ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Բլինքենը Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը քննարկել է Չինաստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ |hetq.am|

Բլինքենը Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը քննարկել է Չինաստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ |hetq.am|

hetq.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի, Չինաստանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների հետ։ Զրույցի թեման եղել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը և Իրանի հնարավոր գործողությունների կանխարգելումը: Այդ մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում պետքարտուղար Բլինքենն ակտիվ դիվանագիտական ջանքեր է գործադրել, այդ թվում՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի, Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդի հետ բանակցությունների միջոցով, որպեսզի հստակ հասկացնի, որ Մերձավոր Արևելքում էսկալացիան չի բխում ոչ մեկի շահերից, և որ այդ երկրները պետք է Իրանին կոչ անեն չտանել տարածաշրջանում իրավիճակի էսկալացիայի»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ լիբանանյան «Հեզբոլլահը» երեկ երեկոյան հարվածներ է հասցրել երկրի հետ սահմանին գտնվող իսրայելական դիրքերին։ Իսրայել ՊԲ-ն հաստատել է տեղեկությունը՝ նաև նշելով, որ խոցել են պայթուցիկներով լիցքավորված երկու անօդաչու թռչող սարք, որոնք արձակվել են «Հեզբոլլահ»-ի կողմից Իսրայելի հյուսիսում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ Իրանին հորդորել է չհարձակվել Իսրայելի վրա․ «Մենք կաջակցենք Իսրայելին, կօգնենք, որ Իսրայելը պաշտպանվի։ Իսկ Իրանը հաջողության չի հասնի»։
17:22 - 13 ապրիլի, 2024
Արևմուտքը փորձում է խարխլել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման պայմանավորվածությունները․ Լավրով
 |azatutyun.am|

Արևմուտքը փորձում է խարխլել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման պայմանավորվածությունները․ Լավրով |azatutyun.am|

azatutyun.am: ԱՊՀ բոլոր պատվիրակությունները, որոնք մասնակցել են Մինսկում արտգործնախարարների ժողովին, գիտակցել են, որ Միացյալ Նահանգները և նրա արբանյակները փորձում են ներխուժել ԱՊՀ ընդհանուր տարածքի բոլոր շրջաններ, այսօր հավաքին հաջորդած մամլո ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա անդրադարձել է նաև Հարավային Կովկասին, ասելով, թե Միացյալ Նահանգները և արևմտյան մյուս երկրները փորձում են խարխլել այնտեղ իրավիճակի կայունացման պայմանավորվածությունները: «Նրանք չեն ցանկանում թույլ տալ, որ իրականացվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի աջակցությամբ: Նրանք նաև շատ ակտիվ փորձում են ներթափանցել Կենտրոնական Ասիա, ստեղծում են տարբեր ձևաչափեր, որոնք բացահայտ ուղղված են Ռուսաստանի Դաշնության դեմ: Հրապարակավ ասում են, թե պետք է ապահովեն երկրների իրական ինքնիշխանությունը հետխորհրդային տարածքում, որպեսզի դրանք դուրս գան Ռուսաստանի Դաշնության ստվերից, նույն գործելակերպն է Մոլդովայի և շատ այլ շրջանների վերաբերյալ», - ասել է Լավրովը: Միաժամանակ, նա նշել է, թե Ռուսաստանի գործընկերները հավատարիմ են համագործակցության սկզբունքներին։ «Արևմուտքի հսկայական ճնշման ներքո մեր դաշնակիցները, մեր ռազմավարական գործընկերները հավատարիմ են մնում բոլոր առանցքային սկզբունքներին, որոնց վրա հիմնված է փոխգործակցությունն ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի, Համագործակցության շանհայան կազմակերպության շրջանակներում», - ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը: Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, թե ռազմավարական առումով «այդ արևմտյան գիծը դատապարտված է ձախողման»: Հայաստանից Մինսկի հավաքին մասնակցում էր փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը:
17:54 - 12 ապրիլի, 2024
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
 |news.am|

Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստըում հավանություն տվեց Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունների միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելուն: 2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի նոյեմբերի 25-ին: 2016թ. նոյեմբերի 25-ին ուժի մեջ մտած՝ վերոնշյալ համաձայնագրի ժամկետը յոթ տարով  երկարաձգելու մասին հայտագրերի փոխանակմամբ կնքված Համաձայնության ժամկետը ավարտվում է 2023 թվականի նոյեմբերի 25-ին:      Համաձայնությամբ Համաձայնագրի գործողությունը ևս յոթ տարով երկարացնելը կնպաստի զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխելուն: Համաձայնագրով Կողմերը պայմանավորվում են համագործակցություն իրականացնել` ուղղված զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելուն: Մասնավորապես, ԱՄՆ-ի կառավարությունը պարտավորվում է ՀՀ կառավարությանը, վերջինիս հայտերի հիման վրա, անհատույց տրամադրել զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխարգելող սարքավորումներ, նյութեր, տեխնոլոգիաներ, իրականացնել անձնակազմի ուսուցում և այլն: Համաձայնագրով ՀՀ կառավարությունը պարտավորվում է նախատեսվող գործողություններն իրականացնելու նպատակով հեշտացնել ՀՀ տարածք ԱՄՆ-ի կառավարության համապատասխան ներկայացուցիչների մուտքն ու ելքը, ինչպես նաև սահմանվում են նախատեսվող միջոցների փոխադրման կարգն ու պայմանները: Համաձայնագրով ՀՀ կառավարությունը նաև պարտավորվում է. - առանց ԱՄՆ-ի կառավարության նախօրոք գրավոր համաձայնության չփոխանցել ԱՄՆ-ի կառավարության կողմից տրամադրված սարքավորումների, նյութերի, տեխնոլոգիաների, ուսուցման և ծառայությունների սեփականության կամ տիրապետման իրավունքը որևէ այլ անձի, թույլ չտալ դրանց օգտագործումն այլ նպատակներով, ապահովել դրանց անվտանգությունը, պաշտպանել դրանք յուրացումից կամ փոխակերպումից. - ազատել ԱՄՆ-ի կառավարությունը, բացառությամբ համապատասխան պայմանագրերով նախատեսված հայցերի, դատական պատասխանատվությունից և հայցերից` համաձայնագրի կատարման հետ կապված գործողությունների իրականացման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում որևէ անձի սեփականությանը հասցված կորստի կամ վնասի համար, և չպահանջել ԱՄՆ-ի կառավարությունից, նրա աշխատակիցներից, կապալառուներից և նրանց ծառայողներից ցանկացած անձի մահվան կամ վիրավորվելու հետ կապված փոխհատուցում: Ըստ համաձայնագրի` ԱՄՆ-ի կառավարությունը և նրա աշխատակիցները, կապալառուներն ու կապալառուների աշխատակիցները սույն համաձայնագրի կատարման ընթացքում ՀՀ տարածքում ազատվում են հարկեր, մաքսային և այլ տուրքեր վճարելուց, իսկ ԱՄՆ-ի ռազմական կամ քաղաքացիական անձնակազմերը, որոնք սույն համաձայնագրի իրականացման շրջանակներում գտնվում են ՀՀ տարածքում, օգտվում են Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թվականի ապրիլի 18-ի կոնվենցիայով վարչական և տեխնիկական անձնակազմերի համար նախատեսված անձեռնմխելիությունից ու արտոնություններից:
10:57 - 12 ապրիլի, 2024
ԱՄՆ կաջակցի ցանկացած ձևաչափով միջնորդության, որը ընդունելի կլինի երկու կողմի համար․ Քրիստինա Քվին
 |azatutyun.am|

ԱՄՆ կաջակցի ցանկացած ձևաչափով միջնորդության, որը ընդունելի կլինի երկու կողմի համար․ Քրիստինա Քվին |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա որևէ տարաձայնություն չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, «Ազատության»-ը տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ շեշտելով՝ Վաշինգտոնի ցանկությունն է տեսնել առաջընթաց խաղաղ գործընթացի տարբեր մանրամասների վերաբերյալ, և պատրաստ են աջակցել դրան ցանկացած տարբերակով, որը ընդունելի կլինի երկու կողմի համար էլ։ «Ազատություն»․ - Չնայած պետքարտուղար Բլինքենը վերջերս զանգահարեց նախագահ Ալիևին, ընդգծելու, որ իրավիճակի սրացումը արդարացում չունի, մենք շարունակում ենք տեսնել ապատեղեկատվության հոսք Ադրբեջանից, ինչպես նաև հրադադարի խախտումներ, ինչը հաստատվել է նաև մեր լրագրողների կողմից։ Այս շարունակական իրավիճակում, երբ Ադրբեջանը ակնհայտ անտեսում է դիվանագիտական հորդորներն ու միջազգային դատարանների վճիռները, Վաշինգտոնը պատժամիջոցներ կամ հարկադրանքի այլ միջոցներ կկիրառի՞ Ադրբեջանի նկատմամբ։ Քրիստինա Քվին․ - Նախ նշեմ՝ մենք շատ հստակ ասել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա որևէ տարաձայնություն չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, և մեր դիտարկմանբ՝ լինի դա հրադադարի խախտում, շատ ագրեսիվ հռետորաբանություն, թե ապատեղեկատվություն, այդ ամենը վնասում է խաղաղ գործընթացին։ Մեր ուշադրության կենտրոնում այս պահին գործընթացն առաջ մղելն է։ Մենք հյուրընկալում էինք արտաքին գործերի նախարարների մի շարք հանդիպումներ, ԵՄ-ն հյուրընկալեց որոշ հանդիպումներ առաջնորդների միջև, և մենք զգացինք, որ այդ հանդիպումներում որոշակի առաջընթաց կա: Վերջերս առաջընթացն ավելի դանդաղ է, և մենք հուսով ենք, որ այն կարող է իր հունի մեջ մտնել՝ ավելի արագ առաջ շարժվելու համար: Այն կարող է լինել ԱՄՆ-ի միջնորդության ներքո, մենք շատ ուրախ կլինենք դա անել, բայց եթե երկու կողմերին էլ հարմար կլինի այլ միջնորդների հետ աշխատել, մենք ուրախ կլինենք աջակցել նաև դրան: Մեր ցանկությունն է տեսնել առաջընթաց խաղաղ գործընթացի տարբեր մանրամասների վերաբերյալ, և մենք պատրաստ ենք աջակցել դրան ցանկացած տարբերակով, որը ընդունելի կլինի երկու կողմի համար էլ։«Ազատություն»․ - Ես հարցրի պատժամիջոցների մասին, քանի որ հստակ հիշում եմ Ձեր ելույթը, երբ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա։ Դուք այն ժամանակ ԱՄՆ դեսպանն էիք այդ երկրում, և հստակ ասացիք, որ Ռուսաստանի հետ նախկին հարաբերությունները չեն լինի, քանի դեր այդ երկիրը շարունակում է իր վնասարար դերը միջազգային ասպարեզում։ Նույնը մենք լսեցինք անցած սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց Ղարաբաղի վրա։ Փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայանը Կոնգրեսում հայտարարեց, թե Ադրբեջանի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի, քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել։ Բայց մենք ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում էական փոփոխություն չտեսանք, ոչ էլ պատժամիջոցներ։ Փաստացի երկու դեպքում էլ միևնույն իրավիճակն էր՝ Ամերիկայի կարմիր գծերը խախտվել էին, ԱՄՆ-ում նույն վարչակազմն էր, օգտագործվել էր նույն բառապաշարը, բայց եղան տարբեր արդյունքներ։ Ինչո՞ւ։Քրիստինա Քվին․ - Նախ ասեմ, որ խոսքը, թե հարաբերությունները նախկինի պես չեն լինելու, ենթադրում է գործունեության և ներգրավվածության լայն շրջանակ: Եվ ես կասեի, որ սեպտեմբերից ԱՄՆ-ում որոշակի զսպվածություն է եղել Ադրբեջանի հետ ներգրավվածության և գործունեության առումով: Բայց միայն այն պատճառով, որ հարաբերությունները սովորականի պես չեն, չի նշանակում, որ մենք դադարում ենք խոսել այդ երկրի հետ: Այն, ինչ մենք փորձում ենք անել՝ ներգրավվելն է այնպես, որ հնարավոր լինի խրախուսել և նպաստել բանակցությունների սեղան վերադառնալուն: Ներգրավվածության իսպառ դադարեցումը մեզ այդ հարցում առաջ չի տանի: Մենք դեռ պետք է խոսենք մարդկանց հետ, դեռ պետք է փորձենք խրախուսել նրանց, փորձենք նրանց խթան տալ։ Դա այն է, ինչ մենք հենց հիմա փորձում ենք անել: Մենք խոսում ենք նաև տարածաշրջանային խաղացողների՝ Թուրքիայի և այլոց հետ՝ փորձելով նրանց ընդհանուր հայտարարի բերել՝ խաղաղ գործընթացում առաջընթացը խրախուսելու առումով: Դա հեշտ չի լինելու: Ջեյմս Բեյքերը ժամանակին ասել է՝ դուք խաղաղության շուրջ ձեր բարեկամների հետ չեք բանակցում, այլ՝ հակառակորդների, ինչը երբեք հեշտ չի լինում, բայց դա այն գործընթացն է, որը, կարծում եմ՝ աներևակայելի կարևոր է։ Աներևակայելի կարևոր, իհարկե, Հայաստանի, բայց իրականում նաև ողջ տարածաշրջանի կայունության համար: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:37 - 11 ապրիլի, 2024
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
 |news.am|

ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան |news.am|

news.am: ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դեմ, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու մտադրության մասին։ Գրեթե բոլոր երկրներն այսօր նման տնտեսական քաղաքականություն են վարում, և դա չի արվում որևէ երկրի կամ միության դեմ... Առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացման քաղաքականությունն ուղղված չէ որևէ միությունների, հատկապես ԵԱՏՄ-ի դեմ»,- ասաց Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ սերտ փոխգործակցությունը չի խանգարում Հայաստանի մասնակցությանը ԵԱՏՄ-ին, և արդյոք երկիրը պատրաստվում է դուրս գալ այս միությունից։ Բրյուսելում ուրբաթ օրը Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի հետ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համագործակցության վերաբերյալ համատեղ հանդիպում՝ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի, Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոնի մասնակցությամբ։ դեր Լեյենը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը։ Հանդիպումից առաջ ֆոն դեր Լեյենը խոստացել էր առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանին 270 միլիոն եվրոյի զարգացման աջակցություն հատկացնել։
12:34 - 11 ապրիլի, 2024
ՄԻՊ-ը Թոդ Էդինսին է ներկայացրել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԻՊ-ը Թոդ Էդինսին է ներկայացրել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին ընդունել է ԱՄՆ Հավայի նահանգի Գերագույն դատարանի դատավոր Թոդ Էդինսին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, զինված ուժերում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։ Պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, հատուկ անդրադարձել անձամբ իր և աշխատակազմի իրականացրած փաստահավաք աշխատանքներին։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվորեն ներգրավվել է այդ աշխատանքներում. աշխատակազմի հետ այցելել է Գորիս, Կոռնիձոր և Վայք` աշխատանքներն իրականացնելով նաև գիշերային ժամերին։ Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որն իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։ Թոդ Էդինսը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, կարևորել է Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության բարձր առաքելության իրականացման գործում։
11:23 - 11 ապրիլի, 2024
Պայմանավորվել ենք առաջ գնալ Հայաստանի համար շտապօգնության զրահապատ մեքենաների հարցում. ԱՄՆ դեսպան |azatutyun.am|

Պայմանավորվել ենք առաջ գնալ Հայաստանի համար շտապօգնության զրահապատ մեքենաների հարցում. ԱՄՆ դեսպան |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները և Հայաստանը շատ ակտիվ և բովանդակալից քննարկումներ են ունենում անվտանգության և պաշտպանության մասին, դա նույնպես շարունակական թեմա է, հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը «Ազատությանը» տված հարցազրույցի ընթացքում: «Ազատություն». - Անցած շաբաթ մենք երկուսս էլ Բրյուսելում էինք, որտեղ Հայաստանի արևմտյան գործընկերները խոստացան հավելյալ ֆինանսական աջակցություն, ու վերահաստատեցին իրենց հանձնառությունը Հայաստանի տնտեսության ու ժողովրդավարության ամրապնդմանը։ Արդյոք որևէ համաձայնագիր է ստորագրվել՝ երաշխավորելու, որ այս աջակցությունը լինի շարունակական՝ անկախ, թե ինչպես կավարտվեն մի քանի ամսից Բրյուսելում ու ԱՄՆ-ում սպասվող ընտրությունները: Քրիստինա Քվին. - Պայմանավորվածությունն այն էր, որ մենք պարզապես շարունակելու ենք մեր շատ լավ և աճող երկխոսությունը։ Կարող եմ ասել, որ անցած մեկ տարում, ինչ ես եկել եմ Հայաստան, մեր հարաբերությունները գրեթե բոլոր ոլորտներում ընդլայնվել և խորացել են։ Եվ ես կարծում եմ, որ այն ամենը, որ մենք ընդգծեցինք բրուսելյան բարձր մակարդակի հանդիպմանը, պարզապես ցույց է տալիս այն առաջընթացը, որին հասել ենք, հատկապես՝ վերջին մի քանի տարիներին: Եվ ես կարծում եմ, որ առաջիկայում կշարունակենք առաջընթացը: «Ազատություն». - Այսինքն, դուք կարծում եք, որ այդպես կլինի, բայց համաձայնագիր այդ հարցով չկա: Քրիստինա Քվին․ - Դե, մենք պայմանավորվեցինք շարունակել քննարկումները այս բոլոր հարցերի շուրջ։ Այնպես որ, այդ տեսանկյունից, իհարկե, մենք կշարունակենք զրույցը։ «Ազատություն». - Ինձ Բրյուսելում ասացին, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանի սահմանին Եվրամիության դիտորդական առաքելությանը միանալու հնարավորությունը, ինչպես կանադացիները արեցին անցած տարի։ Կհաստատե՞ք այս տեղեկությունը՝ կա՞ն արդյոք նման քննարկումներ։ Քրիստինա Քվին․ - Ո՛չ, մինչև հիմա մենք նման պլան չունենք, բայց, իհարկե, ապագայում ոչինչ չենք բացառում։ «Ազատություն». - Քանի որ բրյուսելյան հանդիպման օրակարգի հիմնական հարցը Հայաստանի դիմադրողականության բարձրացումն էր, կուզեի մի փոքր խորանալ այս թեմայի մեջ։ Վերջին հարցումների համաձայն անվտանգությունն է հայաստանցիներին ամենից շատ հուզող խնդիրը, և մենք տեսանք, որ Ֆրանսիան ամրապնդեց ռազմական համագործակցությունը Հայաստանի հետ՝ մատակարարելով զինատեսակներ՝ չնայած խոչընդոտներին։ Միացյալ Նահանգները կհետևի՞ Ֆրանսիայի օրինակին։ Քրիստինա Քվին․ - Ես կասեի, որ Միացյալ Նահանգները և Հայաստանը շատ ակտիվ և բովանդակալից քննարկումներ են ունենում անվտանգության և պաշտպանության մասին։ Դա նույնպես շարունակական թեմա է, և, կարծում եմ, որ վերջին մեկ տարում այս թեմայով զգալի ընդլայնում ենք ունեցել: Ընդամենը մի քանի օրինակ. անցյալ տարի մենք մեր առաջին համատեղ զորավարժությունն անցկացրինք 2008 թվականից ի վեր: Կարծում եմ՝ դա շատ կարևոր ազդանշան է, որ Միացյալ Նահանգները և Հայաստանը կարող են աշխատել իրար հետ պաշտպանական ոլորտում, նաև հավելյալ ուղիներ ենք փնտրում, որ կարողանանք շարունակել այդ աշխատանքը: Մենք նաև ունենալու ենք խորհրդական, ով կարող է գալ և նստել Հայաստանի պաշտպանության նախարարության հետ՝ օգնելու կարողությունների զարգացմանը, հատկապես այն պատճառով, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնել իր մասնակցությունը այնպիսի հարցերում, ինչպիսիք են խաղաղապահությունը և այլ խաղաղ նախաձեռնություններ: Մենք ուզում ենք օգտակար լինել, և կաշխատենք և՛ ներքին բարեփոխումների ուղղությամբ, թե ինչպես Հայաստանի պաշտպանության նախարարությունը համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին, և՛ ապա նաև, թե ինչպես ավելին անել խաղաղապահ ոլորտում: «Ազատություն». - Բայց այս պահին, որքան հասկացա, որևէ քննարկում չկա զենք ու ռազմամթերք մատակարարելու շուրջ։ Քրիստինա Քվին․ - Իրականում, մենք շարունակական քննարկում ունենք, թե ինչ կարող է Հայաստանին անհրաժեշտ լինել ռազմական ոլորտում։ Արդեն պայմանավորվել ենք մի քանի բանի շուրջ։ Այդ պայմանավորվածություններից մի բան կարող եմ առանձնացնել՝ Հայաստանը խնդրել էր շտապօգնության զրահապատ մեքենաներ, որոնցով նրանք կարող են մտնել հակամարտության տարածք, և այդ մեքենաներով տեղափոխվող մարդիկ պաշտպանված կլինեն: Մենք արդեն պայմանավորվել ենք, որ առաջ ենք գնալու այս հարցում, և այժմ աշխատում ենք դրա իրագործման եղանակների վրա, որպեսզի կարողանանք տրամադրել այդ օգնությունը: Եվ, ինչպես նշեցի, ամենատարբեր թեմաներ ենք քննարկում, և փորձում ենք տեսնել, թե որտեղ կարող ենք օգտակար լինել Հայաստանին՝ նրա պաշտպանության առումով:
09:31 - 11 ապրիլի, 2024
Բրյուսելում ես վերահաստատեցի ԱՄՆ աջակցությունը ՀՀ-ին` ժողովրդավարական բարեփոխումների խորացման և լուսավոր ապագայի ձգտման հարցում. Փաուեր |1lurer.am|

Բրյուսելում ես վերահաստատեցի ԱՄՆ աջակցությունը ՀՀ-ին` ժողովրդավարական բարեփոխումների խորացման և լուսավոր ապագայի ձգտման հարցում. Փաուեր |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերն իր տեսաուղերձում անդրադարձել է ՀՀ-ԱՄՆ-ԵՄ` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը: «Նախորդ շաբաթ Բրյուսելում ես վերահաստատեցի ԱՄՆ աջակցությունը Հայաստանին` ժողովրդավարական բարեփոխումների խորացման, տնտեսության ընդլայնման և լուսավոր ապագայի ձգտման հարցում»,- նշել է նա: Փաուերը նկատել է, որ 2022թ. հետ համեմատած` ՀՀ տնտեսությանը գործակալության տրամադրած աջակցությունը կրկնապատկել է. աջակցությունը ներառել է գործնական դասընթացներ` կանանց և երիտասարդների համար, որպեսզի նրանք նոր տնտեսության մեջ դառնան ավելի մրցունակ։ Այն ներառել է նաև ՀՀ կառավարության հետ աշխատանք` ուղղված ներդրումային միջավայրը բարելավող նոր կարգավորումների ընդունմանը, ինչն էլ ուղղված է արտահանման և ներմուծման ուժեղացմանը։ «Այդ ամենը տալիս է իր պտուղները։ Ականատես ենք լինում ԱՄՆ և Հայաստանի միջև առևտրի աճին, որը միայն անցած տարի կազմել է 17%։ Ես հնարավորություն ունեցա վարչապետ Փաշինյանին տեղեկացնելու, որ ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է ներդնել հավելյալ 33 մլն դոլար` այդ կարևոր առաջընթացն ամրապնդելու նպատակով։ ԱՄՆ-ը, ԱՄՆ ՄԶԳ-ն, ամերիկացի ժողովուրդը` մենք բոլորս, հանձնառու ենք` ցույց տալու, որ ժողովրդավարությունն ունենում է նշանակալից արդյունքներ»,- ասել է նա։
09:30 - 11 ապրիլի, 2024
Փաշինյանը հայտնեց, թե որն է Բրյուսելում ԵՄ-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակով հանդիպման քաղաքական ենթատեքստը |armenpress.am|

Փաշինյանը հայտնեց, թե որն է Բրյուսելում ԵՄ-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակով հանդիպման քաղաքական ենթատեքստը |armenpress.am|

armenpress.am: Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպման քաղաքական ենթատեքստը հետևյալն է՝ հօդս են ցնդում Արևմուտքում Հայաստանի Հանրապետությունը որպես ագրեսիվ քաղաքականություն վարող պետություն ներկայացնելու բոլոր ջանքերը: Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում: Վարչապետը, կարևորելով ապրիլի 5-ին Բրյուսելում ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ ձևաչափով բարձր մակարդակի հանդիպումը, ասաց, որ հանդիպումը երբևէ անվտանգային ենթատեքստ ու օրակարգ չի ունեցել: «Բայց համաձայնեք, և դա ակնհայտ է, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ն երբեք չէին համաձայնի Հայաստանին տնտեսական, քաղաքական աջակցություն ցուցաբերել, եթե մեր վարած քաղաքականությունը համարեին ագրեսիվ: Ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպման քաղաքական ենթատեքստը հետևյալն է՝ հօդս են ցնդում Արևմուտքում Հայաստանի Հանրապետությունը որպես ագրեսիվ քաղաքականություն վարող պետություն ներկայացնելու բոլոր ջանքերը»,-ասաց Փաշինյանը: Բրյուսելի հանդիպումը, որն օրակարգով և բնույթով սոցիալ-տնտեսական և քաղաքական էր, վարչապետը համարեց աննախադեպ՝ թե ձևաչափով, թե նշանակությամբ: «Բարձր մակարդակի հանդիպման արդյունքներով ԵՄ-ն և ԱՄՆ-ն քաղաքական աջակցություն են հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը, Հայաստանի և տարածաշրջանի համար կայուն, խաղաղ, անվտանգ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային»,-ասաց նա:  ԵՄ-ն և ԱՄՆ-ն բարձր են գնահատել 2018 թվականից ի վեր ժողովրդավարության և արդարադատության ոլորտներում Հայաստանի կառավարության իրականացրած բարեփոխումները, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած էական առաջընթացը և հանձնառություն են հայտնել շարունակել գործընկերությունն ու աջակցել Հայաստանին՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ն շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը՝ ընդհանուր արժեքներին ու սկզբունքներին համահունչ:
12:22 - 10 ապրիլի, 2024
Իրանը դեմ է Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ վերածելուն․ Քանանի |azatutyun.am|

Իրանը դեմ է Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ վերածելուն․ Քանանի |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը դեմ է Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ վերածելուն, IRNA-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Նասեր Քանանին՝ անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը։ Քանանին ընդգծել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում նաև շեշտելով տարածաշրջանային կարողությունների, այդ թվում՝ «3+3» ձևաչափի օգտագործման անհրաժեշտությունը՝ չլուծված վեճերը լուծելու համար: «3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։  
09:28 - 10 ապրիլի, 2024
Գազայում պաղեստինցիների ցեղասպանության նշաններ ԱՄՆ-ն չի տեսնում. Օսթին |1lurer.am|

Գազայում պաղեստինցիների ցեղասպանության նշաններ ԱՄՆ-ն չի տեսնում. Օսթին |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգները Գազայում պաղեստինցիների ցեղասպանության նշաններ չի տեսնում` հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ «Մենք ցեղասպանության վերաբերյալ ոչ մի ապացույց չունենք»,- ասել է Պենտագոնի ղեկավարը՝ ԱՄՆ Կոնգրեսի Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ մեկնաբանելով Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները: Օսթինի խոսքով՝ Գազայի հատվածում զանգվածային սովը կհանգեցնի բռնության աճի և հակամարտության ձգձգման պատճառ կդառնա: «Դա չպետք է տեղի ունենա: Մենք պետք է շարունակենք անել հնարավոր ամեն ինչ, որ Իսրայելին դրդենք մարդասիրական օգնություն ցուցաբերել»,- հավելել է նախարարը։ Միջազգային կազմակերպությունները շարունակ դժգոհություն են հայտնում, որ Իսրայելը Գազայի բնակիչների համար պարենի, դեղորայքի և այլ անհրաժեշտ հումանիտար ապրանքների բավարար հասանելիություն չի ապահովում: Ավելի վաղ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Իսրայելը սովն օգտագործում է որպես Գազայի հատվածում պատերազմի զենք:
22:49 - 09 ապրիլի, 2024
Պետքարտուղարը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հստակ հասկացրել է, որ երկխոսությունն անհրաժեշտ է. Պետքարտուղարություն |news.am|

Պետքարտուղարը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հստակ հասկացրել է, որ երկխոսությունն անհրաժեշտ է. Պետքարտուղարություն |news.am|

news.am: Մենք շատ հստակ ասել ենք, որ այս հակամարտության կարգավորման ճանապարհը, ի վերջո, գտնվում է բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարեց ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե Վաշինգտոնում կվերսկսվի՞ հանդիպման գործընթացը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև շաբաթ-կիրակի տեղի ունեցած բախումների ֆոնին։ «Չեմ ուզում խոսել առաջիկա հանդիպումների մասին, բայց մենք միշտ հստակ ասել ենք, որ ողջունում ենք երկխոսությունը։ Երբ պետքարտուղարը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, նա հասկացրել է, որ անհրաժեշտ է երկխոսություն երկու կողմերի միջև: Մենք ուրախ ենք ցանկացած դեր խաղալ այս երկխոսության դյուրացման գործում և կշարունակենք դա անել, բայց ես չեմ ցանկանում հայտարարել որևէ կոնկրետ առաջիկա հանդիպումների մասին»,- ասել է Միլլերը:
09:27 - 09 ապրիլի, 2024
Սա մեծ գործընթացի մաս էր. Արարատ Միրզոյանը` բրյուսելյան հանդիպման մասին
 |arm.sputniknews.ru|

Սա մեծ գործընթացի մաս էր. Արարատ Միրզոյանը` բրյուսելյան հանդիպման մասին |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Բրյուսելյան հանդիպումը մեծ գործընթացի մի մաս էր։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Երբևէ այսպիսի ձևաչափով ԱՄՆ-ԵՄ-ՀՀ հանդիպում չէր եղել, համենայնդեպս ՀՀ-ի հետ հարաբերությունների առումով։ Այս հանդիպումը չափազանց կարևոր հանգրվան էր Միացյալ Նահանգների և ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացման գործընթացի համատեքստում։ Սա ո՛չ սկիզբն էր, ո՛չ էլ ամենևին ավարտը, այլ մեծ գործընթացի կարևոր մաս»,– ասաց նա։   Միրզոյանն ընդգծեց, որ Հայաստանը սերտացնում է հարաբերությունները թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ԵՄ-ի հետ։   «Ապրիլի 5-ին կայացած հանդիպման համատեղ արդյունքներով մի քանի կարևոր ուղղություններ են նշվում, որոնք մեզ համար չափազանց կարևոր են` սկսած ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սատարումից։ Սա կարևոր քաղաքական հայտարարություն էր, որի կարիքն իսկապես այսօր ունենք»,– նշեց նախարարը։   Միրզոյանը շեշտեց` հանդիպման ժամանակ անվտանգային թեմաներ չեն քննարկվել, ռազմական բաղադրիչ չի եղել քննարկումների սեղանին։   «Բայց մյուս կողմից այն ամենը, ինչի մասին խոսել ենք, նաև երկրի դիմակայության ավելացման մասին է, որը ևս անվտանգային մաս է դառնում»,– ասաց նա։   Հիշեցնենք` ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյանի, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` Եվրամիությունն առաջիկա 4 տարիների համար Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրո դրամաշնորհ, ԱՄՆ-ն Հայաստանի տնտեսությունում 65 միլիոն դոլարի ներդրում կանի։
11:11 - 07 ապրիլի, 2024