ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Ճիշտն ասած, այս պահին ոչինչ չունեմ ասելու. Անահիտ Ավանեսյանը՝ Քրիստինա Աբրահամյանի ձերբակալման մասին
 |panorama.am|

Ճիշտն ասած, այս պահին ոչինչ չունեմ ասելու. Անահիտ Ավանեսյանը՝ Քրիստինա Աբրահամյանի ձերբակալման մասին |panorama.am|

panorama.am: «Ճիշտն ասած, այս պահին ոչինչ  չունեմ ասելու»,-կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով Առողջապահական տեսչական մարմնի (ԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանի ձերբակալության մասին հարիցին։ Նա ասաց, որ տեսչական մարմինների բարեփոխումները երկար ու ծանր ընթացքի են և հույս  հայտնեց, որ  նրանց գործառույթների շրջանակի հստակեցումը, իրավական հիմքերի ստեղծումը, կառուցվածքային առումով փոփոխությունները, պետք է  նպաստիեն,  որ հնարավորինս զերծ մնան նման դեպքերից Ավանեսյանը վստահեցրեց,  թե տեղյակ չէ, որ Քրիստինա Աբրահամյանին կաշառք տվող կինը վերջերս ձեռք է բրել ֆիզիոթերապիայի ինստիտուտը։
12:27 - 23 փետրվարի, 2024
Անահիտ Ավանեսյանն ու Ժաննա Անդրեասյանը ստորագրեցին պաշտոնական հրաման, որով կներդրվի հետբուհական մասնագիտական կրթական նոր ծրագիր
 |armenpress.am|

Անահիտ Ավանեսյանն ու Ժաննա Անդրեասյանը ստորագրեցին պաշտոնական հրաման, որով կներդրվի հետբուհական մասնագիտական կրթական նոր ծրագիր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության առողջապահության և ԿԳՄՍ նախարարների համատեղ ստորագրած պաշտոնական հրամանով կներդրվի հետբուհական մասնագիտական կրթական ծրագիր: Այն գործելու է բժշկական կրթության ոլորտում կլինիկական օրդինատուրայի հենքի վրա: Ծրագրի ակադեմիական գործընկերներն են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտն ու ԵՊԲՀ-ը, իսկ միջազգային գործընկերը՝ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը: Ծրագիրը ստեղծվել է «Հենար» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ: Ծրագրի հիմնական կլինիկական գործընկերներն են Արաբկիր բժշկական համալիրը, Մուրացան համալսարանական հիվանդանոցային համալիրն ու Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ  ծրագիրը նպատակ ունի միավորել երկրում առկա լավագույն ակադեմիական և կլինիկական ռեսուրսները հետբուհական բժշկական կրթության ոլորտում, ինչպես նաև՝ համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ ստանալու նորարարական, ռեզիդենտակենտրոն ծրագիր՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա: Այս ծրագիրը ռեզիդենտներին տալու է ընդգրկուն, բազմազան և համապարփակ կրթություն։ «Այս ձեռքբերման հիմքում ընկած է բավական մեծ աշխատանք: Ես շնորհավորում եմ այս կարևոր համագործակցության, նաև՝  գրանցված այն արդյունքի համար, որը հետագայում թե՛ կրթական, թե՛ առողջապահական ոլորտում լուրջ բարեփոխումների հիմք է ծառայելու: Հայաստանի զարգացման և ձեռքբերումների համար չափազանց կարևոր է տարբեր գերատեսչությունների, նախարարությունների ու նաև բուհական համակարգի ակտիվ համագործակցությունը:  Ուրախ եմ, որ մենք այսօր արդեն իսկ իրականացնում ենք պիլոտային ծրագիրը, որը մեզ հնարավորություն կտա օգտագործելով և վերցնելով  մեր միջազգային գործընկերների շատ կարևոր փորձը՝  ձևավորել այն կառուցակարգերը, որի շրջանակներում հետագայում կվերանայենք և կմեկնարկենք մեր մյուս ծրագրերը»,- ասաց Ավանեսյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ անդրադառնալով իրականացվող փոփոխություններին՝ ընդգծեց, որ դրանց անհրաժեշտությունն  այս պահին կա թե՛ կրթության, թե՛ առողջապահության ոլորտներում: «Ուրախ եմ, որ միջգերատեսչական համագործակցությունը,  որը դեռևս բարելավվելու անհրաժեշտություն ունի,  կյանքի կոչվեց: Կարևորում եմ այն փաստը, որ այն իրականցվում է որպես փորձնական ծրագիր, որովհետև սա մի ուղղություն է, որտեղ մենք կարիք ունենք հասկանալու լավագույն ճանապարհները, փորձելու դրանք և այդ փորձի հիման վրա նաև տեսնելու, թե ինչպիսին պետք է լինի համակարգային փոփոխությունը»,- նշեց նախարարը: Հետբուհական մասնագիտական կրթական ծրագիրը գործում է Առողջապահության նախարարության նպատակային օրդինատուրայի ծրագրի շրջանակներում: Այն մեկնարկել է 2023 թ-ի հոկտեմբերի 9-ին, ունի մրցութային կարգով ընդգրկված 8 սան, ովքեր  ընդունվել են Երևանի պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի միջոցով:
17:58 - 21 փետրվարի, 2024
Լենա Նանուշյանը և Իրանի սննդամթերքի և դեղերի վարչության պետը քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Լենա Նանուշյանը և Իրանի սննդամթերքի և դեղերի վարչության պետը քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակներում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Իրանի սննդամթերքի և դեղերի վարչության պետ Հայդեր Մոհամմադիի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Նրանք քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Մասնավորապես, Լենա Նանուշյանն անդրադարձել է դեղերի շրջանառության, բժշկական տուրիզմի զարգացման ուղղությամբ համագործակցությանը և համատեղ գործողությունների ծրագրի ընթացքին: Նանուշյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ավելի մանրամասն ներկայացնելու դեղերի գրանցման գործընթացը, ինչը կնպաստի դեղագործական արտադրանքի և բժշկական սարքավորումների արտահանմանը Եվրասիական տարածաշրջան, ինչպես նաև` Հայաստանում դեղագործության և բժշկական սարքավորումների մասնագիտացված ցուցահանդեսների անցկացմանը: Նշվել է, որ համատեղ աշխատանքային խմբի ձևավորման միջոցով կապահովվի գործողությունների ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հարթակները:
16:02 - 16 փետրվարի, 2024
Հայաստանն ու Հունգարիան պլանավորում են առողջապահության ոլորտում համագործակցության հուշագիր ստորագրել

Հայաստանն ու Հունգարիան պլանավորում են առողջապահության ոլորտում համագործակցության հուշագիր ստորագրել

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հունգարիայի առողջապահության ոլորտը համակարգող ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերի հետ հանդիպմանը քննարկել է առողջապահության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև` հետագա գործակցության վերաբերյալ հուշագրի կնքման հնարավորությունը: «Գործընկերոջս հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք այն բոլոր հարցերը, որոնք կարող են երկկողմ հետաքրքրություն ներկայացնել։ Պայմանավորվեցինք, որ միասին կաշխատենք երկկողմ համաձայնագրի տեքստի վրա։ Հույս ունեմ, որ առաջիկա ամիսներին համաձայնեցնելուց հետո այն կստորագրենք։ Ուրախ եմ, որ Հունգարիայի հետ նաև առողջապահության ոլորտում վերսկսվում ենք շատ կարևոր երկխոսություն և աշխատանքներ»,- ասաց Ավանեսյանը։  Առողջապահության նախարարը առանձնացրեց դեղագործական, կրթական և առողջապահական ապահովագրության ոլորտներում հայ-հունգարական համագործակցության խորացումը։ «Հունգարական դեղագործական արտադրությունը Հայաստանում բավականին լավ ճանաչելի է, և կարևորում ենք այս ոլորտում մեր հարաբերությունների զարգացումը։ Պայմանավորվեցինք, որ կաշխատենք Բժշկական համալսարանի ուսանողների, ինչպես նաև մասնագետների համար Հունգարիայում փորձի փոխանակման ծրագիր սկսել։ Հունգարիան շատ կարևոր համակարգ ունի նաև այլ երկրներից եկող անձանց համար կրթաթոշակներ տալու մասով, ուստի կարևորում եմ, որ Հայաստանի համար այդ տեղերը ևս հասանելի լինեն։ Բացի դրանից, ապահովագրական համակարգի ներդրման առումով մեզ համար շատ կարևոր և հետաքրքրիր է եվրոպական երկրների փորձը ուսումնասիրելը։ Պետք է ասեմ, որ բավականին նույնատեսակ գծեր նախանշեցինք, որոնք պլանավորում ենք մեր համակարգի հիմքում դնել։ Դրանք Հունգարիայում աշխատում են։ Նրանք ունեն կայուն և լավ առողջապահական համակարգ»,- եզրափակեց Ավանեսյանը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում փետրվարի 5-7-ը եղել է Հունգարիայում։ Այցի շրջանակներում առողջապահության նախարարը հանդիպում է ունեցել Հունգարիայի ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերի հետ, որը համակարգում է նաև երկրի առողջապահության ոլորտը։ Հանդիպման ընթացքում նախարարները նախանշել են առողջապահության ոլորտում համագործակցության հեռանկարները։
09:37 - 13 փետրվարի, 2024
Արցախցիների կարիքների համար գնումներ՝ ավագանու անդամների, նախկին ու ներկա պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից. տվյալների շտեմարան

Արցախցիների կարիքների համար գնումներ՝ ավագանու անդամների, նախկին ու ներկա պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից. տվյալների շտեմարան

Բռնի տեղահանված արցախցիների կարիքների համար իրականացված պետական գնումները կատարվել են «մեկ անձ» կամ «հրատապ մեկ անձ» ընթացակարգերով։ Ընդհանուր առմամբ կնքվել է մոտ 6 միլիարդ դրամի շուրջ 1000 պայմանագիր, որոնցից որոշները՝ նախկին ու ներկա պաշտոնատար անձանց փոխկապակցված ընկերությունների հետ։  Արցախի բնակչության տեղահանության ընթացքում ՀՀ կառավարությունը Առողջապահության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններին պետական բյուջեից միջոցներ էր հատկացրել՝ տեղահանված անձանց կեցության, սննդի եւ այլ առաջնային կարիքներ հոգալու համար։ 2023թ․ հոկտեմբերի 20-ի դրությամբ կառավարությունը նշված նախարարություններին տրամադրել էր շուրջ 15 մլրդ ՀՀ դրամ։ Առողջապահության նախարարությունը տեղահանվածների համար առողջապահական և լաբորատոր նյութեր է ձեռք բերել նախարար Անահիտ Ավանեսյանին փոխկապակցված ընկերություններից Նախարարությունը պայմանագրեր է կնքել առաջին օգնության ապրանքներ տրամադրող 6 իրավաբանական անձանց հետ. «Արփիմեդ», «Նատալի Ֆարմ», «Վագա Ֆարմ», «Թեոֆարմա Իմպորտ» ՍՊԸ-ներ եւ «Արֆարմացիա», «Ֆարմատեք» ՓԲԸ-ներ։ Գնումները կատարվել են «հրատապ մեկ անձ» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։ Այս ընկերություններից երկուսը կապվում են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Մասնավորապես, «Արֆարմացիա» ընկերության 31% բաժնեմասը պատկանում է Անահիտ Ավանեսյանի մորը՝ Մարգուշ Վարդանյանին, իսկ 29,7% բաժնեմասը՝ Վաչե Մանուկյանին։ 2023 թ․-ի սեպտեմբերի 20-ին Առողջապահության նախարարությունը մոտ 455 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել այս ընկերության հետ, որը մատակարարել է առողջապահական եւ լաբորատոր նյութեր։ Առողջապահության նախարարությունը 5 մլն 349 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել նախարարի մոր ընկերության հետ փոխկապակցվող «Ֆարմատեք» ՓԲԸ-ի հետ։ Այս ընկերության իրական շահառուն նույնպես Վաչե Մանուկյանն է։ Վերը հիշատակված «Արֆարմացիա» ընկերության՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրում «Ֆարմատեք» ընկերությունը գրանցված է որպես միջանկյալ ընկերություն։  Գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված «Նատալի ֆարմ» ընկերությունից Առողջապահության նախարարությունը 1 մլն 910  հազար ՀՀ դրամի առողջապահական եւ լաբորատոր նյութեր է գնել։ Ընկերության տնօրենը Ասատուր Ասատրյանն է՝ «Աստղիկ» (նախկինում՝ «Մալաթիա») բժշկական կենտրոնի տնօրենը։ Ասատրյանը Սամվել Ալեքսանյանի քրոջ ամուսինն է։ Ասատուր Ասատրյանը ընկերության 99,9% բաժնետերն է, մնացած մասը պատկանում է Սամվել Ալեքսանյանի կնոջը՝ Շողերինա Մկրտչյանին։ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդուն՝ Արտակ Հարությունյանին փոխկապակցվող «Արփիմեդ» ՍՊԸ-ի հետ Առողջապահության նախարարությունը կնքել է 2 մլն 68 հազար ՀՀ դրամի պայմանագիր։ Ընկերությունը մատակարարել է առողջապահական եւ լաբորատոր նյութեր։ Մինչև 2022 թվականը «Արփիմեդի» բաժնետեր է եղել Արտակ Հարությունյանը, այժմ ընկերության 100% բաժնետերը եւ տնօրենը Վաչագան Ղազարյանն է։  «Վագա Ֆարմ» եւ «Թեոֆարմա Իմպորտ» ընկերությունները համապատասխանաբար 4 մլն 134 հազար եւ 8 մլն 273 հազար դրամի պայմանագրերով ԱՆ-ին մատակարարել են դարձյալ առողջապահական եւ լաբորատոր նյութեր։  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պայմանագրեր է կնքել Սամվել Ալեքսանյանին առնչվող ընկերությունների հետ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը նախորդ տարվա հոկտեմբերի 20-ի դրությամբ տրամադրվել է ընդհանուր առմամբ  12 մլրդ 472 մլն 285 հազար դրամ, որից 234 մլն 697 հազար դրամը Կառավարության օգոստոսի 11-ի որոշմամբ հատկացվել է 5 իրավաբանական անձանցից կենցաղային եւ հանրային սննդի (մանկական սնունդ, կաթի փոշի, ալյուր, մակարոն եւ այլն) ձեռքբերմանը։ Այդ հինգ ընկերություններն են «Նատալի ֆարմ» ՍՊԸ, «Ալեքս Էնդ Հոլդինգ» ՍՊԸ, «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ, «ՄԼՏ եւ ԱՐՍ» գրուպ ՍՊԸ, «Բեյբի-Սիմ» ՍՊԸ։ Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված «Նատալի ֆարմ» ընկերությունից նախարարությունը կատարել է 56 մլն 414 հազար դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է մանկական սնունդ։ Սամվել Ալեքսանյանի որդու՝ Գագիկ Ալեքսանյանի «Ալեքս Էնդ Հոլդինգ» ընկերությունից նախարարությունը կատարել է 81 մլն 140 հազար դրամի գնում։ Այս ընկերությունը մատակարարել է շաքարավազ, ձեթ, ալյուր, մակարոն։   «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունից սոցապ նախարարությունը կատարել է 2 մլն 880 հազար դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է յոդացված աղ։  Այս ընկերության իրական սեփականատերերը Արկադի եւ Արեգ Ղուկասյաններն են, որոնք Արցախի քաղաքացիներն են (համապատասխանաբար 30 եւ 70% բաժնեմասերով)։ Արկադի Ղուկասյանը Արցախի երկրորդ նախագահն է, որն այժմ Բաքվում կալանավորված է։ Արեգ Ղուկասյանն Արկադի Ղուկասյանի եղբայրն է, որը ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր է եղել ՀՀ ԱԺ-ում։  «Բեյբի-Սիմ» ՍՊԸ-ից նախարարությունը կատարել է 42 մլն 263 հազար ՀՀ դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է մանկական սնունդ, իսկ «ՄԼՏ եւ ԱՐՍ գրուպ» ընկերության հետ նախարարությունը կնքել է 52 մլն ՀՀ դրամի պայմանագիր, մատակարարվել է կաթի փոշի։  Մարզպետարանների աշխատակազմերի կատարած գնումները «Ինֆոքոմն» ուսումնասիրել է տեղահանված արցախցիների աջակցության շրջանակում Հայաստանի բոլոր մարզերի մարզպետարանների աշխատակազմերի կատարած գնումներն ու հատկացումները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով այն պայմանագրերին, որոնց գումարը գերազանցում է 10 մլն ՀՀ դրամը։  Ստորեւ ինֆոգրաֆիկայում ներկայացված է, թե ՀՀ մարզերում ինչպիսին է եղել բռնի տեղահանված արցախցիների բաշխվածությունը 2023-ի հոկտեմբերին եւ 2024-ի հունվարին, եւ թե մարզերից յուրաքանչյուրն ընդհանուր առմամբ որքան գումար է ծախսել նրանց առաջնային կարիքների համար (դեղին սյուներն արտացոլում են մարզում արցախցիների թիվը հոկտեմբերի դրությամբ, մոխրագույն սյուները՝ հունվարի դրությամբ։ Սեւ գծի գագաթներն արտացոլում են մարզպետարանների աշխատակազմերի կատարած ծախսերը՝ մլն դրամ արտահայտությամբ)։  «Ինֆոքոմն» ուսումնասիրել է մարզպետարանների աշխատակազմերի կնքած՝ հիմնականում 10 մլն դրամը գերազանցող գնման պայմանագրերը։ Առանձնացրել ենք բոլոր այն ընկերությունները, որոնք փոխկապակցված են նախկինում կամ ներկայում պետական պաշտոն զբաղեցնող անձանց հետ։  Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ մեր ուսումնասիրությունը չի անդրադառնում բոլոր ընկերություններին, հրապարակում ենք Արցախից բռնի տեղահանված անձանց առաջնային աջակցություն տրամադրելու շրջանակում 2023թ-ի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում իրականացված պետական գնումների շտեմարանը։    Արագածոտնի մարզպետարան Արագածոտնի մարզպետարանը պայմանագիր է կնքել Աշտարակ համայնքի ավագանու անդամին պատկանող ընկերության հետ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմը պայմանագրեր է կնքել 18 իրավաբանական անձանց հետ. 10-ը՝ անհատ ձեռներեց, 6-ը՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, 1-ը՝ Երեւանի պետական համալսարան հիմնադրամի, 1-ը՝ ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան։ Բոլոր գնումները կատարվել են հրատապ մեկ անձ ընթացակարգով։ Ընդհանուր ծախսը կազմել է 260 մլն 931 հազար ՀՀ դրամ։ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմն ընդհանուր առմամբ 12 մլն 936 հազար ՀՀ դրամի պայմանագրեր է կնքել «Էլիտ Էլֆա» ՍՊԸ-ի հետ, որից ամիսներ առաջ՝ 2023 թվականի հուլիսին, ընկերության 100 տոկոս  բաժնետեր է դարձել Արտաշատ համայնքի ավագանու անդամ Արտաշես Խաչատրյանը՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ 2023-ի օգոստոսի 31-ին «Էլիտ Էլֆայի» նկատմամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի մարզային բաժնի կողմից սահմանափակում է կիրառվել՝ պարտավորեցնելով ընկերությանը պետական բյուջե վճարել 551 հազար 843 դրամ։ ՀԿԱԾ-ից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ ընկերությունը չկատարված հարկային պարտավորություն ունի։ Այս ընկերությունը հյուրանոցային ծառայություններ է մատուցել տեղահանված անձանց համար։  Արարատի մարզպետարան Արարատի մարզպետարանի աշխատակազմը մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 6 ԱՁ-ի եւ 5 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր առմամբ ծախսը կազմել է 73 մլն 540 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել է սնունդ, հիգիենայի պարագաներ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Մարզպետարանի աշխատակազմը Ասպրամ Խաչատրյան ԱՁ-ից կատարել է 9 մլն 500 հազար դրամի գնում՝ սնունդ եւ հիգիենայի պարագաներ։ Ասպրամ Խաչատրյանը Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու անդամ է։ Ավագանու անդամի ԱՁ-ն 2024 թվականի հունվարի 22-ին նույնպես արգելանքի տակ է հայտնվել, որով ԱՁ-ից պետական բյուջեի օգտին 148 հազար դրամ պետք է բռնագանձվի։ Շիրակի մարզպետարան Շիրակի մարզպետարանի աշխատակազմը «մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 22 ԱՁ-ի, 13 ֆիզիկական անձի, 1 արտադրական կոոպերատիվի, 8 ՍՊԸ-ի, 1 բարեգործական հիմնադրամի հետ։ Նաեւ մարզպետի որոշմամբ դրամական ուղիղ աջակցություններ են տրամադրվել 10 արցախցու։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 160 մլն 251 հազար ՀՀ դրամ։  Բացի մեկ անձ ընթացակարգով կազմակերպված գնումներից՝ Շիրակի մարզպետի որոշմամբ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ Շիրակացի 21Ա մասնաշենքի պատասխանատու, էլեկտրիկ Մանվել Խաչատրյանին տրամադրվել է 3 մլն 296 հազար 664 ՀՀ դրամ՝ մասնաշենքում տեղակայված քառասուն տեղահանված անձանց առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու համար (որոշման հիմք են հանդիսացել ՓԲԸ տնօրենի գրությունները)։ Մարզպետի մեկ այլ որոշմամբ Արթիկի համայնքապետարանի կողմից լիազորված անձ Վահրամ Զատիկյանին տրամադրվել է 1 մլն 144 հազար ՀՀ դրամ՝ Արթիկ համայնք տեղափոխված ընտանիքներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու նպատակով (որոշման հիմք է հանդիսացել Արթիկ համայնքի ղեկավարի գրությունը)։ Արթիկի համայնքապետարանի կողմից լիազորված անձ Վահրամ Զատիկյանն ունի ԱՁ, որի հետ Շիրակի մարզպետարանը տեղահանված անձանց կարիքները հոգալու շրջանակում կնքել է 560 հազար դրամի պայմանագիր՝ հյուրանոցային ծառայությունների համար։  Կոտայքի մարզպետարան Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 15 ԱՁ-ի, 1 ֆիզիկական անձի, 24 ՍՊԸ-ի, ԳԱԱ ՈԱԿ-ի, ԵՊՀ հիմնադրամի, Ագրարային համալսարան հիմնադրամի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 1 մլն 125 հազար ՀՀ դրամ։ Հիմնականում մատուցվել են սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը 36 մլն 997 հազար 600 դրամի պայմանագրեր է կնքել «Ոսկե գետակ Աղվերան» ՍՊԸ-ի հետ, որը մատուցել է սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Այս ընկերության տնօրենը Վարդան Ավագյանն է, որը տարիներ առաջ մասնակցություն է ունեցել «Վանգաս» ՍՊԸ-ում, որի նախկին եւ այժմյան բաժնետերերից են Էդվարդ ու Արտաշես Վանյանները։ Վերջինս զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի պաշտոնը, 2021թ․-ից համակարգում չէ։  Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը 9 մլն 648 հազար դրամի պայմանագրեր է կնքել «Մուլտի ռեստ հաուս» ՍՊԸ-ի հետ, որը եւս մատուցել է սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Այս ընկերության սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է, որի նկատմամբ, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, կիրառված է սահմանափակում. «Արգելել Գագիկ Ծառուկյանին ընկերությունում ունեցած բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը»,- նշված է ռեգիստրում։ Գեղարքունիքի մարզպետարան Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմը «մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 32 ԱՁ-ի եւ 14 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 448 մլն 515 հազար ՀՀ դրամ։  Վայոց Ձորի մարզպետարան Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմը «հրատապ մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 17 ԱՁ-ի, 10 ՍՊԸ-ի, 31 ֆիզիկական անձի, ՀԱԵ Վայոց Ձորի թեմի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 141 մլն 496 հազար ՀՀ դրամ։ Մեծ մասամբ մատուցվել են հյուրանոցային ծառայություններ, ինչպես նաեւ մատակարարվել են սննդի ծանրոցներ ու կենցաղային ապրանքներ։ Արմավիրի մարզպետարան Արմավիրի մարզպետարանի աշխատակազմը մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 9 ԱՁ-ի, 1 ՓԲԸ-ի եւ 5 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 216 մլն 260 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել են սնունդ, հիգիենայի պարագաներ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Լոռու մարզպետարան Լոռու մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 56 ԱՁ-ի, 21 ՍՊԸ-ի, 1 ՓԲԸ-ի, 10 ֆիզիկական անձի, 1 բարեգործական հիմնադրամի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 302 մլն 166 հազար ՀՀ դրամ։ Սյունիքի մարզպետարան Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 12 ՍՊԸ-ի, 47 ԱՁ-ի, 12 ֆիզիկական անձանց հետ։ Ընդհանուր ծախսվել է 270 մլն 607 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել է սնունդ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Տավուշի մարզպետարան Տավուշի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 63 իրավաբանական անձանց հետ, որոնցից 46-ը՝ ԱՁ, 13-ը՝ ՍՊԸ, 1-ը՝ ՓԲԸ, 3-ը՝ արտադրական կոոպերատիվ։ Ընդհանուր ծախսը կազմել է 246 մլն 556 հազար ՀՀ դրամ։ Ստորեւ ինֆոգրաֆիկայում արտացոլված է, թե որ մարզը քանի իրավաբանական կամ ֆիզիկական անձից է կատարել գնումներ եւ քանի անձի է տրամադրել աջակցություն     Հայարփի  ԲաղդասարյանԼուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի, Կոռնիձոր, 27 սեպտեմբերի, 2023թ․
17:31 - 06 փետրվարի, 2024
Տուժածներից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսինը՝ կայուն ծանր. ԱՆ

Տուժածներից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսինը՝ կայուն ծանր. ԱՆ

Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, 2 քաղաքացի հոսպիտալացվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Այս պահի դրությամբ տուժածներից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսինը` կայուն ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին՝ ժամը 11:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն: ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական ջոկատ, բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, ՓՈՒՎ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում․ կա երկու տուժած: Դեպքի վայրում է գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը։
14:55 - 05 փետրվարի, 2024
Այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է. «Շտկել բուժօգնության բացերը» (Close the care gap): ԱՀԿ տվյալներով` աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ 19,3 մլն նոր դեպք և շուրջ 10 մլն մահացության դեպք: Հայաստանում տարեկան նոր դեպքերը միջինում կազմում են 8143: Վիճակագրական տվյալներով` տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի, լյարդի, միզապարկի և շագանակագեղձի, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, արգանդի մարմնի և պարանոցի, իսկ վերջին տարիներին թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում ստամոքսի և կոլոռեկտալ քաղցկեղների դեպքերի աճի միտում է գրանցվել: Պետության կողմից անվճար իրականացվող ծրագրերի և առաջիկա միջոցառումների մասին՝ այստեղ:
13:17 - 04 փետրվարի, 2024
Շաբաթական լինում է 50-57 դեպք, լինում են նաև տեղային բռնկումներ. նախախարը՝ կարմրուկի մասին |armeniasputnik.am|

Շաբաթական լինում է 50-57 դեպք, լինում են նաև տեղային բռնկումներ. նախախարը՝ կարմրուկի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանում շաբաթվա ընթացքում գրանցվում է կարմրուկի 50-57 դեպք, երբեմն էլ լինում են տեղային բռնկումներ։ Այս մասին այսօր Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Հիվանդներն անցնում են ստացիոնար բուժում, իսկ շրջապատի մարդիկ պատվաստվում են, պետք է նշեմ, որ կարմրուկի և բոլոր մյուս վարակիչ հիվանդությունների հաղթահարման ամենակարևոր գործիքը հենց պատվաստումն է»,- ասաց Ավանեսյանը։ Նախարարը նշեց նաև, որ կարմրուկով ավելի շատ վարակվում են երեխաները, բայց մեծահասակների վարակվելու պարագայում , եթե հատկապես նրանք ունեն խրոնիկ հիվանդություններ, խնդիրները շատ ավելի բարդ են լինում։ Ավանեսյանը նշեց, որ Հայաստանում վերջին տարիներին պատվաստումների ցուցանիշի անկում է գրանցվել։ Նրա կարծիքով՝ պատճառը հակապատվաստումային քարոզչություն է։ «Կասկածներին ու միֆերին հավատալը բերում են նրան, որ երեխաներին չեն պատվաստում»,- ասաց նա։ Նախարարությունը հիմա նպատակ է դրել հետ բերել մանկական պատվաստման 95 տոկոս ցուցանիշը։
16:42 - 03 փետրվարի, 2024