ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Մինչև տարեվերջ Հայաստանում շահագործման կհանձնվի 45 նոր կառուցված դպրոց |armenpress.am|

Մինչև տարեվերջ Հայաստանում շահագործման կհանձնվի 45 նոր կառուցված դպրոց |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն այս տարեվերջի դրությամբ կունենա 45 նոր կառուցված և շահագործման հանձնված դպրոց, կան նաև շինարարության փուլում գտնվող դպրոցներ:  Այս մասին կառավարության նիստում հայտնեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե 300 դպրոց և 500 մանկապարտեզ նորոգելու, կառուցելու  և վերակառուցելու  ծրագիրն ի՞նչ փուլում է:  «Այս տարեսկզբին ունեինք 28 նոր կառուցված և շահագործման հանձնված դպրոց: Սեպտեմբերի 1-ի դրությամբ ևս 7-ը կհանձնվեն շահագործման: Մինչև տարեվերջ կշարունակենք ընթացքի մեջ գտնվող դպրոցներից ևս 10-ն ավարտին հասցնելու գործընթացը: Այսինքն՝ տարեվերջին արդեն կունենանք  ավարտված և շահագործման հանձնված 45 դպրոց, ևս 26-ը գտնվում են շինարարության փուլում: Նախատեսվում է, որ դրանք շահագործման կհանձնվեն 2025-ի ընթացքում»,–ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:  Նախորդ տարի տարվա ընթացքում մեկնարկել է կառուցման 111 նոր մրցույթ, որոնցից 76-ի մասով արդեն շնորհված են պայմանագրեր, ևս 30-ի մրցույթը կհայտարարվի սեպտեմբերի ընթացքում: «Այսինքն՝ այս տարին կամփոփենք նոր կառուցված կամ ընթացքի մեջ գտնվող 210-ը գերազանցող դպրոցների քանակով»,–նշեց նա: Տարվա ընթացքում կսկսեն նաև ավելի քան 50 դպրոցների նորոգման աշխատանքներ: Այս հաշվարկում չեն ներառվում այն դպրոցները, որտեղ նոր մարզադահլիճներ են կառուցվել:  Վարչապետն արձանագրեց, որ ծրագիրը կառավարելի իրավիճակում է՝ ի հեճուկս բոլոր խնդիրների և բարդությունների: Նա կարևորեց արդեն իսկ շահագործվող դպրոցների շահագործման ընթացքի մասին տեղեկությունների և տպավորությունների հավաքումը:  «Ընդ որում՝ ես կցանկանամ, որ մենք երկու կողմից այդ տեղեկատվությունը հավաքելու մեխանիզմ ունենանք՝ հետագա ընթացքն ավելի սահուն դարձնելու համար: Նախ՝ կառավարության ներկայացուցիչները պետք է գնան ու տեսնեն, թե վիզուալ ինչ է կատարվում դպրոցում: Երկրորդը՝ պետք է լսենք ուսուցչական կոլեկտիվներին և աշակերտներին, թե նրանք ինչ տպավորություն ունեն նոր դպրոցների շինարարության հետ կապված, որովհետև, այնուամենայնիվ, իրենց համար են այդ դպրոցները կառուցվում»,-ասաց Փաշինյանը:   
12:59 - 29 օգոստոսի, 2024
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և ԱՄՆ-ի մաքսային մարմինների միջև փոխօգնության մասին համաձայնագրին
 |news.am|

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և ԱՄՆ-ի մաքսային մարմինների միջև փոխօգնության մասին համաձայնագրին |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 29-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի կառավարության և ԱՄՆ կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրի կիրառմամբ կկարգավորվեն երկու երկրների մաքսային ծառայությունների միջև հարցումների ոլորտը կարգավորող միջազգային փաստաթղթի բացակայությամբ պայմանավորված տեղեկատվության փոխանակման և հարցումների իրականացման ընթացում առաջացող խնդիրները։ Երկու երկրների մաքսային մարմինների միջև փոխադարձ օգնության ցուցաբերումը կնպաստի ՀՀ մաքսային օրենսդրության պատշաճ իրավակիրարկմանը՝ նպատակաուղղված մաքսային վարչարարության ընթացքում ծագող խնդիրների կարգավորմանը։ Հաշվի առնելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառության բարձր ցուցանիշները՝ Համաձայնագիրը կնպաստի նաև ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ առաջացող հարցերի առավել արագ և օպերատիվ արձագանքմանն ու պատշաճ լուծմանը։ Համաձայնագրի 11-րդ հոդվածով նախատեսված դրույթների ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտության: Նշենք, որ Համաձայնագիրը նախատեսում է կողմերի մաքսային մարմինների միջև անձնական տվյալների փոխանակում: Համաձայնագրի վավերացումը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հավելվածի 1․1 կետի դրույթներից, մասնավորապես՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները բարձրացել են նոր՝ ռազմավարական երկխոսության մակարդակի։ Կառավարությունը շարունակելու է հետևողականորեն աշխատել ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության զարգացման և խորացման ուղղությամբ՝ ընդլայնելով ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում փոխգործակցությունը, ինչպես նաև տնտեսական և քաղաքական ոլորտներում երկխոսությունը։
12:31 - 29 օգոստոսի, 2024
ԿԳՄՍՆ-ն փոփոխություններ է առաջարկում ուսուցիչների վերապատրաստման կարգում. Անդրեասյան |1lurer.am|

ԿԳՄՍՆ-ն փոփոխություններ է առաջարկում ուսուցիչների վերապատրաստման կարգում. Անդրեասյան |1lurer.am|

1lurer.am: ԿԳՄՍՆ-ն փոփոխություններ է առաջարկում ուսուցիչների վերապատրաստման կարգում: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության օգոստոսի 29-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը հիշեցրեց՝ այս տարի առաջին անգամ կիրառվել է նոր համակարգ, այն է՝ ուսուցիչների պարտադիր վերապատրաստման համակարգի բարեփոխում, համաձայն որի՝ բոլոր ուսուցիչները մեկ միասնական ծրագրով վերապատրաստվելու փոխարեն կվերապատրաստվեն ըստ գնահատված կարիքի: Այն է՝ յուրաքանչյուր ուսուցիչ նախ ինքն է գնահատում իր մասնագիտական կարիքները, ապա այդ գնահատումն իրականացնում է դպրոցը, գնահատված կարիքի հիման վրա էլ ուղղորդվում է, թե որ ուղղությամբ ուսուցիչը կարիք ունի վերապատրաստվելու, սակայն նոր գործընթացի իրականացման արդյունքում պարզվել է, որ համակարգը հավելյալ ճշգրտումների կարիք կա: «Այս փոփոխությունների արդյունքում շատ ավելի հստակ է դառնում ուսուցչի վերապատրաստման պարբերականության որոշման հարցը: Ընդ որում՝ շրջափուլն ավելի կարճ է ավելի ցածր մակարդակի պարագայում, այսինքն՝ եթե պարզ է դարձել կարիքի գնահատման արդյունքում, որ ուսուցիչն ավելի տարրական մակարդակի հմտություններ ու կարողություններ ունի (այս պարագայում շրջափուլը 1 տարի է), և ավելի երկար է, եթե ունենք ավելի բարձր մակարդակ, այսինքն՝ ավելի փորձառու և հմտությունների բարձր որակ ունեցող ուսուցիչներ, որոնց դեպքում շրջափուլը կարող է հասնել մինչև 5 տարվա»,- ասաց նա: Հստակեցվել են նաև առարկայական գիտելիքի իմացության բարելավման կարիք ունեցող ուսուցիչների կողմից առարկայական վերապատրաստման, այնուհետև կամավոր ատեստավորման եղանակով առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցելու դրույթները, որոնց համար հերթական ատեստավորումը նույնանում է կամավոր ատեստավորման հետ: «Սա նշանակում է, որ եթե ուսուցչի կարիքը գնահատվել է առարկայական գիտելիքի իմացության ուղղությամբ, ապա պարտադիր է, որ նա առարկայական գիտելիքի վերապատրաստում անցնի, ապա անցնի կամավոր ատեստավորման գործընթացին»,- ասաց նախարարը և հավելեց, որ հստակեցվել են նաև մինչև 5 տարվա փորձառություն ունեցող ուսուցիչների կարիքների գնահատման դրույթները: Նախարարը նաև տեղեկացրեց, որ արդեն 600-ից ավելի ուսուցիչ գնահատվել է: Նրանցից 543-ն այս պահի դրությամբ գնահատվել է որպես տարրական մակարդակում վերապատրաստման կարիք ունեցող, այսինքն՝ նրանք կմասնակցեն նաև կամավոր ատեստավորման գործընթացին: Վերապատրաստումն իրականացնելու է երաշխավորված 24 կազմակերպություն:
12:13 - 29 օգոստոսի, 2024
Ամուլսարի հանքում պետությանը բաժնեմասի նվիրատվությունը դարձյալ հետաձգվում է
 |civilnet.am|

Ամուլսարի հանքում պետությանը բաժնեմասի նվիրատվությունը դարձյալ հետաձգվում է |civilnet.am|

civilnet.am: Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունում կառավարությանը կատարվելիք 12,5 տոկոսի բաժնեմասի նվիրատվությունը դարձյալ հետաձգվում է։ Սա արդեն երրորդ անգամ է, երբ կառավարության և «Լիդիան Արմենիա»-ի միջև նվիրատվության պայմանագրի կնքումը հետաձգվում է։ Նվիրատվության պայմանագրի կնքումը պետք է կայանար մինչ այս տարվա մարտի 22-ը, սակայն այն այդպես էլ չկնքվեց։ Հունիսի 14-ին կառավարությունը որոշեց նոր վերջնաժամկետ սահմանել սեպտեմբերի 1-ը, սակայն կառավարության օգոստոսի 29-ի նիստի օրակարգից տեղեկանում ենք, որ նվիրատվոթյունը հետաձգվում է ևս մեկ անգամ։ Այս անգամ պայմանագրի կնքման վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 1-ը։ Ինչպես նախորդ դեպքում, այս անգամ ևս, պայմանագրի հետաձգումը պատճառաբանվում է տեխնիկական խնդիրներով։ «Բացի այդ, «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերությունը և իր բաժնետերերը ներկա պահին ներգրավված են քննարկումների վերջնական փուլում երրորդ անձի հետ՝ ուղղված կորպորատիվ վերակառուցման գործարքի իրականացմանը և Ամուլսար ծրագրի շրջանակներում գործունեության վերսկսման ֆինանսավորմանը՝ վերոնշյալ գործարքների ավարտից հետո տեղի կունենա պայմանագրի կնքումը»,- նշված է կառավարության որոշման հիմնավորումներում։ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման շուրջ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց 2023-ի փետրվարին՝ Եվրասիական զարգացման բանկի, էկոնոմիկայի նախարարության ու «Լիդիան Արմենիա»-ի միջև։ Եվրասիական զարգացման բանկը համաձայնել էր 100 միլիոն դոլարի վարկ տրամադրել «Լիդիան Արմենիա»-ին՝ գործունեությունը վերսկսելու համար։ Նույն պայմանավորվածության շրջանակում «Լիդիան Արմենիա»-ն պետք է 12,5 տոկոսը իր բաժնետոմսերից նվիրատվությամբ հանձներ կառավարությանը։
10:32 - 29 օգոստոսի, 2024
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները: Ինչպես տեղեկանում ենք Կառավարության տարածած հաղորդագրությունից, բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է նախագծի հիմնական կետերը՝ նշելով, որ սահմանվելու են որակի վերահսկողության՝ լիցենզավորման և հավատարմագրման նոր չափանիշներ, բուհի կառավարման ուղղահայաց մոդելը փոխարինվելու է հորիզոնական մոդելով, որտեղ գործնականում լինելու են անկախ մի քանի կառավարման և կարգավորման օղակներ, օրենքի առանձին հոդվածով սահմանվելու է Ակադեմիական քաղաքին վերաբերող կարգավորումների շրջանակը և այլն:  Անդրադառնալով գիտական կազմակերպություններին և Գիտությունների ազգային ակադեմիային՝ նշվել է, որ առաջարկվող նոր կարգավորումներով ԳԱԱ-ն հանդիսանալու է ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ:  Քննարկում է ծավալվել լիցենզավորման նոր պայմանների, բուհերի կրթական ծրագրերի հավատարմագրման, բուհերի ֆինանսավորման մեխանիզմների շուրջ, ներկայացվել են տարբեր առաջարկություններ: Կրթության զարգացման պետական ծրագրով պետական բուհերի ֆինանսավորման թեմայի շրջանակում վարչապետը նշել է՝ կարևորագույն սկզբունքներից մեկն այն է, որ որոշակի առաջադիմություն ունեցող ուսանողները չպետք է դուրս մնան բուհից ֆինանսական խնդրի պատճառով:  «Մեր քաղաքական սկզբունքն է, որ կրթության մեջ սոցիալական խտրականությունը պետք է բացառվի»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:  Վարչապետը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և հանձնարարել ներկայացված առաջարկությունները ներառել նախագծում, որից հետո այն ներկայացնել հանրային քննարկման:    
17:26 - 27 օգոստոսի, 2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական գնումների գործընթացի լավարկմանը վերաբերող հարցեր

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական գնումների գործընթացի լավարկմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գնումների գործընթացի բարելավմանը և նախատեսվող օրենսդրական փոփոխություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել գնումների գործընթացի արդյունավետության բարձրացմանը, կարողությունների զարգացմանը, ճկուն կարգավորումների սահմանմանը, մեկ անձից և մրցակցային գնման ձևաչափերին ու ընթացակարգերին, թվային համակարգերի զարգացմանը և վերոնշյալ ուղղություններով նախատեսվող փոփոխություններին: Վարչապետին են ներկայացվել պետական գնումների գործընթացում արհեստական բանականության գործիքի ներդրման հնարավորությունները, իրավական դաշտի խնդիրների լուծման անհրաժեշտ քայլերը: Ծավալվել է մտքերի փոխանակություն, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է պետական գնումների գործընթացի հետևողական բարելավումը, ինչը կնպաստի պետական ծրագրերի առավել արդյունավետ և առանց ձգձգումների իրականացմանը: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է այսօրվա քննարկման արդյունքներով ամփոփել ներկայացված առաջարկությունները՝ օրենսդրական փոփոխությունները նախաձեռնելու նպատակով:
18:28 - 23 օգոստոսի, 2024
Կբարելավվի Հայաստանի Հանրապետության ճանապարհների վիճակը

Կբարելավվի Հայաստանի Հանրապետության ճանապարհների վիճակը

Կառավարության նիստում ընդունվել է որոշում, որը անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների հետևանքով վնասված տրանսպորտային ենթակառուցվածքները վերականգնելու, երթևեկության անվտանգությունը ապահովելու և Հայաստանի ճանապարհային ցանցի անընդհատությունը պահպանելու համար: Որոշմամբ առաջարկվում է ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 21002 «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառման համար Կառավարության ներքո հաստատված միջոցներից 2,475.0 հազ. դրամը հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ վերը նշված կամուրջների վերականգնման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման և դրանց փորձաքննության համար:
15:59 - 22 օգոստոսի, 2024
Հանրային խորհրդի հին կազմը կցրվի

Հանրային խորհրդի հին կազմը կցրվի

Հայաստանում Հանրային խորհրդի հին կազմը կցրվի, իսկ նորն իր կազմում կստեղծի փաստահավաք հանձնաժողով։ Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Ներկայացնելով «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը` ՀՀ արդարադատության նախարարի տեղեկալ Արմենուհի Հարությունյանը նշեց, որ այս նախագիծը բխում է անցումային արդարադատության և փաստահավաք գործունեության իրականացման քաղաքական խոստումից, որն իր արտացոլումն է գտել դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ։ «Նախագծի նպատակն է խորհրդի կազմում ձևավորել փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով, որը կուսումնասիրի ՀՀ-ում 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2023 թվականը ներառյալ ժամանակահատվածում մարդու իրավունքների հիմնարար և պարբերաբար խախտումները և դրանց վերաբերյալ կկազմի փաստահավաք զեկույց»,– ասաց փոխնախարարը։
14:55 - 22 օգոստոսի, 2024
«Արաբկիր եւ Կենտրոն վարչական շրջաններում հոսանքի հաճախակի անջատումները Երեւանի ՀԷԿ-ում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով են»․ Գարեգին Բաղրամյան
 |aravot.am|

«Արաբկիր եւ Կենտրոն վարչական շրջաններում հոսանքի հաճախակի անջատումները Երեւանի ՀԷԿ-ում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով են»․ Գարեգին Բաղրամյան |aravot.am|

aravot.am: Կառավարության այսօրվա նիստից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ են վերջին շրջանում Երեւանում հաճախակի հոսանքի անջատումներ արձանագրվում։ «Նման բոլոր հարցերը պայմանավորված են համապատասխան կանոններով։ Իսկ ինչ վերաբերում է քանակի ավելացմանը, կոնկրետ Արաբկիր եւ Կենտրոն վարչական շրջաններում այս երկու ամիսների ընթացքում ունենք անջատումների քանակի ավելացում։ Եվ դա հիմնականում պայմանավորված է Երեւան ՀԷԿ-ում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով հիմնական էլեկտրասնուցման անջատման պատճառով, որը, ըստ Հայաստանի էլեկտրական ցանցերի, մոտակա օրերին պետք է կարգավորվի։ Մինչեւ օգոստոսի 10-ն էին ասել, բայց որոշակի խնդիրներ էին առաջացել Լարսում բեռնափոխադրման հերթերով պայմանավորված։ Բայց հիմա արդեն բեռնատարները ժամանել են, եւ աշխատանքներն ակտիվ իրականացվում են»,- ասաց Գարեգին Բաղրամյանը։ Հանձնաժողովի նախագահը նաեւ նշեց, որ ջրի սակագների հետ կապված քննարկումներն այս պահին շարունակվում են։ «Ջրի սակագինը, ըստ վարձակալության պայմանագրի, մինչեւ յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ն ընկերությունը պարտավոր է ներկայացնել։ Այս պահին քննարկումները շարունակվում են, կարծում եմ, որեւիցե խնդիր չունենք»,- հավելեց նա։
13:57 - 22 օգոստոսի, 2024
Արտահանման մասով ճանապարհը բաց է, ոչ մի հերթ չկա, հերթերը վերադառնալիս են. Պապոյանը՝ Լարսի մասին
 |1lurer.am|

Արտահանման մասով ճանապարհը բաց է, ոչ մի հերթ չկա, հերթերը վերադառնալիս են. Պապոյանը՝ Լարսի մասին |1lurer.am|

1lurer.am: Արտահանման մասով ճանապարհը բաց է, ոչ մի հերթ չկա, հերթերը վերադառնալիս են, այսինքն՝ երբ մեր մեքենաները գնում են, դատարկում են իրենց բեռը, հետ են գալիս: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե եղե՞լ են դեպքեր, երբ արգելվել է հայկական կոնյակ արտադրողների ապրանքների արտահանումը Մոսկվա, ինչպես նաև անդրադառնալով Լարսում կուտակումներին: «Զբոսաշրջային մեծ հոսքեր ունեն իրենք Ռուսաստանից դեպի Վրաստան, Հայաստան, գուցե նաև Թուրքիա՝ չեմ կարող ասել: Այդ պատճառով, բնականաբար, այդ ճանապարհին միայն բեռնատարներ չեն, բազմաթիվ մարդատար մեքենաներ կան, ավտոբուսներ կան, որի հետևանքով, այո՛, հերթեր կան: Բայց ինձ փոխանցվող տեղեկության համաձայն՝ ամեն հաջորդ օր հերթն ավելի կարճ է, ավելի քիչ է, քան նախորդ օրը»,- ասաց նախարարը:
13:35 - 22 օգոստոսի, 2024
Կարմիր, կապույտ, կանաչ, սպիտակ․ Երևանում ավտոկայանատեղիները կառանձնացվեն գույներով 
 |factor.am|

Կարմիր, կապույտ, կանաչ, սպիտակ․ Երևանում ավտոկայանատեղիները կառանձնացվեն գույներով |factor.am|

factor.am: Երևանում համայնքային վճարովի ավտոկայանատեղերը, ըստ գոտիավորման, կլինեն տարբեր գույների․ փոքր կենտրոնի «Ա» գոտին` կարմիր, մեծ կենտրոնի «Բ» գոտին` կապույտ գույներով։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ Ծառայողական ավտոկայանատեղերիները կառանձնացվեն սպիտակ գույնի գետնանշմամբ: «Ծառայողական ավտոկայանատեղի զբաղեցրած տարածքի առանձնահատկություններից և նպատակահարմարությունից ելնելով՝ կարող է իրականացվել ծառայողական ավտոկայանատեղի զբաղեցրած ամբողջ տարածքի` սպիտակ ներկանյութով, այդ թվում՝ սպիտակ գույնի ասֆալտաբետոնյա կամ այլ ծածկույթներով սահմանազատում»,- նշված է կառավարման որոշման մեջ: Ըստ հիմնավորման՝ այս գծանշումների միջոցով վարորդները կկարողանան գետնանշման գունային տարբերությամբ հեշտորեն միմյանցից տարբերակել ծառայողական ավտոկայանատեղերը, այլ վճարովի ավտոկայանատեղերը, այդ թվում՝ էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններից էլեկտրամոբիլների լիցքավորման ապահովման հնարավորությամբ կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերը: Գործադիրի որոշմամբ՝ էլեկտրամոբիլների լիցքավորման ապահովման համար վճարովի ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքը կառանձնացվի կանաչ գույնի գետնանշմամբ:
13:34 - 22 օգոստոսի, 2024
Այդ 20 դրամով, որ պետք է վճարեն, ճանապարհներ են կառուցվելու. Փաշինյանը՝ տաքսիների հետ կապված նոր կարգավորումների մասին
 |1lurer.am|

Այդ 20 դրամով, որ պետք է վճարեն, ճանապարհներ են կառուցվելու. Փաշինյանը՝ տաքսիների հետ կապված նոր կարգավորումների մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի N 922-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին նախագծին: «Այս որոշմամբ ևս մեկ քայլ ենք կատարում հարկ վճարելու մշակույթի արմատավորման առումով ՀՀ-ում: Բուն որոշումը վերաբերում է էլեկտրոնային հարթակներով ուղևորափոխադրում իրականացնող անձանց հարկային մարմնում հաշվառելու պարզեցված կարգին»,- ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: Մինչ զեկուցվող հարցին անդրադառնալը նա հիշեցրեց նախապատմությունը: «Անցյալ տարի ԱԺ-ի կողմից ընդունվել է 2 օրենք «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և «Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին», որով կարգավորվել է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման պատվերների ընդունման և փոխանցման ծառայությունների հասկացությունը: Դա մեզ բոլորիս հայտնի էլեկտրոնային հարթակներն են «Ջի-Ջին», «Յանդեքսը», «Յու» տաքսին և մյուսները և անհատ վարորդների կողմից ուղևորափոխադրում իրականացնելիս հարկային մարմնի հավելվածով հաշվառվելու և ուղևորափոխադրումը կազմակերպելու և էլեկտրոնային ՀԴՄ-ներ դուրս գրելու հետ կապված հարաբերությունները: Պետական տուրք է սահմանվել յուրանքաչյուր փոխադրման արժեքի 2 տոկոսի չափով 2024 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ եթե անկանխիկ վճարում կլինի՝ 1.5 տոկոս դրույքաչափով: 2025 թվականից այդ դրույքները կլինեն, համապատասխանաբար, 3.5 և 2.5, 2026 թվականի հունվարի 1-ից՝ 5 և 4»: Բադասյանը վստահեցրեց, որ սեպտեմբերի 1-ից համապատասխան հավելվածը պատրաստ կլինի․ վարորդը հավելվածում 1000 դրամ նշվելու դեպքում կվճարի 20 դրամ հարկ։ ՊԵԿ նախագահը նշեց, որ այդ որոշմամբ կարգավորվում է, թե ինչպես են անձինք գրանցվելու հարկային մարմնում: «Նրանք, ովքեր էլեկտրոնային հարթակների միջոցով են ուղևորափոխադրում իրականացնում, իրենք ոչ մի գործողություն չպետք է կատարեն, էլեկտրոնային հարթակներն իրենք են հարկային մարմնին փոխանցում վերջիններիս տվյալները և ինքնաշխատ համակարգի միջոցով ստանում հարկային կոդ, հարկ վճարողի հաշվառման համարանիշ, և ուղևորափոխադրում իրականացնելու ընթացքում յուրաքանչյուր պատվեր ընդունելիս և ավարտելիս ինքնաբերաբար գեներացվում է էլեկտրոնային ՀԴՄ: Երկու դեպքում էլ որևէ ֆիզիկապես գործողություն չկա. ինքնաշխատ համակարգի միջոցով է իրականացվում»,- ասաց Բադասյանը: «Մեկ չզեկուցվող հարց էլ ունեինք, որ ընդունեցինք: Դա էլ վերաբերում էր էլեկտրոնային ՀԴՄ-ների հետ կապված հարաբերություններին, որոնց բովանդակությունն արդեն ներկայացրի»,- նշեց նա: Ինչ վերաբերում է անհատ վարորդներին, վերջիններս, Ռուստամ Բադասյանի խոսքով, կարող են հարկային մարմնի էլեկտրոնային հավելվածի միջոցով «Ես եմ» համակարգով, առանց այցելության և որևէ ֆիզիկական կոնտակտի, գրանցվել, ստանալ հարկ վճարողի հաշվառման համար և նույն հավելվածի միջոցով գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ: «Քանի որ շատ են շահարկումները այս նախաձեռնության շուրջ, նշեմ, որ ֆիզիկապես ՀԴՄ-ի տեղադրում ավտոմեքենայի մեջ չի ենթադրվում: Էլեկտրոնային ՀԴՄ-ն հավելվածէ, և էլեկտրոնային հարթակի դեպքում ինքնաշխատ է գեներացվում, իսկ անհատ վարորդների դեպքում հենց վարորդը կարող է էլեկտրոնային ՀԴՄ-ն գեներացնել»,- ասաց ՊԵԿ նախագահը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ եթե անհատ վարորդը նշված հավելվածն ունի, ապա ինչու է պետությունը նրանից լիցենզիա պահանջում: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ լիցենզիան տուրք վճարելու համար է: Վարչապետն առաջարկեց լիցենզիայի պայմանները թեթևացնել կամ քննարկել դա ընդհանրապես հանելու հարցը: «Պարզ է, որ որոշակի դժգոհություններ լինելու են, բայց ես էլի ուզում եմ՝ մենք հարցը դիտարկենք մեր ռազմավարությունների և հայեցակարգերի տրամաբանությամբ: Մենք կարծում ենք, որ այստեղ պետք է պետական տրամաբանությունն աշխատի, և, այո՛, պետության կայացման և նրա կարիքների հասցեագրման հարցում բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ մեր հարգելի տաքսու վարորդները, օրենքով սահմանված կարգով մասնակցություն ունենան, որովհետև այդ 20 դրամը, որ պետք է վճարեն, դրանով ճանապարհներ են կառուցվելու, երթևեկության անվտանգություն կապահովվի և այլն, այդ թվում՝ իրենց համար հաճախորդներ ապահովենք: Այնպես որ, դա շատ կարևոր է, և մենք պետք է այս տրամաբանությամբ գնանք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
12:37 - 22 օգոստոսի, 2024
Երեւանի 17-րդ թաղամասը եւ «Հայֆիլմ»-ի տարածքը փոխանցվեցին «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին՝ հանրային գերակա շահ ճանաչելու հիմքով
 |aravot.am|

Երեւանի 17-րդ թաղամասը եւ «Հայֆիլմ»-ի տարածքը փոխանցվեցին «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին՝ հանրային գերակա շահ ճանաչելու հիմքով |aravot.am|

aravot.am: Կառավարությունն այսօրվա նիստում, չզեկուցվող հարցերի թվում, հաստատեց Երևան քաղաքի և Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշումը։ Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ Ակադեմիական քաղաքի ստեղծման նպատակով որպես հիմնական տեղամաս ընտրվել է Երևան քաղաքի 17-րդ թաղամասի տարածքը, որի սահմաններում առկա են ինչպես պետության եւ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասեր, այնպես էլ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող հողամասեր։ Որոշման կայացման արդյունքում Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներ նախատեսվել է փոխանցել հիմնադրամին։ Մասնավորապես, որոշվեց Երևան քաղաքի 17-րդ թաղամասը եւ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին փոխանցել նպատակով՝ ըստ անհրաժեշտության համայնքային պատկանելության եւ ոչ պետական պատկանելության այլ տարածքները հանրային գերակա շահ ճանաչելու հիմքով: Հանրային գերակա շահ են ճանաչվել նաեւ այլ տարածքներ։ Լուսանկարում՝ Հայֆիլմի շենքը
12:23 - 22 օգոստոսի, 2024
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից․ «Լողի մրցաշարն արդեն երրորդ անգամ անցկացվում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ (նախկին Շորժա) բնակավայրի Սևանա լճի լողափնյա տարածքում: Լողի սիրողական մրցաշարն անցկացվել է 2 տարիքային խմբերով`1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան (1984-2006 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1983 թ. ծնված) կանայք և տղամարդիկ: Կանայք մրցել են 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում: Պարգևները մրցանակակիրներին հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Վարչապետը շնորհավորել է ներկաներին, մասնակիցներին ու մրցանակակիրներին մրցաշարի անցկացման առիթով, ընդգծել է, որ մրցաշարի անցկացումն ունի մի քանի նպատակ, որոնցից մեկը սպորտի հանրահռչակումն ու առողջ ապրելակերպի քարոզչությանը նպաստելն է: Նիկոլ Փաշինյանի խոսքով, հաջորդ նպատակը Սևանում լողալը քաջալերելն ու Սևանի արևելյան ափի տնտեսական զարգացմանը նպաստելն է: Վարչապետը մրցաշարերի անցկացումը կարևորել է նաև սոցիալականացման տեսանկյունից, քանի որ դրանք նոր հարթակ են ստեղծում միմյանց հետ շփվելու, նոր ընկերներ ձեռք բերելու համար: Նիկոլ Փաշինյանը մաղթել է, որ մրցաշարն էլ ավելի մասնակիցներ ունենա և մրցակցությունն առավել մեծ լինի: Դրամական մրցանակներ ստացել են երկու տարիքային խմբերի 1-ից 10-րդ տեղեր գրաված մասնակիցները. 1-ին տեղ՝ 1.000.000 դրամ, 2-րդ տեղ՝ 500.000 դրամ, 3-րդ տեղ՝ 300.000 դրամ, 4-րդ տեղ՝ 100.000 դրամ, 5-10-րդ տեղ՝ 50.000 դրամ», - ասված է հայտարարությունում։
19:26 - 17 օգոստոսի, 2024
Չէի ուզենա, որ աջակցության փաթեթների հետ կապված քրեական գործերի փաթեթներ ստանանք. Փաշինյանը՝ հեղեղումներից տուժածների ծրագրի մասին
 |1lurer.am|

Չէի ուզենա, որ աջակցության փաթեթների հետ կապված քրեական գործերի փաթեթներ ստանանք. Փաշինյանը՝ հեղեղումներից տուժածների ծրագրի մասին |1lurer.am|

1lurer.am: Չէի ուզենա, որ աջակցության փաթեթների հետ կապված քրեական գործերի փաթեթներ ստանանք, տարբեր հավելագրումներ: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 15-ի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով աղետի գոտում ոչնչացված կամ անկած գյուղատնտեսական կենդանիների փոխհատուցման համար նախատեսված ծրագրին: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ հանձնաժողովն աշխատանք արե՞լ է, որ հետին թվով գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակներ չավելանան: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց՝ աջակցության տրամադրման համար կա պայման, որ հունվարի դրությամբ պետք է գյուղատնտեսական կենդանիները հաշվառված լինեն ծխամատյաններում: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ հավելեց՝ համայնքային հանձնաժողովներն արձանագրել են՝ որտեղ ինչ կորուստներ են եղել, և այդ հանձնաժողովների եզրակացությունները հանրապետական հանձնաժողովների ձեռքի տակ են: «Մենք ասում ենք՝ ելակետը հանձնաժողովի եզրակացությունն է, դա ենք համեմատելու, տեսնենք՝ եթե այդ հանձնաժողովի եզրակացության մեջ գրված է, գրանցված է նաև ծխամատյանում, ապա որոշված արժեքի 100 տոկոսն ենք տալու: Եթե այդ հանձնաժողովները արձանագրել են, գիտեն հարևաններով, որ տանը 2 խոզ է եղել, նայում ենք, տեսնում ենք, որ ծխամատյաններում գրանցված չի եղել, հաշվի առնելով, որ ծխամատյանում գրանցելու ավանդույթն ընդունված չէ, այդ դեպքում կեսը կտանք ամբողջ արժեքի»,- ասաց փոխվարչապետը: Հիշեցնենք, որ աղետի գոտում ոչնչացված կամ անկած գյուղատնտեսական կենդանիների աջակցության ծրագրի համաձայն՝ աջակցություն է տրամադրվում համայնքների տնտեսությունների գրքերում հաշվառված, խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում՝ նաև «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տվյալների հետ համադրված, կենդանիների համար գնահատված արժեքի 100 տոկոսի չափով: Օրինակ՝ ցուլ (1 գլխի համար)՝ կտրամադրվի 650 հազար դրամ, կով՝ 550 հազար դրամ, հորթ՝ 110 հազար, խոզ՝ 100 հազար, խոճկոր՝ 40 հազար, ոչխար և այծ՝ 50 հազար, գառ՝ 40 հազար դրամ, ձի՝ 350 հազար դրամ, ավանակ՝ 80 հազար, ճագար՝ 3000 դրամ, հավ՝ 2500, բադ՝ 4000 դրամ, սագ՝ 5000, հնդկահավ՝ 7000, մեղվափեթակ՝ 60 հազար, ծիածանափայլ իշխանի մայրական կազմ՝ 2400 դրամ:
13:11 - 15 օգոստոսի, 2024
Ջրհեղեղի հետևանքով անկած գյուղկենդանիների, կորցված կամ վնասված ծառերի համար փոխհատուցում կտրամադրվի |armenpress.am|

Ջրհեղեղի հետևանքով անկած գյուղկենդանիների, կորցված կամ վնասված ծառերի համար փոխհատուցում կտրամադրվի |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը փոխհատուցում կտրամադրի Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի հետևանքով գյուղատնտեսության ոլորտում տուժած բնակչությանը։  Նախագիծը հաստատվել է Կառավարության օգոստոսի 15-ի նիստում։  «Նախագծով աջակցություն է տրամադրվում աղետի գոտում ոչնչացված կամ անկած գյուղատնտեսական կենդանիների, ինչպես նաև ոչնչացված կամ կորցված ու վնասված պտղատու ծառերի, հատապտղի թփերի ու ցանքատարածությունների համար: Աջակցություն է տրամադրվում համայնքների տնտեսությունների գրքերում հաշվառված, խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում նաև «Անի Պաս» էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տվյալների հետ համադրված կենդանիների համար՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով»,-ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:   Փոխհատուցում կտրամադրվի հետևյալ չափով՝ մեկ գլխի համար՝ ցուլ՝ 650 հազար դրամ, կով՝ 550 հազար դրամ, հորթ՝ 110 հազար դրամ, խոզ՝ 100 հազար դրամ, խոճկոր՝ 400 հազար դրամ, ոչխար և այծ՝ 50 հազար դրամ, գառ՝ 40 հազար դրամ: Մեկ հատի համար՝ ձի՝ 350 հազար դրամ, ավանակ՝ 80 հազար դրամ, ճագար՝ 3000 դրամ, հավ՝ 2500 դրամ, բադ՝ 4000 դրամ, սագ՝ 5000 դրամ, հնդկահավ՝ 7000 դրամ, մեղվափեթակ՝ 60 հազար դրամ, ծիածանափայլ իշխանի մայրական կազմ՝ 1 հատ հատը՝ 2400 դրամ: Երկրորդ՝ փոխհատուցում կտրամադրվի համայնքների տնտեսությունների գրքերում չհաշվառված կենդանիների դեպքում գնահատված արժեքի 50 տոկոսի չափով: Բացառություն են խոշոր եղջերավոր կենդանիներն ու ծիածանափայլ իշխանի մայրական կազմը, որոնց հաշվառված չլինելու դեպքում փոխհատուցում չի տրամադրվում:  Երրորդ՝ տնամերձ հողամասերի դեպքում՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի առկայության պայմաններում 150 հազար դրամ:   Չորրորդ՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա պտղատու ծառեր, հատապտղի թփեր մշակած լինելու և ցանքեր իրականացնելու դեպքում, անշարժ գույքի սեփականության իրավունքի առկայության պայմաններում՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով: Օրինակ՝ մեկ հատի հաշվով՝ աղետի հետևանքով ոչնչացված կամ կորցված պտղատու ծառը՝ 8500 դրամ, աղետի հետևանքով վնասված պտղատու ծառը՝ 1500 դրամ, պտղատու տնկանյութի դեպքում՝ 300 դրամ, 1 քառ. մետրի հաշվով հատապտղի թուփը՝ 450 դրամ, հացահատիկը և հատիկաընդեղեն՝ 1 հա-ի հաշվով՝ 350 հազար դրամ: Հինգերորդ՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա պտղատու ծառեր, հատապտղի թփեր մշակած լինելու և ցանքեր իրականացնելու դեպքում փոխհատուցում կտրամադրվի գնահատված արժեքի 30 տոկոսի չափով: Օրինակ՝ այս պարագայում աղետի հետևանքով ոչնչացված կամ կորցված պտղատու ծառերի դեպքում կլինի 2550 դրամ, կամ մեկ հա հացահատիկը կամ հատիկաընդեղենը՝ 105 հազար դրամ: Աջակցություն ստանալու համար շահառուն պետք է մինչև սեպտեմբերի 6-ը դիմի համայնք՝ նշելով, թե կարգի որ կետին համապատասխան է համարվում տուժած և ներկայացնի  կորուստի վերաբերյալ տեղեկատվություն:  Նախարարը տեղեկացրեց, որ ըստ վնասի նախնական գնահատման արդյունքների՝ կորցված կամ անկած խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակը շուրջ 400 գլուխ է, թռչուններ, ճագարներ և այլն՝ 2413, ոչնչացված կամ կորցված բերքատու ծառերն այս պահին 10 հազար 248-ն են, ոչնչացված ցանքատարածությունները՝ 25.1 հա:   
12:58 - 15 օգոստոսի, 2024