ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

2023թ․ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների՝ դատարան ուղարկված վարույթների մեծ մասը վերաբերել է գողությանը, թմրամիջոցներին և մարմնական վնասվածքներ հասցնելուն․ ամփոփում

2023թ․ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների՝ դատարան ուղարկված վարույթների մեծ մասը վերաբերել է գողությանը, թմրամիջոցներին և մարմնական վնասվածքներ հասցնելուն․ ամփոփում

ՀՀ քննչական կոմիտեն ներկայացնում է անչափահասների կողմից կատարված հանցավորության ընդհանուր դինամիկան՝  ըստ 2023-ի ընթացքում ՔԿ վարույթում քննված քրեական վարույթների։ «Ըստ այդմ, նախորդ տարի անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվել է 363 քրեական  վարույթ՝ 2022-ին քննված 244 վարույթի դիմաց։ Հետևաբար, ըստ ամփոփված վիճակագրության, նախորդ մեկ տարվա ընթացքում արձանագրվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների կամ դրան ուղղված առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթների աճ՝  119-ով կամ շուրջ 48 տոկոսով։ Նախաձեռնված 363 վարույթից 50-ի նախաքննությունն ավարտվել է և 63 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։  2022-ին դատարան ուղարկված վարույթները եղել են 59-ը՝ 59 անչափահասի վերաբերյալ մեղադրանքով։ 2023թ․ դատարան ուղարկված վարույթների գերակշռող մասը վերաբերել են գողության և թմրամիջոցների հետ կապված դեպքերին։ Մասնավորապես՝ 50 վարույթներից 14-ը քննվել է գողության (28 %) 10-ը՝ թմրամիջոցներների ապօրինի շրջանառության հետ կապված (20 %) 9-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 3-ը՝ խուլիգանության, 2-ը՝ սպանության, 2-ը՝ ավազակության,  1-ը՝ զենքի ապօրինի շրջանառության, 1-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 8-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ: 133 քրեական վարույթ կարճվել է, որից 69-ը` ռեաբիլիտացնող, իսկ 63-ը՝ ոչ ռեաբիլիտացնող, 1-ը՝ այլ հիմքով։ 48-ով ավարտվել են վարութային և ապացուցողական գործողությունները, 2-ը ուղարկվել է այլ մարմին, 12-ը` միացվել։ 118 վարույթ փոխանցվել է 2024թ.: 70 անչափահասի նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու կամ դադարեցնելու մասին։ 2022-ին նույն հիմքով քրեական հետապնդում չի իրականացվել կամ այն դադարեցվել է 43 անչափահասի նկատմամբ»,- ասված ա հաղորդագրության մեջ։
12:46 - 22 մարտի, 2024
36-ամյա տղամարդը հարվածել է կնոջը, սպանության փորձ կատարել աներոջ նկատմամբ. նախաքննությունն ավարտվել է

36-ամյա տղամարդը հարվածել է կնոջը, սպանության փորձ կատարել աներոջ նկատմամբ. նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Երևանի 36-ամյա բնակչի կողմից աներոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու, կնոջը հարվածելու, սպանության սպառնալիքներ հնչեցնելու և ապօրինի կերպով զենք պահելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թ․ նոյեմբերի 28-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 29-ը՝ ժամը 02:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող տանը բնակվող ամուսինների միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում ամուսինը՝ 36-ամյա տղամարդը, կնոջ նկատմամբ ֆիզիկական ներգործություն գործադրելու դիտավորությամբ, երկու անգամ հարվածել է վերջինիս այտին։ Ժամը 02:30-ի սահմաններում, կնոջ հայրը, դստեր խնդրանքով, որդու հետ եկել են հիշյալ տուն, որտեղ ամուսինների միջև առկա տարաձայնությունների կապակցությամբ քաշքշուկ է առաջացել հիշյալ կնոջ եղբոր, հոր և ամուսնու միջև։ Այդ ընթացքում վերջինս, վերցնելով իր անվամբ հաշվառված՝ «ՍԱՅԳԱ-410Կ» տեսակի որսորդական ողորկափող հրացանը, աներոջը և նրա որդուն առաջարկել է զրուցելու նպատակով դուրս գալ տնից։ Վերջիններս մերժել են առաջարկը, ինչից հետո տղամարդը դուրս է եկել տնից: Որոշ ժամանակ անց՝ ժամը 02:30-ից 03:00-ն ընկած ժամանակահատվածում, կինը՝ երկու անչափահաս երեխաների, հոր և եղբոր հետ դուրս է եկել տնից, նստել հոր վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան և հեռացել։ Բնակության վայրից մոտ 50 մետր հեռավորության վրա 36-ամյա տղամարդը որսորդական հրացանի փողը պահել է դեպի ավտոմեքենան։ Վարորդը, արագացնելով ավտոմեքենայի ընթացքը, շրջանցել է նրան, սակայն 36-ամյա տղամարդը, իր կնոջ հորը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ավտոմեքենայում գտնվող անձանց, այդ թվում երկու անչափահաս երեխաների կյանքի համար վտանգավոր եղանակով, վերոնշյալ որսորդական հրացանով 4 անգամ կրակել է ավտոմեքենայի, մասնավորապես՝ վարորդի ուղղությամբ, սակայն կրակոցներից երկուսը վնասել են ավտոմեքենայի մի քանի հատվածներ: Դրանից որոշ ժամանակ անց՝ ժամը 03:30-ից 03:40-ն ընկած ժամանակահատվածում, 36-ամյա տղամարդը, աներոջ նկատմամբ հոգեկան ներգործություն գործադրելու դիտավորությամբ, զանգահարել է վերջինիս և հնչեցրել սպանության սպառնալիքներ, որի հետևանքով նրա մոտ առաջացել են վախի և տագնապի զգացողություններ: Պարզվել է նաև, որ 36–ամյա տղամարդը իր կողմից շահագործվող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայում ապօրինի պահել է ինքնաշեն եղանակով ձևափոխված՝ ողորկափող հրազեն հանդիսացող «BARICAT R 2.5՛՛ S» մոդելի ռևոլվեր, որը հայտնաբերվել է նրա անձնական խուզարկության ժամանակ: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 36–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 9-րդ կետերով և 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան»,-նշված է հաղորդագրությունում։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:49 - 21 մարտի, 2024
Ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: «Հիշեցնենք, որ 17-ամյա երիտասարդը, ով ենթադրյալ հանցագործություն կատարած անձի հետ տևական ժամանակ, անձնական հարցի առնչությամբ, գտնվել է թշնամական հարաբերությունների մեջ, կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացել էր սույն թվականի մարտի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց 52/3 հասցեի մոտ: Վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական անհրաժեշտ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից ևս երկուս անձի ինքնություն, ովքեր սպանության կասկածանքով ձերբակալված 21-ամյա երիտասարդի ընկերներն են: Քննիչների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում ընկերներից մեկը և 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել: Իրականացված վարութային գործողություններով անհատականացվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, որոնց տրվել են իրավական գնահատականներ: Նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված մեծածավալ միջոցառումներով պարզվել է նաև միջադեպի ժամանակ տուժողին մահակի գործադրմամբ մարմնական վնասվածքներ հասցրած անձի ինքնությունը, ով 21-ամյա երիտասարդի մեկ այլ ընկերն է, ում նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել և հայտարարվել հետախուզում։ Քննությամբ նաև նոր հանգամանքներ են ի հայտ եկել. մասնավորապես, տվյալներ են ստացվել այն մասին, որ կողմերի միջև նախկինում տեղի է ունեցել նաև այլ միջադեպ, որը դարձել է վրեժի շարժառիթով 17-ամյա պատանու սպանության պատճառ: Դեպքին նախորդող ժամանակահատվածում տեղի ունեցած այս և այլ միջադեպերի առնչությամբ ձեռնարկվում են քննչական, ապացուցողական և վարութային անհրաժեշտ միջոցառումներ: Նախաքննության ընթացքում 21-ամյա մեղադրյալի բնակության վայրում, օրենքով սահմանված կարգով, կատարվել է խուզարկություն, որի ժամանակ հայտնաբերվել են ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող ծալովի դանակը և փայտյա մահակը՝ չորացած արնանման հետքերով, ինչպես նաև՝ չորացած արնանման հետքերով հագուստներ։ Կատարվել են միջադեպի այլ մանրամասներ պարզելու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ՝ առերես հարցաքննություններ, տեսագրության զննություններ, խուզարկությամբ հայտնաբերվածի վերաբերյալ նշանակվել են դատակենսաբանական դատաքրեագիտական, իսկ ավելի վաղ՝ նաև դատաբժշկական, դատակենսաբանական, դատամատնադրոշմային, համալիր դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 21-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ վերջինիս վերոհիշյալ ընկերոջը՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 21-ամյա երիտասարդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է: Վերջինիս ընկերոջ նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ տվյալներ ձեռք բերելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:35 - 21 մարտի, 2024
Օղու արտադրությամբ զբաղվող ընկերությունը պետությունից շուրջ 3,2մլրդ դրամի հարկեր է թաքցրել․ 1,6 մլրդ դրամի վնասը վերականգնվել է. ՔԿ

Օղու արտադրությամբ զբաղվող ընկերությունը պետությունից շուրջ 3,2մլրդ դրամի հարկեր է թաքցրել․ 1,6 մլրդ դրամի վնասը վերականգնվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից առանձնահատուկ հանցավոր սխեմայի կիրառմամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպք: Քրեական վարույթով կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ալկոհոլային սպիրտի թորման և օղու արտադրման ոլորտում երկար տարիներ գործունեություն իրականացրած Ռ.Գ.-ին և Ն.Հ.-ին պատկանող «Ռ․․․» ՍՊ ընկերությունը զբաղվել է խմիչքի արտադրությամբ և վաճառքով, հանդիսացել ավելացված արժեքի հարկ վճարող: 2017-2021 թվականների ընթացքում, առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դիտավորությամբ, նշված ընկերության պատասխանատու անձինք տարբեր տարիների ընթացքում շուկայից, առանց հաշվապահական փաստաթղթերի, ձեռք բերելով շուրջ 1.200 տոննա ալկոհոլային սպիրտ՝ նպատակ են ունեցել ձևական գործարքների պայմաններում ստեղծել սպիրտի օրինական շրջանառության իմիտացիա և այդ կերպ օրինականացնել նախ հիշյալ ծավալի սպիրտի ձեռքբերումը, որից հետո խուսափել առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց: Հիշյալ նպատակն իրագործելու համար նրանք հանցավոր համաձայնության են եկել երկար տարիներ ալկոհոլային խմիչքների ոլորտում գործունեություն ծավալած Ա.Գ.-ի հետ, որոշակի վարձատրության դիմաց, առանց իրական ձեռնարկատիրական գործունեության իրականացման մտադրության, վերջինիս կազմակերպմամբ տարբեր անձանց տվյալներով ընկերություններ ստեղծելու և դրանց միջոցով շուրջ 1.200 տոննա ալկոհոլային սպիրտի շրջանառությունն իրականացնելու մասին: Այդ կերպ, առանց ձեռնարկատիրական կամ բանկային գործունեություն իրականացնելու մտադրության, 2017 և 2019թթ․ պետական գրանցում են ստացել 2 ընկերություններ, որոնք ստացել են ալկոհոլային սպիրտի թորման և օղիների արտադրման լիցենզիա: Հանցավոր մտադրություններն ի կատար ածելու, իսկ հետագայում հնարավոր հարկային պարտավորությունները վճարելուց խուսափելու համար Ա.Գ.-ն նշված ընկերությունների տնօրեններ է նշանակել հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց: 2017թ. նոյեմբեր-2018թ. մայիս ամիսների, ինչպես նաև 2019թ. դեկտեմբեր-2020թ. մայիս ամիսների ընթացքում «Ռ․․․» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող անձինք նշված երկու ընկերությունների անվամբ դուրս են գրել ընդհանուր շուրջ 1140 տոննա ալկոհոլային՝ 96 տոկոսանոց սպիրտի մատակարարման «անապրանք» հարկային հաշիվներ, սակայն սպիրտի փաստացի մատակարարումը կատարվել է «Ռ․․․» ՍՊ ընկերության կողմից: Փոխարենը նշված ընկերությունները դուրս են գրել ընդհանուր շուրջ 1․515․000 շիշ օղու մատակարարման «անապրանք» հարկային հաշիվներ: Նշված երկու ընկերություններից մեկը հետագայում լուծարվել է, մյուսը գտնվում է լուծարային գործընթացում: Նույն հանցավոր սխեման կիրառվել է նաև 2021թ․ մարտին։ Հանցավոր գործունեություն իրականացնելու համար այս դեպքում ներգրավվել է ակցիզային դրոշմանիշներ ունեցող նոր՝ 2016թ․ պետական գրանցում ստացած ընկերություն: Լուծարային գործընթացում գտնվող «Ռ․․․» ՍՊԸ-ի գործունեությունը շարունակելու նպատակով 2021թ․ մարտ ամսին Ռ.Գ.-ի կողմից հիմնադրվել է այլ՝ «Է․․․» ՍՊԸ-ն։ Վերջինիս տնօրենին փոխանցվել է վերոնշյալ ընկերության անվամբ ստացված 444.660 հատ ակցիզային դրոշմանիշ, որոնց օգտագործմամբ Ռ.Գ.-ի կողմից հիմնադրված այլ ՍՊԸ-ի արտադրական հասցեում արտադրվել, սակայն մյուս ընկերության անունով պիտակավորվել է 4660 շիշ օղի: Նշված արտադրական քանակության հիմքեր ստեղծելու նպատակով ընկերությունների կողմից միմյանց անվամբ դուրս են գրվել համապատասխան քանակների օղու մատակարարման «անապրանք» հարկային հաշիվներ: Արդյունքում հիշյալ օղիներից ՀՀ տարածքում գործող մանրածախ առևտրով զբաղվող տարբեր տնտեսվարողներին իրացվել է շուրջ 1.862 շիշ օղի, մնացորդային՝ արտադրված 2.798 շիշ օղիները հայտնաբերվել են խուզարկության ժամանակ, իսկ 440.000 հատ ակցիզային դրոշմանիշերը փոխանցվել են նախաքննական մարմնին: Կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ամբողջությամբ բացահայտվել է հանցագործության սխեման, դրանում ներգրավված անձանց շրջանակը: Քրեական հետապնդումներ են հարուցվել 4 անձանց նկատմամբ։ Հանցավոր մեխանիզմում ներգրավված անձինք տվել են խոստովանական ցուցմունքներ։ Նշանակված համալիր հարկային ստուգման շրջանակներում ՀՀ ՊԵԿ են ներկայացվել ճշտված հաշվարկ-հաշվետվություններ, որի արդյունքում պարզվել է, որ «Ռ․․․» և «Է․․․» ՍՊ ընկերությունների փաստացի սեփականատերեր Ռ.Գ.-ն և Ն.Հ.-ն խուսափել են առանձնապես խոշոր չափերով 2.381.238.862 ՀՀ դրամ հարկեր վճարելուց, որը հաշվարկված 811.817.885 ՀՀ դրամ տույժերի հետ միասին կազմում է 3.193.056.747 ՀՀ դրամ: Նախաքննության ընթացքում հիշյալ անձանց կողմից արդեն իսկ պետությանը պատճառված 3.193.056.747 ՀՀ դրամ վնասից 1.671.527.000 ՀՀ դրամը վերականգնվել է, որն ուղղվել է հարկային պարտավորությունների մարմանը, իսկ մնացյալ մասով կազմվել է վճարման ժամանակացույց: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:14 - 21 մարտի, 2024
Տելեգրամյան ալիքներով իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության նոր դեպքեր են բացահայտվել․ երեք անձ կալանավորվել է

Տելեգրամյան ալիքներով իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության նոր դեպքեր են բացահայտվել․ երեք անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժիններում քննվող երկու տարբեր քրեական վարույթների շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են տելեգրամյան ալիքներով իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:   «Մասնավորապես, 2024 թ․ մարտի 15-ին ստացված տեղեկատվության իրացման արդյունքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Երևան քաղաքի Արամի 103 հասցեի հարակից ապօրինի տարածքից թմրանյութ պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և քննչական բաժին են ներկայացվել «Հունդայ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորուհին:   ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված խուզարկությունների արդյունքում հիշյալ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով լցված փաթեթներ, ապակյա տարա՝ լցված դեղնավուն հեղուկ զանգվածով, բազմաթիվ վճարման անդորրագրեր, նոթատետր, որի մեջ եղել են գրառումներ՝ տարածաշրջանների, քաշերի, քանակների և գումարների վերաբերյալ։   Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղևորուհին, նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով և շահադիտական դրդումներով, ապօրինի ձեռք են բերել և իրացնելու նպատակով «Հունդայ» մակնիշի ավտոմեքենայում ապօրինի պահել ընդհանուր 45 փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով և 1 հատ տարա՝ լցված դեղնավուն զանգվածով։ Փաթեթներից մեկը հայտնաբերվել է ավտոմեքենայի ուղևորուհու անձնական խուզարկությամբ, իսկ մնացած՝ 44-ը և դեղնավուն զանգվածով լցված տարան հայտնաբերվել են հիշյալ ավտոմեքենայում:   Նշանակված փորձաքննությամբ հաստատվել է, որ փորձաքննության ներկայացված նմուշները մարիխուանա տեսակի թմրամիջոց են, մնացած մասով եզրակացությունը դեռևս չի ստացվել։   Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերոնշյալ անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։   Մյուս քրեական վարույթով ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թ․ մարտի 16-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Դալմայի այգիներ կոչվող տարածքի մոտից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, իրացնելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել են 30-ամյա մի տղամարդու, ով Կոտայքի մարզի բնակիչ է։   Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 14 փաթեթներում առանձնացված, ընդհանուր 6 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, բժշկական մեկ կաթոցիչ՝ մոխրացած հետքերով։   Քրեական վարույթի շրջանակներում նշանակված փորձաքննությամբ պարզվել է, որ հայտնաբերված զանգվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է։   Քննությամբ նախնական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ տղամարդը նշված թմրամիջոցը ապօրինի ձեռք է բերել Տելեգրամ հավելվածի միջոցով՝ քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված անձից և այն պահել, տեղափոխել՝ հետագա իրացման նպատակով։   30-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով։   Երկու քրեական վարույթներով միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 3 մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։   Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց՝ մասնավորապես թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրները և դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:   Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
18:07 - 20 մարտի, 2024
Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից

Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից

Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացվող քննությամբ պարզվում են առանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները։ Այս մասին հաղորդում են Քննչական կոմիտեից։ «2024 թվականի մարտի 13-ին, ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել և բերման են ենթարկվել՝ 31-ամյա տղամարդ ու 28-ամյա մի կին։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 11 տարբեր փաթեթներում առանձնացված, ընդհանուր 10,14 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված և գաղտնի փականով դանակ, իսկ 28-ամյա կնոջ մոտ՝ նույնպիսի կպչուն ժապավեններով թվով 114 և 193 հատ զիպ փականով փաթեթներ՝ լցված ընդհանուր 274․33 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգվածով։ Խուզարկությամբ հայտնաբերվել են նաև թմրամիջոցի մանրացման համար նախատեսված աղացներ, էլեկտրական գրամային կշեռք, թմրամիջոցի հետքերով տոպրակներ, կպչուն ժապավեններ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված քննությամբ պարզվել է, որ Ալավերդի քաղաքի և Ալաշկերտ համայնքի հիշյալ բնակիչները թմրամիջոցը ձեռք են բերել խմբի կազմում նախնական համաձայնությամբ՝ հետագա իրացման նպատակով։ Մասնավորապես, քննությամբ ստացված նախնական տվյալներով՝ վերջիններս «Տելեգրամ» հավելվածում գործող թմրանյութերի իրացման առցանց խանութ-հարթակի միջոցով Երևան քաղաքի վարչական տարբեր շրջաններից թմրամիջոցը ձեռք բերելուց հետո, այն տեղափոխել են իրենց բնակության վայրեր, կշռել, փաթեթավորել, ապա փաթեթները տեղադրել տարբեր հասցեներում, լուսանկարել փաթեթը ու տեղանքի մասին տվյալների հետ ուղարկել «Տելեգրամ» էջի օգտատիրոջը՝ թմրանյութը վաճառելու համար։  Ըստ ստացված նախնական տվյալների, յուրաքանչյուր փաթեթի համար կրիպտոարժույթի միջոցով հիշյալ անձանց փոխանցվել  է 1,5 ԱՄՆ դոլար գումար, ինչպես նաև հավելավճար՝ թմրանյութը իրենց բնակարանում պահելու համար։ Խուզարկությամբ հայտնաբերված զանգվածներից վերցված նմուշների փորձաքննությամբ պարզվել է, որ դրանք «Մեթանֆետամին» տեսակի թմրամիջոց են։ Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին 31-ամյա տղամարդու և 28-ամյա կնոջ նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու նպատակով, որը բավարարվել է։ Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքերն ամբողջությամբ պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
11:31 - 19 մարտի, 2024
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ

Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում շարունակվում է 2024 թ․ փետրվարի 2-ին Գորիս քաղաքում երեք անձի նկատմամբ կատարված հրազենով մահափորձի դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Նշված օրը Գորիսի սրտաբանական հիվանդանոցի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, նախկինում ունեցած տարաձայնությունների պատճառով, Գորիսի 38-ամյա բնակիչը առերևույթ սպանության փորձ է կատարել նույն քաղաքի բնակիչ 40-ամյա տղամարդու և նրա երկու եղբայրների նկատմամբ՝ կրակոցներ արձակելով նրանց ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:   «Մասնավորապես պարզվել է, որ Գորիսի 38-ամյա բնակիչը, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել հրազեն հանդիսացող AK-74 տեսակի ինքնաձիգ, ապօրինի կերպով պատրաստված «Մակարով» տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող առնվազն 35՝ տարբեր տրամաչափի փամփուշտներ:   Դրանք, 2024 թ. փետրվարի 2-ին իր ավտոմեքենայով փոխադրել է Գորիսի Երևանյան խճուղի-Խաղաղության փողոցների հատման խաչմերուկ, որտեղ ժամը 12:30-ի սահմաններում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, առնվազն 4 դիմահար կրակոց է արձակել 40-ամյա տղամարդու եղբոր վարած՝ նշված հատվածով երթևեկող «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայի ուղղությամբ։   Մեքենան վնասելուց հետո տղամարդը մի քանի կրակոց էլ արձակել է դրա վարորդի՝ արդեն մեքենաներից դուրս եկած եղբայրների ուղղությամբ, ինչի հետևանքով նրանցից մեկին պատճառվել է ազդրի հրազենային վնասվածք։   Սակայն, հանցագործությունը 38-ամյա տղամարդու կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ «Մակարով» տեսակի ատրճանակի փամփուշտները սպառվել են, իսկ մեքենայում ապօրինի պահված AK-74 տեսակի ինքնաձիգը չի հասցրել գործադրել, քանի որ նրա ձեռքից այն խլել են, ինչից հետո վերջինս դիմել է փախուստի։   Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և հայտարարվել հետախուզում։ Կատարված քննչական, վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստացված տվյալների իրացման արդյունքում վերջինս 2024 թ. մարտի 14-ին հայտնաբերվել է, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։   Գորիսի 38-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (3 դրվագ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը վերահաստատելու վերաբերյալ, որը բավարարվել է և անձը կալանավորվել է։   Միջոցառումներ են ձեռնարկվում նաև 38-ամյա տղամարդու կողմից ապօրինի գործադրած զենքի ձեռքբերման աղբյուրն ու այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։   Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:21 - 18 մարտի, 2024
Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակում

Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակում

Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան բնակավայրում գործող ԱԳԼՃ կայանում 2024 թվականի մարտի 16-ին ժամը 19:10-ի սահմաններում «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի բնական գազով լիցքավորման պահին տեղի ունեցած պայթյունի և դրա հետևանքով մեկ անձի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, դեպքի հանգամանքները, պայթյունի պատճառները և պատճառված նյութական վնասի չափը պարզելու նպատակով իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, իսկ գազալցակայանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Առգրավվել են տեսագրությունները, հարցաքննվել են ականատեսները և գազալցակայանի գործունեության հետ առնչություն ունեցող մի շարք անձինք։ Պայթյունի հետևանքով վնասվածք ստացած և բուժհաստատություն տեղափոխված գազալցակայանի 46 տարեկան աշխատակիցը ճանաչվել է տուժող, ում առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Նշանակվել են դատաբժշկական և դատապայթյունատեխնիկական փորձաքննություններ։ Քրեական վարույթի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում պարզելու ինչպես գազալցակայանի, շահագործվող սարքավորումների և այնտեղ աշխատող անձանց գործունեության թույլտվության օրինականությունը, այնպես էլ լիցքավորվող ավտոմեքենայում եղած գազաբալոնների շահագործման օրինականությունը։  Ձեռք բերված տվյալներով՝  բացի բնական գազի տարայից, ավտոմեքենայում տեղադրված են եղել հեղուկ գազի տարաներ և համապատասխան սարքավորումներ, որով իրականացվել է հեղուկ գազի շրջիկ վաճառք՝ առանց թույլտվության, իսկ բնական գազի լիցքավորման ժամանակ պայթել է հեղուկ գազի տարան։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:32 - 18 մարտի, 2024
Ֆուչիկի փողոցում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և սպանության փորձերի դեպքի հանգամանքները պարզվում են. ՔԿ

Ֆուչիկի փողոցում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և սպանության փորձերի դեպքի հանգամանքները պարզվում են. ՔԿ

2024 թվականի մարտի 15-ին՝ ժամը 00:18-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանություն քաղաքացիներից ահազանգեր են ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում լսվել են կրակոցներ, պայթուցիկ են նետել, վիրավոր քաղաքացի կա։ Նաև՝ անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Աշտարակի խճուղում հրազենային վնասվածքով քաղաքացի կա։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից: «Ավելի ուշ «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ Աշտարակի խճուղուց բեկորային վնասվածքներով շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 1995 թ. ծնված, Արարատի մարզի մի բնակչի։ Նաև՝ «Հերացի թիվ 1 համալսարանական» ԲԿ-ից տեղեկություն է ստացվել այն մասին, որ Ֆուչիկի փողոցից հրազենային վնասվածքով շտապօգնության խումբը ձախ սրունքի հրազենային վիրավորում ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 1986 թ. ծնված, Երևան քաղաքի բնակիչ տղամարդու։ Նշված հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (երկու դրվագ), 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձևավորվել է քննչական խումբ, և կատարվում է նախաքննություն: Դեպքի վայրի՝ Երևան քաղաքի Ֆուչիկի 1-ին նրբանցքի 11-րդ և 13-րդ շենքերի միջնամասում գտնվող ճանապարհի երթևեկելի հատվածի զննությամբ տարբեր տեղերից հայտնաբերվել են բազմաթիվ արնանման հետքեր, պայթեցված նռնակի մետաղական դետալներ, կրակված տարբեր փամփուշտների բազմաթիվ պարկուճներ: Հայտնաբերվել է նաև դիմակ և այլ իրեր: Վերցվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչները: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են դեպքին և դրան մասնակից անձանց վերաբերյալ տվյալներ, որոնք քննությամբ ստուգվում են: Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները՝ քրեական վարույթը, հետագա նախաքննությունն իրականացնելու նպատակով, փոխանցվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնին։ Իրականացվում են անհետաձգելի քննչական, վարութային գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու, միջադեպին մասնակից բոլոր անձանց ինքնությունները պարզելու, բոլորին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, նրանց գործողություններն անհատականացնելու և իրավական գնահատականների արժանացնելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:25 - 15 մարտի, 2024
Քննչական կոմիտեն մանրամասներ է հատնում Յուրի Մինասյանի մահվան դեպքի մասին. մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Քննչական կոմիտեն մանրամասներ է հատնում Յուրի Մինասյանի մահվան դեպքի մասին. մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն մանրամասներ է հատնել Յուրի Մինասյանի մահվան դեպքի մասին՝ նշելով, որ քննվող քրեական վարույթով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել:  «ՀՀ ՆԳՆ ոստիկանություն քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ ինքը արնաքամ է լինում Երևան քաղաքի Ա.Պուշկին փողոցում։ Նույն օրը ժամը 02։36-ին, «Մխիթար Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ևս ահազանգ է ստացվել, որ Ա․Պուշկին փողոցից «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապ օգնության խմբի կողմից իրենց մոտ է տեղափոխվել անգիտակից վիճակում գտնվող անձ։ Պարզվել է, որ վերջինս Երևան քաղաքի բնակիչ Յուրի Մինասյանն է։ Վերոգրյալի առթիվ 2024 թվականի մարտի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Յուրի Մինասյանը ճանաչվել է տուժող։ 2024 թ․ մարտի 6-ին դեպքի վայրում Երևան քաղաքի Պուշկին 58-րդ հասցեում կատարված զննությամբ վերցվել է արնանման հետք։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությամբ վկաների մասնակցությամբ զննության են ենթարկվել ստացված տեսագրություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են նաև այլ ապացուցողական և վարութային գործողություններ։ Քննությամբ պարզվել է, որ Յ․ Մինասյանը մարտի 5-ի ուշ երեկոյան, իր ընկերների հետ գտնվել է Երևան քաղաքի Պուշկին փողոցում գործող «Բիթլզ» ակումբում, որտեղ տարաձայնություններ են առաջացել այնտեղ գտնվող մեկ այլ անձի՝ Երևան քաղաքի բնակիչ Հ․Մ․-ի հետ։ Պարզաբանումների նպատակով վերջիններս դուրս են եկել այնտեղից և գնացել Երևան քաղաքի Փարպեցի փողոցում գտնվող Սբ. Զորավոր եկեղեցու հետնամաս։ Այնտեղ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հ․ Մ․-ն բռունցքներով հարվածներ է հասցրել Յուրի Մինասյանի դեմքի հատվածին՝ պատճառելով ծանր զուգակցված գանգուղեղային վնասվածք՝ գանգի բազմաթիվ ոսկրերի կոտրվածքներ։ Վերջինս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Մարտի 9-ին վարույթ իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած Հ․ Մ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով  (խուլիգանական դրդումներով մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը նույն օրը բավարարվել է։ Հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը՝ Հ․ Մ․-ին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու նպատակով, սակայն վերջինս դեռևս չի հայտնաբերվել: 2024 թվականի մարտի 14-ին «Մխիթար Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ստացվել է տեղեկություն, որ հոսպիտալացված Յուրի Մինասյանը ժամը 06։30-ին մահացել է։ Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատախազություն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած Հ․ Մ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ և 15-րդ կետով (խուլիգանական դրդումներով մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ) նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը նույն օրը բավարարվել է։ Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝  մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում Հ․Մ․-ին հայտնաբերելու, ինչպես նաև դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ։ Ծանուցում.  հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:56 - 15 մարտի, 2024
Ահաբեկչության մեջ մեղադրվող դաշնակցական Գագիկ Սարգսյանը կալանավորվել է

Ահաբեկչության մեջ մեղադրվող դաշնակցական Գագիկ Սարգսյանը կալանավորվել է

Դաշնակցական Գագիկ Սարգսյանը, ում երեկ բերման էր ենթարկել ԱԱԾ-ն, մեկ ամսով կալանավորվել է, հայտնել է նրա որդին։ Փաստաբան Վահե Եփրիկյանն «Ազատությանն» ասաց, որ քննիչը 2 ամսվա կալանք է պահանջել, դատավորը մասնակի է բավարարել ու մեկ ամսով կալանավորելու որոշում կայացրել։ Փաստաբանի խոսքով՝ Գագիկ Սարգսյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը և պնդում է, որ որևէ առնչություն չունի այդ ամենի հետ։ Քննչական կոմիտեն այսօր տեղեկացրեց չորս անձի, այդ թվում՝ Գագիկ Սարգսյանի նկատմամբ ահաբեկչության հոդվածով քրեական հետապնդում հարուցելու մասին։ Ըստ կառույցի՝ բացահայտված ահաբեկչության դեպքերն ուղղված են եղել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, նրա անդամների, այդ թվում՝ խմբակցության պատգամավորներ Գագիկ Մելքոնյանի և Գուրգեն Արսենյանի դեմ: Մասնավորապես, կոմիտեի փոխանցմամբ, Գագիկ Սարգսյանը բնակչությանը ահաբեկելու, իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու համար կազմակերպել է ահաբեկչություն պատգամավոր Գագիկ Մելքոնյանի դեմ՝ նպատակ ունենալով նրան զերծ պահել քաղաքական կոնկրետ հայտարարություններից և դիրքորոշումներից։    
17:51 - 14 մարտի, 2024
Գագիկ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, ՔԿ-ի պնդումը, թե «ահաբեկչության դեպքերը բացահայտվել են», խստագույնս չափազանցված է․ փաստաբան

Գագիկ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, ՔԿ-ի պնդումը, թե «ահաբեկչության դեպքերը բացահայտվել են», խստագույնս չափազանցված է․ փաստաբան

Ստանձնել եմ Երևան քաղաքի Նոյ թաղամասի առանձնատան և Գյուլբենկյան փողոցում տեղակայված ՔՊ կուսակցության գրասենյակների մոտ 2024թ․ փետրվարին կազմակերպված ենթադրյալ ահաբեկչության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթով մեղադրյալ Գագիկ Սարգսյանի շահերի պաշտպանությունը, հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը։ «Ի հեճուկս ՀՀ Քննչական Կոմիտեի տարածած տեսանյութի (հղումը` մեկնաբանություններում), և պահպանելով նախաքննության գաղտնիությունը` ցանկանում եմ ներկա պահին հայտնել, որ պաշտպանյալս` Գագիկ Սարգսյանը ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ավելին` մեր գնահատմամբ մեղադրանքը խիստ վերացական է, ակնհայտորեն չի համապատախանում քրեադատավարական չափորոշիչներին, մասնավորապես` հայտնի չէ, թե Գ. Սարգսյանը հատկապես ի՞նչ գործողություններ է իրականացրել նշյալ հանցակազմի իմաստով, ուստի ՔԿ ֊ի տարածած հաղորդագրության վերնագիրը, թե《 ... ահաբեկչության դեպքերը բացահայտվել են》խստագույնս չափազանցված է։ Լիահույս ենք` հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չլինելու և կալանքի հիմքերի բացակայության պայմաններում առաջիկա ժամերին Դատարանը կմերժի կալանավորման միջնորդությունը»,- գրել է փաստաբանը սոցցանցի իր էջում։ Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ  Գ.Ս.-ն բնակչությանն ահաբեկելու, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու, հանրային իշխանության ներկայացուցիչ և հանրային ծառայող, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Մելքոնյանին քաղաքական կոնկրետ հայտարարություններից ու դիրքորոշումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու և այդպիսով հանրային իշխանության մարմիններին ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի կոնկրետ լուծումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կազմակերպել է Ա.Գ.-ի և Է. Պ.-ի կողմից ահաբեկչություն, այն է՝ Գուրգեն Մելքոնյանի բնակության վայրի հարակից տարածքի քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու վտանգով, ինչպես նաև խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված պայթյուն կատարելը: Նշված արարքները կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն կատարելու համար, քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուս երկուսը ձերբակալված են: Նախաքննությունը շարունակվում է:
22:50 - 13 մարտի, 2024
Երևանի Նոյ թաղամասի առանձնատան և Գյուլբենկյան փողոցում տեղակայված կուսակցությունների գրասենյակների մոտ ահաբեկչության դեպքերը բացահայտվել են․ կան կալանավորված և ձերբակալված անձինք

Երևանի Նոյ թաղամասի առանձնատան և Գյուլբենկյան փողոցում տեղակայված կուսակցությունների գրասենյակների մոտ ահաբեկչության դեպքերը բացահայտվել են․ կան կալանավորված և ձերբակալված անձինք

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությամբ իրականացված հսկայածավալ քննչական ու գաղտնի քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Երևան քաղաքում 2024 թ․ փետրվարին կազմակերպված ահաբեկչության երկու դեպքերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից: Նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ քաղաքացի Գ.Ս.-ն և նախաքննությամբ դեռևս չպարզված անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, Հայաստանում գործող իշխանության հետ ունենալով գաղափարական թշնամանք, կազմակերպել են 2024 թվականի փետրվարի 10-ին Երևան քաղաքի Նոյ Թաղամասի 143/1 հասցեում, իսկ 2024 թվականի փետրվարի 20-ին՝ Գյուլբենկյան 30/3 և Գյուլբենկյան 33 հասցեներում ահաբեկչությունների կատարում: Այսպես, Գ.Ս.-ն բնակչությանն ահաբեկելու, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու, հանրային իշխանության ներկայացուցիչ և հանրային ծառայող, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Մելքոնյանին քաղաքական կոնկրետ հայտարարություններից ու դիրքորոշումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու և այդպիսով հանրային իշխանության մարմիններին ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի կոնկրետ լուծումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կազմակերպել է Ա.Գ.-ի և Է. Պ.-ի կողմից ահաբեկչություն, այն է՝ Գուրգեն Մելքոնյանի բնակության վայրի հարակից տարածքի քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու վտանգով, ինչպես նաև խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված պայթյուն կատարելը: Գործելով նույն դիտավորությամբ՝ Ա.Գ.-ն, Է.Պ.-ի հետ նախապես քննարկելով կատարվելիք գործողության մանրամասները, 2024 թվականի փետրվարի 10-ին իր բնակության վայրում նրան է փոխանցել նախապես պատրաստված, փշրտող գործողության տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութով լիցքավորված ինքնաշեն պայթեցման սարքը և այն գործարկման վիճակի բերելու համար անհրաժեշտ մարտկոց, բացատրել վերջինը պայթուցիկ սարքի մեջ տեղադրելու եղանակը: Դրանից հետո վերջիններս, կիրառելով քողարկման ու չբացահայտվելու համար անհրաժեշտ որոշակի միջոցներ, ուղևորվել են դեպի Երևան քաղաքի Նոյ թաղամասի նախապես որոշված հասցե, որտեղ Է.Պ.-ն, կարծելով, թե Երևան քաղաքի Նոյ թաղամասի 143/1 հասցեում գտնվող առանձնատունը պատկանում է Գուրգեն Մելքոնյանին, Ա.Գ.-ի կողմից իրեն փոխանցված՝ ավերածություններ գործելու համար պիտանի պայթեցման սարքը պարսպի վրայից նետել է դեպի հիշյալ առանձնատան աջ անկյունային հատվածը: Նույն օրը՝ ժամը 04:30:02-ին, տեղի է ունեցել նշված պայթեցման սարքի պայթյունը, որը զուգորդվել է քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու իրական վտանգով և առանձնատան սեփականատեր Ա.Բ.-ին պատճառել է առնվազն խոշոր չափերի գույքային վնաս: Բացի այդ, Վ.Հ.-ն, Գ.Ս.-ի և նախաքննությամբ դեռևս չպարզված անձանց կազմակերպմամբ, բնակչությանը, ինչպես նաև դրա առանձին խմբին՝ մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, նրանց աջակիցներին ահաբեկելու, հանրային իշխանության գործունեությունը կազմալուծելու, հանրային իշխանության մարմիններին, այդ թվում՝ հանրային իշխանության ներկայացուցիչ և հանրային ծառայող, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանին իրենց համար անընդունելի քաղաքականություն վարելուց և քաղաքական դիրքորոշումներ պահպանելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու դիտավորությամբ, 2024 թվականի փետրվարի 20-ին, կիրառելով քողարկման և չբացահայտվելու համար անհրաժեշտ որոշակի միջոցներ, գնացել է Երևան քաղաքի Գյուլբենկյան 33 հասցեում գտնվող «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակի մոտ և ժամը 03։50-ին գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ տեղադրել է նախապես պատրաստված, որպես պայթեցման միջոց շուրջ 1 կիլոգրամ տրոտիլ և պենտալիտ, իսկ որպես խոցման միջոց՝ հեղյուսներ և մանեկներ պարունակող, ավերածություններ գործելու, մարդկանց կյանքից զրկելու, շրջակա շինություններն ամբողջությամբ ավերելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը։ Ապա նույն ժամանակահատվածում իր մոտ գտնվող, որպես խոցման էլեմենտներ՝ մանեկներ, իսկ որպես պայթուցիկ նյութ՝ անծուխ վառոդ պարունակող, մարդկանց կյանքից զրկելու, գույք վնասելու և ոչնչացնելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել է Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակի մուտքի մոտ՝ այդ կերպ առաջացնելով պայթյունի և հրկիզման իրական սպառնալիք՝ զուգորդված քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով: Վ.Հ.-ի կողմից տեղադրված պայթեցման սարքերը չեն պայթել, և նշված հետևանքները վրա չեն հասել պատահականությամբ՝ ինքնաշեն պայթեցման սարքերի գործարկման մեխանիզմը հաշվարկված եղանակով չգործելու պատճառով: Նշված արարքները կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն կատարելու համար, քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուս երկուսը ձերբակալված են: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:
20:12 - 13 մարտի, 2024
Պարզվել են Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողի սպանության էական հանգամանքները

Պարզվել են Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողի սպանության էական հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ նախօրեին Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողի սպանության դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից: «2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 12:15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի 17-ամյա բնակիչ՝ մարմնի տարբեր մասերին բազմաթիվ, այդ թվում՝ կտրած ծակած, արյունահոսող վնասվածքներով: Բուժաշխատողների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, սակայն երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել, և նույն օրը՝ ժամը 13:00-ին, արձանագրվել է երիտասարդի մահը: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ, որի արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել նշված քոլեջի հարևանությամբ՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց 52/3 հասցեի մոտ: Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել և վերցվել են արնանման նյութի հետքեր, դեպքի վայրը տեսանկարահանող սարքի տեսագրությունները և ենթարկվել զննության, հարցաքննվել են մի շարք ականատեսներ, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ: Քննությամբ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է սպանության շարժառիթը, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 2003 թ.: Նախնական տվյալներով՝ տուժողի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի միջև անձնական հարցի շուրջ տևական ժամանակ անհամաձայնություն և անբարյացկամ հարաբերություններ են ձևավորվել, ինչի կապակցությամբ երիտասարդների միջև մի քանի վիճաբանություն է տեղի ունեցել, որոնցից մեկի ժամանակ 21-ամյա երիտասարդը կամ նրա մտերիմները վնասել են տուժողի կողմից վարած, վերջինիս հորը պատկանող ավտոմեքենան: Դեպքից մի քանի օր առաջ կրկին վիճաբանություն է տեղի ունեցել երիտասարդների միջև, որի ժամանակ 17-ամյա երիտասարդը հայհոյել է 21-ամյա երիտասարդին, ով, ի պատասխան, վերջինիս սպառնացել է հաշվեհարդար տեսնել: 2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, 17-ամյա երիտասարդն ընկերոջ հետ գտնվել է քոլեջին հարող տարածքում գործող սննդի կետի մոտ, երբ 6-7 երիտասարդներ, այդ թվում՝ 21-ամյա երիտասարդը, վազել են տուժողի ուղղությամբ: Նշված անձանցից մեկի ձեռքում փայտե մահակ է եղել, իսկ 21-ամյա երիտասարդի ձեռքին՝ դանակ։ Երիտասարդների միջև կրկին վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ 21-ամյա երիտասարդը դանակով մի քանի անգամ հարվածել է 17-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով նա վայր է ընկել, որից հետո տղաները գետնին ընկած վիճակում շարունակել են ոտքերով հարվածներ հասցնել երիտասարդի մարմնին, իսկ 21-ամյա երիտասարդը դանակով հարվածել է նրան: Հավաքված անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը դադարել է, հիշյալ 6-7 տղաները դիմել են փախուստի: Նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված էական փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ, որը, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել է սպանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթին: 21-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նույն օրը որոշում է կայացվել վերջինիս, դատարան ներկայացնելու հիմքով, ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնին: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:51 - 13 մարտի, 2024
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Աբովյանի Սահմանադրության հրապարակում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության դեպքից

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Աբովյանի Սահմանադրության հրապարակում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության դեպքից

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են մեկ տասնյակից ավելի անձանց կողմից Աբովյան համայնքի բնակչի նկատմամբ զենքի գործադրմամբ խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի էական հանգամանքներ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից: «2024 թվականի մարտի 7-ին՝ Ժամը 19:03-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել՝ Աբովյան համայնքի Սահմանդրության հրապարակում գտնվող հացատան մոտ տեղի ունեցող քաշքշուկի ընթացքում հնչած կրակոցների վերաբերյալ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել քննչական, վարութային և օպերատիվ անհրաժեշտ միջոցառումներ, որոնց արդյունքում տվյալներ են ձեռք բերվել միջադեպին մասնակից անձանց ինքնության և շարժառիթի մասին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում որոշում է կայացվել՝ նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին: Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ 2024 թ. մարտի 7-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող կանգառում ուղևորափոխադրմամբ զբաղվող ՍՊ ընկերության աշխատակիցների և Աբովյան համայնքի բնակիչ Վ.Մ.-ի միջև ուղևորափոխադրման հարցի շուրջ տեղի են ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք։ Դրանից հետո, երբ վերջինս իր կողմից վարած «Մազդա 3» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաք, վերը նշված աշխատակիցները տեղի ունեցածի մասին տեղեկացրել են նույն քաղաքի մեկ այլ բնակչին և հետապնդելով` նույնպես ուղևորվել են քաղաք Աբովյան: Ժամը 19:00-ի սահմաններում Վ.Մ.-ն ավտոմեքենան կայանել է Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում գործող հացատան դիմաց, որից հետո շուրջ մեկ տասնյակից ավելի անձինք, խմբի կազմում, հասարակության նկատմամբ անհարգալից, իսկ իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, իրենց վարքով հակադրվելով շրջապատին, ավտոմեքենաներով երկու կողմից փակել են Վ.Մ.-ի ավտոմեքենայի ճանապարհը՝ խոչընդոտելով նաև այլ ավտոմեքենաների երթևեկությունը: Այնուհետև, մոտենալով Վ.Մ.-ի ավտոմեքենային՝ բացել են դիմացի դռները, անջատել շարժիչը և անտեսելով փողոցում գտնվող բազմաթիվ անձանց ներկայության հանգամանքը, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հայհոյանքներ հնչեցնելով` ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Վ.Մ.-ի մարմնի տարբեր հատվածներին, որի ընթացքում միջադեպի մասնակիցներից մեկն իր մոտ գտնվող Baricat $17 տեսակի ատրճանակից մեկ կրակոց է արձակել Վ.Մ.-ի ուղղությամբ, սակայն վրիպել է: Վերը նկարագրված գործողությունների արդյունքում տևական ժամանակ խաթարվել է փողոցի տվյալ հատվածի երթևեկությունը, խոչընդոտվել հարակից տարածքում գործող հասարակական նշանակության օբյեկտների բնականոն աշխատանքը և խախտվել ներկա գտնվող մարդկանց անդորրը՝ վերջինների մոտ առաջացնելով վախի և տագնապի զգացում: Նախաքննության ընթացքում Վ.Մ.-ն ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Զննվել է դեպքի վայրը, որտեղից վերցվել է տեսանկարահանող սարքի տեսաձայնագրությունը և ենթարկվել զննության, ինչի արդյունքներով պարզվել են ինչպես տուժողին ծեծի ենթարկած անձանց, այնպես էլ՝ նրա ուղղությամբ կրակոցներ արձակողի ինքնությունը, ովքեր, քննության տվյալներով, հանդիսանում են նշված ՍՊԸ աշխատակիցներ և Աբովյան խոշորացված համայնքի բնակիչներ:   Mazda 3 մակնիշի ավտոմեքենայի զննությամբ դիմապակու վրա հայտնաբերվել են վնասվածքներ, ինչպես նաև վերցվել է մեկ կրակված պարկուճ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, որոնցից մեկը ձերբակալվել է։ Վերջինիս, ով հանդիսանում է առերևույթ կրակոց արձակող անձը, մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Մյուս երեքի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է  ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մի 1-ին կետով նախատեսված արարքներ առերևույթ կատարելու համար, և Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 
17:09 - 11 մարտի, 2024
Դատարանը «Սիներջի»-ի աշխատակից Լիլի Մկրյանի կալանավորումը համարել է ոչ իրավաչափ․ Էրիկ Ալեքսանյան

Դատարանը «Սիներջի»-ի աշխատակից Լիլի Մկրյանի կալանավորումը համարել է ոչ իրավաչափ․ Էրիկ Ալեքսանյան

Դատարանը «Սիներջի»-ի աշխատակից Լիլի Մկրյանի կալանավորումը համարել է ոչ իրավաչափ։ Այս մասին հայտնում է փասրաբան Էրիկ Ալեքսանյանը։ «Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը, քննարկելով «Սիներջի» ընկերության աշխատակից Լիլի Մկրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի իրավաչափության հարցը, արձանագրել է՝ իրավունքի խախտում։ Մասնավորապես Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանը արձանագրել է, որ իսկզբանե Լիլի Մկրյանի նկատմամբ ընտրված ամենախիստ խափանման միջոց կալանքը եղել է ոչ իրավաչափ և ստորադաս ատյանը հաշվի չի առել բազմաթիվ հակակշռող գործոններ, որոնց թվում հատուկ դեր ունիԼիլի Մկրյանի ընտանեկան կարգավիճակը, այն է՝ մայրական կաթով սնվող երկու տարեկան երեխայի հանգամանքը։ Ուստի արձանագրել է, որ կիրառված կալանքը չի եղել համաչափ»,- գրել  է փաստաբանը։ Հիշեցնենք՝ քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Մասնավորապես՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող և փաստացի հեռացրել մրցույթից: Գործի շրջանակներում «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանը կալանավորվել էին, իսկ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք։  Ավելի ուշ Աշոտ Հովհաննիսյանի, Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառվել են համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն։
13:16 - 06 մարտի, 2024