ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ։

Ծնվել է1982 թվականի մայիսի 16-ին, Երեւանում։

Սովորել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, մագիստրոս։ 2007թ. սովորել է Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում։ 2009-2010թթ.՝ Ջորջթաունի համալսարան, Իրավունքի կենտրոն, ունի մագիստրոսի աստիճան։ 2017-2018թթ. սովորել է Սթենֆորդի համալսարանում, իրավագիտության մագիստրոս է։ 

2003-2005 թթ. եղել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու իրավախորհրդատվական կենտրոնի իրավախորհրդատու, 2005-2006 թթ.՝ ՀՀ ԱԳՆ, իրավաբանական վարչություն` պայմանագրային աշխատող, 2006 թ.-ից առ այսօր` ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս։

2008 թ. մասնակցել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությանը՝ որպես ավագ իրավաբան-վերլուծաբանի օգնական, 2008 թ., 2014-2015 թթ.՝ ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես խորհրդական։

2011 թ.-ից դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ 2008-2012 թթ. եղել է ՀՀ վարչապետի օգնական։ 2012-2014 թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։

2015-2017 թթ. աշխատել է Հայաստանի զարգացման նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամում, 2017-2018 հոկետմբեր՝ Պողոսյան, Կիրակոսյան եւ գործընկերներ իրավաբանական գրասենյակում, 2018 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր՝ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամում։

2018 թ. հոկտեմբերի 25-ին նշանակվել է Վարչապետի խորհրդական։ 

2018 թ. նոյեմբերի 7-ին նշանակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ։ 2019 թ. օգոստոսի 5-ին նշանակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ

Զինապարտ է, շարքային։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է։ Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

ՄԻԵԴ-ը վերահաստատել է իր՝ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին նախկին որոշման կատարման անհրաժեշտությունը

ՄԻԵԴ-ը վերահաստատել է իր՝ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին նախկին որոշման կատարման անհրաժեշտությունը

Հուլիսի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչությամբ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու ՀՀ կառավարության պահանջը՝ որոշել է վերահաստատել իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին կայացրած որոշումը, այն է՝ պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը: Այդ մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։ Սույն որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը փաստացի վերահաստատել է գործող իրադրության պայմաններում իր 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարման անհրաժեշտությունը և այն պետք է պարտադիր կատարվի Ադրբեջանի կողմից։
10:54 - 17 հուլիսի, 2023
Բաքուն մանիպուլացնում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը միջանցքի վերաբերյալ. Եղիշե Կիրակոսյան |azatutyun.am|

Բաքուն մանիպուլացնում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը միջանցքի վերաբերյալ. Եղիշե Կիրակոսյան |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Բաքուն մանիպուլացնում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, հայտարարում է Հայաստանի կառավարության միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը։ Եղիշե Կիրակոսյանը պնդում է՝ Ադրբեջանը պետք է կատարի դատարանի՝ օրերս կայացրած որոշումը առանց վերապահումների՝ ապաշրջափակելով Լաչինի միջանցքը։ «Ադրբեջանը, բնականաբար, հերթական անգամ մանիպուլացնում է դատարանի որոշման իմաստն ու բովանդակությունը։ Հետևյալն է ասել դատարանը, որ այս հանգամանքներում անհրաժեշտություն չի գտնում, որ փոփոխի իր կիրառած ժամանակավոր միջոցը», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։ Փետրվարին կայացված որոշումից ու դրա չկատարումից հետո Հայաստանը վերջերս դարձյալ դիմել էր Հաագայի դատարան՝ ահազանգելով, որ Բաքուն ոչ միայն չի բացում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, այլ նաև միջանցքում անցակետ է տեղադրել։ «Միևնույն ժամանակ դատարանը երկրորդ կետով միաձայն վերահաստատել է փետրվարի 22-ին կիրառած ժամանակավոր միջոցը, որը փաստացի նշանակում է մի բան, որ դատարանը ներկա իրավիճակում էլի անհրաժեշտ է համարում ու կիրառելի է համարում այն, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել կամ ձեռնարկել իր իրավասությամբ եղած բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով։ Եվ վստահաբար այս որոշումը դրա մասին է», - նշեց նա։ Բաքուն, սակայն, պնդում է՝ Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է « Ադրբեջանի՝ իր սահմանները վերահսկելու իրավունքը»։ Ադրբեջանի արտգործնախարարությունը տարածած հայտարարությամբ ողջունել է դատարանի որոշումը, որն, ըստ Բաքվի, հայկական կողմը սխալ է մեկնաբանել։ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները «անցնում են սահմանային անցակետով», իսկ անցակետի տեղադրումը, ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, «պայմանավորված էր Ադրբեջանի ինքնիշխան տարածք զենքի, ռազմական տեխնիկայի և զինվորների անօրինական հոսքը դադարեցնելու հրատապ անհրաժեշտությամբ»։
18:13 - 08 հուլիսի, 2023
Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է իր նախորդ որոշումը, որով պարտավորեցրել էր Ադրբեջանին  երաշխավորել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը

Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է իր նախորդ որոշումը, որով պարտավորեցրել էր Ադրբեջանին երաշխավորել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը

2023 թվականի հուլիսի 6-ին Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր՝ 2023 թվականի փետրվարի 22-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման լրացման մասին Հայաստանի խնդրանքի վերաբերյալ, որը պայմանավորված էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստով։ Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։ Դատարանը վերահաստատել է իր 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը, որով պարտավորեցրել էր Ադրբեջանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը, գտել է, որ այս պահին չկա իր 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը լրացնելու անհրաժեշտությունը:
14:38 - 07 հուլիսի, 2023
Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանին կներկայացնի նոր ապացույցներ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ |armenpress.am|

Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանին կներկայացնի նոր ապացույցներ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանին առաջիկա շաբաթվա ընթացքում կներկայացնի լրացուցիչ ապացույցներ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ և բետոնե պատնեշներ տեղադրելու և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Այս մասին հուլիսի 6-ին Հայաստան-Արցախ հեռուստակամուրջ-ասուլիսի ընթացքում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ «Միջազգային դատարանների հետ աշխատանքը սկսվել էր դեռ Լաչինի միջանցքը արգելափակելու առաջին օրվանից՝  նախորդ տարվա դեկտեմբեր ամսից։ Առաջինը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն էր, որով դատարանը պարտավորեցնում էր Ադրբեջանին ապահովել հիվանդերի և անօթևան մնացած անձանց անցումը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով՝ հիմնվելով նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանության վրա։ Բնականաբար, ՄԻԵԴ-ի նման շրջանակ ֆիքսելը պայմանավորված է իր առանձնահատկություններով, քանի որ այդ ատյանը միջանկյալ կամ ժամանակավոր միջոց կայացնելու որոշման դեպքում կենտրոնանում է երկու իրավունքների վրա՝ կյանքի իրավունքի և անմարդկային դաժան վերաբերմունքի դեմ։ Այդ տրամաբանությամբ էլ որոշումը ձևակերպվել էր։ Ցավոք, որոշման կայացումից հետո որևէ փոփոխություն տեղի չունեցավ»,- ասաց Կիրակոսյանը։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի խոսքով՝ ՄԻԵԴ-ի որոշումից հետո ավելի սրվեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման շարունակական խափանումներ եղան, որը ստիպեց հայկական կողմին հաջորդ քայլը ձեռնարկել և ներկայացնել պահանջ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան։ «Արդարադատության միջազգային դատարանը բավականին արագ հրատապ նիստ հրավիրեց արդեն հունվարի վերջին և փետրվարի 22-ին կայացրեց իր հայտնի որոշումը, որն ավելի լայն ձևակերպում տվեց և պարտավորեցրեց Ադրբեջանին ձեռնարկել իր իրավասության տակ գտնվող բոլոր միջոցները, որպեսզի ապահովվի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան անցումը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով՝ հիմնվելով կրկին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա։ Այդ որոշումից հետո, ցավոք, չունեցանք որևէ դրական տեղաշարժ, հակառակը՝ ավելի բացասական հետևանքներ եղան։ 2023 թվականի ապրիլ ամսին տեղադրվեցին անցակետերը, և դրանց տեղադրումից հետո ավելի սրվեց իրավիճակը, հետո տեղադրվեցին բետոնե պատնեշները, որով գրեթե ամբողջությամբ սահմանափակեց շարժը Լաչինի միջանցքով։ Այս զարգացումներին հետևելով՝ Արդարադատության միջազգային դատարան ներկայացրեցինք երկրորդ դիմումը, որով խնդրեցինք, որպեսզի  փետրվարի 22-ի որոշումը ավելի հստակեցվի և նշվի, որ ցանկացած խոչընդոտ պետք է վերացվի, այդ թվում՝ անցակետերը։ Դատարան ներկայացվել են լրացուցիչ ապացույցներ այդ ժամանակարշջանում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ։ Այս շաբաթվա ընթացքում  նորից լրացուցիչ տեղեկություն կտրամադրենք։ Հուսով ենք, որ Արդարադատության միջազգային դատարանը շատ չի ուշացնի որոշումը, որովհետև բավականին ժամանակ անցել է մեր ներկայացրած պահանջից՝ շուտով կլրանա երկու ամիսը»,- նշեց Կիրակոսյանը։
11:40 - 06 հուլիսի, 2023
ՀՀ-ն և Ադրբեջանը կմասնակցեն ՄԻԵԴ հրապարակային լսումներին |1lurer.am|

ՀՀ-ն և Ադրբեջանը կմասնակցեն ՄԻԵԴ հրապարակային լսումներին |1lurer.am|

1lurer.am: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են հայտնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մասնակցելու հրապարակային լսումների: Բաց քննարկումը տեղի կունենա 2021-ի փետրվարի 1-ին ներկայացված «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» առաջին միջպետական գանգատի շրջանակում: Միջազգային իրավական հարցերի Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Լուրերին» ասել է, որ գրավոր ընթացակարգն ավարտվել է, սպասում է դատարանի կողմից հրապարակային լսումների անցկացմանը: ՄԻԵԴ ներկայացված առաջին միջպետական գանգատը վերաբերում է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում Ադրբեջանի թույլ տված կոնվենցիոն խախտումներին: Հայաստանը պնդել է, որ Ադրբեջանը խախտել է անձանց կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները: Գանգատում բարձրացված են նաև գերիների, Արցախի տեղահանված բնակչության, զոհերի և վիրավորների, տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության հարցեր։
20:49 - 13 հունիսի, 2023
ՀՀ-ն առարկություն կներկայացնի ՄԻԵԴ` առևանգված զինվորների դեմ քրեական հետապնդման համար
 |armeniasputnik.am|

ՀՀ-ն առարկություն կներկայացնի ՄԻԵԴ` առևանգված զինվորների դեմ քրեական հետապնդման համար |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Հայաստանն առարկություններ կներկայացնի ՄԻԵԴ՝ կապված Ադրբեջանի կողմից առևանգված երկու հայ զինծառայողների դեմ քրեական հետապնդում հարուցելու հետ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ-ի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նախօրեին միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը հայտնել էր, որ Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել երկու հայ զինծառայողների վերաբերյալ տվյալներ։ Առևանգված 2 հայ զինծառայողների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։ Ադրբեջանը ՄԻԵԴ-ին տեղեկացրել է, թե ինչ հոդվածներով են դրանք հարուցվել։ «Մեր կարծիքով, սա հերթական ապօրինությունն է, որը կատարվել էր նաև նախորդ դեպքերով գերեվարված անձանց նկատմամբ։ Այս մասով մենք դեռ մեր առարկությունները կներկայացնենք Եվրոպական դատարան»,- ասաց Կիրակոսյանը։ Ադրբեջանական կողմը ներկայացրել են նաև առողջական վիճակի և պահման պայմանների վերաբերյալ որոշակի բժշկական տեղեկանքներ և մի շարք այլ մանրամասներ, որոնք պետք է վկայեն, որ Բաքուն կատարում է կոնվենցիայի պահանջները։ Հայկական կողմը մանրամասն ուսումնասիրում է այդ փաստաթղթերը։ Մինչև հունիսի 16-ը ՄԻԵԴ-ը հայկական կողմին ժամանակ է տվել մեկնաբանություններ ներկայացնելու համար։ «Մինչև ամսի 16-ը մենք մեր դիրքորոշումները կներկայացնենք, և դրա հիման վրա դատարանը որոշում կկայացնի»,- ասաց Կիրակոսյանը։ Հիշեցնենք, որ մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր: Ավելի ուշ հայտնաբերվել է զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված է եղել սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Պարզվել է, որ նրանց ապօրինի առևանգել է ադրբեջանական կողմը՝ «դիվերսանտներ» համարելով։ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զինծառայողներին առևանգելու, նրանց կամքին հակառակ կամ նրանց կամքն անտեսելով տեղափոխելու հանցավոր արարքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավելի ուշ՝ մայիսի 28-ին, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ՄԻԵԴ էր ներկայացրել Ադրբեջանի իրավասության ներքո գտնվող ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում և պահանջել, որպեսզի Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց կիրառվի Ադրբեջանի նկատմամբ՝ զերծ մնալու հայ զինծառայողների իրավունքների խախտումներից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել էր որոշում և պահանջել Ադրբեջանից մինչև սույն թվականի հունիսի 6-ը ներառյալ տրամադրել տեղեկություն, թե արդյո՞ք 2 զինծառայողները գերու կամ այլ կարգավիճակում գտնվում եմ Ադրբեջանի տիրապետության տակ:
12:33 - 08 հունիսի, 2023
Ադրբեջանը տեղեկություն է տրամադրել ՄԻԵԴ-ին 2 հայ զինծառայողների վերաբերյալ

Ադրբեջանը տեղեկություն է տրամադրել ՄԻԵԴ-ին 2 հայ զինծառայողների վերաբերյալ

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ-ն այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել է Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանին ներկայացրած երկու հայ զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն՝ ներառյալ բժշկական փաստաթղթեր և պահման պայմանների մասին մանրամասներ: «ՀՀ-ն կներկայացնի իր դիրքորոշումը Ադրբեջանի կողմից տրամադրած տեղեկությունների  և փաստաթղթերի վերաբերյալ Եվրոպական դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև ս.թ. հունիսի 16-ը»,- նշել են գրասենյակից։  Հիշեցնենք, որ մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր: Ավելի ուշ հայտնաբերվել է զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված է եղել սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Պարզվել է, որ նրանց ապօրինի առևանգել է ադրբեջանական կողմը՝ «դիվերսանտներ» համարելով։ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զինծառայողներին առևանգելու, նրանց կամքին հակառակ կամ նրանց կամքն անտեսելով տեղափոխելու հանցավոր արարքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավելի ուշ՝ մայիսի 28-ին, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ՄԻԵԴ էր ներկայացրել Ադրբեջանի իրավասության ներքո գտնվող ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում և պահանջել, որպեսզի Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց կիրառվի Ադրբեջանի նկատմամբ՝ զերծ մնալու հայ զինծառայողների իրավունքների խախտումներից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել էր որոշում և պահանջել Ադրբեջանից մինչև սույն թվականի հունիսի 6-ը ներառյալ տրամադրել տեղեկություն, թե արդյո՞ք 2 զինծառայողները գերու կամ այլ կարգավիճակում գտնվում եմ Ադրբեջանի տիրապետության տակ:
17:24 - 07 հունիսի, 2023
ՄԻԵԴ-ը պահանջել է Ադրբեջանից տեղեկություններ տրամադրել 2 հայ զինծառայողների պահման վայրի և բժշկական հետազոտությունների մասին

ՄԻԵԴ-ը պահանջել է Ադրբեջանից տեղեկություններ տրամադրել 2 հայ զինծառայողների պահման վայրի և բժշկական հետազոտությունների մասին

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշում և պահանջել Ադրբեջանից մինչև սույն թվականի հունիսի 6-ը ներառյալ տրամադրել տեղեկություն, թե արդյո՞ք 2 զինծառայողները գերու կամ այլ կարգավիճակում գտնվում եմ Ադրբեջանի տիրապետության տակ: Եթե այո, Դատարանը Ադրբեջանից պահանջել է տրամադրել տեղեկություն զինծառայողների պահման պայմանների և բժշկական հետազոտությունների մասին: Հիշեցնենք, որ մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր: Ավելի ուշ հայտնաբերվել է զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված է եղել սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Պարզվել է, որ նրանց ապօրինի առևանգել է ադրբեջանական կողմը՝ «դիվերսանտներ» համարելով։ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զինծառայողներին առևանգելու, նրանց կամքին հակառակ կամ նրանց կամքն անտեսելով տեղափոխելու հանցավոր արարքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավելի ուշ՝ մայիսի 28-ին, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ՄԻԵԴ էր ներկայացրել Ադրբեջանի իրավասության ներքո գտնվող ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում և պահանջել, որպեսզի Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց կիրառվի Ադրբեջանի նկատմամբ՝ զերծ մնալու հայ զինծառայողների իրավունքների խախտումներից:
12:34 - 31 մայիսի, 2023
ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ ՄԻԵԴ դիմում է ներկայացվել

ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ ՄԻԵԴ դիմում է ներկայացվել

Սույն թվականի մայիսի մայիսի 28-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի իրավասության ներքո գտնվող ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում և պահանջել, որպեսզի Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց կիրառվի Ադրբեջանի նկատմամբ՝ զերծ մնալու հայ զինծառայողների իրավունքների խախտումներից: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։ «Միաժամանակ պահանջ է ներկայացվել տրամադրելու տեղեկատվություն վերջիններիս պահման վայրի, պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր: Ավելի ուշ հայտնաբերվել է զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված է եղել սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Պարզվել է, որ նրանց ապօրինի առևանգել է ադրբեջանական կողմը՝ «դիվերսանտներ» համարելով։ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զինծառայողներին առևանգելու, նրանց կամքին հակառակ կամ նրանց կամքն անտեսելով տեղափոխելու հանցավոր արարքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
10:47 - 30 մայիսի, 2023
ՄԻԵԴ-Ը մերժել է ՀՀ սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը

ՄԻԵԴ-Ը մերժել է ՀՀ սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը

Սույն թվականի մայիսի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է վերջերս ՀՀ սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար վերջիններիս հարազատների կողմից ՀՀ կառավարության դեմ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով սահմանված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը։ Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գարսենյակից։ Նշվում է, որ, մասնավորապես, Եվրոպական դատարանից պահանջվել էր կիրառել միջանկյալ միջոց այն հիմնավորմամբ, որ ՀՀ-ում Ադրբեջանցի երկու զինծառայողների նկատմամբ դրսևորվում է կյանքի իրավունքին և խոշտանգումներից զերծ մնալու պարտավորությանը հակասող վերաբերմունք։ ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել պատշաճ դիրքորոշում այն մասին, որ ադրբեջանցի զինծառայողների կոնվենցիոն իրավունքները պատշաճ երաշխավորվել են ՀՀ-ում։ Այս առնչությամբ ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել նաև համապատասխան ապացույցներ։ Եվրոպական դատարանը, հիմնվելով ՀՀ կառավարության դիրքորոշման վրա, մերժել է ՀՀ դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանցի զինծառայողների հարազատների ներկայացրած պահանջը։ Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ՊՆ-ն հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, իսկ մյուսին որոնում են։ Ապրիլի 13-ին ձերբակալվեց նաև երկրորդ զինծառայողը։ Ավելի ուշ պարզվել է, որ երկրորդ զինծառայողը իր մոտ եղած ինքնաձիգից կրակել և սպանել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակակետի պահպանությունն իրականացնող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ին։ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի երկու զինծառայողներին մեղադրանք է ներկայացվել, երկուսն էլ կալանավորվել են։ Դատախազության փոխանցմամբ՝ Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկի՝ Ագշին Բաբիրովի գործով դատավճիռ է կայացվել․ նա մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար և դատապարտել է 11,5 տարվա ազատազրկման։ Երկրորդ զինվորի՝ Հուսեյն Ախունդովի գործը քննությունը շարունակվում է։ Ախունդովը մեղադրվում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանելու համար։
12:39 - 11 մայիսի, 2023
Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ միշտ էլ հնարավոր են, բայց դրանք ունեն կիրառման որոշակի նախապայմաններ. Կիրակոսյան |news.am|

Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ միշտ էլ հնարավոր են, բայց դրանք ունեն կիրառման որոշակի նախապայմաններ. Կիրակոսյան |news.am|

news.am: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը չի կատարվում, որովհետեւ Ադրբեջանի վարքագիծը իր ողջ տրամաբանությամբ հակասում է միջազգային իրավունքին: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ –ում լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նրա խոսքով, Ադրբեջանը ոչ միայն չի կատարում այդ որոշումը, այլեւ աղավաղում է դրա բովանդակությունը, որի դեմ ՀՀ պետական մարմինները պետք է իրականացնեն հակընդդեմ պայքար, ներկայացնեն որոշման իրական բովանդակությունը: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է այն հարթակը, որ նմանատիպ հարցերը քննարկելու համար լավագույն տեղն է, այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ տանել, որ հարցը մտնի ՄԱԿ-ի ԱԽ օրակարգ: Բացի այդ, երկկողմ մակարդակում պետք է տարբեր գործընկեր պետությունների հետ աշխատել, հարցը անընդհատ բաց պահելու, նաեւ միջազգային հանրությանը որոշման բովանդակության աղավաղման փորձերը  կանխելու համար»,-ասաց նա: Կիրակոսյանը ընդգծեց, որ Հաագայի դատարանի որոշումն ունի մեծ քաղաքական կշիռ եւ նաեւ դաշտ է բացում քաղաքական ու դիվանագիտական աշխատանքի համար. «Մենք ունենք շատ հստակ, իրավական առումով լավ հիմնավորված որոշում»: Հարցին, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանը այդպես էլ չկատարի այդ որոշումը, Եղիշե Կիրակոսյանը պատասխանեց. «Միջազգային հանրության կողմից արդեն հնչել են արձագանքներ: Մի շարք երկրների ԱԳՆ-ներ հնչեցրել են կոչեր, հայտարարելով, որ Արդարաատության միջազգային դատարանի որոշումը պետք է կատարվի, նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից արվեց հայտարարություն: Պետք է աշխատել այս տրամաբանության մեջ: Ուրիշ ճանապարհ չկա, պետք է աստիճանաբար աշխատել, Սփյուռքն էլ իր դերն ունի այստեղ»: Նա նկատեց, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ միշտ էլ հնարավոր են, բայց դրանք ունեն կիրառման որոշակի նախապայմաններ. «Սանկցիաների հարցերը ունեն որոշակի իրավական մեխանիզմներ, կախված նրանից, թե ինչ սանկցիաների մասին է խոսքը: Ես որեւէ բան չեմ բացառում, բայց դա ավելի շատ վերաբերում է մարդասիրական օրենքի կոպիտ խախտումներին, պատերազմական հանցագործություններին կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություններին: Այո, այդ իրականությունը, ցավոք, ունենք, բայց դե սա նաեւ մի քիչ այլ հարթության աշխատանք է»:
13:42 - 20 մարտի, 2023
ՀՀ-ն ափսոսանք է հայտնում Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի համաձայն արբիտրաժ սկսելու միջոցով իր օրակարգն առաջ մղելու փորձերի համար

ՀՀ-ն ափսոսանք է հայտնում Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի համաձայն արբիտրաժ սկսելու միջոցով իր օրակարգն առաջ մղելու փորձերի համար

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարությւն է տարածել, որում ասված է. «Հայաստանի Հանրապետությունը («Հայաստան») հայտնում է իր ափսոսանքը՝ Ադրբեջանի Հանրապետության («Ադրբեջան») կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի («Էներգետիկ խարտիա») համաձայն արբիտրաժ սկսելու միջոցով իր հանրային հաղորդակցության օրակարգը առաջ մղելու փորձերի համար։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի պնդումները որևէ առնչություն չունեն էներգետիկ ոլորտում ներդրումների և առևտրի հետ կապված Էներգետիկ խարտիայով նախատեսված պարտավորությունների հետ։ Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի շրջանակն ու նպատակը խեղաթյուրելու փորձը հատկապես ցավալի է այն ժամանակ, երբ Էներգետիկ խարտիայի կոնֆերանսը ավարտում է Էներգետիկ խարտիայի արդիականացման շուրջ բանակցությունները: Էներգետիկ խարտիայի նման չարաշահումը խաթարում է Պայմանավորվող կողմերի բոլոր ջանքերը՝ ապահովելու, որ Էներգետիկ խարտիան շարունակի գործել իր նպատակին համապատասխան, այն է՝ որպես էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի շրջանակ: Արբիտրաժի մասին ծանուցումը Ադրբեջանը ներկայացնում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումից մի քանի օր անց, որով Դատարանը պարտադրեց Ադրբեջանին «ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը» Լեռնային Ղարաբաղի 120,000 էթնիկ հայերին արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհով։ Սակայն, Ադրբեջանը անտեսեց Դատարանի պարտավորեցնող որոշումը և այն կատարելու՝ միջազգային հանրության կոչերը՝ խորացնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական աղետը։ Ըստ երևույթին, Էներգետիկ խարտիայի շրջանակներում անհիմն վարույթ հարուցելով Ադրբեջանը մտադիր է ուշադրություն շեղել: Ադրբեջանի գործողությունները չեն խաթարի Հայաստանի հավատարմությունը Էներգետիկ խարտիային, Էներգետիկ խարտիայի համաժողովի աշխատանքներին և էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի խթանմանը»:վ
22:08 - 01 մարտի, 2023
Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով որոշում կայացնելու

Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով որոշում կայացնելու

Արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-31-ին տեղի ունեցան Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով լսումները: Երկու կողմերը հիմնավորեցին իրենց՝ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին պահանջները, դրանց հիմնավորումները, այնուհետև առարկություններ ներկայացրեցին միմյանց պահանջների վերաբերյալ: Հիշեցնենք, որ Հայաստանը պահանջել էր կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝ • Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով: • Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով: • Ադրբեջանը պետք է անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։ Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կայացնելուց հետո Դատարանն այն ընթերցելու է բաց և առցանց հեռարձակվող նիստի ընթացքում։ Որոշումն ընթերցելու օրվա մասին Դատարանը կծանուցի կողմերին։ Համաձայն Դատարանի, որոշումը պետք է ընդունվի հնարավորինս արագ։
20:46 - 02 փետրվարի, 2023