Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1981թ․ Վրաստանում։ Ավարտել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը։ 2004թ․-ից դասավանդում է նույն ֆակուլտետում։ Դասավանդում է նաև ԵՊԼՀ-ում։2003-2019 թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես հանրակրթությունում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի մասնագետ, այնուհետ՝ ղեկավար, բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, 2017-ից՝ ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ։ 2012 թվականին եղել է ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը մշակող աշխատանքային խմբի անդամ։

2012-2015թթ․՝ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի սոցիալական չափայնության և հարատև կրթության աշխատանքային խմբի հայաստանյան ներկայացուցիչ։ 2013 թվականից ներգրավված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության հետազոտական ծրագրերում։ 2016 թվականից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է։ 

2019թ․ փետրվարի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։

Քիմիկոսների խնդրի լուծումը ակադեմիական քաղաքն է. ԿԳՄՍ նախարար
 |news.am|

Քիմիկոսների խնդրի լուծումը ակադեմիական քաղաքն է. ԿԳՄՍ նախարար |news.am|

news.am: Քիմիկոսների խնդրի լուծումը ակադեմիական քաղաքն է։ Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժանա Անդրեասյանը` անդրադառնալով քիմիկոսների բողոքի ակցիային։ Ավելի վաղ հայտնել էինք` քիմիկոսները դժգոհում են, որ չեն կարողանում աշխատել. իրենց ինստիտուտի հարևանությամբ բազմաբնակարան շենք է կառուցվում։ «Սա նոր հարց չէ. մենք մի քանի տարի շարունակ մասնագիտական քննարկումներ ենք իրականացրել, նախարարությունը բազմիցս իր դիրքորոշումը հայտնել է, որ ինստիտուտի աշխատանքը պետք է ապահովվի, ու համապատասպան պայմաններ լինեն»,- նշեց նախարարը։ Ըստ նրա` խնդիրը բարդ է, ու այդ պատճառով ԿԳՄՍՆ-ն գտնում է, որ միակ լուծումը ակադեմիական քաղաքն է, որտեղ կլինի ամբողջական միջավայր գիտական հետազոտությունների համար, և այնտեղ ստիպված չեն լինի հարակից միջավայրի հետ հաշվի նստելու։
14:00 - 21 մարտի, 2024
Ինձ համար այս հարցը սպառված է. ԿԳՄՍ նախարարը՝ ՀՊՏՀ ռեկտորի հրաժարականի մասին
 |armeniasputnik.am|

Ինձ համար այս հարցը սպառված է. ԿԳՄՍ նախարարը՝ ՀՊՏՀ ռեկտորի հրաժարականի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի համար Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի պաշտոնից ազատման հարցը սպառված է։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նա հրաժարվեց այլ մեկնաբանություններ տալ։ Նախարարը տեղեկացրեց, որ բուհի ղեկավարման պարտականությունը ժամանակավորապես դրված է պրոռեկտորի վրա։ Լրագրողի հարցին՝ արդյոք Գալոյանի հրաժարականը կապ ունի՞ այն լուրերի հետ, որ նա իբր ԱՄՆ–ում գողություն է արել, և ԿԳՄՍ նախարարի գրության համապատասխան պատասխանը եկել է ԱՄՆ–ից։ «Ես հարգանքով եմ վերաբերում Դիանա Գալոյանի որոշմանը։ Կարծում եմ` մնացած բոլոր հարցերը օրակարգային չեն»,- նշեց Անդրեասյանը։ Հարցին՝ արդյոք նա զրուցե՞լ է Գալոյանի հետ, նախարարը պատասխանեց, որ ինքը պարբերաբար աշխատանքյաին հանդիպումներ ու քննարկումներ է ունենում բուհերի բոլոր ռեկտորների հետ։ Հիշեցնենք՝ Դիանա Գալոյանը ՀՊՏՀ ռեկտոր էր նշանակվել 2020 թ. դեկտեմբերի 23-ին։Այս տարվա մարտի 19-ին հայտնի դարձավ, որ նա հրաժարական է տվել։
12:19 - 21 մարտի, 2024
Ակադեմիական քաղաքի ծրագիրը հնարավորություն է միջպետական բուհերի ընդլայնման և հետագա զարգացման համար. Ժաննա Անդրեասյան

Ակադեմիական քաղաքի ծրագիրը հնարավորություն է միջպետական բուհերի ընդլայնման և հետագա զարգացման համար. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում գործող միջպետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ՝ ներկայացնելով Ակադեմիական քաղաք ծրագրի հիմնական սկզբունքները: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման շրջանակում միջպետական բուհերի ակտիվ մասնակցությունը՝ նրանց կարիքները, առաջարկությունները, գաղափարները դիտարկելու և մշակվող նախագծում դրանք հաշվի առնելու նպատակով: Այս համատեքստում ներկայացվել են ակադեմիական քաղաքի համար նախագծվող ենթակառուցվածքները և այն նոր հնարավորությունները, որոնք նախատեսված են բուհերի ուսումնական և հետազոտական գործընթացի համար: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ Ակադեմիական քաղաքը Կառավարության ամենամեծ ծրագրերից է, որի նպատակն է էապես բարելավել բարձրագույն կրթության կազմակերպման, հետազոտական և գիտական աշխատանքների պայմանները: Ակադեմիական քաղաքը բաղկացած է լինելու 6 ակադեմիական կլաստերներից: Նախարարը տեղեկացրել է՝ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի նախագծումն իրականացվում է գերմանական gmp International GmbH Architects and Engineers ճարտարապետական ընկերության հետ համագործակցությամբ, որը ոլորտում հեղինակավոր և փորձառու կազմակերպություն է: Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ ծրագիրը մեծ նշանակություն կունենա ոչ միայն Երևանի և շրջակա համայնքների, այլև ողջ հանրապետության համար՝ կարևորվելով ինչպես իր ճարտարապետական բաղադրիչով, այնպես էլ էական դրական ազդեցություն թողնելով երկրի ողջ ակադեմիական համակարգի վրա: Այնուհետև Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով գլխավոր հատակագծի նախնական տարբերակի մանրամասները, անդրադարձել է տեղադիրքի և դրա ենթակառուցվածքների առավել արդյունավետ օգտագործման հնարավորություններին: Նրա խոսքով՝ գլխավոր հատակագծի հայեցակարգն այժմ մշակվում է առավել մանրամասնությամբ և առաջիկայում կներկայացվի: Ծրագրի հիմնական մարտահրավերների համատեքստում ԿԳՄՍ նախարարը նշել է քաղաքի շահառուների և այցելուների համար տրանսպորտային հասանելիության ապահովման հիմնախնդիրը, որը պետք է ապահովի քաղաքի բնականոն գործունեությունը։ Անդրադառնալով միջպետական բուհերի հետագա գործունեությանը վերաբերող հարցերին՝ ԿԳՄՍ նախարարը բուհերի ռեկտորներին առաջարկել է իրենց գործունեության զարգացման ու ընդլայնման օրակարգը դիտարկել Ակադեմիական քաղաք ծրագրի շրջանակում: «Ստեղծվելու է ենթակառուցվածք, որն իր որակով, բազմազանությամբ և հասանելիությամբ շատ ավելի գրավիչ կլինի բարձրագույն կրթության ու հետազոտության կազմակերպման համար: Նմանօրինակ միջավայրի առկայության պարագայում վստահ ենք՝ բուհերն իրենք կցանկանան քաղաքում տեղ գտնել: Կառավարության այս ծրագիրը հնարավորություն է նաև միջպետական բուհերի ընդլայնման և հետագա զարգացման համար: Ընդ որում՝ ակադեմիական քաղաքի՝ ամբողջ ծավալով գործելու համար երկարատև ժամանակ է անհրաժեշտ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ միջպետական բուհերի ռեկտորներին առաջարկելով ծրագրի հետ կապված ներկայացնել դիտարկումներ և առաջարկներ: Առաջարկվել է ձևավորել աշխատանքային առանձին խումբ՝ միջպետական բուհերի կարիքներն ու պահանջներն ակադեմիական քաղաքի ստեղծման գործընթացում հնարավորինս հաշվի առնելու, մշտական իրազեկման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու, նախատեսվող լուծումների քննարկումներն առավել մասնակցային դարձնելու նպատակով: Միջպետական բուհերի ռեկտորներն Ակադեմիական քաղաք ծրագրի շրջանակում կարևորել են շարունակական հանդիպումներն ու քննարկումները` պատրաստակամություն հայտնելով իրենց հեռահար զարգացման ծրագրերում դիտարկելու նաև ակադեմիական քաղաքին ներգրավվածության հնարավորությունը։
18:38 - 20 մարտի, 2024
«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրական պտուղները տեսանելի են դառնալու ապագայում. դրա իրական շահառուներն այսօր դեռ դպրոցում սովորող աշակերտներն են․ Ժաննա Անդրեասյան

«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրական պտուղները տեսանելի են դառնալու ապագայում. դրա իրական շահառուներն այսօր դեռ դպրոցում սովորող աշակերտներն են․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ:   Հանդիպման ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք» նախագծի ընթացքին, կրթաթոշակային նոր քաղաքականությանը և ոլորտին առնչվող մի շարք հարցեր:   Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:   ԿԳՄՍ նախարարը նշել է, որ բոլոր բուհերից ստացված արձագանքների հիման վրա ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակում ձևավորվել են աշխատանքային խմբեր՝ ոլորտային կազմակերպությունների ներգրավմամբ: Նախարարը շնորհակալություն է հայտնել բուհերի ռեկտորներին՝ պատրաստակամության, բարձր մասնակցայնության և ներկայացված առաջարկների համար. «Բուհերն այս ընթացքում հանդես են գալիս կոնկրետ առաջարկներով և ակտիվորեն մասնակցում են աշխատանքային խմբերի քննարկումներին, ինչը շատ կարևոր է: Այժմ ընթանում են ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակման աշխատանքները: Գործընկերների գնահատմամբ՝ նախատեսված տարածքը բավարար է մեր պատկերացրած ֆունկցիոնալ հնարավորությունները ստանալու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու ընդգծել՝ ուսումնասիրվում են բազմաթիվ շերտեր, իրականացվում է մանրակրկիտ աշխատանք: Ակադեմիական քաղաքի նախագծային աշխատանքներում ընդգրկված է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ հանդիսանալով ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող գերմանական gmp International GmbH Architects and Engineers ընկերության գործընկերը: ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ներկայացնելով նախագծային աշխատանքների ընթացքը, նշել է, որ ակադեմիական քաղաքի հայեցակարգը նախագծվում է պրոֆեսիոնալ բարձր մակարդակով. «Նախագիծը քննարկվում է ամենայն մանրամասնությամբ՝ դիտարկելով յուրաքանչյուր դետալ: Մեր իրականության մեջ քաղաքաշինական որևէ նախագիծ, թերևս, այսպիսի մանրամասնությամբ չի քննարկվել մասնագետների կողմից: Այս նախագիծը մեզ համար՝ որպես ճարտարապետության և շինարարության ոլորտում կրթական ծրագիր իրականացնող բուհի, շատ հետաքրքիր և ուսանելի նորություն է»: Անդրադառնալով բովանդակային հարցերին՝ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ նախարարությունն առանձին ուղղություններով հայեցակարգային 36 առաջարկ է  ստացել բարձրագույն ուսումնական հաստատություններից, որոնց մշակման և ամփոփման աշխատանքներում, բացի Հայաստանի ոլորտային փորձառու կազմակերպություններից և բուհերից, ներգրավվելու են նաև միջազգային գործընկերներ: Հանդիպման ընթացքում բուհերի ղեկավարները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ակադեմիական քաղաքի սահիկաշարն առաջիկայում կներկայացվի բուհերի ռեկտորներին, և յուրաքանչյուր բուհում կլինեն հանդիպումներ՝ ծրագրի մանրամասների ներկայացման ու քննարկումների նպատակով: Բուհերի ռեկտորների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև բուհերի խոշորացման գործընթացին. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ գործընթացը բավականին բարդ է և բազմաշերտ, բայց դրա շրջանակում ցանկացած քայլ կատարվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների անմիջական ներգրավմամբ: «Յուրաքանչյուր բուհի հետ կունենանք առանձին քննարկում՝ ներկայացնելով նախագիծը: Սա բարդ և երկարատև գործընթաց է, որը չի կարող արդյունավետ իրականացվել՝ առանց բուհերի հետ համագործակցված աշխատանքի: Այս առումով նախարարությունը,  Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և բուհերը գործընկերներ են, որոնց միավորում է բարձրագույն կրթության և գիտության որակի բարելավումը, որը ենթադրում է բուհերում հետազոտության բաղադրիչի ուժեղացում: Կարևորում ենք բուհական հանրույթի հետ արդյունավետ համագործակցությունը և կարծում ենք՝ երկխոսությունը պետք է հանգեցնի այնպիսի մի իրավիճակի, որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը հանրային ընկալումներում դիտարկվի ոչ միայն Կառավարության կամ նախարարության, այլև առաջին հերթին բուհերի ծրագիր: Ծրագրի իրական պտուղները տեսանելի են դառնալու ապագայում. դրա իրական շահառուներն այսօր դեռ դպրոցում սովորող աշակերտներն են, որոնց համար մենք ցանկանում ենք ապահովել որակյալ և մրցունակ բարձրագույն կրթության հնարավորություն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ՀՀ կառավարության կողմից կրթաթոշակի տրամադրման նոր քաղաքականությունը, ըստ որի՝ պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության գրավչության բարձրացման և առավել պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի համաչափ կարգավորման նպատակով յուրաքանչյուր ուսումնական տարի հաստատվում է գերակա մասնագիտությունների ցանկ, և այդ մասնագիտություններով ընդունվածներին տրամադրվում է բարձր կրթաթոշակ: Ժաննա Անդրեասյանը բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին առաջարկել է ներկայացնել առաջարկներ՝ մասնագիտությունների ցանկի համալրման նպատակով: Հանդիպման ընթացքում բուհերի ռեկտորները ներկայացրել են նաև իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են գիտական գործունեության նոր չափանիշներին, գնումների գործընթացին, մասնագիտությունների և տեղերի հաստատմանը և  ընթացիկ մի շարք այլ խնդիրների:
18:40 - 15 մարտի, 2024
Կառավարությունն ավելի քան 1 մլրդ դրամ հատկացրեց մանկապարտեզների և դպրոցների կառուցման համար
 |armenpress.am|

Կառավարությունն ավելի քան 1 մլրդ դրամ հատկացրեց մանկապարտեզների և դպրոցների կառուցման համար |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը ֆինանսական միջոցներ կհատկացնի մի շարք կրթական և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքներն ապահովելու համար։ Կառավարության հերթական նիստին նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախագծով նախատեսվում է 2024 թվականի պետական բյուջեով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 1 միլիարդ 367 միլիոն 925 հազար դրամի չափով, որի նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման համար։ «Նշվածը վերաբերվում է երկու մանկապարտեզի կառուցման, 6 մոդուլային դպրոցի կառուցման, մեկ ավագ դպրոցի մասնաշենքի կառուցման, 15 դպրոցի մարզադահլիճների կառուցման և 11 դպրոցի մարզադահլիճների վերակառուցման աշխատանքներին, ինչպես նաև նախագծով ֆինանսավորում է հատկացվում 8 դպրոցի նախագծանախահաշվարկային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների համար»,-ասաց Անդրեասյանը։ Նախարարի խոսքով՝ գրեթե բոլոր օբյեկտներում ավարտական աշխատանքների փաստացի ծավալների ճշգրտման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել կատարել ծավալների ավելացում։ «Հաշվի առնելով, որ օբյեկտների աշխատանքների կատարման ժամկետները 2023 թվականին ավարտվել են՝ նախագծով նախատեսվում են մի շարք թույլտվություններ, որպեսզի քաղաքաշինության կոմիտեն կարողանա համաձայնագրեր կնքել ծավալների ավելացում կատարելու նպատակով։ Բացի այդ, Երևանի թիվ 92 հիմնական դպրոցի մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի մասնաշենքի վերակառուցման համար նախատեսվում է նաև թույլտվության ծավալների ավելացման թույլատրելի տասը տոկոսը գերազանցելու համար, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխատանքների իրականացման ընթացքում պարզ է դարձել, որ մասնաշենքերը կապող տականցումը քանդման ենթակա է և այդ հատվածը պետք է կառուցվի վերակառուցման փոխարեն։ Նաև Մեդովկայի և Հագվու հիմնական դպրոցների կառուցման աշխատանքների ծավալներն են ավելացվում»,-եզրափակեց ԿԳՄՍ նախարարը։
11:58 - 07 մարտի, 2024
Եկեք արձանագրենք, որ մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք սովորում ենք զրոյից. Փաշինյան
 |1lurer.am|

Եկեք արձանագրենք, որ մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք սովորում ենք զրոյից. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Նախատեսվում է 2024 թվականի պետական բյուջեով ԿԳՄՍՆ-ին կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 1 միլիարդ 367 միլիոն 925 հազար դրամի չափով, որի նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման համար: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մարտի 7-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Նշվածը վերաբերում է 2 մանկապարտեզի կառուցմանը, 6 մոդուլային դպրոցի կառուցմանը, 1 ավագ դպրոցի մասնաշենքի կառուցմանը, 15 դպրոցի մարզադահլիճի կառուցման և 11 դպրոցի մարզադահլիճների վերակառուցման աշխատանքներին, ինչպես նաև նախագծով ֆինանսավորում է հատկացվում 8 դպրոցների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների համար»,- ասաց նախարարը: Ըստ Անդրեասյանի՝ գրեթե բոլոր օբյեկտներում անհրաժեշտություն է առաջացել կատարել ծավալների ավելացում, ու քանի որ օբյեկտների աշխատանքների կատարման ժամկետները 2023-ին ավարտվել են, նախագծով նախատեսվում են մի շարք թույլտվություններ, որպեսզի Քաղաքաշինության կոմիտեն կարողանա համաձայնագրեր կնքել ծավալների ավելացում կատարելու նպատակով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց նախարարին՝ ե՞րբ են մարզադպրոցները հանձնվելու շահագործման, քանի որ ժամկետի սահմանումը կարևոր է: «Պրակտիկայում գնում ենք, ի՞նչ իրադրություն ենք տեսնում, գնում ենք, տեսնում ենք, որ շինարարությունն ավարտվել է, բայց գույքը տեղ չի հասել. սա երկրորդ պրոբլեմը: Շինարարությունն ավարտվել է, գույքը տեղ է հասել, բայց հոսանքը չեն միացրել: Շինարարությունն ավարտվել է, գույքը տեղ է հասել, հոսանքը միացվել է, ջուր չկա. սա մյուս պրոբլեմը: Էլի կարող եմ շարունակել, ինձ համար շահագործման ժամկետն այն է, երբ աշակերտները մտնում են այնտեղ և նրանց էվակուացնելու անհրաժեշտություն չի առաջանում հաջորդ օրը կամ մի շաբաթից»,- ասաց նա: Խոսքն ուղղելով ԿԳՄՍ նախարարին՝ Նիկոլ Փաշինյանը նաև հարցրեց, թե երբ պետք է հույս ունենալ, որ, օրինակ, Ջրառատի դպրոցը լիարժեք կշահագործվի: Նախարարը որպես ժամկետ նշեց այս տարվա ապրիլի 30-ը, ապա ասաց ծրագրով նախատեսվող բոլոր դպրոցների շինարարության վերջնաժամկետները: Խոսքն ուղղելով մարզպետներին՝ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այդ օբյեկտներ այցելո՞ւմ են, շինաշխատանքների ընթացքին հետևո՞ւմ են: ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ասաց, որ դժգոհություններ ունի շինարարության տեմպից ու որակից, նաև Կապսի դպրոցի պատուհաններն են անորակ, և որ դիմել են պատվիրատուին, որպեսզի վերանայեն պատուհանները: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արձագանքեց, որ նույնիսկ Երևանում կան դպրոցներ, որտեղ մեկ կապալառուի կողմից տեղադրված են տարբեր որակի պատուհաններ: «Խնդիր է դա, հեշտ լուծելի խնդիր չէ: Ինչ-որ մի քայլ արել ենք, որ գնանք ստանդարտացման ուղղությամբ, երբեմն դեպքեր կան նույնիսկ, որ մեր պատվիրատուները կապալառուների հետ աշխատանքի ժամանակ ստիպված են լինում ասել՝ դու բե՛ր, 3 օրինակ ցո՛ւյց տուր, մենք ասենք՝ դրանից որը կարող ես որակի առումով տեղադրել, որ հետո խնդիրներ չլինեն: Բայց դա նշանակում է, որ մեր պատվիրատուները մտնում են ամեն մի դպրոցի շինարարության ընթացքի մեջ, և փորձում են կապալառուի հետ միասին դեպք-դեպք համաձայնել կամ չհամաձայնել. սա էլ ինչ-որ տեղ վարչարարական պրոբլեմներ առաջացնող հարց է»,- ասաց նա: Վարչապետն արձագանքեց՝ պետք է արձանագրել խնդիրը, և սովորել դա լուծել. «Եկեք արձանագրենք, որ մենք չգիտենք, մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք սովորում ենք զրոյից»:
11:57 - 07 մարտի, 2024
Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ֆրանսիա

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ֆրանսիա

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ֆրանսիա։ Վարչապետի համապատասխան որոշման մեջ նշվում է, որ Ժաննա Անդրեասյանը Փարիզ կգործուղվի ապրիլի 3-5-ը։ Նա կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին։ Այս տարի նշվում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակը։ Հայաստանում այս տարի նախատեսված է ավելի քան 30 ծրագիր, որոնց մեկնարկը տրվել է 2024 թվականի հունվարին: Ծրագրի շրջանակում նախատեսվում են միջոցառումներ մայրաքաղաքում, մարզերում և արտերկրում: Նախատեսվում է միջազգային գիտական կոնֆերանս, գիտական մենագրության հրատարակություն, ֆիլմերի ցուցադրություններ, Սերգեյ Փարաջանովին նվիրված կրթամշակութային հանդես, թատերական բալետային, պարային ներկայացումներ, ֆոտոցուցահանդես և այլն:
16:54 - 05 մարտի, 2024
Միջազգային փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած, մրցանակ ստացած մշակութային գործիչները 1 տարի դրամական խրախուսում կստանան
 |1lurer.am|

Միջազգային փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած, մրցանակ ստացած մշակութային գործիչները 1 տարի դրամական խրախուսում կստանան |1lurer.am|

1lurer.am: Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած, մրցանակի արժանացած մշակութային գործիչները դրամական խրախուսում կստանան: Նպատակը արվեստի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները խրախուսելն է, գեղարվեստական և մշակութային արդյունքի ճանաչելիությունը բարձրացնելը, մշակութային գործիչների համար ստեղծագործական բարենպաստ միջավայր ձևավորելը, ինչպես նաև առհասարակ ոլորտում պետական խրախուսման մեխանիզմներ ներդնելը: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 29-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը: «Միջազգային հեղինակավոր փառատոներն ու մրցանակաբաշխությունները բազմաթիվ են, այս նախագծով էլ ընդգրկված են ավելի քան 150 նման փառատոներ, մրցույթներ ու մրցանակաբաշխություններ, ու դրանց թվին են դասվում այն միջոցառումները, որոնց ցանկը հաստատվում է ոլորտի միջազգային կազմակերպությունների կամ ասոցիացիաների կողմից»,- ասաց նա: Ըստ Անդրեասյանի՝ դրամական խրախուսումը տրամադրվելու է ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ մշակույթի ոլորտի այն գործիչներին, որոնք, որպես ՀՀ ներկայացուցիչ, մասնակցել են միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին և արժանացել են մրցանակի: Խոսքը թատերարվեստի, կերպարվեստի, երաժշտարվեստի, պարարվեստի, կինոարվեստի, մշակութային ժառանգության, գրականության մասին է: «Կան նաև այնպիսի մրցանակաբաշխություններ կամ փառատոներ, որոնց պարագայում երկրի մասնակցությունը տվյալ փառատոնին արդեն իսկ հավասարազոր է հաղթանակի, դա նշանակում է՝ տվյալ ստեղծագործությունը, ֆիլմը, ներկայացումն արդեն իսկ անցել է նախընտրական փուլը և ընդգրկվել փառատոնային ծրագրում»,- ասաց նախարարը՝ նշելով, որ փառատոներն ու մրցանակաբաշխությունները պետք է ունենան միջազգային ձևաչափ և միջազգային ժյուրի: Խրախուսումն իրականացվելու է ամսական պարբերականությամբ՝ 1 տարի ժամկետով, և 1-ից ավելի արդյունք ունենալու դեպքում վճարվելու է դրանցից յուրաքանչյուրի համար: «Չափերը սահմանելիս հիմք ենք վերցրել սպորտի ոլորտում բարձր նվաճումներ ունեցող մարզիկների խրախուսման գործող կարգը, որով փորձել ենք ապահովել երկու ոլորտներում խրախուսման համաչափությունը՝ ամսական 130 հազարից մինչև 800 հազար դրամ: Խրախուսում կարող են ստանալ ինչպես անհատները, այդպես էլ խմբերը»,- ասաց նախարարը: Ըստ Անդրեասյանի՝ վերլուծությունը ցույց է տվել, որ խրախուսում ստացողների տարեկան թիվը կլինի 11 մարդ և 2 խումբ, տարվա կտրվածքով դրամական խրախուսման չափը շուրջ 85 միլիոն դրամ է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ մարզիկների խրախուսման մեխանիզմի գործարկումից հետո արդյունքներ են գրանցվել, այս նախագծով նպատակ կա նմանատիպ մեխանիզմ ներդնել նաև մշակույթի ոլորտում: Բայց, ի տարբերություն սպորտի ոլորտի, այս ոլորտում մեխանիզմներ մշակելը բարդ է, իսկ սպորտի դեպքում ամեն ինչ հստակ է. կա Աշխարհի չեմպիոն, կա Եվրոպայի չեմպիոն, կան ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիրներ, և ըստ այդմ էլ կատարվում է պարգևատրումը: «Մշակույթի դեպքում մենք բարդություններ ունեինք, և հիմա փորձել ենք որոշակի շրջանակ ձևակերպել (այնպես չէ, որ այդ բարդությունները լիարժեք հաղթահարված են), որպեսզի նաև մեր մշակույթի ոլորտում խրախուսման և աջակցության այդ մեխանիզմը ստեղծենք»,- ասաց նա: Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծեց, որ այս նախագծով ցույց են տալիս, որ կոչումների քաղաքականությունից հրաժարվելով՝ ոլորտում աշխատանքի գնահատման և ստեղծագործության գնահատման գործիքակազմ են ներդնում:
12:02 - 29 փետրվարի, 2024
Անահիտ Ավանեսյանն ու Ժաննա Անդրեասյանը ստորագրեցին պաշտոնական հրաման, որով կներդրվի հետբուհական մասնագիտական կրթական նոր ծրագիր
 |armenpress.am|

Անահիտ Ավանեսյանն ու Ժաննա Անդրեասյանը ստորագրեցին պաշտոնական հրաման, որով կներդրվի հետբուհական մասնագիտական կրթական նոր ծրագիր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության առողջապահության և ԿԳՄՍ նախարարների համատեղ ստորագրած պաշտոնական հրամանով կներդրվի հետբուհական մասնագիտական կրթական ծրագիր: Այն գործելու է բժշկական կրթության ոլորտում կլինիկական օրդինատուրայի հենքի վրա: Ծրագրի ակադեմիական գործընկերներն են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտն ու ԵՊԲՀ-ը, իսկ միջազգային գործընկերը՝ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը: Ծրագիրը ստեղծվել է «Հենար» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ: Ծրագրի հիմնական կլինիկական գործընկերներն են Արաբկիր բժշկական համալիրը, Մուրացան համալսարանական հիվանդանոցային համալիրն ու Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ  ծրագիրը նպատակ ունի միավորել երկրում առկա լավագույն ակադեմիական և կլինիկական ռեսուրսները հետբուհական բժշկական կրթության ոլորտում, ինչպես նաև՝ համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ ստանալու նորարարական, ռեզիդենտակենտրոն ծրագիր՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա: Այս ծրագիրը ռեզիդենտներին տալու է ընդգրկուն, բազմազան և համապարփակ կրթություն։ «Այս ձեռքբերման հիմքում ընկած է բավական մեծ աշխատանք: Ես շնորհավորում եմ այս կարևոր համագործակցության, նաև՝  գրանցված այն արդյունքի համար, որը հետագայում թե՛ կրթական, թե՛ առողջապահական ոլորտում լուրջ բարեփոխումների հիմք է ծառայելու: Հայաստանի զարգացման և ձեռքբերումների համար չափազանց կարևոր է տարբեր գերատեսչությունների, նախարարությունների ու նաև բուհական համակարգի ակտիվ համագործակցությունը:  Ուրախ եմ, որ մենք այսօր արդեն իսկ իրականացնում ենք պիլոտային ծրագիրը, որը մեզ հնարավորություն կտա օգտագործելով և վերցնելով  մեր միջազգային գործընկերների շատ կարևոր փորձը՝  ձևավորել այն կառուցակարգերը, որի շրջանակներում հետագայում կվերանայենք և կմեկնարկենք մեր մյուս ծրագրերը»,- ասաց Ավանեսյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ անդրադառնալով իրականացվող փոփոխություններին՝ ընդգծեց, որ դրանց անհրաժեշտությունն  այս պահին կա թե՛ կրթության, թե՛ առողջապահության ոլորտներում: «Ուրախ եմ, որ միջգերատեսչական համագործակցությունը,  որը դեռևս բարելավվելու անհրաժեշտություն ունի,  կյանքի կոչվեց: Կարևորում եմ այն փաստը, որ այն իրականցվում է որպես փորձնական ծրագիր, որովհետև սա մի ուղղություն է, որտեղ մենք կարիք ունենք հասկանալու լավագույն ճանապարհները, փորձելու դրանք և այդ փորձի հիման վրա նաև տեսնելու, թե ինչպիսին պետք է լինի համակարգային փոփոխությունը»,- նշեց նախարարը: Հետբուհական մասնագիտական կրթական ծրագիրը գործում է Առողջապահության նախարարության նպատակային օրդինատուրայի ծրագրի շրջանակներում: Այն մեկնարկել է 2023 թ-ի հոկտեմբերի 9-ին, ունի մրցութային կարգով ընդգրկված 8 սան, ովքեր  ընդունվել են Երևանի պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի միջոցով:
17:58 - 21 փետրվարի, 2024
Մանկավարժական կրթության բարեփոխումն առանցքային խնդիր է. Ժաննա Անդրեասյան

Մանկավարժական կրթության բարեփոխումն առանցքային խնդիր է. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Էրազմուս+» բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման «Մանկավարժական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և թվային անցման Հայաստանում և Մոլդովայում» ծրագրի մեկնարկին: ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, բուհերի ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ: Ծրագրի նպատակն է բարեփոխել մանկավարժական կրթությունը Հայաստանում՝ անցում կատարելով ավանդականից դեպի ապագային միտված ուսումնական ծրագրերի և ուսուցման մեթոդների, դեպի հանրակրթության ազգային նպատակների իրագործում՝ կանաչ և թվային ուսուցման միջոցով: Ծրագրի տևողությունը 3 տարի է. ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվում է Եվրամիության «Էրազմուս» ծրագրի շրջանակում: Վերանայվելու և ամբողջովին վերափոխվելու է բակալավրի, մագիստրոսական 5-ական և 2 կարճաժամկետ ծրագիր: Ծրագրի համակարգողը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն է, գործընկեր բուհերն են ԵՊՀ-ն և Շիրակի պետական համալսարանը, ինչպես նաև երկու մանկավարժական բուհ՝ Մոլդովայից, որոնք ծրագրի հիմնական շահառուներն են: Ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել ուսուցչի մասնագիտության հայեցակարգը՝ 2027-2035 թվականների համար: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է կարևոր ծրագրի մեկնարկի առիթով և ընդգծել՝ կրթության ոլորտի մեծածավալ բարեփոխումները պահանջում են, որպեսզի այդ փոփոխություններն ունենան իրենց տրամաբանական արտացոլումը մանկավարժական կրթության հայեցակարգում և բովանդակության մեջ: «Մանկավարժական կրթության բարեփոխումը խիստ առանցքային խնդիր է. շատ բան կարող է փոխվել, բայց դպրոցում ամենակարևոր մարդը շարունակում է մնալ ուսուցիչը, որի ազդեցությունը երեխաների և կրթական արդյունքի ու բովանդակության վրա անգնահատելի է: Անչափ կարևոր է, որ մանկավարժական կրթության որակն ու բովանդակությունը համահունչ լինեն ժամանակակից մարտահրավերներին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով կարևոր նախաձեռնության հեղինակներին: ԿԳՄՍ նախարարը նաև ընդգծել է ծրագրի կարևորությունը կրթության ոլորտի մեկ այլ մակարդակի՝ բարձրագույն կրթության բարեփոխումների հայեցակարգում: Նրա գնահատմամբ՝ ամենակարևոր աշխատանքը բարձրագույն կրթության վերափոխումն է, որպեսզի այն դառնա մրցունակ, միջազգայնորեն ճանաչելի և համադրելի: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է այն հանգամանքը, որ ծրագիրն իրականացվելու է 5 գործընկեր բուհերի հետ համադրմամբ և ՀՊՄՀ համակարգմամբ: «Սա շատ կարևոր աշխատանք է, որն ի սկզբանե աջակցելու է թե՛ միջազգայնացմանը, թե՛ բարձրագույն կրթության որակական փոփոխությանը: Կրթության ոլորտի բարեփոխումների առանցքում բարձրագույն կրթությունն ունի առանցքային նշանակություն: Այս իմաստով հատկապես կարևոր է ծրագրի շրջանակում մշակվելիք մանկավարժական կրթության հայեցակարգը, որը, կարծում եմ, ուղենշային փաստաթուղթ կդառնա մեր երկրում և ոչ միայն՝ մանկավարժական կրթության կազմակերպման և առաջնորդման համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հայտնելով նախարարության պատրաստակամությունն աջակցելու ծրագրի ընթացքին: Ծրագրի մեկնարկի առիթով ներկաներին ողջունել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով. «Այսօր դպրոցը և մանկավարժությունը մարտահրավերային փուլում են. գտնվելով տեխնոլոգիական հեղափոխության ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ շատ արագ է զարգանում, դպրոցը և ուսուցիչը պետք է հասցնեն համընթաց քայլել: Հետևաբար, ուսուցչի դերը, նրա կողմից կիրառվող մեթոդները, դասի կառավարման իրականացումը բոլորովին այլ սկզբունքների վրա պետք է հիմնված լինեն»,- ասել է նախարարի տեղակալը՝ վստահություն հայտնելով, որ ծրագրի շրջանակում իրականացվող բոլոր գործողությունները միտված են լինելու ուսուցիչների՝ անհրաժեշտ հմտություններով ու կարողություններով զինմանը: Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի խոսքով՝ հատուկ վերափոխման և վերանայման են ենթարկվելու 3 հիմնական ուղղություններ՝ օտար լեզուների, հատուկ և ներառական մանկավարժության, ԲՏՃՄ առարկաների ոլորտների բոլոր ծրագրային մոտեցումները և մեթոդները, որոնց համար կձևավորվի հստակ գործիքակազմ: Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսն իր հերթին նշել է, որ ծրագրի շրջանակում իրականացվող կանաչ և թվային կրթությունն ապահովում է հասարակության կայուն զարգացումը, ինչն էլ առնչվում է մանկավարժական կրթության հիմնահարցերին: Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, կարևորելով մանկավարժների գործունեությունը, հույս է հայտնել, որ ծրագիրը կօգնի ուսուցիչներին իրենց աշխատանքն ավելի հստակ և արդյունավետ կազմակերպել:
16:28 - 19 փետրվարի, 2024
Տնօրեն լինելը զարգացման տեսլական ունենալն է, որ պիտի սերտ կապված լինի տվյալ դպրոցի խնդիրների վերլուծության ու ձևակերպման հետ. Ժաննա Անդրեասյան

Տնօրեն լինելը զարգացման տեսլական ունենալն է, որ պիտի սերտ կապված լինի տվյալ դպրոցի խնդիրների վերլուծության ու ձևակերպման հետ. Ժաննա Անդրեասյան

Արդեն տևական ժամանակ է՝ դպրոցի տնօրենի նշանակման կարգով հարցազրույցի փուլն արվում է համատեղ հանձնաժողովի կողմից՝ նախարարության և լիազոր մարմնի մասնակցությամբ։ Ուզում եմ կիսվել մի քանի տպավորությամբ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:     Նախարարի խոսքով՝ երբեմն որոշ մարդկանց մոտ ընկալում կա, թե պետության պահանջները պիտի տարբեր լինեն քաղաքային և գյուղական դպրոցների տնօրենների համար, ասել է, թե գյուղական դպրոցների տնօրենների հավակնորդները կարող են որոշ հարցերի չտիրապետել կամ կարելի է աչք փակել ինչ-ինչ հարցերի վրա, որովհետև, ի վերջո, խոսում ենք գյուղական դպրոցի մասին։   «Այս մոտեցումը իրականում ոչ այլ ինչ է, քան առաջարկ՝ սորտավորել մեր քաղաքացիներին ու այդ սորտավորման մեջ որոշ քաղաքացիների՝ նվազ բարենպաստ պայմանները ընդունել որպես նորմալ, այսինքն՝ եթե մենք գնանք այս ընկալման հետևից, պիտի ընդունենք, որ գյուղական այդ բնակավայրերի երեխաները ոչինչ, որ ավելի վատորակ կրթություն ստանան, դե դա է հնարավոր առավելագույնը։   Սա անընդունելի մոտեցում է․ պահանջները նույնն են, կրթության որակի նվազագույն ստանդարտը նույնն է, մեր երեխաներին հասանելիք կրթությունը պետք է նույն որակի լինի՝ անկախ բնակավայրից․ սա է կրթության ռազմավարության ասելիքն ու անելիքը։   Հենց այս նպատակով է, որ այսօր միլիարդավոր դրամներ են ներդրվում հենց գյուղական բնակավայրերում ուսուցիչների աշխատավարձի բարձրացման համար, դպրոցական ենթակառուցվածքի բարելավման համար։ Որովհետև խոսքը մեր երեխաների մասին է, որոնք նույն իրավունքներն ունեն՝ անկախ իրենց բնակության վայրից։ Ու, այո՛, գիտակցելով, որ դրան հասնելու համար ժամանակ է պետք, այդ ժամանակը պետք է օգտագործվի լուծումներ գտնելու, ոչ թե իրավիճակին հարմարվելու համար։   Դեռևս շատ հավակնորդների թվում է, թե հարցերն ունեն ի սկզբանե սխալ և ճիշտ պատասխաններ, որոնք պետք է հիշել։   Ցավոք, մասնակիցներից քչերն են դեռևս պատկերացնում, որ դպրոցի տնօրեն լինելն առաջին հերթին զարգացման տեսլական ունենալն է, որ պիտի սերտ կապված լինի տվյալ դպրոցի խնդիրների վերլուծության ու ձևակերպման հետ։ Անգիրը դպրոցի տնօրեն դառնալու ճանապարհ չի, մտածելն է այդ ճանապարհը։   Շատ բարդ է գործընթացը։ Բայց այլընտրանք չկա։   Սիրելի՛ հավակնորդներ, առաջին հերթին մտածեք դպրոցի մասին, որն ուզում եք ղեկավարել, մտածեք դպրոցի մասին ոչ թե որպես շենք, այլ որպես միջավայր ու բովանդակություն»,- գրել է Ժաննա Անդրեասյանը։
12:26 - 18 փետրվարի, 2024
Ժաննա Անդրեասյանը ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովում հանդես է եկել զեկույցով

Ժաննա Անդրեասյանը ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովում հանդես է եկել զեկույցով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Աբու Դաբիում մասնակցել է ՅՈւՆԵՍԿՕ–ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովին, որի շրջանակում զեկույցով հանդես է եկել “Quality and relevant lifelong and life-wide learning in and through cultural diversity” խորագրով պանելային նիստում: Զեկույցի ընթացքում նախարարը ներկայացրել է մշակութային բազմազանության համատեքստում շարունակական կրթության ապահովման անհրաժեշտությունը և անդրադարձել Հայաստանի փորձին։ Նա նշել է, որ 2022 թվականին հաստատվել է ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, որի նպատակներից է ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, Հայաստանի Հանրապետության զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ձևավորումը, որը կյանքի բոլոր փուլերում յուրաքանչյուրին հնարավորություն կտա ստանալու իր կարիքներին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն։ Նախարարը նշել է, որ ծրագրի նպատակի իրականացման համար սահմանվել են մի շարք ռազմավարական ուղղություններ, որոնցից մեկն է համընդհանուր ներառական սովորողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծումը: Սա, ըստ նախարարի, յուրաքանչյուր քաղաքացու համար կյանքի բոլոր փուլերում հասանելի կդարձնի իր զարգացման և անձնային առանձնահատկություններից բխող և քաղաքացիական համագործակցությանը նպաստող որակյալ և արդյունավետ կրթական ծառայությունները Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Ժաննա Անդրեասյանը նաև նշել է, որ շարունակական կրթությունը չի կարող դիտարկվել մշակութային բազմազանության հայեցակարգից դուրս: Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին քայլեր է ձեռնարկել` խթանելու ժամանակակից արվեստի ոլորտի զարգացումը` կիրառելով մշակութային բազմազանության ապահովմանը նպատակաուղղված միջոցներ և համատեղելով ֆորմալ ու ոչ ֆորմալ մշակութային կրթությունը։ ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության էթնիկ զտումների և բռնի տեղահանման համատեքստում կրթության իրավունքի իրացմանը: Նա նշել է, որ նախարարությունը գործադրել և շարունակում է գործադրել բոլոր ջանքերը՝ ապահովելու ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության լիարժեք ինտեգրումը կրթական գործընթացին։ Նախարարը կարևորել է միջազգային հանրության արձագանքը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների մշակութային և կրթական իրավունքների պաշտպանության ապահովման հարցում և շնորհակալություն հայտնել` ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը Հայաստան ուղարկելու համար՝ գնահատելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կրթական կարիքները: Նշենք նաև՝ համաժողովի արդյունքներով ընդունվելու է «Մշակույթի և արվեստի կրթության շրջանակ» փաստաթուղթը, որի նպատակն է առաջարկել նոր ուղիներ՝ բարելավելու, խորացնելու և ընդլայնելու կրթության և մշակույթի ոլորտների միջև համագործակցությունը՝ միաժամանակ օգտագործելով թվային տեխնոլոգիաները՝ արագացնելու 2030 օրակարգով սահմանված համաշխարհային զարգացման ներկա և ապագա նպատակների իրագործումը: Այցի ընթացքում ԿԳՄՍ նախարարն ունեցել է նաև երկկողմ հանդիպումներ։  
19:13 - 13 փետրվարի, 2024
ԿԳՄՍ նախարարը մեկնում է Աբու Դաբի՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովին

ԿԳՄՍ նախարարը մեկնում է Աբու Դաբի՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի): Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: ԿԳՄՍ նախարարն Աբու Դաբիում փետրվարի 12-14-ը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության վերաբերյալ համաշխարհային համաժողովին: Համաժողովին մասնակցությունը հնարավորություն կընձեռի տարածելու և հանրահռչակելու մշակութային կրթության ոլորտում Հայաստանի փորձն արտերկրում, խթանելու օտարերկրյա պետությունների հետ համագործակցությունը և կրթամշակութային կապերը, ինչպես նաև սերտացնելու համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի և օտարերկրյա պետությունների գործընկեր կազմակերպությունների հետ, ձեռք բերելու նոր կապեր և պայմանավորվածություններ, մշակելու նոր համատեղ ծրագրեր: Համաժողովի ընթացքում ԿԳՄՍ նախարարը թեմատիկ պանելային քննարկումների ընթացքում հանդես կգա զեկույցներով:
16:55 - 12 փետրվարի, 2024
Զեյթունի հանրակացարանը շատ վատ վիճակում է. նախարարը` ուսանողների ճակատագրի մասին
 |armeniasputnik.am|

Զեյթունի հանրակացարանը շատ վատ վիճակում է. նախարարը` ուսանողների ճակատագրի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկում է ուսումնական տարվա ավարտից հետո կազմակերպել Զեյթունի հանրակացարանի վերանորոգումը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց գերատեսչության ղեկավար Ժաննա Անդրեասյանը։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Զեյթունի հանրակացարանը կվերանորոգվի, իսկ այդ ընթացքում շուրջ 200 ուսանող անօթևան կմնա։ «Զեյթունի հանրակացարանը գտնվում է շատ վատ վիճակում, և այնտեղ տարրական պայմաններ ապահովելու կարիք կա։ Նախարարությունը որևէ ուսանողի վերաբնակեցնելու որոշում չի կայացրել։ Ամբողջ գործընթացը կկազմակերպվի այնպես, որ նաև ուսանողների կեցության տեսանկյունից հնարավորինս հարմար տարբերակներ գտնվեն»,– ասաց նախարարը։ Անդրեասյանը նշեց, որ հանրակացարանի վերանորոգումը նախատեսված է պետական բյուջեով, համապատասխան մրցույթներն արդեն անցկացվել են, արդեն պետք է սկսվի շինարարությունը։ Ինչ վերաբերում է այնտեղ ապրող ուսանողների կեցության խնդրին, ապա նախարարությունը քննարկում է ուսումնական տարվա ավարտից հետո կազմակերպել վերանորոգումը և ընթացիկ խնդիրներ չառաջացնել։
13:10 - 08 փետրվարի, 2024