Հայաստան

Համատեղ մամուլի հաղորդագրություն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հանդիպման վերաբերյալ

Համատեղ մամուլի հաղորդագրություն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հանդիպման վերաբերյալ

2025 թվականի ապրիլի 17-ին Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլիի, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Հանդիպման մեկնարկին Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը ողջունել են հարավկովկասյան երեք երկրների առաջին եռակողմ հանդիպումը և ընդգծել, որ երեք երկրներն ունեն միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի վրա հիմնված համագործակցության չիրացված ներուժ։ Հանդիպումը միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը: Ավելին, այս ոլորտներում համագործակցությունը կարող է խթանել ընդհանուր մարտահրավերների հասցեագրումը և, ի վերջո, նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատմանն ու արագընթաց զարգացմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները փոխանակվել են մտքերով և համագործակցության հնարավոր ոլորտների վերաբերյալ տեսլականներով: Հանդիպման ավարտին, զրուցակիցները կարևորել են հանդիպման դրական և կառուցողական միջավայրը, որը նախնական փուլ է՝ միտված վստահության ձևավորման և երկխոսության ավելի բարձր մակարդակում շարունակությանը:
17:50 - 17 ապրիլի, 2025
Հայաստան–Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու. Փաշինյան |armenpress.am|

Հայաստան–Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am:  Հայաստան–Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն: ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  «Մեր ասելիքն է մեր ճակատագիրը կառավարելու առաջնային գործիքը: Իսկ մենք ասում ենք՝ Հայաստան–Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,–ասաց Փաշինյանը: Իսկ, թե ինչպե՞ս՝ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը: Նա հավելեց՝ ընդ որում, սա ոչ միայն քաղաքական, այլ նաև իրավական մակարդակում, որովհետև սահմանազատման հարցերով հանձնաժողովների գործունեության կանոնակարգը երկու երկրներում բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ է:  «Եվ այդ փաստաթղթում Ալմաթայի հռչակագիրը որպես սահմանազատման բազային սկզբունք ընդունելով՝ թե Հայաստանը, թե Ադրբեջանը Ալմաթայի հռչակագիրն ըստ էության դարձրել են ընդհանրապես հարաբերությունների կարգավորման բազային սկզբունք: Իսկ այդ հռչակագրում խորհրդային հանրապետությունների սահմանների անխախտելիությունը, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, ներքին գործերին չմիջամտելը, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումն են բազային սկզբունքներ»,–ասաց վարչապետը: Փաշինյանը Հայաստանում ու Ադրբեջանում գործող բոլոր ուժերին կոչ արեց լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը: «Եվ հայտարարում եմ պաշտոնապես՝ ՀՀ կառավարությունը չի անելու հայտարարություններ ու գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը կամ կասկածի տակ են դնում այս տրամաբանությունը: Եվ կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը՝ չանել հայտարարություններ ու գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը կամ կասկածի տակ են դնում այս տրամաբանությունը»,–ասաց վարչապետը:  Նա հիշեցրեց՝ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցրել են, նախագծի համաձայնեցման շուրջ բանակցություններն ավարտվել են: Ըստ նրա՝ համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա: «Համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, մոռացեք Հայաստան–Ադրբեջան էսկալացիայի և պատերազմի մասին: Հարավային Կովկասի պատմության նոր էջը պետք է բացենք միասին: Եվ մենք պատրաստ ենք միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիրն ու Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին Հայաստան–Ադրբեջան համատեղ դիմումը ԵԱՀԿ–ին»,–վերահաստատեց Փաշինյանը:
16:32 - 17 ապրիլի, 2025
Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը եթե ոչ առավել, առնվազն նույնքան կարևոր է, որքան 2018-ինը. Փաշինյան
 |1lurer.am|

Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը եթե ոչ առավել, առնվազն նույնքան կարևոր է, որքան 2018-ինը. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը եթե ոչ առավել, առնվազն նույնքան կարևոր է, որքան 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, և այդ հեղափոխությունն էլ է ավարտվելու ժողովրդական հաղթանակով: Այդ մասին ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Տեղի է ունենում իրական Հայաստանի սոցիալ-հոգեբանական հեղափոխություն: Այդ հեղափոխության արձանագրումն այն է, որ վերջին մի քանի հարյուրամյակներում առաջին անգամ միջազգայնորեն ճանաչված մեր պետությունը և մեր հայրենիքը նույնական են, մեր հայրենիքը Հայաստանն է: Պետությունը, որում ապրում ենք, նույնպես Հայաստանն է: Ընդդիմությունն այդպես էլ չի ընդունում սա, չի հասկանում, թե ինչ է նշանակում «հայրենիքը պետությունն է» կարգախոսը, և ինչ բացատրություն ունի, իսկ բացատրությունն այն է, որ վերջին առնվազն 6 դարում մենք ապրել ենք մի իրավիճակում, երբ մեր հայրենիքը եղել է Հայաստանը, իսկ պետությունը՝ Պարսկաստանը, հայրենիքը եղել է Հայաստանը, իսկ պետությունը՝ Օսմանյան կայսրությունը, հայրենիքը՝ Հայաստանը, իսկ պետությունը՝ Ռուսական կայսրությունը, հայրենիքը՝ Հայաստանը, իսկ պետությունը՝ Խորհրդային Միությունը: Եվ ինչպես պարզ թվարկումը ցույց է տալիս, պետությունը հիմնականում ատելի է եղել մեզ համար, իսկ հայրենիքը՝ խեղճ ու կրակ, ու այս սոցիալ-հոգեբանությունը մեզ համար դարձել է ձեռբերովի ռեֆլեքս, ատելություն պետության և նրա ատրիբուտների ու կառուցակարգերի նկատմամբ, հուսահատ և անկանոն սեր՝ հայրենիքի նկատմամբ: Սա է պատճառը, որ ընդդիմությունը հուսահատ աղաղակում է՝ ժողովո՛ւրդ, հասե՛ք, սրանք բյուջե են լցնում, որովհետև բյուջեն և հարկը պետության ատրիբուտ են, և հետևաբար, ենթագիտակցորեն կամ ձեռբերովի ռեֆլեքսի համաձայն՝ ատելի»,- ասաց նա:
16:14 - 17 ապրիլի, 2025
Մեր պետության հարատևությունն ապահովելու այսպիսի շանս երբեք չենք ունեցել. վարչապետ |armenpress.am|

Մեր պետության հարատևությունն ապահովելու այսպիսի շանս երբեք չենք ունեցել. վարչապետ |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանն իր հազարամյա պատմության մեջ պետության հարատևությունն ապահովելու այնպիսի շանս, որը կա հիմա, երբեք չի ունեցել:   ԱԺ ամբիոնից նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  «Վերջին 7 տարիներին մենք առաջնորդել ենք Հայաստանը, մենք տեսել ենք պարտություն և ձախողում, մենք տեսել ենք լաց և ատամների կրճտոց, մենք տեսել ենք ողբերգություն և ցասում: Բայց մեր հաղթանակն ու ուժը նրանում է, որ մենք առաջնորդել ենք այնտեղ, որտեղ թվում էր՝ անհնար է առաջնորդել, որտեղ սովորաբար առաջնորդություն չի լինում, այլ լինում է քաոս և խուճապ, փլուզում և կործանում: Մենք առաջնորդել ենք զուգահեռ իրական պետություն, իրական անկախություն, հետևաբար  ազատություն, բարեկեցություն, երջանկություն ունենալու հնարավորություն ենք փնտրել մեր հայրենիք պետության՝ Հայաստանի Հանրապետության ու նրա ժողովրդի համար և ստեղծել ենք այդ հնարավորությունը:Մենք մեր պատմության գագաթնակետին, կուլմինացիային ենք հասել, և մեր հազարամյա պատմության մեջ մեր պետության հարատևությունն ապահովելու այսպիսի շանս երբեք չենք ունեցել»,–ասաց Փաշինյանը: Ըստ վարչապետի՝ բոլոր ռիսկերը, որ գոյություն ունեն այսօր, գոյություն են ունեցել միշտ: «Բայց ռիսկերը եղել են շարունակական, որովհետև չենք տեսել և հետևաբար չենք օգտագործել այդ ռիսկերը կառավարելու և չեզոքացնելու հնարավորությունը: Իսկ այսօր տեսնում ենք, կառավարում ենք, չեզոքացնում ենք»,–նշեց նա:  Փաշինյանի խոսքով՝ այս համատեքստում են տեղավորվում այն քայլերը, որոնք իշխանությունը ձեռնարկում է վերջին տարիներին՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման օրակարգ, սահմանազատման գործընթաց, խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացում:   Նա այս բոլորը համարում է քայլեր, որոնք պետությունը և նրանում ազատ, անվտանգ և բարեկեցիկ ապրելու քաղաքացու հնարավորությունը դնում են ամենակենտրոնում՝ ամենից բարձր ու առաջնահերթ: «Ու սա է մեր ռազմավարությունը, սա մեր հարգանքի մեծագույն տուրքն է մեր բոլոր նահատակներին»,–ընդգծեց վարչապետը: 
15:59 - 17 ապրիլի, 2025
Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է Հայաստանի պետականության համար. Նիկոլ Փաշինյան |tert.am|

Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է Հայաստանի պետականության համար. Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: 1980-ականների վերջին Հայաստանի անկախության գաղափարը գեներացվել է ոչ թե հանուն անկախության ու պետականության, այլ հանուն Ղարաբաղի խնդրի լուծման: Այս մասին Աժ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսինքն, մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցի համար: Քաղաքական իրողություն է սա, ինչը հաստատվում է հետազոտություններով: 1989-ին անկախության գաղափարը գերակշռել է այն բանի արդյունքում, որ Ղարաբաղ կոմիտեն կորցրել է ԽՍՀՄ իրավակարգի շրջանակում Ղարաբաղի հարցը լուծելու հույսը և ինչպես ասել է Ղարաբաղ կոմիտեի առաջնորդներից մեկը՝ անկախությունը հարկավոր է Ղարաբաղի հարցը լուծելու համար»,- ասաց նա: Փաշինյանը նշեց, որ, իհարկե, անկախության հռչակումից ու ձեռքբերումից հետո պետականության կայացման օրակարգը գոյոթյուն է ունեցել միշտ, բայց շուրջ 30 տարի մենք կառուցել ենք պետության մի մոդել, որը հիմնականում և առավելապես նվիրված է  եղել Ղարաբաղի հարցի լուծմանը: «Սա չեմ ասում որպես քննադատություն, այլ ասում եմ որպես իրողություն, որովհետև մենք բոլորս կամ մեծամասնությունս հաշտ ենք եղել այդ մոդելի և նպատակադրման հետ: Ինքս էլ հաշտ եմ եղել այդ մոդելի հետ, մինչև այն պահը, երբ որպես ՀՀ վարչապետ, փաստերին ու տեղեկություններին հասանելիություն ստանալուն զուգընթաց, կամաց-կամաց, քայլ-քայլ, սկզբից աղոտ, ապա առարկայորեն հասկացել եմ՝ եթե մեզ համար անկախությունը, պետականությունը միջոց են Ղարաբաղի հարցի մեր պատկերացրած լուծման համար, մի շարք արտաքին դերակատարների համար Ղարաբաղի հարցը միջոց է մեր անկախությունը, պետականությունը, զարգացումը բարեկեցեությունը թույլ չտալու, ապա և մեր պետականությանը վերջ դնելու համար: Այդ վերջնանպատակի իրագործումը մեկնարկած է եղել արդեն 2018 թվականին և եզրափակիչ փուլ մտավ 20-ի սեպտեմբերին: Գագաթնակետին հասավ 2021 թվականի մայիսին և այդ վերջնանպատակը գործակիցներ ունի նաև Հայաստանում: Այդ գործակիցները կարծում են, որ Ղարաբաղի հարցն է կարևոր և ոչ թե անկախությունն ու պետականությունը»,- հայտարարեց նա: Նրա խոսքով՝ այսօր գաղափարական այս դարակազմիկ բախման երկրորդ արարն է տեղի ունենում: «Կառավարող մեծամասնությունը, անձամբ ես ասում եմ՝ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել ու լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար: Մենք սա, ցավոք, շատ ուշ ենք հասկացել: Ընդդիմությունն, ըստ էության, ասում է՝ Հայաստանի պետականությունը մի նպատակ ու իմաստ է ունեցել և ունի՝ Ղարաբաղյան շարժում, Ղարաբաղի հարց, ուրեմն ղարաբաղյան շարժումը պետք է շարունակել անկախ նրանից, թե դա ինչ հետևանքներ կունենա»,- ասաց Փաշինյանը: Նա շեշտեց, որ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ Հայաստանի կառավարման ղեկին հայտնված քաղաքական թիմը դաժան փորձությունների ու հարվածների տարափի ներքո, ինտուիցիա ու արիություն է ցուցաբերել՝ կարողանալով քայլ առ քայլ, կտոր-կտոր առերեսվել այն փաստի հետ, որ Ղարաբաղյան շարժումը օբյեկտիվորեն վաղուց ավարտվել է, և այն շարունակելու մեր հավաքական ջանքը ընդամենն օգտագործվում է Հայաստանի՝ առանց այն էլ թուլացած անկախությանն ու պետականությանը վերջ դնելու համար: Փաշինյանի խոսքով՝ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետությունը «ոչ թե ավելի մեծ հայրենիք ունենալու միջոց է, այլ մեր երազանքների հայրենիք-պետությունն է և մեր վերջնական հանգրվանը՝ որպես ժողովուրդ»։
15:55 - 17 ապրիլի, 2025
Արմեն Գրիգորյանն ու Ջեֆրի վան Լևենն անդրադարձել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարներին

Արմեն Գրիգորյանն ու Ջեֆրի վան Լևենն անդրադարձել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարներին

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում ապրիլի 17-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անձնական գրասենյակի ղեկավար Ջեֆրի վան Լևենի հետ: ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս համատեքստում Ա. Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, իսկ Ջեֆրի վան Լևենը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը և կարևորել պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը։  Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ հարաբերություններին և համագործակցության հեռանկարներին։
15:30 - 17 ապրիլի, 2025
Նախիջևան անարգել մուտքը դեռևս չի ապահովվել. Բայրամով
 |azatutyun.am|

Նախիջևան անարգել մուտքը դեռևս չի ապահովվել. Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: Խաղաղության համաձայնագրի տեքստի վրա աշխատանքներն ավարտվել են մարտին, սակայն գործընթացի վերջնական ավարտի հարցում Բաքուն Երևանից դեռ ակնկալիքներ ունի, այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը սլովենացի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունից և Մինսկի խմբի լուծարումից բացի չլուծված է մնում նաև հաղորդակցությունների բացման հարցը։ «Ես նշել եմ Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացման, ինչպես նաև Մինսկի խմբի վերացման անհրաժեշտությունը: Սահմանազատման գործընթացն ընթացքի մեջ է, բայց հաղորդակցությունների բացման հարցը դեռևս չլուծված է մնում: Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել նաև այն փաստի շուրջ, որ Նախիջևան անարգել մուտքը դեռևս չի ապահովվել», - թվարկել է Բայրամովը։ Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:
14:58 - 17 ապրիլի, 2025
Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատմանը. Իրանի ԱԳ փոխնախարար |armenpress.am|

Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատմանը. Իրանի ԱԳ փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախթ Ռավանչին հայտարարել է, որ Թեհրանը հավատարիմ է հարևան երկրների հետ բարիդրացիությանը՝ ընդգծելով, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստակամ է խաղաղության հասնելու գործում աջակցել Երևանին և Բաքվին: Այս մասին հայտնում է Tehrantimes-ը՝ մեջբերելով Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հայտարարությունը։  Ռավանչին նաև ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությունը տարածաշրջանային կայունության համար և երկու երկրներին հորդորել է կենտրոնանալ ապագայի վրա՝ մատնանշելով, որ փաստաթուղթը պատրաստ է ստորագրման։   Նա դատապարտել է տարածքային ամբողջականության ցանկացած խախտում՝ ընդգծելով, որ ռազմական ուժը չպետք է օգտագործվի այլ երկրի տարածք գրավելու համար։  Խաղաղ ապագա ապահովելու համար նա տարածաշրջանային համագործակցության կոչ է արել՝ հիմնված փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքի վրա։  Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ համաձայնության հասնելու և բանակցությունների ավարտի մասին։ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագիրը ստորագրելու տեղը և ժամկետները որոշելու վերաբերյալ, Ադրբեջանը, սակայն, նոր նախապայմաններ է առաջ քաշել՝ համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումը, թե Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի, քանի որ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանը նաև պնդում է, որ համաձայնագիրը ստորագրելուց առաջ պետք է լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հայաստանի վարչապետն Ադրբեջանին առաջարկել է Մինսկի խումբը լուծարելու՝ ԵԱՀԿ-ին ուղղված դիմումն ու խաղաղության համաձայնագիրը ստորագրել միասին։ Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրության հետ կապված Ադրբեջանի կեղծ պնդմանը, հայկական կողմը բազմիցս հերքել է Բաքվի մեղադրանքները, թե ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։  
11:07 - 17 ապրիլի, 2025
Արարատ Միրզոյանի հարցազրույցը Թուրքիայում գործող լրատվամիջոցներին

Արարատ Միրզոյանի հարցազրույցը Թուրքիայում գործող լրատվամիջոցներին

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների: ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է հարցազրույցը․  Հարց. Ինչպե՞ս կնկարագրեք Ձեր հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ։ Արարատ Միրզոյան․ Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Ինձ համար սա, նախ և առաջ, հնարավորություն է խոսելու ձեզ հետ և ձեր միջոցով՝ ձեր գործընկերների` Թուրքիայի հասարակության հետ, որովհետև երբեմն ունեմ այն զգացումը, որ երկու հասարակություններում կան պատկերացումներ, որոնք անպայմանորեն չեն արտացոլում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև առկա իրական հարաբերություններն ու ընկալումները։ Ուստի կարծում եմ, սա շատ լավ հնարավորություն է։ Ես հանդիպում եմ ունեցել նախարար Ֆիդանի հետ։ Սա, իհարկե, մեր առաջին հանդիպումը չէր։ Մենք շատ բովանդակային քննարկում ենք ունեցել երկկողմ օրակարգի շուրջ՝ կատարված քայլերի, ինչպես նաև ապագա ծրագրերի և տարածաշրջանային ընդհանուր խնդիրների վերաբերյալ։ Հարց. Կարո՞ղ եք ավելի կոնկրետ նշել, գուցե մատնանշել որոշակի արդյունքներ։ Արարատ Միրզոյան․ Տեսեք, եթե խոսում ենք Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի մասին, մի շարք շոշափելի քայլեր արդեն իրականացվել են, ինչպես օրինակ` օդային տարածքի օգտագործումը, կամ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ենթակառուցվածքների գնահատումը երկու երկրների մասնագետների կողմից: Նաև երկու երկրները երկկողմանիորեն, համատեղ գնահատել են Գյումրի-Կարս երկաթուղու ենթակառուցվածքները, որի մի մասը սահմանին է: Մի քանի օր առաջ երկու երկրների տարբեր գերատեսչությունների մասնագետները հանդիպել են Թուրքիայում, և նպատակն է, կրկին սահմանի վրա գտնվող Անիի պատմական կամրջի վերականգնումը: Կան մի շարք այլ ծրագրեր: Այսինքն, գործընթացը շարունակվում է, տեղի են ունենում զարգացումներ։ Միևնույն ժամանակ, չեմ կարող չնշել, որ կան նաև պայմանավորվածություններ, որոնք դեռևս չեն իրականացվել: Օրինակ՝ մենք ունեինք պայմանավորվածություն՝ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար։ Ցավոք, այս պայմանավորվածությունը դեռ կյանքի չի կոչվել։ Բայց միաժամանակ, երկու կողմերն էլ ունեն ընդհանուր ըմբռնում, որ վերջնական նպատակն է հարաբերությունների լիարժեք կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի ամբողջական բացումը։ Ավելին, այսօր, հետաքրքիր զուգադիպությամբ, ես, նախարար Ֆիդանը և մեր պատվիրակությունները քննարկել ենք հնարավորություններ, որոնք կարող են նպաստել հարաբերությունների կարգավորմանը։ Այսինքն, ես սա ասում եմ՝ ընդգծելու համար, որ մեր երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի բացմանն իբրև նպատակ ինքնին, այլև մեծածավալ առևտրին, որն իրական հնարավորություն է երկու երկրների միջև։ Քննարկել ենք նաև համատեղ էներգետիկ նախագծեր, տարանցման հնարավորություններ։ Ավելին, անդրադարձել ենք միջազգային հարթակներում համագործակցության թեմային, քանի որ իրականությունը ցույց է տալիս, որ որոշ հարցերում, մասնավորապես Մերձավոր Արևելքի վերաբերյալ, մեր ընկալումները երբեմն ավելի մոտ են, քան կարող է թվալ։ Այսինքն, կան բազմաթիվ հնարավորություններ։ Հարց. Այսօրվա պանելային քննարկման ընթացքում Դուք արդեն անդրադարձել եք այդ հարցին, սակայն եթե հնարավոր է, կցանկանայի խնդրել՝ արդյոք կարող եք հավելյալ տեղեկատվություն ներկայացնել։ Մոտ մեկ ամիս առաջ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ Հայաստանի հետ խաղաղության բանակցություններն ավարտված են, և կողմերը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի նախագիծը։ Կխնդրեի նշել՝ որ փուլում է գտնվում այդ գործընթացը։ Ո՞րն է հիմնական խոչընդոտը ստորագրման համար։ Արդյոք սկսվել կամ շարունակվում են քննարկումներ ստորագրման ժամկետի և վայրի վերաբերյալ։ Հնարավո՞ր է, որ ստորագրումը կայանա Թուրքիայում։ Թե՞ գործընթացը հայտնվել է փակուղում։ Արարատ Միրզոյան․ Իհարկե, սա կարևոր հարց է, և ես չեմ պատրաստվում չանդրադառնալ դրան։ Սա նաև Հայաստան-Թուրքիա ընդհանուր երկխոսության մաս է։ Ինչպես նշեցիք, մենք կարողացել ենք համաձայնության գալ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ, և այն լիովին պատրաստ է ստորագրման։ Սա բավականին մեծ ձեռքբերում է։ Սա, ես կասեի, պատմական իրադարձություն է, աննախադեպ մի բան։ Պատկերացրեք՝ Հայաստանն ու Ադրբեջանը երկարատև հակամարտությունից հետո, մեր տարածաշրջանում տեղի ունեցած արյունահեղություններից հետո, մենք կարողացանք, մենք հաջողեցինք համաձայնության գալ տեքստի շուրջ։ Մենք առաջարկել ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ ադրբեջանցի գործընկերների հետ՝ ստորագրման արարողության տեղի և ժամկետի որոշման նպատակով: Սակայն, ցավոք, մենք նկատում ենք, որ Ադրբեջանը հարցի վերաբերյալ ունի որոշակիորեն այլ պատկերացում։ Նրանք գտնում են, որ Հայաստանը պետք է կատարի որոշ հավելյալ քայլեր, որպեսզի պայմանագրի ստորագրումը հնարավոր դառնա։ Օրինակ՝ նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը։ Մեր դիրքորոշումն այն է, որ մենք լիովին պատրաստ ենք սկսել, նախաձեռնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը։ Մեր ընկալումն այն է, որ եթե այլևս չկա հակամարտություն, իսկ Մինսկի խումբը ստեղծված է հենց հակամարտության համար, ապա այդ խմբի գոյության անհրաժեշտությունը նույնպես վերանում է։ Բայց մենք պետք է ունենանք, այսպես ասած, հակամարտության ինստիտուցիոնալ ավարտ՝ ինչը կլինի խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը։ Այդ իսկ պատճառով մենք առաջարկել ենք մեր ադրբեջանցի գործընկերներին ստորագրել երկու փաստաթուղթ միևնույն օրը՝ նախ՝ մեր երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը՝, և ապա համատեղ դիմում ԵԱՀԿ համապատասխան քարտուղարությանը՝ Մինսկի խմբի լուծարման գործընթացը սկսել մեր պատրաստակամության վերաբերյալ։ Մեր ադրբեջանցի գործընկերները նաև շարունակաբար հղում են անում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Նրանք պահանջում են փոփոխություն մեր Սահմանադրության մեջ: Նրանք ասում են, որ մեր Սահմանադրության մեջ, դրա նախաբանի մասում, մենք ունենք հղում մեր Անկախության հռչակագրին, ինչը ճիշտ է, և որում, ըստ նրանց, մենք ունենք տարածքային պահանջ իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչն այդքան էլ ճիշտ չէ, քանի որ Անկախության հռչակագրի միայն այն մասերն ունեն պարտադիր իրավական ուժ Սահմանադրության իմաստով, որոնք բառացիորեն մեջբերված են Սահմանադրության մեջ: Ավելին, համաձայնագիրը, որը մենք պատրաստվում ենք ստորագրել, անդրադառնում է այդ խնդրին: Այսպիսով, իրավիճակը լիովին հասկանալու համար՝ այստեղ ես ավելի շատ մանրամասներ պետք է ներկայացնեմ: Այսպիսով, համաձայնագրով կողմերը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել մեր երկրների միջև որպես Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններ՝ Խորհրդային Միության փլուզման պահին, և որոնք հետագայում դարձել են միջազգային ճանաչում ստացած սահմաններ։ Այդ դրույթը լիովին հասցեագրում է ադրբեջանական կողմի մտահոգություններին, ինչն ինքնին թույլ է տվել հասնել համաձայնության պայմանագրի տեքստի շուրջ։ Միևնույն ժամանակ, դա լիարժեք կերպով համահունչ է նաև մեր ընկալումներին։ Եթե մենք ստորագրենք այս պայմանագիրը և այն ուղարկվի վավերացման, ապա այդ գործընթացի շրջանակներում այն պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան՝ եզրակացության, կարծիքի համար։ Դա մեր իրավական ընթացակարգն է։ Եթե մեր Սահմանադրական դատարանն արձանագրի, որ այդ կետը, այդ ձևակերպումը լիովին համապատասխանում է Սահմանադրությանը՝ այսինքն, չի պարունակում որևէ տարածքային հավակնություն սահմաններից դուրս, ինչն ընդունելի է ադրբեջանական կողմի համար և միջազգային հանրության կողմից ճանաչվածն է, ապա դա նշանակում է, որ որևէ խնդիր չկա։ Այսպիսով, պատասխանը, լուծումը խաղաղության պայմանագրից դուրս չէ, այլ հենց դրա ներսում է։ Իսկ հարցի հասցեագրման ամենակարճ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է։ Միևնույն ժամանակ, կարող եմ նշել, որ տեսականորեն, իհարկե, չի բացառվում Սահմանադրական դատարանի կողմից բացասական եզրակացություն տալու հավանականությունը, թե համապատասխան կետը չի համապատասխանում Սահմանադրությանը։ Այնուամենայնիվ, ես լուրջ հիմքեր ունեմ ենթադրելու, որ ամենայն հավանականությամբ դատարանը կարտահայտի դրական դիրքորոշում։ Եվ սա, պետք է նշեմ, իրոք ուշագրավ հանգամանք է։ Մի քանի ամիս առաջ՝ սեպտեմբերին, մեր Սահմանադրական դատարանը կարծիք է ներկայացրել նման հարցի վերաբերյալ։ Մենք մեկ այլ փաստաթուղթ էինք ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Դա երկու երկրների միջև երբևէ ստորագրված առաջին միջազգային փաստաթուղթն էր՝ սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը: Այդ կանոնակարգում մեջ մեր երկու պետությունները ևս մեկ անգամ համաձայնել են, որ սահմանազատման հիմքը պետք է հանդիսանա Ալմա-Աթայի հռչակագիրը, որը փաստացի կրկնում է այն միտքը, որը ես արդեն նշեցի՝ սահմանները պետք է լինեն այն սահմանները, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության փլուզման պահին։ Այսպիսով, կրկին, փաստաթուղթը վավերացնելու համար մենք դիմել ենք մեր Սահմանադրական դատարան, և մեր Սահմանադրական դատարանը հայտարարել է, որ այն լիովին համապատասխանում է մեր Սահմանադրությանը: Այսպիսով, ես ունեմ հիմնավոր պատճառ ենթադրելու, որ խաղաղության համաձայնագրի դեպքում, որն ասում է նույն բանը, մեծ հավանականություն կա, որ մեր Սահմանադրական դատարանը կրկին կասի, որ այն համապատասխանում է մեր Սահմանադրությանը: Այսպիսով, խնդիր չկա: Զուգահեռաբար, մենք տեսնում ենք և ունենք մեր սեփական մտահոգություններն Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ: Եվ, կրկին, բացատրեմ: Սա պարզապես հայելային հակադարձում չէ: Իրենց Սահմանադրության մեջ նրանք ունեն հղում իրենց Անկախության հռչակագրին: Այսպիսով, իրենց Անկախության հռչակագրում նրանք հայտարարում են, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունն առաջին Ադրբեջանական (Դեմոկրատական) Հանրապետության իրավահաջորդն է, ոչ թե Խորհրդայինի: Եվ առաջին Ադրբեջանական Հանրապետությունը, որը գոյություն է ունեցել մինչև Խորհրդային Միությունը, հայտարարել է իր ինքնիշխանությունը շատ ավելի մեծ տարածքների նկատմամբ, քան այսօրվա Ադրբեջանն է: Այն ներառում է այսօրվա Հայաստանի ինքնիշխան տարածքների ավելի քան 60%-ը: Այսպիսով, մենք տեսնում ենք, մենք ունենք մեր սեփական մտահոգությունները, բայց ինչու՞ այս հարցը շարունակաբար չենք բարձրացնում: Որովհետև մենք տեսնում ենք, ինչպես նշեցի նախկինում՝ մեր Սահմանադրության դեպքում, լուծումը խաղաղության համաձայնագրի մեջ է: Մենք ստորագրում ենք այն և լուծում ենք խնդիրը: Վերջ: Վերադառնալով հիմնական հարցին՝ պետք է նշեմ, որ մենք շատ կառուցողական ենք, շատ ճկուն։ Մենք մեծ աշխատանք ենք կատարել այս տեքստի շուրջ։ Այժմ այն պատրաստ է ստորագրման։ Աշխարհում չկա որևէ խաղաղության համաձայնագիր, որը պատասխաներ բոլոր հնարավոր հարցերին։ Եթե երկու հասարակություններ ունեն թշնամանքի, բախումների պատմություն, նրանք չեն կարող ամեն ինչ լուծել մեկ փաստաթղթով։ Խաղաղության պայմանագրով նախատեսվում է ստեղծել երկկողմ մեխանիզմ՝ հանձնաժողով, որը կհետևի պայմանագրի կատարմանը, ինչպես նաև կզբաղվի բոլոր այն հնարավոր դժվարություններով և անհարթություններով, որոնք կարող են և, ամենայն հավանականությամբ, կարձանագրվեն գործընթացի ընթացքում։ Այլ կերպ ասած, մենք ձևավորում ենք գործիքակազմ այդ մարտահրավերները կառավարելու նպատակով։ Հետևաբար, ակնկալիքը, թե խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ պետք է լուծված լինեն բոլոր հնարավոր հարցերը, մեր գնահատմամբ, ո՛չ արդարացի է, ո՛չ էլ իրատեսական։ Հարց. Ինչպե՞ս պետք է հասկանալ սա։ Բանակցությունները շարունակվո՞ւմ են։ Ինչպիսի՞ առաջարկներ ունեք ստորագրության ժամկետի և վայրի վերաբերյալ։ Եվ արդյո՞ք Թուրքիան կարող է լինել այս իրադարձության հյուրընկալողը։ Արարատ Միրզոյան. Այո, ներեցեք, մոռացել էի այդ հատվածի մասին. կարծում եմ՝ կարևոր է բոլորի համար՝ հասկանալ բոլոր նրբությունները, հակառակ դեպքում չեք ունենա ներկա իրավիճակի մասին հստակ պատկեր: Այո, մենք բանակցում ենք, որովհետև այլընտրանք չկա: Եթե մենք ունենք խաղաղության օրակարգ, ապա ի՞նչ այլընտրանք կարող է լինել բանակցություններին։ Այնպես որ, բանակցությունները շարունակվում են: Ինչ վերաբերում է տեղին, գիտեք, դա էական չէ: Կա գաղափար այն ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Մի քանի այլ մայրաքաղաքներ առաջարկում են իրենց ծառայությունները, ես չեմ բացառում որևէ բան: Ես դեռ չեմ ստացել այդ առաջարկը: Չեմ բացառում որևէ տարբերակ:  Լրագրող․ Պարոն նախարար, ուզում եմ շարունակել իմ գործընկերոջ առաջին հարցը։ Ի դեպ, ես նաև հետևել եմ ձեր հետաքրքիր բանավեճին Ջեյհուն Բայրամովի և ձեր վրացի գործընկերոջ հետ։ Ինչպես դուք բացատրեցիք, Ադրբեջանի կողմից կա հստակ պահանջ՝ փոխել ձեր Սահմանադրությունը։ Այսպիսով, կարճ հարց. դուք կդիտարկեի՞ք Սահմանադրական փոփոխություն։ Ի նկատի ունեմ, խոսակցություններ կային հանրաքվե անցկացնելու մասին։ Այսպիսով, դուք կդիտարկե՞ք Սահմանադրական փոփոխություն՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար, թե ոչ։ Արարատ Միրզոյան. Սկսենք նրանից, որ երբ Հայաստանում տեղի ունեցավ ժողովրդավարական հեղափոխությունը և մեր ներկայիս իշխող կուսակցությունը դարձավ իշխանության, մենք գրեթե անմիջապես հայտարարեցինք, որ պատրաստվում ենք փոփոխություններ կատարել մեր Սահմանադրությունում։ Եվ այժմ, ինչպես ես տեսնում եմ, դա լինելու է ոչ միայն ներկայիս Սահմանադրության փոփոխություն, այլև նոր Սահմանադրություն։ Արդեն գործող հանձնաժողովը, որը զբաղվում է Սահմանադրական փոփոխություններով, քննարկում է իրավական մեխանիզմները, և ինչպես գիտեմ, հանձնաժողովի մանդատի ժամկետը լրանում է 2026 թվականին: Նույն տարում մենք ունենք խորհրդարանական ընտրություններ։ Այսպիսով, 2018-ից մենք պնդում ենք նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին, և դա շարունակում է մնալ մեր օրակարգում։ Մենք պատրաստվում ենք կյանքի կոչել դա։ Բայց հարցը կապել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ, կառուցողական չէ։ Վերադառնալով իմ նախորդ մեկնաբանություններին՝ ուզում եմ ընդգծել, որ առկա է երկու ճանապարհ։ Առաջինը՝ սպասել, մինչև բոլոր հնարավոր հարցերին պատասխաններ գտնվեն, և միայն դրանից հետո ձեռնարկել քայլեր։ Երկրորդը՝ գործել հիմա՝ չսպասելով միանգամից բոլոր լուծումներին։ Այդ մասին ես խոսել եմ նաև պանելային քննարկման ժամանակ՝ շեշտելով, որ պետք է կառուցել աստիճանաբար՝ նախ դնելով առաջին քարը, ապա հաջորդը, և այդպես շարունակ։ Ես վստահ եմ, որ ինչ-որ պահի, հետ նայելով, կտեսնենք, որ կառուցել ենք ամուր ու կայուն կամուրջ։ Հետևաբար, մենք խորապես համոզված ենք, որ պետք է սկսել հենց հիմա։ Լրագրող․ Արդյո՞ք Դուք գտնում եք, որ Ադրբեջանի պահանջները, ոչ միայն ՀՀ Սահմանադրության նախաբանի փոփոխությունների, կամ ԵԱՀԿ առաքելության, կամ նույնիսկ ԵՄ մոնիթորինգային առաքելության վերաբերյալ, չնայած որքանով, որ ես հասկանում եմ ձեր մեկնաբանություններից, այս պահանջներից շատերն արդեն հասցեագրված են խաղաղության պայմանագրի շրջանակներում, Դուք գտնո՞ւմ եք, որ դրանք արվում են բարի մտադրություններով, թե՞ կարծում եք, որ Ադրբեջանն ունի ավելի լայն պատկերացում կամ օրակարգ այստեղ։ Քանի որ, որքանով ինձ հայտնի է, դուք պետք է հանդես գայիք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ, սակայն դա տեղի չունեցավ։ Ավելին, ադրբեջանական կողմը միակողմանիորեն հանդես եկավ հայտարարությամբ՝ ձեզնից առաջ, և այնուհետև ներկայացրեց այդ պահանջները։ Եվ թվում է, թե, չնայած այն հանգամանքին, որ այս Նախաբանի շուրջ քննարկումները շարունակվում են արդեն որոշ ժամանակ, և երկու կողմերն էլ փորձում են գտնել լուծում, հարցը դեռ մնում է կախված պայմանագրի ճակատագրի վրա։ Իհարկե, իմ հարցը որոշ չափով ուշացած է, և ես այժմ փորձում եմ ավելի խորությամբ հասկանալ գործընթացը, բայց ի՞նչ եք կարծում՝ արդյոք հնարավոր է, որ այն հանգեցնի սրացման։ Իհարկե, հույս ունեմ՝ ոչ, սակայն հետաքրքիր է՝ ո՞ր ուղղությամբ է դա ընթանում։  Արարատ Միրզոյան. Շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Մանրամասների անդրադառնալով՝ մասնավորապես Եվրոպական դիտորդական առաքելության վերաբերյալ, հարկ է նշել, որ առաքելության մանդատը հիմնականում ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելուն, ինչպես նաև սահմանի երկայնքով կայունության ապահովմանը։ Եվ հենց որ խաղաղության պայմանագիրը կնքվի և ուժի մեջ մտնի, նման առաքելության անհրաժեշտություն  այլևս չի լինի։ Հենց որ սահմանի երկայնքով կայունություն հաստատվի, դա նշանակում է, որ մանդատը՝ առաքելությունն, ավարտված է, և այլևս որևէ հավելյալ ներգրավվածություն անհրաժեշտ չի լինի։ Սակայն, ընդհանրապես, կարծում եմ՝ հիմնական խնդիրը հենց Ձեր հարցում է։ Ոչ թե Սահմանադրությունը, ոչ թե Մինսկի խումբը, ոչ էլ որևէ այլ բան։ Խնդիրն այն է, որ երբեմն մենք ունենում ենք այն զգացումը, որ Ադրբեջանը պարզապես չի ցանկանում խաղաղություն կառուցել Հայաստանի հետ։ Թե ինչ հաշվարկներից ելնելով՝ չեմ կարող ասել, բայց մենք իսկապես մտահոգություն ունենք, որ նրանք չեն ցանկանում ավարտին հասցնել կարգավորումը, չեն ցանկանում ավարտին հասցնել բանակցությունները և ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Կարգավորման գործընթացում կան նաև այլ ուղղություններ։ Մենք ներկայացրել ենք մի շարք առաջարկներ՝ հաղորդակցության վերականգնման, փոխադարձ վստահության ամրապնդման, այդ թվում՝ փոխադարձ վերիֆիկացիայի և սպառազինությունների վերահսկման ուղղություններով։ Դրանք եղել են հիմնավորված և իրատեսական առաջարկներ։ Սակայն, ցավոք, որևէ կառուցողական արձագանք չենք ստացել։ Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ ադրբեջանական կողմը պարզապես շահագրգռված չէ կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու մեջ և իրականում պատրաստակամ չէ խաղաղություն կառուցելու։ Ավելին, մենք պարբերաբար ականատես ենք լինում լարվածության նոր դրսևորումների ինչպես Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության մեջ, այնպես էլ իրավիճակի իրական զարգացման առումով, ինչը, ցավոք, կարող է հանգեցնել նաև գետնի վրա էսկալացիայի։ Օրինակ՝ եթե դիտարկեք հայկական հասարակական կարծիքը, կտեսնեք, որ Հայաստանի քաղաքացիների զգալի մասը կարծում է, որ Ադրբեջանը հետագա ծրագրեր ունի՝ նոր հարձակում իրականացնել Հայաստանի վրա, վերահսկողություն հաստատել նրա ինքնիշխան տարածքների որոշ հատվածների վրա և այլն։ Այս առումով կարելի է ասել, որ Ձեր հարցի մեջ կա նաև պատասխանը։ Երբ մեզ հաջողվի պարզել Ադրբեջանի իրական մտադրությունները, մեծ հավանականությամբ կկարողանանք գտնել նաև հարցերի պատասխանները: Լրագրող․ Ձեր մեկնաբանություններից հասկանալի է, որ Ադրբեջանը դեռևս վերջնական պատասխան չի տվել հետագա հանդիպումների վերաբերյալ՝ թե որտեղ և ինչպես է նախատեսվում ստորագրել խաղաղության համաձայնագիրը, ճի՞շտ է։ Արարատ Միրզոյան․ Այո, այդ հարցով որևէ նորություն չկա։ Նրանք ասում են, որ իրենց դիրքորոշումը հետևյալն է՝ իրենք չեն պատրաստվում քննարկել այդ հարցը, քանի դեռ այս կամ այն պահանջը չի կատարվել, նախ՝ առաջինը, հետո՝ երկրորդը, հետո՝ երրորդը և այդպես շարունակ։ Սա է իրականությունը, բայց մենք շարունակում ենք շփումները նրանց հետ։ Լրագրող․ Կարծում եք՝ Թուրքիան կարո՞ղ է կառուցողական դեր խաղալ՝ երկու կողմերին մոտեցնելու համար, օրինակ՝ առաջնորդների մակարդակով, և այդ հարցը քննարկել ե՞ք Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ։  Արարատ Միրզոյան․ Այո, իհարկե։ Եվ, ինչպես ինձ է թվում, Թուրքիայի հրապարակային դիրքորոշումն այն է, որ մեր կարգավորման գործընթացը լավ է ընթանում։ Սա իմ անձնական մեկնաբանությունն է։ Ես բառացիորեն չեմ մեջբերում որևէ թուրք պաշտոնյայի հայտարարություն, բայց ընդհանուր տպավորությունս հետևյալն է՝ Թուրքիան ասում է, այո, մեր երկկողմ գործընթացը լավ է ընթանում, ունենք այս ծրագիրը, այն ծրագիրը, ունենք Հայաստան–Թուրքիա հարաբերությունների լիարժեք կարգավորման մտադրություն, բայց չենք կարող այն ամբողջությամբ ավարտին հասցնել, քանի դեռ Հայաստան-Ադրբեջան կարգավորումը լիովին իրականացված չէ։ Այսինքն, մեր ընկալումն այն է, և դա նաև իմ անձնական տեսակետն է, որ եթե սկսենք հակառակ կողմից, եթե կարողանանք լիարժեք կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, դա միանշանակ ու անկասկած դրական ազդեցություն կունենա նաև հայ-ադրբեջանական կարգավորման վրա։ Բայց սա այն հարցերից է, որ յուրաքանչյուրն ունի իր պատասխանն ու մոտեցումը, և այո, այս հարցում տարբեր կարծիքներ կան։ Բայց հարցրիք՝ կարո՞ղ է Թուրքիան դրական դեր խաղալ։ Անկասկած՝ այո։  Լրագրող․ Այսօր հանդիպումների ընթացքում որոշե՞լ եք ժամկետ, թե երբ երեք երկրները կարող են միասին հանդիպել։ Թե՞ կարծում եք, որ կարող է լինել այլ տարբերակ։ Նկատի ունեմ, ի՞նչ կարող է լինել Ադրբեջանի դիրքորոշման հիմքում։  Արարատ Միրզոյան․ Երեք երկրների համատեղ հանդիպման վերաբերյալ այս պահին որևէ պայմանավորվածություն կամ ծրագիր չկա, սակայն ընթանում են մի շարք քննարկումներ։ Հուսով ենք՝ այս գործընթացը կունենա դրական ավարտ։  Լրագրող․ Ի՞նչ ասաց Հական Ֆիդանը, երբ դուք ասացիք, որ եթե կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, դա կարող է դրական ազդեցություն ունենալ մյուս կողմի վրա։ Ի՞նչ էր նրա պատասխանը։ Արարատ Միրզոյան․ Այս հարցն արժի ուղղել մեր թուրք գործընկերներին։ Եթե ստանաք պատասխանը, խնդրում եմ կիսվեք ինձ հետ։ Լրագրող․ Դուք ասացիք, որ համապետական ընտրությունները հաջորդ տարի են, 2026-ին։ Եթե փոփոխություն տեղի ունենա, եթե կառավարությունը փոխվի, արդյո՞ք կլինի փոփոխություն բանակցությունների հարցում քաղաքական գծում։  Արարատ Միրզոյան․ Սա հետաքրքիր ասպեկտ է ամբողջ պատմության մեջ։ Կարող եմ վստահ ասել, որ ՀՀ ներկայիս կառավարության և վարչապետ Փաշինյանի խաղաղության օրակարգը լիարժեք աջակցություն ունի հայ հասարակության կողմից։ Դե, իհարկե, կան նաև քննադատողներ։ Այդպես է աշխատում ժողովրդավարությունը։ Նկատի ունեմ՝ եթե չունենանք ընդդիմություն, որը արտահայտում է այլ տեսակետներ, ապա ինչպես կարող ենք ապահովել հասարակության զարգացումը ցանկացած հարցում։ Բայց ընդհանուր առմամբ, մենք ունենք մեծամասնության աջակցությունը։ Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա այնտեղ էլ մենք ունենք մեծամասնություն։ Բայց ժամանակը անցնում է, և եթե ՀՀ կառավարությունը չկարողանա ապահովել շոշափելի արդյունքներ կարգավորման գործընթացում, նույնիսկ խաղաղության օրակարգին հավատացողները կարող են հարց բարձրացնել՝ «լավ, խաղաղության օրակարգը հնչում է գեղեցիկ, բայց անհնար է խաղաղություն կառուցել միայնակ։ Թվում է, թե ձեր հարևանները չեն կիսում ձեր խաղաղ և բարգավաճ տարածաշրջան ունենալու տեսլականը, ինչպես նաև նորմալ հարաբերություններ ունենալու ձգտումը։ Սա կարող է նշանակել, որ վաղը այլևս իմաստ չեմ տեսնի շարունակել աջակցել ձեր խաղաղության օրակարգին»։ Այսինքն, ես սա ասում եմ՝ ցույց տալու համար, որ մենք այսօր ունենք աջակցություն, բայց այս աշխարհում ոչինչ անվերջ չէ, և, իհարկե, իրավիճակները կարող են փոխվել։ Բայց միևնույն ժամանակ ակնհայտ է, որ եթե կարգավորման գործընթացում ունենանք արդյունքներ, եթե, օրինակ, խաղաղության պայմանագիր ստորագրենք, հաղորդակցության ենթակառուցվածքները բացվեն, մարդիկ սկսեն կամ վերականգնեն առևտրային կապերը, սկսեն շփումներ, մարդասիրական խնդիրները սկսեն լուծվել և այլն, ապա դա կհանգեցնի հարաբերությունների բնական, բարիդրացիական զարգացման։ Այդ պարագայում հակամարտության դարաշրջան վերադարձն ավելի ու ավելի անհավանական ու անիրական կդառնա։ Նույնը կարող եմ ասել նաև Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման մասին։ Մենք արդեն մի քանի համատեղ քայլեր կատարել ենք։ Եթե բացենք սահմանը, սկսենք իրականացնել համատեղ էներգետիկ նախագծեր, եթե ուղիղ առևտրի ծավալներն ավելանան, դա կփոխի տրամադրությունը։ Եվ ես հավատում եմ՝ դա կփոխի ոչ միայն հասարակությունների տրամադրությունը, այլև ողջ տարածաշրջանը։ Մենք իսկապես ունենք այս հնարավորության պատուհանը։ Իրականում, այսօր հասարակական կարծիքն այս հնարավորության օգտին առավել մեծ աջակցություն է ցուցաբերում, քան երբևէ անցյալում։ Այսպիսով, մենք ընտրության հնարավորություն ունենք։ Կարող ենք կենտրոնանալ խոչընդոտների վրա, անցյալի, պատմության վրա, կամ կարող ենք կենտրոնանալ ներկայի վրա և միասին կառուցել ավելի լավ ապագա։ Մենք պետք է այս որոշումը համատեղվկայացնենք։  Լրագրող․ Իսկ Թրամփի վարչակազմի հետ որևէ շփում ունեցե՞լ եք։ Քանի որ Բայդենի վարչակազմի հետ, ինչպես հայտնի է, դուք ստորագրեցիք մի քանի կարևոր փաստաթղթեր նախորդ վարչակազմի հեռանալուց առաջ։ Իսկ Թրամփի վարչակազմի հետ որևէ համագործակցություն եղե՞լ է։ Քանի որ, ինչպես գիտեք, այժմ շատ խոսակցություններ կան Վիտկոֆի Բաքու այցի մասին և հնարավոր՝ Աբրահամի համաձայնագրի ստորագրման կամ ստորագրման առաջարկի մասին, ինչը կարող է անվտանգության երաշխիքներ տալ Ադրբեջանին։ Եվ դա, իհարկե, կփոխի ուժերի հավասարակշռությունը հողի վրա և կուժեղացնի Ադրբեջանին ապագայում։ Թրամփի թիմի հետ որևէ շփում ունե՞ք։ Արարատ Միրզոյան․ Այո, ունենք։ Մենք ունենք շփումներ։ ԱՄՆ-ի նոր վարչակազմը ողջունեց մեր հայտարարությունները խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության վերաբերյալ։ Կարող եմ նաև ասել, որ նոր վարչակազմի կողմից նկատվում է հետաքրքրություն՝ ուղղված Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։ Մենք տեսնում ենք այդ ազդակները։ Եվ եթե դա ունենա դրական ներդրում, ապա ինչու՞ ոչ։ Լրագրող. Դուք նշեցիք Ադրբեջանի պոտենցիալ փոփոխվող մտածելակերպը։ Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանի հանրային կարծիքում հստակ տարբերություն կա Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի միջև։  Արարատ Միրզոյան. Գիտեք, ճիշտն ասած, որոշ վերքեր դեռ շատ թարմ են։ Եվ դա հեշտ չէ: Խնդիրները շատ զգայուն են երկու հասարակությունների համար, կարծում եմ, ոչ միայն հայ հասարակության համար։ Ես, հավանաբար, չպետք է կարծիք արտահայտեմ ադրբեջանական հասարակության կամ նրա հասարակական կարծիքի մասին։ Այսինքն, դա մի քիչ ավելի շատ ուսումնասիրություն կամ տեղեկատվություն կպահանջի, բայց վստահաբար կարող եմ ասել, որ հայ հասարակության մեջ կա աջակցություն խաղաղության օրակարգին, ինչպես ասացի: Այս կարգավորման գործընթացն աջակցություն է ստանում՝ չնայած այն հանգամանքին, որ վերքերը դեռ շատ թարմ են։ Բայց, միևնույն ժամանակ, մենք պետք է արդյունքներ գրանցենք, սա է հիմնական հարցը։ Պետք է արդարացնենք սպասումներն, այլապես տրամադրությունները կարող են կրկին փոխվել։ Չեմ տեսնում էական տարբերություն հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընկալումների մեջ, բացի այն փաստից, որ, ինչպես արդեն նշել եմ, հայ-ադրբեջանական թեմայի դեպքում վերքերը շատ թարմ են։ Կան դեռևս չլուծված մարդասիրական հարցեր։ Բայց, կարծում եմ, երկու դեպքերում էլ կա պատրաստակամություն։ Լրագրող․ Ուզում եմ հարցնել հետևյալը: Դուք ասացիք, որ վերքերը շատ թարմ են։ Բայց անցած ամիս Հայաստանի վարչապետ Փաշինյանը թուրքական ԶԼՄ-ին տված հարցազրույցում մի հայտարարություն արեց, որը լայնորեն մեկնաբանվեց որպես երկու երկրների հարաբերություններում նոր էջ սկսելու ազդակ։ Փաշինյանը նշեց, որ ձեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ներկայումս ձեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում չէ։ Ուրեմն, կարծում եք, այս հարցը այլևս լարվածության աղբյուր չի՞ լինի Թուրքիայի և Հայաստանի միջև։ Կարո՞ղ է վերջապես կարգավորվել։ Արարատ Միրզոյան․ Վարչապետն այդպես է ասել։ Ավելին, ես ինքս դա ասել եմ խորհրդարանում։ Բայց գիտեք, պատմությունը պատմություն է, հիշողությունը՝ հիշողություն։ Շատ դժվար է մոռանալ նախնիներին ու մոռանալ պատմությունը։ Բայց մի բան է հարգանք մատուցել անցյալին, պատմությանը, և բոլորովին այլ բան ապրել անցյալով։ Անցյալում մնալը շատ հեշտ է։ Ամենայն հավանականությամբ, առաջ գնալու համար պետք է մի քիչ ավելի շատ քաջություն, մի քիչ ավելի շատ ըմբռնում և մի փոքր ավելի շատ կենտրոնացում և հավատ ապագայի նկատմամբ: Մենք նախընտրում ենք ապագան։ Դա պետք է անենք համատեղ։ Գիտեք, ես մենակ չեմ կարող դա անել։ Իմ թուրք գործընկերն էլ մենակ չի կարող։ Ոչ ոք մենակ չի կարող։ Բայց միասին կարող ենք հիշել պատմությունը և միևնույն ժամանակ առաջ շարժվել ու կառուցել ավելի լավ ապագա։ Ես այսօր կրկին ու կրկին կրկնում եմ այս միտքը. սա ընտրության հարց է, ի՞նչ ենք մենք ընտրում։ Լրագրող. Կարո՞ղ եք ասել, որ Հայաստանի վարչապետի այս մեկնաբանություններն աննախադեպ են հայկական կողմից ելույթ ունեցող պետական ​​այրերի համար։  Արարատ Միրզոյան. Այդպես ասելու համար պետք է մի փոքր խորանալ։ Կարծում եմ՝ նախկինում էլ են եղել նախանշաններ Հայաստանի իշխանությունների կողմից։ Մի անգամ մեզ հաջողվեց նույնիսկ արձանագրություններ ստորագրել, հետո դրանց չվավերացվեցին։ Լրագրող․ Վերադառնամ Թուրքիայի դերին։ Դուք ասացիք, որ Թուրքիայի ԱԳ նախարարը բնականաբար կխոսի Թուրքիայի անունից, ինչը մենք նրան հարցնելու ենք վաղը։ Բայց ես ուզում եմ հարցնել, արդյո՞ք Դուք խնդրել եք Թուրքիային Հայաստան-Ադրբեջան գործընթացում իրականացնել դյուրացնողի դեր այս դժվար ժամանակներում, երբ կարծես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները գտնվում են փակուղում։ Արարատ Միրզոյան․ Տեսեք, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարճ պատմությունը ցույց է տալիս, որ եղել են գործընթացին մի շարք օժանդակողներ, միջնորդներ, ինչպես Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը, տարբեր երկրներ։ Բայց Հայաստան-Ադրբեջան բանակցությունների պատմությունը ցույց է տալիս, որ երբ մենք ունեցել ենք երկկողմ բանակցություններ, այդ բանակցություններն ամենահաջողն են եղել։ Ուստի, հնարավոր է՝ բոլոր այն երկրները, որոնք հետաքրքրված են Հարավային Կովկասում խաղաղությամբ, հետաքրքրված են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում խաղաղությամբ, կարող են մասնակցել այս գործընթացին ինչ-որ ձևով։ Բայց երբ խոսքը վերաբերում է կոնկրետ բանակցություններին, երբ մենք մենակ ենք՝ երկու երկրները մեկ սենյակում, մենք կարող ենք, ունենք հնարավորություն ուղիղ խոսելու, մենք ունենք շփումներ, մենք հեշտությամբ մտքեր ենք փոխանակում։ Այսինքն, տեխնիկական տեսանկյունից մենք խնդիրներ չունենք։ Ուստի, հավանաբար, մեզ այլ միջնորդություն անհրաժեշտ չէ։ Բայց կրկին, բոլոր այն երկրները, որոնք ես նշեցի, հավանաբար՝ նաև ևս մի քանիսը, կարող են դրական ներդրում ունենալ։ Ուստի, ներգրավվածությունը չպետք է սահմանափակվի միայն բանակցությունների միջնորդությամբ։ Այսքանը։ Շնորհակալություն, հարգելի՛ գործընկերներ։ Կարծում եմ՝ հետաքրքիր զրույց էր։
10:47 - 17 ապրիլի, 2025
Սլովենիայի ԱԳ նախարարը Հայաստանի հետ մի շարք ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման ներուժ է տեսնում |armenpress.am|

Սլովենիայի ԱԳ նախարարը Հայաստանի հետ մի շարք ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման ներուժ է տեսնում |armenpress.am|

armenpress.am: Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնը Հայաստանի հետ մի շարք ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման ներուժ է տեսնում՝ ընդգծելով, որ այդ առնչությամբ առկա է հետաքրքրություն ինչպես սլովենական, այնպես էլ հայկական ընկերությունների շրջանում։ Այս մասին Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնը հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ Սլովենիայի ԱԳ նախարարը վստահություն է հայտնել, որ իր այցը Հայաստան էլ ավելի կամրապնդի երկրների միջև համագործակցությունը քաղաքական, տնտեսական ուղղություններով։ «Մեծապես ուզում եմ գովաբանել, գնահատել այն աշխատանքը, որ Հայաստանն անում է»,-նշեց Ֆայոնը։ Նրա դիտարկմամբ՝ երկու երկրների միջև դեղագործական, գյուղատնտեսական, սպորտային ենթակառուցվածքների, էներգետիկայի, տիեզերական, համակարգչային, ծրագրային լուծումների ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու ներուժ կա, և այդ բնագավառներով հետաքրքրված են սլովենական ու հայկական ընկերությունները։  «Հայաստանն առաջնահերթություն է մեզ համար նաև մարդասիրական և հումանիտար զարգացման ծրագրերի առումով, և մենք կշարունակենք մեր համագործակցությունն այստեղ՝ երեխաներին, կանանց (խմբ․ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին) տրամադրելով հոգեբանական աջակցություն»,-ասաց Տանյա Ֆայոնը։ 
15:24 - 16 ապրիլի, 2025
Հայաստանը սահմանազատման հետ կապված գրավոր առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին |armenpress.am|

Հայաստանը սահմանազատման հետ կապված գրավոր առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը սահմանազատման շարունակության տրամաբանության հետ կապված գրավոր առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին, սպասում է արձագանքի:  Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:   «Մենք սահմանազատման շարունակության տրամաբանության հետ կապված մեր առաջարկությունը գրավոր կերպով փոխանցել ենք Ադրբեջանին և սպասում ենք նրանց արձագանքին: Առաջարկները հետևյալի մասին են, թե ինչ տրամաբանությամբ և որ հատվածում կարող ենք շարունակել»,–ասաց վարչապետը: Նա հիշեցրեց, որ ընդհանուր համաձայնություն կա սահմանազատումը շարունակել հյուսիսից հարավ: «Հիմա խնդիրն այն է, թե հյուսիսից հարավ ընկած որ հատվածում իրականացնենք: Մենք մեր պատկերացումներն ենք ներկայացրել և սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,-նշեց նա: Փաշինյանը չի կարծում, թե փակուղային իրավիճակ է՝ վստահեցնելով, որ հետևողականորեն իրականացնելու են սահմանազատումը շարունակելու ուղղությամբ աշխատանքները: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատում իրականացվել է Տավուշի հատվածում՝ մոտ 12 կիլոմետր հատված:  Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները հունվարի 16–ին կայացած հանդիպման ընթացքում համաձայնության էին եկել պետական ​​սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները շարունակել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:   
15:21 - 16 ապրիլի, 2025
ՀՀ-ն բարձր է գնահատում Սլովենիայի դիրքորոշումը Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման վերաբերյալ

ՀՀ-ն բարձր է գնահատում Սլովենիայի դիրքորոշումը Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Սլովենիայի դիրքորոշումը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման հետ։  Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ ՀՀ ԱԳ նախարարը հայտնեց, որ Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասին վերաբերող հարցերին։   «Մենք անդրադարձել ենք նաև մեր տարածաշրջանային հարցերին։ Գլոբալ անորոշությունների պայմաններում համագործակցությունը համախոհ գործընկերների միջև, միջազգային իրավունքի նորմերի անվերապահ պահպանման հարցում ամուր հանձնառությունը, առաջնահերթությունների ճիշտ ընտրությունը կարևոր է առավել քան երբևէ, և այս առումով Հայաստանի ու Սլովենիայի միջև փոխգործակցությունը կարող ենք նույնիսկ օրինակելի համարել»,-նշեց Միրզոյանը։   ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ սլովենացի գործընկերոջ հետ հանդիպմանը բարձր է գնահատել Լյուբլյանայի հայտնած դիրքորոշումը՝ կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ։  «Ես շնորհակալություն եմ հայտնել և բարձր գնահատանք եմ հայտնել Սլովենիայի դիրքորոշմանը, հայտարարությանը` կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման հետ։ Իհարկե, գործընկերոջս նաև ներկայացրել եմ այս գործընթացում առկա վերջին զարգացումները։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգն ի վերջո կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ»,-ասաց Արարատ Միրզոյանը։  Նախարարը հիշեցրեց, որ ինչպես նախկինում, հիմա ևս, Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ` որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը և ամսաթիվը։ 
15:02 - 16 ապրիլի, 2025
Մեր ընկալմամբ դա կարող է լինել մոնիթորինգի գործառույթ. Փաշինյանը՝ երրորդ ուժի կողմից ճանապարհ վերահսկելու մասին |1lurer.am|

Մեր ընկալմամբ դա կարող է լինել մոնիթորինգի գործառույթ. Փաշինյանը՝ երրորդ ուժի կողմից ճանապարհ վերահսկելու մասին |1lurer.am|

1lurer.am: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա մի բան, որից ենթադրվում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը պիտի որևէ ձևով նսեմացվեն: Չկա մի բան, ըստ որի՝ մեր երկրի տարածքում երրորդ ուժ պետք է ներկայություն ունենա: Այնտեղ հստակ փոխադարձության սկզբունք է արձանագրված: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով տրամադրվելիք ճանապարհին երրորդ ուժի կողմից վերահսկողություն սահմանելու խոսակցություններին՝ Փաշինյանը պարզաբանեց. «Ինչի՞ վերահսկողություն և որտե՞ղ վերահսկողություն՝ շատ կարևոր է այդ հարցի պատասխանը ստանալ: Մենք այդ հարցին տվել ենք պատասխան և ասել ենք, որ դա մեր ընկալմամբ կարող է լինել մոնիթորինգի գործառույթ, որը կարող է իրականացվել Մոսկվայից արբանյակային կապի միջոցով, արբանյակային գործիքների միջոցով»:   Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը որևէ կասկածի ենթակա չեն և չեն կարող լինել, դրանք չեն կարող կասկածի տակ դրվել: «Ովքեր ասում են, որ Հայաստանը նման պարտավորություն է ստանձնել, ճիշտ չեն ասում ուղղակի»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց. «Սահմանազատման գործընթացի շարունակության տրամաբանության հետ կապված մեր առաջարկությունը գրավոր կերպով փոխանցել ենք Ադրբեջանին և սպասում ենք պատասխանին։ Առաջարկները հետևյալի մասին են, թե ինչ տրամաբանությամբ և որ հատվածում շարունակել սահմանազատումը: Ընդհանուր արդեն համաձայնություն կա, որ հյուսիսից՝ հարավ, հիմա խնդիրն այն է, թե հյուսիսից հարավի ո՞ր մասում իրականացվեն: Մենք մեր պատկերացումներն ենք ներկայացրել, և սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,- ասաց նա՝ չհամաձայնելով լրագրողի այն դիտարկմանը, թե իրավիճակը փակուղային է:
13:20 - 16 ապրիլի, 2025