Ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

ՀՀ ֆինանսների նախարարը Տիգրան Խաչատրյանն է։

Վարչապետն օրակարգից հանեց նորակառույցում եկամտային հարկի վերադարձով բնակարան գնելու հարցի մասին նախագիծը
 |1lurer.am|

Վարչապետն օրակարգից հանեց նորակառույցում եկամտային հարկի վերադարձով բնակարան գնելու հարցի մասին նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտային հարկի վերադարձման համակարգով առաջարկվում է ըստ մարզերի և ըստ տարիների աստիճանաբար կրճատել եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 17-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Առաջարկվում է սահմանել, որ 2027-ի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով չի վերադարձվում [գումարը], եթե գույքը գտնվում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի վար­­չական տարածքներում: 2029 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով չի վերա­դարձվում, եթե անշարժ գույքը գտնվում է այլ մարզերում»,- ասաց նախարարը և հավելեց. «Նախագծով առաջարկվում է նաև սահմանել, որ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի մասով հիփոթեքային վարկի վարկառուին և, առկայության դեպքում, համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի վերադարձման ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 750 հազար դրամը»: Անդրադառնալով նախագծին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ եկամտային հարկի վերադարձի օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո գրանցվել է շինարարության մեծ աճ, հիմա որոշում է կայացվել, որ շինարարության տեմպը շարունակվի նաև հարակից մարզերում: «Նաև արդեն մյուս մարզերի համար այդ սահմանափակումը կգործի 2029 թվականի հունվարի 1-ից այն արձանագրմամբ, որ սահմանամերձ բնակավայրերում՝ մեր ցանկում սահմանված սահմանամերձ բնակավայրերում, այդ սահմանափակումը չի գործի»,- ասաց վարչապետը և հավելեց, որ որոշման տրամաբանությունը տարածքային համաչափ զարգացումը խթանելն է: Վարչապետը նաև հիշեցրեց, որ այս գործիքակազմի ընդունմամբ քաղաքացիների՝ բնակարան ձեռք բերելու գործընթացում առաջընթաց է գրանցվել: «2018 թվականից մինչ օրս ավելի քան 3500 ընտանիք ձեռք է բերել այս գործիքի կիրառմամբ բնակարան, 2018 թվականի համեմատ այդ թիվը մոտավորապես 10 անգամ ավելացել է, և հույս ունենք, որ այս գործիքի կիրառմամբ նաև մարզերում անշարժ գույքի առաջնային շուկան կզարգանա, և բնակարանաշինությունը կխթանվի: 2022-ի արդյունքներով մենք այս հոդվածով շուրջ 35 միլիարդ դրամի վերադարձ ենք իրականացրել ընդհանուր եկամտային հարկի վերադարձը, որի 90 տոկոսը հիփոթեքային վարկի վերադարձի հոդվածով է տեղի ունենում»,- ասաց Փաշինյանը և առաջարկեց ընդունել նախագիծը: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մանրամասնեց՝ 2025-ի հունվարի 1-ից է դադարում ծրագիրը Երևանում: «Մենք սկսել ենք 2022  թվականի հուլիսի 1-ից առաջին գոտու համար սահմանափակումը, 2023-ի հունվարի 1-ից՝ երկրորդ գոտու համար, 2023-ի հուլիսի 1-ից՝ երրորդ գոտու համար, իսկ 2025-ի հունվարի 1-ին կդադարի»,- ասաց նա: Թեմայի շրջանակում քննարկում ծավալվեց, և պարզվեց՝ Երևանում և մարզերում շինթույլտվություն տալու և եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի ժամկետների սահմանափակման առումով անճշտություններ կան: Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը որոշեց օրակարգից հանել հարցը, հանձնարարեց ճշտել բոլոր նրբությունները, որպեսզի «շուկան չդեֆորմացվի»: «Եթե երկու կարգավորումներ են, երկու տարբեր կարգավորումներով չի աշխատի համակարգը: Այսինքն՝ մեր նպատակադրումից կհեռանանք: Հարցը օրակարգից հանվում է»,- ասաց նա:
12:08 - 17 նոյեմբերի, 2023
Հայաստանում միայն արդյունաբերության ոլորտում է գրանցվել անկում, կլինեն հավելյալ միջոցառումներ․ Ֆինանսների նախարար
 |armenpress.am|

Հայաստանում միայն արդյունաբերության ոլորտում է գրանցվել անկում, կլինեն հավելյալ միջոցառումներ․ Ֆինանսների նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում տնտեսական ակտիվության և աճի տեմպերը շարունակում են բարձր մնալ։ Ազգային ժողովի հերթական նիստում այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ Նրա խոսքով՝ երկնիշ տնտեսական աճը պահպանվել է նաև 2023 թվականի առաջին կիսամյակում, իսկ հունվար-սեպտեմբերի արդյունքներով գրանցվել է 9,7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ։ Այս պայմաններում 2023 թվականի տնտեսական աճը կանխատեսվում է կառավարության կողմից թիրախավորված 7 տոկոսի շրջանակներում։ Ներկա միտումների պահպանման պայմաններում կարող է ավելին լինել։ «2024 թվականին ևս թիրախավորում ենք ապահովել 7 տոկոս տնտեսական աճ և հարկեր-ՀՆԱ ցուցանիշի բարելավում շուրջ 0,75 տոկոսային կետով, ինչի արդյունքում հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 566 միլիարդ դրամ՝ ավել լինելով 2023 թվականի ճշտված բյուջեի հարկային եկամուտներից 342 միլիարդ դրամով կամ 15,4 տոկոսով»,- ասաց Հովհաննիսյանը։ Նախարարը նշեց, որ չնայած տնտեսական աճի զգալի մասը ապահովել է ծառայությունների ճյուղը, բարձր աճ է գրանցվել նաև շինարարության ճյուղում։ «Միայն արդյունաբերության ոլորտում գրանցվել է անկում, որի աճի տեմպի վերականգնման ուղղությամբ կառավարությունը արդեն ջանքեր գործադրել է և առաջիկայում կլինեն հավելյալ միջոցառումները»,- նշեց Հովհաննիսյանը։ Նախարարի խոսքով՝ տնտեսությունում տեղի են ունեցել որակական տեղաշարժեր՝ մեծացնելով Հայաստանի Հանրապետության տնտեսական ներուժը։ « Մասնավորապես, արտահանման հնարավորությունները էապես մեծացել են, բավական տպավորիչ զարգացումներ կան նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»,- ընդգծեց Հովհաննիսյանը։
12:19 - 15 նոյեմբերի, 2023
ՊՆ-ի գծով ծախսերը կազմում են 555 մլրդ դրամ, 2023թ. համեմատ 37,7 մլրդ դրամով ավելի. ֆինանսների նախարար |1lurer.am|

ՊՆ-ի գծով ծախսերը կազմում են 555 մլրդ դրամ, 2023թ. համեմատ 37,7 մլրդ դրամով ավելի. ֆինանսների նախարար |1lurer.am|

1lurer.am: Պաշտպանության նախարարության գծով ծախսերը կազմում են 555 մլրդ դրամ, ինչը 2023 թվականի համեմատ ավելի է 37,7 միլիարդ դրամով կամ 7,3 տոկոսով: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2024-ի պետական բյուջեի նախագիծը կազմում է 296,6 միլիարդ դրամ: Մասնավորապես՝ ճանապարհային ոլորտում ներքին աղբյուրների հաշվին նախատեսվում է իրականացնել շուրջ 100 կմ երկարությամբ միջպետական, 110 կմ հանրապետական և 130 կմ մարզային նշանակության ավտոմոբիլային նշանակության ճանապարհների և 8 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, 107,7 կմ միջին նորոգման աշխատանքներ և այլն: Այս մասին Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեն ներկայացնելիս ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Նախարարը տեղեկացրեց՝ ջրային ոլորտում կշարունակվեն նաև փոքր և միջին ջրամբարների  կառուցման աշխատանքները, այդ թվում՝ 6 ջրամբարների համար ձեռք կբերվեն նախագծանախահաշվային փաստաթղթեր, 9-ի մասով կիրականացվեն տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ, կսկսվեն 3 ջրամբարների կառուցման աշխատանքներ, կմեկնարկեն 1 ջրամբարի վերականգնման և վերազինման աշխատանքները: Ինչ վերաբերում է համայնքներին, ապա սուբվենցիաները կկազմեն 22,5 մլրդ դրամ:  Էկոնոմիկայի նախարարության 2024-ի բյուջեի նախագիծը կազմում է 92 մլրդ դրամ, ինչը 2023-ի համեմատ 27,4 մլրդ դրամով կամ շուրջ 42 տոկոսով ավելի է: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմում է 745 միլիարդ դրամ կամ 2023-ի համեմատ՝ 91,5 միլիարդ դրամով կամ 14 տոկոսով ավելի: Առողջապահության նախարարության 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմում է 168 միլիարդ դրամ, ինչը 2023-ի հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 26 մլրդ դրամով կամ 18,4 տոկոսով: ԿԳՄՍ նախարարության 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմում է 345 մլրդ դրամ՝ 2023 թվականի համեմատ ավելի լինելով 95 միլիարդ դրամով կամ 38 տոկոսով:
12:18 - 15 նոյեմբերի, 2023
Ինչո՞ւ «Խաղաղության խաչմերուկը» պետբյուջեի նախագծում արտացոլված չէ. Սոնա Ղազարյանը՝ նախարարին

 |aravot.am|

Ինչո՞ւ «Խաղաղության խաչմերուկը» պետբյուջեի նախագծում արտացոլված չէ. Սոնա Ղազարյանը՝ նախարարին |aravot.am|

aravot.am: Այս պահին ԱԺ-ում քննարկվում է 2024-ի պետական բյուջեի նախագիծը: ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանը Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցրեց վերջերս քննարկված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին, որը բյուջեում արտացոլված չէ. «Դուք խոսեցիք պետական նշանակության ճանապարհների կառուցման մասին, ես կուզեի որպես անվտանգության ապահովման հերթական պրոյեկտ՝ ապաշրջափակումը ներկայացնեիք բյուջեում եւ ասեիք, թե ինչ ծրագրեր է նախատեսում կառավարությունը գալիք տարվա շրջանակներում»: Նախարարը պատասխանեց, որ ենթակառուցվածքների զարգացման համար բավականին միջոցներ են նախատեսված ու արտացոլված են այն աշխատանքները, որոնք պլանավորած է մյուս տարի իրականացնել. «Ինչպես գիտեք, Խաղաղության խաչմերուկը ոչ միայն մեր գործողություների հետեւանքով պետք է իրականություն դառնա, այլ նաեւ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ: Եթե երբ որ նման համաձայնություն ձեռք բերվի եւ այս գաղափարն առաջ գնա իր հունով, համապատասխան փուլերում մենք ունենք պահուստային ֆոնդ, այնտեղ կապիտալ ծախսերի գծով չբաշխված գումարներ կան, մենք ունենք բավարար միջոցներ՝ այդ ծրագրի ենթակառուցվածքներն ապահովելու համար»:
11:07 - 15 նոյեմբերի, 2023
Կունենանք աննախադեպ՝ 94 մլրդ դրամի պահուստային ֆոնդ. Վահե Հովհաննիսյանը՝ 2024-ի պետբյուջեի մասին |1lurer.am|

Կունենանք աննախադեպ՝ 94 մլրդ դրամի պահուստային ֆոնդ. Վահե Հովհաննիսյանը՝ 2024-ի պետբյուջեի մասին |1lurer.am|

1lurer.am: Չհաշված ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար նախատեսվելիք միջոցները՝ մենք կունենանք աննախադեպ՝ 94 միլիարդ դրամի մակարդակի պահուստային ֆոնդ: Այդ մասին Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեն ներկայացնելիս ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Սա բավարար կլինի ապահովելու հիմնական ռիսկերի կառավարումը և ապահովելու բոլոր ծախսային պարտավորությունների կատարումը և ծրագրերի իրականացումը նույնիսկ լուրջ ցնցումների դեպքում»,- ընդգծեց նախարարը: Բյուջեի դեֆիցիտը կկազմի 340 միլիարդ դրամ կամ համախառն ներքին արդյունքի 3,2 տոկոսը, որի հետևանքով պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2024 թվականի վերջին կկազմի 48,4 տոկոս: «Այսպիսի մակարդակում պարտքի պահպանումը հնարավորություն է ընձեռում պահպանել ՀՀ Կառավարության վարկանիշի դրական միտումները, ստեղծել լրացուցիչ կայունության պաշար ապագա հնարավոր ռիսկերին դիմակայելու համար, ինչպես նաև բյուջեից պարտքի դիմաց վճարվող տոկոսավճարների կառավարելի և զարգացման համար անհրաժեշտ ծախսերը դուրս չմղող մակարդակ»,- ասաց Վահե Հովհաննիսյանը: Նախարարը նաև տեղեկացրեց, որ հայկական դրամով արտահայտված պարտքի կշիռը ՀՀ Կառավարության հետևողական ջանքերի շնորհիվ կշարունակի կայուն բարելավումը 2024-ին՝ կազմելով շուրջ 44 տոկոս, որը էապես կմեղմի պարտքի զգայունությունը՝ արտարժույթի փոխարժեքի հնարավոր տատանումների նկատմամբ: «Այս տեսանկյունից կարևոր է նշել մեր կողմից վերջին շրջանում մեկնարկած կարևոր պարտքային գործառնություններից մեկը՝ 2025 թվականին մարման ենթակա համեմատաբար բարձր տոկոսադրույքով արտարժույթով եվրոբոնդի մասնակի հետգնումը, որը էական ազդեցություն կունենա ինչպես փոխարժեքի, այնպես էլ վերաֆինանսավորման ռիսկերի վրա»,- ասաց նախարարը:
11:03 - 15 նոյեմբերի, 2023
Ներկա միտումների պահպանման պայմաններում կանխատեսված 7% տնտեսական աճը կարող է ավելին լինել. Վահե Հովհաննիսյան |tert.am|

Ներկա միտումների պահպանման պայմաններում կանխատեսված 7% տնտեսական աճը կարող է ավելին լինել. Վահե Հովհաննիսյան |tert.am|

tert.am: Չնայած դժվարություններին՝ Հայաստանի տնտեսությունը դրսևորել է բավականին բարձր դիմադրողականություն։ Այս մասին 2024 թվականի պետական բյուջեն ներկայացնելիս հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Վերջինս ընդգծեց, որ տնտեսական աճի և ակտիվության տեմպի ցուցանիշները շարունակում են բարձր մնալ։ Հովհաննիսյանը նշեց, որ երկնիշ տնտեսակա աճը պահպանվել է նաև այս տարվա առաջին կիսամյակում, իսկ հունվար-սեպտեմբերի արդյունքներով ունենք 7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ։ «Այս պայմաններում ընթացիկ տարվա տնտեսական աճը կանխատեսվում է կառավարության թիրախավորած 7 տոկսի շրջանակներում։ Եվ ներկա միտումների պահպանման պայմաններում կարող է ավելին լինել։ 2024 թվականին ևս թիրախավորում ենք ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, հարկեր-ՀՆԱ ցուցանիշի բարելավում շուրջ 0,75 տոկոսային կետով, ինչի արդյունքում հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 566 միլիարդ դրամ»,- լավատեսական տվյալներ հայտնեց ֆինանսների նախարարը։ Ըստ Հովհաննիսյանի, չնայած տնտեսական աճի զգալի մասն ապահովել է ծառայությունները, սակայն, բարձր աճ է գրանցվել նաև շինարարության ճյուղում, անկում է արձանագրվել միայն արդյունաբերության ոլորտում։
11:00 - 15 նոյեմբերի, 2023
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց 2024թ. պետական բյուջեի նախագծին
 |aysor.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց 2024թ. պետական բյուջեի նախագծին |aysor.am|

aysor.am: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծին: «Այս բյուջեում ամենակարևոր տեղն ունի դպրոցաշինության ծրագիրը: Բնականաբար, բոլոր ծախսերն ու միջոցառումները պետք է իրականացնենք այնպես, որ մեծացնենք Հայաստանի տնտեսության ներուժը, որ կարողանանք հետագայում ավելի մեծ տնտեսական աճ ապահովել՝ միաժամանակ պահպանելով հարկաբյուջետային կայունությունը, կառավարելի պահելով պարտքի մակարդակը և ամեն ինչ անելով, որ պարտքի մակարդակը պահպանենք 50 տոկոսից ցածր մակարդակում»,- ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Ներկայացված նախագծով նախատեսվում է, որ բյուջեի պակասուրդը կկազմի 3.2 մլրդ դրամ: «Բայց, հաշվի առնելով հավելյալ ծախսերի պահանջը և ակնկալվող ծրագրերը, մենք նախատեսել ենք, որ նախկինում Լեռնային Ղարաբաղին ուղղվող աջակցության ամբողջ գումարը՝ 144 մլրդ դրամը դեֆիցիտից կբարձրանա վերև և կհայտնվի մեր ծախսերի մեջ՝ որպես աջակցություն մեր հայրենակիցներին: Դրա արդյունքում մենք մյուս տարի կունենանք 4.6 տոկոս դեֆիցիտ»,-նշեց նա՝ վստահեցնելով, որ դա ֆիսկալ վիճակի վրա էական ազդեցություն չի ունենա: Գումարները, որոնք նախկինում տրամադրում էին որպես վարկային միջոցներ, հիմա կտրամադրեն որպես ծախս, այդ ծախսն արդեն պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետությունը: Հարկային եկամուտները 2024թ. պետական բյուջեի նախագծով պլանավորվում են 2 տրլն 566 մլրդ դրամի չափով: Նախարարը հավանական համարեց, որ այդ գումարը կավելանա: Նպատակ ունեն հիփոթեքային վարկերի գծով տրամադրվող հետվերադարձն արտացոլել բյուջեում: Ընթացիկ ծախսերը կկազմեն 2 տրլն 321 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 710 մլրդ դրամ:
12:15 - 08 նոյեմբերի, 2023
Ըստ ԿԲ-ի՝ Արցախի կուտակային կենսաթոշակային համակարգի գումարներն ապահով ակտիվներում են

Ըստ ԿԲ-ի՝ Արցախի կուտակային կենսաթոշակային համակարգի գումարներն ապահով ակտիվներում են

2022 թվականին ՀՀ պետական բյուջեից Արցախին տրամադրվել է 176 մլրդ բյուջետային վարկ, 2023 թվականի հունվարից մինչեւ սեպտեմբերը ներառյալ` 143.3 մլրդ դրամ, վարկի տոկոսադրույքը եղել է 0.01%։ Այս տարվա 4-րդ եռամսյակում վարկի մնացորդը կազմում է 13.1 մլրդ դրամ: Այս մասին «Ինֆոքոմի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ֆինանսների նախարարությունից։  Այս տարվա 4-րդ եռամսյակում Արցախ չփոխանցված 13.1 մլրդ դրամը գտնվում է ՀՀ ՖՆ գանձապետական հաշվում: Ըստ նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը: «Ինֆոքոմին» Արցախից բռնի տեղահանված մի շարք քաղաքացիներ հաղորդել էին, որ չեն ստացել կենսաթոշակները եւ նպաստները, եւ տեղյակ չեն, թե երբ եւ ինչ կարգով են ստանալու այդ գումարը։ Ուստի նախարարությունից հետաքրքրվել էինք նաեւ, թե ինչ փուլում է թոշակառուների եւ նպաստառուների տվյալների եւ նրանց հատկացվող բյուջեի փոխադրումը Արցախի կառավարությունից Հայաստանի կառավարություն, եւ թե որքան է կազմում Արցախի կենսաթոշակային եւ նպաստային ֆոնդը։ Այս հարցին նախարարությունից չեն պատասխանել՝ նշելով, որ տեղեկությունը դեռեւս հստակեցման փուլում է: Ֆինանսների նախարարությունն առաջարկել էր Կենտրոնական բանկից ճշտել, թե որքան գումար է կուտակվել Արցախի կուտակային կենսաթոշակային համակարգում եւ ինչպես է տնօրինվելու այդ գումարը։ ԿԲ-ից «Ինֆոքոմի» գրությանն ի պատասխան՝ տեղեկացրել են հետեւյալը․ «Արցախի կուտակային կենսաթոշակային համակարգի գումարները ներդրված են հայկական եւ օտարերկրյա ապահով ակտիվներում (պետական պարտատոմսեր եւ այլն), եւ ներկայումս դրանք շարունակվում են կառավարվել բնականոն եղանակով»: Լուսանկարը՝ Infocom-ի, Վայքի ընդունման կետ, սեպտեմբերի 28 Հայարփի Բաղդասարյան
17:13 - 03 նոյեմբերի, 2023
Քննարկվել են ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված գնումների կանոնների վերանայմանն առնչվող հարցեր

Քննարկվել են ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված գնումների կանոնների վերանայմանն առնչվող հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման կոլեգիայի անդամ-նախարար Բախիտ Սուլթանովի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև համագործակցության ու առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները, մասնավորապես՝ ԵԱՏՄ պայմանագրի դրույթների կիրարկման ապահովման տեսանկյունից: Այս մասին տեղեկացրին ֆինանսների նախարարությունից: «Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված գնումների կանոնների վերանայման, ինչպես նաև գնման ընթացակարգերին անդամ երկրների սուբյեկտների մասնակցության խոչընդոտների վերացմանն առնչվող հարցերի: Նախարար Սուլթանովը բարձր է գնահատել գնումների ոլորտում անդամ երկրների միջև համագործակցության շրջանակներում հայկական կողմի ցուցաբերած ակտիվությունը, կառուցողական մոտեցումներն ու նախաձեռնողականությունը: Վահե Հովհաննիսյանն ընդգծել է հայկական կողմի հետաքրքրվածությունը Ղազախստանի էլեկտրոնային գնումների համակարգին ծանոթանալու հարցում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս շարունակել ջանքերը համագործակցության զարգացման և ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
15:06 - 03 նոյեմբերի, 2023
ԱԳՆ–ի բյուջեն 2024-ին կավելանա 504 մլն դրամով․ ի՞նչ նպատակով է ծախսվելու գումարը |armeniasputnik.am|

ԱԳՆ–ի բյուջեն 2024-ին կավելանա 504 մլն դրամով․ ի՞նչ նպատակով է ծախսվելու գումարը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: 2024 թվականի պետական բյուջեի նախագծով առաջարկվում է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տրամադրել 16 մլրդ 616 մլն դրամ։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «2024 թվականի բյուջեի նախագծով առաջարկը կազմում է 16 մլրդ 616 մլն դրամ, ինչը 2023 թվականի համեմատ շատ է 504 մլն դրամով։ Նախարարությունը 5 ծրագիր է իրականացնում` միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստում և վերապատրաստում, այնուհետև արտաքին գործերի ոլորտում կառավարության քաղաքականության մշակում և իրականացում, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն, օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում, ինչպես նաև ՀՀ–ում և օտարերկրյա պետություններում արարողակարգային միջոցառումների իրականացում»,– նշեց Հովհաննիսյանը։ Նա շեշտեց, որ ԱԳՆ-ին նախատեսվում է հատկացնել իրենց հայտից 1 միլիարդով պակաս գումար։ Հարցին, թե ինչն է պատճառը, որ հայտից ավելի քիչ գումար է նախատեսվում տրամադրել, Հովհաննիսյանը պատասխանեց՝ ճշգրտման և հաշվարկային տարբերությունները, օրինակ` աշխատավարձերի բարձրացման առաջարկ է եղել, սակայն միջանկյալ լուծում են գտել։
10:42 - 03 նոյեմբերի, 2023
Ինչպես է ծախսվել տեղահանվածների աջակցության ծրագրերով պետբյուջեից հատկացված 15 միլիարդ դրամը

Ինչպես է ծախսվել տեղահանվածների աջակցության ծրագրերով պետբյուջեից հատկացված 15 միլիարդ դրամը

Հոկտեմբերի 20-ի դրությամբ ՀՀ կառավարությունը շուրջ 15 մլրդ դրամ է հատկացրել Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի իրականացման նպատակով։ Այս մասին «Ինֆոքոմի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից։ Ըստ նախարարության՝ այլ երկրների կառավարությունների, միջազգային կառույցների եւ այլ աղբյուրների կողմից Հայաստանին տրամադրված ֆինանսական աջակցության չափը դեռեւս հստակեցման փուլում է, ուստի սեպտեմբերի 19-ից մինչ օրս բոլոր ծախսերը կատարվել են միայն ՀՀ 2023թ. պետական բյուջեից։  15 մլրդ դրամն ուղղվել է տարածքային կառավարման եւ  ենթակառուցվածքների, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների աշխատանքներին։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրվել է ընդհանուր առմամբ 2 մլրդ 839 մլն դրամ, որից 100 մլն դրամը հատկացվել է Արցախից Հայաստան տեղափոխված անձանց՝ Սյունիքի մարզում կեցության ապահովմանը): Այս գումարը տրամադրվել է «ՀՀ Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամին»՝ կեցության ապահովման գործառույթն իրականացնելու նպատակով։  ՏԿԵՆ-ին տրամադրված գումարից 360 մլն դրամը Կառավարության սեպտեմբերի 28-ի որոշմամբ հատկացվել է Արցախից Հայաստան տեղափոխված անձանց պարենային եւ ոչ պարենային ապրանքներով ապահովման եւ ծախսերի փոխհատուցման համար։ Այդ գումարից 50-ական մլն դրամ ուղղվել է Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի, իսկ 30-ական մլն՝ մյուս բոլոր  մարզպետարաններին։   Կառավարության հոկտեմբերի 5-ի որոշմամբ մարզպետարաններին նույն նպատակով հատկացվել է 600 մլն դրամ։ Արցախից բռնի տեղահանված անձանց պարենային եւ ոչ պարենային ապրանքներով ապահովման եւ հյուրանոցային ծախսերի փոխհատուցման համար Արագածոտնի եւ Շիրակի մարզպետարաններին տրամադրվել է 30 մլն, Լոռիին՝ 40 մլն, Տավուշին՝ 45 մլն, Արմավիրին, Գեղարքունիքին եւ Վայոց Ձորին՝ 50 մլն, Սյունիքին՝ 65 մլն, Արարատին՝ 100 մլն, իսկ Կոտայքի մարզպետարանին՝ 140 մլն դրամ։ Նույն նպատակի համար Կոտայքի մարզեպատարանին Կառավարության հոկտեմբերի 12-ի որոշմամբ ուղղվել է եւս 300 մլն դրամ։ Կառավարության հոկտեմբերի 17-ի որոշմամբ մարզպետարանների աշխատակազմերին եւս 1 մլրդ դրամ է հատկացվել՝ դարձյալ բռնի տեղահանված անձանց պարենային եւ ոչ պարենային ապրանքներով ապահովման եւ հյուրանոցային ծախսերի փոխհատուցման համար։ Մեկ այլ՝ հոկտեմբերի 19-ի որոշմամբ շուրջ 479 մլն տրամադրվել է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին՝ բռնի տեղահանված անձանց պարենային եւ ոչ պարենային ապրանքներով ապահովման, հյուրանոցային, տրանսպորտային, վարձակալության եւ այլ ծառայությունների ծախսերի փոխհատուցման նպատակով։ Ընդհանուր շուրջ 15 մլրդ դրամից ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրվել է 30 մլն դրամ։ Մասնավորապես, Կառավարության օգոստոսի 11-ի  որոշմամբ, այդ գումարը հատկացվել է առաջին օգնության ապրանքներ տրամադրող 6 իրավաբանական անձանց՝ որպես Արցախի բնակչության օգնության ծախսերի փոխհատուցում։  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրվել է ընդհանուր առմամբ  12 մլրդ 472 մլն 285 հազար դրամ, որից 234 մլն 697 հազար դրամը Կառավարության օգոստոսի 11-ի որոշմամբ հատկացվել է 5 իրավաբանական անձանցից կենցաղային եւ հանրային սննդի համար (մանկական սնունդ, կաթի փոշի, ալյուր, մակարոն եւ այլն) ձեռքբերմանը։ Կառավարության սեպտեմբերի 22-ի որոշմամբ էլ 15 մլն 911 հազար դրամ է հատկացվել «ԱՍ ԹԻՄ» ՍՊԸ-ին ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում Հումանիտար կայանը հիմնելու համար։  221 մլն 676 հազար դրամ էլ սեպտեմբերի 28-ի որոշմամբ հատկացվել է իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի՝ Արցախի բնակիչներին ժամանակավոր հյուրընկալելու եւ կացության կազմակերպման ծառայություններն իրականացելու համար։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրված ընդհանուր գումարից 10 մլրդն ուղղվել է բռնի տեղահանված անձանց միանվագ դրամական աջակցությանը՝ համաձայն կառավարության հոկտեմբերի 5-ի եւ հոկտեմբերի 17-ի որոշումների։ Առաջին որոշմամբ 8 մլրդ դրամ բաշխվել է 80 հազար շահառուի՝ մեկ անձի հաշվով 100 հազար դրամ, իսկ երկրորդով՝ 2 մլրդ դրամ բաշխվել է 20 հազար շահառուի։ Կառավարության հոկտեմբերի 19-ի որոշմամբ եւս 2 մլրդ դրամ է հատկացվել նախարարությանը՝ որպես բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու եւ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցություն։ Այս գումարը բաշխվել է 40 հազար շահառուների միջեւ՝ յուրաքանչյուրին 50 հազար դրամ։ Ֆինանսների նախարարությունից տեղեկացրել են նաեւ, որ շուրջ 30 մլրդ դրամ նախատեսվում է տրամադրել շահառուներին 6 ամսվա կտրվածքով՝ 2023թ.-ի հոկտեմբերից մինչեւ 2024թ.-ի մարտը ներառյալ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու եւ կոմունալ ծառայությունների ծախսերի փոխհատուցման նպատակով: Հայարփի Բաղդասարյան
21:34 - 01 նոյեմբերի, 2023
Ազգային ժողովի աշխատակազմին հատկացվող բյուջեն կավելանա 195 մլն դրամով
 |armenpress.am|

Ազգային ժողովի աշխատակազմին հատկացվող բյուջեն կավելանա 195 մլն դրամով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի աշխատակազմին 2024 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 7 մլրդ 262 մլն դրամ: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց. «2024-ի բյուջեի նախագծով առաջարկվում է 7 մլրդ 262 մլն դրամ, որը 195 մլն դրամով ավելին է, քան 2023 թվականին: Հիմնականն ապարատային ծախսեր են: Կապիտալ ծախսերին ուղղվելու է 367 մլն դրամ, իսկ ընթացիկ ծախսերին՝ 6 մլրդ 895 մլն դրամ»: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը տեղեկացրեց, որ 2024 թ բյուջետային հայտում ԱԺ «տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման ֆինանսավորման միջոցների աճ կա, ինչը պայմանավորված է տեխնիկական միջոցների հնությամբ: Ֆինանսավորման միջոցների աճ կա նաև «ԱԺ շենքային պայմանների բարելավում» միջոցառման շրջանակներում: «2024 թվականին Հայաստանում անցկացվելու է նաև միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների գլոբալ ֆորումը: Դրա համար գումար արդեն հատկացվել է»,-ասաց Առաքելյանը՝ հավելելով, որ 2024-ին շարունակելու են համագործակցությունը միջազգային գործընկերների հետ:
12:41 - 01 նոյեմբերի, 2023
2024-ի նախատեսված է 1,5 միլիարդ դրամ Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման համար. ֆինանսների նախարար |armenpress.am|

2024-ի նախատեսված է 1,5 միլիարդ դրամ Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման համար. ֆինանսների նախարար |armenpress.am|

armenpress.am: 2024 թվականի բյուջեով նախատեսված է 1,5 միլիարդ դրամ Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման համար և 4 միլիարդ դրամ նոր կայարանի կառուցման համար։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի հարցին, որը վերաբերվում էր Երևանի մետրոպոլիտենի հետ կապված հրատապ խնդիրներին։ Թունյանի խոսքով՝ գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետը նշել է, որ Երևանի մետրոպոլիտենի հետ կապված հրատապ խնդիր կա և չի լուծվել ֆինանսական հարցը։ «Խոսքը մոտ 650 միլիոն դրամ գումարի մասին է և ասվել է, որ այդ ֆինանսավորումը լինելու է հաջորդ տարվա բյուջեով։ Դատելով քաղաքապետի ելույթից՝ այդ հարցը ամենահրատապն է Երևանի համար։ Քանի որ հարցը վերաբերվում է համ Երևան քաղաքին, համ բյուջեին, համ տրանսպորտին, կխնդրեի ձեր մեկնաբանությունը։ Եթե հարցն այդքան հրատապ է՝ միջոցներ չունե՞նք պահուստային ֆոնդից»,-հարցրեց Թունյանը Ֆինանսների նախարարին։ Պատասխանելով հարցին՝  նախարար Հովհաննիսյանն ասաց, որ Երևանի մետրոպոլիտենի համար արդեն այս տարի գումարներ հատկացրել են և նամակ են ստացել քաղաքապետարանից, որում նշված էր, որ տարբեր ծրագրերի համար նախատեսված գումարներից վերաբաշխում է արվել Երևանի մետրոպոլիտենի այլ կապիտալ ծախսեր անելու համար։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանին հարցադրումներ են ուղարկել, թե ինչու՞ են վերաբաշխումներ արել և պատասխանը ստանալուց հետո միայն կարող են կարծիք հայտնել։ «Ինչ վերաբերվում է Երևանի մետրոպոլիտենին, ապա քննարկել ենք Երևանի մետրոպոլիտենում երկար տարիներ ներդրում չանելու փաստը և հասկացել ենք, որ, այո, մենք գտնվում ենք մի իրավիճակում, որտեղ Երևանի մետրոպոլիտենին հրատապ ներդրումներ են անհրաժեշտ։ Եվ այդ պատճառով բավականին լուրջ գումարներ ենք հատկացրել՝ 2024 թվականի բյուջեով նախատեսված է 1,5 միլիարդ դրամ Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման համար և 4 միլիարդ դրամ էլ նոր կայարանի կառուցման համար։ Այդ գիտակցումն ունենք, որ Երևանի մետրոպոլիտենում ներդրումներ պետք է արվեն, որոշ դեպքերում հրատապ հարցեր են առաջացել և 2023 թվականին պահուստային ֆոնդից դրա համար գումարներ հատկացրել ենք»,-ասաց Ֆինանսների նախարարը։
12:27 - 31 հոկտեմբերի, 2023
Որոշում չունենք, որ չենք տալու, բայց որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է տանք․ ֆինանսների նախարարը՝ Արցախին տրվող գումարների մասին |news.am|

Որոշում չունենք, որ չենք տալու, բայց որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է տանք․ ֆինանսների նախարարը՝ Արցախին տրվող գումարների մասին |news.am|

news.am: Մենք թոշակ չենք տալիս արցախցիներին, մենք տվել ենք գումարները ԼՂ կառավարությանը, ինքը որոշել է՝ ինչ անի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ արցախցիներին աշխատավարձ ու թոշակ հիմա հնարավոր չէ տալ, չէ՞ որ ամեն ամիս Հայաստանն այդ գումարները տրամադրել է Արցախին: Հարցին՝ ինչու հիմա Հայաստանը չի տալիս ԼՂ-ին այդ գումարները, նախարարը պատասխանեց. «Նախ ասեմ, որ համարյա ամբողջ գումարը տրամադրված է, այնտեղ շատ փոքր գումար է մնացել: Այս տարվա համար նախատեսված ամբողջ գումարը, կարծեմ 6 մլրդ դրամի մնացորդ ունենք, տրամադրվել է արդեն: Դեռ մի բան էլ ավելի, մենք որոշումներ ենք կայացրել տարվա ընթացքում եւ այդ գումարն ավելացրել ենք: Հիմա մենք այդ գումարները տրամադրում ենք մարդկանց, որոնք գտնվում են Հայաստանում»: Ճշտող հարցին՝ այսինքն այն գումարները, որոնք պետք է տայիք Արցախին, հիմա տալիս եք որպես օգնությո՞ւն, Վահե Հովհաննիսյանն արձագանքեց. «Ոչ, որովհետեւ 100 հազարական եւ 50 հազարական դրամները, որ հիմա տալիս ենք, դրանք շատ ավելի շատ են, քան այն գումարը, որը մնացորդ կար ԼՂ-ին հատկացնելու համար: Մենք որոշում չունենք, որ այդ գումարը չենք տալու, բայց ես որեւէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է տանք: Տանք որ ի՞նչ լինի: Մենք արդեն վճարում ենք մարդկանց թոշակներին հավասարազոր գումարներ: Իսկ թոշակ ստանալու համար այդ մարդիկ պետք է հաշվառվեն Հայաստանում, գրանցվեն մեր համակարգում եւ ստանան իրենց հասանելի թոշակը ՀՀ ընդհանուր համակարգի միջոցով»:
12:24 - 31 հոկտեմբերի, 2023