Հայաստան համահայկական հիմնադրամ

Հիմնադրվելով 1992 թվականին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը եզակի մի կառույց է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին և աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումը ապահովող ծրագրեր։

Հիմնադրման օրվանից ի վեր՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում և Արցախում իրականացրել է շուրջ 1300 խոշոր ծրագիր ենթակառուցվածքների, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում։ Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության միջոցով։

2018 թ․ սեպտեմբերի 24-ին հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Հայկակ Արշամյանը։ 

Քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգվի. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |hetq.am|

Քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգվի. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Պատգամավորը փոփոխություններով առաջարկում է քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը վեց ամսից դարձնել մեկ տարի: Պատգամավորը նախագիծը ներկայացնելիս հիշատակեց բոլոր այն քննիչ հանձնաժողովները, որոնք ձևավորվել են տարբեր գումարման խորհրդարաններում և որոնց ժամկետը երկարաձգվել է: ՔՊ-ական պատգամավորներն անդրադարձան ընդդիմության ձևավորած «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի` պատերազմի ժամանակ հանգանակած միջոցների վերաբերյալ քննիչ հանձնաժողովի գործունեությանը` նշելով, որ ընդդիմությունը, չկարողանալով որևէ ապօրինություն պարզել, մնաց միայն շահարկումների դաշտում: Ըստ Արուսյակ Ջուլհակյանի` դա պետական մարմինները վարկաբեկելու հերթական փորձն էր ընդդիմության համար, որին այնքան անլուրջ վերաբերվեցին, որ չեկան ժամկետը երկարաձգելու նիստին: Հիշեցնենք, որ ընդդիմությունը բոյկոտում է նիստերի աշխատանքը, նրանք փողոցային պայքար են իրականացնում: Նախագծի հեղինակ Սերգեյ Բագրատյանը համաձայնեց պատգամավորի դիտարկման հետ, որ նպատակը շահարկում էր և ուրիշ ոչինչ: Բագրատյանի խոսքով` հանձնաժողով հրավիրված որևէ պաշտոնատար անձ չի հրաժարվել մասնակցությունից, և երբ ընդդիմադիր պատգամավորները հասկացել են, որ հիմնադրամի միջոցների որևէ յուրացում չի եղել, փորձել են հարցը շահարկման դաշտ տանել: Ջուլհակյանն արձագանքեց` խնդիրը ոչ թե ժամկետներն են, այլ քննիչ հանձնաժողովների կարողությունների, համապատասխան փորձագետների բացակայությունը: Սերգեյ Բագրատյանը համաձայնեց` ամենակարևոր հարցն այն է, որ խորհրդարանական քննիչ հանձնաժողովները համապատասխան ռեսուրսներ չունեն, չեն կարողանում տարբեր փորձագետների հրավիրել: «Բայց օրենքում նշված չէ, որ միջոցներ պետք է տրամադրվեն, միակ ռեսուրսը, որ անվճար է, ժամանակն է, որ կարող ենք տալ հանձնաժողովին»,- ասաց Բագրատյանը: Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց անցումային դրույթներով հնարավորություն տալ 44-օրյա պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի գործունեության վրա ևս տարածել նախագծով առաջարկվող փոփոխությունները: Նա նշեց, որ տաս հազարից ավելի փաստաթուղթ են ուսումնասիրում: Նախագծի հարակից զեկուցող, Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանն ասաց, որ եթե նախագծի հեղինակը դեմ չէ, կարող են նախագծի առաջինից երկրորդ ընթերցում քննարկել այդ առաջարկը: Լիլիթ Ստեփանյանն էլ առաջարկեց նախագծով ամրագրել, որ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը չի կարող ավելին լինել, քան 18 ամիս: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը ևս հանձնաժողովի համապատասխան կարողությունների բացակայության մասին խոսեց` ասելով, որ պետք է մտածեն այդ հարցը լուծելու մասին, այլլապես ստացվում է, որ ամիսներով աշխատում են, սակայն անարդյունավետ: Նախագիծը երկար քննարկումներից հետո առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության և ընդունվեց:
11:56 - 25 մայիսի, 2022
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը և հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզ՝ ծանոթանալու Բերքաբեր և Բաղանիս համայնքներում իրականացվող կենսական նշանակություն ունեցող ջրամատակարարման ծրագրերի շինաշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում են հիմնադրամի գրասենյակից, մանրամասնելով, որ Բերքաբեր համայնքում հանդիպել են համայնքի ղեկավարի հետ և հետևել պոմպակայանի, բաշխիչ ավազանի և խողովակաշարերի շինարարական աշխատանքներին, նաև քննարկել հեռանկարային ծրագրեր: Նշվում է, որ Բերքաբերում իրականացվող  ջրամատակարարման ծրագիրը նպաստում է ոռոգելի հողատարածքների ընդլայնմանը:   Ծրագրի ավարտից հետո ոռոգելի հողատարածքները կավելանան ավելի քան 140 հեկտարով: Հաջորդիվ  հիմնադրամի թիմն այցելել է Բաղանիս համայնք:  Ծանոթացել է խմելու ջրի համար նախատեսված գլխամասային կառուցվածքի և մոտեցնող ջրագծի շինարարական  աշխատանքների ընթացքին: Տվյալ ծրագրի իրականացումից հետո Բաղանիս համայնքը կունենա նոր արտաքին ջրագիծ, ինչը կապահովի համայնքի 24–ժամյա ջրամատակարարումը: 3200մ երկարությամբ նոր ջրագծի  շինարարությունը սկսվել է նախորդ տարվա հոկտեմբերից, աշխատանքն ընթանում է բարդ ռելիեֆային, երբեմն նույնիսկ տեխնիկայի համար անհասանելի պայմաններում, մոտ 1400 մետրն անցնում է անտառապատ տեղանքով: «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է կենսական նշանակության ծրագրեր իրականացրել թե՛ ՀՀ և թե՛ Արցախի տարբեր համայնքներում:
16:45 - 17 փետրվարի, 2022
Բաթոյանը հրավիրվել է «Հայաստան» հիմնադրամից բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննող հանձնաժողով |armenpress.am|

Բաթոյանը հրավիրվել է «Հայաստան» հիմնադրամից բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննող հանձնաժողով |armenpress.am|

armenpress.am: 2019-2020 թթ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ներկայացնում է նախարարության մասով իրականացված աշխատանքները, պատասխանում պատգամավորների հարցերին: Բաթոյանի խոսքով, մասնավորապես պատերազմի շրջանում Հայաստանում միայն պետական միջոցներով կարող էին ապահովվել 3500 անձի համար կացության նվազագույն պայմաններ: «Նկատի ունենալով, որ 90 հազարից ավելի արցախցիներ էին Երևան ժամանում՝ այս մասով մենք չունեինք այլ տարբերակ, քան մեր հասարակության աջակցությանն ապավինելու: Եվ ի պատիվ մեր հայրենակիցների, նաև մասնավոր սեկտորի, մենք կարողացանք այնպես անել, որ որևէ արցախցի չգիշերի դրսում: Իհարկե շատ-շատ էին դժվարությունները, չեմ կարող ասել, որ խնդիրներ չկային»,-ասաց Բաթոյանը: Արցախցիների համար կացության, սննդի ապահովումը, ըստ Բաթոյանի, իրականացվել է հիմնականում մասնավոր սեկտորի, բարեգործական կազմակերպությունների միջոցով: «Այս ծրագրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամը որևէ անմիջական ֆինանսական աջակցություն չի իրականացրել»: Բաթոյանի խոսքով՝ նախարարությունը հիմնականում համակարգման աշխատանքներ է իրականացրել, երբ դիմել են բարերարներ, բարեգործներ, իրենք ուղղորդել են, որ այդ աջակցությունը լինի ուղղակիորեն: Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե արդյոք Բաթոյանը երբևէ մասնակցե՞լ է քննարկման, որտեղ խոսք կգնար կառավարությանը փոխանցվող՝ համահայկական հիմնադրամի միջոցների շրջանակում որոշակի ծրագրեր իրականացնելուն: Բաթոյանը հիշեց քննարկումներ, որոնք հատկապես ուղղված են եղել առողջապահական միջոցառումներին: «Ես կարող եմ հիշել հատկապես Շտապօգնության մեքենաների, առողջապահական ծառայությունների հետ կապված որոշակի միջոցառումներ, որտեղ ի սկզբանե հիշատակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությունը»,-ասաց նա՝ նշելով, որ հիմնադրամի աջակցությունը հիմնականում ուղղված է եղել ոչ թե սննդի կամ կացության հարցերին, այլ հիմնականում առողջապահական հրատապ խնդիրների լուծմանը, որոնք առկա են եղել այդ ժամանակ:
17:15 - 12 հունվարի, 2022
Պատերազմի ընթացքում հայտարարված համազգային դրամահավաք-արշավին մասնակցել է շուրջ 750 հազար նվիրատու |armenpress.am|

Պատերազմի ընթացքում հայտարարված համազգային դրամահավաք-արշավին մասնակցել է շուրջ 750 հազար նվիրատու |armenpress.am|

armenpress.am: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավին մասնակցել է շուրջ 750 հազար նվիրատու: Այս մասին ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը՝ ԱԺ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը նախագահող՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Արշամյանին խնդրեց ներկայացնել դրամահավաքի անցկացման նպատակները, դրամահավաքի վերաբերյալ հրապարակային հայտարարությունները, դրամահավաքին մասնակցող անձանց քանակը: Հիմնադրամի տնօրենը հիշեցրեց դրամահավաք-արշավի մեկնարկը պայմանավորված էր Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմով: «Համազգային դրամահավաքին ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 750  հազար նվիրատու, որից 500 հազար նվիրատուի գումարներն ուղիղ եկել են հիմնադրամի տարբեր հաշիվներին: Հիմնադրամն ունի դրամային հաշիվներ ԿԲ-ում, նաև հաշվեհամարներ՝ տարբեր մասնավոր բանկերում, գանձապետական հաշվեհամար չունի: Այդ 500 հազար նվիրատուի մի լուրջ հատվածը եկել է արտասահմանից»,-ասաց Արշամյանը: Այդ թվերը մոտավոր են: Նվիրատուների մի լուրջ հատվածի ուղղակի նույնականացնել չի լինում, կարճ հաղորդագրությունների միջոցով 1000 դրամներ փոխանցած անձանց անհատական տվյալներ չկան: Բացի այդ առցանց նվիրատվություններ կատարած բազմաթիվ նվիրատուներ չեն նշել իրենց անուն-ազգանունները: Արշամյանը վստահեցրեց, որ դրամահավաքի մեկնարկը համաձայնեցվել է հոգաբարձուների խորհրդի նախագահի, խորհրդի մի շարք անդամների, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ: «Դա համազգային ջանք է եղել, և հիմնադրամը սեպտեմբերի 27-ին ուղղակի չի արթնացել և ասել, որ դրամահավաք է սկսում: Ռազմական դրության պայմաններում պետք է այդ ամեն ինչը համաձայնեցնել համապատասխան կառույցների հետ, թե արդյոք ճի՞շտ է, որ հիմնադրամը դա անի: Ի վերջո, այդ կոնսենսուսային որոշումն է եղել, որ համազգային դրամահավաքն իրականացվի բացառապես հիմնադրամի միջոցով: Այսինքն՝ հիմնադրամը կամուրջ է հանդիսացել պատերազմի մարտահրավերները դիմագրավելու համար դրամահավաք իրականացնելու առումով»,-ասաց հիմնադրամի տնօրենը: «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանը հետաքրքրվեց, թե դրամահավաքը ո՞վ է նախաձեռնել, դա եղե՞լ է պատվեր կառավարության կողմից, առաջա՞րկ ՀՀ նախագահի կողմից, թե՞ հիմնադրամի տնօրենն ինքն է առաջարկել դա պաշտոնատար անձանց: Արշամյանը պատասխանեց՝ «և, և, և»:
17:04 - 11 հունվարի, 2022
Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը նորովի ուժով կհաղթահարեն բոլոր դժվարությունները. «Հայաստան» հիմնադրամի ուղերձը

Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը նորովի ուժով կհաղթահարեն բոլոր դժվարությունները. «Հայաստան» հիմնադրամի ուղերձը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր մասնակցել են մարդկային մեկ ժպիտ, հույս ու ապագային նորովի նայելու հնարավորություն տվող հիմնադրամի ծրագրերին: «Վերջին երկու տարիներն իրապես բարդ էին՝ բոլոր առումներով: Առ այսօր շարունակվող համավարակը դեռ չհաղթահարած՝ մեկ տարի առաջ նրան հետևեց պատերազմն իր ծանր հետևանքներով: Արդյունքում բախվեցինք ցավալի իրականությանը՝ հոգեպես և ֆիզիկապես վիրավորված զինվորներ, անօթևան մնացած արցախցիներ, ավերված ենթակառուցվածքներով Արցախ, սոցիալապես անկում ապրած սահմանային համայնքներ` իրենց խնդիրներով (ոռոգման ջուր, արոտավայրերի կորուստ, տնտեսական անկում): Սակայն, օր առաջ համախմբվելով այս մարտահրավերների հաղթահարման շուրջ, Հայաստան-Սփյուռք կառուցողական սերտ համագործակցության շնորհիվ, COVID-19-ի և պատերազմի բռնկման առաջին օրերից մեծածավալ աշխատանքներ իրականացվեցին թե՛ համավարակը մեղմելու և թե՛ հետպատերազմյա ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ:   Միասնական գործելու արդյունքում, հարյուրավոր զինվորներ, իրենց վերագտնելով, վերադարձան բնականոն կյանք, Արցախում կառուցվող բազմաբնակարան շենքերի, առանձնատների, կրթօջախների ու ռազմավարական ճանապարհների շնորհիվ արցախցիները նոր կյանք են սկսում՝ ապագայի հույսով։   Սյունիքի և Տավուշի բազմաթիվ համայնքներում իրականացվող զարգացման ծրագրերի շնորհիվ սահմանային բնակավայրերի մեր հայրենակիցներն էլ ավելի ամուր կկանգնեն իրենց հողում, իսկ Գյումրիի բնակարանային լայնածվալ ծրագիրը հնարավորություն կտա սոցիալապես անապահովներին փոխել իրենց կյանքի որակն ու բարեկեցիկ կյանք սկսել: Հիմնադրամի մեծածավալ պարբերական ֆինանսական աջակցության շնորհիվ ամոքվում են ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում հայտնված լիբանանահայության խնդիրները։   Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը կամրջվելով միասնական նպատակների շուրջ՝ նորովի ուժով կհաղթահարեն բոլոր դժվարությունները: Կարևորը՝ այսօր ընթացող այս կենսական նշանակության ծրագրերի շարունակականության ու նոր ծրագրերի մեկնարկի ապահովումն է:   Շնորհակալություն բոլորին, ովքեր մասնակցել են մարդկային մեկ ժպիտ, հույս ու ապագային նորովի նայելու հնարավորություն տվող հիմնադրամի ծրագրերին»,- ասվում է հիմնադրամի ուղերձում:    
16:10 - 31 դեկտեմբերի, 2021
Արցախում «Հայաստան» հիմնադրամի գործունեության դադարեցման տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. պարզաբանում

Արցախում «Հայաստան» հիմնադրամի գործունեության դադարեցման տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. պարզաբանում

Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատրաստվում է դադարեցնել գործունեությունն Արցախում, չի համապատասխանում իրականությանը։  «Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատրաստվում է դադարեցնել գործունեությունն Արցախում, չի համապատասխանում իրականությանը։ Հիմնադրամը շարունակում է բնականոն գործունեություն ծավալել և Արցախում ունի բազում կարևոր լայնածավալ ծրագրեր, որոնց մի մասն արդեն ավարտվել է, իսկ մյուս մասն ընթացքում է։ Այս պահին հիմնադրամն Արցախում իրականացնում է շուրջ 40 մեծածավալ տարաբնույթ ծրագրեր, ընդհանուր առմամբ՝ շուրջ 70 միլիոն դոլար արժեքով։ Կառուցվում է 1100 բնակարան և առանձնատուն, 50 կմ-ից ավել ռազմավարական տարբեր ճանապարհներ, ավարտին է հասնում Արցախի պետական համալսարանի կառուցումը, վերանորոգվում և կառուցվում են դպրոցներ, իրականացվում է ջրամատակարարման երեք խոշոր ծրագիր և այլն։ Հիմնադրամի շուրջ անհիմն շահարկումները վնասում են մեր ընդհանուր գործին,- ասված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարածած հայտարարությունում։
09:51 - 29 դեկտեմբերի, 2021
Վարչապետը հանձնարարել է աուդիտի համար հասանելի դարձնել «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի սկզբնական բոլոր փաստաթղթերը․ «Հայաստան» հիմնադրամ

Վարչապետը հանձնարարել է աուդիտի համար հասանելի դարձնել «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի սկզբնական բոլոր փաստաթղթերը․ «Հայաստան» հիմնադրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հաղորդագրություն է տարածել հոգաբարձուների խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 27-ի 30-րդ նիստի օրակարգի 1-ին կետի վերաբերյալ, որում ասվում է․«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը լսեց «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հավաքագրված և 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված դրամական միջոցների  նպատակային օգտագործման վերաբերյալ  խորհրդի կողմից ստեղծված աշխատանքային խմբի, հիմնադրամի հաշվեքննությունն իրականացնող աուդիտորական կազմակերպության և ՀՀ ֆինանսների նախարարի զեկույցները և դրանք ընդունեց ի գիտություն։Աշխատանքային խումբը հայտնեց, որ դրամական միջոցների ոչ նպատակային կիրառման մասին հավաստի որևէ ապացույց չի ստացել, ինչպես նաև աշխատանքային խումբն ու արտաքին աուդիտորը զեկուցեցին, որ իրավական սահմանափակումները խոչընդոտել են ՀՀ կառավարության կողմից ծախսված գումարների սկզբնական փաստաթղթերի ուսումնասիրումը:ՀՀ վարչապետը դիմեց ՀՀ հաշվեքննիչ պալատին՝ առաջարկելով դիտարկել այս հարցով կատարվելիք հաշվեքննություններում աշխատանքային խմբին և աուդիտորական կազմակերպությանը փորձագիտական մակարդակով ներգրավելու հնարավորությունը:ՀՀ վարչապետը հայտարարեց Կառավարության թափանցիկ և հաշվետվողական գործելու պատրաստակամության մասին. աշխատանքային խմբի և արտաքին աուդիտորական կազմակերպության համար հասանելի դարձնել սկզբնական բոլոր փաստաթղթերը՝ աշխատանքներն ամբողջականացնելու համար և, որը շատ էական է,  վստահեցնել թե՛ խորհրդին, թե՛ հանրությանը, որ Հիմնադրամի ներդրումները Կառավարության խողովակներով պատշաճ կերպով են օգտագործվել։Հոգաբարձուների խորհուրդն ուշադրության կենտրոնում կպահի այս հարցը և, ըստ անհրաժեշտության, վերստին կանդրադառնա դրան։Խորհուրդը, արժևորելով Հիմնադրամի դերը աշխարհասփյուռ հայությանը համընդհանուր նպատակի շուրջ համախմբելու գործում, կրկին շնորհակալություն  հայտնեց բոլոր նվիրատուներին և աջակիցներին։
16:46 - 01 դեկտեմբերի, 2021
«Հայաստան» հիմնադրամի գումարները չարաշահողները բացահայտվելու և պատժի են ենթարկվելու. Արծվիկ Մինասյան |tert.am|

«Հայաստան» հիմնադրամի գումարները չարաշահողները բացահայտվելու և պատժի են ենթարկվելու. Արծվիկ Մինասյան |tert.am|

tert.am: Եթե քննիչ հանձնաժողովը վերջում եզրակացնի, որ «Հայաստան» հիմնադրամի` բյուջե փոխանցված միջոցները եղել են արդարացված, անկախ քաղաքական տարաձայնություններից, հայտարարելո՞ւ եք,  որ խնդիր գոյություն չի ունեցել և վերականգնել հիմնադրամի հանդեպ վստահությունը։ Այս մասին հարց ուղղելով հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին, ասաց իշխող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Ի պատասխան| Արծվիկ Մինասյանը նշեց․«Բոլոր այն մարդիկ, ովքեր ակնկալում են այս հանձնաժողովից արդյունավետ աշխատանք, երբեք կասկածներ չպետք է ունենան հանձնաժողովի աշխատանքների հետ կապված։ Այո, ես որպես հանձնաժողովի նախագահ հրապարակային ասում եմ` մեր նպատակը ճշմարտությունը վեր հանելն է, հաստատել կամ հերքելը միջոցների օգտագործման օրինականությունը։  Եթե կան չարաշահումներ, ապա պատշաճ ընթացք ենք տալու մեղավորներին բացահայտելու և պատժի ենթարկելու համապատասխան վարույթներ հարուցելուն, անելու ենք ամեն ինչ, որ  վերականգվեն անարդյունավետ կամ ապօրինի օգտագործված գումարները, ինչպես նաև  ՀՀ խաթարված հեղինակությունը։ Ի վերջո «Հայաստան» հիմնադրամը Հայաստանի անկախության տարիների պատմության մեջ ամենակայացած ինստիտուտներից մեկն է եղել»։
17:41 - 30 նոյեմբերի, 2021
«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն է վերընտրվել Հայկակ Արշամյանը

«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն է վերընտրվել Հայկակ Արշամյանը

Այսօր` նոյեմբերի 27–ին, տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը, որը վարել է Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը:  Հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն՝ նիստին մասնկացում էին հոգաբարձուների խորհրդի 23 անդամները, որից 4-ը՝ հեռավար: Նիստի բացմանը մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հիշատակը: «Նիստի առաջին հարցը վերաբերում էր Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված դրամական միջոցների ուսումնասիրությանը, որի վերաբերյալ հնչեցին մի քանի զեկույցներ: Խորհուրդը մանրամասն քննարկեց զեկույցները և որոշում կայացրեց հանդես գալ հայտարարությամբ, որը կհրապարակվի մոտ ապագայում: «Իրավիճակը և իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության և աշխատանքների վրա՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում»,–ասել է նախագահ Արմեն Սարգսյանը և հավելել,-«ներկայումս ավելի է հասունացել Հիմնադրամի արդիականացման պահը: Պետք է որդեգրել նոր մտածողություն, լայնորեն կիրառել նոր տեխնոլոգիաներ, գտնել կազմակերպական նոր մոդելներ»: Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրեց 2020-21 թթ. Արցախի և Հայաստանի մի շարք համայնքների առողջապահական, սոցիալական, մշակութային, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված լայնածավալ ծրագրերը: Համաձայն օրակարգի՝ հաստատվեցին 2020թ. համախմբված ֆինանսական և ծրագրային հաշվետվությունները, 2021 թվականի բյուջեն, ինչպես նաև քննարկվեցին Հիմնադրամի հետագա անելիքները: Խորհուրդը որոշում կայացրեց երեք տարի ժամկետով հաստատել Հայկակ Արշամյանին գործադիր տնօրենի պաշտոնում։ «Հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստն անցավ կառուցողական մթնոլորտում: Եղան բազմաթիվ հարցադրումներ, որոնց տրվեցին հստակ և սպառիչ պատասխաններ»,– նշեց Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նիստի ավարտից հետո: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց հարյուր հազարավոր նվիրատուներին, որոնք իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել այս ծանր ժամանակահատվածում հայրենիքի զորացման գործում»- ասված է հաղորդագրությունում:
19:32 - 27 նոյեմբերի, 2021
Ավելի է հասունացել «Հայաստան» հիմնադրամի արդիականացման պահը. ՀՀ նախագահ |armenpress.am|

Ավելի է հասունացել «Հայաստան» հիմնադրամի արդիականացման պահը. ՀՀ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը ակնկալում է, որ հիմնադրամում իրականացվող համապատասխան ուսումնասիրությունների արդյունքները լույս կսփռեն իրավիճակի վրա և կծառայեն վստահության մթնոլորտի ձևավորմանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին ՀՀ նախագահը բացման իր խոսքում նշեց, որ նոյեմբերի 27-ի նիստը տեղի է ունենում փորձություններով և մարտահրավերներով լի բարդ ժամանակահատվածում՝ ի դեմս Ադրբեջանի կողմից Արցախի դեմ  սանձազերծած պատերազմի, Հայաստանի ինքնիշխան  տարածքի հանդեպ ռազմական  ագրեսիայի, ինչպես նաև համավարակի հետևանքների: Նախագահ Սարգսյանը առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի անվտանգության և պաշտպանության համար զոհվածների և համավարակի հետևանքով մահացած հայրենակիցների հիշատակը: «Բնականաբար իրավիճակը և իրադարձությունները իրենց ազդեցությունն են թողել  նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության և աշխատանքների վրա, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Հիմնադրամի աշխատանքների ուղղվածությունը ենթարկվել է իրավիճակով պայմանավորված , չնախատեսված սրբագրումների: Այսօրվա նիստում տեղեկացրին նաև այդ մասին: Որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, որպես հիմնադրամին նվիրատու և  որպես հայ, ցավ եմ ապրում անվստահության խոսակցությունների և արձագանքների համար»,- ընդգծեց ՀՀ նախագահը: Արմեն Սարգսյանի խոսքով` հիմնադրամը անցել է երկար ու դժվարին ճանապարհ, և պետք է ամեն ինչ անի սխալներն ու թերությունները շտկելու և վստահությունը վերականգնելու համար: Մյուս կողմից, ըստ նախագահի, ավելի է հասունացել հիմնադրամի արդիականացման պահը: «Պետք է որդեգրել նոր մտածողություն, լայնորեն կիրառել  նոր տեխնոլոգիաներ, գտնել կազմակերպման նոր մոդելներ»,- շեշտեց Սարգսյանը: Նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր հայրենակիցներին, նվիրատուներին և բարերարներին: «Ուրախ եմ, որ օրերս կայացած հեռուստամարաթոնին հանգանակվել է զգալի գումար: Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք և կառուցողական քննարկումներ»,- եզրափակեց Սարգսյանը: Հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին խորհրդի 30 անդամներից ներկա են 18-ը, հեռավար կարգով մասնակցում է 5 խորհրդի անդամ, հիմնադրամի տեղական մարմինների ատենապետեր և ներկայացուցիչներ: Նիստին մասնակցում է  նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրակարգում են ընդգրկվել են հետևյալ հարցերը. «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հավաքագրված և 2020թ. հոկտեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում թվով ինը պայմանագրերով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված 52,703,114,113 ՀՀ դրամի նպատակային օգտագործման վերաբերյալ ուսումնասիրության քննարկում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության 2011 թվականի տարեկան բյուջեի հաստատում, հիմնադրամի գործադիր վարչության 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տարեկան համախմբված ֆինանսական և ծրագրային տարեկան հաշվետվությունների հաստատում, 2021թ. նոյեմբերի 27-ից երեք տարի ժամկետով Հայկակ Արշամյանին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու մասին քննարկում:
11:40 - 27 նոյեմբերի, 2021
Ռոբերտ Քոչարյանը, Ալբերտ Պողոսյանը, Զավեն Խանջյանը և Սերժ Սարգսյանը խորհրդի նիստից առաջ ներկայացրել են գրավոր կարծիքներ, որոնք կհնչեցվեն հոգաբարձուների խորհրդի կայանալիք նիստում․ «Հայաստան» հիմնադրամ

Ռոբերտ Քոչարյանը, Ալբերտ Պողոսյանը, Զավեն Խանջյանը և Սերժ Սարգսյանը խորհրդի նիստից առաջ ներկայացրել են գրավոր կարծիքներ, որոնք կհնչեցվեն հոգաբարձուների խորհրդի կայանալիք նիստում․ «Հայաստան» հիմնադրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարություն է տարածել, որում ասվում է․«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոյեմբերի 27-ի կայանալիք նիստին ընդառաջ՝ նիստի օրակարգը և նյութերը ուղարկվել են հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին՝ խնդրելով ներկայացնել կարծիք օրակարգի հարցերի վերաբերյալ։ Նույն նյութերն ուղարկվել են նաև Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանին՝ ներկայացնելու իրենց կարծիքները, ինչպես նաև նրանք հրավիրվել են մասնակցելու հոգաբարձուների խորհրդի նիստին:Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգի առաջին հարցը «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հավաքագրված և 2020թ. հոկտեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում թվով ինը պայմանագրերով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված 52,703,114,113 ՀՀ դրամի նպատակային օգտագործման վերաբերյալ ուսումնասիրության զեկույցն է, որը չի ենթադրում փաստաթղթի հաստատում խորհրդի կողմից:  Խորհրդի անդամներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ալբերտ Պողոսյանը, Զավեն Խանջյանը, ինչպես նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդի նիստից առաջ ներկայացրել են իրենց գրավոր կարծիքները, որոնք կհնչեցվեն խորհրդի կայանալիք նիստում»: 
17:25 - 26 նոյեմբերի, 2021
Այսօր կանցկացվի «Հայաստան» հիմնադրամի 24-րդ հեռուստամարաթոնը՝ «Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրի ներքո

Այսօր կանցկացվի «Հայաստան» հիմնադրամի 24-րդ հեռուստամարաթոնը՝ «Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրի ներքո

Այսօր տեղական ժամանակով ժամը 18:50 Հանրային հեռուստատեսության եթերում կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի 24-րդ հեռուստամարաթոնը՝ «Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրի ներքո: Հիմնադրամի հաղորդագրության համաձայն, «ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի հեռուստամարաթոնն անցկացվելու է նոր ձևաչափով՝ հաշվետու ֆիլմի տեսքով, որի ընթացքում հենց Հիմնադրամի թիմը կներկայացնի 2020-21 թվականներին իրականացված լայնածավալ ծրագրերը Հայաստանում և Արցախում»: «2020 թվականը համայն հայության համար լի էր բազում մարտահրավերներով ու վայրիվերումներով՝ կորոնավիրուսային համավարակ, տավուշյան մարտեր, Բեյրութի պայթյուն և վերջապես 44-օրյա ծանր պատերազմ։ Այդ առումով տարին նաև բացառիկ ու աննախադեպ էր հայ ժողովրդի միասնականության առումով:Իր աշխարհասփյուռ գործընկերների և նվիրատուների ջանքերի շնորհիվ է, որ Հիմնադրամը տարիներ շարունակ կարողանում է իրականացնել ռազմավարական նշանակություն ունեցող լայնածավալ ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում», - ասված է հաղորդագրությունում։Հավատարիմ մնալով ավանդույթներին՝ 24-րդ հեռուստամարաթոնը կանցկացվի նաև Լոս Անջելեսում, տեղական ժամանակով ժամը 16-ից:«Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա», - նաև նշված է հաղորդագրությունում։
11:11 - 25 նոյեմբերի, 2021
«Հայաստան» հիմնադրամն սկսել է Սյունիքի համայնքների զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնել

«Հայաստան» հիմնադրամն սկսել է Սյունիքի համայնքների զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնել

Նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Սյունիքի մարզում մեկնարկել է համայնքային, կրթական և սոցիալական նշանակության մի շարք խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր: Հիմնադրամի աշխարհասփյուռ գործընկերների միջոցներով՝ առաջին փուլով Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում տեղադրվում են արևային ջրատաքացուցիչներ, տեղեկացնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը: · Պատերազմից հետո սահմանամերձ դարձած Շուռնուխ գյուղը տնտեսապես անկում է ապրել: Գյուղը միացված չէ գազամատակարարման ցանցին, էլեկտրականությունից օգտվելու համար էլ բնակիչների գումարը չի բավարարում: Արևային ջրատաքացուցիչների շնորհիվ՝ բնակիչները ջուր տաքացնելու համար այլևս ստիպված չեն լինի փայտ վառել: Այստեղ արևային ջրատաքացուցիչներով կապահովվեն գյուղի բոլոր ընտանիքները: Էլեկտրաէներգիայի նման խնայողությունը էապես թեթևացնում է բնակիչների հոգսաշատ առօրյան: · Այսուհետ Խոզնավար գյուղը ևս կօգտվի արևային էներգիայից: Տներից 33–ում արդեն իսկ տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, աշխատանքները շարունակվում են: Նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայաններ տեղադրել նաև համայնքային նշանակության կառույցների վրա: · Արավուս համայնքում արդեն 13 տուն ապահովված է արևային ջրատաքացուցիչով: Օգնությունը դրամական չէ, բայց գումար է խնայում. 150 բնակիչ կազատվի տաք ջրի համար պահանջվող ծախսերից՝ շուրջ 70% նվազեցնելով գազի ծախսը: · Ծրագրից անմասն չմնաց նաև Դավիթ Բեկ համայնքը: Այստեղ կտեղադրվի նաև 109 արևային ջրատաքացուցիչ: Արևի ջերմությունը պատերի ներսում պահպանելու համար, փոխվել են նաև համայնքի դպրոցի դռներն ու լուսամուտները, ամրացվում է տանիքը։ Նույն աշխատանքները կտարվեն Ճակատեն համայնքում: Այսուհետ «Հայաստան» համահայկական հիմնադրամն առանձնակի ուշադրություն կդարձնի Սյունիքի մարզի համայնքների առաջնային խնդիրներին: Հանրապետության նախագահ, Հիմնադրամի հոգաբարձուների խորhրդի նախագահ Արմեն Սարգսյանն, այցելելով Սյունիքի մարզի համայնքներ և հանդիպելով համայնքապետերի հետ, նրանց առաջարկել էր ներկայացնել տեղեկություններ համայնքների առաջնային խնդիրների մասին: Նախագահը պատրաստակամություն էր հայտնել հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց լուծմանը: Քննարկումների արդյունքում՝ մի շարք խնդիրների լուծման նպատակով կազմվել էր հատուկ ծրագիր, որն իրականացվում է փուլ առ փուլ՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ ուժերով: Կգործադրվեն բոլոր միջոցներն ու ջանքերը՝ մեր համայնքների ու հայրենակիցների հոգսերը թեթևացնելու համար: *** ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։
16:28 - 19 նոյեմբերի, 2021
ԱԺ-ն հաստատեց «Հայաստան» հիմնադրամի գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը

ԱԺ-ն հաստատեց «Հայաստան» հիմնադրամի գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» ԱԺ որոշման նախագիծը ընդունելու մասին հարցը ընդունվեց Ազգային ժողովի նիստի ժամանակ 83 կողմ, 1 ձեռնպահ ձայներով։ Մինչ քվեարկությունը «Քաղաքացիական պայմանագիր╗ խմբակցության քարտուղար Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ ցանկացած խնդիր, որը հանրության հետաքրքրությունների դաշտում է, պետք է պարզ, բաց եւ թափանցիկ կերպով քննվի, եւ եթե կան որոշակի հարցեր, դրանց պետք է տալ պատասխաններ։ «Ես որպես կառավարող խմբակցության քարտուղար պետք է արձանագրեմ, որ մենք ունենք բավարար քաղաքական կամք ցանկացած հարցի տալ սպառիչ պատասխաններ, բայց բնականաբար այս ամենն արվելու է առանց էմոցիաների, առանց քաղաքական ենթատեքստերի եւ օբյեկտիվ քննության դաշտում։ Հստակորեն կարող եմ ասել, որ այս քննիչ հանձնաժողովը իր բովանդակությամբ պետք է արտացոլի հանձնաժողովի բոլոր գործառույթները։»,- ասաց նա՝ հավելելոց, որ խորհուրդ կտա ընդդիմադիր գործընկերներին զերծ մնալ քաղաքական երանգներից, որովհետեւ եթե մտնեն այդ դաշտ, կարող է պարզվել, որ նույն Հիմնադրամը տարիներ շարունակ շատ ու շատ գումարներ է վատնել, շատ ու շատ մասնավոր ընկերությունների «ատկատների» խողովակ է հանդիսացել, եւ ինչու չէ, կազինոներում խաղադրույքի հիմնական գումարն է հանդիսացել։ «Ուզում եմ նշել, որ  ցանկացած հարց, որը հանրությանը հետաքրքրում է, մեր դիտարկման եւ մեր վերլուծությունների պրիզմայի ներքո, եւ կարծում եմ, որ քվեարկությամբ եւս մեկ անգամ կհամոզվեք, որ չկան այնպիսի հարցեր, որ քաղաքական ուժի համար կարող են դառնալ խոցելի»,- ընդգծեց նա։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ իր ելույթում հավելեց․ «Քվեարկության է դրվել փաստացի փոփոխված, այսինքն՝ 11 անդամ նախատեսող հանձնաժողովի տարբերակը»։ Արձագանքելով Տիգրանյանի ելույթին՝ նա ասաց, որ երբ ԱԺ-ում հնչում են առաջարկներ զերծ պահել որեւէ բանը քաղաքականությունից, իր համար անընկալելի է, որովհետեւ նույնիսկ Ապրիլյանի հանձնաժողովի աշխատանքները բավականաչափ քաղաքականացված էին՝ գոնե հայտարարությունների մակարդակով․ «Մեր նպատակն է մեզ պատվիրակած ՀՀ քաղաքացիների եւ մեր այստեղ չպատվիրակած քաղաքացիների հարցերին պատասխաններ գտնելը»։ Քվեարկությունից առաջ էլ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վարման կարգով ասաց, որ շատ կարեւոր է խորհրդարանական վերահսկողության գործիքների կիրառումը, քննիչ հանձնաժողովների ձեւավորումը։ Նա նշեց, որ ՔՊ խմբակցությունը կողմ է քվեարկելու։
10:57 - 27 հոկտեմբերի, 2021
«Հայաստան» հիմնադրամից պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրելու հարցով ստեղծվել է քննիչ հանձնաժողով

«Հայաստան» հիմնադրամից պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրելու հարցով ստեղծվել է քննիչ հանձնաժողով

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից: ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը  կքննարկվի Ազգային ժողովի 2021թ. հոկտեմբեր 26-ին սկսվող հերթական նիստերում»,-նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանի հայտարարության մեջ:
17:07 - 22 հոկտեմբերի, 2021