Վաղարշակ Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար։ 

Ծնվել է 1956 թ. ապրիլի 28-ին Վրաստանի Ախալքալաք քաղաքում։ 

1978 թ. -ին ավարտել է Ս. Կիրովի անվան բարձրագույն ոազմական ուսումնարանը
1991 թ.-ին՝ Մարշալ Գրեչկոյի անվան ռազմական ակադեմիան։

1978-1990 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1991-1992 թթ. եղել է ՀՀ ներքին գործերի փոխնախարար,  ՀՀ պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ 1992-1994 թթ եղել է ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ, 1994-1999 թ.՝ ԱՊՀ մասնակից-պետությունների ռազմական համագործակցության կոորդինացման շտաբի պետի տեղակալ, ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ։

1999թ-2000 թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։ 2020թ.-ի օգոստոսի 19-ից եղել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը։ 
2020թ. նոյեմբերի 20-ից մինչև 2021 թ․-ի հուլիսի 20-ը զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։ 

1994 թ. ստացել է գեներալ-մայորի, 1996 թ․-ին՝ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։ Արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի,
ՀՀ-ի, ԼՂՀ-ի, ՌԴ-ի, ԽՍՀՄ-ի, Բելառուսի, Բուլղարիայի, Տաջիկստանի և մի շարք այլ երկրների կողմից ստացել է մեդալներ, շքանշաններ, բարձրագույն այլ պարգևներ:
Պարգևատրվել է անվանական զենքով՝ ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կողմից և ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի կողմից:
Արցախյան պատերազմի մասնակից է:

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հունիսի 16-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ։  ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղիները։ Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ հայկական կողմը հարգանքով է վերաբերում գործընկեր պետությունների և կառույցների՝ խնդիրը խաղաղ կարգավորելու կոչերին, հավելելով, որ հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է. Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պետք է առանց որևէ նախապայմանի լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։ Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի՝ հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում ՀՀ ԶՈՒ հետ համատեղ ռուս սահմանապահների տեղակայման հարցը։ Անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքին, պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին վերաբերող մի շարք հարցերի։
11:31 - 17 հունիսի, 2021
Վաղարշակ Հարությունյանին զեկուցվել են զինված ուժերում իրականացվող ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքները

Վաղարշակ Հարությունյանին զեկուցվել են զինված ուժերում իրականացվող ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքները

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հունիսի 10-ին խորհրդակցություն է անցկացրել ՊՆ ներքին աուդիտի վարչության ղեկավար կազմի մասնակցությամբ: Վարչության պետ Գրիգոր Արամյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել է զինված ուժերում իրականացվող ստուգումների, զորքերում կատարվող ուսումնասիրությունների արդյունքների մասին, ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում և զորամասերում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների ժամանակացույցը և արձանագրված խախտումները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է զինված ուժերում կոռուպցիոն դրսևորումների վերացման, ինչպես նաև գնումների և մատակարարումների թափանցիկության ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների անհրաժեշտությունը: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հանդիպել է նաև ՊՆ ներքին քննությունների վարչության անձնակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է 2021 թվականի առաջին կիսամյակում զինված ուժերում արձանագրված խախտումների և տարվող քննությունների ընթացքի վերաբերյալ: Վաղարշակ Հարությունյանը հանձնարարականներ է տվել ուսումնասիրությունների առավել մանրակրկիտ իրականացման և առկա բոլոր թերությունների վերհանման ուղղությամբ:
20:00 - 10 հունիսի, 2021
Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչություն

Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչություն

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հունիսի 1-ին այցելել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչություն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վաղարշակ Հարությունյանը սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկիի ուղեկցությամբ շրջել է ՌԴ սահմանապահ ծառայության վարչության թանգարանում, ծանոթացել ռուս սահմանապահների կողմից Հայաստանի սահմանների պաշտպանության պատմության ցուցադրություններին, հարգանքի տուրք մատուցել երկու բարեկամ ժողովուրդների միասնությունը խորհրդանշող հուշարձանին։ Այցելության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը և ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրադրության, ինչպես նաև սահմանագոտու որոշ հատվածների ականազերծման հետ կապված հարցեր։  
21:07 - 01 հունիսի, 2021
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային լարվածության խնդիրը

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային լարվածության խնդիրը

Մայիսի 31-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ։ Ինչպես հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և դրա հանգուցալուծման շուրջ նախորդ շաբաթ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ճանապարհները։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ զինված ուժերում սկիզբ առած բարեփոխումների հիմնական ուղղություններին, Արցախի Հանրապետությունում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին և դրանց դիմակայելու միասնական գործողություններին վերաբերող մի շարք հարցերի։     
13:43 - 31 մայիսի, 2021
Կքննարկենք տարածաշրջանային անվտանգության հարցեր` կապված ԼՂ-ում խաղաղապահների աշխատանքի հետ և այս պահին ծագած բոլոր սուր խնդիրները. Շոյգուն հանդիպել է Վ. Հարությունյանի հետ |tert.am|

Կքննարկենք տարածաշրջանային անվտանգության հարցեր` կապված ԼՂ-ում խաղաղապահների աշխատանքի հետ և այս պահին ծագած բոլոր սուր խնդիրները. Շոյգուն հանդիպել է Վ. Հարությունյանի հետ |tert.am|

tert.am: Ուրբաթ Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և նրա հայ գործընկեր Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը, որի շրջանակում նրանք քննարկել են առկա բոլոր սուր խնդիրները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Շոյգուն առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգության խնդիրները:«Մենք կքննարկենք տարածաշրջանային անվտանգության հարցեր, կապված Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի աշխատանքի հետ, և իհարկե, այս պահին ծագած բոլոր սուր խնդիրները», -ասել է Շոյգուն հանդիպման բացմանը:«Այսօր մենք կքննարկենք համագործակցության մեր բոլոր հարցերը, որոնք, իմ գնահատականով, շատ հաջող են զարգանում»,-ասել է Հարությունյանը:Բացելով հանդիպումը՝ Շոյգուն նշել է, որ Ռուսաստանը և Հայաստանը ամրապնդում են ռազմական համագործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին ՝ ՀԱՊԿ շրջանակներում:«Միացյալ զորախմբի ստեղծման, ինչպես նաև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման վերաբերյալ համաձայնագրերը հաջողությամբ իրականացվում են: Երկկողմ համագործակցության բարձր մակարդակի ցուցիչ է Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի գործունեությունը, ինչը մենք համարում ենք տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևոր գործոն»,-շարունակել է նա:Շոյգուն շնորհավորել է Հարությունյանին և ողջ հայ ժողովրդին պետական տոնի` Հանրապետության օրվա առթիվ:«Ես ուզում եմ շնորհավորել Ձեզ ազգային տոնի առթիվ, որն այսօր նշում է ամբողջ հանրապետությունը, և այս օրը Դուք հնարավոր եք համարել գալ Մոսկվա: Սա խոսում է այն մասին, որ մեր երկրների միջև հարաբերությունները առաջվա պես շատ բարձր մակարդակի վրա են, և մենք շարունակում ենք զարգացնել և խորացնել մեր ռազմավարական գործընկերությունը»,-ասել է նա:Շոյգուն հիշեցրել է, որ Հայաստանի բարձր մակարդակի ռազմական պատվիրակությունները ավանդաբար մասնակցում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության նշանակալի միջոցառումներին:
15:44 - 28 մայիսի, 2021
Ալիևն ասում է՝ սահման ենք ճշտում, և ոչ մի կրակոց չկա, երեկ այդ կրակոցը եղավ. Վաղարշակ Հարությունյան |1lurer.am|

Ալիևն ասում է՝ սահման ենք ճշտում, և ոչ մի կրակոց չկա, երեկ այդ կրակոցը եղավ. Վաղարշակ Հարությունյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ պաշտպանության նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը՝ հերքելով տեղեկությունը, թե հայկական զինուժը գնդակոծել է ադրբեջանական մարտական դիրքերը: Այդ մասին Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին:  «Ակնհայտ է Ադրբեջանի մտահղացումը: Ադրբեջանցիները զենք են օգտագործել, որի հետևանքով հայ զինծառայող է զոհվել, և հիմա նրանք փորձում են դա կոծկել:  Դա իրենց կողմից հնարք է, որպեսզի հանրությանը ցույց տան, որ հայկական կողմն է գործողությունների գնում: Մենք գիտենք՝ իրենք ի՛նչ մարտավարություն են որդեգրել: Ալիևն ասում է՝ սահման ենք ճշտում, և ոչ մի կրակոց չկա, բայց երեկ այդ կրակոցը եղավ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:  Հարությունյանը հորդորեց լրատվամիջոցներին չտարածել այդ կեղծ տեղեկությունները:  
17:03 - 26 մայիսի, 2021
Վաղարշակ Հարությունյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը

Վաղարշակ Հարությունյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը

Մայիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախում խաղաղապահ առաքելության ընթացքը։ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է գործողությունները, որոնք ձեռնարկվում են ռուսական զորախմբի կողմից՝ հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ։ Զրուցակիցները մանրամասն քննարկել են նաև ադրբեջանական սադրանքի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ բացարձակ անթույլատրելի է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ որևէ ոտնձգություն, և որ այս հարցում պաշտպանության նախարարության դիրքորոշումը հստակ է. ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները պարտավոր են առանց նախապայմանների վերադառնալ իրենց ելման դիրքեր։ Վաղարշակ Հարությունյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկել են իրադրության հանգուցալուծման հնարավոր տարբերակները։
13:47 - 25 մայիսի, 2021
ՀՀ պաշտպանության նախարարն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը

ՀՀ պաշտպանության նախարարն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը

Մայիսի 24-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական սադրանքի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և վերջին օրերի զարգացումները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։   ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ շեշտել է, որ բացարձակ անթույլատրելի են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ոտնձգությունները և նշել, որ խնդրի հանգուցալուծման հարցում կարևորում է նաև ՀԱՊԿ ակտիվ դերակատարությունը։   Ստանիսլավ Զասը հավաստիացրել է, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են ստեղծված իրադրության շուրջ զարգացումներին և որ կառույցը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ խնդիրը խաղաղ հանգուցալուծելու համար։ 
21:41 - 24 մայիսի, 2021
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը

Մայիսի 19-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի սադրանքների արդյունքում ստեղծված իրադրությունը և հայկական կողմի գործողությունները։ Երկուստեք կարևորվել է խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է, որ ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են և ադրբեջանցի զինվորականները պարտավոր են վերադառնալ ելման դիրքեր։ Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընթացքը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք այլ հարցեր։
10:52 - 20 մայիսի, 2021
Վաղարշակ Հարությունյանը ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին տեղեկացրել է ադրբեջանական ուժերի կողմից ՀՀ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը

Վաղարշակ Հարությունյանը ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին տեղեկացրել է ադրբեջանական ուժերի կողմից ՀՀ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը

Մայիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՂՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Կենջեբեկ Օրինբաևը: Վաղարշակ Հարությունյանը շնորհավորել է Բոլատ Իմանբաևին դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություն պատասխանատու պաշտոնում: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ դեսպանի ակտիվ և արդյունավետ աշխատանքը կնպաստի հայ-ղազախական միջպետական հարաբերությունների և քաղաքական երկխոսության ամրապնդմանը: Վաղարշակ Հարությունյանը տեղեկացրել է Բոլատ Իմանբաևին տարածաշրջանում տիրող իրադրության և ադրբեջանական ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակի մասին, ներկայացրել վերջին օրերի զարգացումները: Զրուցակիցները կարևորել են իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ՀԱՊԿ շրջանակում գործադրվող ջանքերը, կարծիքներ փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության այլ խնդիրների շուրջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ղազախական համագործակցության հարցեր և փոխգործակցության հետագա զարգացման ուղիները, ինչպես նաև բազմակողմ ձևաչափով պլանավորված միջոցառումների կատարման ընթացքը:
20:58 - 19 մայիսի, 2021