Կողմ ենք Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին․ դա համընկնում է մեր քաղաքական թիմի օրակարգին․ Միքայել Մանրիկյան
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը Infocom-ի հետ զրույցում ասաց, որ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացը իրենց օրակարգում է եղել դեռևս 2018 թ․-ից․ «Մեր օրակարգում այդ խնդիրը ավելի շուտ է եղել, քան «Իմ քայլը» խմբակցությունն է սկսել, մենք դրա մասին բարձրաձայնել ենք։ Իհարկե, հիմա իրենք որ սկսել են, դա համընկնում է մեր օրակարգի հետ․ մենք ոչ թե միանում ենք, այլ դա համընկնում է մեր քաղաքական թիմի օրակարգի հետ, և բնականաբար մենք կողմ ենք լինելու»։
Մարությանին անվստահություն հայտնելու համար, Մանրիկյանի խոսքով, մի քանի պատճառներ կան․ «Մեր հիմնավորումն է սկսած կամազների թեմաներից վերջացրած շեյխերի ներդրումները։ Պարոն Ծառուկյանը ինչպես Աբովյանում երիտասարդների համար կառուցում է բնակարաններ, սոցիալական ծրագրեր, այնպես էլ ցանկություն է հայտնում Երևանում կառուցել։ Դիմել էինք քաղաքապետարան, որպեսզի հող հատկացվեր, ասել էին՝ հող չկա, բայց կոնկրետ այդ հողը, որի համար դիմել էինք, ամիսներ անց վաճառվել էր աճուրդով։ Այսինքն՝ այս ամեն ինչի համատեքստից ելնելով, մենք դեռ 2018 թ․-ից այդ օրակարգը ձևավորել ենք»։
Մանրիկյանն ընդգծեց՝ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց չեն նախաձեռնել, որովհետև ավագանիում բավարար ներկայացվածություն չեն ունեցել․ «Հիմա կա այդպիսի օրակարգ, որը համընկնում է մեր քաղաքական թիմի օրակարգի հետ, բայց մեր հիմնավորումները այն հիմնավորումները չեն, որոնք կբերի «Իմ քայլը», մենք մեր հիմնավորումների վրա ենք կառուցում մեր մոտեցումը»։
Նա հավելեց, որ իր հայտնած տեսակետը Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետն է։
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել։ Խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ արդեն 39 ստորագրություն արդեն հավաքել են։ Այս հայտարարությունից հետո ավագանու «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ հայտարարել էին, որ իրենք չեն միանալու քաղաքապետին պաշտոնանկ անելու գործընթացին։
Նանե Ավետիսյան
17:06 - 16 դեկտեմբերի, 2021