ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Աբովյանի նախկին համայնքապետը կեղծ աճուրդ-վաճառքների միջոցով ձեռք է բերել մսուր-մանկապարտեզին և գեղարվեստի դպրոցին հատկացված հողամասերը

Աբովյանի նախկին համայնքապետը կեղծ աճուրդ-վաճառքների միջոցով ձեռք է բերել մսուր-մանկապարտեզին և գեղարվեստի դպրոցին հատկացված հողամասերը

Դատախազը 2025 թվականի ապրիլի 10-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վահագն Գևորգյանի և այլոց վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ 2015-2021 թվականների ընթացքում Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ն, նույն համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի, առողջապահության և տեղեկատվության բաժնի պետ Ա.Զ.-ի և իր աներորդու կնոջ՝ Շ.Կ.-ի օժանդակությամբ, Աբովյան քաղաքի թիվ 6 մսուր-մանկապարտեզին և Աբովյանի գեղարվեստի դպրոցին հատկացված՝ ընդհանուր 83 միլիոն 450 հազար դրամ շուկայական արժեքով հողամասերը 2017-2018 թվականների ընթացքում ձևական աճուրդ-վաճառքների միջոցով օտարել է 6 միլիոն 625 հազար դրամով: Գույքի հանցավոր ծագումը և իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով՝ հողամասերի նկատմամբ ձևականորեն գրանցվել է Վ.Գ.-ի աներորդու կնոջ՝ Շ.Կ.-ի սեփականության իրավունքը, մինչդեռ, օտարված հողամասերը փաստացի ձեռք են բերվել Վ.Գ.-ի կողմից:  Վերոգրյալից բացի, «Հանրային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձ Վ.Գ.-ն, 2019-2021 թվականների ընթացքում, Աբովյան համայնքի վերոնշյալ հողամասերի վրա կառուցել է բնակելի տուն և օժանդակ շինություններ: Դրանց կառուցման համար կատարված շինարարական աշխատանքների ծախսը կազմել է 293 միլիոն 200 հազար դրամ, ինչն էականորեն գերազանցել է Վ.Գ.-ի օրինական եկամուտները:  Վ.Գ.-ն, գիտակցելով, որ ապօրինի հարստացման արդյունքում ստացված դրամական միջոցներով կառուցված առանձնատան նկատմամբ իր սեփականության իրավունքը գրանցելու դեպքում հիշյալ հանգամանքը կարող է հայտնաբերվել իրավասու մարմինների կողմից, ձեռնամուխ է եղել նաև վերոհիշյալ առանձնատան նկատմամբ իրավունքները, դրա պատկանելիությունը և հանցավոր ծագումը թաքցնելուն: Այդ գործողությունների կատարմանը Վ.Գ.-ին օժանդակել է նրա վարորդ Ա.Ա.-ն: Մասնավորապես՝ Շ.Կ.-ի անվամբ սեփականության իրավունքով գրանցված հողամասերը 2019 թվականի հոկտեմբերի 7-ին ձևական առուվաճառքի պայմանագրերով օտարվել են Վ.Գ.-ի մտերիմ Ա.Յ.-ին: Այնուհետև, Ա.Յ.-ի կողմից տրված՝ նոտարական հաստատմամբ լիազորագրի հիման վրա՝ Վ.Գ.-ի վարորդը Ա.Յ.-ի անունից հանդես է եկել իրավասու պետական մարմիններում և սահմանված կարգի խախտմամբ օտարված հողամասերի վրա Վ.Գ.-ի ֆինանսական միջոցներով կառուցված և փաստացի նրան պատկանող բնակելի տան նկատմամբ՝ վարորդի դիմումի հիման վրա, 2022 թվականի մայիսի 19-ին գրանցվել է Ա.Յ.-ի միանձնյա սեփականության իրավունքը:  Այսպիսով, Վ.Գ.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, թաքցրել, խեղաթյուրել է ձեռք բերված վերոնշյալ գույքերի հանցավոր ծագումը, դրանց նկատմամբ իրավունքներն ու գույքերի իրական պատկանելիությունը՝ օրինականացնելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի հարստանալու արդյունքում ստացված՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 376 միլիոն 650 հազար դրամ արժեքով գույքն ու եկամուտները: Դատախազը Վ.Գ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), Շ.Կ.-ի նկատմամբ՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը), 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքին օժանդակելը), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Ա.Ա.-ի նկատմամբ՝ 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացմանն օժանդակելը), Ա.Զ.-ի նկատմամբ՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:  Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:34 - 10 ապրիլի, 2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից բռնագանձել 15 անշարժ  գույք, ավելի քան 6 միլիարդ դրամ

Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից բռնագանձել 15 անշարժ գույք, ավելի քան 6 միլիարդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝  5 անշարժ գույք՝ Երևանում, 6 անշարժ գույք՝ Ավշար գյուղում, 2 անշարժ գույք՝ Ծաղկաձորում, 1 անշարժ գույք՝ Սուրենավան գյուղում, 1 անշարժ գույք՝ Արարատում 1 կառուցապատման իրավունք 1 տրանսպորտային միջոց 1 իրավաբանական անձում մասնակցություն Ավելի քանի 6 միլիարդ 76 միլիոն դրամ:  
12:23 - 10 ապրիլի, 2025
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Եղեգնաձորում գտնվող երկու հողամասերի նկատմամբ. Դատախազություն

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Եղեգնաձորում գտնվող երկու հողամասերի նկատմամբ. Դատախազություն

2025 թվականի ապրիլի 8-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում գտնվող՝ 1 հա և 0,5 հա մակերեսներով «գյուղատնտեսական» նպատակային նշանակության հողամասերի նկատմամբ․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով բավարարվել էր: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցապահանջով խնդրել էր դատարանին անվավեր ճանաչել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի և Ս.Բ.-ի միջև 2007 թվականի ապրիլի 3-ին կնքված առուվաճառքի պայմանագրերն ու կիրառել անվավերության հետևանքներ՝ անվավեր ճանաչելով հողամասերի առուվաճառքի պայմանագրերի հիման վրա նշված անշարժ գույքերի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:
16:46 - 09 ապրիլի, 2025
Դատախազությունը պահանջում է Արկադի Համբարձումյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 8 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, 5,5 միլիարդ դրամ

Դատախազությունը պահանջում է Արկադի Համբարձումյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 8 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, 5,5 միլիարդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։  Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ ·         8 անշարժ գույք Երևանում, ·         5 տրանսպորտային միջոց, ·         1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք, ·         8 իրավաբանական անձանցում մասնակցություն,  ·         1 միլիարդ 138 միլիոն 452 հազար դրամի փոխառության պահանջի իրավունք, ·         463 միլիոն 146 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ·         3 միլիարդ 980 միլիոն 583 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
15:26 - 09 ապրիլի, 2025
Մովսես Հակոբյանին ու ևս մեկ գեներալի մեղադրանք է առաջադրվել
 |civilnet.am|

Մովսես Հակոբյանին ու ևս մեկ գեներալի մեղադրանք է առաջադրվել |civilnet.am|

civilnet.am: Դատախազությունը հայց է ներկայացրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի և ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի նկատմամբ։ Նրաքն մեղադրվում են պաշտոնեական անփութության մեջ։ Դատախազությունը պահանջում է նրանցից հօգուտ պետության բռնագանձել 4,5 մլրդ դրամ։ Ըստ մեղադրանքի՝ ինը տարի առաջ Ռուսաստանից Հայաստան է մատակարարվել 4,3 մլրդ դրամի ռազմական տեխնիկա, որը անպիտան է եղել։ Փաստինֆոն ավելի վաղ հայտնել էր, որ մեղադրանքի համաձայն՝ Արմեն Հարությունյանը, 2017-ի մայիսից պաշտոնավարելով որպես հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, խախտել է զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի պահանջները։ Նա իր պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերել և դրանք ոչ պատշաճ կատարել, ինչն անզգուշությամբ հանգեցրել է ծանր հետևանքների։ Մովսես Հակոբյանը մեղադրվում է նրանում, որ 2015-2016-ին, զբաղեցնելով պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը, ծառայության նկատմամբ անփույթ մոտեցման պատճառով պատշաճ չի կատարել իր պարտականությունները, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնասի։ Երկու գեներալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք, իսկ Հակոբյանի դեպքում՝ նաև 10 մլն դրամի չափով գրավ։ Դատական տեղեկատվական «Դատալեքս» համակարգում առկա տվյալների համաձայն՝ այս գործով է ներկայացվել հայցը՝ պետությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին։
12:36 - 02 ապրիլի, 2025
Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը կտրուկ աճել են

Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը կտրուկ աճել են

Հայաստանում 2024 թվականին ընտանեկան բռնության դեպքերը հանրապետությունում զգալի աճ են արձանագրել։ Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաշվետվության մեջ։ Հատկապես կտրուկ ավելացել են ֆիզիկական և հոգեկան ներգործության դեպքերը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2024 թվականին արձանագրվել է ընտանեկան բռնության 934 դեպք՝ ֆիզիկական ներգործությամբ, այն դեպքում, երբ 2023 թվականին այդ թիվը կազմել էր 372։ Աճը կազմել է 562 դեպք կամ 151 տոկոս։ Հոգեկան ներգործության դեպքերը 2024-ին կազմել են 166, իսկ 2023-ին՝ 46։ Այս ցուցանիշը ևս աճել է 120 դեպքով կամ 261 տոկոսով։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականին արձանագրվել է ընտանեկան և կենցաղային բռնության 1360 դեպք, որոնցից 1100-ը (81 տոկոսը) եղել են ֆիզիկական և հոգեկան բռնության դրսևորումներ։ Նմանատիպ պատկեր է եղել նաև 2023 թվականին՝ 508 դեպքից 418-ը (82 տոկոս)։ Արձանագրվել է նաև բռնության առանձնապես ծանր դեպքերի աճ։ Եթե 2023 թվականին ընտանեկան և կենցաղային բռնության հետևանքով սպանության 3 դեպք էր արձանագրվել, ապա 2024 թվականին՝ 13։ Առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերն էլ աճել են՝ 8-ից հասնելով 15-ի։ Դատախազությունը կարևորում է պետական մարմինների համագործակցությունը ընտանեկան բռնության դեմ պայքարի գործում։ Ըստ հաղորդման՝ 2024 թվականին Դատախազության ներկայացուցիչները շարունակել են մասնակցել ընտանեկան և կենցաղային բռնության հարցերով աշխատանքային քննարկումներին՝ կապ պահելով տարածքային ստորաբաժանումների և Ոստիկանության միջև՝ կոնկրետ քրեական վարույթների շրջանակում արդյունավետ արձագանք ապահովելու նպատակով։ 2025 թվականի հունվարի 17-ին ընտանեկան բռնության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Դատախազության, Քննչական կոմիտեի և ՆԳ նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Բացի այդ, Արդարադատության ակադեմիայում 2024 թվականին 35 դատախազ մասնակցել է վերապատրաստման ծրագրերի՝ բռնության ենթարկված անձանց հետ աշխատանքի, կանխարգելման և իրավական արձագանքի թեմաներով։
13:26 - 01 ապրիլի, 2025
4 տարի ժամկետով ազատազրկում՝ շորթմամբ պահանջված և ստացված կաշառքի համար. դատախազություն

4 տարի ժամկետով ազատազրկում՝ շորթմամբ պահանջված և ստացված կաշառքի համար. դատախազություն

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 13-ի մեղադրական դատավճռով Ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսուչի պաշտոնը զբաղեցրած Ա.Պ.-ն դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։ 2020 թվականի փետրվարի 8-ին Ա.Պ.-ին առաջադրվել էր մեղադրանք՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շորթմամբ կաշառք ստանալը): 2020 թվականի մարտի 19-ին դատախազը հաստատել էր Ա.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել էր իրավասու դատարան: 2025 թվականի փետրվարի 13-ին Հակակոռուպցիոն դատարանը ապացուցված է համարել Ա.Պ.-ի կողմից քրեորեն պատժելի արարքի կատարված լինելը և նրա մեղավորությունը տվյալ հանցանքը կատարելու մեջ և կայացրել է մեղադրական դատավճիռ. Ա.Պ.-ի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է ազատազրկումը՝ 4 տարի ժամկետով: Դատավճռով նշանակված պատժին հաշվակցվել է Ա.Պ.-ի կողմից փաստացի անազատության մեջ գտնված ժամկետը և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 3 տարի 10 ամիս 19 օր ժամկետով: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:22 - 01 ապրիլի, 2025
Հրապարակվել է Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը

Հրապարակվել է Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը

Գլխավոր դատախազությունը, «Դատախազության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պաշտոնական կայքէջում հրապարակել է Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության տարածած հայտարարությունից։ Հաղորդման տասը բաժիններում ներկայացված են Դատախազության սահմանադրական լիազորությունների շրջանակներում 2024 թվականին կատարված աշխատանքները։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հաղորդման նախաբանում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Հարգելի՛ գործընկերներ, Երրորդ տարին է, որ պատիվ ունեմ Ձեզ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեության տարեկան հաղորդումը: Հաղորդման մեջ շարադրված են Դատախազության՝ որպես միասնական համակարգի, 2024 թվականի գործունեության դինամիկան և արդյունքները: Հաղորդումը ներառում է՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում կատարված հետևողական աշխատանքը, պրոֆեսիոնալ ուսումնասիրություններն ու դատարան ներկայացված հայցերը, պետությանն ու համայնքներին վերադարձված գույքերն ու դրամական միջոցները, հանցավորության ու կոռուպցիայի դեմ պայքարը՝ քրեական վարույթի նախաձեռնումից ու դատարանում մեղադրանքի պաշտպանությունից մինչև պատիժների ու հարկադրանքի միջոցների կատարման նկատմամբ հսկողություն, զինվորական ծառայության ու պաշտպանության ոլորտներում հանցագործությունների կանխումը, բացահայտումն ու պատժումը, ինչպես նաև զինված ուժերի նյութական ապահովության նկատմամբ ոտնձգությունները բացահայտելուն ուղղված՝ պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ուսումնասիրությունները, պատճառված վնասի վերականգնումը: Դատախազությունն ականջալուր է իրեն հասցեագրված յուրաքանչյուր բողոքի, պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ բառապաշարով շարադրված յուրաքանչյուր դիմումի, հաղորդման, խնդրանքի ու պահանջի: Դրանք ուսումնասիրվում են, անհրաժեշտության դեպքում՝ քննարկվում քաղաքացիների հետ ընդունելությունների ընթացքում և, իրավական լուծման հնարավորության դեպքում, Դատախազության լիազորությունների շրջանակներում՝ ստանում լուծում: Լուծման ելակետը տուժողի իրավունքների պաշտպանությունն է, իսկ հանրության վստահությունը՝ Դատախազության գործունեության արդյունավետության գնահատման առաջնային ցուցիչներից: Դատախազությունը համառ է ու անզիջում, եթե իրավական հարցադրումը կապված է հափշտակված հանրային բարիքի, պետության ու համայնքի սեփականությունից ապօրինաբար դուրս բերված գույքի վերադարձին: Դատախազությունը կարևորում է միջազգային հարթակներում և օտարերկրյա գործընկերների հետ պրոֆեսիոնալ շփումներում փոխադարձ վստահության վրա հիմնված և շարունակաբար կատարելագործվող փոխգործակցությունը: Դատախազությունը, ապահովելով Հայաստանի Հանրապետության լավագույն շահը, իրավական օգնության շրջանակներում հետևողական է Հայաստանից դուրս բերված ակտիվների սառեցման ու վերադարձի աշխատանքներում: Լիահույս եմ, որ Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը բոլոր գործընկերների՝ հատկապես տեսաբան ու պրակտիկ իրավաբանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների համար կդառնա ուսումնասիրության վստահելի աղբյուր: Եզրափակելով խոսքս՝ շնորհակալություն եմ հայտնում դատախազներին, Դատախազության աշխատակիցներին և իրավապահ ու դատական համակարգերի բոլոր այն գործընկերներին, ում սրտացավ և նվիրված աշխատանքով նախորդ տարում գրանցել ենք շոշափելի արդյունքներ՝ Պետության և համայնքների սեփականության իրավունքն է վերականգնվել մի քանի միլիարդ դրամը գերազանցող գույքերի նկատմամբ:Ստեղծվել է Վերականգնված միջոցների միասնական հաշիվ, որտեղ վերադարձվում են պետությունից և համայնքներից հափշտակված դրամական միջոցները:Մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 6%-ով ավելի վարույթ (այդ թվում՝ 8 ամսից ավելի քննվող), քան 2023 թվականին:Դատարանում քննվել և ավարտվել է 5%-ով ավելի գործ, քան 2023 թվականին, իսկ արդարացման դատավճիռներ են կայացվել դատարանում ավարտված գործերի ընդամենը 1.8%-ով: Դատախազությունը՝ որպես միասնական համակարգ, ձգտում է կարգապահության, բարեվարքության ու պրոֆեսիոնալիզմի բարձր նշաձողի: Այդ նշաձողին հասնելու համար անհրաժեշտ որակներից է անձնազոհությունը: Անձնազոհությունը հասու է նվիրյալներին: Դատախազությունում աշխատում են և աշխատելու են նվիրյալներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բարօրության»:
10:31 - 31 մարտի, 2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից և փոխկապակցված անձից բռնագանձել անշարժ գույքեր

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից և փոխկապակցված անձից բռնագանձել անշարժ գույքեր

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի նախկին ղեկավար Ռուբիկ Ղուկասյանի իրավահաջորդից և Ռուբիկ Ղուկասյանին փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 7 անշարժ գույք Երևանում և Գեղարքունիքի մարզում. 1 անշարժ գույքի շուկայական արժեք. 1 իրավաբանական անձում մասնակցություն. 10 միլիոն 858 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ. 36 միլիոն 808 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար», - նշված է դատախազության հայտարարությունում։  
13:27 - 29 մարտի, 2025
Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել
 |1lurer.am|

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել |1lurer.am|

1lurer.am: Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:   «Հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,- 1Lurer.am-ին հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:   Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մարտի 27-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել էր Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ էր քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 0: Ըստ միջնորդագրի՝ Տարոն Մարգարյանը քաղաքապետ աշխատած տարիներին հանցավոր ճանապարհով օրինականացրել է դպրոցական և նախադպրոցական հաստատություններից մոտ 7000 քառակուսի մետր հողատարածք:
20:32 - 28 մարտի, 2025
Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել
 |1lurer.am|

Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել |1lurer.am|

1lurer.am: Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։   «Հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը»,- 1Lurer.am-ին հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:   Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովին էր ներկայացրել պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Քվեարկության համաձայն՝ Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ էր քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 2: Միջնորդության հիմքում ոչխարների արտահանումը կազմակերպելու համար 200 հազար դոլարի ապօրինի վարձատրության պահանջն է, նաև գործարարից 23 հազար դոլարի կաշառքի ստացումը: 
19:42 - 28 մարտի, 2025
Գլխավոր դատախազի միջնորդությունը Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին

Գլխավոր դատախազի միջնորդությունը Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին

Գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժինը տարածել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի մարտի 27-ին Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Այն ներկայացնում ենք ստորեւ։ Գլխավոր Դատախազը մասնավորապես նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Միջնորդագիրը պաշտոնապես ուղարկված է եղել Ազգային ժողով,  հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում: Քրեական վարույթի համաձայն՝ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի և «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի ծառայողների կողմից իրենց լիազորությունների չարաշահմամբ Երևան քաղաքի Հ.Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող՝ «Թիվ 185 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման հանձնված, պետական սեփականություն հանդիսացող 15 հազար 523 քմ մակերեսով հողատարածքից 3 հազար 581,43 քմ մակերեսով հողատարածքն ապօրինի առանձնացնելու և օտարելու դեպքի առթիվ 2018 թվականի օգոստոսի 9-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է  թիվ 58217318 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: 2019 թվականի նոյեմբերի 6-ին թիվ 58217318 քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ: Պետական գույքի կառավարման վարչության և Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ Երևան քաղաքի Աճառյան փողոցի 40 հասցեում գտնվող՝ «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի զբաղեցրած 13 հազար 172 քմ մակերեսով հողատարածքից 3 հազար 596,8 քմ մակերեսով հողատարածքն ապօրինի առանձնացնելու և օտարելու դեպքի առթիվ 2020 թվականի հունիսի 23-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է թիվ 17108920 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական  օրենսգրքի  308-րդ  հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: 2020 թվականի հունիսի 29-ին թիվ 17108920 քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ և նույն օրը միացվել թիվ 58217318 քրեական գործին: Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի և «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի ծառայողների կողմից իրենց լիազորությունների չարաշահմամբ Երևան քաղաքի Ավանեսով փողոցի 12 հասցեում գտնվող՝ «Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի զբաղեցրած 6453 քմ մակերեսով հողատարածքից 580,63 քմ և 863,34 քմ մակերեսներով հողատարածքներն ապօրինի առանձնացնելու և օտարելու դեպքերի առթիվ 2018 թվականի հուլիսի 3-ին ԱԱԾ քննչական  վարչությունում  հարուցվել է թիվ 58214218 քրեական գործը՝ 2003  թվականի  ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: 2020 թվականի մարտի 4-ին թիվ 58214218 քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ, իսկ 2020 թվականի հուլիսի 29-ին որոշում է կայացվել թիվ 58214218 քրեական գործը թիվ 58217318 քրեական գործին միացնելու մասին: Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել թիվ 58217318 քրեական վարույթից թիվ 69113821 քրեական վարույթն անջատելու մասին: Թիվ 69113821 քրեական վարույթն ըստ մեղադրանքի՝ Արման Գալուստի Սահակյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, Տարոն Անդրանիկի Մարգարյանի՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ), Անդրանիկ Մազմանի Քասարյանի՝ 308-րդ հոդվածի 2-րդ  մասով  (4 դրվագ)  և  314-րդ  հոդվածի  1-ին մասով (4 դրվագ), Արսեն Սերյոժայի Ամյանի՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (4 դրվագ), Հայկ Արտուշի Կյուրեղյանի՝  38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, Արամ Արտավազդի Ենգոյանի՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, Տիգրան Կարլենի Փոթիկյանի՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, Միքայել Լևոնի Հակոբյանի՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայկ Հենրիխի Պետրոսյանի՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ  մասով,  2021 թվականի դեկտեմբերի 30-ին կազմված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:  Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի մայիսի 10-ի որոշմամբ Արամ Ենգոյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ Հայկ Կյուրեղյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Միքայել Հակոբյանի նկատմամբ՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, քրեական հետապնդումը դադարեցվել է՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Քրեական  դատավարության  օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ  Հայկ  Պետրոսյանի  նկատմամբ  2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ Տիգրան Փոթիկյանի  նկատմամբ  2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ  Արման  Սահակյանի  նկատմամբ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, Տարոն Մարգարյանի նկատմամբ՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ), Անդրանիկ Քասարյանի նկատմամբ՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (4 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ) քրեական հետապնդումը դադարեցվել է՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։  Երևանի քաղաքապետարանի և Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավար¬ման վարչության իրավասու աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքից՝ Երևան քաղաքի Հ.Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող՝ «Թիվ 185 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ի, Երևան քաղաքի Աճառյան փողոցի 40 հասցեում գտնվող՝ «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի և Երևան համայնքի սեփականություն հանդիսացող «Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստա¬տություն» ՀՈԱԿ-ի զբաղեցրած հողատարածքներից, անհիմն, որոշակի մակերեսով հողատարածքների փոխարկում (կոնվերտացում) կամ փոխանցում իրականացնելու դեպքի առթիվ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է թիվ 69138024 քրեական վարույթ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: 2024 թվականի դեկտեմբերի 28-ին որոշում է կայացվել թիվ 69138024 քրեական վարույթը թիվ 58217318 քրեական վարույթին միացնելու մասին: Բացի վերը նշված պաշտոնատար անձանցից, առերևույթ հանցագործություններին՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման կատարմանը, Երևանի քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի, Էրեբունի վարչական շրջանի, Երևան քաղաքի Աճառյան փողոցի 40 հասցեում գտնվող՝ «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի, Երևան քաղաքի Ավանեսով փողոցի թիվ 12 հասցեում գտնվող՝ «Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի և Երևան քաղաքի Հ.Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող՝ «Թիվ 185 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացած, սակայն հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկման (կոնվերտացման) կամ փոխանցման գործընթացին այլ անձանց մասնակցության դեպքի առթիվ 2025 թվականի հունվարի 21-ին Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է թիվ 69102425 քրեական վարույթը, որը նույն օրը միացվել է թիվ 58217318 քրեական վարույթին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից, որի վրա իրավական ակտերով դրված է եղել պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականություն՝ Երևան քաղաքի Հ.Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող՝ «Թիվ 185 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ին հատկացված և պետական սեփականություն հանդիսացող հողամաuն ինքնակամ զավթած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ դիտավորությամբ չկիրառելու դեպքի առթիվ 2025 թվականի փետրվարի 19-ին Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 69107125 քրեական վարույթը, որը 2025 թվականի փետրվարի 20-ին միացվել է թիվ 58217318 քրեական վարույթին:  Թիվ 58217318 քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ  Տարոն  Անդրանիկի  Մարգարյանը,  2009 թվականի հուլիսի 6-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2011 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2018 թվականի հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը, այսինքն՝ հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող, քաղաքապետարանի անունից հանդես գալու լիազորություն ունեցող, իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության և համայնքի իրավունքներին և օրինական շահերին, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև այլ անձանց օժանդակությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ չի կիրառել պետական սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթած անձանց նկատմամբ:  Մասնավորապես՝ Տարոն Մարգարյանը, Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ գտնվելով մտերիմ փոխհարաբերությունների մեջ և նպատակ ունենալով Երևան քաղաքի «Թիվ 185 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված և Պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված՝ 15 հազար 523 քմ մակերեսով, պետական սեփականություն հանդիսացող հողատարածքից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ չկիրառելու միջոցով հանցավոր ճանապարհով առանձնացնել շուրջ 1939 քմ մակերեսով հողատարածք, ապա այն օտարել իր և Արման Սահակյանի հետ փոխկապակցված անձանց, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել պետության գույքային ֆոնդից և ներառել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ, այնուհետև, ակնհայտ հանցավոր ճանապարհով այն դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից և ձևականորեն ներառել այլ անձանց գույքային ֆոնդ, ինչից հետո դրա նկատմամբ ձևականորեն ձեռք բերված սեփականության իրավունքի մաս կազմող՝ տնօրինման իրավազորության իրականացման միջոցով այն օտարել իր մերձավորներին, այդ թվում՝ իր օգնականին՝ այդպիսով առանց խոչընդոտների օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը:  Նկարագրված առերևույթ հանցավոր գործողությունները կատարվել են 2013 թվականից մինչև 2021 թվականն ընկած ժամանակահատվածում:  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նպատակ ունենալով Երևան քաղաքի Աճառյան փողոցի 40 հասցեում գտնվող՝ «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի կողմից զբաղեցրած 13 հազար 172 քմ մակերեսով հողատարածքից իր մերձավորների համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել և օրինականացնել հողատարածքներ, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել համայնքի գույքային ֆոնդից և ներառել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ, այնուհետև, ակնհայտ հանցավոր ճանապարհով այն դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից և ձևականորեն ներառել այլ անձանց գույքային ֆոնդ, ինչից հետո դրա նկատմամբ ձևականորեն ձեռք բերված սեփականության իրավունքի մաս կազմող՝ տնօրինման իրավազորության իրականացման միջոցով այն օտարել իր մերձավորներին, այդ թվում՝ սանիկին՝ այդպիսով առանց խոչընդոտների օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը: Նկարագրված առերևույթ հանցավոր գործողությունները կատարվել են 2011 թվականից մինչև 2012 թվականն ընկած ժամանակահատվածում:  Տարոն Մարգարյանը, նպատակ ունենալով պաշտոնեական դիրքն օգտագործելով «Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի զբաղեցրած՝ 6 հազար 452,9 քմ մակերեսով, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից իր մերձավոր Սասունիկ Իսրայելյանի համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել և օրինականացնել 575 քմ մակերեսով հողատարածք, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից և ներառել Սասունիկ Իսրայելյանի գույքային ֆոնդ, ինչից հետո այն միացվել է Սասունիկ Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող, շուրջ 0,04 հա մակերեսով հողամասին, որի արդյունքում 575 քմ մակերեսով հողատարածքը Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող՝ արդեն միախառնված, շուրջ 0,1 հա մակերեսով հողամասի կազմում դրվել է օրինական շրջանառության մեջ և դրան հաղորդվել է օրինական տեսք:  Նկարագրված առերևույթ հանցավոր գործողությունները կատարվել են 2012 թվականից մինչև 2013 թվականն ընկած ժամանակահատվածում:  Տարոն Մարգարյանը, նպատակ ունենալով պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ նույն նախադպրոցական ուսումնական հաստատության («Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ) զբաղեցրած՝ 6 հազար 452,9 քմ մակերեսով, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից իր մերձավոր Սասունիկ Իսրայելյանի համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել և օրինականացնել 863,34 քմ մակերեսով հողատարածք, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից և ներառել Սասունիկ Իսրայելյանի գույքային ֆոնդ, ինչից հետո այն միացվել է Սասունիկ Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող, շուրջ 0,1 հա մակերեսով հողամասին, որի արդյունքում 863,34 քմ մակերեսով հողատարածքը Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող՝ արդեն միախառնված, շուրջ 0,18 հա մակերեսով հողամասի կազմում դրվել է օրինական շրջանառության մեջ և դրան հաղորդվել է օրինական տեսք: Նկարագրված առերևույթ հանցավոր գործողությունները կատարվել են 2014 թվականից մինչև 2015 թվականն ընկած ժամանակահատվածում:  Այսպիսով, գնահատելով քրեական վարույթով հավաքված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ բոլոր ապացույցների համակցությունը՝ բավարարության տեսանկյունից՝ պետք է արձանագրել, որ առկա են բավարար փաստեր Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ 4 դրվագ (համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերին), Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով (համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասին) և 447-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածին) հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, ուստի հիմք ընդունելով Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար Ազգային ժողով դիմելու վերաբերյալ հսկող դատախազի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով, Քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝ Մ Ի Ջ Ն Ո Ր Դ ՈՒ Մ   Ե Մ Տալ համաձայնություն՝ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին»:
14:10 - 27 մարտի, 2025
Արդարացման դատական ակտերի թիվը 1,8 տոկոս է. դատախազն անդրադարձել է պատգամավորների քննադատություններին |armenpress.am|

Արդարացման դատական ակտերի թիվը 1,8 տոկոս է. դատախազն անդրադարձել է պատգամավորների քննադատություններին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում անդրադարձավ արդարացման դատական ակտերի շուրջ հրապարակային քննարկումներին՝ ներկայացնելով պաշտոնական տվյալներ։ Ավելի վաղ որոշ պատգամավորներ իրենց դժգոհությունն էին արտահայտել առ այն, որ շատ հաճախ իրավապահ մարմինները տարբեր անձանց մեղադրանքներ են առաջադրում, սակայն հետագայում այդ անձինք մեծամասամբ արդարացվում են դատարանների կողմից։  «Անընդհատ շահարկվում է արդարացման ակտերի թիվը։ Գիտե՞ք՝ որքան է այն. 1,8 տոկոս»,- նշեց Վարդապետյանը։  Գլխավոր դատախազը նշեց, որ շուտով կհրապարակվի դատախազության տարեկան զեկույցը, որտեղ տվյալները ներկայացված են հստակ և ոչ իրավաբանական լեզվով։ «Մենք շատ ու շատ ոչ իրավաբանական լեզվով ենք գրել և շատ փաստահեն թվերով ենք գրել, որպեսզի ձեզ համար հասկանալի լինի, թե դատարանները քանի գործ են այս տարի ավարտել։ Այդ ցուցանիշը 40 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի։ Դա ահռելի ցուցանիշ է»,-ընդգծեց Վարդապետյանը։  
14:05 - 27 մարտի, 2025
Դատախազությունն ուսումնասիրում է Գյումրիի համայնքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի հետ կապվող ձայնագրության վերաբերյալ հրապարակումները

Դատախազությունն ուսումնասիրում է Գյումրիի համայնքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի հետ կապվող ձայնագրության վերաբերյալ հրապարակումները

«Անկախ դիտորդը» այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Դատախազություն՝ պահանջելով քննել Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ ձայնագրությունը: Այս մասին ֆեյբուքյան իր էջում հայտնել է Դանիել Իոաննիսյանը։ «Մասնավորապես, համարում ենք, որ դրանում առկա են Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ (ընտրությանը որևէ ձևով քվեարկելուն հարկադրելը, որը զուգորդվել է սպառնալիքով կամ կախվածությունն օգտագործելով): Հոդվածը նախատեսում է 4-ից 8 տարվա ազատազրկում, բայց շատ կարևոր է, որ իրավապահ մարմինները արդյունավետ կերպով աշխատեն շուկայի աշխատողների/վաճառողների հետ և ստանան եղելիության ամբողջ պատկերը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ավելի ուշ Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» հայտնել են, որ դատախազությունը ուսումնասիրում է մամուլում տեղ գտած հրապարակումները Գյումրիի համայնքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի հետ կապվող ձայնագրության վերաբերյալ: Դատախազությունից այլ մանրամասներչեն հայտնել: Նշենք, որ համացանցում 28 վայրկյան տևողությամբ ձայնագրություն է տարածվում, որը ներկայացվում է որպես Ղուկասյանի հեռախոսազրույց անհայտ մի անձի հետ. Ղուկասյան - «Երկար խանութների, դոմիկների մոտից հատ-հատ պայմանավորվի, որ իրիկվա կողմ գան մոտս»։ Զրուցակիցը պատասխանում է, որ «6 անց կես բոլորին հավաքվին, կառնիմ կուգամ»։ Ղուկասյան - «Ասա՝ [հայհոյանք], էդ սաղ ինքն է ձեզի տվել, հիմի, որ ձեր տները կպահենք էդ ինքն է ձեզի տվել, [հայհոյանք]»։ Factor TV-ի հետ զրույցում Գյումրիի համայնքապետի թեկնածուն ասել է․ «Հիմի իրանք ինչ ասես կարան տարածեն, մարդու ձենով ինչ ասես կարան սարքեն, բանի տեղ չենք դնում մենք էդպիսի բաները»։ Լրատվամիջոցի ճշտող հարցին՝ այսինքն ինքը՞ չի խոսող անձը, Ղուկասյանը պատասխանել է. «Հավանական է, որ ես չլինեմ միանշանակ։ Իմ ձայնը եթե գիտեն, իմ ձայնով ինչ ասես կարան սարքեն, արհեստական, ո՞նց է կոչվում դա, բանականություն է, չգիտեմ ինչ է։ Վոբշեմ, դրանք եղած-չեղած իմ համար հաշիվ չի, անցանք գնացինք»,- ասաց Ղուկասյանը և հեռախոսն անջատեց։
17:56 - 26 մարտի, 2025