Շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը: 

ՀՀ ՇՄ նախարարն է Ռոմանոս Պետրոսյանը, տեղակալներն են Աննա Մազմանյանը եւ Տիգրան Սիրմոնյանը։

2019 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունը վերանվանվել է Շրջակա միջավայրի նախարարության։

«Անհնար բան են առաջարկում. Սիմիդյանը խաբել ա մեզ». ձկնաբույծների բողոքի ակցիան Կառավարության 3֊րդ մասնաշենքի դիմաց
 |news.am|

«Անհնար բան են առաջարկում. Սիմիդյանը խաբել ա մեզ». ձկնաբույծների բողոքի ակցիան Կառավարության 3֊րդ մասնաշենքի դիմաց |news.am|

news.am: Ձկնաբույծներն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, վաղ առավոտից հավաքվել են կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց եւ բողոքի ակցիա են անում կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ: Ըստ նրանց՝ պատճառը 2-3 շաբաթ առաջ ԱԺ-ում ընդունված օրենքներից մեկն է ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ԱԺ-ում նոյեմբերի 22-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել է ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել է, որ նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը: Ձկնաբույծները պնդում են, որ սա խնդիրներ է առաջացնելու իրենց համար, որ սրան հետևելու է տնտեսություններում առկա ջրերի 40 տոկոս կրճատում: Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մոտ 15 օր առաջ մեզ խոսք տվեցին, որ պետք է մեկ շաբաթում կարգը որոշելու հետ կապված մեզ հետ քննարկում անցկացնեն, մոնիտորինգ կանեն ապօրինի հորերը, թիվը կճշտեն, կասեն: 15 օր անցել է, մեզ ոչ մեկը չի զանգել: Եկել ենք, որ մեզ պատասխան տան՝ ինչու չեն փակվում 700 ապօրինի հորերը, որ հոսում է գետերը: Փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի խոսքով, 700 ապօրինի հոր կա: Հնարավոր է՝ մի մասը ոռոգման հետ կապված է, բայց փետրվարին իմաստ չունի ոչ ոռոգելու, ոչ այդ ջրերը բաց պահելու: Կարող են փականել մինչեւ գարնան սեզոնը գա: Մեր փորձից ելնելով, մարդիկ կան, որ ինքնահոս չի գալիս ջուրը, պոմպերից են օգտվում, թող փակեն եւ այդ մարդիկ իզուր հոսանք չեն ծախսի»: Նա ընդգծեց, որ շրջակա միջավայրի նախարար Սիմիդյանը իրենց խաբել է, խոստացել է հանդիպում, բայց չահնդիպում չկա մինչեւ հիմա: Մեկ այլ ձկնաբույծ էլ նշեց. «Վարկերի տակ ենք, չենք կարողանում, գնալով հետ ենք գնում, խեղդված վիճակում ենք: Ջերմացներ ունենք, էդ փողերն էլ բերում, դնում ենք այդտեղ, չենք կարողանում կերակրեն ձուկը: Հիմա մենք հոժարակամ ասում ենք՝ եկեք մեր ձկնաբուծարանը վերցրեք, արեք ձեր առաջարկածը, բայց իրենք անհնարին բան են առաջարկում: Դա չլինող բան է: Էդ նասոսները չինական են, կարճ ժամանակ հետո խափանվում են, դա 1-2 ժամում սարքելու գործ չի, իսկ եթե չսարքեցինք, ձուկը 2-3 ժամ հետո լրիվ կսատկի: Դա չլինող բան է, դրա համար մեծ գումարներ են պետք, իսկ մենք դեռ մեր վարկերը չենք վերջացրել: Հիմա բոլոր ձկնաբույծները վարկերի տակ են, թող գան փաստաթղթերով նայեն: 700 աղբյուրներ կան, թող դրանք բերեն փականային համակարգի, կարգավորեն, տեսնեն՝ որեւէ փոփոխություն լինում է, նոր գան մեզ մոտ: Մենք հոժարակամ կդնենք, կփակենք: Մեկ է՝ օգուտ չկա, վնաս ենք կրում, ավելի լավ է գան շուտ մեզնից գնեն»:
11:40 - 11 դեկտեմբերի, 2023
Ներդրումներին ստորադասված շրջակա միջավայրը․ դահուկային համալիրն առանց փորձաքննության արդեն «խժռել է» 6 հա անտառ |hetq.am|

Ներդրումներին ստորադասված շրջակա միջավայրը․ դահուկային համալիրն առանց փորձաքննության արդեն «խժռել է» 6 հա անտառ |hetq.am|

hetq.am: Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում` Եղիպատրուշ գյուղում, 2023 թ. հունվարից  գործում է «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ի լեռնադահուկային համալիրը, որը ներառում է ճոպանուղին, «Տաք տեղ» ռեստորանային համալիրը և դրանց սպասարկող ենթակառուցվածքները։ Սակայն «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ն համալիրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտը ներկայացրել է փորձաքննության այս տարվա աշնանը` հայտը Շրջակա միջավայրի նախարարության կայքում հրապարակվել է հոկտեմբերի 4-ին։ Հետևաբար, կառուցապատում, շինարարություն և գործունեություն իրականացրել է ապօրինի՝ չունենալով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն։ «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրին արդեն անդրադարձել ենք:  Ընկերության միանձնյա բաժնետերը, համաձայն իրական շահառուների հայտարարագրի, Տիգրան Հարությունյանն է: Նա ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մորեղբոր որդին է, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրը: Վերջինիս մասնակցությունը «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ում անուղղակի է` «Միկշին» ՍՊԸ-ի միջոցով, որի 100% բաժնետերը նույնպես ինքն է: Շրջակա միջավայրի նախարարությանը խնդրել էինք մեկնաբանել, թե ինչու է «Մայլեռ» նախագիծը հիմա ներկայացվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, եթե տևական ժամանակ արդեն գործում է։ Այս հարցին նախարարությունը խուսափողական և ոչ բովանդակային պատասխան էր տվել՝ մեկ էջ վկայակոչելով օրենքի այն դրույթները, թե  որ դեպքում է նախագիծը ներկայացվում փորձաքննության։ Մեղմ ասած՝ նախարարությանը չի հետաքրքրում այն փաստը, որ համալիրն արդեն գործում է, ծառերը հատվել են, կարևորը օրենքի ընթացակարգով փորձաքննության ներկայացնելու փաստն է։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն այս ամենից անտեղյակ է։ Տեսչական մարմնին հարցրել էինք՝ արդյոք տեսուչները երբևէ այցելել են նշված տարածքներ, չեն նկատե՞լ, թե ինչպես է կառուցվում հսկա համալիրը, ստուգայցեր չե՞ն կազմակերպվել տարածքում, տեսուչներին չի՞ հետաքրքրել, թե ինչու են հատվում ծառերը, կա՞ն համապատասխան թույլտվություններ և ՇՄԱԳ նախագիծ: Այս հարցերին ի պատասխան` Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի պետ Ս. Գալստյանը պատասխանել է, որ «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ում նախատեսվում է ստուգում իրականացնել: «Ստուգման ավարտից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշել է բաժնի պետը:  Ինչ խոստումներ են տրվել Կառավարությանը  2021թ․ հուլիսի 29-ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Արագածոտնի մարզում լեռնային հանգստավայրի կառուցման «Մայլեռ» ներդրումային ծրագրին։ Ծրագիրն իրականացնող «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ն պատրաստվում էր շուրջ 15 միլիարդ դրամ ներդնել միայն ճոպանուղու և սահուղիների կառուցման համար, ինչը կդառնար զբոսաշրջային նոր քաղաքի ստեղծման առաջին և ամենակարևոր գրավականը։ Այդպիսով, ապահովվելու էր 1500 հիմնական աշխատատեղ՝ միջինը 180,000 դրամ աշխատավարձով։ Ըստ ներդրումային նախագծի՝ կառուցվող համալիրը հնարավորություն էր ունենալու սպասարկելու օրական 6000 հաճախորդի, պետական բյուջե վճարվելու էր ավելի քան 1.2 մլրդ դրամ հարկ:  Ինչ է նախատեսված՝ ըստ ՇՄԱԳ-ի Քանի որ ծրագիրը նոր է ներկայացվում շրջակա միջավայրի փորձաքննության, նախագծում խոստումները և ծրագրերը ապագային են վերաբերում: Այսինքն` գլխավոր պլանի համաձայն՝ լեռնադահուկային հանգստավայրը պետք է ներառի 17 ճոպանուղի՝ ժամում 41,400 մարդ ընդհանուր թողունակությամբ, որոնք կկարողանան սպասարկել միաժամանակ 17,000 դահուկորդի: Ծրագրի ավարտին «Մայլեռ մաունթին ռեզորթը» կունենա մոտ 100 կմ երկարությամբ սահուղիներ: Նախատեսվում է նաև արհեստական ձնագոյացման համակարգի ներդրում, որը հնարավորություն կտա, անկախ եղանակային պայմաններից, ունենալ ձնապատ սահուղիներ դեկտեմբերից մինչև ապրիլ: «Մայլեռ մաունթին ռեզորթ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ծավալուն բնակելի թաղամասերի կառուցում: Ծրագրի ավարտին կլինի մոտ 15 հազար համար (հյուրանոցային, ապարտ հոթելներ, առանձին սեփական տներ և այլն), որը հնարավորություն կտա գիշերակացով ընդունելու մոտ 40 հազար հյուրի:  10 հա անտառ՝ առաջին փուլի համար Այս խոստումները կյանքի կոչելու համար հետաքրքրություն ներկայացնող հատվածներում, մասնավորապես՝ սահուղու և ճոպանուղու համար, անտառահատում է նախատեսվել՝ նոր անտառների մի քանի անգամ ավելի վերականգնման պայմանով։ Առաջին փուլում նախատեսվել է 10 հա մակերեսով անտառահատում։ «Անտառահատումները, որքան էլ անցանկալի, անխուսափելի են լեռնային հանգստավայրերի ստեղծման գործում: Քանի որ ծրագիրն ունի շարունակական բնույթ, հնարավոր չէ նախօրոք հաշվարկել անտառահատումների ծավալը: Այնուամենայնիվ, կազմակերպությունը պարտավորվում է ապահովել անտառահատման ծավալից մի քանի անգամ ավելի ծավալով անտառի տնկման ֆինանսավորում՝ անկախ վերջինիս ծավալից»,- նշվել է ներդրումային ծրագրում։ Մինչդեռ ՇՄԱԳ-ում մեկ նախադասություն է նվիրվել անտառներին, դրանց ճակատագրի մասին ոչինչ չի ասվում։ «Տարածքում անտառների հետ իրավահարաբերությունները և պլանավորվող միջոցառումներն իրականացվելու են համաձայն նախաձեռնողի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրի։ Շրջակա միջավայրի նախարարությանը խնդրեցինք հայտնել, թե որտեղ են կատարվել անտառահատումները և որտեղ են տնկվել խոստացված ծառերը։  Նախարարությունը տեղեկացրել է, որ «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ի  Երնջատափի անտառպետության տարածքից արդեն իսկ հատվել է 5,659 հա անտառային տարածք: Անտառային հողերի օգտագործման, մասնավորապես՝ անտառահատման իրականացման պայմանով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ընկերության միջև կնքվել են հետևյալ պայմանագրերը. 1․ «Անտառային հողերի օգտագործման վերաբերյալ» պայմանագիր կնքվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին, 60 տարի ժամկետով։ Անտառային հողը գտնվում է ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Երնջատափի անտառպետության տարածքում՝ մակերեսը՝ 2.25659 հա։ Այս տարածքը պետք է օգտագործվի սահուղիների կառուցման և հետագա շահագործման աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Դրա դիմաց ՊՈԱԿ-ի և ընկերության միջև 2022 թվականի մարտի 28-ին կնքվել է վնասի հատուցման պայմանագիր, համաձայն որի՝ նախատեսվել է 11.28295 հա տարածքի անտառապատում ՊՈԱԿ-ի անտառային հողերում։ Որպես հատուցման տարածք ընտրվել են «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային տարածքները, որտեղ պետք է իրականացվեր 11.28295 հա տարածքի անտառապատում։ 2․ 2023թ. ապրիլի 18-ին կնքվել է «Անտառապատման աշխատանքների կատարման» պայմանագիր, համաձայն որի՝ 3.4 հա հասցվող վնասի հատուցման նպատակով «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային տարածքներում իրականացվելու է 6.8 հա տարածքի անտառապատում։  Ինչպես ձևական ՇՄԱԳ կազմակերպել ՇՄԱԳ-ի հայտում նշվում է, որ իրականացված դաշտային այցելություններով, ինչպես նաև գրականության մեջ առկա տվյալների համադրմամբ և նույնականացմամբ հաստատված է, որ հայցվող տարածքում հանդիպում է 4 կարմիրգրքային բուսատեսակ․ մասնավորապես, Վիշապագլուխ ողկույզային (Dracocephalum botryoides Stev.), հանդիպում է Արագած լեռան արևելյան լանջ, Գեղարոտ գետի կիրճի սկզբնամասում, 3400 մ ծ.մ.բ., ժայռոտ քարքարոտ լանջերին, քարաթափվածքներին: Լրջուն Թախտաջյանի (Isatis takhtajanii V. E. Avet.), հանդիպում է Գեղարոտի ջրվեժի հարևանությամբ, 3200 մ ծ.մ.բ., ժայռոտ լանջերին: Ճարտարուկ արարատի (Draba araratica Rupr.), հանդիպում է Արագածի հարավային լեռնագագաթի արևելյան լանջերին, 3200 մ ծ.մ.բ., ժայռոտ լանջերին: Ջուխտակ Օշեյի (Didymophysa aucheri Boiss.), հանդիպում է Արագած լեռնազանգվածի հարավ-արևելյան լանջերին, 3400 մ ծ.մ.բ., քարաթափուկներին: ՇՄՆ-ին հարցրել էինք, թե ինչ ճակատագիր են ունեցել այս բուսատեսակները։ «ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, կ. գ. թ. Մերինե Սարգսյանի ուսումնասիրությունների արդյունքում հայցվող տարածքում և մերձակա տարածքներում վերոնշյալ բուսատեսակներ և առանձնահատուկ պահպանություն ունեցող, վտանգված, խոցելի, անհետացման եզրին գտնվող և ՀՀ Կարմիր գրքում կամ ԲՊՄՄ կարմիր ցուցակում գրանցված այլ բուսատեսակներ չեն հայտնաբերվել»,- վստահեցնում է ՇՄՆ-ն։  ՇՄԱԳ-ի շրջանակներում դաշտային այցելությունն իրականացրած Մերինե Սարգսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ իսկապես այդ չորս տեսակն ինքը տեսել և արձանագրել է, սակայն իրենց այցելությունը տեղի է ունեցել 2021թ. աշնանը, երբ արդեն բուսատեսակների մեծ մասը, օրինակ՝ գարնան բույսերը, չեն հանդիպում: Հետևաբար, ինքն իր եզրակացության մեջ արձանագրել է նաև, որ այդ 4 տեսակից բացի այլ բուսատեսակներ չեն հայտնաբերվել։ «Հայցվող տարածքում և մերձակա տարածքներում առանձնահատուկ պահպանության կարիք ունեցող, վտանգված, խոցելի, անհետացման եզրին գտնվող և ՀՀ կարմիր գրքում կամ ԲՊՄՄ կարմիր ցուցակում գրանցված այլ բուսատեսակներ չեն հայտնաբերվել»,- ասաց նա: Մերինե Սարգսյանի եզրակացության այս հատվածը, սակայն, դուրս է մնացել ՇՄԱԳ-ից: Իսկ ՇՄՆ-ն խեղաթյուրել է Մերինե Սարգսյանի արձանագրածը:  Կարդալ ավելին` hetq.am-ում։ 
19:43 - 08 դեկտեմբերի, 2023
ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Դուբայ
 |armenpress.am|

ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Դուբայ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Դուբայ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP 28)։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ նախագահը կմասնակցի համաժողովի բացման արարողությանը: Համաժողովի շրջանակներում նախատեսված է նաև ՀՀ նախագահի ելույթը։ Այցի ընթացքում Հայաստանի նախագահը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովը կանցկացվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը, Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում։ Ակնկալվում է, որ ավելի քան 70,000 պատվիրակներ կմասնակցեն COP28-ին, ներառյալ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) անդամ երկրները: Մասնակիցների թվում են նաև բիզնեսի առաջնորդներ, կլիմայագետներ, լրագրողներ և տարբեր այլ փորձագետներ և շահագրգիռ կողմեր: ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսները տեղի են ունենում ամեն տարի`հանդիսանալով կլիմայի փոփոխության վերաբերյալ որոշումների կայացման միակ բազմակողմ ֆորումն աշխարհում՝ աշխարհի բոլոր երկրների գրեթե ամբողջական անդամակցությամբ: Ֆորումների ժամանակ աշխարհը համախմբվում է՝ համաձայնեցնելու կլիմայական ճգնաժամը լուծելու ուղիները, ինչպիսիք են գլոբալ ջերմաստիճանի բարձրացման սահմանափակումը մինչև 1․5 աստիճան ցելսիուս, օգնել խոցելի խմբերին հարմարվել կլիմայի փոփոխության հետևանքներին և մինչև 2050 թվականը հասնել արտանետումների զրոյական մակարդակի։
13:16 - 30 նոյեմբերի, 2023
Վերահսկողության խիստ միջոցառումներ՝ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված

Վերահսկողության խիստ միջոցառումներ՝ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված

ՀՀ ՇՄՆ-ից հայտնում են, որ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում։ Վերահսկողության միջոցառումների շրջանակում պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ իրականացնելու են հանդիպումներ Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ, Բացատրական աշխատանքներ են տարվելու միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, որն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված, Այս համատեքստում «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ, Արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ, Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա խիստ վերահսկողություն սահմանում, մարզից դուրս եկող հիմնական ճանապարհների ելքերի մոտ կտեղակայվեն հսկիչ կետեր, «Սևան» ազգային պարկի տարածքում շուրջօրյա հերթապահություն կսահմանվի, Երևանի և ՀՀ մարզերի շուկաներում սիգի ձկնկիթի և ձկան վաճառքը բացառելու համար կկազմակերպվեն ստուգայցեր։
16:50 - 26 նոյեմբերի, 2023
ՇՄ նախարարը ՄԹ դեսպանի հետ քննարկել է Էլեկտրական տրանսպորտային միջոցների շահագործման խթանման հնարավորությունները

ՇՄ նախարարը ՄԹ դեսպանի հետ քննարկել է Էլեկտրական տրանսպորտային միջոցների շահագործման խթանման հնարավորությունները

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ Այս մասին տեղեկացրին Շրջակա միջավայրի նախարարությունից:   Ողջունելով դեսպանին, նախարարը փաստել է, որ Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են և հույս հայտնել, որ այդ դրական զարգացումը կանդրադառնա նաև շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության վրա։   Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովին (COP28), որը նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 12-ը կանցկացվի ԱՄԷ-ում։ Հայաստանը համաժողովին մասնակցելու է հանրապետության նախագահի գլխավորույամբ և ընդգրկուն պատվիրակությամբ։   COP28-ին ընդառաջ կազմակերպվել և իարականցվել է Ազգային մակարդակով սահմանված գործողուٳթյٳնների իրականացման առաջընթացի տարեկան ամփոփٳմ, որտեղ ներգրավված էին ինչպես պետական շահագրգիռ մարմինները, այնպես էլ մասնավոր, դոնոր և աջակցող գործընկերները։ Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է նաև Աբու Դաբիում, հոկտեմբերի 30-31-ը կայացած Pre-COP28-ին։   Այս համատեքստում նախարարը դեսպանին է ներկայացել Հայաստանի կլիմայական օրակարգը և առաջնահերթությունները։   Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև «Կլիմայի մասին օրենքին»։ Օրենքը նախատեսում է իրավական հիմք ապահովել երկրում արդյունավետ կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման, կլիմայական նկատառումները ոլորտային քաղաքականության մեջ ներառելու, կլիմայական ֆինանսական ռեսուրսների հավաքագրման և դրանք պետական ֆինանսների կառավարման համակարգի մեջ ինտեգրելու, ինչպես նաև այդ գործընթացների համակարգման, վերահսկողության և հաշվետվողականության ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման, ինչպես նաև ոլորտում անհրաժեշտ իրավական զարգացումները ուղղորդելու համար։ Օրենքի ուժի մեջ մտնելը նախատեսվում է 2025 թվականին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել օրենքի մշակման գործընթացքում խորհրդատվական համագործակցության։   Նախարարը դեսպանի հետ քննարկել է Էլեկտրական տրանսպորտային միջոցների շահագործման խթանման հնարավորությունները։   Հիշեցնենք, որ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից 2021 թվականից իրականացվում է «Անցում դեպի էլեկտրական մեքենաների Հայաստանում. Էլեկտրական տրանսպորտային միջոցների ցուցադրման և խթանման ուժեղացում» ծրագիրը։ Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանի հետ քննարկել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Նախարար Սիմիդյանը հույս է հայտնել, որ երկրները կհամագործակցեն ոչ միայն բնապահպանական, այլև՝ տարածաշրջանում հաստատուն խաղաղության հաստատման օրակարգի շուրջ։
18:17 - 23 նոյեմբերի, 2023
Առաջարկվում է ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն

Առաջարկվում է ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն

«ՀՀ շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կարգավորել պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հսկողության գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնի՝ շրջակա միջավայրի պահպանության ծառայության առանձնահատկությունների հետ կապված հարաբերությունները: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումները, մանրամասնել է նման ծառայություն հիմնելու առաջնահերթությունը, այն է՝ գործող 8-ժամյա ծառայությունն առաջարկվում է դարձնել 24-ժամյա: Ըստ նախարարի՝ 8-ժամյա ծառայությունը ռիսկեր է պարունակում: Առաջարկվում է Անտառային կոմիտեի հիման վրա ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և Ազգային պարկերը կառավարող 6 ՊՈԱԿ-ների պահպանությունն առանձնացնել: Նախատեսվում է ծառայողին օժտել նոր հնարավորություններով, որ վերջինս կարողանա իրավախախտման պարագայում այն արձանագրել, վարույթ հարուցել, վնաս հաշվել և վարչական իրավախախտումների շրջանակում կատարված ապօրինության դեպքում նաև տուգանք սահմանել: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 506 աշխատակիցների և Ազգային պարկերի պահպանության 345 աշխատակիցների հաստիքներն առաջարկվում է առանձնացնել և շուրջ 1176 հաստիքակազմ ունեցող նոր ծառայություն հիմնել: Հարցուպատասխանի ձևաչափում պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է՝ արդյոք ծառայությունն ունենալո՞ւ է բավարար ֆինանսական միջոցներ և ծառահատումների դեմ պայքարում հավասար վերահսկողություն իրականացվելո՞ւ է և՛ մանր, և՛ խոշոր ծառահատում իրականացնողների նկատմամբ: Նախարար Հակոբ Սիմիդյանը փաստել է, որ ծառայության զինման համար կան նախատեսված բյուջետային հատկացումներ, ակնկալվում է նաև միջազգային գործընկերների աջակցությունը: Նախատեսվում է ունենալ 3500 հատ ձայնի և ծխի տվիչ, որոնք յուրաքանչյուր խախտման դեպքում արձագանքելու են, իսկ տեխնիկական նկարող սարքերը տեղում ֆիքսելու են, թե ինչ է տեղի ունենում: Հակոբ Սիմիդյանի խոսքով՝ ծառայության խնդիրը լինելու է կանխարգելիչ: Պատգամավոր Արման Ղազարյանի հարցին ի պատասխան՝ նախարարը պարզաբանել է, որ, նախնական տվյալներով, ծառայությանն անհրաժեշտ է լինելու 5 մլրդ դրամ: Վերջնական հաշվարկը հնարավոր կլինի կատարել, երբ ենթաօրենսդրական ակտով հաստատվի կառուցվածքը: Պատգամավոր Արծվիկ Մինասյանը, կարևորելով նախաձեռնությունը և որակյալ ծառայություն ունենալու հանգամանքը, նշել է, որ ներկայացված փաթեթով մի շարք հիմնարար հարցեր մնում են անպատասխան, օրինակ՝ խախտում կատարած անձի ձերբակալման ու ազատությունից զրկման իրավունքների իրացման, ոստիկանության հետ համագործակցության, քաղաքացիների իրավունքները չոտնահարելու հարցերը և այլն: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ, այո՛, անտառային տարածքների և հողերի մասով չկա պատշաճ պահպանման համակարգ: Անդրադառնալով ջրային ավազանների, կենսաբանական հուշարձանների, հատուկ պահպանվող տարածքների մասով պահպանության առանձնահատկություններին՝ խմբակցության քարտուղարը կարևորել է ծառայության գործառույթների հստակեցումը, որ համակարգն արդյունավետ գործի: Եզրափակիչ ելույթում Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է հնչած մտահոգություններին:
14:27 - 21 նոյեմբերի, 2023
Տեղի է ունեցել հայ-իրանական բարձրաստիճան և մոնիթորինգային աշխատանքների նախապատրաստական նիստը
 |1lurer.am|

Տեղի է ունեցել հայ-իրանական բարձրաստիճան և մոնիթորինգային աշխատանքների նախապատրաստական նիստը |1lurer.am|

1lurer.am: Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի՝ ոլորտը համակարգող տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնակցել են հայ-իրանական բարձրաստիճան և մոնիթորինգային աշխատանքների նախապատրաստական նիստին։ Այս մասին տեղեկացրին շրջակա միջավայրի նախարարությունից: Նիստին մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետության շրջակա միջավայրի կազմակերպության մարդկային շրջակա միջավայրի հարցերով տնօրենի տեղակալ Իրաջ Հեշմաթին, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, բարձրաստիճան ներկայացուցիչներ երկու երկրների շահագրգիռ կառույցներից։ Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը, նախարարը գործընկերների հետ քննարկել է սույն թվականի սեպտեմբերին Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ Ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարին ուղղված միջազգային համաժողովը և դրա ընթացքում քննարկված հարցերի ընթացքը։ Ողջույնի իր խոսքում նախարար Հակոբ Սիմիդյանն երախտագիտություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության շրջակա միջավայրի կազմակերպությանը շարունակական և արդյունավետ համագործակցության համար և անդրադարձել հայ-իրանական բարեկամական հարաբերություններին․ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծապես կարևորում է փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված առանձնահատուկ հարաբերությունների կայուն զարգացումը բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որը ոչ միայն հարևան պետություն է, այլև առևտրային և շրջակա միջավարի պահպանության առումով ռազմավարական կարևոր գործընկեր: Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունենք առկա ձևաչափով քննարկել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված համագործակցության ներկա վիճակը, փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը»,- նշել է նախարարը։ Կարևորելով Արաքս սահմանային գետի պահպանության վերաբերյալ արդյունավետ համատեղ և շարունակական աշխատանքն ու արձանագրած հաջողությունները՝ նախարարը շրջակա միջավայրի նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը բնապահպանական բոլոր ուղղություններով և անդրադարձել է երկու երկրների համատեղ մոնիթորինգային խմբի աշխատանքների վերսկսմանը։ Իրանի Իսլամական Հանրապետության շրջակա միջավայրի կազմակերպության մարդկային շրջակա միջավայրի հարցերով տնօրենի տեղակալ Իրաջ Հեշմաթին իր հերթին շնորհակալություն է հայտնել նիստը նախաձեռնելու համար։ Պարոն Իրաջ Հեշմաթին նաև իր երախտիքն է հայտնել հայ գործընկերներին Արաքս գետի ջրի որակի հանդեպ մշտական ուշադրության և դրա պահպանությանն ուղղված ջանքերի համար։ Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը կարևորել է հանդիպումը, քանի որ տևական դադարից հետո ազդարարվում է երկու երկրների համատեղ մոնիթորինգային խմբի աշխատանքների վերսկսման մեկնարկը։ Նիստի ընթացքում ներկայացվել է Արաքս սահմանային գետի ջրի որակի համատեղ մոնիթորինգային աշխատանքների իրականացման ծրագիրը, աշխատանքների իրականացման ճանապարհային քարտեզը և հաստատվել է տարեկան ժամանակացույցը։
17:56 - 15 նոյեմբերի, 2023
Հրդեհ «Դիլիջան» ազգային պարկում. քամու ուժգնության հետևանքով այն շարունակում է տարածվել Հաղարծնի տեղամասում

Հրդեհ «Դիլիջան» ազգային պարկում. քամու ուժգնության հետևանքով այն շարունակում է տարածվել Հաղարծնի տեղամասում

Նոյեմբերի 6-ին` ժամը 13:30-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրին հարակից անտառից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։51-ին։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 10 փրկարարական ծառայող, «Դիլիջան» ազգային պարկի 15 և Դիլիջանի ոստիկանության 1 աշխատակից։ Ժամը 20:07-ին մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են․ «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։ Նոյեմբերի 7-ին` ժամը 07:00-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Նոյեմբերի 7-ին` ժամը 15։00-ին, քամու ուժգնության հետևանքով հրդեհը շարունակում է տարածվել «Դիլիջան» ազգային պարկի Հաղարծնի տեղամասում։  
16:01 - 07 նոյեմբերի, 2023
Սիմիդյանը իրանցի իր գործընկերոջ հետ խոսել է Արաքսի ավազանում բնապահպանական իրավունքի ապահովման մասին

Սիմիդյանը իրանցի իր գործընկերոջ հետ խոսել է Արաքսի ավազանում բնապահպանական իրավունքի ապահովման մասին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Իրանի Բնապահպանության կազմակերպության նախագահ Ալի Սալաջեղեի հետ։ Հանդիպումը, որը թվով երկրորդն էր, կայացել է ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարին ուղղված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով ԻԻՀ կատարած այցի շրջանակներում: Հանդիպման մեկնարկին նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և կարևորել տարածաշրջանում երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների սերտ հարաբերությունները, ինչպես նաև բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ջանքերի միավորումը։ Անդրադարձ է կատարվել Արաքս գետի ավազանում բնապահպանական իրավունքների ապահովման և իրանական կողմի հետ գործակցության խնդիրներին։ Կողմերը փաստել են, որ Արաքս գետի ջրի որակի հսկման ու պահպանման խնդիրները լուծելու համար պետք է առավել ակտիվ համագործակցել, իրականացնել փոխայցեր, դիտարկումներ և համատեղ միջոցառումներ։ Այս ուղղությամբ երկու կողմերը համագործակցության շատ մեծ դաշտ են տեսնում, և այդ նպատակով նախարար Սիմիդյանը Ալի Սալաջեղեին հրավիրել է Հայաստան։ Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը՝ համագործակցելու ԻԻՀ հետ գլոբալ բնապահպանական օրակարգի առաջմղման գործում:
10:03 - 11 սեպտեմբերի, 2023
Սեպտեմբերի 7-10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի կանխատեսումը

Սեպտեմբերի 7-10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի կանխատեսումը

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը. Երևանում սեպտեմբերի 5-ի և 9-ի ցերեկը, 6-8-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 9-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։  Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում 4-6 աստիճանով, 7-10-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։ Սեպտեմբերի 5-8-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
15:01 - 05 սեպտեմբերի, 2023
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում մոլորված զբոսաշրջիկները հայտնաբերվել են

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում մոլորված զբոսաշրջիկները հայտնաբերվել են

Օգոստոսի 26-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց ահազանգ է ստացվել, որ արգելոցի տարածքում ազգությամբ ռուս զբոսաշրջիկներ են մոլորվել և չեն կարողանում շարունակել ճանապարհը։ Արգելոցի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից անհապաղ ձեռնարկվել են որոնողական աշխատանքներ։ Աշխատակիցները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և 10 կմ դժվարանցանելի տեղանքով մետեցրել Գողթ բնակավայր Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցներին, ովքեր էլ հետ նրանց ուղեկցել են Աբովյան բնակավայր: Հարգելի քաղաքացինե՛ր, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գործում են հատուկ էկոզբոսաշրջային երթուղիներ․ տևական դադարից հետո զբոսաշրջիկներին հնարավորություն է տրվել վայելել արգելոցի ինքնատիպ բնության ու պատմաճարտարապետական հուշարձանների գեղեցկությունը: Սակայն, արգելոցի տարածք մուտքը պետք է իրականացվի միմիայն արգելոցի աշխատակիցների ուղեկցությամբ․ գործում են հատուկ պահանջներ և սահմանափակումներ, որոնք բխում են բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանության առաջնահերթություններից: Սահմանափակումների կիրառումն իրականացվում է առաջին հերթին այցելուների անվտանգության ապահովման, ինչպես նաև կենսաբազմազանության վրա մարդկային գործոնի ազդեցության բացառման նպատակներով:
11:54 - 27 օգոստոսի, 2023
ՇՄ նախարարը գործուղվել է Կանադա՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի 7-րդ ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու

ՇՄ նախարարը գործուղվել է Կանադա՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի 7-րդ ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը 2023 թվականի օգոստոսի 21-28-ը գործուղվել է Կանադա (Վանկուվեր)՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանին և հարակից հանդիպումներին՝ ներառյալ նախարարական նիստերին մասնակցելու նպատակով։ Այս մասին հաղորդում է ՇՄ նախարարությունը։   Ասամբլեան ԳԷՀ-ի բարձրագույն կառավարման մարմինն է, որը չորս տարին մեկ անգամ հրավիրում է անդամ երկրների ներկայացուցիչներին՝ ամփոփելու անցած ձեռքբերումները և մեկնարկելու նոր գործառնական շրջանը:   Այս տարի ԳԷՀ-ի ասամբլեան համախմբել է 1500 մարդ ամբողջ աշխարհից՝ ներառյալ բնապահպանական առաջնորդների և կառավարիչների, կառավարությունների, բիզնեսի, գիտական հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։   Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանի մասնակից 185 երկրների ներկայացուցիչներ Կանադայում համաձայնեցին ստեղծել նորարարական նոր հիմնադրամ կենսաբազմազանության համար, որը ֆինանսավորում կներգրավի կառավարություններից, նվիրատվություններից և մասնավոր հատվածից:   Կենսաբազմազանության նոր գլոբալ շրջանակային հիմնադրամը (GBFF) նախագծված է մոբիլիզացնելու և արագացնելու ներդրումները հանուն վայրի տեսակների և էկոհամակարգերի պահպանության և կայունության, որոնց առողջությունը վտանգված է անտառային հրդեհների, ջրհեղեղների, անոմալ եղանակային պայմանների և մարդկային գործունեության արդյունքում։ Նոր հիմնադրամը, որը վավերացվել և գործարկվել է Վանկուվերում արդեն ունի նախնական ներդրումներ ՝200 միլիոն կանադական դոլար Կանադայից և 10 միլիոն ֆունտ ստերլինգ Միացյալ Թագավորությունից:   ԳԷՀ-ն ընտրվել էր նոր հիմնադրամը կառավարելու համար Կենսաբազմազանության վերաբերյալ COP15 կոնվենցիայի գագաթնաժողովում 2022 թվականի դեկտեմբերին, իսկ նրա կառավարող խորհուրդը հաստատել է դրա ծրագրերը 2023 թվականի հունիսին Բրազիլիայում:   Հիմնադրամի ռեսուրսների 20 տոկոսը կաջակցի կենսաբազմազանությունը պաշտպանելու և պահպանելու նախաձեռնություններին: Այն նաև առաջնահերթություն է տրամադրելու զարգացող փոքր կղզի պետություններին և քիչ զարգացած երկրներին, որոնք կստանան հիմնադրամի միջոցների ավելի քան մեկ երրորդը:   Նստաշրջանի աշխատանքները շարունակվում են։
11:41 - 26 օգոստոսի, 2023