ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

Միրզոյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր

Միրզոյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր

Դեկտեմբերի 1-ին Սկոպիեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր։ Վկայակոչելով այն, որ ԵԱՀԿ-ն մնում է տարածաշրջանային անվտանգության հարցերով ամենամեծ կազմակերպությունը՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ այն պետք է կարողանա իրականացնել իր առջև դրված մանդատը և կազմակերպության տարածքում ապահովել արագ արձագանքման մեխանիզմների հավասարապես կիրառումը։  Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային հարցերին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանը, խախտելով ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները, ոչ միայն Լեռնային Ղարաբաղը ենթարկեց ամբողջական էթնիկ զտման, այլև շարունակում է հարվածի տակ դնել տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված միջազգային միջնորդների ջանքերը։ Նախարարը հավելել է, որ այսօրինակ խախտումները, տեղի ունենալով անպատժելիության մթնոլորտում, խրախուսում են ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման գործելակերպը, և միջազգային հանրությունը պետք է կրկնապատկի ջանքերն առկա մարտահրավերները հաղթահարելու համար։ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ՀՀ-ն հանձնառու է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ միջազգայնորեն հայտնի սկզբունքների հիման վրա, այդուհանդերձ, դրական առաջընթաց գրանցելու համար, կարևոր է տարածաշրջանային բոլոր երկրների կողմից հավասարապես անկեղծ ներգրավում խաղաղության օրակարգի կյանքի կոչմանը։ Այս համատեքստում ներկայացնելով նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ դրա առավելություններից կարող են օգտվել ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ավելի լայն տարածաշրջանի երկրները։
19:36 - 01 դեկտեմբերի, 2023
Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին մանրամասներ է ներկայացնել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ

Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին մանրամասներ է ներկայացնել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ

Դեկտեմբերի 1-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Լիիսա Կաումանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերի՝ հաշվի առնելով նախորդ շաբաթ Երևանում հաջողությամբ անցկացված ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի քննարկումները։  ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտումների, ԵԱՀԿ տարածքում ուժի կիրառման գործելակերպի համատեքստում ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ միջազգային հանրությունն առերեսվում է այն իրականության հետ, որտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ավելի քան ինն ամիս անմարդկային շրջափակումից, սեպտեմբերի 19-ի լայնածավալ հարձակումից հետո ԼՂ ողջ հայ բնակչությունը բռնի տեղահանվել է իր հայրենիքից։  Հարավային Կովկասում կայունության ապահովմանն ուղղված քայլերի համատեքստում Արարատ Միրզոյանը Պիա Կաումանին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և կարգավորման պայմանագրի նախագծի վերաբերյալ ՀՀ առաջարկների փաթեթի հիմնական սկզբունքները։ Նախարար Միրզոյանը նշել է՝ հայտնի է, որ Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել վերջին շրջանի բարձրաստճան հանդիպումներին, որոնք թույլ կտային քննարկումների արդյունքում գրանցել որոշակի առաջընթաց։  Նախարար Միրզոյանը, ընդգծելով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը մանրամասներ է ներկայացնել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ՝ ընդգծելով, որ բոլոր շահագրգիռ կողմերը պետք է գիտակցեն առկա հնարավորություններն օգտագործելու կարևորությունը։
17:57 - 01 դեկտեմբերի, 2023
Մոսկվան պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը
 |news.am|

Մոսկվան պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը |news.am|

news.am: Մոսկվան պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. Այս մասին Սկոպյեում հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի 30-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցությունը և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ։ «Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ ակտիվորեն նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնվելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի վրա, ներառյալ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումը», ասված է հայտարարության մեջ։ Նշվում է, որ հաստատվել է տարբեր մակարդակներով հետագա շփումների պահանջը։
17:44 - 30 նոյեմբերի, 2023
ՀՀ ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետնախարարը քննարկել են առանցքային ոլորտներում գործնական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետնախարարը քննարկել են առանցքային ոլորտներում գործնական համագործակցությանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Լորանս Բունի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության օրակարգին և առանցքային ոլորտներում գործնական համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի, առկա մարտահրավերների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերին: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ գործընթացն առաջ տանելու հնարավորությունն օգտագործելու նպատակով Հայաստանն անցյալ շաբաթ Ադրբեջանին է փոխանցել երկկողմ համաձայնագրի նախագծի առաջարկությունների փաթեթը: ՀՀ ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետնախարարը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի, բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարների շուրջ:
12:48 - 30 նոյեմբերի, 2023
Հայաստանն արդյունավետ էր կազմակերպել ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանի աշխատանքը. Բոճորիշվիլի

Հայաստանն արդյունավետ էր կազմակերպել ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանի աշխատանքը. Բոճորիշվիլի

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 20-ին ընդունել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլիին: Հանդիպմանը մասնակցել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Ողջունելով հյուրին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել հայ-վրացական խորհրդարանական համագործակցությունը: Զրուցակիցները քննարկել են եվրոպական հարթակներում փոխգործակցությանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Կողմերը կարևորել են տարածաշրջանում խաղաղության հաստատումը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Մակա Բոճորիշվիլին, որը ԵԱՀԿ ԽՎ-ում Վրաստանի պատվիրակության անդամ է, ընդգծել է, որ Հայաստանն արդյունավետ էր կազմակերպել վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքը:
12:38 - 20 նոյեմբերի, 2023
Խաղաղության խաչմերուկը մեծ ներուժ ունի Ծոցերը, Սև և Կասպից ծովերը կապելու տեսանկյունից. Արմեն Գրիգորյան

Խաղաղության խաչմերուկը մեծ ներուժ ունի Ծոցերը, Սև և Կասպից ծովերը կապելու տեսանկյունից. Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 2023 թ. աշնանային նստաշրջանին ողջույնի խոսքով է հանդես եկել: «ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հարգելի՛ նախագահ, Հարգելի՛ գլխավոր քարտուղար,Հարգելի՛ պատվիրակներ,Տիկնա՛յք և պարոնա՛յք:Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 21-րդ աշնանային նստաշրջանին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին համաժողովը Հայաստանում անցկացնելու այս կարևոր նախաձեռնության համար։ Ես նաև իմ երախտագիտությունն եմ հայտնում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին և բոլոր ազգային պատվիրակություններին իրենց ջանքերի համար՝ սատարելու ԵԱՀԿ-ի արժեքները և ամրապնդելու անվտանգությունն ու համագործակցությունը Եվրոպայում և նրա սահմաններից դուրս:Ժամանակակից գլոբալացված աշխարհի արագ փոփոխվող բնույթը դինամիկ կերպով փոխակերպում է տարածաշրջանային անվտանգության համակարգերը, ինչպես նաև պետությունների ներսում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական և սոցիալական գործընթացները, ինչը երկրների կառավարությունների համար զգալիորեն ավելացնում է ռազմավարական մարտահրավերները: Սոցիալական կյանքի բոլոր ոլորտների վրա ազդող ժամանակակից անվտանգային խնդիրների բարդության հաշվառմամբ՝ անհրաժեշտություն է առաջանում լուծումները գտնել ջանքերի միասնության և մասնակցային քննարկումների միջոցով: Այս առումով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի կանոնավոր հանդիպումները կարևոր դեր են խաղում գլոբալ մարտահրավերների և, մասնավորապես՝ ներկա փուլում ԵԱՀԿ անդամ պետությունների առջև ծառացած մարտահրավերների լուծման գործում։Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանն անցել է կտրուկ փոփոխությունների միջով, որոնք նոր տեսլական են ձևավորել միջազգային ասպարեզում նրա դերի մասին։ Ժողովրդավարացման գործընթացը շարունակաբար ամրապնդում է հայկական պետական ինստիտուտները և հայ հասարակությանը դարձնում ավելի դիմակայուն ներքին և արտաքին մարտահրավերների նկատմամբ։ Միաժամանակ, մեր երիտասարդ ժողովրդավարությունը դեռ պետք է անցնի տոկունության փորձության միջով, քանի որ տարբեր ուղղություններից բխող մարտահրավերները լուրջ են և ապակայունացնող։ Այնուամենայնիվ, մենք խորապես համոզված ենք, որ ժողովրդավարությունը կդիմանա փորձություններին, քանի որ Հայաստանի կառավարությունն ունի ուժեղ քաղաքական կամք՝ խորացնելու ժողովրդավարական կառավարումը, իսկ Հայաստանի ժողովուրդը վճռականորեն սատարում է ժողովրդավարական արժեքները: Հայաստանի ժողովրդի և կառավարության հայացքների այս միասնությունը պայմաններ է ստեղծում ժողովրդավարության հաջողության համար։ Այս համատեքստում միջազգային հանրության անսասան աջակցությունը Հայաստանի ժողովրդավարացմանը կապահովի Հայաստանում ժողովրդավարության հաջողությունը։Հայաստանը ցանկանում է խաղաղություն հաստատել տարածաշրջանում, և մենք հաստատակամորեն հավատարիմ ենք խաղաղության օրակարգին ու շահագրգռված ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Ցավոք, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, որտեղ ռուս խաղաղապահների ներկայությամբ տեղի ունեցավ բնիկ հայ բնակչության էթնիկ զտում, և ավելի քան 100.000 էթնիկ հայեր ստիպված եղան լքել իրենց տները և անցնել Հայաստան։Չնայած բոլոր դժվարություններին, որոնց մենք այսօր բախվում ենք, Հայաստանը պատրաստ է աշխատել միջազգային գործընկերների հետ՝ տարածաշրջան խաղաղություն և զարգացում բերելու համար։ Այս համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացն էական դեր ունի տարածաշրջանային կայունության ձևավորման տեսանկյունից։ Հայաստանը հրապարակայնորեն և թափանցիկ կերպով հայտարարել է, որ Ալմա Աթայի հռչակագիրն այն հիմնարար փաստաթուղթն է, որի հիման վրա Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Իրականում, 2022 թ. հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շ. Միշելի համատեղ ջանքերով Պրահայում կազմակերպված հանդիպմանը վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը հաստատել են իրենց հավատարմությունը Ալմա Աթայի հռչակագրին։ Հատկանշական է նաև, որ բրյուսելյան բանակցային գործընթացների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել, որ երկու երկրների ղեկավարները հրապարակայնորեն ճանաչում են հարևան երկրի տարածքի ճշգրիտ չափը՝ ազդարարելու իրենց հավատարմությունը խաղաղության գործընթացին։ 2023 թ. մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո նախագահ Միշելը հայտարարել է, որ «առաջնորդները հաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին և Հայաստանի (29.800 քառակուսի կմ) ու Ադրբեջանի համապատասխան տարածքային ամբողջականությանը (86.600 քառակուսի կմ)»: Նախագահ Միշելը նույնը կրկնել է 2023 թ. հուլիսի 15-ին: Ավելին՝ 2023 թ. հոկտեմբերի 5-ին Գրանադայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շ. Միշելի, Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օ. Շոլցի քառակողմ հանդիպումը, որի ժամանակ վերահաստատվել է վերոնշյալ դիրքորոշումը։ Խաղաղության հաստատման գործընթացում հաջորդ կարևոր քայլը տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված ապագա պայմանավորվածությունների ձեռքբերումն է։ Հայաստանն իսկապես շահագրգռված է Հարավային Կովկասում ներառական տարածաշրջանային և միջսահմանային կապերի խթանմամբ։ Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման նպատակին հասնելու համար Հայաստանը կարևորում է հարգանքը հետևյալ չորս սկզբունքների նկատմամբ. ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն և հավասարություն: Մենք կարծում ենք, որ փոխկապակցված և տնտեսապես բարգավաճ տարածաշրջանը կդառնա կայուն խաղաղության գրավականը: Հենց այս ըմբռնմամբ է Հայաստանը ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Այս նախաձեռնությունը միտված է Հայաստանի և հարևան երկրների միջև հաղորդակցության զարգացմանը։ «Խաղաղության խաչմերուկը» մեծ ներուժ ունի Ծոցերը, Սև ծովը և Կասպից ծովը արդյունավետորեն կապելու տեսանկյունից: Այն հսկայական տնտեսական, սոցիալական և քաղաքական օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին:Վերջում հարկ եմ համարում նշել, որ Հայաստանը ցույց է տվել իր միջազգային գործընկերներին, որ դիվերսիֆիկացնում է իր արտաքին և անվտանգային քաղաքականությունը։ Այս համատեքստում Հայաստանը կարևորում է գործընկերությունն արևմտյան և ասիական երկրների հետ։ Ցանկանում եմ նաև ընդգծել, որ Հայաստանում ընթանում է զինված ուժերի բարեփոխման լայնածավալ գործընթաց, որը ներառում է կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ։ Հարկ եմ համարում կրկնել, որ մենք ընկալում ենք Հայաստանի զինված ուժերի ժողովրդավարացումը, ինչպես նաև անվտանգության ոլորտում միջազգային գործընկերների հետ մեր համագործակցությունը՝ որպես Հայաստանի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության պաշտպանության հիմնասյուներ։Այս համատեքստում ցանկանում եմ օգտվել առիթից և բարձր գնահատել Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի հովանու ներքո ԵԱՀԿ հատուկ աջակցությամբ ստեղծված «Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակը», որի շրջանակում մենք ակնկալում ենք ԵԱՀԿ-ի աջակցությունը հատկապես ՀՀ զինված ուժերի համար նախատեսված հակակոռուպցիոն ռազմավարության մշակման, «Պաշտպանության և անվտանգության ոլորտներում պատշաճ կառավարում և բարեվարքության ամրապնդում» կրթական ծրագրի ու ռազմաուսումնական հաստատություններում դասավանդվող «Մարդու իրավունքները զինված ուժերում» առարկայի վերանայման գործընթացներում։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակը հարթակի մաս է և շարունակելու է աջակցել այս կարևոր նախաձեռնությունը։Ամփոփելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ անվտանգությունը բազմաշերտ հասկացություն է և վերաբերում է քաղաքական, ռազմական, տնտեսական, բնապահպանական և անհատի անվտանգությանն առնչվող ոլորտներին։ Իր գոյության ամբողջ ընթացքում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը անդրդվելի է եղել իր տարեկան հռչակագրերի միջոցով հումանիտար և մարդու իրավունքներին առնչվող սպառնալիքները վերհանելու և առկա խնդիրները լուծելու հարցում: Հայաստանը կանգնած է ԵԱՀԿ-ի կողքին իր դժվար աշխատանքում, որն ընդգրկում է ահաբեկչության դեմ պայքարից մինչև կլիմայի փոփոխությանն առնչվող խնդիրները, կանանց իրավունքների պաշտպանության ոլորտը և երիտասարդության համար նախատեսված ծրագրերը, որոնք ուղղված են ավելի լավ ապագայի ստեղծմանը: Մենք բարձր ենք գնահատում նաև Հայաստանում ժողովրդավարական կառավարման ամրապնդմանն ուղղված ԵԱՀԿ շարունակական աջակցությունը:Հարգելի՛ մասնակիցներ,Շնորհակալություն եմ հայտնում ձեզ և հաջողություն մաղթում Երևանում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 21-րդ աշնանային նստաշրջանի աշխատանքներում»,- նշել է նա:
11:29 - 20 նոյեմբերի, 2023
ԵԱՀԿ ԽՎ երևանյան նստաշրջանում քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման կարևորությանը վերաբերող հարցեր

ԵԱՀԿ ԽՎ երևանյան նստաշրջանում քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման կարևորությանը վերաբերող հարցեր

Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու համար առանցքային նշանակություն ունեն ժողովրդավարական  ինստիտուտների ամրապնդումը, արդյունավետ մեխանիզմների մշակումը համապարփակ, երբեմն նաև՝ «ցավոտ» բարեփոխումների միջոցով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից, այս մասին ասել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Կոնստանտին Վարձելաշվիլին՝ նոյեմբերի 19-ին ելույթ ունենալով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Երևանում ընթացող աշնանային նստաշրջանի «Կոռուպցիան որպես հիմնարար վտանգ աշխարհին և անվտանգությանը» թեմայով նիստի ընթացքում։ Այն վարել է ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի տեղակալ Իռեն Խարալամբիդեսը: «ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Կոնստանտին Վարձելաշվիլիի խոսքով հասարակություններն արագորեն փոխվում են, և այսօր ապրում ենք մի աշխարհում, որտեղ կոռուպցիայի դեմ պայքարը կարող է և պետք է դառնա երկկողմանի կարևոր նպատակ: Զեկուցողը նշել է՝ հաստատություններում կոռուպցիայի դեպքերը միշտ բնութագրվում են հանրային ազնվության, վերահսկողության և անկախ դատական համակարգի բացակայությամբ: Կոնստանտին Վարձելաշվիլին նաև նկատել է՝ միջազգային կազմակերպությունների մակարդակով կոռուպցիան քննարկվում է, սակայն հազվադեպ է հայտնվում բարձր մակարդակի երկկողմ փոխանակումների օրակարգում: ՀՀ  կոռուպցիայի կանխարգելման  հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարին, այդ գործում արձանագրված հաջողություններին: Նրա խոսքով՝ Հայաստանում մեծ հաջողություններ են գրանցվել կոռուպցիայի դեմ պայքարում: Կոռուպցիայի դեմ  պայքարն ինստիտուցիոնալացվել է. ստեղծվել և գործում են մի շարք մարմիններ, որոնք պայքար են մղում լրջագույն չարիք կոռուպցիայի  դեմ: Համաշխարհային բանկի ծրագրի համակարգող, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային փորձի գլխավոր ղեկավար Ալեքսանդրա Խաբերշոնն էլ նշել է, որ կոռուպցիան խաթարում է հիմնարկների կարողությունները հիմնական ծառայություններ մատուցելու, ցնցումներին արձագանքելու և անվտանգություն ապահովելու տեսանկյունից: Կոռուպցիան վնասում է նաև հաստատությունների նկատմամբ հանրության վստահությանը: Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի խաղաղության և վերակառուցման ջանքերի հիմքում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ հիմնական ելույթներից հետո ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներն անդրադարձել են իրենց երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդներին, արձանագրված հաջողություններին՝ կոռուպցիան գնահատելով որպես չարիք ժողովրդավարության, պետական ինստիտուտների համար, մարդկության զարգացման ճանապարհին: Գրեթե բոլոր ելույթ ունեցողները նշել են՝ կոռուպցիան վտանգավոր է, որը ոչ միայն տնտեսական տեսանկյունից է խոչընդոտում մարդկությանը, աղքատացնում, այլև այսօր սպառնալիք է աշխարհին: Ըստ որոշ բանախոսների՝ կոռուպցիան  լրջագույն չարիք է, քանի որ մարդկության անվտանգության հետ կապված խնդիրները, հակամարտությունները հիմնականում ծագում են  կոռուպցիայի հետևանքով: ՀՀ ԱԺ տեղեկացմամբ՝ ելույթ ունեցող պատգամավորներից շատերի դիտարկմամբ էլ կոռուպցիայի դեմ պայքարը միայն հանցագործությունները բացահայտելը չէ, այն շատ ավելի ընդգրկուն է: Նշվել է՝ եթե ցանկանում ենք, որ կոռուպցիոն դեպքերը պակասեն, ապա անհրաժեշտ է շեշտը դնել մարդկանց կրթելու, նրանց իրազեկելու և մտածելակերպը փոխելու վրա՝ արդյունքում հասնելով այն հնարավորությանը, որ կոռուպցիան անհանդուրժելի լինի: Պատգամավորներն անհրաժեշտ են համարել ԵԱՀԿ անդամ երկրներում ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, իրականացնել բարեփոխումներ, ինչպես նաև միավորել միջազգային հանրության ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում:
21:40 - 19 նոյեմբերի, 2023
Ադրբեջանը պիտի  պատասխանատվություն կրի միջազգային իրավունքը խախտելու համար.  ԱԺ պատգամավորը՝ Ֆինլանդիայի գործընկերներին

Ադրբեջանը պիտի պատասխանատվություն կրի միջազգային իրավունքը խախտելու համար. ԱԺ պատգամավորը՝ Ֆինլանդիայի գործընկերներին

Հայաստանի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը, առկա մարտահրավերներն ու խնդիրները ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Ֆինլանդիա բարեկամական խմբի ղեկավար Աննա Մկրտչյանը քննարկել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Ֆինլանդիայի պատվիրակության անդամների հետ՝ Ֆինլանդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Վիլհելմ Յուննիլայի գլխավորությամբ: Հանդիպումը կայացել է նոյեմբերի 19-ին՝ Երևանում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից, Աննա Մկրտչյանն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայաթափման, էթնիկ զտման խնդիրներին՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակում է հնչեցնել իր սպառնալիքները: Միջազգային կառույցի իր գործընկերներին դիմելով՝  պատգամավորն ընդգծել է, որ Ադրբեջանի հանդեպ եղած մոտեցումներն անհրաժեշտ է խստացնել, քանի որ եթե Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքի նորմերը, ապա պիտի նաև պատասխանատվություն կրի դրա համար: Նշվում է, որ, ըստ Հայաստան-Ֆինլանդիա բարեկամական խմբի ղեկավարի, պետք չէ բավարարվել սոսկ հայտարարություններով, քանզի նման հայտարարությունները չեն կանգնեցնում ագրեսոր Ադրբեջանի քայլերը: Նա շեշտել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը: «Պետք է միջազգային հանրությունը միջազգային պարտավորությունների, մասնավորապես, մարդասիրական իրավունքի շրջանակում ապահովի մեր քաղաքացիների կյանքի և ազատ տեղաշարժի իրավունքը»,- ասել է Աննա Մկրտչյանը: «Պատգամավորն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական հարցերին: Ըստ նրա՝ Հայաստանում կան քաղաքական հայացքների համար ազատությունից զրկված անձինք»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ կողմերը կարևորել են նաև միջխորհրդարանական համագործակցությունը՝ ընդգծելով բարեկամական խմբերի միջև  կապերի խորացումն ու ընդլայնումը: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են այս պահին Սյունիքում տիրող իրավիճակի մասին:
18:30 - 19 նոյեմբերի, 2023
ԵԱՀԿ ԽՎ պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵԱՀԿ ԽՎ պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԱԺ լրատվական ծառայությունից տեղեկացնում են՝ Երևանում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Իտալիայի և Խորվաթիայի պատգամավորները նոյեմբերի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Իտալիայի պատվիրակության անդամ Կատիա Պոլիդորին նշել է. «Յուրաքանչյուր անգամ Ծիծեռնակաբերդ գալիս ես զգում եմ այն, ինչ զգացել եմ առաջին այցի ժամանակ»: Նրա խոսքով Իտալիայի խորհրդարանը ոչ միայն խստորեն դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, այլ նաև այն ամենը, ինչ կատարվում է վերջին ժամանակաշրջանում: «Մենք կարծում ենք, որ պետք է անել ամեն ինչ՝ այս ամենը կանխելու համար»,- ընդգծել է  պատգամավորը: «Աստեղ ենք՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Չի կարելի մոռանալ պատմությունը: Պետք է անենք ամեն ինչ՝ աշխարհում պատերազմները կանխելու համար»,- ասել է Խորվաթիայի պատվիրակության անդամ Դավոր Բերնարդիկը: Խորհրդարանականները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին: 
16:24 - 19 նոյեմբերի, 2023
ԵԱՀԿ ԽՎ պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵԱՀԿ ԽՎ պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երևանում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի, Կիպրոսի և Շվեդիայի պատգամավորները նոյեմբերի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: «Մենք կարևորում ենք Հայոց ցեղասպանության դատապարտումը: Ունենք նաև մեր հստակ դիրքորոշումն այն ամենի վերաբերյալ, ինչ կատարվել է Ադրբեջանի կողից: Մենք հայ ժողովրդի կողքին ենք»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ Ֆրանսիայի պատվիրակության անդամ Պասկալ Լըկանը: ԵԱՀԿ ԽՎ Կիպրոսի պատվիրակության ղեկավար Արին Խարալամբիդեսը նշել է, որ Կիպրոսն առաջին երկրներից է, որ դատապարտել է հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Նա հավելել է, որ այն ամենը, ինչ կատարվել է Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ, նույնպես պետք է խստորեն դատապարտվի:
18:40 - 18 նոյեմբերի, 2023
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին:

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին: Զրուցակիցներն անդրադարձել են Երևանում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, օրակարգային հարցերին, ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանը: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի: Շեշտվել է 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու կարևորությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
17:31 - 18 նոյեմբերի, 2023
Ադրբեջանում պաշտոնական մակարդակում ՀՀ-ն սկսել են կոչել «Արեւմտյան Ադրբեջան»․ սա Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում մեզ․ Փաշինյան

Ադրբեջանում պաշտոնական մակարդակում ՀՀ-ն սկսել են կոչել «Արեւմտյան Ադրբեջան»․ սա Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում մեզ․ Փաշինյան

ԵԱՀԿ ԽՎ նիստի ժամանակ Փաշինյանն ասաց, որ նստաշրջաննը չափազանց բարդ ժամանակաշրջանում է տեղի ունենում, երբ վերջին տասնամյակներում գոյություն ունեցած համաշխարհային կարգը ճաքեր է տալիս՝ քայքայման հավաստի նշաններ ցույց տալով։ «Երեկ մենք ի վիճակի չեղանք ամբարտակներ կառուցել՝ այսօրվա հեղեղները կանխելու համար, հետեւաբար որքան էլ դժվար լինի, այսօր պիտի փորձենք կառուցել դրանք՝ վաղվա հնարավոր հեղեղները հանդարտեցնելու նպատակով։ ՀՀ-ն գլոբալ երկիր չէ, բայց մենք փորձում ենք հենց վերոնշյալ գործելակերպը որդեգրել այն հարցերի առնչությամբ, որոնք մեր ամենօրյա օրակարգի մաս են, եւ որոնց լուծման համար մենք պատասխանատվության էական բաժին ենք կրում։ Խոսքը նախեւառաջ Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացի մասին է, եւ այստեղ մենք եւ լավ լուրեր ունենք, եւ վատ լուրեր։ Լավ լուրն այն է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են, դա տեղի է ունեցել ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, Բրյուսելում Ադրբեջանի նախագահի եւ իմ հանդիպումների արդյունքում, այդ համաձայնություններն արձագանգրվել են մայիսի 14-ի եւ հուլիսի 15-ի հայտարարություններում։ Խաղաղության առաջին սկզբունքը հետեւյալն է՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը այն ըմբռնմամբ, որ ՀՀ տարածքը 29,800 քկմ է, Ադրբեջանի տարածքը՝ 86.600 քկմ։ Երկրորդ սկզբունքը՝ ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ սահմանների դելիմիտացիայի քաղաքական հենքը Ալմա-Աթայի հռչակագիրն է։ Ահա այս հենքի վրա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կա որոշակի ըմռնում, որ դելիմիտացիայի համար պետք է օգտագործվեն ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ 1974-90թթ քարտեզները։ Նաեւ կա ըմբռնում, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն եւ պատրաստ են ստանձնել իրավական պարտավորություն՝ ապագայում եւս նման պահանջներ առաջ չքաշելու վերաբերյալ։ Ահա նաեւ այս ըմբռնում է պատճառը, որ մենք Ադրբեջանին առաջարկում ենք փոխադարձաբար զորքեր չունենալ ԽՄ ադմինիստրատիվ սահմանից այս ու այն կողմ, ինչպես նաեւ հասցեագրել էքսկլավ-անկալվների հարցերը։ Ադրբեջանի հետ խաղաղության հաջորդ սկզբունքը հետեւյալն է․ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության, հավասարության սկզբունքների հիման վրա»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Փաշինյանի խոսքով՝ ամենակարեւոր վատ լուրն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով, եւ շատ հաճախ չեն հասկանում իրար։ Սրա համար, ըստ նրա, կան օբյեկտիվ պատճառներ [․․․]․ «Բայց Ադրբեջանն, օրինակ, ոչ մի անգամ հրապարակային հղում չի արել վերը հիշատակված երեք սկզբունքներին, չի վերահաստատել իր հավատարմությունն այդ սկզբունքներն, ինչը խորացնում է անվստահության մթնոլորտը։ Չափազանց կասկածելի է թվում նաեւ այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ եւ ըստ էության պաշտոնական մակարդակում ՀՀ-ն սկսել են կոչել Արեւմտյան Ադրբեջան, եւ այս հայեցակարգն ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում, պետական լրատվամիջոցներով։ Սա մեզ պատերազմ, Հայաստանի  դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում, եւ խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է։ Մենք չենք հասկանում նաեւ տասնյակ գերիներին հետեւողականորն չվերադարձնելու Ադրբեջանի մոտեցումը, չնայած վաղուց առաջարկել ենք այս թեման լուծել խաղաղության օրակարգին հարիր բանաձեւով՝ բոլորը բոլորի դիմաց։ Բայց եւ այնպես ՀՀ-ն նվիրված է խաղաղության օրակարգին, խաղաղության գործընթացին։ Մտադիր եմ մեր կողմից ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հասնելու համար»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարեւորագույն գործոն է մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի խաղաղ, զարգացող ու անվտանգ միջավայրի ռամավարական տեսլականի համար․ «Առաջիկայում հույս ունենք Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելու նորությունը լսել, եւ սա կլինի մեծ խորհրդանիշ կրող քայլ։ Հույս ունենք Հարավային Կովկասը դարձնել աշխարհին լավ նորություններ մատակարարող տարածաշրջան․ ՀՀ-ն, ես անձամբ պատրաստ ենք կրել այս նպատակին հասնելու համար մեր բաժին պատասխանատվությունը»։
16:53 - 18 նոյեմբերի, 2023
ԵԱՀԿ ԽՎ նախագահի տպավորությամբ՝ Ադրբեջանն արդեն պատրաստ է ՀՀ-ի հետ խաղաղ բանակցությունների |armenpress.am|

ԵԱՀԿ ԽՎ նախագահի տպավորությամբ՝ Ադրբեջանն արդեն պատրաստ է ՀՀ-ի հետ խաղաղ բանակցությունների |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի տպավորությամբ` Ադրբեջանը արդեն պատրաստ է Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների։ ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահն այս մասին հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում։ «Մինչ այստեղ ՝ Հայաստան գալը, ես հնարավորություն ունեցա երկու օրով այցելել Ադրբեջան, և ինձ մոտ տպավորություն էր, որ նրանք արդեն պատրաստ են խաղաղ բանակցությունների։ Համենայն դեպս, դա այն ուղերձն է, որը նրանք ցանկանում են փոխանցել: Եվ, իհարկե, ես ուզում եմ հավատալ վերջնական համաձայնության հասնելու հնարավորությանը։ Հուսով եմ ՝ այն արդեն տեղի կունենա առաջիկա շաբաթվա ընթացքում»,- ասաց Կաուման։ Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն կոչ է անում երկու կողմերին շարունակել բանակցությունները և փնտրել նոր հնարավորություններ, որտեղ նրանք կարող են համաձայնության գալ: 
16:18 - 18 նոյեմբերի, 2023
Մենք Հայաստանին ենք ներկայացրել խաղաղության պայմանագրի 5-րդ լրամշակված տարբերակը, սակայն նրանք երկու ամիս է՝ չեն արձագանքում․ Հաջիևը
 |tert.am|

Մենք Հայաստանին ենք ներկայացրել խաղաղության պայմանագրի 5-րդ լրամշակված տարբերակը, սակայն նրանք երկու ամիս է՝ չեն արձագանքում․ Հաջիևը |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կնքմանը խոչընդոտող ոչինչ չկա։ «Մենք հավատում ենք, որ սա պատմական հնարավորություն է՝ վերջ դնելու երկու երկրների միջև հակադրությանն ու թշնամությանը և կայուն խաղաղություն ստեղծելու այն 5 սկզբունքների հիման վրա, որոնք Ադրբեջանը ներկայացրել է Հայաստանին»,- նշել է Հաջիևը։ Ադրբեջանի նախագահի օգնականն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվեր ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, մինչդեռ դա տեղի չի ունեցել։ «Մենք վերջ դրեցինք «ռազմական օկուպացիային և ագրեսիային» (չակերտները՝ խմբ․)։ Ուստի Ադրբեջանն այժմ որպես առաջնահերթություն է ընտրում խաղաղությունն ու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Սակայն ցանկացած խաղաղ գործընթաց պահանջում է երկու կողմերի մասնակցություն։ Հայաստանը պետք է դրսևորի դրական և լավ մտադրություններ։ Մենք Հայաստանին ենք ներկայացրել խաղաղության պայմանագրի 5-րդ լրամշակված տարբերակը, սակայն երկու ամիս է, ինչ նրանք չեն արձագանքում», - նշել է Հաջիևը։
15:12 - 18 նոյեմբերի, 2023