Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները

Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նախարար Միրզոյանը ջերմորեն շնորհավորել է լիտվացի գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել պատրաստակամությունը համատեղ ջանքերով շարունակել զարգացնել երկու երկրների միջև ամուր հիմքերի վրա դրված փոխգործակցությունը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Լիտվայի միջև գործընկերության բազմաշերտ օրակարգին, որը ներառում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացող մի շարք ուղղություններ՝ ժողովրդավարական բարեփոխումներից մինչև ակտիվ ոլորտային համագործակցություն և դիմակայունության ամրապնդում:  Արարատ Միրզոյանը և Կեստուտիս Բուդրիսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները՝ ընդգծելով այս ուղղությամբ Լիտվայի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Երկուստեք շեշտվել է նորդիկ-բալթյան երկրների ութնյակի հետ ՀՀ փոխգործակցության ընդլայնման հարցում հետաքրքրությունը: Հայաստանի և Լիտվայի նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների  շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ու այդ ճանապարհին առկա մարտահրավերի արդյունավետ հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերը: 
18:04 - 27 դեկտեմբերի, 2024
Արարատ Միրզոյանն ու Սուրեն Պապիկյանը շնորհավորել են ֆրանսիացի գործընկերներին իրենց պաշտոններում վերանշանակվելու կապակցությամբ

Արարատ Միրզոյանն ու Սուրեն Պապիկյանը շնորհավորել են ֆրանսիացի գործընկերներին իրենց պաշտոններում վերանշանակվելու կապակցությամբ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է երկրի նոր կառավարության կազմը։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է իր ֆրանիսացի գործընկերոջը՝ Սեբաստիեն Լըկորնյուին, Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ «Հարգելի՛ Սեբաստիեն Լըկորնյու, ջերմ շնորհավորանքներս՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ։ Համոզված եմ, որ Ձեր նորացված մանդատի ընթացքում մենք կշարունակենք համատեղ աշխատանքը Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության ամրապնդման և հետագա զարգացման ուղղությամբ»,- նշված է Պապիկանի X-ի միկրոբլոգի գրառման մեջ։ Ֆրանսիացի գործընկերոջը շնորհավորել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Ջերմ շնորհավորանքներս եմ հղում սիրելի Ժան-Նոել Բարոյին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ շարունակել մեր համագործակցությունը՝ ամրապնդելու Հայաստան-Ֆրանսիա գործընկերությունն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական միության շրջանակներում նոր շոշափելի արդյունքների հասնելու համար։  Ցանկանում եմ վերահաստատել համատեղ աշխատելու իմ վճռականությունը՝ լուծելու առկա մարտահրավերները՝ մեր տարածաշրջանում կայունության ամրապնդման նպատակով»,- գրել է Արարատ Միրզոյանը X-ի միկրոբլոգում։ Գլխավոր լուսանկարում՝ ՀՀ և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները՝ Ֆրանսիայում
11:22 - 24 դեկտեմբերի, 2024
Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել |armenpress.am|

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։  Այս մասին հայտնում է Kazinform գործակալությունը։  Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում փոխգործակցության վիճակն ու հետագա զարգացման հեռանկարները։ Կողմերը հաստատել են Ղազախստանի և Հայաստանի միջև համագործակցության համակողմանի ամրապնդման և հետագա ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։ Նախարարները քննարկել են նաև 2025 թվականի համատեղ միջոցառումների ժամանակացույցը։ Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1207930 Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Kazinform գործակալությունը։  Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում փոխգործակցության վիճակն ու հետագա զարգացման հեռանկարները։ Կողմերը հաստատել են Ղազախստանի և Հայաստանի միջև համագործակցության համակողմանի ամրապնդման և հետագա ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։ Նախարարները քննարկել են նաև 2025 թվականի համատեղ միջոցառումների ժամանակացույցը։ by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1207930
10:41 - 20 դեկտեմբերի, 2024
Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանը խաղաղության կարիք ունի. Արարատ Միրզոյան

Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանը խաղաղության կարիք ունի. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար, ՍԾՏՀԿ գործող նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՍԾՏՀԿ(Սևծովյան տնտեսական համագործակցություն) արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ հանդիպմանը: «Ձերդ գերազանցություններ, Պարո՛ն գլխավոր քարտուղար, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Որպես Գործող նախագահ՝ ջերմորեն ողջունում եմ ձեզ ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ նիստում։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՍԾՏՀԿ միջազգային մշտական ​​քարտուղարությանը Լազար Կոմանեսկուի հմուտ ղեկավարությամբ՝ մեր նախագահության ընթացքում Հայաստանին ցուցաբերած շարունակական աջակցության համար: Անցած կիսամյակի ընթացքում Հայաստանի նախագահության կարգախոսի՝ «Ներգրավվածություն, արտաքին համագործակցություն, դիմակայունություն» եռամիասնության ներքո, մենք գործադրել ենք հնարավոր բոլոր ջանքերը՝ ընդգծելու ՍԾՏՀԿ հիմնական կանոնադրական նպատակների արդյունավետ իրականացման կարևորությունը: Շարունակական մարտահրավերների պայմաններում մենք ջանք չենք խնայել՝ խթանելու կառուցողական և ներառական երկխոսությունն ու ամրապնդելու ՍԾՏՀ տարածաշրջանի երկրների միջև տնտեսական և մշակութային կապերը: Մենք աջակցել ենք բաց քաղաքական երկխոսությանը և լավագույն փորձի փոխանակմանը՝ որպես տարածաշրջանային փոխշահավետ համագործակցությունն առաջ մղելու միջոց՝ հանուն ՍԾՏՀԿ անդամ պետությունների կայուն զարգացման և նրանց բնակչության կենսապայմանների բարելավման։ Այս ընթացքում գումարվել է օժանդակ մարմինների շուրջ երեսուն նիստ։ Որպես ՍԾՏՀԿ մշակույթի և տեղեկատվական ու հաղորդակցային տեխնոլոգիաների աշխատանքային խմբերի համակարգող երկիր, ինչպես նաև ՍԾՏՀԿ զբոսաշրջության համագործակցության աշխատանքային խմբի առաջիկա համակարգող՝ Հայաստանը հետևողականորեն խթանել է այս ոլորտներում անդամ պետությունների միջև արդյունքին միտված համագործակցությունը։ Չնայած բոլոր մարտահրավերներին և տարաձայնություններին, որոնք կարող են գոյություն ունենալ ՍԾՏՀԿ անդամ պետությունների միջև, մենք ձգտել ենք նպաստել ակտիվ երկխոսությանը մեր ընդհանուր շահերի գրեթե բոլոր ոլորտներում: Մենք պետք է արձանագրենք նաև մի շարք ձեռքբերումներ, որոնք կարևոր են այս կազմակերպության գործունեության համար. - ՍԾՏՀԿ անդամ պետություններին հաջողվել է համաձայնության գալ կազմակերպության 2025 ֆինանսական տարվա բյուջեի շուրջ. - բացի ՍԾՏՀԿ 2025 թվականի բյուջեից, համաձայնություն է արձանագրվել Աշխատակազմի կանոնակարգի փոփոխության շուրջ. - Ծրագրերի զարգացման հիմնադրամի ղեկավար կոմիտեն գալիք շրջանում կուսումնասիրի նոր ծրագիր՝ ամրապնդելով ՍԾՏՀԿ ծրագրային գործունեությունը. - ՍԾՏՀԿ Տրոյկան շարունակել է աշխատել և համակարգել ՍԾՏՀԿ ընթացիկ և ապագա աշխատանքները: Հաշվի առնելով բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, որում գործում է ՍԾՏՀԿ-ն՝ սրանք ուղենիշներ են, որոնք չպետք է անտեսվեն: ՍԾՏՀԿ հնարավոր բարեփոխումների համատեքստում անդամ պետությունները կարող են նաև քննարկել նախագահության ժամկետը վեց ամսից մինչև մեկ ամբողջական տարի երկարաձգելու հարցը: Ներկա պայմաններում բավարար կլինի տարին մեկ անգամ հրավիրել արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ՝ ավելի գործնական և արդյունքին միտված քննարկումներով։ Հարգելի՛ գործընկերներ, Ցանկացած նախագահություն կարող է առաջ ընթանալ նույնքան արագ, որքան բոլոր անդամ պետությունները, կամ նրանցից մեկը տվյալ կառույցում: ՍԾՏՀ տարածաշրջանը մեծապես տուժել է շարունակվող պատերազմի պատճառով, առկա են բազմաթիվ հակամարտություններ ու տարաձայնություններ: Սրանք կազմակերպության գործունեությանն անմիջականորեն առնչվող խոչընդոտներ են, որոնք հեշտությամբ հաղթահարելի չեն: Հայաստանը՝ որպես նախագահող, անմիջապես զգացել է դրա ազդեցությունը. եղել են պահեր, երբ բախվել ենք դժվարությունների նույնիսկ հանդիպումների օրակարգի հաստատման հարցում: Ակնհայտ է, որ ՍԾՏՀ տարածաշրջանը խաղաղության կարիք ունի, որն առնվազն պետք է դրսևորվի ակտիվ ռազմական գործողությունների բացակայությամբ, տևական հրադադարներով և լարվածության թուլացմանն ուղղված ակտիվ ջանքերով։ Հայաստանի կառավարությունը հաստատակամ է շարունակելու իր ջանքերը խաղաղության, անվտանգության, կայունության և համագործակցության ցանկալի նպատակներին հասնելու ուղղությամբ: Շարունակական և անկեղծ երկխոսությունը, առևտրային և տնտեսական կապերի վերականգնումը, ինչպես նաև տարածաշրջանային նախաձեռնություններում և նախագծերում ներառականության ապահովումը հիմնական նախադրյալներն են գոյություն ունեցող հակասությունները հաղթահարելու և մեր երկրների միջև ավելի լավ համագործակցության, զարգացման և բարեկեցության հասնելու համար: Փխրուն աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին մենք առավել քան երբևէ կարիք ունենք բարելավելու տնտեսական փոխկապակցվածությունը, ինչը թույլ կտա մեզ տարբեր ոլորտներում, օրինակ՝ էներգետիկայի, տրանսպորտի և առևտրի, հաստատել ընդհանուր շահերի վրա հիմնված պրագմատիկ առևտրային կարգավորումներ: Բացի դրանից, անհրաժեշտ է խթանել միջմշակութային և մարդկանց միջև շփումները: Առաջնորդվելով այն միանշանակ համոզմունքով, որ տարածաշրջանային երկխոսությունը փոխշահավետ համագործակցության հաստատման բանալին է՝ Հայաստանի կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ: Ղեկավարվելով ներառականության, տարածաշրջանային ենթակառուցվածքների արդար օգտագործման տեսլականով, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կողմերի համար բարեկեցիկ ապագա կառուցելու ձգտումով՝ այս նախագիծը նպատակ ունի զարգացնելու տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցությունը՝ հիմնվելով պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիակատար հարգման վրա, ինչպես նաև կիրառելով իրավահավասարության ու փոխադարձության սկզբունքները: Ամենայն հավանականությամբ, տեղյակ եք մեր անմիջական հարևանությամբ վերջերս տեղի ունեցած քննարկումներից։ Հայաստանը և Թուրքիան արդեն համաձայնել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը որպես խաղաղության հիմք մեծապես կարևորում է փոխվստահության ձևավորումը և փոծխկապակցվածության հնարավոր ընդլայնումը, տարածաշրջանային համագործակցությունը բազմաթիվ ուղղություններով խթանելու ներուժ ունի: Այն կարող է արդյունավետորեն կապել Ծոցը, Սև և Կասպից ծովերը` այդպիսով զգալիորեն նպաստելով համաշխարհային տրանսպորտային շղթաներին մեր տարածաշրջանի ինտեգրմանը և հսկայական օգուտ բերելով մեր տարածաշրջանի բոլոր երկրներին: Այն արդեն արժանացել է բազմաթիվ միջազգային գործընկերների դրական արձագանքների, իսկ մենք կշարունակենք մեր ջանքերը՝ ապահովելու նախագծի իրականացմանն ուղղված հետագա աջակցությունը: Հարգելի՛ գործընկերներ, Բաց սահմանները, չսահմանափակված, ազատ և ներառական տարածաշրջանային տնտեսական համագործակցությունն այս կազմակերպության առանցքային նպատակներն են: Հայաստանը հանձնառու է կառուցողական և արդյունավետ համագործակցության ՍԾՏՀԿ շրջանակներում՝ սևծովյան տարածաշրջանում և դրանից անդին խաղաղության ու կայունության օրակարգն առաջ մղելու համար: Հաջողություն ենք մաղթում Ադրբեջանին՝ որպես հաջորդ նախագահող: Շնորհակալ եմ»,- ասել է Միրզոյանը:
18:59 - 19 դեկտեմբերի, 2024
Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվել է Երևանյան հռչակագիրը

Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվել է Երևանյան հռչակագիրը

Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի անդամ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության, Բոլիվիայի Բազմազգ Պետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Հունաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Իրաքի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Պերուի Հանրապետության արտաքին գործերի նախարարները և նրանց փոխարինողները 2024 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում մասնակցել են Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը։ Հանդիպումը նախագահում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նախարարները. Վերահաստատելով Ֆորումի հիմնադրման մասին Աթենքի հռչակագրում (2017թ.), ինչպես նաև Տիվանակուի հռչակագրում (2018թ.), Պեկինի հռչակագրում (2019թ.), Լիմայի Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի հռչակագրում (2020թ.), Պերուի կողմից կազմակերպված հինգերորդ առցանց նախարարական հանդիպման արդյունքում ընդունված փաստաթղթում (2021), Բաղդադի հռչակագրում (2022թ.), Թեհրանի հռչակագրում (2023թ.) ամրագրված հանձնառությունները, Հիշատակելով «Զինված ընդհարման ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954թ․ մայիսի 14-ի կոնվենցիան և դրա 1954թ․ մայիսի 14-ի և 1999թ․ մարտի 26-ի Արձանագրությունները, «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցառումների մասին» 1970թ․ նոյեմբերի 14-ի կոնվենցիան, «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանման մասին» 1972թ․ նոյեմբերի 16-ի կոնվենցիան, «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» 2003թ․ կոնվենցիան և «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» 2005թ․ կոնվենցիան, և խրախուսելով համատեղ ջանքերն՝ ուղղված այդ նպատակներին, ցույց տալով Ֆորումի նվիրվածությունը միջազգային մշակութային համագործակցությանը, Հաշվի առնելով, որ հունիսի 10-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ամրագրվել է որպես Քաղաքակրթությունների միջև երկխոսության միջազգային օր, և ճանաչելով քաղաքակրթությունների, մշակույթի, կրոնների և հավատքների միջև ավելի խորը ըմբռնման և հարգանքի խթանման գործում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի արժեքավոր դերակատարումը, և այս առումով, խրախուսելով բոլոր համապատասխան կողմերին, ներառյալ՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին, նշել Քաղաքակրթությունների միջև երկխոսության միջազգային օրը կրթական և հանրային իրազեկման գործողությունների միջոցով, Ընդգծելով Հնագույն քաղաքակրթությունների ֆորումն ամրապնդելու իրենց վճռականությունը՝ որպես միջմշակութային երկխոսության, սեփական մշակութային ժառանգության պաշտպանության և առաջմղման ոլորտում համագործակցության, խաղաղության և բռնությունից զերծ մշակույթի խթանման միջկառավարական հարթակ, Ընդգծելով, որ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի կոնվենցիայի» 70-ամյակը (1954թ.) և դրա Արձանագրության 25-ամյակը լավ առիթ են միջազգային հանրության ջանքերի համախմբման և ամրապնդման համար՝ պաշտպանելու և պահպանելու մշակութային ժառանգությունը զինված հակամարտությունների և խաղաղ ժամանակ, Ընդգծելով, որ ցանկացած ժողովրդի պատկանող մշակութային արժեքներին հասցված վնասը նշանակում է վնաս ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, Դատապարտելով մշակութային ժառանգության ոչնչացումը, պղծումը, յուրացումը և ժխտումը, ի թիվս այլոց՝ կրոնական վայրերի և հուշարձանների ոչնչացումը, ինչպես նաև մշակութային արժեքների կողոպուտն ու մաքսանենգությունը զինված հակամարտությունների ընթացքում,  Ընդգծելով, որ մշակութային ժառանգության ոչնչացումը և պատմական արմատների ու մշակութային բազմազանության ժխտման փորձերը կարող են նպաստել հակամարտությունների սրմանը՝ խաթարելով տուժած պետությունների անվտանգությունը, կայունությունը, կառավարումը, սոցիալական, տնտեսական և մշակութային զարգացումը, մարդու իրավունքների, մասնավորապես՝ մշակութային իրավունքների իրացումը, Մտահոգություն հայտնելով մշակութային ժառանգության պահպանման վրա կլիմայի փոփոխության, ծայրահեղ եղանակային պայմանների, բնական աղետների անբարենպաստ ազդեցության կապակցությամբ, Ընդգծելով նոր տեխնոլոգիաների նշանակալի դերը մշակութային ժառանգության մշտադիտարկման, պահպանության և վերականգնման գործում, Ողջունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իր մանդատի շրջանակներում ձեռնարկված գործողությունները՝ պաշտպանելու և պահպանելու վտանգված մշակութային ժառանգությունը և զինված հակամարտությունների ժամանակ մշակույթի պաշտպանությանն ու մշակութային բազմազանության պահպանմանն ուղղված գործողությունները, Գոհունակություն հայտնելով ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի շարունակական ջանքերի կապակցությամբ՝ ուղղված խաղաղության և բռնության բացառման մշակույթի խթանմանը՝ համագործակցելով կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ներառյալ՝ կանանց կազմակերպությունների, երիտասարդության, բարերարների, կրոնական առաջնորդների, կրոնական կազմակերպությունների, ակադեմիայի, ինչպես նաև՝ լրատվամիջոցների և մասնավոր հատվածի հետ, ընդգծեցին իրենց ժողովուրդների պատմամշակութային ժառանգության պաշտպանությանն ու խրախուսմանն ուղղված համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ որպես ողջ մարդկության ընդհանուր ժառանգություն, շեշտեցին միջազգային իրավունքի և ազգային օրենսդրության ներքո ստանձնած պարտավորություններին համապատասխան արդյունավետ ազգային գործողությունների ներդրումը՝ կանխելու և հակազդելու մշակութային արժեքների թրաֆիքինգը և հարակից հանցագործությունները, ինչպես նաև հեշտացնելու մշակութային արժեքների  վերադարձը, խրախուսեցին անդամ պետություններին համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ վտանգված մշակութային ժառանգության մշտադիտարկման, հասանելիության ապահովման և պահպանության ոլորտներում,  միջազգային կազմակերպություններին և մասնագիտացված գործակալություններին կոչ արեցին խրախուսել և ընդլայնել տեղահանված բնակչության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ծրագրային գործունեությունը, պայմանավորվեցին ընդլայնել համագործակցությունը մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանման ուղղությամբ՝ նոր տեխնոլոգիաների և նորարարությունների կիրառմամբ՝ ներառյալ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները և արհեստական ​​բանականությունը, ողջունեցին Քաղաքական Հռչակագրի ընդունումը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի տասներորդ գլոբալ ֆորումի շրջանակներում, որը տեղի ունեցավ Պորտուգալիայի Կասկայս քաղաքում 2024 թվականի նոյեմբերի 25-ից 27-ը, խրախուսեցին միջազգային կազմակերպություններին և մասնագիտացված գործակալություններին, այդ թվում՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի, Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, անապատացման դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի, ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի (UNEP) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարություններին, որ իրենց անդամ պետությունների հետ համագործակցությամբ ընդլայնեն իրենց գործունեությունը` ուղղված մշակութային ժառանգության պաշտպանությանը կլիմայի փոփոխությունից և եղանակի անբարենպաստ պայմաններից, պայմանավորվեցին ձեռնարկել հետևյալ միջոցները Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի կարողությունների հզորացման և միջազգային հարթակներում դրա տեսանելիությունը բարձրացնելու համար.  8․1 դիտարկել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շարունակականության և գործառնական արդյունավետության բարձրացման ուղիները, 8․2 ստեղծել ազգային պատասխանատուների ցանց՝ նպատակ ունենալով ապահովել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակներում գործողությունների համակարգումը և համահունչ ընթացքը, 8.3․ դիտարկել վեբկայք ստեղծելու գաղափարը՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի ինստիտուցիոնալ հիշողությունը հետագայում պահպանելու և ամրապնդելու համար, 8․4 միասնաբար նպաստել անդամների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում ընդհանուր առաջնահերթությունների՝ համագործակցային նախաձեռնությունների և խորհրդակցությունների միջոցով առաջխաղացմանը՝ , 8․5 դիտարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում բարեկամական խմբի ստեղծումը՝ համաձայնեցված նախաձեռնությունների և համատեղ խորհրդակցությունների նպատակով,  8․6 դիտարկել համատեղ հայտարարություններ ու նախաձեռնություններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովների և Գործադիր խորհրդի նստաշրջաններին, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան մանդատ ունեցող միջկառավարական այլ մարմիններում, ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի տարեկան ժողովներում և այլ համապատասխան միջազգային կազմակերպություններում համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ՝ միջազգային հարթակներում ֆորումի ձայնն ուժեղացնելու նպատակով, 8․7 խրախուսել ֆորումի անդամ պետությունների համագործակցությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության գործում, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում ֆորումի անդամ պետությունների համատեղ հայտերի ներկայացման միջոցով՝ անդամ պետությունների մշակութային ավանդույթները ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում ներառելու համար՝ ցուցադրելով բազմազան ավանդույթների հարստությունը, 8․8 համագործակցաբար մասնակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի այլ համապատասխան միջոցառումներին՝ փորձը կիսելու և հավաքական ձեռքբերումները ցուցադրելու համար, 8․9 ուսումնասիրել անդամ պետությունների միջև համատեղ հնագիտական ​​պեղումների և մշակութային ժառանգության պահպանման ծրագրերի հնարավորությունները, հատկապես պատմական և մշակութային ընդհանուր կապեր ունեցող տարածաշրջաններում, 8․10 դիտարկել Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությունը՝ համատեղ խթանելու մշակութային և հոգևոր զբոսաշրջությունն՝ օգտագործելով ընդհանուր պատմական և մշակութային ժառանգությունը՝ նպատակ ունենալով խթանել մշակութային փոխանակումները, խրախուսել կայուն զբոսաշրջության պրակտիկան և խթանել փոխըմբռնումը զանազան մշակութային վայրերի և պրակտիկանների առաջխաղացման միջոցով, 8․11 մշակել հոգևոր զբոսաշրջության համատեղ նախաձեռնություններ, որոնք ընդգծում են անդամ պետությունների եզակի կրոնական ժառանգությունը և խթանում կայուն զբոսաշրջության փորձառությունը, 8․12 իրականացնել կայուն զբոսաշրջության նախաձեռնություններ՝ նվազագույնի հասցնելու հոգևոր զբոսաշրջության գործունեության ազդեցությունը բնության վրա և պահպանելու կրոնական վայրերի ինքնությունը, 8․13 խրախուսել համատեղ ներդրումները վիրտուալ տուրերի և կրոնական վայրերի առցանց տվյալների բազաների ստեղծման համար՝ ապահովելով ուխտավորների և հետազոտողների հեռահար մուտքը, 8․14 խրախուսել համատեղ ներդրումները կրոնական վայրերի շուրջ ենթակառուցվածքների զարգացման համար, ինչպիսիք են ճանապարհները, տրանսպորտը և կացարանները [*]; 8․15 մշակել նոր անդամակցության ընթացակարգերի և դիտորդի կարգավիճակի չափանիշներ, որոնք պետք է համաձայնեցվեն կոնսենսուսով՝ խթանելով համաժողովի շրջանակներում ներառականությունն ու բազմազանությունը, միաժամանակ ողջունելով նոր երկրների անդամակցությունը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին, 8․16 ստեղծել անդամ պետությունների մշակութային ժառանգության փորձագետների ցանց՝ մշակութային արժեքների ապօրինի թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակման համար՝ ցույց տալով ֆորումի հանձնառությունը միջազգային մշակութային համագործակցությանը, 8․17 կազմակերպել կարողությունների զարգացման աշխատաժողովներ և վերապատրաստման ծրագրեր անդամ երկրներում ժառանգության ոլորտի մասնագետների համար՝ կենտրոնանալով այնպիսի թեմաների վրա, ինչպիսիք են պահպանումը, վերականգնումը և թանգարանների կառավարումը, 8․18 նպաստել մշակութային ժառանգության վերաբերյալ գիտահետազոտական ​​ջանքերի մեկտեղմանը՝ օգտագործելով անդամ երկրների ակադեմիական շրջանակների փորձը՝ խորացնելու փոխըմբռնումը և խթանելու մշակութային երկխոսությունը, 8․19 համագործակցել թվայնացման նախագծերի շուրջ՝ մշակութային ժառանգությունը պահպանելու և խթանելու համար՝ ներառյալ վիրտուալ թանգարանների և առցանց տվյալների բազաների ստեղծումը, 8․20 դիտարկել անդամ երկրների երիտասարդներին ներգրավելու համար հարթակների ստեղծման գաղափարը՝ խթանելով երկխոսությունը, միջմշակութային երկխոսությունը և երիտասարդական նախաձեռնությունները, որոնք նպաստում են խաղաղության մշակույթին և ժառանգության պաշտպանությանը: 9. ընդգծեցին քաղաքացիական հասարակության և այլ համապատասխան շահագրգիռ դերակատարների դերը՝ ներառյալ հասարակական կազմակերպությունները, մարդու իրավունքների ազգային հաստատությունները, կրոնական առաջնորդները և հավատքի վրա հիմնված կազմակերպությունները, բնիկ ժողովուրդները, տեղական համայնքները, կանանց կազմակերպությունները, երիտասարդները, լրատվամիջոցները, մասնավոր հատվածը և ակադեմիական շրջանակները՝ խաղաղության և ոչ բռնության մշակույթի, հանդուրժողականության, ոչ խտրականության, կրոնական և մշակութային բազմազանության նկատմամբ հարգանքի  և մշակութային իրավունքի խթանման գործում,  10. դատապարտեցին շարունակվող հակամարտությունների արդյունքում մշակութային և ժառանգության օբյեկտների ոչնչացումը: 11. Նախարարները շնորհակալություն հայտնեցին Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 7-րդ նախարարական հանդիպման հյուրընկալման համար։ Նրանք շնորհակալություն հայտնեցին նաև Հայաստանի Հանրապետությանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպումը հյուրընկալելու համար։ 12. Նախարարները ողջունեցին 2025 թվականին Ֆորումի նախագահությունը ստանձնելու և 9-րդ նախարարական հանդիպումը կազմակերպելու Հունաստանի Հանրապետության պատրաստակամության մասին հայտարարությունը և միաձայն հաստատեցին այդ որոշումը: [*] Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը չի միանում Հռչակագրի 8.10-8.14 կետերի շուրջ կոնսենսուսին:
16:30 - 19 դեկտեմբերի, 2024
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը միտված քայլերը

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը միտված քայլերը

Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Ռեզա Սալեհի Ամիրիի հետ, ով Հայաստանում է գտնվում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը միտված քայլերը՝ ներառյալ մշակույթի, հանրային դիվանագիտության և զբոսաշրջության ոլորտներում: Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Իրանում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերվող հարգանքը՝ ընդգծելով, որ դա երկու ժողովուրդների միջև հազարամյակների պատմություն ունեցող ամուր կապի դրսևորումներից մեկն է: Արարատ Միրզոյանը և Ռեզա Սալեհի Ամիրին մտքեր են փոխանակել մշակութային ժառանգության պահպանման, արվեստի ոլորտում փոխգործակցությունն ու մարդկանց, մասնագետների միջև շփումները խթանող նոր նախաձեռնությունների կյանքի կոչման տարբեր գաղափարների շուրջ: Այս համատեքստում ընդգծվել է նաև Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի հարթակի միջոցով ընձեռնվող հնարավորությունների լավագույնս իրացման կարևորությունը: Հայաստանի և Իրանի նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ:
20:34 - 18 դեկտեմբերի, 2024
Հայաստանը հավատարիմ է միջազգային համագործակցությանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակներում․ Արարատ Միրզոյան

Հայաստանը հավատարիմ է միջազգային համագործակցությանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակներում․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը։  ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է ելույթը, որը ներկայացնում ենք ստորև․ «Հարգարժա՛ն նախարարներ, Ձերդ գերազանցություններ, Հարգելի՛ պատվիրակներ, Ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանում՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր ներկայության համար, որն արտահայտում է ձեր հանձնառությունը՝ համագործակցելու միջմշակութային երկխոսության, մշակութային ժառանգության պահպանման և խաղաղության և ոչ բռնության մշակույթի հետ կապված հրատապ մարտահրավերների հասցեագրման գործում: Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանը հավատացած է, որ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը բացառիկ հարթակ է մշակութային երկխոսության և փոխըմբռնման ու հանդուրժողականության ամրապնդման ուղղությամբ համագործակցության համար։ Պատմության ընթացքում քաղաքակրթությունները ծառայել են որպես մարդկային ստեղծարարության, գիտելիքի և էթիկական սկզբունքների կարևոր աղբյուրներ՝ մշակութային հիշողության շտեմարաններ, որոնք շարունակում են ձևավորել մեր հավաքական ինքնությունը: Մշակութային բազմազանությունը դնելով երկխոսության կենտրոնում՝ մենք ոչ միայն ընդունում ենք հնագույն քաղաքակրթությունների խոր ազդեցությունը ժամանակակից համաշխարհային մշակութային պատկերի ձևավորման վրա, այլ նաև բացահայտում, թե ինչպես նրանց ժառանգությունը կարող է մեզ ուղղորդել դեպի խաղաղություն, փոխադարձ հարգանք և ըմբռնում՝ միևնույն ժամանակ ընդունելով այլ մշակույթներն ու բազմազանությունը։ Այս բացառիկ հարթակը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն անդրադառնալ բազմակողմ օրակարգի ավանդական թեմաներին, այլև ունի հսկայական չիրացված ներուժ՝ խթանելու միջմշակութային փոխանակումները և խաղաղության մշակույթը։ Մենք խորապես հավատացած ենք մշակութային դիվանագիտության գործիքների, կրթական նախաձեռնությունների, ինչպես նաև մշակութային և հոգևոր զբոսաշրջության փոխանակումների ուղղությամբ ներդրում կատարելու անհրաժեշտության մեջ՝ ատելության և բաժանման խոսույթներին հակազդելու համար։ Մասնավորապես, մշակութային զբոսաշրջությունը ծառայում է որպես արդյունավետ միջոց ժողովուրդների միջև շփումների և միջմշակութային երկխոսության համար՝ խթանելով համակրանքն ու մշակութային բազմազանության նկատմամբ անկեղծ գնահատականը: Համագործակցության մեկ այլ հեռանկարային ուղղություն է մշակութային ժառանգության պաշտպանությունը կլիմայի փոփոխության ազդեցությունից և եղանակային ծայրահեղ պայմաններից: Մենք կարող ենք նաև փոխանակել լավագույն փորձը ժառանգության պաշտպանության ոլորտում՝ միաժամանակ ապահովելով բնության պահպանությունն ու կենսաբազմազանությունը։ Հարգելի՛ գործընկերներ, Այս հանդիպումն անցկացվում է մի ժամանակահատվածում, երբ բազմակողմ համակարգը և միջազգային իրավունքը բախվում են աննախադեպ մարտահրավերների։ Աշխարհը բախվում է անվտանգության շարունակական սպառնալիքներին, հակամարտությունների վերսկսմանը, ինչը զուգորդվում է մարդկային ահռելի տառապանքով, ինքնության վրա հիմնված ատելությամբ ու մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման կամ յուրացման կտրուկ աճով: Այսպիսի գործողությունները, որոնք հաճախ պայմանավորված են պատմությունը որպես գործիք օգտագործելու հանգամանքով և կեղծ խոսույթներով, ծառայում են նաև որպես գործիք տարածքային պահանջներն «արդարացնելու» և բաժանարար գծերը խորացնելու համար՝ խարխլելով միջազգային խաղաղության և անվտանգության հիմքերը։ Ցավոք, Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք մշտապես բախվում են նման մարտահրավերների։ Այս նպատակով Հայաստանը վճռականորեն աջակցում է բազմակողմ հաստատությունների, մասնագիտացված գործակալությունների և իրավական գործիքների ամրապնդմանը՝ մշակութային ժառանգությունն առավել արդյունավետ պաշտպանելու, ինչպես նաև խաղաղության, փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի մշակույթն առաջ մղելու համար: Ավելին, Հայաստանը հավատարիմ է միջազգային համագործակցությանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակներում։  Մենք աջակցում ենք Ֆորումի կարողությունների ամրապնդմանը՝ հնարավորություն տալու նրան իրականացնել փոփոխվող և նոր մարտահրավերներին համապատասխան հավակնոտ և գործնական քայլեր: Հարգելի՛ գործընկերներ, Մշակութային ժառանգության պաշտպանության մեր քաղաքականությանը համահունչ՝ Հայաստանը հատուկ շեշտադրում է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնական դերի վրա։  Այս տարի լրանում է «Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 70-ամյակը. կոնվենցիա, որը հիմնաքար է մեր հավաքական ջանքերում:  Որպես Զինված հակամարտությունների դեպքում մշակութային ժառանգության պաշտպանության կոմիտե ակտիվ անդամ՝ Հայաստանը նաև փորձում է նպաստել այս ոլորտում համաշխարհային ջանքերին։ Վերջերս մենք աջակցեցինք Լիբանանի՝ 34 մշակութային վայրերի հրատապ ուժեղացված պաշտպանության խնդրանքին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելով վերջին ռազմական գործողություններից բխող սպառնալիքներին դիմակայելու համար:  Մենք նաև կիսվել ենք մեր փորձով այնպիսի նախագծերում, ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Վերակենդանացնել Մոսուլի ոգին» նախաձեռնությունը՝ ցույց տալով մեր հանձնառությունը միջազգային համագործակցության և հավաքական ժառանգության պահպանման հարցում: Ամփոփելով՝ Հայաստանը հպարտ է լինել այս հնագույն քաղաքակրթությունների ընտանիքի անդամ: Այս առավելությունն իր հետ բերում է մեծ պատասխանատվություն՝ պահպանելու մարդկության համատեղ ժառանգությունն ու պաշտպանելու այն արժեքներն ու ավանդույթները, որոնք կազմում են մեր աշխարհի քաղաքակրթական հիմքերը: Մենք շարունակելու ենք համագործակցել Ֆորումի անդամ պետությունների հետ՝ հանուն ավելի խաղաղ, արդար և ներդաշնակ ապագայի։ Հուսով եմ, որ Երևանում Ձեր գտնվելու ընթացքում դուք կվայելեք հայ ժողովրդի հազարամյակների մշակութային ժառանգությունը և այս ֆորումի անդամ բազմաթիվ երկրների հետ դրա քաղաքակրթական փոխազդեցության փաստագրված վկայությունները։ Շնորհակալություն»։ 
15:41 - 18 դեկտեմբերի, 2024
ՀՀ ԱԳ նախարարը ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդականի հետ քննարկել է երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր

ՀՀ ԱԳ նախարարը ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդականի հետ քննարկել է երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի հետ: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄԷ երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր՝ երկուստեք ընդգծելով հարաբերությունների դրական դինամիկան, արձանագրված արդյունքները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: Առանձնանշվել են առևտրի, զբոսաշրջության, տեխնոլոգիական և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցության խորացման հարցում առկա լրացուցիչ հնարավորությունները:  ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել ակտիվ ջանքերն առավել նշանակալի արդյունքների հասնելու ուղղությամբ, քանզի կան փոխադարձ հետաքրքրություն, քաղաքական կամք և փոխշահավետ հեռանկարներ: Ներդրումների խթանման համատեքստում ընդգծվել է գործարար շրջանակների մասնակցությամբ փոխայցելությունների և համաժողովների պարբերական անցկացման կարևորությունը: Արարատ Միրզոյանը և Անվար Գարգաշը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ տեսլականը, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման պարագայում ընձեռվող հնարավորությունները: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին: Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է ԱՄԷ նախագահի խորհրդականին ՀՀ «Բարեկամության» մեդալով պարգևատրվելու կապակցությամբ:
13:12 - 17 դեկտեմբերի, 2024
Մեր տարածաշրջանում ցեղասպանության ականատես եղանք ոչ միայն 110 տարի առաջ, այլև անցյալ տարի. Միրզոյան |civilnet.am|

Մեր տարածաշրջանում ցեղասպանության ականատես եղանք ոչ միայն 110 տարի առաջ, այլև անցյալ տարի. Միրզոյան |civilnet.am|

civilnet.am: Մեր տարածաշրջանում ցեղասպանության ականատես եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ Հայոց ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն անցյալ տարի։ Այդ մասին դեկտեմբերի 12-ին Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին իր ելույթում հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Ցավոք, միջազգային հանրությունը ցեղասպանությունների և զանգվածային այլ ոճրագործությունների մասին սկսում է ավելի շատ խոսել, երբ դրանք արդեն կայացած փաստեր են։ Մեր տարածաշրջանում դրա ականատես եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ Հայոց ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն անցյալ տարի, երբ թվում էր, թե աշխարհին տեսանելի են բավարար ռիսկի գործոններ, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։ Ցավոք, մենք անկարող եղանք կանխել և այսօր ականատես ենք այդ անդառնալի հետևանքներին։ Սա այն օրինակներից է, երբ միջազգային կառույցների արձագանքը հավասարազոր չէր ռիսկի գործոններին և տեղում ստեղծված իրավիճակին»,- ասել է Միրզոյանը։ Դեկտեմբերի 12-ից 13-ը Երևանում անցկացվում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նկատմամբ վաղ ազդարարման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյուավետության ամրապնդումը» խորագրով: Ֆորումը քննության է առնելու ռիսկերի գործոնները բացահայտելու և վերջիններիս ժամանակին արձագանքելու մարտահրավերները:  
11:21 - 12 դեկտեմբերի, 2024
Հայաստանը համագործակցության հավակնոտ օրակարգ է հետապնդում Ֆինլանդիայի և ԵՄ-ի հետ. Միրզոյան

Հայաստանը համագործակցության հավակնոտ օրակարգ է հետապնդում Ֆինլանդիայի և ԵՄ-ի հետ. Միրզոյան

Ֆինլանդիա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական Lännen Media լրատվական գործակալությանը, որի արդյունքում նախարարի հարցազրույցը ներառող՝ «Մենք ցանկանում ենք ավելի մոտենալ Ֆինլանդիային և մյուս ժողովրդավար երկրներին» վերտառությամբ հոդվածը հրապարակվել է ֆիննական չորս օրաթերթերում։  Հոդվածի սկզբում լրագրողը նշում է, որ Եվրոպան այսօր շատերին է գրավում։ Ժողովրդավարական երկրների համայնքը աննախադեպ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի հանդեպ: Հարցազրույցում նախարարից մեջբերումները ներկայացված են ստորև։ Հարցազրույցի մեկնարկին նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ Հայաստանը ժողովրդավարության արժեքները կիսում է այնպիսի երկրների հետ, ինչպիսին է, օրինակ՝ Ֆինլանդիան: Նա ընդգծել է, որ իր երկիրը «համագործակցության հավակնոտ օրակարգ» է հետապնդում Ֆինլանդիայի և ԵՄ-ի հետ։ «Դուք գիտեք մեր քաղաքականությունը, որը նպատակ ունի Հայաստանին ավելի ու ավելի մոտեցնել Եվրոպական միությանը։ ՀՀ վարչապետը Եվրոպական խորհրդարանում իր ելույթում նշեց, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրոպական միությանն այնքան, որքան դա հնարավոր կդիտվի ԵՄ կողմից»: Նրա խոսքով՝ Հայաստանը ներկայումս իրականացնում է մի քաղաքականություն, որն ուղղված է ԵՄ-ի հետ հարաբերությունների էական խորացմանը։ Այժմ բանակցություններ են ընթանում «Նոր գործընկերության օրակարգ» կոչվող փաստաթղթի շուրջ, որը նախարար Միրզոյանը բնութագրել է որպես համագործակցության տարբեր ոլորտներ ընդգրկող համապարփակ փաստաթուղթ:  «Ապրիլին տեղի ունեցավ բարձր մակարդակի եռակողմ հանդիպում Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի մասնակցությամբ: Հանդիպման հիմնական նպատակն էր ամրապնդել Հայաստանի դիմակայությունը, հատկապես՝ տնտեսական՝ հաշվի առնելով, որ Հայաստանը տարբեր ուղղություններից բախվում է բազմաթիվ սպառնալիքների, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների, ես կասեի: Ինչպես գիտեք, Հայաստանը ժողովրդական երկիր է: Մենք ունեցել ենք ժողովրդական, ոչ բռնի հեղափոխություն: Մենք նախաձեռնել ենք ընդարձակ ժողովրդավարական բարեփոխումներ՝ կոռուպցիան արմատախիլ անելու և ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու համար: Արդեն ունեցել ենք երկու խորհրդարանական ընտրություններ, որոնք ճանաչվել են լիովին ժողովրդավարական, ազատ և թափանցիկ:  Ժողովրդավարական հասարակություն կառուցելիս, իհարկե, մենք փնտրում ենք հնարավորություններ՝ ամրապնդելու կապերը այլ ժողովրդավարական հասարակությունների հետ:  Միանգամայն բնական է, որ մենք մեր հայացքը ուղղում ենք Եվրոպական միության ուղղությամբ, որն իր կազմում ունի բազմաթիվ զարգացած ժողովրդավարական երկրներ»: Նախարար Միրզոյանը վստահությամբ նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններն անշրջելի են: «Կարևոր չէ, թե ժողովրդավարական ազատ ընտրությունների միջոցով ինչ կառավարություն կգա իշխանության, ժողովրդավարական արժեքները մեր հասարակության հիմքն են»: Հարցազրույցի ավարտին նախարար Միրզոյանը ժպիտով պատասխանում է ՀՀ ԱԳ նախարարի աշխատանքի բնույթի վերաբերյալ հարցին.  «Շնորհակալ եմ հետաքրքիր հարցի համար: Շատ հրապուրիչ էր մեր ժողովրդական հեղափոխությունից հետո դառնալ առաջին փոխվարչապետ, ապա խորհրդարանի նախագահ, բոլորս այդ գործընթացով անցած գործիչներ էինք: Բայց երբ ես վարչապետից ստացա առաջարկ՝ ստանձնելու արտաքին քաղաքական ուղղությամբ պատասխանատվությունը, դա ստիպեց ինձ մտածել: Ոչ բոլորը կհամաձայնեին ստանձնել այս դերը` հաշվի առնելով յուրահատուկ հանգամանքները»: Հոդվածի ավարտին լրագրողն ավելացնում է, որ մարտահրավերների քանակը կարելի է ընդամենը նայելով մոտ 3 միլիոն բնակիչ ունեցող երկրի դիրքին քարտեզի վրա՝ Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի և Իրանի մեջտեղում, Ռուսաստանի հարևանությամբ՝ Հարավային Կովկասում:
18:24 - 09 դեկտեմբերի, 2024
Կա թշնամանքի էջը շրջելու հնարավորություն. Միրզոյանը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին

Կա թշնամանքի էջը շրջելու հնարավորություն. Միրզոյանը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին

Ֆինլանդիա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական Lännen Media լրատվական գործակալությանը, որի արդյունքում նախարարի հարցազրույցը ներառող՝ «Մենք ցանկանում ենք ավելի մոտենալ Ֆինլանդիային և մյուս ժողովրդավար երկրներին» վերտառությամբ հոդվածը հրապարակվել է ֆիննական չորս օրաթերթերում։  Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ որպես դրական նորություն նախարար Միրզոյանը նշել է սահմանազատման գործընթացում առաջընթացը. «Ընդհանուր առմամբ, մենք ունենք սահման և մենք գիտենք, թե որտեղ է այն. այն հիմնված է 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի վրա, որը ստորագրվել է նախկին խորհրդային հանրապետությունների կողմից և վարչական սահմանները վերածել պետական սահմանների: Իհարկե, երկու երկրների հանձնաժողովները պետք է միասին աշխատեն հետագա սահմանազատման ու հստակ սահմանագծման ուղղությամբ»: Նախարար Միրզոյանը,սահմանազատումը բնութագրելով որպես ապագա կայունության երաշխիք՝ նշել է. «Որքանով որ այս օրերին հնարավոր են որևէ երաշխիքներ, հստակ սահմանազատված սահման ունենալը շատ ուժեղ մեխանիզմ է»: Հաղորդակցությունների բացման վերաբերյալ հարցի համատեքստում նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են գալ այնպիսի լուծումների, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար: «Մենք կարող ենք կազմակերպել հայկական ապրանքների անցումն Ադրբեջանի տարածքով և հակառակը՝ ադրբեջանական ապրանքներինը՝ Հայաստանի տարածքով: Առաջին փուլում կարող ենք վերսկսել երկաթուղային տարանցումը և աստիճանաբար ընդլայնել այն»: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման երրորդ բաղադրիչի՝ խաղաղության համաձայնագրի կնքման առնչությամբ նախարար Միրզոյանը նշել է. «Այժմ 17 հոդվածից 15-ի շուրջ արդեն համաձայնություն կա: Ես կարծում եմ, որ մենք կարող էինք վերջնական տեսքի բերել և ստորագրել պայմանագիրը նույնիսկ մինչև Բաքվում կայացած COP29 կլիմայական գագաթնաժողովը: Ցավոք, դա տեղի չունեցավ, բայց հիմա մենք պատրաստ ենք դա անել սեղմ ժամկետներում: Կարելի է ասել, որ սա հույսի պահ է: Ես կասեի, որ շատ մոտ ենք: Բայց չնայած մեր երկու պետությունների և հասարակությունների ողբերգական անցյալին, կա թշնամանքի էջը շրջելու հնարավորություն: Անցյալը դժվարին է եղել։ Այն դժվար է ըմբռնել, մոռանալ, ներել, բայց մեր տարածաշրջանում բավարար չափով արյուն է թափվել, և հիմա մենք ունենք հնարավորություն նայելու դեպի ապագա»: 2020 թ. Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո Հայաստանում ներքին քաղաքական  ճգնաժամի առնչությամբ նախարար Միրզոյանը նշել է. «Երկրի վարչապետը, կառավարությունը և քաղաքական թիմը որոշեցին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք դիմեցինք ժողովրդին և հարցրեցինք երկու բան՝ արդյոք նրանք աջակցո՞ւմ են ավելի խոր ժողովրդավարական բարեփոխումներին և խաղաղության օրակարգին, այսինքն՝ կառավարության քաղաքականությանը: Մենք նորից ստացանք ձայների մեծամասնությունը: 2026 թվականի ընտրությունների ժամանակ մենք կրկին կտանք այդ հարցը, չնայած որ հարցումները նույնպես ցույց են տալիս կառավարության քաղաքականության նկատմամբ աջակցությունը: Ներկայումս մենք կենտրոնացած ենք մեր երկրի անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամրապնդման վրա: Մյուս կողմից՝ մենք կենտրոնացած ենք մեր երկրի բարգավաճման, շարունակական արդիականացման և ժողովրդավարացման վրա: Եվ սա, բնականաբար, մեզ ավելի է մոտեցնում Եվրոպային և ձեր արժեքային ընտրության նման ընտրություններին: Միաժամանակ, ընթացակարգերի և կանոնների նկատմամբ ամենայն հարգանքով հանդերձ՝ գուցե ժամանակն է գործել այլ կերպ, քան «սովորական ընթացքի» (business as usual) ռեժիմով։ Սա կարող է վերաբերել թե՛ աշխարհաքաղաքական որոշումներին, թե՛ ներքին նշանակության որոշումներին։ Աշխարհը փոխվում է։ Թերևս, ժամանակն է կայացնել համարձակ քաղաքական որոշումներ»:
18:06 - 09 դեկտեմբերի, 2024
Հայաստանի և Բահրեյնի ԱԳ նախարարները հանդիպել են

Հայաստանի և Բահրեյնի ԱԳ նախարարները հանդիպել են

Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մանամայում հանդիպում է ունեցել Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարությունից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բահրեյնի միջև կոնկրետ նախաձեռնությունների միջոցով զբոսաշրջության ու տնտեսության ոլորտներում, ինչպես նաև ներդրումների խրախուսման միջոցով գործարար կապերի խթանման ուղղությամբ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների միջոցով նախանշել անհրաժեշտ քայլերն ու հետագա համագործակցության առաջնահերթությունները։  Հայաստանի և Բահրեյնի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ չնայած վերջին տարիների ու ներկա մարտահրավերներին՝ ՀՀ-ն առավելագույն ջանքեր է գործադրում Հարավային Կովկասում կայուն միջավայրի ձևավորման, խաղաղության հաստատման նպատակով, ինչի ուղղությամբ էական քայլ կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրի կնքումը։ Անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքում վերջին իրադարձություններին։ 
16:11 - 08 դեկտեմբերի, 2024