ՎԶԵԲ - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ

Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) հիմնադրվել է 1991 թվականին, ունի 30 անդամ երկիր Միջին Եվրոպայից մինչեւ Միջին Ասիա: Բանկի առաքելությունը նախկին կոմունիստ երկրներին իրենց մասնավոր հատվածները հաստատելու աջակցությունն էր։ Բանկի հիմնական գրասենյակը Լոնդոնում է։
 
Հայաստանը ՎԶԵԲ-ի անդամ է դարձել 1992 թվականի դեկտեմբերի 7-ին։ ՎԶԵԲ-ի կապիտալում նրա բաժնեմասը կազմում է 10 մլն եվրո։ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հիմնական ոլորտներն են՝ էներգետիկան, տրանսպորտը, ֆինանսական հատվածը։ 
ԱԺ-ն քննարկեց Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև նոր վարկային համաձայնագիր վավերացնելու հարցը

ԱԺ-ն քննարկեց Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև նոր վարկային համաձայնագիր վավերացնելու հարցը

Ազգային ժողովն այսօրվա նիստի ընթացքում քննարկեց ՀՀ-ի և և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2022 թ․-ի մարտի 15-ին և մարտի 18-ին ստորագրված պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը։ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը տեղեկացրեց, որ ծրագրի ընդհանուր գումարը 26 միլիոն 500 հազար եվրո է: Նրա խոսքով՝ այս ծրագրի նպատակն է աջակցել պետական կառավարման արդիականացմանը, քաղաքացիական ծառայության շարունակական բարեփոխումներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թվայնացմանը, ինչպես նաև մի շարք մի շարք էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման միջոցով։  Նախորդ երեք ծրագրերի շրջանակում ՊԵԿ-ում կատարված բարեփոխումների, ինչպես նաև չորրորդ ծրագրի շրջանակում սպասվող փոփոխությունների վերաբերյալ Մուրադյանին հարց ուղղեց  ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը։ «ՊԵԿ-ին հատկացվող գումարը ամենամեծն է, որովհետև մենք ամենամեծ ծավալի ծրագրերն ենք առաջարկել։ Հիմնական մի քանի ուղղություններ ունենք։ Ուղղություններից մեկը բջջային հավելածների զարգացումն է՝ հարկային և մաքսային ծառայությունների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման բնագավառում։ ՊԵԿ-ում մատուցվող ծառայությունների գերակշիռ մասը, եթե ոչ ամբողջը, իրականացվում են էլեկտրոնային հարթակում, սակայն առկա չեն բջջային հավելվածների միջոցով մատուցվող ծառայություններ, որը որոշակի խնդիրներ է ստեղծում»,- ասաց Մուրադյանը։
11:27 - 12 սեպտեմբերի, 2022
Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մայիսի 9-ից 12-ը մասնակցել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից: Նիստի ընթացքում ամփոփվել են ՎԶԵԲ-ի գործունեության շրջանակներում իրականացված աշխատանքներն ու գրանցված արդյունքները, կառավարիչներին են ներկայացվել 2021-2025 թվականների ՎԶԵԲ-ի ռազմավարական եւ կապիտալ ծրագրի իրականացման մանրամասները: Lիագումար նիստի քննարկման առանցքային հարցերն առնչվել են ՎԶԵԲ-ի գործունեության երկրներում տնտեսական աճի խթանմանը, կլիմայի փոփոխության դեմ պայքարին եւ գործարար միջավայրի ամրապնդմանը: Մարոկկոյի Թագավորություն կատարած պաշտոնական այցի շրջանակում  նախարար Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել ՎԶԵԲ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի, ՎԶԵԲ ենթակառուցվածքների, Եվրասիայի, կայուն ենթակառուցվածքների խմբի վարչության տնօրեն Եկատերինա Միրոշնիկի եւ ՎԶԵԲ տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող տնօրեն Կասպար Վելդկամպի հետ: Քննարկվել են համաշխարհային տնտեսության վերջին զարգացումները եւ առկա մարտահրավերները, անդրադարձ է կատարվել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությանն առնչվող հարցերին: Կողմերը կարեւորել են ՎԶԵԲ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաեւ ուրվագծել հետագա համագործակցության ընդլայնման հեռանկարները: Նախարար Խաչատրյանն այցի ընթացքում հանդիպել է նաեւ «Միցուբիսի Յու-Էֆ-Ջեյ ֆինանսական խումբ» բանկի ներկայացուցիչների հետ եւ քննարկել Հայաստանի հետ բանկի համագործակցության հնարավորությունները:
11:04 - 12 մայիսի, 2022
«Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ մետրոյի միջանկյալ կայարան կկառուցվի. Տիգրան Ավինյան

«Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ մետրոյի միջանկյալ կայարան կկառուցվի. Տիգրան Ավինյան

Առաջիկայում մայրաքաղաքում սպասվող լայնածավալ ծրագրերի շարքում են ոչ միայն նախկինում հայտարարված Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, այլև ևս մեկ միջանկյալ կայարանի կառուցում՝ «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ և 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը: «Այս ծրագրերն էապես վերափոխելու են Երևանի ողջ տրանսպորտային համակարգը և լուծելու են օդի աղտոտվածության՝ Երևանի համար լրջագույն դարձած խնդիրը։ Երեկ, ՎԶԵԲ-ի 2022թ.-ի տարեկան ժողովի շրջանակներում, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպեցինք ՎԶԵԲ-ի Եվրասիայի տարածաշրջանի ենթակառուցվածքային ծրագրերի գծով տնօրեն Եկատերինա Միրոշնիկին և Կովկասի գծով տարածաշրջանային տնօրեն Կատարինա Հանսեին։ Ի թիվս այլ հարցերի, քննարկեցինք վերոնշյալ ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները»,- նշված է գրառման մեջ:
16:12 - 11 մայիսի, 2022
ՎԶԵԲ-ն ուկրաինական պատերազմի պատճառով տնտեսական աճի զգալի կրճատում է կանխատեսում

ՎԶԵԲ-ն ուկրաինական պատերազմի պատճառով տնտեսական աճի զգալի կրճատում է կանխատեսում

Պատերազմն Ուկրաինայում լուրջ ազդեցություն կունենա հակամարտության գոտուց դուրս գտնվող տնտեսությունների վրա, ասված է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի թարմացված զեկույցում։ Բանկը կանխատեսում է տնտեսական աճի նվազում մի շարք երկրներում։ Գրեթե 40 երկրների, որտեղ ՎԶԵԲ-ը ծրագրեր է իրականացնում, տնտեսական աճի կանխատեսումը բանկը կրճատել է ավելի քան կրկնակի՝ մինչև 1,7% 2022 թ-ին։ 2021 թ-ի նոյեմբերին հրապարակված վերջին զեկույցում կառույցը կանխատեսում էր այդ տնտեսությունների 4,2% աճ 2022 թ-ին։ Ռուսաստանում կանխատեսվում է 10% տնտեսական անկում 2022 թ-ին և զրոյական աճ 2023-ին։ «Ռուսաստանի դեմ պատժամիջոցերն, ինչպես սպասվում է, կպահպանվեն տեսանելի ապագայում, ինչը 2022 թ-ին ՀՆԱ կտրուկ անկումից հետո ռուսական տնտեսությունում լճացման կբերի 2023 թ-ին։ Սա բացասական ազդեցություն կունենա Արելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների վրա», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասված է ՎԶԵԲ հաղորդագրությունում։ Ուկրաինայի ՀՆԱ անկումն ընթացիկ տարում կկազմի 20%։ Իսկ պատերազմի շուտափույթ ավարտի և ենթակառուցվածքների ակտիվ վերականգնման դեպքում հաջորդ տարի երկրի տնտեսական աճը կկազմի 23%։ Ինչպես նշվում է, «համաշխարհային տնտեսությունը մատակարարումների հետ կապված  ամենամեծ շոկն է ապրում 1970 թ-ից ի վեր», քանի որ «Ռուսաստանն ու Ուկրաինան մատակարարում են անհամաչափ մեծ քանակությամբ ապրանք՝ էներգակիրներից մինչև մետաղներ, սննդամթերք և պարարտանյութեր»։ Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) ՀՆԱ-ն, ինչպես սպասվում է, կնվազի 11,8%-ով՝ 2022 թ-ի 3,6% աճի փոխարեն։   Նորա Վանյան  
16:09 - 31 մարտի, 2022
Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՎԶԵԲ պատվիրակության հետ

Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՎԶԵԲ պատվիրակության հետ

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մարտի 17-ին հանդիպել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երեւանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակության հետ: Ինչպես հայտնում են Ֆինանսների նախարարությունից, Գվինդաձեն նախարարին է ներկայացրել  ՎԶԵԲ ավագ բանկիր Գեորգի Ախալկացիին, ով այս տարվա մայիսից կստանձնի ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի նոր ղեկավարի պաշտոնը: Շնորհակալություն հայտնելով աշխատանքային արդյունավետ համագործակցության համար՝ նախարարը նշել է, որ ՎԶԵԲ-ի հետ աշխատանքային քննարկումները մշտապես բարձր մակարդակի վրա են, եւ առկա են անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ առաջ մղելու եւ արդյունավետ իրականացնելու համատեղ ծրագրերն ու գաղափարները: Նախարարի խոսքով՝ ներկայում ՀՀ տնտեսական շահի պաշտպանությունն առաջնահերթություն է Հայաստանի համար, հատկապես տարածաշրջանային վերջին զարգացումների համատեքստում: Դիմիտրի Գվինդաձեն իր հերթին շնորհակալություն է հայտնել Տիգրան Խաչատրյանին ՀՀ ֆինանսների նախարարության հետ ունեցած արդյունավետ համագործակցության, իրականացրած  ու հաջողած բազմաթիվ ծրագրերի համար: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ կանաչ տնտեսությանը, ջրային ենթակառուցվածքներին, քաղաքային միջավայրի զարգացմանն ու տրանսպորտային ցանցի բարելավմանն առնչվող թեմաներին:  
17:03 - 17 մարտի, 2022
ՎԶԵԲ-ի երևանյան մշտական ներկայացուցչությունը նոր ղեկավար ունի

ՎԶԵԲ-ի երևանյան մշտական ներկայացուցչությունը նոր ղեկավար ունի

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Երևանում իր մշտական ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել Ջորջ Ախալկացիին: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը տեղեկացնում է, որ նա այս պաշտոնում կփոխարինի Դիմիտրի Գվինդաձեին։ Ջորջ Ախալկացին ստանձնելու է իր նոր պաշտոնը 2022 թվականի մայիսի 1-ին և գործունեությունը ծավալելու է Հայաստանի մայրաքաղաքում։ Նա վերահսկելու է Հայաստանում բանկի ներդրումներն ու գործառնությունները՝ զեկուցելով Կովկասի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին։ Ջորջ Ախալկացին Վրաստանի քաղաքացի է: Նա սկսել է իր կարիերան որպես իրավաբան «Société Générale» ընկերությունում, նախքան բանկային գործի անցնելը: ՎԶԵԲ-ին միացել է 2009-ին, վերջին ժամանակաշրջանում զբաղեցրել է Թբիլիսիի ներկայացուցչության փոխտնօրենի և ավագ բանկիրի պաշտոնը: Նախկինում նա աշխատել է Լոնդոնում ՎԶԵԲ-ի Արտադրության և ծառայությունների, ինչպես նաև Վարկային ռիսկերի կառավարման թիմերի հետ: Նա ստացել է իրավագիտության մագիստրոսի կոչում Թբիլիսիի պետական համալսարանից և բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում՝ Բիզնեսի կառավարման եվրոպական ինստիտուտից (INSEAD): Հայաստանում ՎԶԵԲ-ի ներկայացուցչության նոր ղեկավարի դերում Ախալկացին կօգտագործի երկրի մակարդակով և միջոլորտային իր նշանակալի փորձը՝ շարունակելու բանկի հաջողված գործընկերությունը Հայաստանի հետ: ՎԶԵԲ-ը Հայաստանում գործունեություն է ծավալում 1992 թվականից, և նրա հիմնական նպատակն է՝ օգնել դիվերսիֆիկացնել տնտեսությունը՝ աջակցելով տարբեր ոլորտներում ներդրումներին, ինչպես նաև խթանել ֆինանսական հատվածի և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացումը: Առ այսօր բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,8 միլիոն եվրո 200 ծրագրերում:
16:02 - 17 մարտի, 2022
ՎԶԵԲ Տնօրենների խորհուրդը կողմ է քվեարկել Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցներ սահմանելուն

ՎԶԵԲ Տնօրենների խորհուրդը կողմ է քվեարկել Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցներ սահմանելուն

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Տնօրենների խորհուրդը կողմ է արտահայտվել ղեկավարության առաջարկին՝ քայլեր ձեռնարկելու ի պատասխան  Ռուսաստանի ներխուժմանն Ուկրաինա։ «Տնօրենների խորհուրդը ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել, որ բանկի կառավարիչները խիստ միջոցներ ձեռնարկեն Ռուսաստանի և Բելառուսի դեմ։ Եթե կառավարիչները հաստատեն այս քայլը, Ռուսաստանի և ԲԵլառուսի համար բանկի ֆինանսների հասանելիությունն անժամկետ կկասեցվի»,- նշված է ՎԶԵԲ հայտարարության մեջ։ Կառավարիչները 30 օր ունեն այս բանաձևի օգտին քվեարկելու համար՝ բանկի կանոնադրության 8.3 հոդվածի համաձայն, որը նախատեսում է ՎԶԵԲ անդամների համար նրա ռեսուրսների հասանելիության կասեցում «բացառիկ դեպքերում»։ Բանաձևի ընդունման համար պահանջվում է կառավարիչների ոչ պակաս, քան երկու երրորդի համաձայնությունը, որոնք ներկայացնում են բանկի անդամների ձայների ընդհանուր քանակի ոչ պակաս, քան երեք չորրորդը։ Բացի դրանից, ՎԶԵԲ-ն իր գործընկերների հետ միասին ուսումնասիրում է արտակարգ ֆինանսավորման փաթեթ տարածաշրջանի համար։ Դրանում կարող է ներառվել լիկվիդայնության աջակցություն մասնավոր և պետական հատվածների, ինչպես նաև մունիցիպալիտետների համար, որոնք տուժել են փախստականների մեծ հոսքից։  Լուսանկարում՝ ՎԶԵԲ-ի՝ Լոնդոնում գտնվող կենտրոնական շենքը
19:35 - 01 մարտի, 2022
Այս պահին ընտրական մարաթոնին մասնակցելու պլանների մասին են հայտարարել 40-ից ավելի թեկնածուներ:

Այս պահին ընտրական մարաթոնին մասնակցելու պլանների մասին են հայտարարել 40-ից ավելի թեկնածուներ:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը պաշտոնական հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի և ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակությունների հետ:   Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել երկու կառույցների համագործակցության արդյունքներից ու ընդգծել, որ Երևանը հետաքրքված է նոր նախագծերի կյանքի կոչմամբ:   Մասնավորապես, ԱԶԲ-ի հետ համատեղ համայնքն այսօր ծրագիր է իրականացնում Բաբաջանյան-Աշտարակ և Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածը կառուցելու նպատակով:   «ՀՀ կառավարությունն ու Երևան համայնքը պատրաստակամ են շարունակելու բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են մայրաքաղաքում ենթակառուցվածքների զարգացմանն ու հարմարավետ միջավայրի ապահովմանը: Տեղյակ եք, որ այս տարիների ընթացքում ինքս եմ համակարգել ԱԶԲ-ի հետ համատեղ ծրագրերի ընթացքը և տեղյակ եմ բոլոր ընթացակարգերին, ինչը հնարավորություն կտա նախաձեռնվող նոր ծրագրերն առավել կարճ ժամկետներում իրագործել»,- նշել է քաղաքապետը:   Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցությունը շարունակելու պատրաստակամության համար՝ ՀՀ ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին նշել է, որ Երևան համայնքը կարևոր ու վստահելի գործընկեր է բանկի համար, ինչը ևս երաշխավորում է նոր ծրագրերի իրականացումն ու փոխգործակցության ընդլայնումը:   Ներկայացնելով տրանսպորտային համակարգի բարեփոխումների գործում իր մոտեցումները՝ քաղաքապետ Սարգսյանը կարևորել է երևանյան կանգառների արդիականացումը, էլեկտրոնային չվացուցակների տեղադրումն ու քաղաքում խելացի լուսացույցերի ներդնումը, ինչպես նաև Ջրվեժի ավտոբուսային նոր հավաքակայանի կառուցումը, որը նախատեսում է նաև գազի և դիզելային վառելիքի լիցքավորման ու ավտոբուսների լվացման կայանների ստեղծում:   Կողմերը պայմանավորվել են համագործակցության նոր ուղղությունների առնչությամբ առաջիկայում հստակեցնել ծրագրերը:   ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետը կարևորել է էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը: Հրաչյա Սարգսյանը նշել է, որ համայնքը հատուկ վերաբերմունք ունի շրջակա միջավայրի պահպանության խնդրում, և ընթացող ու նախաձեռնվող տարբեր ծրագրերը հենց բնապահպանական արդյունք են ենթադրում: Դրանք են՝ մանկապարտեզների էներգաարդյունավետության ապահովումը, արտաքին լուսավորության ցանցի LED լուսատուներով արդիականացումը, նոր ճանապարհների կառուցումը, կենսագազի կուտակման և այրման կայանի շահագործումն ու պահպանումը, նոր աղբավայրի կառուցումը և այլն:   Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համայնքը տարբեր ծրագրեր է իրականացնում: Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրով նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր, ինչպես նաև փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը:   Քաղաքային լուսավորության ենթակառուցվածքի բարելավման նպատակով էլ ՎԶԵԲ-ի և Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) աջակցությամբ իրականացվում է Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրը։
16:21 - 18 փետրվարի, 2022
Տիգրան Խաչատրյանն ու Դմիտրի Գվինդաձեն անդրադարձել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության առանցքային ուղղություններին

Տիգրան Խաչատրյանն ու Դմիտրի Գվինդաձեն անդրադարձել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության առանցքային ուղղություններին

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը փետրվարի 14-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության առանցքային ուղղություններին, մասնավորապես՝ Հայաստանում «կանաչ տնտեսության» զարգացմանը, մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը, կառավարման բարելավմանը, գործարար միջավայրի բարեփոխումներին աջակցությանը, ինչպես նաեւ հատուկ կարեւորել են կայուն ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող օրակարգային հարցերը: Նախարար Խաչատրյանն իր խոսքում ընդգծել է նշված ուղղություններով Բանկի հետ փոխգործակցության կարեւորությունը, հատկապես՝ կայուն զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերի ու ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղվող միջոցառումների արդյունավետ իրականացումը:
15:04 - 14 փետրվարի, 2022
Տիգրան Ավինյանը մասնակցել է ՎԶԵԲ 2021թ. տարեկան առցանց ժողովին

Տիգրան Ավինյանը մասնակցել է ՎԶԵԲ 2021թ. տարեկան առցանց ժողովին

Հուլիսի 1-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 2021թ. տարեկան ժողովին: Տարեկան ժողովի լիագումար նիստում փոխվարչապետի պաշտոնակատարը հանդես է եկել որպես լիագումար նստաշրջանի նախագահողի տեղակալ: Պլենար նիստում քննարկված հարցերի վերաբերյալ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի ուղերձը: Այս մասին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից։ Իր ելույթում Տիգրան Ավինյանը նշել է.  «Ուրախ եմ ելույթով դիմել ՎԶԵԲ-ի 30-րդ հոբելյանական համաժողովին: Իրոք, մեծ պատիվ և արտոնություն է այս տարի հանդես գալ երկակի դերով. տնօրենների խորհրդի համանախագահությունը կիսել իմ պատվավոր գործընկերներ պարոն Դոնոհոյի և Ումուրզակովի հետ, և Հայաստանի անունից ելույթ ունենալ այս շատ կարևոր հանդիպմանը: Նախ, ցանկանում եմ դրվատանքի խոսքեր ասել ՎԶԵԲ-ին 30-ամյակի կապակցությամբ` տարածաշրջանային անցման նպատակով ներդրումներ կատարելու իր անհավատալի հանձնառության համար: 2020 թվականի ընթացքում Բանկը ևս մեկ անգամ ապացուցեց, որ արժանիորեն դիմագրավում է պահի մարտահրավերներին: Մենք ականատես եղանք Covid-19- ի ազդեցությանը մեղմելու նպատակով «Համերաշխություն» փաթեթի արդյունավետ գործարկմանը: Հարգելի' գործընկերներ, Մենք միասին կերտել ենք անցումային հրաշալի պատմություններ: Մինչդեռ նոր իրողությունները պահանջում են նպատակների վերաձեւակերպում և գործիքների վերափոխում: 2021-25 ռազմավարական և կապիտալ ներդրումների շրջանակը (ՌԿՇ) արդեն ապահովված է սկզբունքորեն կարևոր ոլորտներով: «Լավագույն վերականգնում» պարադիգմի ներքո այն նախատեսում է անցում դեպի ցածր ածխածնային և կանաչ միջավայր, ներառական զարգացում, թվային վերափոխման արագացում: Այս հավակնոտ նպատակները պետք է իրականացվեն բարձրորակ ներդրումների և բարձրորակ անցումային ազդեցության միջոցով: Միևնույն ժամանակ, համաճարակային անորոշությունները կարող են մարտահրավերներ հարուցել: Այստեղ, կարծում եմ, Բանկը կկարողանա արդյունավետորեն օգտագործել իր ուժեղ կողմերը, այն է` արագ հարմարվելու ունակություն և նորարարություն: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, Covid-19 համաճարակն առաջացրեց լուրջ կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրներ: Երկիրը տարին փակեց 7,4 տոկոս ՀՆԱ անկմամբ: Համատեղ հակաճգնաժամային փաթեթը, որը նախատեսված է 2020 թվականի համար, գնահատվում է ՀՆԱ-ի մոտ 4 տոկոսը: Մենք մեծապես գնահատում ենք ՎԶԵԲ-ի կատարած աշխատանքը` օգնելու ՀՀ Կառավարությանը Covid-19- ի հետևանքների հաղթահարմանը միտված ջանքերում: Հետճգնաժամային վերականգնման ճանապարհին մենք ձևավորում ենք առավել մրցունակ և աշխույժ տնտեսություն, ներառական և կայուն ապագա կառուցելու մեր օրակարգը: Մեզ համար բացարձակ առաջնահերթություն է ամուր հիմքեր ստեղծել և օժանդակ կառուցվածքային բարեփոխումներ իրականացնել նորարարական եղանակներով կանաչ միջավայրի վերականգնման համար: Լայնածավալ թվայնացման և GovTech լուծումների հավակնոտ փաթեթը նույնպես գերակա խնդիր է: Մենք ողջունում ենք ՎԶԵԲ-ի «Լավագույն վերականգնում» օրակարգի տարրերն ու առաջնահերթությունները, որոնք համահունչ են մեր ազգային գերակայություններին: Հարգելի' գործընկերներ, Covid-19 համաճարակից զատ կա մեկ այլ լուրջ մարտահրավեր, որին բախվում ենք բոլորս: Կլիմայական ճգնաժամն այլևս գիտական շրջանակների արտոնությունը չէ: Դա հրատապ քաղաքականության խնդիր է և պետք է հանդիսանա շրջակա տնտեսության և շուկաների վարքագծային օրինաչափությունները վերականգնելու հիմնաքար: Ըստ էության, կլիմայական ճգնաժամը ձախողումների հետևանք է: Կլիմայական հավակնությունների մեջ 3 նոր զարգացումների ձևավորմամբ, մասնավորապես` Փարիզի համաձայնագրին միանալով, էներգետիկայի ոլորտի շուտափույթ ապաածխաջրածնացմամբ, ցածր ածխածնի և կլիմայի դիմացկուն ռազմավարությունների աջակցությամբ, ՎԶԵԲ-ն ապացուցեց, որ հանդիսանում է անցումային ազդեցության ինստիտուտ: Կարևոր է հասկանալ, թե արդյոք բոլորը համահունչ հավակնություններ, նպատակներ, կարողություններ և հնարավորություններ ունեն ազգային մակարդակում՝ օգտագործելու անհրաժեշտ գործողություններն ավելի ցածր ածխածնի և կանաչ միջավայրի վերականգնման ուղղությամբ: Կլիմայի աղետալի հետագծից խուսափելու նպատակով Հայաստանն ակտիվ քայլեր է ձեռնարկում` վերանայելու զարգացման օրինաչափությունները և արագացնելու իր գործողություններն ավելի դիմացկուն և ցածր ածխածնային տնտեսության անցնելու ուղղությամբ: Մեր նպատակներն արտացոլված են նոր ընդունված 2021 թվականի Ազգային ներդրումների շրջանակում: Ազգային նոր ռազմավարության նպատակը մինչև 2030 թվականն արտանետումների մակարդակի 40% իջեցումն է 1990 թվականի համեմատ, հիմնականում` էներգետիկ ոլորտում: Մինչև 2030 թվականը մենք նպատակ ունենք արևի էներգիայի մասնաբաժինը հասցնել 15%-ի էներգիայի ընդհանուր արտադրության մեջ: Զրոյական արտանետումներով էներգիայի արտադրության մասնաբաժինն ընդհանուրի մեջ կկազմի մոտ 54%: Համապատասխան ֆինանսական գործիքների և մեխանիզմների կիրառումը կենսական նշանակություն ունի «մտադրությունից` իրականացում» բանաձևի հաջող կենսագործման համար: Մենք վերահաստատում ենք ՎԶԵԲ-ի հետ համագործակցելու մեր պատրաստակամությունը կլիմայի ֆինանսավորման մասշտաբային մոբիլիզացման նպատակով: Հայաստանն ընդհանուր առմամբ ողջունում է ՎԶԵԲ-ի կլիմայական նախաձեռնությունները, որոնք միտված են ցածր ածխածնային զարգացումն ապագայի վարքագիծ դարձնելուն: Հարգելի' գործընկերներ, Մենք կարծում ենք, որ բոլոր կարևոր թեմաները, որոնք էապես ազդում են տարածաշրջանի ապագա տնտեսական ճարտարապետության վրա, չեն կարող արդյունավետորեն ապահովվել առանց ուժեղ ժողովրդավարությունների, կայունության և խաղաղության: Այդ նպատակով միջազգային հանրությունը և ինստիտուտները, ներառյալ ՎԶԵԲ-ը, պետք է ավելի մեծ եռանդով դատապարտեն այն խախտումները, որոնք առաջացնում են մարդասիրական բնույթի սպառնալիքներ և վտանգում տարածաշրջանի կայունությունը: Հարգելի' գործընկերներ, Այս հանդիպումը պետք է որակել որպես խիստ էական: Այն որոշումները, որոնք մենք այսօր կկայացնենք, կարևոր ազդեցություն կունենան ապագայի անցման և վերափոխման ուղղությամբ` հավաքականորեն մտածելու և գործելու վրա: Բանկի նախագահությանը և թիմին մաղթում եմ նորանոր հաջողություններ և կարելիություններ ներկայիս արտակարգ մարտահրավերներին դիմակայելու համար, ինչպես նաև առողջ համախմբում նոր հավակնությունների շուրջ: Ցանկանում եմ իմ անկեղծ գնահատանքն արտահայտել ՎԶԵԲ-ի նախագահ տիկին Օդիլե Ռենո-Բասոյին, գլխավոր քարտուղար պարոն Էնցո Քվատրոչիոկչեին և ղեկավար կազմին` այս հեռավար տարեկան համաժողովը նման անկայուն ժամանակներում կազմակերպելու համար:  Ցանկանում եմ նաև իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել մեր ընտրողներին` կայացած գործառնական տարվա և գերազանց թիմային աշխատանքի համար: ՎԶԵԲ-ը Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր է և կմնա այդպիսին»: Հիշեցնենք, որ Հայաստանը պետք է հյուրընկալեր 2021թ. տարեկան ժողովը, սակայն, հաշվի առնելով, որ այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով ՎԶԵԲ կառավարիչների խորհուրդը որոշում է կայացրել այն անցկացնել առցանց, ուստի Երևանում տարեկան ժողովը կայանալու է 2024թ.: Տարեկան ժողովի շրջանակներում ավանդաբար կայանում են հատուկ ներդրումային նիստեր (investment outlook session), որտեղ երկրները ներկայացնում են իրենց ներդրումային հնարավորությունները։ Միջոցառումը գործարար համայնքի համար լավ հնարավորություն է ֆինանսական ու կորպորատիվ ընկերությունների գործադիր ղեկավարների, բարձրաստիճան պետական պաշտոնյաների և այլ ոլորտների՝ ավելի քան 2000 ներկայացուցիչների հետ նոր կապեր հաստատելու տեսանկյունից: Միջոցառման ընթացքում ակտուալ թեմաների շուրջ բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում, և որոշումներ են կայացվում Բանկի զարգացման ռազմավարության շուրջ: 
13:26 - 03 հուլիսի, 2021
ՎԶԵԲ-ը և Կանաչ կլիմայի հիմնադրամն ընդլայնում են կանաչ ֆինանսավորումը Հայաստանում

ՎԶԵԲ-ը և Կանաչ կլիմայի հիմնադրամն ընդլայնում են կանաչ ֆինանսավորումը Հայաստանում

Հայաստանի մասնավոր հատվածը կօգտվի կանաչ տեխնոլոգիաների նոր ֆինանսավորումից՝ մինչև 6 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկի շնորհիվ (ներառյալ մինչև 1,5 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով արտոնյալ ֆինանսավորումը Կանաչ կլիմայի հիմնադրամից), որը ՎԶԵԲ-ը տրամադրել է Ինեկոբանկին ՎԶԵԲ-ի՝ Կանաչ Տնտեսության ֆինանսավորման ծրագրի (ԿՏՖԾ՝GEFF) ներքո: Այս մասին տեղեկացնում է ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի հանրային կապերի բաժինը: Ակնկալվում է, որ ֆինանսավորումը կնպաստի երկրի անցմանը դեպի ավելի կայուն, ցածր ածխածնային և կլիմայակայուն տնտեսություն: Վարկը կօգտագործվի տեղական ձեռնարկությունների հետագա ֆինանսավորման համար՝ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության տեխնոլոգիաներում և ծառայություններում ներդրումներ կատարելու համար: Վարկավորման պահանջներին համապատասխանում են այն ծրագրերը, որոնք ներառում են ներդրումներ այնպիսի տեխնոլոգիաների մեջ, ինչպիսիք են ջերմամեկուսացումը, ֆոտովոլտային արևային պանելները, գեոթերմալ ջերմային պոմպերը և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ ոռոգման համակարգերը: Կանաչ Տնտեսության ֆինանսավորման ծրագիրը (GEFF) ներառում է համապարփակ տեխնիկական խորհրդատվական փաթեթ, որը համաֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի՝ GCF-ի կողմից և օգնում է հայտնաբերել և ստուգել կանաչ ներդրումներ անելու հնարավորությունները: Այն ընկերությունները, որոնք ցանկանում են կանաչ տեխնոլոգիաների համար վարկ ստանալ, կարող են նաև օգտվել ներդրումային խթաններից, որոնք ֆինանսավորվում են Կլիմայական ներդրումների հիմնադրամի (ԿՆՀ՝ CIF) կողմից: Գործարարները կարող են նույնականացնել Հայաստանում առկա տիպիկ կանաչ տեխնոլոգիաները ԿՏՖԾ՝ GEFF Տեխնոլոգիայի ընտրիչի միջոցով։ Ինեկոբանկը կենտրոնանում է անհատ հաճախորդների, փոքր և միջին շուկայի բիզնեսների և խոշոր կորպորացիաների վրա և առաջարկում բանկային ծառայությունների ամբողջական տեսականի: Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն ասել է․ «Կանաչ ֆինանսավորման հասանելիության բարելավումը մեր հիմնական գերակայություններից մեկն է Հայաստանում: Ինեկոբանկի հաճախորդների ամուր բազան հնարավորություն է տալիս իրազեկել մասնավոր հատվածի խաղացողներին Երևանում և Հայաստանի մարզերում: Մենք հանձնառու ենք օգնել ֆիրմաներին և բնակիչներին կրճատել իրենց կողմից էներգիայի սպառումը և այդպիսով ավելի մրցունակ դառնալ»: «Մեզ համար պատիվ է շարունակել մեր արդյունավետ համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ և ևս մեկ անգամ հաստատել մեր հանձնառությունը Հայաստանում կանաչ ֆինանսավորման խթանման գործում»,- ասել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը: ԿՏՖԾ՝ GEFF ծրագիրը նպաստում է Հայաստանում կանաչ տնտեսության կառուցմանը`աջակցելով կանաչ ֆինանսավորման ընդլայնմանը ՎԶԵԲ-ի՝ Դեպի կանաչ տնտեսություն անցման (GET) մոտեցմանը համահունչ։ ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,5 միլիարդ եվրո 187 ծրագրերում՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը և անցմանը դեպի կայուն, կանաչ տնտեսություն: 2006 թվականից ի վեր ՎԶԵԲ-ը ավելի քան 36 միլիարդ եվրո է հատկացրել կանաչ տնտեսությանն անցումը խթանող ծրագրերի իրականացմանը իր գործունեության տարածաշրջաններում:
19:17 - 13 ապրիլի, 2021
ՎԶԵԲ՝ 2020թ. ներդրումային պորտֆելը Հայաստանում եղել է ամենամեծը. Վարչապետը տեսազանգ է ունեցել ՎԶԵԲ նախագահի հետ

ՎԶԵԲ՝ 2020թ. ներդրումային պորտֆելը Հայաստանում եղել է ամենամեծը. Վարչապետը տեսազանգ է ունեցել ՎԶԵԲ նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսազանգ է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Շնորհավորելով Օդիլ Ռենո-Բասոյին ՎԶԵԲ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետն ասել է. «Հայաստանը բարձր է գնահատում ՎԶԵԲ-ի հետ գործընկերությունը, որի արդյունավետության մասին են վկայում ֆինանսական շուկայի, ՓՄՁ, էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում հաջող իրականացվող ծրագրերը: Ցանկանում եմ ընդգծել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև շարունակական երկխոսության կարևորությունը՝ մեր երկրում կառուցվածքային բարեփոխումներին աջակցելու, ներդրումային միջավայրը բարելավելու և մրցունակ դարձնելու համատեքստում»: Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ 2020թ. Հայաստանում ՎԶԵԲ ներդրումային պորտֆելի ծավալը կազմել է 160 մլն եվրո, որը տարեկան ամենամեծ փաթեթն է գործընկերության ողջ ժամանակահատվածի ընթացքում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերներին, սոցիալ-տնտեսական իրավիճակին և ներկայացրել դրանց հաղթահարման ուղղությամբ կառավարության գործողությունները: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը որևէ ջանք չի խնայում՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով Արցախում հումանիտար խնդիրները լուծելու ուղղությամբ, բայց և պակաս կարևոր չէ միջազգային հանրության, ֆինանսական կառույցների արձագանքը հումանիտար ճգնաժամին: Այս համատեքստում կառավարության ղեկավարը ՎԶԵԲ նախագահի ուշադրությունը հրավիրել է օժանդակության հնարավորությունների վրա: ՎԶԵԲ նախագահը նշել է, որ բանկը կարևորում է Հայաստանի հետ հուսալի գործընկերությունը և հետաքրքրված է ենթակառուցվածքների, էներգետիկայի, մասնավոր հատվածի և ֆինանսական հաստատությունների զարգացմանն ուղղված համագործակցության խորացմամբ, նոր ծրագրերի ֆինանսավորմամբ: Օդիլ Ռենո-Բասոն արդյունավետ է համարել ՀՀ ֆինանսների նախարարության հետ  աշխատանքը, որն ամուր հիմք է երկրի հետ գործընկերության ընդլայնման և համատեղ նախաձեռնությունները հաջող կյանքի կոչելու համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության ընթացիկ օրակարգի, ինչպես նաև հետագա ծրագրերի շուրջ:  Երկուստեք կարևորվել է մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման ուղղությամբ համագործակցությունը: ՎԶԵԲ նախագահը կարևորել է կանանց տնտեսական ակտիվության խթանմանը միտված նախաձեռնությունները: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը խրախուսում է կանանց ակտիվ ներգրավվածությունը տարբեր, այդ թվում՝ ՓՄՁ ոլորտում, ինչը աղքատության հաղթահարման և տնտեսական բարեկեցության կարևոր գործիքներից է: Արծարծվել են նաև ենթակառուցվածքային ծրագրերին, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ նշելով, որ կոմունիկացիոն ենթակառուցվածքների վերաբացումը հեռանկարային կարող է լինել համատեղ ծրագրերի համար: Վարչապետը վերահաստատել է ՀՀ աջակցությունը ՎԶԵԲ-ի 5-ամյա ռազմավարությանը, որի առաջնահերթությունները համահունչ են ՀՀ կառավարության գերակայություններին, և  հավելել, որ մեր երկիրն ուրախ կլինի հյուրընկալել ՎԶԵԲ 2024թ. տարեկան հավաքը, որի վերաբերյալ որոշումն արդեն կայացված է:
15:19 - 09 ապրիլի, 2021
2024 թ. Հայաստանը հյուրընկալելու է ՎԶԵԲ տարեկան ժողովը. Տիգրան Ավինյան

2024 թ. Հայաստանը հյուրընկալելու է ՎԶԵԲ տարեկան ժողովը. Տիգրան Ավինյան

2024 թ. Հայաստանը հյուրընկալելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում:  «Տարեկան ժողովի շրջանակներում ավանդաբար կայանում են հատուկ ներդրումային նիստեր (investment outlook session), որտեղ երկրները ներկայացնում են իրենց ներդրումային հնարավորությունները։ Միջոցառումը գործարար համայնքի համար լավ հնարավորություն է ֆինանսական ու կորպորատիվ ընկերությունների գործադիր ղեկավարների, բարձրաստիճան պետական պաշտոնյաների և այլ ոլորտների՝ ավելի քան 2000 ներկայացուցիչների հետ նոր կապեր հաստատելու տեսանկյունից: Միջոցառման ընթացքում ակտուալ թեմաների շուրջ բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում, և որոշումներ են կայացվում Բանկի զարգացման ռազմավարության շուրջ:  Ըստ պայմանավորվածության՝ Հայաստանը պետք է հյուրընկալեր ժողովը 2021 թ., սակայն, հաշվի առնելով, որ այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով ՎԶԵԲ կառավարիչների խորհուրդը որոշում է կայացրել այն անցկացնել առցանց, արդյունքում՝ Երևանում տարեկան ժողովը կկայանա 2024 թ.»,- գրել է նա:  
20:05 - 05 ապրիլի, 2021
Տիգրան Ավինյանը ՎԶԵԲ-ի Կովկասյան տարածաշրջանի տնօրենին ներկայացրել է Հայաստանի տնտեսական առաջնահերթությունները

Տիգրան Ավինյանը ՎԶԵԲ-ի Կովկասյան տարածաշրջանի տնօրենին ներկայացրել է Հայաստանի տնտեսական առաջնահերթությունները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 24-ին հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասյան տարածաշրջանի տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն: Այս մասին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից:  Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի կառավարության տնտեսական ոլորտի կարճաժամկետ ու միջնաժամկետ առաջնահերթությունները: Նա կարևորել է 2021թ. փետրվարի 4-ին ՀՀ կառավարության նիստում ընդունված «Տնտեսական արձագանքման ծրագիրը», որը խնդիր ունի վերականգնել ու կայուն զարգացման վրա դնել երկրի տնտեսությունը: Այդ ծրագրի բաղադրիչների շարքում Տիգրան Ավինյանն առանձնացրել է ինչպես նոր ոլորտները, օրինակ՝ Հայաստանում տեխնիկական կանեփի և այլ մշակաբույսերի մշակման հեռանկարները, այնպես էլ արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող, սակայն «Տնտեսական արձագանքման ծրագրով» ակտիվ փուլ մտած քաղաքաշինական նախագծերը: Այդ համատեքստում քննարկվել են Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման և «Կոնդ» թաղամասի զարգացման ներդրումային ծրագրերը: Փոխվարչապետը հատուկ շեշտել է, որ «Կոնդ» թաղամասի զարգացման ծրագիրն ամբողջովին լինելու է ներառական գործընթաց, որտեղ հաշվի է առնվելու հանրային կարծիքը: Առաջիկա օրերին սպասվում է նաև «Կոնդ» թաղամասի վերակառուցման նախագծի մրցույթի հայտարարումը:   Անդրադարձ է կատարվել նաև «Ինժեներական քաղաքին» որպես պետություն-մասնավոր համագործակցության հաջող օրինակի, որն արդեն ընթացքի մեջ է, և մոտ ժամանակներում հայտարարվելու է շինարարության մրցույթը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև «Նորագյուղ» թաղամասի զարգացան, Հայաստանում ակադեմիական ու նորարարական թաղամասերի ստեղծման հարցերի շուրջ: Դիմիտրի Գվինդաձեն ներկայացրել է 2020թ. Հայաստանում ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող գործառնությունները՝ նշելով, որ դրանց ծավալը ռեկորդային է եղել՝ 160 մլն եվրո: Նախորդ երկու տարիների աճի դինամիկան պահպանվել է՝ հասնելով գործառնությունների ռեկորդային ցուցանիշի և մոտ 93 տոկոսով բաժին ընկնելով մասնավոր հատվածին: ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող գործառնությունները ընդգրկել են բանկային, էներգիայի ու բնական ռեսուրսների, տրանսպորտային ոլորտները: Կողմերը քննարկել են նաև համագործակցության հնարավորությունները հեռահաղորդակցության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ բնագավառներում: Անդրադարձ է եղել մասնավոր հատվածի մրցունակության և արտադրողականության բարձրացման ուղղությամբ կառավարության կողմից մշակվող ծրագրերի շուրջ համագործակցությանը:
18:22 - 24 փետրվարի, 2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին: Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը՝ նշելով սոցիալ-տնտեսական բացասական հետևանքների վերացմանն ուղղված Կառավարության ջանքերը: Զրուցակիցները հանդիպման ընթացքում երկուստեք կարևորել են ՎԶԵԲ-ի կողմից մասնավոր հատվածին աջակցությունը և Հայաստանում ֆինանսական տարբեր գործիքների ակտիվացումը, որոնք ուղղված են մի շարք ոլորտների զարգացմանը, այդ թվում՝ ՓՄՁ ոլորտ, այլընտրանքային էներգետիկա և այլն: Մտքեր են փոխանակվել կապիտալ շուկայի զարգացման անհրաժեշտության և դրա համար առկա նախադրյալների շուրջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունները:
16:41 - 24 փետրվարի, 2021