Այն, ինչ մենք տեսնում ենք, միանշանակ աթոռակռիվ հիշեցնող և որևէ նոր բովանդակություն չառաջարկող գործընթաց է․ Էդուարդ Աղաջանյանը՝ ընդդիմության բողոքի ակցիաների մասին
Այն, ինչ այսօր տեսնում ենք, միանշանակ աթոռակռիվ հիշեցնող և որևէ նոր բովանդակություն չառաջարկող գործընթաց է, որում նաև ներգրավված են անձինք, ում հետագիծն այլ բան ենթադրելու տեղիք չի տալիս։ ՍիվիլՆեթի տաղավարում հայտարարեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
«Այսօրվա, այսպես կոչված, անհնազանդության ակցիաները ոչ այլ ինչ են, քան կրկնօրինակում 2018-ի իրապես համաժողովրդական շարժման տակտիկական լուծումներով համեմված կամ ամբողջությամբ դրանցով պայմանավորված գործողություններ, որոնք ամբողջությամբ բովանդակազուրկ են։ 2018 թ․ կար օբյեկտիվ հանրային դժգոհություն, որը պայմանավորված էր օբյեկտիվ խնդիրներով, որոնք կուտակված էին 20 և ավելի տարիների ընթացքում, իսկ այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, միանշանակ աթոռակռիվ հիշեցնող և որևէ նոր բովանդակություն չառաջարկող գործընթաց է, որում նաև ներգրավված են անձինք, ում հետագիծն այլ բան ենթադրելու տեղիք չի տալիս»,- ասաց Աղաջանյանը։
Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ մինչ օրս որևէ ընդդիմադիր քաղաքական գործիչ չի պատասխանել հետևյալ հարցին՝․
«Եթե դուք լինեիք իշխանություն թե՛ նախքան պատերազմը, թե՛ պատերազմից հետո, որո՞նք կլինեին ձեր քայլերը։ Ես ընդամենը մեկ անգամ ԳԵղամ Մանուկյանի կողմից լսել եմ մոտավորապե հետևյալ պատասխանը, որ մենք չեն անի սա, չենք անի երկրորդը, չենք անի երրորդը։
Հաջորդ հարցը վերաբերում է հետևյալին՝ իսկ ի՞նչ կանեք դուք՝ գալով իշխանությանը։ Հարցի պատասխանը անփոփոխ է՝ մենք չեն անի սա, չենք անի երկրորդը, չենք անի երրորդը»։
Էդուարդ Աղաջանյանը նշեց․ «Հետևելով վերջին օրերին ընդդիմադիր շարժման հարթակից հնչող ելույթներին՝ ես կարող եմ մի քանի արձանագրում անել․
Առաջինը և կարևորագույնը ընդդիմադիրների մոտ որևէ նոր բովանդակության իսպառ բացակայությունն է։ Որևէ նոր օրակարգ, որևէ նոր առաջարկություն, որևէ նոր պատճառ, որի համար ժողովուրդը պետք է ատքի կանգնի՝ ընդդեմ մեր իշխանության, ոտքի կանգնի որպես ընդդիմադիրների կողմնակից և ընդհանրապես նոր քաղաքական պրոցեսների մեջ ներգրավվի, ուղղակի գործնականում չկա»։
Անդրադառնալով ակցիաների ընթացքում ոստիկանության կողմից բռնության դեպքերին՝ Էդուարդ Աղաջանյանը նշեց․
«Ես կարծում եմ և վստահ եմ, որ բոլոր նման դեպքերը օբյեկտիվ քննության կարժանանան։ Ինչ վերաբերում է Ոստիկանության գործունեության ընդհանուր գնահատականին, ես կիսում եմ իմ գործընկերների գնահատականը, որ ընդհանուր առմամբ, Ոստիկանությունը պրոֆեսիոնալ կերպով կարողացել է իր առաջ դրված խնդիրը լուծել՝ մասնավորապես ապահովելով ակցիայի մասնակիցների անվտանգությունը մի կողմից, զուգահեռաբար նաև այլ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը բավականին բարձր մակարդակով իրականացվել է Ոստիկանության կողմից։
Էդուարդ Աղաջանյանը անդրադարձավ նաև հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել նշանակում է ճանաչել Արցախն էլ Ադրբեջանի կազմում․
«Մենք ևս Արցախի հարցը տարանջատում ենք և մշտապես տարանջատել ենք ձեր կողմից նշված հարցից։ Հայաստանը մշտապես հանդես է եկել հետևյալ դիրքորոշումից, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը երբևէ տարածքային վեճ չի եղել Հայաստանի համար։ Հայաստանը իր դիրքոշումն այս հարցում չի փոխել։ Հետևաբար, Ղարաբաղյան հիմնախնդիրը շարունակում է լինել ՀՀ համար արցախցիների ինքնորոշման, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարց և ոչ երբեք տարածքային վեճ Ադրբեջանի հետ»,- ասաց Աղաջանյանը։
Անդրադառնալով Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե Բրյուսելը յուրացնում է Հայաստան-Ռուսաստան- Ադբեջան համաձայնությունները, Աղաջանյանը նշեց․
«Ես չեմ կարծում, որ Ռուսաստանն անհանգստացած է այդ գործընթացով։ Ես տեղյակ եմ, որ վարչապետը բավականին հաճախ հեռախոսազանգեր է ունենում Ռուսաստանի նախագահի հետ, ԵԽ նախագահն է նաև շփվել Ռուսաստանի նախագահի հետ հենց նույն թեմայի վերաբերյալ։ Եվ հետևաբար, որակել այդ հայտարարությունը որպես անհանգստություն կամ անհանգստության արտահայտում, կարծում եմ՝ այդքան էլ տեղին չէ։
Կարծում եմ՝ Ռուսաստանը ևս պետք է շահագրգռված լինի, որ այն հարցերը, որոնք ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով վերջիններիս միջնոդությամբ չի ստացվում լուծել, կամ դրանց լուծումը դանդաղում է, եթե որևէ երրորդ կաղմի միջնորդությունն աջակցում է այդ խնդիրների լուծմանը, դա ձեռնտու է առաջին հերթին նաև Ռուսաստանին»։
Աղաջանյանը անդրադարձավ նաև Ադրբեջանում պահվող գերիների հարցին․
«Մենք չենք մոռացել գերիներին․ թե՛ ԱԺ-ում՝ բոլոր հանդիպումների ժամանակ, թե՛ միջազգային կառույցներում՝ բոլոր հանդիպումների ժամանակ, գերիների հարցն առաջնային կարևորության հարց է, որը մշտապես դրվում է մեր գործընկերների սեղանին»։
20:30 - 03 մայիսի, 2022