Վլադիմիր Վարդանյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 

Ծնվել է 1979թ. օգոստոսի 26-ին։ 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2002թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2002թ. ընդունվել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան,  2004թ.՝ տեղափոխվել  ԵՊՀ ասպիրանտուրան: 

2003-2006թթ. եղել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ, 2006-2013թթ.՝ նույն ծառայության միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ, 2013-2016թթ.՝ նույն ծառայության պետ: 2016-2018թթ.՝ ՀՀ ՍԴ խորհրդական: 2005 թվականից ԵՊՀ դասախոս է: 2007-2015թթ.՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դասախոս: 2014-2015թթ.՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի միջազգային եւ եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչ: 2016-ից մինչև 2019թ.-ի հունվար աշխատել է «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի գործադիր տնօրեն: 2018թ. ապրիլ-2019թ. հունվար՝ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար:

2015 թվականից Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի խորհրդին առընթեր «Հայոց ցեղասպանության իրավական հարցերի» գիտավերլուծական կենտրոնի համակարգողն է: 2018 թվականից՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ:

2019-2021թթ. եղել է ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ): 

 

Մհեր Սահակյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ

Մհեր Սահակյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ

ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ, և վարույթը շուտով փոխանցվելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Այս մասին հայտարարություն է տարածել Սահակյանի պաշտպանական խումբը։ «Միջադեպի առաջին իսկ օրից մեր դիրքորոշումն անփոփոխ է. Մհեր Սահակյանի արարքում խուլիգանության հանցակազմն իսպառ բացակայում է, իսկ թեթև մարմնական վնասվածքը հասցվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում։ Նախաքննության որակն ընդհանուր առմամբ բավարար գնահատելով՝ մենք նաև արձանագրում ենք, որ քննչական մարմինը Մհեր Սահակյանին զրկել է իր ցուցմունքի լիարժեք ճշմարտացիությունն ու բարձր հավաստիությունը դատարանի ու հանրության առջև հիմնավորելու հնարավորությունից՝ մերժելով տուժողի ու վկաների հետ առերեսումները տեսագրելու, ինչպես նաև դեպքի վայրում ցուցմունքը պարզաբանելու («ցուցմունքի ստուգումը տեղում» քննչական գործողություն) մեր միջնորդությունները։ Որպես դրական երևույթ հատուկ ընդգծում ենք նախաքննության տվյալները հրապարակելու հարցում արգելք չհարուցելու փաստը և հույս ենք հայտնում, որ հանրային բարձր հնչեղություն ունեցող գործերով քննչական մարմնի այս մոտեցումը կդառնա օրինակելի»,- նշված է հայտարարության մեջ։ Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով և 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Հիշեցնենք, որ ս․թ․ մարտի 31-ին միջադեպ է տեղի ունեցել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փակ նիստի ժամանակ։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Մհեր Սահակյանը աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վլադիմիր Վարդանյանի ձախ հոնքին, որի արդյունքում վերջինս վայր է ընկել։ Դեպքից հետո Վարդանյանը դիմել է ԲԿ։ Նա պատմել է, որ վիրավորական բնույթի որևէ արտահայտություն ոչ մեկի վերաբերյալ իրեն թույլ չի տվել ոչ հիմա, ոչ այլ նիստերի։ Խոսելով այն մասին, թե Սահակյանը փորձել է ինքնապաշտպանվել, նշել է․ «Եթե այդպես է, չեմ հասկանում՝ ինչու է միջադեպից հետո անմիջապես սողոսկել դահլիճից»։ Ապա Սահակյանի պաշտպանը հայտնել է, որ ռենտգեն հետազոտությամբ պաշտպանյալի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք (առանց տեղաշարժի), ինչը, ըստ նրա, հերքում է նախաքննության մարմնի նախնական վարկածն այն մասին, որ հարվածը հասցվել է ինչ-որ առարկայով։ Մհեր Սահակյանը չի հերքել, որ ձեռքով հարվածել է Վարդանյանին՝ պատմելով նախապատմությունը․ «Աշխատանքային քննարկման ժամանակ Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ չարաշահելով նախագահողի իր լիազորությունները: Հերթական անգամ նման վարքագծի ժամանակ փորձեցի նրան սաստել՝ պահանջելով հարգալից վերաբերվի ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ: Դրանից նա ավելի ոգևորվեց՝ կանգնելով իր տեղից ու քայլելով դեպի ինձ: Գոռում էր՝ «ում վրա ուզեմ, կարող եմ գոռալ»»:  Արդեն ապրիլի 10-ին գլխավոր դատախազը ԱԺ նախագահին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր, որում էլ ներկայացվել են պատգամավորների, ինչպես նաև նիստին ներկա Եղիշե Կիրակոսյանի ցուցմունքները։ Ապրիլի 11-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում ներկայացրել է Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը: Նա նշել է, որ դատաբժշկական եզրակացության համաձայն՝ Վլադիմիր Վարդանյանի մարմնական վնասվածքները պատճառվել են բութ, կոշտ առարկայով: Ապրիլի 12-ին ԱԺ-ն համաձայնություն է տվել Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու Գլխավոր դատախազի միջնորդությանը։ Քվեարկությանը 107 պատգամավորներից մասնակցել են 65-ը։ Մհեր Սահակյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ ինքը ևս կողմ է քվեարկելու միջնորդությանը։
14:35 - 20 ապրիլի, 2023
ԱԺ-ն համաձայնություն տվեց Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու Գլխավոր դատախազի միջնորդությանը

ԱԺ-ն համաձայնություն տվեց Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու Գլխավոր դատախազի միջնորդությանը

ԱԺ-ն համաձայնություն տվեց Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու Գլխավոր դատախազի միջնորդությանը։ Քվեարկությանը 107 պատգամավորներից մասնակցել են 65-ը։ Մհեր Սահակյանը երեկ ԱԺ-ում հայտարարել էր, որ ինքը ևս կողմ է քվեարկելու միջնորդությանը։ Հիշեցնենք՝ Ազգային ժողովում միջադեպ էր տեղի ունեցել փակ նիստի ժամանակ․ հաղորդվել էր, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել էր նիստը վարողին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, ինչի հետեւանքով նա դեմքի ձախ հոնքային շրջանում պատռվածք է ստացել։  Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով և 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ապրիլի 10-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին էր ներկայացրել ԱԺ պատգամավոր Մ.Ս.-ի (Մհեր Սահակյան-խմբ․) նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր: Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել էր նաև պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:  
11:45 - 12 ապրիլի, 2023
Մհեր Սահակյանը կողմ է քվեարկելու իր նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն
 |armeniasputnik.am|

Մհեր Սահակյանը կողմ է քվեարկելու իր նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն |armeniasputnik.am|

ԱԺ պատգամավորը բացարձակապես համաձայն չէ, որ իր արարքներում «խուլիգանության» հատկանիշներ կան։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը կողմ է քվեարկելու իր նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն, որի միջնորդությունը այսօր խորհրդարանում ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:   «Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ես թաքնվում եմ անձեռնմխելիության քողի տակ, կարծում եմ գործընկերներս էլ դեմ չեն լինի, որ ես անձամբ կողմ քվեարկեմ այս միջնորդությանը, քանի որ ինքս էլ շահագրգռված եմ, որ իրականությունը բացահայտվի», - իր ելույթում հայտարարեց Մհեր Սահակյանը: Անդրադառնալով միջադեպին ՝ պատգամավորը նշեց, որ Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ ագրեսիվ պահվածք է դրսևորել , երբ նրանք փակ նիստում քննարկել են Հռոմի ստատուտի հարցը։   «Վեճի ընթացքում ես չեմ չեմ միջամտել մինչև այն պահը, երբ ինձ համար ակնհայտ դարձավ, որ Վարդանյանը չարաշահում է հանձնաժողովի նախագահի իր լիազորությունները, կողմնակալ և սադրիչ պահվածք է ցուցաբերում, բղավում և նկատողություն է անում ընդդիմադիր պատգամավորներին», - ասաց Մհեր Սահակյանը։   Իսկ երբ Վլադիմիր Վարդանյանը հերթական անգամ հարվածել է սեղանին և պահանջել է լռել, Մհեր Սահակյանը ոտքի է կանգնել և հարգանք պահանջել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ:   Հիշեցնենք, որ մարտի 31-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում հարվածել է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով և 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։   Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am-ում։
18:20 - 11 ապրիլի, 2023
Վարդանյանին մարմնական վնասվածքներ են հասցվել բութ, կոշտ առարկայով. դատախազը ներկայացրեց քրհետապնդում հարուցելու միջնորդությունը
 |armenpress.am|

Վարդանյանին մարմնական վնասվածքներ են հասցվել բութ, կոշտ առարկայով. դատախազը ներկայացրեց քրհետապնդում հարուցելու միջնորդությունը |armenpress.am|

armenpress.am: Դատաբժշկական եզրակացության համաձայն՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի մարմնական վնասվածքները պատճառվել են բութ, կոշտ առարկայով: Այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդության ներկայացմանը: Ըստ դատախազության միջնորդագրի՝ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանը փակ աշխատանքային քննարկման ժամանակ խուլիգանական դրդումներով, ցուցադրաբար հակադրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ: Վարդապետյանի ներկայացմամբ՝ նա ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, ապա աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին: Հարվածի հետևանքով Հանձնաժողովի նախագահի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ ձախ վերհոնքային շրջանի պատռված վերքի, ձախ վերհոնքային, քթի մեջքի քերծվածքների, ձախ վերին և ստորին կոպերի արյունազեղումների ձևով: Վարդապետյանի խոսքով՝ Մհեր Սահակյանը ներկաների նկատմամբ անհարգալից, իսկ իրավական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք է դրսևորել: «Դատաբժշկական եզրակացության համաձայն՝ Վլադիմիր Վարդանյանի մարմնական վնասվածքները, ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի և օբյեկտիվ ուսումնասիրության տվյալների պատճառվել են բութ, կոշտ առարկայով»,-ասաց Վարդապետյանը: Հարցաքննվել է դատաբժշկական փորձագետը, և ցուցմունք տվել այն մասին, որ Վլադիմիր Վարդանյանի ձախ հոնքային շրջանի մարմնական վնասվածքները չէին կարող առաջանալ Մհեր Սահակյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված և դատաբժշկական փորձաքննությանը ներկայացված կոտրված մկրատի եզրային սուր մասի ուղղակի ազդեցությամբ, քանի որ այդ պայմաններում վնասվածքը կլիներ ոչ թե պատռված վերքի, այլ ծակած վերքի ձևով:  
16:48 - 11 ապրիլի, 2023
Մհեր Սահակյանը Վլադիմիր Վարդանյանի հետ միջադեպից հետո հրաժարվել է արյան մեջ թմրամիջոցի կամ ալկոհոլի առկայությունը պարզող նմուշ հանձնելուց․ դատախազ
 |armenpress.am|

Մհեր Սահակյանը Վլադիմիր Վարդանյանի հետ միջադեպից հետո հրաժարվել է արյան մեջ թմրամիջոցի կամ ալկոհոլի առկայությունը պարզող նմուշ հանձնելուց․ դատախազ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ԱԺ-ում Վլադիմիր Վարդանյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո հրաժարվել է հանձնել արյան նմուշ՝ թմրամիջոցի կամ հոգեմետ, հոգեներգործուն նյութերի, ինչպես նաև ալկոհոլի առկայությունը պարզելու նպատակով: Այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդության ներկայացմանը: «Մհեր Սահակյանի արյան մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ, հոգեներգործուն նյութերի, ինչպես նաև ալկոհոլի առկայությունը պարզելու նպատակով քրեական վարույթի ընթացքում որոշումներ են կայացվել՝ դատաքիմիական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն Մհեր Սահակյանը հրաժարվել է հետազոտման համար նմուշներ ստանալու մասին որոշման պահանջը կատարելուց և արյան նմուշներ հանձնելուց»,- ասաց Վարդապետյանը:  
15:53 - 11 ապրիլի, 2023
Ինչպես է եղել ԱԺ-ի միջադեպը․ հրապարակվել են պատգամավորների ցուցմունքները 
 |factor.am|

Ինչպես է եղել ԱԺ-ի միջադեպը․ հրապարակվել են պատգամավորների ցուցմունքները |factor.am|

factor.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկա է եղել Ազգային ժողովում պատգամավորներ Մհեր Սահակյանի և Վլադիմիր Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպին և վարույթի շրջանակներում առերեսվել է Սահակյանի և Հայաստան խմբակցության մեկ այլ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ։ Այս մասին պարզ է դառնում Գլխավոր դատախազի՝ Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցով Ազգային ժողովի նախագահին դիմելու միջնորդագրից։ Միջնորդագրում նշվում է, որ փակ քննարկման ժամանակ Վլադիմիր Վարդանյանի՝ մասնակիցներին դիտողություն անելուց  հետո դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Վլադիմիր Վարդանյանին, Հանձնաժողովի փակ քննարկման բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ շրջանցել է իր և Վլադիմիր Վարդանյանի միջև նստած Ալխաս Ղազարյանին, դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին՝ պատճառելով առողջության թեթև վնաս առողջության կարճատև քայքայումով։ Տուժող Վլադիմիր Վարդանյանի ցուցմունքի համաձայն՝ 2023 թվականի մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի վարչական 2-րդ մասնաշենքի թիվ 314 քննարկումների դահլիճում տեղի է ունեցել Հանձնաժողովի փակ աշխատանքային քննարկում, որին մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արփինե Դավոյանը, Վիգեն Խաչատրյանը և Ալխաս Ղազարյանը, իսկ «Հայաստան» խմբակցության անդամներից մասնակցել են Արծվիկ Մինասյանը, Գեղամ Նազարյանը և Մհեր Սահակյանը: Նիստին ներկա է եղել նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, որը  ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչն է: Նիստի ժամանակ քննարկվել են տարբեր հարցեր՝ կապված իրավական խնդիրների, ՀՀ արտաքին իրավական հարաբերությունների հետ, որի ընթացքը եղել է հանգիստ: Ժամը 11:15-ի սահմաններում Արծվիկ Մինասյանը շեղվել է քննարկման թեմայից և հարցեր է ուղղել Հայաստանի Հանրապետության «կորսված հողերի» վերաբերյալ, որի ժամանակ խմբակցությունների պատգամավորների միջև բարձր ձայնով խոսակցություն է սկսվել: Այդ ժամանակ նիստի բնականոն ընթացքը վերականգնելու և քննարկման թեմային վերադառնալու համար, որպես քննարկման նախագահող, ինքը ոտքի է կանգնել և փորձել է հանդարտացնել պատգամավորներին՝ ասելով, որ բոլորը հանդարտվեն և վերադառնան քննարկման հարցին: Իր իրավաչափ պահանջին ի պատասխան՝ Մհեր Սահակյանն ասել է, որ իրենց վրա չգոռա: Ինքը պատասխանել է, որ նախ չի գոռացել, ինչպես նաև հավելել է, որ ցանկանում է շարունակել հանդարտ քննարկումը։ Դրանից հետո Մհեր Սահակյանը ևս մեկ անգամ կրկնել է, որ իրենց վրա չգոռա, որից հետո ինքը պարզաբանել է, որ քննարկման նախագահողն է, չի գոռում, այլ բոլորին կարգի է հրավիրում: Դրանից հետո Մհեր Սահակյանը, առանց որևէ բառ ասելու, ձեռքը խփել է սեղանին, կանգնել է, մոտեցել է իրեն և առանց խոսելու` աջ ձեռքին առկա ինչ-որ առարկայով հարվածել է իր ձախ հոնքին: Այդ հարվածից ուժեղ ֆիզիկական ցավ է զգացել, ինչպես նաև ծակոց, որից հավասարակշռությունը կորցրել և ընկել է գետնին: Ընկնելուց դիպել է նախագահողի հետևում դրված աթոռին, որը շրջվել է: Մի քանի վայրկյան անց ոտքի կանգնելով՝ տեսել է, որ Մհեր Սահակյանը հեռացել է դահլիճից, ինքը ևս դուրս է եկել և ցանկացել է տեսնել նրան, սակայն Մհեր Սահակյանը դիմել է փախուստի: Ստացած հարվածից իր հոնքը վնասվել և արնահոսել է: Նշել է, որ ինքը որևէ գործողություն չի կատարել, Մհեր Սահակյանին ընդառաջ չի գնացել, այլ ընդամենը կանգնել է տեղից, հնարավոր է՝ հարմար կանգնելու համար մեկ քայլ դեպի ձախ է գնացել, որից հետո բոլորին կարգի է հրավիրել, ինչին հաջորդել է Մհեր Սահակյանի խոսելը և իր նկարագրած միջադեպը։ Միջադեպից հետո միջանցքում գտնվելու ընթացքում իրեն է մոտեցել Արծվիկ Մինասյանը, որն ասել է, որ Մհեր Սահակյանի քայլն անընդունելի է, չպետք է նման բան լիներ, իսկ հետո, երբ ինքը գնացել է աշխատասենյակ, իր մոտ է եկել Գեղամ Նազարյանը, որը նույնպես քննադատել է Մհեր Սահակյանի արարքը՝ ասելով, որ իրենք կպատժեն նրան: Վարդասնյանը հայտնել է, որ բողոքում է Մհեր Սահակյանի դեմ և ցանկանում է, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության: Վլադիմիր Վարդանյանը նաև նշել է, որ Մհեր Սահակյանի վարքագծի հետևանքով ընդհատվել է քննարկումը և խաթարվել է իրենց աշխատանքը, հայտնել է, որ իր հորդորները և կոչերը ուղղված չեն եղել Մհեր Սահակյանին, այլ ուղղված են եղել հանձնաժողովի անդամներին՝ քննարկման բնական հունը վերականգնելու համար, ինչպես նաև, որ միջադեպը տեղի է ունեցել նախագահողի աթոռի մոտ, քանի որ Մհեր Սահակյանը, ձեռքը սեղանին շատ ուժեղ խփելուց հետո վեր կենալով իր տեղից, շրջանցել է իրենց միջև նստած Ալխաս Ղազարյանին և շարժվելով իր ուղղությամբ և հասնելով իր դիմաց՝ առանց որևէ բան ասելու հարվածել է իրեն, Վլադիմիր Վարդանյանը պնդել է նաև Մհեր Սահակյանի և Արծվիկ Մինասյանի հետ առերես հարցաքննությունների ժամանակ: Վկա Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ  որպես ՀՀ կառավարության ներկայացուցիչ՝ ինքը  ներկա է գտնվում Հանձնաժողովի բոլոր այն նիստերին, որոնք վերաբերելի են միջազգային իրավունքին և իր կողմից իրականացվող գործունեությանը կամ այն կարգավորող օրենքներին: Իր ոլորտը կարգավորող մի շարք իրավակարգավորումների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը խնդրել է, որպեսզի հրավիրվի Հանձնաժողովի նիստ, որի մասին տեղյակ են եղել ինչպես ինքը, այնպես էլ Հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը և անդամները։  2023 թվականի մարտի 31-ին` ժամը 10:05-ին, գտնվել է ՀՀ Ազգային ժողովում, որտեղ տեղի է ունեցել քննարկումը: Քննարկմանը բացի իրենից մասնակցել են Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, անդամներ Վիգեն Խաչատրյանը, Գեղամ Նազարյանը, Արծվիկ Մինասյանը, Մհեր Սահակյանը, Արփինե Դավոյանը և Ալխաս Ղազարյանը: Նիստը նախագահել է Վլադիմիր Վարդանյանը, որը նստած է եղել սեղանի գլխավերևում, իսկ նրանից աջ նստած են եղել ըստ հերթականության Արփինե Դավոյանը, ինքը և Արծվիկ Մինասյանը, իսկ Արծվիկ Մինասյանից աջ` Գեղամ Նազարյանը: Իրենց դիմաց՝ Վլադիմիր Վարդանյանից դեպի ձախ, նստած է եղել Ալխաս Ղազարյանը, նրա կողքը՝ Մհեր Սահակյանը, իսկ Մհեր Սահակյանի կողքը՝ Վիգեն Խաչատրյանը: Քննարկմանը գրեթե բոլորը ակտիվ մասնակցություն են ունեցել՝ բացառությամբ Մհեր Սահակյանի: Քանի որ Արծվիկ Մինասյանը շեղվել է քննարկման հիմնական թեմայից, Վլադիմիր Վարդանյանը վարողի իրավունքով դիտողություն է արել բոլորին՝ փորձելով կանոնակարգել նիստը և շարունակել թեմայի քննարկումը, սակայն Մհեր Սահակյանը միջամտել է և ագրեսիվ պահվածք դրսևորել: Մասնավորապես, Մհեր Սահակյանը կանգնել է և բղավելով՝ ձեռքը պարզել Վլադիմիր Վարդանյանի ուղղությամբ, շրջանցել պատգամավոր Ալխաս Ղազարյանին և մեկ անգամ աջ ձեռքով, որքանով հիշում է բռունցքի ներսի հատվածով, հարվածել է Վլադիմիր Վարդանյանի ձախ աչքի հատվածին: Հարվածից Վլադիմիր Վարդանյանը կորցրել է հավասարակշռությունը և ընկել հատակին, որից հետո Մհեր Սահակյանը հեռացել է: Միջադեպի հետևանքով քննարկման բնականոն ընթացքը խաթարվել է։ Վերը նշված հանգամանքները Եղիշե Կիրակոսյանը պնդել է նաև Մհեր Սահակյանի և Արծվիկ Մինասյանի հետ առերես հարցաքննությունների ընթացքում՝ նշելով, որ նիստը նախագահող Վլադիմիր Վարդանյանը պատգամավորներին է դիմել՝ նրանց միջև սկսված բանավեճը դադարեցնելու և թեմայից չշեղվելու նպատակով։ Հայտնել է նաև, որ միջադեպի ընթացքում Մհեր Սահակյանն է շարժվել դեպի Վլադիմիր Վարդանյանը, քանի որ այն պահից, երբ Մհեր Սահակյանը կանգնել է և, ձեռքը մեկնելով դեպի Վլադիմիր Վարդանյանը, բղավել, իր ուշադրությունը սևեռված է եղել դեպի Մհեր Սահակյանը, ով գնացել է Վլադիմիր Վարդանյանի ուղղությամբ և մեկ անգամ հարվածել նրա ձախ հոնքի հարվածին։ Վկա Գեղամ  Նազարյանի ցուցմունքի համաձայն՝  նիստի ընթացքը հանդարտ է եղել մինչ այն պահը, երբ շեղվել է բանավեճի և քննարկման թեմայից, մասնավորապես՝ Արծվիկ Մինասյանի, Արփինե Դավոյանի և Վլադիմիր Վարդանյանի միջև քննարկման օրակարգից դուրս բանավեճ է սկսվել։ Այդ ժամանակ Վլադիմիր Վարդանյանը խոսել է բարձր ձայնով և ագրեսիվ տոնայնությամբ, ինչին ի պատասխան՝ Մհեր Սահակյանը դիտողություն է արել՝ առաջարկելով չգոռգոռալ և խոսակցությունը հանգիստ վարել: Սկզբում իրեն թվացել է, թե Վլադիմիր Վարդանյանն ընդունել է Մհեր Սահակյանի ասածը, սակայն լռելուց մի քանի վայրկյան անց Վլադիմիր Վարդանյանը, բղավելով ձեռքը խփել է սեղանին և ասել, որ ինչպես կցանկանա, այնպես էլ կխոսի, ինքն է որոշում, թե ոնց խոսի: Դրան ի պատասխան` Մհեր Սահակյանը, ձեռքի բաց ափերը կողմ պարզելով, ասել է, որ նա չի կարող այդպես խոսել, որից հետո նույն բարձր տոնայնությամբ խոսելով, նույն միտքն արտահայտելով՝ Վլադիմիր Վարդանյանը կանգնել է և քայլել Մհեր Սահակյանի ուղղությամբ: Ինքը մտածել է, որ կխոսեն և կհանդարտվեն, սակայն այդ պահին Մհեր Սահակյանը, տեսնելով իրեն մոտեցող Վլադիմիր Վարդանյանին, նույնպես ոտքի է կանգնել, մի փոքր հետ քայլ է արել, և երբ Վլադիմիր Վարդանյանը հասել է նրան, աջ ձեռքով հարվածել է Վլադիմիր Վարդանյանին, որից վերջինս անմիջապես ընկել է: Իր կարծիքով՝ Մհեր Սահակյանի կողմից Վլադիմիր Վարդանյանին հարվածելը պայմանավորված է եղել նրանով, որ կարծել է, թե Վլադիմիր Վարդանյանը պատրաստվում է իրեն հարվածել։ Շարունաակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:54 - 10 ապրիլի, 2023
ՔԿ քննիչներն Ազգային ժողովում են․ առերեսումներ և այլ քննչական գործողություններ են իրականացվում մի խումբ պատգամավորների նկատմամբ
 |tert.am|

ՔԿ քննիչներն Ազգային ժողովում են․ առերեսումներ և այլ քննչական գործողություններ են իրականացվում մի խումբ պատգամավորների նկատմամբ |tert.am|

tert.am: Քննչական կոմիտեի քննիչներն այս պահին գտնվում են Ազգային ժողովում և քննչական գործողություններ են իրականացնում բոլոր այն պատգամավորների նկատմամբ, ովքեր մարտի 31-ին ներկա են եղել պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի և իշխանական պատգամավոր Վլադմիրի Վարդանյանի միջև տեղի ունեցած միադեպին։ Tert.am-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտնեց, որ այս պահին էլ քննիչներն ԱԺ-ում են, քննչական գործողություններ են իրականացնում իր և այն պատգամավորների նկատմամաբ, ովքեր այդ օրը եղել են նիտին։ Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դեպքի հեպ կապված ընթանում են ակտիվ քննչական գործողություններ։ «Այդ վարույթով քննությունն ակտիվ առաջ է ընթանում, իրականացվում են վարույթային քննչական գործողություններ, այդ թվում նաև առերեսումներ՝ և երեկ, և այսօր»,- փոխանցեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Հիշեցնենք՝ Ազգային ժողովում միջադեպ էր տեղի ունեցել փակ նիստի ժամանակ․ հաղորդվել էր, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել էր նիստը վարողին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, ինչի հետեւանքով նա դեմքի ձախ հոնքային շրջանում պատռվածք է ստացել, իսկ Մհեր Սահհակյանի մոտ, պաշտպանի հղորդմամբ, ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք (առանց տեղաշարժի):
14:34 - 06 ապրիլի, 2023
«Աշխատանքային քննարկումից 10-15 րոպե ուշացել էի և վազելով եմ միջանցքն անցել». Մհեր Սահակյանը՝ ԱԺ միջադեպից հետո փախչելու տեսանյութի մասին
 |tert.am|

«Աշխատանքային քննարկումից 10-15 րոպե ուշացել էի և վազելով եմ միջանցքն անցել». Մհեր Սահակյանը՝ ԱԺ միջադեպից հետո փախչելու տեսանյութի մասին |tert.am|

tert.am: Մհեր Սահակյանը դուրս եկավ ձերբակալվածների պահման վայրից․ լրացել է նրան ձերբակալելու 72 ժամը:  Ձերբակալվածների պահման վայրից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում պատմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը պատմեց, որ աշխատանքային քննարկման ժամանակ Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ չարաշահելով նախագահողի իր լիազորությունները: «Հերթական անգամ նման վարքագծի ժամանակ փորձեցի նրան սաստել՝ պահանջելով հարգալից վերաբերվի ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ: Դրանից նա ավելի ոգևորվեց՝ կանգնելով իր տեղից ու քայլելով դեպի ինձ: Գոռում էր՝ «ում վրա ուզեմ, կարող եմ գոռալ»: Այդ պահին, երբ մոտենում էր ինձ, հաշվի առնելով իշխանական պատգամավորների վարքագիծը, որ թույլ են տալիս հարվածել ընդդիմադիր պատգամավորներին, դիմեցի անհրաժեշտ պաշտպանության և մեկ անգամ հարվածեցի նրան»,- պատմեց ընդդիմադիր պատգամավորը: Հարցին՝ ըստ իշխանական պատգամավորների՝ հարվածել է շողացող ինչ-որ առարկայով, Սահակյանը պատասխանեց՝ բացարձակ սուտ է. «Հարվածել եմ ձեռքով, ձեռքս էլ ջարդել եմ, հարվածելուց հետո, չեմ ցանկացել, որ վեճը շարունակվի, հեռացել եմ նիստերի դահլիճից ու գնացել եմ մեր փորձագետների սենյակ»: Անդրադառնալով ԱԺ տեսախցիկների ֆիքսած կադրերին, թե ինքը միջադեպից հետո վազելով փախչել է՝ Սահակյանը նշեց՝ «Ես աշխատանքային քննարկման գնալիս ուշացել եմ 10-15 րոպե և վազելով եմ միջանցքով անցել: Դա, երևի, օգտագործել են: Միանշանակ մոնտաժված են կադրերը: հավատացեք՝ ամեն ինչ իր պատասխանը կստանա»: Մհեր Սահակյանը շեշտեց, որ նույնիսկ մոնտաժված տեսանյութում չկա հատված, թե ինքը փակվել է աղջիկների զուգարանում. «Կեղծարարություն է իրենց բնորոշ ձևով»: 
12:47 - 03 ապրիլի, 2023
«Մոտեցավ ինձ, առանց որեւէ բան ասելու հարձակվեց վրաս, հարվածեց՝ փախուստի դիմելով»․ Վարդանյանը՝ Մհեր Սահակյանի մասին

«Մոտեցավ ինձ, առանց որեւէ բան ասելու հարձակվեց վրաս, հարվածեց՝ փախուստի դիմելով»․ Վարդանյանը՝ Մհեր Սահակյանի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը անդրադարձել է իր և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև այսօր տեղի ունեցած միջադեպին։  Վարդանյանը նշել է՝ փակ քննարկումն ընթացել է նորմալ հունով, ապա նիստի բնականոն ընթացքը խանգարվել է, իսկ ինքը փորձել է պատգամավորներին հորդորել վերադառնալ բուն քննարկմանը եւ սրանով ավարտել։ «Հետո պարոն Մհեր Սահակյանն ասաց՝ Դուք, չեք կարա մեր վրա ձայն բարձրացնեք, ասացի՝ ես նիստը վարում եմ եւ շարունակում եմ վարել»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ Սահակյանը կրկնել է, թե ինքը չի կարող ձայն բարձրացնել։ «Մոտեցավ ինձ, որտեղ կանգնել էի, առանց որեւէ բան ասելու հարձակվեց վրաս, հարվածեց՝ փախուստի դիմելով»։ Նա նշեց՝ քայլ չի արել դեպի պատգամավորը, իսկ միջադեպն, ըստ էության, տեւել է 1 րոպե․ «Ես կատարել եմ իմ իրավաչափ գործառույթները»։ Հարցին, թե պատգամավորի ձեռքին կա՞ր որեւէ բան, որով էլ հարվածել է, Վարդանյանն ասց, որ այս պահին չի կարող ասել․ դատաբժշկական փորձաքննություն դեռ չի եղել, բայց հարվածը նման է գործիքով հասցված վնասվածքների։ «Վիրավորական բնույթի որեւէ արտահայտություն ոչ մեկի վերաբերյալ ինձ թույլ չեմ տվել ոչ հիմա, ոչ այլ նիստերի։ Պարոն Մինասյանը, Գեղամ Նազարյանը, որը նաեւ իմ աշխատասենյակում էր, ասում էր՝ շատ վատ բան ստացվեց, ինչի սենց բան արեց, եւ ես հիմա մամուլում տեսնում եմ հրապարակումներ, թե ես եմ նախահարձակ եղել, պրովակացիա արել, սրանք ոչ հարիր մանիպուլյացիաներ են, որոնք ինձ համար անընդունելի են»,- ասաց պատգամավորը։ Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում միջադեպ է տեղի ունեցել իշխող և ընդդիմադիր պատգամավորների միջև։  ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանը քննարկման ժամանակ հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, մարմնական վնասներ հասցրել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վլադիմիր Վարդանյանը դիմել է հիվանդանոց դեմքի ձախ հոնքային շրջանի պատռված վերքով, կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, վերքի ամբողջականությունը վերականգնվել է ներմաշկային կոսմետիկ կարով։  Իսկ ՔԿ-ից հայտնել են, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է: 
17:49 - 31 մարտի, 2023
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է
 |1lurer.am|

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է |1lurer.am|

1lurer.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է: Տեղեկությունը քիչ առաջ «Լուրերին» հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: Նշենք, որ Սահմանադրությամբ՝ պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել 72 ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում միջադեպ է տեղի ունեցել իշխող և ընդդիմադիր պատգամավորների միջև։  ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանը քննարկման ժամանակ հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, մարմնական վնասներ հասցրել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վլադիմիր Վարդանյանը դիմել է հիվանդանոց դեմքի ձախ հոնքային շրջանի պատռված վերքով, կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, վերքի ամբողջականությունը վերականգնվել է ներմաշկային կոսմետիկ կարով, վիճակը բավարար է, դուրս է գրվել։ 
17:22 - 31 մարտի, 2023
Վլադիմիր Վարդանյանը տեղափոխվել է հիվանդանոց դեմքի պատռված վերքով. կոսմետիկ կար է դրվել
 |factor.am|

Վլադիմիր Վարդանյանը տեղափոխվել է հիվանդանոց դեմքի պատռված վերքով. կոսմետիկ կար է դրվել |factor.am|

factor.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց։ «Դեմքի ձախ հոնքային շրջանի պատռված վերքով, կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, վերքի ամբողջականությունը վերականգնվել է ներմաշկային կոսմետիկ կարով, վիճակը բավարար է, դուրս է գրվել»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց «Նաիրի» ԲԿ մամուլի քարտուղար Աննա Ղազարյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միջադեպ է տեղի ունեցել Մհեր Սահակյանի և ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջև։ «Քիչ առաջ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել: Այս խայտառակ խուլիգանությունը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք»,- Ֆեյսբուքում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Ավելի ուշ իրավապահներն ԱԺ-ից տարել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին խմբակցությունից։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն էլ ներկայացրել է միջադեպի իր վարկածը։ «Այսօր առավոտյան ՀՀ Ազգային ժողովում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի սադրիչ և անհավասարակշիռ պահվածքի հետևանքով կոնֆլիկտ է ծագել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և Վլադիմիր Վարդանյանի միջև։ Միջադեպից րոպեներ անց Ազգային ժողով են ներխուժել ՀՀ ոստիկանության աշխատակիցները, ովքեր անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին։ Այս պահին պատգամավոր Մհեր Սահակյանը գտնվում է Երևան քաղաքի ոստիկանական բաժիններից մեկում և հարցաքննվում է։ Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ Մհեր Սահակյանը իր ողջ գործունեության ընթացքում դրսևորել է արժանապատիվ հայի կեցվածք, որը կոտրել հնարավոր չէ։ Դեպքի առնչությամբ հարկ ենք համարում արձանագրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կազմակերպած հերթական սադրանքը նպատակ ունի հանրության ուշադրությունը շեղել ՀՀ տարածքում ադրբեջանական ուժերի առաջխաղացման փաստից»,- գրել է Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում։
14:23 - 31 մարտի, 2023
Հարթեցված կոնֆլիկտը իմ աշխատասենյակում հրահրել է Ալեն Սիմոնյանը. Սեյրան Օհանյանը միջապետից մանրամասներ է հայտնում
 |news.am|

Հարթեցված կոնֆլիկտը իմ աշխատասենյակում հրահրել է Ալեն Սիմոնյանը. Սեյրան Օհանյանը միջապետից մանրամասներ է հայտնում |news.am|

news.am: Բարձր տոնով խոսակցությունը, ձեռքը սեղանին խփելը առաջին հերթին ՔՊ-ական պատգամավորի կողմից է եղել, այնուհետեւ տեղի է ունեցել կոնֆլիկտը, ինչը հարթվել է, սակայն ոստիկանությունը եւ ԱԺ ղեկավարությունը նորից հրահրել է: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում պետաիրավական հանձնաժողովի նիստին ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին միջեւ եղած կոնֆլիկտին: «Այդ կոնֆլիկտից հետո իրավիճակը հարթեցվել էր: Ոստիկանությունը եկավ, ներկայացավ իմ սենյակ, ասելով, որ Մհեր Սահակյանին ուզում են հարցաքննել եւ իրավական ընթացք տան այդ գործընթացին: Եթե նման որոշում է ընդունվել, պետք է լինի երկուստեք, որովհետեւ իմ իմացությամբ նշված միջադեպի հրահրումը տեղի է ունեցել Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կողմից: Չի կարող պատահել, որ Մհեր Սահակյանը հենց այնպես որոշի վեր կենալ եւ կոնֆլիկտ հրահրի: Ոստիկանության հետ արդեն պայմանավորվել էինք, հրավիրեցինք Մհեր Սահակյանին, որպեսզի ինքը գնա Ոստիկանության Արաբկիրի բաժին: Այդ պահին ներս մտավ Ալեն Սիմոնյանը, եւ իր գործողություններով այդ ներքին խառնաշփոթ կազմակերպեց: Դեպքի պահին այստեղ չեմ եղել, երբ եկա Արծվիկ Մինասյանի հետ զրուցում էինք, եւ ես հանգստացրի ու հարթեցրինք, եւ կարող էր այդ իրավական գործընթացը շատ հանգիստ տեղի ունենալ: Ալեն Սիմոնյանի ներկայությունից օգտվելով, ոստիկանության ներկայացուցիչները, փոխոստիկանապետը սկսեցին Մհեր Սահակյանին բրդբրդել, ինչի իրավունքը չունեին, մեծ խառնաշփոթ կազմակերպեցին իմ աշխատասենյակում եւ միջանցքում, ինչն անընդունելի է»,- պատմեց Օհանյանը: Լրագրողի այն դիտարկմանը, որ սահմանային լարվածությունը արդյո՞ք իշխանականները այդ միջադեպով չեն փորձում ստվերել, Սեյրան Օհանյանն արձագանքեց. «Կարելի է ենթադրել, որ նման պահերին նրանք մշտապես ինչ-որ նոր հնարքներ են մտածել մեր հանրության ուշադրությունը շեղելու համար: Կարող է կոնֆիլկտ լինել, աշխարհի բոլոր խորհրդարաններում էլ լինում են կոնֆիլկտներ, բախումներ պատգամավորների միջեւ»: Սեյրան Օհանյանի խոսքով՝ Ոստիկանության գործողությունների մեջ իրավունքի պաշտպանություն պետք է լինի. «Երբ Վահագն Ալեքսանյանը նիստերի դահլիճում առաջ գալով հարվածեց Վահե Հակոբյանին, այդ ժամանակ ոստիկանական զորքերը լցվեցին եւ Վահագն Ալեքսանյանին ձերբակալեցի՞ն, իհարկե՝ ոչ: Այս իշխանությունների օրոք կողմնակալ մոտեցում է նաեւ ոստիկանանական գործողություններին»:
13:54 - 31 մարտի, 2023
Միջադեպ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև․ ոստիկանություն է հրավիրվել
 |azatutyun.am|

Միջադեպ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև․ ոստիկանություն է հրավիրվել |azatutyun.am|

azatutyun.am: Միջադեպ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ․ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅ Դաշնակցության անդամ Մհեր Սահակյանը քննարկման ժամանակ հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, մարմնական վնասվածք պատճառել։ «Տեղի է ունեցել քննարկում արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ, հրավիրված է եղել նաև Եղիշե Կիրակոսյանը, ներկայացրել է իր գործունեությունն, անելիքները, քննարկման ընթացքում, բնականաբար, և՛ բանավեճ, և՛ քննարկումներ են տեղի ունեցել, որի ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մհեր Սահակյանն, առանց որևէ հիմնավորման, դրդապատճառի, բառիս ուղիղ իմաստով, հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, հասցրել է մարմնական վնասվածք հոնքի հատվածում, անհրաժեշտ է բժշկական միջամտություն, կարեր դնելու անհրաժեշտություն կա։ Մենք հրավիրել ենք ոստիկանությանը, դիմել ենք դատախազություն», - ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ «Մհեր Սահակյանը հարվածելուց անմիջապես հետո վազելով փախել է սնեյակից, թաքնվել է Ազգային ժողովի որևէ մի անկյունում, հիմա ոստիկանությունը նրան է փնտրում»։ Սահակյանի հետ խոսել «Ազատությանը» դեռ չի հաջողվել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանը փոխանցեց, որ Մհեր Սահակյանին ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին, այլ հարցերի չպատասխանեց։ Դիտարկմանը, թե ՔՊ-ականների խոսքով, Մհեր Սահակյանն է հարձակվել Վլադիմիր Վարդանյանի վրա, Սիմոնյանն արձագանքեց, թե տեղյակ չէ։
12:44 - 31 մարտի, 2023
Հայաստանը մեր բարեկամ երկիրն է, և մենք մտահոգված ենք նրա տարածքային ամբողջականության հարցով. Մադալենա Ֆիշեր

Հայաստանը մեր բարեկամ երկիրն է, և մենք մտահոգված ենք նրա տարածքային ամբողջականության հարցով. Մադալենա Ֆիշեր

ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի անդամները փետրվարի 9-ին հյուրընկալել են Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մադալենա Ֆիշերի: «Արժեւորում ենք հայ-պորտուգալական հարաբերությունները եւ կարծում, որ Ձեր այցը կնպաստի երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը»,- բարեկամական խմբի անունից ասել է խմբի անդամ Վլադիմիր Վարդանյանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի անդամներ Էմմա Պալյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը: Կողմերը քննարկել են հայ-պորտուգալական կապերի զարգացման հեռանկարները: Առանձնահատուկ ընդգծվել է խորհրդարանների եւ, մասնավորապես, բարեկամական խմբերի միջեւ սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը: Հայ խորհրդարանականները պատրաստակամություն են հայտնել աջակցելու երկկողմ գործակցության խորացմանն ուղղված նախաձեռնություններին` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք ոլորտներում առկա է չօգտագործված ներուժ: Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային կազմակերպություններում փոխշահավետ եւ արդյունավետ համագործակցությանը: Ընդգծվել է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման կարեւորությունը: Բարեկամական խմբի անդամները բարձրաձայնել են նաեւ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին ու անվտանգությանն առնչվող խնդիրներ: ԱԺ պատգամավորները ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում կարեւորել են միջազգային գործընկերների արձագանքը, գործողությունները: «Հայաստանը մեր բարեկամ երկիրն է, եւ մենք մտահոգված ենք նրա տարածքային ամբողջականության հարցով»,- նշել է դեսպանը եւ կարեւորել տարածաշրջանում կայունությունը եւ անվտանգությունը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել մեր երկրում բարեփոխումների իրականացմանը: Հյուրը պատրաստակամություն է հայտնել ներկայացնել ժողովրդավարական բարեփոխումների իրականացման իրենց փորձը` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պորտուգալիան եւս անցել է հեղափոխության ճանապարհով: 
17:32 - 09 փետրվարի, 2023
Մինչ այստեղ քննարկվում են մարդու իրավունքներին վերաբերող հարցեր, 120 000 մարդ սպասում է միջազգային հանրության արձագանքին. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում |1lurer.am|

Մինչ այստեղ քննարկվում են մարդու իրավունքներին վերաբերող հարցեր, 120 000 մարդ սպասում է միջազգային հանրության արձագանքին. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում |1lurer.am|

1lurer.am: Եվրոպայի խորհրդի որոշ անդամներ դրսևորում են այնպիսի վարքագիծ, որը չի համապատասխանում կազմակերպության արժեքներին: ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը: «Օրինակ, մի քանի օր առաջ երկրներից մեկի առաջնորդը (խմբ. Իլհամ Ալիևը) ասաց, որ եթե նրանք չեն ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել մեր պայմաններով, մեր սահմանները կլինեն այնտեղ, որտեղ մենք կցանկանանք»,- նշել է նա՝ ընդգծելով, որ դա Եվրոպայի խորհրդի հռետորաբանությունը չէ և համահունչ չէ Եվրախորհրդի շրջանակներում ստանձնած պարտականություններին։ «Մինչ այստեղ քննարկվում են մարդու իրավունքներին վերաբերող հարցերը, 120 000 մարդ, ում իրավունքները պետք է պաշտպանվեն են այս կազմակերպության կողմից սովամահ են լինում և սպասում են միջազգային հանրության արձագանքին»,- նշել է Վարդանյանը:
22:03 - 26 հունվարի, 2023