REconstitution (Սահմանադրական փոփոխություններ)

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները և միջոցառումները դադարեցվում են․ ԿԸՀ

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները և միջոցառումները դադարեցվում են․ ԿԸՀ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարություն է տարածել, որում ասվում է․ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 16.03.2020թ. «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 208-րդ հոդվածով և «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները, գործընթացները և միջոցառումները դադարեցվում են գործընթացի բոլոր մասնակիցների կողմից»:
09:20 - 17 մարտի, 2020
Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է` 2 580 349

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է` 2 580 349

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի`Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի, ինչպես և հաշվառում չունեցող` հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը: Այսպես` 1. Քվեարկության օրվանից 20 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է` 2.580.349: 2. Այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակից ժամանակավորապես հանված և քվեարկության օրը գտնվելու վայրի հանրաքվեի տեղամասի քվեարկողների լրացուցիչ ցուցակում ընդգրկված քաղաքացիների թիվն է` 1.471: 3. Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա հանրաքվեի տեղամասի քվեարկողների լրացուցիչ ցուցակում ընդգրկված քաղաքացիների թիվն է` 38: 4. Քվեարկության օրը հանրաքվեի տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի քվեարկողների ցուցակից հանված և հանրաքվեի տեղամասում քվեարկող ոստիկանների լրացուցիչ ցուցակում ընդգրկվածների թիվն է` 0: 5. Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում քվեարկությանը մասնակցող քվեարկողների լրացուցիչ ցուցակում ընդգրկված քաղաքացիների թիվն է` 0:
11:56 - 16 մարտի, 2020
Կառավարող ուժը կարող է տուժել թե հանրաքվեն հետաձգելու, թե անցկացնելու դեպքերում |lragir.am|

Կառավարող ուժը կարող է տուժել թե հանրաքվեն հետաձգելու, թե անցկացնելու դեպքերում |lragir.am|

lragir.am: Հարցազրույց Քաղաքացու որոշում ՍԴ կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանի հետ։ Պարոն Սահակյան, որքանո՞վ է ՀՀ կառավարությունը պատրաստ հակազդելու կորոնավիրուսի տնտեսական ազդեցությանը։ Հույս ունեմ, որ պետական ապարատն այնպես կաշխատի, որ մեզ մոտ բանը համաճարակի չի հասնի։ Տնտեսական առումով, վարչապետը մի քանի անգամ նշել է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ ճգնաժամից օգուտ քաղած դուրս գանք։ Իրոք, ճգնաժամային ցանկացած իրավիճակ զարգացման հեռանկարներ է բացում։ Այլ բան, որ նույնիսկ ուղիղ տարածքում է կառավարությունը պարբերաբար սայթաքում, ինչ մնաց զարգացման նոր ճանապարհներ գտնի ճգնաժամային իրավիճակներում։ Դրա համար, նվազագույնը, պետք է զարգացման հայեցակարգ ունենալ, որ աշխարհում նկատվող միտումները կարողանաս ի նպաստ քո ծրագրերի իրականացման օգտագործել։ Երբ դու նույնիսկ չգիտես՝ ուր ես գնում, շատ դժվար է տնտեսական խառնաշփոթում ճիշտ որոշումներ կայացնել։ Սա նման է վիճակի, երբ ճանապարհին անծանոթ ճանապարհորդը գնում է ուր աչքը կտրի և այդ պահին ավերիչ փոթորիկ է սկսում։ Երբ դու գիտես վերջնակետդ, կարող ես շրջանցել փոթորիկն այնպես, որ նույնիսկ ավելի շուտ հասնես նպատակակետիդ․ անես այն, ինչ ստանդարտ իրավիճակում չէիր անի։ Երբ հայտնի չէ, թե ուր ես գնում, վտանգը մեծ է, որ խուճապահար սխալ ուղղությամբ կգնաս։ Այս պահին տեսանելի ուղղությունները տուժելու են։ Օրինակ, կառավարությունը դժվար թե այս տարի կարողանա պարծենալ տուրիստների թվի աճով ու դրանից բյուջե մուտքագրվող միջոցներով։ Մնացած առումներով, այս պահին, զուտ կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամն ավելի շուտ սպեկուլյատիվ խաղերի հետևանք է, քան իրական լուրջ խնդիրներ։ Հուսանք, համաշխարհային տնտեսությունն իր մեջ դրանց դիմակայելու ռեսուրս կգտնի։ Տնտեսագետները նշում են, որ կառավարությունը պետք է անցնի կառավարման արտակարգ ռեժիմի։ Կիսո՞ւմ եք այդ տեսակետը, թե ոչ։ Կարծում եմ՝ կառավարությունն առանց կորոնավիրուսի առաջացրած վտանգի էլ պետք է անցներ աշխատանքի արտակարգ ռեժիմի։ Դեռ հեղափոխական գործընթացներից հետո կարիք կար տնտեսությունը, դրան վերաբերող օրենսդրական դաշտը համապատասխանեցնել ներկա իրողություններին։ Դրա փոխարեն որդեգրվեց նախորդ կառավարության տնտեսական կուրսը։ Մարդիկ սխալմամբ կարծում էին, թե որ Բաղրամյան տարվող ճամպրուկները վերացնեն ու կոռուպցիան պակասեցնեն, մյուս պայմանների անփոփոխության դեպքում հնարավոր էր այլ բան ստանալ, քան կար առաջ։ Բայց հարցրեք տնտեսվարողներին՝ օրենսդրական դաշտը ստեղծված է կոռուպցիոն համակարգի բնականոն կենսագործունեության համար։ Հանում ես կոռուպցիան, ու արդար աշխատողների համար բազմաթիվ խնդիրներ են առաջանում, որոնք կառավարության նման ակտիվությամբ կամ պասիվությամբ պայմանավորված, զարգացման խոչընդոտներ դառնում, անարդարության զգացողություն են թողնում։ Այս մոտեցումը ձեռնտու է առավելապես նրանց, որոնք ճամպրուկներով փող էին տանում Բաղրամյան 26։ Մանր ու միջին ձեռնարկատերը դա չէր անում, հետևաբար, իր համար դրական ոչ մի բան չփոխվեց։ Փոխարենը նա խճճվեց կոռուպցիա ծնող հարկային օրենսդրության խրթին միջանցքներում և, պատկերավոր ասած, զրկվեց կոռուպցիայի միջոցով այդ միջանցքների լուսավորումից։ Այ, նման հարցերը լուծելու համար էլ պետք է կառավարությունը արտակարգ ռեժիմով աշխատեր և արդեն գտած լիներ շատ հարցերի լուծումներ։ Սա նաև կբարձրացներ ճգնաժամերի նկատմամբ տնտեսության դիմադրողականությունը։ Երբեք էլ ուշ չէ սկսել խնդիրները լուծել։ Ինչքան ուշ սկսեն, այնքան արտակարգ ռեժիմով աշխատելու անհրաժեշտությունն ավելանալու է։ Այս օրերին կարծիքներ են հնչում հանրաքվեն չեղարկելու կամ հետաձգելու վերաբերյալ։ Դուք ի՞նչ եք կարծում այս հարցի առնչությամբ։ Չհետաձգելու դեպքում ակնհա՞յտ է, որ այն կձախողվի։ Ակնհայտ է, որ կառավարությունը մեծ հավանականությամբ կտուժի թե՛ հետաձգելու դեպքում, թե՛ սահմանված ժամկետում այն անցկացնելու դեպքում։ Ես դեռ չեմ խոսում չեղարկելու մասին։ Չհետաձգելու դեպքում վտանգ կա, որ հանրաքվեն կհամընկնի հիվանդության տարածման պիկի հետ և հնարավոր չի լինի քաղաքացիներին համոզել գալ ընտրատեղամասեր։ Սա կարող է զգալիորեն բարդացնել անհրաժեշտ քանակով ԱՅՈ-ի կողմ ձայներ ստանալը, ինչն առանց այդ էլ ամենահեշտ գործերից չէր։ Իսկ այս պայմաններում ընտրատեղամասեր գալ համոզելու դեպքում հետևանքներն ավելի վատ կլինեն։ Հետաձգելու դեպքում վտանգ կա, որ կառավարող ուժի հեղինակությունը կտուժի այն առումով, որ մարդկանց ենթագիտակցության մեջ նրանք ձախողակի տպավորություն կթողնեն, հետևաբար, ավելի քիչ վստահության քվե կունենան հաջորդ ընտրություններում։ Օրինակ, ինձ, որպես մի քաղաքացու, Սերժ Սարգսյանի կառավարման ողջ ընթացքում չի լքել տպավորությունը, որ նրանք ձախողակների հավաքածու են։ Ոչ մի կարևոր գործ այդպես էլ չհաջողեցին։ Սկսած ֆուտբոլային դիվանագիտությունից, մինչև ներքաղաքական վերջին հարցը նրանք, խոշոր հաշվով, ձախողեցին։ Ինչպես դասականը կասեր, խիարը միշտ թարս էր բուսնում։ Միայն սեփական քաղաքացիների ձայնը ճնշելն էր ստացվում, այն էլ ի՜նչ թանկ գնով։ Այնպես չէ, որ դա հստակ ձևակերպվել էր այն ժամանակ և այնպես չէ, որ նոր կառավարության դեպքում է դա ձևակերպվելու։ Դա ավելի շատ ենթագիտակցական մակարդակում նստվածք տվող զգացողություն է։ Այստեղ միակ լուծումը համաճարակը կանխելն է, հիվանդության օջախը տեղայնացնելը և հանրաքվեն սահմանված ժամանակում իրականացնելը։ Ժամանակը ցույց կտա, թե կառավարությունը որքանով դա կհաջողի։ Թույլ կտամ կանխատեսել, որ ճգնաժամային վիճակներում ապրելու ու գործելու հանրության անփորձության պատճառով շատ դժվար կլինի արդյունավետ պայքարել հիվանդության տարածման դեմ, և հանրաքվեն, ի վերջո, կհետաձգվի։ Շարունակությունը՝ lragir.am-ում
09:43 - 16 մարտի, 2020
Արտակարգ դրության հայտարարումը անխուսափելի է թվում.  ՈՉ քարոզչական կողմը հայտարարություն է տարածել

Արտակարգ դրության հայտարարումը անխուսափելի է թվում. ՈՉ քարոզչական կողմը հայտարարություն է տարածել

ՈՉ քարոզչական կողմը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, Նոր կորոնավիրուսի հարուցած համաճարակային վտանգները վերջին օրերին գնալով ավելի ակնհայտ էին դառնում։ Սակայն մենք միտումնավոր որևէ կերպ հրապարակավ չէինք անդրադառնում այդ հույժ կարևոր հարցին, քանի որ մեր ցանկացած անդրադարձ կարող էր ողջամտորեն ընկալվել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի քարոզարշավի համատեքստում՝ առիթ տալով շահարկումների։ Սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ բոլորիս սպառնացող վտանգները արդյունավետ կառավարելու համար արտակարգ դրության հայտարարումը անխուսափելի է թվում։ Այդ կապակցությամբ հայտարարում ենք. 1) Մենք շարունակելու ենք հանրաքվեի գործընթացի նկատմամբ վերահսկողական պատշաճ գործիքակազմ ձևավորելուն, ինչպես նաև «այո»-ն բացառող տիրույթում հանրությանն ասելիք ունեցող ուժերին հարթակներ տրամադրելուն ուղղված մեր հանձնառության կենսագործումը, քանի դեռ արտակարգ դրություն հայտարարված չէ։ 2) Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու՝ քաղաքական իշխանության նախաձեռնած ողջ գործընթացը որակել և որակում ենք որպես հակասահմանադրական, ուստի պետական շահի տեսանկյունից ողջամիտ կլիներ չեղարկել հանրաքվեն։ Այնուհանդերձ մենք պատրաստ ենք քննարկել նաև դրա հնարավոր հետաձգման հետևանքով առաջացող կազմակերպական և իրավական հարցերը։ «Ոչ» քարոզչության կողմը ձևավորած իրավաբանների նախաձեռնող խումբ»:
09:16 - 16 մարտի, 2020
Ինչու են որոշ աշակերտներ մասնակցել քարոզարշավին դասաժամին. տնօրենները պարզաբանում են  |fip.am|

Ինչու են որոշ աշակերտներ մասնակցել քարոզարշավին դասաժամին. տնօրենները պարզաբանում են |fip.am|

fip.am: Իրավաբան, «Ոչ» շտաբի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը մարտի 10-ին ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնել էր, որ Ագարակում «Այո»-ի քարոզարշավը խախտումներով է ընթանում։ Ըստ Բաբայանի՝ քարոզչությանը մասնակցել էին դպրոցականներ և ուսուցիչներ։  Նա, մասնավորապես, գրել էր. «Ագարակի քարոզչությունից մի հատված աչքի տակով անցկացրեցի։ Քարոզչության մասնակցում են դպրոցականներ, անչափահասներ, ուսուցիչներ, պետական սեկտորի աշխատողներ։ Թեև դասերն արդեն սկսվել են ու հիմա էլ դասի ժամ է դպրոցներում, բայց դա չի խանգարում ԿԳՄՍ նախարարին տեղում ականատեսը լինել վերոգրյալ իրողությանը։ Հիմա նստած մտածում եմ. կարո՞ղ է այս քարոզչությունը ՀՀԿ-ն է անցկացնում»։ Արսեն Բաբայանի գրառումը հրապարակել էին բազմաթիվ լրատվականներ ՝ tert.am, news.am, 168.am, aravot.am, aysor.am, yerkirmedia.am, hraparak.am և այլն։ Մարտի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան ժամը 9:00-ից քարոզարշավ էր իրականացնում նախ Սյունիքի մարզի Ագարակ, ապա Մեղրի քաղաքներում։ Օրվա երկրորդ կեսին արդեն նա հանդիպումներ ունեցավ նաև Քաջարանում, Կապանում։ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված՝ Ագարակում քարոզարշավի տեսանյութի կադրերում իսկապես նկատելի են անչափահասներ, և «Փաստերի ստուգման հարթակը»  Ագարակի և Մեղրիի բոլոր 4 դպրոցների տնօրեններից փորձեց պարզել, թե ինչո՞ւ էին դասաժամին դպրոցահասակ երեխաները մասնակցում քարոզարշավին, և արդյո՞ք քարոզարշավին մասնակցելու հրահանգ էին  ստացել։  Դպրոցի տնօրենները պարզաբանում են, թե ինչու են աշակերտները դասաժամին մասնակցել քարոզարշավին Ագարակի միջնակարգ դպրոցի տնօրեն Անժելա Աղայանը Fip.am-ի հետ զրույցում պնդեց, որ ուսուցիչներից որևէ մեկը չի մասնակցել քարոզարշավին և նման հանձնարարական չեն ստացել, իսկ աշակերտներից մասնակցել են նրանք, որոնք այդ օրը դպրոց չեն հաճախել։ Մարտի 10-ին, ըստ տնօրենի, դպրոցի բացակա աշակերտների թիվը 48-50 է եղել։ «Մենք որևէ հանձնարարական չենք ստացել, ներկա-բացակա արվել է, եղել են աշակերտներ, որոնք դասի չեն ներկայացել։ Ծնողին զանգահարել ենք, ասել են՝ կամ երեխան հիվանդ է, կամ հիվանդանոց պետք է գնան և տունն է եղել։ Այն աշակերտները, որոնք եկել են դպրոց, դպրոցի ներսում են եղել, որոնք չեն եկել՝ դասամատյանում իրենց բացակաները ստացել են։ Ծնողներին էլ զանգահարել ենք, և նրանք տեղյակ են եղել, որ երեխան չի հաճախել։ Ոչինչ չի խաթարել դասապրոցեսը, դասերը բնականոն անցել են»,- ասաց Աղայանը։ Ինչ վերաբերում է ուսուցիչներին, տնօրենն ասաց, որ նրանք բոլորն էլ աշխատանքի են եղել։ «Բայց ուշ դպրոց եկող ուսուցիչ ունենք, որոնք դասղեկ չեն, և երկրորդ, երրորդ ժամից են նոր դասի գալիս, միգուցե մինչև դպրոց մտնելը եղել են հանդիպմանը, դա իմ խնդիրը չէ։ Իրենք ճիշտ ժամին ներկայացել են աշխատանքի, մեր բոլոր ուսուցիչները տեղում են եղել, ոչ մեկը ցանկություն չի հայտնել գնալու, որովհետև իրենք գիտեն, որ աշխատանքի են»,- ասաց նա։ Անժելա Աղայանը տեսանյութերից նկատել է, որ իր դպրոցի աշակերտներից վարչապետի հետ հանդիպմանը ներկաներ եղել են. «Այո, ովքեր որ եղել են, ես ճշտել եմ՝ այդ երեխաները բոլորն էլ բացակա են ստացել»։ Նշենք, որ Ագարակի միջնակարգ դպրոցն ունի 667 աշակերտ։ Ագարակի հիմնական դպրոցի տնօրեն Ռոզա Ավանեսյանն էլ նշեց, որ իրենց դպրոցում սովորում է ընդամենը 2 աշակերտ և դասավանդում 3 ուսուցիչ։ «Իմ աշակերտներն ուզենան էլ, չեն կարող գնալ։ 2 աշակերտ ունեմ և 3 ուսուցիչ, բոլորն էլ ներկա են եղել դասին։ Քաղաքից շատ հեռու է դպրոցը, 30 տարվա ընթացքում գյուղն էլ է դատարկվել, դպրոցն էլ, պետությունը պահում է, որովհետև տարածքում միակ դպրոցն է։ Եվ ընդհանրապես հետհեղափոխական ժամանակաշրջանում քաղաքական առումով մեզանից ոչ մի բան չեն պահանջել, չգիտեմ ինչ երեխաներ են եղել հավաքին, ես ինքս չեմ եղել այնտեղ»,- ասաց նա։ Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Ոսկեհատ Գևորգյանը Fip.am-ի հետ զրույցում ևս նշեց, որ մարտի 10-ին դպրոցում դասերը բնականոն հունով ընթացել են, և իրենք վարչապետի հետ հանդիպմանը մասնակցելու որևէ հանձնարարական չեն ստացել։ «Մեր բոլոր ուսուցիչները դասի են եղել, աշակերտներից բացականեր ունեցել ենք, ինչպես ամեն օր, բայց երեխաներից որևէ մեկը չի մասնակցել քարոզարշավին։ Ուսուցիչները բոլորը դասի են եղել, կարող եմ բոլորի համարն էլ տրամադրել, անհատական զանգեք և հարցրեք, մենք բացակա ժամեր չենք ունեցել»,- ասաց նա։ 439 աշակերտ ունեցող դպրոցի տնօրենը նշեց, որ ի տարբերություն ուսուցիչների, 51 աշակերտ երեկ բացակա է եղել։ «Գուցե գնացել են հավաքի, բայց դասի ընդհանրապես չեն եկել»,- ասաց նա։ Մեղրիի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Մերի Հակոբյանը նույնպես հայտնեց, որ ուսուցիչները բոլորը դասի են եղել։ «Ինչ վերաբերում է աշակերտներին, վաղ առավոտից 13 բացակա ենք ունեցել, բոլորն էլ ստացել են իրենց բացակաները, այնպես որ նրանք ընդհանրապես դպրոց չեն եկել, թե հիմա որտե՞ղ են եղել, ի՞նչ են արել, ինչո՞վ են զբաղված եղել, դրա համար ես որևէ բան ասել չեմ կարող»,- ասաց նա։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ո՛չ Ագարակի և ո՛չ էլ Մեղրիի դպրոցի ուսուցիչները չեն մասնակցել։ Ինչ վերաբերում է որոշ աշակերտների, ապա դպրոցի տնօրենները պնդում են, որ իրենք տեղյակ չեն եղել և երեխաները մասնակցել են սեփական նախաձեռնությամբ։ Նելլի Լազարյան  
18:03 - 11 մարտի, 2020
Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Գորայք համայնքի բնակիչներին |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Գորայք համայնքի բնակիչներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Այո»-ի շտաբի անդամները ժամանեցին ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնք: Վարչապետին և «Այո»-ի շտաբի մյուս անդամներին դիմավորեցին համայնքի բնակիչները, ում Փաշինյանը բուկլետներ բաժանեց և ներկայացրեց, թե ինչ փոփոխությունների է ենթարկվելու Սահմանադրությունը, եթե քաղաքացիների մեծամասնությունը «Այո» քվեարկի: «Մենք խնդիր ենք դնում լուծել դատարանի անաչառության հարցը: Մեր ընդդիմադիրները շատ են մեկնաբանում, թե սահմանադրական դատարանը գործող կառավարության վերահսկողության տակ չի և կառավարությունը ցանկանում է վերահսկողություն սահմանել այդ դատարանի նկատմամբ: Նախ ցանկանում եմ ասել, որ եթե ցանկանայինք սահմանադրական դատարանը մեր վերահսկողության տակ լիներ, այն կլիներ մեր վերահսկողության տակ, բայց մեր խնդիրը այն չէ, որ  սահմանադրական դատարանը մեր վերահսկողության տակ չէ, այլ մեր խնդիրը այն է, որ սահմանադրական դատարանը ուրիշների վերահսկողության տակ է: Այդ ուրիշները նրանք են, ում մենք մերժել ենք 2018 թվականին: Դավաճանություն կլինի իմ կողմից, եթե ՍԴ-ն  իր բովանդակությամբ վստահելի չլինի բոլորիս համար և եթե մենք փորձենք դատական իշխանության նկատմամբ վերահսկողություն սահմանել»,- ընդգծեց Փաշինյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզում ընթացող քարոզարշավի ժամանակ ուղեկցում են վարչապետի տիկին Աննան Հակոբյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներ և այլ պաշտոնյաներ։ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:
16:58 - 11 մարտի, 2020
Հանրաքվեին առնչվող առերևույթ ընտրական իրավախախտումների մասին ստացվել է 19 ահազանգ, 10-ով կատարվել են տվյալների ստուգման գործողություններ

Հանրաքվեին առնչվող առերևույթ ընտրական իրավախախտումների մասին ստացվել է 19 ահազանգ, 10-ով կատարվել են տվյալների ստուգման գործողություններ

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել և ամփոփել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքի և անցկացման շրջանակներում 2020թ. փետրվարի 10-ից մինչև մարտի 4-ը՝ ժամը 11.00-ի դրությամբ արձանագրված ընտրական բնույթի ենթադրյալ իրավախախտման դեպքերը: Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում ստացվել է առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 19 հաղորդում, այդ թվում ահազանգ, ոստիկանության ծառայողի զեկուցագիր, հրապարակում: Դրանցից 6-ի մասին տվյալներն ստացվել են զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, սոցիալական ցանցերում կատարված գրառումների հիման վրա, որոնք հասանելի են դարձել ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող մշտադիտարկմամբ, 9-ը՝ քաղաքացու կողմից ՀՀ դատախազություն ներկայացված դիմումների, 1-ը՝ ՀՀ դատախազության թեժ գծին քաղաքացու կատարած ահազանգի, 2-ը քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն կատարած ահազանգերի, 1-ը՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված զեկուցագրերի արդյունքում:  Նշվածներից 9-ը նույն անձի կողմից ներկայացված դիմումներ են, որոնք եղել են առերևույթ վարչական իրավախախտումների վերաբերյալ: Դրանք առերևույթ հանցագործության մասին հաղորդում չհանդիսանալու պատճառով ստուգման հանձնարարություն տալու անհրաժեշտության բացակայության կապակցությամբ դիմում ներկայացրած անձին տրվել են պարզաբանումներ: Մյուս 10 դեպքերը պարունակել  են վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ: Դրանք ուսումնասիրվել են աշխատանքային խմբի կողմից և դատախազության ստորաբաժանումների դատախազների հսկողության ներքո ստուգվել կամ շարունակւմ են ստուգվել:  Մասնավորապես՝ դրանցից 8-ով արդեն իսկ հերքվել է ենթադրյալ իրավախախտման փաստը և ոստիկանության ծառայողների զեկուցագրերի հիման վրա թողնվել անհետևանք, իսկ 2-ով իրականացվում են ստուգողական գործողություններ: ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը, գործակցելով այլ իրավապահ մարմինների հետ, շարունակում է 2020թ. ապրիլի 5-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումների, քաղաքացիների հաղորդումների և ահազանգերի ուսումնասիրման, դրանցով իրականացվող ստուգողական գործողությունների, բավարար հիմքերի առկայության դեպքում քրեադատավարական ընթացակարգերի ապահովման օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունը, որոնց արդյունքների մասին պարբերաբար կտրվի տեղեկատվություն:
16:29 - 11 մարտի, 2020
Հանրաքվեով ժողովուրդը փակում է պետական եւ տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների եւ պաշտոնյաների գոյության էջը Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան

Հանրաքվեով ժողովուրդը փակում է պետական եւ տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների եւ պաշտոնյաների գոյության էջը Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հռչակագիր (նախագիծ) 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի Հայաստանի ժողովուրդը՝ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության միջոցով վերահաստատած լինելով սեփական բարձրագույն իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում, 1991 թվականի Անկախության հանրաքվեից եւ Արցախյան ազատամարտում 1994 թվականի արձանագրած հաղթանակից հետո առաջին անգամ նորոգած լինելով հավատը սեփական ապագայի նկատմամբ, Ընդգծելով իր նվիրվածությունը ժողովրդավարությանը եւ հանրահայտ ժողովրդավարական արժեքներին (մասնավորապես՝ օրենքի եւ իրավունքի գերակայություն, օրենքի առաջ բոլորի հավասարություն, դատական անկախ համակարգ, խոսքի եւ մամուլի ազատություն, ազատ եւ մրցակցային ընտրություններ), Արտահայտելով Հայ ժողովրդի ստեղծարար տաղանդի համախմբման եւ զարգացման միջոցով Հայաստանը հզոր, բարեկեցիկ, բռնությունից ու կոռուպցիայից զերծ պետություն դարձնելու, Արցախի հարցի արդարացի լուծմանը հասնելու իր վճռականությունը, Արձանագրում է․ 1. 1995 թվականից մինչեւ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցած որեւէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքներ չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը։ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք զրոյացել են 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ, արտահայտել են ժողովրդի ցանկությունը։ 2. Ժողովրդի ազատ կամարտահայտման սահմանափակմանը, այսինքն՝ ընտրողների կամքի նկատմամբ ապօրինի ազդեցության գործադրմանը, ընտրությունների արդյունքները կեղծելու գործընթացին զուգահեռ Հայաստանում սկսել է ձեւավորվել կոռուպցիոն համակարգ, որը վերաճել է Համակարգային կոռուպցիայի։ Այս երեւույթը Հայաստանում գոյություն է ունեցել մինչեւ 2018 թվականի Ոչ բռնի, թավշա, ժողովրդական հեղափոխությունը եւ արտահայտվել է համատարած կաշառակերությամբ, պետական ծախսերից ետվճարումների արատավոր համակարգով (ատկատներ), արհեստական տնտեսական մենաշնորհների հաստատմամբ, բիզնեսի եւ նախագահական, օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների միախառնումով։ 3. Այս համակարգի պայմաններում նախագահական, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները, ներառյալ Սահմանադրական դատարանը, մեծ մասամբ սպասարկել են անձնային, խմբային շահեր՝ ետին պլան մղելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ազգային եւ պետական շահերը, օրենքի եւ իրավունքի գերակայությունը, արգելակելով Հայաստանի զարգացումը, ժողովրդի բարեկեցությունը։ Արդյունքում՝ բազմաթիվ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ կուտակել են հսկայածավալ ապօրինի հարստություն։ 4. Պետական բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի կուտակած հարստության վերադարձը պետական գանձարան՝ Հայաստանի Հանրապետության եւ նրա ժողովրդի անքակտելի իրավունքն է։ Այդ գործընթացը պետք է տեղի ունենա բացառապես իրավական ճանապարհով՝ Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ իրավապահ համակարգի, անկախ դատական համակարգի, ներառյալ անկախ եւ լեգիտիմ Սահմանադրական դատարանի ձեւավորմամբ։ 5. Հայաստանում պետք է ձեւավորվեն իշխանության եւ բիզնեսի տարանջատման գործուն մեխանիզմներ․ իշխանությունը չի կարող լինել հարստություն կուտակելու կամ կուտակված հարստությունը պահպանելու միջոց։ 6. Միայն ժողովրդի ազատ կամարտահայտությունը ապահովող ընտրական համակարգը կարող է հանդիսանալ արդյունավետ, հակակշիռների եւ փոխզսպումների համակարգով օժտված պետական կառավարման երաշխիք, հետեւաբար Հայաստանի ժողովուրդը չի հանդուրժի ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության, ընտրությունների արդյունքները կեղծելուն, ժողովրդի կամքը նենգափոխելուն կամ արհամարհելուն ուղղված որեւէ դրսեւորում կամ երեւույթ։ 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեով ժողովուրդը փակում է պետական եւ տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների եւ պաշտոնյաների գոյության էջը Հայաստանում»։
12:00 - 11 մարտի, 2020
ՍԴ այդ 7 դատավորները Սերժ Սարգսյանի եւ Ռ. Քոչարյանի, 1996-ին, այո՛, նաեւ Տեր-Պետրոսյանի կամակատարն են եղել. Փաշինյան |armtimes.com|

ՍԴ այդ 7 դատավորները Սերժ Սարգսյանի եւ Ռ. Քոչարյանի, 1996-ին, այո՛, նաեւ Տեր-Պետրոսյանի կամակատարն են եղել. Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Քաջարանում բավականին մեծ բազմություն էր հավաքվել՝ լսելու «Այո»-ի քարոզչական խմբի ելույթները: Այս մարդկանց ծափերի եւ վանկարկումների ներքո էլ ՀՀ վարչապետը սկսեց ելույթը` ինչպես Մեղրիում, այստեղ եւս ընդգծելով, որ ընտրվելուց հետո 3-րդ անգամ է Քաջարանում, ինչը նշանակում է, որ ընտրությունից ընտրություն չի, որ այցելում են: Վարչապետը քաջարանցիներին տեղեկացրեց, որ Մեղրիում խոսել է այն մասին, թե ինչպես են Հրայր Թովմասյանն ու Սերժ Սարգսյանը օկուպացրել Սահմանադրական դատարանը, ուստի իր խոսքը սկսում է հենց այդ կետից: Իսկ ի՞նչ խնդիր կա ՍԴ մյուս անդամների մասով: Ձեւակերպելով այս հարցը՝ Փաշինյանը որպես պատասխան հիշեցրեց Իմ քայլը խմբակցության նախաձեռնությունը, երբ դիմել էին ՍԴ՝ Թովմասյանի նկատմամբ կարգապական վարույթ հարուցելու հարցով: «Էդ միջնորդությունը հետեւյալի մասին էր, որ քանի որ ՍԴ-ում գործ է քննվում Մարտի մեկի վերաբերյալ, եւ հաշվի առնելով, որ Հրայր Թովմասյանը նախկինում բազմիցս Մարտի 1-ի հետ կապված դիրքորոշումներ է հայտնել, հաշվի առնելով, որ Մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում իշխանության եկածների առաջարկով է ընտրվել ՍԴ նախագահ, որ անկախ դատական համակարգի էությունը ենթադրում է, որ անձը չպետք է մասնակցի իր հետ առնչվող թեմայի քննարկմանը, Հրայր Թովմասյանը ենթարկվի կարգապահական պատասխանատվության…Սահմանադրական դատարանը որոշեց, որ ԱԺ-ն իրավունք ունի կարգապահական վարույթ հարուցի, բայց դա կարող է արվել այն դեպքում, երբ ՍԴ-ն նման վարույթ հարուցի, արձանգրի խախտումը: Սրանով ՍԴ-ն Ազգային ժողովին զրկեց այն լիազորությունից, որը օրենքներով ամրագրված է»,- նկատեց Փաշինյանը: Այնուհետեւ նա անդրադարձավ լրատվամիջոցներում տեղ գտած հետաքննությանը, որով պարզվել էր, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը, որը Հրայր Թովմասյանի սանիկն է, ՍԴ-ում Մարտի 1-ի հետ կապված գործի քննության ընթացքում բազմիցս ելումուտ է արել ՍԴ-ում եւ նրա ելումուտը չի վերահսկվել: «Ոստիկանները բացատրություն են տվել եւ ասել են, որ ՍԴ աշխատակազմի ղեկավարը ասել է, որ շեֆի սանիկն է, թող գա, մի գրանցեք: Ստացվում է, որ ՍԴ նախագահը շփվել է գործով շահառուի հետ եւ այնպես է արել, որ էդ շփումը պետք է դե յուրե չարձանագրվի: Ի՞նչ պետք է լիներ նման պարագայում: ՍԴ-ն պետք է կարգապահական վարույթ հարուցեր, տեսներ՝ որեւէ խնդիր այստեղ կա՞, թե ոչ: Բայց ՍԴ-ն որեւէ ռեակցիա այս իրավիճակին նույնպես չտվեց: Հետեւաբար սա նշանակում է, որ Սահմանադրական դատարանը ըստ էության հրաժարվում է կատարել իր գործառույթները, իշխանության ուրիշ ճյուղերին զրկում է համանման գործառույթներից, իրենց շուրջ պարիսպ են կառուցել, ասում են՝ մենք ՀՀ-ում բարձրագույն ատյան ենք, մեր ասածը ոչ ոք չի կարող քննարկել, ոչ ոք բան չի կարող ասել, չնայած այն փաստին, որ մեր ներկայությունը այստեղ հակասում է այն Սահմանադրական դատարանի նկարագրությանը, որ առկա է Սահմանադրության մեջ»,- հայտարարեց վարչապետը՝ ընդգծելով, որ ապրիլի 5-ի հանրաքվեով պետք է ցույց տալ, որ ՍԴ-ին Հայաստանում որեւէ մարմին չի կարող որեւէ բան ասել, բայց ՀՀ-ում կա մի սուբյեկտ, որ սահմանադրական դատարանին կարող է ուղարկել տուն, տալ գնահատական եւ այդ սուբյեկտը ՀՀ քաղաքացին է: Ըստ նրա՝ ինչպես ժողովուրդը վարչապետի պաշտոնը վերցրեց Սերժ Սարգսյանից, այնպես էլ ապրիլի 5-ին պետք է ՍԴ նախագահի պաշտոնը վերցնի Հրայր Թովմասյանից: «Որովհետեւ Սերժ Սարգսյանը ոչ մի բան է, որ ժողովրդին պատկանող պաշտոնը որեւէ մեկին նվիրի, Հրայր Թովմասյանը ոչ մի բան է, որ ժողովրդին պատկանող պաշտոնը որեւէ մեկին շնորհի կամ նվիրի, Նիկոլ Փաշինյանը ոչ մի բան է, որ ժողովրդին պատկանող իշխանությունը որեւէ մեկին նվիրի, որովհետեւ իշխանության պատկանելությունը որոշում է ժողովուրդը»,- նկատեց Փաշինյանը եւ շարունակեց. «Էդ բոլոր մարդիկ հավասարապես պատասխանատու են Հայաստանում տեղի ունեցած բոլոր դժբախտությունների, կոռուպցիայի, ընտրակեղծիքների, ապօրինությունների, բեսպրիդելի համար, որովհետեւ այդ ՍԴ 7 անդամները իշխանության կամակատար են եղել իրենց գործունեության ողջ ընթացքում՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կամակատարն են եղել, 1996 թվականին, այո, նաեւ առաջին նախագահի՝ Տեր- Պետրոսյանի կամակատարն են եղել: Նրանք երբեք ինքնուրույն դատավորի առաքելություն չեն ունեցել, երբեք արժանի չեն եղել ՀՀ պետական դրոշի տակ ելույթ ունենալու»:
16:37 - 10 մարտի, 2020
Քարոզարշավին չենք հետևում, որ խախտումներ արձանագրենք. Էդմոն Մարուքյան |aysor.am|

Քարոզարշավին չենք հետևում, որ խախտումներ արձանագրենք. Էդմոն Մարուքյան |aysor.am|

aysor.am: Չեմ կարող որևէ կերպ մեկնաբանել՝ հանրաքվեի քարոզարշավից ինչ վտանգ կա, այսօր տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։«Ոչ մի ձևով ոչ մի բանի չենք մասնակցում, միայն հուսով ենք, որ գանգի նկարով պլակատը, որի վրա նաև մեր անունն էր, հանել են։ Այլ բան չենք կարող մեկնաբանել։ Քարոզարշավին չենք հետևում, որ խախտումներ արձանագրենք», - ասաց նա։Հարցին, թե ի՞նչ պետք է անի իրենց ընտրազանգվածը ապրիլի 5-ին գնա՞, թե՞ չգնա հանրաքվեին, Մարուքյանը պատասխանեց՝ այդ մասին հայտնել են վերջին ասուլիսում, հիմա այլ ասելիք չունեն։«Իշխանությունն ունի շատ բարձր ռեյտինգ, բայց կան ՀՀ քաղաքացիներ, որոնք ինչ-որ բաների հետ համաձայն չեն։ Մենք հենց այդ մարդկանց ենք ներկայացնում», - ասաց բանախոսը։ Մարուքյանը նաև հավելեց՝ պարտադիր չէ, որ մարդիկ ընդդիմությանը սիրեն, կարևոր է, որ վստահեն։ 
13:20 - 09 մարտի, 2020
Պատգամավորը վստահ է՝ վարչապետի ի պաշտոնե գործողությունները և քարոզչությունը հստակ տարանջատված են |armenpress.am|

Պատգամավորը վստահ է՝ վարչապետի ի պաշտոնե գործողությունները և քարոզչությունը հստակ տարանջատված են |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը վստահեցնում է, որ վարչապետը հստակ տարանջատում է, թե երբ է ի պաշտոնե որևէ գործողություն անում և երբ՝ որպես սովորական անհատ՝ քարոզչություն: Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ մասնավորապես, անդրադառնալով «Ոչ» քարոզչական կողմից հնչող այն քննադատությանը, թե վարչապետը Լոռու մարզ այցի ընթացքում, երբ ծանոթացել է ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, հետո քարոզչություն արել, խախտել է օրենքը: «Վարչապետը մեկնել է Լոռու մարզ, մասնակցել է ճանապարհի հիմնանորոգման աշխատանքի ստուգմանը: Եվ շատ հստակ տարանջատված է եղել, թե երբ է ինքը որպես պաշտոնյա ի պաշտոնե իրականացրել իր գործառույթները, և  երբ՝ որպես մասնավոր անձ, իրականացրել քարոզչություն: Այն, որ մենք գիտենք, որ այդ մարդը վարչապետ է, չի նշանակում, որ ինքը բոլոր դեպքերում որևէ գործողություն կատարելիս գործում է ի պաշտոնե: Հանրաքվեի մասին օրենքը նշում է, որ ի պաշտոնե գործելիս քարոզչություն չի կարելի իրականացնել: Շատ հստակ տարանջատված էր, թե որն է ի պաշտոնե արված գործողությունը, որի ընթացքում գեթ մեկ արտահայտություն, որը կարող էր դիտարկվել որպես քարոզչություն, չի արվել: Եվ հստակ էր, թե երբ է  քարոզչության իրականացրել, և նա որևէ պաշտոնական գործառույթ այդ պահին չէր իրականացնում»,-ասաց Գրիգորյանը: Այդ առումով բարձրացված հարցերը պատգամավորն արհեստածին համարեց:
13:00 - 09 մարտի, 2020
Հունաստանում հայերը կազմակերպում են «Սահմանադրական խորհրդանշական հանրաքվե» |lragir.am|

Հունաստանում հայերը կազմակերպում են «Սահմանադրական խորհրդանշական հանրաքվե» |lragir.am|

lragir.am: Ընդառաջելով ՀՀ Ազգային ժողովի որոշումին, նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սփյուռքահայությանն ուղղված կոչին, զորակցելու ապրիլի 5-ին Հայաստանում կայանալիք մեր ժողովրդի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կամարտահայտությանը, և ընդառաջելով Հունաստանում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցների առաջարկություններին, առ այն, որ մեծ թվով հայրենակիցներ հակառակ երկիր մեկնելու իրենց ցանկությանը, հասկանալի պատճառներով հնարավորություն չեն ունենալու մասնակցել կազմակերպվող հանրաքվեին, Հունաստանում կազմակերպվելու է Սահմանադրական փոփոխությունների ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ, շարունակելով աջակցել հայրենի ժողովրդի պայքարին, հանուն Հայաստանի օրինական պետականության, ինքիշխանության, պետական ինստիտուտների առողջացման և ապակոռուպացման, ինչու ոչ նաև Հայաստան- Սփյուռք կապերի ամրապնդման։ Վստահ ենք, որ Հունաստանում բնակվող հայերը, ինչպես 2018 թ.-ի ապրիլի 21-ի օրհասական օրը, որ համախմբվելով Աթենքի կենտրոնական «Սինդաղմա» հրապարակում, իրենց զորակցությունը հայտնեցին Երևանի փողոցներում հանուն արժանապատվության ընթացող իրենց քույրերի և եղբայրների ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ, այս առիթով ևս լսելի կդարձնեն իրենց միահամուռ ձայնը։ Այս նպատակով, Հունահայ համայնքի մի շարք հարգելի դեմքերի մասնակցությամբ կազմակերպվելու է վերկուսակցական ընտրական անկախ հանձնաժողով, որը վայելելու է համայնքի կառույցների մեծամասնության և ժողովրդի հարգանքն ու համակրանքը։ Հայտարարվելու են համացանցային և այլ կապի միջոցներ, ապահովելու համար հանրաքվեի քննարկումների և կազմակերպչական աշխատանքներին մասնակցելու մեր հայրենակիցների հնարավորությունը։ Խորհրդանշական հանրաքվեին, առանց խտրականության առիթ են ունենալու մասնակցել համայնքի բոլոր հայերը՝ անկախ նրանց գաղափարական պատկանելությունից և ՀՀ քաղաքացի լինել-չլինելուց։ Հունաստանում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին հրավիրում ենք, իրենց մասնակցությունը բերել Հայրենիքի անկախ պետականությանը զորակցող այս քայլին։ Խորհրդակցություններից հետո հայտարարվելու է քվեարկության ընթացակարգի մանրամասնությունները։ Ձեր առաջարկություններով, զորակցե՛ք ի սեր Հայաստանի ընթացող այս նախաձեռնությանը։ Հունաստանում «Սահմանադրական խորհրդանշական հանրաքվե» նախապատրաստող ժամանակավոր հանձնախումբ Աթենք, 9 մարտի 2020 թ․«Հայաստան» Լրատվական ցանց
11:12 - 09 մարտի, 2020
Դատապարտյալը՝ ՏԸՀ նախագահ, կամ ինչպես է «Այո»-ի շտաբը խախտում Ընտրական օրենսգիրքը |fip.am|

Դատապարտյալը՝ ՏԸՀ նախագահ, կամ ինչպես է «Այո»-ի շտաբը խախտում Ընտրական օրենսգիրքը |fip.am|

fip.am: Ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի կազմակերպման և տեղամասային հանձնաժողովների կազմերում իրենց ներկայացուցիչների նշանակման ժամանակ «Այո»-ի շտաբի կողմից հանձնաժողովի նախագահ է նշանակվել հանձնաժողովի կազմում ընդգրկվելու իրավունք չունեցող անձ։ Այսպես, Նոր Նորք համայնքի Նանսենի 14 հասցեում գտնվող 2/51 տեղամասային հանձնաժողովի նախագահը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների, Արտակ Հովհաննեսի Ղուկասյանն է։ Վերջինս 2011 թ․ հոկտեմբերի 14-ին դատապարտվել էր Քրեական օրենսգրքի միանգամից 7 հոդվածներով՝ 222-րդ հոդվածի 1-ին մասով, 34-305-րդ հոդվածով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով, 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 236-րդ հոդվածի 3-րդ մասով, 275-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։  Ըստ դատավճռի՝ Ղուկասյանը դատապարտվել էր բանդիտիզմի (10 տարի առանց գույքի բռնագանձման), պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձի (10 տարի), սպանության փորձի (8 տարի), հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքի դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձի (6 ամիս), դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու (1 տարի), ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու (3 տարի), ապօրինի կերպով զենք պատրաստելու (4 տարի) և իրացնելու նպատակով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր չհամարվող խիստ ներգործող կամ թունավոր նյութեր ապօրինի պատրաստելու (4 տարի) համար։  Դատալեքս տեղեկատվական համակարգից պարզում ենք, որ ըստ մեղադրանքի՝ Ղուկասյանը 2008-09 թվականներին մի խումբ անձանց հետ նախապես պլանավորել ու նախապատրաստել էր ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի և մի շարք այլ պաշտոնյաների դեմ մահափորձերը։ Մասնավորապես, տեղեկացված լինելով, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղեկցող ավտոմեքենաները հագեցված չեն էլեկտրաալիքները ճնշող սարքավորումներով, հնարավոր են համարել, նախապես ընտրված վայրում ճանապարհին լցված «աստրոլիտը» պայթեցնել հեռակառավարման սարքի միջոցով։ Այնուհետև՝ Ռոբերտ Քոչարյանի հուղարկավորության արարողության ժամանակ, իրականացնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սպանությունը՝ համապատասխան վայրի հողածածկույթի մեծ մակերեսը նախապես նույն պայթուցիկ նյութով մշակելու միջոցով։ Սակայն նկատի ունենալով, որ ՀՀ նախագահի և նրա շքախմբի ավտոմեքենաները հագեցած են էլեկտրաալիքները ճնշող սարքավորումներով, որոնց առկայության պայմաններում հեռակառավարման սարքի գործարկմամբ պայթյուն առաջացնելու հնարավորությունը բացառված է, որոշել են հաշվարկել «ազոտի եռյոդիդ» տեսակի պայթուցիկ նյութի չորացման ժամկետը և այն լցնել նախապես «աստրոլիտով» մշակված մակերեսի մոտակայքում, որպեսզի ներգործության հետևանքով այն առաջացնի «աստրոլիտի» դետոնացիա` պայթյուն, և որպես արդյունք՝ Սերժ Սարգսյանի և մոտակայքում գտնվող այլ անձանց մահը։ Ի դեպ, հարցազրույցներից մեկում Ղուկասյանը չի հերքել իրեն վերագրվող հանցագործությունները և այն բացատրել ապագայի հեռանկարի բացակայությամբ։   Շարունակությունը՝ fip.am-ում։  
12:42 - 07 մարտի, 2020
Եթե «Այո»-ն չհաղթի մենք ստանալու ենք մի ՍԴ, որի լեգիտիմությունը ամրապնդված է լինելու ժողովրդի քվեարկությամբ․ Լևոն Զուրաբյան |factor.am|

Եթե «Այո»-ն չհաղթի մենք ստանալու ենք մի ՍԴ, որի լեգիտիմությունը ամրապնդված է լինելու ժողովրդի քվեարկությամբ․ Լևոն Զուրաբյան |factor.am|

factor.am: «Իրավիճակը շատ լուրջ է, խաղադրույքը, որը դրված է այս հանրաքվեի արդյունքի իմաստով, շատ մեծ է, ըստ էության հեղափոխության ճակատագիրն է դրված և նման անփույթ վերաբերմունքը անթույլատրելի է, և մենք կոչ ենք անում սթափվել»,- այս մասին ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Մենք խոսել ենք, որ ընտրական ինստիտուտների վերափոխման գործում իշխանությունը և՛ դանդաղկոտություն է ցուցաբերել, և՛ անհետևողականություն, և՛ անվճռականություն։ Ցավոք սրտի, նույնը այս պահին կարելի է ասել նրանց քարոզարշավի մասին։ Դրա համար մենք որոշեցինք ահազանգել և փորձել մի քիչ էլ ցնցելով պահանջել՝ փոխելու այս վարվելակերպը։ Իշխանությունը պետք է շատ լավ հասկանա, որ եթե նա հանկարծ ճիշտ հանգրվանի չհասցնի այս հանրաքվեն, ինքը հասնելու է իր մտադրվածի ճիշտ հակառակին, որովհետև եթե «Այո»-ն չհաղթի այս հանրաքվեում, մենք ստանալու ենք մի ՍԴ, որի լեգիտիմությունը ամրապնդված է լինելու ժողովրդի քվեարկությամբ»։
17:38 - 06 մարտի, 2020