Հայաստանն ու Հունաստանը տնտեսության, մշակույթի, կրթության ու անվտանգության ոլորտում նոր խթան կտան երկկողմ հարաբերություններին. Փաշինյան
|armenpress.am|
armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպման ընթացքում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցում: Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարել է Աթենքում՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
«Իհարկե, տարածաշրջանային իրավիճակը, միջազգային իրավիճակը մեր քննարկումների կարևոր թեմաներից մեկն էր: Վարչապետ Միցոտակիսիին պատմեցի Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ գործադրվող մեր ջանքերի մասին: Պատմեցի նաև առկա խնդիրների մասին, ո՞ւր ենք հասել և ի՞նչ խնդիրներ կան հետագա առաջընթացը ապահովելու համար: Իհարկե, տեղյակ եք, որ առաջիկայում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը, և պետք է հույս ունենանք, որ այդ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել»,- հայտարարեց Հայաստանի վարչապետը:
Անդրադառնալով բանակցությունների օրակարգի մյուս թեմաներին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց.
«Սա, իսկապես, կարևոր այց է մեզ համար՝ քննարկելու Հայաստան-Հունաստան երկկողմ օրակարգի հարցերը, ինչպես նաև Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների հետագա խորացման հարցերը: Հաճույքով պիտի ընդգծեմ, որ մեր միջպետական կապերը նույնպես բավական լավ տեմպերով զարգանում են, և այսօրվա այցի արդյունքներով, իհարկե, նոր խթան կտանք մեր երկկողմ հարաբերություններին՝ տնտեսության ոլորտում, մշակույթի ոլորտում, կրթության ոլորտում, նաև անվտանգության ոլորտում: Պաշտպանության ոլորտում ունենք համագործակցության բավականին երկար պատմություն և, համոզված եմ, որ այդ մեր համագործակցությունն ավելի արդյունավետ կդառնա»:
Նիկոլ Փաշինյանը Հունաստանի գործընկերոջը շնորհակալություն հայտնեց ոչ միայն երկու երկրների հարաբերությունների զարգացմանը նպաստելու, այլև Եվրամիության հետ Հայաստանի կապերի ամրապնդմանն աջակցելու համար:
«Ուզում եմ ընդգծել, որ մեր հարաբերություններում ամենևին էլ երկրորդական դեր չի կատարում այն, որ երկու երկրներն առանցքային նշանակություն են տալիս բարեփոխումներին՝ ընդհանրապես, և ժողովրդավարական բարեփոխումներին՝ մասնավորապես: Եվ սա շատ կարևոր արժեքային հենք է ստեղծում մեր հարաբերությունների զարգացման համար ոչ միայն Հունաստանի, այլև Եվրամիության հետ ընդհանրապես: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Հունաստանին՝ Եվրամիության հետ մեր հարաբերությունների զարգացմանն աջակցելու և հետագա աջակցության պատրաստակամության համար: Տեղյակ եք, որ Եվրամիությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի հիմնական գործընկերներից է: Եվ այդ համատեքստում մեր համագործակցությունն արդեն իսկ ցույց է տվել իր արդյունքները: Համոզված եմ՝ առաջիկայում ավելի տեսանելի արդյունքներ կլինեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի կառավարության ղեկավարն անդրադարձավ նաև Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությանը Հունաստանի մասնակցությանը.
«Ուզում եմ ընդգծել նաև Հունաստանի մասնակցությունը Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությանը, որը դիտարկում է Ադրբեջանի հետ ՀՀ-ի սահմանը: Հունաստանի մասնակցությունն այստեղ շատ գնահատելի է և կարևոր»:
Նիկոլ Փաշինյանը և Կիրիակոս Միցոտակիսը անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի, քննարկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առնչվող խնդիրները:
«Քննարկեցինք նաև մեր տարածաշրջանային իրավիճակը, հատուկ անդրադարձ ունեցանք էթնիկ զտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 100 հազար հայերի հումանիտար կարիքների բավարարման գործընթացին: Ես Հունաստանի վարչապետին պատմեցի այն միջոցները, որ արդեն իսկ հասցրել ենք իրականացնել, բայց նաև ասեցի, որ այժմ երկարաժամկետ ծրագրերի մասին որոշումներ կայացնելու փուլում ենք: Կարևոր է նաև այն, որ եթե մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրատեսական հնարավորություն չունենան, մեր քաղաքականությունն է՝ ամեն ինչ անել, որ նրանք մնան ՀՀ-ում: Քննարկեցինք նաև այդ իրավիճակի հետ կապված հարցեր»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի վարչապետը կարևորեց նաև Հայաստանի և Հունաստանի տնտեսական համագործակցության զարգացումը:
«Իրականում, մեր երկկողմ հարաբերությունները բազմաշերտ են, և մենք ուրախությամբ ենք արձանագրում, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հունաստանում բավականին լավ տնտեսական աճ և տնտեսական դինամիկա կա: Սա լավ հնարավորություն է, որպեսզի կարողանանք քայլեր ձեռնարկել մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները խորացնելու և նրանց մասշտաբները մեծացնելու, փոխելու: Ցավոք սրտի, ի հեճուկս մեր ջերմ, բարեկամական, քաղաքական հարաբերությունների՝ երկկողմ առևտուրն առանձնապես տպավորիչ չէ: Իհարկե, սա պետք է լինի մեր կառավարությունների օրակարգի հարցերից մեկը: Եվ հույս ունեմ, որ առաջիկայում մենք միջկառավարական համագործակցության հանձնաժողովի նիստ կհրավիրենք: Այդպիսի նախնական ընկալում կա, որ ամռանը այն տեղի կունենա Երևանում և հնարավորություն կունենանք այդ խնդիրներն ավելի ընդարձակ քննարկել և ավելի կոնկրետության մեջ քննարկել»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
18:20 - 27 փետրվարի, 2024