Լեւոն Զուրաբյան, Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ։
Ծնվել է 1964 թ-ի մարտի 9-ին Երեւանում։ ՀՀ քաղաքական գործիչ է, հինգերորդ գումարման ՀՀ Ազգային Ժողովում եղել է «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգողն է։
Սովորել է Երեւանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում։ 1985 թ. ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, այնուհետեւ եղել է Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտում ասպիրանտ։ 1989-1991 թթ. նույն ինստիտուտում անցել է աշխատանքի։ 1988-ին սկիզբ առած շարժման ակտիվիստներից է, ներգրավված է եղել սահմանադրական խմբերում։ 1998-2000 թթ. ուսանել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Պետական կառավարման եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ 1991-1998 թթ աշխատել է ՀՀ առաջին նախագահի գրասենյակում՝ որպես նախագահի օգնական, ներքին՝ Հայաստանի տարբեր պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, քաղաքական ուժերի հետ հարաբերությունների, ինչպես նաեւ արտաքին՝ ԱՊՀ ուղղությամբ քաղաքական կապերի հարցերով։ 1994 թվականից` զբաղեցրել է նաեւ մամլո խոսնակի պաշտոնը։ 2008-ի նախագահական ընտրություններին եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական կենտրոնական շտաբի ինը անդամներից մեկը եւ զբաղվել է հիմնականում արտաքին հարաբերությունների, նաեւ այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ համագործակցության հարցերով։