Երեւան

ՀՀ մայրաքաղաքն է ու խոշորագույն բնակավայրը, վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը: Համաձայն Հայաստանի պաշտոնական տեղեկատվության՝ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ ունի 1.068.000 բնակիչ։ Տարածքը 227 կմ² է, բարձրությունը ծովի մակարդակից 1000մ։ 1995 թվականի ՀՀ նոր վարչատարածքային բաժանմամբ՝ Երեւանն ստացել է մարզի (Երեւանի քաղաքապետին նշանակում էր ՀՀ նախագահը), սահմանադրական փոփոխություններից հետո (2005)՝ համայնքի (հոդված 108) կարգավիճակ, ունի դրոշ, զինանշան եւ օրհներգ: Տեղական ինքնակառավարումը Երեւանում իրագործվում է «Տեղական ինքնակառավարման մասին» (2002) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» (2008) ՀՀ օրենքներին համապատասխան։ Երեւանի տեղական ինքնակառավարման մարմիններն են ավագանին եւ քաղաքապետը: Գործող քաղաքապետը Հայկ Մարությանն է՝ ընտրված «Իմ քայլը» դաշինքից։ Ավագանիում ներկայացված են նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լույս» խմբակցությունները։

Հոկտեմբերի 24-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Հոկտեմբերի 24-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Աբելյան փ. 47 շենքի բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Նուբարաշեն 11 փողոցի առանձնատներ, 11:00-16:00 Նուբարաշեն 6փ. 26, 28; 8փ. 2-18; 10փ. 1-12; 12փ. 1-12 առանձնատներ, 11:00-17:00 «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, թիվ 143 մանկապարտեզ, «Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ,Զինկոմիսարիատ, Բագրատունյաց պող․ 4, 6, 8, 10 շենքեր, Բագրատունյաց պող. 1-ին նրբ․ 3, 7, 9, 11, 13, 15 շենքեր, Արտաշիսյան փ․ 40/8, 42/6, 42/7, 44/4ա, 44/3, 44/4, 44/5, 45/20, 45/21, 47/19, 49/19ա, 51/16, 51/17, 51/18 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորագավիթ թաղ. 1, 2, 6 փողոցների առանձնատներ, Նորագավիթ թաղ. 1-ին փողոցի 1-ին փակուղու առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորագավիթ թաղ. 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի առանձնատներ, Նորագավիթ թաղ. 6-րդ փողոցի 6-րդ փակուղու առանձնատներ, Համբարձումյան փ. 10, 12, 45/2, 47 շենքեր և 37-67Ա առանձնատներ, Արաբկիր 23փ. 1/2; 25փ. 2, 2/1, 17; 27փ. 6/2, 9 շենքեր, Արաբկիր 27փ. 1-13 առանձնատներ, Արաբկիր 25 փողոցի առանձնատներ, Ռիգայի փ. 126/4 շենք, Վերին Անտառային փ. 9-192/2, 13/4, 27/1 121/7, 124/1, 133, 135, 136/3, 138/2, 138/6 շենքեր և 1-186/13 առանձնատներ, Անտառային փ. 11-220 շենքեր և 1-148/5 առանձնատներ, Լեռ Կամսարի փ. 30/3, 40/2 շենքեր, Լեոնիդ Ազգալդյան փ. 12/5, 12/6 շենքեր, Աղբյուր Սերոբի փ. 52/20 շենքեր, Գևորգ Էմինի փ. 22 շենք։Արմավիրի մարզի՝ 11:00-17:00 Լենուղի, Այգեվան, Հուշակերտ, Արաքս, Նոր Ամասիա և Նալբանդյան գյուղեր, Արարատի մարզի՝ 11:00-16:00 Արտաշատ քաղաք՝ Թումանյան, Մարքսի, Իսակովի, Աճառյան, Արազի, Այվազովսկու, Բակունցի, Բուդաղյան, Թորոմոնյան, Կասյան, Ներսիսյան, Դուրյան, Օգոստոսի 23-ի և Օրբելի փողոցներ մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 11:00-15:00 Գլաձոր գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-17։00 Կոտայք և Կաթնաղբյուր գյուղեր մասնակի, Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 10։30–16:30 Լիճք բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Տավուշի մարզի` 11:00-13:00 Գետահովիտ գյուղ, գազի լցակայաններ, բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 16:30-17:30 Ջուջևան, Ոսկեպար, Բարեկավան գյուղեր, գազի լցակայաններ, բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզի՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան՝ Բավրա գյուղի 3-րդ փողոց մասնակի։Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
12:01 - 22 հոկտեմբերի, 2022
Չեխովի անվան դպրոցի ծնողները և աշակերտները բողոքի ակցիա են իրականացնում նոր տնօրենի ընտրության դեմ |tert.am|

Չեխովի անվան դպրոցի ծնողները և աշակերտները բողոքի ակցիա են իրականացնում նոր տնօրենի ընտրության դեմ |tert.am|

tert.am: Չեխովի անվան դպրոցի ծնողները և աշակերտները բողոքի ակցիա են իրականացնում նոր տնօրենի ընտրության դեմ։ Քաղաքապետարանի կայացրած որոշման մասին տեղեկանալուց հետո դպրոցի ծնողները ինքնաբուխ որոշել էն բողոքի ակցիա իրականացնել։ «Շատ հեշտ է քանդել դպրոցի՝ տարիներով ստեղծված մթնոլորտը։ Տարիներ շարունակ դպրոցը ունեցել է հրաշալի ղեկավար, նրա պարտականությունների ավարտից հետո դպրոցը այժմ ունի իր թեկնածուն, որը շատ լավ իրականացնում է իր պարտականությունները։ Ու հետո վերցնել ու նշանակել ոմն մեկին՝ հաշվի չառնելով որևիցե մեկի կարծիքը ու որոշումը, ճիշտ չէ։ Նոր թեկնածուն՝ Դիաննա Մինասյանը, ով քաղաքապետարնից ստացել է 4 ձայն, բացարձակ որևէ շփում չի ունեցել ծնողների, դպրոցի հետ, նա ինչպես պետք է ղեկավարի դպրոցը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից ծնողներից մեկը։
13:02 - 01 ապրիլի, 2022
Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին երկկողմանի փակ է եղել մինչեւ մարտի 24-ը՝ ժամը 04:00-ն |armenpress.am|

Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին երկկողմանի փակ է եղել մինչեւ մարտի 24-ը՝ ժամը 04:00-ն |armenpress.am|

armenpress.am: Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին երկկողմանի փակ է եղել մարտի 23-ի կեսօրվանից մինչև մարտի 24-ի ժամը 04:00-ն։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մնացականյանը, բողոքի ակցիա իրականացնողների կողմից ճանապարհը բացվել է միայն իշխանության պատկան մարմինների հետ տեղի ունեցած բանակցություններից հետո։ «Պայմանավորվել ենք ՀՀ ազգային ժողովի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Գեղարքունիքի մարզպետի հետ, որ մարտի 24-ի ժամը 14:00-ին մեզ մոտ հատուկ քննարկում է տեղի ունենալու նույն կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հուսով, եմ, որ կգտնվի որևէ հանգուցալուծում»,-ներկայացրեց Դավիթ Մնացականյանը։ Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Սևան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները քվեարկության չեն մասնակցել՝ դրանով արտահայտելով իրենց անհամաձայնությունը համայնքների միավորման քաղաքականությանը և գործընթացներին։ Իսկ մարտի 23-ին նրանք իրականացրել են բողոքի ակցիա՝ երկկողմանի փակելով Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին։ Ճանապարհը փակ է մնացել մոտ 16 ժամ։
11:12 - 24 մարտի, 2022
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել երեխային բռնության ենթարկելու համար մեղադրվող դայակին կալանավորելու միջնորդությունը |armenpress.am|

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել երեխային բռնության ենթարկելու համար մեղադրվող դայակին կալանավորելու միջնորդությունը |armenpress.am|

armenpress.am: Երևանի մանկապարտեզներից մեկում երեխային բռնության ենթարկելու համար մեղադրվող դայակին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին ասաց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: «Փետրվարի 5-ին միջնորդություն է ներկայացվել դատարան, դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել դայակի կալանքի միջնորդությունը և կիրառել ստորագրություն չհեռանալու մասին»,- ասաց Թադևոսյանը: Ավելի վաղ, դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որոնք կատարվել են` առանձին դաժանությամբ և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով): Ոստիկանությունից փոխանցեցին, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 7-րդ կետի հատկանիշերով, այն է` խոշտանգում, որը կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով: Aravot.am-ը տեղեկություն էր տարածել, որ Ա.  Հ.-ն հունվարի 31-ին ոստիկանությանը հաղորդում է տվել, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝  Է. Ու-ն հաճախել է Երեւան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն եւ դաստիարակներ Ի. Ա-ն եւ Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս: Նշվում է, որ պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով՝ երկաթյա տաք խաղալիքով այրել են երեխայի կրծքավանդակը, հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք:
11:49 - 07 փետրվարի, 2022
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները երբեւէ հրապարակային չեն հնչեցրել, թե Բաքուն հայկական է․ Ալիեւի հայտարարությունները հայելային չեն

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները երբեւէ հրապարակային չեն հնչեցրել, թե Բաքուն հայկական է․ Ալիեւի հայտարարությունները հայելային չեն

Երեկ ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների հարցերին պատասխանաելիս, խոսելով Բաքվի ագրեսիվ հայտարարությունների մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց այդ հայտարարությունների մեջ տարբերակել ռացիոնալ եւ էմոցիոնալ կողմերը։ Նա ասաց, որ վերջերս մի վերլուծաբան դիտարկում է արել, թե Ադրբեջանից շատ հաճախ հնչում են հայտարարություններ, որոնք հայելային են այն հայտարարություններին, որոնք Հայաստանում հնչել են 1994 թվականից հետո․ «Երբ Ադրբեջանից հնչում է հայտարարություն, որ Ղարաբաղի հարցը լուծված է, էդ վերլուծաբանն իմ ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ 1994-ից հետո տասնյակ տարիներ Հայաստանից եւ Արցախից հնչել են հայտարարություններ, որ Ղարաբաղի հարցը լուծված է։ Շատ հաճախ հնչում են հայտարարություններ, ասենք, Երեւանն ադրբեջանական քաղաք լինելու մասին, եւ այլն, այդ վերլուծաբանն իմ ուշադրությունը հրավիրեց, որ 1994-ից հետո շատ հայտարարություններ են հնչել էն մասին, որ Բաքուն հայկական քաղաք է»,- ասաց Փաշինյանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի շուրթերից մեկ անգամ չէ, որ հնչել է, թե Երեւանն ադրբեջանական է։ Առանց շատ հեռու գնալու՝ դեռ 2016-ի դեկտեմբերին Ալիեւը, ասելով, թե աչք չեն դրել Հայաստանի հողերի վրա, միեւնույն ժամանակ շեշտել էր, որ միտք չունեն ռազմական ճանապարհով վերադառնալ ոչ Երեւան, ոչ Մեղրի, ոչ Գորիս՝ «իրենց պատմական հողեր»։ 2017-ի ամռանը Ալիեւը նորից հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը ադրբեջանական պատմական հողեր են։  Արդեն 2018-ի փետրվարին Ալիեւը ադրբեջանական «պատմական հողեր» էր անվանել Երեւանը՝ այն կոչելով Իրեւանի խանություն, Սեւանը՝ կոչելով Գյոյչա, Սյունիքը՝ կոչելով Զանգեզուր․ «Ուզում եմ նշել, որ մենք չպետք է մոռանանք մեր պատմական հողերի մասին։ Հետագայում սա պետք է լինի մեր գործունեության ուղղություններից մեկը։ Մեր պատմական հողերն են՝ Իրեւանի խանությունը, Զանգեզուրը, Գյոյչան, այս մասին պետք է իմանա ե՛ւ մեր երիտասարդ սերունդը, ե՛ւ ողջ աշխարհը»,- ասել էր Ալիեւը։ 2020թ․ դեկտեմբերի 10-ին՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո, Բաքվի կենտրոնում ռազմական շքերթի ժամանակ, որին մասնակցում էր նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, թվարկելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի տարածքային ձեռքբերումները՝ Իլհամ Ալիեւը հասավ նաեւ Սյունիք, Երեւան, Սեւան՝ ասելով, թե դրանք նույնպես ադրբեջանական պատմական հողեր են, որտեղ դարերով ադրբեջանցիներ են բնակվել։ Անցյալ տարի՝ 2021-ի ապրիլին, «Նոր հայացք Հարավային Կովկասում. Հետկոնֆլիկտային զարգացում եւ համագործակցություն» խորագրով խորհրդաժողովում Ալիեւն ասել էր, թե պատմական Երեւանում ապրել են ադրբեջանցիներ, այդ թվում՝ իր նախնիները․ «Այո, մենք կվերադառնանք այնտեղ: Ես չեմ ասել, որ մենք տանկերով կվերադառնանք: Եթե վերադառնում ենք Զանգեզուրի միջանցք, եթե օգտվելու ենք այս ճանապարհից, ապա ինչու՞ չվերադառնանք Երեւան: Ժամանակը կգա, մենք կանենք դա: Ես ներկայացնում եմ իմ դիրքորոշումը»: 2021 թվականի հուլիսին Ալիեւը դարձյալ հայտարարել էր, որ թե Ադրբեջանի բնակչությունը վերադառնալու է իր նախնիների հողերը․ «Նոյեմբերի 10—ի եռակողմ հայտարարության մեջ նշված է՝ բոլոր փախստականները պետք է վերադառնան հայրենի հողեր։ Մեր հայրենի հողերըն են Զանգեզուրը, Երեւանը։ Մենք, իհարկե, վերադառնալու ենք»։ Նմանատիպ հայտարարություններն այսքանով չեն սահմանափակվում, դրանք Ադրբեջանի հայտնի հռետորաբանության մասն են։ Սակայն ասել, թե այս հայտարարությունները հայելային են՝ ի պատասխան Հայաստանից տարիներով հնչած պնդումների, մոլորեցնող են, ինչի մասին՝ ստորեւ։  Այն, որ Բաքվում ժամանակին հայեր են ապրել, գաղտնիք չէ։ CivilNet-ի՝ «Հայերը Բաքվի նահանգում» վերտառությամբ հրապարակումից տեղեկանում ենք, որ արխիվային տվյալների համաձայն՝ մոտ 200 տարի առաջ՝ 1820-ական թվականներին, Բաքու գյուղում հայերի թիվը կազմել է 277 հոգի կամ շուրջ 50 տուն, եւ որ 1886 թվականին Բաքու քաղաքի 86 611 բնակիչներից հայեր էին 24 490-ը։ Ըստ աղբյուրի՝ Ցարական Ռուսաստանի առաջին եւ վերջին՝ 1897 թվականի մարդահամար տվյալներով Բաքվի նահանգն ուներ շուրջ 183 հազար բնակչություն, որից հայերի թիվը 22 583 էր: 1970 թվականի ԽՍՀՄ մարդահամարի համաձայն, Բաքվում հայերի թիվը անցնում էր 207 հազարը: 1990 թվականի հունվարին կազմակերպված ջարդերից հետո Բաքուն զրկվեց հայ բնակչությունից: Քիչ չեն հրապարակումներն ու աշխատությունները նաեւ այն մասին, թե հայերը ինչ մեծ ներդրում են ունեցել Բաքվի ճարտարապետության մեջ։ Բայց Բաքվի հայկական լինելու մասին ոչ միայն բազմաթիվ չեն հայտարարությունները, այլ նաեւ, եթե այդպիսիք եղել են, երբեւէ չեն հնչել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան ղեկավարության կողմից։ Իհարկե հանրային խոսույթում տարածված են եղել Բաքվում թեյ խմելու, Բաքու հասնելու, Բաքուն գրավելու մասին արտահայտությունները, սակայն դրանք Հայաստանի ղեկավարները չեն շրջանառել։ Հետեւաբար հանրային խոսույթի մակարդակում արված հայտարարությունները չեն կարող համեմատելի լինել Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության պաշտոնական հռետորաբանության հետ։ Ուստի անանուն վերլուծաբանի դիտարկումների արդյունքում Փաշինյանի մոտ ձեւավորված համոզմունքը, թե Ադրբեջանի հռետորաբանությունը հայելային է՝ Հայաստանից տարիներով հնչած հայտարարությունների ֆոնին, մանիպուլյատիվ է։  Հայարփի Բաղդասարյան
17:49 - 25 հունվարի, 2022
Կոռուպցիոն սխեմատիկ հանցավոր խախտումներ գերեզմանոցային ծառայությունների սպասարկման ոլորտում. Երևանի քաղաքապետին միջնորդագիր է ներկայացվել

Կոռուպցիոն սխեմատիկ հանցավոր խախտումներ գերեզմանոցային ծառայությունների սպասարկման ոլորտում. Երևանի քաղաքապետին միջնորդագիր է ներկայացվել

Երևան քաղաքի դատախազությունում ուսումանսիրության են ենթարկվել Երևան քաղաքի տարբեր գերեզմանատներում հուղարկավորությունների ծառայությունների, հուղարկավորությունների նպատակով կատարվող հողահատկացումների ոլորտում «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում կատարված առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով մի շարք քրեական գործերի նյութեր: Դրա արդյունքում պարզվել են, որ Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խւմբի կողմից 2020թ. կատարված ստուգումներից հետո, անգամ հարուցված քրեական գործերի պայմաններում, տարբեր գերեզմանատներում շարունակվում են արձանագրվել աղաղակող խախտումներ: Մասնավորապես, պարզվել է, որ մի շարք գերեզմանատան վարիչներ, չնայած ստուգմամբ արձանագրված խախտումներին, տեղափոխվել են այլ գերեզմաններ՝ որպես վարիչ, կամ չեն ազատվել աշխատանքից և հետագայում շարունակել են հանցավոր գործունեությունը: Օրինակ, քրեական գործի շրջանակում պարզվել է, որ «Սիլիկյան» բաց գերեզմանատան կողմից տրամադրված գերեզմանատեղերը եղել են օրենքով սահմանված չափերից ավել: Գերեզմանատան վարիչը նախաքննության ընթացքում վերականգնել է պետությանը պատճառված՝ 1.530.000 ՀՀ դրամ վնասը, սակայն քրեական գործի նախաքննությանը զուգահեռ շարունակել է դրսևորել հանցավոր վարքագիծ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:  Նույնիսկ այն գերեզմանատներում, որտեղ նախկին վարիչներն ազատվել են աշխատանքից, հետագայում նույնաբնույթ խախտումները շարունակվել են, ավելին, գերեզմանատներում գործել է հանցանքների կատարման նույն մեխանիզմը: Մասնավորապես՝ գերեզմանի վարիչները, չունենալով փակ գերեզմանատներում նոր գերեզմանատեղեր հատկացնելու իրավունք, օրենսդրական արգելքի պայմաններում լրացրել են ակնհայտ կեղծ գերեզմանաքարտեր՝ ներառելով նախկինում՝ նոր հատկացվող վայրում իբրև թե մահացողի հարազատի հուղարկավորված լինելու փաստը և այդ հիմքով նոր գերեզմանատեղի հատկացրել գերեզմանի սահմաններից դուրս գտնվող համայնքնային կամ այլ անձանց սեփականություն հանդիսացող հողատարածքներում: Դա հիմանկանում պատճառաբանվել է նրանով, որ գերեզմանատների և հարակից ամայի տարածքների միջև արգելապատնեշներ չկան, դրանք առանձնացված չեն, սահմանազատում ևս չկա, և այդ պատճառով առաջանում են թյուրիմացություններ: Բացի այդ, պարզվել է, որ և՛ բաց, և՛ փակ գերեզմանատեղիներում առկա են բազմաթիվ գերեզմաններ, որոնք զբաղեցնում են օրենքով սահմանված առավելագույն չափերից ավել տարածքներ, ինչի պատճառով գերեզմանտեղիներում տարաքծների սղություն է առաջանում, և ազատ տեղեր չլինելու պատճառով դրանք դառնում են փակ գերեզմանատեղեր: Հուղարկավորություն իրականացրած անձիք ավել տարածքների զավթումը պատճառաբանում են բետոնապատման աշխատանքներով կամ իրենց կողմից ուղղակի, առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու ավել տարածք զբաղեցնելու որոշմամբ: Այսինքն բաց և փակ գերեզմանատների վարիչները պատշաճ հսկողություն չեն իրականացրել իրենց ղեկավարած գերեզմանատներում՝ նոր գերեզմանատեղերի՝ օրենքով նախատեսված չափերով տրամադրման և այդ գերեզմանատեղերի չափերի պահպանման նկատմամբ: Իսկ կաշառք ստանալու վերաբերյալ քննվող քրեական գործերի շրջանակներում պարզվել է, որ գերեզմանատան վարիչները կամ հսկիչները գերեզմանատեղի շինարարություն իրականացնելու պատրվակով իրականում քաղաքացիներից գումար են պահանջել գերեզմանատեղի տրամադրման համար և նշված աշխատանքների համար  տարբեր անձանցից տարբեր չափի գումարներ պահանջել:  «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կանոնադրության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության որոշակի տեսակներ, որոնց մեջ ներառված են գերեզմանահորի փորումը, գերեզմանի բարեկագումը, այսինքն սալիկապատում կամ բետոնապատումը և այլն: ՀՈԱԿ-ում առկա է հստակ սահմանված գնացուցակ վերոհիշյալ ծառայությունների համար, որի վճարումները ևս քաղաքացիների կողմից պետք է իրականացվեն ՀՈԱԿ-ի հաշվապահության միջոցով: Այսինքն, գերեզմանի վարիչները և հսկիչները նման ծառայություններ մատուցելու իրավասություն չունեն, այն ՀՈԱԿ-ի կողմից բացված ձեռնարկատիրական կազմակերպության բացառիկ լիազորությունն է: Մինչդեռ գերեզմանատների  վարիչները և հսկիչները, շրջանցելով օրինական ճանապարհը, տեղերում առաջարկում են իրենց կողմից վերհիշյալ ծառայությունների մատուցումը, դրա մեջ նաև առանձին դեպքերում ներառելով գերեզմանատեղի հատկացման համար վճար: Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միայն օրենսդրական կարգավորումն ի զորու չէ ապահովել օրենքով սահմանված գերեզմանատեղերի առավելագույն չափերի պահպանումը և անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել, քաղաքացիների կողմից նման հողազավթումները հայտնաբերելու և վերացնելու համար: Ելներով ուսումանսիրությամբ պարզված վերոնշյալ իրողություններից՝ Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը շարունակվող հանցավոր խախտումները, կոռուպցիոն տարածված սխեմաները վերացնելուն, հանցագործություններին նպաստող պատճառներն ու պայմանները չեզոքացնելուն ուղղված կոնկրետ առաջարկություններով միջնոդրագրով դիմել է Երևանի քաղաքապետին: Հաշվի առնելով խնդրի սոցիալական մեծ նշանակությունը, ինչպես նաև ավանդաբար շարունակվող արատավոր և հանցավոր դրսևորումներն արմատախիլ անելու մեխանիզմների շուրջ հանրային քննարկումների ապահովման անհրաժեշտությունը՝ առաջիկայում կներկայացվեն նաև Երևանի դատախազության կողմից միջնորդագրով Երևանի քաղաքապետարանին ներկայացված կոնկրետ առաջարկությունները:  
15:25 - 19 հունվարի, 2022
Քաղաքապետարանում կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցված 31 քրգործերից 17-ի համար առիթ են հանդիսացել քաղաքապետարանից ստացված հաղորդումները

Քաղաքապետարանում կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցված 31 քրգործերից 17-ի համար առիթ են հանդիսացել քաղաքապետարանից ստացված հաղորդումները

2018թ. հոկտեմբերից սկսած՝ առ այսօր ՀՀ քննչական տարբեր մարմիններում Երեւանի քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցների կողմից առերեւույթ կոռուպցիոն բնույթի ենթադրյալ հանցագործություններ կատարելու դեպքերով հարուցվել է ընդհանուր 31 քրեական գործ: Այս մասին Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ հարուցված, քննված կամ քննվող քրեական գործերից 17-ի համար օրինական առիթ են հանդիսացել Երեւանի քաղաքապետարանից, մյուսների համար՝ այլ սուբյեկտիներից ստացված հաղորդումները կամ ահազանգերը։  Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի ֆոնին նախորդ տարվա դեկտեմբերի 15-ի ուշ երեկոյան տարբեր կայքեր մի նյութ տարածեցին, որտեղ թվարկված էին հնարավոր պատճառներ, թե ինչու է ավագանին Մարությանի հրաժարականը պահանջում։ Մասնավորապես, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված Armenianews.net կայքն իր տեղեկություններով ութ պատճառ էր թվարկել (armdaily.am, araratnews.am կայքերն էլ արտատպել են տեքստը), որոնց իսկությանն ու հավաստիությանն արդեն անդրադարձել ենք։ Այդ պնդումների շարքում կայքը նաեւ գրել էր, թե վաղուց արդեն մամուլում կան տեղեկություններ քաղաքապետարանում չարաշահումների մասին, անգամ կան հարուցված բազմաթիվ քրեական գործեր։ Infocom-ը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ հասկանալու, թե Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում ինչ չարաշահումներ են եղել, դրանց վերաբերյալ հարուցված ինչ քրեական գործեր կան եւ ովքեր են ներգրավված դրանցում։ Դատախազությունից ստացած պատասխանի համաձայն՝ 31 քրեական գործերը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (խարդախություն), 179-րդ (յուրացնելն ու վատնելը), 214-րդ (առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը), 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 38-308-րդ (հանցակիցների տեսակները), 309-րդ (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 311-րդ (կաշառք ստանալը), 34-311-րդ (հանցափորձը), 314-րդ (պաշտոնեական կեղծիքը), 315-րդ (պաշտոնեական անփութությունը), 315.2-րդ (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը), 325-րդ (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 353-րդ (դատական ակտը դիտավորությամբ չկատարելը) հոդվածների տարբեր մասերի հատկանիշներով կամ դրանց տարբեր համակցություններով: Առանձին քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել ընդհանուր 10 անձ, որոնցից 8-ին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)  եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգոքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով խարդախություն՝ հանցակցությամբ), 1ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար (խոշոր չափերով խարդախություն): Բոլոր 10 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործերից չորսով կայացվել են հանցակազմի բացակայության հիմքով վարույթը կարճելու, 1-ով՝ վարույթը կասեցնելու մասին որոշումներ, 2 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Մյուս քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: Վերոնշյալ քրեական գործերով, ինչպես հայտնել են Դատախազությունից, Հայկ Մարությանը դատավարական կարգավիճակ չունի, որոշ գործերով նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով:  Ավագանու նիստի ժամանակ, երբ քննարկվում էր քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը, Մարությանն իր ելույթում անդրադարձավ այդ գործընթացի հիմքերին՝ խոսելով նաեւ քաղաքապետարանում կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերի մասին։ Նա ասել էր, որ իր պաշտոնավարման երեք տարիների ընթացքում քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը հարյուրավոր ստուգումներ է իրականացրել համակարգի ներսում, որոնց արդյունքում 64 գործ ուղարկվել է իրավապահներին․ «Բացի դրանից՝ իրականացվել է 59 աուդիտորական ստուգում, որոնց արդյունքում տասը գործ ուղարկվել է իրավապահներին, բացի դրանից՝ վարչական շրջանների ղեկավարները տասնյակ դեպքեր են բացահայտել եւ ուղարկել իրավապահներին»,- մանրամասնել էր Մարությանը։ Այսպիսով, ստացվում է, որ քաղաքապետարանում չարաշահումների վերաբերյալ իսկապես բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, ավելի կոնկրետ՝ 31 քրեական գործ, որից 17-ի՝ մեծամասնության համար առիթ են հանդիսացել հենց Երեւանի քաղաքապետարանից ուղարկված հաղորդումները։  Հայարփի Բաղդասարյան
16:21 - 18 հունվարի, 2022
Երևանի թաղամասերից մեկում ՄԻՊ-ի աջակցությամբ խմելու ջրի նոր համակարգ է կառուցվել

Երևանի թաղամասերից մեկում ՄԻՊ-ի աջակցությամբ խմելու ջրի նոր համակարգ է կառուցվել

Դեռևս 2019 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին Երևան քաղաքի թաղամասերից մեկից դիմել էին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման նոր համակարգ կառուցելուն աջակցելու հարցով։ Բողոք ներկայացրած անձը նշել էր, որ ջրագծերի վնասման արդյունքում բնակիչներին մատակարարվում է անորակ ջուր, ձմռանը ջրագծերում ջուրը սառչում է, իսկ հետևանքները վերացվում են բնակիչների կողմից։ Պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ բնակելի տների ջրագծերի վերանորոգման կամ ջրամատակարարման նոր համակարգ կառուցելու առաջարկներով ՄԻՊ-ը համապատասխան գրություններ էր հասցեագրել Ջրային կոմիտեին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությանը։ Պատասխաններ են ստացվել այն մասին, որ կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված հատվածի բնակիչներին պատկանող ջրագծերը կառուցվել են առանց տեխնիկական նորմերի պահպանման (մասնավորապես՝ առանց խողովակների ջերմամեկուսացման և թաղման նվազագույն խորությունների պահպանման), հիմնականում անցնում են տարածքի տնտեսություններին պատկանող հողամասերով և հանդիսանում են ներքին ցանց, որի սպասարկումը դուրս է «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության գործառույթներից։ Հետևաբար, ջրագծերի վերակառուցումը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև կատարված միացման փոփոխությունը պետք է իրականացվի բաժանորդների միջոցների հաշվին։ Պաշտպանը խնդրի վերաբերյալ իրավասու մարմիններին է ուղարկել բազմաթիվ  գրություններ, այդ թվում՝ Ջրային կոմիտե։ Մասնավորապես, պարզաբանումներ են պահանջվել փողոցի ջրագծերի վերակառուցման աշխատանքները նախատեսվող ներդրումային ծրագրերում ընդգրկելու վերաբերյալ։ 2021 թվականին Ջրային կոմիտե կրկին գրություն է հասցեագրել՝ կապված նշված բնակելի տների ջրամատակարարման խնդիրը Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրի շրջանակներում ներառելու և թաղամասում ջրամատակարարման խնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների հետ։ Պատասխան է ստացվել այն մասին, որ բնակելի տների ջրամատակարարման բաշխիչ ցանցը վերակառուցվել է Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրի շրջանակներում և ներկայում բոլոր 19 բաժանորդների ջրամատակարարումն իրականացվում է նոր համակարգով։
12:13 - 17 հունվարի, 2022
Ավարտվել է Երևանի նախկին քաղաքապետի և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետին առնչվող քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է Երևանի նախկին քաղաքապետի և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետին առնչվող քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի և Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց մասով քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել և հիմնավորվել է հետևյալը. Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  նպատակ ունենալով Երևան քաղաքի Աճառյան 40 հասցեում գտնվող «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի կողմից զբաղեցված 13.172 քմ մակերեսով հողատարածքից իր և իր մերձավորների համար առանձնացնել և ձեռք բերել հողատարածքներ, խմբային շահերից և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, դեռևս Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի՝ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հանձնարարել է կատարել «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի կողմից զբաղեցված հողամասի սահմանների ճշտում և դրա արդյունքում կազմվելիք հողամասի նոր հատակագծով դպրոցի տարածքում չներառել և դուրս թողնել 3693,12 քմ. մակերեսով՝ դպրոցին պատկանող հողակտորը: Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, անտեսելով, որ դպրոցի զբաղեցրած հողամասի մակերեսի նվազեցումը պայմանավորված է Երևանի քաղաքապետի 02.12.2002թ. թիվ 2448-Ա որոշման հիման վրա հաստատված թիվ 2365-2002 գլխավոր հատակագծով որոշված սահմանների փոփոխությամբ, կատարելով պաշտոնական կեղծիք՝ համապատասխան եզրակացության մեջ ներառել են ակնհայտ կեղծ տեղեկություններ. այն է՝ հողամասի սահմանները փոփոխելու և դրա հետևանքով հողամասի մակերեսը նվազելու փոխարեն նշել են, որ տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի կրկնակի ճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող դպրոցի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 9478,88 քմ: Հիմք ընդունելով վերը նշված եզրակացությունը, արդեն իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ 30.12.2011թ. թիվ 7305-Ա որոշմամբ հաստատվել է նոր հատակագիծ, որով Երևան քաղաքի Աճառյան փողոցի 40 հասցեում գտնվող, Երևանի թիվ 16 հատուկ դպրոց ՊՈԱԿ-ի 13.172 քմ մակերես ունեցող հողամասը արհեստականորեն նվազեցվել է 3693,12 քմ մակերեսով: Այնուհետև, Տարոն Մարգարյանը դպրոցի հողամասի սահմաններից դուրս թողնված նշյալ մակերեսով հողատարածքից 3569,8 քմ մակերեսով, Մ. Բաբաջանյան փողոց 8/2 հասցեում գտնվող հողամասը 2012թ. հուլիսի 13-ի թիվ 5198-Ա որոշմամբ ներկայացրել է աճուրդի, որի արդյունքում 22.659.900 ՀՀ դրամով հողամասը ձեռք բերած անձնավորությունն օրեր անց այն բաժանել է երկու հավասար հողամասերի և համապատասխանաբար 4 մլն և 3 մլն ՀՀ դրամով օտարել է Տարոն Մարգարյանի սանիկին, իսկ մյուսը հողակտորը՝ «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ամուսնուն: Այսպիսով, Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով, շուկայականից էականորեն ցածր արժեքով, միջնորդավորված եղանակով՝ հիշյալ օտարման արդյունքում դպրոցը զրկվել է փաստացի իրեն ամրակցված հողատարածքը ամբողջությամբ ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից, իսկ պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Բացի այդ, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մտադրություն ունենալով Երևան քաղաքի Ավանեսովի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության զբաղեցրած 6452,9 քմ մակերեսով հողատարածքից իր մերձավորների համար առանձնացնել և վերջիններիս օտարել հողատարածքներ, Երևանի քաղաքապետի՝ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ միասին, նախաձեռնել է հիշյալ կազմակերպության զբաղեցրած հողամասի սահմանները վերաճշտելու գործընթաց: Գործելով նախկին քաղաքապետի հանձնարարությամբ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության համաձայն, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց օբյեկտիվ հիմնավորումների և պատճառաբանվածության, նշված պաշտոնյաների գործողությունների արդյունքում ուսումնական հաստատության հողամասի մակերեսը նվազեցվել է 580,63 քմ-ով՝ պաշտոնական կեղծիքի արդյունքում կազմված եզրակացության մեջ հողամասի սահմանները փոփոխելու և դրա հետևանքով հողամասի մակերեսը նվազելու փոխարեն նշելով, որ տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ քաղաքաշինական իրադրության փոփոխությունների արդյունքում մանկապարտեզի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 5872.27 քմ.՝ սեփականության իրավունքի գրանցման վկայականում ամրագրված 6452.9 քմ.-ի փոխարեն: Այնուհետև, ուսումնական հաստատության հողամասի սահմաններից դուրս թողնված՝ վերոգրյալ մակերեսով հողատարածքից 575 քմ մակերեսով, Տիտոգրադյան 17/1 հասցեում գտնվող հողամասը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2013թ. հունվարի 15-ի թիվ 69-Ա որոշմամբ ներկայացրել է աճուրդի, որի արդյունքում հողամասը՝ 5.433.800 ՀՀ դրամով ձեռք է բերել իր ընտանիքի մտերիմը՝ Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ի տնօրենի հայրը: Ավելին, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մտադրություն ունենալով Երևան քաղաքի Ավանեսովի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության զբաղեցրած հողատարածքից կրկին իր մերձավորների համար առանձնացնել և վերջիններիս օտարել հողատարածք, Երևանի քաղաքապետի՝ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, վերոնշյալ նույն ընթացակարգով դարձյալ հանձնարարել է կատարել Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ի զբաղեցրած հողամասի սահմանների ճշտում և դրա արդյունքում կազմված հողամասի նոր հատակագծում ուսումնական հաստատության տարածքում չներառել և դուրս թողնել այս անգամ արդեն՝ 863,34 քմ. մակերեսով հողակտորը: Այնուհետև, ուսումնական հաստատության հողամասի սահմաններից դուրս թողնված նույնքան մակերեսով, Տիտոգրադյան 17/3 հասցեում գտնվող հողամասը Երևանի քաղաքապետի՝ 2014թ. հոկտեմբերի 15-ի թիվ 3885-Ա որոշմամբ ներկայացրել է աճուրդի, որի արդյունքում հողամասը 8.442.063 ՀՀ դրամով կրկին օտարվել է Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին: Հետագայում, Երևանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանի 27.02.2015թ. թիվ 495-Ա որոշմամբ, Տիտոգրադյան 17/1 և Տիտոգրադյան 17/3 հասցեներում գտնվող վերը նշված հողամասերը, որպես հասարակական կառուցապատման հողատարածք, միացվել են վերոնշյալ ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին պատկանող՝ Տիտոգրադյան 17 հասցեի հողատարածքին: Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի  և քաղաքապետարանի մի շարք աշխատակիցների այս գործողությունների հետևանքով Երևան համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ ՀՈԱԿ-ին զրկելով փաստացի իրեն ամրակցված հողատարածքը ամբողջությամբ ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից: Իրականացված անհրաժեշտ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը, մտադրություն ունենալով Երևան քաղաքի Հ. Բեկնազարյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող, Թիվ 185 հանրակրթական դպրոց ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման հանձնված, պետական սեփականություն հանդիսացող և պետական գույքի կառավարման վարչությանը ամրացված 15523 քմ մակերեսով հողատարածքից իր և իր մերձավորների համար առանձնացնել և ձեռք բերել հողատարածքներ, պետական գույքի կառավարման վարչության պետի՝ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հիշյալ դպրոցի տնօրենի հետ քննարկումների ժամանակ, վերջինիցս թաքցնելով իր իրական մտադրությունը, առաջարկել է դպրոցի տարածքը բարեկարգելու նպատակով կատարել դպրոցի սահմանների ճշտում և դպրոցի սահմաններից դուրս բերել դպրոցի տարածքում նախկին տարիների ընթացքում կառուցված ստորգետնյա ավտոտնակները: Դպրոցի տնօրենից ստանալով համանուն բովանդակությամբ դիմում՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հասցեագրված գրությամբ Արման Սահակյանն այն ուղարկել է Երևանի քաղաքապետարան՝ համայնքի ղեկավարին խնդրելով հանձնարարել համապատասխան ստորաբաժանմանը կատարել սահմանների ճշտում: Ուղարկելով նշված դիմումը՝ Արման Սահակյանը Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց հետ հանցավոր համաձայնություն է ձեռք բերել, որ բացի դիմումում նշված ավտոտնակներից, կատարվելիք չափագրության արդյունքներով դպրոցի սահմաններից դուրս բերվեն նաև ավտոտնակների հետ որևէ կապ չունեցող, դպրոցապատկան հողամասի՝ միմյանցից անջատ ևս երկու հողակտոր: Առանց օբյեկտիվ հիմնավորումների և պատճառաբանվածության, քաղաքապետարանի աշխատակիցների կողմից կազմվել ու ներկայացվել են ձևակերպման ենթակա սահմաններով նշագրված տարածքի սխեմաները և անհիմն եզրակացությունը, համաձայն որի՝ դպրոցի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 11671.57 քմ՝ նախկին գլխավոր հատակագծով սահմանված 15523 քմ փոխարեն: Տեղյակ լինելով, որ սահմանների ճշտումը կատարվում է պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի նախաձեռնությամբ, և որ սահմանների ճշգրտման արդյունքում բացի դիմումում նշված հողակտորից դուրս են բերվել ևս երկու այլ հողակտորներ, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության  շահերին հակառակ, անտեսելով, որ հողամասի մակերեսի նվազեցումը պայմանավորված է 02.12.2002թ. թիվ 2252-2002 գլխավոր հատակագծով որոշված սահմանների փոփոխությամբ, քաղաքապետարանի աշխատակիցները կատարել են պաշտոնեական կեղծիք՝ հողամասի սահմանների փոփոխման և դրա հետևանքով հողամասի մակերեսը նվազելու մասին գրառման փոխարեն՝ դարձյալ նշելով տարածքի տեղագրական հանույթի վերաճշգրտման հանգամանքը: Հիմք ընդունելով վերը նշված կեղծ եզրակացությունը, կազմվել է Երևանի քաղաքապետի որոշման նախագիծ, որով սահմանել է, որ Թիվ 185 հանրակրթական դպրոց ՊՈԱԿ-ի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 11671,57 քմ, առաջարկվել է չեղարկել նախկինում հաստատված գլխավոր հատակագիծը և վավերացնել նոր հատակագիծ, որով Երևան քաղաքի Հ. Բեկնազարյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող և Երևանի քաղաքապետարանի Թիվ 185 հանրակրթական դպրոց ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման հանձնված 15523 հա  հողատարածքը նվազեցվել  է 3851,43 քմ. ընդհանուր մակերեսով և արդյունքները ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն: Այնուհետև նշված որոշումը և նոր հատակագիծը ներկայացվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ պետական գրանցում կատարելու և սեփականության իրավունքի գրանցման վկայական տրամադրելու համար: Նվազեցված՝ 3851,43 քմ ընդհանուր մակերեսով երեք առանձին հողատարածքներն ընդունվել են որպես համայնքային սեփականություն և Երևանի քաղաքապետի 2014թ. հունիսի 11-ի թիվ 2235-Ա որոշմամբ ներկայացվել են աճուրդի ու միջնորդավորված անձանց միջոցով օտարվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի եղբորը, նրա օգնականին, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնականին և Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարի հարազատին: ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի և Երևանի քաղաքապետարանի վերը նշված աշխատակիցների հանցավոր գործողությունների հետևանքով ևս պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ արդյունքում նաև հիշյալ դպրոցին  փաստացի զրկելով իրեն ամրակցված հողատարածքը ամբողջությամբ ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից: Վերոգրյալ արարքների կատարման համար առաջադրվել են համապատասխան մեղադրանքներ՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (երեք դրվագ), Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Անդրանիկ Քասարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (չորս դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (չորս դրվագ), Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ Արսեն Ամյանիին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (չորս դրվագ), Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հողհատկացման և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետ Հայկ Կյուրեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով  և ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինություն ՓԲ ընկերության գեոդեզիական բաժնի պետի տեղակալ Արամ Ենգոյանին, նույն բաժնի առաջատար մասնագետներ Տիգրան Փոթիկյանին, Միքայել Հակոբյանին և առաջին կարգի մասնագետ Հայկ Պետրոսյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործի նյութերը տրամադրվել են կողմերին՝ ծանոթացման նպատակով: 2021թ. դեկտեմբերի 30-ին կազմվել է մեղադրական եզրակացություն, այն հաստատելու և քրեական գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու միջնորդություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն:
13:49 - 03 հունվարի, 2022