Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

«Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը միջազգային հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Բեռլինում 1993 թ.-ին: Նրա շահույթ չհետապնդող նպատակը քաղաքացիական հասարակության հակակոռուպցիոն միջոցառումներով գլոբալ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելն է եւ կանխելը կոռուպցիայից բխող հանցավոր գործողությունները: 

2000 թ. հուլիսին արեւմուտքում կրթություն ստացած իր համախոհ ընկերների հետ, Ամալյա Կոստանյանը հիմնադրել է «Տարածաշրջանային զարգացման կենտրոն» հ/կ-ն։  Մեկ տարվա ընթացքում` 2001 թ. հոկտեմբերին կազմակերպությունը հավատարմագրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) համաշխարհային հակակոռուպցիոն շարժման կողմից որպես ազգային մասնաճյուղ: 2008 թ. փետրվարին կազմակերպությունը վերագրանցվել է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ):

ԹԻՀԿ առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում:

Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունք­ների հասնելու համար ԹԻՀԿ-ն իր երկարարատեւ տեսլականն է սահմանել «Ձեւավորել պայքարող քաղա­քացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաս­տա­նի», որն ընկած է կազմակեր­պու­թյան 2016-20թթ ռազմավարու­թյան հիմքում:

ԹԻՀԿ գործադիր տնօրենն է Սոնա Այվազյանը։

Սիմոնյանն ու Փելոսին համակարծիք են եղել, որ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը կարող է ձեռք բերվել խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ՄԽ համանախագահության հովանու ներքո

Սիմոնյանն ու Փելոսին համակարծիք են եղել, որ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը կարող է ձեռք բերվել խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ՄԽ համանախագահության հովանու ներքո

Հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Հանդիպմանը Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ինստիտուտների եւ օրենքի գերակայության ամրապնդման գործում արձանագրված հետեւողական առաջընթացը: Նա ընդգծել է Հայաստանի իշխանությունների եւ խորհրդարանի ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարի եւ թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաեւ ընդգծել ազատ եւ արդար ընտրությունների դերը բարեփոխումների անշրջելիության ապահովման գործում: Ալեն Սիմոնյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ 2018-2021 թվականներին Հայաստանը բարելավել է Transparency International-ի կոռուպցիայի ընկալման իր ցուցանիշը՝ 35-ից անցնելով 49-ի, եւ Freedom House-ի գնահատմամբ՝ ազատության գլոբալ ցուցանիշը դրական աճ է արձանագրել: Կողմերը վերահաստատել են, որ ժողովրդավարությունը հայ-ամերիկյան համագործակցության կարեւորագույն հիմնասյուներից է: Ալեն Սիմոնյանը ներկայացրել է կոնկրետ ոլորտներում Հայաստանի օրենսդրական մի շարք բարեփոխումներ: Ազգային ժողովի նախագահն իր գործընկերոջը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա փուլի եւ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին: Նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ աշխատելու տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ անվտանգության հաստատման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են բացահայտորեն սպառնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ շարունակում են ոտնձգությունները նրա տարածքի նկատմամբ: Կողմերը համակարծիք են եղել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը կարող է ձեռք բերվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Քննարկվել են նաեւ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման, ինչպես նաեւ տարածաշրջանում բոլոր կոմունիկացիոն գծերի բացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանն ու նախանշել այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնումը: Այս համատեքստում Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել Կոնգրեսի հայկական հարցերով խմբի գործունեությունը, որն ունի երկկուսակցական աջակցություն եւ առանցքային դեր է խաղում այդ հարաբերությունների ամրապնդման գործում: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել խոսնակ Փելոսիին եւ նրա բոլոր գործընկերներին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ համապատասխան բանաձեւի ընդունման գործում նրանց ունեցած արժեքավոր ներդրման համար: Հանդիպմանը Նենսի Փելոսիին է հանձնվել Պատվո շքանշան՝ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության ղեկավար հանրապետական Քեվին ՄըքՔարթին, հանրապետականներ Դեւիդ Վալադաոն, Գաս Բիլիրակիսը, դեմոկրատներ Ֆրենկ Փալոնը, Ջեքի Սփիրը, Ադամ Շիֆը եւ Աննա Էշուն: 
10:02 - 20 հունվարի, 2022
ՀՀ վարչապետից և ԱԳՆ-ից  պահանջում ենք՝ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փորձերի և ագրեսիվ գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին․ հայտարարություն

ՀՀ վարչապետից և ԱԳՆ-ից պահանջում ենք՝ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փորձերի և ագրեսիվ գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին․ հայտարարություն

Մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կապված Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիայի պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողությունների հետ։ Հայտարարությունը ստորև․ «Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիայի պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողությունների վերաբերյալ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան ավարտվեց 2020թ. նոյեմբերի 10-ին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված եռակողմ հայտարարությամբ, որով նախատեսվում էին իրականացնել մի շարք գործողություններ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով: Վերջին մեկ տարվա ընթացքում, սակայն, Ադրբեջանը ոչ միայն չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցով, այլև մեկ տարի շարունակ տարբեր հայտարարություններով ու գործողություններով բացեիբաց ի ցույց է դնում իր ռասիստական, հայատյաց, ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականությունը, շարունակում է Արցախում հայ բնակիչների սպանությունները և ապացուցում, որ ոչ միայն շահագրգռված չէ խաղաղություն հաստատելու, այլև ունի Հայաստանի տարածքը գրավելու կոնկրետ նկրտումներ: 2021 թվականի մայիսի 12-ից ի վեր Ադրբեջանի զինված ուժերը մուտք են գործել Հայաստանի Հանրապետության տարածք և ծավալում են ռազմական գործողություններ, որոնք վտանգում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը, ոտնահարում սահմանամերձ գյուղերի բնակչության իրավունքները և հղի են իրավիճակի հերթական էսկալացիայի վտանգներով: 2021թ. նոյեմբերի 11-ից սկսել է էսկալացիայի հերթական փուլ: Մինչ Հայաստանի իշխանությունները դանդաղում են միջազգային կառույցներին դիմելու և միջազգային չափանիշների հիման վրա սահմանազատման և սահմանանշման գործընթացներ նախաձեռնելու գործում, Ադրբեջանը «սողացող անեքսիայի» միջոցով սկսել է գրավել Հայաստանի սահմանային տարածքի առանձին հատվածներ: Եռակողմ հայտարարությամբ ճանապարհների ապաշրջափակման պարտավորություն ստանձնած Ադրբեջանը 2021թ. մայիսի 15-ից մաքսային և սահմանային անցակետեր է տեղադրել Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհի հատվածներում: Ադրբեջանի իշխանությունները հստակորեն իրականացնում են ճանապարհների փաստացի շրջափակման, Հայաստանի բնակավայրերի փաստացի մեկուսացման ու բնակիչների ահաբեկման քաղաքականություն՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում մեկուսացնելով 9 գյուղ (Բարձրավան, Շուռնուխ, Որոտան, Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ)՝ խաթարելով հազարավոր քաղաքացիների, այդ թվում՝ երեխաների բնականոն կյանքը, անվտանգությունը, ֆիզիկական ու հոգեկան առողջությունը, ազատ տեղաշարժը, կրթության, սննդամթերքի և բուժօգնության հասանելիության, եկամուտ վաստակելու իրավունքները: Նշված ճանապարհի արգելափակման հետևանքով ծանրաբեռնվել է Տաթև-Կապան մայրուղին՝ խաթարելով տասնյակ հազարավոր այլ մարդկանց, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների տեղաշարժը և այլ իրավունքները: Ադրբեջանը, փաստացի, հարձակում է գործել Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների դեմ՝ առանձին տարածքներ զբաղեցնելու նպատակով, ինչը նույնիսկ չի թաքցվում տվյալ երկրի ղեկավարի կողմից: Ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը նպատակահարմար չի համարում միջամտելը, իսկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործընկերները առավել գերադասում են Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների պահպանումը ՀԱՊԿ-ի շրջանակում վերցրած իրենց պարտավորությունների կատարումից։ Ստեղծված ճակատագրական իրավիճակում Հայաստանի Հանրապետության սահմանների և քաղաքացիների անվտանգության ապահովման անմիջական և առաջնային պատասխանատուն ՀՀ գործող իշխանություններն են, որոնք պարտավոր են արագ և վճռական գործել՝ կանխելու ՀՀ քաղաքացիների մարդու իրավունքների խախտումները և նրանց անվտանգության սպառնալիքները: Խաղաղությունը չի կարող լինել միակողմանի գործընթաց: Խաղաղության պահպանման պատրվակով արտաքին ագրեսիայի դեմ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների անգործությունը փաստացի հանգեցնում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ շարունակական ոտնձգությունների ու ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումների: Պահանջում ենք ՀՀ վարչապետից և ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ անհապաղ ձեռնարկել հետևյալ գործողությունները. ● Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման փորձերի և ագրեսիվ գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ դրանք քննելու և գնահատական տալու նպատակով. ● ծանուցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովին, որի անդամ է հանդիսանում նաև Հայաստանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը, Եվրոպայի խորհրդին, միջազգային այլ համապատասխան կառույցներին և երկկողմ գործընկեր պետություններին՝ այդ կազմակերպություններում և պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների և Հայաստանում դրանց միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով տեղեկացնել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և դրա հետևանքով մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումների վերաբերյալ. ● վերը նշված բոլոր կառույցներում և միջազգային հնարավոր բոլոր հարթակներում հստակ ներկայացնել ադրբեջանական շարունակական ագրեսիայի և, մասնավորապես, ճանապարհների շրջափակման, անցակետերի տեղադրման և Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի բնակավայրերի հարևանությամբ տեղակայման ու պարբերաբար ներխուժման հետևանքները՝ դադարել, վերջապես, անտեսել հետպատերազմական իրավիճակում մարդու իրավունքների ոտնահարումները և հումանիտար խնդիրները. ● միջազգային համապատասխան բոլոր կառույցներում ակտիվորեն առաջ մղել Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգության (ոչ ռազմականացված գոտու) ստեղծման անհրաժեշտության գաղափարը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության սահմանների և սահմանամերձ բնակչության անվտանգությունը՝ մինչև միջազգային իրավունքի հիման վրա և միջազգային կազմակերպությունների, ինչպես օրինակ՝ ԵԱՀԿ-ի ներգրավմամբ սահմանազատման/սահմանանշման գործընթացի մեկնարկն ու բարեհաջող ավարտը»: 1. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 2. Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 3. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 4. Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան 5. Հեռանկարային զարգացման կենտրոն 6. Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ 7. Գորիսի մամուլի ակումբ 8. Ազատ քաղաքացի ՔՆԱԿ ՀԿ 9. Խաղաղության երկխոսություն 10. Հանրային լրագրության ակումբ 11. Ինֆորմացիայի ազատության կետրոն ՀԿ 12. Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ 13. Երեւանի մամուլի ակումբ 14. Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 15. «Ժողովրդավարություն այսօր» ՀԿ 16. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ 17. Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն 18. Հայաստանի կանանց նախաձեռնություն
14:54 - 16 նոյեմբերի, 2021
Հայտարարություն՝ «Ֆիզգորոդոկի» բնակիչ, վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանի բնակարանի խուզարկման վերաբերյալ

Հայտարարություն՝ «Ֆիզգորոդոկի» բնակիչ, վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանի բնակարանի խուզարկման վերաբերյալ

Մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ Ֆիզիկայի գիտավանի բնակիչ, վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանի բնակարանի խուզարկման վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացում ենք ստորև․ «Մենք՝ ներքստորագրյալ կազմակերպություններս, խստիվ դատապարտում ենք վերջին շրջանում Երևանի Ֆիզիկայի գիտավանում ապօրինի շինարարության շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված պետական մարմինների ապօրինի գործողությունները կամ անգործությունը, որոնք իրավախախտումների կանխման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու իրենց պարտականության կատարման փոխարեն զբաղված են ապօրինությունների դեմ բարձրաձայնող բնակիչներին ահաբեկելով կամ դրա վրա աչք փակելով՝ փաստացի ստանձնելով իրավախախտողների պաշտպանի դերը: Վերոնշյալի դրսևորումն են նշված թաղամասի բնակիչ, վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները և, մասնավորապես, նրա բնակարանի չհիմնավորված խուզարկության փաստը, որն ակնհայտ նպատակ է հետապնդում լռեցնել ապօրինության դեմ պայքարող քաղաքացիների ձայները:  Ֆիզիկայի գիտավանում ակտիվորեն ընթանում են «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ի նախաձեռնած խնդրահարույց կառուցապատման գործընթացները, որի վերաբերյալ տարածքի բնակիչները պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցակազմի առկայության վերաբերյալ հաղորդում են ներկայացրել իրավապահ մարմիններին:  Համաձայն կառուցապատողի մոտ առկա փաստաթղթերի՝ տեղանքում իբր եղել է նկուղ, որի հիման վրա մասնավորեցվել է նախկինում հանրային և կանաչ տարածքը: Իրականում՝ նկուղի վերաբերյալ որևէ ապացույց առկա չէ։ Բնակիչներն ամիսներ շարունակ բազմակողմանի փորձաքննություն են ակնկալում քննչական մարմնից, պահանջելով տարածքի հողային շերտը ճանաչել որպես իրեղեն ապացույց, սակայն այս գործողությունները չեն իրականացվում։ Զուգահեռաբար՝ «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ն ակտիվորեն շարունակում է փորման աշխատանքներն ու տարածքից հեռացնում հողային շերտը:  Ապօրինության վերաբերյալ փաստարկները հիմնավորվում են նաև այն հանգամանքով, որ բնակիչների բազմաթիվ հարցումները՝ կառուցապատվող տարածքի իրավական կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, այդ թվում՝ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով հողերի փոխանցման սահմանափակումների մասով, հետևողաբար մերժվում են Երևանի քաղաքապետարանի կողմից: Ընդ որում, քննվող քրեական գործի շրջանակներում դրանց առգրավման վերաբերյալ տեղեկատվությունը ևս բացակայում է: Կառուցապատվող տարածքում հողամասի փորման աշխատանքները ցույց տվեցին, որ տեղում որևէ նկուղ կամ նույնիսկ պատ գոյություն չուներ: Փոխարենը բացահայտվեց, որ «ՌԱՏԿՈ»-ի հողահեռացման աշխատանքների արդյունքում վնասվել էին կոմունիկացիաներ՝ ջրային խողովակներ և էլեկտրականության մալուխներ։ Առկա է հողամասի փորման ողջ գործընթացի տեսագրությունը, ինչը բավարար հիմք պետք է հանդիսանար քրեական գործով ուսումնասիրվող հանգամանքները պարզելու համար, սակայն այս ապացույցի առկայությունն անտեսվել է: Փոխարենը՝ քննչական մարմիններն ու ոստիկանությունն ակտիվորեն ընթացք են տվել «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ի հաղորդման հիման վրա բնակիչների դեմ հարուցած գործերի քննությանը, մասնավորապես` ժամանակավոր մետաղյա ցանկապատի վրա կատարված գրությունների առնչությամբ, որն ուղեկցվել է այնպիսի գործողություններով, ինչպիսին է ապօրինի կառուցապատման դեմ պայքարող ակտիվ քաղաքացիներից մեկի բնակարանի խուզարկությունը:  Ակներև է, որ իրավապահ մարմինները  դիտավորյալ են ձգձգում բնակիչների կողմից բարձրացված փաստերով քննությունը, միևնույն ժամանակ` ակտիվորեն ընթացք տալով նրանց դեմ վարվող գործերին, ընդ որում՝ գործարկելով այնպիսի միջոցներ, որոնք կարող են ահաբեկել քաղաքացիներին և ստիպել ետ կանգնել իրենց իրավունքների համար մղվող պայքարից: Թաղամասում վերջին ամիսներին պարբերաբար բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և բնակիչների միջև` ուժի անհամաչափ կիրառմամբ, բռնության գործադրմամբ, անհիմն բերման ենթարկելու բազմաթիվ դեպքերով:  Հարկ է նշել, որ կառուցապատողի կողմից բազմիցս տարբեր առիթներով իրականացվել է առանձին բնակիչների թիրախավորում։ Մասնավորապես` Հանրային Հեռուստաընկերության եթերում տված հարցազրույցի ժամանակ «ՌԱՏԿՈ» ՍՊԸ տնօրեն Արթուր Մնացականյանը անվանական կերպով մատնանշել է ապօրինի կառուցապատման գործընթացները վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանին և իրավաբան Հայկ Հարությունյանին: Մեկ այլ դեպքում` Ազգային Ժողովում պատգամավոր Անուշ Բեղլոյանի հրավիրած հանդիպման ժամանակ, որին ներկա էին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, գիտավանի բնակիչներ, Ա․Մնացականյանը դիմել է Ս․Գրիգորյանին` ասելով, որ անձամբ իրեն երբեք թույլ չի տա մուտք գործել շինհրապարակ, և հարցին, թե ինչու` նա ցույց է տվել նախապես տպած և իր հետ բերած լուսանկար, որտեղ պատկերված էր Ս․Գրիգորյանը` շինաշխատանքներ իրականացնող բեռնատարներից մեկի առջևում կանգնած: Նման արարքները հստակ խոսում են Ա․Մնացականյանի կողմից առանձին բնակիչների հետապնդման ու թիրախավորման մասին։ Ակնհայտ է, որ անհիմն քրեական հետապնդումն ու խուզարկության հանգամանքը ևս տեղավորվում են ահաբեկման տրամաբանության մեջ` նպատակ ունենալով խոցելի դարձնել Սեդա Գրիգորյանին, միաժամանակ՝ նաև նախազգուշական ազդակ հղելով մյուս բնակիչներին՝ այդպիսով կանխարգելելու նրանց սահմանադրական իրավունքների պաշտպանությանը միտված պայքարը։  Ս․թ․ նոյեմբերի յոթին ժամը 14:00-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երկու ոստիկան ժամանել են Սեդա Գրիգորյանի բնակարան` խուզարկություն իրականացնելու վերաբերյալ դատավորի որոշումով: Համաձայն որոշման, խուզարկությունն իրականացվում էր Ալիխանյան 6/1 հասցեում վիճելի կառուցապատումն իրականացնող «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ի շինհրապարակի ժամանակավոր մետաղյա թիթեղների վրա սեպտեմբերի 1-ին արված գրաֆիտի գրությունների («Հանրային տարածք», «Ազատ ծառեր», «Ազատագրենք Գորոդոկը») հետևանքով պատճառված գույքային վնասի շուրջ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ գրաֆիտային ներկանյութի տարան հայտնաբերելու նպատակով: Հարկ է արձանագրել, որ բնակարանի խուզարկության թույլտվություններ տրամադրող դատարանի նման որոշումները մեղմ ասած հիմնավորված չեն՝ հաշվի առնելով ներկանյութով ՌԱՏԿՈ ՍՊԸ-ին պատճառված վնասի հորինված լինելու հանգամանքը: Բնակարանի անձեռնմխելիության սահմանափակումը ենթադրում է դրա արդյունքում հայտնաբերման ենթակա առարկաների՝ գործով բացահայտվող հանգամանքների վերաբերելիության և իրականացվող դատավարական գործողության համարժեքության ապահովման պարտադիր պայման, ինչը քննարկվող իրավիճակում ակնհայտորեն բացակայում է: Բացի այդ, դատարանի որոշման մեջ նշված չի եղել, թե ինչ կարգավիճակով է գործում ներգրավված Ս․Գրիգորյանը, ինչի պատճառով նա հրաժարվել է ստորագրել խուզարկության արձանագրությունը: Ոստիկաններն ասել են, որ ակնկալում են խուզարկության արդյունքում բնակարանում հայտնաբերել կարմիր ներկի այն տարան, որով իրականացվել են գրությունները: Ս․Գրիգորյանն ասել է, որ բնակարանում նման ներկի տարա առկա չէ, ինչից հետո ոստիկանները խուզարկել են ողջ բնակարանը, ինչի արդյունքում ոչինչ չեն հայտնաբերել և չեն առգրավել:   Մենք՝ ներքոստորոգրյալներս, Ֆիզիկայի գիտավանի բնակիչների, և մասնավորապես՝ Սեդա Գրիգոյանի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող անհիմն քրեական հետապնդումները գնահատում ենք ոչ այլ ինչ, քան՝ ահաբեկում՝ ճնշելու ոչ միայն տվյալ տարածքի բնակիչների արտահայտման  ազատությունները և առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը, այլև՝ առհասարակ արտացոլում են իշխանությունների վերջերս ավելի ու ավելի նկատելի քամահրական վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և հանրային շահի նկատմամբ։  Նման վերաբերմունքը մասնավորապես զգալի է քաղաքաշինության ոլորտում՝ խիստ վիճահարույց պայմաններում և առերևույթ կոռուպցիոն դրսևորումներով ուղեկցվող թույլտվությունների տրամադրման գործընթացներում, որոնք՝ ինչպես նախկինում, այնպես էլ՝ ներկայում, ըստ ամենայնի, հովանավորվում են բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց փոխկապակցված անձանց կողմից։ Ընդ որում, գործընթացներում առկա կոռուպցիոն դրսևորումները կամ կառուցապատման «տանիքի» դերում շրջանառվող բարձրաստիճան պաշտոնյաների առնչությունը համառորեն քննության առարկա չեն դարձվում իրավապահ մարմինների կողմից: Պահանջում ենք․ Կառուցապատողից՝ անմիջապես դադարեցնել Ֆիզիկայի գիտավանի բնակիչների նկատմամբ ճնշումները, ինչպես նաև կանգնեցնել վիճահարույց շինարարությունը՝ մինչև հողի օտարման հիմքերը քննող քրեական գործերի ավարտը և, առհասարակ, պատշաճ հաղորդակցվել տարածքի բնակիչների հետ։  Երևանի քաղաքապետարանից՝ տրամադրել քննարկվող տարածքի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին առնչվող սահմանափակումներն ամրագրող բոլոր փաստաթղթերը: Հակառակ դեպքում իրավապահ մարմինների կողմից դրանց կոծկումը պետք է դառնա քրեական գործի շրջանակում քննության առարկա: ՀՀ քննչական կոմիտեից՝ անմիջապես դադարեցնել շինծու քրեական գործով Ս․Գրիգորյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, և փոխարենը՝ պատշաճ քննել նախկինում հանրային կանաչ տարածք հանդիսացող հողամասի ապօրինի կառուցապատման գործը: ՀՀ արդարադատության նախարարությունից և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից՝ քննության առարկա դարձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի՝ Սեդա Գրիգորյանի բնակարանը խուզարկելու իրավունք վերապահող որոշմամբ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով վերջինիս նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը»: Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ Ինֆորմացիայի ազատության կենտրոն  Մեդիա նախաձեռնությունների կենտրոն Երևանի մամուլի ակումբ Կանանց ռեսուրսային կենտրոն Իրավունքի ուժ ՀԿ Ազատ քաղաքացի ՔՆԱԿ ՀԿ  Հեռանկարային զարգացման կենտրոն Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե  Իրազեկ քաղաքացիների միավորում  Restart գիտակրթական հիմնադրամ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ  ՄԻՏՔ ՀԿ ուրբանլաբ Խաղաղության երկխոսություն Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն Վելես իրավապաշտպան ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ Ռեստարտ Գյումրի նախաձեռնությունների կենտրոն ՀԿ Գորիսի մամուլի ակումբ ՀԿ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ Հայաստանի իրավական պաշտպանության կոմիտե իրավապաշտպան ՀԿ Իրավունքի գերակայություն ՀԿ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան ՄեդիաԱկումբ ՀԿ Լուսինե Խառատյան, ՀՀ քաղաքացի Գայանե Շագոյան, ՀՀ քաղաքացի Կարեն Հակոբյան, ՀՀ քաղաքացի
14:07 - 15 նոյեմբերի, 2021
Ընտրական օրենսգիրքի փոփոխությունները չընդունելու պատճառաբանությունները քաղաքական կամքի բացակայության նշան են. ՀԿ-ների հայտարարությունը

Ընտրական օրենսգիրքի փոփոխությունները չընդունելու պատճառաբանությունները քաղաքական կամքի բացակայության նշան են. ՀԿ-ների հայտարարությունը

Մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում նշում են, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չընդունելու պատճառաբանությունները քաղաքական կամքի բացակայության նշան են։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «2021թ․ մարտի 18-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների հետ ձեռք բերված համաձայնությամբ 2021թ․ հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու մասին։ Թեև հայտարարությունը չի անդրադառնում ընտրական օրենսդրությանը, սակայն շրջանառվում է թեզը, որ փոփոխությունների ընդունումից հետո քաղաքական ուժերին և ընտրական համակարգին անհրաժեշտ է 6 ամիս ժամանակ՝ նոր կանոններով ընտրությունների պատրաստվելու համար, հետևաբար՝ առաջիկա արտահերթ ընտրությունները պետք է անցկացնել 2016թ. ընդունված Ընտրական օրենսգրքով։ Միաժամանակ, նշվում է, որ ընտրական օրենսդրության փոփոխությունների համար անհրաժեշտ է «կոնսենսուս» Ազգային Ժողովում ներկայացված խմբակցությունների միջև։Վերոնշյալ երկու թեզերը բխում են Վենետիկի հանձնաժողովի «Ընտրական գործընթացների վերաբերյալ լավ պրակտիկայի կանոնագրքի» դրույթներից, սակայն երկուսն էլ մեջբերվում են ձևապաշտական մոտեցումով և մեկնաբանվում հայեցողաբար։  Այս առնչությամբ՝ հարկ է արձանագրել հետևյալը. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համար առաջարկվող ժամկետն անհրաժեշտ է ընտրական օրենսդրության կայունության, այդ փոփոխությունների կանխատեսելիության ու նոր կանոններով ընտրություններին նախապատրաստվելու առումով։ Կարևոր է հիշել, որ Ընտրական օրենսգրքի առավել արմատական փոփոխությունները եղել են 2018թ. հեղափոխության մասնակից ժողովրդական լայն զանգվածների օրակարգային առաջնահերթությունը, ինչով պայմանավորված՝ դրանց վերաբերյալ քաղաքական քննարկումներ են սկսել ծավալվել դեռևս 2018 թվականի ամառվանից և ձեռք են բերվել որոշ փոխադարձ համաձայնություններ, թեև դրանք չի հաջողվել ընդունել տվյալ տարվա վերջին կայացած ընտրություններից առաջ: Ընտրական օրենսգրքում և հարակից օրենսդրության մեջ ներկայում առաջարկվող փոփոխություններն էլ, իրենց հերթին, բազմիցս՝ 2020 թվականի օգոստոսից սկսած, ներկայացվել և քննարկվել են շահագրգիռ հանրության շրջանակներում՝ աննախադեպ ներառական և թափանցիկ գործընթացներով: Բացի այդ, ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը նախատեսում է, որ փոփոխվող դրույթներն ուժի մեջ են մտնում աստիճանաբար: Այսինքն, առավել արմատական և քաղաքական փոփոխություններն՝ անմիջապես, իսկ ընտրական համակարգի նախապատրաստում պահանջող լրացուցիչ տեխնիկական ու ընթացակարգային պահանջները՝ ժամանակի ընթացքում։ Եվ վերջապես, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական խորը ճգնաժամ է, որի պայմաններում լավագույն պրակտիկաներին առնչվող ընդհանրական խորհուրդները չեն կարող անբեկանելի համարվել: Առավել ևս այդպիսի նախադեպ Հայաստանում արդեն եղել է 2018 թվականին, երբ ՀՀ քրեական օրենսգրքի՝ ընտրախախտումներին առնչվող դրույթները ընդունվել և ուժի մեջ են մտել սեպտեմբերի 7-ին՝ անմիջապես Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ, իսկ 2018թ․ հոկտեմբերի վերջին քվեարկության էր դրված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը՝ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Փոփոխությունները չընդունվեցին, սակայն ինքնին դրանց ներկայացնելու և ընդունումից անմիջապես հետո ընտրություններ անցկացնելու հեռանկարի առնչությամբ Վենետիկի հանձնաժողովը չի ունեցել որևէ բացասական անդրադարձ: Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի միջև «կոնսենսուսի» հասնելու անհրաժեշտության մասին պնդումներին, հարկ է արձանագրել, որ ներկայիս ժամանակահատվածում Ընտրական օրենսգրքի վերաբերյալ կոնսենսուսը հնարավոր չէ հենց քաղաքական պատճառներով, քանի որ որոշ կուսակցություններ  նախընտրում են իշխանության հասնել ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, իսկ ուրիշները՝  փողի, քրեական ազդեության կամ վարչական ռեսուրսի չարաշահման միջոցով: Գործող օրենսգիրքը բարենպաստ պայմաններ է ստեղծում իշխանական լծակներին այդ վերջին ճանապարհով հասնելու, հետևաբար Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ դիրքորոշումը՝ դիրքորոշում է նաև այդ երևույթների հանդեպ: Իրականում, Հայաստանի Հանրապետությունում առկա է շատ ավելի լայն՝ ժողովրդական, քաղաքացիական ու քաղաքական զանգվածների համակողմանի կոնսենսուս Ընտրական օրենսգիրքը փոխելու առումով: Սրա մասին վկայում է, այն, որ. Ընտրողների լայն զանգվածների և քաղաքացիական հասարակության դերակատարների կողմից Ընտրական օրենսգրքի փոփոխության պահանջը դրսևորվել է 2018թ. հեղափոխության օրերին, Ընտրական օրենսգրքի կարևորագույն կետերի (օրինակ՝ ընտրակարգ, անցումային շեմ, մանդատների բաշխում և կոալիցիաների ձևավորման ժամկետներ) շուրջ արդեն իսկ կայացել են քաղաքական քննարկումներ 2018թ.-ին, և ստացվել է «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների համաձայնությունը, Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից իրականացված՝ վերջին ներկայացուցչական սոցիոլոգիական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը կարևորվում է Հայաստանի բնակչության 74 տոկոսի կողմից, Ընտրական օրենսգրքի փոփոխության պահանջին միացել են 30-ից ավել կազմակերպություններ և քաղաքացիական ակտիվիստներ, արտահերթ ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխություններով իրականացնելը կարևորագույն խնդիր են համարում գաղափարախոսությունը կարևորող կուսակցությունները: Սույնով վերահաստատում ենք 2021թ․ մարտի 16-ի մի շարք կազմակերպությունների կողմից արտահայտված դիրքորոշումը, և արձանագրում, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելը հիմնականում կախված է իշխող կուսակցության քաղաքական կամքից, պետության ու սեփական ժողովրդի առաջ պատասխանատվությունից և ժողովրդավարական արժեքների նկատմամբ հավատարմությունից:  Հայտարարությանը բաց է։ Միանալու համար խնդրում ենք լրացնել հասարակական կազմակերպության տվյալներն այստեղ։ «Ականատես» դիտորդական նախաձեռնություն Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Ռեստարտ գիտակրթական հիմնադրամ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Իրազեկ քաղաքացիների միավորում Ուղղակի ժողովրդավարություն Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ»
13:10 - 21 մարտի, 2021
Կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը 180 երկրների ցանկում 60-րդ տեղում է |azatutyun.am|

Կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը 180 երկրների ցանկում 60-րդ տեղում է |azatutyun.am|

azatutyun.am: Transparency International միջազգային կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման տարեկան զեկույցը, որում ընդգրկված 180 երկրներում և տարածքներում կոռուպցիան չափվել է փորձագիտական գնահատումների և գործարար ոլորտի ուսումնասիրությունների հիման վրա։ Հայաստանը այդ աղյուսակում զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը, ընդ որում՝ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը ևս 7 միավորով բարելավել է նախորդ տարվա արդյունքը։ Ըստ կազմակերպության՝ Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվում էական առաջընթաց գրանցող երկիր է, որը 15 միավորով բարելավել է արդյունքը 2012 թվականից ի վեր։ Տարածաշրջանի երկրներից ամենաբարձր արդյունքներն է արձանագրել Վրաստանը, որը 45-րդ տեղում է, Ադրբեջանը շարունակում է գտնվել ամենակոռումպացված երկրների՝ Մալիի, Ռուսաստանի, Մալավիի կողքին՝ 129-րդ հորիզոնականում։ Աղյուսակի առաջին հորիզոնականներում են Դանիան և Նոր Զելանդիան, որոնց հաջորդում են Ֆինլանդիան, Շվեդիան, Շվեյցարիան։ Վատթարագույն ցուցանիշներն են արձանագրել Հարավային Սուդանը և Սոմալին։ Ըստ զեկույցի հեղինակների՝ շուրջ մեկ տասնամյակ է աշխարհի տասնյակ երկրներում նկատվում է լճացում՝ կոռուպցիայի դեմ պայքարը մտել է փակուղի։
14:40 - 28 հունվարի, 2021
Նոր Սահմանադրությունը պետք է հանդիսանա նոր սոցիալական պայմանագիր պետության և քաղաքացիների միջև. հայտարարություն

Նոր Սահմանադրությունը պետք է հանդիսանա նոր սոցիալական պայմանագիր պետության և քաղաքացիների միջև. հայտարարություն

Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ ու անհատ փաստաբաններ հանդես են եկել հայտարարությամբ Սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ: Հայտարարությունը` ատորև.   «2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ քաղաքացիների ապակենտրոն, խաղաղ, ոչ բռնի,  հանրապետության ողջ տարածքում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում իրականացվեց թավշյա հեղափոխություն և վերջ տրվեց պետության շարունակական զավթմանը: 2018թ. դեկտեմբերին տեղի ունեցան ԱԺ արտահերթ ընտրություններ, որոնք տեղական և միջազգային դիտորդների գնահատմամբ, միջազգային չափանիշներին լիովին համապատասխան, ժողովրդավար, ազատ և արդար էին: Ընտրությունների արդյունքում ձևավորված լեգիտիմ իշխանությունը կրում է քաղաքական պատասխանատվություն՝ վերականգնելու ժողովրդավարական և իրավական պետության սահմանադրական կարգը և երաշխավորելու հանրապետությունը իշխանության զավթման վտանգից: Չնայած հանրային պահանջին՝ Կառավարությունը ժողովրդավարական և իրավական պետության սահմանադրության ձևավորմանը ձեռնամուխ եղավ միայն 2020թ. սկզբին, երբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվեց «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով»: Թեև նոր սահմանադրության նախագծի մշակումը ներկայացվում է որպես մասնագիտական հանձնաժողովի աշխատանքի հնարավոր ելքերից մեկը միայն, անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը սկզբունքորեն չի կարող լինել գործող սահմանադրության հերթական փոփոխություն, այլ պետք է ավարտվի Նոր Սահմանադրության ընդունմամբ, քանի որ գործող սահմանադրության ընդունման և փոփոխությունների գործընթացը և բովանդակությունը երբևէ չի արտահայտել Հայաստանի քաղաքացիների իրական կամքը, այլ պարտադրվել է՝ սպասարկելով օրվա իշխանությունների քաղաքական շահերը: Մտահոգիչ է սահմանադրական բարեփոխումների ողջ գործընթացի ոչ թափանցիկությունը: Մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ կցկտուր տեղեկություններ են հասանելի հանրությանը, ինչը բացարձակապես չի նպաստում հանձնաժողովի,  գործընթացի և դրա արդյունքում ստեղծվող արդյունքի նկատմամբ վստահության և հանրային իմաստալից մասնակցության ապահովմանը: Նոր սահմանադրության հայեցակարգի՝ որպես ձևակերպված խնդրի բացակայության պայմաններում մասնագիտական հանձնաժողովն ակամա վերածվել է քաղաքական դեբատների և շահերի պաշտպանության փակ հարթակի: Ավելին, հանձնաժողովի կողմից պետական ինստիտուտների վերաբերյալ հատվածային հայեցակարգերի մշակումն՝ ընդհանուր տեսլականի բացակայության պայմաններում անհասկանալի է դարձնում փոփոխությունների հեռահար նպատակն ու դրանց համակարգային միասնությունը: Օրվա իշխանությունների վերարտադրման սահմանադրական մեխանիզմների ներդրման տեղապտույտից դուրս գալու համար պետք է ջանքեր գործադրել նոր սահմանադրության հայեցակարգի մշակման գործընթացը մասնակցային, թափանցիկ և հրապարակային դարձնելու համար․ ստեղծել տեղեկատվության փոխանակման և քննարկման բաց ու հասանելի հարթակ, և նոր անցնել Նոր Սահմանադրության տեսլականը կյանքի կոչելու աշխատանքին: ՀՀ քաղաքացիները պետք է լիիրավ և իմաստային մասնակցություն ունենան երկրի մայր օրենքի մշակմանը, իսկ նրանց քվեն հանդիսանա բովանդակային ընտրություն՝ անկախ օրվա իշխանությունների հանդեպ համակրանքից կամ հակակրանքից: Թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած քաղաքական ուժն անմիջական քաղաքական պատասխանատվություն ունի նվազագույն ժամկետներում ապահովելու պետության զավթումը կանխող, իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը երաշխավորող նոր սահմանադրության ընդունումը: Միաժամանակ, առանց նշված արժեքային հիմքերի և մասնակցային գործընթացի ապահովման նոր սահմանադրության ձևավորման դեպքում լուծված չի լինի հեղափոխության հիմնական պատճառի՝ պետության հերթական զավթումը կանխող սահմանադրական երաշխիքների ձևավորման խնդիրը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ ժողովրդավարական և իրավական Հայաստանի սահմանադրության մշակման համար անհրաժեշտ է. վերանայել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի վերաբերյալ ՀՀ Վարչապետի որոշումը՝ ամրագրելով Նոր Սահմանադրության նախագծի մշակումը որպես հստակ վերջնանպատակ ախտորոշել գործող սահմանադրության մեջ առկա խնդիրները և մեխանիզմները, որոնք նպաստել են պետության զավթմանը, սահմանադրական կարգի       ոտնահարմանը և դատական իշխանության անկախության խաթարմանը՝ Նոր Սահմանադրությունում դրանք բացառելու և լրացուցիչ երաշխիքներ սահմանելու նպատակով, շարադրել Նոր Սահմանադրության նախագծի արժեքային ուղենիշերը և տեսլականը իշխանությունների տարանջատման ու փոխզսպման, իրավունքի գերակայության, դատական իշխանության անկախության սկզբունքների, աշխարհիկ պետության, խորհրդարանական արդյունավետ վերահսկողության, տեղական ինքնակառավարման և ուղիղ ժողովրդավարության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության և այլ հիմնարար խնդիրների վերաբերյալ, ապահովել սահմանադրական բարեփոխումների ողջ գործընթացի թափանցիկությունը, հայեցակարգային փաստաթղթերի հրապարակայնությունն ու հասանելիությունը, մասնակցային քննարկման և միջանկյալ որոշումների կայացման հնարավորությունը, երաշխավորել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի անցկացումը ողջամիտ սեղմ ժամկետներում՝ 2022 թվականի առաջին կեսից ոչ ուշ՝ Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները Նոր Սահմանադրության պայմաններում և սկզբունքների լույսի ներքո պատշաճ կազմակերպելու և իրականացնելու նպատակով: Նոր Սահմանադրությունը պետք է հանդիսանա նոր սոցիալական պայմանագիր պետության և քաղաքացիների միջև, հետևապես՝ դրա ընդունման գործընթացը պետք է լինի անխոցելի, իսկ փաստաթուղթը՝ ընդունելի և ենթակա չլինի յուրաքանչյուր նոր քաղաքական ուժի կողմից փոփոխության։ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Կարեն Թումանյան, փաստաբան Ռոբերտ Ռևազյան, փաստաբան»
12:28 - 05 սեպտեմբերի, 2020
ԹԻՀԿ-ն հայցադիմում է ներկայացրել փոխվարչապետի դեմ

ԹԻՀԿ-ն հայցադիմում է ներկայացրել փոխվարչապետի դեմ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին կազմակերպությանը տրամադրել Երևանի 33-րդ թաղամասում (Ֆիրդուսի) տարածքներ ձեռք բերողների ներկայացրած ֆինանսական ապահովման հիմքերը, կառավարության հետ գործարքի ապահովումը երաշխավորող պայմանագրեր կնքվելու դեպքում դրանց պատճենները և այլ տեղեկություններ։ Այս մասին հայտնում են ԹԻՀԿ-ից։ Ավելի վաղ՝ սույն թվականի հուլիսի 1-ին, ԹԻՀԿ-ն հարցում էր ուղարկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն հետևյալի մասին․ «Որպես ծրագրի իրականացման երաշխիք ֆինանսական ապահովման ինչպիսի՞ իրավական հիմքեր են ներկայացրել 33-րդ թաղամասի տարածքներ ձեռք բերողները և ՀՀ կառավարության հետ կնքվե՞լ են արդյոք գործարքի ապահովումը երաշխավորող պայմանագրեր: Առկայության դեպքում խնդրում ենք տրամադրել բոլոր փաստաթղթերի պատճեները, քննարկվե՞լ է արդյոք ՀՀ կառավարությունում 203.2018թ. թիվ 332-Ն որոշմամբ 33-րդ թաղամասը բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու խնդրահարույց որոշման իրավաչափությունն այն առումով, որ դրանով տարածքներ ձեռք բերող ընկերությունները հիմնականում պատկանում են Էդուարդ Մելիքյանին, որի նախկին և ներկա խնդրահարույց վարքագիծն ու գործողությունները նաև 33-րդ թաղամասի հետ կապված, պետության ներկայացուցիչների «միտումնավոր և նպատակադրված անգործությունն» ուղղակիորեն ցույց են տալիս գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի բարձր հավանականությունը, ինչպե՞ս է գնահատում ՀՀ կառավարությունը Էդուարդ Մելիքյանի կողմից իրավաբանորեն տարբեր ընկերությունների միջոցով 33-րդ թաղամասի ծրագրում թվացյալ մրցակցություն ցուցադրելու և պետաիշխանական լիազորություններով օժտված պատկան մարմինների կողմից նշված իրողությունը քողարկելու, հանրությանը կեղծ և շինծու տեղեկատվություն ներկայացնելու գործողությունները, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կանոնադրության 3-րդ գլխի 10-րդ մասի 24-րդ կետի համաձայն՝ կոմիտեի խնդիրներից է նաև քաղաքաշինական օբյեկտների լավագույն ճարտարապետական լուծումների ընտրության նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպումը և դրանց իրականացման աջակցությունը։ 33-րդ թաղամասով քաղաքաշինության կոմիտեն ՀՀ կառավարության կողմից որոշման կայացման հետ կապված որևէ քայլ չի ձեռնարկել, որևէ մրցութային գործընթաց չի իրականացրել։ Ընդ որում, կոմիտեի նախագահի պաշտոնում այդ ժամանակահատվածում աշխատել է Նարեկ Սարգսյանը, ով ներկայումս հանդիսանում է նախագծի գլխավոր ճարտարապետը: Ինչպե՞ս է գնահատում ՀՀ կառավարությունը 33-րդ թաղամասում քաղաքաշինության կոմիտեի բացահայտ շահագրգռվածությունը` իր գործառույթների հետ կապված նախկինում և ներկայում անգործություն դրսևորելու վերաբերյալ»։ ՀՀ փոխվարչապետի կողմից ԹԻՀԿ հարցմանն ի պատասխան ուղարկված գրությամբ, ըստ էության, մերժվել է հայցվող տեղեկատվության տրամադրումը (հարցադրումներից 1-ինի մասով) հայցվող տվյալների՝ բանկային և առևտրային գաղտնիք լինելու պատճառաբանությամբ, իսկ մյուս հարցադրումների առնչությամբ նշվել է, որ դրանցով ակնկալվում է ստանալ ոչ թե տեղեկություն, այլ կարծիք, ինչն, ըստ փոխվարչապետի գրասենյակի, չի հանդիսանում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի կարգավորման առարկա: ԹԻՀԿ-ն, հղում անելով ՀՀ սահմանադրությանը և օրենքներին, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից տարբեր գործերով կայացրած որոշումներին, դիմել է ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին տրամադրել կազմակերպության կողմից 01.07.2020թ.-ի հարցմամբ պահանջվող ողջ տեղեկատվությունը և փաստաթղթերը։ ԹԻՀԿ-ին դատարանում ներկայացնելու են փաստաբաններ Էլինա Գյուրջյանը, Գենյա Պետրոսյանը, Երանուհի Թումանյանցը և Դավիթ Գյուրջյանը։
19:16 - 14 օգոստոսի, 2020
Հանրային ծառայողը պետք է պատրաստ լինի գույքի ու եկամուտների համալիր ստուգման, նաև` պաշտոնավարելուց հետո |hetq.am|

Հանրային ծառայողը պետք է պատրաստ լինի գույքի ու եկամուտների համալիր ստուգման, նաև` պաշտոնավարելուց հետո |hetq.am|

hetq.am: Կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություն կատարելու նախագիծ, որով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) լիազորություններն ամբողջովին ընդլայնել: Ըստ առաջարկի` ընդլայնվելու է հայտարարատու անձանց շրջանակը, ընդհուպ մինչև ավագանու անդամներ, պաշտոնատար անձի փաստացի տիրապետած գույքի մասին ինֆորմացիա ստանալու համար ԿԿՀ-ն իրավասություն է ստանալու դիմել օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը ողջունում է ներկայացված փաթեթը, կարծում է, որ այն կարող է իրավական առումով ճիշտ լուծում լինել հակակոռուպցիոն պայքարի շրջանակում, սակայն հավելում` փաստացի երկար ժամանակ է հարկավոր, որ իրավական համակարգն էլ վերափոխվի: Օպերատիվ-հետախուզական մարմինների աշխատակիցների մի հատվածի կապը նախկին համակարգի հետ ակնհայտ է, հետևաբար կա նաև կաշկանդվածություն: «Միակ խնդիրն այն է, որ օպերատիվ հետախուզական մարմինը նոր գործողություն կատարելու խնդիր չտեսնի, այսինքն գործողություն, որն իրենից ենթադրում է ներքին, արտաքին դիտում: Հանկարծ չլինի այնպես, որ հանրային ծառայողի գույքին առնչվող ինֆորմացիա ճշտելու համար օպերատիվ մարմինը ներքին դիտում անի կամ օգտվի այն գործիքակազմից, որը նախատեսված է «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքով: Հստակ պետք է տարանջատվի` ինֆորմացիա, որը առկա է, և որը նոր գործողություններով պետք է ձեռք բերվի»,- ասում է Մարտիրոսյանը: Պաշտոնատար անձի փաստացի տնօրինվող գույքի մասին ինֆորմացիան հայտարարագրելու պարտադիր պահանջը, ըստ փորձագետի, հիմնավորված է, քանի որ պրակտիկայում շատ են նման դեպքերը, երբ պաշտոնյան իր գույքը այլ անձի անվամբ է հաշվառում: Մարտիրոսյանն օրինակ է բերում, երբ պաշտոնյան 200 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ավտոմեքենա է վարում, ու ասում` հորեղբորս տղայինն է: Պաշտոնատար անձի` լիազորությունները դադարեցվելուց հետո իրավիճակային հայտարարագիր լրացնելու պահանջը շատ երկրներում է առկա: ԹԻՀԿ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետն այն կարծիքին է, որ անձը եթե ցանկանում է դառնալ հանրային ծառայող, պետք է պատրաստ լինի գույքի ու եկամուտների համալիր ստուգման, նաև` պաշտոնավարելուց հետո որոշակի հաշվետվություններ ներկայացնելու: Ասում է` քիչ չեն դեպքերը, երբ անձը պաշտոնավարելուց մեկ տարի անց սկսում է ակնհայտ շռայլ կյանք վարել, հետևաբար այդ կտրուկ հարստանալն էլ պետք է դիտարկել օպերատիվ տեղեկատվության գործիքակազմի մեջ: Շարունակությունը՝ hetq.am-ում
12:26 - 05 օգոստոսի, 2020
Պետական գնումների ոլորտում բողոքների քննությունը միայն դատական համակարգի վրա թողնելը լրջագույն խնդիրներ է առաջացնելու․ Վարուժան Հոկտանյան

Պետական գնումների ոլորտում բողոքների քննությունը միայն դատական համակարգի վրա թողնելը լրջագույն խնդիրներ է առաջացնելու․ Վարուժան Հոկտանյան

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ զրուզել ենք պետական գնումների ոլորտի խնդիրների, առաջարկվող փոփոխությունների մասին։ - Պարո՛ն Հոկտանյան, այս տարվա փետրվարին Ֆինանսների նախարարությունը նախագիծ էր շրջանառել, որով առաջարկում էր հրաժարվել գնումների վերաբերյալ բողոքարկումների արտադատական համակարգից։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դեմ էր արտահայտվել այս փոփոխությանը և նշել  արտադատական լիովին նոր, անկախ համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին։ Արդյոք նոր արտադատական մարմնի կազմում պետք է լինեն միայն պետական կառավարման համակարգում կամ տվյալ ոլորտո՞ւմ փորձ ունեցող անձինք, թե՞ պետք է ընդգրկված լինեն նաեւ ոլորտն ուսումնասիրող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք բողոքի քննման ընթացքում կապահովեն կարծիքների բազմազանություն։  - Սկսեմ նրանից, որ Ֆինանսների նախարարությունն այս գաղափարն ավելի շուտ ուներ։ Ֆինանսների կառավարման համակարգի՝ 2019-2023թթ․ բարեփոխման ռազմավարության գործողությունների ծրագրում արդեն կար այն։ Երբ օրենքի նախագիծը դրվել էր շրջանառության մեջ, մենք մեր առաջարկներն էինք ներկայացրել։ Մինչև հիմա ամփոփաթերթին (առաջարկներին-հեղ․) պատասխաններ չեն ուղարկել։ Օրենքի նախագիծը դեռ Ազգային ժողովում շրջանառության մեջ չի դրվել։ Մենք ռազմավարության քննարկման ժամանակ առաջարկել էինք, սակայն առանց պատճառի ասել էին՝ ոչ, արտադատական համակարգ չի լինելու։ Մենք առաջարկում ենք, որ արտադատական համակարգը պահպանվի, բայց չենք կոնկրետացնում, թե ինչպիսին լինի։ Խնդիրն այն է, որ արտադատական համակարգի տարբեր մոդելներ կան։ Գնումների մասին նախորդ օրենքով այլ մոդել էր, հետո փոխեցին և ներմուծեցին բողոքը քննող անձանց ինստիտուտը։ Խնդիրներ, իհարկե, շատ կան։ Ես չեմ պնդում, որ նախկինը կամ նորը հոյակապ աշխատող համակարգեր են։ Թե ինչպիսին կլինի արտադատական համակարգի մոդելը, մենք չենք կոնկրետացրել, որովհետև ուզում էինք ծավալել քննարկում, երբ փաթեթը մտներ Ազգային ժողով։ Օրինակ՝ մենք տեսնում ենք արբիտրաժի գաղափարը, այսինքն՝  արտադատական խորհուրդն աշխատի որպես արբիտրաժ։ Ընդ որում՝ այն կարող է նաև ոչ պետական մարմին լինել, քանի որ արտադատական համակարգի մեծագույն խնդիրը դրա անկախ չլինելն է։ Երբ նայում ենք նախկին կամ ներկա կարգավորումները, փաստորեն, արդարադատության խորհուրդը բավականին կախվածության մեջ է Ֆինանսների նախարարությունից։ Այն, ինչ մենք նախնական վիճակում առաջարկում ենք և ցանկանում քննարկել՝ արբիտրաժն է, որում արբիտրի դերը կստանձնի որևէ մասնավոր ընկերություն կամ հասարակական կազմակերպություն։ Այսինքն՝ 2-3 այդպիսի կազմակերպություն ստեղծեն այդ բողոքներ քննող մարմինը։ Ինչու ոչ, սա կարող էր լինել նաև վճարովի հիմունքներով՝ որպես կազմակերպության համար մոտիվացիա։ Սա բավականին հում տարբերակ է, և մենք այս փուլում ավելի շատ հակված ենք ուղղակի արտադատական համակարգը պահպանելուն։ Փոփոխությունների նախագծում, որով առաջարկվում է վերացնել արտադատական համակարգը, ասվում է, որ բողոքները լինեն քաղաքացիական հայցեր։ Սա արդեն որոշ չափով հարցական է։ Միշտ չէ, որ պատվիրատուի կամ մասնակից ընկերության բողոքը կարելի է համարել քաղաքացիական հայց։ Միաժամանակ, արտադատական համակարգի հեռացումը և ամեն ինչ դատական համակարգի վրա թողնելը առաջացնելու է երկու լրջագույն խնդիր։ Առաջինը՝ բավականին ծանրաբեռնված են մեր դատարանները։ Սա կարող է շատ լրջորեն ձգձգել գործերի քննությունը։ Պատկերացրեք՝ պատվիրատուն շտապ գնում է կատարում՝ ապրանքի, աշխատանքի կամ ծառայության, ու հետո տարիներ տևող դատական վեճ է լինում, նիստերը չեն կայանում, որովհետև դատավորները ծանրաբեռնված են, ինչը շատ հնարավոր է։ Այսինքն՝ առաջին խնդիրն այն է, թե մեր դատական համակարգում որքանով կան բավական թվով քաղաքացիական գործեր քննող դատավորներ, եթե ընդունենք, որ սրանք քաղաքացիական գործեր են (կարող են լինել նաև վարչական կամ քրեական)։ Երկրորդը՝ դատարան դիմելը ենթադրում է բավականին ծախսեր՝ ընկերության կողմից հայցադիմումի, փաստաբան վարձելու հետ կապված։ Առանց այդ էլ մտցվեց որակավորման ապահովման բանկային երաշխիքի ինստիտուտը։ Այսինքն՝ ընկերությունները բավականին ծախսեր են անում գնումների մրցույթներին մասնակցելու համար։ Դատարան հայց ներկայացնելու համար լրացուցիչ ծախսերը կդառնան պատճառ, որ շատ ընկերություններ չեն դիմի, ինչի հետևանքով մրցակցությունն է՛լ ավելի կպակասի։ Երրորդ խնդիրը դատավորների մասնագիտացումն է։ Սրանք գնումների ոլորտի սպեցիֆիկ հարցեր են, և բողոքների քննության դատական տարբերակին անցնելու դեպքում ցանկալի կլինի գործ ունենալ այնպիսի դատավորների հետ, որոնք այդ համակարգից ինչ-որ չափով տեղյակ են։ Բայց, նորից եմ հիշեցնում, դատավորների ծանրաբեռնվածությունն առանց այն էլ մեծ է։ Որքանով այդ դատավորները մասնագիտացված կլինեն այս տիպի բողոքների հացերը քննելուն՝ հարցական է։ Նրանց պրոֆեսիոնալիզմի խնդիրը նույնպես կառաջանա։ Որպես կանոն՝ արտադատական համակարգի առկայության դեպքում այնպես չէր, որ շատ մեծ թվով ընկերություններ կամ պատվիրատուներ դիմում են դատարան։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ դատական համակարգին դիմելու ձգտում առանձնապես չկա։ Այն, որ դատարան դիմելը այդքան էլ տարածված չէ պետական գնումների գործընթացներին մասնակցելու համար, նույնպես պետք է ինդիկատոր լիներ։ - Ներկայիս դատական համակարգի պայմաններում որքանո՞վ եք արդյունավետ համարում գնումների վերաբերյալ բողոքների քննությունը։ - Սա նույնպես կարող է խնդիր լինել։ Ընդ որում՝ խնդիր կարող է առաջացնել այն իմաստով, որ մենք գործ ունենք դատական համակարգում նախկին կադրերի հետ․ սա ինքնին կարող է կոռուպցիոն լուրջ ռիսկեր առաջացնել։ Բայց դրան ավելանում է մեկ այլ բան․ եթե վեթինգն իսկապես իրականացվի, և այն լինի մեծամասշտաբ, այդ դեպքում ռիսկ կա, որ կոռումպացված դատավորներին կարող են փոխարինել անփորձ դատավորներ, այնպիսի մարդիկ, որոնք այսպիսի հարցեր քննելու ավելի քիչ փորձ կունենան։ Սա խնդիրն է՛լ ավելի կարող է բարդացնել։ Մենք կունենանք իրավիճակ, երբ դատավորներն ուղղակի պատրաստ չեն լինի քննել այսպիսի գործեր։ Հերիք չէ ծանրաբեռնվածությունը մեծ կլինի, դրան կավելանա նաև պրոֆեսիոնալիզմի պակասը։ Այո՛, մենք կունենանք որոշակի դրական կողմ, եթե վեթինգը պատշաճ իրականացվի, կոռուպցիոն ռիսկերը կնվազեն, բայց, մյուս կողմից, կառաջանա արհետավարժության խնդիրը։ - Պետական գնումների մրցույթներին մասնակից ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտումը գնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկերի մեղմմանն ուղղված արդյունավետ քայլերից է, սակայն մինչ այժմ օրենսդրական մակարդակում կարգավորումները չեն տալիս իրական սեփականատերերի մասին լիարժեքորեն տեղեկանալու հնարավորություն։ Արդյոք սա զրոյի չի՞ հավասարեցնում հնարավորությունը՝ տեսնելու տարբեր պետական կառույցների գնումների և այլ բաժինների աշխատակիցների կապը՝ մրցույթին մասնակից ընկերությունների իրական սեփականատերերի հետ։  - «Գնումների մասին» ՀՀ օրենքի՝ իրական սեփականատերերին վերաբերող ենթակետը առանձնապես դեր չի խաղում իրական սեփականատերերի բացահայտման գործում։ Ես շատ լավ հիշում եմ՝ երբ այս օրենքը ընդունվում էր, 2016 թվականի դեկտեմբերին էին այդ քննարկումները, թմբկահարվում էր՝ «մենք մտցնում ենք իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմներ»։ Երբ 2017 թվականի ապրիլին օրենքն ուժի մեջ մտավ, մենք մինչ այդ էինք գնումների մոնիթորինգ իրականացնում։ Մենք 2017 թվականի ապրիլին իրական սեփականատերերի մասով մոնիթորինգ իրականացրինք, և ուղղակի ծիծաղելի էր։ Այդ փաստաթղթերից չի երևում, թե իրական սեփականատերերն ովքեր են, չի երևում նաև պատվիրատուի հետ փոխկապակցվածությունը։ Բաց կառավարության գործընկերության (ԲԿԳ) ներկա գործողությունների ծրագրի երրորդ հանձնառությունն է՝ Հայաստանում ներդնել իրական սեփականատերերի բաց հանրային գրանցամատյան, որը պետք է ավարտին հասցվեր այս տարվա դեկտեմբերին։ Եթե այս հանձնարարականն իրականացվի, մենք ինչ որ առաջընթաց, հուսով եմ, կունենանք, որովհետև ԲԿԳ-ի դեպքում հասարակական կազմակերպությունների վերահսկողությունն ավելի մեծ է։ Այդ հսկողությունը կօգնի այդպիսի լուրջ համակարգ ներդնել։ Բայց, ներկա դրությամբ, սա շատ լուրջ խնդիր է, և այն, ինչ կա «Գնումների մասին» ՀՀ օրենքով, որևէ բան չի բացահայտում։ Օրինակ՝ Բրիտանիայում իրական սեփականատերերի երևույթն այլ նպատակով է արվել։ Այնտեղ նույն պատգամավորը կամ նախարարն իրավունք ունեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, և շատ ավելի թափանցիկ կստացվի, եթե ինչ-որ բան լինի բացահայտելու։ Այս դեպքում իրական սեփականատերերի խնդիրը բացահայտվեց ընկերությունների հարկեր թաքցնելու, իրական եկամուտները ցույց չտալու դեպքերի հետ կապված։ Իսկ Հայաստանի դեպքում և, ընդհանրապես, հետկոմունիստական կամ երրորդ աշխարհի երկրների դեպքում խնդիրն այլ է։ Իրական սեփականատերերի բացահայտումն անհրաժեշտ է, որպեսզի տեսնենք՝ արդյոք պետական պաշտոնյան, պատգամավորը զբաղվո՞ւմ են ձեռնարկատիրական գործունեությամբ, թե՞ ոչ, որովհետև դա Սահմանադրությամբ արգելված է։ Բնական է՝ եթե արգելված է, ապա այդ իրական սեփականատերն ամեն ինչ կանի, որպեսզի թաքցնի։ Այստեղ իրական սեփականատեր բացահայտելը նշանակում է քրեորեն պատժելի արարք բացահայտել, այն դեպքում, երբ, ինչպես նշեցինք, Բրիտանիայում այլ է, այնտեղ պաշտոնյային չի արգելվում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել։ Մեր դեպքում, եթե ուզում ենք իրական սեփականատիրոջը բացահայտել, և եթե նա նախարար է, ստացվում է՝ բացահայտում ենք ապօրինի ձեռնարկատիրություն, որը քրեորեն պատժելի արարք է։ Սրա մասին պետք է մտածել։ Եթե մենք հանրային ծառայողին արգելում ենք զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, այն, բնականաբար, կկատարվի շատ ավելի քողարկված ձևով՝ օգտագործելով օֆշորային գոտիներ և Հայաստանից դուրս այլ ընկերությունների գրանցումներ։ - Դեռևս 2015 թվականին խոսել եք ՀԷՑ-ի կատարած գնումներում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին։ Մինչ այժմ հանրային ծառայությունների ոլորտի ընկերությունների իրականացնելիք գնումների հաշվետվողականության և թափանցիկության ապահովման պահանջը չկատարելու նկատմամբ պատասխանատվության ու վերահսկողության միջոցներ սահմանված չեն։ Ի՞նչ օրենսդրական լուծում է անհրաժեշտ նշված ոլորտում գործող ընկերությունների գնումները թափանցիկ դարձնելու համար։  - 2015 թվականին՝ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ, մեր գնումների փորձագետը՝ Արտակ Մանուկյանը, որն այժմ պատգամավոր է, հանրային ծառայությունների ոլորտի ընկերությունների գնումների ուսումնասիրություն իրականացրեց։ Հիմնական նպատակն էր հասկանալ, թե այդ սակագինը, որն ուզում էին բարձրացնել, որքանով էր արդարացված։ Եվ, այո, խնդիրներ կային այդ ոլորտի ընկերությունների գնումների հաշվետվողականության ու թափանցիկության հետ կապված։ Ներկայումս gnumner.am կայքում հիմանականում դրվում են հանրային կազմակերպությունների իրականացրած գնումներին առնչվող փաստաթղթերը, բացի՝ գնումների պլանից, որը «Գնումների մասին» ՀՀ օրենքով պարտադիր չէ տեղադրել։ Այն, ինչ մենք տեսնում ենք gnumner.am կայքում, չենք կարող ասել, որ այդ կազմակերպությունների իրականացրած գնումների ողջ ծավալն է։ Սա առաջին խնդիրն է։ Երկրորդ խնդիրն այն է, որ չենք տեսնում պայմանագրերի կատարման, հանձնման-ընդունման փաստաթղթերը։ Սա, բնականաբար, պետք է օրենսդրորեն փոխվի։ Ինչպես նաև այս տարվա դեկտեմբերի վերջին նախատեսվում է ներդնել լիովին նոր համակարգ, որտեղ ավելի դյուրընթեռնելի ձևաչափով կներբեռնվեն նշված փաստաթղթերը։ Եթե փոփոխություններից հետո չդրվեն պայմանագրերը, հանձնման-ընդունման փաստաթղթերը, ապա արդեն կարելի է մտածել, թե ինչ եղանակով պատասխանատվության կանչել։ Նախ պետք է օրենսդրական, ենթաօրենսդրական, տեխնիկական փոփոխություններ արվեն։ Կա նաև մեկ ալ մոտեցում, որ հանրային ծառայություններ մատուցող  կազմակերպությունները մասնավոր ընկերություններ են։ Երբ հարցադրում է արվում, թե ինչու մասնավոր ընկերությունը պետք է իր գնումներն իրականացնի «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն, սա կարող է պարադիգմայի փոփոխություն լինել։ Բնականաբար, այստեղ այն հարցն է, որ այս կազմակերպությունների իրականացրած գնումները կարող են ազդել իրենց մատուցած ծառայությունների սակագնի վրա։ Դրա համար կա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որը պետք է մշտական մոնիթորինգի ենթարկի այդ կազմակերպություների գործունեությունը՝ հետևելով միայն նրան, թե որքանով են նրանց ծախսերն ազդում սակագնի վրա, որովհետև քաղաքացուն հետաքրքրում է սակագինը, ինչպես եղավ 5 տարի առաջ, երբ պարզվեց, որ ՀԷՑ-ը այնպիսի գնումներ է իրականացնում, որն ազդում է վերջինիս վրա։ Բայց թե ինչպես են իրականացվում գնումները՝ մեկ անձից, թե բաց մրցույթով, մասնավոր կազմակերպությունների դեպքում այդպիսի պարտադրանք դնելն այնքան էլ արադարացված չէ։ Այդ դեպքում տրամաբանական հարց կա կառաջանա, թե ինչու մյուս խոշոր ընկերությունների՝ սուպերմարկետների, ներկրողների դեպքում չկա պարտադրանք, որ  «Գնումների մասին» ՀՀ օրենքով իրականացնեն։ Ի վերջո, չի բացառվում, որ նրանց գնումները նույնպես բարձրացնում են այն ապրանքների գները, որոնք մենք սուպերմարկետներում գնում ենք։ Այդ տրամաբանությամբ՝ նրանցից ևս պետք է պահանջել, որ նշյալ օրենքի համաձայն իրականացնեն իրենց գնումները, բայց գիտենք, որ այդպիսի պահանջ չկա։ Դրա համար ես ավելի շատ ակնկալում եմ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի, բայց ավելի շատ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շատ արդյունավետ գործունեությունը, մոնիթորինգը, որպեսզի այնպիսի գնումներ չլինեն, որոնք կազդեն սակագնի վրա կամ, եթե սակագինը բարձրացվում է, ապա օբյեկտիվ պատճառներով լինի, այլ ոչ թե շռայլ գնումների հետևանք։ Չգիտեմ՝ սա որքանով ընդունելի կլինի հանրության համար, բայց, ընդհանրապես, ճիշտ կլինի, որ «Գնումների մասին» օրենքը չտարածվի այն մասնավոր ընկերությունների վրա, որոնք հանրային կազմակերպություններ են։ Եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անի բավականին լուրջ և հանգամանալից մոնիթորինգ, այս հարցերը վեր կհանվեն։ Արփի Ավետիսյան
20:49 - 15 հուլիսի, 2020
ՀԿ-ների հայտարարությունը ՀՀ Սահմանադրական դատարանի լեգիտիմության վերականգմանն ուղղված ԱԺ պատգամավորների նախաձեռնության վերաբերյալ

ՀԿ-ների հայտարարությունը ՀՀ Սահմանադրական դատարանի լեգիտիմության վերականգմանն ուղղված ԱԺ պատգամավորների նախաձեռնության վերաբերյալ

ՀԿ-ների հայտարարությունը ՀՀ Սահմանադրական դատարանի լեգիտիմության վերականգմանն ուղղված ԱԺ պատգամավորների նախաձեռնության վերաբերյալ . «Հունիսի 19-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ նախաձեռնել են Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխություններ, որոնցով նախատեսվում է սահմանափակել Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետը 12 տարով, իսկ այդ ժամկետից երկար պաշտոնավարած դատավորներին ազատել պաշտոնից: Նախագծով նաև նախատեսվում է դադարեցնել Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը ՍԴ նախագահի պաշտոնում (բայց ոչ ՍԴ դատավորի): Հայաստանի Հանրապետությունը տարիներ շարունակ զավթված է եղել կոռուպցիոն ռեժիմի կողմից և դատական համակարգը եղել է այդ զավթման և՛ օբյեկտը, և՛ ակտիվ մասնակիցը: Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանը տարիներ շարունակ իր որոշումներով լեգիտիմացրել է կեղծված ընտրությունները և անհնարին դարձրել երկրում քաղաքական, հետևաբար՝ նաև տնտեսական ու սոցիալական փոփոխությունները: 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով նախատեսված էր դատական համակարգի, նաև՝ Սահմանադրական դատարանի որոշ չափով անկախացում, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետի սահմանափակում և դատարանի նախագահի՝ դատավորների կողմից ընտրություն: Սակայն, միևնույն ժամանակ, կոռումպացված ռեժիմի կողմից ներդրվել էր տվյալ բարեփոխումը փաստացիորեն ի չիք դարձնող դրույթ՝ հետաձգելով նշված փոփոխությունները 17 տարով: Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները ողջունում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխությունը՝ որպես   Սահմանադրական դատարանի լեգիտիմության ապահովմանն ուղղված նախաձեռնություն: Միևնույն ժամանակ, ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները կարծում են, որ պետության զավթումն ապահոված գործող Սահմանադրությունը չի կարող ապահովել իրավական պետության սկզբունքների ապահովումը, և հորդորում են իշխանություններին սեղմ ժամկետներում ընդունել իշխանությունների տարանջատումն ու փոխզսպումն ապահովող, պետական մարմինների լեգիտիմությունը երաշխավորող նոր Սահմանադրություն: Մինչ այդ, կոչ ենք անում արագացնել դատաիրավական համակարգի բարեփոխումները, այդ թվում՝ իրականացնելով դատավորների և իրավապահների լայնածավալ և խորքային վեթինգ, ինչը լեգիտիմ կերպով ձևավորված խորհրդարանի առաքելությունն ու պատասխանատվությունն է՝ թավշյա հեղափոխություն իրականացրած ՀՀ քաղաքացիների հանդեպ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ  «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ»
15:14 - 22 հունիսի, 2020
Քաղհասարակության ներկայացուցիչները դատապարտում են խորհրդարանում տեղի ունեցած բռնությունները

Քաղհասարակության ներկայացուցիչները դատապարտում են խորհրդարանում տեղի ունեցած բռնությունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  բազմիցս արտահայտել է հստակ դիրքորոշում, որ բռնությունը մեր կյանքում տեղ չունի: Սակայն այսօր ՀՀ խորհրդարանում պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը մի քանի անգամ ընդհատելուց հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը բռնություն գործադրեց նրա նկատմամբ, որից հետո խորհրդարանի դահլիճում սկսվեց խառը ծեծկռտուք: Խորհրդարանական արժանապատիվ, քաղաքակիրթ մշակույթը, դեռ չկայացած, այսպիսով ծանր հարված ստացավ: Հաստատվեց, որ պետության զավթման ժամանակաշրջանում ձևավորված խորհրդարանական քրեական հակամշակույթին բնորոշ խայտառակ ավանդույթները  ոչ միայն վերացված չեն, այլև շարունակվում են: Ափսոսանքով ենք  արձանագրում, որ եթե նոր խորհրդարանը խիզախություն ունենար պետության կառավարման խայտառակ անցյալին քաղաքական գնահատական տալու, այսօր, հավանաբար, քրեական հակամշակույթի օրինակ հանդիսացող այս միջադեպը տեղի չունենար: Խստորեն դատապարտելով բռնությունն ընդհանրապես և դրա որևէ դրսևորում հանրային հարաբերություններում ու իշխանության համակարգում՝ պահանջում ենք Ազգային ժողովի ղեկավարության կողմից ջանքեր գործադրել իսպառ բացառելու  բռնության  և ժողովրդավարական, իրավական պետության արժեքներին անհարիր անբարո վարքը խորհրդարանական աշխատանքում, ջանքեր ներդնել հանրային կյանքում բռնության մշակույթի վերացման համար: Համարում ենք, որ տեղի ունեցածի գլխավոր պատասխանատուն խորհդարանական մեծամասնությունն է, որը հանրությունից ստացել է  և ունի օրինական  և բավարար լիազորություն՝ բռնության  մշակույթը վերացնելու համար: Հայաստանում մեկընդմիշտ պիտի վերջ դրվի բռնությամբ հարցեր լուծելու արատավոր պրակտիկային, խստագույն պատասխանատվություն պետք է սահմանվի անգամ ամենասուր քննադատությանը բռնությամբ պատասխանելու  և խուլիգանական արձագանքների համար: Ազատ և արդար ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի յուրաքանչյուր պատգամավոր իր ամենօրյա վարքով, պահվածքով, խոսքով պետք է ապացուցի, որ արժանի է ներկայացնելու զանգվածային, բացառիկ ոչ բռնի քաղաքացիական անհնազանդության բողոքի ցույցերի միջոցով թավշյա հեղափոխություն իրականացրած, ցանկացած խնդիր առանց բռնության լուծելու կարողություն ցուցաբերած ՀՀ քաղաքացիներին: Առաջարկում ենք, վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված, հրատապ ձևավորել էթիկայի հանձնաժողով՝ հրատապ քննության ենթարկելու տեղի ունեցածը, ինչպես նաև ձևավորել անհրաժեշտ իրավական հիմքեր՝ այս հանձնաժողովի գործունեությունը մշտական հիմունքներով կազմակերպելու համար: Պահանջում ենք նաև  խորհրդարանական  և խմբակցությունների մակարդակում պատշաճ գնահատական տալ տեղի ունեցածին, պատասխանատվության ենթարկել մեղավորներին, ընդհուպ մինչև որոշ պատգամավորների կողմից պատգամավորական մանդատը վայր դնելու հարցի քննարկումը: Հայաստանի Հանրապետությունում արտոնյալներ չպետք է լինեն: Պետության բարձրագույն քաղաքական մարմնի՝ Ազգային ժողովի ամբիոնից կամ դահլիճում, ինչպես նաև քաղաքական գործիչների բառապաշարից իսպառ պետք է բացառել «բութ», «սրիկա», «քաղաքական տրյապկա», «վիզդ կկտրեմ», «անբարոյականի վաստակ», «դուրսպրծուկ», «հոգնած», «շնաբարո», «բաշիբոզուկ», «հոգեկան հիվանդ» «կցխեմ» կամ այլ անձնական վիրավորանք և սպառնալիք պարունակող նման բառեր կամ արտահայտություններ որևէ մեկի հասցեին ուղղակի կամ անուղղակի օգտագործելն ու ակնարկելը, դահլիճում ձեռնամարտ խթանելը, խրախուսելն ու իրականացնելը,  պիտակավորումները, անվանարկությունները, գռեհկաբանությունը, պոռոտախոսությունը և բռնությունը: Պետության թիվ մեկ քաղաքական ամբիոնը պետք է հանդիսանա բացառապես քաղաքակիրթ քաղաքական և գաղափարական բանավեճի օրինակ: ՀՀ քաղաքացիների բացառիկ վստահության քվեն ստացած Խորհրդարանից և հատկապես խորհրդարանական մեծամասնությունից պահանջում ենք պատասխանատու լինել ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունների մասով, չդառնալ պետությունը զավթած և թավշյա հեղափոխությամբ պետության կառավարումից հեռացված ուժերի ցինիկ ոճի և սնանկ բովանդակության կրողը և բոլոր ջանքերը ներդնել Հայաստանի քաղաքակիրթ, ժողովրդավարական, իրավական պետության ձևավորման համար անհրաժեշտ համակարգային  խնդիրների լուծման համար: Հայտարարությունը բաց է միանալու համար։ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան Հանրային լրագրության ակումբ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Արտակ Քյուրումյան, փորձագետ
21:42 - 08 մայիսի, 2020
Ակնհայտորեն որոշ ընտրողների կամարտահայտումը չի եղել ազատ, վերահսկվել է․ «Ականատես» դիտորդական առաքելության նախնական տեղեկանքը Արցախում կայացած ընտրությունների մասին

Ակնհայտորեն որոշ ընտրողների կամարտահայտումը չի եղել ազատ, վերահսկվել է․ «Ականատես» դիտորդական առաքելության նախնական տեղեկանքը Արցախում կայացած ընտրությունների մասին

«Ականատես» դիտորդական առաքելության նախնական գնահատմամբ` 2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ընթացել է մասամբ լարված մթնոլորտում։ Գրանցվել է ընտրողների մասնակցության բավականին բարձր ցուցանիշ։ Բազմաթիվ տարերային խախտումների հետ միաժամանակ տեղ են գտել մի շարք կրկնվող երևույթներ, որոնք հիմք են տալիս ենթադրել, որ դրանք եղել են միտումնավոր և կազմակերպված։ Ակնհայտորեն որոշ ընտրողների կամարտահայտումը չի եղել ազատ, վերահսկվել է, ինչը կարող էր ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա։ 2020 թվականի մարտի 31-ին «Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացրել է Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրությունների դիտարկում։ COVID-19-ի տարածման ռիսկերով պայմանավորված՝ «Ականատեսը» վերանայել է իր նախնական մեթոդաբանությունը՝ ընտրատեղամասերում հայաստանյան և արցախյան դիտորդների համատեղ դիտարկումը փոխարինելով տեղացի շրջիկ դիտորդներով, ինչպես նաև՝ ավելացնելով տեսաձայնային հեռարձակմամբ ապահովված տեղամասերի հսկման բաղադրիչը՝ հայաստանյան դիտորդների ներգրավմամբ։  Առաքելությունն ընդգրկել է 15 շրջիկ խումբ, որոնք այցելել են Արցախի ողջ տարածում տեղակայված 136 տեղամաս և դիտարկել քվեարկության ընթացքը, ինչպես նաև մասնակցել են արդյունքների ամփոփմանն ու հաշվարկին 31 ընտրատեղամասերում։ Երևանում տեղակայված դիտորդների խումբը հետևել է հեռարձակմանը 46 տեղամասում։ Ութ դիտորդ վերահսկել է քվեարկության արդյունքների աղյուսակավորման գործընթացը բոլոր 8 տարածքային ընտրական հանձնաժողովներում։ Բացի այդ, առաքելությունը ստացել է ահազանգեր քաղաքացիներից և կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչներից՝ ընթացիկ ընտրախախտումների վերաբերյալ։ «Ականատեսի» կողմից դիտարկված տեղամասերում քվեարկության գործընթացը, հիմնականում, կազմակերպված էր պատշաճ կերպով։ Դիտարկման արդյունքներով՝ մոտ 20 տեղամասում հայտնաբերվել են կահավորման հետ կապված խնդիրներ, որոնք, հիմնականում, պայմանավորված են եղել քվեարկության սենյակների և/կամ շենքային պայմանների անհամապատասխանությամբ։ Համայնքներից մեկում ընտրատեղամասը տեղակայված է եղել հանդիսանությունների սրահում, որը գտնվում էր համայնքապետարանի շենքում՝ չնայած այն հանգամանքին, որ համայնքում առկա էին այլ հարմար տարածքներ քվեարկությունը կազմակերպելու համար։ Մի շարք տեղամասերում  եղել է վատ լուսավորություն, բացակայել է չհրկիզվող պահարանը,  գրանցվել է քվեախցիկների սխալ տեղակայում՝ գաղտնիության խախտման ռիսկեր, բացակայել է ընտրատեղամասի կնիքը։ Այնուամենայնիվ, առաքելության ընդհանուր գնահատմամբ, նշված թերությունները չեն ունեցել հատուկ միտում։ Հանձնաժողովի անդամները, հիմնականում, կարգապահորեն կատարել են իրենց պարտականությունները։ Եղել են եզակի դեպքեր, երբ հանձնաժողովի նախագահը ոչ համագործակցային վերաբերմունք է դրսևորել դիտորդների նկատմամբ։ Երբեմն խախտվել են հանձնաժողովի անդամների և վստահված անձանց՝ օրենքով սահմանված գործառույթները, գրանցամատյանը լրացվել է թերի, քվեաթերթիկների դարձերեսին բացակայել են հանձնաժողովի երեք անդամների ստորագրությունները, իսկ քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ որոշ քվեաթերթիկներ անհիմն կերպով ճանաչվել են անվավեր։ Հանդիպել են վիճակահանությամբ հանձնաժողովի անդամների միջև գործառույթների բաշխման կարգի պահպանման հետ կապված խնդիրներ։ Որոշ դեպքերում, պայմանավորված հանձնաժողովի նախագահի ցածր պատրաստվածությամբ՝ նկատվել է քվեարկության գործընթացի անբավարար որակի կազմակերպում։ Ոստիկանությունը, հիմնականում, ապահովել է հասարակական կարգը, թեև եղել են դեպքեր, երբ ոստիկանները ներկա են գտնվել ընտրատեղամասում՝ առանց պատշաճ հիմնավորման։ Ընտրատեղամասերում քվեարկության գործընթացի հեռարձակման հսկողության արդյունքներով՝ դիտարկված 46 տեղամասերից մոտ 10-ում նկատվել են հեռարձակման պարբերաբար խափանումներ՝ գումարային մի քանի ժամ տևողությամբ։ Հեռարձակման որակի խնդիրներ են նկատվել դիտարկվող տեղամասերի համարյա կեսում։ Մի դեպքում տեղամասի հեռարձակումը փաստացի կրկնել է մեկ այլ տեղամասի եթերը։ Եղել են դեպքեր, երբ խնդիրների ծագման պարագայում, տեսախցիկների հեռավորությունը հանձնաժողովի անդամների սեղաններից թույլ չի տվել լիարժեք կերպով հետևել համապատասխան քննարկումներին և լիարժեքորեն ընկալել խնդիրների բնույթը։ Հեռարձակումը տեխնիկապես հնարավորություն չի տվել վերադիտել և ստուգել տեսանյութում նկատված խնդրահարույց դրվագները։ Հակառակ COVID-19 պայմաններում կազմակերպվող ընտրությունների ռիսկերի առնչությամբ «Ականատեսի»  նախօրեին արտահայտած մտահոգություններին՝ ընտրողների մասնակցությունը բավականին բարձր էր և ակտիվ։ Ձեռնարկվել էին անվտանգության միջոցառումներ, և դիտարկված բոլոր տեղամասերում քվեարկության գործընթացի բոլոր մասնակիցներին բաժանվում էին հիգիենիկ պաշտպանության միջոցներ ու գրիչներ, թեև ոչ բոլորն էին կրում կամ գործածում դրանք։ Շփման համար անվտանգ հեռավորությունը պահելու վերաբերյալ հրահանգները, որպես կանոն, չէին պահպանվում և քաղաքացիները սերտորեն ու անկաշկանդ, առանց պաշտպանության միջոցների, հարաբերվում էին միմյանց հետ։ Շրջիկ դիտորդության և հեռարձակումների միջոցով բացահայտված հիմնական խնդիրները ներառել են հետևյալը․ Ուղղորդման դեպքեր, երբ կողմնակի անձինք ուղղորդել են ընտրողներին կամ վստահված անձը փորձել է հավաստիանալ ընտրողների «ճիշտ քվեարկության մեջ»․ Քվեարկության գաղտնիության խախտում, երբ ընտրողները քվեաթերթիկները ծալել են դրսում կամ քվեախցում քվեարկել են մի քանի հոգով․ Ակտիվ քարոզչություն, որը դրսևորվել է կուսակցությունների պիտակներով մեքենաների՝ տեղամասերի մոտ տեղակայմամբ, քարոզչություն՝ քվեարկելու «թիվ 6» թեկնածուին, քարոզչություն «Ազատ հայրենիք» կուսակցության շապիկով․ Մարդկանց կուտակումներ՝ դիտարկված տեղամասերից 47-ում, ինչպես նաև բազմաթիվ կողմնակի անձանց ներկայություն ընտրատեղամասում կամ դրա հարակից տարածքում․ Հանձնաժողովի անդամների կամ քվեարկության այլ մասնակիցների ներգրավմամբ խախտումներ, որտեղ մասնավորապես՝ Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում տեղակայված 6/10 տեղամասում հանձնաժողովի նախագահը հետևողաբար խոչընդոտել է դիտորդի աշխատանքներին և թույլ չի տվել ծանոթանալ տեղամասի գրանցամատյանին. Ստեփանակերտում տեղակայված 1/17 տեղամասում հանձնաժողովի նախագահը քվեախցիկի մոտ ընտրողներին ձեռքով ցույց է տվել, թե ում ընտրեն։ Նույն տեղում «Նոր Արցախ» դաշինքի վստահված անձը մի քանի անգամ կանգնել է քվեախցիկների հետնամասում և հետևել ընտրողների քվեարկությանը. Մարտակերտ քաղաքում տեղակայված 4/2 տեղամասում 14:30-14:45-ին տեսախցիկով նկատվել է լցոնման դեպք, որը, սակայն, հնարավոր չի եղել ստուգել տեսանյութի վերանայման անհնարինության պատճառով։ Վերոնշյալ ցրված կամ դրվագային խախտումների համատեքստում համեմատաբար ավելի արտառոց և ուշագրավ է եղել բազմաթիվ ընտրողների կողմից քվեարկած քվեաթերթիկները լուսանկարելու երևույթը, որոնց մեծամասնությունը, ինչպես պարզվել է դիտարկման արդյունքում, քվեարկած են եղել Արայիկ Հարությունյանի կամ «Ազատ հայրենիք» կուսակցության օգտին։ Ընդհանուր առմամբ, կարելի է եզրակացնել, որ 2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների քվեարկությունն ընթացել է որոշակիորեն լարված մթնոլորտում։ Խախտումների մեծ մասը եղել է դրվագային, բայց մի շարք երևույթների, մասնավորապես ընտրության արդյունքների պատկերմամբ քվեաթերթիկների լուսանկարահանման, պրակտիկան հիմք են տալիս ենթադրել, որ դրանք եղել են կազմակերպված։ Բազմաթիվ ընտրողների կամարտահայտումը չի եղել ազատ, այլ վերահսկվել է որոշ քաղաքական ուժերի կողմից, ինչը կարող էր ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա։
15:29 - 01 ապրիլի, 2020
ՀՀ-ում ամենակոռումպացվածը դատարաններն են, ԶԼՄ-ներն ու դատախազությունը. ԹԻՀԿ |factor.am|

ՀՀ-ում ամենակոռումպացվածը դատարաններն են, ԶԼՄ-ներն ու դատախազությունը. ԹԻՀԿ |factor.am|

factor.am: Հայաստանցիների շուրջ 65%-ը կոռուպցիան համարում է լուրջ հիմնախնդիր, մինչդեռ 2010 թվականին այդպես էր կարծում բնակչության 80%-ից ավելին։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի» հետ համատեղ ուսումնասիրել է հայաստանցիների կարծիքը տարբեր կառույցների կոռումպացվածության վերաբերյալ։ «Ուզում էինք հասկանալ՝ ինչ-որ բան փոխվե՞լ է արդյոք հեղափոխությունից հետո, և արդյոք մարդիկ այլ կարծիքներ ունեն, այլ վերաբերմունք և իրենց այլ դերում են տեսնում այս նոր իրավիճակում»,- նշում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» տնօրեն Սոնա Այվազյանը։ Հարցված 1500 քաղաքացիների գրեթե կեսն այն կարծիքին է, որ Հայաստանում ամենակոռումպաված կառույցը դատարաներն ու դատավորներն  են։ Դրան հաջորդում են ԶԼՄ-ները (44%) և Դատախազությունը (43%): «Ցավալի է, որ նման հանրային կարծիք կա։ Դա մեզ համար կարևոր ազդակ է։ Այնուամենայնիվ, մի քիչ սխալ եմ համարում նման դիրքորոշումը։ Նկատի ունեմ այն ծավալուն, ահռելի աշխատանքը, որը հատկապես վերջին շրջանում իրականացնում է Դատախազությունը և քրեական հետապնդման բոլոր մարմինները»,-  ասում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Գոռ Աբրահամյանի խոսքով՝ հակառակ գրանցված արդյունքների՝ 2018-ից ի վեր չի նվազել Դատախազությունում հանցագործությունների մասին հաղորդումների քանակը։ «Ընդհակառակը, 2017 թվականի համեմատ՝ թիվը 4-5 անգամ ավելացել է։ Վստահության որոշակի բարձր մակարդակ, այնուամենայնիվ, կա»,- նշում է Աբրահամյանը։ Հարցվածների գերակշիռ 83.7%-ի կարծիքով մինչև 2018-ի ապրիլ-մայիս ամիսները կոռուպցիան համատարած բնույթ է կտրել։ Արդեն հեղափոխությունից հետո համատարած կոռուպցիայի առկայության մասին մատնանշել է հարցվածների ընդամենը 4․4%-ը։ Նրանց 7․5%-ը համարել է, որ ներկայիս իշխանությունների օրոք կոռուպցիա չկա։ «Սա միշտ պետք է լինի կառավարության և քաղաքացիական հասարակության սերտ համագործակցության առարկան, և ջանքերը պետք է լինեն համախմբված։ Միայն այդ պարագայում է, որ կկարողանանք իրական, ակնառու հաջողություններ գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում»,- ասում է ՀՀ փոխվարչապետի խորհրդական Արսեն Մանուկյանը։ Հետազոտության արդյունքներով՝ կոռուպցիոն ռիսկեր նկատելու դեպքում անանուն ազդարարման azdararir.am  հարթակին դիմելու ցանկություն է հայտնել հարցվածների ընդամենը 2%-ը։ «Ըստ հետազոտության արդյունքների՝ մարդիկ ավելի շատ նախընտրում են դիմել Ոստիկանություն կամ ուղղակի նամակ գրել ՀՀ վարչապետին»,- նշում է փոխվարչապետի խորհրդարականը։ Կոռումպացված ոլորտները վարկանշելիս, առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրել է առողջապահությունը, իսկ երրորդ հորիզոնականում հայտնվել է ՃՈ-ն։ Հարցվածների 75%-ը «բնավ չկոռումպացված» է համարել ՀՀ վարչապետին, իսկ 57%-ը՝ ՀՀ նախագահին՝ իր աշխատակազմով։  
21:03 - 21 փետրվարի, 2020