Վահրամ Դումանյան

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։

Ծնվել է 1962 թ․ սեպտեմբերի 9-ին Երեւանում:

1979-1984 թթ. սովորել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:
1989 թ. ավարտել է ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրան։
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր։

1984-1986 թթ. գիտահետազոտական աշխատանք է կատարել ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում։
1990-2020 թթ. աշխատել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։
2000-2020 թթ. եղել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան:
2020 թ. նոյեմբերի 23-ին նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։

2001 թ.-ից ICPC համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադայի Հայաստանի տարածաշրջանի տնօրենն է։
2007 թ.-ից ՀՀ դպրոցականների ինֆորմատիկայի առարկայական օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահն է։
2008-2019 թթ. եղել է ԵՊՀ-ում գործող ԲՈԿ-ի «Մաթեմատիկական կիբեռնետիկա» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարը։
Բազմաթիվ գիտական եւ ուսումնամեթոդական աշխատությունների հեղինակ է։
Գիտահետազոտական աշխատանք է կատարել նաեւ Մ.Վ․Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում, Ս. Բանախի անվան միջազգային մաթեմատիկական կենտրոնում (Վարշավա), Թրիրի եւ Պադերբորնի համալսարաններում (Գերմանիա)։
Հայկական մաթեմատիկական ասոցիացիայի անդամ է։
Պարգեւատրվել է ԵՊՀ եւ ԿԳՆ ոսկե մեդալներով։

Ամուսնացած է, ունի դուստր եւ որդի։

Վահրամ Դումանյանը հաստատեց՝ շրջանառվում է երեք բուհերը՝ Բրյուսովի, Մանկավարժական համալսարաններն ու Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը միավորելու հարցը

Վահրամ Դումանյանը հաստատեց՝ շրջանառվում է երեք բուհերը՝ Բրյուսովի, Մանկավարժական համալսարաններն ու Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը միավորելու հարցը

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ զարմացած է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի հայտարարությունից, թե իր համար անակնկալ է եղել նշված բուհը Մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի հետ միավորելու լուրը։ Նախարարի խոսքով լիազոր մարմնի համար է անակնկալ եղել, որ այդ հարցը բերվել է օրակարգ։ Նախարարը նշեց, որ օգոստոսի 9-ին երեք բուհերի ռեկտորների հետ հանդիպում է տեղի ունեցել, ու ասվել է, որ կա նման գաղափար, որ ինքն ասել է՝ հնարավոր է՝ շուտով այդ գաղափարը մտնի գործնական փուլ։ Ըստ Դումանյանի՝ հանիպմանը ռեկտորներն ասել են, թե արդյո՞ք հնարավոր չէ այլ կոնցեպտ քննարկել, ինքն էլ ասել է, որ բաց են քննարկումների համար։ Նախարարը նշեց, որ օրենքով չկա դրույթ, որ նախարարությունը նման գործընթաց սկսելու համար տեղեկացնի բուհին, բայց գործընկերային հարաբերություններից ելնելով՝ համալսարանները տեղեկացվել են։ «Կրթության որակի բարձրացման միտում ունի այս ամենը, որևիցե բան չի փակվում, որևիցե հաստիք չի կրճատվում, այս ամենի արդյունքում միգուցե երկու ռեկտորի հաստիք պակաս կունենանք, եթե երեք բուհ միավորվի, պարզ է՝ երեք ռեկտոր չի կարող լինել, կլինի մեկը։ Խոսքը ամենաշատը երկու պաշտոնի մասին է։  Բովանդակային առումով ոչինչ չի փոխվելու։ Կոչ եմ անում ուսանողներին հետևողական լինելու որակյալ կրթություն ստանալու գործում, և չտրվել տարբեր էսպիսի ոչ կրթական, կրթության շահերից չբխող, կրթության բովանդակությունից չբխող, կրթության որակ չապահովող հարցադրումներից։ Խոսքը մեկ կամ երկու պաշտոնի մասին է ընդամենը, և սա կարծում եմ՝ կրթության հետ կապ չունեցող հարց է»,- նշեց նա։ Հարցին, թե որն է տրամաբանությունը միավորելու հենց այս երեք բուհերը, նախարարը պատասխանեց․ «Մանկավարժականը մանկավարժ պատրաստող բուհ, Ֆիզկուլտ ինստիտուտը մարզիչներ և ևս ուսուցիչներ պատրաստող է։ Օտար լեզուների գծով մանկավարժների պատրաստումը եղել է Բրյուսովի ինստիտուտի հիմնական գործառույթը շատ տարիներ առաջ, որի մի մասը տարիների ընթացքում մնացել է էլի այդ բլոկը, մյուս մասը դարձել է լրիվ ուրիշ բան: Կրթության կազմակերպան, այս ուսուցիչների, մարզիչների [պատրաստման] տրամաբանությամբ»։ Խոսելով ապագայի մասին՝ Դումանյանն ասաց, որ երբ, Կառավարության ռազմավարության համաձայն, ստեղծվեն մինչև 8 բուհեր, կպահպանվի միայն մանկավարժական բլոկը, իսկ որոնք որ կկրկնվեն, օրինակ ԵՊՀ-ի հետ համեմատությամբ, կվերանայվեն, օրինակ, մասնագիտությունների ցանկը, ֆակուլտետների քանակը, որովհետև, ըստ նախարարի, պետք չէ, որ նույն ֆակուլտետից ու նույն մասնագիտութունից ՀՀ չորս բուհերում էլ լինի։  Անդրադառնալով միավորված երեք բուհերի անվան ընտրության հարցին, նախարարը ասաց․«Շրջանառվող նախագծով մենք առաջարկել ենք «Կրթական գիտությունների ինստիտուտ» անվանումը, քննարկելու տեղեր կան, լավագույն տարբերակը կքննակվի և կընտրվի»։ Հիշեցնենք, որ Բրյուսովի համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը գրել էր, որ «ԿԳՄՍՆ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը»։ Համալսարանի բակում ուսանողները բողոքի ակցիա ու դասադուլ էին կազմակերպել։ Համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը կազմակերպված դասադուլի շրջանակում նշել էր, որ հոկտեմբերի 11-ին են իմացել կառավարության որոշման նախագծի մասին, որով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու Վալերի Բրյուսովի համալսարանը միավորվելու են Մանկավարժական համալսարանին:
12:39 - 13 հոկտեմբերի, 2022
Կառավարությունը 276 միլիոն 678 հազար դրամ ուղղեց 10 դպրոցի գույքի ձեռքբերմանը

 |armenpress.am|

Կառավարությունը 276 միլիոն 678 հազար դրամ ուղղեց 10 դպրոցի գույքի ձեռքբերմանը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված բյուջեում կատարեց վերաբաշխում և 276 միլիոն 678 հազար դրամ ուղղեց 10 դպրոցի գույքի ձեռքբերմանը: Հոկտեմբերի 13-ին հերթական նիստում նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ Նա հիշեցրեց, որ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիր» վարկային համաձայնագիրը գործում է 2015 թվականից: «Ծրագրի շրջանակներում Հայաստանի պետական բյուջեից համաֆինանսավորմամբ իրականացվում են այն դպրոցների վերակառուցման կամ նոր շենքերի կառուցման աշխատանքները, որոնք ընդգրկված են Հայաստանում սեյսմակայունության տեսակետից առավել վտանգավոր դպրոցների ցանկում: Վերոնշյալ ծրագրի շրջանակներում սույն թվականին ավարտվում են Երևանի NN 6, 95 և 116,  Օհանավանի, Պտղունքի և Եղեգնաձորի N 1 դպրոցների կառուցման, Երևանի N 18 դպրոցի վերակառուցման, ինչպես նաև «Հերացի» ավագ դպրոցի վերակառուցման և նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները, իսկ 2023 թվականին՝ Երևանի համար 111 և 122 դպրոցների կառուցման աշխատանքները: Ներկայումս անհրաժեշտ է ապահովել նշված դպրոցների համար գույքի ձեռքբերումը»,- նշեց Դումանյանը։ Շինարարական աշխատանքների պատվիրատուն հանդիսանում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։  
12:06 - 13 հոկտեմբերի, 2022
Բաքվի ագրեսիայի պատճառով 24873 դպրոցական զրկվել է կրթության իրավունքից. Դումանյանը՝ եվրոպական նախարարական համաժողովին

Բաքվի ագրեսիայի պատճառով 24873 դպրոցական զրկվել է կրթության իրավունքից. Դումանյանը՝ եվրոպական նախարարական համաժողովին

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 5-7-ը մասնակցում է Կիպրոսի Հանրապետությունում (Նիկոսիա) անցկացվող «Կրթությունը հանուն կայուն զարգացման, շրջանաձև տնտեսություն. կայուն ենթակառուցվածք և կայուն զբոսաշրջություն» խորագրով ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի 9-րդ նախարարական համաժողովին: Պատվիրակության կազմում են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից,  ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» իններորդ նախարարական համաժողովի շրջանակում հանդես է եկել զեկույցով, որում մասնավորապես նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» իններորդ նախարարական համաժողովի շրջանակում: Համաշխարհային կրթական ճգնաժամը, որն ընդգրկում է կրթության հասանելիության, ներառման, որակի և մատչելիության հետ կապված խնդիրները, բացասական հետևանքներ ունի ողջ աշխարհի երեխաների և երիտասարդների ապագայի վրա: Այն դանդաղեցնում է կրթությանն առնչվող Կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացը: Ճգնաժամերը, ինչպիսիք են Covid-19 համաճարակը և ռազմական հակամարտությունները, բացասական ազդեցություն ունեն կրթության վրա։ Վերջին ճգնաժամը, որն իր ազդեցությունն է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կրթության վրա, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ադրբեջանական զինված ուժերի կողմից հրահրված լայնածավալ ռազմական ագրեսիան էր։ Ադրբեջանական զինուժն ինտենսիվ հրետակոծել է Հայաստանի տարածքում գտնվող Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան քաղաքները և հարակից գյուղերը։ Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի 172 դպրոցներում սովորող 24873 դպրոցական և 69 մանկապարտեզների 5808 նախադպրոցական տարիքի երեխաներ զրկվել են կրթության իրավունքից: Վտանգվել է նաև այդ մարզերում գործող արտադպրոցական ուսումնական հաստատությունների, քոլեջների և բուհերի գործունեությունը։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի նմանօրինակ թշնամական գործողությունները՝ այդպիսով նպաստելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի հիմնարար սկզբունքների հետագա խախտումների կանխարգելմանը: Կարևորելով կրթության դերը՝ որպես յուրաքանչյուր երկրի կայուն, ներառական զարգացման և համընդհանուր բարեկեցության առանցքային նախապայման, 2022 թվականին Հայաստանը մշակել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը»: Այն հիմնված է ՄԱԿ-ի 2030 թվականի Կայուն զարգացման օրակարգի վրա, մասնավորապես՝ աղքատության վերացում, գենդերային հավասարություն, որակյալ կրթություն, արժանապատիվ աշխատանք բոլորի համար, ինչպես նաև մոտեցումներ՝ հիմնված մարդու իրավունքների, խտրականության դեմ պայքարի և «ոչ ոքի չանտեսելու» սկզբունքի վրա, ինչպես նաև արտացոլում է մեր հանձնառությունները ներկայումս ընթացող կրթության փոխակերպման համաշխարհային միտումների շրջանակներում: Ծրագրի նպատակն է սովորողներին տրամադրել կրթություն, որը կապահովի բնապահպանական և քաղաքացիական ժամանակակից կարողություններ, աշխատունակություն, բարեկեցիկ ապագա՝ նպաստելով «Կրթություն հանուն կայուն զարգացման 2030 թ.» ծրագրի ամբողջական իրականացումը: Մենք ամբողջությամբ վերանայել ենք և ներդրում ենք հանրակրթության համապարփակ չափորոշիչներ ու ուսումնական պլան, որտեղ առանցքային նշանակություն ունի բնապահպանական կրթությունը։ Քանի որ կրթական բարեփոխումների հաջողության հիմնական դերակատարն ուսուցիչն է, նախարարությունը հանձնառու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ բարձրացնելու ուսուցչի՝ հայ հասարակության համար ավանդաբար բարձր սոցիալական կարգավիճակը՝ աշխատավարձերի բարձրացման և սոցիալական երաշխիքների տրամադրմանը զուգահեռ։ Կրթական ենթակառուցվածքների ֆիզիկական պայմանների բարելավումը կրթության մատչելիության ևս մեկ կարևոր առաջնահերթություն է։ Կառավարությունը պարտավորվել է ստեղծել գրավիչ, անվտանգ և ապահով ուսումնական միջավայր ողջ երկրում, որը խթանում է ուսումը և հագեցած է ժամանակակից թվային տեխնոլոգիաներով՝ հաշվի առնելով ուսուցման նորարարական և ներառական մեթոդաբանությունները, անվտանգության չափանիշները և համընդհանուր հասանելիությունը: Վերոնշյալ նպատակներին հասնելու համար մենք շարունակաբար ավելացնում ենք կրթության ֆինանսավորումը և շարունակելու ենք ապահովել դրա առաջանցիկ աճը։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է այս համաժողովի արդյունքում ձևավորված օրակարգը և ստանձնած պարտավորություններն ու պատրաստակամություն է հայտնում վերափոխել կրթությունը՝ Կայուն զարգացման նպատակներին լիովին հասնելու համար, քանի որ հնարավոր չէ կայունության հասնել, եթե չմիավորվենք, չհամագործակցենք և ներդաշնակ չլինենք մեր, շրջակա միջավայրի և մոլորակի հետ»:
19:11 - 06 հոկտեմբերի, 2022
ԱԺ-ն ընդունեց Կրթության մինչեւ 2030 թ․-ը զարգացման պետական ծրագիրը

ԱԺ-ն ընդունեց Կրթության մինչեւ 2030 թ․-ը զարգացման պետական ծրագիրը

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը։ Երեկ խորհրդարանում այս ծրագիրը ներկայացրել էր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Ի թիվս այլնի, նախարարը հայտարարել էր, որ ծրագրով նախատեսվում է էականորեն փոխակերպել բարձրագույն կրթական համակարգը, որպեսզի այն լինի միջազգայնորեն մրցունակ․ «Այս նպատակադրման նախատեսվում են հայաստանյան բուհերի միջազգայնացման կրթության, գիտության փոխգործակցության խթանման արմատական միջոցառումներ։ Բոլոր բուհերի համար կսահմանվեն միջազգայնորեն ընդունելի միասնական լիցենզավորման և հավատարմագրման ստանդարտներ՝ ըստ ենթակառուցվածքների ընդհանուր տարածքի, կառավարման, ուսանող դասախոս-հարաբերակցության և այլ չափանիշների։ Կներդրվեն որակի ապահովման միասնական գործիքներ։ Նախատեսվում է բուհերի համար  հավասար մրցակցային դաշտի ստեղծում, բուհերում օտար լեզվով դասավանդման հնարավորությունների ընդլայնում»։շ Նա խոսել էր նաև ակադեմիական քաղաքի մասին՝ նշելով, որ  2030 թվականին առնվազն 4 հայաստանյան բուհ ընդգրկված կլինեն միջազգային վարկանշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ։
11:56 - 05 հոկտեմբերի, 2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Ուսուցչի տոնի առթիվ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Ուսուցչի տոնի առթիվ

 ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Ուսուցչի տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ ուսուցիչներ, Խոնարհումով ու երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ: Մենք դժվարին օրեր ենք ապրում, որտեղ յուրաքանչյուրիս դերն ու առաքելությունը կրկնակի կարևոր են, ձերն՝ առավել քան: Եվ շնորհակալ եմ հատկապես այս օրերին ձեր աշխատանքը պատվով իրականացնելու և առկա մարտահրավերներին դիմակայելու համար: Մենք լավ ուսուցչին ենք պարտական ոչ միայն գիտելիքով զինված աշակերտի, այլև վաղվա գիտակից քաղաքացու, անմնացորդ հայրենասերի, երջանիկ անհատի կայացման համար: Մշտապես ձգտե՛ք կատարելագործման՝ օր օրի ավելին անելու և արդյունքը բազմապատկելու ճանապարհով. ձեր դերն անգնահատելի է, առաքելությունը՝ սրբազան, քանի որ դուք ապագայի կերտման առաջամարտիկներն եք: Վստա՛հ եղեք, ՀՀ կառավարությունը յուրաքանչյուրիդ կողքին է ու աջակիցը, և յուրաքանչյուր բարեփոխում միտված է բարելավելու ձեր աշխատանքային գործունեությունն ու կրթական ոլորտը և լուծելու առկա խնդիրները: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ամուր կամք ու անսպառ եռանդ: Ձեր պատասխանատու գործում սերը թող բազմապատկվի և վարակի նաև ձեր աշակերտներին»:
11:17 - 05 հոկտեմբերի, 2022
Ուսումնառության համար զինծառայությունից տարկետում ստացածները զորակոչի ենթակա կլինեն մինչև 28 տարեկանը լրանալը․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Ուսումնառության համար զինծառայությունից տարկետում ստացածները զորակոչի ենթակա կլինեն մինչև 28 տարեկանը լրանալը․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Ուսումնառության համար զինծառայությունից տարկետում ստացածները զորակոչի ենթակա կլինեն ոչ թե մինչև 27, այլ 28 տարեկանը լրանալը: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը։ Օրինագիծն ընդունվեց 63 կողմ, 0 դեմ ձայներով։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նախագծի քննարկումների ընթացքում ասել էր, որ բազմաթիվ են դեպքերը, երբ նշանակալի նվաճումների համար տարկետում ստացած սովորողները ասպիրանտուրայի երկրորդ կուրսում զորակոչվում են բանակ՝ օրենքի պահանջի համաձայն: «Այս խնդիրն առաջացել  է այն հանգամանքից, որ հանրակրթության տևողությունը դարձել է 12 տարի, իսկ 27 տարին մնացել է անփոփոխ: Նախագծով առաջարկում ենք տարիքը սահմանել 28  տարի, որով կլուծվի խնդիրը»,-ասել էր նա։ Նա տեղեկացրել էր նաև, որ տարկետման տրամադրման պայմանները, բուհերի ցանկը, մասնագիտությունների ցանկը կսահմանի կառավարությունը: Խոսքը բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղությունների մասին է։
10:37 - 05 հոկտեմբերի, 2022
Վահրամ Դումանյանը ներկայացրեց կրթության մինչեւ 2030 թ․-ի զարգացման պետական ծրագիրը

Վահրամ Դումանյանը ներկայացրեց կրթության մինչեւ 2030 թ․-ի զարգացման պետական ծրագիրը

Այսօր մեկնարկած Ազգային ժողովի հերթական քառօրյայի ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեց ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին: Խոսելով փաստաթղթի առավել նշանակալից դրույթների մասին՝ նախարարն ասաց, որ ծրագրով նախատեսվում է հասանելի և մատչելի ուսումնական հաստատությունների ու կրթական ծրագրերի համընդհանուր ծածկույթի ապահովում։ «Ուսումնական հատատությունների, կրթական ծրագրերի օպտիմալ տեղաբաշխում՝ հաշվի առնելով տարածքային  համաչափ զարգացման և ազգային անվտանգության առաջնահերթությունները։ 3-5 տարեկանների առնվազն 95%-ը ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում։ Նախքան դպրոց ընդունվելը՝ բոլոր երեխաները առնվազն մեկ տարի կհաճախեն մանկապարտեզ։ Բոլոր դպրոցները կունենան պատշաճ կահավորված և արդիական սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ, սանիտարահիգիենիկ, անվտանգային ստանդարատներին բավարարող և համընդհանուր, մատչելի շենքեր։ Կապահովվի համացանցի որակյալ հասանելիությունը»։ Ըստ նախարարի՝ բոլոր ուսումնական հաստատությունները համալրված կլինեն որակավորված մանկավարժներով․ «Մանկավարժի, դասախոսի, դասավանդողի գործունեությունը կլինի պատշաճ վարձատրվող և հասարակական հեղինակություն վայելող մասնագիտություն։ Ոչ մի երեխա Հայաստանում դուրս չի մնա պարտադիր կրթության համակարգից։ Հեռավար կրթական ծառայությունները էլեկտրոնային պաշարներ, առցանց դասընթացներ կներդրվեն կրթության բոլոր մակարդակներում, այդ թվում՝ գյուղական և սահմանամերձ համայնքների համար»։ Վահրամ Դումանյանն ընդգծեց, որ ծրագիրը նախատեսում է էականորեն փոխակերպել բարձրագույն կրթական համակարգը, որպեսզի այն լինի միջազգայնորեն մրցունակ․ «Այս նպատակադրման նախատեսվում են հայաստանյան բուհերի միջազգայնացման կրթության, գիտության փոխգործակցության խթանման արմատական միջոցառումներ։ Բոլոր բուհերի համար կսահմանվեն միջազգայնորեն ընդունելի միասնական լիցենզավորման և հավատարմագրման ստանդարտներ՝ ըստ ենթակառուցվածքների ընդհանուր տարածքի, կառավարման, ուսանող դասախոս-հարաբերակցության և այլ չափանիշների։ Կներդրվեն որակի ապահովման միասնական գործիքներ։ Նախատեսվում է բուհերի համար  հավասար մրցակցային դաշտի ստեղծում, բուհերում օտար լեզվով դասավանդման հնարավորությունների ընդլայնում»։ Անդրադառնալով ակադեմիական քաղաքին՝ Դումանյանն ասաց՝ կստեղծվեն 100% պետական ֆիննասնավորմամբ 8 բուհ՝ չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը․ «Հայաստանյան կոնկրետ թվով բուհերին պետական թիրախային աջակցության տրամադրման միջոցով հնարավորություն կստեղծվի միջազգային մրցակցության պայմաններում էականորեն բարելավել դիրքերը, արդյունքում 2030 թվականին առնվազն 4 հայաստանյան բուհ ընդգրկված կլինեն միջազգային վարկանշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ»։ Ակադեմիական քաղաքի ստեղծման վերաբերյալ նախարարը հստակ ժամկետներ չնշեց․ «Կոնկրետ շինարարության մասով չեմ կարող մանրամասնել, քանի որ դա գլոբալ, մեծ նախագիծ է։ Շատ լավ գաղափար է։ Մենք շուտով, կարծում եմ, կունենանք, թե գործընթացն ինչպես է տեղի ունենալու ու երբ կավարտվի, բայց դա կախված է նաև մեր գործընկերներից»։
10:59 - 04 հոկտեմբերի, 2022
Կառավարությունն առաջարկում է զինվորական ծառայությունից տարկետման տարիքը սահմանել մինչև 28 տարեկանը նախկին 27-ի փոխարեն. հարցը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ
 |shantnews.am|

Կառավարությունն առաջարկում է զինվորական ծառայությունից տարկետման տարիքը սահմանել մինչև 28 տարեկանը նախկին 27-ի փոխարեն. հարցը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ |shantnews.am|

shantnews.am: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունել է խորհրդարանը, այսօր ԱԺ-ն այն քննարկել է երկրորդ ընթերցմամբ: Օրենքի նախագիծը վերաբերում է տարկետման իրավունքի տրամադրմանը: Ինչպես ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, բնագիտական տեխնոլոհգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններում կառավարությանը տրվում է իրավունք սահմանել բուհերի և մասնագիտությունների ցանկ, որտեղ կարող են ընդունվել դիմորդները, ստանալ տարկետման իրավունք, որը կտրվի երեք մակարդակներում: Ուղղությունները կընտրվեն ըստ գերակայությունների և անհրաժեշտության: «Նպատակը, որ բուհերի դռները բացվեն դիմորդների առջև պետության համար կարևոր ուղղություններով՝ որակյալ կադրեր ունենալու և հետագայում ըստ անհրաժեշտության ներգրավվելու նպատակով: Երկրորդ փոփոխությունը հետևյալն է՝ այժմ զորակոչի տարիքը մինչև 27-ն է, սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ 27-ը չլրացած, տարկետում ստացած սովորողները ասպիրանտուրայի երկրորդ կուրսում զորակոչվում են բանակ օրենքի պահանջի համաձայն: Կրթությունը դարձել է 12 տարի, իսկ 27 տարին մնացել է անփոփոխ, սա բերում էր արհեստական լուծումների: Սրանով մենք առաջարկում ենք տարիքը սահմանել 28 տարի, որով կլուծվի խնդիրը» ,- նշել է Դումանյանը:
10:47 - 04 հոկտեմբերի, 2022
Վահրամ Դումանյանը հանդիպում է ունեցել Հունաստանի իր գործընկերոջ և Կիպրոսի մշակույթի նախարարի տեղակալի հետ

Վահրամ Դումանյանը հանդիպում է ունեցել Հունաստանի իր գործընկերոջ և Կիպրոսի մշակույթի նախարարի տեղակալի հետ

Սեպտեմբերի 28-30-ը Մեխիկոյում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը գործընկերային հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության մշակույթի և սպորտի նախարար Լինա Մենդոնիի և Կիպրոսի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Յանիս Թումազիսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման, մշակութային տուրիզմի զարգացման, միջազգային հարթակներում համատեղ ծրագրերով հանդես գալու, ինչպես նաև եռակողմ ձևաչափով համագործակցության հնարավորությունները։ Նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ շատ կարևոր է այս դժվարին ժամանակաշրջանում համախմբել ուժերը՝ դիմագրավելու առկա մարտահրավերներին և ամրապնդելու համագործակցությունը՝ հանուն ժառանգության պահպանության, կայուն զարգացման և խաղաղության ապահովման։ Զրույցի ընթացքում Կիպրոսի մշակույթի նախարարի տեղակալ Յանիս Թումազիսը կարևորել է երկու ժողովուրդների պատմական փոխառնչությունները, ինչպես նաև բարձր գնահատել հայկական համայնքի դերը երկրի տարբեր ոլորտներում։
13:45 - 01 հոկտեմբերի, 2022
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պաշտոնական նամակ է հղել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ ներկայացնելով 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա և դրա հետևանքները: ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ նամակում նշվել է, որ ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինուժի թիրախ են դարձել ոչ միայն ռազմական դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները։ «Մասնավորապես, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից տեղահանվել է առնվազն 7600 հոգի։ Տեղահանվածների ճնշող մեծամասնությունը կանայք, երեխաներ և տարեցներ են, որոնց թվում՝ նաև հաշմանդամություն ունեցող անձինք։ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ընդհատվել է ուսումնական գործընթացը հանրակրթական ու նախադպրոցական հաստատություններում՝ պայմանավորված երեխաների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Արդյունքում Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի 172 դպրոցներում սովորող 24873 դպրոցական և 69 մանկապարտեզների 5808 նախադպրոցական տարիքի երեխաներ զրկվել են կրթության և բարեկեցիկ ապագայի իրավունքից: Վտանգված է նաև այդ մարզերում գործող արտադպրոցական ուսումնական հաստատությունների, քոլեջների և բուհերի գործունեությունը։ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ սովորողների, ուսուցիչների և հաստատությունների թիրախավորումը միջազգային մարդասիրական իրավունքի և կրթության իրավունքի կոպտագույն խախտումն անընդունելի է ցանկացած պարագայում և պետք է խստորեն դատապարտվի: Նամակով ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը դիմել է Օդրի Ազուլեին՝ խնդրելով արձագանքել ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով առաջացած ծանր սպառնալիքին և դատապարտել Ադրբեջանի նմանօրինակ թշնամական գործողությունները՝ այդպիսով նպաստելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի հիմնարար սկզբունքների հետագա խախտումների կանխարգելմանը և կրթության իրավունքի, բռնի տեղահանված բնակչության իրավունքների, ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության իրավունքների ապահովմանը։ Նամակին կցվել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պատրաստված հատուկ զեկույցը»,- ասված է հաղորդագրության մեջ:
12:58 - 20 սեպտեմբերի, 2022
Վահրամ Դումանյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը

Վահրամ Դումանյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին և ՌԴ նախագահի աշխատակազմի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը: Ողջունելով պատվիրակության այցը ԿԳՄՍ նախարարություն՝ Վահրամ Դումանյանն անդրադարձել է «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» և «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում» ծրագրերին: Նշվել է, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում 2022 թ. հունիսի 10-13-ը Ռուսաստանում անցկացվել են Հայաստանի մշակույթի օրեր: Միջոցառումները կայացել են Մոսկվայում և Կիսլովոդսկում: Մշակույթի օրերի շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Կոմիտասի անվան ազգային քառյակը հանդես են եկել համերգներով: «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում» ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2022 թ. հոկտեմբերի 6-7-ը: Կողմերն անդրադարձել են նաև կինոոլորտում երկու երկրների միջև համագործակցությանը: Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել հայ կինոյի 100-ամյա հոբելյանի շրջանակում, որը նախատեսվում է 2023 թվականին և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների օրացույցում, աջակցել ԽՍՀՄ տարիներին նկարահանված և ներկայում ՌԴ կինոֆիլմերի պետական ֆոնդի արխիվում պահվող հայկական ֆիլմերի թվայնացման կազմակերպման գործում: Առաջարկվել է նաև դիտարկել հոբելյանական միջոցառումների շրջանակում «Իլյուզիոն» կինոթատրոնում «Հայֆիլմ» կինոստուդիայի արտադրության ֆիլմերի համատեղ ցուցադրություն կազմակերպելու հնարավորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:  
18:32 - 19 սեպտեմբերի, 2022
Ուսումնառության համար զինծառայությունից տարկետում ստացածները զորակոչի ենթակա կլինեն ոչ թե մինչև 27, այլ 28 տարեկանը

 |armenpress.am|

Ուսումնառության համար զինծառայությունից տարկետում ստացածները զորակոչի ենթակա կլինեն ոչ թե մինչև 27, այլ 28 տարեկանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ բուհերում սովորելու համար զինծառայությունից տարկետում ստացածները զորակոչի ենթակա կլինեն ոչ թե մինչև 27, այլ 28 տարեկանը: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: «Առաջարկվում է նրանց համար, որոնք տարկետումը ստացել են սովորելու առնչությամբ, զորակոչի տարիք սահմանել 28 տարեկանը՝ 27-ի փոխարեն»,-ասաց Դումանյանը: Նրա խոսքով՝ տարկետման տրամադրման պայմանները, բուհերի ցանկը, մասնագիտությունների ցանկը կսահմանի կառավարությունը: Խոսքը բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղությունների մասին է:
12:56 - 14 սեպտեմբերի, 2022
Քննարկվում են տարբերակներ ոչ թե միավորվելու, այլ ստեղծելու նոր բուհեր՝ եղած բուհերի հենքով․ Վահրամ Դումանյան |1lurer.am|

Քննարկվում են տարբերակներ ոչ թե միավորվելու, այլ ստեղծելու նոր բուհեր՝ եղած բուհերի հենքով․ Վահրամ Դումանյան |1lurer.am|

1lurer.am: Ակադեմիական քաղաքի գաղափարն արդեն անցնում է գործնական փուլ: Այդ մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: «Այո՛, քննարկվում են տարբերակներ ոչ թե միավորվելու, այլ ստեղծելու նոր բուհեր՝ եղած բուհերի հենքով: Դրանք չեն լինելու մեխանիկական միավորումներ, լինելու է որոշակի հստակ բովանդակային մոտեցում, և ես շատ դրական եմ նայում գաղափարին, որովհետև գաղափարի ամենակարևոր հիմքն է՝ ունենալ մրցունակ, միջազգային չափանիշներին համապատասխան բուհեր, միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ, միջավայր՝ բուհական, գիտական, ինչը լիովին հնարավոր է իրագործել Աշտարակի այն տարածքում, ինչի մասին հայտարարվել է»,- ասաց Վահրամ Դումանյանը: Նա ընդգծեց, որ բուհերի նկատմամբ կլինեն տարբերակված մոտեցումներ:  Նախարարը բացառեց, որ ԵՊՀ-ի շենքում կարող է հյուրանոց լինել: «Սրանից անլուրջ միտք հնարավոր չէ մեր կրթական դաշտում պատկերացնել»,- նշեց նա:
12:38 - 08 սեպտեմբերի, 2022
Կրթությունն է երաշխավորը մեր բարեկեցիկ առօրյայից մինչև պետական անվտանգություն. ԿԳՄՍ նախարար

Կրթությունն է երաշխավորը մեր բարեկեցիկ առօրյայից մինչև պետական անվտանգություն. ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որում ասված է. «Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, հարգելի՛ մանկավարժներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Պատահական չէ, որ նոր ուսումնական տարին բոլորիս համար ընկալվում է որպես նոր անելիքների, երազանքների ու նպատակների, նոր գաղափարների արդյունավետ իրականացման մեկնարկ: Կրթությունն է ցանկացած բարձրակարգ երևույթի հիմքը, կրթությունն է երաշխավորը մեր բարեկեցիկ առօրյայից մինչև պետական անվտանգություն: Բազում մարտահրավերների մենք դիմակայել ենք գիտելիքի լույսով. այսօր էլ առկա մարտահրավերները մեր առջև դնում են նոր գիտելիքի պահանջ: Եվ, ուրեմն, շարունակենք հավատարիմ մնալ գիտելիքին ու կրթությանն ապավինելու մեր մտայնությանը, էլ ավելի մեծ եռանդով ու պատասխանատվությամբ լծվենք կրթական գործին՝ առանցքում միշտ ունենալով երջանիկ անհատի և ծաղկուն հայրենիքի տեսլականը: Մեր աշակերտներն ու ուսանողները, ի պատիվ իրենց և իրենց ուսուցիչների ու դասախոսների, հաջողությամբ հանդես են գալիս միջազգային տարաբնույթ միջոցառումներում. արդյունքները պետք է բազմապատկել, հնարավորությունները՝ ընդլայնել: Վստա՛հ եղեք, ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր աշակերտի և ուսանողի աջակիցն է: Մենք կրթական բարեփոխումների ակտիվ փուլում ենք, և հավատացե՛ք, ամեն ինչ արվում է սովորողների ուսումնական գործընթացն առավելագույնս արդյունավետ կազմակերպելու, մանկավարժի աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու և պայմանները բարելավելու նպատակով: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս, մաղթում բեղմնավոր ուսումնական տարի, բազում հաջողություններ և նոր ձեռքբերումներ»:
10:00 - 01 սեպտեմբերի, 2022
Վահրամ Դումանյանն ընդունել է Օմսկի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը

Վահրամ Դումանյանն ընդունել է Օմսկի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Գիլոյանը: ՌԴ պատվիրակության կազմում էին նահանգի երիտասարդության հարցերի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարար Դմիտրի Գրիգորյանցը, կրթության նախարարի տեղակալ Ելենա Կորչագինան, Օմսկի պետական​​ մանկավարժական համալսարանի ռեկտոր Իվան Կրոտտը և այլք: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջպետական ​​հարաբերություններում առանձնահատուկ տեղ է գրավում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունը։ Նախարարը փաստել է՝ համատեղ նախագծերի իրականացումը և փորձի փոխանակման հնարավորությունն ուղղակիորեն կնպաստեն երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։ «Մենք շատ ընդհանրություններ ունենք, և վստահ եմ, որ համագործակցության համատեղ հարթակների ստեղծումը լավ հնարավորություն կլինի նաև երիտասարդների միջև շփման տեսանկյունից»,- նշել է Վահրամ Դումանյանը՝ համատեղ ծրագրերի իրականացման շուրջ կառուցողական երկխոսություն սկսելու պատրաստակամություն հայտնելով: Նախարարը կարևորել է նաև Օմսկի մեր հայրենակիցների՝ մայրենի լեզվով ուսուցման, ինչպես նաև համապատասխան դասագրքերով ապահովման հնարավորությունը: Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է Օմսկի նահանգում կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացվող գործընթացները՝ առաջարկելով համագործակցության տարբեր ձևաչափեր: Նրա խոսքով՝ Օմսկի բուհերում սովորող շուրջ 80 հազար ուսանողներից 11 հազարն օտարերկրացի է, այդ թվում՝ ՀՀ-ից: Ալեքսանդր Բուրկովը շեշտել է Հայ-ռուսական համալսարանի և ՀՀ այլ բուհերի հետ համագործակցության կարևորությունը: Նա նաև անդրադարձել է նահանգի բուհերում հայագիտական կենտրոնի ստեղծման հնարավորությանը, ներկայացրել Օմսկի հայկական դպրոցի գործունեությունը: Նահանգապետը կարևորել է հայկական սփյուռքի ներուժը և ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի և Օմսկի միջև իրականացվող համագործակցության ծրագրերում: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև մասնագիտական կրթության և ուսուցման, սպորտի և մշակույթի ոլորտներում համագործակցությանը, մասնավորապես՝ համատեղ մարզական միջոցառումների անցկացման և երկու երկրներում թեմատիկ ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությանը: Նշենք, որ ՀՀ կատարած այցի ընթացքում պատվիրակության անդամները կայցելեն Վ. Բրյուսովի անվան պետական և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարաններ, «Օլիմպավան» մարզաառողջարարական կենտրոն և Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ:
16:07 - 24 օգոստոսի, 2022