Ալեն Սիմոնյանն հայտարարեց՝ անելու է ամեն ինչ խորհրդարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար, ընդդիմությանն էլ զգուշացրեց՝ շատ խիստ է լինելու |hetq.am|
hetq.am: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արտահերթ ելույթում հայտարարեց` անելու է ամեն ինչ խորհրդարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար, ընդդիմությանն էլ զգուշացրեց` շատ խիստ է լինելու:
«Ինձ մոտ տպավորություն կա, որ ընդդիմադիր խմբակցությունների ներսում չկա միասնականություն և չկա կառավարող մարմին, երկու խմբակցություններում էլ կան մարդիկ, որ բովանդակային ասելիք չունենալու պատճառով փորձում են վիրավորանքների, պիտակավորումների միջոցով աչքի ընկնել»,- ասաց Սիմոնյանը` Աննա Մկրտչյանի` նիստերի դահլիճից հեռացվելուց հետո:
Նա, դիմելով ընդդիմությանը, կոչ արեց զսպել իրենց գործընկերներին, այլապես` ինքը դա կանի: Սիմոնյանը դիմեց նաև իր գործընկերներին:
«Ամեն սադրանքի մի՛ արձագանքեք, մարդիկ պարտվել են, շատ մռմռացել են, էդ պարտության մրմուռը մինչև հիմա ոմանց մեջ է։ Արհամարհե՛ք իրենց, խնդրում եմ ձեզ»,- ասաց նա:
Ըստ ԱԺ խոսնակի` արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում հայհոյանքներ օգտագործած քաղաքական գործիչներին հանրությունը մերժել է։
«Տեղը չեք բերել` ուր եք եկել, սա Ազգային ժողովն է։ Ամենախիստ ձևով կրկնում եմ` արձագանքելու եմ, կգնաք կդիմեք էթիկայի հանձնաժողով, ՍԴ, ինչ ուզում եք, արեք։ Ազգային ժողովը գործելու է բնականոն ձևով, և գործելու համար անելու եմ ամեն ինչ»,-եզրափակեց Ալեն Սիմոնյանը:
12:24 - 11 օգոստոսի, 2021