023
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային նոր կենտրոնի բացման արարողությանը

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային նոր կենտրոնի բացման արարողությանը

Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնն այսուհետ նոր շենքային պայմաններում մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ կտրամադրի շուրջ 55 հազար շահառուի։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՍՀՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում այսօր մասնակցել է նոր կենտրոնի բացման արարողությանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ուղեկցությամբ շրջել է կառույցում, ծանոթացել շենքային պայմաններին, ծառայությունների մատուցման հնարավորություններին։ Կենտրոնի հիմնումը, որի համար ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի համագործակցությամբ հատկացվել է շուրջ 392 մլն դրամ, բնակիչներին հնարավորություն կտա մեկ հարկի ներքո օգտվել զբաղվածության, սոցիալական ապահովության, անձի ֆունկցիոնալության գնահատման և սոցիալական աջակցության ոլորտների ծառայություններից։ Տարածքային կենտրոնի շինաշխատանքները մեկնարկել էին 2020 թվականի փետրվար ամսից։
10:03 - 07 սեպտեմբերի, 2023
Վարչապետին են ներկայացվել Շիրակի մարզպետի աշխատակազմի 2022թ. աշխատանքային գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ ծրագրերը

Վարչապետին են ներկայացվել Շիրակի մարզպետի աշխատակազմի 2022թ. աշխատանքային գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Գյումրիում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և պաշտոնատար այլ անձինք: Համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի վերաբերյալ նշվել է, որ աճը 2021 թվականի համեմատ 2022 թ.-ին կազմել է 16.3 տոկոս. 2022թ.-ին փաստացի հավաքագրվել է 3 մլրդ 346.3 մլն դրամ: Տեղեկատվություն է ներկայացվել 2018-2022թթ. իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասին, ըստ որի` հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 203 ծրագիր, 435 ենթածրագիր: Այդ ժամանակահատվածում իրականացված 175 ծրագրերի համար, ընդհանուր առմամբ, հատկացել է 8.9 մլրդ դրամ: Մասնավորապես, իրականացվել են հետևյալ սուբվենցիոն ծրագրերը՝ ջրամատակարարում/ջրահեռացում, ասֆալտապատում, գազիֆիկացում, մանկապարտեզների, հասարակական շենքերի նորոգում, մեքենասարքավորումների ձեռքբերում և այլն: 2023 թվականի համար հաստատվել է 32 ծրագիր, 130 ենթածրագիր՝ 9 մլրդ 500 մլն դրամի: Մարզում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 210 հազար 976 հա, որից 15 հազար հա-ն՝ ոռոգվող: 76 հազար հեկտար ցանքատարածություններից մշակվել է 46 հազար 084 հա հողատարածք, ինչը 5 հազար հեկտարով ավելի է 2021 թվականի համեմատ: Հաշվետու ժամանակահատվածում մարզում իրականացվել են, մասնավորապես՝ 3,8 մլրդ դրամի վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, 1 մլրդ 302 մլն դրամի ցորենի արտադրության ծրագիր, 32 մլն դրամի տավարաբուծության ծրագիր, 123.4 մլն դրամի գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ և այլն: Նախորդ տարվա ընթացքում ապահովագրվել է 1700 հեկտար այգի, 2021-ի 1400 հա-ի համեմատ: Քաղաքաշինության ոլորտում 2022 թվականի ընթացքում պետական բյուջեի միջոցներով և այլ ֆինանսական աղբյուրներով իրականացվել են 23 մլրդ 725 մլն դրամի կապիտալ ներդրումներ: Մասնավորապես՝ բնակարանաշինության ոլորտում իրականացվել է 2.7 մլրդ դրամի ներդրում, կրթական, մշակութային և մարզական օբյեկտների շինարարություն՝ 2.9 մլրդ դրամի, ջրամատակարարում և ջրահեռացում՝ 1.9 մլրդ դրամի, ճանապարհաշինություն՝ 7.8 մլրդ դրամի, գազամատակարարում՝ 486.7 մլն դրամի և այլն: Հաշվետու ժամանակահատվածում ճանապարհաշինության ոլորտում իրականացվել են 62 կմ միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ, որից 51.78-ը՝ հանրապետական նշանակության: Ընթացքի մեջ է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը, ընթացքի մեջ են Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի կառուցման շինաշխատանքները: Մարզում գործում է 27 բժշկական հաստատություն, որից 6-ը մատուցում է հիվանդանոցային, 22-ը՝ արտահիվանդանոցային ծառայություն, 1-ը՝ շտապ բուժական օգնության կայան է։ Բժշկական հաստատություններից 15-ը գտնվում է լավ վիճակում, վերանորոգման կարիք ունի 7-ը, իսկ վերակառուցման կարիք՝ 5-ը: Վերջիններս վերակառուցման աշխատանքներն ընդգրկված են Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում և այդ նպատակով կհատկացվի ավելի քան 2 մլրդ դրամ: Շիրակի մարզում գործում է նախադպրոցական կրթության 124 հաստատություն, որտեղ հաճախում է 5425 երեխա: 2018-2022 թթ. կառուցվել է 6, նորոգվել 2, վերակառուցվել 11, հիմնանորոգվել 1 մանկապարտեզ: 2023 թ. կառուցվում է 9, նորոգվում 10, վերակառուցվում 1, հիմնանորոգվում 7 մանկապարտեզ: Տարածքի բարեկարգման աշխատանքներ են իրականացվում 10 մանկապարտեզում, գույք է ձեռք բերվել 23 մանկապարտեզի համար: Մարզում առկա դպրոցներից 49-ի շենքային վիճակը գնահատվում է բավարար, իսկ 91-ն ունի վերանորոգման կարիք: Հիմնանորոգման, կառուցման կարիք ունի 22 դպրոց, մարզադահլիճի կառուցման՝ 32 դպրոց: Նախորդ տարվա ընթացքում սկսվել են երեք մոդուլային դպրոցների կառուցման աշխատանքները: Պարտադիր ատեստավորում է անցել 1124 ուսուցիչ, կամավոր՝ 156: Նախորդ տարվա ընթացքում բարելավվել են 22 դպրոցների շենքային պայմանները: Կառավարության «300 դպրոց և 500 մանկապարտեզ» կառուցելու ծրագրի շրջանակում Շիրակի մարզում ընթացքի մեջ են 5 դպրոցների և 15 մանկապարտեզների կառուցման ծրագրերը: Անդրադարձ է կատարվել Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքներին, որոնց արդյունքում նախատեսվում է ոռոգել 23 հազար հեկտար հողատարածք: Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերաբնակեցնել Ջրաձոր բնակավայրի ընտանիքներ, նոր գյուղի կառուցման շինաշխատանքները մեկնարկել են: Անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջության, մշակույթի և սպորտի բնագավառում զարգացումներին: Զեկուցվել է, որ տարբեր ծրագրերի շրջանակում Շիրակի մարզում կապիտալ ներդրումները հասնում են 60 մլրդ դրամի: Ամփոփելով խորհրդակցությունը` վարչապետը նախ անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտի զարգացումներին: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ բուսաբուծության և անասնապահության նախկին անարդյունավետ ձևերը պակաս մրցունակ են, գյուղացիները պետք է ժամանակակից գյուղատնտեսության ծրագրերից օգտվեն, որոնք իրականացնում է Կառավարությունը: «Մենք պետք է քաջալերենք բարձր գնային սեգմենտի մշակաբույսերի արտադրությունը»,- ասել է գործադիրի ղեկավարը: Վարչապետը կարևորել է նաև սննդի անվտանգության ապահովման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը, սպանդանոցների գործունեության խթանումը: Վարչապետը հետաքրքրվել է նաև գործազուրկների և առկա աշխատատեղերի թվաքանակի վերաբերյալ և հանձնարարել, որպեսզի ակտիվ աշխատանքներ տարվեն վերապատրաստման ծրագրեր իրականացնելու և առկա աշխատատեղերին մարդկանց կարողությունները համապատասխանեցնելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև առողջապահական հիմնարկների ֆինանսական կայունության ապահովման անհրաժեշտությունը: Վարչապետը, խոսելով մանկապարտեզների կառուցման մասին` անհրաժեշտ է համարել հանրապետությունում մսուր մանկապարտեզների ընդլայնումը: «Կրթության, առողջապահության ոլորտում որակյալ ներդրումների իրականացումը մեր առաջնահերթ խնդիրներից մեկն է»,- շեշտել է կառավարության ղեկավարը:
12:14 - 06 սեպտեմբերի, 2023
Գործարկվել է Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը, ուղևորության տևողությունը՝ 1 ժամ 32 րոպե

Գործարկվել է Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը, ուղևորության տևողությունը՝ 1 ժամ 32 րոպե

Այսօրվանից գործարկվեց Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզի աշխատակազմից: Նորաբաց ուղերթի առաջին ուղևորների թվում են եղել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։ Նրանց Վանաձորի կայարանում դիմավորել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, պաշտոնատար այլ անձինք։ «Ուրախալի է, որ 13 տարի ընդմիջումից հետո համատեղ քննարկումներից հետո գործարկվեց Գյումրի-Վանաձոր-Գյումրի երթուղին, այն, կարծում եմ՝ կարևոր է թե՛ Շիրակի, թե՛ Լոռու մարզի բնակիչների համար։ Լիահույս եմ՝ «Հարավկովկասյան երկաթուղին» միջոցներ կձեռնարկի գնացքների արդիականացման, ուղևորությունների հարմարավետության բարձրացման համար»,- նշել է Շիրակի մարզպետը։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից փորձնական գործարկվող ուղերթը կաշխատի ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից։ Գյումրիից Վանաձոր ուղևորության տևողությունը 1 ժամ 32 րոպե է: Գնացքը Գյումրու կառամատույցից մեկնելու է ժամը 07:30-ին՝ Վանաձորի կայարան ժամանելով 09։00-ին: էլեկտրագնացքը Վանաձորի կայարանից հակառակ ուղղությամբ կշարժվի 17:15-ին, Գյումրի կհասնի ժամը 18:47-ին:
12:33 - 01 սեպտեմբերի, 2023
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում մոտ 300 իրանական ընկերություն է բացվել․ Քերոբյան
 |armenpress.am|

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում մոտ 300 իրանական ընկերություն է բացվել․ Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Իրանի երկկողմ առևտրաշրջանառությունը աշխուժացնելու նպատակով Իրանի 7 ազատ առևտրի գոտիների 60 իրանական և 50 հայկական ընկերություններ արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ուղղություններով իրենց արտադրանքներն են ներկայացնում եռօրյա ցուցահանդեսի շրջանակներում, որը բացվել է Երևանում։ Ցուցահանդեսում առանձին տաղավարներով ներկայացված են  զբոսաշրջության, թեթև արդյունաբերության, սննդի արդյունաբերության, մեքենաշինության և տեքստիլ ոլորտների ընկերությունները։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց` ցուցահանդեսի միջոցով հնարավոր կլինի նորովի բացահայտել Իրանի հնարավորությունները հայ ներդրողների համար և Հայաստանի հնարավորությունները` իրանցիների համար։ «Չնայած նախորդ երկու տարում Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը կրկնապատկվել է, սակայն աճի տեմպը դանդաղում է, և պետք է գտնել նոր հնարավորություններ` երկկողմ շրջանառությունը հասցնելու այն թիրախներին, որը նախանշվել է երկու երկրների ղեկավարների կողմից, այն է` 3 մլրդ դոլարի։ Հիմա մոտ 800 մլն դոլար տեմպի վրա ենք գտնվում, որը շատ ավելի քիչ է, քան նախանշել են երկրների ղեկավարները։ Մենք տեսնում ենք, որ ազատ առևտրի գոտիների միջոցով համագործակցությունը նոր թափ կհաղորդի  երկկողմ առևտրաշրջանառությանը»,- նշեց նախարարը: Նա ընդգծեց, որ Հայաստանում իրանցիները 2-րդ ամենախոշոր օտարերկրյա ներդրողներն են` զիջելով միայն ՌԴ-ին։ Միայն այս տարվա առաջին կիսամյակում իրանական մոտ 300 ընկերություն է բացվել Հայաստանում։ Քերոբյանի համոզմամբ` սա լավ տեմպ է, սակայն այն ավելացնելու հնարավորություններ կան։  Նախարարը հիշեցրեց, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև կա ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագիր, որը շուտով վերջնական տարբերակով կստորագրվի։ «Հայաստանը, լինելով միակ ցամաքային կապը Իրանի և ԵԱՏՄ միջև, խիստ շահագրգռված է այս համաձայնագրի կնքմամբ, որը պետք է թույլ տա, որ Հայաստանի դերը Իրանի և ԵԱՏՄ-ի համար ընդլայնվի»,- նշեց նա։  Այժմ ԵԱՏՄ երկրների միջև վերջնականապես համաձայնեցվում են դիրքորոշումները, որից հետո միայն կստորագրվի վերջնական համաձայնագիրը։ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին նշեց՝ Իրանը սկզբունքային քաղաքականություն ունի՝ զարգացնելու բոլոր ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունները: Միջոցառումը վկայում է այս ուղղությամբ տարվող աշխատանքի մասին:  «Իրանը և Հայաստանը ոչ մի մակարդակում և ոչ մի ոլորտում խնդիր չեն ունեցել։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, մեր տարեկան առևտրաշրջանառությունը կազմում է 700 մլն դոլար, սակայն երկու երկրները նպատակ են դրել այն հասցնել մինչև 3 մլրդ դոլարի»,- նշեց դեսպանը։ Նրա համոզմամբ՝ ազատ գոտիների առկայությունը մեծ դերակատարություն ունի առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու առումով, և ցուցահանդեսը կնպաստի  երկկողմ հարաբերությունների դիվերսֆիկացմանը:  Իրանի նախագահի խորհրդական, Իրանի ազատ առևտրի գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքին նշեց՝ սա Հայաստանում կազմակերպված առաջին միջոցառումն է, որտեղ ներկայացված են 7 ազատ գոտիները:  Նա ընդգծեց Իրանի ազատ գոտիների մի շարք առավելությունները, որոնք են՝ զարգացված ենթակառուցվածքների առկայությունը, տարբեր շուկաների հետ կապ հաստատելու հնարավորությունը, մաքսային արտոնությունները և այլն: Նրա խոսքով՝ ազատ գոտիներում ներդրողներ ունեն Չինաստանից, Ռուսաստանից, Ավստրալիայից, Բելգիայից, Իրաքից, Հայաստանից, ԱՄԷ-ից։ Նրա համոզմամբ՝ Իրանի ազատ գոտիներում ներդրումներ անելը շահութաբեր է:   
17:33 - 25 օգոստոսի, 2023
Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին ավտովթարի մասնակից «ԶԻԼ»-ի վարորդը կալանավորվել է |news.am|

Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին ավտովթարի մասնակից «ԶԻԼ»-ի վարորդը կալանավորվել է |news.am|

news.am: Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին  ավտովթարի   մասնակից «ԶԻԼ»-ի վարորդն այս գիշեր կալանավորվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Դատախազությունից: Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 12 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։ Ըստ Քննչական կոմիտեի՝ վթարը տեղի է ունեցել Երեւան քաղաքի ուղղության երթեւեկելի ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ: Նա Գյումրիի ԲԿ-ում շարունակում է իր բուժումը:
12:37 - 25 օգոստոսի, 2023